ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. Ճանապարհորդություն ի Հայս

կամ՝ դեպի լյառն Արարատ

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

1995 թվականին մի խումբ հայորդիներ փորձել էին բարձրանալ Արարատ լեռան գագաթը: Նախաձեռնությունը Երեվանի «Արագած» ալպինիստական ակումբինն էր (նախագահ՝ Արա Ներսիսյան): Սակայն թուրքական իշխանությունները թույլտվություն չէին տվել, իսկ առանց թույլտվության բարձրանալու փորձը խափանվել էր թուրք զինվորականների կողմից, որոնք խմբի մի քանի անդամներին ու քուրդ ուղեկցին հետ էին տվել լեռնալանջից, սպառնալով կրակել, եթե շարունակեն վերելքը: Քուրդ ուղեկիցը Բայազեդում քաջ հայտնի Ահմեդ Էրթողրուլն էր, որն ամերիկացի աստղագնաց Ջեյմս Իրվինին մի քանի անգամ ուղեկցել էր մինչեվ լեռան գագաթը: Ինչպես հայտնի է, Իրվինը տիեզերքից նկարահանել է մեր սուրբ լեռը եվ Նոյյան տապանի հետքեր գտել, որից հետո տարիներ շարունակ հետազոտություններ էր անում լեռան վրա, փորձելով գտնել առասպելական տապանը: Իր պրպտումների մասին նա գիրք է գրել, որտեղ բազմիցս հիշատակել է հիշյալ Ահմեդի անունը: Ի դեպ, վերոնշյալ արշավի մասին գիրք է գրել նաեվ արշավախմբի անդամներից մեկը՝ Էդիկ Սարգսյանը: Գիրքը, որ կոչվում է «Հենց նոր իջա Արարատից», միանշանակ չընդունվեց արշավախմբի անդամների կողմից, ոմանց կարծիքով այնտեղ ավելորդ հերոսականացված ու չափազանցված է արշավախմբի անցած ուղին: Այսպես թե այնպես, արշավի մասին միակ հիմնավոր գրավոր տեղեկություններն ամփոփված են այդ գրքում:

1995-ի արշավին մասնակցել էր նաեւ Գարեգին Ղազարյանը, որը նույն թվից էլ տեղափոխվել է Արցախ, զբաղեցրել մի շարք պատասխանատու պաշտոններ, այդ թվում ԼՂՀ ՊԲ հրամանատարի՝ քաղաքական գծով տեղակալ, Ժիրայր Պողոսյանի գլխավորած կառավարության աշխատակազմի ղեկավար: Ներկայում Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանի օգնականն է: Հենց Գարեգինից էլ սեպտեմբերի կեսերին իմացա, որ երկրորդ արշավն է նախապատրաստվում եվ որ մի քանի օրից խումբը դուրս կգա Հայաստանից ու կմեկնի Թուրքիա: Նա տեղեկացրեց նաեվ, որ խմբի կազմում բացի իրենից ընդգրկված են նաեվ ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության պետ Ասլան Գրիգորյանը եվ նույն վարչության փրկարար Ալինա Նանագուլյանը: Ըստ Գարեգինի, կանանց ներկայությունը (արշավախմբում նախատեսվում էր ներգրավել գեղեցիկ սեռի այլ ներկայացուցիչների եվս) միտումնավոր էր՝ ապահովելու համար թրքական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը, փարատելու բոլոր հնարավոր կասկածները եվ վստահություն ներշնչելու:

Գարեգինը ցույց տվեց «Գոլոս Արմենիի» թերթի համարը, որտեղ տեղեկացվում էր գալիք արշավի, ինչպես նաեվ այն մասին, որ թուրքական իշխանությունները հանել են Արարատը բարձրանալու արգելքը: Ինձ ուղղակի հանկարծակիի բերեց այդ ամբողջ պատմածը: Վերահաս մեծագույն կորստի զգացում ունեի եվ խորը ափսոսանք, որ այդ ամենին տեղեկանում էի արշավից ընդամենը մի քանի օր առաջ, երբ խումբն արդեն կազմավորված է եվ, թվում է, արդեն ուշ է որեվէ բան ձեռնարկել: Բարի նախանձով նախանձում էի խմբի բոլոր անդամներին, նրանց փոխարեն ու նրանց աչքերով վայելում Արարատի բարձունքի զմայլանքը:

Ու մեկ էլ մի հանդուգն միտք ծնվեց իմ մեջ՝ փորձել ընդգրկվել արշավախմբի կազմում: Դա արկածախնդրություն էր, քանի որ ես նույնիսկ չէի ճանաչում «Արագած» ալպինիստական ակումբի նախագահ Արա Ներսիսյանին, որը արշավի նախաձեռնողն է եվ Գարեգինին ու Ասլանին խստորեն պատվիրել էր շատ էլ «չտարածվել» այդ հարցով: Բայց երբ Գարեգինն ասաց, որ արշավի հովանավորն ու կազմակերպիչը մեր հայրենակից Արթուր Ալեքսանյանն է՝ «Ամարասի Արթուրը», իմ հույսերը սկսեցին արդեն որոշակիորեն ուրվագծվել:

Հենց Գարեգինի աշխատասենյակից էլ զանգեցի Երեվան՝ Արթուրին: Արթուրն ու ես 1989-ին Արցախում ստեղծված «Ամարաս» բարեգործական միության վարչության անդամներ էինք: Ճիշտ է, այն ժամանակ միասին քիչ աշխատեցինք, քանի որ մի քանի ամիս անց ես հանգամանքների բերումով  դուրս եկա վարչությունից, բայց հետո էլ մեր ճանապարհները քանիցս խաչվեցին: Մասնավորապես, մի քանի անգամ հանդիպեցինք ռազմաճակատի առաջին գծում, ես՝ որպես ճակատային լրագրող, նա՝ որպես ազատամարտիկ ու հրամանատար: Միշտ էլ մեր հարաբերությունները ջերմ են եղել: Հետագայում, երբ Արթուրը տեղափոխվեց Երեվան, մի քանի անգամ դարձյալ հանդիպեցինք, եվ նա միշտ պատրաստակամություն էր հայտնում օգնելու: Ահա թե ինչու որոշեցի զանգել:

Արթուրն, ինչպես միշտ, մտերմավարի ընդունեց, հարցրեց ողջությունս, տեղյակ էր, որ հեռացել էի «Ազատ Արցախ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից: Ես նրան խնդրեցի ինձ էլ ընդգրկել արշավախմբի կազմում՝ «գոնե մի լրագրող լինի Արցախից»: Ասաց, որ ինքը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել, միայն թե տեղ լինի մեքենաներում: Պայմանավորվեցինք, որ վերջնական պատասխանը կասի արշավից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 22-ին: Ինչ վերաբերում է «ըստ ամենայնի» աջակցելուն, ապա Գարեգինից տեղեկացա, որ արշավախմբի անդամները պիտի որոշակի գումար հայթայթեին՝ ճանապարհածախսի, սննդի եվ այլնի համար: Նույն Գարեգինը հովանավորներ էր որոնում իրեն անհրաժեշտ գումարը գտնելու համար: Իմանալով Արթուրի բնավորությունը, ես համոզված էի, որ փողային ոչ մի հարց էլ չէր ծագի, նա թույլ չէր տա: Բայց, այնուամենայնիվ, որոշեցինք Երեվանում գոնե անհրաժեշտ գումարի մի մասը գտնել, որպեսզի Արթուրին շատ չծանրաբեռնենք: Որոշեցի նաեվ չսպասել Արթուրի զանգին, այլ Գարեգինի ու Ասլանի հետ մեկնել՝ տեղում պարզելու հարցերը: Այդպես ավելի ռեալ կլիներ:

Սեպտեմբերի 21-ին Ասլանը, Գարեգինը, Ալինան եվ ես ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության «Ուազ» մեքենայով մեկնեցինք Երեվան: Տեղ հասնելուն պես գտանք Արա ներսիսյանին, Ասլանն ու Գարեգինը արշավին առնչվող մի շարք հարցեր քննարկեցին նրա հետ: Իմ ներկայության կապակցությամբ Գարեգինը տեղեկացրեց Արթուրի հետ «բանակցությունների» մասին: Արայիկը դրանով բավարարվեց: Որոշվեց  հաջորդ օրը հանդիպել Արթուրի հետ:

Սեպտեմբերի 22-ին բոլորս միասին գնացինք ՀՀ ազգային անվտանգության նախարարության հատուկ նշանակության զորամաս, որի հրամանատարն է Արթուրը: Ջերմորեն ընդունեց բոլորիս, հարցուփորձ արեց: Աշխատասենյակի պատին փակցված Արարատի մեծադիր նկարն աչքերիս առաջ մի-մի բաժակ հայկական կոնյակ խմեցինք՝ իրար հաջողություն մաղթելով արշավում: Ես Արթուրին տեղեկացրի, որ նախորդ օրը զանգել էի Զորի Բալայանին, խնդրելով ինձ ու Գարեգինին անհրաժեշտ գումարը գտնելու հարցում օգնել (Ասլանի ու Ալինայի ծախսերը Արթուրն էն գլխից էր հոգացել): Արթուրն ասաց, որ այլեվս ոչ-ոքի չխնդրենք՝ ինքն ամեն ինչի մասին կհոգա: Ի դեպ, երբ զանգել էի Զորիին, նա անակնկալի եկավ՝ իմանալով մեր մտադրության մասին, հուզմունքով ասաց, որ իր վաղեմի երազանքն է Մասիսի գագաթին հասնելը: «Այ տղա, որ վերադառնաս՝ միլիոնատեր ես դառնալու»՝ ասաց նա ծիծաղելով: Այդ ինչպե՞ս՝ զարմացա ես: Միլիոնատեր, իհարկե, չդարձա, բայց ահա այնքան հարստացա հոգեպես այդ արշավ-ուխտագնացությունից հետո, որ ոչ դրամով կչափես, ոչ էլ դոլարով:

Ինչ-որ է, իմ հրճվանքին չափ չկար՝ գնալս հաջողվում է: Արթուրը հոգաց բոլոր կազմակերպչական հարցերը եվ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 23-ին, մոտավորապես կեսօրին, պիտի ճանապարհվենք: Արցախյան պատվիրակության անդամներս գիշերեցինք Գարեգինենց երեվանյան տանը, մինչեվ ուշ երեկո զրուցեցինք՝ կանխավայելելով առաջիկա արշավի հմայքները:


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23

Առավոտյան հավաքվեցինք «Արագած» ալպինիստական ակումբում, պարզեցինք պակաս-պռատը, ինչ է արված, ինչ չենք հասցրել: Արայիկը հանձնարարություններ տվեց, ինչ պակաս էր՝ գնեցինք, կապկպեցինք իրերը, տեղավորեցինք մեքենաներում: Մեկնելու ենք երեք մեքենաներով՝ Ասլանի «Ուազ»-ով, Արայիկի «Վիլիս»-ով եվ Արթուրի «Նիվա»-ով: Մեր քառյակը փոքր-ինչ ուշացավ եվ երբ ակումբ հասանք, ասացին, որ Արթուրը հեռախոսով մի քանի անգամ մեզ է փնտրել: Պարզվեց, որ Արթուրն ուզում էր օգտվել այն հանգամանքից, որ այդ օրը ՀՀ եւ ԼՂՀ ղեկավարությունն այցելելու է Եռաբլուր: Ուզում էր, որ հանդիպեինք նրանց հետ եվ հենց Եռաբլուրից էլ նրանք մեզ ողջերթի խոսքով ճանապարհեին: Հանգամանքների բերումով այդ հանդիպումը չստացվեց եվ գուցե լավը դա էր, քանի որ ոչ ոք էլ առանձնապես հակված չէր նման բարձրակարգ ընդունելության՝ քանի դեռ մեր նպատակին չէինք հասել: Ինչ որ լինելու է, թող լինի հետո:

Ինչ-որ է, հետմիջօրեին ճանապարհվեցինք: «Արագած» ակումբի շենքի առջեվ հավաքվել էին արշավախմբի անդամների հարազատներ ու բարեկամներ, լրագրողներ: Եկել էին նաեվ Արթուրի ընկերները, որոնք մեզ ճանապարհեցին գրեթե մինչեվ թուրքական սահմանը: Քանի որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, հայ-թուրքական սահմանը փակ է: Ուստի պիտի Վրաստանի տարանցիկ ճանապարհով հասնեինք Թուրքիա: Ճանապարհին մտանք Գյումրի, ապա, անցնելով հայկական եվ վրացական մաքսատները, մտանք Ջավախք: Ախալքալաքում մեզ դիմավորեց Ջավախքի լիդերներից մեկը՝ Սամվելը, որը Արթուրի ընկերն է: Մութ էր արդեն, երբ Սամվելն ու ընկերները բոլորիս տարան մի գողտրիկ անկյուն, որտեղ աղբյուրի մոտ լացող ուռենու տակ շամպայնով եվ Ասլանի կողմից որպես հոգեպահուստ վերցրած թթի օղիով մեզ հաջողություն մաղթեցին ու բարի ճանապարհ:

Գիշերը հասանք Ախալցխա, տեղավորվեցինք քաղաքի «Մծխեթ» գավառական կեղտոտ հյուրանոցում: Սեպտեմբերի 24-ի առավոտյան եկան մի խումբ հայ երիտասարդներ, նույնպես Արթուրի ընկերները, եվ բոլորս միասին գնացինք տեղի Սուրբ Նշան եկեղեցի՝ կառուցված 1862 թվականին: Բոլորս մոմ վառեցինք, Աստծոն խնդրեցինք աջակցել մեր գործին: Ապա Արթուրի ընկերները տեղեկություններ հաղորդեցին եկեղեցու եվ քաղաքի հայության մասին: Եկեղեցու բակում տապանաքարեր կային եվ մի քարե դագաղ: Շատերիս թվում էր, թե դա իսկական դագաղ է, բայց մեզ բացատրեցին, որ դա ընդամենը հուշարձան է: Տակը փոս կար, պարզվում է, որ վրացիներն էին փորձել ոսկի գտնել այդտեղ:

Եկեղեցում ու բակում բավականին մարդ կար: Ուշադիր հետեվում էի մարդկանց եռուզեռին, երբ ուշադրությունս գրավեց մի երիտասարդ , որ երկու աղավնի ձեռքին պտտվում էր եկեղեցու շուրջ, համբուրելով եկեղեցու քարերը: «Մեղքերս շատ են, եղբայր,- բացատրում էր նա ինչ-որ մեկին,- Աստծուց մեղքերիս թողություն եմ խնդրում»: Յոթ անգամ պտտվեց եկեղեցու շուրջ եվ բաց թողեց աղավնիները: Ոնց որ թե իր մեղքերը բաց թողեց իր հոգուց: Այս արարողությունը իմ դուրը եկավ, այս անզոհ մատաղը: Մեծ իմաստ կա, ըստ իս, դրա մեջ: Մի քանի շաբաթ դրանից առաջ արցախյան գյուղերից մեկում ականատես եղա այլ բնույթի մատաղի, մատաղացու ոչխարին տանջելով յոթ անգամ քարշ տալով պտտեցրին եկեղեցու շուրջ եվ ապա մորթեցին: Իսկ այստեղ աղավնիներ, խաղաղության աղավնիներ: Առանց արյան, առանց չարչարանքի:

Արթուրի ընկերները մեզ ուղեկցեցին մինչեւ վրաց-թուրքական սահման: Սահմանից մի քանի հարյուր մետր հեռու՝ գետափնյա մի գեղեցիկ դաշտում, կանգ առանք, ճաշեցինք եւ ապա մոտեցանք անցակետի վրացական կողմին: Մեզ տեղեկացրին, որ այս անցակետը մի տարի առաջ է ստեղծվել, Շեւարդնաձեի՝ Ջավախք այցելելուց հետո: Մի քանի ժամ սպասեցինք վրացական կողմում, նույնքան էլ՝ թուրքական կողմում: Վրացական կողմում, իմանալով, որ ալպինիստական խումբ ենք, հարցրին՝ «Գնում եք Արարատ բարձրանալո՞ւ»: Հատելով վրացական անցակետը, ուղղվեցինք դեպի թուրքականը, որ մոտ հարյուր մետր հեռու էր: Այստեղ ձեւակերպեցինք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, մեր անցագրերում համապատասխան նշումներն արեցին: Երկու-երկու էինք մտնում անձնագրային ստուգման բաժին: Սկզբում ես ու Ալինան գնացինք: Սենյակում միջին տարիքի երկու թուրք էին նստած, մեկն անձնագրերն էր ստուգում եւ անհրաժեշտ գրանցումն անում, մյուսը, թվում էր, ոչինչ չի անում, պարզապես ուշադիր զննում էր, ունկնդրում զրույցները: Հատուկ ծառայություններից է՝ մտածեցի ես:

Երբ ներս մտանք, անձնագրեր ստուգող թուրքը արեւելյան հաճոյակատարությամբ հերթապահ ժպիտ հորինեց իր դեմքին՝ Ալինային ցույց տալով աթոռը, ապա սրբեց ժպիտը դեմքից եւ երկար ժամանակ ինչ-որ թղթեր էր նայում, ասես մոռանալով մեր գոյությունը: Այ սա ավելի մոտ է բնույթիդ՝ մտածեցի: Հինգ րոպեի չափ մեր գոյությունը միտումնավոր կերպով չտեսնելու տալուց եւ կողքին նստածին մեզ զննելու հնարավորություն տալուց հետո վերցրեց մեր անձնագրերը: Այդ ընթացքում ես ու Ալինան մեր բարբառով զրուցում էինք, երբ «պարապ» թուրքը հանկարծակի հարցրեց՝ «Ղարաբաղի՞ց եք»: Մենք անակնկալի եկանք եւ երբ հարցական հայացքով նրան նայեցինք՝ իբր, ձեր լեզուն չգիտենք, էֆենդի, նա քահ-քահ ծիծաղեց: Հետո, երբ այդ մասին պատմեցի Արթուրին, ասաց՝ հատուկ ծառայություններից է, զարմանալու բան չկա: Ու ավելացրեց՝ մենք նրանց մասին շատ բան գիտենք, նրանք՝ մեր:

Դուրս գալով սենյակից, ես ու Ալինան նստեցինք մոտակա տաղավարում, ուր նաեւ ուրիշ մարդիկ կային, ու սկսեցինք սպասել մեր մյուս ընկերներին: Որոշ ժամանակ անց եկավ մեր թարգմանիչ Հովհաննես Ավետիսյանը: Նա Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ է, ՀՀ վաստակավոր մարզիչ: Նա զրույցի բռնվեց մի համակրելի երիտասարդի հետ: Ես էլ մոտեցա ու փորձեցի ինչ-որ բան հասկանալ նրանց զրույցից, Հովհաննեսին մերթընդմերթ խնդրելով թարգմանել: Պարզվեց, որ քուրդ է, բիզնեսով է զբաղվում: «Հայերն ու քրդերը իրար հետ լավ են»,- մատներով համապատասխան շարժում անելով՝ բացատրեց ինձ քուրդը: Ես ժպտացի: Ապա նա դժգոհեց վրացիներից: Ծույլ ու անբան մարդիկ են, ասաց, միայն գինի խմել գիտեն, ոչ մի գործ հնարավոր չէ նրանց հետ ձեռնարկել: Այ կբացվի հայ-թուրքական սահմանը, այն ժամանակ կարգին գործ կանենք, քանի որ հայերը գործունյա ու բանիմաց մարդիկ են:

Այս համակրելի քուրդը հայի էր նման: Որ քրդերը նման են հայերին՝ համոզվեցի արդեն Թուրքիայում: Ոչ բոլորը, իհարկե, այլ, իմ դիտարկմամբ, քաղաքակիրթ-քաղաքաբնակ ու մտավորական քրդերը: Այստեղ մեծ գաղտնիք չկա, բացատրեց Գարեգինը, քրդերը եւս մարդաբանության արմենոիդ տիպին են պատկանում:
Տաղավարում Քեմալ Աթաթուրքի նկարն էր դրված, կողքին՝ Թուրքիայի մեծ քարտեզը: Նայում, ու սիրտդ մղկտում է՝ մեր հայկական պատմական հողերի հաշվին ուռճացած երկիր, ոնց որ փիղ կուլ տված մեծ օձ: Թուրքիա՝ ծովից ծով երկիր: Ծովից ծով՝ մեր երազանքը: Մեր երազանքը նրանք իրենց համար իրականացրին: Ու մեր հաշվին:
Թշնամանք չկար հայերիս նկատմամբ, ոչ էլ, իհարկե, հարգանք կամ ակնածանք: Կար բարեկիրթ անտարբերություն: Առանձնապես չչարչարեցին մեզ թուրքական կողմում: Ավելին՝ վրացական կողմում ավելի խիստ էին, բայց փողն ամեն ինչ հարթում է, իսկ նրանց ուզածն էլ փողն է, թեեւ մեր փաստաթղթերը կարգին էին, օրինական, եւ չպիտի որեւէ դժվարություն ծագեր:

Ի վերջո հատեցինք «Թյուրքգյոզ» («Թյուրքի աչքեր») անցակետը եւ մտանք... Ո՞ւր մտանք: Թուրքիա՞, թե՞ Հայաստան: Մտանք պատմական Հայաստան եւ ժամանակակից Թուրքիա: Երկու զգացողությունն էլ կար: Թուրքական բնակավայրեր եւ եկեղեցիների ու բերդերի ավերակներ: Ամեն մի նոր ավերակ տեսնելով կանգնեցնում էինք մեքենաները, ուշադիր նայում-ուսումնասիրում, նկարում ու նկարահանում: Ի դեպ, վախենում էինք, որ անցակետում թուրքերը թույլ չէին տա սահմանն անցկացնել Երեւանի «Արտ 13» ստուդիայի ռեժիսոր Արտակ Ավդալյանի բերած BTC մեծ տեսախցիկը: Սակայն այնտեղ ընդամենը գրանցեցին փաստաթղթերում այդ տեսախցիկը, ասել է թե՝ լեգալացրին: Արտակը մտադիր է ոչ միայն լուսաբանել մեր ուխտագնացությունը, այլեւ ֆիլմ նկարահանել այնտեղի հայկական եկեղեցիների մասին: Նա եւ արեւելագետ, «Հրաչյա Աճառյան» համալսարանի դասախոս Արմենուհի Պետրոսյանը: Արմենուհին արդեն հեղինակել է Իրանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների մասին ֆիլմ: Մտադիր է շարունակել այդ շարքը: Առաջարկեցի մի ֆիլմ էլ նվիրել Արցախի եկեղեցիներին: Հաճույքով համաձայնվեց:

Մեզ ապշեցրեց տեղի հրաշք բնությունը՝ թավուտ անտառներ, անդնդախոր ձորեր, լեռներ ու բլուրներ: Այդ տեսքով մեզ դիմավորեց պատմական Հայաստանը: Բայց աստիճանաբար այդ բնական գեղեցկությունը աղքատանում էր, փոխարինվելով մեկ այլ տիպի գեղեցկությամբ՝ կանաչազուրկ բլուրներ, ժայռեր ու ապառաժներ:

Գնում ենք Իգդիր, որտեղ էլ փորձելու ենք թույլտվություն ստանալ ու բարձրանալ լեռը: Չհասած Իգդիր՝ մեզ ճանապարհային ոստիկանությունը մի քանի անգամ կանգնեցրեց, ստուգեց փաստաթղթերը: Զարմանում էին, իհարկե, տեսնելով հայերի, բայց եւ բարյացակամ էին: Մի տեղ, օրինակ, հեռու-հեռվում լույսեր ցույց տվին ու ասացին՝ «Ահա այնտեղ է ձեր Էրմանիստանը»: Հետո Գարեգինը հայերեն «հաջողություն» ասաց, երբ հրաժեշտ էինք տալիս, ու ոստիկաններից մեկը նույնը կրկնեց թութակի պես:

Ճանապարհին շատերս զարմացանք մի հանգամանքով՝ սրանց տները, գյուղական տները, առանց տանիքի են՝ հարթ եւ ուղիղ: Գոմի նման: Բայց, այ քեզ զարմանք, հենց այդ նույն գոմատների վրա...սաթելիթ: Արբանյակային հեռուստաանտենա: Բակերում՝ ընտանի կենդանիներ, ընտանի մարդիկ՝ իրար խառնված, միասին տուն ներսուդուրս անող եւ... սաթելիթ: Ժամանակին խորհրդային շաբլոնով Ամերիկան անվանում էին կոնտրաստների երկիր: Թուրքիան եւս այդպիսին է, ինչպես եւ մյուս բոլոր երկրները՝ հարուստներ եւ աղքատներ: Երկու կոնտրաստ, բայց բանն այն է, որ այստեղ երկու կոնտրաստներն էլ, ըստ էության, կոնտրաստային են: Գուցե տափակություն լինի, բայց կոնտրաստային կոնտրաստներ են՝ եթե, իհարկե, կարելի է այդպես ասել: Սաթելիթ՝ դղյակո՞ւմ. հասկանալի է ու տրամաբանական: Բայց սաթելիթ՝ գոմի վրա՞: Ըստ իս, այս մի կենտ շտրիխով էլ կարելի է պատկերացում կազմել շարքային քրդերի ու թուրքերի ճաշակի, նյութական ու հոգեւոր կարիքների մասին: Ոչ թե բաղնիք, ոչ թե կարգին զուգարան, ոչ թե կարգին սենյակներ, տան փոքրիշատե արտաքին, այլ ... սաթելիթ: Մուղամներ լսելու համար:

Այս կոնտրաստային կոնտրաստին ականատես եղանք նաեւ հաջորդ օրերին: Այնտեղի կյանքն է այդպիսին: Ասենք թե՝ բարձրակարգ հյուրանոց, ուր, սակայն, չգիտեն, թե ինչ է զուգարանի թուղթը: Պատից մի փողրակ է իջնում դեպի «հորատանցք», ուր սափոր կամ կժի նման ինչ-որ բան է դրված: Հասկացաք, չէ՞, ինչի համար է: Պատկերացրեք, զուգարան է մտնում եվրոպական կոստյումով, փողկապով, անգլերեն խոսող թուրք էֆենդին... եւ սափորը: Պակա՞ս կոնտրաստ է: Միջնադարի ու 20-րդ դարի բարեկամական ձեռքսեղմում:

Կամ, ասենք, չադրայի տակից ծխող քրդուհին թե թրքուհին: Ասես գիրկընդխառն են ընթանում այս երկրում հերետիկոսությունն ու ինկվիզիցիան, քաղաքակրթությունն ու հետամնացությունը, անցյալն ու ներկան:

Այս ամենը՝ իմ հնարած անհաջող գյուտը՝ կոնտրաստային կոնտրաստը, բացատրելու համար: Բայց այդ ամենը հետո էր, իսկ հիմա Իգդիրի ճանապարհին ենք: Թուրքի ցույց տված լույսերը Երեւանի լույսերն էին: Շատ էլ հեռու չէին: Մտածում էի՝ վտանգավոր է, երբ երկրիդ մայրաքաղաքը գտնվում է դարավոր ոսոխիդ հետ սահմանամերձ շրջանում, նրա քթի տակ: Աստված մի արասցե՝ նորից կռիվ լինի: Հիմիկվա զենքերով ու... Երեւանը քթիդ տակ: Հրեն... Ոչ թիկունք, ոչ անվտանգություն:

Ճանապարհին մի հրաշք տեսարան եւս պատճառ եղավ մեքենաներից դուրս գալու: Լուսինն է դուրս գալիս: Բայց ոչ սարերի ետեւից, այլ «ասֆալտի տակից», ավելի ճիշտ՝ ճանապարհի տակից, թեեւ սա էլ բնորոշում չէ: Բայց բնորոշման հերն անիծած, ոնց որ թե ոտիդ տակից դուրս գար լուսինը: Այնքան գեղեցիկ, այնքան մոտիկ եւ այնքան չնման լուսնի: Բայց ինչի՞ նման: Ոնց որ լեզվիս վրա լինի, բայց չկարողանամ արտաբերել անհրաժեշտ բառը: Ի՞նչ է հիշեցնում, Աստված իմ, քաջածանոթ դեռ դպրոցական նստարանից: Հիշեցի, լուսահոգի Զոհրապի «Ճիտին պարտքի» Հուսեփ աղային հիշեցի: Ջրերի վրա օրորվող Հուսեփ աղային: Հիշո՞ւմ եք. «Մեծ-մեծ բացված, կարծես թե զարմացած ու անթարթ, համառ նայվածքով մը դեպի երկինք՝ ուր լուսինը իր տասնհինգին մեջ, արծաթե կոր ու հսկա դրամի մը պես կը փայլեր»:

Հասանք Իգդիր: Հյուրանոց էինք որոնում, կիսամթան մեջ նշմարելով, որ հենց հյուրանոցի առջեւ էլ կանգ էինք առել: «Օզթյուրք» հոթելն էր, որի տնօրենը, նկատելով դիմացը կանգնած օտարերկրյա մեքենաները, դուրս էր եկել իր ծառայությունն առաջարկելու: Ասաց, որ մի հոգուց կվերցնի 5 դոլար: Սկսեցինք սակարկել եւ համաձայնության եկանք 4 դոլար գումարով: Բաշիր Օզթյուրքը մեզ հրավիրեց հոթել: Տեղավորվեցինք՝ սենյակում 2-3 հոգի: Ախալցխայի մեր քոսոտ հյուրանոցի համեմատությամբ այստեղ պայմանները մի գլուխ բարձր էին՝ ամեն սենյակում՝ հեռուստացույց, ամեն հարկում՝ բաղնիք, զուգարանը՝ նորմալ, թեեւ գները նույնն էին թե՛ այստեղ եւ թե՛ Ախալցխայում:

Հյուրանոցի տերը՝ Բաշիր Օզթյուրքը, Երեւանում է ծնվել՝ 20-ական թվականներին (եթե սխալ չեմ հիշում՝ 1926-ին): Մեզ սիրով ընդունեց. անընդհատ հարցուփորձ էր անում, թե ինչ է պետք, թեյ էր հյուրասիրում: Տեղավորվելուց հետո սկսեցինք ընթրիքի պատրաստություն տեսնել: Բաշիրն առաջարկեց ընթրել իր խոհանոցում: Երեւանում մենք ամեն ինչ գնել էինք եւ ութ օրվա պաշար ունեինք: Դեպքերից առաջ անցնելով ասեմ, որ մթերքն այնքան շատ էր, որ հետ դառնալուց մի մասը հետ բերեցինք: Ինչ որ է, Բաշիրը մեզ տրամադրեց սեղաններն ու սպասքը, իսկ մենք էլ բերեցինք ուտելիքն ու խմիչքը՝ հայկական կոնյակ ու թթի օղի: Մինչ այդ հասցրել էինք Բաշիրի հետ զրուցել, պատմել մեր հիմնական նպատակի՝ Արարատ բարձրանալու մասին: Բաշիրն ասաց, որ ոստիկանապետն իր ծանոթն է, ավելացնելով՝ եթե ուզում եք, կարող եմ հրավիրել: Իհարկե, համաձայնվեցինք:

Մեր խմբի անդամներից այդ առումով առանձնանում էր նաեւ Անդրանիկը: Ամեն անգամ, նրա անունը տալիս, թուրք ոստիկանը կամ զինվորականը գլուխը բարձրացնում էր փաստաթղթից ու հայացքով որոնում անվանատիրոջը: Առաջին անգամ դա նկատեցի վրաց-թուրքական սահմանին: Ես ու Ալինան թուրքական անցակետում վերջացրել էինք մեր գործը, հետ վերցրել անձնագրերը ու սպասում էինք խմբի մյուս անդամներին, երբ նկատեցինք, որ Անդոն ու Հունանը անցնում էին այդտեղով եւ, հավանաբար, այս նույն սենյակը որոնում: Անդրանիկ՝ կանչեցի ես: Երկու թուրք պաշտոնյաները, հանկարծակիի եկած, իսկույն բարձրացրին գլուխները: Բա մոռանալո՞ւ բան է...

Իգդիրը դժվար է ժամանակակից քաղաք անվանել. թեեւ դրա տարրերը կային. հատկապես կենտրոնում՝ բարձրահարկ շենքեր, ժամանակակից խանութներ ու հյուրանոցներ: Բայց քանի կենտրոնից հեռանում ես, այնքան մոտենում ես միջնադարին՝ միհարկանի պարզագույն հյուղակներ՝ աթարե ծածկույթով, նվազագույն հարմարություններ: Կենտրոնում, պարզվում է, հիմնականում թուրքերն են ապրում, իսկ ծայրամասերում՝ քրդերը: Ինձ համար զարմանալին հեծանիվների առատությունն էր, որ, թվում էր, ավելի շատ Արեւմուտքին է հատուկ: Իսկ քշում էին ե՛ւ մեծերը, ե՛ւ փոքրերը: Բացի, իհարկե, կանանցից ու աղջիկներից: Ի դեպ, գեղեցիկ կին արարած չտեսա: Ոնց որ ինկուբատորից դուրս եկած՝ գրեթե նույն շորերով, գրեթե նույն ձեւերով: Երեւացողը, լավագույն դեպքում, երեսներն են, վատագույն դեպքում՝ միայն աչքերը: Մնացյալը թաքցված է օտար աչքից: Մեր աղջիկներից մեկը՝ Արմինեն, կատակով անընդհատ տղաներիս էր դիմում՝ «Ինչո՞ւ չեք դրանց «կապում», պապերի վրեժն առնելով»: Ասացի՝ «Տնաշենի աղջիկ, բան է երեւո՞ւմ. երեսները ծածկած անցնում են, չգիտես՝ մանկամարդ աղջի՞կ է, թե՞ պառավ ջադու»: Թեեւ Անդրանիկն, օրինակ, այնուամենայնիվ, գեղեցիկ հայտնաբերեց: Մի վերապահումով՝ «մի քանի ժամ լողացնես, եղունգները կտրես, սանրվածքը փոխես, մարդավարի շորեր հագցնես»: Նրա տեսածը աղջնակ էր, այն հասակում, երբ առայժմ չադրայի եւ այլնի կարիք չուներ, բայց շուտով պիտի ունենար:

Գեղեցիկ կին, սակայն, չկար միայն ցերեկով: Եվ ոչ միայն Իգդիրում, այլեւ մեր տեսած մյուս քաղաքներում՝ Կարսում, Բայազետում, Մուշում, Վանում, Թաթվանում: Գեղեցկությունն այնտեղ բացվում է գիշերով՝ ժամը 23-ից հետո: Հենց այս ժամանակ են բացվում գիշերային պանդոկները, որտեղ կարելի է պորտապար դիտել: Իրենց բարեմասնությունները շորերի բազում ծալքերի տակ թաքցնող թրքուհիներն ու քրդուհիները դրանք ծալքերից խնամքով հանում եւ ցուցադրում են գիշերը, պանդոկներում, հաստաքսակների առջեւ: Դրան ականատես եղանք, մասնավորապես, Թաթվանում:

Հենց «Ռեպյուբլիկ Թյուրք»-ի այսօրվա  գիշերային քաղաքներին է հատուկ Աբգար աղայի Եղիշե տղայի գրածը.
Վառել է վարիյեթե, սինեմա,
Վիթրիններ, թեաթր ու օթել.
Հրճվում է պոռնիկի նման
Կոկետ,
... Կսկ կիները...
Կիները...
Օ, կիները...
Հպվում են՝ այնքան մոտիկ...

Թաթվանի «Քինգ-քեմպինգ»-ում հենց նման գիշերային պանդոկ կար: Մենք վրաններ էինք խփել քեմպինգի բակում՝ ծառերի տակ, մի քանի հոգի Արթուրի հետ տեղավորվել էին հոթելում: Մի քանի օր այնտեղ էինք մնացել, եւ երեկոները մեկ-մեկ մերոնք հետաքրքրության համար այցելում էին գիշերային պանդոկ, որը բավականին թանկ էր: Առաջին անգամ Հովհաննես Ջերեջյանը Անդրանիկին հետը տարավ: Առավոտյան վերջինիս խնդրեցի պատմել, թե ինչ է տեսել: Փոքրիկ բեմահարթակի վրա մեծ հայելի էր դրված՝ պատմեց Անդոն: Կիսամերկ մի կին դուրս եկավ՝ շեկ մազերով (հավանաբար՝ հինայած): Կրծքերին կիսաազատություն տված կրծկալն էր ու զիստերն ընդգծող վարտիքը: Հայելու մոտ նստում ու երգում էր, ապա պտտվում սրահում: Վերջում մոտենում էր յուրաքանչյուր սեղանի, երգում ու պորտապարում եւ չէր հեռանում, մինչեւ իր «հոնորարը» յուրաքանչյուրից չէր ստանում:

... Ու հոսում են շոգ շշուկները.
Հոսում են.
Լսո՞ւմ ես...
Իմացիր.
Շրջում են շորերը,
Կոշիկները...
Համաձա՞յն եք...
- Անշուշտ...
- Հիմա ձեր...
- Շրթունքները...
- Փաշա՞...
- Կմաշե՞ն...
- Ուզում եք հիսու՞ն...
- Չէ, շատ...
- Օ, ձեր ձայնը...
- Ձեր կոնքը...
- Ձեր կաշին...
- Փաշա¯...

Իսկ դնում էին այդ «հոնորարը» կրծքերի արանքում, վարտիքի մեջ: Հենց որ նա հասել էր Հովհաննեսի եւ Անդոյի առջեւի սեղանին (հաջորդն իրենց պիտի մոտենար), մեր ծերուկը դիմել էր Անդոյին՝ «Էրթանք, ձագուկ»: Որպեսզի փող չտա (իսկ այնտեղ մեծ գումարներ էին շռայլում): Դուրս գալուց հետո ծերուկը ոնց որ թե փոշմանել էր. «Ձագուկ, բայց կրնայի մի քանի դոլար խցկել վարտիքի մեջ՝ հետեւի կողմից»: Կարգին սրամիտ է բիձան:

Բայց վերադառնանք Իգդիրի փողոցները: Խանութներ, խանութներ: Արտադրություն չկա, գործարաններ չկան, միայն՝ շինարարություն: Եվ առեւտուր: Խանութների առջեւ՝ չայխանաներ, որտեղ ահել ու ջահել թուրքերը փոքրիկ, «արմուդլու» բաժակներով առավոտից երեկո թեյ են խմում: Համատարած պարապություն. եթե թեյախմությունն զբաղմունք չհամարենք: Քուրդ եւ թուրք լամուկներն այսուայնտեղ կոշիկներ էին փայլեցնում, հայացքով ճանապարհելով նաեւ մեր կոշիկները: Մի տեղ թերթ էին վաճառում: Ի դեպ, բոլոր թերթերն էլ՝ գունավոր, բազմաէջ, բարձրորակ:

Մասիսը երեւում էր գրեթե ամեն տեղից, բայց՝ կողքից: Փոքր Մասիսը ծածկված էր Մեծով: Դարձյալ գեղեցիկ էր լեռը: Ասենք՝ այն գեղեցիկ է բոլոր կողմերից. թեեւ պիտի ասել, որ առավել գեղեցիկ, այնուամենայնիվ, հայաստանյան կողմից է երեւում: Գնում ենք դեպի սարը, անցնում քաղաքի ծայրամասերով, գրեթե դուրս գալով քաղաքից, որպեսզի ոչինչ չխանգարի նրանով զմայլվելու՝ ո՛չ շենք, ո՛չ ծառ: Ահա ամենահարմար տեղը: Այստեղ էին հասել նաեւ խմբի մյուս անդամները: Բոլորը հանեցին ֆոտոապարատները եւ սկսեցին նկարել: Շատ էր մոտիկ, թվում էր՝ մեկ-երկու կիլոմետր, թեեւ, ոմանց ասելով, մոտ 10 կիլոմետր հեռու էինք լեռից:

Մեր կանգ առած տեղից փոքր-ինչ հեռու քրդական շինարարական արհեստանոց կար, պատին գրած՝ «Կարո Սինան»: Գուցե հայ է՝ մտածեցինք: Ո՞վ է Կարոն՝ հարցրի մեր շուրջը խմբված քրդերին: Ցույց տվին: Միջահասակ ու թմբլիկ մարդ էր՝ աշխույժ, գործունյա տեսքով: Եկավ, հարցուփորձ արինք: Կարո՞ղ է՝ հայ ես: Ոչ, քուրդ եմ՝ ասաց: Բա անունդ ինչո՞ւ է հայկական: Կարոն ոչ միայն հայկական, այլեւ քրդական անուն է՝ ասում է: Միգուցե: Բա ազգանու՞նը: Ի՞նչ իմանաս, գուցե սրա մեջ էլ հայի արյուն կար: 16-րդ դարում օսմանյան սուլթանության գլխավոր ճարտարապետ, հայազգի ճարտարապետ ու ինժեներ Սինան Մեծի տոհմածառի պտուղներից է գուցե: Հապա «Սինանյան նվագախո՞ւմբը» Պոլսում՝ 19-րդ դարի վերջին՝ սինանյան երաժիշտ եղբայրնե՞րը... Ինչ որ է, քիչ դեպքեր չեն եղել, երբ շփվելով այս կամ այն քրդի ու թուրքի հետ, կասկածել ենք, որ հայ է, բայց դժվար է պարզել: Նրանց հայրերն ու պապերը վաղուց են թրքացել կամ քրդացել, հավատափոխ եղել, այնպես որ՝ իրեն հայ համարողի չենք հանդիպել ամբողջ ճանապարհորդության ժամանակ: Հետ դառնալուց քուրդ լամուկները հետեւում էին մեզ: «Ամի, փարա, ամի, փարա»: Փող էին ուզում լակոտները: Չէինք տալիս, ու քշել էլ հնարավոր չէր: Սոված բոլուկի պես գալիս էին մեր ետեւից: Ալինայի մոտ հայկական մանրադրամ կար՝ 10-անոցներ, 25-անոցներ, 50-անոցներ: Մեկին տվեց: Վրա պրծան: Ու պրծում չկար: Տնտղում էին դրամը, էլի ուզում, իրար ձեռքից խլում:

Քուրդ լամուկների ուղեկցությամբ վերադարձանք հյուրանոց: Ճեմասրահում նստած էինք, երբ ականջներիս հասավ կողքի սենյակում միացրած հեռուստացույցի ձայնը՝ Արամ Խաչատրյանի «Սուսերով պարի» երաժշտությունն էր: Անդոն ծիկրակեց եւ մեզ տեղեկացրեց, որ տարերային աղետների ու կատակլիզմների մասին ինչ-որ հաղորդում էր: Նույն այդ սենյակում Աթաթուրքի նկարն էր պատից կախված, հետեւյալ մակագրությամբ՝ «Երանի նրան, ով թուրք է ծնվել»:

Վերադարձան մեր բանագնացները: Վերադարձան ձեռնունայն: Տեղական իշխանությունները բացատրել էին մերոնց, որ դա քաղաքացիական իշխանությունների իրավասության ենթակա հարց չէ, որ նման իրավասություն ունի միայն ռազմական իշխանությունը: Իսկ «գեներալը» (հավանաբար, այդ տարածքում տեղաբաշխված զորախմբի հրամանատարը) նստում է Բայազետում: Հրաժեշտ տվինք Իգդիրին եւ ուղեւորվեցինք Դողուբայազետ: Հյուրանոցի անձնակազմը ջերմորեն ճանապարհեց մեզ, հիշեցնելով, սակայն, որ մենք վճարել ենք մինչեւ ժամը 12-ը, իսկ հիմա արդեն կես ժամ անցել է: Եվ որպես «մեծ լավություն»՝ Օզթուրքը մեզնից լրավճար չուզեց:


25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ

Իգդիրյան անհաջող փորձը ոչ ոքի չվհատեցրեց՝ ամեն ինչ դեռ առջեւում է, շանսեր դեռ շատ կլինեն: Ուրախ-զվարթ շարունակում էինք մեր ճանապարհը: Մեր կապավոր Հունանը փոքր-ինչ մրսել ու անընդհատ փռշտում էր, մտահոգության տեղիք տալով մյուսներին: Իսկ Ասլանի «ՈՒԱԶ»-ում, նրանից բացի, Անդոն էր, Գարեգինը եւ ես (Ասլանի ու Ալինայի հետ՝ 6 հոգի): Վախենում էինք, որ Հունանը մեզ կվարակի, իսկ նա էլ վստահ էր, որ նման բան չի պատահի: Ի դեպ, բոլորս էլ հոգում էինք մեր առողջության մասին, մտովի պատկերացնելով այն սարսափելի հեռանկարը, թե ինչպես են բոլորը բարձրանում լեռը, իսկ դու հիվանդ պառկած ես վրանում: Ես, որ անփույթ եմ իմ առողջության նկատմամբ, այդ օրերին գերուշադիր էի իմ նկատմամբ, երեկոները տաք էի հագնվում, մարզական գլխարկ էի հագնում եւ այլն:

Ի դեպ, խոսելով Հունանի մասին, հարկ է ասել, որ նա հենց Իգդիրից էլ ռացիայով ապահովեց մեր կապը Երեւանի հետ: Ամբողջ շրջագայության ժամանակ այդ կապն անխափան գործում էր, բացառությամբ Վանա լճի շրջակայքում մեր եղած օրերին: Իսկ այդ ցածրադիր գոտում լեռներն էին խանգարում ռադիոկապին: Հունան Ղազարյանը «Հայաերոնավիգացիա» ՊՓԲԸ-ում է աշխատում՝ որպես ինֆորմացիոն համակարգի սպասարկման կենտրոնի պետ, մասնագիտությամբ ինժեներ է, սիրող լեռնագնաց (բարձրացել է Արագած, Արա լեռ, Հատիս): Ընդ որում, իր 33-ամյակը նշել է Արագած լեռան վրա՝ հարավային գագաթից 300 մետր ցած: Շրջագայության նախօրեին նա եղել է Ռադիոսպորտի հանրապետական ֆեդերացիայում, պայմանավորվել կապի ապահովման մասին: Առաջին կապը եղավ EK6 RWA ազդականչի հետ, ապա՝ EK6 ROO, EK6 RMM, EK6 GB, EK6 BK, EK6 SV, EK6 AD, EK6 OWI, EK6 FB, EK6 SM, EK6 SW: Ինչ խոսք, նաեւ ծածկանուններ էր մշակել, եւ Երեւանում հստակ տեղեկանում էին, թե որտեղ ենք մենք գտնվում: Հետաքրքիր էր նաեւ, որ Հունանի երեւանյան գործընկերներն ունեին 1995-ի արշավի մասին Էդիկ Պողոսյանի գրած գիրքը եւ ըստ այդմ էլ տեղյակ էին տեղանքին, անուններին: Հարցնում էին՝ «Այդտեղ եկեղեցի կա, չէ՞» եւ այլն...

...Բայազետի ճանապարհին ոստիկանները մի քանի անգամ կանգնեցրին: Ոչ մի անհարգալից վերաբերմունք չկար մեր նկատմամբ: Խիստ էին, բայց՝ բարեկիրթ: Ավելի շատ հետաքրքրասիրություն կար: Բայազետ չհասած՝ դարձյալ կանգնեցրին, ու երբ փորձեցինք նկարել լեռը, արգելեցին, ասելով, որ իբր Անկարայից թույլտվություն պիտի ստանանք: Ճանապարհը շատ բարվոք վիճակում էր: Ինձ զարմացրեց ճանապարհատրանսպորտային նշաններում քաղաքների բնակչության թվի նշումը:

Ժամը 13-ն անց 45-ին հասանք Դողուբայազետ: Առաջին հայացքից այն ամեն ինչով զիջում էր Իգդիրին: Գարեգինի բացատրությամբ` մի աստիճան ցածր էր: Սակայն, ծանոթանալով քաղաքին, այդ տպավորությունը փոքր-ինչ փոխվեց: Բավականին աշխույժ քաղաք է Բայազետն՝ իր 50 հազար բնակչությամբ: Քաղաքն աչքի է ընկնում հյուրանոցների պատմական անուններով՝ «Արարատ», «Ուրարտու», «Շումեր», «Նուխ» (Նոյ): Մեքենային քրդերը «արաբա» են ասում: Ասել է թե՝ մեր արաբաները կանգնեցրինք քաղաքի կենտրոնում եւ սկսեցինք հետախուզությունը՝ մի քանի ուղղություններով: Արայիկը պատմեց երկու քուրդ եղբայրների մասին, որոնք 1995-ին իրենց օգնել էին: Ըստ նրա, հեղինակավոր մարդիկ են նրանք եւ կարող են մեզ օգնել: Նաեւ ուրիշ ծանոթներ ունեին 95-ի արշավախմբի անդամները: Արայիկը եղբայրների մասին էր հետաքրքրվում, իսկ Արթուրն ու Հովհաննես Ջերեջյանը՝ իրենց ծանոթ քրդերի մասին:  Իսկ մենք էլ տեղացի քրդերից էինք փորձում ինչ-որ բան իմանալ:

Դեպքերից առաջ անցնելով ասեմ, որ հենց մեր այս աշխույժ հետախուզությունն էլ մեր «տունը քանդեց»: Նախ՝ առանց այդ էլ տեղացի քրդերը մեր գլխին թափվեցին՝ հարցուփորձ էին անում եւ այլն: Տեղի տուրիստական գործակալություններից փորձեցինք իմանալ, թե՝ հնարավո՞ր է, արդյոք, լեռը բարձրանալ: Ի դեպ, կար «Աղրիտուր» գործակալություն (թուրքերն ու քրդերը Արարատին Աղրի են ասում): Խմբի անդամները սրան-նրան եւս հարցուփորձ էին անում: Արդյունքը եղավ այն, որ շատ չանցած՝ ամբողջ Բայազետը մեր մասին էր խոսում: Գալիս էին, իրենց ծառայություններն առաջարկում, պայմաններ դնում, գները բարձրացնում՝ իբր, շատ դժվար գործ է: Մենք, փաստորեն, կրկնեցինք 1995-ի արշավի սխալը՝ նույն սցենարով: Ով՝ ով, բայց, ըստ իս, այդ արշավախմբի անդամները չպիտի դա թույլ տային: Աղմուկն այստեղ միայն խանգարում է: Խանգարեց նաեւ մեզ: Մինչդեռ նրանք, ովքեր այս գործում հաջողության էին հասել՝ հասել էին անաղմուկ: Դեպքերից առաջ անցնելով ասեմ, որ երբ վերադարձանք Երեւան, մոսկովյան մի հեռուստաալիքից իմացանք, որ մի քանի ռուսներ մի քանի օր առաջ բարձրացել էին Արարատի գագաթը: Այսինքն, մեր այնտեղ գտնվելու օրերին: Այդպես էր նաեւ 1991-ին, երբ մի քանի հայորդիներ բարձրացան լեռը: Հանգիստ, անաղմուկ, բոլորի աչքից հեռու:

Ինչ որ է, Բայազետում «շուխուր» գցեցինք: Մի միջահասակ քուրդ, որի մոր պապը հայ էր՝ իր ասելով (անունը հարցրի՝ չհիշեց), առաջարկեց երկու հոգու ուղեկցել մինչեւ գագաթ՝ դրա դիմաց պահանջելով սկզբում 4, ապա 3 հազար դոլար: Ընդ որում, առանց երաշխիքների, քանի որ, իր ասելով, չափազանց վտանգավոր գործ է: «Արարատ» հյուրանոցի մոտ մի մեծ առեւտրասրահ կար՝ բազմաթիվ խանութներով: Նախ ասեմ, որ կարծում էինք, թե «Արարատ» հոթելը ինչ-ինչ հայկական աղերսներ ունի: Սակայն Գայանեն ու Արմինեն, որ հանդիպել էին հյուրանոցի տիրոջ հետ, տեղեկացրին, որ ոչ մի կապ չկա: Հյուրանոցի տերը բացատրել էր, որ այդ անունն էր դրել առեւտրային-կոմերցիոն նպատակով, որպեսզի գայթակղի հայ եւ օտարերկրյա զբոսաշրջիկներին:

Սակայն շարունակեմ. մի քանի հոգով շրջում էինք առեւտրասրահում, հերթով մտնում խանութները: Ծանոթացա քուրդ եղբայրներ Խալիդի եւ Մուստաֆայի հետ, որոնք խանութներ ունեն այս սուպերմարկետում: Խալիդը ռուսերենին բավարար մակարդակով տիրապետում էր, հավանաբար Ռուսաստանում եւս գործարար կապեր ուներ: Եղբայրներն ասացին, որ կարող են մեզ ուղեկցել լեռան գագաթ: Ըստ նրանց, հիմա արգելք չկա արտասահմանցիների համար, բայց թե կթույլատրե՞ն, արդյոք, հայերին՝ իրենք չգիտեն: Մուստաֆան սկզբում յուրաքանչյուրից 100 դոլար էր ուզում, բայց տեղեկանալով, որ մտադիր ենք 2 օր մնալ լեռան վրա, գումարը հասցրեց 200-ի (17 հոգուց՝ 1400 դոլար): Ավելի ուշ համաձայնվեց 1000 դոլարով ամբողջ խմբին ուղեկցել: Խնդրեցին մի ժամ հետո նորից այցելել իրենց եւ ստանալ վերջնական պատասխանը:

Դուրս եկանք փողոց: Մոտակայքում ինչ-որ տեղ հարսանիք էր, կանաչ-կարմիր ժապավեններով զարդարված մեքենաներ էին անցնում, հնչում էր երաժշտություն, նկարում էին տեսախցիկով: Քաղաքում հիմնականում քրդեր են ապրում: Դողուբայազետը մեծ շինհարթակի տպավորություն էր թողնում, այստեղ տեսանք նաեւ օտարերկրյա զբոսաշրջիկների: Ի դեպ, բիզնեսով զբաղվողները, որպես կանոն, տիրապետում են անգլերենին: Մեր մեքենաներից փոքր-ինչ հեռու մի միկրոավտոբուս կար, ուր միայն կանայք էին: Մի հասակով կին ծխում ու անընդհատ հազում էր: Դիմացը ինչ-որ օֆիս էր, ուր դռան մոտի սեղանին թերթեր կային: Մոտս մոսկովյան «Էքսպրես-գազետա»-ի համարներ կային՝ փոխանակեցի նրանց թերթերի հետ: Բոլորն էլ գունավոր էին, բարձրորակ թղթի վրա: Քիչ անց վերադարձա այդ օֆիսը եւ հարցրի, թե ինչ լեզվով են իրենց տված թերթերը: Իհարկե՝ թուրքերեն, բացատրեցին նրանք, քրդերեն լեզու չկա: Եվ սա քուրդն է ասում: Մինչդեռ նույն Բայազետում մենք քրդական ժողովրդական երգեր լսեցինք իրենց լեզվով, իսկ օրեր անց Կարսում, հիշում եմ, մի քրդի հարցրի, թե ինչով են իրենք տարբերվում օջալանականներից: Իսկական քրդերը նրանք են, բացատրեց նա, ովքեր մեր լեզվով են խոսում, մեր ավանդույթները պահում:

Մի դոլարը Դողուբայազետում 450 հազար թուրքական լիրա է: Որպեսզի պատկերացնեք, թե դա ինչ գումար է, տեղեկացնեմ, որ հացն արժե 110-120 հազար լիրա: Իսկ վճարովի զուգարան գնալու համար պահանջվում է 50 հազար լիրա: Ասել է թե՝ մեկ միլիոն թուրքական լիրայով կարելի է 20 անգամ միզել: Ահա այդքան փարա է պետք օտարերկրացուն բնական կարիքները հոգալու համար: Ի դեպ, փարա ասացի ու հիշեցի արեւմտահայ դասականի հարբած հերոսին, որ միզում եւ զմայլվում էր՝ «փրփրա, փրփրա, փարա եմ տվել»: Ոչ Բայազետում, այլ օրեր անց՝ Կարսում, երբ զուգարան մտա, դուրս գալուց հայտնաբերեցի, որ այդ 50 հազար լիրան բացակայում է իմ գրպաններում: Զուգարանատերը բռնեց թեւքիցս, որ չփախչեմ ու սկսեց պահանջել իր «փարան»: Մի տուփ արտասահմանյան ծխախոտ տվեցի, որ, բնականաբար, ավելի թանկ էր, բայց խորամանկ շանորդին չվերցրեց: Մեր վեճի վրա մարդիկ հավաքվեցին, ու ես ստիպված երկրորդ տուփը տվեցի: Այնպես որ, միզելը բավական թանկ հաճույք է օտարերկրացու համար:

Մի ժամ հետո գնացինք Խալիդի ու Մուստաֆայի մոտ: Վերջիններիս տեսքը մեր դուրը չեկավ՝ աչքները փախցնում էին: Ասացին՝ հետաքրքրվել ենք՝ հնարավոր չէ: Շատ վտանգավոր գործ է՝ բացատրեցին, թե բռնվեցինք՝ բոլորիս մեկ տարի կալանք է սպասում: Մտախոհ վերադարձանք մեքենաների մոտ: 4000 դոլար պահանջող քուրդը նորից այնտեղ էր եւ առաջվա պես պնդում էր, որ գործը գլուխ կբերի եւ ինչ-որ լիազորագիր էր ցույց տալիս: Բայց նախ՝ տեսքը վստահություն չէր ներշնչում, հետո էլ՝ մեզ ձեռք չէր տալիս, որ ընդամենը երկու հոգի պիտի բարձրանային:

Քիչ հետո եկավ Արայիկը, որ իր ճանաչած քուրդ եղբայրներին էր որոնում: Ասաց, որ նրանք գտնվում են դիմացի լեռան ստորոտում գտնվող սեփական քեմպինգում: Եղբայրներից մեկն էր այնտեղ՝ Մեհմեդը, մինչդեռ մեզ ավելի շատ Ահմեդն էր պետք: Սա այն նույն Ահմեդն է՝ Ահմեդ Էրթողրուլը, որ ամերիկացի տիեզերագնաց Ջեյմս Իրվինին ուղեկցել է Արարատի գագաթը եւ իր ծառայությունների համար 16 հազար դոլար վերցրել (դա ինքը պատմեց մեզ մի քանի օր հետո): Իրվինը, ինչպես հայտնի է, տիեզերքից Նոյյան տապանի հետքեր էր նկատել ու հաջորդ տարիներին իրեն նվիրել տապանի հայտնագործմանը: Գիրք է գրել իր ուսումնասիրությունների մասին, որտեղ հիշատակված է նաեւ Ահմեդը: Իրվինի մահից հետո նրա ընկերն է փորձել ուսումնասիրությունները շարունակել, բայց թուրքական իշխանությունները թույլ չէին տվել:

Ինչ որ է, Դողուբայազետում մի քանի ժամ շրջելուց հետո մեկնեցինք «Իսհակ» փաշա կոչվող տեղանքը, ուր գտնվում էր քեմպինգը: Մի գեղատեսիլ վայր էր այն: Իսկական Բայազետն այստեղ էր, ուր մնացել էին դեռ ավերակները: Դողուբայազետը ներքեւում է՝ սարահարթում: Իսկական Բայազետը ռուս-թուրքական պատերազմների ժամանակ ռազմաբեմի էր վերածվել: Այդ ամբողջ ընթացքում քաղաքը չորս անգամ ձեռքից ձեռք է անցել. ռուսները հայ կամավորականների օգնությամբ չորս անգամ գրավել են բերդաքաղաքը, բայց որոշ ժամանակ անց թուրքերը հետ են գրավել: Վերջին անգամ դա եղել է 1914-ի հոկտեմբերի 21-ին, երբ ռուսներն ու հայերը վերագրավեցին քաղաքը, բայց չորս տարի անց՝ 1918-ին, այն վերջնականապես անցավ թուրքերի ձեռքը:

Ըստ հայ պատմագրության, քաղաքը մինչեւ 14-րդ դարը կոչվում էր Դարոյնք: Ենթադրվում է, որ նոր անունը ստացել է ի պատիվ օսմանյան սուլթան Բայազիդ 1-ինի, թեեւ, որոշ աղբյուրների վկայությամբ, քաղաքն այդպես է կոչվել դեռ սուլթանի թագադրումից առաջ: Այդ գեղեցիկ քաղաքից այսօր ավերակներ են մնացել: Հայկական եկեղեցիները պղծված էին. կիսավեր, մինարեներով հավելված: Մեկը մզկիթի էր վերածված, մյուսը՝ մինարեով հավելված, պահպանվում էր որպես պատմական հուշարձան: Հավանաբար, Ամենափրկիչ հնագույն եկեղեցին էր, նաեւ ավելի ուշ կառուցված Ս.Կարապետ եկեղեցին: Կար նաեւ նորակառույց մզկիթ: Պատմական հուշարձան՝ «Իսհակփաշա» է կոչվում: Հանրագիտարանից տեղեկացա, որ այստեղ եղել է փաշայի պալատ:

Ձորում ինչ-որ ուխտատեղի էր, որտեղ՝ հատկապես շաբաթ -կիրակի օրերը, բազմաթիվ մարդիկ էին հավաքվում: Նույն Հայկական հանրագիտարանից տեղեկացա, որ ժամանակին հայերն այստեղ երեք ուխտատեղի ունեին՝ Ս.Սիմոն, Ղզրո եւ Գառնիկ աղբյուր: Երկու աղբյուր մենք տեսանք այնտեղ, թե նշվածներից որոնք են՝ կիմանան բայազետցի հայերի ժառանգները: Ի դեպ, 1829-30-ին Բայազետից հարյուրավոր ընտանիքներ են գաղթել Հայաստանի Գավառ պատմական ավան, հիմնադրել Նոր Բայազետ քաղաքը, որը հետո կոչվեց Կամո, իսկ հիմա նորից Գավառ վերանվանվեց:

Հսկա ժայռի վրա պահպանվել են ամրոցի հետքերը՝ կիսավեր պարիսպներ, ժայռախորշեր, ստորգետնյա անցքեր: Մի ժայռախորշի աջ կողմում Ասլանը հայտնաբերեց (մինչ այդ, պարզվում է, Արտակն էր տեսել ու տեսախցիկով նկարել) ուրարտական թագավորի փորագիր քանդակ եւ մի կենդանու լավ չպահպանված քանդակ: Հայկական հանրագիտարանի տվյալներով՝ ժայռի վրա փորագրված քանդակը պատկերում է երկու քրմերի՝ հայկական սաղավարտաձեւ ——, մեջտեղում, բագինի վրա՝ նվիրական մի եղջերու: Փորձեցի բարձրանալ եւ մտնել խորշը, բայց չհաջողվեց: Այն բավականին բարձր է: Կողքից փորձեցի մոտենալ, մոտ մեկ-մեկուկես մետր էր մնում, որ հասնեի, բայց այլեւս տեղ չկար: Գարեգինը ներքեւից փորձեց բարձրանալ եւ երկար չարչարանքներից հետո, ի վերջո բարձրացավ ու մտավ խորշը, ապա խորացավ նրա մեջ: Ես ներքեւից կանչեցի՝ «Գարեգին, թե կես ժամից չվերադարձար՝ գալու ենք քո ետեւից»: Մի քանի վայրկյան հետո Գարեգինը նորից երեւաց, իրազեկելով, որ երկու անցք կա, մեկը՝ դեպի ձախ, մյուսը՝ դեպի վերեւ, սակայն շատ նեղ էր, ուստի գերադասեց չմտնել: Պարզվեց, որ իջնելն այնտեղից ավելի դժվար է, քան բարձրանալը: Ներքեւում Հունանն էր կանգնած, իսկ նրանից քիչ հեռու՝ Ասլանը, ես ու Ալինան: Ասլանը, որպես փորձառու փրկարար, Հունանին առաջարկեց ներքեւից սատարել Գարեգինին, սակայն Հունանը չգիտեր, թե ինչպես դա աներ, հետո էլ ոտքն էր ցավում: Գարեգինը մնացել էր կես ճանապարհին՝ ժայռին կպած: Ասլանը բարկացած վեր կացավ, մոտեցավ, մի քիչ բարձրացավ, ձեռքերը վեր պարզեց, որից հետո Գարեգինը ոտքերը դրեց նրա ձեռքերի վրա եւ իջավ:

Դա հաջորդ օրն էր, իսկ մինչ այդ քեմպինգում տեղավորվելով էինք զբաղված: Այս քեմպինգ կոչվածը որսորդական մեծ տնակ էր՝ արջի, գայլի, աղվեսի մորթիներով զարդարված: Վերեւից կախված էր վայրի բադի տիկ: Կախված էր սպիտակ ու չերեւացող թելով, այնպես որ՝ բավականին գեղեցիկ տեսարան էր՝ վայրի բադն օդում կամաց-կամաց պտտվում էր: Պատերը զարդարված էին նաեւ հին զենքերով, խանչալներով, քրդական կենցաղը պատկերող նկարներով: Այստեղ, ըստ էության, ռեստորան է: Գեղատեսիլ բլրի վրա եւ մեկուսի այս ռեստորանը շատերին էր առինքնում: Ռեստորանի ետեւում մի ոչ փոքր սենյակ կար, որտեղ էլ առաջին օրը տեղավորվեցինք՝ յուրաքանչյուրից 1,5 դոլար վերցրին: Բայց մի խնդիր կար: Արայիկի ծանոթը՝ Ահմեդը, դեռ չէր եկել, իսկ նրա եղբայր Մեհմեդը հրաժարվեց բոլորիս այդ սենյակում տեղավորել, պատճառաբանելով, որ իրենց մոտ ընդունված չէ կանանց ու տղամարդկանց մի սենյակում քնելը: Բայց հետո եկավ Ահմեդը, եւ այդ հարցը կարգավորվեց: Մի քանի հոգի մնացին մեքենաներում, իսկ մյուսներս տեղավորվեցինք սենյակում: Հաջորդ օրը, սակայն, վրաններ խփեցինք որսորդական տան բակում՝ մեքենաների արանքում: Արթուրը, Արտակը, Շիրազը, Արմինեն ու Գայանեն մնացին Դողուբայազետում՝ մի հյուրանոցում, որի տերը պիտի օգներ մեզ նպատակին հասնելու:

Քեմպինգը, ինչպես ասացի, բլրի վրա էր: Երեկոյան դուրս եկա, նստեցի բլրի մի քարի վրա ու սկսեցի դիտել շրջակայքը: Այստեղից ամեն ինչ լավ երեւում էր՝ քաղաքը, եկեղեցիները, մզկիթները, բերդի ավերակները: Մինչ այդ այստեղ աշխատող քրդերից մեկը տեղեկացրել է, որ մոտակա ձորում դարասկզբին 15 հազար հայ է մորթվել: Դա լսելուց հետո դժվար էր անխռով նայել ավերակներին: Նստած տեղիցս մի քանի մետր հեռու մի փոքրիկ տապանաքար էր շուռ տված՝ գեղեցիկ զարդերով: Մի պահ թվաց, թե ձայներ եմ լսում, աղմուկ-աղաղակ, աղեկտուր ճիչեր: Փակում եմ ականջներս՝ Աստված իմ, չգժվեմ: Բայց, մեկ է, լսում եմ, սարսռում, թացանում են աչքերս: Ձորում: 15 հազար հայ: Մորթվել են: Հիմա ես նստել եմ այստեղ, ու սիրտս կտոր-կտոր է լինում: Չգիտեմ՝ այդպես արձանացած ինչքան էի նստել, երբ լսեցի Արուսի ձայնը.

- Գեղամ, այդ ի՞նչ պատահեց քեզ: Ինչո՞ւ տրամադրություն չունես:
- Ավերակների մոտ ինչպե՞ս կարող եմ տրամադրություն ունենալ,- հառաչեցի ես:
- Մի տխրիր, կծլենք-կբազմանանք, կշատանանք ու կգանք մեր հողերին տիրություն կանենք,- երեխայի պես մխիթարեց Արուսը:- Մի՛ տխրիր, հա՞...
- Չեմ տխրում, Արուս ջան, անցավ...

Էխ, Արուս, Արուս: Մեր եղածը չենք կարողանում պահել, ո¯ւր մնաց կորցրածը գտնենք:
Արուսյակ Հարությունյանը 24 տարեկան է, մասնագիտությամբ՝ ծրագրավորող, դասախոսում է Երեւանի ճարտարագիտական համալսարանում, աշխատում է նաեւ Inet Global Research ձեռնարկությունում: Հրապուրված է պարապլաներիզմով եւ լեռնագնացությամբ, բնույթով արկածասեր է: Սրտաբաց, անմիջական աղջիկ է, երեխայի քմահաճույքներով, շուտ վիրավորվող եւ շուտ էլ ներող: Երեխայի պես էինք նրան վերաբերվում: Որտեղ էլ որ գնում էինք, քրդերը պտտվում էին նրա շուրջ, իսկ Արայիկն էլ սպառնում էր, որ եթե վիճակներս բարդացավ, նրան մի քանի ոչխարով փոխանակելու է քրդերի հետ:

Ի դեպ, այդ սպառնալիքը միայն Արուսին չէր վերաբերում: Պարզվում է, որ Արտակն էլ իր հերթին էր ուզում Արմինեին փոխել մի քանի ոչխարով: Իմիջիայլոց, հետաքրքիր պատմություն է: Դիմացի Քութիս սարը բարձրանալու համար մի քանի խմբերի էինք բաժանվել: Արտակը, Գայանեն, Արմինեն ու Մուրադյանը մի խմբում էին: Մի քուրդ հովվի տեսան, որը աղջիկներին տեսնելով՝ հանեց պիջակը, փռեց գետնին: Ապա ոգեւորվեց, սկսեց երգել: Երկչոտ-երկչոտ նայում էր աղջիկներին, երբ Արտակը նրան առաջարկեց գնել Արմինեին: Ասաց՝ երեք ոչխար տուր, ու նա քոնն է: Քուրդը սկզբում ուրախացավ, ապա կարմրելով ասաց, որ կինն իրեն կսպանի: Բայց, միեւնույն է, սակարկեցին, եւ ի վերջո Մուրադյանին հաջողվեց պայմանավորվել 30 ոչխարով: Ի դեպ, Արմինեն մեծ ակնածանք ուներ Մուրադյանի նկատմամբ, որով հետո վարակվեցինք մենք: Մուրադյանն իր հերթին փաղաքշանքով էր վերաբերվում նրան, ահա թե ինչու չթողեց 3 ոչխարով ծախել եւ չորքոտանիների թիվը հասցրեց 30-ի: Հիրավի, սրտացավ վերաբերմունք է: Արտակին նույն օրը՝ երեկոյան, հարցրի, թե տնաշենն ինչո՞ւ այդքան էժան էր տալիս գործընկերուհուն: «Շնից մազ պոկելն էլ քյար է,- ասաց:- Հետո էլ, էժան չէ, մի կիլո ոչխարի միսը 5 դոլար արժե»:

Արմինեն, իհարկե, դժգոհ էր գնից ու «չգնաց»: Ես Արտակին նախատեցի առեւտուր անելու անկարողության եւ գործընկերուհուն չհար գելու մեջ: Արմինեն հարգանքով դեպի ինձ նայեց՝ իբր, տեսեք, իսկական տղամարդ է, մինչ ես շատ շուտ հիասթափեցրի նրան՝ «300-ից պակաս ես չէի տա»: Արմինեն ծիծաղից քանդվում էր, ու դրանից հետո եթե ինչ-որ բան էր պետք լինում մեզնից իրեն, բոլորիս հետ առեւտուր էր անում՝ «Մի ոչխար տամ՝ էդ շոկոլադն ինձ տուր» եւ այլն: 300 ոչխար ունի, կատակ բան չէ:

...Եկավ Ահմեդը՝ 30-35 տարեկան հաճելի մի երիտասարդ: Իսկույն ճանաչեց 1995-ին այստեղ եկած Արայիկին, Մուրադյանին ու Գարեգինին, գրկախառնվեց առաջինի հետ: Ապա հարցրեց ոմն Մելքոնի մասին, որ նույն արշավախմբի կազմում էր: Խոսքը Վազգեն Մելքոնյանի մասին էր, որ այս անգամ խմբի հետ չէր: Արայիկն Ահմեդին տեղեկացրեց, որ եկել ենք դարձյալ փորձելու լեռը բարձրանալ: Ասենք, Ահմեդն առանց այդ էլ ամեն ինչ հասկացավ: Ասաց, որ իրենից կախված ամեն ինչ կանի, կկապվի ոստիկանության ու զինվորականության հետ: Հարցրեց՝ փող ունե՞նք, թե՞ ոչ, քանի որ կարող է դրա կարիքը զգացվել: Տեղեկանալով, որ անհրաժեշտ գումար կա՝ բավարարվեց: Ահմեդը լավատեսորեն էր տրամադրված, թեեւ ավելացրեց, որ այս տարի ոչ ոք դեռ չի բարձրացել գագաթ: Ասաց նաեւ, որ նպատակահարմար կլինի երկու խմբով բարձրանալ: Եթե ամեն ինչ հաջողվի, մանրամասնեց նա, թույլերին ինքս կուղեկցեմ, փորձառուներին՝ բայազետցի մի ուսուցիչ: Ապա մեր հյուրասիրած թթու օղուց կես բաժակ խմելուց հետո ավելի ոգեւորվեց եւ սկսեց վերելքի զանազան մանրամասնություններ քննարկել: Տեսնելով այս ամենը, Արայիկը կատակեց.

- Էս ղարաբաղցիներն ի՞նչ արին: Թթի օղի տվին, ու Ահմեդն ամեն ինչի համաձայնվեց: Մի բաժակ էլ տաք, կասի՝ վեր կացեք, հիմա ենք բարձրանում:
Ընդհանրապես, ղարաբաղցիների ներկայությունը խմբի համար ինչ-որ խորհրդանշական իմաստ ուներ դրական առումով: Արայիկի հիշյալ խոսքերին ավելացրի.
- Մեր ներկայությունն այստեղ արդեն ինչ-որ բան ասում է, այնպես որ արխային մնա: Այո, մենք արկածախնդիր ենք ինչ-որ տեղ, եթե այդպիսին չլինեինք... Տարիներ առաջ մտքովդ կանցնե՞ր, որ ոչ միայն Ղարաբաղը կազատագրվի, այլեւ հարակից պատմական մեր տարածքները՝ 6-7 շրջան: Այնպես որ, հիմա էլ ամեն ինչ լավ կլինի:
- Ի՞նչ ասեմ, եղբայր, ձեր ոտքը խերով լինի,- ճարահատ համաձայնվեց Արայիկը:

Ահմեդը մեզ անիսի օղի հյուրասիրեց՝ ձմերուկով ու սեխով: Բավականին հաճելի օղի էր, որ հաջորդ օրերին էլ խմեցինք: Ջուր ես ավելացնում՝ փրփրում է, ոնց որ հիմիկվա ասպիրինի հաբը լցնես բաժակի մեջ: Այն կում-կում են խմում: Ընդհանրապես, քրդերը քիչ են խմում, հիմնականում՝ այդ օղին: Իսկ խանութներում օղի չկա, կարելի է միայն գինի գտնել, այն էլ՝ դժվարությամբ: Ահմեդի հետ մեր զրույցը գնալով ջերմանում էր: Ձեռքով ցույց տվեց դեպի հարթավայրը, ուր Դողուբայազետի լույսերն էին վառվում.

- Այնտեղ թուրք չկա,- ասաց նա,- հիմնականում մենք ենք՝ քրդերս: Այն մե¯ր քաղաքն է, թեկուզ ես գտնում եմ, որ այն հայերի ու քրդերի քաղաքը պիտի լինի: Քրդերս հայերին առանձնապես թշնամություն չենք արել, պարզապես մեր անունն է այդպես «վեր հանվել»:

Ահմեդը տրամադիր էր սրտաբաց զրույցի, մեզ հետ կիսվելու, բայց Արայիկն ու Հովհաննեսը կարծես թե խուսափում էին դրանից՝ ինչ-որ բանից վախենալով: Հենց նրանց ջանքերով էլ թեման փոխվեց, թեեւ կարող էր շատ հետաքրքիր զրույց լինել: Հավանաբար, նրանք վախենում էին ինչ-որ սադրանքներից, լրտեսությունից, չէին ուզում քաղաքականացնել մեր զրույցը: Եվ քանի որ լեզվին տիրապետում էր միայն Հովհաննեսը, որը թարգմանում էր միայն այն հարցերը, որոնք նա նպատակահարմար էր գտնում, ուստի թեման առանց դժվարության փոխեցին, շրջանցելով նման «ցենզուրայից» դժգոհներիս բողոքները: Չեմ ուզում մերոնց նման պահվածքը վախկոտություն համարել, մանավանդ որ Արայիկը մի անգամ էլ է եղել այստեղ եւ մեզնից շատ ավելին գիտի: Բայց անհամարձակության մասին չեմ կարող չխոսել: Որովհետեւ նույն մարդիկ դեռեւս «Արագած» ակումբում մեր վերջին հավաքի ժամանակ լրջորեն ու մտահոգ քննարկում էին, թե նպատակահարմա՞ր է, արդյոք, Ղարաբաղի դրոշը մեզ հետ տանել:

Ի դեպ, երկու դրոշ ունեինք. մեկը Գարեգինի մոտ էր, մյուսը՝ Ասլանի: Գարեգինի դրոշը 1995-ին արդեն «շրջել» է այս վայրերում, այն ժամանակ էլ տեղիք տալով Արայիկի մտահոգությանը: Գարեգինը պատմեց, որ ինքն այն ժամանակ թեժ վեճեր է ունեցել խմբի անդամների հետ եւ «կրծքով» պաշտպանել է դրոշը: Հիմա եւս պատմությունը կրկնվում էր: Ինչ-որ տեղ Արայիկին էլ կարելի է հասկանալ: Ասում էր՝ ոչինչ չպիտի խանգարի մեր վերելքին, ոչ մի կասկած կամ առիթ չպիտի տանք: Կարելի է, իհարկե, հասկանալ, բայց չհամաձայնվելը մեր իրավունքն է: Ես միացա Գարեգինի բողոքներին, որն այս անգամ նվազ ակտիվ էր պայքարում, իրեն վատ զգալով «խառնակիչի» հնարավոր պիտակից: Արայիկը ճարահատ առաջարկեց գոնե թույլտվություն խնդրել թուրքական իշխանություններից կամ նրանց տեղյակ պահել այդ մասին: Ես առաջարկեցի բարդությունների դեպքում ասեն, որ դա ակումբի դրոշն է: Ի վերջո, Արայիկն առաջարկեց, որ այդ հարցը լուծեն «ակսակալները»՝ երկու Հովհաննեսները (չգիտես ինչու «ամենաակսակալը»՝ Մուրադյանը, չմտավ «հանձնախմբի» մեջ): Մեզ այդ տարբերակը ձեռնտու էր՝ թող քննարկեն, մենք մերը կանենք:

Ինչ որ է, վերադառնանք մեր զրույցին: Մենք Ահմեդից ուզում էինք իմանալ քրդերի ու թուրքերի, քրդերի ու PPK-ի հարաբերությունների մասին: Հովհաննեսը չթարգմանեց: Ես խնդրեցի Ահմեդին հաղորդել, որ որպես լրագրող կցանկանայի հարցազրույց վարել նրա հետ այն մասին, թե ինչպես է ամերիկացի աստղագնաց Իրվինին ուղեկցել Արարատի գագաթը: Սակայն այս հարցը եւս սարսափեցրեց «ցենզուրային»՝ ինչո՞ւ իմանա, որ լրագրող ես: Մեր Ալինան էլ նրանց պաշտպանեց, ինչը պատճառ եղավ, որ ես ոչ այնքան բարեկիրթ նրան «տեղը» դնեի, առաջարկելով, որ ոչ ոք իր լիազորությունները չգերազանցի եւ լրացուցիչ պարտականություններ իր վրա չվերցնի: Խեղճ Ահմեդը մեկ ինձ էր նայում, մեկ՝ «ցենզուրային», չհասկանալով, թե ինչ է կատարվում: Ապա հարցրեց, թե ինչ մասնագիտություն ունենք, ինչը եւս չլսելու տվեց Հովհաննեսը: Ասել է թե՝ մերոնք հենց իրենց կասկածամտությամբ էին կասկածամտության տեղիք տալիս: Նույնիսկ քրդերի ու հայերի հնարավոր բարեկամության մասին չթողին խոսել խեղճ Ահմեդին: Կգաս Երեւան, այնտեղ կխոսենք՝ եզրափակեց Արայիկը:

Ահմեդին սկսեցինք չեզոք հարցեր տալ: Մասնավորապես, հարցրինք, թե երբեւէ բարձրացե՞լ է, արդյոք, Փոքր Մասսի գագաթը:
- Օ, ոչ,- վրա տվեց Ահմեդը,- Փոքրն ավելի բարդ է: Բացի դրանից՝ այնտեղ շատ սուր քարեր են, ուստի կոշիկները չեն դիմանում: Հետո էլ՝ եթե Մեծ Մասիսը, փաստորեն, կարող է բարձրանալ յուրաքանչյուր առողջ մարդ (եթե օրգանիզմը դիմանում է 5000 մետր բարձրության ճնշմանը), ապա Փոքր Մասիսը բարձրանալու համար լեռնագնացության փորձ, հատուկ հանդերձանք ու պարաններ են պետք: Մի դժվարություն եւս՝ վերեւից անընդհատ քարեր են գլորվում, վտանգավոր դարձնելով վերելքը:

Ահմեդի ասելով, Մեծ Մասիսը բարձրանալու համար ամենադժվարը Իգդիրի կողմից բարձրանալն է: Այստեղ եւս վերեւից քարեր են թափվում, եւ այնպիսի դղրդյուն է լինում, որ մարդ սարսափում է: Անդրանիկն ասաց, որ դրա պատճառը, հավանաբար, ամերիկյան ռազմական բազայում կատարվող պայթյուններն են, ինչի վրա Արայիկը բարկացավ, ասելով, որ այնտեղ ամերիկյան բազա չկա, վաղուց արդեն թուրքական է, ինչի մասին պետք չէ խոսել այստեղ: Ահմեդն ասաց նաեւ, որ Փոքր Մասիսը փաստորեն գտնվում է երեք երկրների՝ Թուրքիայի, Հայաստանի եւ Իրանի սահմանագլխին: Գարեգինը փորձեց պարզել, թե ճի՞շտ է, արդյոք, որ թուրքերը ժամանակին ինչ-որ հողակտոր են տվել պարսիկներին, որպեսզի փոքր Մասիսն իրենցը լինի, սակայն Արայիկն ու Հովհաննեսը կրկին բարկացան եւ Ահմեդին թողեցին պլշած՝ Գարեգինին նայելիս: Մի խոսքով, այդ օրը բախտներս չբերեց, «ցենզուրայի» տակ ընկանք: Հա, քիչ մնաց մոռանայի՝ Անդրանիկին էլ բաժին հասավ: Մեր օրինակից դաս չառնելով՝ նա հանդգնեց հարցնել, թե, արդյոք, դուդուկը մտնո՞ւմ է քրդական ազգային նվագարանների մեջ: Պատասխանը թարգմանչի ու Արայիկի հանդիմանող լռությունն էր ու Ահմեդի զարմանքը: Անդոն պնդերեսություն արեց ու այս անգամ էլ հարցրեց՝ «Իսկ զուռնա՞ն»: Ո՞վ է նվագողը՝ հարցրեց Ահմեդը, գլխի ընկնելով: Արայիկը աչքերով ցույց տվեց Անդրանիկին, ու այս անգամ ինքը նրան հարց տվեց՝ ի՞նչ ես անում զուռնան: Որ սարի գագաթին քոչարի պարենք՝ պատասխանեց Անդոն: Դու ո՞նց ես պատկերացնում 5000 մետրի վրա զուռնա նվագելն ու քոչարի պարելը՝ հանդիմանեց Արայիկը: Անդոն այլեւս չշարունակեց:

Ասլանն այդ օրը դեռ կարգին ուշքի չէր եկել, ուստի պասիվ էր: Կարգին մրսել էր ու ջերմություն ուներ, բայց տղամարդու պես դիմանում էր ու մեքենան ոչ ոքի չէր վստահում, այդ վիճակում ինքն էր քշում: Սակայն փրկարարի կոփվածությունն ու կամքը, ինչպես նաեւ՝ պատերազմում կոփված առողջությունը, նրան պահում էին: Հա, հոգուս վրա մեղք չվերցնեմ, օգնում էր, իր ասելով՝ «վնուշենին», մեկ էլ՝ թթի օղին: Դե նրանից, ղարաբաղցու ասած, ո՞վ է խոկում՝ հիվանդ թե առողջ: Այնպես որ՝ մենք էլ պակասը չէինք: Հունանի վիճակն էլ էր լավանում, արդեն քիչ էր փռշտում: Այս հանգամանքը որքան Հունանին էր ուրախացնում, եռապատիկ էլ՝ մեզ, քանի որ վարակվելու վտանգից ազատվում էինք:

Ուշ երեկոյան դարձյալ Ահմեդի հետ զրուցեցինք: Որպեսզի հաջորդ օրը պարապ չմնանք մինչեւ հարցը լուծվելը, առաջարկեց մարզումային նպատակով բարձրանալ դիմացի «քրդական լեռը», որի անունն էր Քութիս: Համաձայնվեցինք: Որքան էլ որ Արարատ բարձրանալու համար պարտադիր չէր լեռնագնաց լինելը, այնուամենայնիվ, լավ մարզավիճակը հո պարտադի՞ր է... Իսկ Ահմեդի ասած լեռը 3000 մետրից բարձր է: Արդեն քնելու ժամն էր: Ահմեդը հրաժեշտից առաջ ինչ-որ բան էր պատմում, հանեց անձնագիրը, ցույց տվեց Հովհաննեսին: Բազմաթիվ վիզաներ կային: Եղել է Չինաստանում, նաեւ Ռուսաստանում (ռուսական ինչ-որ կրծքանշան ուներ):

Կեսգիշերին գնացինք քնելու: Ռեստորանի ետնամասի ոչ մեծ սենյակում տեղավորվեցինք, Գարեգինն ու Անդոն՝ մեքենաներում, Ասլանը՝ վրանում: Սենյակի պատերից զենքեր կային կախված, մեջտեղում՝ փլավի մեծ թիթեղաման, պատի տակ՝ չոնգուր: Գոտուս կապեցի պատրոնդաշն ու խանչալը, վերցրի չոնգուրը ու Արուսին խնդրեցի նկարել ինձ՝ ծալապատիկ նստած բարձերի ու խշտյակների վրա:


26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ

Առավոտյան ժամը 7-ին արթնացանք, որ Ահմեդի գալուց պատրաստ լինենք լեռը բարձրանալու: Գարեգինն ասաց, որ մեքենայում կարգին ցուրտ էր, իսկ Ասլանն էլ երանությամբ պնդեց, որ այդ առումով վրանն ուղղակի դրախտ է: Ահմեդի դատարկ ռեստորանում նստել ու երեկվա իմ տպավորություններն էի գրառում, երբ նկատեցի, որ երիտասարդ սպասավորներից մեկը ուշադիր ու հետաքրքրությամբ զննում է ինձ: Ապա վեր կացավ ու մի բաժակ թեյ բերեց ինձ համար: Ապա մի հրացան վերցրեց եւ դուրս եկավ առավոտյան որսի՝ գուցե նապաստակ-բան պատահի:

Քիչ հետո եկավ Ահմեդը, նախաճաշեցինք եւ ուղղվեցինք դեպի Քութիսդաղը, որի գագաթից, Ահմեդի ասելով, Արարատը հրաշալի երեւում է: Վերելքը շատերիս համար բավականին դժվար էր, շատ էինք հոգնում: Ծխելու հանգամանքը եւս իրեն զգացնել էր տալիս: Բայց կամաց-կամաց բացվեցինք, այդ թվում նաեւ աղջիկները՝ Արուսն ու Մարինեն: Արմինեն ու Գայանեն Արտակի ու Մուրադյանի հետ գնացել էին ստորոտի ավերակները նկարելու: Ահմեդն Արուսի ձեռքից բռնում եւ օգնում էր բարձրանալ: Նրա ու Արուսի զրույցի պայմանանիշը «Հարզաման «Կոկա-Կոլա»-ն է («ընդմիշտ «Կոկա-Կոլա»-ն):

... Հասանք գագաթին, բայց, ավաղ, Արարատը չէր երեւում՝ մառախուղ էր: Բայց երեւում էր թուրքական ռազմակայանը, նրա մոտերքում օդում պտտվում էր ռազմական ուղղաթիռը: Բայց մեր կանգնած տեղից երբ նայում էինք՝ ուղղաթիռը ոնց որ մժեղ լիներ գետնից մի քիչ բարձր թռչելիս: Երեւում էին նաեւ Փոքր Մասիսը, Մեծ Մասսի ստորոտը, որտեղ գյուղ կար: Ահմեդի ասելով՝ գյուղի անունն էլ է Քութիս: Սարից իջնելիս մզկիթի մոտով անցանք: Բազմաթիվ մարդիկ կային՝ հիմնականում քրդեր: Ուխտատեղի էր նրանց համար՝ ոչխարներ էին մորթել, օղլուշաղով հավաքվել: Երկու մանկահասակ աղջիկներ շորի մեջ դրած ինչ-որ բան էին օրորում՝ նորածին երեխա էր: Ոնց որ միջնադար... Որտեղով որ անցնում էինք՝ հրավիրում էին թեյի, աշխուժանում էին, երբ տեսախցիկը տեսնում էին: Հատկապես երեխաները՝ «Ամի, ման դա չաք» («Քեռի, ինձ էլ նկարիր»):

Ուղիղ ժամը 12-ին լսվեց ազանի ձայնը: Լսվե՞ց: Դղրդաց: Նորակառույց մզկիթի մինարեի վրա չորս կողմից բարձրախոսներ էին դրված, ու մոլլայի իծաձայն աղոթքը սատանայի քրքիջով արձագանքվում էր ավերակներում, մերձակա ձորում, ուր, ինչպես վերը նշեցինք, 15 հազար հայ է կոտորվել դարասկզբին: Մի պահ սարսռացինք: Զոհեր ու՝ իծաձայն նամազ: Ոնց որ մարդուն մորթես եւ հոգեառի պես կանգնես դեռ թպրտացող մարմնի վրա ու իծաձայն քրքջաս: Տեսարանից խորապես հուզված՝ վերադարձանք քրդական որսորդական տուն, որի վրա նույնպես չորս կողմից բարձրախոսներ էին դրված, եւ հայկական երաժշտություն միացրինք: Որ ամոքենք ձորում նահատակվածների վիշտը, որ մայրենին լսեն այստեղ թեւածող նրանց արնածոր հոգիները... Դա երեկոյան էր: Տղաները Ահմեդին խնդրեցին միացնել նաեւ բարձրախոսները: Ահմեդը սկզբում հրաժարվեց, բայց մեր հորդորներից հետո համաձայնվեց գոնե հինգ րոպեով միացնել, չմոռանալով ռեստորանի տղեկներին դուրսն ուղարկելու, որ հսկեն՝ թուրք պաշտոնյաներ դեպի այստեղ գալի՞ս են, թե՞ ոչ: Ու մոտ հինգ րոպեի չափ ձորում դղրդում էր հայկական մեղեդին: Անդրանիկն ասաց՝ հավատում եմ, որ այդ մեղեդու վրա մեր շուրջ անտեսանելիորեն հավաքվեցին հայոց ոգիները: Հիմա մենք նրանց հետ ենք:

Դա երեկոյան էր, իսկ մինչ այդ սարից իջնում էինք՝ զարմանքով նայելով մեր շուրջը խմբված թուրքերին ու քրդերին: Ամեն խմբի մոտով անցնելիս «սաղօլ» ասելով մերժում էինք հրավերը եւ առաջ անցնում: Ալինան մի քանի տեղ «րտՈրՌոՏ» ասաց՝ ծիծաղից թուլացնելով մեզ: Ներքեւում՝ լեռան ստորոտում, մեր քեմպինգից փոքր-ինչ ցածր, պատմական հուշահամալիրն էր՝ մեր պղծված եկեղեցիով: Այդ նույն փաշայի պալատը: Մուտքը վճարովի էր՝ միլիոն լիրա: Մոտներս փող չկար, ուստի չկարողացանք մտնել: Չփրկեց նաեւ հանրահայտ «ռուսո-տուրիստո» բացատրությունը:

Կեսօրին եկան Արայիկն ու Հովհաննեսը, որ առավոտյան քաղաք էին իջել: Ասացին՝ ոնց որ թե ամեն ինչ լավ է: Դիմել են տեղական իշխանություններին եւ սպասում են պատասխանի, որը, հավանաբար, կլինի վաղը: Միայն թե գումարի ու ժամկետի հարցն է մնում՝ ե՞րբ կթույլատրեն բարձրանալ եւ ինչքան գումար կպահանջեն: Ասենք՝ գումարի հարցում դժվար թե պրոբլեմ լինի, որովհետեւ Արթուրը պատրաստ էր ցանկացած զոհողության, մինչեւ արշավը վաճառել էր «Ջիպը» եւ պատրաստ էր հոգալ բոլոր հոգսերը: Արայիկն էլ կողքից էր փորձում աջակցել, «սպառնալով», որ կզոհաբերի նաեւ իր «Վիլիսը», նվիրելով թույլտվության հարցում մեզ օգնելու պատրաստ որեւէ թուրք պաշտոնյայի: Ինչ որ է. տեսնենք: Մի բան էր նաեւ հույս տալիս՝ Արայիկի ու Հովհաննեսի խորհրդավոր տեսքը: Հավանաբար, ինչ-որ լավ բան գիտեին, որ դեռ չէին ուզում կիսել մեզ հետ: Թաքուն հայացքներ էին փոխանակում, ինքնագոհ ժպտում, ուրախ եւ աշխույժ էին:

Անցած գիշեր Հունանն ու Անդոն էլ էին վրանում քնել: Առավոտյան բողոքում էին, որ շունը խռմփացնում է: Վրանների մոտ քրդերը երկու շուն էին կապել: Դրանցից մեկը ոնց որ թե մրսած էր եւ ցերեկով հազանման ինչ-որ ձայներ էր հանում: Բայց որ խռմփացնի... Ես էլ պատմեցի, որ մեր սենյակում էլ Հովհաննեսն էր խռմփացնում, այնքան ուժեղ, որ քնել հնարավոր չէր: Գիշերը Արայիկը մի քանի անգամ արթնացրեց նրան, գոռալով՝ «Հովհաննես, դիրքդ փոխիր»: Հովհաննեսը դիրքը փոխում էր եւ րոպե հետո նորից «շվվացնում»: Ու այդպես շարունակ: Այս «դիրքդ փոխիր»-ի վրա Հունանը կապավորական անեկդոտ պատմեց. հայ կապավորը ռուսի հետ խոսում էր ռացիայով եւ վատ լսելով դիմում է նրան՝ «Ծպվÿռ տՏջց»: Ծիծաղեցինք: Բայց այդ խոսքերը չմոռացա: Հաջորդ գիշեր ես ու Գարեգինն էլ վրանում մնացինք ու իսկապես համոզվեցինք, որ շունշանորդին իսկապես խռմփացնում է: Անտեր շունը կամ հազում էր կամ խռմփացնում: Գիշերը Հունանին արթնացրի՝ «Հունան, շանն ասա, թող դիրքը փոխի»: Քնաթաթախ Հունանը բարձրաձայն ծիծաղեց, ապա քնքշորեն դիմեց շանը՝ «Սաբաչկա, սաբաչկա, պոզու մենյայ, դա¯, պաժալուստա»: Դրանից հետո քնելս ո¯րն է: Վրանաբնակներն արթնացան, ու սկսվեց անեկդոտների շարանը:

Ի դեպ, կենդանիներն այստեղ տարօրինակ էին: Օրինակ, հավեր կային բակում, որ ամեն ինչի նման էին, բացի հավից: Ես ու Անդոն երկար փորձաքննությունից հետո եկանք հետեւյալ եզրակացության. մեկը հավի եւ էշի խառնուրդ է, մյուսը՝ հավի եւ հնդկահավի: Կենդանիների մասին խոսելուց չմոռանամ ասել, որ անցած գիշեր, ըստ Հունանի եւ Անդոյի, գայլերը մոտեցել էին վրաններին (իսկ շունշանորդին խռմփացնում էր). զարմանալու բան չկա՝ մենք, փաստորեն, անմարդաբնակ լեռնալանջին էինք բնավորվել:

Քիչ մնաց մոռանայի Վանա կատվի՝ կատվազգիների այդ հրաշք տեսակի մասին: Անդրանիկն էր անընդհատ հարցնում տեղացի քրդերին, որոնք էլ բացատրում էին, որ կատուների այդ տեսակն անհետացման եզրին է, ուստի դժվար է գտնել: Բայց պարզվեց, որ Ահմեդը իր տանը ունի նման կատու: Անդոյի թախանձագին խնդրանքներին անսալով՝ համաձայնվեց բերել քեմպինգ: Ո՞նց ես ջոկելու՝ ճիշտ է ասում, թե ոչ՝ հարցրի Անդոյին: Աչքերի գույները՝ խորհրդավոր պատասխանեց նա: Հետո, երբ Ահմեդը բերեց մի շատ գեղեցիկ կատու, զարմանքով նկատեցի, որ մի աչքը կանաչ է, մյուսը՝ կապույտ: Կյանքումս առաջին անգամ էի նման բան տեսնում: Բա, եղբայր՝ մեծավարի ասաց Անդոն, հենց աչքերի գույնով են Վանա կատուներին տարբերում մյուսներից: Որքան էլ խնդրեց Անդոն՝ միեւնույն է, Ահմեդը չհամաձայնվեց զիջել կատվին:

- Ես շատ եմ կապված նրա հետ,- բացատրեց,- բայց դա պրոբլեմներից միայն մեկն է: Վանա կատուները չափազանց հավատարիմ կենդանիներ են: Չես կարողանա նրան բաժանել ինձնից: Պատահել է՝ ուրիշի եմ տվել, բայց փախել-եկել է: Այնպես որ՝ չզարմանաս՝ Երեւանից էլ կփախչի-կգա:
Երեւանից չի փախչի՝ խորհրդավորությամբ ասաց Անդոն: Բայց այդ փաստարկը ոչ Ահմեդի վրա ազդեց, ոչ էլ՝ կատվի: Այնպես որ, մնաս բարով, Գյուլսարի:

Մոռացել էի ասել, որ Արայիկն ու Հովհաննեսն իրենց հետ մի սեւ այծ էին բերել, որ պատրաստվում էինք երեկոյան խորովել: Քեֆ ենք անելու: Արթուրն էլ պիտի գար: Նրա առողջական վիճակը մնում էր նույնը, կարգին չի ապաքինվում: Բայց երեկոյան անպայման պիտի գա, որովհետեւ Ահմեդը հրավիրել էր ոստիկանապետին եւ ինչ-որ զինվորականների, որոնք, նրա ասելով, կարող են մեզ օգնել: Երեկոյան փառահեղ սեղան բացեցինք, ինչ ունեինք, ինչ չունեինք՝ հանեցինք, մի բան էլ Ահմեդն ու Մեհմեդն ավելացրին: Իսկ խորովածը քուրդ սպասավորներն արեցին: Նրանք այլ ձեւով են միսը խորովում: Շամփուրներ չեն օգտագործում, մանղալի վրա ծակոտկեն թիթեղ են դնում ու մսակտորները կողք կողքի շարում վրան՝ պարբերաբար շուռումուռ տալով:

Հենց քեֆի ժամանակ էլ պարզվեց, թե ինչու էին այդքան խորհրդավոր ժպտում Արայիկն ու Հովհաննեսը: Պարզվում է, որ առավոտյան իշխանություններին դիմելուց հետո ազատ ժամանակ ունեին եւ իրենց իսկ համար անսպասելիորեն՝ որոշեցին հետախուզել լեռը: Ուզում էին պարզել, թե ինչ վիճակում է ճանապարհը, մինչեւ լեռան որ մասն է բարձրանում, հսկվում է այն, թե ոչ: Հասել էին քրդական մի գյուղ, նրա մոտերքում մի պատանի հովվի խնդրել, որ ուղեկցի իրենց: Նստեցրել են տղային «Վիլիսը» եւ բավականին տեղ բարձրացել լեռան լանջերով: Իրենց ասելով՝ երեք հազար մետրից ավելի էին բարձրացել, ճանապարհով՝ 14-15 կիլոմետր, քանի որ այն կեռմաններով էր ու ոլորաններով: Տղան վախեցել եւ կեսճանապարհից հետ էր դարձել: Ապա նրանք մեքենան կանգնեցրել եւ ոտքով են բարձրացել: Բայց հետո խրամատներ են տեսել ու իրենք էլ հետ դարձել: Հովհաննեսի ասելով՝ գագաթի տակն էին հասել: Ողջ ճանապարհին նրանց ոչ ոք չի ստուգել, ուստի վերադարձել էին հուսավառված: Լեռնալանջին մեկ այլ քուրդ հովվից գնել էին այդ սեւ այծը: Իրենց ասելով՝ դա խորհրդանշական իմաստ ունի՝ Արարատի լանջից բերած, Արարատի անարատ խոտը ճաշակած նոխազին մատաղ ենք անում՝ ի հաջողություն մեր բռնած գործի:

Արթուրը ժամանակին եկավ, ու բոլորս զբաղեցրեցինք մեր տեղերը սեղանի շուրջ: Մեզ միացան նաեւ Ահմեդն ու Մեհմեդը: Ահմեդն ավելի մերձ էր մեզ, իսկ Մեհմեդը սեղանի ծայրում էր, մեկուսի եւ, ի տարբերություն աշխույժ ու շատախոս դարձած Ահմեդի, գրեթե չէր խառնվում զրույցին: Մի տեսակ մտահոգ էր: Ոչ միայն այդ երեկո՝ միշտ էլ այդպիսին էր: Խմեցինք հայերի ու քրդերի կենացը: Արթուրն ասաց՝ ուշադրություն դարձրեք. 70 տարի ապրել ենք ռուսական կայսրությունում, բայց ահա Հայաստանում քրդերն ավելի շատ են, քան ռուսները: Նշեց, որ քրդերն ամեն ինչ ունեն Հայաստանում՝ իրենց լեզվով թերթ, ռադիոհաղորդումներ, որ այս տարածքը հայերի ու քրդերի հայրենիքն է: Ու շատ դիպուկ կատակ արեց, ասելով՝ «Ես հիմա հանգիստ եմ, քանի որ դուք եք այստեղ եւ հսկում եք մեր պատմական հողերը՝ մինչեւ մեր վերադառնալը: Մենք վստահում ենք ձեզ, դրա համար էր մեր սուրբ սարը ձեզ ենք պահ տվել, որ պահեք մինչեւ մեր գալը»: Ապա, տեսնելով, որ քրդերն այնքան էլ հմայված չէին իր խոսքերով (թեեւ շատ հանգիստ ու լավ ընդունեցին), նորից կրկնեց, որ սա հայերի ու քրդերի հայրենիքն է: Ի դեպ, երբ նա խոսեց քրդական ռադիոհաղորդումների մասին, Ահմեդը լրացրեց, որ ժամանակին ինքն էլ էր լսում այդ հաղորդումները ռադիոյով: Եվ ոչ միայն ինքը:

Ես անընդհատ հետեւում էի Մեհմեդին՝ շատ էր մեծալուրջ, ազդեցիկ: Իմ պատկերացմամբ քուրդ ազնվականն այդպիսին է լինում, եթե, իհարկե, լինում է քուրդ ազնվական: Կենացներ էին ասում: Երբ հերթը հասավ ինձ, ես խմեցի «այս օջախի» եւ հատկապես Մեհմեդի կենացը, ասելով, որ եթե Ահմեդին լավ ենք ճանաչում, ապա եղբայրը շարունակում է առեղծված մնալ: Ասացի, որ այսպես չէի պատկերացնում քրդերին: Այսինքն՝ իմ պատկերացրածն էլ եմ տեսել, բայց այս մյուս պատկերն անսպասելի է ինձ համար: Լեռնալանջին ծվարած քեմպինգ, ոչխարներով ու հովիվներով շրջապատված որսորդական տնակում տեսնել ճաշակով կոստյում ու փողկապ կրող եւ արբանյակային հեռախոսով անգլերեն խոսող մեծալուրջ քրդի...  Կներեք, ասացի, բայց ինձ համար որքան զարմանալի, այնքան էլ հաճելի է: Մանավանդ, երբ տեսա, թե ինչպես է քաղաքակրթությունից հեռու այս գողտրիկ անկյունում հմտորեն օգտվում պատառաքաղից ու դանակից: Մեհմեդը զարմացավ՝ ոնց էլ հետեւում էիր: Իսկ Ահմեդը կատակեց՝ ձեւեր է անում ձեր առաջ, հենց գնաք՝ կոստյումն ու փողկապը կհանի: Ապա լրջացավ ու ավելացրեց, որ առաջին հայացքից է եղբայրն այդքան լուրջ ու խիստ: Իրականում նա ավելի կենսախինդ է, քան ես՝ փորձեց համոզել նավ: Մեհմեդը շնորհակալություն հայտնեց եւ դատարկեց իր բաժակը:

Չգիտեմ՝ այդպես է, թե ոչ, բայց ես այն տպավորությունն ունեի, որ Մեհմեդն իր ազգի ճակատագրով մտահոգ մարդ է: Ես անընդհատ ներքին լարվածություն էի տեսնում նրա մեջ, քեմպինգում, շրջակայքում: Այդ օրը մենք լսել էինք, որ դարձյալ ինչ-որ պայթյուններ են եղել Ստամբուլում ու Անկարայում եւ, որ թուրքերը դրանից հետո ավելի էին խստացրել իրենց վերաբերմունքը քրդերի նկատմամբ: Այսօր, օրինակ, մերոնք պատմեցին, որ քեմպինգի շուրջ՝ փաշայի պալատից մինչեւ մզկիթ տանող ճանապարհին, խռնվել էին թուրք զինվորներ եւ ռազմական մեքենաներ: Դա ես էլ էի տեսել, բայց չէի նկատել մերոնց պատմած հաջորդ դրվագը, թե ինչպես են մի քուրդ երիտասարդի ձեռքերը ոլորել, խցկել մեքենան եւ ինչ-որ տեղ տարել: Ըստ մերոնց, Մեհմեդը լարված էր, անընդհատ ներսուդուրս էր անում: Բայց ահա երեկոյան, երբ այդ մասին հարցրինք Ահմեդին, այնպիսի տեսք ընդունեց, կարծես մենք այլ մոլորակի մասին էինք պատմում: Բավականին խորամանկն է այդ Ահմեդը: Լավ դիվանագետ կլինի:

Ընդհանրապես, քրդական այդ քեմպինգի օրինակով ես համոզվեցի, թե որքան վատ է քրդերի վիճակը: Քրդական առօրյայով ապրող այդ օջախում եղանակն իսկույն փոխվում էր, հենց որ թուրք էր մտնում այնտեղ: Տղեկները միշտ հետեւում էին՝ մարդ է գալիս, թե ոչ, եւ իսկույն տեղեկացնում էին Ահմեդին կամ Մեհմեդին: Մի օր նրանք քրդական երգ էին միացրել, որ լսենք, երբ վազելով մտավ տղեկներից մեկը ու ինչ-որ բան հայտնեց: Մեհմեդն ակնթարթորեն փոխեց երաժշտությունը, իսկ քիչ հետո թուրքերը մտան: Ասել է թե՝ նույնիսկ իրենց ազգային երաժշտությունը լսելու իրավունքը չունեն: Ասեմ նաեւ, որ անընդհատ ինչ-որ մարդիկ էին գալիս, նստում մեր կողքի սեղաններին, մեկ-մեկ նայում-զննում մեզ: Երեւի այդքան ուշադրություն չդարձնեինք, եթե Ահմեդը մեկ-մեկ չզգուշացներ՝ «զգույշ եղեք, լրտեսներ են, ավելորդ բաներ չասեք»: Ավելի շատ իրենց վիճակով էին անհանգստացած, իհարկե:

Բայց վերադառնանք մեր ոչխարներին, ավելի ճիշտ՝ մեր սեւ այծին: Խորովածը համով էր, քեֆը թեժանում էր, կենացները՝ քաղցրանում: Վերջում Ահմեդը դարձյալ անիսի օղի հյուրասիրեց՝ ձմերուկով ու սեխով: Մեկ էլ Ահմեդը խնդրեց ուշադիր լինել՝ շատ հետաքրքիր երաժշտություն է միացնելու: Քիչ հետո սրահը ողողվեց հայկական երաժշտությամբ: Արուսը խորհրդավոր ասաց, որ Ահմեդի ձայներիզն է՝ իբր նրա բարեկամներից մեկն է տվել, որի տատը հայուհի էր: Չհավատացի, ու սկսեցի հարց ու փորձ անել կողքիս նստած Ահմեդին: Նա էլ լուրջ-լուրջ կրկնեց նույնը: Ուրախությունից գրկեցի նրան, բայց որոշ ժամանակ անց, երբ պարզվեց, որ դա Ասլանի թե Ալինայի ձայներիզն է, կատակով խեղդում էի Ահմեդին: Ինչ-որ է, կարեւորն այն չէ, թե ում ձայներիզն է, առավել կարեւոր է, որ այժմ քրդաբնակ մեր պատմական հողում թնդաց հայկական երաժշտությունը: Հրճվանքից փայլփլող աչքերով պարում էինք: Պարում էր նաեւ Ահմեդը:

Քեֆի վերջում Արթուրը մի կողմ քաշեց Ահմեդին ու սկսեց գործնական տեսքով զրուցել նրա հետ: Ապա նրա հետ առանձնացավ ետնասենյակում: Հետո բավականին հանգիստ դուրս եկավ, հրաժեշտ տվեց բոլորիս եւ մեկնեց քաղաք: Արայիկը, որ հասցրել էր մի երկու խոսք փոխանակել նրա հետ, մեզ պատմեց, որ Արթուրն Ահմեդին հորդորել էր իրենից կախված ամեն ինչ անել, իսկ ինքն էլ լիուլի վարձահատույց կլինի նրան: Ահմեդն էլ, նրա ասելով, հավաստիացրել էր, որ ամեն ինչ լավ կլինի:

Արթուրին ճանապարհելուց հետո Ահմեդը նորից միացավ մեզ, մի-մի բաժակ էլ անիսի թեթեւ օղի խմեցինք: Անդրանիկը գովեց օղին, ասելով, որ այսքանից հետո այն «դզեց» ամեն ինչ: Ահմեդը զարմացած մեզ էր նայում, հարցական հայացքով խնդրելով «դզել» բառի թարգմանությունը: Անդոն իսկույն «գտավ» համապատասխան բառը՝ «դզեյշն»: Կարգին սարսաղացել էինք: Դուրս եկանք բակը, շարունակելով երեկվա անեկդոտաշարանը: Հատկապես ակտիվ էր Հունանը, որը մեծ անեկդոտապաշար ունի: Արուսիկին մեկ-մեկ խնդրում էինք փակել ականջները: Իր ջահելությունն էր հիշել նաեւ Հովհաննեսը: Մի քանի հոգի արդեն պառկել էին քնելու, բայց քանի որ մենք վրաններից հեռու չէինք, նրանք էլ էին լսում մեզ ,  ծիծաղում: Հետո նրանց ձայները լռեցին, մինչ մենք շարունակում էինք: Ի վերջո, մենք էլ հոգնեցինք եւ գնացինք քնելու:


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27

Վաղ առավոտյան արթնացանք, նախաճաշեցինք, եւ երբ Ահմեդը եկավ՝ բոլորս խմբվեցինք նրա շուրջ: Ահմեդն այս անգամ կոստյումով էր՝ պատրաստվում էր այցելել տեղական իշխանություններին: Նա Արայիկից վերցրեց անգլերեն տեքստով մեր դիմումը իշխանություններին՝ լեռը բարձրանալու թույլտվության խնդրանքով: Ապա Արուսին խնդրեց մի թղթի վրա գրել բոլորիս անձնագրային տվյալները: Արայիկը հավաքվածներիս ասաց, որ գնում են թույլտվություն խնդրելու եւ որ հնարավոր է ընդամենը 2-3 հոգու թույլ տան, ինչը իր ասելով, եւս հաղթանակ կլինի: Ես վիճեցի նրա հետ, պնդելով, որ ոչ մի հաղթանակ էլ չի լինի եւ որ իսկական հաղթանակ կլինի բոլորիս բարձրանալը: Ընդհանրապես, նկատել էի, որ Արայիկը հենց առաջին տարբերակին էր ի սկզբանե հակված: Չեմ ասում, թե նա չէր ուզում, որ բոլորս բարձրանայինք, պարզապես էն գլխից տրամադրված էր քչով բավարարվելու: Կամ էլ, մեղա Աստված, գուցե հենց էն գլխից էր ծրագրված մի քանի հոգու բարձրանալը, ինչի համար մյուսներս պիտի որպես «ֆոն» ծառայեյինք: Իմ ասածը հետեւյալն էր՝ եթե ուրիշ տարբերակ չլինի, բացի 2-3 հոգու բարձրանալուց՝ այլ հարց է: Բայց նվազագույնի մի տրամադրվեք, փորձեք անել առավելագույնը, մինչ ձեր տրամադրվածությամբ դժվար թե հասնենք առավելագույնին: Դուք, համենայնդեպս, ինքներդ մի խոսեք 2-3 հոգու մասին, թող իրենք խոսեն:

Արայիկը հիվանդագին ընդունեց ասածս եւ սկսեց անտեղի վիճել,մեղադրել ինձ, թեեւ ասածումս ոչ մի վատ բան չկար, այլ կար ընդամենը բնական անհանգստություն: Ընդհանրապես, Արայիկը որպես ղեկավար հակված չէ մտքերի փոխանակության, բանավեճի: Ընդհանուր առմամբ, նա լավ տպավորություն է թողել մեզ վրա, բայց ահա հիշյալ թերությունն ակնհայտ էր: Մեր վեճում ինձ պաշտպանեց մեր խմբից ամենաավագը, 70-ամյա լեռնագնաց Ստեփան Մուրադյանը, որն ամենահայտնի լեռնագնացն է Հայաստանում: Նրա միջամտությունից հետո Արայիկը փոքր ինչ մեղմացավ, ճիշտ է՝ վիրավորված մեղմություն էր դա: Նկատելով դա, ես ասացի, որ եթե նա մեզ զրույցի է հրավիրում, ապա պիտի բարի լինի լսելու մեր կարծիքները, թե չէ ինչ զրույց, եթե միայն նա է խոսում: Գուցե այնքան էլ ճիշտ չէր իմ ակտիվությունը, քանի որ ես փաստորեն պատահականորեն ու միայն վերջին պահին էի հայտնվել արշավախմբում: Բայց ցավն այն էր, որ մյուսներն անհասկանալիորեն հանգիստ էին: Անհասկանալիորեն, որովհետեւ ամեն ինչ, թվում էր, հանգում էր նրան, որ 2-3 հոգի բարձրանան: Իսկ չբարձրացողների համար դա սարսափելի կլինի՝ գաս-հասնես լեռան ստորոտը ու չբարձրանաս...

Ինձ համար շատ հաճելի էր Մուրադյանի աջակցությունը: Մանավանդ որ ինձ հետ վիճողը նրա աշակերտն էր (Արայիկը նրա աշակերտն էր, եւ ոչ միայն նա): Ազնիվ, արդարամիտ ու սկզբունքային մարդ լինելով նա չէր կարող կեղծել: Ընդհանրապես, Մուրադյանը հիանալի տպավորություն թողեց բոլորիս վրա: Ասես 7 տասնամյակ իր ետեւում թողած չլիներ: Ուշագրավ էր, որ նա երիտասարդների հետ էր ավելի շատ ընկերություն անում, քան թե իրեն տարիքով մոտ երկու Հովհաննեսների հետ: Ի դեպ, մեր երկրորդ ակսակալը՝ Շիրազը,որ Մուրադյանից 5-6 տարով փոքր էր,  իրականում ավելի մեծ էր երեւում, քան Մուրադյանը: Շուտ էր հոգնում, մեկ-մեկ տրտնջում-քրթմնջում էր: Իսկ Մուրադյանը միշտ առույգ, լավատես, ժպիտը դեմքին: Ստեփան Գեորգիի Մուրադյանը Հայաստանի ամենահայտնի լեռնագնացն է, միջազգային կարգի սպորտի վարպետ, լեռնագնացության առաջին կարգի հրահանգիչ: Նախկին ԽՍՀՄ տարածքի բոլոր «յոթհազարական» բարձունքները հաղթահարել է, բացի «Հաղթանակի պիկ»-ից որի բարձրությունը 7436 մետր է: Բարձրացել է «Լենինի պիկ» (7134), «Կոմունիզմի պիկ» (7475): Առաջին լեռը բարձրացած 335-րդ մարդն է, երկրորդը բարձրացածներից 616-րդը (ինչի համար հատուկ կրծքանշան էին տալիս): Ընդ որում, Լենինի պիկ բարձրացել է երեք անգամ:

Մուրադյանն, ինչ խոսք, շատ էր ուզում Արարատի գագաթում էլ լինել, բայց այնքան ազնիվ ու սրտացավ էր, որ տեսնելով, թե ինչպես ենք անհանգստանում ընդամենը 2-3 հոգուն տրվելիք թույլտվության հեռանկարով, սկսեց ինքն էլ աջակցել մեզ, որպեսզի ամբողջ խմբի համար թույլտվություն ձեռք բերվի: Ընդ որում, «սպառնաց», որ եթե ընդամենը 2-3 հոգու թույլ տրվի, ապա ինքը կհրաժարվի այդ երջանիկների թվում լինել: Սա, իսկապես, վեհ արարք էր, որովհետեւ ով-ով, բայց նա բոլոր դեպքերում էլ ընտրվելու էր այդ խմբում, քանի որ ամենահայտնի լեռնագնացն էր: Բացի այդ մենք պնդում էինք, որ նա անպայման պիտի լինի՝ նկատի ունենալով նրա տարիքը: Երիտասարդներս էլի հնարավորություններ կունենանք, ինչը միանշանակ չի կարելի ասել նրա առնչությամբ:

Մուրադյանի հետ մի զրույց տպավորվել է իմ մեջ: Մի օր, երբ գրեթե հույս չէր մնացել, որ կկարողանանք բարձրանալ սարը, «դեդը» (այսպես էինք նրան անվանում), ասաց, որ շատ էլ չտխրենք՝ գուցե Աստծո կամքն է այդպիսին, եւ պատմեց հայտնի քանդակագործ Ռաֆայել Իսրայելյանի հետ ունեցած իր անչափ հետաքրքիր մի զրույց: Երբ նա Ռ. Իսրայելյանին հայտնել էր, որ բարձրացել է նրա հայրենի Մանթաշ լեռը, քանդակագործը ուրախանալու փոխարեն բարկացել էր՝ «Ինչպե՞ս ես համարձակվել քո կեղտոտ ոտքերը դնել Մանթաշիս վրա»: Սուրբ լեռը չպիտի կոխկրտել՝ եզրակացրեց Մուրադյանը: Ես չհամաձայնվեցի նրա հետ, ասելով, որ դա այնքան էլ ճիշտ չէ Արարատի առնչությամբ: Ու հետեւյալ կերպ բացատրեցի միտքս. եթե լեռը Հայաստանի տարածքում լիներ՝ ես երբեք չեմ բարձրանա նրա գագաթը, որովհետեւ դա սոսկ լեռնագնացություն կլիներ, ինչը անհարիր է մեր սուրբ լեռանը: Բայց մեր դեպքում կարելի է խոսել միայն ու միայն ուխտագնացության մասին: Մենք այցելում ենք մեր գերեվարված հարազատին, մենք գնում ենք գրկախառնվելու նրա հետ, առնելու նրա կարոտը: Ի՞նչ կապ ունի սա լեռնագնացության հետ: Կրկնում եմ, սա ուխտագնացություն է:

...Սեպտեմբերի 26-ի մեր քեֆի ժամանակ ես մեր թարգմանիչ Հովհաննեսին ընկերաբար դիտողություն արեցի այն բանից հետո, երբ նա պատմեց սարը բարձրանալու իրենց փորձի մասին: Ասացի, որ նախ՝ դա չպիտի թաքուն արվեր եւ հետո էլ՝ եթե արվել է, ապա գոնե դրանից հետո չպիտի թաքուն պահեին, ամբողջ օրը մեր աչքի առաջ ինքն ու Արայիկը խորհրդավոր իրար ժպտային: Եթե ուրախանալ է՝ միասին ուրախանանք, հպարտանալ է՝ միասին հպարտանանք: Ի պատիվ Հովհաննեսի ասեմ, որ նա ընդունեց դիտողությունը:

Նույն օրը, պարզվում է, Արտակն ու Արմինեն են Արթուրի մեքենայով մոտեցել Իրանի սահմանին, բայց, թարգմանիչ Շիրազի ասելով, ոստիկանները կանգնեցրել են, եւ իրեն մի կերպ հաջողվել է լեզու գտնել նրանց հետ ու փրկվել նրանց ճանկերից: Այլ կարծիք ուներ Արտակը: Նրա կարծիքով, ամեն ինչ լավ կլիներ, եթե Շիրազը խուճապի չմատնվեր: Օբյեկտիվ լինելու համար նշեմ, որ քուրդ Ահմեդի բարեկամներից մեկը նույն օրը եկել էր մեզ մոտ եւ հայտնել, որ մերոնց մեքենաներին ինչ-որ մեքենա է հետեւել: Զարմանալու ոչինչ չկա, մեզ հետեւում ու լրտեսում էին ամեն քայլափոխի:

Ահմեդի հետ Արայիկի ու Հովհաննեսի գնալուց հետո մտահոգ իրար հետ զրուցում էինք, երբ հանկարծ քուրդ տղաներից մեկը հեռվից կանչեց.
- Ասլան բեյ, Ասլան բեյ...
Ասլանը մոտեցավ նրան, մենք էլ գնացինք նրա ետեւից:
- Հրեն ձեր Ալագյազը, նայեք...

Արագածը հրաշալի երեւում էր՝ այնքան մոտ ու պարզ: Նայում ու զմայլվում էինք: Ինչպես էին իրար սազում Արագածը, Արարատն ու մեր դիմացի ուրարտական ամրոցը նախկին Բայազետի ավերակների մոտ: Բնության մեջ թուրքական սահմաններ չկան: Լեռները սահման չեն ճանաչում: Արագածն ու Մասիսները զրուցում են, հավանաբար, ամեն օր իրար հետ, եւ ոչ մի կիսալուսին չի կարող խանգարել նրանց զրույցին: Բայց ահա խանգարում են Արարատի լանջերին ու Արագածի փեշերին գտնվողների զրույցներին:

Կեսօրին եկան Արտակն ու Արմինեն, պատմեցին, որ Շիրազի ուղեկցությամբ գնացել են Դողուբայազետից ոչ հեռու Մարիամ Աստվածածին եկեղեցին: Արմինեն ուղղակի կոտրված էր, հոգեխռով պատմում էր, թե ինչպիսի սարսափելի վիճակում էր եկեղեցին՝ ներսում չորքոտանի եւ երկոտանի անասունների աղբ: Իսկ եկեղեցին ուղղակի հրաշալի էր՝ սրտի ցավով ասում էր նա:

Սպասում էինք Արայիկին ու Հովհաննեսին, իսկ նրանք չէին գալիս: Բայց ահա եկավ Ահմեդը, պատմեց, որ Արթուրի, Արայիկի ու Հովհաննեսի հետ գնացել են տեղական իշխանությունների մոտ, բայց ամենուր սիրալիր մերժում ստացել: Ասել են, որ միայն Անկարան կարող է թույլտվություն տալ, դիմեք այնտեղ: Ինչ վերաբերում է բանակին՝ ռազմական իշխանությանը, ապա հարցը լուծելու ունակ գեներալը ներկայումս բացակայում է քաղաքից, բայց այսօր երեկոյան պիտի վերադառնա: Ահմեդը նաեւ տեղեկացրեց, որ «Գորշ գայլեր» կուսակցության պատվիրակությունն է գտնվում Դողուբայազետում՝ նախընտրական քարոզարշավով (ինչ-որ ընտրություններ էին սպասվում): Ահմեդի ասելով՝ ինքը նրանց հրավիրել է իրենց մոտ եւ հույս ունի, որ նրանց միջնորդությամբ կկարողանա լուծել մեր հարցը: Իբր չգիտեինք՝ Ահմեդը մեծալուրջ հայտնեց, որ այդ կուսակցությունը թուրքական խորհրդարանում երկրորդ թե երրորդ ուժն է:

Ըստ Ահմեդի՝ եթե նրանք զանգեն գեներալին, ապա գեներալը մեզ թույլ կտա լեռը բարձրանալ: Ինչ խոսք, մենք իսկույնեւեթ կասկածամտորեն ընդունեցինք Ահմեդի ասածը: Աբսուրդ է՝ «Գորշ գայլեր»-ը պիտի միջնորդեն, որ մենք Արարատ լեռը բարձրանանք: Գայլերը: Այն էլ գորշ: Սակայն Ահմեդը ակնարկեց, որ լավ կապեր ունեն ոմանց հետ: Որքան ես հասկացա, քրդական որոշ շրջանակներ սերտ կապեր ունեն այդ ազգայնական կուսակցության հետ: Հավանաբար, իրենց վիճակը բարելավելու համար: Ինչպես ժամանակին հայերից ոմանք էին երիտթուրքերին աջակցում, մտածելով, որ ապահովագրում են իրենց Ժողովրդին վտանգից:

Ինչ-որ է: Խեղդվողը փրփուրից էլ է բռնում: Մտածեցինք, որ գուցե թուրքական երկրաշարժից եւ օգնելու՝ հայերի պատրաստակամությունից հետո Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ չնչին բարելավումը թուրքերին ստիպի բարյացակամության մի ժեստ էլ իրենք անեն: Գուցե: Բացի այդ, վաղը մերոնք էլ փորձելու են հանդիպել գեներալի հետ: Գուցե մի բան ստացվի: Որքան շուտ, այնքան լավ, որովհետեւ այստեղ արդեն սկսում ենք ձանձրանալ: Ի դեպ, առավոտյան Արթուրը Արայիկին հարցրել էր՝ հո չե՞նք ձանձրանում այստեղ: Ու առաջարկել էր մի երկու հոգու թողնել այստեղ՝ «Գորշ գայլերի» հետ բանակցությունների արդյունքներն իմանալու համար, իսկ մյուսների հետ մեկնել Վան, որտեղից կարող էինք զանգել եւ անհրաժեշտության դեպքում, շուտ հետ վերադառնալ, սակայն որոշեցինք չկիսվել եւ միասին սպասել:

Երեկոյան Արայիկը Ահմեդի հետ զրուցելուց հետո մեզ հայտնեց, որ քուրդը հոխորտացել է, թե 99 տոկոսով թույլտվություն ձեռք կբերի: Բայց թե քանի հոգու համար՝ անհայտ է: Միեւնույն ժամանակ գտանք, որ դժվար թե բոլորը կարողանան բարձրանալ՝ Շիրազը, աղջիկներից ոմանք: Անդոն՝ մեր «սպեցնազը», կատակելով ասաց՝ «բոլորին էլ տփելով կտանեմ», ինչին Մուրադյանը լուրջ պատասխանեց՝ այդպես մի ասա, կարող է՝ նույն Շիրազը քո վրա հույսը դնի, իսկ դու չկարողանաս օգնել: Բացի այդ, եթե մենք հիմնական նպատակը Արարատն ենք համարում, ապա Արտակն ու Արմինեն, օրինակ, նույն կարծիքին չեն, նրանց համար պակաս կարեւոր չեն հայկական եկեղեցիները, որոնց մասին պատրաստվում են ֆիլմ նկարահանել, Վանն ու Աղթամարը: Ասենք՝ ինձ համար էլ վերջիններս շատ կարեւոր են, թեեւ հիմնականը, միեւնույն է, Արարատն է:

...Երեկոյան եկավ ոստիկանապետը: Ահմեդն ասաց, որ ինքն է հրավիրել՝ գուցե կարողանա օգնել: Արայիկն էլ ասաց, որ լավ կլիներ մենք պատիվ տայինք ու աղջիկներին հանձնարարեց դեսից-դենից պատրաստել: Սակայն ոչ մի քեֆ էլ չեղավ: Ոստիկանապետը ասաց նույնը՝ միայն Անկարան կարող է թույլտվություն տալ, եւ եթե հիմա դիմենք, ապա լավագույն դեպքում պատասխան կստանանք մի ամիս հետո: Ընդ որում, մեզ բացատրեցին, որ Անկարան է տեղական իշխանությունների իրավասությանը թողել հարցի լուծումը, ինչը ամենեւին էլ չի նշանակում, թե տեղական իշխանությունները դրական լուծում կտան դրան: Ոստիկանապետը շտապում էր, ուստի սեղան չսարքեցինք, թեեւ կոնյակ ու բաստուրմա տվեցինք: Դրանից հետո ոստիկանապետը, մի բան արած լինելու համար, Ահմեդին ասաց՝ զանգիր Իսմայիլին, թող ուղեկցի մինչեւ լեռան վրա գտնվող գյուղը՝ մի քիչ թող բարձրանան: Մի բան պարզ էր՝ ոչ ոք չէր ուզում պատասխանատվությունն իր վրա վերցնել, բայց կաշառվելու դեպքում պատրաստ են մատների արանքով նայել: Իսկ մերոնց, չգիտես ինչու, անպայման միանշանակ թույլտվություն է պետք՝ ցանկացած ռիսկ բացառող: Բայց, ըստ իս, այդպես չի լինի, առանց ռիսկի չի ստացվի: Իսկ պատրա՞ստ են մերոնք ռիսկի: Կասկածում եմ:

Այսպես թե այնպես՝ աղոտ հույս կա: Վաղվա հանդիպումը «գայլերի» հետ: Այդ հույսով էլ գնացինք քնելու, ավելորդ ժամանակ չանցկացրինք Ահմեդի մոտ, մանավանդ որ նա թաքուն ասաց, որ դիմացի սեղանին նարդի խաղացողները թուրք լրտեսներ են: Կարող է՝ խաբում է, որ իրեն թանկացնի՝ Անդոյի վարկածն է: Երկուսն էլ հնարավոր են՝ թե առանձին-առանձին, թե միասին:


28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ

Առավոտյան սովորականի պես ժամը 7-ին արթնացանք, լվացվեցինք, նախաճաշեցինք: Ահմեդի մոտ սեղաններն արդեն միացված էին՝ առավոտից նախապատրաստվում էինք հյուրընկալությանը: Նախաճաշելուց հետո չէինք ուզում պարապ մնալ եւ որոշեցինք մի անգամ էլ բարձրանալ լեռը ու նրա գագաթից նայել Արարատին, քանի որ նախորդ անգամ մառախուղի պատճառով դա չէր հաջողվել: Ժամը 10-ի մոտերքը Ալինան, Ասլանը, Մուրադյանն ու ես ուղեւորվեցինք: Սակայն լեռան ստորոտի ձորը դեռ չէինք անցել ու վերելքը դեռ չէինք սկսել, երբ հանկարծ պատահեց անսպասելին՝ Ալինան ընկավ ու ոտը վնասեց: Ընդ որում՝ իր մեղքով: Մեր ճամփին մի բավականին խոր իջվածք կար: Սկզբում որոշեցինք ցատկել ներքեւ, բայց հետո Մուրադյանի խորհրդով խոհեմաբար շրջանցեցինք: Իսկ Ալինան էլ փորձեց ապացուցել, որ կին տեղովը մեզնից ավելի տղամարդ է: Ուզում էր ցատկել: Մի քանի անգամ զգուշացրինք, որ վտանգավոր է, եւ իզուր գլխացավանք կբերի մեր գլխին: Չլսեց ու ցատկեց: Ցատկեց ու վնասեց ոտքը: Այնպես որ, ոչ միայն «Մնաս բարով, Արարատ», այլեւ՝ մնաս բարով, ոտի վրա կյանք: Համենայն դեպս՝ մի քանի շաբթով: Ինչպես ասում են՝ դեռ տաք էր, ու այնքան էլ չէր զգում ցավը, բայց կամաց-կամաց ցավն իրեն զգացնել տվեց, ու Ալինային նայելիս սիրտդ մղկտում էր:

Երեք հոգով օգնեցինք եւ Ալինային մի կերպ հասցրինք մեր վրանատեղին: Ասլանը մի տեսակ հանգիստ էր, ասում էր՝ մի քանի օր կցավի ու կանցնի, բայց ոտը գնալով ուռչում էր: Ալինան տղամարդու պես տանում էր ցավը, բայց ցավն այդ տղամարդու համար էլ անտանելի կլիներ, ահա թե ինչու մեկ-մեկ չէր զսպում իրեն ու մղկտում էր: Երեկոյան Արթուրը եկավ, Ալինային ուղեկցեցին ինչ-որ բժշկի մոտ, որը գիպսանման ինչ-որ բան դրեց նրա ոտքին: Դա երեկոյան էր, իսկ մինչ այդ՝ Ալինային տեղ հասցնելուց հետո, ես ու Մուրադյանը շարունակեցինք մեր կիսատ գործը՝ Քութիս լեռան վերելքը:

Հիանալի մարդ, հիանալի ուղեկից ու հիանալի զրուցընկեր է Մուրադյանը: Անփորձ ու սկսնակ լեռնագնացի պես ես առաջ էի շտապում, իսկ նա մարաթոնի փորձառու մասնակցի պես հանգիստ գալիս էր: Ես շուտ հոգնեցի ու կանգ առա՝ նստելով մի քարի: Մտածում էի՝ մինչեւ հավասարվի ինձ՝ կարգին կհանգստանամ: Սակայն դեռ հեւոցս չէր անցել, երբ նա եկավ: Եկավ ու կանգ առավ, հընթացս խորհուրդ տալով, որ ավելի լավ է դանդաղ, բայց նույն տեմպով ընթանալ, քան թե տեմպը փոխել, ինչը վնասակար է սրտի համար: Ու շարունակեց ճամփան: Վեր կացա ու գլուխս կախ հետեւեցի նրան: Ահա թե ինչ ասել է փորձ՝ երբ չես կարողանում հասնել 70-ամյա «բիձային»:

Լեռան գագաթին մի քանի մետր էր մնում, երբ Մուրադյանը կանգ առավ, շրջվեց դեպի ինձ ու հարցրեց.
- Սիրտդ ո՞նց է:
- Լավ է,- ասացի,- երբեւէ բողոքներ չեմ ունեցել:
- Մեկ է, սրտիցդ բռնիր,- խորհրդավոր ժպտալով ասաց նա ու առաջ շարժվեց:

Ես հետեւեցի նրան եւ քիչ անց իսկապես սրտիցս բռնեցի՝ Աստված իմ, այս ինչ տեսարան է: Լեռան գագաթից մի հրաշք տեսարան էր բացվում: Մասիսները՝ ափիդ մեջ: Մեր բարձրացած լեռը 3000 մետրից բարձր է, իսկ Արարատը 5000 մետրից փոքր ինչ ավել է, ինչպես հայտնի է: Սակայն այն տպավորությունն էր, թե նույն բարձրության վրա ենք՝ ձեռքդ մեկնես, կհասնի: Երեւի թե Մասիսներն այսքան լավ ոչ մի տեղից չեն երեւում: Ասլանի կամերան մոտս էր, ուստի մի քանի անգամ նկարեցի: Դժվար էր նկարելը լեռան գագաթին, մանավանդ՝ քամի էր, իսկ կամերան էլ շատ փոքր ու թեթեւ էր, ու մի ձեռքով էի պահում: Իսկ այդպես դժվար է անշարժ պահելը: Տեսախցիկի խոշորացույցով մոտեցրի տեսարանը այնքան, որ գագաթները ոնց որ ափիդ մեջ էին: (Այս եզակի կադրերը ցուցադրվել են Արցախի հեռուստատեսությամբ):

Հետ դարձանք հիանալի տրամադրությամբ: Ժամը 14-ի մոտերքը եկան «Գորշ գայլերը»: Եկան 7-8 մեքենաներով՝ 20-25 հոգի: Թիկնապահներով էին, տեսախցիկով: Մինչեւ որսորդական տուն մտնելը զրուցում էին բակում, որտեղ՝ նրանցից քիչ հեռու, մեր վրաններն էին: Իրար զննում էինք, նրանք՝ մեզ, մենք՝ իրենց: Չգիտեմ, թե մեզնից նրանք ինչ տպավորություն ստացան, բայց նրանցից իմ ստացած տպավորությունը հետեւյալն էր՝ լիովին համապատասխանում էին իրենց կուսակցության անվանը: Գազանային դեմքերով, վայրենի աչքերով: Թուրքի ամենավայրի տեսակի ներկայացուցիչներն էին: Թուրքերի մեջ էլ են համակրելի ու գեղեցիկ տղամարդիկ լինում, բայց սրանք այլ՝ գեղջկա-վայրենի տեսակն էին: Ի՞նչ ասեմ, չեմ կարծում, թե մեկ այլ, ասենք թե՝ դեմոկրատական կուսակցությունում (եթե կա այնտեղ այդպիսին) գերակշռեին նման դեմքերը: Սա, հավանաբար, այն եզակի դեպքերից է, երբ գաղափարախոսությունն ու դեմքը հոգեհարազատ են:

«Գորշ գայլերը» կերան-խմեցին ու, հընթացս մեզ նորից զննելով, նստեցին մեքենաները ու հեռացան: Նրանց գնալուց հետո մեզ մոտեցավ Ահմեդը եւ տեղեկացրեց, որ այդ գիշատիչները ոչինչ չեն խոստացել: Ասաց նաեւ, որ հիմա կիջնի քաղաք ու կփորձի գեներալի հետ հանդիպել: Մենք կասկածամտությամբ էինք նայում Ահմեդին, ինչը նա զգում էր: Մեզ թվում էր, թե Ահմեդն ինչ-որ խաղեր է խաղում մեր գլխին, որ անկեղծ չէր մեզ հետ: Կամ ժամանակ էր շահում ինչ-որ նպատակով, կամ էլ ուժը չէր պատում հարցը լուծել, բայց նաեւ չէր ուզում «համեղ պատառը» ձեռքից բաց թողնել: Գործը գլուխ բերելու դեպքում նա նյութապես կշահեր, այն էլ՝ բավականաչափ: Ինչ ասեմ, գուցե այս վերջին վարկածն է առավել հնարավորը:

Նստել ու խելք-խելքի էինք տալիս՝ ես, Ասլանը, Գարեգինը, Էդիկը, Ալինան, Անդոն: Մեզ անհանգստացնում էր այն հանգամանքը, որ Արայիկն ու Հովհաննեսը չկան ու չկան, թեեւ գիտեին, որ ժամը 12-ին «Գորշ գայլերը» պիտի գային: Կասկածում էինք, որ դարձյալ բոլորից թաքուն մի քանի հոգով կարող է փորձեն լեռը բարձրանալ: Ընդհանրապես, այն տպավորությունն էր, որ Արայիկը չի հավատում բոլորիս հաջողությանը եւ փորձում է մի քանի հոգով գլուխ բերել գործը: Սա ուղղակի վիրավորական էր մեզ համար եւ ազնիվ վերաբերմունք չէր մեր նկատմամբ: Չկար միասնական թիմ-խումբ: Ես առաջարկեցի գուցե թե արկածախնդրական տարբերակ՝ վեր կենալ ու սկսել վերելքը: Եթե բռնեն, կասենք, որ չենք իմացել արգելքի մասին: Ասլանն առաջարկեց գնալ ու վրաններ խփել լեռնալանջին գտնվող քրդական գյուղի մոտերքում եւ հարմար առիթի դեպքում մի քանի հոգու թողնել վրանատեղիում՝ թուրքերին շփոթեցնելու համար, իսկ մյուսներով վաղ առավոտյան վեր բարձրանալ: Եղավ նաեւ գիշերով բարձրանալու առաջարկ: Սակայն չկարողացանք համաձայնության գալ ոչ մի տարբերակի վրա:

Արայիկն ու Հովհաննեսը չկան ու չկան: Իսկ ահա Ահմեդը շուտով երեւաց: Անտրամադիր էր, ասաց՝ բանը բարդ է: Գեներալին չէր տեսել, բայց խոսել էր նրա ներկայացուցչի հետ եւ համոզվել, որ անլուծելի խնդիր է: Խորհրդավորությամբ ասաց. «Ձերոնք էլ են ինչ-որ մեկի հետ խոսել ու գործը փչացրել»: Մենք թերահավատությամբ նրան նայեցինք: Հավանաբար, ուզում էր իր անկարողությունը մերոնց վրա բարդել: Կամ, մեղա, Տեր իմ, գուցե ասածում ճշմարտություն կա: Մերոնցից մեկին հետո ասել էր, թե ով է խանգարել՝ «Իոհանես-բեյը»: Մենք այդ անվանը հավակնող երկու հոգի ունեինք, երկու Հովհաննեսները՝ Շիրազն ու Ավետիսյանը: Սկսեցինք քննարկել, թե նրանցից ով ինչպես կարող էր խանգարել: Հովհաննես Ավետիսյանը բոլորի պես տենչում էր գագաթին հասնել, այնպես որ միտումնավոր որեւէ բան բացառվում էր: Շատ-շատ կարող էր բանակցությունների ժամանակ անհաջող խոսք կամ միտք ասած լինել: Իսկ Շիրազը վաղուց արդեն հարմարվել էր այն մտքին, որ չենք բարձրանալու: Դա ինչ-որ տեղ նրա սրտովն էր: Ոչ թե նրա համար, որ չէր ուզում, այլ՝ չէր կարող: Ֆիզիկապես ի վիճակի չէր: Գուցե զուտ մարդկային ու մասնագիտական նախանձն էլ էր իր դերը խաղացել: Կամ էլ՝ վախկոտությունը: Նրան անընդհատ թվում էր, թե շուտով մեզ ձերբակալելու են, ուստի շտապում եւ շտապեցնում էր հեռանալ այնտեղից:

Երեկոյան եկան Արթուրը, Արայիկը, Հովհաննեսը: Ալինայի վիճակը լավ չէր, դրա համար էր Արթուրն էլ եկել: Ալինային մեքենայով տարան քաղաք, իսկ մերոնք Ահմեդի հետ քննարկում էին գոնե 2-3 հոգու բարձրանալու հնարավորությունը: Ահմեդը բացատրեց, որ դա եւս հնարավոր չէ, ավելին՝ շատ է վտանգավոր: «Ամբողջ քաղաքը ձեր մասին գիտի, ձեզ հետեւում են ամեն քայլափոխի»: Ահա այդպես: Ահա մեր բարձրացրած աղմուկի հետեւանքները:

Երեկոյան նստել ու մտահոգ զրուցում էինք: Ասլանն առաջարկեց վրանները հավաքել ու շուտափույթ հեռանալ այդտեղից, քանի որ կասկածում էր, որ «Գորշ գայլերը» կարող են դիվերսիա անել: Քանի որ թուրքերի ու քրդերի հարաբերությունները սրվել էին, նա կասկածում էր, որ «Գորշ գայլերը» կարող են, ասենք թե, գիշերը թաքուն մի նռնակ նետել վրանատեղի եւ մեղքը գցել քրդերի վրա: Դրանով երկու նապաստակ բռնած կլինեին, նախ՝ մեզ վնաս տված կլինեին եւ հետո էլ՝ սեպ կխրեին հայերի ու քրդերի միջեւ: Իհարկե, տրամաբանություն կար նման վարկածի մեջ, բայց ես, չգիտես ինչու, հանգիստ էի: Նույնը՝ մերոնց մեծ մասը, ուստի Ասլանի առաջարկը չանցավ, թեեւ որոշեցինք գիշերը հերթապահել վրանների մոտ: Իսկ հեռանալ հարմար գտանք առավոտյան: Որոշեցինք գնալ Վանա լիճ, Աղթամար կղզին տեսնել, մի քանի օր մնալ այնտեղ, որպեսզի Բայազետում մեզ մոռանան, ապա վերադառնալ եւ նորից փորձել ելք գտնել: Մանավանդ, ինչպես Արթուրն էր մեզ տեղեկացրել, թուրքական իշխանությունները սկսել էին լրջորեն հետաքրքրվել մեզնով: Ասաց, որ վտանգի տակ են հատկապես ինքն ու Արցախից եկածները:

Ինչ վերաբերում էր Արայիկի ու Հովհաննեսի բացակայությանը, ապա պարզվեց հետեւյալը: Նրանք մի անգամ էլ են փորձել հետախուզել լեռը: Երեկ Արթուրն ու Գայանեն էլ էին միացել նրանց: Ճանապարհին մեքենան փչացել էր՝ մոտ 3000 մետր բարձրության վրա, Արթուրն ու Գայանեն ոտքով էին շարունակել ճանապարհը, հասել մինչեւ ձյուները ու հետ դարձել: Արթուրը պատմեց, որ անդնդախոր ձորերով էին անցել, շատ դժվար ճանապարհով: Բայց քանի որ արդեն մթնում էր եւ, հետո էլ, վախենում էին կորցնել Արայիկին ու Հովհաննեսին՝ ստիպված հետ էին դարձել: Իսկ այսօր նորից հետախուզության էին գնացել եւ տեսել, որ հարյուրավոր զինվորներ կային ճանապարհին, իսկ օդում էլ պտտվում էր ռազմական ուղղաթիռը: Թուրքերը հոտն առել էին:


29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ

Առավոտյան հավաքեցինք վրանները, հրաժեշտ տվեցինք Ահմեդին ու ընկերներին եւ իջանք Դողուբայազետ՝ «Grand Hotel Deria», որտեղ իջեւանում էր Արթուրը: Արթուրի խումբը միացավ մեզ, ու միասին մեկնեցինք քաղաք Վան: Երկուսուկես ժամում հասանք այնտեղ: Մեծ ու սիրուն քաղաք է Վանը, կա «Աղթամար» ռեստորան-հոթել, «Կապադովկիա» խանութ: Անմիջապես ուղղվեցինք Վանի հռչակավոր միջնաբերդը: Միջնաբերդը եւս հրաշք էր՝ իր երկար ու բարձր պարիսպներով: Սարդուրի Առաջինի կառուցած Տուշպան է, մեր Վանը: 26 օր դիմադրել է այն Լենկ-Թեմուրի զորքերին 1387 թվականին, որը, միեւնույն է, գրավեց քաղաքը եւ 7000 մարդ ցած նետեց բերդի պարիսպներից: Այն նույն բերդի, որ մ.թ.ա. 735 թվականին Ասորեստանի թագավոր Թիգլաթպալասար Երրորդն է պաշարել, բայց չի կարողացել գրավել: Հայոց մեծ եղեռնի ժամանակ այստեղ հերոսական դիմադրություն է ցույց տրվել թուրքերին:

Մի հասակավոր քուրդ երեխային ինչ-որ բան էր պատմում պարիսպների մոտ: Հետաքրքիր է՝ ի՞նչ եւ ինչպե՞ս է պատմում: Պարզ չէ՞, որ հայ ժողովրդի պատմությունը չի ներկայացնում եւ, սատանան գիտի, թե ինչ է ասում: Տհաճ զգացողություն է՝ մեր սրբությունը ուրիշները ներկայացնում են իրենց երեխաներին, ու մենք կողքին անզոր կանգնած ենք ու ոչինչ չենք կարող անել: Հենց մուտքի մոտ երկու մեծ, քառակուսի քարեր էին դրված իրար կողքի՝ վրան սեպագիր արձանագրություններ: Այդտեղ էլ խռնված էին քուրդ լամուկներ, որոնք սրան-նրան էին մոտենում ու աջ ձեռքն առաջ մեկնած փող մուրում՝ «ամի, փարա, ամի, փարա»: Նրանցից փրկություն չկար: Թեեւ Արտակը կարծես թե ելքը գտավ, ով մոտենում էր՝ ինքն էր սկզբում դիմում՝ «ամի, փարա» ու ձեռքը մեկնում: Թողնում-հեռանում էին: Նայելով պարիսպների տակ խռնված քրդերին ու թուրքերին, սիրտդ կծկվում է ցավից: Ի՞նչ կապ ունեն նրանք բնության այս հրաշքի հետ, եւ պե՞տք է այդ հրաշքը նրանց: Դրա կարիքը նրանք չունեն, այդ եւ մյուս մեր հրաշքները նրանց հոգեմտավոր «ճաշացուցակի» մեջ չկան: Մողեսի համար ի՞նչ տարբերություն՝ սովորակա՞ն քարի վրայով է սողում, թե¯ զարմանահրաշ խաչքարի: Աստծո սիրոյն, մի փորձեք համոզել, թե նրա համար վերջին երթուղին ավելի հաճելի է: Ինչ որ է:

Հա, մոռացա ասել, որ մինչեւ Վան քաղաքը հասնելը մի փոքր դադար առանք Վանա լճի ափին: Հենց լճի առաջին մետրերի մոտ: Հենց մոտեցանք լճին՝ կանգ առանք՝ դուրս թափվելով մեքենաներից, վայելելով ծովակի գեղեցկությունը, զով օդն ու մաքուր ջուրը: Ու չէինք կշտանում: Ու հաջորդ օրերին էլ պտտվում էինք երկայնքով, ըմբոշխնելով նրա ամեն մի հատվածը, վայելելով այն տիվ ու գիշեր, արեւածագին ու մայրամուտին: Աղի է Վանա լճի ջուրը, նույնքան դառը, որքան նրա կորուստը մեզ համար, որքան մեր անցյալը, մեր հիշողությունները: Հանեցինք ԼՂՀ դրոշը ու նկարվեցինք դրոշով: Որպես մխիթարություն:

Իսկ նախքան լճին հասնելը մի հետաքրքիր բան էլ նկատեցինք: Ճանապարհի աջ կողմում հրաբխային ապարներ են՝ կուտակներով: Մի քանի կիլոմետր շարունակ՝ ահագին տարածքում: Կյանքումս նման բան տեսած չկամ: Նախկին հրաբուխների քարացած վկաները: Ոչ մի կերպ չէին ներգրվում շրջակա բնությանը՝ ոնց որ այլ բնությունից, այլ երկրից, այլ աշխարհից, այլ ժամանակներից: Դրանցից քիչ հեռու՝ ճամփեզրի մի հարթ տարածքում, ռազմական տեխնիկայի ու զինվորական ուժի կուտակում կար: Զորավարժություն էր: Տանկերն ու հրանոթները արդիական չէին: Երբ տարակուսանքս հայտնեցի Արթուրին, ծիծաղեց՝ ի՞նչ է, կարծում էիր, թե նորագույն տեխնիկան դնելու են ճամփեզրին, որ բոլորը տեսնե՞ն: Թուրքերն, ասաց, ժամանակակից հիանալի զինտեխնիկա ունեն, եւ կարող են մի քանի ժամում ջնջել Հայաստանը:

Բայց դարձյալ շեղվեցի հուշերիս ճամփից: Վերադառնանք Վան քաղաքը: Շրջում էինք պարիսպների վրայով եւ զննում շրջակայքը: Հրեն Արտամետ գյուղը՝ ցույց է տալիս Անդոն, որ ինքն էլ քիչ առաջ ինչ-որ մեկից իմացել էր գյուղի տեղը: Ու հիշեցրեց՝ Արտամետի խնձորները ձեռքումդ թափահարում ես ու լսում հատիկների խշխշոցը: Իսկական Վանը պարիսպների տակ էր, ուր հիմա փոսեր ու ավերակներ են: Ներկայիս Վանը այդտեղից մի քիչ հեռու էր: Պարիսպների առջեւում, ավերակների մոտ, մի հրաշք օազիս կա՝ ծառեր, ծաղիկներ, առվակներ: Շրջակայքի լերկ ու ամայի ֆոնի վրա այն իսկապես օազիսի տպավորություն էր թողնում:

Վանի միջնաբերդում գտանք մի քանի սեպագիր արձանագրություններ ուրարտական շրջանից՝ Վանի թագավորության ժամանակներից: Դրանցից մեկն ուղղակի ապշեցուցիչ էր: Անհարթ ապառաժի կենտրոնում՝ հարթեցված մի փոքրիկ տարածքում էր, ոնց որ թե խնամքով գրված տետրի մի էջ քամու բերանն ընկած սոսնձվի ապառաժին: Մհերի դուռն է նաեւ այստեղ: Արտակի հետ որոնում էինք այն, բայց վերջնական եզրակացության չկարողացանք գալ, համենայն դեպս՝ երկու տարբերակից որոշել, թե որն է Մհերի դուռը: Հիշո՞ւմ եք՝ «Երբ որ ցորեն էղավ քանց մասուր մի, ու գարին էղավ քանց ընկույզ մի, էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն»: Երբ որ դուրս գաս, Մհեր, չզարմանաս, լսելով մանուկ քրդերի «ամի, փարա, ամի, փարա» ճիչերը: Քո հայրենիքի ջուրը հիմա թուրքերն ու քրդերն են խմում:

Միջնաբերդում մնացինք մինչեւ երեկո, ապա այնտեղից մեկնեցինք դեպի Աղթամար կղզուն ամենամոտ ափը, ուր նավամատույց կար, որտեղից կարող էինք մեկնել կղզին: Տեղ հասանք, երբ արդեն մութ էր: Լճի ափին մի պանդոկ կար, որի տերը մի երիտասարդ էր՝ Իբրահիմ անունով: Դա պանդոկ-քեմպինգ էր: Վրաններ խփեցինք բակում, մթության մեջ մեր հայացքներով փորձեցինք ընդգրկել լիճն ու կղզին: Որքան հնարավոր էր: Իսկ ընթրեցինք պանդոկում, երկրորդ հարկի վերանդայում, ուր Արթուրը Վանա տառեխ էր պատվիրել: Թուրքերն, ինչպես հայտնի է, ձուկ չեն ուտում (ձկան  գլխամասում խաչանման ընդգծված նշանի պատճառով), իսկ Իբրահիմը ձկնապուր պատրաստում է միայնումիայն զբոսաշրջիկների համար: Պանդոկում, ի դեպ, մի քանի արտասահմանցի զբոսաշրջիկներ կային:

Ընթրիքի ժամանակ Արթուրը բաժակաճառ ասաց: Ճիշտ խոսքեր ասաց՝ եկանք, տեսանք, որպեսզի հասկանանք մեր պապերի սխալները, որպեսզի չկրկնենք դրանք: Ուրիշ կենացներ էլ եղան, ես էլ առաջարկեցի հիշել նահատակներին՝ հնօրյա եւ մերօրյա: Իբրահիմը, որ մի համակրելի թմբլիկ երիտասարդ էր, կլորիկ դեմքով, արտակարգ սիրալիր էր մեզ հետ, ուշադիր լսում էր կենացները, խնդրում թարգմանել: Երբ հիշեցինք նահատակներին ու հոտնկայս խմեցինք նրանց կենացը, նա էլ մեզ հետ ոտքի կանգնեց: Այդ ամենը, իհարկե, զարմանալի էր: Երբ հետաքրքրվեցինք ու քրքրեցինք նրա անցյալը, նա խոստովանեց, որ պապը հայ էր: Արտակը բարկացավ՝ տո, անշնորհք, որ պապդ հայ էր, ուրեմն հայրդ էլ էր հայ, իսկ որ հայրդ հայ էր, ուրեմն դու էլ հայ ես: Իհարկե, չթարգմանեցինք Արտակի ասածը: Իմաստ էլ չուներ: Ինչո՞ւ գլխացավանքի մեջ գցել Իբրահիմին, մենք կգնանք, իսկ նա կմնա համատարած լրտեսության այդ միջավայրում: Եթե իմանան, որ հայ է, շատ կտուժի: Չեն սպանի, իհարկե, բայց գործն էլ առաջ չի գնա: Ի դեպ, Իբրահիմը պատմեց, որ մի տարի առաջ ինչ-որ հայ դերասաններ էին օթեւանել իր քեմպինգում: Մի ուշագրավ հանգամանք եւս՝ հաջորդ օրը Իբրահիմը մեզ հետ այցելեց Աղթամար կղզին, ուր երեւի հազար անգամ եղել է: Ասաց՝ ուզում եմ ձեզ հետ լինել այնտեղ:


30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ

Առավոտյան արթնացանք ու անմիջապես մեր հայացքներն ուղղեցինք դեպի կղզին: Մի կախարդական տեսարան էր բացվել: Ով ֆոտոապարատ ուներ, իսկույն հանեց ու սկսեց լուսանկարել: Ասլանն էլ իր տեսախցիկը հանեց: Ու նկատեցի, որ քիչ հեռվից մեզ էր մոտենում Արտակը: Պարզվում է՝ բոլորից շուտ էր վեր կացել, որպեսզի նկարի արեւածագը: Զմայլելի է Վանա լիճը, Սալմանասար Երրորդի արձանագրություններում բնորոշված «Նաիրի երկրների ծովը», որն, իրոք, բնության ամենագողտրիկ անկյուններից մեկն է իր Աղթամար հրաշքով: Սեւանա լճին իր չափերով մի քանի անգամ գերազանցող Վանա լիճը գեղեցկությամբ եւս մրցակից չունի:

Այսօր մեր արշավախմբի անդամներից մեկի՝ Էդիկի ծննդյան օրն է: Առավոտից հերթով շնորհավորեցինք նրան: Էդիկ Կառլենի Սերոբյանը 45 տարեկան է, վաղուց է հրապուրվել ալպինիզմով եւ իր 13-ամյակը նշել է Արագածի գագաթին: Բարձրացել է Հայաստանի բոլոր լեռները, հրապուրված է նաեւ լեռնադահուկային սպորտով, պարապլաներիզմով ու սպելիոտուրիզմով: Ալպինիզմով սկսել է զբաղվել Աբովյանի ալպինիստական ակումբում: Արցախյան պատերազմի տարիներին ակումբայիններից շատերը զոհվեցին, ու ակումբը փակվեց: Հիմա Արթուրի մոտ է աշխատում Էդիկը, գնդում զինվորներին սովորեցնում է լեռներ մագլցել: Ի դեպ, երեկ նա ցույց տվեց իր վարպետությունը, Վանի միջնաբերդում բարձրանալով ապառաժները: Ոնց որ մժեղ լիներ, երբ հեռվից նայում էինք: Ինչպիսի ճարպկություն ունի:

...Պատրաստվում ենք մեկնել Աղթամար: Նավամատույցում մի քանի նավ էր կառանված, բոլորի վրա էլ՝ թուրքական դրոշ: Արթուրը հրաժարվեց թուրքական դրոշի տակ մեկնել Աղթամար: Ասաց՝ երբեք:
Նա Հովհաննեսին ուղարկեց նավի անձնակազմի հետ բանակցությունների, սակայն դրանք էլ արդյունք չտվեցին: Նավապետը հրաժարվեց հանել դրոշը: Չօգնեց ոչ խնդրանքը, ոչ էլ սպառնալիքը: Չօգնեց նաեւ փողը: Արթուրն առաջարկեց ցանկացած գումար, միայն թե  թուրքական դրոշը հանեն, սակայն նավապետը նաեւ այս գայթակղությանը դիմացավ, ճիշտ է՝ խեղճանալով: Ասաց, որ իրեն գործից կհանեն: Ի վերջո, Արթուրը որոշեց չգալ: Նրան համերաշխություն հայտնեց Անդրանիկը: Մյուսներս, տեւական երկմտությունից հետո, այնուամենայնիվ, որոշեցինք գնալ: Իմ պատճառաբանությունը, կոնկրետ, հետեւյալն էր: Պատկերացնենք, որ մենք այցի ենք եկել մեր գերյալ հարազատին, որը հեծում է թուրքական բանտում: Եվ ահա բանտապետից պահանջում ենք բանտի վրայից հանել թուրքական դրոշը, որպեսզի կարողանանք, մեր արժանապատվությունը պահելով, այցելել մեր հարազատին: Եվ ի՞նչ՝ եթե հրաժարվեն մեր պահանջը կատարելուց, չպիտի՞ այցելենք մեր գերյալ հարազատին: Թքած ունենք այդ դրոշի վրա, միայն թե տեսնենք մեր հարազատին, մանավանդ՝ այսքան երկար ճանապարհ ենք կտրել:

Բայց Արթուրին էլ կարելի է հասկանալ, կարելի է հասկանալ նրա պես հայրենասեր, ազգասեր մարդուն ու մանավանդ՝ զինվորականին: Ինչպե՞ս չհասկանաս եւ ինչպե՞ս հարգանքով չլցվես նրա նկատմամբ գոնե դրա համար: Առավել եւս, որ շատ ընկճված ու տխուր էր այդ պահին: Նստեց ափամերձ մի քարի վրա եւ խոհուն, մտամոլոր, թախծոտ հայացքով ճանապարհեց մեր նավը: Ռոմանտիկ ու սրտաճմլիկ էր պահը: Իսկ Անդրանիկն այդ պահին բարձրացավ քեմպինգի երկրորդ հարկի տաղավարը եւ այնտեղ դրված սինթեզատորով սկսեց նվագել՝ «Ծիծաղախիտ Վանա ծովի...»: Երբ ժամեր անց վերադարձանք՝ Արթուրը նույն դիրքում, նույն մտամոլոր, խոհուն ու թախծոտ հայացքով նստած էր քարի վրա, իսկ հեռվից լսվում էին ցավի պես ծանոթ երաժշտության մեղեդիները:

Երեկ Արթուրն իր բաժակաճառում նշել էր, որ մեր թագավորներն են մեղավոր մեր կորսված հողերի ու մեր դժբախտությունների համար: Ասաց՝ միասնություն չկար, դրա համար պարտվեցինք: Ու հողերը կորցրինք: Եվ հիմա ստիպված ենք հաշտվել իրողության հետ: Որ այս հողերն իրենց ձեռքի տակ են, ու չենք կարող վիճարկել: Այսօր, դասեր քաղելով անցյալի սխալներից, ազատագրել ենք մի շարք շրջաններ, ազատագրել ենք սրի ծայրին գտնվող արդարությամբ, եւ հիմա ոչ ոք չի կարող վիճարկել, որ Քարվաճառը եւ մյուս շրջանները մերն են: Տղամարդու պես վերցրել ենք, ասաց նա, տղամարդու պես պիտի ընդունենք ե՛ւ պարտությունը, ե՛ւ հաղթանակը: Այս խոսքերը նա ասաց՝ մեղմելու համար այդ օրերին մեզ պատած վիշտը, մեր խռովված ու ցնցված հոգիները հանգստացնելու համար: Մեզ խորհուրդ տվեց, բայց ահա ինքը չդիմացավ, մեզնից ավելի զգացմունքային դուրս եկավ: Ու չեկավ Աղթամար:

Իսկ մենք գնացինք: Դժվար է պատմել Վանա լճից ու Աղթամարից ստացած մեր տպավորությունները: Բոլորս լուռ նստել էինք նավում եւ թախծալուր նայում էինք աստիճանաբար մոտեցող կղզուն ու լճի կոհակներին: Կղզին, ի դեպ, շատ մոտ էր երեւում, նույնիսկ վիճեցինք, որ մի կիլոմետր անգամ հեռու չի լինի ափից, բայց պարզվեց, որ երեք կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: Այդ երեք կիլոմետրը շատ շուտ հատեցինք, շատ շուտ անցավ ժամանակը, թեեւ նավապետին խնդրեցինք պտտվել կղզու շուրջ ու նոր միայն կառանել նավը: Ոչ ոք չէր խոսում, բոլորը լուռ էին, իրենց մտքերի, իրենց թախծի, վիշտ ու ցավի հետ: Ամենաշատը, թերեւս, ցնցված էին Արտակն ու Արմինեն: Արմինեն ասես որդուն նոր կորցրած հայուհու տխրադալուկ ու վշտահյուծ տեսք ուներ, եւ արցունքները հատիկ առ հատիկ ծորում էին նրա աչքերից: Ու չնկատել հնարավոր չէր, ինչպես չէր կարելի առավելս հուզվել:

Իսկ Աղթամարում կրկին խառնվեցին մեր զգացմունքները՝ ուրախություն եւ վիշտ, հրճվանք ու ցավ: Հրաշք է Աղթամարը՝ մանրակերտ կղզի, մանրակերտ եկեղեցի՝ ոնց որ ափիդ մեջ, ոնց որ հեքիաթում: Ասես պատկերազարդ գրքի էջ լիներ: Չի փոխվել կղզին, ասենք՝ թե կարողանային՝ կղզին էլ կփոխեին: Սուրբ Խաչ եկեղեցին էլ է բավականին լավ պահպանվել, իհարկե՝ խաչազերծված: Թե՞ այս լավ պահպանված լինելն  ու կուսական տեսքն էր, թե՞ ցամաքից հեռու, հպարտ միայնության մեջ լինելը, որ կարծես թե սեփական անկախությունն էր խորհրդանշում: Մի խոսքով, կղզին կարծես թե այսօրվա ժամանակատարածքային սահմաններից դուրս լիներ՝ այն, նախկին, պատմական Հայաստանում: Ինքնիշխան Արցախի դրոշը պարզեցինք այնտեղ՝ ասես կրկնակի ամրապնդելով նրա հայկական էությունը: Վերադառնալուց բոլորս էլ կրկին արտասվում էինք: Բայազեդը լքելիս այդպես չէր, այդպես չէր, երբ թողնում էինք Վանը, Իգդիրը...Գուցե այն զգացողությունն էր պատճառը, որ մենք վերադառնում էինք այսօրվա ժամանակատարածքային տխուր սահմանները:

Հայացքներս կղզուն հառած՝ հետ էինք դառնում՝ հետադարձ հայացքով դեպի կղզին, դեպի մեր պատմությունը: Արմինեի տեսքը դարձյալ հուզեց ինձ: Հուզեց ու հիշեցրեց թումանյանական մոտիվը.
Ծիծաղախիտ Վանա ծովի Փոքրիկ գյուղից առափնյա, Ծովն էր մտնում գաղտագողի Ամեն գիշեր մի տղա: ...Սիրուն Թամարն ամեն գիշեր Այնտեղ կրակ է անում Եվ սպասում է անհամբեր Այնտեղ՝ մոտիկ դարանում:
Թամարն ինձ պատկերացավ Արմինեի տեսքով, Թամարի վիշտը չափեցի Արմինեի տխրադալուկ դեմքով:

Կղզում հանդիպեցինք երկու չեխ զբոսաշրջիկի: Պարզվեց, որ նրանք էլ մտադիր էին Արարատը բարձրանալ, բայց նրանց եւս չի հաջողվել: Դիմել էին Չեխիայում Թուրքիայի դեսպանատուն, բայց նրանց թույլ չէին տվել, պատճառաբանելով, թե անվտանգությունն ի վիճակի չեն ապահովելու՝ քրդերի ահաբեկչության պատճառով: Հարցրի՝ տեղյա՞կ եք, որ սա հայկական հող է, կղզու եկեղեցին հայկական է եւ այլն: Պատասխանեցին՝ մի քիչ: Բայց մի հետաքրքիր բան պատմեցին: Ասացին, որ Վան քաղաքում «հայ-թուրքական» կոտորածների թանգարան կա, որ իրենք եղել են այդտեղ: Մինչ փորձում էի բացատրել, որ այնտեղ խեղաթյուրված են իրողությունները, նրանք պատմեցին իրենց տպավորությունները՝ «միակողմանի է ներկայացված ամեն ինչ»: Առաջարկեցինք համատեղ ջանքերով փորձել Արարատը բարձրանալ, բայց նրանք՝ որպես օրինապահ մարդիկ, հրաժարվեցին՝ թույլ չեն տվել, ուրեմն չենք բարձրանա:

Աղթամարում մնացինք մի քանի ժամ, հասցրինք մանրամասն ուսումնասիրել Սուրբ Խաչ եկեղեցին, նրա շրջակայքը, ամբողջ կղզին: Տպավորությունների տակ կքված՝ հեռացանք մի քիչ եւ ընկղմվեցինք լճի ջրերում՝ սթափվելու համար: Սպասում էինք Արտակին ու Արմինեին, որ վերջացնեն նկարահանումներն, ու հետ վերադառնայինք: Իսկ նրանք չէին վերջացնում:

Սպասում էինք, ոմանք՝ նավում, ոմանք՝ լճափին: Իսկ Արտակն ու Արմինեն չէին վերջացնում, չէին կարողանում կտրվել կղզու հրաշալիքներից, չէին ուզում բաց թողնել ոչ մի դրվագ, ոչ մի պատկեր: Նրանց հասկանալ կարելի է՝ մեկ էլ ե՞րբ է նման հնարավորություն լինելու: Հետո էլ՝ աշխատում են իրենց ֆիլմի վրա, աշխատում են՝ ինչպես իսկական պրոֆեսիոնալները: Իսկ ինձ վրա այդ ամենն արդեն ճնշող տպավորություն էր թողնում՝ պետք էր լիցքաթափվել, մարսել ափեափ խփող տպավորությունները:

Ե՛վ լճափին, որտեղից մեկնել էինք նավով, ե՛ւ կղզում անգլերեն ու թուրքերեն ցուցապաստառներ կային, որտեղ ներկայացված էր եկեղեցու կառուցման պատմությունը: «Հայ» ու «Հայաստան» բառերը, պարզ է, չկային, բայց նշվում էր, որ Վասպուրականի արքա Գագիկն է այն կառուցել 915-921 թվականին, իսկ ճարտարապետը Մանվելն է: Եկեղեցու մուտքի քարերից մեկի վրա ադրբեջանցի զբոսաշրջիկի ձեռքով գրված էր «Բաքու»: Գարեգինը սկսեց ջնջել, նյարդայնացած բացատրելով, որ դեռ 1995-ին էր փոքրիշատե ջնջել, երբ առաջին անգամ այցելել էր կղզին:

Վերջապես եկան Արտակն ու Արմինեն: Հուզված ու խորապես ցնցված Արմինեն ասաց՝ բավ է, այլեւս ոչինչ չեմ ուզում տեսնել, այլեւս ի վիճակի չեմ: Այս ցավով ինչպե՞ս պիտի ապրենք: Ինչ որ է, վերադարձանք մեր վրանատեղին, հավաքեցինք վրաններն ու իրերը եւ մեկնեցինք դեպի Թաթվան քաղաքը: Ճանապարհին ոստիկանները դարձյալ կանգնեցրին, նրանցից մեկը հարցրեց, թե ովքեր ենք, նայեց փաստաթղթերը, ապա ուրախ-ուրախ տեղեկացրեց, որ ինքն էլ է կովկասցի՝ չեչեն է ու Ասլան Մասխադովի հետ մտերիմ է: Նրա ընկերը, տեղեկանալով, որ հայեր ենք, քթի տակ ծիծաղեց՝ եկել են իրենց հողերը տեսնելու: Հա, ճիշտ այդպես, շունշանորդի, բա չտեսնե՞նք, թե ինչ քաղցր պատառ են մեր պապերը ձեր պապերի բերանը նետել: Ի դեպ, ոստիկանների վերաբերմունքն ընդհանուր առմամբ լավ էր, բացառությամբ մի դեպքի:

Պահակակետերից մեկում մեզ կանգնեցնելուց ու փաստաթղթերը ստուգելուց հետո մի թուրք թափթփուկ արհամարհական հայացքով դիմեց մեր թարգմանչին՝ «Հայե՞ր եք, էս շան թուլաներից մեկը ձեզ տամ՝ հետներդ տարեք»: Ու ցույց տվեց պահակակետի դռանը խռնված թուլաներին: Շիրազը վիրավորված ինչ-որ բան պատասխանեց, վիճեցին, ապա մեզ բաց թողեցին: Մենք ոչինչ չհասկացանք, քանի որ թուրքերենին վատ ենք տիրապետում: Շիրազն ինքը ճանապարհին պատմեց այդ մասին, երբ հարցրինք, թե ինչու էին վիճում: Ամբողջ օրը խեղճն իրեն տանջում էր, ասում էր՝ պետք էր ավելի կոպիտ պատասխանել: Հետո նա սկսեց ինքն իրեն մխիթարել, մեզ խորհուրդներ տալ: Ասաց՝ պիտի համբերենք, այլ ճար չկա: Պիտի ուժեղ պետություն դառնանք ու խեղճացնենք Թուրքիային: Ասաց՝ սխալ է, որ մենք մեզ համեմատում ենք Ադրբեջանի հետ՝ մեր ուժը, կարողությունը: Պիտի համեմատել Թուրքիայի հետ, որովհետեւ Ադրբեջանն իր թիկունքում Թուրքիա ունի, որն անհրաժեշտության դեպքում օգնության կհասնի: Մեր բանակը պիտի համեմատենք թուրքական բանակի հետ, որպեսզի հասկանանք, թե որքան անելիք ունենք դեռ: Իսկ Թուրքիան մեծ եւ ուժեղ բանակ ունի: Պատրա՞ստ ենք մենք դիմակայելու Թուրքիային, թուրքական բանակին: Աստված մի արասցե, որ դեմ առ դեմ հանդիպենք ռազմի դաշտում, համենայն դեպս այսօր: Դեռ շատ անելիք ունենք՝ եզրակացրեց նա, ինքնահանգստանալու ոչ մի հիմք չկա:

Պահակակետից մի քանի հարյուր մետր անց մեր մեքենաներից մեկը խափանվեց: Ստիպված մտանք ճամփեզրի թաղամասը, ուր բարձրահարկ շենքեր էին: Հենց բակում էլ կանգնեցրինք մեքենաները, դուրս եկանք, իսկ վարորդները փորձեցին պարզել, թե ինչումն է բանը: Բակում մանկական տրենաժորներ կային, այնպես, որ մեր «երեխան»՝ Արուսիկը, շորտը հագին, սկսեց մեկ-մեկ փորձել դրանք: Նրան միացան հունանը եւ Էդիկը: Հիրավի, մանկական մթնոլորտ էր՝ աղմուկ-աղաղակ, հրճվանք, կատակներ: Դիմացի շենքի չորրորդ թե հինգերորդ հարկի պատշգամբում երկու թուրք թե քուրդ խալա ուշադիր նայում էին մեզ, անհանգիստ ու նյարդային շարժումներ անում, ձեռքով մեզ ցույց տալիս:

Լրիվ շարուրված էին ազգային տարազով, երեսները՝ փակ, միայն աչքերն էին երեւում: Գարեգինին ասացի, որ սիրտս վատ բան է գուշակում, հիմա ինչ-որ բան կլինի: Եվ, իրոք, խալաների տուն մտնելուց հինգ րոպե անց մեզ մոտեցան ոստիկանական երկու ավտոմեքենաներ: Դրանցից մեկից դուրս եկավ նույն չեչենը եւ խստորեն, բայց բարեկրթորեն պահանջեց, որ մենք անմիջապես հեռանանք այդտեղից: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչումն է բանը, նա բացատրեց, որ շենքի բնակիչները բողոքել են, թե անբարոյական վարքուբարք ենք դրսեւորում: Ուրեմն՝ խալաներն են զանգել: Ինչ արած, հեռացանք այդտեղից: Ահա այսպիսի բարքեր՝ ցերեկը սրանք ամոթխած տիկիններ են, իսկ գիշերները հապա այցելեք դրանց պանդոկները եւ կտեսնեք պորտապարի սիրահարներին, որոնք միայն դեմքներն չէ, որ բացում են, այլեւ...

Մեքենան սարքել տվեցինք մի քրդական արհեստանոցում, ինչը բավականին երկար տեւեց ու խախտեց մեր պլանները: մտադիր էինք այդ օրը Նեմրութ լեռը բարձրանալ, սակայն արդեն ուշ էր: Թաթվանում տեղավորվեցինք «Քինգքեմպինգ» հյուրատանը: Այդ օրը Էդիկի ծնված օրն էր: Երեկոյան հյուրատան երկրոդ հարկում սեղան բացեցինք ու կարգին նշեցինք: Աղջիկները տոլմա էին պատրաստել, որ հաճույքով համտեսեց նաեւ հյուրատան տերը՝ մի քուրդ երիտասարդ, որ իր հետ մի շիշ գինի էր բերել ու միացել մեզ: Հա, մոռացա ասել, որ մեքենան սարքող քուրդը ինչ-որ բան էր հուզումնալից պատմում մեր թարգմանիչ Հովհաննեսին: Երբ հետաքրքրվեցինք՝ պարզվեց հետեւյալը: Միշա անունով մի երեւանցի երիտասարդ այստեղ էր եկել ոսկի որոնելու նպատակով, այդ քրդից ինչ-որ պատմական քարտեզ էր վերցրել ու հետո իր հետ տարել: Քուրդը վրդովված հիմա խնդրում է, որ Հովհաննեսը գտնի այդ Միշային եւ հիշեցնի քարտեզն ուղարկել: Ահա թե ինչ՝ ուրեմն մինչեւ հիմա էլ շարունակվում են մեր պապերի թողած ոսկու որոնումները: Ի դեպ, Կարսում, օրեր անց, մի քուրդ էլ ինձ խնդրեց այստեղ գալ նման քարտեզով, ոսկի որոնել եւ հաջողության դեպքում կիսել: Բայց այդ մասին հետո:

Քեֆից հետո ես ու Գարեգինը մտահոգ զրուցում էինք: Մեզ մտահոգում էր այն, որ լեռը բարձրանալու մասին կարծես թե խումբը մոռացել էր: Կարծես թե հաշտվել էին այն մտքի հետ, որ չի ստացվելու: Նույնիսկ Ասլանն այսօր հաշտվողական տոնով ասաց՝ դե, եթե չեխերին թույլ չեն տվել, ապա մեզ թույլ չեն տա ու թույլ չեն տա: Վատը նաեւ այն էր, որ Արթուրը լիովին չի կազդուրվել, ավելին՝ մեկ-մեկ ջերմություն էր ունենում: Այդ վիճակում նա հազիվ թե կարողանար լեռը բարձրանալ, բացի այդ, նրա առողջական վիճակն անդրադառնում էր նաեւ լեռը բարձրանալուն ուղղված նրա ջանքերի ու եռանդի վրա: Այսօր, օրինակ, նրա ջերմությունը հասավ 40-ի՝ մտահոգելով բոլորիս: Ինչ որ է, գնալով մեր մտահոգությունն ուժեղանում էր, կասկածները՝ շատանում:


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿ

Այսօր իմ ծննդյան օրն է: Ճանապարհորդության ամբողջ ընթացքում մտքումս փայփայում էի այն հույսը, որ հենց այդ օրը կբարձրանանք մեր սուրբ լեռը: Երազում էի այդ օրը լեռան գագաթին կամ գոնե փեշին լինել եւ ի լուր ամբողջ աշխարհի ամբողջ ձայնով ազդարարել՝ «Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում»: Սակայն, ինչպես մեր մյուս նշանավոր բանաստեղծը կասեր՝ բայց, ափսոս, որ երազ էր: Ու երազ էլ մնաց: Սակայն վերքիս կարծես սպեղանի դրվեց, երբ տեղեկացա, որ այսօր մերոնք հաստատ որոշել են Նեմրութ լեռը բարձրանալ: Գոնե այս մեկը հաջողվի, չէ՞ որ Նեմրութը եւս առասպելական լեռ է, այստեղ է մեր Հայկն իր երկայնալիճ աղեղով շամփրել ու դիտապաստ փռել Բելին, այս լեռը շատ է գովերգվել մեր ֆիդայական երգերում: Առավել եւս, որ Արարատը բարձրանալու հույսը կամաց-կամաց մարում էր:

Այսօր առավոտյան, օրինակ, Գարեգինը պատմեց, որ ուտելու բան էր տանում սենյակում հիվանդ պառկած Արթուրի համար եւ ակամայից ականջալուր էր եղել բջջային հեռախոսով Արթուրի ունեցած մի զրույցին: Ըստ Գարեգինի, Արթուրն ինչ -որ մեկի հետ պայմանավորվում էր, որ գուցե հնարավոր լինի Կարսից անմիջապես մտնել Հայաստան, այլ ոչ թե դարձյալ Վրաստանով անցնել: Իբր վաղն այստեղից դուրս ենք գալու ու անմիջապես մեկնելու ենք Կարս: Չէի կարող չհավատալ Գարեգինին, բայց նաեւ ինչ-որ թերահավատություն կար՝ գուցե ճիշտ չի հասկացել կամ կիսատ է լսել, չէ՞ որ, ըստ պայմանավորվածության, մի անգամ էլ պիտի մտնեինք Դողուբայազեդ ու նորից փորձեինք բարձրանալ լեռը: Սակայն Գարեգինի գերմտահոգ դեմքն այլ բան էր ասում:

Ինչ որ է, պատրաստվում էինք Նեմրութ բարձրանալուն: Քեմպինգի տերը (Նավզաթ էր անունը) եւս ցանկություն հայտնեց մեզ հետ գալ: Անդոն Արտակին հարցրեց, թե ե՞րբ է քուրդը ցանկություն հայտնել մեզ ուղեկցել: Արտակն ասաց, որ երեկոյան: Իսկ Անդոն էլ պատմեց, որ հենց երեկ երեկոյան ոստիկանության գաղտնի գործակալներ էին եկել այստեղ: Նա ենթադրում էր, որ հենց այդ գործակալներն էլ քրդին խորհուրդ էին տվել ուղեկցել մեզ: Սակայն զարմանալի բան չկար այստեղ՝ գաղտնի գործակալները միշտ էլ հետեւում էին մեզ: Իսկ թե որտեղից Անդոն իմացավ այդ գործակալների մասին՝ ինքը պատմեց: Երեկ կեսգիշերին, երբ ինքն ու Շիրազը գնացել էին պորտապար նայելու, քաղաքացիական հագուստով ու կասկածելի արտաքինով մի մարդու ռացիան հենց պարի ժամանակ «խոսեց»: Գործակալը շփոթված նայել էր մերոնց ու դուրս եկել:

Այսպես թե այնպես՝ քուրդը մեզ ուղեկցեց: Անցանք Շամիրամ հանրահայտ պատմական գյուղով, ապա  այցելեցինք Նեմրութ լիճը: Սա եւս բնության հրաշալիք է: Վանա լճի արեմտյան ափին գտնվող Նեմրութ լեռան գագաթին խառնարան կա, որի մի մասում նույնանուն քաղցրահամ լիճն է: Վանա լճից այն բավականին բարձր է, իսկապես գագաթամերձ հատվածում, ու քաղցր, դուրեկան ջրով: Լճի ափին տաք ջուր կար, որ հոսում էր դեպի լիճը: Քուրդը ցույց տվեց: Փորձեցինք՝ հիանալի հանքային ջուր էր, ասում են՝ նաեւ բուժիչ հատկություններ ունի: Մեկ այլ տեղ ափամերձ մի խորշից տաք հոսանք էր խփում: Մի քուրդ՝ մինչեւ գոտկատեղը մերկացած, իր մարմնով փակել էր խորշը եւ շնչում էր տաք օդը:

Մեզ ուղեկցող քուրդը բացատրեց, որ ինչ-որ բուժիչ գազ է հորդում գետնի տակից ու սկսեց թվարկել այն հիվանդությունները, որոնց բուժմանը այն օգնում է: Ասաց նաեւ, որ այստեղ միշտ էլ մարդաշատ է լինում: Մոռացա ասել, որ Շամիրամ գյուղում մի քուրդ երիտասարդ մոտեցավ մեզ եւ նախահարձակ տոնով հետաքրքրվեց՝ ովքե՞ր եք, ո՞ւր եք գնում: Մենք վրդովվեցինք՝ ինչո՞ւ պիտի քեզ բացատրենք թե ով ենք եւ ուր ենք գնում: Ասաց՝ ես այս երկրի քաղաքացին եմ եւ պիտի իմանամ, թե օտարերկրացիներն ինչով են զբաղված այստեղ: Ու օձիքներս բաց չէր թողնում: Աստված իմ, համատարած լրտեսություն է: Քուրդը սկսեց սպառնալ մեզ՝ հիմա կզանգեմ ոստիկանատուն եւ կմատնեմ ձեզ: Բարկացած ասացինք՝ ուր ուզում ես զանգիր, ու քշեցինք մեքենաները՝ մի կերպ պոկվելով նրանից:

Այս տեսարժան վայրը տեսնելուց հետո սկսեցինք պատրաստվել լեռը բարձրանալուն: Դեռ ճանապարհին ղարաբաղցու ասած մի «թիթիզ» միտք էր մտել գլուխս՝ հետս վերցնել տուրիստական ծալովի աթոռը եւ, տեղավորելով լեռան գագաթին՝ բազմել որպես նաիրյան արքա: Ի բնե համեստ մարդուս նման անհամեստությունն ու թիթիզությունը կարելի է ներել ծննդյան տարեդարձին: Այդպես էլ վարվեցի: Գագաթը մոտիկ էր երեւում, դրա համար էլ համարձակվեցի լրացուցիչ բեռ վերցնել, թեեւ տեսախցիկն էլ հետս էր: Սակայն ճանապարհին պարզվեց, որ բավականին դժվարամատչելի լեռ է (ի դեպ, Նեմրութը 3050 մետր բարձրություն ունի), հետո էլ՝ մի գագաթ չէ, այլ մի քանի՝ շրջանաձեւ տեղաբաշխված:

Հասնում ես մեկին, դիմացդ հառնում է մյուսը: Եվ այսպես շարունակ: Ինձ համար շատ դժվար էր բարձրանալը, քանի որ երկու ձեռքերս էլ զբաղված էին եւ չէի կարողանում ապառաժներից բռնել: Ուստի մի քիչ հետ ընկա, իսկ մյուսները, հատկապես Գարեգինը, կարգին առաջ էին անցել: Ուշացնող հանգամանք էլ կար՝ հետաքրքիր տեսարանի ականատես լինելուց կանգնում էի ու տեսախցիկով նկարում: Հերթով գալիս ու առաջ էին անցնում: Տղաներն անցնելով խորհուրդ էին տալիս՝ «գիժ ղարաբաղցի, գոնե աթոռը թող»: Ասում էի՝ էշին նստելը մի այիբ, իջնելը՝ երկու: Ու հետս տանում էի: Ինձնից ուշ եկողներ էլ կային՝ Արտակն ու Արմինեն: Արտակի բեռն ավելի ծանր էր՝ մեծ տեսախցիկն ու շտատիվը:

Հենց լրագրողական այս խմբով էլ միասին հասանք առաջին գագաթին, որն ամենաբարձրը չէր: Կանգ առանք հանգստանալու, շունչ առնելու եւ նկարահանելու: Բացեցի ծալովի աթոռը, նստեցի, տուրիստական ցուպը ձեռքս առա, եւ հայացքս հառելով գագաթից բացվող հրաշք տեսարանի ուղղությամբ՝ ձեռքս առաջ մեկնեցի: Արտակն իսկույն նկարեց տեսախցիկով՝ խնդրելով, որ մի բան ասեմ: Ու այդպես՝ նաիրյան արքաներին նմանակող տեսքով բղավեցի՝ «էս լոխ իմն ա»: «Քոնը լինի, եղբայր,- ծիծաղեց Արտակը,- ղարաբաղցի ես, բա ի՞նչ պիտի ասես»: Ապա Արտակն ու Արմինեն համբուրելով շնորհավորեցին իմ ծնունդը՝ լեռան հրաբխային ապարներից մեկական նվիրելով: Որից հետո շարունակեցինք վերելքը դեպի մյուս գագաթները:

Հաջորդ գագաթին, որ առաջին հայացքից ամենաբարձրն էր թվում, հանդիպեցի Անդոյին ու Հունանին: Մինչեւ գոտկատեղը մերկացել էին ու նկարվում էին: Իրենց ալպինիստական խմբի խորհրդանիշներից էր այդկերպ նկարը՝ ուր էլ բարձրանում էին՝ նկարվում էին: Միացա նրանց՝ երեքով նկարվեցինք: Ծալովի աթոռս նորից հանեցի, տղաներից խնդրեցի Հայաստանի դրոշը, որպես ծիրանի գցեցի ուսերիս եւ նույն կերպ նորից նկարվեցի՝ այդպես հավերժացնելով ծննդյան օրս: Ապա Հայաստանի դրոշը ձեռքներիս նկարվեցինք երեքով: Ու դարձյալ շարունակեցինք վերելքը, բարձրանալով եւս մի քանի գագաթ: Ամենացավալին այն էր, որ չհանդիպեցինք հայտնի վիշապաքարերին, որոնց մասին շատ է գրվել: Բայց լեռն ինքնին շատ հետաքրքիր էր, ինչ-որ տեղ տարօրինակ՝ իր հրաբխային ապարներով ու կուտակներով:


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2

Այսօր որոշեցինք բարձրանալ եւս մի լեռ՝ Սիփանը: Սակայն առավոտյան «Քինքեմբինգ»-ի տերը՝ Նավզաթը, ասաց, որ 15 օր առաջ լեռան լանջի վրա մի քուրդ են սպանել, որն առանց թույլտվության  այնտեղ էր հայտնվել: Սպանել են թուրք զինվորները: Նրա ասելով՝ թաքնվելու տարբերակ չկա, քանի որ թուրքերը լազերային ինչ-որ զենք ունեն, որը մարդու ձեռքի ափերի ու դեմքի ջերմությունից հայտնաբերում է տեղը ու ոչնչացնում: Շատ հնարավոր է, որ նա խաբում էր մեզ, որպեսզի չգնանք այնտեղ, կամ էլ ծանր դրության մեջ է ուզում գցել ու կողքից հրճվել: Թեեւ այդպիսի մարդու տպավորություն չէր թողնում: Ինչ-որ է, նրա պատմածը մեզ չազդեց, եւ մեր որոշումը չփոխեցինք: Ի դեպ,  Սիփանն Արարատից հետո երկրորդ ամենաբարձր լեռն է Արեւմտյան Հայաստանում: Սիփանի բարձրությունը 4400 մետր է:

Նախաճաշից հետո հրաժեշտ տվեցինք Թաթվանին: Հաջորդ բնա-կավայրը Աբդուռահմանլին է: Ամբողջ ճանապարհին հանդիպում էինք հարե ւանություն անող եկեղեցիների ու մզկիթների: Բարդույթ է, թուրքական բարդույթ՝ վրդովվեց Գարեգինը, մեկը չի ասում՝ այ շանորդիք, ուրիշ տեղ չէի՞ք կարող մզկիթ կառուցել: Սակայն ինչո՞ւ ուրիշ տեղ կառուցեին, երբ նպատակը հայկական եկեղեցիներն ու սրբա վայրերը չեզոքացնելն է, որպեսզի ապացուցեն, թե սա ոչ միայն հայերի, այլեւ թուրքերի բնօրրանն է: Չեն կարողանում ապացուցել, որ իրենցն է, գոնե ապացուցեն, որ իրենցն ու հայերինն է: Ինչպես Աղթամա րում, ուր թուրքերեն եւ անգլերեն լեզուներով գրված էր, որ եկեղեցին մահմեդական եւ քրիստոնեական ճարտարա պետական արվեստի սիմբիոզ է:

Ճանապարհին մի տեղ տեսանք արհեստական ծածկով ֆուտբոլի մարզադաշտ: Մինչեւ չշոշափես, գլխի չես ընկնի, որ խոտածածկ չէ, այլ արհես տական ծածկով է: Ե՛վ գեղեցիկ է, ե՛ւ հաճելի: Այսպիսի մարզադաշտեր շատ կան՝ բացատրեցին մեզ, որոնք հիմնականում մանկապա տանեկան ֆուտբոլի համար են նախատեսված: Ահա թե ինչու թուրքական ֆուտբոլը վերջին տասնամյակում զգալի առաջընթաց է ապրել:
Մոտենում ենք Սիփանին, կամ ինչպես ղարաբաղցիներս կատակեցինք՝ Սիփանա կերտին: Ճանապարհին դարձյալ ոստիկանները կանգնեցրին: Արդեն զզվեցրել են: Անդոն ամեն անգամ դա գրանցում էր նոթատետրում, որպեսզի վերջում հանրագումարի բերի, թե քանի անգամ են մեզ ստուգել: Արդեն մի քանի տասնյակից անցել է: Սակայն ժանդարմերիայի, կամ, ինչպես տղաներից մեկը սրամտորեն որակեց՝ ջհանդամերիայի հետ դեռ էլի ենք առնչվելու Սիփանի հարցով:

Սիփանի ստորոտամերձ գյուղում դիմեցինք ոստիկանատուն եւ թույլտվություն խնդրեցինք: Մերժեցին, ասելով, որ միայն զինվորականները կարող են նման թույլտվություն տալ: Ու զգուշացրին՝ եթե զինվորականներն էլ չթողնեն, ապա չհամարձակվեք բարձրանալ լեռը, որովհետեւ կրակում են առանց նախա զգուշացման: Ինչպես եւ սպասվում էր, Ադիլ ջեւազ կոչվող այս բնակավայրում տեղաբաշխված զորամասի հրամանատա րությունը եւս մերժեց մեր խնդրանքը: Հետո, երբ մեքենայով պտտվում էինք լեռան շուրջ, տեսանք լանջի վրա ռադիոլոկացիոն կայան, որը եւս ռազմական օբյեկտ է, ինչի համար էլ չեն թողնում բարձրանալ: Սակայն մեկ այլ պահակակետում մեզ բացատրեցին, որ իբր քրդական դի վերսանտներ են այնտեղ լինում, դրա համար չթողին:

Ստիպված հետ դարձանք ու հանգրվանեցինք լճափին: Սպասում էինք, որ Արթուրի խումբը հետ դառնա Մուշից: Այնտեղ էին մեկնել Արթուրի հետ Արտակը, Արմինեն, Մուրադյանը, Էդիկը եւ Շիրազը: Արտակն ու Արմինեն շատ էին ուզում նկարել Մշո Սուրբ Կարապետ եկեղեցին: Ասենք, մենք էլ կուզեինք տեսնել, բայց այդպես որոշեցին: Արայիկը, որ 95-ին այցելել էր այս նույն տեղերը, պատմում է, որ Մուշում ոչ մի հետաքրքիր բան չկա, քանի որ հայկական ամեն ինչ ջնջել են: Ձեր կարդացած ու ձեր պատերացրած Մուշը չէ՝ բացատրեց նա: Ու առավել կարեւորեց Սիփանը, մի հիանալի միտք ասելով՝ լեռները չեն փոխվել: Այո, լեռները չեն փոխվել, լեռները մնացել են վեհ ու անաղարտ, լեռները չեն թլպատվել, լեռները մնացել են հայ, քրիստոնյա:

Լճափին խնձորի այգի կար: Հազիվ էինք տեղավորվել, երբ եկավ դրա տերը եւ մեզնից փող պահանջեց: Տվեցինք: Իսկ քուրդ լամուկները հսկում էին, որ չօգտվենք խնձորներից. իրենք էին քաղում ու մեզ վրա փորձում վաճառել: Անդրանիկը Մուրադյանից հայկական դրամ վերցրեց ու սկսեց առեւտուր անել: Բոլորը խաբվեցին, բացի մի շեկ լամուկից: Սա չվերցրեց հայկական դրամը: Անդոն ծիծաղեց՝ մեջը ոնց որ թե հայի արյուն կա: Մենք, որ մինչ այդ բարկացած էինք, որ մեր հողում, մեր լճում հանգստանալու համար մեզնից փող են վերցնում քրդերը, հիմա էլ ծիծաղից թուլացանք՝ վերցնողը, շատ հնարավոր է, հայ է:

Արթուրի խումբը որոշ ժամանակ անց եկավ: Սակայն Մշո Սբ. Կարապետ եկեղեցին չէին գտել, ինչից անտրամադիր էին հատկապես Արտակն ու Արմինեն: Սակայն նրանց, այնուամենայնիվ, հաջողվել էր հայկական հետքեր գտնել այնտեղ՝ խաչքարեր եւ այլն: Արթուրն առաջարկեց մեկնել Կարս, որի նահանգապետը թե քաղաքապետը իր ընկերոջ ծանոթներից է: Արթուրը զանգել էր Երեւան, որպեսզի միջնորդեն մեզ Մարգարայով կամ Գյումրիով Հայաստան բաց թողնելու հարցում: Խելքս չի կտրում, թե ստացվի, բայց, այսպես թե այնպես, մեկնում ենք Կարս, որտեղից էլ մտադիր ենք այցելել Անի:

Ճանապարհին անցանք Արճեշով (թուրքերը գրում են՝ Էրչիս), ուր հայկական կիսավեր ժամ կար՝ մեքենայից նկատեցինք: Դարձյալ պահակակետեր, խրամատներ: Ապա անցանք Դողուբայազետն ու Իգդիրը: Գիշեր էր արդեն: Իգդիրում կանգ առանք «Օզթուրք» հոթելի առաջ, տերը դուրս եկավ, ջերմորեն դիմավորեց: Սակայն չմնացինք այնտեղ, այլ շարունակեցինք ճանապարհը: Վերջապես հասանք Կարս: Կանգ առանք մի քոսոտ հյուրանոցի առաջ: Մութ էր, մարդ-մուրդ չկար, ուստի առաջին պատահած հյուրանոցի մոտ էլ կանգնեցինք: Դարասկզբի չափանիշներով, հավանաբար, նորմալ հյուրանոց էր, սակայն մերօրյա չափանիշով՝ քոսոտ: Ինչո՞ւ եմ ասում դարասկզբի, որովհետեւ չգիտես ինչու այն տպավորությունն ունեի, թե հենց այն ժամանակվա շենք է: «Աբատ»՝ այսպես է կոչվում այդ հյուրանոցը, ուր յուրաքանչյուրից 5-ական դոլար պահանջեցին: Նույնքան տվել էինք Իգդիրում, բայց այնտեղի պայմանները չի կարելի համեմատել այստեղի պայմանների հետ: Շնահոտ էր գալիս սենյակներից ու միջանցքներից, հարկի միակ զուգարանը մտնելն ուղղակի անհնար էր՝ գարշահոտության պատճառով:

Ինչ որ է, մի կերպ լուսացրինք գիշերը: Ես ու Մուրադյանը մի սենյակում էինք: Շատ հաճելի կամպանիա էր ինձ համար, նամանավանդ՝ մինչ այդ եկավ նաեւ Արմինեն, եւ մինչեւ քնելը կարգին զրուցեցինք: Իմ ու Մուրադյանի զրույցն ավելի շատ մտահոգ էր: Նախ՝ չէինք ուզում հաշտվել այն մտքի հետ, որ Արարատ բարձրանալու հույսը մեռնում է, հետո էլ՝ մեզ թվում էր, թե ամեն ինչ չի արվում այդ նպատակի համար, կամ էլ՝ այն չի արվում, ինչ անհրաժեշտ է: Մուրադյանը, մասնավորապես, տարակուսած էր նաեւ նրանով, որ, Սիփանի հարցում մերժում ստանալով, իսկույն հետ դարձանք, այլ փորձեր չկատարեցինք: Ճիշտ է, մերոնք փորձեցին հայկական կոնյակ առաջարկել: Եվ ընդամենը։ Ինչ-որ է, անհանգիստ սրտով քնեցինք:


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3

Առավոտյան զարթնեցինք ու սկսեցինք իրերը հավաքել: Արտակը, Արմինեն, Մուրադյանը եւ, կարծեմ, Անդոն վաղ առավոտյան հասցրին շրջել քաղաքում, նկարել: Գարեգինը, Ասլանն ու ես նույնպես որոշեցինք ման գալ քաղաքում՝ նախքան կպարզվեն հետագա անելիքները:
Երկար զբոսնեցինք քաղաքում: Մեզ համար անսպասելի էր, որ ցայսօր կանգուն են մնացել բազմաթիվ հայկական երկհարկ քարաշեն տներ: Դրանց ճակատամասում փորագրված էին կառուցման տարեթիվը, տիրոջ անուն-ազգանունը կամ սկզբնատառերը: Գավառային այս հետամնաց քաղաքում Հայոց եղեռնից հետո գրեթե շինարարություն չի եղել, ուստի պահպանվել են եւ աչք են ծակում այդ քարաշեն երկհարկ տները: Զարմանալի է, որ քրդերը (իսկ այստեղ հիմնականում քրդեր են ապրում) չեն ջնջել հայկական հետքերը: Կային նաեւ ռուսական ազգանուններ որոշ տների վրա: Հայկական տները տուֆից ու բազալտից էին:

Հյուրանոցից դուրս գալուց առաջ հարցրինք այնտեղի աշխատողներին, ապա անցորդներին, թե որտե՞ղ է Աբգար աղայի տունը: Մեր իմացած կիսատ-պռատ թուրքերենով բացատրում էինք, որ Աբգար աղան հայտնի մարդ էր Կարսում, նրա որդին նշանավոր բանաստեղծ էր՝ Եղիշե Չարենց անունով: Ոչ ոք, բնականաբար, տեղյակ չէր՝ սերունդներ են անցել: Սակայն մի ծեր քուրդ ինչ-որ բան հիշեց, ասաց, որ իրեն պատմել են մի հայտնի հայի՝ Աբդար աղայի մասին (հենց այսպես՝ Աբդար, այլ ոչ թե Աբգար),ասաց՝ նրա տունը բերդից ներքեւ է: Բայց որոշակի ոչինչ չկարողացանք պարզել ու տունն էլ չգտանք: Կարսի արգո քաղաքացիների մասին այսօր այնտեղ ապրողները, բնականաբար, չգիտեն, իսկ գուցե... «Գուցե հուշ է միայն,- ֆիկցիա, միֆ:- Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն»:

Կամա թե ակամա Կարսը դիտում էինք հենց Չարենցի աչքերով: Թվում էր՝ ոչինչ չի փոխվել նաիրյան այս քաղաքում.«Նաիրյան այդ հնամյա քաղաքն ամեն ինչով նման էր նաիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին. փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ. ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են՝գավառական հետամնաց քաղաք»: Երեւի շատ կզարմանար Աբգար աղայի տղան, եթե տեսներ Կարսն այսօր: Նույնը կգրեր նաեւ այսօր, քանի որ մեր ժամանակակից լեզվով եւս սա գավառական հետամնաց քաղաք է: Այն տարբերությամբ միայն, որ նրա խարխուլ ու փոշոտ փողոցներով չեն անցնում Գեներալ Ալոշը, Մազութի Համոն, Մեռելի Ենոքը, Ղարաբաղցի Նիկոլը, Ռուս Աբրահամը, Տելեֆոն Սեթոն եւ այլ արգո քաղաքացիներ:

Չարենցի նկարագրածով էլ հենց գտանք Առաքելոց եկեղեցին: «Երկիր Նաիրի» անմահ երկում առկա գծանկարը ճիշտ եւ ճիշտ եկեղեցու պատճենն է: Հիշո՞ւմ եք.«Ինչ որ է Նոտր Դամը փարիզցիների համար - նույնն է այդ քաղաքի բնակիչների աչքին -Առաքելոց եկեղեցին: ...Առաքելոց եկեղեցին թռչունի է նման վերեւից՝  բերդից նայելիս. բայց դեմից նայելիս նա թողնում է նստած վարդապետի տպավորություն»: Բերդից չեմ նայել, ուստի չեմ կարող հաստատել կամ վիճարկել գրողի ասածը, բայց դեմից իսկապես պպզած վարդապետի է նման: Իսկ բերդից չեմ նայել այն պարզ պատճառով, որ այնտեղ չեմ եղել: Իսկ չեմ եղել նույնպես պարզ պատճառով. այնտեղ՝ ամենաբարձր կետում, դրված էր Աթաթուրքի մեծադիր նկարը՝ ինչ-որ մակա գրությամբ: Հավանաբար՝ «Երանի նրան, ով թուրք է ծնվել»: Չորս կողմը լույսեր էին, որպեսզի գիշերներն անգամ արգո քաղաքացիներին իրենց տներից վռնդած բաշիբոզուկների ժառանգները տեսնեին նրա սփաթը: Մի անգամ էլ լսենք Չարենցին ՝«Անառիկ է այդ բերդը,- ամենքը այդ գիտեն,- եւ դավաճանությունն է, նենգ, ստոր, նաիրյան դավաճանությունն է այդ բերդը հանձնել եկվոր սրիկաներին»:

Կանգնել եմ Առաքելոց եկեղեցու բակում ու հիշում եմ Չարենցի մեկ այլ նկարագրություն՝ «Վերը, գմբեթի ծայրին, խաչն է՝ պարզ, երկաթե, նաիրյան մի խաչ»: Ո՞ւր է, Չարենց: Վերը, գմբեթի ծայրին, կիսալուսին է՝ պարզ, երկաթե, մահմեդական մի կիսալուսին: Իսկ գմբեթի ներքեւի մասում էլ բարձրախոս է դրված, որպեսզի հարեւանությամբ կառուցված մզկիթում նամազ անող մոլլայի իծաձայնը հնչեր նաեւ այստեղից՝ որպես քռքռոց, որպես նախատինք: Արթուրը երկար նայեց կիսալուսնին, նայեց մտամոլոր ու մտահոգ: Ապա, շրջվելով դեպի ինձ, ասաց՝ ահա թե որտեղ է ալպինիզմն անհրաժեշտ: Ծիծաղեցի ու ցույց տվեցի բերդի վրայից քմծիծաղող Աթաթուրքի կողմը. «Իսկ չե՞ս գտնում, որ նաեւ նռնականետի կարիք կա»:

Ինչ որ է, շարունակեցինք մեր պտույտը քաղաքում: Հայտնաբերեցինք «Ղարա բաղ» հյուրանոց, կիրովականցի երկու տղայի, որոնք սեզոնային աշխատանք էին կատարում նաիրյան այս հնամենի քաղաքում: Նրանք պատմեցին, որ ուրիշ հայեր էլ կան այստեղ: Հայաստանից ոմանք գալիս են փող վաստակելու: Պատմեցին նաեւ, թե այստեղի քրդերն ընդունում են, որ սա հայկական քաղաք է, ավելին՝ որ իրենց մեջ հայի արյուն կա: Կիրովականցի այս տղաները՝ Արմենն ու Սերգեյը, շաքարի ֆաբրիկայի շինարա րությունում են աշխատում:

Սկսեցինք փնտրել նրանց, ում երակներում հայի արյուն կա: Գոնե մի հայի հանդիպեինք՝ մտածում էինք: Գայանեն մեզ հուշեց, որ խանութներից մեկում հանդիպել են երեք եղբայրների, որոնք խոստովանել են, որ իրենց պապերը հայեր էին: Գնացինք նրանց մոտ, զրուցեցինք, դարձյալ հարցրինք Աբգար աղայի մասին: Ոչինչ չեն իմանում, իրենց պապերի անցյալի մասին ոչինչ չգիտեն: Բայց դեմքներն, իսկապես, հուշում էին, որ հայի արյուն կա մեջները: Քիչ մնաց մոռանայի, այցելեցինք նաեւ Կարսի երկրագիտական թանգարան, որի բակում տարբեր քարեր կային, այդ թվում՝ վիշա պաքարեր: Կային հայկական գրություններ, խաչեր: Մինչեւ այսօր պահպանվում են:

Անի այցելելու թույլտվությունը տեւական ժամանակ ու ջանքեր խլեց մերոնցից: Ի վերջո, իշխանությունները թույլատրեցին, պայմանով, որ մեր մեքենաները թողնեինք քաղաքում եւ մեկնեինք նրանց տրամադրած մեքենայով, ինչի համար, իհարկե, պիտի վճարեինք: Ուրիշ ելք չկար, այդպես էլ վարվեցինք: Կարսից մինչեւ Անի մեքենայով կես ժամվա ճանապարհ էր:
Սրտատրոփ սպասում էինք, թե երբ տեղ կհասնենք: Աստված իմ, ով կերազեր, որ այսպիսի հնարավորություն է լինելու՝ տեսնել հազարումի եկեղեցիների մեր հրաշք պատմական մայ րաքաղաքը: Ճանապարհին Շիրազը մեքենայում մի փոքրիկ պատմական էքսկուրս անցկացրեց, պատմելով Անիի մասին:

Վերջապես հասանք: Պարիսպների մոտ զբոսաշրջիկներ կային ու շինարարներ: Մուտքը նորոգվում էր: Նորոգողը թուրք շինարարներ էին: Պարզ չէ՞, որ կաղճատեն հայկական էությունը: Թուրքական դրոշ կար մուտքի պարսպի վրա: Մեզ զգուշացրին, որ չի կարելի նկարել այստեղից Հայաստանի ուղղությամբ, որովհետեւ պետական սահման է, եւ ռազմական նշանակություն ունի ամեն ինչ: Կարսում Արտակին թույլ չէին տվել հետը վերցնել տեսախցիկը, ինչին ենթարկվել էր, բայց այստեղ զղջաց դրա համար, քանի որ զինվորականները չարգելեցին նկարել, պար զապես թույլ տվեցին նկարել միայն Հայաստանի կողմից եւ ոչ թե Հայաստանի ուղղությամբ: Արտակը վերցրեց Ասլանի տեսախցիկը:

Մեզ հետ զինվորներ դրեցին, որպեսզի ուղեկցեն, ինչպես նաեւ՝ գիդ: Այս վերջին հանգամանքը պարզապես  տհաճ էր: Թո՞ւրքը պիտի մեզ բացատրի մեր պատմությունը: Իսկ երկու թուրք զինվորականների հարցում մեր բախտը բերեց՝ գրագետ, խելոք, հասկացող, մտավորական երիտասարդներ էին: Նրանցից մեկը՝ Մահմուդ Կայան, ուղղակի շշմեցրեց մեզ: Հայերեն մի քանի տողեր երգեց՝ գրավելով բոլորիս ուշադրությունը ու ջերմ զրույցի բռնվեց Արմինեի հետ: Խոսում էին ֆրանսերեն: Մահմուդն ավարտել է Անկարայի համալսարանի սոցիոլոգիայի բաժինը, 8 ամսով ուղարկել են այստեղ, արդեն 4 ամիսն անցել է: Ինչպես հետո պարզվեց՝ նա թրքի ու քրդի խառնուրդ է:

Եվ ահա այդ նույն Մահմուդ Կայային երբ հարցրինք, թե գիտի՞, արդյոք, որ սա հայկական քաղաք է, եւ սրանք հայկական եկեղեցիներ են, արհամարհական ժպտաց՝ իբր, ինչո՞ւ է ձեզ թվում, թե ձեզնից բացի ոչ ոք չգիտե: Ու ասաց տառացիորեն հետեւյալը.
- Բոլորս էլ գիտենք, որ սա հայկական քաղաք է, որ սա ձեր երկիրն է, որ այս հողերը ձերն են եղել: Գիտենք, որ գերտերությունների հակասությունների պատճառով այսպես ստացվեց: Բոլոր թուրքերն էլ գիտեն: Մենք ի՞նչ անենք, որ այսպես է եղել:

Անիում, ճիշտ է, եկեղեցիները կիսավեր էին, բայց հո մնո՞ւմ էին: Կարող էին, չէ՞, ջնջել հողի երեսից: Ընդ որում՝ բոլոր եկեղեցիները չեն նույն վիճակում: Համեմատաբար լավ վիճակում էլ կան: Երբ մերոնցից մեկը այդ հանգամանքը փաստեց, Գարեգինը հակադարձեց.
- Եթե տնտեսական շահը չլիներ՝ չէին պահի: Բայց քանի որ զբոսաշրջիկներ շատ են գալիս ամբողջ աշխարհից, ինչը շատ ձեռնտու է, ապա, բնական է, որ պահպանում են:

Երկուսի ասածում էլ ճշմարտություն կա: Այսպես թե այնպես՝ գոնե ավերակները մնում են: Արմինեն ու Մահմուդը զրուցում էին, իսկ մենք էլ լսում ու սպասում էինք Արմինեի «սինխրոն» թարգմանությանը: Մեկ էլ Արմինեն ցույց տվեց ինձ ու Կայային տեղեկացրեց, որ ես ղարաբաղցի եմ: Երիտասարդ զինվորականը զարմանքով եւ ուրախությամբ նայեց իմ կողմը: «Օ¯, Ղարաբաղ»՝ ասաց նա: Նրա դեմքին թշնամություն կամ ատելություն չկար: Կար զարմանք եւ հետաքրքրություն:

Մի քանի ժամ մնացինք Անիի ավերակներում: Դժվար է պատմել Անիի մասին, այն պիտի տեսնել: Նաեւ՝ հոգու աչքերով: Բառերով անհնար է նկարագրել մեր տեսածը: Պիտի նստես ու Խրիմյան հայրիկի պես խոսես «միջազգային» լեզվով, այն է՝ արտասվես: Պիտի նստես ու դարդդ լացես: «Դարդս լացեք, սարի սմբուլ, ալվան-ալվան ծաղիկներ»: Աստված իմ, այս ի՞նչ ճակատագիր է: Թուրքիայի կողմից եկել-մոտեցել ենք Հայաստանի սահմանին: Ահա Ախուրյան գետը: Այս ափին՝ մենք, իսկ մյուս ափին Հայաստանն է ՝քթիդ տակ: Այս ափին Անին է՝ Հայաստանի պատմական մայրաքաղաքը: Այն ափին՝ Հայաստանը: Երկիրն ու մայրաքաղաքը բաժանված են սահմանով: Ձեռք մեկնեն՝ կհասնեն իրար: Այս ո՞ր սատանան է այսպես գծել քարտեզը: Տվեցինք ամեն ինչ՝ մեր հողերը, դաշտերն ու անտառները, ամրոցներն ու բերդերը, գետերն ու լճերը... Տվեցինք ամեն ինչ: Գոնե պահեինք մեր քթի տակ գտնվող մեր մայրաքաղաքը: Այս ի՞նչ դիվային-հրեշավոր պատիժ է: Աստված իմ, մեր թագավորի առաջ ժամանակին մեր իսկ սպարապետին էին դնում տիկ արած, որ «զմայլվի», հիմա էլ մեր ավերակված մայրաքաղաքն են «տիկ արած» դրել մեր առջեւ: Որ տանջվենք, մղկտանք, գլուխներս պատերովը տանք: Նո՞ւյնը չէ Մասիս լեռը: Քթներիս տակ, ձեռքդ մեկնես՝ կհասնի: Բայց քոնը չէ...

Գյումրիից ընդամենը 30 կիլոմետր է հեռու Անին, ինչպես հայկական հանրագիտարանն է բացատրում՝ 1500 մետր բարձրության եռանկյունաձեւ հրվանդանի վրա է գտնվում (մոտ 150 հեկտարի վրա): Անիում մնացել են պարիսպների ավերակները, Գրիգոր Լուսավորիչ (Տիգրան Հոնենցի) եկեղեցին, Աբուղամրենց Ս. Գրիգոր եկեղեցին, Փրկչի եկեղեցին, Կուսանաց վանքը, Միջնաբերդի փոքր եկեղեցին եւ մի քանի այլ եկեղեցի: Ավելի ճիշտ՝ դրանց ավերակները: Եվ այդ ամենի գլուխգործոցը՝ Անիի Մայր տաճարը, իր ծավալներով ու գեղեցկությամբ մի անկրկնելի հրաշալիք:

Տեսածի մասին դժվարանում եմ պատմել: Տպավորություններից հոգիս ազատեցի, պատրաստելով «Դեպի լյառն Արարատ» վավերագրական ֆիլմը: Անիից ստացած տպավորությունների մասին այնտեղ ոչինչ չկա: Կան միայն կադրեր: Ու հայտնի երգը՝ «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»։ Հիմա եւս չեմ կարողանում պատմել: Մեր ընթերցողն էլ թող լուսանկարները նայի:

Երկու դրվագ, սակայն, կարող եմ պատմել: Հենց որ պարիսպներից ներս ես մտնում, դիմացդ հառնում է արիական հայտնի նշանը, որ հետո խորհրդանիշ ընդունեցին նացիստները (խոսքը սվաստիկայի մասին է): Սա էր մեզ համար անսպասելի ու ուշագրավ: Բոլորիս համար այն գյուտ էր, որ հավելորդս ապացուցում է, որ մենք արիական ազգ ենք:

Սա բոլորիս գյուտն էր, բայց մի փոքրիկ գյուտ էլ ինքս կատարեցի: Եկեղեցիներից մեկում մի հետաքրքիր գրություն հայտնաբերեցի՝ «Մտքից չանցավ յանդիպել, հաջողացրեց բախտը մեզ տեսանել: Ուրախությամբ եկանք Անի, գնում ենք տրտում՝ թողնելով կայծեր հայերիս սրտին: Մնաս բարեավ: Ախ, դու, Անի, քանդողիդ անունը քանդվի»: Այս տողերը եկեղեցու պատին գրվել են 1903 թվականի հուլիսի 13-ին, իսկ գրել են Շմավոն Ալթունյանցն ու Կարապետ Փոլադյանը:

Անիին հրաժեշտ տվինք գլխիկոր: Ճանապարհին անընդհատ մղկտում էինք, թե ոնց այդպես ստացվեց, որ կպած է Անին Հայաստանի սահմանին ու չի հաջողվել այն եւս ընդգրկել մեր նորագույն քարտեզում: Սահման գծողի ձեռքը չորանա, մի 100 մետր որ դեպի այս կողմ գծեր՝ ի՞նչ կլիներ: Ասում ես ու ինքդ զգում, որ որդեկորույս մոր պես ես խոսում: Տղամարդն այլ կերպ պիտի խոսի: Ինքդ պիտի գծես քո սահմանը: Ինչո՞ւ պիտի մեկ ուրիշը գծի քո տան, քո հայրենիքի հատակագիծը: Այսպես դարդոտված խոսում էինք, իսկ Ստեփան Մուրադյանն էլ մի պատմություն հիշեց հենց «քարտեզագծման» ժամանակներից: Լենինն իբր Չիչերինին հեռագրում է, թե ինչո՞ւ եք բարդացնում Թուրքիայի հետ պայմանագրի ստորագրումը: Չիչերինը հայտնում է, որ հայերը բողոքում են գծված քարտեզից եւ պահանջում գոնե իրենց պատմական մայրաքաղաք Անին թողնել Հայաստանի սահմաններում: Նա բացատրում է, որ խոսքը չնչին փոփոխության է վերաբերում, ընդամենը գծված քարտեզի հայաստանյան սահմանին կպած մի քանի հեկտարի մասին է: Մեզ ոչ մի Անի էլ պետք չէ՝ հրամայել է Լենինը, շուտ ստորագրեք պայմանագիրը:

Ինչ-որ է, վերադարձանք Կարս: Մտածում էինք հետագա անելիքների մասին: Ճիշտն ասած, «ճամպրուկային» տրամադրություն էր գրեթե բոլորի մոտ: Գրեթե բոլորն էլ հաշտվել էին այն մտքի հետ, որ Արարատ լեռը չենք բարձրանալու: Իսկ ես ու Գարեգինը դեռ չէինք հաշտվում, ինչ-որ խելագար ու անիրական հույսեր էինք փայփայում: Ի վերջո դիմեցինք ծայրահեղ քայլի: Այն բանից հետո, երբ օգուտ չտվեցին Արթուրի հետ Գարեգինի զրույցը, ապա՝ իմ զրույցն Արթուրի հետ, որոշեցինք դիմել հուսահատ քայլի: Ես նորից խոսեցի Արթուրի հետ՝ առաջարկելով ինձ ու Գարեգինին, նաեւ Մուրադյանին թողնել այստեղ, բայց, իհարկե, անհրաժեշտ գումարով՝ սննդի եւ վերադարձի համար: Այսինքն՝ խումբը գնա, իսկ մենք 2-3 հոգով մնանք եւ մի անգամ էլ փորձենք բարձրանալ:

Արթուրը չհամաձայնվեց: Նախ՝ վտանգավոր է, հետո էլ մեկ է՝ չի հաջողվի: Ավելին՝ հենց վերադառնալուց ձեռնամուխ ենք լինելու հաջորդ արշավախմբի կազմակերպմանը: Ըստ երեւույթին, նա ավելի իրատեսորեն էր մոտենում խնդրո առարկային: Արթուրն իմ վերջին «ատյանն» էր, որից հետո ես անզոր էի կատարելապես: Ուստի սկսեցի ինքս ինձ ու Գարեգինին նախապատրաստել հաշտվելու այն մտքի հետ, որ լեռը չենք բարձրանա: Գարեգինը դեռ շարունակում էր «թպրտալ», բայց անօգուտ էր ամեն ինչ:

Կարսում մի քանի ժամ էլ մնացինք: Փողոցում կանգնած զրուցում էինք իրար հետ: Ապա ինչ-որ բան հարցրի փոքր ինչ հեռու կանգնած տաքսու վարորդին, որից հետո մի հետաքրքիր զրույց սկսվեց նրա հետ: Անունը Քյամալ էր, ազգանունը՝ Գյավակ: Պատմեց, որ պապի տատը հայուհի էր, ուստի հայերի նկատմամբ լավ է տրամադրված: Քյամալը տեղեկացրեց, որ Կարսում ադրբեջանցիները շատացել են հայտնի դեպքերից հետո: Բայց իրենք՝ քրդերը, դրանց չեն սիրում: Երբ հետաքրքրվեցի, թե ինչու չեն սիրում, պատմեց, որ խտրություն են դնում քրդերի ու ադրբեջանցիների միջեւ, ուզում են առանձին թաղամասում ապրել, առանձին խանութներ ու հաստատություններ ունենալ ու քրդերի հետ չշփվել: Արտակը բրդեց կողս՝ «Ասա, որ ազերիներին չենք սիրում»: Ասացի: Քուրդը պատասխանեց՝ «մենք էլ չենք սիրում»: Արտակն էլ թե՝ «Ուրեմն, եղբայր ենք: Ազերիներին հարկավոր է...»: Ու պիֆ-պաֆի շարժումն արեց: Քուրդը ժպտաց, գլխով հավանության շարժում անելով:

Քյամալին հարցրի, թե ի՞նչ տարբերություն կա իրենց ու օջալանական քրդերի միջեւ: Ասաց՝ իսկական քրդերը նրանք են, քրդերեն են խոսում, պահում-պահպանում են ազգային ավանդույթները: Քյամալը պատմեց,որ մինչեւ այսօր էլ հայերի տներից ու բակերից երբեմն ոսկի են հայտնաբերում: Խնդրեց մի քարտեզ գտնել ու վերադառնալ Կարս, որպեսզի միասին ոսկի որոնենք ու հաջողության դեպքում կիսենք: Կատակեցի՝ իսկը քո ուզած մարդուն ես գտել:

Առաքելոց եկեղեցու բակում հավաքվել էինք մեկնելուց առաջ: Արմինեն բոլորին խնդրեց տեսախցիկի առջեւ պատմել իրենց տպավորությունները: Ես էլ խոսեցի: Քիչ բան չասացի, բայց քանի որ Անիից նոր էինք վերադարձել՝  ավելի շատ այդ մասին խոսեցի: Պատմեցի, թե ինչպես ինձ վիրավորված զգացի, երբ թուրք գիդը ուղեկցեց մեզ եւ հայերիս ներկայացրեց մեր իսկ պատմությունը: Ասես դանակը խրեն սիրտդ ու հետո սկսեն բացատրել՝ սա սիրտ է, վիրավոր սիրտ, սրանք դանակի հետքերն են: Առաքելոց եկեղեցու վրա տնկված կիսալուսինը ցույց տվի, ասելով, որ թլպատված եկեղեցին տեսնելով ինքդ էլ թլպատված ես զգում քեզ:

Տպավորությունների մասին դեռ կխոսենք, իսկ առայժմ ասեմ, որ Կարսից դուրս եկանք հոկտեմբերի 4-ին՝ երեկոյան հասանք թուրք-վրացական սահմանը: Այնտեղ էլ՝ թուրքական սահմանակետին կպած մի մարգագետնում ընթրեցինք ու հաջորդ օրը հատեցինք սահմանը, անցնելով Վրաստան, որտեղից էլ Հայաստան: Իսկապես՝ պատմական առումով ոչ մի սահման էլ չհատեցինք: Հայրենիքից՝ հայրենիքով՝ հայրենիք: Վերադարձանք Արեւմտյան Հայաստանից, ասել է թե՝ հայրենիքից, անցանք ներկայիս Վրաստանի հայաշատ վայրերով ու դարձյալ մեր պատմական հողերով, ասել է թե՝ անցանք հայրենիքով: Ու հասանք Հայաստան՝ հայրենիք: Վրաստանով անցնելիս այցելեցինք հանրահայտ Թմուկ բերդը: Հիշո՞ւմ  եք Թումանյանի «Թմկաբերդի առումը»: Այն եւս հրաշք էր: Այս ի՞նչ ժողովուրդ ենք, հրաշքներ շաղ տալով ու դրանց տիրություն չանելով ապրում ենք: Նայում էինք բերդին, երբ Արմինեն դառնությամբ մտմտաց՝ «ինչպե՞ս է այդ կինը հանդգնել մատնել ամուսնուն ու հանձնել բերդը»: Խոսքը Թմկա տիրուհու մասին է: Ի՞նչն է զարմանալի, Արմինե, նաիրյան սովորական դավաճանություն է:

Ինչ որ է, վերադառնալով Հայաստան, այցելեցինք ցեղասպանության թանգարան: Արթուրը թանգարանի աշխատակիցներին հանձնեց Արեւմտյան Հայաստանից բերած մասունքները՝ Վանա լճի ջրից, քարեր Արարատից, Նեմրութից, Անիից, մի բուռ հող մեր այցելած տարածքներից: Ասեմ նաեւ, որ հայաստանյան լրատվամիջոցները մեծ ուշադրություն դարձրին մեր այցին, իսկ Երեւանում մեզ դիմավորողների մեջ էր ՀՀ նախագահի թիկնազորի պետ Գրիշան:

Ահա այդպես ավարտվեց մեր ճամփորդությունը: Արմինեն դիպուկ բնորոշեց՝ անավարտ ուխտագնացություն: Իսկ Գարեգինը լրացրեց՝ «շարունակությունը՝ հաջորդիվ»: Տա Աստված, որ այդպես լինի: Մեր ճամփորդությունը մի քանի առումով ուշագրավ էր: Նախ՝ այն խորհրդանշում էր մեր ժողովրդի եռամիասնությունը՝ խմբում մարդիկ կային սփյուռքից, Արցախից եւ Հայաստանից: Հետո էլ՝ մեր մեջ եւս երեւակվեցին նաիրյան հնամենի հիվանդություններից մի քանիսը՝ միաբան ու միակամ չէինք: Անավարտ էինք: Անավարտ էր ոչ միայն ուխտագնացությունը, անավարտ էինք նաեւ մենք՝ որպես կոլեկտիվ, որպես ազգի մոդել: Եվ ապա՝ սա փորձություն էր բոլորիս համար: Արտակը պատմեց, որ իրենց տանը խորհուրդ չէին տալիս մասնակցել այս ճամփորդությանը: «Կաթված կստանաս»՝ ասել էին: Կաթված չստացանք, կամ եթե ստացանք՝ հոգեւոր կաթված էր։ Ոչ թե սրտի, այլ հոգու: Բայց ոչ մի կաթված էլ չպիտի ստանանք: Դեռ անելիք ունենք: Արթուրն ասաց՝ մեր պետությունը դեռ պատրաստ չէ Արարատը վերադարձնելու: Ուրեմն՝ պատրաստվենք: Անելիք դեռ շատ կա:

 Արդեն Երեւանում մենք իմացանք, որ երկու ռուս լեռնագնաց մի քանի օր առաջ բարձրացել են Արարատի գագաթը, հեռուստատեսությամբ ցույց են տվել կադրեր: Ասել է թե՝ նրանք բարձրացել են այն ժամանակ, երբ մենք դեռ այնտեղ էինք: Սրանից մեծ հարված դժվար էր պատկերացնել: Արդեն Ստեփանակերտում՝ Ասլանի մոտ, մենք մեկ այլ տեսաժապավեն նայեցինք, ուր պատկերված է, թե ինչպես մի խումբ հայաստանցի լեռնագնացներ բարձրանում են Արարատի գագաթը: Վերելքը եղել է 1991-ին: Երեւանի «Արագած» ալպինիստական ակումբի նախագահ Արա Ներսիսյանը, սակայն, մինչեւ այսօր չի ընդունում, որ նրանք բարձրացել են: Կան բազմաթիվ փաստեր, կա տեսաժապավեն, բայց նա չի ընդունում ու չի ընդունում: Կարծում եմ, պետք է վեր բարձրանալ անձնական ամբիցիաներից, իրատեսորեն ու ազնվորեն գնահատել նախորդների փորձը եւ, սեփական սխալները վերլուծելով, ձեռնամուխ լինել հաջորդ փորձին: Թե այդպես եղավ՝ ուրեմն մենք էլ կբարձրանանք լեռը: Հաստատ առաջինը չենք լինի, բայց պետք չէ մրցել ոչ ոքի հետ։ Եթե անգամ  մրցել, ապա ինքներս մեզ հետ, մեր ուժերի, մեր ճակատագրի հետ: Երբ այս տողերը գրում էի, արդեն հայտնի էր, որ նախապատրաստական աշխատանք է տարվում հաջորդ արշավի համար։ Գարեգինից տեղեկացա այդ մասին։ Տա Աստված, որ այն անավարտ չլինի։


ՓՐԿԵԱ ԶՄԵԶ, ՏԵՐ 

Վերադառնալուց շատերն էին հարցնում մեր տպավորությունների մասին: Միանշանակ դժվար է պատասխանել: Երջանկության եւ դժբախտության, հպարտության եւ նվաստացման, հրճվանքի ու ցավի նստվածք է մնացել մեր հոգիներում: Բայց գերակշռողը, թերեւս, ցավն էր: Մինչ այս այցը Արեւմտյան Հայաստանի կորուստը կոնկրետ ինձ համար քարտեզային-աշխարհագրական կորուստ էր, իսկ այցից հետո՝ ոգու, էության, մշակույթի, արյամբ, ոսկով ու քրտինքով հեղեղված հողի կորուստ: Ցավը մեծ է, ցավում է հոգիդ ու մարմինդ: Տանջում են հիշողությունները: Արմատների հիշողությունը: Աստված իմ, ինչո՞ւ ես տանջում: Կամ ջնջիր այդ հիշողությունը մեր հոգիներից, կտրիր մեզ մեր իսկ կտրված արմատներից, կամ վերադարձրու մեզ դեպի մեր արմատները, մեր արմատները վերադարձրու մեզ: Որ դիմակայենք հողմերին: Թե չէ ինչպե՞ս ապրել այս ցավով, այս նվնվացող ցավով, այս չսպիացող վերքով: Օգնիր մեզ, Տեր: Թե ուժ չունենք՝ ուժ տուր, խե՞լքը չի հերիքում՝ հավելիր, ճկունություն տուր մեր մտքին եւ ամրություն մեր բազկին: Օգնիր մեր եղածը պահել, կորցրածը վերագտնել: Փրկեա զմեզ, Տեր...
1999 թ.

Комментариев нет:

Отправить комментарий