Ուղեցույց... Սփյուռք, սփյուռք...

ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Զավեշտական ողբերգություն կամ ողբերգական զավեշտ



«...Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից։ Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում։ Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի։ Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ։ Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով։

Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ։ Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական՝ մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարեւաններին, ուժեղացնելով հռչակում թշնամի, նեղվում ենք թշնամու հարեւանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը եւ երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարեւանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա»։
Վանո Սիրադեղյան


Մեր ինքնաշարժի՝ Երեւանից մեկնելուց առաջ ինձ հետ ճանապարհորդելու եկող երկու սփյուռքահայ ու երկու հայաստանցի ընկերներին պատմում էի սրանից ուղիղ տասը տարի առաջ մեր հայրենակից հայ քաջերի արյան գնով ազատագրված հայկական տարածքների չքնաղ գեղեցկության, ընդարձակ ու բերրի հողերի մասին։

Մեզ հետ վերցված քարտեզի վրա հատուկ, մանրամասն նշումներ կային տեղի գյուղերի եւ քաղաքների՝ այժմ վերստին գործածվել սկսած հայերեն անունների ու շրջանի մոտավոր թվաքանակի մասին։
Սփյուռքահայ ընկերներս մեծ ոգեւորությամբ էին լսում պատմածներս, իսկ մնացածը շարունակ հետաքրքիր հարցադրումներ էին անում ու մեծ համբերությամբ սպասում իմ բացատրություններին։ Երկար եւ բավականին հետաքրքիր ճամփորդությունից հետո հասանք Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, ուր եւ հյուրընկալվեցինք տեղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, իմ վաղեմի բարեկամ Արցախ Բունիաթյանի տանը։

Սրճելուց հետո նա մեզ ուղեկցեց իր գլխավորած հիվանդանոցը, ուր բոլորս զարմանքով լսում ու տեսնում էինք իրավիճակը՝ իր ողջ մերկությամբ։ Հիվանդանոցն արտակարգ լավ վիճակում էր գտնվում. իր գերժամանակակից սարքավորումներով եւ հանդերձանքներով որեւէ զարգացած երկրի մայրաքաղաքային հիվանդանոցի չէր զիջում։ Հիվանդանոցի բուժաշխատակազմը հմուտ եւ բանիմաց մասնագետներից էր կազմված։ Երկու սփյուռքահայ վիրաբույժներից մեկը ԱՄՆ-ից, մյուսը Ֆրանսիայից էին եկել ու տարիներ առաջ իրենց ամբողջ գերդաստանով մշտապես հաստատվել այստեղ։

Հիվանդապահուհիներից երեքը՝ Երեւանից, երկուսը՝ Հրազդանից, չորսը Արտաշատից էին։ Բոլորն էլ իրենց ընտանիքներով էին եկել ու հաստատվել այստեղ։ Բժիշկ Արցախը պատմում էր, թե բոլոր հարցերը լիովին լուծված են, դեղորայքով մշտապես ապահովված են, նույնիսկ անհրաժեշտության դեպքում մոտակա Գորիսի ու Ստեփանակերտի հիվանդանոցներին իրենք են օգնության հասնում։ Եվ այս ամենն, անշուշտ, անվճար էր, ձրի։

Շրջանում բոլոր տեսակի կապերը գործում էին անթերի. հեռախոսով երբ եւ որտեղից ուզեիր՝ կարող էիր կապվել աշխարհի ցանկացած վայրի հետ։ Բնակչությունը նախընտրում էր ինտերնետային կապը, որը հասանելի էր մեծամասնությանը։

Բերձորի տներից յուրաքանչյուրը սքանչելիորեն մշակված փոքր մի պարտեզ ուներ. հոտավետ ծաղիկների բույրը հասնում էր ամենուր։ Քաղաքի կենտրոնում հանդիպեցինք շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանին. նա ժրաջանորեն տքնում ու գիշերուզօր աշխատում էր բնակչության տարբեր տեսակի հոգսերը թեթեւացնելու համար։ Ամբողջ շրջանը նրան պաշտում էր, վարչակազմի բոլոր անդամները ժողովրդի սիրելին էին։ Այնտեղ ոստիկանության, դատախազության, հարկային, մաքսային ծառայությունների, ինչպես նաեւ բոլոր հիմնարկությունների աշխատողների միակ հոգսը ժողովրդին է՛լ ավելի օգնելն էր։

Կաշառք, կաշառակերություն բառերը տասը տարուց ավելի էր, ինչ տեղի բնակչության հիշողությունից վերացել էին։ Հերիք էր՝ որեւէ հարցով դիմեիր որեւէ պետական պաշտոնական ատյանի, եւ արդեն մի քանի ժամում դիմումդ նրանց կողմից ըստ արժանվույն գնահատված ու դրական լուծում ստացված էր լինում։
Մենք, չկարողանալով թաքցնել մեր զարմանքը, փորձեցինք հենց պարոն Ալեքսան Հակոբյանից էլ իմանալ այս ամենի գաղտնիքը։ Նա ժպտալով ասաց, որ երկրի սահմանադրության մեջ նշված է, որ իշխանությունները ծառայում են ժողովրդին, ինչը եւ իրենք, բազմաթիվ թերություններով հանդերձ, համեստորեն փորձում են կյանքի կոչել։

Մեր թերահավատությունը նկատած բնակիչներից մեկը, մեզ մոտենալով, հավաստեց տրված պատասխանի արժանահավատությունը՝ ավելացնելով ու հորդորելով մեզ եւս գալ ու մշտապես ապրել այս երկրային դրախտում։ Մարդիկ ամենուր ուրախ ու երջանիկ էին. ավելին պատկերացնելը պարզապես անհնարին էր։ Միայն Բերձորում արդեն բնակչության թիվը 30 հազարն անցել էր, եւ ամենուրեք հանդիպում էինք բնակարանային շինարարության լայնածավալ աշխատանքների։

Ճանապարհին մոտեցանք այդ շինարարություններում աշխատող երիտասարդ բանվորներից մեկին, եւ նա մեզ հայտնեց, թե ինքն Արմավիրից է ու իբրեւ ուսանող եկել է ամառնային արձակուրդի ժամանակ կամավորական սկզբունքով սիրահոժար մասնակցելու հայրենաշինության այս նվիրական աշխատանքին։ Մեզ հետ զրուցելու համար մեզ շրջապատողներից շատերի խոսակցականից անմիջապես հասկացվում էր նրանց սփյուռքահայ լինելը. նրանք էլ ասում էին, թե ժամանակին այս հողերի ազատագրման համար զոհված իրենց հայրենակիցների գործն են շարունակում։

Հազիվ 18-20 տարեկան այս երիտասարդները Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից, Կանադայից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից էին։ Նրանք մեզ ցույց տվեցին մոտ 10 կմ հեռու գտնվող մի հսկա շինարարություն, որը Ռուսաստանում ապրող հայերի կողմից էր կառուցվում. Ռուսաստանից, Ուկրաինայից, Հյուսիսային Կովկասի սահմանամերձ շրջաններից այստեղ մշտական բնակության նպատակով ներգաղթած հայերն իրենք իրենց համար բնակելի շենքեր էին կառուցում։

Կարծես այս ամենը երազ լիներ. բոլորս մեր տեսածներով ու լսածներով հիացած էինք։ Փառք այստեղ ընկած հայորդիների գործը շարունակողներին, փառք հայրենաշինարարության բոլոր մասնակիցներին։
Բերձորից ստացած հիասքանչ տպավորություններով ուզում էինք դեպի Շուշի շարժվել, բայց մեզ զգուշացրին, որ Գորիս-Ստեփանակերտ երկրորդ ճանապարհաշինարարության պատճառով ճամփան գրեթե անանցանելի է, եւ նախընտրելին այդտեղից դեպի հարավ-արեւելք՝ դեպի Ջաբրայիլ գնալն էր։

Մեզ դեպի Շուշի այս երկրորդ ճանապարհի անհրաժեշտության մասին լուսաբանողները հայտնեցին, թե գործող ճանապարհն արդեն պետք եղած պահանջները չի բավարարում, եւ շատ հաճախ Գորիսից Շուշի գոյություն ունեցող խցանումների պատճառով հասնում ես երկու-երեք ժամում, այդտեղ բնակչության թիվն արդեն 50 հազարն անցել է, եւ բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքն արդեն 2 հազար դոլարից էլ ավելի է։ Սառցածածկ Կանադայից եւ Սկանդինավյան երկրներից ներգաղթած 20 հազար հայրենակիցների կողմից կառուցված երկու մեծ թաղամասերում մի սենյականոցի գինը 300 հազար դոլարի սահմաններում է, եւ բնակարան գտնել գրեթե հնարավոր չէ։

Այ քեզ հրաշք, այս ինչ ուրախալի եւ զարմանահրաշ իրողություն է։ «Հավանաբար հայի վերջին խելքը սկսել է աշխատել վերջապես» ասելով ու, երջանկությունից կարծես թեւեր առած, սլանում էինք դեպի հարավ-արեւելք։
Ճանապարհի եզերքին՝ մեր հետեւում թողած մեկը մյուսից գեղեցիկ գյուղերը նմանվում էին կինոների մեջ մեր տեսած կոկիկ, մաքուր, խնամված, փոքրիկ ծաղկածածկ պարտեզներով, երկհարկանի տներով կառուցված գյուղերին։ Տարբերությունն այստեղ բոլոր տների՝ հայկական տուֆ քարով եւ հայկական ճարտարապետությանը հարիր շատ նրբաճաշակ ոճով սարքված լինելն էր։ Դա գեղագիտական հաճույք էր պատճառում, մեր սրտերը հպարտությունից պիտի պայթեին կարծես։

Տարածաշրջանում ամբողջությամբ մշակված, քառակուսի կտրվածքներով մեկը մյուսից բաժանված սեւահողեր էին, ուր այնպիսի միրգ ու բանջարեղեն չկար, որ չաճեր։ Մրգատու ծառերով լի մեծ դաշտավայրերը մեր հետեւում թողնելով՝ ամեն 20 կմ-ն մեկ գոյություն ունեցող բենզալցակայաններից մեկում կանգ առանք։ Տարածքում ամեն ինչ հայոց լեզվով ու հայատառ էր գրված։ Աշխատողները բավական բարեհամբույր ու բարեկիրթ հայորդիներ էին՝ մաքուր հագնված, սանրված, սափրված, խոշոր ու սիրուն հայկական աչքերով։ Երբ կամեցանք վճարել, նրանք մեզ՝ «Հավանաբար հոգնած կլինեք, մեր հիմնարկն իր հաճախորդներին հրավիրում է լցակայանին կից գտնվող պանդոկը՝ բնական թարմ մրգահյութեր ու տաք ըմպելիք մատուցելու համար, խնդրում ենք չմերժել» ասացին։

Ինչպե՞ս կարելի էր մերժել մեզ այսքան սրտանց ժպիտով ու բարեհամբույր դիմող երիտասարդ աշխատողների խնդրանքը։ Մեր ինքնաշարժը կայանատեղում թողնելով՝ մտանք պանդոկ։ Շատ ճաշակով սարքված այս հաճելի հանգստավայրում մեզ սուրճ եւ տեղական արտադրության բնական մրգահյութեր հյուրասիրեցին։ Հյութերի շշերի նրբակերտ տեսքից մինչեւ կափարիչն ու պիտակները մեզ ապացուցում էին հայրենի արտադրանքի մաքրությունը։ Մատուցող երիտասարդ հայուհին տեղեկացրեց, որ միայն իրենց ենթաշրջանից 14 տեսակի մրգահյութ է արտահանվում աշխարհի 34 երկիր, որը մի քանի տարի առաջ այստեղ ներգաղթած նախկին սփյուռքահայ հայրենակիցների մեծ ներդրման ու աշխատանքի շնորհիվ է։ Շրջանում գործազրկություն չկար. բնակչությունը նույնիսկ երկրորդ, երրորդ փոքր գործերում էր աշխատում։ Ծնելիության տոկոսները բարձր էին. միայն անցյալ տարվա վիճակագրական տվյալներով Ջաբրայիլի շրջանում ծնվել էր 6 հազար երեխա։

Երեխաներին այստեղ միմիայն հայկական անուններով էին կոչում. նորածիններին շրջանի ազատագրության համար զոհվածների եւ նրանց մայրերի անունները դնելու սովորույթն այստեղ բարի ավանդույթ էր դարձել։
Ցուցանակներն անցորդներին հորդորում էին Հայրենի միջավայրը մաքուր պահելու մասին։ Նայելով շուրջը՝ հասկանում էինք, որ այդ հորդորները փաստորեն մշտապես կատարվում էին բոլորի կողմից. Հայրենիքի Տեր լինելու գիտակցությունը շատ բարձր էր։

Երբ մեզ հյուրընկալող պանդոկից հեռանում էինք, կայանատեղում թողած ինքնաշարժի մաքրությամբ հիանալու աստիճան մեր զարմանքը նկատած տեղի աշխատողներից մեկը մոտեցավ մեզ եւ «Մեզ մոտ հանգստացող հաճախորդների ինքնաշարժերի մաքրության ապահովումը սպասարկման գնի մեջ է մտնում, ձեզ բարի ճանապարհ ենք մաղթում» ասելով՝ հեռացավ։

Դեռ մենք չէինք էլ հասցրել «Ահա եւ քեզ քաղաքակրթության եւ քաղաքավարության մակարդակ» ասելով հիանալ, որ հաճելի մի այլ երեւույթի ականատեսը եղանք։ Կայանատեղում ինքնաշարժից իջավ Կուբաթլուի շրջանի վարչակազմի նվիրյալ անդամներից գրող տիկին Ալվարդ Պետրոսյանը։ Ինձ հետ եղող ՀՅԴ նախկին անդամ սփյուռքահայ ընկերս մեզ ծանոթացրեց միմյանց հետ։ Տիկին Ալվարդը կարճատեւ զրույցում հասցրեց պատմել, որ արդեն հինգ տարուց ավելի է՝ մշտապես բնակվում է ազատագրված տարածքներում, շրջանի վարչակազմում կրթական համակարգի հարցերով է զբաղվում, նաեւ այստեղ ավարտած իր չորրորդ գիրքն է հրատարակման պատրաստում, ուր պատմում է ազատ, անկախ եւ միացյալ հայրենիքի այս փոքր հատվածում կատարվող ազգանվեր, հաճելի իրադարձությունների մասին։

Ճիշտը ա՛յս է, այստե՛ղ է, մնացածը աներեւույթ խոսքերի շարան լինելուց բացի ուրիշ եւ ոչ մեկ իմաստ չեն պարունակում։ Ապրելու եւ ազատագրված հողերում հայ նոր սերունդ դաստիարակելու, հայրենիքը խոսքից գործի վերածելու մարտահրավերը կամովին է ընդունել նա, իր հետ այստեղ է բերել նաեւ իր գերդաստանից 50-ից ավելի մարդու, եւ բոլորով այստեղ Հայրենիք են կերտում, աշխատում միասին։ Մեզ հետ զրույցում հաճելի մի այլ նորության մունետիկը լինելու առաքելությունը ստանձնելով՝ տիկին Ալվարդ Պետրոսյանն իր պատումն ավարտեց հետեւյալով. ըստ նրա ասածի՝ մոտ օրերս ՀՀ նախարար երկու դաշնակցական ընկերներ՝ Դավիթ Լոքյանն ու Աղվան Վարդանյանը եւս, հրաժարվելով իրենց նախարարական պաշտոններից, մշտապես բնակվելու նպատակով գալու եւ հաստատվելու են այստեղ։
Նրանցից մեկը գյուղատնտեսությամբ է զբաղվելու, մյուսը՝ «Նորից Նախիջեւան» անունով թերթ հրատարակելով։

Գովեստի եւ գնահատանքի արժանի այս հաճելի նորության մեզ բոլորիս պատճառած անբացատրելի զգացումներով իրար հրաժեշտ տվինք։ Երբ հասանք Ջաբրայիլ, թեեւ արդեն մթնել էր, բայց լուսաշաղախ ճամփեզրերով մի մեծ քաղաք տեսանք, որ յուրովի բարի գալուստ էր մաղթում իր գեղեցիկ եւ տրամադրող գիշերային սրճարանների գույնզգույն լույսերով։
Ջաբրայիլում իջեւանեցինք իմ երբեմնի Լոսանջելեսաբնակ, նախկին սփյուռքահայ ընկերոջ՝ Արամի տանը։ Նրա տունը երեք հարկանի էր ու մեծ, եւ կարող էինք հինգ հոգով, առանց տանտերերին որեւէ նեղություն պատճառելու, գիշերել այնտեղ։

Արամն ու իր նախկին պոլսահայ տիկինը՝ Նվարդը, մեզ շատ մեծ ուրախությամբ դիմավորեցին։ Երեք տարի առաջ այստեղ ծնված իրենց դուստրը՝ Աղավնին, արդեն քնած էր։ Փոքրիկին չանհանգստացնելու միտումով իրար հետ փսփսալով մեր խոսելը նկատած տանտիկինը «Մենք, որ Լոս Անջելեսի Ֆռիվեյի մոտ ապրելով՝ ահռելի աղմուկի մեջ երեք երեխա մեծցուցինք, այստեղի խաղաղ ու հանգիստ պայմաններե՞ն պիտի վախնանք» ասելով՝ մեզ հանգստացրեց։ Արամն ու Նվարդը ծանոթացել ու ամուսնացել էին Պոլսում, հետո արտագաղթել Լոս Անջելես, ուր քսան տարի շարունակ ապրել էին։ Իրենց երեք երեխաներից ավագն անբուժելի թմրամոլ էր դարձել եւ հինգ տարի առաջ քաղաքի հանրային զուգարաններից մեկում բարձր քանակի թմրանյութ սրսկվելու հետեւանքով էլ մահացել էր։ Իրենց միջնեկին էլ այդ նույն վտանգն էր սպառնում, երբ Արամն իր ընտանիքի բոլոր անդամներով եկավ Հայրենիք ու հաստատվեց Ջաբրայիլում։ Այստեղ ունեցան եւս մեկ երեխա, եւ արդեն չորս տարի է, որ հայրենաբնակ են։

Ընթրիքին Պոլսի համեղ ճաշերը ճաշակելու ժամանակ նրանք մեզ պատմեցին, թե ինչքան ճիշտ են վարվել՝ Հայրենիք ներգաղթելով, որ այստեղ իրենց երեխաներն անդորր են վայելում եւ ամերիկյան զզվելի կյանքից հեռացել են։ «Ծո, Կոկա-Կոլան ալ, համբուրգերն ալ իրենց թող ըլլան, թելեվիժընը կը բանաս՝ մարդասպանություն, ռադիոն կը լսես՝ բռնաբարություն։ Փոխանակ երեխաներն իրենց ծնողներուն թաղեն, ես իբրեւ ծնող այնտեղ իմ երեխայիս թաղեցի։ Թմրանյութը Ամերիկայի մեջ նույնիսկ մանկապարտեզ մտած է։ Եղբայրս եւ քույրս եկան մեզ այցելեցին հոս եւ հիացած էին մեր կյանքով։ Հավանաբար անոնք ալ գան ու հաստատվին հոս» պատմելով՝ չէին հանդարտվում ընկերներս։ Ամուսիններով պաղպաղակի արտադրություն էին նախաձեռնել, եւ գործերը լավ էին. մեծ աղջիկը տեղի ինստիտուտում անգլերեն էր դասավանդում, միջնեկը դեռ դպրոցական էր, իսկ փոքրը՝ հազիվ երեք տարեկան, եւ նա իրենց՝ Հայաստանում ծնված առաջին երեխան էր՝ Հայաստանում ապրելու եկած հայ մարդկանց քոչվոր լինելուց դադարելու որոշման փաստը։

Մինչեւ Արաքսի ափ, այսինքն՝ Իրանի սահման, շրջանի բնակչությունը հասել էր 70 հազարի եւ միմիայն ազատագրված տարածքներում ապրող հայերի թիվը հատել էր 300 հազարը, իսկ Լեռնային Արցախի բնակչությունն էլ հետը՝ ավելի քան կես միլիոն հայություն էր կազմում. եւ դա այս 7 հազար քառակուսի կիլոմետրանոց տարածքում։

Առավոտյան հրաժեշտ տալով իմ ծանոթներին, ուղեւորվեցինք դեպի Հորադիզ՝ Արաքս գետի ափին գտնվող մեր սահմանային վերջին գյուղաքաղաքը։ Շրջանի եռուզեռը զգացվում էր ճանապարհին երթեւեկող ինքնաշարժերի քանակից։ Խաղողի այգիներում աշխատողները բազմահազար մրջյունների էին նմանվում, ամեն տեղ աշխատանք կար, ամեն պահ՝ շարժում։ Այստեղ հանդիպեցինք «Հայ ազգը պիտի ցեղենք» հայտարարող հանրապետականներից Տիգրան Թորոսյանին եւ Գալուստ Սահակյանին. մեկն իր զոքանչի տնից էր թողել հեռացել, մյուսը՝ երեւանյան երթուղայինների շահավետ բիզնեսից, ու ընտանիքներով հանդերձ եկել հաստատվել էին Հորադիզում։

Այստեղ նրանցից առաջինը տեղի Գարեգին Նժդեհի անվան ինստիտուտի փիլիսոփայության ֆակուլտետում Նժդեհյան ուսմունք էր դասավանդում, իսկ մյուսը՝ խաղողագործների բրիգադիր էր, եւ տեսակը վերանալու վտանգի տակ եղող հայկական խաղողատեսակներն էր աճեցնում։ Երկուսի գործերն էլ լավ էին, եւ երկուսն էլ իրենց հալալ ու զուլալ քրտինքով ապրելու հպարտությամբ հեզ ու հանգիստ շարունակում էին իրենց խաղաղ կյանքը։

Այստեղ շատ մոտիկ գտնվող մի այլ գյուղում էր հաստատվել նաեւ «Արսոյլ» նավթամթերային ընկերության նախագահ, երիտասարդ գործարար Գուրգեն Արսենյանը։ Նա եւս, լինելով Տարոնական շարժման ակունքներում դաստիարակված ու քաղաքականության մեջ իր առաջին մկրտությունը ցեղակրոն շարժման շնորհիվ ստացածներից, այս վայրերում նաֆթահորեր փորելու նպատակով ներդրումներ էր կատարում. չէ՞ որ Հորադիզը Կասպից ծովից շատ էլ հեռու չէ։

Մեր ազգային ջոջերի՝ ազատագրված տարածքներում հաստատված լինելու ուրախալի փաստով ոգեւորված՝ շարունակելով Ֆիզուլի տանող ճանապարհը՝ մոտակա զինվորական տեղամասի մերձակայքում հանդիպեցինք նախկինում Լիբանանի բանակի բարձրաստիճան սպա, այժմ թոշակառու գեներալ Նարեկ Աբրահամյանին, որն ինձ հետ եղող ծնունդով Լիբանանի Այնճար գյուղից սփյուռքահայ ընկերներիցս մեկի համագյուղացին էր։

Այս հանդիպումից էլ տեղեկացանք, որ գեներալ Նարեկը, իբրեւ թոշակառու, որոշել է իր բանակային ռազմագետի գիտելիքները կամովին ի սպաս դնել իր հայրենի զինուժի զարգացմանն ու ուժեղացմանը. նա ազատագրված տարածքներում հաստատվելով՝ գործուն զինվորականի կյանքը նախընտրել էր Միջերկրականի ծովափնյա հանգիստը վայելելուց։ Գեներալն այստեղի բնակչության հույսն ու հավատն էր դարձել, պահպանվող խաղաղության ու անվտանգ կյանքի խորհրդանիշը։

Ֆիզուլի քաղաքում էր տեղակայված ամբողջ շրջանում 24-ժամյա հեռուստահաղորդումներ հեռարձակող եւ առայժմ տեղի միակ՝ Ազատ հեռուստատեսությունը։ Եվ ի՜նչ երջանիկ պատահականություն է, որ այս ընկերության նախագահը բոլորիս ծանոթ Ալեքսան Հարությունյանն է, իսկ գեղարվեստական ղեկավարը՝ հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը։ Նրանք իրենց ընտանիքներով եկել ու հաստատվել են հենց այստեղ, քանի որ Ֆիզուլին Արցախի Մարտունուց եղող Ալեքսան Հարությունյանի եւ բաքվեցի աներհոր՝ Ռոբերտ Սահակյանցի ծննդավայրերին ամենամոտիկն էր, եւ կարոտն էլ, անշուշտ, ազգային կատեգորիա էր։

Հետո էլ՝ իրենց համար զուտ ընտանեկան բիզնես եղող Ազատ հեռուստատեսությունը լիցենզիա ստանալիս ստիպված չեն եղել «Ա1+»-ի հետ մրցելու եւ Ամալյանի Հանձնաժողովի օգնության կարիքը զգալու։ Այստեղ ամենազարմանալի երեւույթը, գրեթե իրոք անհավատալի եղող երեւույթը, Ռոբերտ Սահակյանցի՝ մեր ոսկեղենիկ հայերենով հաղորդումներ վարելն էր։ Բաքվից Երեւան տեղափոխվելուց առ ազատագրված տարածքներ հիմնովին հաստատվելը՝ հայերենն արհամարհելուն սովոր եւ միմիայն ռուսերեն խոսող մարդը, հարգելով ազատագրված տարածքներում գործող օրենքները եւ իբրեւ օրինապաշտ հայ, Ֆիզուլու Ազատ հեռուստատեսությամբ հայերեն հաղորդումներ էր վարում։

Իսկ Ալեքսան Հարությունյանը Հանրայինում ամեն օր ցուցադրվող «–Դոլորես, ես քեզ սիրում եմ ։– Ո՛չ, Խոսե Միգուել, ես իմ նախկին ամուսնու եղբայր Ֆելիփեին եմ սիրում, չնայած նրա կնոջ եղբայր Կառլոսից եմ հղիացել» ասող, անբարոյականություն սերմանող սերիալներն Ազատ հեռուստատեսությամբ հեռարձակելն արգելել էր. այստեղ միմիայն բարոյականություն քարոզող նյութեր էին եթեր դուրս գալիս, եւ ոչ մի Դոլորես ոչ մի Խոսե Միգուելի չէր սիրում եւ, առավել եւս, Ֆելիփեի կնոջ եղբայր Կառլոսից չէր հղիանում։

Ֆիզուլուց վերադարձի օրը Ազատ հեռուստատեսությամբ մի լավ լուր հաղորդեցին, որտեղ հայտնում էին, որ նախկին վարչապետներից, ի տարբերություն աշխարհի մնացած հայերի՝ դեռ մանուկ հասակում խավիար ճաշակած լինելու առավելությունն ունեցող Արմեն Դարբինյանի գլխավորած Արժանապատիվ Ապագա կուսակցության ինքնալուծարման մասին։ Հեռուստատեսությամբ արդեն մոտ տաս տարուց ավելի, տարածաշրջանում բնակություն հաստատած կուսակցության նախկին նախագահը հանդիսացող եւ ամենայն հայոց սոցիոլոգ Տիկին Լյուդմիլա Հարությունյանի հետ կայացած հարցազրույցն էին ցուցադրում եւ նա, իր երբեմնի կուսակցության այս խոհեմ որոշումը ողջունելով, ասում էր, որ կատարվածը տրամաբանորեն հաստատում է ազատագրված տարածքներում իրական արժանապատիվ ապագայի կայացած լինելու արդեն արձանագրված անհերքելի փաստը։

Կուբաթլուն դարձել էր ամբողջ ազատագրված տարածքների շրջկենտրոնը՝ նախ իր 40 հազար բնակչությամբ, ապա՝ այնտեղ հանգրվանած ազգիս ընտրյալների ընտրանիով. Զորի Բալայանը բոլորիս տարիներ շարունակ պանթուրքիզմով վախեցնելու եւ Երեւանում իր ու իր բարեկամների համար մայրաքաղաքային հողատարածքներ հաջողացնելու գործը թողած՝ ահա եւ եկել հաստատվել էր այստեղ ու սիրահոժար կերպով սփյուռքից ներգաղթող հայրենակիցների տարբեր հարցերով էր զբաղվում։ Ըստ նրա՝ այստեղ մշտական բնակություն հաստատող սփյուռքահայերը տարածքի բնակչության ավելի քան 45 տոկոսն են կազմում, իսկ իր պես նախկին ղարաբաղցիները՝ 35 տոկոսը, եւ այստեղ գործող համատեղ ձեռնարկությունների թիվը հասել է 85-ի։ Արտահանման ծավալները գերազանցում էին ներկրման ծավալներին, եւ տարեկան տնտեսական աճը 22 տոկոսին էր հասել, որն էլ, բնականաբար, կովկասյան հրաշք կարելի էր անվանել։

Ու քանի որ երկրի ողջ տարածքում կաշառքն ու կաշառակերությունը բացակայում էին, անգործությունից հոգնած Բագրատ Եսայանը եւս որոշել էր գալ եւ Կուբաթլուում հաստատվել։ Նա այստեղ վերադարձել էր իր նախասիրած նախկին գործունեությանն ու շրջանի սկաուտական շարժման գլուխն էր անցել։ Սկաուտականները 12 հազարից էլ շատ էին եւ ամենշաբաթյա բանակումներից ու կազմակերպված արշավներից բացի, օգնության կարգով, կամավորական սկզբունքով մասնակցում էին բոլոր շինարարական աշխատանքներին։

Բնականաբար, այս բոլորը կատարվում էր իրենց 114 տարվա կուսակցության կազմակերպչական աջակցության շնորհիվ՝ չնայած հենց իրենց իսկ մեղքով էր Ախալքալակի հայաթափման տխուր փաստը իրականացել, բայց նրանք քավության նոխազ չլինելու համար՝ անում էին ամեն ինչ նախկին ախալքալակցիներին ազատագրված շրջաններում տեղավորելու համար։ Այդ իսկ պատճառով էլ ամենուր երեւում էին «Մեր նպատակը միացյալ բարգավաճ Հայաստանն է» եւ «Դեպի երկիր» կարգախոսները։
Հնչակյանները նրանցից ետ չէին մնում, նրանց ներդրումների շնորհիվ շրջանում գորգագործությունը լուրջ զարգացում էր ապրել եւ, կարելի է ասել, չկար առանց գորգ հյուսող դազգահի հայի տուն։ Մետաքսե ձեռագործ գորգերը դեռ չավարտված՝ արդեն մեծ գումարների դիմաց վաճառվում էին Եվրոպայում եւ Ամերիկաներում։

Շրջանում գոյություն ունեցող երեք փայտամշակման եւ կահույքի գործարանները եւս հնչակյան ազգայինների կատարած ազգանվեր գործի արդյունքն էին։ Եվ այս ամենով չբավարարվող հնչակյանները հիմա էլ նախաձեռնել էին գինու, օղու եւ կոնյակի նոր գործարանի կառուցումը։ Միայն նրանց ջանքերի շնորհիվ սփյուռքից տարածաշրջան ներգաղթել էր 15 հազարից ավելի հայ։
Կուբաթլու-Զանգելան ճանապարհի աջ եզրում Ռամկավարների կողմից կառուցված համակարգչային սարքավորումներ արտադրող հսկա գործարանն էր, ուր օրը երկու հերթափոխով 6 հազար մարդ էր աշխատում։

Գործարանի տնօրենը պատմում էր, թե եկող տարի կառուցվելիք նոր գործարանում մոտ 8 հազար հոգի եւս աշխատելու է։ Պարզապես նեղ մասնագիտացված աշխատողների քանակի պակասի պատճառով, որոնք այժմ նախապատրաստական դասընթացների են հետեւում, գործարանի բացումն ուշանում է։ Ուրախալի էր, անշուշտ, տարիներ շարունակ եւ ամբողջ Հայաստանով մեկ մասոնականության ցանց հյուսելով զբաղված եւ Սողոմոնի տաճարի շինարարության օգտին աշխատած մարդկանց այժմյան հայրենանվեր գործունեությանն ականատես լինելը։

Զանգելանում, որ հիմա իր հնամենի անվամբ Կովսական է կոչվում, կարողացանք մնալ միայն կես օր, քանի որ շտապում էինք ճիշտ ժամին հասնել Մեղրու միջազգային երկու օդանավակայաններից մեկում ամենօրյա Բեյրութ-Հալեպ-Մեղրի չվերթն իրականացնող օդանավի վայրէջքին։
Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Զանգելանն իր անծայրածիր բամբակի դաշտերով, թեթեւ արդյունաբերության՝ մետաքսի, կտորի, կերպասի արտադրության գերժամանակակից երկու հզոր գործարաններով տարածաշրջանի չորս երկրներից ամենաորակավոր արտադրանքը տալով՝ միջազգային շուկայում իր գներով անմրցելիություն էր ապահովել արդեն։ Արդյունաբերության այս ճյուղում աշխատում է մոտ 8 հազար մարդ եւ շրջանի բնակչության թիվը գերազանցում է 35 հազարը։

Մեղրու միջազգային երկու օդանավակայաններից «Արաքս-1» հասանք կես ժամ ուշացումով։ Մեզնից բացի Բեյրութից Հայաստան ներգաղթող երկու հայ ընտանիքին դիմավորելու էին եկել արդեն երեք տարուց ավելի Հայաստանում հաստատված իրենց հարազատները։ Եկողներից մեկի կինն ինձ հետ եղող սփյուռքահայ ընկերոջս հարազատ քույրն էր, մյուսը՝ հայտնի գրող Անդրանիկ Ծառուկյանի ծոռը։ Նրանք օդանավի վայրէջք կատարելուց տասը րոպե անց արդեն իրենց իրերով դուրս էին եկել։ Օդանավակայանի պետական ծառայությունների աշխատակիցները բավականին բարեհամբույր էին եկողների նկատմամբ, նրանց ոչ միայն որեւէ նեղություն կամ տհաճ վերաբերմունք ցույց չէին տվել, այլեւ ընդհակառակը՝ օգնել էին՝ ինչով կարողացել էին։

Մեղրու «Արաքս-1» օդանավակայանից դեպի Շվանիձոր շարժվող մեր ինքնաշարժերի ձայնասփյուռով վերջերս մոդայիկ դարձած եւ գրեթե մեր բոլոր երգիչ-երգչուհիների կողմից երգվող, բոլորի կողմից սիրված մի երգ էր հնչում՝ Փառք քեզ Հայաստան, դու վերածնված Հայրենիք հայոց։

Հ. Գ. - Սույն հոդվածում գրված եւ ոչ մեկ բան իրականությանը չի համապատասխանում. հորինվածք են բոլոր անուններն ու դեպքերը։ Սա ընդամենը մի ուղեցույց է նախ հայրենի իշխանությունների, ապա եւ՝ վերջերս ազատագրված տարածքներ այցելելու ցանկություն հայտնած հայ լրագրողների համար։

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆ
Երեւան, 10 օգոստոս, 2004 թ.




ՍՓՅՈՒՌՔԸ՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ

Հայրենակիցներ, ձեզանից որեւէ մեկը վերջին մի քանի ամիսներին մեր սփյուռքահայերի ձայնը լսած կա՞։ Խոսքը վերջին տասնամյակներին Հայաստանից արտագաղթածներին չի վերաբերում, այլ ցեղասպանության արդյունքում գոյացած «դասական» սփյուռքին։ Չէ՞, չե՞ք լսել, գիտեմ, որ չեք լսել։ Նրանց ամեն տարի լսում ենք սոսկ ապրիլի ընթացքում. Հալեպից` Բուրջ Համմուդ, Փարիզից` Լոս Անջելես, այդտեղից էլ Տորոնտո կամ Բուենոս Այրես, խոսում են ու պատմում, թե տասնամյակներ առաջ Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում մեր մեծ հայրերի հետ ինչ է տեղի ունեցել եւ... նրանցից մեծ մասը առանց մեկը մյուսին հերթ տալու Ապրիլի 24-ին նախորդող շաբաթվա ընթացքում հանուն պատմական ճշմարտության պայքարող արդարության մարտիկներ են դառնում։

Երբ ասում եմ մեծ մասը, խնդրում եմ ասածս աշխարհասփյուռ հայության` քանակով ամենափոքր հատվածի մեծ մասը հասկացեք, որովհետեւ հայրենիքից դուրս ապրող մեր հայրենակիցների գրեթե 80 տոկոսը ամբողջովին ձուլված է, մնացած 20 տոկոսի մեջ էլ, եթե մի կողմ թողնենք իրենց լեզուն, մշակույթը կամ պատմությունն իմացող Հայաստանի հազիվ մի գյուղի բնակչության չափ եղածներին, մնացածի մեջ հավատացեք, քարտեզի վրա մեր պետության տեղն իսկ իմացողները շատ քիչ կլինեն։

Եվ ահա նրանց` կարելի է հայկական սփյուռք կոչել։ Ուստի ասելիքներս, հենց այս շատ քչերի մեծ մասին է վերաբերում միմիայն։ Սփյուռքյան տարբեր գաղթօջախներում, ինչպես վերը նշեցի, տարվա 52 շաբաթից ապրիլյան գոնե այս մեկ շաբաթվա համար կլինի այդպես, այսինքն` մեր պատմական մեծագույն կորուստների վրա լաց եղողներ շատ կլինեն։ Իսկ մնացած 51 շաբաթում, ինչպես մարդկության մնացած հատվածի, այդպես էլ մեր սփյուռքահայ հայրենակիցների համար տիրապետողը, բնականաբար, առօրյա կենցաղային հոգսերը կլինեն։

Բայց մեզ մոտ իրավիճակը խիստ տարբեր է վերեւում բերված օրինակից. այստեղ պետականորեն հայտարարված մեկօրյա սուգին նախորդող եւ հաջորդող բոլոր օրերին, այսինքն` 364 օր անընդմեջ, ապրող, շնչող, կենդանի Հայաստան կերտելու ծանր գործը, իր անտանելի ծանրությամբ իսկ, ամբողջ ժողովրդի համար գրեթե բնական առօրյա է։ Ինչ արած, ի տարբերություն մեր` օտար ափերում հանգրվանած բազմամիլիոն սփյուռքահայ քույրերի եւ եղբայրների, մենք մեր երեխաներին ավելի շատ ենք սիրում, քան մեր գերեզմանն իսկ անհայտ մեծ հայրերի եւ ամենօրյա քրտինքով փորձում ապագա սերունդներին հայ մեծացնել։

Ծանր փորձությունների միջից անցնելով` աշխատում ենք մեր երեխաներին մարդավայել, քաղաքակիրթ երկիր թողնել ու սույն նպատակի իրականացման համար էլ ամեն մեկս իր բաժին Հայաստանն է կերտում։ 1915թ. մեծ ոճիրն, անշուշտ, դատապարտելի է, սակայն դատապարտելի են նաեւ մերօրյա ազգային ամրոց Հայաստանում օրնիբուն կատարվող եւ, որպես օրենք, երբեք չբացահայտվող ոճիրները։

1915թ. կատարված եղեռնի պատճառով մեր բնօրրանից բռնի արտագաղթի ենթարկված լինելն անընդունելի հանցանք է անշուշտ, սակայն առավել մեծ հանցանք է հայրենիքում խաղաղ պայմաններում ապրող հայ ազգաբնակչության սեփական պետությունից վայ իշխանավորների պատճառով «կամավոր» արտագաղթելն ու օտար ամայի ճամփեքի վրա անիմաստ բախտ որոնելը։ 1915թ. մեր ազգի հանդեպ կատարվածը մարդկության դեմ իրագործված ոճրագործություն է անկասկած` ցեղասպանություն բառիս բուն իմաստով, որի պատճառով 1, 5 միլիոնից ավել զոհերի անդառնալի կորուստն ունեցանք։ Ապա ինչպե՞ս կոչենք վերջին երկու տասնամյակում ունեցած մեր 1, 5 միլիոնից ավել քույրերի, եղբայրների հայրենիքից ընդմիշտ հեռանալով հայոց պետականությանը պատճառված կենդանի կորուստի ծանրագույն փաստը։

Սպիտակ եղե՞ռն ասենք, թե՞ նստենք ազգովին ու կրկին մեր նորօրյա ցավը ողբանք։ Ի՞նչ անենք։ Երբ թուրքերը, սփյուռքում իբրեւ պանդուխտ հայտնված մեր հայրենակիցների հոգու խորքում կրած անջնջելի ցավն իրենց անվերջանալի ստերի եւ կեղծիքների միջոցով էլ ավելի են բորբոքում, թարմացնում ու խորացնում, մենք` իբրեւ պատմական անհերքելի իրողության զոհեր, նրանց անարդար վերաբերմունքի պատճառով կրկին սրտնեղում, անզորությունից կատաղած «թուրքը մնում է թուրք» ենք ասում։

Սակայն թուրքերին մի կողմ թողնելով` ինքներս մեզ հարց տանք, որ 1915թ. տեսած մեր ազգի զավակներին հիմա ինչպե՞ս պիտի կարողանանք բացատրել բավականին երկար տարիներ շարունակվող սեփական իշխանությունների ստերն ու անվերջանալի կեղծարարությունները, 21-րդ դարում` աշխարհի աչքի առաջ իրականացվող ճչացող-աղաղակող խեղաթյուրումների արդյունքում հերթական անգամ հայ ժողովրդից իր ապագան գողանալու ստոր փաստը։

Պատմական ճակատագրի բերումով այս մի կտոր երկնքի տակ ծվարած մի բուռ հայերով կրկին իրավազուրկ դառնալու, անմարդկային վիրավորանքների, անարժանապատիվ նսեմացման ու ստորացումների ենթարկվելու համար հիմա ու՞մ պիտի մեղադրենք։ Ի վերջո, կարո՞ղ է այս անգամ էլի անզորությունից սկսենք մենք մեզ համոզել, որ հայ ժողովրդից իշխանությունը զավթած «հայերն էլ են մնում թուրք» եւ սուգուշիվան հայտարարենք ազգովին։ Նրանց` մեր սփյուռքահայ հայրենակիցներին «թուրքը» շատ է պետք անշուշտ, առանց որի իրենց գոյության փաստը անիմաստ «սուգուշիվանը» հիրավի անհեթեթություն են դառնում։

Էլ չեմ ասում իմ վերոնշյալ բառապաշարով այդ շատ քչերի մեծ մասի, տարվա գոնե միայն այս մեկ շաբաթը «մշտական զոհ» ու անարդարությունների դեմ պայքարող «քաջ հերոս» ձեւանալու խիստ անհրաժեշտ պահանջի մասին։ Այս իրողությունների ուղիղ համեմատությունը մեզ թույլ է տալիս մտածելու, թե ինչու՞ մեր սփյուռքահայ հայրենակիցները արդեն ահագին ժամանակ` Հայաստան պետության համար ամենաճակատագրական այս ժամանակներում կամովին եւ գիտակցաբար, հանրահայտ երեք կապիկների դասական կոմբինացիան նախընտրելով, իրենք իրենց կույր, խուլ ու համրի, մեզ էլ` անհասկացողի տեղ են դնում։

Պատճառը մեկն է. նրանք իբրեւ նույն ազգին պատկանող, բայց արագորեն մահացող, վերացող տեսակի ներկայացուցիչներ, Հայաստանում ծնվող նոր էակի, ապրող, շնչող, շարժվող, մտածող, հետազոտող, զարգացող, ինքնուրույն փորձերով կյանք որոնող, նորահայտ բազմազան բջիջներով հասունանալու նշաններ ցույց տվող եւ նմանատիպ այլ զանազան որակների կրողը հանդիսացող կենդանի օրգանիզմի փաստի հետ չեն հաշտվում։ Այդ իսկ պատճառով էլ նրանք գերեզմանատան մեջ իրենց ավելի լավ են զգում, քան ծննդատանը։ Նորածնի ճիչն իրենց ավելի խորթ է թվում, քան կյանքից հեռացող սիրելիի համար թափած արտասուքը։

Նրանց մահացող ծեր մարմինը ծուլացել է արդեն եւ ամեն տեսակի կենդանության նշան ցույց տվող շարժմանն իրենք դանդաղկոտ զգայարաններով են հակազդում` շատ հանկարծակի եւ լռելյայն անշարժանում են։ Ուստի մահացողի եւ համառորեն ապրողի միջեւ իրենց գոյությամբ իսկ իրար հակասող նպատակների անբնական համակարգի հետ գործ ունենք։ Մեկտեղել այս երկու հակադիր իրավիճակներն անհնար է բնականաբար, հենց այդ առումով էլ հասկանալի է դառնում հայրենիք ժամանող սփյուռքահայերի այստեղ բացառապես «նյութական Հայաստան»` Գառնի, Գեղարդ, Զվարթնոց, Էջմիածին այցելության փաստը։

Նրանց կենդանի, ապրող երկրի տարածքում միայն պատմական հուշարձաններն են հետաքրքրում, եւ հայն իր հայրենիքում` վզից լուսանկարչական ապարատը կախած չտես ճապոնացու նմանությամբ իրականում կադր առ կադր անցյալի հիշողություններն է շխկացնում ու «թարմացնում»։ Այս պատճառահետեւանքային անհերքելի իրողությունն էլ փաստում է, թե ինչու՞ տարվա միայն «Ապրիլի 24-ին» նախորդող օրերին դեպի Հայաստան եկող օդանավերում եւ հյուրանոցներում ազատ տեղ երբեք չի լինում։ Զավեշտ է, անշուշտ, բայցեւ` տխուր փաստ։

Միայն մեր տխուր անցյալը հիշող սփյուռքահայերին պետք է անընդհատ Հայաստանի կենդանի ներկան կարեւորելու, ձեռք բերվածը ըստ արժանվույն գնահատելու անհրաժեշտությունը հիշեցնել։ Օրվա հրամայականը, ըստ իս, համազգային սգո արարողության մասնակից լինելու նպատակով Հայրենիք ժամանող եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեր անմեղ զոհերի հիշատակին խոնարհաբար հարգանքի տուրք մատուցող սփյուռքահայ հայրենակիցներին իսկական հայրենասիրության` հիմա նեղ օրեր ապրող հայ ժողովրդի այսօրվա դարդ ու ցավերին դարման լինելու գործին մասնակից լինելու պահանջը բացատրելն է։

Ցավով եմ նկատում, որ մեր սփյուռքահայ հայրենակիցների ապրած երկրներում 1915թ. հայոց ցեղասպանության ճանաչման համար գործադրված մեծ ջանքերի եթե նույնիսկ մեկ տասներորդը Հայաստանում ժողովրդավարական համամարդկային արժեքների հաստատման եւ զարգացման համար օգտագործված լիներ, այժմ մենք կարող էինք այդ ճանապարհի մեծ հատվածն անցնելով` մեզ միջազգային քաղաքակրթության մաս կազմող ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ զգալ։ Ափսոս, որ սփյուռքի տհասները մեր բոլորի ներկան անցյալին զոհաբերելով այդ խեղդել փորձողներին ակամայից օժանդակում, կատարվող սպանդին մեղսակից են դառնում։

Սփյուռքը առանց Հայաստանի գոյություն ունենալ չի կարող եւ այս անհերքելի իրողության գիտակից մեր այդ շատ քչերի մեծ մասը ի վերջո պետք է հասկանա, որ հիմա լռելը եւ հայրենի ժողովրդի իղձերի նկատմամբ ջայլամի կեցվածք ընդունելը մեզ կարող է, ահագնացող արտագաղթի առկայության պատճառով, նորից համազգային աղետի առաջ կանգնեցնել։ Սա էլ, ուզում եք ընդունել կամ ոչ, ազգիս ցեղասպանության հավասարազոր կորուստներ կպատճառի։ Ահա այս մտահոգությամբ պետք է սգանք մեր հին թե նոր բոլոր զոհերի հիշատակը։ Վերածնված հայրենիքի իրողությանը փառք տալով` ժամն է զգաստանալու եւ բոլորիս պայծառ ապագայի հանդեպ ունեցած հավատքով` Հայաստանի ներկան կերտելու սուրբ գործում մեր համեստ բաժինն ունենալու վճռականությամբ ապրելու նոր հրամայականը։

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆ
2005 թ.