Ալիշան. ԱՐՑԱԽ


 Արցախի ամուր եւ ապահով երկիրը, որ ավելի փոքր է, քան Մեծ Հայքի շատ աշխարհներ (նահանգներ), ունի մոտ 90-100 մղոն երկարություն եւ դրա կեսի չափ լայնություն: Այն արեւմտյան կողմից սահմանակից է Սյունյաց աշխարհին, հյուսիս-արեւելքից՝ Ուտիքին,հարավից՝ Երասխ գետին. Հյուսիսային եւ արեւելյան սահմանագիծը բացահայտ չի երեւում, այլ թվում է, թե այն բաժանվում է լեռների ստորոտներով, մասնավորապես Խոչքար լեռներով եւ Շամքորի անջրպետով, իսկ արեւմուտքից՝ Սյունյաց Հագարու գետով ու լեռներով, որոնք պարսպում են նրա ելքը եւ փոխում ջրերի ընթացքը, որովհետեւ Սյունիքում գետերը հյուսիսից եւ ելքի կողմից իջնում են Գեղամա լեռներով դեպի մեծ Երասխը, իսկ Արցախում արեւմուտքից արեւելք դեպի Կուր գետն են հոսում , ոռոգելով Ուտիքի դաշտը, որտեղ ամենահզորը ամենահյուսիսայինն է՝ Թարթառը կամ Թերթերը, ըստ մեր նախնիների՝ Տրտուն, որը, բխելով Վայոց ձոր եւ Զանգեզուր լեռների թիկունքից, անցնելով Խաչենի խոր ձորերով, դուրս է գալիս Ուտիքի Առանձնակ դաշտը՝ անցնելով Պարտավ քաղաքի մոտով:

 Սրանցից բացի, հյուսիսային կողմում կան եւ մանր այլ գետեր, ինչպես՝ Կուրանը, որը Կուրակին է խառնվում, եւ դանդաղաց այլ գետեր:Իսկ Թարթառից հարավ հոսում է հնում Չղլախ կոչված գետակը, որը Խաչենագետ է անվանվում, որից ավելի հզոր է Գագարացիների գետը՝ Գարգարը, որը բխում է ուրիշի սահմաններից եւ խառնվում է Կուր գետին, Երասխի խառնարանից մի փոքր ավելի վերեւ: Երասխին են խառնվում եւ այլ գետակներ, որոնք իջնում են Շուշիի հարավից, ինչպես՝ Քզլուն, Չերեքենը, Տիլին կամ Գուրուն եւ Քենտիլանը:

 Բայց Արցախ աշխարհը ավելի շատ նշանավոր է իր լեռներով, քան թե գետերով, որի պատճառով էլ մեր նախնիները նրան տվել են Ամուր մակդիրը, որը ավելի հաճախ տրվում է Աղվանքի պատմիչի կողմից.«Խոր ձորերով, անտառներով հարուստ Արցախ աշխարհը», այլ տեղերում.«… վիմահատակ լեռների ապառաժներ…արցախական ամուր գավառների լեռների վիմախառն ձորախիտ ապառաժներ»: Իսկ Եղիշեն սրանից ավելի առաջ ամրության հետ հիշեւմ է եւ « Արցախի թանձրախիտ անտառները»:

 Արցախի լեռները Սիսական լեռների հետ միասին զուգակից են ստորին Կովկասի լեռներին, որոնց մասին գրքերիս ներածականում խոսեցինք: Դրանք միատարր լեռների ամբողջություն չեն, այլ անջատ են եւ ընկած են մեկը մյուսի դիմաց, որով եւ հիշյալ լեռնաշղթան առաջացնում է բազմաթիվ խոր ձորեր ու անդունդներ, վիմահատակ ստորոտներ, որոնց հարող թանձրախիտ անտառներով պատած գագաթները անկրկնելի են դարձնում երկրի տեսքն ու գեղեցկությունը, եւ խառնիխուռն կերպով երեւում են սոճիների, մայրիների հոծ շերտեր, քարքարոտ լեռների անհարթ կառույցներ, խառնիխուռն վիհերի անտաշ ձեւեր, ինչպես որ նկարագրում է արդի աշխարհագրագետներից մեկը:

 Այդ լեռները հատուկ անունով չեն հիշատակվում հների կողմից, բացի հյուսիսում գտնվող Աստղաբլուրից եւ հարավում գտնվող Դիզափայտից , թերեւս սրանց կարելի էր միացնել Ուտիքում նշվածները: Իսկ այժմ հարավային բարձունքներին նշվում են Սարիալը եւ Մռավը, որոնք Ուտիքի եւ Արցախի միջլարաբաժան են, Ուլուխանլը՝ տեղադրված Թարթառի ակունքներին մոտ, որոնց ելքերից սկսվում են Չլբերդ եւ Գյուլիստանի լեռները, որտեղ գտնվում են Խաչենագետի աղբյուրները: Հարավային կողմում Սյունիքի միտջնասահմանում Շուշիի Քիրիզ եւ Զիարեդ լեռներն են, իսկ արեւելքում, դեպի դաշտաբերան՝ բրգաձեւ Կուրիան լեռը: Բայց շատերի անունները անծանոթ են մեզ, որովհետեւ բացի Շուշիի եւ արքունի ճանապարհի կողմերից, այդ թվում եւ Գանձակը, մյուս անուններից շատ քչերն են ավանդված գիտնականների կողմից, չեն հիշատակված նաեւ ծառերի, վայրի կենդանիների ու թռչունների տեսակները , որոնք, պետք է գուշակել, որ շատ հնից խոր ձորերում եւ անտառներում են բնակվել եւ ոչ թե նոր առաջացած տեսակներ են: Խորենացին ասում է, որ Քարախունկ լեռը պետք է Կողթ գավառում լինի:

 Երկրամասի անվան ծագումը անհայտ եւ անհիշատակելի է մնում. Թերեւս անհարմար չի լինի կարծել ծառերի ու թփերի ցախ անունից ծագած, ըստ երկրի անտառախիտ բնույթի այն մեր նախորդները գրում են նաեւ «ձ» տառով: Արցախը գրվում է նաեւ հոգնակիով՝ Արցախք նաեւ Արցախունյաց գավառ, որը գալիս է Կաղանկատվացուց: Ըստ այդմ կառուցողից էլ առաջանում է անունը. այդ անունն ավելի հաճախ հանդիպում է ածանցմամբ՝ Արցախական գավառք կամ կողմանք: Երբեք եւ ոչ մի տեղ չենք հանդիպում Աշխարհ անվան, այլ այն Բուզանդի երկում մեկ անգամ կոչվել է երկիր, իսկ մնացած բոլոր դեպքերում՝ գավառ, ինչպես նույն Բուզանդի, այնպես էլ ավելի հաճախ Կաղանկատվացու մոտ, թեպետեւ ուրիշները սա համարում են շատերից մեկը եւ տարբերակում են նրա գավառները:

 Այդ պատճառով ինձ թվում է, որ հին սովորությամբ հետագայում այն համարվել է 15 աշխարհներից (նահանգներից ) մեկը՝ Սյունյաց մարզի առաջին անբաժանելի մասը, որը Սիսակի եւ Առանի բուն ժառանգությունն էր. այն Վաղարշակի օրոք էլ առանձին նահանգ չի դիտվել, եւ մեր հին պատմիչներից ոչ մեկր չի հիշատակում սրա իշխաններին, այն չի հիշատակվում նաեւ հին գահնամակներում կամ սրանց նման եւ ոչ մի աղբյուրում: Երկիրը իր բնությամբ նման է Սյունիքին, նրան էլ կից է, եւ երկուսում էլ կան համանուն գավառներ, ինչպիսիք են Սիսականը, Վայկունիքը, Հաբանդը: Բայց երբ այն անջատվել է Սյունիքից, միայն իր ամրությամբ է աչքի ընկել հայոց հարստության մեջ եւ առավել եւս Աղվանքում: Թերեւս վայրի ամրության վրա հույս դնելով էր, որ երկրի իշխանները ապստամբվում էին արքունիքի դեմ, ինչպես որ վկայում է Բուզանդը Արշակ Երկրորդի օրոք եւ քաջ Մուշեղի միջոցով նվաճվելը: Վարդանանց օրերում փախստականներից շատերի համար ապավեն եղան նրա լեռները, որտեղից խաբեությամբ իջեցնելով՝ Վասակը նրանց տալիս էր պարսիկների ձեռքը, բայց կային եւ այնպիսիները, որոնք սուրբ զորավարի նահատակությունից հետո « տիրեցին Արցախի բազում ամրոցների» եւ դիմադրում էին պարսիկներին:

 Դրանից հետո Ուտիքի հետ միասին սա էլ Աղվանից թագավորության մի մարզն է դառնում եւ միջին դարերում Աղվանից աշխարհի անունով Առան է կոչվում: Համանուն աշխարհում բազմաթիվ իրադարձությունն եր են տեղի ունենում, եւ նա իր ամրության շնորհիվ զանազան փորձանքներից մասամբ զերծ է մնում, առանձին իշխանների միջոցով իր գործը կարգավորում, որոնց մեջ քաջի անուն հանեցին Խաչենի իշխանները, ինչպես երեւում է գավառի աշխարհագրությունից: Արի իշխաններից ոմանք, հաջորդելով միմյանց, Սյունյաց մելիքների հետ միասին հասան մինչեւ անցյալ դարի վերջը եւ մեր օրերը:

 Հայոց նախնիների իշխանության ժամանակ Արցախը տասներկու կամ ավելի գավառների էր բաժանվել, պարզ է որ շատ ընդարձակ գավառների, որոնց որոնց ոչ բոլոր վայրերն են ծանոթ, իսկ նրանց սահմաններն էլ ավելի անծանոթ են, քանի որ Աղվանքի իշխանության ժամանակ առանձին իշխանների կողմից նվաճվելով, նրանք փոխեցին իրենց սահմանները: Այսպես, Խորենացին 12 գավառներ է թվարկում, իսկ ըստ այլ օրինակների 13 կամ 14 են: Դրանք են՝

 Ա. Կողթ կամ ըստ վատիկանյան օրինակի՝ Կոխտ, Կողդք, որն ընկնում է Գեղամա ծովի ելքի, Շամքոր եւ Խոչքար գետերի ակունքների միջեւ, Այրում գավառում, որը տեղադրեցինք Ուտիքում:

 Բ. Բերդ ձոր կամ Բերդաձոր, որն ընկնում է Կողթից հարավ, Գանձակ եւ Կուրակ գետերի ձորագլուխներում, որը նույնպես Ուտիքում է տեղադրվում:

 Գ. Վայկունիք. ընկած է վերոհիշյալների հարավարեւմտյան կողմում, Թարթառի ակունքների մոտ:

 Դ.Սիսական ոստան, նույն Սիսան ձորը. Սկսվում է Վայունիքի ելքից եւ, ինչպես ինձ թվում է, ընկած է Կուրակի եւ Կուրանի միջեւ:

 Ե.Մեծկունիք կամ Մեծունիք կամ Մեծ Կողմանք. Թարթառի հյուսիսային կամ ձախ կողմում է, Չլաբերդում:

 Զ. Մեծիրանք կամ Մեծարանք կամ Մեծյուրյանք. նույնի գետի հարավում, Գյուլիստանում:

 Է. Փառնես կամ Քուստի Փառնես, որը կարծվում է վերեւի երկուսի արեւելյան կողմում:
Խորենացու աշխարհագրության առանձին օրինակներում այդ գավառը երկու մասի է բաժանված՝ Քուստի եւ Փառնես, որոնք, երկրամասի մեջտեղում իրար մոտ գտնվելով, մի անունով էին կոչվում՝ Միջնարցախ:

 Ը.Մյուս Հաբանդ,այսինքն՝ տարբեր Սյունիքում գտնվածից սկսվում է նրա ելքից եւ տարածվում է Մեծիրանքի հարավում:

 Թ. Պարզկանք կամ Պազկանք, նույն Պանծկանքը, որը սահմանակից է Հաբանդին եւ Ամարասին:

 Ժ. Մուխանք կամ Մխանք, որը կոչվում է նաեւ Մխանց տոհմ:

 Ժա. Հարժլանք կամ Հարճլանք կամ Հարջլանք:

 Ժբ. Պիանք, որը վատիկանյան օրինակը Ապիանդք է գրում, սրա երեք կողմերը անհայտ են, թվում է, որ ընկած պետք է լինի այժմյան Շուշիի, Սյունիի եւ Երասխի միջեւ, ուր որ գրվելու է եւ (բնագիրն այստեղ ընդհատվում է):

 Ժգ. Քոտակ կամ Կոտանք, իհարկե, եթե ստույգ է առանձին օրինակներում ավելացվածը:

 Այդ գավառներից շատերն ունեն տոհմական «անք» մասնիկը: Ինչպես երեւում է անուններից , դրանք տրվել են գավառի բնությանը համապատասխան շատ վաղ ժամանակներից ի վեր, որպիսիք են Խաղբյանք եւ Խաչյանք անունները, որոնք հիշատակվում են Ներսես Մեծի գահնամակում, Դ դարում, իսկ այնուհետեւ ԺԲ եւ ԺԳ դարերում պատմության մեջ փայլում են Խաղբակյան իշխանները եւ Խաչենցիք:

 Այդ գավառների անուններն ու տրոհումը 12-ի կամ 13-ի թերեւս աղավաղվել են Աղվանից իշխանների եւ Բագրատունիների օրոք, տակավին մինչեւ Ժ եւ ԺԱ դարերը լսվում եւ պահպանվում էին, այնուհետեւ Հայոց եւ Աղվանից թագավորությունների՝ Պարսկաստանի կողմից գրավվելու ժամանակ գավառների եւ իշխանությունների նոր անուններ են լսվում, որոնցից հնագույններն են Ռոսաստակ եւ Չղախ գավառակներ: Ինճե գետի հովտում, Ճառաբերդ աշխարհը կամ գավառը, որ գրավում է Թարթառի ամբողջ հյուսիսը եւ մինչեւ այժմ պահում է իր անաունն ու գավառի պատիվը Չլաբերդում: Այն պատմիչների երկերում հիշվում է Է-ից մինչեւ ԺԲ դարը:

Երկրորդը Փառիսոսն է, որը հայտնի է դառնում Ժ- ԺԲ դարերում: Այն ընկած է Ճառաբերդից հյուսիս: Դրանք չնայած խառնվում են իրար, բայց պատմիչի կողմից որպես մեկ ամբողջություն չեն հիշատակվում: Երրորդը Խաչենն է, որը նախորդներին գերազանցեց ոչ միայն փայլուն ժամանակով, այլեւ հնությամբ ու պատվով: Խաչենը, որ ընկած է Տրտու եւ Գարգար գետերի միջեւ, իր անունն առնում է համանուն գետակից: Խաչենը մեծ փառքի է հասնում ԺԳ դարում, երբ գրեթե Արցախ անունն էլ փոխվում եւ Փոքր Սյունիք է կոչվում:

Գլխավոր գավառների հետ միասին ԺԲ դարում հիշատակվում է եւ Ադախը, որը կարծեմ Գանձակ գավառի հարավային կողմում է: Սրանցից ավելի փոքր գավառներ են Ամարասը Թ դարում, որը կոչվում է ավանի անունով, գտնվում է Հաբանդում, Ծար երկիրը, որն սկսվում է Սյունյաց Սոդից եւ կզմում է հին Վայկունիքի մի մասը, Ականան եւ Կարկառը, որոնք հիշատակվում են ԺԳ դարում եւ գտնվում են Սյունյաց սահմաններում, Վայկունիքում եւ Բերդաձորում: Դրանք փոքր իշխանություններ են, դրանց պետք է միացնել նաեւ Հանդաբերդը եւ Ուռիաձորը: Նույն դարում եւ ԺԴ-ի սկզբում արձանագրություններում նշվում են այլ բնակավայրեր(վիճակք), ինչպես՝ Գլուխ, որը իմ կարծիքով Ծարի կողմում է, Ճոխանց, Հասկաբանկ, Կալեր, Խորվագետ, Դվալանոց, որոնց տեղերը չգիտեմ: Դրանք իրար մոտիկ, մանր իշխանություններ են, սահմանակից նախապես հիշյալ Ականային եւ Ծարին: Իսկ Խաչենից հարավ (այն տրոհված էր երկու մասի՝ Վերին կամ Ներքին եւ Ստորին) հիշատակվում են Դիզա կամ Դիզակ երկիրը եւ Վարանդան. Սրա անունը կա ու մնում է ինչպես ամբողջ գավառի, այնպես էլ Արցախի հարավային մասի համար: Այս բոլոր գավառներից եւ իշխանություններից միայն Խաչենի անունն ու պատիվն է հին ու հայկական, որն իր իշխանությամբ հարատեւեց եւ հասավ մինչեւ մոտ դարերը՝ փառավորվելով նաեւ քահանայական պատվով: Այնտեղ՝ Գանձասար, փոխադրելով Աղվանքի կաթողիկոսական աթոռը՝ Արցախի ստորին կողմերը ամբողջությամբ Գանձասար կոչվեցին հայոց պատմության հետագա դարերի ընթացքում:

 Իսկ երբ թուլանում է հայկական իշխանությունը, եւ ուժեղանում օտարների ձեռներեցությունը, նախ հռչակվում է հին Առան անունը (հայտնի է, որ այն միշտ անտեսված էր) արեւելյան թագավորների շրջանում, եւ մինչեւ վերջերս պարսից արքունիքում Արցախ աշխարհը այդ անունով է ճանաչվում, որը կազմում էր ամբողջ նահանգի կամ Առան երկրի միջին մասը, Սյունիքից մինչեւ Կուր, որն այժմ Ղարաբաղ է կոչվում՝ անտառների, ագարակների, այգիների եւ նրանց ստվերների պատճառով: Այժմ այն ռուսական ինքնակալության իշխանության տակ է, կովկասյան բաժնի մեջ եւ մայրաքաղաքի անունով կոչվում է Շուշի: Այդ արցախական մասը այժմյան Առանն է կամ Ղարաբաղը, որն այժմ տրոհված է երկու գավառի՝ Չլաբերդի՝ հյուսիսում եւ Վարանդի՝ հարավում.դրանք միջնադարյան գավառների անուններն են: Բայց երկրամասի միջին մասը՝ Խաչենը, կոչվում էր եւ ցարդ կոչվում է Գյուլիստան, որը գրավում է Արցախի հյուսիսարեւմտյան մասը, այն է՝ Թարթառի աղբյուրների ավազանը. այժմ այն համարվում է Սյունյաց երկրի Զանգեզուր գավառի մի մասը: Սրանցից դուրս են մնում նահանգի հյուսիսային եւ արեւելյան եզրերը, որոնք մտնում են Գանձակ եւ Ջիվանշիր գավառների մեջ. Դրանք մենք Ուտիքի մեջ տեղադրեցինք:

 Այսպիսով, հիշելով այն, ինչ որ հին ժամանակներում իմացանք գավառների եւ իշխանությունների մասին, մեզ ցավ է պատճառում երկու-երեք գավառների եւ իշխանությունների նոր անունները չիմանալը, որի պատճառով էլ մեր աշխարհագրության մեջ Արցախը ստիպված տրոհում ենք ավելի փոքր եւ ավելի մեծ մասերի ու նրանց հետ ավանդում: Եւ ինչքան որ մեզ ծանոթ է եւ մեր ձեռքի տակ է հին գավառների դասակարգումը, մեր աշխարհագրության մեջ, ըստ մեր կարողության, դնում ենք հին, միջին եւ նոր գավառներն ու բնակավայրերը:

 Հին գավառներ       Միջին                        Նոր                      Բնակավայրեր

 Ա. Կողթ                   Տանձիք (՞)                Այրում
 Բ. Բերդաձոր          Բերձոր, Ադախ (՞)   Այրում(՞)
 Գ. Վայկունիք           Ծար, Հանդաբերդ    Զանգեզուր        Վայկունքի, Ծար
                                                                                                  Ականա,
                                                                                                  Հանդաբերդ
 Դ. Սիսական           Սիսանաձոր              Չլաբերդ            Սիսական,
        ոստան                                                                              Ղայնախ
 Ե.Քուստի                Փառիսոս,Զավե         Գյուլիստան      Փառիսոս, Զեվա
     Փառնես
 Զ.Մեծկողմանք       Խաչեն (վերին),         Չլաբերդ            Գյուլիստան,
                                   Ճառաբերդ                                           Զարաբերդ,
                                                                                                  Մեծկողմանք
 Է.Մեծիրանք           Խաչեն (ստորին),       Գյուլիստան,     Մեծիրանք,
                                                                       Չլաբերդ            Խաչեն,
                                  Ճառաբերդ                                            Կսապատ
 Ը. Մյուս Հաբանդ   Ամարաս, Խաչեն       Չլաբերդ, Շուշի Ամարաս
                                                                                                   Ասկերան
 Թ. Պարզկանք         Խաչեն                        Չլաբերդ             Շուշա
 Ժ.Մուխանք             Խաչեն (՞)
 Ժա.Հարժրանք
 Ժբ.Պիանք               Դիզա Վարանդին (՞)  Վարանդին        Դիզակ
                                                                                                    (Տուզախ)
 Ժգ. Քոտակ(՞)                                                                           Վարանդին



 ՎԱՅԿՈԻՆԻՔ ԳԱՎԱՌ

 Արցախի երրորդ գավառը, Կողթից եւ Բերդաձորից հետո, որոնք հարկ համարեցինք Գանձակ նահանգի մեջ նկարագրել, Վայկունիքն ՝, որը պարզ կերպով առանձնացված է մյուս մասերից, որոնցից ավելի արեւմուտք լինելով, երկու կողմից սահմանակից է Սյունիքին, արեւմուտքից՝ Սոդք գավառին, որից անջատվում է արցախական Թարթառի եւ Գեղամա ծովի ավազանների բարձր լեռների անջրպետով, հարավից՝ Հաբադանով կամ այժմյան Զանգեզուրով, իսկ սահմանի ելքից՝ Արցախի Չլաբերդ գավառով, հյուսիսից՝ նեղ Քունկուր լեռով, որտեղ վերջանում է Այրում գավառը: Երկիրը հարուստ է բարձրավանդակներով եւ լեռնաճեղքերով, ջրարբի է, օժտված բնության զանազան գեղեցկություններով, քանի որ ճանապարհորդները այդտեղով առանց հետաքրքրության չեն անցել:

 Լեռներից ու բլուրներից բխում են շատ աղբյուրներ ու առվականեր, որոնք հավաքվում են երեք գետակների մեջ, որոնք էլ արեւելյան սահմանում միանալով իրար, կազմում են Թարթառ մեծ գետը: Միջին գետը հենց Թարթառն է, որը բխում է գավառի հարավարեւմտյան ծայրից, Արցախի ամենահեռավոր մասից՝ Սարյալ-Սըռչալ լեռից եւ, իր մեջ առնելով մանր վտակներ, իջնում է դեպի հյուսիս ու թեքվում դեպի արեւելք: Դրանցից առաջինը կոչվում է Իսթի-սու, երկրորդը ձախ կողմից խառնվում է սրան, որն իջնում է հյուսիսից՝ Քունկուրից եւ Մռավի բարձունքից: Դրա անունը չի նշված, ես կարծում եմ, որ այն Ականա գետակն է, ինչպես որ ստորեւ կասեմ: Երրորդը կոչվում է Տուդխու-չայ, որը, բխելով Զանգեզուր լեռների թիկունքից, աջով իջնում է հարավից դեպի հյուսիս եւ խառնվում վերոհիշյալ գետակին: Երեք վտակների միավորումից հետո Թարթառը հոսում է հարավից դեպի արեւելք եւ, անցնելով Սիսական, Քուստի-Փառնես, Մեծ Կողմզնք գավառների միջով, թեքվում է դեպի հյուսիս կամ ձախ, հոսում Մեծիրանքի միջով դեպի հարավ կամ աջ եւ Գյուլիստանի Մոլլա Իսմայիլ ավանի մոտով դուրս է գալիս Ջիվանշիր գավառը, Ուտիքի դաշտը: Սա Կուրի ձախակողմյան վտակներից գրեթե ամենահզորն է եւ ամենամեծը՝ Արցախի եւ Ուտիքի գետերի մեջ: Այն այդ կողմերի պատմության մեջ մեր նախնիների կողմից անվանվել է Տրտու կամ Տրտուական գետ, իսկ պարսիկների կողմից՝ Թերթեր: Երկրամասի բնական պայմանների համաձայն՝ մեր նախնիները, արեւմտյան կողմը կոչել են գի կամ գիհի ծառի պուրակներ, արեւմտըյան կողմը, Տուդխու գետակի մոտ՝ բաղանիքի տաք ջրեր, որոնց կանդրադառնանք ստորեւ:

 Այս գավառի անվան ծագման պատճառը, որը գրվում է Վայունիք եւ Վայկունիք, մեզ է հասցրել մեր վիպահայր Խորենացին: Նա նշում է նաեւ ժամանակը՝ Փրկչի ծննդից 40 տարով առաջ, Երբ Տիգրանն ու Արտավազդը կռվում էին պաղեստինցիների դեմ, « Վայկուն անունով մի ավազակ խռովություն է բարձրացնում Հայաստանում եւ գրավում Ամուր լեռը, եւ այժմ այդ ավազակի անունով լեռը կոչվում է Վայկունիք», որի պատճառով արքան շտապեց վերադառնալ Հայաստան եւ երկիրն ազատել ավազակի ձեռքից, որը Կովկասի այն կողմերից էր, թե հայոց նախնիներից, հայտնի չէ: Ըստ երեւույթին, նա երկար ժամանակ տիրել է այդ երկրամասին, եւ այն կոչվել է նրա անունով, իսկ առաջներում, ինչպես ցույց է տալիս պատմիչը, այդ լեռները, իրենց բնության համաձայն, կոչվել են Ամուր: Այդ բառը ուրիշներն էլ են համարում հատուկ անուն, այն նոր անունով կոչելով, ինչպես, օրինակ, Անեցին ասում է.«Վայկուն ավազակի անունով լեռը կոչվում է Վայկունիք»: Այդ պատճառով թվում է, որ Սյունյաց մի այլ անվանի գավառ էլ կար՝ Վայոց ձոր կոչեցյալ եւ ոչ թե այդպես կոչվեց այնտեղ Ստեփանոս Սյունեցի եպիսկոպոսին սպանելու պատճառով, ինչպես որ նահանգի պատմիչն է ասում, որովհետեւ այդ անունը կա նաեւ մեր հնագույն նախնիների մոտ: Եւ այդ գավառի առանձին բաժանման պատճառով Թ դարի Աղվանից պատմիչը այն կոչում է Վերին Վայկունիք, որը 830 թ. նվաճեցին բաղանիկեցիք կամ բաղանակացիք, որոնք տասնհինգ տարի ասպատակեցին Բերձորն ու շրջակա գավառները, եւ նրանց դուրս վռնդեց քաջ Ապումուսեն:

Սա հիշատակվում է Բերձոր եւ Սիսական գավառների միջեւ, հյուսիսից դեպի հարավ: Այդ բաղանիկեցիք, որոնք տասնմեկ տարի անց նորից են ասպատակում Սիսականն ու Ամարասը, անտարակույս Արցախի եւ Գեղամա կողմերի բնակիչներն են, եւ ըստ եղած կարծիքների, ինձ թվում է, որ Ամուր գավառի, այսիինքն՝ հռչակված Բաղանիքի կողմերից են, որոնք հիշատակվում են այն ժամանակներից: Իսկ այնուհետեւ այն բաժանվում է ոչ շատ եւ բազմապեսի բնակավայրերի (վիճակների), ըստ առաջադիմության՝ ավելի մեծ եւ ամուր շեների: Այսպես, արեւմտյան կողմը կոչվում է Ծար, արեւելյան ընդարձակ մասը՝ Հանդաբերդ, հյուսիսայինը, ըստ իս, Ականան է, եւ այդ բաժանումը կատարվում է Տրտուի վերոհիշյալ երեք վտակներին հմապատասխան՝ անջրպետված լեռներ բազուկներով:



 ԱԿԱՆԱ, ԾԱՐ, ՀԱՆԴԱԲԵՐԴ

 Խաչենի տերերի եւ իշխանների արձանագրություններում, որոնք պահվում են վանքերում, շատ տեղերում նշվում են ԺԳ-ԺԴ դարերի բնակավայրերի անունները: Եւ Ականան պետք է լինի Հանդաբերդի ու Գեղամա ծովի մոտերքը, որով ճանաչում են Սոդքի լեռնային ու հարավային կողմերը, եւ Սոդքի գյուղերի մեջ հիշվում է Ականքը ԺԶ դարի սկզբին: Կիրակոս Պատմիչը ԺԳ դարի կեսին ասում է Սարթախ խանի մասին, որը դարձել էր Ջալալ իշխան, որից խլել էին Ականան եւ Կարկառը: Թվում է՝ սա պետք է լինի գավառի հյուսիսում, եւ ինչպես որ Զակամի աշխարհագրության մեջ հիշատակեցինք, պետք է լինի մինչեւ օրս հայտնի Կերկեր գյուղը կամ վտակը, որը գտնվում է գավառի հյուսիսում 20 մղոնից ոչ ավելի: Եւ այս ամենից ենթադրում եմ, որ այստեղ, Թարթառի հյուսիսային վտակների հովիտներում, պետք է գտնվի եւ Ականան, որ ցայժմ հեղինակներից ոչ մեկը չի հիշատակել, եւ արձանագրություններում կամ մի այլ տեղում չի հիշվում, նրանում էլ՝ ոչ մի շենք: Իսկ թղթերում նշվում է միայն Լեւ-գալե բերդը վտակի եզրին, որը, թվում է՝ այդ փոքր բնակավայրերի գլխավոր շենքն է եղել, իսկ թե այն ժամանակ ինչպես է կոչվել եւ այժմ ինչպես է կոչվում, չգիտեմ:

 Սրա ելքի մոտ, Չլաբերդ գավառի ծայրին է գտնվում Յան-Շախ գյուղը: Սրանց մոտ էլ, իմ կարծիքովն գտնվում է Գլուխ կոչված փոքր բնակավայրը՝ Ականի կամ Ծարի մի մասը, քանի որ ինչ-որ հիշատակարանում Փոքր Սյունիքի տեր Գրիգորը 1312 թ. նշում է իր իշխանության հիշյալ երկրամասը «Փոքր Սյունիքի, Հանդաբերդի, Ականի, Գեղամա ծովակի բարձր լեռները եւ Սոդքից մինչեւ Շաղվագա», նրան է միացնում նաեւ մանր «մեր գավառները, որոնց անուններն են՝ Սոթ, Գլուխ, Բերդաձոր, Ճոխանց» եւ այլն, եւ այլն: Քանի որ Բերդաձորը համարեցինք Կուրակի վերնահովիտը, հարմար է այստեղ՝ Ականի մոտ կարծել եւ Գլուխը:

 Ծար երկիրը գրավում է Ոսթիսու գետի հովիտը կամ Տրտուի միջին մասը, սահմանակից է Սոդքին եւ երկուստեք պարսպված է լեռներով. անկասկած հարուստ է այդ վայրը: Վերոհիշյալ բնակավայրերի հետ սա որպես գավառակ չի հիշվում, այլ Սոդքի մի մասն է, իսկ ավանն էլ առանձին է հիշվում: Որ Սոդքը Սյունիքում է գտնվում, աշխարհագիր Վարդանն էլ է վկայում՝ սրանց կոչելով անվանակից.«Սոդքի գավառը Ծարի երկիրն է»: Եւ մենք հարմար գտանք այս անունով կոչել ամբողջ երկիրը:

 Ընդարձակ Ծար ավանը, որ գրքերում եւ արձանագրություններում գյուղ եւ գյուղաքաղաք է կոչվում, գտնվում է գավառի հարավային կողմում, այն վտակների միջեւ, որոնք Թարթառի միջին մասում են հոսում, հարուստ եւ արգավանդ մի վայրում, որը դարձել է անշուք եւ սակավամարդ մի վայր, եւ որը պետք է եղած լինի այդ կողմերի հին եւ գլխավոր շենը: Առաջինը Գրիգոր Մագիստրոսն է տալիս գիհի փայտյա եկեղեցու նկարագիրը. Ասում եմ քեզ, որ մեր սեփական աղվանական աշխարհում կար Ծար կոչված ավանը, եւ ինչ որ ասում եմ, կատակ չէ. Վաղուց վրան աճել է գեղեցկատես գիհին, որից պատրաստված քիչ սյուներ չենք տեսել կոչարանում, հաստ ու ուժեղ, երկար ու գեղեցիկ գերաններ. այն սուրբ Հակոբի վկայարանն է: Տաճարի ամբողջ գույքը կատարյալ է՝ տախտակները, խոյակները, սյուների պատվանդաններն ու գլուխները, դռները, սեմերը եւ հատակը ասում են, որ գիհի այդ մի ծառից են պատրաստված: Այդ գավառի այն տաճարում տեսել ենք նաեւ ընդհարձակ սրահներ, միջանցքներ, որոնց չենք հանդիպել ոչ մի տեղ, բացի այդ թագավորական քաղաքից»:

Աղվանքի մեջ է մտնում եւ Ծարը՝ այն ժամանակ Արցախը Աղվանքի տիրապետության տակ լինելու պատճառով,որին, ըստ արձանագրության վկայությաան, տիրում էին Խաչենի իշխանները ԺԳ-ԺԴ դարերում,ինչպես որ ասում է Գրիգորի եւ Դոփի որդի Հասանի մասին,որը լինելով այդ կողմերի «եւ բազմաթիվ այլ գավառների իշխանը,ամենից շատ սիրում էր Ծար գյուղը՝ քաջ հայրենիքն ու պարգեւները,որոնք արյան գինն են՝տրված հայոց թագավորների կողմից: Պետք է ասել, որ նա այն ոչ միայն սիրում էր, այլեւ գեղեցկացնում էր շինություններով՝ իրեն գործակից եւ եղբայր ունենալով Հովհաննես արքեպիսկոպոսին, որը Հաղպատի առաջնորդն էր եւ շատ շենքեր էր կառուցել այնտեղ:

 Սա ըստ Թադեի վանքի արձանագրությունների «շինեց Գետամեջ սուրբ վանքը», որը նույն Ծարի վանքն է ավանի հարավում՝ գեղեցիկ մեծ եկեղեցով,որը շատ հին է, եւ նրա տեղի ու շինության մասին վկայում է արձանագրությունը.« Այն ժամանակ, երբ թաթարները տիրել էին շատ երկրների, մինչեւ օվկիանոս մեծ ծովն ու Ստամբուլ,Պոնտոսից մինչեւ Եփրատ գետը տիրելով գոռոզաբար,մեծ հարկեր էին պահանջում՝ նեղություն պատճառելով բելորին, մեծերին ու փոքրերին մատնելով մահվան ու գերության: Տեր Հովհաննես Դափյանց, խղճուկ, տկար եւ նվաստ հոգի, այն ժամանակ, երբ մենք նեղության մեջ էինք, մեր նախահայրերից մեզ հրաման հասավ գնալ մեր առաջին հայրապետների աթոռը՝ հռչակված Հաղպատ վանքը եւ դարձի բերել մեր հարազատ ավագ եղբայր, հռչակաավոր քաջ զորավար Հասանի հայրենի եւ սեփական տունը, եկեղեցուն եւ քահանաներին սիրող նրա որդի Գրիգորին, բարեհամբավ իր տիկին Ասփային, որը Սյունիքի կողմերի իշխան, մեծ կոմս Տարսայիճի դուստրն էր: Եւ մենք նայելով ձորակներին, ուր այստեղից, այնտեղից հոսում էին ջրեր, տեսանք որ նրանց միջեւ մի գեղեցիկ բլրակ կա, ես հավանեցի, մտա անապատ ու սկսեցի կառուցել մի մատուռ: Եւ այդ նպատակի համար եկավ գավառի իշխաան, մեր եղբորորդի Գրիգորը, որն իշխում էր նաեւ շատ այլ կողմերի եւ կամեցավ կառուցել սուրբ Աստվածածինը, որպես միջնորդ մեզ եւ բոլոր քրիստոնյաների համար: Ես Տեր Հովհաննեսի շինության սկիզբը դրեցի ՉԺ 1261 թվին»:

 Իր դիրքի համաձայն էլ ստացել է Գետամեջ անունը, որտեղ վանքից առաջ եղել է վաղեմի մի շեն, քանի որ Գեղարքունի (Ծարի մուտքից մոտ 20 մղոն հեռու)՝ այդ կողմերի վրա իշխող Վաճեվանքի արձանագրության մեջ Շապուհ Բագրատունին ասում է, որ 903 թ. վանքին է տրվում Գետամեջը այլ չորս գյուղերի հետ միասին: Արձանագրությունները միշտ այս անունով են հիշում վանքը եւ ոչ թե Ծարից: Օրինակ, Խութի կամ Թադեի արձանագրություններում ասվում է Հովհաննեսի եղբայր Գարեգինի թոռ Սարգսի մասին, որին տրվել են շատ վանքեր «գեղեցիկ զանգակներ… Գետամիջում՝ Ծար գյուղաքաղաքում, Եկեղեցու շուրջը կան տոհմի իշխանների խաչազարդ գերեզմաններ, ինչպես որ ասվում է Խութի արձանագրությունում. «Գետամեջը մեր գերեզմանատունն է, մեր պապերից մեզ մնացած», եւ 1430 թ. Սայտի թոռը՝ վերոհիշյալ Սարգսի որդին տաճարի դռանը մի մեծ խաչավեմի վրա արձանագրում է. «Աստծու օգնությամբ ես՝ մեր ազգի մեծ իշխան, քաջ եւ հաղթող զորավար պարոն Շանշի որդի Սայտիս, Փոքր Սյունիքի Ականի, Հաթերքի,Հանդաբերդի եւ Գեղամա ծովակից մինչեւ Շաաղվանք տեղերի տերս,ՊՀ-թ (1430 թ). կանգնեցրի մեր հայր Շանշի խաչը. Ովքեր որ երկրպագում են, թող աղոթքների մեջ հիշեն»:

 Այլ արձանագրություններ չեն նշում, եւ ոչ մի առաջնորդ չի հիշվում: Եւ թվում է, որ երկար ժամանակ շեն չի մնացել որովհետեւ ԺԵ դարի կեսին Խութի վանքի արձանագրություններում իշխանները (պայազատները) վկայում են, որ այդ ժամանաակ եւ դրանում, եւ Խաթրի «վանքերում մարդ չկար, որ առաջ կար եւ շեն էր պահում»: Եւ տոհմը, որ այստեղ մինչեւ ութ սերունդ ցույց տրվեց, դրանից այն կողմ չի հիշվում այստեղ, այլ կհիշենք Խաչենում, նաեւ այլ իշխանների, որոնք Խաչենի շառավիղի ճյուղերից են, որոնք տիրել են Արցախի արեւմտյան եւ հարավային կողմերին: Գյուղաքաղաքի անունը հռչակվեց, որը բնիկներից մեկը ԺԶ դարում կոչում է Փոքր Սյունիք, ինչպես եւ Խաչենը:

 Հետագա դարերում Ծար երկրից եւ ավանից դուրս եկան անվանի շատ մարդիկ, ինչպես՝ Հովհաննես Վարդապետը ԺԶ դարում, որն ապրեց Թադեի վանքում, մեռավ 1583-ին եւ թաղվեց Սյունիքի Վասակաշենում: Նրան անվանակից եւ ժամանակակից Հովհաննես Վարդապետ Ծարեցի պատմիչը, որն իր ժամանակի անցքերը պատմում է մինչեւ ԺԶ դարի վերջին տարին, նրա պատմության մի մասը տպագրվել է Առաքել պատմիչի Պատմության հետ, իսկ մնացած մասը մեզ անծանոթ է: Մատթեոս Սարկավագը՝ հայկական տպագրության հաստատման համար քրտնաջան վաստակներից մեկը, ԺԶ դարի կեսին, 1655 թ. գալով Եվրոպա եւ դեգերելով Վենետիկում ու Հռոմում, Ձեռնարկում ու Ամստերդամում կառուցում է տպարան,որը բարգավաճման հասցրին Ոսկանյանները, որովհետեւ անժամանակ մեռնում է Մատթեոսը, 1660-ին:

 1250 թ. Ծարում սկսում է գործել Դավիթ անունով մի խաբեբա, այլանդակ մարդ, որը «չքավորներից եւ աղքատներից էր, պահում էր նրանց ջրաղացը… եւ դրանով կերակրում իր կնոջն ու որդիներին...։ Սա խաբվելով դեւից՝ սկսում է քարոզել, թե Քրիստոսը երեւաց իրեն եւ ասաց, որ ինքը պետք է փոխի աշխարհը եւ բժշկություն անի: Նրան միացան ուրիշները եւ սկսեցին տարածել նրա համբավը՝ նրան կոչելով Դավիթ միայնակյաց ու սքանչելագործ: Եւ բռնությամբ խլելով նրա տան ձիթահանքի գերանը՝ բարձր խաչ պատրաստեցին, տնկեցին եկեղեցու դռանը, մորթեցին զվարակ (արջառ) եւ նրա մսից, ոսկորներից, խաչի տաշեղներից, ջրաղացի կորեկի հատից, որպես օրհնության նշխարք, տալիս էին բոլոր ուխտավորներին, որոնք գալիս էին զանազան կողմերից: Նույն բանսարկուն, որ հորդորեց նրան, դրդեց ամբողջ գավառին՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին, երեցներին, ազատ մարդկանց, հիվանդներին, ցավագարներին այն համբավի համար գնալ նրա մոտ, առաջինը ինքը կեղծավորելով, ոչ մեկին դեռաքրիստոսին չէր նմանեցնում:

Նա այսպես էր քարոզում. «Ով եմ ես, մեղավոր մի աղքատ, բայց Քրիստոսը ինձ հրամայել է քարոզել՝ երկուշաբթի օրը պաս պահեցեք, հայհոյանք մի տվեք, եկեք, համբուրեցեք ինձ, եւ թող ներվեն ձեր մեղքերը մինչեւ ձեր յոթերորդ սերունդը»: Ըստ տարբեր տեսակի հիվանդությունների՝ անում էր նաեւ այլ անմտություն ու խաբեություն, որոնցով «բոլորի միտքը իր կողմն էր գրավում, եւ այնքան մարդ էր հավաքվում նրա մոտ ժողովի, որ մինչեւ անգամ տեղը չէր բավականացնում: Եւ քանի որ ամառվա ժամանակն էր, մարդիկ, դուրս գալով դաշտերն ու սարերը, գիշերը այնտեղ էին մնում եւ կատարում էին զանազան չարիքներ..., եւ շատերը գնում էին ընծաներով, ոսկով, արծաթով, զվարակով, ոչխարով…, այլ երեցներ եկան եւ միացան նրանց՝ հարստության տիրանալու նպատակով: Մարդիկ ծառայում էին նրան, լվանում էին նրա ոտքերը եւ ջուրը շաղ տալիս իրենց ու ժողովրդի վրա…, որը լսելով Վանական մեծ Վարդապետը, նրա աշակերտ, այդ դեպքերը պատմող Կիրակոսը եւ ուրիշներ, զգուշության ու կշտամբանքի գիր գրեցին, իսկ Տեր Գրիգորիս եպիսկոպոսը Դադիվանքի առաջնորդը, եկավ «շատ քահանաների հետ այն գյուղը, քանի որ այն նրանց թեմի մեջ էր մտնում, խաչով, ավետարաններով եւ, գիշերային պաշտամունք կատարելով, խաբված մարդուն կանգնեցրին մեջտեղում, որպեսզի թերեւս նրա միջից դուրս ելնի պիղծ ոգին:Եւ երբ նրան հարցնում էին , թե ինչ է տեսնում, ասում էր, որ երբ բերանքսիվայր ընկնում է երկրի վրա, երկրից (Աստված) իրեն է երեւում եւ խոսում իր հետ:

Ապա եպիսկոպոսն ու երեցները վերցնելով խաչը, որը տնկել էր խաբեբան, կամենում էին ջարդել: Շարժվեց ամբողջ բազմությունը եւ սրերով ու դագանակներով կամենում էր սպանել նրանց, իսկ նրանք, դուրս գալով ամբոխի միջից, անեծքներով խիստ նզովում էին հանդգնողներին: Նրանցից ոմանք զղջացին, գնացին եւ աղաչեցին եպիսկոպոսին՝ արձակել իրենց անեծքի կապանքներից: Եւ այն մարդուն տվեցին նրանց ձեռքը: Եւ երբ տանում էին նրան, հանդիպեցին գառնեցիք, որոնք գալիս էին մեծ դռնից, այն մարդը նրանց աղաչեց, որպեսզի նրանք իրեն ազատեն եպիսկոպոսի ձեռքից, քանի որ իրեն գառնեցի էր համարում եւ նրանց ազգակից: Նա ժողովրդի առաջ ասում էր, թե ինքը Արշակունիներից է, հետեւաբար իր որդիներից մեկը պետք է լինի թագավոր, իսկ մյուսը՝ կաթողիկոս, եւ նրանց վրա պետք է կատարել սուրբ Սահակի տեսիլքը: Այնուհետեւ եպիսկոպոսը այն մարդուն տվեց նրանց եւ երդում պահանջեց, որպեսզի նա այլեւս չմոլորեցնի մարդկանց, ահա այսպես հազիվ վերացավ չարը»:

 Ծարի հարավում նշվում է միայն Ծիպիլ գյուղը, որը պետք է լինի մենաստանի մոտ, եւ նրա անունով էլ պետք է կոչվի Իսդիսու գետակը, իսկ հյուսիսում, գետի ձախ կողմում՝ Գյունեյ-Բեյի արեւմտյան կողմում, Քելշդաքն է: Նրա հյուսիսային կողմում Քելվաճիրն է, որից հյուսիս՝ Սերֆինասը, սրանից արեւելք, գետի աջ կողմում՝ Չիրքինը, որոնց մասին ոչ մի տեղ չի ավանդված: Ինձ թվում է այդ տարածքում պետք է լինի հին Հղերկս գյուղը, ուր Է դարի սկզբին Գեղամա երկրից եկավ ոմն ճգնավոր Հովսեփը, ծերունի եպիսկոպոս Միհրի օրհնությամբ եկեղեցի շինեց եւ այնտեղ տեղավորեց սուրբ Ստեփաննոսի, Գեւորգի, զորավար Անդրեի նշխարքները, որոնք Տանձիքի ճգնավոր Մխիթարը բերեց Երուսաղեմից ու Տորոսից: Դրանց վրա Հովսեփը ավելացրեց նաեւ Հովհաննես Մկրտչի նշխարքները, որոնք բերել էր Գեղարքունիքի Պուհ վանքից: Եւ վկայարանը, ըստ Աղվանքի պատմիչի տեղեկությունների, շինեցին ոմն Փոքրիկ անունով հյուսնը եւ նրա որդի Հովհաննեսը:

 Հանդաբերդում, որն ընկած է Տուդխո գետակի ընդարձակ հովտում, հարավարեւմտյան կողմերում եւ աղբյուրների մոտ, նշվում են Պաշդիպելի եւ Շեքերեմ գյուղերը, իսկ հարավ-արեւելյան կողմում, հարավից դեպի հյուսիս գնացող հոսանքների մոտ՝ Գալապունը, Իրզան Իրծան, աջից՝ Հիրխիջեւանը, ձախից, այսինքն՝ արեւմուտքից՝ Ասերիխը, Քյապեպաշին, Չայքենդը, Հաճիսումլուն: Սրանց մոտ են գտնվում տաք ջրերի անվանի բաղնիքները, որոնք նշում է Ապիքերմ(ջերմաջրեր) անունով պարսիկ ոմն աշխարհագիր: Դրանց տեղը նշում է Կիրակոսը Դավիթ խաբեբայի պատմության մեջ. երբ Ծարի մասին է, թե այն պետք է լինի «Հանդաբերդի մոտ, որտեղ Ջերմուկն է»: Թ դարի հնագույն պատմիչը եւս նշում է նույնը եւ նրա մոտ էլ՝ Հանդուն, որը Վայկունիքում է, մեկ գյուղ էլ կա այս անվամբ, քանի որ Ատրներսեհի՝ Սահլ Սյունի Հայկազնի որդու՝ Աղվանից հարստության ժառանգ Ապրսամիկի հետ փեսայանաալու մասին ասում է.« շինում է Հնդու բերդը եւ իր ապարանքը,Վայկունիք կոչված գյուղում, որտեղ գտնվում են արքունական բաղնիքները »: 900 տարի հետո Վայկունի ավազակի դաստակերտը կամ գահը փոխելով Սյունի-Աղվանքի իշխանության նոր աթոռով՝ նա երկար ժամանակ չկարողացավ վայելել խաղաղության մեջ, քանի որ Բուղան այլ իշխանազաունների հետ միասին նրան էլ գերի տարավ Սամառա, որտեղից շատ տարիներ անց նա վերադարձավ: Երկրամասի պայազատները մինչեւ ԺԵ դարի կեսը, ինչպես ցույց տվեց Սայտինի արձանագրության մեջ, կոչվում են նաեւ Հանդաբերդցի ոմն Սասնան՝ նվեր տալով վանքին իր կին Մահանի հիշատակին: Այժմ այդ բերդի տեղը չի նշվում, բայց ես կարծում եմ, որ այն պետք է լինի Չայքենդի մոտ, այսինքն՝ Վայկունիք գյուղը:



 ԲԵՐՁՈՐ, ԶԱՎԵ, ՔՈՒՍՏԻ-ՓԱՌՆԵՍ,
 ՓԱՌԻՍՈՍ ԳԱՎԱՌՆԵՐԸ, ԶԵՎԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ (ՎԻՃԱԿ)

Կուրանի ձորահովտի արեւմտյան կողմը՝ Կուրակի պատսպարանը,որը կազմում է Մռավ լեռան արուելյան կողմը կամ, Այրում եւ Չլաբերդ գավառների անջրպետը, իմ կարծիքով, հին Բերդաձոր գավառն է, թեեւ բազմիցս ասացինք, որ Այրումի մեջ է մտնում, բայց չենք կարծում, թե նա ամբողջովին ամփոփվում է նրանում, քանի որ Արցախի հին ոչ մի այլ գավառի մեջ հնարավոր չէ այն տեղադրել, քան Բերդաձորի, որի անունն էլ պետք է բխեցնել տեղի բնությունից,բ ազմաթիվ ամրոցների ու խոր ձորերի քարափների առկայությունից,բայց աշխարհագրի շատ ճրինակներում եւ պատմիչների մոտ Բերձոր է անվանված, որն այլ իմաստ է տալիս՝ արգավանդություն: Սակայն կարծում եմ,որ այն հնչյունական կամ բարբառային աղավաղման արդյունք է:

 Ըստ Խորենացու, այն պետք է լինի Վայկունիքի մոտ, նրան կից,որը Աղվանքի աշխարհագրության մեջ ներկայացվում է ավելի երկար ձեւով: Այդ նույն բանը հաստատում է նաեւ Աղվանքի Պատմիչը՝ այն դասելով բաղանիկեցիների կողմից նվաճված գավառների շարքը.«Վերին Վայկունիքը, Բերձորը, Սիսականը եւ այլն»: Սրանք գավառների նվաճումից առաջ, 830-ին ասպատակելով «սրերով ու նիզակներով կոտորեցին Բերդձոր գավառի ավանները՝ Ուռեցը, Կառնակաշը, Հակարին, Տափարը» : Այդ պատճառով Ստեփանոս Աբլասաթը բերեց Բաբան բռնակալին եւ կոտորեց նրանց, բայց իրեն էլ դավեցին: Սակայն դրանց անունները կամ տեղը ինձ ծանոթ չեն:

 Երկրամասի ելքի կողմում նշանակված է մի փոքր գավառ, որը հնում կրում էր Զավե անունը: Այն Խորենացին չի հիշատակում, այլ տեղադրում է Աղվանքում, միացնելով Հայաստանից, Ուտիքից, Արցախից գրաված քսան կամ քսանչորս գավառներին.«Շիկաշեն Գրդման,Կողթ, Զավե, Քուստի-Փառնես եւ այլն», որը պատմության մեջ ոչ մի անգամ չի հիշատակվում,այլ մինչեւ այժմ հայտնի է Զեյվա անունով եւ պետք է լինի նույն կողմում, Ղարա-չայ կամ Կուրան գետի մոտ: Այն հանգամանքը, որ այժմ էլ այդ գավառը ընկախ է նեղ շերտով, ինչպես հնում, վկայում է նրա՝ Քուստի-Փառնես մեծ գավառի մի մասը լինելու մասին: Այն պետք է գրավի հիշյալ գետերի հովիտը, որը եւ հաստատվում է պատմիչների կողմից. այն դրվում է նույն գավառներին կից: Այսպես, օրինակ, այդ բանը հաստատվում է վերոհիշյալ աշխարհագրի եւ Աղվանքի պատմիչի կողմից: Նա Սահակ Սեւադայի մասին ասում է, որ Թ դարում նա տիրել է Գարդման եւ Քուստի-Փառնես գավառներին, քանի որ այն ժամանակ Գանձակը ամուր եւ անվանի պետություն չէր, եւ ընդարձակ Գարդման գավառը իր տիրապետության տակ էր առել նաեւ այժմյան Գանձակի գավառը, որին հարավից սահմանակից է Քուստի-Փառնեսը, արեւմուտքից՝ Մեծ Կողմանքը: Եւ «Միքայել եպիսկոպոսը Մեծ Կողմանքի եւ Քուստի-Փառնես նահանգի», այսինքն՝ այդ երկու գավառների, որպես մեկ ամբողջության, եպիսկոպոսն է:

Է դարում այդ տեղանունը նշված կա այդ տարածության եւ մեծ իշխանության մեջ:
 Այս գավառը առավելապես ծաղկում ու հզորանում է Ժ դարում, էլ ավելի հռչակվելով ԺԳ դարում, բայց տակավին ոչ թե Քուստի-Փառնես,այլ Փառիսոս անունով: Անկախ անունների նմանությունից կամ տարբերությունից, պատմական նշաններից պետք է ենթադրել, որ այն միեւնույն գավառն է: Քանի որ Վարդան Պատմիչն ասում է, թե Մամ տիկինը եկել է Փառիսոսի իշխան Գրիգորի մոտ եւ նրանից խլել Շամքորի գավառը, որն իր տեղում հիշեցինք: Դրանից էլ հայտնի է դառնում, որ այն Փառիսոսի մի մասն էր կամ էլ նրան կից էր: Մխիթար Գոշն ասում է, որ Գանձակի մեծ երկրաշարժի ժամանակ շարժվում են շատ տեղեր «Փառիսոսի եւ Խաչենի գավառներում», որից պետք է ենթադրել, որ Փառիսոսը ընկած էր Գանձակի եւ Խաչենի միջեւ: Ասողիկը Գագիկ Ա-ի մասին ասում է, որ նա տիրել էր «Փառիսոսի, Խաչենի, Վայոց ձորի սահմաններից սկսած», որն սկիզբ է առնում արեւմուտքից՝ Վայկունիքից եւ, ձգվելով Խաչենին զուգահեռ, հասնում է երկրամասի սահմանին: Եւ նույն ինքը այլ տեղերում ասում է՝ երկրամասի թագավորների վերացման մասին՝ Գագիկի (որը տիրել էր այդ վայրերի սահմանամերձ շրջաններին) եւ Գանձակի տիրակալ Փատլունի մասին, որոնք կռվելով միմյանց դեմ, մեկը մյուսից խլում էր երկրամասը: Դա եւս ապացուցում է, որ այդ երկրամասն ընկած էր այդ երկուսի իշխանությունների միջեւ: Փառիսոսի այդ թագավորները նույն Աղվանքի թագավորներն են՝ Սյունյաց ազգականները, որոնք Ժ դարի կեսին կրկին փայլեցին արքայական փառքով:

Իրենց անվանը նոր փառք ավելացրին արքայական փառքով: Իրենց անվանը նոր փառք ավելացրին Սենեքերիմ եւ Գրիգոր եղբայրները, որոնք մահացան 1003-ին « եւ նրանց երկրամասը կռվով իրար միջեւ բաժանեցին Հայոց Գագիկ արքան եւ Գանձակի ամիրա Փատլունը», որը, ըստ Վարդանի, բռնեց Փիլիպեին՝ իր բարերար Գրիգորի որդուն, հոր մահից հետո սպանեց նրան եւ այդպիսով տիրեց երկրին: Սակայն նույն ցեղից կրկին բողբոջեց իշխանների եւ թագավորների տոհմը Աղվանքում եւ Խաչենում, ինչպես ցույց կտրվի առաջիկայում: Եւ դրանով իսկ շատ պարզ կերպով ապացուցում է, որ այլ էին Փառիսոսի հարստության թագավորները, եւ այլ՝ Սյունյաց Բաղա հարստությանը, թեեւ նրանք խնամիներ էին եւ սերում էին Առանյան նույն ցեղից: Եւ երբ նրանք նահանջեցին Խաչեն, Փառիսոսը Գանձակի տերերի իշխանության տակ ընկավ եւ ԺԱ-ԺԲ դարերում այն հիշվում է որպես այդ նահանգի մի մեծ մասը: Այնտեղից դուրս եկան հոյակապ մարդիկ՝ Աղվանքի մի քանի կաթողիկոսներ եւ տաղանդավոր Հովհաննես Սարկավագ Վարդապետը:

 Վրաց պատմիչը ավելի վաղ, այն է՝ մեր Արտաշես Արշակունի արքայի օրոք, հիշատակում է Փառիսոսի դուռը, որից դուրս ելան, ասում է, վրացիները եւ կովկասյան ասպատակները ու Վանանդը, Բվասենը, Նախիջեւանը ավերելուց հետո, անմիջապես անցնելով Կուր գետը, գնացին Կամբեջ: Բայց ես չգիտեմ, թե ինչ տեղի է համապատասխանում այս դուռը: Այդ հին գավառները կամ Կուրանի հովտում գտնվող մի մասը այժմ գտնվում են Չրբերդ մեծ գավառի հյուսիսային կողմում եւ համարվում են առանձին բնակավայրերի (վիճակ), օտար լեզվով Իկիրմիտեօրթ (քսանչորս)՝ « նրանում նույնքան գյուղ լինելու պատճառով», դրանից թվում են նաեւ Զեվան կամ Զեյվան եւ մեզ ծանոթ հին ու նոր նշանավոր շատ տեղեր:

 Աշխարհացույցում Մռավի արեւլյան ստորոտներում նշվում է նոր Պուլանըգ մենաստանը, որը, չգիտեմ, կոչում են նահատակված հավատացյալ Թաթարի անունով, թե մի այլ կապակցությամբ, կամ էլ գուցե աղավաղված է այդ անունը: Նրա մոտ, լեռների ստորոտներում, Կուրակի վտակների մոտ են գտնվում Պուզլուգը, Մոնաշիտը, Էրգեն եւ այլն, որոնք, թվում է, քսանչորսից են, որոնց մի մասը ավերակ է ու անմարդաբնակ: Դրանք գոյություն են ունեցել անցյալ դարի վերջին եւ դարիս սկզբին, որոնց տիրում էին հայկական առանձին իշխաններ (մելիքներ), եւ ցարդ հայտնի է Փրիդոնյանների անվան տունը:

 Սրանց մոտ, ավելի հեռու լեռներում, Կուրակի եւ Կուրանի անջրպետներում է գտնվում Բերիս գյուղը, որ, կարծես, Փառիսոսի բուն տեղում է, որի անունով էլ այդ կողմերում ասվում է այժմ ամայի քաղաքի տեղը: Հների մոտ այս անունով քաղաք կամ ավան չի հիշատակվում, նպատակահարմար է այն կարծել գավառի անունից եւ այդտեղից էլ՝ Սարկավագը: Բայց նրանք Ժ դարից հիշում են Փառիսոսի վանքը, որի կործանման ժամանակ առաջնորդն էր Պետրոս Վարդապետը: Նա ընտրվեց Աղվանքի կաթողիկոս եւ տասներկու տարի անց «հրաժարվեց աթոռից, եւ նրան հաջորդեց Փառիսոսի վանական տեր Մովսեսը»: Եւ մինչեւ օրս այն ճգնավորների ամայի մենաստանն է:

 Բերիսից հյուսիս է գտնվում Ռելյադլը, արեւելքում,Կուրանի ձախ ափին՝ Ղարաչինար մեծ գյուղը (Սեւ Սոսի)աջից՝ Ղարա-յաքան, Բերիսի հարավ-արեւմուտքում, նույն Կուրանի մոտ՝ Ագճա-քենդ երկու գյուղերը, որոնց մոտ է գտնվում Մանասբեկ ավանը, հյուսիս-արեւելքում, Չրբերդի ու Ճեւանշիրի սահմանմիջում՝ Զեյվան կամ Զեյվալը :Այն ընկած է Կուրանի աջակողմյան մի վտակի մոտ, մի արգավանդ վայրում, որը իր անունով էլ կոչվում է, եւ դրանից էլ ծագում է գավառի Զավեհին անունը:
 Աշխարհացույցում այսքան բան է նշված Փառիսոսի հռչակավոր գավառի մասին, որի փառքն ու անունը ավելի հին են, քան նախորդ նշվածները:

 Այս բնակավայրի հյուսիսային կողմում, Կուրակ գետի մոտ պետք է փնտրել Զարդունի դաշտակի տեղը, որտեղ նահատակվեց Ս.Եղիշե առաքյալը Գիսից գալու ճանապարհին. «դիցամոլ կռապաշտների զոհարանի տեղում նահատակվեց, եւ հայտնի էլ չէ, թե ում կողմից կատարվեց (նահատակության) գործը: Եւ այնտեղ, մահապարտների փոսի մեջ ընկավ նրա պատմական նշխարքը եւ ծածկվեց այն տեղում, որը երկար ժամանակ Հոմենք է կոչվում»: Հայսմավուրք գիրքն ասում է, որ ոչ թե նշխարքները, այլ հենց ինքը՝ սուրբն իր մի աշակերտի հետ միասին «ընկավ մի շատ խոր եւ թունավորաբնակ փոսի մեջ՝ մարմնով շատ այլ չարագործների հետ»: Նշխարքների մասին ասում են, թե դրանք հայտնի են եղել Վաչագանի ժամանակներից, իսկ ըստ Պատմիչի «շատ ժամանակ անց աստվածավախ մարդկանց տեսիլք է երեւում, եւ մի խումբ գալիս է փոսի մոտ ու այնտեղ տեսնում իրար վրա կիտված շատ ոսկորներ: Նրանք առհասարակ տարակուսեցին, բայց դիզեցին եւ գիշերները աղոթքներով հսկեցին այն: Եւ առավոտյան մեծ երկրաշարժ, եւ այնտեղ եղեղները ընկան գետնին: Անապատում բարձրացավ ուժեղ քամի եւ անսուրբ մարդկանց ոսկորները սփռեց ամբողջ դաշտով մեկ, իսկ տեղում մնացին միայն առաքյալի նշխարքները: Ուռեկան գյուղի մեծահարուստ ոմն Ստեփանոս քահանան հափշտակեց նրա միայն գլուխը, աճապարելով նստեց իր երիվարն ու հեռացավ: Երբ բազմությունը ընկավ նրա հետեւից, մթամած մառախուղը փայլատակումներով նրանց միջից անցնելով, սարսափեցրեց նրանց, որոնք վերադարձան հավաքատեղի: Տեսիլքով հայտնված սուրբ Եղիշայի նշխարքները տարան, տեղավորեցին Ուռեկան ավանում, որտեղ դրվեց նրա գլուխը սուրբ քահանա Ստեփանոսի ձեռքով: Այնուհետեւ այնտեղից տեղափոխեցին Ներս-Միհրի սուրբ վանքը (Ուխտ), որն այժմ կոչվում է Ջրվշտիկ, որը նույն ինքը Եղիշա առաքյալն է՝ ի փառս ամենակալ տեր Աստծու:

 Երկար ժամանակ անցնելուց հետո բարեպաշտ Վաչագանը Եղիշայի նահատակության փոսի վրա հուշասյուն կանգնեցրեց: Եւ արքայի սենեկապետը,առանձնանալով այնտեղ, իր կյանքին վերջ տվեց այդ հուշուշասյան վրա»:
 Այդ փոսի տեղը, այն է՝ Հոմենքը կամ Աղվանքի փոր Վիրապը այժմ չի հիշվում, բայց Ուռեկանն ու Ջրվշտիկը հայտնի են: Առաջինը Հոռիկ է կոչվում, որը գտնվում է արեւմուտքում, Զեյվայից էլ շատ հեռու: Այն Ուռեկն է, որը պահել է հին անունը եւ ոչ թե այն ծագում է «հյուր եկ» ձեւից, ինչպես կարծում են տեղացիները, որպես թե այնտեղ գիշերով հյուրնկալվել է Վաչագան արքան: Ինչպես որ անհայտ են սրբի նահատակության հանգամանքները, նույնպես եւ անհայտ է նշխարքի առաջին գյուտի ժամանակը: Թվում է՝ Վաչագանի ժամանակ կամ նրանից հետո այնտեղ կառուցվում է Գտավանքը, այսինքն՝ Գյուտի վանքը: Գյուտը եղել է Վաչագանի օրոք, ինչ-որ մեկի կարծիքով՝489 թ. եւ սեպտեմբերի 29-ին՝ ըստ Հայսմավուրքի: Ասում են Գյուտ է կոչվում այն գյուղը, որտեղ Վաչագանի ժամանակ հայտնվեցին նշխարքները. դա հիշում է նաեւ Գյուտը վանքի վանահայրը Եղիա կաթողիկոսի ժողովում, Աղվանքում. արդյոք սա վերոհիշյալ Պուլանըգ վանքը չէ:

 Հոռիկում մինչեւ օրս կանգուն մնացել են 1279 թ. կառուցված մի եկեղեցի եւ 1284 թ. կառուցված ժամատունը, ինչպես որ ցույց են տալիս արձանագրողները. Մեկը գրում է.«ՉԻԸ 1279 թվին, տեր Ստեփանոսի քահանայության օրոք. այս եկեղեցին կառուցող տեր Հովհանեսին, իր ծնողներին, եղբայրներին հիշեցեք հանուն Քրիստոսի»: Մյուսը գրում է.«ՉԼԳ 1284 թվին, աշխարհակալ Ապաղա խանի տիրության, տեր Ստեփանոսի հայրապետության եւ Նորադենի, Սրադենի, Գարապիջինի իշխանության ժամանակ, ես՝ տեր Հավհաննեսս, շինեցի գավիթը՝ ի հիշատակ ինձ, իմ ծնողների եւ եղբայրների»: Եկեղեցու շուրջը կան տոհմիկ մարդկանց գերեզմաններ, որոնց թվում նաեւ Բեկլար իշխանինը, նրա մոտ էլ՝ վերջին ժամանակներս նշանավոր մարդու՝ Մելիք Ադամի քարաշեն ապարանքը: Եկեղեցու սահմանում կան նաեւ բազում այլ շենքեր:

 Գտավանքից պակաս չէ նաեւ Ներս Միհրի վանքը, որը կոչվում է Ներսմիհրական միաբանություն ( ուխտ), ուր Վաչագանը տեղափոխեց սրբի նշխարքները, որի հետեւանքով էլ նրա անունը ընդհանրապես Ս. Եղիշե է կոչվում: Ինձ թվում է՝ Ներս Միհր իշխանը վանքը կառուցողն է, եւ թերեւս երկար ժամանակ վերակացուներ նշանանակվեցին նրա ցեղից այդ տեղի համար: Այդ է պատճառը, որ նրանք կոչվում են վանքի վանահայրեր, ինչպես օրինակ, սրբազան Քշիկը՝ Եղիա կաթողիկոսի օրոք, Ը դարի կեսին, Գտավանքի վանահայրը եւ ուրիշներ: Այն մասին մեզ քաջ հայտնի են դարձնում Աղվանքի կաթողիկոս Սիմեքվնի այն կանոնները, որոնք սահմանեց Եղիան, ըստ որի «շատերից տրտունջ եմ լսում, թե շատ տեղերում եկեղեցիներին վանականությամբ հանդերձ զինվոր մարդիկ են տիրում, որոնք իրենց չար գործերի պատճառով արժանի չեն եկեղեցի մտնելու, ուր մնաց եկեղեցական հասույթն ու հացը ուտելու: Այդ մասին էլ Ներս Միհրի վանահայր սրբազան Քշիկը գրել է, թե աղվանից իշխան Վարազ Տրդատը մի փոքրիկ գյուղակ է տվել սուրբ Խաչիս՝ սպասավորելու իր հոգու փրկության համար, իսկ այժմ Փուսան- Վեհ անունով հեծյալը, անառակ կյանք վարելով, գրածը մեջտեղ է բերում, թե Աղվանքի իշխանը իրեն է տվել այդ եկեղեցին վանականությամբ, որպեսզի ինքը հոգ տանի…: Եւ թող Փուսան- Վեհը չտիրի այդ եկեղեցուն՝ ըստ սուրբ հոգու հրամանի»: Եղիա կաթողիկոսը ժողովի կանոնների այս պատճենը տվել էր Քշիկին՝ պահելու, ինչը եւ նա կատարեց:

 Շատ հին է վանքի Ջրվշտիկ անունը, որով եւ մինչեւ օրս կոչվում է: Այն գտնվում է նույն Հոռիկի արեւմտյան կողմում, դժվարանցանելի ձորամիջում, որի պատճառով էլ անապատ է կոչվում: Այդ վանքում, ասվում է մի հիշատակարանում, գտնվել է Տիրամոր վերափոխման պատմությունը, որը Քերթողահայրը եւ Մանդակունին հրատարակեցին: Պահպանվել են ԺԳ դարում կառուցված շենքերը: Եկեղեցին փոքր է եւ կառուցված է կանոնավոր ձեւով, անմշակ մեծ քարերով Վաչագանի դաստակերտի հիմքի վրա հետեւյալ արձանագրությամբ.«ՈՂԴ 1245 թվին ես՝ սուրբ միաբանության Սերոբ սարկավագս, նախկին հիմքի վրա շինեցի սուրբ Առաքյալ վանքը. Ձեր աղոթքների մեջ հիշեցեք»: Գավիթը եւս անշուք ձեւով է շինված, 1264-ին, ինչպես վկայակոչում է արձանագրությունը.«ՉԺԴ 1264 թվին ես՝ Խաչատուրս, աստծու կամքով շինեցի այս ժամատունը, առաջնորդությամբ տեր Սիմեոնի. Աղաչում եմ՝ հիշեցեք հանուն Քրիստոսի»: Սերոբին եւ Խաչատուրին օգնել են եւ ուրիշները, ին չպես որ գրում են.«Մենք՝ Առաքել վարդապետս եւ Ջահան իշխանի որդի Թեոդորոսս, Աստծու օգնությամբ կառուցեցինք այս եկեղեցին եւ ժամատունը՝ ի հիշատակ մեզ եւ մեր ծնողների»:

 Կան եւ այլ համառոտ արձանագրություններ, ինչպես՝
 Ա. «Ես՝ Գրիգորս, Աստծու կամքով շինեցի Ուտապատ եկեղեցին, ավետարան գնեցի եւ Քերթ հողամասը նվիրեցի սուրբ միաբանությանը: Առաջնորդ տեր Սիմեոնը եւ միաբանները Համբարձման տոնի ժամանակ երկու ժամ պատարագ արեցին»:
 Բ.«Ես՝ Սերովբ քահանաս, Աստծու կամքով երեք գիրք տվեցի սուրբ ուխտին: Առաջնորդ տեր Սիմոնը եւ միաբանները Բարսեղի տոնի առթիվ պատարագ կատարեցին»:
 Գ.«Ես՝ Դավիթս եւ իմ ամուսինը միաբանեցինք սուրբ ուխտի հետ եւ խաչ նվիրեցինք: Առաքյալների տոնի ժամանակ մեզ համար երեք պատարագ կատարեցին»:
 Դ.«Մենք՝ Առաքել Վարդապետս, Շրվանի թոռ տեր Մատթեոս եպիսկոպոսս, Ճհանշի որդի Տիրանս, Աստծու կամքով շինեցինք այս եկեղեցին, սալեցինք ժամատունը՝ ի հիշատակ մեզ եւ մեր ծնողների. ՋԾԸ 1509 թվին»:
 Զ.« Ես՝ Հովհաննեսս, Աստծու կամքով միաբանեցի սուրբ Առաքյալին, այս սուրբ նշանը տվեցի ավագ եկեղեցուն, Սիմեոնի առաջնորդության ժամանակ, եւ միաբանները Ղազարոսի տոնին երկու ժամ պատարագ տվին: Կատարողները օրհնվեն Աստծու կողմից. ՉԽԱ 1292 թվին»:

 Մի այլ արձանագրություն էլ գրված է մի փոքրիկ մատուռի մասին, որտեղ հանգչում է բարեպաշտ Վաչագան արքան, որի շնորհիվ Աղվանից հավատը դարձել է հաստատուն ու փառավորված: Մատուռի վրա գրված է . «Սա է Վաչագան թագավորի հանգիստը. Թող Աստված ողորմի հայրապետին, նրա ծնողներին եւ նրանց, ովքեր շինեցին այս եկեղեցին տեր Սիմեոնի աջնորդությամբ. դա ՉԼԵ 1286 թվին էր»: Գավթում կան ուրիշ տապաններ էլ, դրանց թվում նաեւ 1656 թ.օտարների կողմից սպանված Մելիքսեթ առաջնորդի տապանը: Մենաստանը շրջապատված է քարուկիր պարսպով: Կանգուն են մնացել սենյակներն ու ընդարձակ սեղանատունը:

 Ջրվշտիկին մոտիկ, քարքարոտ տեղերում կան մեծ շենի ավերակներ: Այդ շենը մայրաքաղաք են կոչում: Նրա մոտ են գտնվում Մելիք Ադամի քարաշեն գեղեցիկ ապարանքը եւ մի մատուռ՝ կառուցված Փախրադինի իշխանության եւ Սուքիասի առաջնորդության ժամանակ, 1260 ՉԹ թվին, որից էլ պարզ է դառնում, որ այդ տեղում եղել է մենաստան: Ինձ թվում է, որ Հերս Միհրին մոտիկ պետք է եղած լինի եւ Հուսեփի վանքը, որի վանահայրը Եղիա կաթողիկոսի ժողովի ժամանակ հիշատակված Գրիգորն էր:



 ԳՅՈՒԼԻՍՏԱՆ-ՌՈՍԱՍՏԱԿ

 Կուրանի եւ Թարթառի միջով հոսում է ձկնաբեր (կարմրախայտ) Ինճե գետը, որը, ինչպես ինձ թվում է, բխելով Մռավի արեւելյան բլուրներից, անցնում է Ուտիքի Ճեւանշիր գավառը: Բայց չի նշվում նրա գետաբերանը, այն է՝ Կուր գետն է թափվում, թե մի այլ տեղ: Հարկ է մտածել, որ հնում այն պետք է եղած լիներ Քուստի-Փառնեսի կամ Մեծ Կողմանքի մի մասը, որոնք Աղվանքի գավառների մեջ են մտնում :Օրինակի համար, վերոգրյալ Զավեն կամ Ռոսաստակը, որը Աղվանքի պատմիչը համարում է Մեծ Կողմանքի մի մասը, աշխարհագրի մոտ նշված է Ուտռուստակ կամ Ոտռոստակ սխալագրությամբ: Անտարակույս այն պետք է ընկած լինի Թարթառի եւ Ինճեի միջեւ, բայց թե դրա ամբողջ հովիտը Արցախի որ մասն է գրավում, չգիտեմ:

 Միջին դարերում, երբ այլազգիները իրենց ձեռքը գցեցին այս տարածքը, այն կոչվում էր Գյուլիստան, որպես եւ մինչեւ օրս է կոչվում, գետի ձախ ափին գտնվող բերդավանի հետ միասին, որն ընկած էր Ագճաքենդ գյուղերից հարավ:
 Խթրավանքի մի արձանագրությունում Գոլաստյան է կոչվում: Ասվում է նաեւ ԺԲ դարի սկզբի այդ կողմերի արքայազն իշխան Վասակի մասին, որը, գնալով այնտեղ, ազատում է այն օտարների ձեռքից եւ այնտեղ բնակեցնում իր որդուն: Այնտեղ բերվում է մի մեծ խաչվեմ, որի վրա էլ արձանագրվում է այս բանը:

 Արցախում, Ինճեի հովիտներում, ըստ Ջալալյանի, դեպի ձորամեջ ընկած գետափին, նշվում են ճգնավորների՝ Ռադիպեկի անուն ով ամայի վանքը, իսկ գավառի սահմանում, Գյուլիստանից ավելի հյուսիս-արեւելք՝ Թալիշի իշխան Հովսեփի որդին, որը 1657թ. իր կին Հերիքնազի հետ միասին օգնում է նորոգել սուրբ աթոռի երկու եկեղեցիները:Սրանց ցեղից են սերում ԺԸ դարի անվանի եւ քաջ մարդիկ՝ Մելիք Հավսեփը եւ Մելիք Բեկլարը: Թալիշից հյուսիս նշվում է Թուրուս գյուղը:



 ՉԱՐԱԲԵՐԴ (ՉԼԱԲԵՐԴ) Մեծ ԿՈՂՄԱՆՔ ԳԱՎԱՌՆԵՐԸ

 Ըստ այժմյան վարչատնտեսական բաժանման՝ գրեթե Արցախի կեսը գրավում է Չլաբերդ մեծ գավառը, որին սահմանակից են հյուսիսից Այրումը , սկզբից՝ Ճեւանշիրը, հարավից՝ Վարանդինը, արեւմուտքից՝ Զանգեզուրը: Մինչ այժմ մեր նկարագրածները՝ Փառիսոսը, Զեւան եւ Գյուլիստանը, ընկած են նրա հյուսիսային կողմում: Նրա միջին մասը՝ Տրտու կամ Թարթառ գետի մեծ հովիտը, Չարաբերդի բուն տարածքն է, որը հնում ամուր բերդ էր՝ հիշատակված Է դարի սկզբից: Ինչպես կարելի է գուշակել պատմությունից, ԺԱ եւ ԺԲ դարերում, Աղվանքի թագավորների թուլացման ժամանակ, Չլաբերդը հասնում է բարգավաճման, ընդարձակման եւ կոչվում Ճառաբերդի աշխարհ: Այն ժամանակ սա եղել է Փառիսոսի եւ Խաչենի միջսահմանը,որոնք այժմ ամբողջովին մտնում են նրա մեջ:

 Ըստ Արցախի վաղնջական տրոհման՝ բուն Չարաբերդը Քուստի- Փառնեսի կամ մանավանդ Մեծ Կողմանք գավառի մի մասն է, որի սահմանը Տրտուի հյուսիսային կամ ձախակողմյան ափերն են, թերեւս մի նեղ շերտով այն կողմն անցած, հարավայինը՝ Մեծիրանքը, որը հետագայի բուն Խաչենն է, այսինքն՝ Վայկունիքի արեւելյան եւ Թարթառի հարավային կողնը,որի մասին կխոսենք ստորեւ:
 Այս Մեծկողմանք գավառը, որը հայտնի է նաեւ Մեծկունիք կամ Մեծունիք անուններով, հնում արցախական շատ մարզերից ավելի նշանավոր էր եւ նույնպես պետք է բնակեցված եղած լիներ քաջ եւ երեւելի մարդկանցով, որից էլ պետք է բնակեցված եղած լիներ քաջ եւ երեւլի մարդկանցով, որից էլ պետք է ստացած լինի Մեծիրանք անունը: Այն աչքի է ընկել նաեւ ամրությամբ, պատմիչը այն անվանում է ձորերով եւ անտառներով շատ հարուստ վայր, թեւե նույն պատմիչը գրում է, որ հոները Ե դարի կեսին ասպատակել ու ավերել են այն, որի մասին շուտով կպատմենք:

 Եվ սա ըստ իր գրաված դիրքի Միջնարցախ գավառ է կոչվում: Այն ուներ հին եւ առանձին եպիսկոպոսարան Տաղձանք կոչված տեղում: Հիշատակվում են հետեւյալ եպիսկոպոսները՝
Զ դարի կեսին Ղեւոնդը, Է դարի կեսին Դավիթը, նրա հաջորդ Իսրայելը, Միսայելը, Դավիթը, որը 768 թ. կաթողիկոս նշանակվեց, որը 877թ. կաթողիկոս նշանակվեց, Սահակը, որը կաթողիկոս էր Ժ դարի առաջին կեսին:
 Քուստի-Փառնեսի եպիսկոպոս Միսայելի (եթե տարբեր լինի Իսրայելից) Ս. Խաչին ձոնած ներբողը հասել է մեզ:

 Թ դարի կեսին Մեծ Կողմանքի կես մասին իշխում էր քաջ Ապումուսեն, որը հերոսացավ Քշիթ լեռան վրա: Դրանից հետո, Փառիսոսի եւ Ճառաբերդի բարգավաճման ժամանակ, գրքերում այդ անունը այլեւս չի երեւում, բայց հետագա դարերում նորից լսվում է: Այն մինչեւ օրս առանձին իշխան է կառավարում:1722 թ. Խաչենից այնտեղ եկան լեկերը եւ ասպատակեցին, իսկ երկրի տեր Թարկանղուլի սուլտանի թոռ Քալպ-Ալի-Բեկը փախավ Ծար երկիր եւ ապա, իր որդուն որպես պատանդ նրանց տալով, վերջը տվեց ասպատակությանը եւ վերադարձավ իր տեղը:

 Մռավի արեւելյան կողմում ընկած են գավառի երկայնանիստ լեռները,որոնք գրեթե ձգվում են Թարթառին զուգահեռ, եւ դրանցից սկսվելով մի վտակ, նույն ընթացքով շարժվելով դեպի արեւելք, միանում է գետին: Խառնարանի մոտ է գտնվում հին ու անվանի Չարաբերդը.այն նախ այդպես է կոչում Կաղանկատվացին, իսկ հետո Գոշը կոչում է Ճառաբերդ, նրանից հետո մինչեւ այժմ գավառը կոչվում էր Չլաբերդ, Չլբերդ կամ Չրբերդ: Իսկ բերդն այժմ կոչվում էՋրբերդ, նաեւ Ջերմուկ, աշխարհացույցի քարտեզում՝ Աճումրուգ գալե՝ կառուցված քարե մի բլուրի վրա, որն անմատչելի է երեք կողմերից, իսկ չորրորդը ամրացված է գետով: Այս ամրոցն էհասնում Է դարի սկզբի Աղվանից Վիրո կաթողիկոսը,որը ազատվել էր պարսից կապանքներից,Խոսրովի սպանությունից հետո եւ,հանդիպելով հոների կամ խազարիների արքայաորդի Շաթի ասպատակներին, կաթողիկոսն «իր մոտ է հավաքում բոլոր մեծամեծերին,այդ մեծ երկրի թագավորությունների որդիներին,գավառապետներին, գյուղապետներին,քահանաներին,դպիրներին,որոնք այն ժամանակ գտնվում էին այնտեղ՝ Չարաբերդ ամրոցուիմ», եւ խորհրդակցեց ու գնաց Պարտավ, Շաթի մոտ:

 ԺԲ դարի կեսին ապրում էր տողան անունով մեկը՝ Դարի որդին, Ճառաբերդ երկրի եւ նույն դղյակի իշխանը, որը գոռոզանալով կամեցավ տիրել Առանին եւ կռվեց ոմն Թուրքմանի հետ Հերքն բերդում ու սպանվեց: Օտար բռնակալներից հետո այդ բերդին տիրեցին Խաչենի իշխանները, բայց նրանցից այն նորից խլում են թուրքերն ու վրացիները, մինչեւ որ թաթար Սարթախ խանը այն վերադարձրեց մեծ իշխան Հասան Ջալալին, որի հայրենիքն է համարում ժամանակակից Կիրակոս պատմիչը ԺԳ դարի կեսին: Դրանից հետո գրքերում այլեւս չի հիշատակվում Չարաբերդը, որը հետագա դարերում մարտերի ժամանակ շատ անգամ ամուր ապավեն է եղել:

 Չարաբերդից մի փոքր արեւմուտք, լեռան ստորոտի մի ձորում է գտնվում Երից-Մանկանց կամ Դանիելի վանքը, որը աշխարհացույց քրտեզում գրված է Քիբերդի Վելի վանք անունով, որի մասին հիշատակություններ կան միայն արձանագրություններում: Այն կառուցել են Աղվանից Սիմեոն կաթողիկոսն ու նրա եղբայրը ԺԷ դարի երկրորդ կեսին: Այն կանգուն մենաստան է՝ քարով շարված սենյակներով, պարզունակ քառակուսի եկեղեցով… երկար եւ լայն չորս սյուների վրա : Եկեղեցու դռան պատերի վրա կան արձանագրություններ.

 «ՌՃ թվին, Պարսից մեծ արքա Սուլեյման Շահի ժամանակ, ես՝ Սիմեոնս, Աստծու շնորհիվ Աղվանից կաթողիկոսս, շինեցի այս եկեղեցին իմ հարազատ եղբայր Իգնատիոս Վարդապետի հետ միասին. մենք մեծաշենցի Սարգիս քահանայի որդիներն ենք: Ձեր աղոթքների մեջ հիշեցեք, նոր Սիոնի որդիներ, տերունական դռնով մտնելիս եւ ելնելիս. Ամեն»:

 Իսկ խորանի ճակատին չափածոյով գրված է.
 «Կառուցվեց նոր ուխտի պատարագի
 Եւ փառքի տաճարն ու Աստծու տան
 Նվիրական այս հարկը,
 Որը Տեր Հիսուսը մեզ ավանդեց.
 Այն կառուցվեց երկու հարազատի
 Սիմեոն կաթողիկոսի եւ Իգնատիոս Վարդապետի
 Եւ շատ այլ աշխատողների կողմից:
 Կյանքի դիվանի մեջ գրված է,
 Որ սույն եկեղեցու կառուցումն
 Ավարտվեց Հայոց ՌՃԺԳ թվին՝
 Ի փառս անճառ Տեր Հիսուսի:
 Ովքեր աղոթում են եւ երկրպագում,
 ՈՒղղամտորեն թող այս նկատեն:
 Եւ մեր անձանց, էլ առավել մեր մարմնավոր
 Ծնողների՝ Սարգիս քահանայի, մեր մոր
 Եւ այլ աշխատողների համար
 Թողություն խնդրեն»:

 Ըստ Ջալալյան օրինակի՝ այս ՌՃԺԳ 1664 թվականը բացահայտ սխալ է եւ վերեւում ասվածին հակառակ ու անհնար, որովհետեւ այն ժամանակ վախճանված էր Սիմեոնը:
 Պատի աջ կողմում գրված է.«Այս եկեղեցին կառուցող վարպետ Ուստա Սարգսին հիշեցեք հանուն Քրիստոսի»: Իսկ նրա կողքի արձանագրությունում վանքի վերաբերյալ հիշատակվում է.«Մեր աշխատանքը ավարտի հասցրինք՝ աստվածասերների ու ողորմածների միջոցով ու օգնությամբ. Սուրբ Դանիել մարգարեի եւ երեք սուրբ Մանուկների պատվական նշխարքները, որոնք դրված են այստեղ, մեծամեծ հրաշագործություններ են կատարում: Այստեղ այն կառուցվեց մեր փրկության, մեր բազում մեղքերի թողության, մեր հոգեւոր ու մարմնավոր ծնողների, ինչպես նաեւ բոլոր աշխատողների համար. մեզ եւ վանքի միաբաններին հիշեցեք ձեր սուրբ աղոթքների մեջ»:

 Կասկածելի է նշխարքների մասին եղած այս տեղերի ավանդությունը, քանի որ, մեր կարծիքով, սրբերի մարմինները երկար ժամանակ մնացել են Բաբելոնում, հետո տարվել Կաստանդնուպոլիս, այնտեղից փոխադրվել Վենետիկ եւ ապա բաշխվել Եվրոպայի տարբեր կողմերում:
 Այդ Մեծաշեն գյուղը, եթե նույնը չէ, ապա ինձ թվում է, որ այն Խոտորաշեն գյուղի մոտ պետք է լինի, որը մոտ է վանքին եւ այժմ ամայի է. քանի որ եկեղեցին կառուցող Սիմեոն կաթողիկոսը կոչվում է Խոտորաշենցի եւ Չարաբերդցի: Այս գյուղից էր նաեւ մյուս Սիմեոն Կաթողիկոսը՝ առաջին ազգակիցը, որը մեռտավ 1810թ.:

 Այս երկրամասում ուրիշ գյուղեր չեն նշվում, բացի Չարաբերդի արեւմտյան կողմում, Թարթառի ափին նշվածներից, արանք են՝ Ղարապուլագը, Թանկուր-Լուլուպեյը, նրանցից ավելի վերեւ գտնվող Հասանրիսը կամ Հասանարիսը, որը թերեւս ծագում է Ջալալյանց Հասան իշխանների անուններից: Էլ ավելի վերեւ, հյուսիսարեւմտյան կողմում Թարթառի մի վտակին է միանում ՈՒզաճըգը: Բայց մեր նախնիները այս Մեծ Կաղմանք գավառում նշում են նաեւ այլ նշանավոր վայրեր ու դեպքեր Ե եւ Է դարերում: Այդ ավելի հռչակավոր վայրերից է Աստղաբլուր լեռը, որը մինչեւ այժմ ճանաչվում է այդ անունով. դա գեղեցիկ անուն ու բնություն ունեցող մի առանձին, ծաղկազարդ բլուր է:

 Ս. Մեսրոպի Գիսից մեկնելուց եւ նրա մահվանից հետո, որի մասին իր տեղում խոսեցինք, նրա մնացած աշակերտները գնալով Երուսաղեմ, այնտեղից վերցնելով սրբերի նշխարքները եւ բազում սուրբ սպասքները, նաեւ իրենց առաջնորդ Աթանաս անունով վարդապետին ու երկու այլ քահանաների, վերադառնում են եւ, հասնելով Մեծկունիքի ձորերը «Ճանապարհի կիրճում երկու խմբի են բաժանվում », ինչպես ասում է պատմիչը: Դա եւս ցույց է տալիս, որ այնտեղ, Մռավ եւ Չարաբերդ լեռների միջեւ, թերեւս նույն Փառիսոսի դարպասի մոտ լեռնանցք է եղել: Մի գունդը նստում է «այն տեղում, որին Աստղաբլուր են կոչում, որը գտնվում է հյուսիսային կողմում, իսկ երկրորդ գունդը բանակ է դնում Տրտու գետի այն կողմում, Չղախ կոչված անտաառապատ պուրակի հովտում, որովհետեւ ուխտով միմյանց Խոստացել էին այդ տեղում կատարել ամենասուրբ Զատկի տոնը»:

 Եւ եղավ, որ այն ժամանակ հոները մեծ հրոսակախմբերով շարժվեցին դեպի արեւմուտք,որոնցից մի հզոր գունդ, Կուր գետից անցնելով Ուտիքը, որոնցից մի հզոր գունդ, Կուր գետից անցնելով Ուտիքը,«ասպատակեց Մեծկունիքը: Ավազակների համբավի ձայնը լսելով՝ երուսաղեմյան չղախաբնակ գունդը, բոլոր նշխարքների մասունքները ամփոփելով արծաթյա երկու կողովների մեջ, թաքցնում է հողի մեջ: Եւ իսկույն հասնելով օրհասական այն գուժարկու աղմուկը, անխուսափելի տարակուսանքը, տարածվելով հողմացայտ անձրեւի նման եւ անցնելով ծովի ալիքի նման, հասնում է Աստղաբլուր: Նրանք, չկասկածելով այդ երեւույթների վրա, հանկարծակի հանդիպում են անխնա սրի խոցոտման: Եւ գրավելով ոսկու եւ արծաթի սպասքները՝ սուրբ նշխարքները խառնիխուռն կերպով ցրում էին բլուրի վրա եւ այնտեղ նահատակում քահանաների ավագին՝ երանելի Աթանասին, իսկ մնացածներին գերում եւ այդ նույն տեղում էլ փակում են», որոնց հետ էլ «Ուտիքի գավառից Թագուհի անունով մի կնոջ, որը այդ երկրի բնիկ ազատներից էր, Բագին գյուղից», որին հյուսիսի զորավարը կամենում էր առնել կնության:

Գավառը գերելուց հետո, (իշխանը) վերցնում է նրան, նահատակվածների ընկերներին եւ բերում է նույն Աստղաբլուր վայրը ու իր սպասավորների հետ միասին աղաչանքով, սպառնալիքներով հորդորում կնոջը՝ հնազանդվել: Երբ չեն կարողանում համոզել համառ Թագուհուն, նրա ձեռքերը կապում են ետեւը ու նրան մազերից քարշ տալիս անապատում անտառի սուր փշերի վրայով: Խփում էին նրա դեմքին եւ մարմինը ամբողջովին պատառոտում, դրանից հետո սուսերով կտրում են երանելու գլուխը: Այսպիսի կռվի է հանդիպում սուրբ տիկինը եւ Քրիստոսի աստվածային պսակով պսակվում մեծն այն Թագուհին: Դրանից հետո նույն գիշերը, քանի դեռ ուրախանալով դեգերում էին այլազան իշխանն ու նրա զորականները, կատարելով ուրախ խրախճանք, հանկարծակի Տիրոջ կողմից նրանց երեւաց մի զարմանալի նշան: Բոլորը իրենց աչքերով բացահայտ տեսնում էին մի լույս, որը ծագել էր այն տեղում, որտեղ նահատակվեց սուրբ Թագուհին, իսկ անտառում ցրված նրա հագուստի ծվենները աստղերի նման փայլփլում էին եւ երկար ժամանակ աստղանման լույս սփռում սուրբ նահատակների վրա, որը, տեսնելով մարդկանց բազմությունը, այդ նույն տեղն անվանեց Աստղաբլուր, որպես եւ կոչվում է մինչեւ օրս: Դրանից խիստ զարմանում ու մեծ ահի տակ է ընկնում իշխանը: Նա հրամայում է իր մոտ կանչել քահանաներին: Նրանցից սովորելով փրկության ճանապարհը՝ նա հավատում է կենդանի Աստծուն եւ հրամայում է հավաքել սրբերի ցրված նշխարքները, փաթաթել սուրբ կտավով ու թաղել բլրակով: Տերունական տոնի ժամանակ կրկին հավաքվում էին մեծ խմբերով՝ նույն նահատակների հիշատակի համար»:

 Հավատացյալ զորավարը կոչվեց Թեովփիլոս եւ, արձակելով գերիներին, վերադարձրեց «Կրիական գետի ափը, կամրջանման նավահանգստի մոտ», որը կարծեմ, Թարթառի գետաբերանի մոտ է, եւ մինչեւ օրս այնտեղից ձորեր են անցնում դեպի Կուր գետը, որից այն կողմ բնակվել էր հոների թագավորը: Լսելով զորավարի մասին՝ նա կանչեց եւ նահատակեց նրան 30 մարտիկների եւ երկու քահանաների հետ միասին, իսկ նրա որդիներին ուրիշ մարդկանց հետ ուղարկեց տարբեր կողմեր:

 Դար ու կես անց, քաջ Ջվանշիրի իշխանության օրոք, Իսրայել անունով մի հոգեկիր մարդ օգնում էր Աստղաբլոիր մոտ «Մեծկունիք գավառի վերին կողմում, մի բարձրավանդակ լեռան վրա իր Գլխի վանք մենաստանում», որը Չարաբերդի լեռներից մեկն է, բայց չգիտեմ, թե Գլխի վանքի որն է եւ ինչ պատճառով է այդպես կոչվում: Ինձ թվում է՝ լեռան պատճառով է ասվել Գլուխ, ինչպես որ Կատրի վանքը Դիզափայտում: Այնտեղ նա հայտնաբերում է նշխարքները եւ «Շտապ հասնում է եպիսկոպոսանոցի եկեղեցական ավանը», Դավիթ եպիսկոպոսի մոտ ու պատմում եղելությունը: Կաթողիկոսի հրամանով նա ուրիշների հետ միասին գնում եւ գտնում է թաքցրած նշխարները,որոնց մասին մենք կխոսենք ստորեւ, մեծարանի աշխարհագրության մեջ: Այնտեղ մենք կպատմենք Իսրայելի ձեռքով կողովը այս Գլխի վանք բերելու մասին, ուր եւ հետագայում փոխադրվեց մեսրոպյան Խաչը, որը գտավ Գիսում: Տարիներ անց (677-682) Հայաստանից բերում է մեր Ս. Լուսավորիչի ծնոտի մի մասը Հեղինե տիկնոջ միջնորդությամբ, որը Աղվանից տանից էր, Գրիգոր Մամիկոնյանի՝ այն ժամանակվա հայոց իշխանապետի եւ նշխարքները Թորդանից Վաղարշապատ փոխադրողի հարսը:



 ՍԻՍԱԿԱՆ ԳԱՎԱՌ-ՂԱՅՆԱՂ

 Այն երկիրը,որ տեղադրված է արեւմուտքից Մեծ- կողմանքի , իսկ արեւելքից Վայկունիքի միջեւ,եւ որի միջով երեք վտակների միավորումից հետո սահմանով իջնում է Թարթառ գետը դեպի հարավ մոտ 12 մղոն, հետո թեքվում դեպի արեւելք,պետք է Արցախի Սիսական գավառը լինի, նույն ինքը Սիսական ոստանը եւ Սիսական գավառը, որը այդպես է կոչվում Սյունիքին մոտ լինելու պատճառով: Նրան հարավից սահմանակից է Խաչեն գետի սկիզբըհ, որի հարավում էլ գտնվում է Հաբանդ գավառը:

 Այսպիսով, թեեւ պատմիչի տեղեկությունները սակավ են, բայց դրանք ցույց են տալիս, որ Սիսականը պետք է ընկած լինի Վայկունիքից հարավ-արեւելք, քանի որ, ինչպես վերեւում նշեցինք, բաղանիկեցիների մասին ասվում է, որ նրանք նվաճել են Բերձորը, Վայկունիքը, Սիսականը, Հաբանդը, Ամարասը եւ այլն, իսկ երկրորդ անգամ (841 թ.) վնաս են պատճառել Սիսանձորին եւ Ամարասին. այս գավառը Սիսանձոր է կոչել Աղվանից պատմիչը, իմ կարծիքով՝ Թարթառի այդտեղով հոսելու պատճառով: Միջին դարերում այմն համարվեց Խաչենի վերին մասը, որը Հանդաբերդի տերերի ժառանգությունն էր: Մեր նախնիները Սիսական գավառում այդ անունով շեն բոլորովին չեն հիշատակում, բայց այդ նույն Ոստան անունը հուշում է, որ այդտեղ վաղնջական ժամանակներից սիսական իշխանների կողմից պետք է հիմնադրված լինի մի հզոր քաղաք կամ դղյակ: Ոչ մի տեղ չի հիշատակվում երկրամասի գավառական նոր անումը: Ինձ թվում է, որ դա Ղայնաղ երկիրն է, որի հետ միասին կաթողիկոս Եսայի Ջալալյանը հիշում է Չարաբերդի վրա իշխող մի Բեկի, որը լեկերի պատճառով փախչում է նրա թիկունքում գտնվող Ծար երկիրը: Բայց եւ սա, եւամբողջ գավառը (վիճակը) հետազոտման կարիք ունեն: Գավառում նշվում են Մռավի հարավից եւ Յանշախի սկզբից Քեշիքենդը, սրանից հարավ Աղտավանը, սրանից էլ հարավ, Թարթառի մոտ՝ Շապոն, սրա ելքի հյուսիսային կողմում՝ Ուռաթաղը, արեւմուտքից, վերջինի աջ կողմում, գետի հարավում՝ Քոզտուն կամ Քոստին: Ըստ ռուսական աշխարհացույցի՝ այդ Ուռաթաղը, ըստ իս, Հարու բերդի տեղն է, որը հիշում է Մխիթար Գոշը: Այն գրավել եւ ավերել է Ելտկուզը, քանի որ այլ քարտեզում (տախտակ) նրա տեղում նշված է Ղարի-քյոփրիվ անունով կամուրջը, որի վրայով լեկերը 1722 թ. անցկացրին Վարանդինից եւ Խաչենից վերցրած գերիներին:

 Վերին Խաչենի իշխանների օրոք, ԺԲ-ԺԴ դարերում, նրանց գահն ու ամրոցը Հաթերքն էր, որը գրվում է նաեւ Հայթերք եւ Խաթերք անուններով: Այն ցարդ կոչվում է նույն անունով եւ գտնվում է Թարթառի ափին, բայց թե որ կողմում՝ ճշգրտությամբ չի նշվում: Այդտեղ ավելի պատվավոր էր իշխանը, քան սահմանամերձ շրջանից շատերը, ինչպես որ մեզ հնարավորություն է տալիս գուշակելու Մխիթար Գոշը իր Դատաստանագրքի հիշատակարանում,1184 թ. «Խաչենի կողմերում քիչ թվով իշխաններ մնալու ժամանակ, կրոնավոր Վախտանգի Հասան անունով որդու եւ նրա որդի Վախտանգի ժամանակներում Հաթերք անունով դղյակին տիրում էին այլ իշխաններ, որոնց եւ ինքն ապավինել էր, նեղվելով գանձակի տաճիկներից, Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի սադրանքներից, ինչպես որ ցույց է տալիս Կիրակոսը: Իսկ քողարկելով ասում է « այն հալածանքների մասին, որոնք հասան մեզ ոչ թե օտարներից, այլ հարազատներից»: Եվ այն գրքերը, որոնք սկզբում նվիրել էր Ստեփանոսը, ընծայում է հասնի որդի Վախտանգին, որովհետեւ նրա հայր Հասանը, ըստ այդ հեղինակի վկայության եւ Դադիվանքի արձանագրության, 40 տարի իշխելուց հետո ճգնում էր այն մենաստանում: Նույնպես եւ նրա կինը Մամախաթունը՝ Կյուրիկե երկրորդ արքայի դուստրը, որի համար էլ նրանց որդի Վախտանգը կոչվում է թագավորազն եւ Հաթերքի ու ամբողջ վերին Խաչենի տեր:Սրա որդիները՝ Արզու խաթունից , երբ անժամանակ սպանվեցին նրա ազգակիցների կողմից ԺԳ դարի առաջին քառորդին, Հաթերքը տվեց իր ժառանգներին՝ մեծ խնամակալ /աթաբեկ/ Իվանեին, 1226 կամ 1227 թ. որը նույն տարին էլ մեռավ, իսկ նրա մահից հետո իշխանությունն անցավ նրա տոհմի մերձավորներին՝ Հանդաբերդի եւ Ծարի իշխաններին:

 Հետագայում այդ մասին հիշատակում է Առաքել պատմիչը, որն ասում է, որ 1576 թ. այլ գաղթականների հետ Հաթերք գյուղից Պարսկաստան են չվում եղբայրներ Օղլան քեշիշը եւ Ղարաբեկը: Այժմ մի գեղեցիկ եկեղեցի կա Հաթերքում, որտեղ պահվում է մի անվանի Խաչ տեղի անունով:

 Հաթերքի մոտ պետք է փնտրել Խաթրավանքը կամ Խթրավանքը, թերեւս հենց ավանի անունով, որը, ինչպես ասացինք, սկսվում է Խ տառով եւ վերջանում հոգնակիի մասնիկով: Թերեւս այն պետք է լինի Թարթառի հարավում Վայկունիքի վերջում, որտեղ Քիբերդի աշխարհագրությունը նշում է Չիրիքդար վանքը: Պատմիչները այս մենաստանը չեն հիշատակում, որով եւ շինարարության պատմությունն ու ժամանակը անհայտ են մնում, միայն արձանագրությունների միջոցով պարզվում է, որ նա բարգավաճման է հասնում ԺԲ-ԺԴ դարերում, որովհետեւ նրա կողքին, Ջումի կամ Խումի կոչված Խաչվեմի վրա կա Վասակի եղբոր՝ վերոհիշյալ Վախտանգ կրտսերի մասին հետեւյալ հիշատակությունը.«Երբ ՈԾ(1201) թվականնն էր, Վասակ բարեպաշտ իշխանիկը՝ Կյուրեկ թագավորի թոռը, Հաթերքի, Հանդաբերդի,Հավքախաղացի տեր Սակռի (Վախտանգի) թոռ Հասանի որդին, նույն աթոռակալ Վախտանգի եղբայրը, խաչեր է բերում, բայց ժամանակ չունենալու պատճառով չի կարողանում կանգնեցնել, որովհետեւ գնում է Գոլաստան եւ Աստծու օգնությամբ այն գրավում անօրեններից եւ այնտեղ բնակեցնում իր որդուն, իսկ ինքը նահատակվում է քրիստոնյաների համար: Նրա վրա շատերի աչքի առաջ լույս իջավ, իսկ հետո ՈԾ թվին, նրա որդիների Խոյդան ու Խոչախը նրա հոգու հիշատակի եւ իրենց կյանքի երկարատեւության համար հուշարձան կանգնեցրին: Ովքեր երկրպագում են, թող հիշեն իրենց աղոթքների մեջ»:

 Պահպանվել են նաեւ Զաքարեի եւ Իվանեի քրոջ՝ Խաչենի Գրիգոր իշխանի կնոջ՝ Դոփի արձանագրությունները, որոնցում ասվում է, որ նա ՈՀԴ (1225թ). կառուցում է գավիթն ու մատուռը.«ՈՀԴ թվին ես՝ Սարգսի դուստրս, Զաքարեի եւ Իվանեի քույր Դոփս, կառուցեցի այս գավիթն ու մատուռը, ավետարան տվեցի եւ իմ հոգու համար ընծայեցի Հանկաբակն ու Հակուռինը: Աստվածածնի երեք օրերը պատարագ արեք. Ով որ խափանի, Աստծուց թողություն չունի»:

 Եկեղեցում կան նաեւ այլ ազնվաազարմ տիկնոջ հիշատակություններ, այն է՝ Տարսայիճ Օրբելյանցի դստեր Ասփեինը, ԺԳ դարի վերջին, ինչպես որ նա արձանագրում է.«Քրիստոսի շնորհիվ եւ՝ արքայաշուք իշխան Տարսայիճի եւ իմ մոր Մինա խաթունի դուստր Ասփես եւ այս լուսանվեր եկեղեցու շինարաության ժամանկ ինձ՝ քրիստոսապսակ կնոջս, օգնություն ցուցաբերած մեծափառ իշխան Գրիգորը, որ կամեցավ մեծ քահանայապետ Տեր Հովհաննեսի միջոցով, իմ արդար ունեցվածքի հաշվին կառուցեցին բեմը սեղան է Քրիստոսին զոհեր մատուցելու համար, որպեսզի Ծննդյան, Տյառնընդառաջի, Զատկի, Վարդավառի, Աստածածնի, Սուրբ Խաչի տոների բոլոր շաբաթ եւ կիրակի օրերին բոլոր եկեղեցիները կատարեն այդ տոնը ինձ համար: Ես տվեցի նաեւ մեր վերին ընտիր հողն ու ջուրը: Մերոնցից կամ օտարներից որեւէ մեկը եթե խափանի պատարագը, թող հեռացվի (Աստծու ) Որդու փառքից»:

 Ձախակողմյան խորանը կոչվում է ս. Պրոկոպիոս, որի մոտ պետք է լինի Տեր Հովհաննեսի գերեզմանը եւ արձանագրություն. «Սուրբ Պրոկոպիոս. Այս եկեղեցին կառուցող մեծ տեր Հովհաննեսին ՝ Դոփի որդուն, մեծ իշխան Հասանի եղբորը, հիշեցեք ձեր աղոթքների մեջ»: Աջակողմյանը Ս. Մինասն է, որտեղ կա Մինա տիկնոջ հիշատակը, գուցե եւ տապանը. «Հանուն Քրիստոսի ձեր աղոթքների մեջ հիշեցեք Մինախաթունին՝ Ջալալ մեծ իշխանի դստերը եւ Տարսայիճի կնոջը»:

 Վանքի ներքեւում Ասփեի կարեւոր շինության հիշատակի համար կանգնեցվեցված է անթվակիր խաչարձան. «Աստծու կամքով ես՝ մեծ իշխան Տարսայիճի եւ Մինախաթունի դուստրս, աղվանից տեր մեծ իշխան քաջ Հասնի որդու՝ հսկայազոր Գրիգորի իշխանի կինս, կանգնեցրի այս խաչը, շինեցի կամուրջը, որպես հիշատակ մեր, անցյալի, ներկաայի եւ ապագայի մարդկանց հոգիների համար»: Բայց այս նոր կամուրջի մասին մեզ ոչ մեկը տեղեկություններ չի տալիս, միայն հարի կամուրջը նշում են Հյուրաթազ գյուղի մոտ, մի այլ կամուրջ էլ՝ Յանշախի մոտ: ԺԴ դարի Խութավանքի արձանագրություններում ասվում է այն մասին, որ Խաչենի Սարգիս իշխանը զանգակ է դրել այս եւ այլ վանքերում: Արձանագրությունների տեղերը անծանոթ են. Հանկաբակի երկիրը թերեւս կարելի է ուղղել Ցանկաբակ ձեւով, իսկ հակուսին կամ Հակուռին, ըստ մի այլ օրինակի, թերեւս Բերձորի Հակարի գյուղն է: Իսկ Ջումի կամ Խումի խաչը, որը այսպես տարբեր ձեւով են գրում Շահխաթունն ու Ջալալյանը, թվում է, որ տարբեր է Պում գյուղից, որտեղից էր Աղվանից կաթողիկոս Փիլիպոսը ԺԶ դարի կեսին:

 Մյուսը էլ ավելի հռչակված եւ հին մենաստանն է, Թարթառի ձախ կողմում, Լաչին գայա լեռան դիմաց: Խութավանքը Խութ գյուղի անունով է, որը հիշվում է արձանագրություններում. այն հաճախ կոչվում է Դադի կամ Դադոյի վանք եւ ոչ թե Թադեի՝ մեր մեծ առաքյալի անունով, այլ նրա աշակերտի անունով, որի մասին ասում է այդ վայրերին ծանոթ Վանական Վարդապետը. «Դադին, որը յոթանասունից մեկն էր, Թադեոսի հրամանով գնաց Մեծ Հայք ու հյուսիսի կողմերը եւ, լսելով Աբգարի մահվան մասին, վերադարձավ, մտավ Փոքր Սյունիք, որտեղ էլ թաքուն ճգնելով վախճաանվեց: Այդ տեղում վանք կառուցվեց եւ կոչվեց նրա անունով»: Այս բանը հիշում է եւ Միխայել Ասորին ու նրա մահվան տեղը Դադիա կոչում: Այլ արձանագրություններում գրված է եւ Տաթեի վանքը ձեւով:

 Վանքի շինարարության ժամանակը հարկ է դնել առաջին դարում, ինչպես որ Գոշը Առաքելադիր է կոչում այդ ուխտը: Գրքերում առաջին անգամ հիշվում է Աղվանքի պատմության մեջ, Թ դարի սկզբին, երբ Ներսես Փիլիպպյանը Աղվանքի գահի պայազատներին «սպանեց մի ժամում, Խորաձորում, որը կոչվում է Դադոյի վանք»: Տեղի հիման վրա նկարագրվում է վանքի դիրքը, որը շրջապատված է եղել գեղեցիկ եւ պտղատու ծառերով: ԺԲ դար կեսին Գանձակի Չավլի իշխանը, հարձակվելով Խաչենի կողմերի վրա, «այրեց նաեւ սուրբ առաքելադիր վանքը, որը կոչվում է Դադուի վանք»: Կիրակոս պատմիչը հիշում է «Դադոյի վանքի եպիսկոպոս Տեր Գրիգորիսին», որը կաթողիկոսի հետ գնաց Ծար՝ ի հերքումն Դավիթ մոլորեցուցիչի: Բնակարանների հետ միասին թեպետ կանգուն է այս մենաստանը, բայց ամայի է:Կանգուն է մնացել նաեւ սրածայր կաթողիկեով եկեղեցին՝ կառուցված Վախտանգ Բ-ի տիկնոջ Արզու խաթունի կողմից 1214 թ., իսկ նրա շուրջը կան մեծապատիվ մարդկանց գերեզմաններ:

Նրա խորաններից մեկում գտնվեցին ձեռագիր մատյաններ: Անխաթար է մնացել բարեպաշտ տիկնոջ գեղեցիկ արձանագրությունը. «Ամենակալ Աստծու եւ նրա միածին որդի Հիսուս Քրիստոսի շնորհիվ ու ամենասուրբ Հոգու պարգեւներով եւ՝ Քրիստոսի աղախին Արզու խաթունս, մեծ իշխանաց իշխանի դուստրս, Հաթերքի եւ ամբողջ վերին Խաչենի տիրոջ թագավորազն Վախտանգի տիկինս, մեծ հույսով կառուցեցի այս սուրբ եկեղեցին իմ ամուսնու, զավակներ Հասանի ու Գրիգորի գերեզմանոցի տեղում, որոնք անժամանակ վախճանվեցին, որովհետեւ իմ մեղքերի համար Աստված ինձ խրատեց եւ իմ գլխից վերացրեց երկուսի վայելուչ պսակը, քանի որ իմ անդրանիկ որդին՝ Հասանը սպանվեց պատերաազմում թուրքերի ձեռքով քրիստոնեական հավատի համար, եւ երեք տարի անց իմ կրտսեր որդի Գրիգորը, բնության պարտքը հատուցելով, գնաց տիրոջ մոտ՝ անմխիթար սգի մեջ թողնելով թշվառ մորը: Բայց որովհետեւ իրենց կենդանության ժամանակ նրանք մտադրվել էին այդ տեղում կառուցել եկեղեցի, բայց չհասցրին անժամանակ մահվան պատճառով եւ ինձ ավանդեցին՝ անպայման կատարել իրենց սրտի փափագը: Եվ հանձն առնելով ես մեծ հույսով ու աշխատանքով կառուցեցի այս քավարանը՝ նրանց, իմ դուստրերի եւ իմ ամբողջ ցեղի հոգու փրկության համար:

Այժմ աղերսալի աչքերով խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր երկրպագում են այս խորանին, թող հիշեն իրենց աղոթքների մեջ վերեւում գրվածը: Ավարտվեց ՈԿԳ թվին ի փառս Աստծու եւ սուրբ ուխտի նորոգության համար: Եվ եղբայրներիս կամակցությամբ հաստատեցինք սուրբ եկեղեցու ժառանգության սահմանները՝ Ապահեն, Եզնարածաց, Բչան, Վայոց ձորի Կանաչավոր գյուղերն իրենց ագարակներով ու սահմաններով, ինչպես եւ Արփա երկու տունը: Ավագ խորանի պատարագը վերը գրվածի համար անխափան պետք է կատարվի: Եթե որեւէ մեկը՝ լինի իշխաններից, առաջնորդներից կամ որեւէ այլ անձանցից, փորձի խափանել այս հաստատված կարգը, թող խափանվի նրա հույսը Քրիստոսի նկատմամբ, եւ նա դատապարտվի Աստծու կողմից»:

 Կան եւ Վախտանգի ծնողների՝ Հասանի եւ Մամայի հնագույն արձանագրությունները. «Աստծու կամքով ՈԼԱ (1282) թ. ես՝ Վախտանգի որդի Հասանս, Հաթերքի, Հանդաբերդի, Խաչենաբերդի, Հավքախաղացի տերս, որպես իշխանապետ մնացի Խ տարի, շատ պատերազմներ մղեցի եւ Աստծու օգնությամբ հաղթեցի իմ թշնամիներին: Ես ունեցա վեց որդի. Բերդերն ու գավառները տվեցի նրանց եւ ես եկա վանք, իմ եղբայր իշխան Գրիգորիսի մոտ եւ կրոնավոր դարձա, մեծ չարչարանքով ու բազում հնարքներով Հազուից (կամ Ազուից) բերեցի այս խաչքարը ու կանգնեցրի այս սուրբ նշանը, որպես հիշատակ իմ հոգու համար: Ովքեր երկրպագում են, թող աղոթքների մեջ հիշեն»:

 Թվում է, որ հետեւյալ արձանագրությունը նվիրված է սրանց մերձավոր Վախտանգին: «Աստծու կամքով ես՝ Սմբատի որդի Վախտանգս, Հիսուս Քրիստոսի ծառաս եւ իմ ամուսինը՝ Քրիստոսի աղախին Հանան, միաբանեցինք Դադի վանքի հետ, մեր ժառանգությունից՝ սկսած Չիչխա ձորի բերդից մինչեւ Խոգենակի այգին, տվեցինք վանքին, արեցինք նվերներ, մեծ ծախսով ու մեծ հույսով կանգնեցրինք մի մեծ խաչ: Մենք բնակիչներս, Տեր Գրիգորիսը եւ միաբաններս, սահմանեցինք բոլոր եկեղեցիներում Հովհաննես Նանայի, Վարդանանց Վախտանգի տոներին երկու օր ժամասացություն կատարել: Արդ, ով ընծաները եւ ունեցվածքը խլի սուրբ վանքից կամ խափանի ժամասացությունը, ՅԺԸ (318) հայրապետների կողմից նզովվի եւ մեր մեղքերի նետերը դառնա»:

 Թվում է, որ Վախտանգը Լիպարտյան Սմբատի որդին է, որի մասին արձանագրվել է 1265թ. «Աստծու կամքով ես՝ Սմբատ իշխանս՝ մեծ Լիպարտի որդիս, միաբանեցի Դադի վանքի սուրբ ուխտի հետ Տեր Հովհաննեսի առաջնորդությամբ եւ գնեցի Խրնտաշանց այգին, Եղեգիսում իմ գնած ձիթհանքը, ստացված արդյունքները, կանաչապատ գյուղը եւ այլն, որոնք հաստատեցի բարի ծախսով, տվեցի սուրբ կաթողիկեին: Տեր Անաստասը եւ մյուս միաբաններս սահմանեցինք մեկ ժամերգություն բոլոր եկեղեցիներում Զատկի կիրակիի հարության օրը: Ով որ խլի մեր տվածը կամ ժամերգությունը խափանի, ՅԺԸ հայրապետների կողմից նզովված լինի»:

 Այդ նույն ժամանակ եւ Մամքանը՝ երկրի մեծ իշխան Հասանի կինը, շնորհում է բազում կալվածքներ, 1267թ. «ՉԺԶ թվին Աստծու օգնությամբ ես՝ արի Հասանի կին Մամքանս եւ մեր որդի Գրիգորը, լինելով այս տեղերի տերերը, որոնք հաստատել էին մեր իշխանները, մեր սուրբ միաբանությանը տվեցինք Չոլբեկանց, Ծագունանց Ձվատեղը: Ես՝ Գրիգորս, մեր բաժին Ծագունանց հողերը տվեցի իմ որդի Տեր Սարգսին: Ով որ խլի սուրբ միաբանությունից, կդատապարտվի Աստծու կողմից: Մեր միաբանները սահմանեցին սուրբ Ստեփաննոսի տոնի ժամերգությունը, որը նվիրված է իմ մորը եւ իմ կնոջը՝ Ասփեին: Ով որ ժամերգությունը խափանի կամ ընծաները խլի, կդատապարտվի Աստծու կողմից: Բացի դրանից, մեր բաժին Մոխրաբակը եւս տվեցինք սուրբ միաբանությանը»:

 Սրանց սերունդները ԺԴ եւ ԺԵ դարերում ամրացրել ու ավելացրել են նվերները, ինչպես որ արձանագրվում է ընդարձակ կերպով. Դրանց մեջ մեզ համար կարեւոր են վանքի եւ Վախտանգաց ու Հասանյանց տոհմի մասին տեղեկությունները, որի համար դրանց կանդրադառնանք ստորեւ:
 122. Դոփի որդիներն ու թոռները եւ նրանց կալվածքը.

 «Իշխանանց իշխան Սարգսի դուստր, բարեպաշտուհի Դոփը, որի ամուսինն էր բարեպաշտ Խաթրա Գրիգորը, իսկ նրանց որդին՝ քաջ ու հաղթող զորավար, Ականի, Հանդաբերդի, Սոթքի, Շաղղաքի եւ բազում այլ գավառների մեծ իշխան Հասանը, ամենից շատ սիրում էր իր հայրենի Ծար գյուղը եւ քաջության պարգեւները, որոնք տրված էին հայոց աշխարհակալների կողմից որպես արյան գին: Նա ուներ Քրդի դուստր Մամքանին, իրենց որդի բարի Գրիգորյանին նրա ամուսինն էր Ասփը՝ Սյունյանց կողմերի իշխան, Տարսայիճ կոմսի դուստրը: Նա շատ ունեցվածքով ու ծախսերով փարթամացրեց Ստաթե վանքի սուրբ միաբանությունը, որովհետեւ կառուցեց տաճարը, դարպասը եւ այլ ուրիշ արդյունավետ գործեր արեց: Իսկ մյուս որդին՝ Տեր Հովհաննեսը, կառուցեց Գետամեջ սուրբ վանքը: Գրիգորի որդի Վահրամը եւ սրա որդի Սարգիսը եւս բազում օգտակար գործեր կատարեցին: Դրանցից մեկը Տաթեւ, Խթրի, Գետամեջի, Ծար գյուղաքաղաքի վանքերի գեղեցիկ զանգակներն են, որ կան մինչեւ օրս: Սրա որդին էր Հասանը, որից էլ սկսվում է Դոփի ցեղը, որոնք են Շահնշահը՝ Ուլուբեկանց Պապը, Ալբուղինը՝ Հայտնեցուց Պապը, Ջահանշենը՝ Շահանղեցուց Պապը: Հասանի որդին էր Ապուղենը , նրա որդին՝ Դուրսուն, իսկ նրա որդին՝ Այտինը: Եւ սրա ժամանակ, իսմայելացիների հզորացման, հայոց թագավորության թուլացման ու հայոց իշխանների ցիրուցան լինելու ժամանակ, այլազգիները հարձակվեցին եւ Մուլք մեծ իշխանին՝ Բեթալ Հասանին, ամորձատեցին «մալ արարին»: Պարոն Այտինը գնաց դիվան, երեք տարի աշխատեց եւ, շատ բան տալով, այլազգիների ձեռքից ազատեց վանքերը, որոնք Տերը կտա իրեն որպես վարձ իր ծառայության համար»:

 «Ամենակալ Աստծու եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կամքով գրվեց մեր այս իշխանական հրամանը. մենք՝ Տերսունս, Սետեն, Պռոշը, Գրիգորը, Հասանը, մեր եղբայրներն ու որդիները, այս հաստատ հրամանը տվեցինք Տեր Ավագ Եպիսկոպոսին ու նրա եղբայր Մանվել աբեղային՝ նրանց լավ հավատարմության համար, որպեսզի մեր հայրենի աթոռ Դադիվանքը, Խաթրավանքը, Գետամեջը, որ մեր գերեզմանատունն է՝ մեր պապերից մեզ մնացած, նրանցը լինի, քանի որ այդ վանքերում մարդ չկար, որոնք սկզբում շեն էին պահում ու լուսավորում եկեղեցիները. այդ պատճառով ուղեւորվեցինք եւ դրանք նվիեցինք սուրբ աթոռին, նրանց հանձնեցինք նաեւ երկու իշխանությունը՝ եպիսկոպոսությունը եւ պարոնությունը: Ինչպես որ մեծ կաթողիկոս Տեր Վարդանը Դադիվանքը, Խաթրավանքը, Հաղպարտը իր վիճակով տվել էր Տեր Աթանասին ու Տեր Սարգսին, նունպես եւ այս հոգեւոր Տեր Գրիգոր կաթողիկոսը այս աթոռը հաստատեց վիճակով շրջաբերականով»:

 «Ամենակալ Աստծու կամքով ես՝ Սեյտիս՝ պարոն Հասանի թոռս, պարոն Շանշիի որդիս, մենք՝ Գրիգոր Հասանս, Պեկին, Ալթունքը՝ պարոն Վահրամի որդիները, պարոն Հասանի թոռները, ես՝ Այտինս՝ Մարոն Տուրսունի որդիս, պարոն Աղբուղի թոռս. մենք՝ չորս եղբայրներս, մեր վանքերից տվեցինք Ապահենը, Խութը, Խոզենակը՝ իր չորս սահմաններով, սկսած Չափարի հանդից՝ Ձագունաց ագարակ գյուղի, Բռնչի աղբյուրի, Թողանանց գետի, Պետրոսապահի հետ միասին, իսկ մեր պապերը տվել են Սոխանանցը, Ծովատեղը, Ջաջորանցը, Չալբեկանցը, Ցրնդոտնը, Շիրմանանցը, Գրիգորաթաղերը, Դադիվանքը՝ իր քոլատակներով, Հերանանց Հակառակաբերդով, Նավի աղբյուրով, Բերդաքարով, Կռապաշտի ձորով, Ողնով, ինչպես նաեւ Ծաղկանցը, Եզնարածանցը, Խոզենակուց մեծ այգին Մանանաձորի հետ միասին: Տվեցինք Ավագ Եպիսկոպոսին, որը մեր մեծն է, քանի որ նրա պարտականությունն է ղեկավարելը: Նա Աստծով ազատ է, իսկ եթե ուրիշ մարդ է ղեկավարում, տասանորդը անպայման առնում եւ տալիս է վանքին: Սա եղավ մեր առաջին ուխտը Աստծո եւ սուրբ Թադեւոսի առաջ: Ով մեզնից հետո այս կարգը խաթարի կամ կալվածքները խլի՝ լինի մեր որդիներից, թոռներից, թե ազգականներից, Աստծու առաջ մեղապարտ է սեւերես, ՅԺԸ հայրապետների կողմից նզովված, Կայենին եւ Հուդային դասակից: Իսկ եթե այլազգի եւ թուրք լինի, իր հալալը թող հարամ լինի, եւ իր մարգարեի (փեղամպար) կողմից նզովված լինի ամեն»: Այս ամենից հետո նոր նորոգվող տեղում ԺԶ դարի կեսին արձանագրված է մի խաչվեմի վրա, երեք վանքերի Երկու էրիս կոչված տեղում:
 «Հանուն Աստծու ես՝ Տեր Գրիգորս, երեխա ժամանակվանից եկա եկեղեցու դուռը, շատ աշխատանք կատարեցի, Շանթամաղի իշխանությամբ վանքն ավերեցին, ես չհամձայնեցի, նրա շենքը գնեցի եւ շինեցի. կառուցեցի երեք ջրաղաց, հիմնեցի երեք այգի եւ եկա սուրբ Առաքյալի դուռը, շինեցի խութը, որ այս եկեղեցու ունեցվածքն է հավաքում այգիները, բանաջարանոցները, ջրաղացները եւ այլ բաներ եկեղեցուն նվեր տվեցի: Արդ, ով որ այս գյուղերը կամ կալվածքները ջանա խլել սուրբ Առաքյալից, ՅԺԸ հայրապետների կողմից կնզովվի, Հուդայի, Կայենի եւ Քրիստոսին խաչողների բաժինը կստանա, մեր մեղքերի տերը կդառնա: Իսկ ով որ շեն պահի եւ մեզ հիշի, Քրիստոսից հատուցում կստանա ամեն ՌԷ թվին»:

 Այս Գրիգորը վանքերի առաջնորդների մեջ արձանագրվածներից վերջինն է, իսկ մյուսներն են՝
 Տեր Գրիգորիս՝ Վախտանգ Ա-ի որդին, 1181
 Տեր Հովհաննես,1265
 Տեր Անաստաս,1265
 Տեր Սարգիս՝ Հասան Գ-ի որդին, 1267
 Տեր Վարդան, ԺԵ դարում
 Տեր Ավագ, ԺԵ դարի կեսին.
 Տեր Գրիգոր, 1558.

 Իսկ երեսունից ավելի հիշատակված վայրերի արձանագրություններում, թեեւ շատ փոքր ագարակներ կան, բայց մեզ հայտնի չեն նաեւ շատ գյուղեր, ձորեր, բերդեր, ինչպես, օրինակ՝ Չիզխաձորի բերդը, Մանանայի ձորը, Սուխանանց ծովատեղը, Ցրդնոտնը եւ այլն, ինչպես նաեւ Հազուն կամ Ազուն, որը հեռավոր վայրերից ՝ թվում, որտեղից էլ քաջ Հասանը մեծ չարչարանքով ու բազում հնարքներով բերել է մեծ խաչքարը, որի վրա մի այլ ընդօրինակող այդ տեղի անունը գրում է Աղու կամ Հաղու ձեւով:

 Չգիտեմ այդ նույն Դադոյի, Խթրավանքի, թե մանավանդ ուրիշ վանքերի հետ է Խադայի տունը, որը հիշում է Կիրակոսը՝ վարդապետներից ոմանց մասին ասելով. «Խաչենի սուրբ վարդապետներ, միմյանց հարազատ Գրիգորիսը եւ Տեր Եղիան, որը (վանքը) Աստված զարդարել էր երկու մարդով, այս աշխարհից տեղափոխվեցին Քրիստոսի մոտ եւ գտնվում են աստվածափառ Խադայի տան պահեստում. առաջինը վախճանվել է ՈՁԷ (1238)թ., իսկ Եղիան՝ ՈՂԸ (1249)թ.,»: Սրանց տապանագիրը ընդօրինակում են Ջալալյանները, բայց չեն նշում որոշակի տեղը այլ Խթրավանքի արձանագրությունների թվում նշում են առանց վերնագրի. «Այս է գերեզմանն ու շիրիմը վեհիմաստ ու արդյունավոր վարդապետներ, սուրբ միաբանության առաջնորդներ Գրիգորի եւ Տեր Եղիայի. ովքեր կմտնեն խորանը, թող հիշեն հանուն Քրիստոսի, աղաչում եմ ձեզ՝ նաեւ Գրիգոր եպիսկոպոսին հիշեցեք հանուն Տիրոջ»: Երկուսն էլ գտնվեցին Գանձասարի եկեղեցու օծման նավակատիքի ժամանակ, եւ ինչպես խոսքերից երեւում է՝ Եղիան վախճանվել է 1249թ, որը այն վանքի առաջնորդն էր, որի տեղը մեզ անծանոթ է, բայց ստույգ երեւում է, որ անունը Թադեոսի աշակերտի անունով է, որի մասին ասում է նույն վանական Վարդապետը. «Եղիշեն եւ Խադան յոթանասունից երկուսն են, որոնք Թադեոսի հրամանով գնացին Աղվանքի կողմերը եւ այնտեղ վախճանվեցին»: Այսպես վկայում է Քրիստոսի երեք աշակերտների մասին, որոնք հյուրընկալվել են Արցախի անձուկ մարզում:



ԽԱՉԵՆ

 Անվանի գավառը, ինչպես նաեւ Խաչենի աշխարհը, հիշվում է Դ դարից Խաչյանք տոհմի անունով, Ներսես Մեծի եւ Արշակունյաց արքաների գահնամակում, որը հետագայում երկար ժամանակ անծանոթ է մնացել պատմություններում: Այն միջին դարերում իր իշխանությունը տարածեց նաեւ վերը նկարագրված Թարթառի հյուսիսային կողմերի գավառների վրա, հասնելով մինչեւ Գեղամա ծովի ափերը եւ Չրբերդի ամբողջ գավառը, մինչեւ որ այդ երկրամասը կոչվեց Փոքր Սյունիք, որը հայոց նահանգներից (աշխարհ) մեկն էր: Առավելապես նրա միջին եւ հարավային կողմերը կոչվում էին Խաչենք կամ Խաչենի երկիր՝ սրանում գտնվող գլխավոր բնակավայրի անունով. սա Ներքին Խաչենն է:

Աշխարհագրի բառացանկում ասվում է. «Խաչենը սուրբ Կարապետի գլուխն է, Գանձասարն է», որը վկայում է այն մասին, որ այնտեղ է եղել երկրամասի կենտրոնը, այսինքն՝ Խաչենի բերդը, թեեւ այժմ անհիշատակ է: Գանձասարի ՁԻ(1271)թ. մի արձանագրությունում այն կոչվում է Սուրբ Խաչեն, որը ապացուցում է, որ այն իր անունն ստացել է սուրբ Փայտից(Խաչից) քրիստոնեության առաջին դարերում, սուրբ Մեսրոպից ավելի առաջ: Իսկ երկրի տերությունն ու պայազատները բարգավաճման են հասել Թ դարում, երբ հիշվում է նախ Խաչենի բերդը. Աղվանքի իշխան Վարազ Տրդատի կինը, դավադրությունից խուսափելով, «առնում է իր մնացած դստերը՝ Սպրամին (կամ Ապրսամիկին) եւ գիշերով եւ մեծ դժվարությամբ մտնում է Խաչենի բերդը… Սպրամին ամուսնացնում է Սահլի որդի Ատրեներսեհի հետ, որը Հայկազյանց տոհմից էր եւ Սյունիքի տերը», որի սերունդները հասան արքունական աստիճանի Սյունիքում եւ Արցախում, որտեղ կոչվեցին Փառիսոսի թագավորներ: Եվ այդ ցեղից ուրիշները Խաչենի իշխաններ ու պայազատներ դարձան, որոնցից հիշվում է ոմն Գրիգորը Ժ դարի կեսին, որը հյուրընկալվել էր Անանիա կաթողիկոսի կողմից: Եւ դրանից առաջ Պերփեռուժեն Կոստանդին կայսրը հիշում է Խաչենի իշխանին, նրան դասելով մեծաշուք իշխանների շարքը, որոնց մասին պատշաճ է համարում գրել նամակի վերնագրում:

 ԺԲ դարի սկզբին Խաչենի պայազատները բաժանվում են երկու գլխավոր տոհմի, որոնցից մեկը տիրում է վերին խաչենին, այսինքն՝ Վայկունիքին եւ Սիսականին, գահը պահելով Հաթերքում, մյուսը՝ Ներքին Խաչենին՝ ունենալով Խաչենաբերդ գահանիստը: Արձանագրություններում եւ պատմիչների երկերում առաջինները կոչվում են Դերսումյանք, իսկ երկրորդը՝ Սակռյանք: Առաջիններին ազգակիցներ ենք գտնում մինչեւ ԺԶ դարի կեսը, իսկ երկրորդինը՝ ԺԳ եւ ԺԴ դարերում: Դրանցից հետո երկուսը կոչվում են մի Հասան-Ջալալյան տոհմ անունով, որոնցից հետագայում նշանակվեցին Աղվանքի կաթողիկոսներ, եւ ցարդ գոյություն ունեն տոհմի ճյուղերը: Օգտվելով դյուրըմբռնելի արձանագրություններից ու պատմություններից՝ նշանակեցինք նրանց հաջորդական կարգը, որքան որ կարողացանք. թվերից մեկը ցույց է տալիս նրանց ապրած տարիները, իսկ մյուսը՝ մահվան, որտեղ դրվում է խաչանշան ( + ):

 Գանձասարի արձանագրություններում կարդացվում են սրանց անվանակից այլ պայազետներ ԺԵ-ԺԶ դարերում, որոնց հաջորդականությունը չկարողացանք նշանակել, ինչպես նաեւ հներից շատերին, որոնք հիշատակված են Կիրակոսի կողմից որպես հնագույն խաչեցիներ. Այսպես՝ Հաղբակյանները ԺԳ դարի սկզբում, որոնք այլուր կոչվում են Վարդանանց ազգ, եւ Շահապունյաց բնիկները, որոնց ճյուղագրությունը տրված է Կեչառուքի արձանագրության մեջ:

 Փառիսոսի թագավորների վերացումից հետո Գանձակի ամիրաները սկսեցին նեղել Խաչենի իշխաններին. Նախ Փատլունը ձեռք գցեց գավառին, որին հակառակվեց Գագիկ Ա Բագրատունին: Բայց երկրի իշխանները, պատսպարվելով իրենց ամրոցներում, բռնակալներին պակաս նեղություն չպատճառեցին: ԺԲ դարի կեսին, 1146թ., Գանձակի Չավլի իշխանը կրկին գնաց Խաչենի, Տանձիքի եւ Ադախի կողմը, քանի որ նրա ձեռքի տակ չմնացին այն դղյակները, որոնք նա առաջին անգամ առել էր. Այնտեղի ազատվածներից մնացածները, որոնք թաքնվել էին անտառներում, նորից են գրավում իրենց բերդամրոցները եւ ապստամբություն մղում տաճիկների (թաթարների) դեմ: Այդ պատճառով նեղվելով՝ Չավլին դիմում է նրանց վրա՝ վրեժխնդրության համար: Նա չնայած ամրոցները չկարողացավ առնել, բայց ամբողջ գավառը իսպառ ավերեց: Այրեց եւ սուրբ առաքելադիր ուխտը, որ կոչվում է Դադուչ վանք, եւ ինքը չվեց- գնաց Մարաց աշխարհը»:

 Սակավ ժամանակ անց եւ բռնակալ Ելտկուզը «պատերազմը չէր դադարեցնում Խաչենի իշխանների դեմ, որովհետեւ երբեմն գաղտագողի գնում էր, գրավում Հարու ամրոցը եւ բոլորին առհասարակ սրի քաշում»:

 Դրանից հետո իշխանները հզորացման, գերազանցեցին թաթարներին եւ իրենց ցեղը խառնեցին ժամանակի ազնվագույն տոհմերի՝ Կորիկյանների, Բաղացիների Զաքարյանների եւ Քուրդյանների հետ: Եւ այդ ժամանակամիջոցում կառուցվեցին երկրի սուրբ վանքերը, որոնց գլուխը կանգնեցին անվանի եւ իմաստուն մարդիկ, որոնցից ոմանք գնացին Գուգարքի կողմերը եւ դարձան մեծահամբավ Հաղպարտի աթոռի առաջնորդներ, ինչպես, օրինակ, Բարսեղը ԺԲ դարում եւ Հովհաննիսյանները ԺԳ դարում, ուր գնաց եւ տեսումեն Խաթունը եւ կառուցեց Տրիամոր եկեղեցին: Նրա հետ այնտեղ գնացին եւ նրա եղբայրները, որոնք այնտեղ ապրեցին եւ մեռան:

 Սրանց եղբորորդի Հասանը՝ փաղաքշաբար Ջալալ-Դոլ կոչվածը, Խաչենի իշխանների մեջ անվանի եղավ, փառքով եւ շինարարությամբ աչքի ընկավ Գանձասարում, որի արձանագրության մեջ նրան եւ նրա հորը թագավոր են անվանում:

Ա
ՎԱՍԱԿ
ՍՄԲԱՏ, ԳՐԻԳՈՐ/1148-50/
ՎԱԽՏԱՆԳ Ա
ՀԱՍԱՆ Ա /1141-1184/, ՏԵՐ ԳՐԻԳՈՐԻՍ, /1182/
ՎԱՍԱԿ /+1201/
ԽՈՅԱԴԻՆ, ԽՈՉԱԽ ԴԱՎԻԹ
ՎԱՍԱԿ /1237/
ՍՄԲԱՏ, ՀԱՍԱՆ Բ> /+ 1244/, ԳՐԻԳՈՐ /1212/

Ա.Ա. ԳՐԻԳՈՐ ՀԵՃՈՒՊ /ԽԱԹՐԱ/ /1255/
ՄԱՌԻ ՀԱՍԱՆ Գ ԴՈՓՅԱՆ, ՍՄԲԱՏ,
ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ, ԳՐԻԳՈՐ ԴՈՓՅԱՆ /1243/
ԳՐԻԳՈՐ /1275/
ՎԱՀՐԱՄ
ՍԱՐԳԻՍ
ՀԱՍԱՆ Դ
ՋՀԱՆՇԱՇ, ՇԱՀՆՇԱՀ , ԱՂԲՈՒԲԵ, ՎԱՀՐԱՄ
ՀԱՍԱՆ, ՍԱՅՏԻ/1430/ ՏՈՒՐՍՈՒՆ /1463/ ԳՐԻԳՈՐ, ՀԱՍԱՆ ԲԵԿ, ԱԼ ԹՈՒՆ
ՇԱՀՆՇԱՀ
 X ԱՅՏԻՆ /1467/
ՋՀԱՆՇԱՀ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎՐԴ. /1583/

Բ.
ՆԵՐՔԻՆ ԽԱՉԵՑԻՆՔ
ՎԱԽՏԱՆԳ Ա
ՀԱՍԱՆ ՄԵԾ
ԽԱԹՈՒՆ, ՎԱԽՏԱՆԳ ԹԱՆԿԻԿ / 1213/
ՍԵՆՔԵՐԻՄ, ՍԵւԱԴԱ
ՄԱՐԻՆԵ, ՆԱՍՐԱ ԴՈԼ, ՀԱՍԱՆ ՋԱԼԱԼ ԴՈԼ, ԶԱՔԱՐԵ, ԻՎԱՆԵ /1214-1261/
ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ / 1271/
ՄԱՄԱ ԽԱԹՈՒՆ, ԱԹԱԲԵԿ /1261-82/, ՌՈՒԶՈՒՔԱՆ ԿԻՆ, ՄԻՆԱ ԽԱԹՈՒՆ
ՊԱՐՈՆ ՋԱԼԱԼ
/Երկու Ջալալների միջեւ պակասում են 2 կամ 3 ցեղեր/:
ՋԱԼԱԼ ՄԵԾ
ԱԹԱԲԵԿ, ՀՈՎՀԱՆ ԿԹՂԿՍ ԱՂԲԱՍՏ կամ ՊԱՍՏԱՆ /1443-71/
ԱՅՏԻՄ ԲԵԿ ԱՐԻՍՏԱԿԵՍ ԿԹՂԿՍ.
ՍԱՐԳԻՍ ՄԱՅՏՈՒՆ /1457/
ՀԱՏԻՐ ՄԵԼԻՔ /1500/
ՍԱՐԳԻՍ ԿԹՂԿՍ. /1546/
ՄԵՀՐԱՄ ԲԵԿ /1586/
ԱՂԱՋԱՆ ԲԵԿ
ՎԵԼԻՋԱՆ ԲԵԿ
ԲԱՂԴԱՍԱՐ
ՎԵԼԻՋԱՆ Բ.
ՍԱՐԳԻՍ………………..
ԵՐԵՄԻԱ ԿԹՂԿՍ.
ՄՈՒԼՔԻ ԲԵԿ
ՄԵԼԻՔ ԱԼԼԱՀՎԵՐԴԻ
ՄԵԼԻՔ ԳՐԻԳՈՐ
ՄԵԼԻՔ ԲԵԿ
ԻՍՐԱԵԼ ԲԵԿ, ՋԱԼԱԼ ԲԵԿ………..
ՍԱՐԳԻՍ ԿԹՂԿՍ., ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԹՂԿՍ.
ԴԱՆԻԵԼ ԲԵԿ
ԲԱՂԴԱՍԱՐ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

նրա կինն էր Մամքանը՝ Բաղաց թագավորի թոռը: Նրա խնդրով եւ մեծն Վանականի հրամանով ոմն Տեր Իսրաելը՝ Գրիգորի եղբայրը /ըստ իս՝ Եղիան է հիշատակել/,վկայաբանություն սահմանեց՝ ըստ հայկական եւ հռոմեական ամիսների, եւ առաջինը սա է հիշվում ստույգ ժամանակով տոնավեպ մատյանում: Այս Ջալալը, առաջինը նեղվելով թաթարներից, աստվածային ողորմություն գտավ, եւ Սարդախ խանը նրան վերադարձրեց Չարաբերդը, Ականան, Կարկառը, որոնք գրավել էին իրենից: Բայց բանսարկու մարդկանց միջոցով նա հանձնվում է Արղուն խանի ձեռքը: Մինչ նրա դուստր Ռուզուքանը՝ ոմն Բոր թաթար իշխանի կինը, աշխատում էր փրկել նրան, անօրենները շտապեցին չարաչար մահվամբ սպանել բարյացապարտ մարդուն, 1261թ.: Եւ նրա որդի Աթարբեկը բերել տվեց նրա նշխարված մարմինը եւ թաղեց Գանձասարում:

 Դրանից սկիզբ է առնում Հասան- Ջալալյանների ցեղը, որոնցից է Ջալալբեկ իշխանը իր երկու եղբորորդիների հետ: Նա 1586թ. հայոց այլ մելիքների հետ միասին գաղթեց Պարսկաստան, զզվելով օսմանյաններից, որոնք 1579 կամ 1580թ. թալանեցին ու ավերեցին Խաչենն ու Չարաբերդը:

 Բայց հզոր եւ իշխանավոր մարդիկ չպակասեցին Խաչենի տնից եւ հետագա դարերում. Սյունյաց մելիքների հետ միասին մինչեւ մեր դարը նրանք գրավեցին վիճակների ու գյուղերի վերակացությունը: Լեկերը 1722թ. արշավեցին Ուտիք եւ հասան մինչեւ Խաչենաձոր, ավարի ենթարկելով երկիրը, մեծ վնաս պատճառեցին: Մեկ տարի անց խաչեցիները, միանալով Ուտիքի կողմերի բնակիչների հետ, կանգնեցին օսմանցիների եւ պարսիկների դեմ: Եւ ԺԸ դարի վերջերին, բռնակալ Փանահ խանի օրոք, ինքնագլուխ իշխանությամբ փառավորվում էին Հովսեփ Մելիքը եւ նրա որդի Բեկլարը՝ զորավոր եւ կորովի մարդիկ, եւ նրանց նման Ադամ Մելիքը, որը նրանցից էլ առաջ անցավ փառքով եւ հերոսությամբ, եւ որի մեծաշեն վիմատաշ ապարանքները մինչեւ օրս կանգուն կամ գավառի տարբեր կողմերում: Մելիք Շահնազարը՝ մեծահանճար եւ քաղաքագետ մի մարդ եւ ուրիշները՝ Մելիք Ալլավերդին, Մելիք Բաղրամը , Մելիք Եսային, Մելիք Միրզախանը, մնացին պարսից հպատակության տակ: Նրանց սերնդից ոմանք եւ այժմ պատվի են արժանանում ռուսաց դռանը:

 Ջալալյանների իշխանության ժամանակ Խաչենի սահմանը ձգվում էր դեպի հարավ, հասնելով մինչեւ Շուշիի կողմերը, որ մոտ է Գարգար գետին, իսկ ամբողջ երկիրը նրա ու Թարթառի միջեւ է, որոնց միջով, բարգավաճ հովտով, հուսում է Խաչենագետը, որն իջնում է Գանձասարի եւ Շահթախտի լեռներից, որոնք գտնվում են Գըրք-կյոզ լեռան վերջում՝ Խաչենի, Զանգեզուրի, Վայկունիքի միջնասահմանում: Խաչենագետը աջից ընդունում է մի մեծ եւ մի քանի փոքր վտակներ: Բայց նշանավոր երկրի բնական կերպարանքը, բացի Շուշիի կողմերից եւ արքունական ճանապարհից, մեզ լավ ծանոթ չէ՝ այստեղով հետաքրքրվող ուղեւորների չանցնելու պատճառով:

 Արցախի եւ Ուտիքի այլ գետերի նման Խաչենագետն էլ ձորերով է իջնում, որի հետեւանքով էլ այդ մասը Խաչենաձոր է կոչվում: Մեր նախնիներից Կիրակոսը հիշում է, թե ինչպես 1240թ. Խաչենում սարսափելի ու խոշոր կարկուտ է տեղում, որի հետ էլ թզաչափ ձկներ են թափվում, որ «մենք մեր աչքով չտեսանք, ասում է, բայց շատերը կային եւ հավաստիացնում էին, թե իրենք ականտես են եղել»:
 Ըստ հին աշխարհաբաժանման՝ երկրի հյուսիսային կողմը՝ Թարթառի անջրպետը եւ Խաչենի արեւմտյան հովիտը, սեփականացրել էր Մեծիրանքի գավառը, արեւմտյան կողմը՝ Մյուս Հաբանդը կամ Ամարասը, հարավային կողմը՝ Պանծկանք գավառը եւ Շուշիի այլ գավառներ: Դրանց համաձայն՝ մենք էլ Չրբերդ գավառի մնացած մասը բաժանեցինք երեք մասի, դրանք կոչելով հին գավառների եւ նրանց նոր բնակվայրերի անուններով՝ Մեծիրանք եւ Կսապատ, Ամարաս ու Ասկերան, Պանծկանք եւ Շուշի:



ՄԵԾԻՐԱՆՔ-ԿՍԱՊԱՏ

 Արցախի հայտնի գավառներից մեկը Մեծիրանքը Մեծյուրյանքն է, որն ավելի լավ է կոչել Մեծարունիք: Այն առաջին պատմիչները չեն հիշատակում, բացի Աղվանքի պատմիչից, Զ-Թ դարերի մոտակայքում: Սա համարվում է խաչենցիների հին ցեղի օրրանը: Ուներ եպիսկոպոսական հին աթոռ Ս. Հակոբի անվանի վանքում, որի առաջնորդները հիշատակվում են Զ դարից, ինչպես ցույց կտրվի ստորեւ:

 Այս գավառը տարածվում էր Տրտու գետի աջ կողմում, արեւմուտքից դեպի արեւելք եւ ձգվում դեպի հյուսիս: Նրա հարավային կողմին մոտիկ հոսում են գետակներ, որոնց ակունքները հայտնի չեն: Դրանցից մեկը, իմ կարծիքով՝ Կսապատի մոտով անցնողը, կոչվում էր Չղախ, եւ պատմիչի նկարագրությամբ նրա սահմանները կոչվում են «Չղախյան հովիտ, Ասպարիսաձեւ դաշտակ Տրտու գետի ափին, որը գտնվում է Մեծիրանքի վիճակում (գավառում)», որտեղ կանգ են առել Մեսրոպի աշակերտները, որոնց թաքցրած նշխարքները հայտնաբերվեցին Է դարում: 821 կամ 822 թ. Պարտավցիները ասպատակելով Ամարասը՝ եկան այստեղ «եւ ամրացան Մեծիրանքի գավառում, Շիկաքար կոչվող տեղում», որոնց կոտորելով Քաջ Սահլի Սմբատյանը՝ գերի վերցրեց: Երեսուն տարի անց (մոտավորապես 853թ.) «անձրեւների շատությունը Մեծիրանք գավառում տեղատարափի է վերածվում, եւ հեղեղի ընթացքը հասնում է Դաստակերտ գյուղը, որը գտնվում է գետերի միացման տեղում, որտեղից խաշնարածների ութ հարյուր վրան տարավ, որոնք Կովկասից եկել էին ամառային արոտավայր»: Գետերի միացման տեղում կարծեմ Խաչենագետի վտակն է, որը աջից (հարավից) է հոսում:

 Հյուսիս-արեւելքում, Տրտուի ջրաբաժնի սկզբում, սույն գավառի եւ ) Ճվանշերի սահմաններին մոտիկ, կա երկու գյուղ՝ ՈՒլու-ղարաբեկ եւ Քյուչյուկ-ղարաբեկ, այսինք՝ Մեծ եւ Փոքր: Փոքրի հարավում է գտնվում աշխարհագիրների նշած Կսապատ կամ Քասաբադ մեծ ավանը՝ հեռվից շրջապատված լեռներով, իսկ մոտիկից՝ այգիներով: Այն գեղեցիկ մի վայր է, ինչպես ես կարծում եմ ոռոգվող Չխաղ գետով, որը տոթակեզ ամռանը շողում լեռների շուրջը: Ունի գեղեցկաշեն եկեղեցի՝ բարձրացած չորս սյուների վրա, կառուցված 1686թ.: Այժմ այդ գավառում դրանից մեծ եւ բազմաբնակ բնակավայր չկա, որի հետեւանքով էլ նրա գլխավոր գյուղն է եւ, ինչպես կարծում եմ, այդ կողմի տեսուչի նստավայրը:

 Սրա հարավային կողմում գտնվում են Քյուլ-յադախ եւ երկու Ճան-յադախ գյուղերը, արեւելքում Քելանին է, իսկ արեւմտյան կողմում գյուղ չի նշվում: Ըստ աշխարհագծի՝ այդ Քյուլ-յադախը Մոխրաբակ գյուղը պետք է լինի, հիշտակված Ջալալյան Սարգսի կողմից: Այնտեղ կա երկու գեղեցկաշեն եկեղեցի, որոնցից մեկը Տիրամոր անունով է, իսկ մյուսը՝ Մասանց, ինչպես նաեւ Մելիք-Ադամի մի հոյակապ ապարանքը:

 Այս հովտում եւ Ասպարիսաձեւ դաշտակում, որը իր շուրջը գտնվող լեռների շնորհիվ է այդ անունն ստացել, ինչպես վերեւում եւ այլուր ասացինք, մի քանի օրով հանգրվանեցին Մեսրոպի աշակերտները, որոնք եկել էին Մեծկունիքից: Եվ երբ հոնական ասպատակները մոտենում են, աշակերտները այնտեղ թաղում են Երուսաղեմից բերած նշխարքները եւ մեկնում, բայց չեն կարողանում ազատվել ավազակների ձեռքից, եւ նրանցից նահատակվածները որպես սրբություն ծածկված են մնում շուրջ 200 տարի, մինչեւ որ Աստծո այր Իսրաելին տեսիլք երեւաց, եւ նա իր վիճակի եպիսկոպոս Դավթի հետ գալով Մեծիրանքի կողմերի եպիսկոպոս Հովելի մոտ, որի թեմի մեջ էր մտնում Չղախը, սկսեց որոնել երազում տեսածները: Արդ՝ նրանք Մեծիկողմանքի Ըռոսաստակ գավառից Տրտուի վրայով անցնելով Չղախյան հովիտը, «դուրս գալով տեղավորվեին նշանավոր անտառում, բարձրավանդակ տեղում, մի սարավանդակ վայրում: Այնտեղ կար փայտաշեն մի մատուռ՝ խեցիներով երեսապատված, Խաչանիշ զարդարանքներով դրվագված, պատերը զարդափայլ գեղեցկությամբ հորինված: Արդ՝ այդ լուրը հայտնի դառնալու ժամանակ աճապարանքով հավաքվեցին պատվական մարդիկ, քորեպիսկոպոսներ, հարյուրների սարկավագներ, գլխավոր գավառապետներ եւ մեծամեծներ, գործակալներ, տղամարդկանց ու կանանց ժողովրդական բազմություններ, որպեսզի բոլորը մասնակցեն Աստծու սքանչելագործությանը: Եվ երեքորյա պասի ժամկետը լրանալիս Աբասուն Իսրաելը բահը ձեռք առավ, խոնարհվեց բոլորի առաջ եւ, ուղիղ նայելով նկատված տեղը, հրամայեց աներկյուղ փորել: Եվ այնտեղ մեկտեղ հավաքված բազմաթիվ մարդիկ մասնակցելով այդ գործին, իրենց զգեստներով կրում էին հողը հեռու: Նրանք աշխատանքից հոգնելով՝ չկարողացան տենչալի ու բաղձալի գանձը գտնել: Ապա այնուհետեւ արեւելյան կողմի փայտաշեն հարկը քանդեցին, ուր դրված էր Տիրոջ մեղսաքավիչ պատարագի սեղանը: Այնտեղ հետախուզելով եւ որոնելով՝ սեղանի տակ մոտ մեկ կանգուն փորեցին: Հանկարծակի այնտեղից շատ քաղցր ու անուշ բուրմունք տարածվեց: Եւ լցվելով հաճելի առատությամբ՝ շատերի հոտոտելիքները մշտապես քաղցրացրեց: Այդ հոտը ճշգրիտ կերպով նմանվում էր խնկերի ու զանազան ծաղիկների ազնիվ բույրերին, մինչեւ որ բոլորը առհասարակ զարմացան: Եվ երբ փորեցին տասը թիզ, գտան երկու արծաթյա արկղեր, որոնց վրա դրված էր կապարե կնիք: Վերջինիս վրա հաստահեղույս մեխերով մեխված էր մի ոսկեձույլ տախտակ, եւ նրա վրա գրված էր ասորերեն եւ հայերեն…:

 Ապա եպիսկոպոսները Իսրաելի եւ պատվավոր քահանաների հետ միասին առանձնացնում եւ բաց էին անում սրբության տապանակների մատանու կնիքը ու այնտեղ գտնում Քրիստոսի փրկարար խաչի մի մասը: Նույն ինքը՝ արքիդիական քորեպիսկոպոսը կարդում է ոսկեձույլ տախտակի գրությունը, որը հետեւյալն էր, թե՝ «Առանձնացված մասունքները Երուսաղեմի սրբերինն են»: Իսկ Մեծիրանքի հովվապետ տեր Հովելը, երբ տեսնում է այդ աստվածային հրաշքերը, իր լայնածավալ գիտությամբ նույնպես բազմաբեղուն կերպով ծաղկում էր եւ ամբողջ սրտով գոհանում Աստծուց…: Եւ որովհետեւ իր նահանգում էր գտնվում նախապես սահմանված վայրը, որտեղ ծածկված էր կենսատու լույսը, ուստի չսպասեց որպես ճամփորդ կամ հանցավոր որեւէ մեկի կողմից շնորհ ստանալու, այլ ինքը դարսավ տնօրինելով ու հսկող դրանց վրա, իբրեւ իր գանձերի վրա: Եւ տապանակներից մեկը որպես պատիվ ինքն է առնում եպիսկոպոսանոցը: Սակայն դրանից խիստ դժգոհ էր Աստծու մարդը…, բայց մի պահ նա թույլ տվեց եւ իր հեզության համաձայն ոչ ոքի չամբաստանեց, այլ առավ մնացած տապանակները եւ Դավիթ եպիսկոպոսի հավանությամբ Տիրոջ պաշտամունքը կատարող բազմաթիվ քորեպիսկոպոսներով, քահանաներով, ամբողջ ժողովրդով տարավ իր բնակավայրը եւ սաղմոսներով, օրհնություններով, լուսավառ լապտերներով ու մոմերով Տիրոջ սրբությունը ուղի գցած իջեցրեց Գլխովանքի սուրբ եկեղեցին»: Եւ ապա այդ դեպքերի մասին գրեցին կաթողիկոսին, իսկ հավելված նամակում ասվում է նաեւ կնիքով հաստատված կողովների մասին. « վրան հռոմեական փականքով կապարե կնիք, որից էլ կախված էր ոսկեձույլ մի տախտակ»: Եվ դրանք կաթողիկոսին եւ Մեծն Ջվանշիրին ցույց տալուց հետո Իսրաելը իր մասը տանում է Գլխովանք, իսկ Հովելը իր մասը՝ Ս. Հակոբի վանքը:

 Չղախից հարավ ընկած է մեկ ձորահովիտ եւս՝ Թարթառ եւ Խաչեն գետերի միջեւ, դա Գապարտն է կամ Ղաբարթուն, որի արեւելյան կողմում էլ համանուն գյուղն է, իսկ արեւմտյան կողմում՝ Գազանճլը եւ Քելանին : Խաչենագետի հովտում, վիճակի հարավարեւելյան ծայրում, գետի աջ կողմում, մի բարձրավանդակի վրա գտնվում է Բարուխ գյուղը, իսկ նրա հարավում՝ Տաշ-պաշը, դրանից ավելի վերեւ, արեւմտյան կողմում՝ Շալվան, սրա հյուսիս-արեւմուտքում, գետի ձախ կողմում՝ Ախմաք գյուղը. Սրա եւ վերոհիշյալի միջեւ գետերի միացման տեղն է, եւ այնտեղ, նրա անկյուններից մեկում կարելի է հանդիպել Դաստակերտ գյուղին, որ հեղեղվեց հազար տարի առաջ: Հասան-Ջալալյանը Արցախի արձանագրությունների ժողովածուներում այդ գյուղը կոչվում է Տաստակեր, որտեղի եկեղեցում էլ ընդօրինակված է մի արձանագրություն, ըստ որի այն կառուցվել է Սարգիս եպիսկոպոսի կողմից, 1281թ. « ՉԼ թվին Աստծու կամքով, Արղունի իշխանությամբ տեր Ստեփաննոսի հայրապետության ժամանակ, Փախրատինի որդիներ Իվանի եւ Սատրատինի ամիրայության օրոք, ես՝ Տեր Սարգիսս, կառուցեցի ժամատունը, զուգեցի գավազանները, ավետարանները, Ստողոգինը, Եսային: Ովքեր աղոթում են, թող ողորմությամբ հիշեն հանուն Քրիստոսի»:

 Ախմաքի հյուսիս-արեւելքից նրան մոտ է գտնվում Պալյագայա գյուղը, իսկ հյուսիս-արեւմուտքից նույնպես նրան մոտիկ՝ Տավշալը, որը հայոց աղբյուրներում Առաջաձոր է, հիշատակարաններում՝ Առջաձոր է, բայց ըստ իս ավելի ճիշտը Արջաձորն է: Խաչեն գետի ձախ կողմում, Գանձասարի ելքից չորս մղոն հեռու, ապառաժոտ ու մացառուտ ձորավայրում, հայկական 100 տներով գյուղն է, որտեղ կա քարաշեն եկեղեցի, կառուցված կամ նորոգված 1668թ. Դավիթ քահանայի կողմից, որի օրոք գյուղի ավագն էր Յաղուբ բեկը, իսկ Ագառգալլինը՝ Պահարը: Բայց եկեղեցու դռան վրա ամրացված է 1253թվի մի խաչվեմ.
«ՉԲ թվին ես՝ Աբուսայի որդի Վաչես, խաչ կանգնեցրի պարոն Թուրքին. Ովքեր կկարդան, թող հիշեն հանուն Քրիստոսի»:

 Առաջաձորի մերձավոր վայրերը հիշատակվում են կանոնների մեջ, 1458թ., որոնցում հիշվում են նաեւ Մերաթի որդի Շահնշահը, Արղութի թոռը եւ Ջալալ Մեծի որդու, Մեջլիսի որդու, Ուլուբեկի Աղաբաստ տան Արաբա-հողը (ուր սպանություն էր կատարվել), իսկ սահմանները կոչվում են Առաջաձորի ջուր, Մեծ Շահառ, Դիցարած քարեր, Արապա ճոթեր, ծով, Արխե աղբյուրի հող, Հավավի խոռ, Որդյաց խաչի խոռ, Քարոտն, Քարի ջրաղաց Խաչեն գետի վրա. այս հանգամանքներին վկա են եղել Աղվանքի Հովհաննես կաթողիկոսը, Գանձասարի առաջնորդ Եղիա եպիսկոպոսը, Ջալալի որդի Աղաբաստը (որը այդ կողմերի ազնվագույն տանուտերերից է), Աթաբեկ Ամիր Հասանը, նրա եղբայրները եւ Դուրսունի որդի Միրղալին:
 Արջաձորի հյուսիս-արեւելքում բարձրանում է Չիլեթ լեռը, որը հայերը կոչում են Չափարած խաչ՝ նրանում գտնվող մի ցանկապատ խաչվեմի պատճառով, եւ այնտեղով է անցնում ճանապարհը դեպի հյուսիս:

 Գետակի աղբյուրների տեղերում գտնվում են Սալտարան, Խթրխան, Հազարգոխ,(՞), Հնձախոտ կամ Հնձախութ հանգրվանները կամ ձմեռանոցներն ուագարակները, որտեղ գտնվում էին նաեւ Գանձասարի վանքի կալվածքները, որոնց մոտ կան եկեղեցիների ավերակներ կամ լքված մատուռներ, խաչարձաններ եւ գերեզմաններ, որոնցից մեկն էլ բլրի գագաթին գտնվող Կարմիր եկեղեցի կոչվածն է, որը դեռեւս կանգուն է: Նրա մոտ կան կարմրաքար խաչվեմեր, որոնց արձանագրությունները ճշգրտված չեն: Գապարտի կոչվող աղբյուրների վայրի եւ սարահարթից հոսող Թարթառի միջեւ ընկած է Հնձախոտ բուն գյուղը, որը այլազգիների կողմից Յայճի է կոչվում:

 Հնձախոտ ձմեռանոցի սկզբից, մեկ մղոն հեռավորությամբ գտնվում են Աղբերքհան կամ Խըբըրքան, որտեղ գտնվում է Սկյանդար (՞) նահատակի մի ուխտատեղ-եկեղեցին, ուր զատկի օրերին տոն եւ հանդիսություններ են կատարվում: Նրա կարմրաքար սյուների ու դռան վրա եւ գերեզմաններում երեւում են արձանագրություններ, որոնք դեռեւս չեն վերծանված: Հնձախոտի հյուսիսային կողմում, մի լեռնաբլրի լանջերին կա Բեփգոմեր (ռամիկների արտահայտությամբ՝ Պեմեն-կյումեր) կոչվածը: Լեկերի եւ պարսիկների ասպատակություններից այդ տեղերը ամայացան ԺԸ դարի երկորդ կեսին, իսկ այժմ պատկանում են Արջաձորին: Սահմանները անտառախիտ են, որտեղ կան երկանաքարի եւ կարմիր ջրաղացքարի լքված քարահանքեր:

 Խաչենագետի եւ նրա վտակ Քոլատակի միջեւ, երկուսից մեկ մղոնաչափ հեռավորությամբ գտնվում է Մեծիրանքի հնագույն, նշանավոր ուհայտնի Ս. Հակոբի մենաստանը, որը կոչվում է նաեւ Մեծիրանքի վանք՝ կառուցված բարձր բլուրի վրա: Գըրք-կյոլ լեռան արեւելքում անտաշ քարերով կառուցված երեք եկեղեցի կա: Նրանց առջեւի մասում գավիթն է, իսկ շուրջը՝ վանքի մութ սենյակները: Իսկ մյուս արձանագրություններից, ասում է Սարգիս Ջալալայանը, կարելի է գուշակել, որ մենաստանը կառուցվել է ՁԳ թվին, որը Տիրոջ 634 թվին է, բայց հարկ է կարծել, որ այն ավելի վաղ է հիմնադրվել, քանի որ այնտեղ էր տեղադրված Մեծիրանքի եպիսկոպոսի աթոռը, եւ առաջին եպիսկոպոսը հիշատակվում է Տեր Աբասը, Զ դարի կեսին, որը եւ 552թ. Աղվանից Տան կաթողիկոսություն վերակոչվեց: Այդ դարի վերջում եպիսկոպոսը Սիմեոնն էր, որին հիշում է Աբրահամ կաթողիկոսը իր թղթում, իսկ Է դարի կեսին՝ Հովել եպիկոպոսը, որի ժամանակ Չղախյան հովտում տեղի ունեցավ մասունքների գյուտը, եւ կողովներից մեկը բերվեց այստեղ: Նրանից հետո հիշվում է Զաքարիան, որին ձեռնադրեց Ներսես կաթողիկոսը, Է դարի վերջում կամ Ը-ի սկզբում: ԺԳ դարի կեսին Սարգիսն ու Վարդանը առաջնորդ կարգվեցին, իսկ շատ դարեր անց հիշվում է Գրիգոր եպիսկոպոսը, որի հիշատակը գրված է Մծբինի Ս. Հակոբ եկեղեցու արծաթյա պահարանի վրա «Նորոգվեց ՌՃԽ (1691) թվին Գրիգոր եպիսկոպոսի ձեռքով»: Քանի որ այդ սրբին է նվիրված, դրա համար էլ առանձին արձանագրություններում (օրինակ, Գանձասարի արձանագրությունը) կոչվում է Մծբինի աթոռ: Այժմյան եկեղեցին կառուցվել է Խորիշահ տիկնոջ կողմից, 1212թ., որի որդիները՝ մեծն Ջալալ-դոլն ու Զաքարեն եւ վերին Խաչենի իշխանները, նրանց հետ նաեւ ուրիշները, վանքին նվիրել են գյուղեր եւ ագարակներ, ինչպես ցույց կտրվի այլ արձանագրություններում, որոնց մեջ վերջին թվականն է 1293-ը: Բայց կան նաեւ անթվակիր արձանագրություններ, ինչես պայազատ իշխան Ջալալի որդի Հովհաննես կաթողիկոսի խաչարձանը: Թվում է, որ մյուս խաչվեմը նա է կանգնեցրել վանքի գավիթում եւ մակագրել՝ «Ես Հովհաննես կաթողիկոսս, կանգնեցրի այս խաչը իմ հոգու փրկության համար»: Այնտեղ է գտնվում նաեւ նրա գերեզմանը՝ «Այս է Աղվանքի կաթողիկոս Տեր Հովհաննեսի գերեզմանը. ՋԺԹ», որից հայտնի է դառնում նրա վախճանվելու թվականը՝ 1470:

 Մեծիրանքի վանքի արձանագրությունները.

 Ա. «ՈԿԱ թվին Աստծու կամքով ես՝ Վախթանգի տիկին, մեծն Սարգսի դուստր, Զաքարիայի եւ Իվանեի քույր Խորիշահս, վերստին կառուցեցի Մեծիրանքի եկեղեցին՝ իմ հոգու փրկության եւ իմ զավակների բարեխոսության համար. ԱԽ (իմա մի քառասուն) ժամերգություն թող լինի ինձ եւ իմ ծնողների համար: Վախտանգին եւ ինձ ձեր աղոթքների մեջ հիշեցեք»:

 Բ. «ՉԽԲ թվին ես՝ Հեջուբի եղբորորդի Մավիս, դարձա սուրբ ուխտի միաբան, գնեցի Խաչեղիքի սուրբ նշանը եւ տվեցի վանքին: Իմ տերը եւ միաբանները խոստացան սրա դիմաց ժամերգություն կատարել»:

 Գ. «Ջալալի հրամանով ես՝ Վահրամս, Հասանը, Սմբատի որդիները մեր հոր հոգու Ծաղատեղի հողը տվեցինք Մծբինի աթոռին: Տեր Վարդանը եւ միաբաններս Հասանի, Սմբատի, Թամարի համար ժամերգությունը խաբանի, ՅԺԸ (318) հայրապետների կողմից թող նզովվի»:

 Դ. «ՈՂ թվին ես՝ Մեծիրանքի տան Սմբատի որդի Գրիգորս, Տեր Սարգսի ու Տեր Վարդանի առաջնորդությամբ սուրբ նշան ավետարանը եւ Ակեսավերը իր հողով ու իշխանությամբ տվեցի Ջալալին ու միաբաններին»:

 Ե. «Աստծու կամքով ես՝ Տեր Հովհաննես կաթողիկոս, մեծ իշխան Ջալալի որդիս, կանգնեցրի խաչը իմ հոգու փրկության համար. Ովքեր երկրպագում են, թող հիշեն աղոթքների մեջ»:

Զ. «Աստծու կամքով մենք՝ Սարգսի որդիներ Ուքանս եւ Պապքանս, որդու հոգով (՞),, Ջալալ-դոլի իշխանությամբ, ընծաներով միաբանվեցինք սուրբ նշանին: Տեր Վարդանը եւ միաբանները տվեցին տասը ժամերգություն. Ով խափանի, թող դատապարտվի Աստծու կողմից»:

Ը. «Ես՝ Խաչենի տեր Վախտանգի որդի Զաքարես, Կոռի երկիրը տվեցի Մեծիրանքի սուրբ նշանին, եւ սրանք Վարդավառի տոնի ժամանակ ժամերգություն տվեցին ինձ եւ իմ տիկին Արղու Խաթունի համար. ով խափանի ժամերգությունը, թող դատապարտվի Աստծու կողմից»:

Սակավ անգամ հիշատակվելու պատճառով անծանոթ են սրանց տեղերը, այն է՝ Ծաղատեղը, Ակեսավիրը, Կոռի երկիրը, թերեւս դա նույն Բոռի Հանդ կոչվածն է, Քոլատակի արձանագրությունում նշվածը:

 Հյուսիս-արեւելքի վանքերից կես մղոնից մի փոքր ավելի հեռու է գտնվում Տամկալե կամ Տամողլի գյուղը, իսկ հարավի վանքերից մեկ մղոն հեռու՝ Քոլատակ գյուղը: Այս կամ սրան մերձավոր անունով բնակավայրեր շատ տեղերում ու կողմերում են նշվում, որոնք աշխարհագրագետները գրում են Քյուլադաք կամ Քյուլադակս ձեւերով: Ինձ թվում է, որ նշված են տեղի հանգամանքները, այսպես՝ ագարակի, գերեզմանոցի եւ այլնի տեղերը. Օրինակի համար Դադիվանքի արձանագրության մեջ՝ «Դադի վանքը իր Քոլատակով»: Այնտեղ կան գերեզմաններ, մահարձաններ, եւ մի խաչարձանի վրա գրված է 1243՝ «Ի ՈՂԲ թվին Աստծու, Խաչենի տերերի, Ջալալի եւ իր որդի Աթաբեգի ողորմությամբ ինձ՝ Հուսարեցի վարդապետ տեր Վարդենիս, իշխանները տվեցին հողը, իսկ ես գնեցի Բոռի հանդը,

Շեղջատափը, երկրի տնատեղը եւ Գանձասարի վանքին նվեր տվեցի իմ հոգու համար: Սրանք Վարդանանց տոնի ժամանակ տարին երկու ժամերգություն տվեցին: Ով հայրենիքը զրկի սուրբ ուխտից, թող նզովվի ՅԺԸ (318) հայրապետների կողմից եւ իմ մեղքերին պարտական լինի»:

Գերեզմանոցում, մի մահարձանի վրա հականե-հանվանե հիշատակվում են Ջալալյան երկու պայազետներ, այսպես՝ «Այս է Մեհրաբ Աղայի տապանը». Եւ նրա մոտ՝ «Ես Մեսրոպ Բեգի որդի Ջալալ Բեգս, կանգնեցրի իմ հոգու տապանը (հիշատակը). Աղոթքների մեջ հիշեցեք մեզ»:

Ս. Հակոբի վանքի դիմաց եւ նրան մոտիկ (կարծեմ հյուսիսային կողմից) մի բարձրակատար եւ անմատույց ժայռի վրա գտնվում է Հավախաղաց կամ Հավքախաղաց բերդը, որն անունն ստացել է իր դիրքի պատճառով: Այն այլազգիները մինչեւ օրս կոչում են Սաղսաղան-քալեսի, այսինք՝ կաչաղակի անունով: Թվում է, որ բերդը հնում էլ այսպես է կոչվել եի թերեւս այդ անունից ու տեղից էլ ստացել իր Կաչեղյաց խաչ անունը, որը հիշատակվում է Մեծիրանքի արձանագրություններում: Սույն բերդը կառուցել է Սահլյան Ատրներսեհի որդի Գրիգորը, Թ դարի երկրորդ կեսին, որին ԺԲ դարում տիրում էին Վախտանգյանները: Իսկ թաթարների հարձակման ժամանակ, 1236-38թթ., եղել է Ջալալի իշխանության տակ: Այն այլ բերդերի հետ միասին ամուր պաշտպանված էր, քանի որ փախստականերից «շատերը ամրացել էին այս ապահով վայրերում, որոնք տեղի դժվարության պատճառով Հավախաղաց էին կոչվում, եւ մարդիկ ապահով կերպով ապաստանում էին այդ ամրոցներում: Բայց քանզի Տերը երես թեքեց մարդկանցից, թշնամիները հանկարծակի խուժեցին ամրոցները եւ մարդկանց մի մասին սրի քաշեցին, իսկ մի մասին էլ գահավեժ արեցին: Ընկածների շատությունից գետինը ծածկվում է, եւ արյունն, առու կազմելով, հոսում էր իբրեւ ջուր: Ոչ ոքի չխնայեցին, եւ երկար ժամանակ նրանց ոսկորները երեւում էին իբրեւ քարակույտեր»: Ցարդ երեւում են ամրոցի, հին բնակարանների մնացորդները եւ լճաձեւ մի մեծ ջրավազան:

 Սրանց հյուսիսային կողմում, Խաչեն գետի ձախ կողմում, կան նշանավոր այլ բնակավայրեր, ինչպես՝ Տամկալեի հյուսիսում, Արջաձորից մեկ մղոն դեպի արեւմուտք գտնվում է Պազարքենդ գյուղը, որը հայերեն անվանում են Վաճառ գյուղ: Իսկ տեր Հասան Ջալալյանը արձանագրություններում վերնագրել է Ծմակահող: Այդ արձանագրությունները մեզ տեղեկություններ են տալիս մեծն Հասան-Ջալալդոլի իշխանության օրերի մասին՝ ծանուցելով այնտեղ գտնվող սուրբ Ստեփաննոսի մասունքների եւ 1229թ. Նրա կառուցած եկեղեցու մասին: Այնտեղ կարդում ենք. «Աստծու շնորհիվ ես՝ Վախտանգի եւ Խորիշահի որդի, խաչենի տեր Հասանս, կառուցեցի այս սուրբ եկեղեցին, երբ սուրբ Ստեփաննոսի մասունքները հայտնվեցին այս տեղում ՈՀԸ (1229)թ.: Զատկին ժամերգություն սահմանեցի ինձ եւ իմ հոր համար»: Մասունքները թերեւս Է դարում Ցղերկքից բերածները լինեն, որոնք մենք վերագրեցինք Վայկունիքին, որովհետեւ այդ տեղը Վայկունիք գետից 4 կամ 5 փարսախ հեռու է գտնվում. Այն Տուդիսն է:

 Կարճ ժամանակ անց, այն է՝ 1251թ. Ջալալի տիկին Մամքանը կառուցել է մի այլ փոքր եկեղեցի, որի արձանագրությունն է «Ես՝ Ջալալ-դոլի տիկին, Սյունյաց Բաղուց թագավորի թոռ Մամքան թագուհիս, կառուցեցի եկեղեցիները եւ իմ Այլընծա հողը ընծա տվեցի իմ հոգու համար. սպասավորները թող ինձ համար երկու պատարագ կատարեն, իսկ ծննդյան ութ օրերը՝ իմ ծնողների համար մինչեւ իմ մեռնելը: Ով իմ տվածը խլի կամ ժամերգությունը խափանի, թող դատապարտվի Աստծու եւ սրբերի կողմից. Չ թվին»:

 Եկեղեցու գավիթում կանգնեցված են խաչվեմեր, որոնցից Սպիտակ կոչված մեծ խաչի վրա 1507թ. Վելիճանը արձանագրել է «ԶԾԶ թվին Աստծու կամքով ես՝ մեծն Աղբաստի թոռ, պարոն Սայտունի որդի Պելիճանս, կանգնեցրի այս խաչը»: Մի այլ փոքր խարի վրա գրված է. «Աստծո կամքով ես Գրիգոր կաթողիկոսս, կանգնեցրի այս սուրբ խաչը իմ հոգու փրկության համար. անվանակոչման օրը կանգնեցրի սուրբ խաչը պարոն Մեյրաբի փրկության համար, Հայոց ՌԺԲ թվին»:

 Վաճառից երկու մղոն դեպի արեւմուտք. Մոտովորապես գետի մեջտեղում նշվում են Սյումաքալ վանքն ու գյուղը: Եթե ճշմարիտ լինի գրածը, ապա Գանձասարին մոտիկ ու կից քարաժայռ ու անառիկ բլրի գագաթին պահպանվել են Խոյախան կամ Խավախան բերդի ավերակները: Մեր նախնիները այն գրում են նաեւ Խավխան եւ Խոխանաբերդ ձեւերով, որոնք վերցված են պարսիկներից, ինչպես գրում է Կիրակոս Գանձակեցին: Ինձ թվում է, որ այն ծագում է Խեհան բառից, որ նշանակում է փափագող, որպես թե տենչալի: Սա անշուշտ Խաչենի բերդն է, անվանի տոհմի բնիկ նստավայրը, որովհետեւ գրքերում, արձանագրություններում, իշխանների հիշատակարաններում այն նշվում է Խոյախան կամ Խաչենի բերդ ձեւերով, միայն թե բոլոր տեղերում ոչ միատեսակ: Ուրեմն հայտնի է, որ այն երկրամասի անունով Խաչենի բերդ է կոչվում, կամ էլ Խավխան հատուկ անվամբ: Եւ քանի որ պարսկերեն այդպես էր անվանվում, ուրեմն այստեղից էլ կարելի է ենթադրել բերդի հնության մասին: Բացի դրանից, այն այդպես էր անվանվում նաու Միհրական տոհմի կողմից: Իսկ իշխանության սկզբնավորումը պետք է ընդունել Առանից:

 Պատմիչների կողմից Խաչենի բերդը առաջին անգամ հիշատակվում է Թ դարից, երբ՝ Դադոյի վանքի Խորաձորում իր ազգականների կողմից սպանվեց Ստեփանոս Միհրականը. «սպանվածի կինը այդ աղետներից զինվում է առնական քաջությամբ, վերցնում է իր ողջ մնացած դուստր Ապրսամին եւ գիշերային տաժանելի ուղեւորությամբ (դժվարի լեռներով գնալով) մտնում Խաչենի բերդը: Իր տան մասին բարիք խորհելով՝ Ապրսամին ամուսնացնում է Սահլի որդի Արտներսեհի հետ…: Այս Ատրներսեհը շինում է Հանդու բերդը»: Դրանից հետո այդ արձանագրության մեջ, Դադի վանքում կարդում ենք «Հաթերքի, Հանդաբերդի, Խաչենաբերդի եւ Հավախաղացի տերը»: Իսկ Խավախանդ անունը հիշվում է մի փոքր ավելի առաջ, նույն Հասանի ժամանակ, ԺԲ դարի կեսին: Նրա տերը կոչվում էր Վասակի որդի Գրիգոր, որը համարվում է Հասանի հորեղբորորդին: Սա գնաց Ճառաբերդի տեր իր փեսա Տողանի մոտ, «որպեսզի նրա միջոցով վրեժ լուծի Դեսրումի որդի Հասանից՝ իր եղբայր Սմբատի համար, որին սպանել էր նա պատերազմի պատճառով: Նրանք միմյանց նկատմամբ ունեին անմիտ թշնամանք եւ այդ պատճառով իրենց դուստրերին կնության էին տալիս այլազգիներին: Եվ այդ պատճառով էլ Գրիգորը համարձակվեց գալ իր փեսա Տողանի մոտ», եւ նրա հետ կռվելով մի թուրքմենի դեմ, Դիվախոռ լեռան մոտ, պարտվեցին: «Տողանն սպանվեց, սպանեցին նաեւ Գրիգորին, իսկ նրա հետ էլ այլ ազատների: Եվ չնայած նրանց թաղեցին այնտեղ, քրիստոնյաների գավառում, բայց մի տարի անց վերցրին, բերին Գանձասար կոչված վանքը, որը նրա նախնիների տապանատունն էր, եւ նրան այնտեղ թաղեցին»:

 Գոշ վարդապետի նայս խոսքերը մեզ հնարավորություն են տալիս ըմբռնելու խաչենցիների տոհմի՝ երկու մասի բաժանվելու պատճառները:

 ԺԳ դարի կեսին այս բերդում էր նստում բազմիցս հիշատակված Ջալալ Հասանը, որը Դեսրումյան ցեղից էր. «Այս իմաստուն մարդը, երբ տեսավ անօրենների հարձակումը, իր աշխարհի բնակիչներին ամրացրեց այն բերդում, որ կոչվում է Խոխանաբերդ՝ ըստ պարսից լեզվի: Երբ եկան նրան պաշարելու, տեսան, որ հնարչավորություն չկա գրավելու բերդը. Սիրով եւ խաղաղությամբ նրան կանչում են իրենց մոտ. Նա իմաստուն կերպով ընդունում է նրանց առաջարկը եւ շատ նվերներով գնում նրանց մոտ, նրան մեծ պատվի են արժանացնում ու իր աշխարհը տալիս իրեն»: Եվ տասը /կամ ավելի կամ պակաս/ տարի անց անգութ Բուղա Ղանը, գրգռվելով անզգամների կողմից, թաթարների դռանը բռնեց իշխանին, քանդեց Խոյախանը, նրա հետ նաեւ «Դեդը, Ծիրանաքարը եւ այլ ամրոցներ ու դրանք այնպես հավասարեցրեց գետնին, որ մինչեւ անգամ հետք չի երեւում, թե երբեւիցե բնակավայր է եղել»: Սակայն մինչեւ օրս երեւում են ավերակները, թերեւս բերդերը դրանից ավելի չէին, քան կարելի է գուշակել պատմիչի խոսքերից: Նրանից ներքեւ գտնվում է երբեւէ բազմաբնակ ավանի ավերակ, որտեղ գտնվում էին նաեւ Ջալալի ապարանքը եւ Դարպասներ կոչված եկեղեցին, որոնք մինչեւ օրս երեւում են: Դրանից ոչ հեռու, Խաչեն գետի աջ կողմում, գտնվում է Թարխանի բերդը:

 Այսպիսով, վերոգրյալ երկու բերդերից մեկն էլ Ծիրանաքարն է, հենց նույն Շիկաքարը, որը գրավվել էր պարտավցիների կողմից ավելի վաղ ժամանակներում:

 Ամբողջ Հայոց Աղվանքում ու Առանում վերոհիշյալ բերդերից ու գյուղից մեկ մղոն դեպի արեւմուտք, Խաչենի գետափին, գտնվում է հռչակավոր ու նշանավոր Գանձասար գյուղը, որն ընկած է Գանձասար լեռան հարավային լանջին, որի անունով էլ կոչվում են գյուղն ու վանքը: Այն Աղվանից տան հետագա դարերի կաթողիկոսարանն էր: Հայտնի չէ այդ հռչակավոր վանքի կառուցման ժամանակը, որը աշխարհացույցում եւս Աղվանքում է նշված: Բայց այն ավելի շուտ է եղել, քան Ջալալ-դոլի ժամանակը: Վերջինս ոմանց կարծիքով նրա կառուցողն է համարվում, քանզի հիշատակվում է Գոշի կողմից, ինչպես որ վերեւում նշվեց՝ ԺԲ դարի կեսին: Եւս երկու դար առաջ, Ժ դարի կեսին, այն հիշվում է Սյունյաց պատմիչի կողմից Անանիա կաթողիկոսի Գանձասարի եկեղեցի գալու առթիվ:

 Եւ որովհետեւ այն Ջալալի նախնիների գերեզմանատունն էր, եւ նրա հայրը կտակով պատվիրել էր նրան՝ եկեղեցի շինել գերեզմանի վրա, եւ ինքը Ջալալ-դոլը, կամեցավ պայծառացնել վանքը, այդ տեղը նորոգեց եւ մի հոյակապ եկեղեցի շինեց 1226-1238թթ., որպես եւ ինքը արձանագրում է ճոխ ու գեղեցիկ խոսքերով, որը ցույց կտրվի արձանագրության մեջ:

 Եկեղեցու շինարարությունը սիրով հիշում է նաեւ ժամանակակից պատմիչ Կիրակոսը. «Շինեց գեղեցկազարդ կառուցվածքով մի եկեղեցի, Աստծու փառքի գմբեթաբարդ ու երկնանման մի տաճար… Գանձասար վանքում, Խոխանի բերդի դիմաց, իրենց շիրիմի տեղում: Շատ տարիներ աշխատեցին նրա վրա, եւ երբ շինարարությունն ավարտվեց, մեծահանդես նավակատիկ /տոն/ կատարեց եկեղեցին կառուցելու համար: Այնտեղ էր Աղվանքի կաթողիկոս Տեր Ներսեսը բազում եպիսկոպոսների հետ, ինչպես նաեւ Վանական վարդապետը շատ վարդապետների հետ միասին: Այնտեղ էին նաեւ Խաչենի սուրբ վարդապետներ, միմյանց հարազատ Գրիգորիսը եւ Տեր Եղիան… բազում քահանաների հետ: Եւ ասում էին, թե քահանաների թիվը 700 էր: Նա երբ կնքվեց օծմամբ, մեծ ճաշկերույթ կազմակերպեց, եւ ինքն իր իսկ ձեռքերով պատիվ էր տալիս բվազմածներին: Եւ յուրաքանչյուրին, ըստ իր պատվի, առատ նվերներ տալով՝ արձակում էր: Այս դեպքը տեղի է ունեցել Հայոց ՈՁԹ թվին, Վարդավառի մեծ տոնի օրը: Նրա տիկին Մամքանը եկեղեցու դռանը շինեց մի հրաշալի գավիթ, իսկ ինքը ամբողջ կյանքում ապրելով առաքինաբար, ամեն օր ճգնում էր պաս պահելով ու աղոթքներով եւ ընթերցանությամբ գիշեր ու ցերեկ մտածում էր կատարել Տիրոջ պատվիրանները՝ ըստ Սուրբ Գրքի»: Այս տաճարը… երկարությամբ ու լայնությամբ եւ գավիթը նորոգվել են ԺԷ դարի կեսին, կանգուն ու լուսավոր են՝ ըստ նկարագրված քանդակների ու պատկերների զարդարանքի: Բեմի ճակատին արձանագրված է հետեւյալ կարճ խոսքը. «Ովքեր կերկրպագեն աստվածազարդ այս սուրբ սեղանին, աղաչում եմ՝ Վախտանգի որդի Հասանին հիշեցեք ձեր սուրբ աղոթքներում»: Եկեղեցու մյուս արձանագիրը թերեւս ակնարկում է Մամքանի այն շինարարության մասին, որ կատարվել է հարավային կողմում, 1256 թվին:

 Սրանցից զատ, հարկ է ենթադրել, որ ուրիշ եկեղեցի էլ եղած լինի, որի դեպքերը պատմվում են Ս. Կարապետի գլխի բերման հիշատակարանում: Գլուխը Կոստանդնուպոլսում երբ կամեցան ֆրանկներից հափշտակել, այն ստացող իշխանը «առնելով փախցրեց հյուսիսի կողմը, Վրաստան, որն այնտեղ ընկավ Արցախի տեր Ջալալ-դոլի եղբոր ձեռքը: Յոթ հարյուր թվին Ջալալ-դոլը գնաց եղբոր մոտ եւ խնդրեց սուրբ գլուխը, բայց նա չհամաձայնեց հոժարությամբ տալ: Իսկ սա բռնի կերպով հափշտակեց եղբորից, բերեց Գանձակի կողմերը, Արցախի գավառը եւ ամփոփելով իր հայրենի գերեզմանատան շիրիմում՝ վրան շինեց զարմանաշեն ու հրաշալի կաթողիկե եկեղեցի՝ ի փառս քրիստոս Աստծու ու սուրբ Հովհաննես Մկրտչի: Նավակատիկի անվանակոչության օրը բարձր ձայնով կանչեց՝ Գանձասարի Սուրբ Հովհաննես: Բացի դրանից, այնտեղ են զետեղված Լուսավորչի օրենսուսույց սուրբ ծնոտը, նրա թոռ սուրբ Գրիգորիսի աջը, Հովհաննեսի հոր սուրբ Զաքարիայի արյունը, մեծ մարտիրոս սուրբ Պանդալյոնի եւ շատ այլ սրբերի մասունքները, որոնց միջոցով շատերը բուժվում են ի փառս մեր քրիստոս Աստծու»:

 Մեծ եկեղեցու կառուցումից տասներկու տարի անց Ջալալը մարտիրոսաբար տանջամահ եղավ Գաղու քաղաքում անգութ Արղուն Ղանի կողմից: Նրա մարմինը գցվեց մի ցամաք ջրհորի մեջ: Այն պատվեց լույսով, հետո գողացվեց իր որդի Աթաբեգի ջանքերով եւ բերվեց ու թաղվեց այստեղ, «Գանձասար վանքում, իր հայրերի գերեզմանոցում»: Եւ շիրիմի վրա արձանագրված է. «Մեծ իշխան բիշխան Ջալալը, կատարելով ծնողի կտակը, հիմնադրեց այս հոյակապ ու քարաշեն եկեղեցին Հայոց թվականության ՈԿԵ թվին եւ գոտեւորվելով զանազան շինություններով՝ ավարտեց ՈՁԷ թվին՝ իր Ջալալ-դոլի ու իր տիկին Մամքանի հոժար կամքով»:

 Հայրենի իշխանության բարեպաշտ ժառանգ Աթաբեգը օժանդակեց վանքի զարգացմանը. Նրա հրամանով իր հորեղբորդի ու առաջնորդ Հովհաննեսը 1271թ. Ավելացրեց կալվածքները: Նրա քույր, պարոն Ումեկի տիկին Մամախաթունը 1280թ. Ուխտի եկավ այստեղ: Դրանից ավելի առաջ, 1268թ., Ումեկի հայր Ճարը եւ մայր Մամխաթունը վանքի միաբաններ են դարձել: Ամարասի եպիսկոպոս Տեր Ներսեսը միաբան էր գրվել 1282թ., Սասնա Հանդաբերդցին՝ 1271թ., եւ ուրիշներ: Նմանապես նաեւ նրա պայազատներն ու Աղվանքի կաթողիկոսները վանքը բարենորոգեցին ու պահեցին մինչեւ ԺԶ դարի կեսը: Դրանից հետո այդ պատճառով էլ ընդհատվում են արձանագրությունները: Այդ դարից հետո, 1657թ. Թալիշի մելիք Հովսեփի՝ որդի Աբովը նորոգել է Գանձասարի երկու եկեղեցիների տանիքը եւ քանդված պատերը: Եւ այդ տեղը մեծ պատվի արժանացավ՝ այնտեղ վերոհիշյալ սրբերի մասունքները զետեղելու շնորհիվ: Եւստաթեւոսի աշակերտը Ս. Թադեւոսի եւ Ս. Լուսավորչի մասունքները բերել էր Հունաստանից: Լուսավորչի թոռ Գիրգորիսը մի մասը տարել էր եւ պահել Ճիղբք աշխարհի Ցռի քաղաքում: Նրա նահատակությունից հետո մասունքները պահվեցին Հակա գյուղում: Դրանք հայտանբերվելով Վաչագանի օրերում՝ բերվեցին Ամարաս, միացվեցին մյուս մասին. Այդ տեղափոխության մասին վկայում է պատմիչը:

 Այդ տեղի համբավը էլ ավելի բարձրացավ Աղվանքի կաթողիկոսների նստավայր լինելու շնորհիվ: Աթոռը այդտեղ տեղափոխվեց Պարտավից, ինչպես կարծում եմ վանքը Բեկլար Մելիքի կողմից նորոգվելուց հետո: Եւ միաբանության առաջնորդությունն անցավ կաթողիկոսների ձեռքը:
 Առաջին վանահայրերից հիշվում են՝
 Վարդանը՝ ԺԳ դարի կեսին
 Հովհաննեսը՝ Իվանեի որդին, 1271 եւ 1311
 Ներսեսը՝ 1469-14.5

 ԺԵ դարի սկզբում Գանձասարի վանքում հիշատակվում է Մատթեոս վարդապետ Ուխտեցին՝ Գրիգոր Տաթեւացու աշակերտը: Իսկ Աղվանքի վերջին կաթողիկոսներից եւ վանքի առաջնորդներից շատերը Ջալալի սերնդից են: Դրանք են՝
 Սարգիսը՝1556-ին.
 Գրիգորը, որը հետո ուրացող դարձավ:
 Դավիթ Արջաձորեցին, որին խեղդեցին խաչենցիները՝ կախելով եկեղեցու զանգակատնից:
 Փիլիպոսը.
 Հովհաննես Ը-ն.
 Գրիգոր Դ-ն՝ 1634
 Պետրոսը՝ 1653
 Սիմեոնը՝ 1675
 Երեմիան՝ 1676
 Եսային՝ 1702, որը գրի առավ ժամանակի դեպքերը:
 Ներսես Ե-ն՝ 1706թ., որը Եսայու հակառակորդն էր:
 Իսրաելը եւ Հովհաննեսը՝ 1763.
 Սիմոն Է-ն՝ 1794.

 Սարգիս Բ-ն՝ աթոռի հակառակորդը, 1794, որի ժամանակ, 1815թ., վերացվեց Աղվանքի կաթողիկոսության անունը եւ տվեց մետրոպոլիտի աստիճան: 1838թ. Նրան հաջորդեց Բաղդասար Հասան-Ջալալյանը, որը արքեպիսկոպոսական աթոռը տեղափոխեց Շուշի:
 Այժմ Գանձասարում, բացի վերոհիշյալներից, կան նաեւ վանականների անշուք սենյակներ եւ իշխանների ու վերջին ժամանակների մի քանի կաթողիկոսների գերեզմաններ:
 Գանձասարի արձանագրությունները:

 Այսքան մեծ եւ բարգավաճ կաթողիկոսական աթոռի եւ արքայաշուք իշխանության վիճակը (գավառը) պետք է, որ լավ բնակված լիներ եւ շատ բնակավայրեր՝ գյուղեր, ագարակներ, որոնց մեջ գլխավորներն ու հնագույնները ԺԳ դարում հիշատակվածներն են՝ Մառ, Մակեղ, Հարկանդուս, Նորշինական, Արծաթենիս, Ճռանց, Վարդանաթաղ: Վերջինս, ըստ երեւույթին, այդպես է անվանվել Վարդանի կողմից: Վարդանաթաղում են գտնվում ՈՒղտանոսի կտուրը, Տնկի երկիրը, Բոլոր քողը եւ Սեղընկնի այգին, որոնք ագարակներ են համարվում: Իսկ ԺԴ-ԺԶ դարերում հիշվում են Կակաչանց, Փդուռանց եւ Ծաղկավանց բաժինները, Ալմանատաին, Բեմի հողը, Կուճի հողը, Մսերսի կամ Մսեշի հողը, Տանձաչորը, Կասրան, Մինակտանը(՞), Առատունքը, Կուռալանը, Ալմանան, Ադախը, Բազմատուքը, որտեղ գտնվում են Ծովերի հողը, Ծակ-խաչը, ուր մինչեւ օրս գոյություն ունի մի խաչվեմ հետեւյալ արձանագրությամբ. «ՈՀԸ (1229) թվին ես՝ Սմբատս, կանգնեցրի այս խաչը հանուն իմ հայր Վասակի. Ովքեր կերկրպագեն, թող աղոթքներում հիշեն հանուն Տիրոջ, իմ ցավակից եղբայրներ»: Իսկ մյուսներից ոչ մեկը չի հիշատակված գործերում, քարտեզներում կամ գրքերում: Թվում է, որ Ադախը Ատախտ տեղնէ, ուր Խաչենի իշխան Գրիգորը Ժ դարի վերջին հավաքեց իշխաններին ու եպիսկոպոսներին, եւ Անանիա կաթողիկոսը դատեց Աղվանքի կաթողիկոսների հակառակորդներ Գագիկին ու Հունանին՝ երկուսին էլ կարգազրկելով:

 Գանձասարի հակառակ կողմում, դեպի հյուսիս-արեւմուտք, բարձրանում է համանուն լեռը, որտեղից սկիզբ է առնում Խաչեն գետի ջրերի ակունքների մի մասը: Այդ անունը ստուգաբանում են այսպես՝ Գանձա-սար՝ արծաթի գանձաշահ հանքերի շնորհիվ, որոնք երբեւէ արդյունահանվում էին այնտեղից: Բայց այդ տեսակետից էլ քննություն չի կատարված, բացառությամբ արծաթահանքերի տեղի, որը բնակիչները ցույց են տվել Սարգիս Ջալալյանին: Ըստ երեւույթին հանքիի կողմերում էր գտնվում Արծաթենիս գյուղը, որը հիշատակված է մեծն Ջալալ-դոլի արձանագրություններում եւ վանքի պարգեւագրերում: Սպասելի է, որ այնտեղ կարող են լինել եւ այլ մետաղահանքեր, որովհետեւ Գանձասարը հիշվում է Ժ դարից, հետեւաբար շատ վաղուց հանքը հայտնի էր: Եւ այն Խոչքարի գավառի հանքերի հետ միասին Արցախի եւ Աղվանքի հարստության աղբյուրն էր կազմում:

 Լեռան ամրության պատճառով ապահովված է ներքեւում գտնվող վանքի պաշտպանությունը թշնամիների հարձակումներից: Այսպես, օրինակ, 1722թ., երբ լեկերը ասպատակեցին Խաչենը, բանասեր Եսայի կաթողիկոսը, նահանջելով լեռան գագաթը, անվտանգ վայրից տեսնում էր ողբալի կողոպուտը, ինչպես որ ինքն ասում է. «Եկան, Հասան Խաչենի երկիրը անվախ ու համարձակ կերպով…եւ ինչ որ կամեցան, այն կատարեցին, որ ի վիճակի չեմ նկարագրելու: Քանզի մեկ օրում անցնելով կարկառ գետից մինչեւ Տրտու գետն ու Չարաբերդ երկիրը՝ ամբողջովին ասպատակ սփռեցին լեռներում, դաշտերում: Նախ՝ հրի մատնեցին գյուղերի փայտաշեն տներն ու բնակարանները, եւ ապա՝ հարձակվեցին գերիների վրա, իջեցրին լեռների գագաթներից, հանեցին լեռների ծերպերից եւ ներքեւի ծառախիտ ու մացառոտ անտառներից: Եւ հավաքելով նրանց ունեցվածքը՝ նրանց միացրին նաեւ ոչխարների, արջառների ու ամեն տեսակի չորքոտանի անասունների հոտերն ու նախիրները եւ իրար խառնած գետի ափով քշեցին ներքեւ: Գերիներին եւ անասուններին իրար էին խառնել այնպես , ինչես հորդ հեղեղ: Եւ նրանք գնում ինչպես մի մեծ բանակ, որը մենք մեր աչքերով տեսանք, քանի որ փակել եւ հասել էինք լեռան կատարը, որը Գանձասարի սուրբ աթոռի վերեւում է: Թշնամիները մեզ չհասան: Եւ լանջերից դիտելով մենք տեսնում էինք կատարվող դեպքերը:

Սա եղավ ՌՃՀԱ (1722) թվի ապրիլ ամսի Ի (20)-ին, Զատկի երկրորդ կիրակի օրը: Այնտեղից տեսանելի էին նաեւ ետ մնացողների ողբը, կոտորվողների սուգը, գերիների վայնասունը, մայրերի կսկիծը, գերված զավակների լաց ու կոծը, որբացածների ողբալը, ունեցվածքի կողոպուտը: Լացողների ձայնին իրենց վայնասունն էին խառնում նաեւ մեջքակոտոր տղամարդիկ: Եւ բնակություն հաստատելով կարծր քարաժայռերում ու լեռներում՝ նրանք միասին սուգ էին անում: Իսկ թշնամու զորքը, տանելով ավարն ու գերիներին, խառնում է իր բանակին, չվում Տկռնակերտ եւ տեղավորվում Տրդու գետի (որին այժմ պարսկերեն լեզվով Թարթառ ենք կոչում) մի կամրջի վրա, որին Ղարի-քոփրի են ասում: Բայց այնտեղ չմնացին եւ չկարողացան Չարաբերդի ու Պարտայի երկիրն այնքան վնաս պատճառել, ինչքան մեզ, քանի որ նրանք, նախապես իմանալով, ամրացրել էին իրենց լեռների ամրոցներում: Մանավանդ, որ երիտասարդներից ոմանք էլ դիմադրում էին թշնամուն, որոնցից շատերին կոտորեցին: Դրա համար նրանք ավարն ու գերիներին շտապ կերպով անցկացրին Կուր մեծ գետից դեպի իրենց կողմը»:



ՄՅՈՒՍ ՀԱԲԱՆԴ-ԱՄԱՐԱՍ, ԱՍԿԵՐԱՆ

 Սյունիքի գավառներից մեկին անվանակից լինելը ցույց է տալիս, որ արեւմտյան կողմից սահմանակից է Արցախի գավառ Մյուս Հաբանդը: Պատմիչների վկայությամբ այն գտնվում է Սիսանաձորի հարավում, իսկ այժմ՝ Մեծիրանքում եւ հյուսիսից սահմանակից է այժմյան Շուշիին: Սա շատ հազվադեպ հիշատակվում է գրքերում եւ միշտ՝ Ս. Գրիգորիսի վարքի եւ մասունքների պատմության մեջ, իսկ հատագա դարերի պատմիչների կողմից կոչվում է Փոքր Սյունիք, մասնավորապես այնպես, ինչպես նրան սահմանակից Սիսական-Ոստանը: Միջնադարում եւ դրանից հետո իր հռչակավոր ավանի անունով կոչվեց Ամարաս գավառ: Իսկ Թ դարի Աղվանքի պատմիչը այդ երկուսը զատում է միմյանցից եւ համարում առանձին գավառներ, դասելով նրանց շարքում, որոնք դարի կեսին ասպատակեցին բաղանիկեցիները, որը նրանցից առաջ ավերել էր պարսիկ բռնակալ Բաբանը, իսկ մի փոքր ավելի առաջ, 821թ.՝ պարտավցի պարսիկները: Դրանից կարելի է գուշակել, որ այդ գավառը Գարգար գետի երկարությամբ ձգվում էր արեւմուտքից դեպի արեւելք, թերեւս մինչեւ այժմյան երեք գավառների՝ Չրբերդի, Վարանդինի եւ Քեպերլինի սահմանակցման տեղը: Բայց երկրամասի բուն տեղը գետակի հովիտն է, որը ձախից միանում է Գարգարին, սակայն անունը չի նշվում, որովհետեւ մեր նախնիների կողմից Ամարաս շենի տեղը նշվում է մի այլ գետակի վրա: Հովտի հյուսիսային ծայրում, որը սրանց խառնարանի ձախ կողմում է, գտնվում է այժմյան նշանավոր Ասկերան գյուղը, որի անունով էլ հարմար գտանք անվանել վիճակը (գավառը):

 Այդ գավառի արեւելյան ծայրից մի քիչ հեռու, որը բուն Հաբադից դուրս է, երեք գավառների՝ Չրբերդի, Վարանդինի ու Քեպերլինի սահմանակցության տեղում, արքունական ճանապարհի վրա, գտնվում է Շահ-պուլագ գյուղը: Այն մոտ է Խաչեն գետին, որտեղ Նադիր Շահը ամրոց է կառուցել, իսկ ռուսները այն նորոգել են եւ կազակների համար զորանոց դարձրել: Նա պատրաստել է նաեւ գեղեցիկ պատշգամբ եւ պարտեզներ՝ արտաքին եռակամար բակով: Աղբյուրը բխում է եռանկյունաձեւ անջատ լեռից, արեւմուտքում գտնվող գյուղի թիկունքից, որն ավելի արեւելք է ընկած, քան Արցախի մյուս բոլոր լեռները: Այն հնում սեփականացրել էր Ուտիքը: Այնտեղից մինչեւ այստեղ ընկած է Աղվանքի ընդարձակ դաշտը: Լեռան հյուսիսարեւելյան եւ հարավային կողմերը կարծես կռանով հատած լինեն: Այնտեղ կան կրային սպիտակ ու փայլուն զանգվածներ՝ քարացած որդերի հետ միասին: Նրա թիկունքում կա մի այլ լեռնաբլուր, որի ստորոտում ընկած է Բարուխ գյուղը՝ եւս հնագույն ու կրային զանգվածով ու միջում գեղեցիկ փոքրիկ լեռնահովտով:

 Լեռների կողքերը գարնանը ծածկվում են բարգավաճ բուսականությամբ եւ ծաղիկներով: Դրանցից է հայկական երեսնակը ( agrimonia)՝ ըստ Դուռնֆորի: Այն տարածված է վայրի սալորենիների (մամուխ), թզենիների եւ նռենիների մեջ: Լեռան գագաթի անկյունում, մոտ 1000մ բարձրության վրա, որտեղից երեւում են մեծ դաշտը, Խաչենի ու Գարգարի հովիտները, Արցախի լեռները, գտնվում է վիմատաշ, կիսավեր մի փոքրիկ եկեղեցի՝ եռակողմ թեւերով, արեւմտյան կողմից՝ քառակուսի, իսկ ներքեւից՝ խաչաձեւ: Ըստ Տյուպոսի հետազոտության եկեղեցին ներսից ու դրսից քարով է շարված, իսկ հայկական տառերի նշաններն ու ձեւերը դասավորված են թվակամարների նման:

 Տաճարի մոտ կանգնեցված է մի մեծ խաչվեմ՝ հետեւյալ արձանագրությամբ. «Ես՝ Աշոտի որդի Շահնշահս, իմ հոգու համար խաչ կանգնեցրի. Ովքեր կկարդան, թող աղոթքների մեջ հիշեն. ՉԺԲ (1263)»: Այդ տեղերի քննությունը կատարել է ճանապարհորդ Հելվետիացին, 1834թ. ապրիլի 24-ին. Գիշերը վրա է հասնում, եւ թեպետ «գրեթե շառագույն լուսինը իր լրության ժամանակ բարձրանում էր մշուշապատ հորիզոնով, բայց ի վիճակի չէր լուսավորելու թփերով պատած, ջրով լցված փոսերի բավիղները, որոնք սահմանափակում են դաշտի ընդարձակությունը: Եւ նրանում մերձավոր գյուղերի նշան չկա՝ ոչ աշտարակներ, ոչ կղմինդրածածկ կտուրներ եւ ոչ էլ սպիտակ սվաղած պատեր, եւ բազում տեղերից լսվում էր թաթարների մեծ շների հաչոցը», մինչեւ որ բախտի բերմամբ նա կարողացավ հասնել թաթարների մի շեն եւ գտել իր ճանապարհը:

 Եկեղեցու մնացորդից կարելի է գուշակել, որ այդ տեղում նշանավոր մի շեն է եղել: Եւ նույն Աշոտը, որ հիշվում է Ծակխաչի արձանագրության մեջ, թերեւս արքայական ցեղից լինի: Մեր գուշակությունը հաստատում են նաեւ Աղվանքի աթոռակալները, քանզի Տեր Բաղդասարը այս գյուղը եւ նրա մոտ գտնվող Պեշիքլին կոչում է Տիգրանակերտ: Տեր Եսային ավազակ լեկերի պատմության մեջ գրում է, որ նրանք եկել են Վարանդի երկրից եւ տեղավորվել Տկռանակերտում ու այնտեղից չվել Թարթառի ափերը: Դրանից հազար տարի առաջ Աղվանից պատմության մեջ հիշվում է Տգռնակերտ հնչմամբ: Վանքի երեցը եղել է Տեր Պետրոսը, որը մասնակցել է Եղիա կաթողիկոսի ժողովին: Մեկ դար առաջ էլ նա հիշվում է Հերակլ կայսեր պատմության մեջ: Մարաստանից գալով Աղվանք՝ նա կամենում էր անցնել Վրաստան: Խոսրով արքայի հրամանով՝ նրա զորավարները այդ կողմերում կտրեցին կայսեր ճանապարհը: Շահ-Վարազը Այրարատի հյուսիսային կողմից «անցնում է Գարդման, նրա դեմ եւ բնակվում Մյուս-Տիգրանակերտում, նրա դիմաց: Շահենը (հարավից) երեսուն հազարով հասնելով՝ բանակ է դնում Հերակլի թիկունքում, Տիգրանակերտ ավանում: Սրանք տեղավորվել էին այստեղ, իսկ նրանք՝ այնտեղ, Հերակլի բանակն էլ ընկած էր երկուսի միջեւ: Հերակլը, երբ տեսավ, որ իրեն մեջ առան, հանկարծակի հարձակվեց իր թիկունքում գտնվող զորքի վրա, կոտորեց նրանց, գնաց Ծղուկք, իսկ ձմռանը լեռնակողմով անցավ Նախիջեւանի դաշտը»: Ըստ Սեբեոս պատմիչի՝ երկու Տիգրանակերտներ կային, որոնցից մեկը, ինչպես ինձ թվում է, այս Տիգրանակերտի տեղում էր, մյուսը՝ նրա վերջում, որը թերեւս աշխարհացույցում նշված Թոռնոգյութ գյուղն էր: Վերջինս առաջինից հեռու էր մեկ փարսախ: Եւ Հերակլի բանակը գտնվում էր այդ երկուսի միջեւ: Հերակլը պարսիկների դեմ այդ արշավանքում, առաջնորդեց հերոսաբար նահատակվող քաջամարտիկների պայքարը, 624թ.: Եւ պատմիչը մանրամասնորեն կատարում է այդ տեղերի քննությունը եւ դա ոչ թե սոսկ ազգային, այլ համաշխարհային պատմության համար:

 Շահպուլագից հարավ-արեւմուտք, Գարգարի ձախ ափին են գտնվում Աղտամը, Քախըչ պաղլը(՞) իսկ աջումք՝ Մորուզտուն, Ղըզլ-ճապելը, Նախիջեւանը, Քեթյուքը (գուցե՝ Գետիկ), որը հյուսիս-արեւմուտքից կից է Ամարաս գետակին եւ Գարգարին: Այդ կցման անկյունում է գտնվում Հոճալը կամ ռուսերեն՝ Խոճալինսքայան, որը նրանց հանգրվանն ու զորակայանն էր: Նրա հյուսիսում, գետակի աջ ափին, խառնարանին մոտիկ, գտնվում են Ասկերան ավանն ու ամրոցը՝ կառուցված Շուշիի Փանա խանի կողմից: Նրա մոտ կա նաեւ մեկ այլ ամրոցի ավերակ: Դրանց միջոցով Խանը պահում էր կիրճի ճանապարհը, որը Շուշիից տանում է Ուտիի աշխարհը:

 Այդտեղից դեպի արեւմուտք է ընկած Ամարասի բուն հովիտը՝ կավճախառն կրային ազգությամբ: Գարգարի ափերին կան առանձին բլուրներ, որոնք, ինչպես ասում է Տյուպոսը, կարծես դուրս են ցցվել երկրի ծոցից: Գարգարի ընդարձակ հովտի արեւելյան կողմին է միանում Աղվանքի դաշտավայրը: Եւ դաշտերի ու հովիտների բոլոր կողմերում, ըստ հիշյալ ճանապարհորդի, կան հայոց նախնիների բնակավայրերի հետքեր եւ մեծամեծ գյուղերի մնացորդներ, գերեզմանների խոյաձեւ տապանաքարերով, հիշտակություններով, որոնք վկայում են այդ վայրերի երբեմնի բարվոք վիճակի մասին:

 Ասկերանի արեւմտյան կողմում գտնվում է Տաշ-պուլագ գյուղը, որը թարգմանվում է Քարաղբյուր: Դա ցույց է տալիս, որ այդտեղ, ինչպես նաեւ Շահպուլագում, աղբյուր է բխել վիմախառն լեռներից, որոնք գետակի հովտի ձախ պարիսպ են կազմում: Սրա մուտքի մոտ Ղարաքեշիշ գյուղն է, իսկ սրանից հարավ, գետակի մոտ՝ Պատրիծիկը (՞)(Պըտըրեցիք): Գետակի աջ ափին, անկյան կողմում, Խոճալինսքից մոտովորապես մեկ փարսախ դեպի արեւմուտք, գտնվում է Մեխդուքենդ գյուղը, որը կոչվում է Փանա խանի թոռան անունով: Այդ գյուղից հարավ գտնվում է Պալուճան: Սրանց միջեւ ընկած են լեռնաբլուրներ, որոնց ստորոտում, Մեխդուին մոտիկ, նշվում է Ս. Հովհաննես վանքը:

 Գյուղի եւ վանքի տեղերում նշվում են ինձ համար անվանի Ամարաս ավանն ու վանքը, քանի որ աշխարհագրագետներից ու ճանապարհորդներից ոչ մեկը չի նշում այդ տեղերը, ոչ էլ Սարգիս Ջալալյանը: Վերջինս միայն ասում է, որ այդ վայրերին մոտ են գտնվել Մարասն ու Ամարասը: Սա գյուղ է կոչվում մեր հին պատմիչներ Բուզանդի եւ Խորենացու կողմից, իսկ Մովսես Կաղանկատվացին անվանում է գյուղաքաղաք: Նրանք վկայում են, որ այն պետք է գտնված լինի Փոքր Սյունիքում կամ Արցախի Հաբադ գավառում: Առանց երկբայելու պետք է ասել, որ դա գավառի գլխավոր շեներից մեկն էր, կարծեմ Դիցավանը, քանի որ անունը գրվում է նաեւ Ասարազ, որ հիշեցնում է Արամազդին եւ հաստատում այն կարծիքը, որ այդտեղ է գնացել մեր Սուրբ Լուսավորիչը՝ կռապաշտության խավարը հալածելու համար, կործանելով, ինչպես այլուր, այդպես էլ այդտեղի մեհյանները:

Մեր պատմիչները թեեւ այդ բանը չեն հիշատակում, բայց ասում են, որ Ս. Լուսավորիչը, քարոզելով Աղվանքում, այնտեղ «եկեղեցու հիմք է գցում եւ շինարարության բանվորներ կարգելով՝ ինքը վերադառնում է Հայաստան»: Եւ հետո գալով նրա թոռ սուրբ Գրիգորիսը՝ ավարտում է եկեղեցին եւ օրհնում, որը կրկին մայր եկեղեցի է դառնում Աղվանքի լուսավորության համար Գիսի եկեղեցուց հետո: Եւ Մազքթաց աշխարհի մանուկ հայրապետի նահատակությունից հետո «աշակերտները նրան վերցրին, բերին Ամարաս գյուղաքաղաքը եւ թաղեցին եկեղեցուն մոտիկ, բեմի հյուսիսային կողմում. Այնտեղ դրին նաեւ Զաքարիայի արյունը ապակյա մի շշի մեջ, ինչպես նաեւ Պանդալյոնի նշխարքները: Եւ երկուսի շիշն էլ դրեցին Գրիգորիսի սուրբ նշխարքների հետ, իսկ իրենք փախան եւ գնացին Հայաստան…: Այդ տեղը նշան չարեցին, որպեսզի ուրիշները նշխարքները չգողանային, կամ էլ՝ ավազակների երկյուղից շտապելուց: Եւ շատ տարիներ անցնելու պատճառով այդ տեղը անհայտ էր դարձել մոտովորապես 150 տարի: Դրանից հետո Վաչագան արքան, երբ սկսեց փնտրել երանելիների նշխարքները, եկավ Ամարասի վանքը, որը վաղուց էր կառուցված, եւ առաջներում այնտեղ եպիսկոպոսներ էին նստում: Իսկ այդ ժամանակ միայն վաներեց էր նստում, որն արքային ասում է, թե «Եկեղեցու մոտ շատ գերեզմաններ կան, քանի որ ավազակների ժամանակներից եւ եկեղեցու մեծագույն հիմնարկումից հետո ոչ ոք չկարողացավ շինել»: Եվ թագավորը ամբողջ երկրին հրաման տվեց ապավինել աղոթքներին, փորել եկեղեցու հողը, եկեղեցի բերել Սուրբ Գրիգոր Լուսավորչի ու Հռիփսիմյանց կուսերի նշխարքների մի մասը եւ դնել այնտեղ, նոր հայտանբերված սուրբ Զաքարիայի եւ Պանդալյոնի հանգստարանում: Եվ տեսիլքով հայտնի դարձավ Սրբի սուրբ մարմնի հանգչելու տեղը: Նրա մոտ կար մի փոքրիկ բլրիկ, վրան՝ խաչ:

Երանելին բարձրանալով բլուրը՝ կանգնել էր խաչի մոտ»: Երբ տեսիլքը հայտնեցին արքային, արքունիքի եւ եպիսկոպոսների մեծ բազմությամբ նա գալիս է Ամարաս, եւ որովհետեւ «անձրեւներից մեծ հոսանքներ էին առաջացել, քանի որ գարուն էր, ճանապարհը շատերի կողմից տրորվելու պատճառով դժվարանցանելի էր դարձել շտապողների համար: Ուրեմն, այնտեղ ի՞նչ պետք է աներ քրիստոնյասեր արքան. Նա եկեղեցու սպասավորներին թույլ չի տալիս իջնել երիվարներից եւ հանդարտ շրջելով եպիսկոպոսների բանակի մեջ, հրամայում էր ըստ կարգի գնալ, եւ իրեն թվում էր, թե ծաղիկների կամ փափուկ բանի վրայով է քայլում եւ ոչ թե կավի կամ տիղմի վրայով: Արքան սպասավորում էր մեծ սրբի դեսպակին (պատգարակին), եւ այդպիսով զանազան լեզուների բազմազանությունից, տեսակ-տեսակ ձայներից եիւ պես-պես պայծառակերպություններից, ինչպես լուսավոր ամպ, ծածկվում էր երկիրը: Բացի այդ, պատգարակը, շքեղացած աստղազարդ փառքով, գնում էր քրիստոնյաների բանակի միջով: Եւ երբ մոտեցան գյուղին, տեսան, որ մի փոքրիկ գետ է անցնում գյուղի միջով, եւ գետի վրա պատրաստված է մի կամուրջ: Քրիստոսի եւ նրա սրբերի համար անհագ սիրաբորբոք փափագով վառված արքան արքայական հագուստով անձամբ իջնելով՝ անցնում է գետով՝ որ ոքի թույլ չտալով սպասավորելու իրեն: Եւ հասնելով նշանակված տեղը՝ երկարատեւ ծնրադրություն է կատարում բոլորի առաջ: Այնտեղ խփելով արքայական վրանը՝ հրամայում է զգույշ լինել մինչեւ առավոտ: Այդ ժամանակ Ամարասում եպիսկոպոս չկար, եւ արքան գյուղի քահանային եւ ծերերին հարցնում է, թե նրանք այդ տեղում ինչ-որ նշան տեսել են, թե՝ ոչ: Եւ նրանք պատմում են այն, ինչ-որ լսել էին Հոբ ճգնավորից…: Բազում անգամ գալով՝ նա կատարում էր սուրբ Գրիգորիսի հիշատակը եւ շատերի առաջ երիցս կրկնում էր. «Աղվանից աշխարհում հավատացյալ թագավոր է հեռանալու եւ փնտրելու է սուրբ Գրիգորիսի նշխարքների տեղը: Դարձյալ երբ մեզ հյուր եկավ մի ճգնավոր, ընդունեցինք նրան այնպես, ինչպես ընդունված է եղբայրների համար: Եւ նա, բարձրանալով այդ տեղը, քնեց: Քնից արթնանալով՝ նա տեղնուտեղը վերցնում է խաչը եւ դնում է այդ տեղը ու պատվիրում, որպեսզի ոչ ոք չվերցնի խաչը, այլ ավելի մեծ խաչ կանգնեցի եւ առավոտից մինչեւ իրիկուն անխափան աղոթք անի խնկարկությամբ, որովհետեւ այդ տեղում մեծ հրաշագործություններ եմ տեսնում»:

 Սրանք եւ սրանց նման բաներն իմանալով՝ արքան դարձյալ աղոթում է ու քարոզում: Ինքը՝ «առաքինասեր թագավորը, թեւերը քշտելով բահն առնում է ձեռքը եւ եռանդուն կերպով փորում, իսկ բարեսեր թագուհին, թագավորական հագուստով պեղում էր հողի մեջ: Նրանց հետ նաեւ եպիսկոպոսները, քահանաները, նախարարները եւ նախարարների կանայք մեծ հոժարությամբ հագուստներով կրում էին փորած հողը: Եւ այն ժամանակ շատ խորը փորելով՝ շեղվում են դեպի հյուսիսային կողմը, եւ նշխարքները մնում են արեւելյան կողմում: Արքան եւ ամբողջ ժողովուրդը մեծ տրտմության մեջ են ընկնում, մինչեւ որ զղջացած թագավորը նստում եւ հոգս է անում ամբողջ ժողովրդի հետ միասին: Արքան, այնուհետեւ քաջալերելով ճշմարիտ հավատով, ասում է, որ անսխալ պետք է լինի ամենակալ Աստծու խոսքը, եւ նրա անունով անմիջապես պետք է գտնվի փնտրվածը. Ես հաստատ գիտեմ, որ նա մեզ ամոթով չի թողնի: Այն ժամանակ արքան հրամյեց, որպեսզի հետո բերված սրբերին դնեն փորածի առաջ եւ սկսեն փորել արեւելյան կողմը. Փորողները համակվում են հավերժական հրճվանքով, եւ բազմությանը հայտնի է դառնում նշխարքների գյուտը: Եւ ամբոխը մոտենալով կուռքին՝ հարվածում է վրանին ու վարագույրին, մինչեւ որ դուրս է գալիս թագավորը եւ հազիվ կարողանում է հանդարտացնել ամբոխին: Իսկ գերեզմանը եւ երեւելի նշխարքները բացելիս անսովոր մի անուշ հոտ էր բուրում, որից բոլորը մի քանի ժամ թմրության մեջ են ընկնում՝ չզգալով խնկարկության հոտը: Դրա վրա սաստիկ հիացան արքան եւ ներկա եղողները, եւ բոլորը միահամուռ փառք էին տալիս այդպիսի վսեմ բարիք տվողին:

 «Սրբի գերեզմանի մոտ, հողի վրա, նստել էր թագավորը եւ հրամայում էր արքունական զանազան սպասավորություններ կատարել եւ կողովը դնելով իր ծնկների վրա՝ մեծ երկյուղով սպասավորում էր սրբերին: Քահանաները հանում էին նշխարքները եւ լցնում կողովի մեջ, որը թագավորը պահել էր իր գրկում: Նշխարքների մոտ գտան ապակյա երկու շիշ, որոնցից մեկը լցված էր Զաքարիայի արյամբ, իսկ մյուսը՝ Պանդալյոնի նշխարքներով: Եւ երբ բոլորը դուրս են հանում, ամբողջ բազմությունը ողջունում է առավոտից մինչեւ երեկո: Արքան, կնքելով արքունական մատանով, հրամայում է մեծ զգուշությամբ պահել մինչեւ առավոտ: Նույն Գրիգորիսի գերեզմանոցում գտնում են եւ մեկ այլ ապակյա շիշ՝ լցված խմիչքով: Այն վերցնելով՝ արքան էլ առավել գոհ է մնում Աստծուց՝ իրենց այդ ամենահաջող բարիքը տալու համար: Հաջորդ օրը արքան հրաման է տալիս ամբողջ երկրում դրոշակ պարզել, բերել սուրբ սեղանի ոսկեղեն ափսեն եւ քաղցր գինով նշխարքները լվանալ ու շարել՝ ըստ պայծառության: Արքան հրամայում է ամեն մի եպիսկոպոսի տալ ինչ-որ մաս՝ իրենց վիճակներում բաշխելու համար: Իսկ նշխարքների մեծ մասը հրամայում է թողնել Ամարասում, իսկ մնացածը, կնքելով թագավորական կնիքով, ինքն էր պահում՝ մեծ զգուշությամբ ու զանազան սպասավորներով սպասավորելով: Արքան հրամայում է գերեզմանի վրա մատուռի հիմք գցել եւ շինարարությունը շտապ ավարտել, իսկ մատուռն էլ անվանակոչել Սուրբ Գրիգորիս:

Հետո ամբողջ բանակը մեկնում է սուրբ պաշտոնյաների հետ՝ առաջին կարգադրության համաձայն»: Եվ մեծ հանդիսավորությամբ բարձելով նշխարքների մեծ մասը՝ թագավորը բերում է Ուտիք, իր սեփական Դուտական գյուղը, որտեղ շինում է մատուռ՝ սուրբ Պանդալյոնի անունով եւ տեղավորում նշխարքները, իսկ մի մասն էլ տեղավորում է այլ դաստակերտում, որը կառուցել էր իր Խնչիկ կոչված աղջկա համար, մի մասն էլ միշտ ման էր ածում իր հետ բանակում՝ տրվա մեջ երկու անգամ, երեքական ժամ կատարելով սրբերի տոնը: Նրա հիշատակը մինչեւ օրս կատարում է Հայաստանյաց առաքելական եկեղեցին՝ այն անվանելով Աղվանից կաթողսիկոս Գրիգորիսի նշխարքների գյուտի տոն, որը կատարվում է մեհական ամսի 28-ին, այն է՝ մարտի 6-ին: Այս դեպքը մանրամասնորեն ներկայացնում է Աղվանից պատմիչը՝ ճշգրտելով այն ժամանակակից տվյալներով. Դա ընդօրինակել են նաեւ հին ճառընտրիները: Տփխիսից եւ Շուշիից ապրիլի 23-ին գրում են, որ Ամարասում են գտնվում Սուրբ Գրիգորիսի նշխարքները: Թեմի արքեպիսկոպոս Գեւորգը վարդապետ Գեւորգ Արամյանին ուղարկում է նորոգելու եկեղեցին, որի բեմի առջեւ պեղելով՝ գտնում են օրորոցաձեւ կափարիչով վիմափոր գերեզման՝ Սուրբ Գրիգորիսի մարմինը, վրան գրված հայ եւ ասորի գրերեով: Բայց երբ բացում են, տեսնում են, որ այնտեղ միայն հող կա:

Հետո փոսի հյուսիսային կողմի պատը պեղելով, գտնում են նրան նման մի այլ շիրիմ եւ նրանում նշխարքները: Շուշիից 2000 մարդկանց հետ միասին գալիս է արքեպիսկոպոսը, վերցնում է գլուխը եւ դնում է գերեզմանի վրա, արծաթյա ափսեի մեջ, որպես հարգանքի նշան: Այնուհետեւ տանում են Շուշի եւ երեքական օր դնում են քաղաքի բոլոր եկեղեցիներում, որպես հարգանքի նշան, իսկ հավատացյալները պատվի համար խումբ-խումբ հաճախում են եկեղեցի: Արքեպիսկոպոսը դադարեցնում է եկեղեցու շինարարությունը, մինչեւ Էջմիածնի ժողովից պատվեր ստանալը: Թվում է, որ առաջին գերեզմանը դիտավորյալ կերպով դատարկ է թողնվել՝ գերեզման թալանողներին խաբելու համար. ինչպես որ ասում են, թե լենկթեմուրը բացել է եւ ոչինչ չի տեսել:

 Նշխարքների գյուտից հետո եպիսկոպոսները կրկին հաստատվել են Ամարասում, որոնցից հիշատակվում են՝
 Գառնիկ.
 Հռոմակ՝ Զ դարի կեսից հետո.
 Մխիթար՝ Զ դարի վերջին.
 Սերոբ.
 Հովհան՝ Է դարի կեսին.
 Սահակ՝ Ը դարի սկզբում.
 Հովսեփ՝ ապա կաթողիկոս, 746-762թթ.
 Սարգիս եւ Վրթանես՝ ԺԳ դարի կեսին.
 Ներսես՝ 1282.
 Բարսեղ՝ 1730:

 Սերովբեի ժամանակը ստույգ հայտնի չէ, նրա մասին միայն ասվում է, թե նշխարքները Հռոմեական կայսրությունից բերել է Ամարաս, որոնց հետ նաեւ Լուսավորչի աջը: Ամարասը հնում եղել է ոչ միայն Աղվանքի եպիսկոպոսանիստ վայրը, այլեւ կաթողիկոսական աթոռի նստավայրը, բայց թե երբ, չգիտեմ: ԺԳ դարի վերջին Բաթու խանը ուղարկեց Տարսայիջի որդի Ջալալին «այլ մոնղոլ տղամարդկանց հետ Աղվանից մեծ աթոռ Ամարաս, որը նրանց կաթողիկոսների հին աթոռն էր, եւ այնտեղ տանել տվեց սուրբ Գրիգորիսի գավազանը…, քանի որ նրա գերեզմանը այնտեղ էր գտնվում, ուրեմն գավազանն էլ մնալու էր նույն եկեղեցում: Նրա հետ տարան նաեւ սքանչելի աստվածահրաշ խաչը, որը հին ժամանակներից այնտեղ էր՝ ամբողջապես պատրաստված ոսկուց եւ զարդարված լզ/36/ թանկարժեք քարերով: Սա մատնվեց նույն թեմի մի լիրբ ու անզգամ քահանայի կողմից: Եւ քանի որ նա այնտեղ էր գտնվում Հունաց կայսեր դուստր Դեսպինան, որին կնության էր վերցրել Ապաղա խանը, եւ նա սնել էր իր որդեգիր Բատին, նա մեծ թախանձանքով խնդրեց խաչն ու գավազանը եւ ուղարկեց թագավորական Կոստանդնուպոլիս քաղաքը: Այս ձեւով կողոպտվեց Աղվանից աշխարհը՝ զրկվելով պատվական ու աստվածայի գանձից»:

 Այժմ Ամարաս հին եկեղեցին կանգուն է երկրի խորքում, գմբեթաձեւ կաթողիկեով, որը հետագա դարերում նորոգեց ու սենրակազարդ պարսպով պատեց Մելիք Շահնազարը՝ ըստ սարգիս Ջալալյանի: Բայց թե այնտեղ կան արձանագրություններ կամ այլ հնություններ, նա եւ ուրիշները չեն հիշում. Դրա հետ միաժամանակ անծանոթ են մնում նաեւ սահմանները:
 Այս վիճակի մեջ նախապես գրածի համաձայն կան նաեւ այլ տեղեր՝ հին եկեղեցիներով, որոնք հիշատակվում են այս կողմերի արձանագրությունները հավաքողների կողմից, սակայն առանց ստույգ կերպով ցույց տալու տեղերը: Դրանցից են Հավաբտիկը, որտեղ եկեղեցի է կառուցել 1233թ., ինչպես ցույց է տալիս արձանագրությունը. «ՈՁԲ թվին, Վախտանգի եւ նրա կին Մամքանի որդի Հասանի իշխանության ժամանակ, ես՝ Հովհաննես քահանա, Տեր Գրիգորիսի քրոջ որդին եւ Գեորգիի եղբորորդին եւ այլ միաբաններ շինեցինք այս սուրբ եկեղեցին՝ մեր հոգիների փրկության համար»: Կա նաեւ մի այլ տապանագիր արձանագրություն. «Ես՝ Աղաբեկի որդի Ջաջութս, իմ հոր՝ Սմբատի տապանի վրա խաչ կանգնեցրի. ՈՀԳ». Դրանում հայրանվան վրիպակ կա:

 Բառավա-ձոր. այնտեղ կա 1181թ. կառուցված հնագույն եկեղեցի. «ՈԼ թվին, Սմբատի իշխանության ժամանակ, ես՝ Բարսեղ երեցս, Սարգիսը եւ մեր եղբայրները ժողովրդի հետ միասին շինեցինք այս եկեղեցին, ջուր բերեցինք. ովքեր կերկրպագեն , թող մեզ հիշեն իրենց աղոթքներում»: Ջուր բերելը ցույց է տալիս, որ եկեղեցու մոտ վանք է եղել: Իսկ մի այլ արձանագրությունից պարզ է դառնում, որ այն եղել Գանձասարին մոտիկ, որովհետեւ դրանում ասված է. «Ես՝ Վասակի դուստր, վախտանգի որդի Զաքարեի ամուսին Խորիշահս, դարձա սուրբ միաբանության անդամ, գնեցի մատաղ ու գիրք եւ տվեցի սուրբ Գանձասարին, միաբանները Աստվածածնի փոխման տոնին երկուժամյա պատարագ կատարեցին. Ով խափանի, թող դատվի Աստծու կողմից»:

 Թոդան. Ավերակ գյուղ է Խաչենի զառիթափ ձորում: Այնտեղ կա կիսակործան քարաշեն մի եկեղեցի եւ ոչ հին, 1647թ. արձանագրություն. «Աստծու կամքով ես՝ Տեր Եղիաս, շինեցի այս սուրբ եկեղեցին՝ Առտի բեգի որդի, իմ կողակից Բեղադինի հոգու հիշատակի համար, Շահբազի ժամանակ, Մութուղ-օղլի խան Թաղուլդի իշխանության օրոք եւ Գանձասարի կաթողիկոս Տեր Գրիգորիսի կաթողիկոսության ժամանակ, ՌՂԶ թվին»:
 Պտկեսի բերք. Բարձր վայրում կառուցված, գմբեթարդ եկեղեցով ուխտատեղի է, նորոգված ոմն Հովհաննես վարդապետի կողմից, որը թողել է իր անունը՝ դրոշմված բեմի վրա: Նրա կողքին է գտնվում ոմն սուրբ Գեորգիի տապանը, եւ սյան վրա գրված է. «Ղուկաս վարդապետը հայոց ՌՄԼ (1781) թվին շինեց մի ջրաղաց եւ տվեց սրան որպես հիշատակ»:



ՊԱՐԶԿԱՆՔ ԳԱՎԱՌԸ-ՇՈՒՇԻԻ ՎԻՃԱԿԸ

 Արցախի վերջին, փոքրիշատե ծանոթ գավառը Պարծանքը կամ Պարզկանքն է, այն է՝ Պանծկանքը, որը գրչագրական ձեւով հայտնի Պազկանք, Պածկանք եւ այլ անուններով: Շատ պատմիչներ նշում են, որ այն պետք է ընկած լինի Ամարասից հարավ: Բաղանիկեցիների՝ դեպի Հաբանդ, Ամարաս Պարզկանք, Մախանք արշավանքների մասին ստուգապատում հին պատմիչ Կաղանկատվացին սուրբ Գրիգորիսի նշխարքների գյուտի պատմության մեջ մեջբերում է Հովբ ճգնավորի մասին ծերերից ավանդածը Վաչագան արքային: Այնտեղ գավառի աշակերտության սկիզբն է դրվում հանուն Քրիստոսի, որտեղ պատմվում է. «Ոմն ճգնավոր այր Հովբը, հույժ առաքինի վարքով ապրելով աշխարհում, որն ուներ նաեւ առաքելական շնորհ, իր բազմաջան աշխատանքով, Քրիստոսի նկատմամբ հավատով եւ սիրով Արցախ աշխարհի մի մեծ մասը՝ Պարզկանք կոչվածը, ետ է դարձնում մոլորության ճանապարհից՝ դիվանվեր սնոտի պաշտամունքից փոխարկելով քրիստոսի ծանոթ աստվածությանը…: Շատ անգամ գալով՝ կատարում է սուրբ Գրիգորիսի հիշատակը»: Հայտնի է, որ Պարզկանքը սահմանակից էր Ամարասին, իսկ Հովբի վարդապետության ժամանակը թվում է ավելի առաջ, քան Սուրբ Մեսրոպի գալուստը:

 Պատմիչները այս գավառում ոչ մի շեն կամ վայր չեն նշում, որի հետեւանքով բացի Ամարասի հետ սահմանակցությունից, հնարավոր չէ այն քննել հանգամանորոն: Թվում է, որ սա ընկած էր Գարգարի ձորահովտում, սկսած նրա ակունքից վերջացրած Գարգարացիների դաշտաբերանով, որտեղ եւ մենք ենք հատում վիճակիս աշխարհագրության սահմանը: Հարավային կողմից իր մեջ առնելով արեւելյան վտակների բոլոր հովիտները՝ հասնում է մինչեւ գետերի ջրբաժանը, որոնք հարավից հոսում են դեպի Երասխ: Եւ ըստ այդմ նրա մեջ է մտնում նաեւ այժմյան մեծ Վարանդին գավառի հյուսիսային ծայրը, որը ընկած է Չըրբերդի, Վարանդինի եւ Զանգեզուրի սահմանամիջում, եւ այն ամբողջ Առանի, այսինք՝ Ղարաբաղի գլուխն է:

 Մեծ եւ ամուր Շուշա կամ Շուշի քաղաքը գտնվում է Գարգարի գետի ձախ կողմում, առանձնացած սարահարթում, կավախառն ու պատռված անառիկ ու անմատույց ժայռոտ տեղում, բացի քաղաքի երեւանյան եւ գանձակյան կողմերից, որոնք էլ ամրացված են աշտարակներով: Բարձրավանդակի շրջագիծը մոտովորապես երկու մղոն է, որի փոքր մասում բերդաքաղաքն է, իսկ մեծագույն մասում՝ գերեզմաններն ու պարտեզները:

 Անցյալ դարի երկրորդ կեսին ինչ-որ գյուղ էլ է հիշատակվում Շուշիի տեղում, որի կոնկրետ տեղը չի նշվում: Չեմ կարող կարծել, թե այն Վարդանի կողմից հիշատակված Շուշուաղը լինի, Խաչենի կողմերում եղածը, որին տիրեց Փատլունը: Նադիր Շահի կողմից հալածված թաթարները, երբ Խորասանից վերադառնում են այստեղ, ունենում են Ճեվանշիր տոհմից Փանախան անունով մի թուրքմեն առաջնորդ: Սա տիրեց Ղարաբաղին, նվաճելով երկրի հինգ մելիքներին եւ իր աթոռը հաստատեց նաեւ Պայադ, ապա Շահպուլագ վայրերում, այնուհետեւ 1789թ. այդ տեղը գրավեց իր աներ Շահնազար Մելիքից եւ կառուցեց ամուր բերդը՝ պարսիկներից պաշտպանվելու համար: Բերդը կոչվեց Փենապատ, որտեղ դրամ կտրեց իր անունով, որը մինչեւ օրս գործում է: Երբ այստեղ տեղափոխեց Շուշի գյուղի բնակիչներին, բնակավայրն ստացավ նրանց գյուղի անունը (Շուշի): 1795թթ. երեք անգամ պաշարեց քաղաքը, երրորդ պաշարման ժամանակ քաղաքը սովի մատնելով՝ գրավեց այն եւ դաժանորեն վարվեց բնակիչների հետ: Այդ պատճառով ինքը չարաչար սպանվեց, եւ քաղաքը նորից անցավ Իբրահիմին: Նա 1805թ. ռուսների պաշտպանությամբ մտավ քաղաք եւ նահանջելիս զրկվեց կյանքից: Նրան հաջորդեց իր որդին՝ Մեխդի Խույին: Նա եւս կամեցավ քաղաքը հանձնել պարսիկներին: Ռուսները 1822թ. ամբողջությամբ գրավեցին Շուշին ու Ղարաբաղը՝ զորապետ Մադաթով Հայկազնի հրամանատարությամբ եւ դարձրին տաճկական երեք կուսակալությունների՝ Ղարաբաղի, Շեքեի եւ Շամախի մայրաքաղաքը:

 Քաղաքաբերդը ի բնե ամուր էր, որն էլ ավելի ամրացել էր խոր կիրճով: Կիրճը նրա ներքեւի կողմում է, իսկ հարավայինկողմում քարակտուր բլուրն է՝ երկու բարձր աշտարակաձեւ բարձունքներով: Քաղաքի ներքին կերպարանքը գորշ ու տգեղ է նրանում չկան գեղեցիկ շենքեր, փողոցները նեղ են ու ցեխոտ: Տները հողով են շաղախված, մասամբ քարաշեն են, մի շուկա ունի՝ քարով ու աղյուսով շինված: Քաղաքը ջրակարոտ է, որովհետեւ ջուրը փողրակով բերված է Երեւանի կողմը:

 Քաղաքում հայկական երկու եկեղեցի կա՝ Ագուլեցոց եւ Ղազանչեցոց կոչվածները, կան նաեւ երկու փոքր, անշուք եկեղեցի, հայկական մի շուկա՝ փոքր կրպակներով: Քաղաքն ունի նաեւ տպարան, որտեղ լույս են տեսել մատյաններ (գրքեր) արքեպիսկոպոս եւ մետրոպոլիտ, բանասեր Տեր Բաղդասարի ջանքերով: Նա իր աթոռը հաստատեց այստեղ՝ դառնալով Աղվանքի կաթողիկոսների հաջորդը: Նրա թեմերն են՝ Ղարաբաղն ու Շրվանը: Շուշիի վարժարանում գործում է Պաղիլեի (Բազելի) ավետարանական ընկերությունը: 1864թ. քաղաքի հայազգի տիկնանց ջանքերով բացվեց աղջիկների վարժարանը, որն անվանվեց Ղարաբաղի Սուրբ Մարիամի Օրիորդաց ուսումնարան: Շուշիում են նստում նաեւ ռուսաց զորավարը եւ Ղարաբաղ գավառի քաղաքական պաշտոնյաները:

 Քաղաքի բնակիչները հայեր են եւ թաթարներ, մոտովորապես 7000 հոգի՝ բոլորն էլ Ճարտար չէ՝ ամառվա ձյան ու ցրտի պատճառով, որովհետեւ այն Կասպից ծովի մակարդակից բարձր է մոտովորապես 1400մ: Բայց իր բարձրության ու շրջակայքում եղած անտառների շնորհիվ Կովկասի լեռների, Արցախյան ու Սյունյաց գավառների համար ստեղծում է գեղեցիկ ու հաճելի տեսարան:
 Քաղաքի շրջակայքը գեղեցիկ դիրք ունի, անտառապատ է, տարածքը՝ ապառաժոտ, գույնզգույն քարերով ու դեղնասպիտակ կրահողով ծածկված: Գարգարի աջից, քաղաքից մոտ մեկ ժամվա հեռավորության վրա Շուշաքենդ գյուղն է, որը հին Շոշ գյուղն է, ուր, գետի ափին, կան ջրաղացներ:

 Շուշիի բոլորակաձեւ հովիտը, ըստ Տյուպոսի երկրաբանական հետազոտության, նման է երկրամուղ զորության կողմից բարձրացված մի բաժակի՝ կրային կազմությամբ, ընդմիջարկված հրաբխային զանգվածներով, որոնց մեծամեծ կտորները ընկած են այս ու այն կողմն:

 Այդ վիճակում (գավառում) նշված գյուղերն են՝ Գարգարի ձախ կողմից, քաղաքի հարավ-արեւմուտքում՝ Տաշ-ալդը (Քարին-Տակ), որը ընկած է այն քարալեռան ներքեւում, որի վրա քաղաքն է: Սրա արեւմտյան կողմում Զարիստրն է, որը հիշատակված է Աղվանից թեմի Քարտիշ վանքի արձանագրությունում. «Զարիստրը յուր գետով», թեեւ այդտեղի գետը Գարգարն է: Սրա մուտքից ավելի հեռու եւ Հաքարի գետը (որը Զարիստրի հետ հիշատակվում է նույն արձանագրությունում) ու Սյունյանց լեռան անջրպետի ստորոտում գտնվում է Լիսգորսկի(՞) գյուղավանը, որը համարվում է ռուսական պահապան զորքի զորանիստը: Այդ գյուղավանի մոտ է գտնվում Գարգարի ակունքը:

 Իսկ Շուշիից հյուսիս-արեւելք գտնվում են՝ Խալիֆալը, Կոպելիքենդը, Քերքենանը, Խանքենդը, Պեկյուլը, Խանիծակը՝ Գարգարի մի վտակի միացման տեղում: Թվում է, որ սա նույն Խանձիկ գյուղնէ , որտեղից էր Աղվանից կաթողիկոս Պետրոսը, ԺԷ դարի կեսին: Սրանից հյուսիս ընկած են Պալըճան եւ Մեխդուքենդը, որի մասին խոսք եղավ Ամարասի ժամանակ:

 Գարգարի աջից, Շուշիից հարավ, գյուղեր չեն նշվում, այլ Շուշաքենդից ավելի հյուսիս-արեւելք նշվում են Տաղտանը, Տաշքենդը, Էղլիսը, Խանտաղը՝ Գարգարի մոտ: Սրա վերջում՝ Թիրավը, հյուսիսից՝ Ապտալը, սրա հյուսիսային ելքի մոտ՝ Առանծամյունը (՞), Բիրճամալը, որի վերջից դեպի հյուսիս, Գարգարի մոտ, Նախիջեւանն է:

 Թիրավի վերջում ձգվում են լեռնաշղթաներ՝ Գարգարի վտակները անջրպետելով Քանաշին (՞) գետից, որը իջնում է այդ լեռներից: Այդ գետը հոսում է դեպի արեւելք, բայց ինձ անծանոթ են նրա ընթացքն ու գետաբերանը: Լեռների, գետի ու Գարգարի հովտի միջեւ նշվում են վերոգրյալ գյուղերը՝ Թաքիրը, Էնջու-քենդը, Ղարաքենդը, Կյուլպաշլը եւ այլն:

 Մինչեւ Վարանդին գավառին անցնելը նշանակենք վերջին ուսումնասիրողների կողմից հիշված գյուղերը, որոնք Խաչենի կողմերում են գտնվում: Դրանք են՝ Սեյկյուտլու գյուղը, որտեղից էին կաթողիկոսներ Թումասն ու Առաքելը, ԺԷ դարի վերջին, Ղշլախը, որտեղից էր Սարգիս կաթողիկոսը, ԺԶ դարի սկզբին, Պումը, որտեղից էր Փիլիպոս կաթողիկոսը, ԺԶ դարի երկրորդ կեսին:

 Դրանցից նշանավոր է Ճալեթը, որտեղ կա անվանի մենաստան, ուր եղել է Աղվանքի կաթողիկոսների աթոռը, ԺԷ դարում: Կաթողիկոսներից մի քանիսի գերեզմանները կան այնտեղ, ինչպես որ երեւում է արձանագրություններից.

 Ա. «Հանուն Աստծու ես՝ Կարապետ կաթողիկոսս, ՊԿ թվին շինեցի այս եկեղեցին՝ իմ հոգու հիշատակի համար. ձեր աղոթքներում հիշեցեք»:

 Բ. «ԶԻԴ թվին մահացավ Թովմա կաթողիկոսը»:

 Գ. «Զկ թվին ես՝ Տեր Առաքյալ կաթողիկոս, պարոն Հասան Բեկից վերստին գնեցի եկեղեցու դռան խոտհարքը (ղուրուղ), գռ /3000/ թանկայի ծախս արի եւ տվեցի, մեր հոգու փրկության համար՝ նաու այս սուրբ Աստվածածինը: Ով հակառակվի եւ ջանա խլել կամ ծախել Այս ՀԱՆԴԸ< Կայենի բաժինը կստանա: Արդ, ես՝ Տեր Առաքել կաթողիկոսս, կանգնեցրի խաչ եւ նորոգեցի եկեղեցու գլուխը Տեր Թովմա կաթողիկոսի հոգու համար. ով նստի աթոռին, թող Զատկին մեկ պատարագ անի. ՉԻԹ թ.:»

 Դ. «Թիվ ՊԿ. Կարապետ կաթողիկոսի եւ
 Երիցս վեհերի տապանն այս է,
 Որոնք օծվել են Աղվանից տանը,
 Թափառել այստեղ, իսկ այն ժամանակվանից
 Ամփոփված են այս տապանի ներսում
 Եւ միշտ սպասում եմ ամեն ինչի ստեղծողին՝
 Ակնկալելով պտղալից կյանքին»:

 Վանքի մոտ ջրի ափին, Ներքին-Ընծուն ագարակում, Խաչարձան է տնկած, եւ վրան գրած. «Ես՝Հարբելս (կամ Հարքելս), կանգնեցրի այս խաչը իմ քրոջորդի Դեղի համար. ձեր աղոթքներում հիշեցեք Դեղին եւ Գրիգորին….ԽԹ». Թվականի առաջին տառը ջնջված է: Սա թերեւս վերոգրյալ Էնջու գյուղն է, ըստ թուրքական հնչման: Դրան մոտիկ մենաստան կա:

 Մեր նախնիների կողմից հիշատակված Գողթագրակ տեղը այս կողմերում պետք է լինի, որովհետեւ Վիրո կաթողիկոսը, հոների ասպատակությունից խույս տալով Պարսկաստանից, այստեղ է ընկել եւ այստեղից դուրս գալով ու մեծ արագությամբ ընթանալով՝ մի գիշերում կամ օրում հասել Չարաբերդ»:



ՎԱՐԱՆԴԻՆ-ՏՈՒԶԱԽ (ԴԻԶԱԿ)

 Արցախի ամբողջ հարավային կողմը այժմ կոչվում է Վարանդին, որը մի լայնածավալ գավառ է, ընկած Մեղրիի, Զանգեզուրի, Չըլբերդի, Քեպերլինի, Ղարաբաղի գավառների եւ Երասխ գետի պարսից սահմանի միջեւ: Նրա ափերը, ինչպես նաեւ Քեպերլինի արեւելյան սահմանները դաշտավայրեր են, իսկ արեւմտյան եւ հյուսիսային կողմերը՝ լեռնավայր, ինչպես որ Արցախի մյուս մասերը։

 Այժմ քարտեզների վրա լեռներից նշվում են Շուշիի հարավարեւմտյան մասում գտնվող Քիրեզ լեռը, նրանից հարավ՝ Խոշանը, իսկ նրանից էլ հարավ՝ Զիաբերդը: Կան նաեւ այլ երկայնաձիգ լեռներ, որոնցից են, անշուշտ, Դիզափայտի լեռները, որոնք հայտնի են շատ վաղուց: Դրանց մասին խոսում էէ Աղվանից հին պատնիչը. « Մեծ լեռը շրջագայելով իր մեջ է առնում երկրամասի շատ գավառներ»: Շուշիի արեւելքից ձգվում են վերոհիշյալ լեռները, որոնք Գարգարի եւ Ք…շին գետի անջրպետներն են, իսկ սրանցից հարավ ընկած են Կուրիանը եւ այլ լեռներ, որոնց եւ երկրի մանրամասներին առհասարակ մենք ծանոթ չենք: Դրանք ցարդ ուրիշներին էլ մեծ մասամբ անծանոթ են մնացել, ինչը հաստատվում էթ քարտեզների վրա եղած դատարկությամբ: Այնտեղ պարզ չի նշմարվում նաեւ գետերի ընթացքը, ինչպիսին է նոր հիշվածը եւ նրանից հարավ գտնվող Գարասուն: Իսկ այն գետերը, որոնք իջնում են դեպի Երասխ, մենք նշել ենք Արցախի գետերի սկզբում:

 Այս նոր գավառի մեջ են մտնում հին գավառներ Մուխքանը, այն է՝ Մխանց տոհմը, Հարժլանը, Պիանքը եւ Քոտակը, որոնցից միայն առաջինն է հիշվում պատմության մեջ եւ բաղանիկեցիների արշավանքում, որպես Պարզկանքի հարավում եւ նույն Ուտի գավառի վերջում գտնվող, որովհետեւ նրանից հետո ասպատակված գավառների մեջ վերջինը սա է համարվում: Մյուսների անունները ամենեւին չեն նշվում, որի պատճառով դրանց դիրքը, սահմանները եւ պատմական դեպքերը հայտնի չեն:

 Միջին եւ հետին դարերում ամբողջ երկիրը երկու գավառի տրոհված է թվում Դիզա կամ Դիզակ եւ Վարանդա, իսկ նախապես, ըստ Վարդան աշխարհագիր, հայտնի է եղել մի՝ Դիզափայտ անվամբ, որը այլազգիները Տուզախ էին կոչում նաեւ անցյալ դարում: ԺԷ դարի վերջին մի արձանագրությունում (որը շուտով կընդօրինակեենք) այդ կողմերը Դիզայի փոխարեն կոչվում են Վարանդայի եւ Քոչիզուի երկիր: Այս տեղում անունով մի գյուղ է հիշվում ԺԶ դարից Առաքել պատմիչի կողմից: Նա ասում է, որ Արցախից գաղթածների հետ դուրս են նաեւ Քոչիզու գյուղից մելիք Փաշիկը, Դիզակից՝ մելիք Սուջումը: ԺԶ դարի վերջին Դիզակից ամբողջությամբ Պարսկաստան են քոչում եւս չորս գյուղ: Երկրի մելիքները հիշվում են եւ դրանից հետո. Այնպես՝ Նադիր Շահից հետո՝ ոմն Հասանը (թերեւս Ջալալյան), որը Վարանդայի մելիքն էր, որին սպանեց իր եղբորորդի Շահնազարը եւ խլեց իշխանությունը, մինչեւ որ Փանա խանը տիրեց Ղարաբաղին, օգտվելով երկրի տեր հինգ մելիքների անմիաբանությունից: Նա այնուհետեւ շուռ եկավ Ռուսաստանից եւ խնամիացավ խանի հետ՝ նրան կնության տալով իր դստերը եւ իր բաժնից նրան նվիրելով Շուշի քաղաքը:

 Մի վիճակ էլ կա Ավետարանոց անունով, իր մելիքի հետ միասին, որը հիշում է կաթողիկոս Աբրահամ Կրետացին: Ինձ թվում է, որ այն պետք է ընկած լինի գավառի հյուսիս- արեւելքում: Նրանում կա նաեւ համանուն մի գյուղավան՝ հայկական 200տնով: Ըստ հոգեւոր իշխանության տվյալների՝ Ամարասի աթոռի թեմում գավառը նշվում է 1730թվից:
 Գավառի այժմյան քաղաքական տրոհումը չգիտեմ, որի համար էլ շեները միանգամից կնշեմ, սկսած Գարգարի անջրպետի հյուսիսից մինչեւ Երասխ:

 Գարգարի եւ Ք… անջրպետի լեռներում աշխարհացույցը նշում է Յաշանալը վանքը, որը չգիտեմ, թե որն է, գուցե Ճալե՞թը կամ մեկ ուրիշը: Շուշիից մոտովորապես 10 մղոն դեպի հարավ, ապա հյուսիս-արեւելք Սուրբ Լուսավորիչ անունով մի այլ վանք կա, որը թերեւս Հրհերա վանք հորջորջվածն է, որի վանահայրը Տեր Հասան Ջալալյան Բաղդասարն է: Ըստ արձանագրի՝ այդ վանքը Ս. Գրիգորիսի համար է, որի նշխարքները Պետրոս կաթողիկոսը ամփոփում է այդտեղ եկեղեցու շինարարության մասնակից Ամարասի եպիսկոպոս Բարսեղի միջոցով: Նա այդ մասին ասում է. «Աստծու կամքով ես՝ Պետրոսս, կաթողիկոսն եմ Գանձասարի սուրբ աթոռի, որը նորոգեց Ամարասի սուրբ աթոռի արքեպիսկոպոս Բարսեղը: Ամարասը Վարանդի եւ Քոչիզու նահանգինն է, քանի որ սրա վիճակները (նահանգները) բաժանվել ու մաս-մաս էին եղել: Ամեն մեկը կտրել էր իր մասը, իսկ մենք պատրաստվեցինք նորոգել հայրենի վանքը եւ առաջնորդ կարգեցինք մեր սիրելի աշակերտ Տեր Բարսեղ արքեպիսկոպոսին: Մենք նրան հրաման տվեցինք Ամարասի հովարանում եկեղեցին շինել, որը եւ նա շինեց ավարտեց, ըստ մեր հրամանի. Ով (՞) սրանով Քրիստոսի այլակերպության տոնին. Օրհնեցեք այս սուրբ տաճարը՝ այն անվանելով սուրբ Գրիգորիս: Սուրբ Գրիգորիսի նշխարքները բերելով՝ ամփոփեցինք այստեղ, Վարանդայի եւ Քոչիզու երկրներում, որպեսզի սրանք լինեն մեր երկու աթոռները: Ով ցանկանա այս վիճակը բաժանել եւ մեկին նստեցնել այլ տեղում, լինի կաթողիկոս, եպիսկոպոս կամ մելիք, այնպիսին թող նզովվի ԳՃԺԸ հայրապետների կողմից, Քրիստոսին խաչ հանողների շարքը դասվի եւ Հուդայի բաժինն ստանա: Ես արեցի այս կտակն ու արձանագրությունը. Թող հավիտյանս հավիտենից մնա: Ես՝ Գրիգոր վարդապետս, գրեցի ՌՃՀԹ թվին»:

 162. Սրանց մոտիկ, Ղարաքենդի եւ Ընջուի արեւմտյան կողմում կան հետեւյալ գյուղերը՝ Էշանը, Ճինկասը, Գանարցան (՞) , Ղարատաղլը, Չարթասը, Գաշին, Մաշատը, Բարիմքենդը, Խոտը, Սիսնիխը: Վերջինս արեւելյան կողմից մոտ է Շուշիին, իսկ նրա հարավում Ղարապուլագն է, սրանից հարավ՝ Մաշամատը, նրա վերջում՝ Սարգիսաշենը, որը հայ անվամբ հետաքրքրության է արժանի: Սրանցից արեւելք,Քենտիլան գետի ձախ կողմում, որը Արցախից Երասխ իջնող բոլոր գետերից ամենաարեւելյանն է, գտնվում են Զամախ-օղլուն կամ Աք-օղլուն գյուղավանն ու բերդը, արքայական ճանապարհի վրա, որը Երասխից եւ Սյունիքից տանում է Գանձակ: Սա թերեւս Դիզակի գլխավոր տեղն է, որը Վարանդայի երկայնաձիգ լեռնապարը արեւմուտքից անջրպետում է այս սահմանում, որի հյուսիսային ստորոտում նշվում են Սալման, իսկ արեւմտյան կողմում Թագավարդ գյուղերը: Հարավում են գտնվում Թախը, Թրախթիխը (Դրախտիկ՞): ՖԴրանց վերջում բարձրանում է Տախդա-տյուզ-թեփե լեռը, որի անունը հիշեցնում է մերձավորությունը Դիզափայտ լեռան հետ: Մեր նախնիների եւ ժամանակակիցների կողմից վկայվում է, որ այն այս կողմերում պետք է լինի, բայց կոնկրետ տեղը չի նշվում: Եթե այն հիշյալ լեռը չէ, թերեւս արեւմտյան կողմի Քիրեջը լինի, կամ հարավային կողմի Զիարեդը, որը, ըստ Սարգիս Ջալալյանի, բարձր, գեղեցիկ ու ծաղկազարդ լեռ է:

 163. Այս լեռանն են ապավինել Մազքթաց արքայի որդիներ Մովսեսը, Դանիելն ու Եղիան, այն արքայի, որը սպանել տվեց Սուրբ Գրիգորիսին, որոնք աշակերտեցին նրան: Ինչպես ինձ թվում է՝ նրանք նշխարքների հետեւից էին եկել, «եւ նրանց հետ էլ 3870 մարդ: Աճապարելով հասնել Դիզափայտ լեռըէ նրանք ապրում էին խոտակերությամբ: Արյունարբու Սանեսանը, գալով նրանց հետեւից, սրի քաշեց նրանց Նավասարդի ԻԹ (29)-ին: Նրանց ընկած տեղը կառուցվեց մենակյացների Կատարո վանքը: Այստեղ եկան, հասան հոնաց զորավարի, Աստղաբլուրի հավատացյալ Թեոփիլոսի որդիները, Մովսեսը ու երանողիս երեսուն ընկերները «եւ իրենց զորքով բարձրացան մեծ լեռը, որ կոչվում է Դիզափայտ: Բարբարոս արքան նրանց հետեւից ուղարկեց մեծ զորք: Երբ նրանք հասան, կոտորեցին բոլորին Քրիստոսի հավատքի համար կուտակելով իրար վրա՝ բոլորին այրեցին, նաեւ այն մենակյացներին, որոնք այնտեղ էին գտնվում: Եւ լեռան անունը կոչվեց Դիզափայտ, որն այդպես էլ կոչվում է մինչեւ օրս: Սրբերի տոնը կատարվում է արեգի իբ (կամ իա)-ն եւմարտի 30 (կամ 29)-ին»: Իսկ ըստ մեկ ուրիշ տոնագրողի՝ «Ժամանակ անց ինչ-որ ճգնավոր մենակյաց մարդիկ եկան, բնակվեցին այդտեղ եւ այդ տեղը իրենց համար վանք դարձրին: Նրանք եւս ընկան տաճիկների սրից Քրիստոսի հավատքի համար»: Թե երբ է կատարվել այդ նահատակությունը, հայտնի չէ: Իսկ սրբերի նշխարքները հայտնի դարձան Վաչագանի օրոք, ըստ Աղվանքի պատմիչի: Եւ Զ դարի կեսին «թշնամիները հրդեհեցին Դիզափայտ լեռան Կատարո վանքի վկայարանները»:

 Պատմիչը ցույց է տալիս, որ լեռան սահմաններում պետք է գտնվի «Մխանց տոհմի Կաղսեդու առողջարանը», ուր 552-53թթ. հայտնվեցին ոմն ճգնավորի եւ բազում այլ սրբերի նշխարքները, որոնք կամ այնտեղ էին նահատակվել, կամ էլ այնտեղ էին բերվել ուրիշ տեղերից: Եւ Աբաս կաթողիկոսի հրամանով Մոմհարից երեցի ու Հովհաննեսի վանքի վանահայր Տիրիթի գործակցությամբ Տրի քահանա Դանիելը եւ բազում այլ հավատացյալներ գնացին, փորեցին տեսիլքով երեւացած տեղը, «եւ գտնվեց թաքնված գանձը…, նշխարքները ամփոփեցին ինչ-որ պատվական տեղում՝ յուրաքանչյուրից մաս վերցնելով, իսկ մեծ մասը վերցրեց Դանիել քահանան եւ մեծահարգ ընծաներով շտապելով՝ անմիջապես հասավ Աբաս հայրապետի մոտ… եւ դրեց շատ մաքուր արկղերի մեջ»: Այս հիշատակների մասին գրեց դեպքերի ժամանակակից ու վկա Անդրիանեն, որից օգտվելով իր պատմությունն է հյուսել Կաղանկատվացին: Իսկ այն սրբերը, որոնց հայտնվեցին նշխարքները, հետեւյալներն են՝ Ստեփանոսը, Նախավկան, Թեոդորոսը, Վարոսը, Մամասը, Մար Սարգիսը, Գեւորգը, Կոզմասը, Դամիանոսը, Ս. Քառասունքի մի մասը, խաչված ոմն Պողոսիկն ու Բասերիան, ինչպես նաեւ կենարար խաչափայտի մի մասը:

 Լեռնապարի եւ Չերեքեն գետի հարավում, գավառի լեռնասահմանի նշանավոր տեղում է գտնվում Թուղ գյուղաքաղաքը, ինչպես որ նշվում է աշխարհացույցում, որը Աբրահամ Գ.կաթողիկոսը Տող է կոչում, ուր մի քանի օր մնաց Աղվանքի Ներսես կաթողիկոսի հետ՝ Մուղանում Նադիր Շահի հետ վերադառնալուց հետո, 1736թ.:
 Աղվանի արեւմտյան կողմում նշվում է համանուն մի այլ գյուղ, որը մի քարտեզում անվանված է Թում: Դրա հյուսիսարեւմտյան կողմում պետք է ընկած լինի Հատրու գյուղը, որի միջով անցավ կաթողիկոսը Տողից վերադառնալիս: Այն այժմ հայաբնակ գլխավոր գյուղերից մեկն է, որում ընդհանուր առմամբ 500 տուն կա:

 Հարավում են գտնվում Աթակութը, Մուխրանեսը, արեւելքում՝ Ղըզըլ- ղըշլան, Ղարադաղը, Չերակուսը, Ծիկուրին, որոնցից հարավ-արեւելք ձգվում է լեռների մյուս բազուկը՝ ճյուղեր արձակելով դեպի հարավ, որտեղից գետերն իջնում են դեպի Երասխ: Նրանց ձորահովիտներում նշվում են հետեւյալ գյուղերը՝ Թակասիրը (՞) , որի հարավային ծայրում նշվում է մի մենաստան Վանք՝ նշված քարտեզում, իսկ մի այլ քարտեզում Սուրբ-Շիհիճ (՞) մենաստանը, դա արդյոք Շուփհաղիշն է (՞) : Նրա հարավային ծայրում ընկած է Գարկա-պազարը, իսկ նրանից դեպի արեւելք, Քենտիլանի մոտ՝ Չուվարը, Ապտյուռահման-բեկլուն: Վանքի հարավային կողմում գտնվում են Սարաճըկը, Պալյանդը, Սյուլեյմանլը, Բիրաճակը, վերջինիս հարավում՝ Տաշ-քեսենը, Կորավլը, արեւմուտքում՝ Զանզյուրը (՞) , Մենքյուտերեն, Տաշպաշը, Ղարաքոլը: Իսկ սրանցից էլ հարավ, Երասխի եւ Թուղի սահմանմիջում եւ նրանց ճանապարհի վրա ընկած է Ճիպրայիլը՝ ռուսների պահպանության տեղը եւ սրբազան ննջեցյալների քավարանը:

 Ըստ աշխարհացույցների՝ այստեղ են վերջանում Արցախի լեռների ճյուղերը, որոնց ստորոտի արեւմտյան կողմում, Սյունիքի մոտ, Թումաս գյուղն է: Այդտեղից մինչեւ Երասխ եւ ապա Սյունիք իջնող եւ Երասխը հատող լայնածավալ դաշտում բլուրներ են բարձրանում: Իսկ այս դաշտավայրում քիչ շեներ են նշվում, ինչպես՝ Քովտերեն, Շախպեկլին, Րյուկերը, Խարիտիռը՝ Քոզլու գետի ափին:

 Թե մինչեւ ե՞րբ էին Երասխի ափերը հասնում Արցախի սահմանները, չգիտեմ: Բայց աներկբայորեն պետք է ասել, որ Առանն է նորոգել Աղվանից իշխանությունը՝ Վաղարշակի ժամանակ տիրելով այս վայրերին: Իսկ հետո, ըստ երեւույթին, Փայտակարան աշխարհի տերերն են իրենց ձեռքը դրել դրա վրա, այնուհետեւ Ատրպատականի կողմից է նվաճվել: Դա թողնենք մի այլ տեղում քննելու եւ նշենք գյուղեր ու շեներ, որոնք գտնվում են Արցախի կողմերի ծայրերում ու Հայոց բնիկ արեւելքում, մեծ գետ Երասխի ափին, ինչպես որ կգտնենք աշխարհացույցներում, սկսած արեւելյան կողմից, որոնցից շատերը ռուսական զորակայններ են կամ ամրոցներ՝ Պարսկաստանի սահմանը պահպանելու համար, որն անջատում է գետը:

 Քենտիլանի եւ Երասխի խառնարանի մոտ կան Պեյսամլը, Կյուլդանլը, Ըշըգլը, Գուրուզայի մոտ՝ Պեկմեննի գյուղերն ու ամրոցները, Չերեքենի մոտ՝ Պապի գյուղն ու ամրոցը, Քոզլուի մոտ՝ Միրզա-մեխդուլի բերդը, մյուս գետակի արեւմտյան կողմում՝ Մարիլյան բերդը: Սրա մուտքից դեպի Սյունիք իրար հետեւից ընկած են հետեւյալ գյուղերը՝ Ապտալը, Սրճալը, Շահնիչարը, Սաֆարը, Մենտաճիխը, Էշեկ-մետյանը, Խյուտաֆերիյնը, Ալիճախլը՝ Հագար գետի եւ Սյունիքի լեռների անջրպետին մոտիկ:

 Խյուտաֆերիյնի մոտ, Առանի եւ Ատրպատականի միջեւ կա անվանի մի կամուրջ՝ 12 հաստակառույց կամարներով, որոնցից երեքը քանդել է Ղարաբաղի Իբրահիմ խանը, որոնք հետո նորոգել են ռուսները: Կամուրջի մոտ են գտնվում Առաքելիս հայոց գյուղն ու մաքրատունը: Կամուրջի հզոր կառուցվածքը եւ նրա վրայով պատվական քարավանների անցնելը կամուրջին շնորհել են պարսից այդ անունը, որ նշանակում է Աստվածաստեղծ:

Комментариев нет:

Отправить комментарий