Անդրանիկ զորավար


ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ

Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թ.՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց 1 տարի անց բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում է Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու համար։

Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901 թ. Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։

1905 թ.-ին Անդրանիկն անցավ Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնեց երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում այցելեց Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Անգլիա, Բուլղարիա և Իրան՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու դրա հետ կապված զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։ Բուլղարիայում Անդրանիկն գրեց իր «Մարտական հրահանգները»` ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Հետագայում այդ փորձը լավ ծառայեց բուլղարացիներին՝ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ։

1912-ին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպեց վաշտ, որը մտավ բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն ցուցաբերեցին Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։ Անդրանիկը մասնակցում էր գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։

Առաջին Աշխարհամարտը սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914 թ. օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվեց ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդին գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն է նվաճում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում։

Գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը, մասնավորապես, գրում էր. «Ես միշտ հանձինս Անդրանիկի տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որ խորապես սիրում է իր Հայրենիքը։ Ես առանձնակի հաճույքով էի միշտ կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում՝ իբրև ազգային հերոսի, որն իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում ազգային իդեալները իրագործելու համար»։ Մյուս, ոչ պակաս հայտնի ռուս զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասաց, որ նա «խենթի պես քաջ է»։

1915-1916 թթ. Կովկասյան ճակատի մարտերում ցուցաբերած անձնական արիության և հայկական գնդի հաջողությունների համար Սասունցի Անդրանիկը պարգևատրվեց Գեորգիևյան 4-րդ աստիճանի մեդալով, Գեորգիևյան 4-րդ և 3-րդ աստիճանի խաչերով, Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրի և Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով։ Գունդը Անդրանիկի գլխավորությամբ քաջաբար մասնակցեց Մուղանջուղի (Դիլման) տակ մղված մարտին՝ 1915 թ. ապրիլի 15-18-ին, որում Կովկասը փրկվեց թշնամու ներխուժումից։

1918 թ. հունվարի 30-ին թուրքական զորքերը, Մեհմեդ Վեհիբ փաշայի հրամանատարությամբ, Էրզրումի, Վանի և Մերձծովյան ուղղություններով անցան մեծամասշտաբ գործողությունների. հունվարի 30-ին նրանք գրավեցին Երզնկան, փետրվարի 11-ին՝ Տրապիզոնը, ապրիլի 14-ին առանց կռվի մտան Բաթում և սկսեցին շարժվել դեպի Սուխում։ Ապրիլի 25-ին ընկավ Կարսը, մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլը։

Անդրանիկի գունդը զրկվել էր մանևրելու հնարավորությունից, որովհետև վարելով ծանր պաշտպանական մարտեր Էրզրումի ուղղությամբ, ծածկում էր 1915 թ. փրկված հարյուր հազարավոր հայ, հույն ու ասորի գաղթականների նահանջը, որոնց վրա ռուսների նահանջից հետո նորից սարսափելի վտանգ էր կախված։ Թուրքիայի կողմից Կովկասի մեծ մասի զավթման ու Արևելյան Հայաստանում ցեղասպանության կրկնության վտանգը թվում էր գրեթե անխուսափելի։

Սակայն 1918 թ. մայիսի 16-18-ին Վորոնցովկա ավանի մոտակայքում գեներալ-մայորի կոչման արժանացած Անդրանիկի դիվիզիան անպատմելի ջանքերով զսպեց օսմանյան զորքերին և նրանց արբանյակներին։ Ու չնայած թշնամու որոշ խմբերի հաջողվեց մինչև 20-25 կմ մոտենալ Թիֆլիսին, նրանց հիմնական զանգվածը կանգնեցվեց և ետ շպրտվեց։ Թշնամուց նախաձեռնությունը վերցնելով՝ զորավարը մարտեր է մղում Ղարաքիլիսայի ուղղությամբ։

1918 թ. մայիսի 25-28-ին ծավալված Լոռու ճակատամարտում, որ մեծապես ճակատագրական եղավ ոչ միայն Հայաստանի համար, այլև ամբողջ Կովկասի, Անդրանիկը վիժեցրեց Դիլիջանի ուղղությամբ թուրքական զորքերի գլխավոր հարձակումը, որոնք ջանում էին Դիլիջանով դուրս գալ դեպի Բաքու։ Կրած պարտության հետևանքով թուրքական հրամանատարությունը ստիպված եղավ Լեռնային Լոռու մարզի մեծ մասը թողնելու հրաման տալ։

1918 թ. հունիսի սկզբին հայկական դիվիզիան մտավ Նոր-Բայազետ, այնուհետև Սելիմի լեռնանցքից Դարալագյազ-Շարուրով դեպի Նախիջևան։ Շուտով զբաղեցվեցին Ջուլֆան և Բիթլիսը։ Հունիսի 14-ին Անդրանիկը հրաման տվեց, որում նշվում էր, թե իր զորքերը ենթարկվում են կենտրոնական Ռուսական կառավարությանը, իսկ Նախիջևանը հայտարարվում էր Ռուսաստանի անբաժանելի մասը։ Զորավար Անդրանիկը նաև հեռագիր ուղարկեց Կովկասի հարցերով արտակարգ կոմիսար և Բաքվի Սովնարկոմի նախագահ Շահումյանին, որում պատրաստակամություն հայտնեց օգնություն ցուցաբերելու Բաքվի վրա հարձակվող թուրքական զորքերից պաշտպանվող Բաքվի կոմմունային։

Դեռևս 1918 թ. ամռանը թուրքական զորքերը բռնագրավեցին պարսկական տարածքի հյուսիսային մասը՝ դեպի Բաքու առաջխաղացումը ծավալելու համար հենադաշտ ստեղծելով։ Գրավելով, մասնավորապես, Մակու, Սալմաստ, Թավրիզ, Սերաբ, Արդաբիլ և Խոյ իրանական քաղաքները, թուրքերը մտադրված էին Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգծի միջոցով նոր զորքեր անցկացնել Պարսկաստան՝ Բաքվի վրա հարձակվելու համար։ Բայց Նախիջևանում Անդրանիկի ջոկատները կտրեցին երկաթուղային ճանապարհը, իսկ Ջուլֆայում՝ գրավեցին թուրքական կայազորը։

Խոյի շրջանում հայկական կազմավորումները անսպասելի հարված հասցրին Հյուսիս-արևմտյան Իրանում տեղաբաշխված թուրքական բանակին, ինչը ստիպեց թուրքերին՝ կանգնեցնել հարձակումը Բաքվի վրա և Անդրանիկի դեմ ուղարկել նշանակալի ուժեր։ Խոյում մարտերը տևեցին մի քանի օր։ Թուրքերը կրեցին մեծ կորուստներ, սակայն անընդհատ ժամանող լրացուցիչ ուժերը հայկական դիվիզիայի համար գրավման վտանգ առաջ բերին։ Այդ պայմաններում Անդրանիկը ստիպված եղավ թողնել Խոյը, և, ճեղքելով շրջափակման օղակը, նահանջել Ջուլֆա-Բաքվի շրջանը։ Այնուհետև, թվով գերակշիռ թուրքական զորքերի ճնշմամբ՝ զորավար Անդրանիկը ստիպված եղավ թողնել Նախիջևանը ու անցնել Լեռնային Զանգեզուր՝ նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի միջոցով ճեղքել-հասնել Բաքու և փակել նահանջող թուրքական բանակի ճանապարհը։

Անդրանիկը վիթխարի դեր խաղաց Զանգեզուրի պաշտպանությունում։ Մարտերի ընթացքում թուրքական զորքերի մինչև 40 տոկոսը ուղղվեց Զանգեզուր՝ Անդրանիկի դեմ։ Երբ նորակազմ կովկասյան հանրապետությունների ղեկավարները, դեռևս 1918 թ. հունվարին դիմեցին թուրքական կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով նստել բանակցությունների սեղանի շուրջ, ի պատասխան լսեցին, որ Թուրքիային իրենց կարծիքը չի հետաքրքրում, նրան հուզում է միայն այն, թե այդ առիթով ինչ է մտածում զորավար Անդրանիկը, ինչը լիովին տրամաբանական էր, քանզի հենց Անդրանիկի զորքերն էին մնում թուրքերի կողմից Կովկասի գրավման հիմնական խոչընդոտը։

Բախվելով Անտանտի դաշնակիցների, Հայաստանի հանրապետության որոշ ղեկավարների և բոլշևիկների դավաճանությանը, զորավարը ստիպված եղավ հեռանալ արտասահման։ Ճանապարհին, երբ նա անցնում էր Թիֆլիսով, ասաց. «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։ Այդ ծառայությունն Անդրանիկը շարունակեց նաև տարագրության մեջ։

1919 թ. դեկտեմբերին «Վաշինգտոն Փոսթ» ամերիկյան թերթը գրում էր. «Զորավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականության գագաթին։ Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրանք մեծ ուշադրությամբ ու հիացմունքով են ունկնդրում նրա յուրաքանչյուր խոսքը։ Իսկ նա՝ այդ զինվորը, որը ցարական Ռուսաստանի կործանումից հետո անհավասար մարտեր էր վարում թուրքական բանակի դեմ, ունի ասելիք։ Այժմ նրա խոսքերը նույնքան հատու են, որքան՝ նրա սուրը»։

Անդրանիկը մահացավ 1927 թ. օգոստոսի 30/31-ին, Սակրամենտո քաղաքի Չիկո Սպրինգ հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) եւ սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։ Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, նրա պատվին տեղադրված են արձաններ և հուշատախտակներ աշխարհի մի շարք երկրներում (Հայաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Ռումինիա)։ Նրան են նվիրված մեծ թվով ժողովրդական ստեղծագործություններ, գրքեր և հոդվածներ տարբեր լեզուներով։


------------------------------------------------

Այլ աղբյուրից

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ


Հայ մեծ զորավար, Ազգային հերոս, Հայ Ազատագրական շարժման առաջնորդներից Անդրանիկ Թորոսի Օզանյանը (հայտնի է նաեւ Անդրանիկ Փաշա, Զորավար Անդրանիկ), ծնվել է 1865 թ Շապին Գարահիսար քաղաքում: Սկզբնական ուսումը ստանցել է Մուշեղյան վարժարանում, որն ավերտելուց 1 տարի անց բանտարկվել է` հայերին ահաբեկող ժանդարմին ծեծելու համար: Սակայն Անդրանիկին հաջողվել է փախնել բանտից եւ անցնել Կոստանդնուպոլիս, որտեղից էլ Արեւմտյան Հայաստան: Այնտեղ անցնելով Աղբյուր Սերոբի պարտիզանական ջոկատի շարքերը` դարձել է թուրքական զորքերի դեմ կռվող հայ պարտիզանական մի քանի զորախմբերիի հրամանատարը:

1902-1904թթ Անդրանիկի ղեկավարած ջոկատները թուրքական եւ քրդական զորքերի դեմ մարտնչում էին Սասունում, Տարոնում եւ Վասպուրականում: Դրանից հետո Անդրանիկը մեկնում է եվրոպական երկրներ` այնտեղի հանրությանը ծանոթացնելու արեւմտահայերի ազգային ազատագրական պայքարի գործին, կազմակերպելու պահանջվող զենքի եւ զինամթերթի մատակարարման հարցերը: 1912թ Անդրանիկը զինվորագրում է մեծ թվով հայ կամավորականների, որոնցից կազմված խումբը մտնում է բուլղարական բանակի կազմ: Նրանք մարտական բարձր պատրաստվածություն են ցուցաբերում Առաջին Բալկանյան պատերազմում:

Առաջին Աշխարհամարտի մեկնարկի հետ Անդրանիկը վերադառնում է Կովկաս: Ձեւավորելով առաջին հայկական կամավորական գունդը` Անդրանիկը ղեկավարում է թուրքական բանակի դեմ մղված կռիվները: 1915-16թթ Կովկասյան ճակատում կռված հայկական գնդի հրամանատարությունը հմուտ իրականացնելու համար Զորավար Անդրանիկը պարգեւատրվում է Գեւորգյան 4-րդ կարգի մեդալով, Գեւորգյան 4-րդ եւ 3-րդ կարգի խաչերով, Սբ. Ստանիսլավի 2-րդ կարգի սրով եւ Սբ. Վլադիմիրի 4-րդ կարգի շքանշանով: Հատկապես առանցքային դեր է ունենում Դիլմանի նշանավոր ճակատամարտում, երբ մարտավարական հնարքով թուրքական բանակը կիսում է երկու մասի, ապա շփոթության մատնված երկու թեւերը սկսում են կրակել միմյանց դեմ:

Հայ զորավարը ղեկավարել է նաեւ 1915թ ապրիլի 15-18 Մուղանջուղի մոտ մղված մարտերը` պաշտպանելով Կովկասը թշնամու ներխուժումից: 1918թ հունվարին թուրքական բանակը մտնում է Էրզրում եւ Վան` իրականացնելով լայնածավալ հարձակումներ բոլոր ուղղություներով: Նրանց հաջողվում է գրավել Երզնկան, Տրապիզոնը, առանց դիմադրության հանդիպելու մտնում են Բաթում եւ առաջ շարժվում Սուխումի ուղղությամբ: Ապրիլի 15-ին գրավում են Կարսը, մեկ ամիս անց` Ալեքսանդրապոլը:1918թ մայիսին Անդրանիկի դիվիզիան Վորոնցովկա ավանի մոտ կասեցնում է օսմանյան զորքի առաջխաղացումը դեպի Թիֆլիս:

Այնուհետեւ մարտերը շարունակվում են Ղարաքիլիսայի ուղղությամբ: Կարեւոր է Անդրանիի դերը նաեւ Զանգեզուրի պաշտպանական մարտերում:Առերեսվելով Անտանտի դաշնակիցների հակազդեցությանը, նաեւ հակասություններ ունենալով Հայաստանի ղեկավարության որոշ ներկայացուցիչների հետ` Անդրանիկը 1922թ հեռանում է արտերկիր: Անկասկած Անդրանիկի ներկայությունը կբարձրացներ հայկական բանակի զինվորների ոգին եւ կմեծացներ զինուժի մարտունակությունը: Զորավար Անդրանիկի միջադեպը հերթական անգամ ցուցադրում է հայության միասնական լինելու առանձնակի կարեւորությունը: Մեծ զրավարը մահացել է 1927թ օգոստոսի 31-ին` ԱՄՆ ֆրեզնո քաղաքում: 1928թ նրա աճյունը տեղափոխվել է Փարիզ, իսկ այտեղից 2000թ` Հայաստան եւ վերջնական հանգրվան գտել Երեւանի Եռաբլուր պանթեոնում:



ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄՏՔԵՐԻՑ

Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում:

Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար:

Իմ կուսակցութիւնն իմ ազգն է:

Իմ ազգը ճնշուածների ազգն է:

Մահս չեմ յոգար, այլ գործս, որ կիսատ մնաց:



ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՍԻՆ

Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում նվաճած է 4 գագաթներ. Սուրբ Մեսրոպ, Կոմիտաս, Կաթողիկե և Անդրանիկ։ Ասոնցմե դուրս ոչինչ ունինք որ ըլլա ճշմարիտ հաղթանակ և անվիճելի նվաճում:
Շահան Շահնուր

Հայ ժողովրդի երկար դարերու ստրկական լռությունը ա՜ն (Անդրանիկն) է, որ խզեց, դյուցազնականորեն կանգնելով Սասնո երկնամուխ լեռներուն վրա, կոչ անելով հայ ժողովրդին ըմբոստության և ժողովուրդն արթնացավ:
Սմբատ Շահնազարյան

Աշխարհում չկայ մի հայ, որի սիրտը չթրթռայ՝ արտասանելով այս պաշտելի անունը, Զօր. Անդրանիկ: Զօր. Անդրանիկը հայ ժողովրդի ազգային հերոսն է։ Նա մեր ժողովրդի պարծանքն է, մեր պատմութեան ամենաթանկագին գոհարներից մէկը:
Հակոբ Անասյան

Կյանքի ծովն է ալեկոծվում խելագար,
Վերը՝ փրփուր, մարգարիտը վարն է հար,
Իմ ազգի ծով, հրաբխվի՜ր անդադար,
Գոնե բացվե մաքուր մի լույս, Անդրանիկ:
Հովհաննես Շիրազ

Երբ ցեղն է գործում, գարահիսարցի մի հիւսն դառնում է Անդրանիկ, եւ Սեբաստացի մի շինական` Մուրատ:
Գարեգին Նժդեհ