Մակար Բարխուդարյան. ԱՐՑԱԽ.4


ԺԷ. ՓԱՌԻՍՈՍ ԳԱՒԱՌ.

Գաւառիս սահմաններն են արևելքից Շամքոր գետակն և Փառիս օժանդակն, հարաւից` Գեղամեան լեռնաշղթայի գագաթնագիծն, արևմուտքից` Տաւուշ գետակի արևելեան օժանդակն և հիւսիսից դաշտաբերանն:
Այցելու սուրբ (Փիրնազար) երկու աւերակ եկեղեցիներ, որք կան Տանձուտից բաւական վերև: Մերձաբնակ պարսիկ բնակիչներն մեծ յարգանքով են վերաբերուում ուխտ անելով և մոմեր վառելով աւերակներիս քարերին և յարգանքով արտասանում Փիր-Նազար:
Տանձուտ աւերակ. Գտնուում է Փառիս վտակի ձախ ափի վերայ, Ատի շէն աւերակի հանդէպ: Խիստ ընդարձակ է գիւղիս աւերակն և հանգստարան. ևս առաւել եկեղեցին, որ հիացնում է այցելուները իւր հոյակապ շինութեամբ և մեծութեամբ: Կառուցեալ է վեց սիւների վերայ. ունի երկու փոքր և մի աւագ խորան, երկու գեղեցիկ խորհրդարան, երկու դուռն հարաւից և հիւսիսից. 27 մետր երկարութիւն, 15 մետր 60 սանթիմ լայնութիւն: Այժմ խոնարհուած է աւագ խորանն, ձախակողմեան դասի կամարով միասին և փոքր ինչ տեղ տաճարիս արևմտեան հիւսիսային անկիւնից (ձեղունից). չունի արձանագրութիւն:

ՓԱՌԻՍՈՍԻ ՎԱՆՔ.

Հիմնուած է Տանձուտիցս փոքր ինչ վերև մի պատուական և անտառապատ սարահարթի 1) վերայ: Արևմտեան կողմում բարձրացած է Հովուի սարն (Չօպան-դաղի) սարահարթիցս վերև, որի եզերքներով շրջապատուած է ամուր պարիսպ, որ այժմ կիսաւեր է, որի մէջ կայ երեք եկեղեցի:
–––––––––––––––––––––
1) Սարահարթս ունի բոլորակ ձև, միջակ մեծութիւն:

Ա. շինուած է արևելեան կողմում. Բ-ն` մէջ տեղում. Գ-ն` արևմտեան կողմում, համարեա' թէ մի շարքի վերայ: Բ. և Գ. տաճարներն ունին երեք սիւնով կամարակապ գաւիթ. իւրեանց հարաւային կողմում, իսկ Գ. տաճարն իւր դռնագլուխ քարի վերայ ունի. «Մուսէս երէց»։ Միջի եկեղեցին աւելի մէծ է միւսերից: Երեքն ևս հին շինուածք են, որոց դռներն բացուած են հարաւային կողմից: Արևելեան տաճարս ևս ունի փոքրիկ գաւիթ, որի մօտ է զանկատունն, որ շինուած է սրբատաշ չիչ քարով. չիչ քարով շինուած են բոլոր տաճարների և սրահների անկիւնաքարերն և կամարներն. իսկ մնացեալ մասերն անտաշ քարով: Բ. և Գ. տաճարներն ունին 25 մետր երկարութիւն և 11 մետր 70 սանթիմ լայնութիւն: Ամբողջապէս կանգուն են տաճարներս. բայց աւերակ են միաբանից բոլոր խուցերն: Շատ  գերեզմաններ կան թէ՛ պարսպիս ներսումն և թէ' դրսումն, սակայն չգտանք գրութիւն: Վանքիս մօտ երևում են ջրաւազան և խեցեղէն խողովակների հետքեր, արևմտեան կողմի աղբիւրի ջուրն բերուած է վանքս:
Ջոխտակ-կամուրջ. Գետաբակի երկաթուղու վերջին կայարանն է այս, որ կայ Փառիսոս և Շամքոր վտակների խառնուրդի մէջ: Կայարանումս դիզուած են խարոյկներով փայտ և ահագին ամբարներով ածուխ, որք հետզհետէ փոխադրւում են Գետաբակի և Փառիսոսի գործարաններն պղնձաքարերը հալելու:
Երկաթուղու գիծն վերջացած տեղի արևելեան հանդէպ, վտակի աջ կողմի բարձրութեան վերայ կայ մի եկեղնցի, որի գլուխն խոնարհուած է:

ՓԱՌԻՍՈՍ ՔԱՂԱՔ (Ղալաքեանդ) (48)

Շինուած է Շամքոր գետակի աջ ու ձախ ափերի լանջերի վերայ Ջոխտակ կամրջից մօտ երեք մղոն վերև: Բաւական ընդարձակ է աւերակիս ծաւալն. բնակչաց որքանութիւնը մօտաւորապէս գիտենալու համար` բաւական է յայտնել, թէ աւերակ քաղաքումս կայ տասնևմի եկեղեցի, երեքն գետակի աջ ափի վերայ, յորոց մին կանգուն է և երկուսն կիսաւեր. իսկ ութն շինուած է գետակի ձախ կողմումն, որից կանգուն են` երկուսն և աւերակ` վեցն: Աւերակների հիմքերն պարզապէս երևում են և շատ տարի չէ որ քանդած են, ինչպէս վկայում են ականատեսներն: Մայր եկեղեցին հիմնուած է գետակի ձախ ափի վերայ, որը մի քանի տարի առաջ քանդած 1) և սորա քարերով շինած են խանութներ: Աւերակ տաճարիս երկարութիւնն է 15 մետր, լայնութիւնն 11 մետր 50 սանթ. և գտնուում է այժմեան խանութների մօտ: Դեռ պարզապէս նշմարուում են խիտ առ խիտ տնաբակեր և քարուկիր շինութեանց շատ հետքեր: Աւագ եկեղեցուս արևմտեան կողմում, ոչ այնքան հեռի, երկաթուղու գծի տակ կայ երկու քարեայ խաչարձաններ. արևելեան խաչարձանի վերայ.
«Թվին ՉԻ. յանուն Աստուծոյ ես Հայրապետ . ւա … եղբայր Փա կանգնեցաք զխաչս յիշատակ հաւր մերոյ Խորենայ, մաւր մերոյ Շաղակկոյ ու եղբաւր մերոյ Խայոմթենշայ, ով զայս գիրս կարդայ… 2)»։
Արևմտեան խաչարձանի վերայ. 3)
«Թվ. ՋԼ. յանուն Աստուծոյ ես Սասնայս կանգնեցի զխաչս 'ի տէրութեան ժամանակի իմոյ` յիշատակ ինձ և ծնողաց իմոց և ամուսնոյն իմոյ Սիրունիկայ և որդւոյ իմ Սարգիսայ և դստերն իմոյ Մամա Խաթունայ, Նփաղհաճայ եղբաւրն Սիրունիկայ. կանգնեցաւ խաչս բարեխաւսութեան հոգոց մերոց: Ով կարդայ այս. Դաւիթս յիշեսցէ առ Աստուածջրհեց…. (շինող վարպետի անունն է Դաւիթն)»։
–––––––––––––––––––––
1) Տակաւին մնում են հիմքն և խորանի կլորակն
2) Անընթեռնլի են կետադրեալ բառերն:
3) Ունի 2 մետր 75 սանթ. երկար: 1 մետր. 22 սանթ. լայնութ.

Այժմ անմարդաբնակ է  քաղաքս, բայց ամրան երեք ամիսներում հաւաքուում են այստեղ մի քանի վաճառականներ` դարբին, պայտառ, դերձակ և այլ արհեստաւորներ` ամարանոց բարձրացողների պէտքերը հոգալու և շահուելու համար:
Սուրբ Յովհաննէս. Քարուկիր փոքր եկեղեցի, որ կայ Փառիսոս քաղաքի աւերակի արևելեան հանդէպ գետակի աջ կողմի բարձրութեան վերայ, մի գեղեցիկ հարթակի վերայ: Տաճարիս երկարութիւնն է 8 մետր 27 սանթիմ, լայնութիւնն 5 մետր 5 սանթիմ: Փոքր ինչ ծակուած է հարաւային դասի առաստաղից: Արտաքուստ արևմտեան մի կանաչագոյն խաչքարի վերայ. «Թվ. ՇԾԵ. (1106) ես Վա….. (անընթեռնելի)»։ Դրան մօտ այլ խաչքարի վերայ. «Թվ. ՋԻ.»։ Ունեցած է և շրջապարիսպ և միաբանից խուցեր, բայց կործանուած են, մնում են միայն գերեզմաններ:
Եկեղեցուս արևմտեան կողմում, փոքր ինչ վար լանջի վերայ կայ մի փոքրիկ մատուռ շինուած անտաշ քարով, որի մէջ կայ մի գերեզման, բայց անարձանագիր է քարն, որ կոչուում է Ճգնաւորի գերեզման:
Աւերակ գիւղատեղիներ, եկեղեցիներ և հանգստարաններ կան Ղարա-Բուլաղ, Սաբէթ-Կէչմազ և Չայ-դաղ կոչուած տեղերում, որք գտնուում են Փառիսոս քաղաքիս հիւսիսային կողմում:
Գարգար աւերակ գիւղ Փառիսոս քաղաքի հիւսիս-արևմտեան կողմում, ջրաձորի աջ լանջի վերայ, ուր կայ կիսաւեր եկեղեցի և հանգստարան: Այժմ մահմետականներ են բնակում այստեղ և կոչում են գիւղս Գեառգեառ:
Փոքր-Ղարա-Մուրատ 1)
Գարգար գիւղիս արևմտեան հանդէպ, վտակի ձախ կողմի բարձրութեան վերայ Հայոց գիւղ, այէմ թրքաբնակ, բայց կայ կիսաւեր եկեղեցի և հանգստարան:
–––––––––––––––––––––
1) Գււղերիս բնակիչներն Վրաց վերջին Հերակլ թագաւորի օրով գաղթած և բնակութիւն հաստատած են Շուլաւերում:

Մեծ-Ղարա-Մուրատ, որ կայ նոյն վտակի ձախ կողմի լանջին վերայ: Այստեղ կայ երկու եկեղեցի, մինն խիստ ընդարձակ, հոյակապ, կանգուն և միւսն փոքր և կիսաւեր`մօտ առ մօտ: Վեց սիւների վերայ շինուած է մեծ եկեղեցին, որի մէջ մնում են վէմ և սեղան քարերն: Խորանի ճակատին. «Շինեցաւ սուրբ տաճարս ձեռամբ անարժան Ջուղայեցի ուստա Մուսէսին որդի Ետկարին զաւակ Սողոմոնին` հրամանաւ Փիլիպոս կաթուղիկոսին եկի շինեցի սուրբ եկեղեցիս Ղարամուրատին Հայոց թվին ՌՁԳ. ով կարդաք, ողորմի Մոսէի յիշեցէք 'ի Տէր, Աստուած ձեզ յիշէ, ամէն»։ Ձախ փոքր խորանի ճակատին. «…. թվին ՌՁԴ. էր… և եկեղեցի… Սառիկն և հայրն Վելիճանն և որդին Ղարա մուրատն, Ղուկասն և դուստրն իւր Գուլաղէն, Զաքարի հայրն Վելիճան, կողակիցն իւր Գուլդանէն, որդին իւր Աջամն, Հախնազարն, Ովանէսն յիշեցէք և Աստուած ողորմի ասէք»։ Փոքր ինչ սորանից  ներքև. «Սուրբ սեղանի քարն յիշատակ է Ըռըստիմին, իւր եղբայր Էվազին, Պարոնին, իրենց մայր Խաթունին թվ. ՌՁԴ»։ Գիւղիս, եկեղեցուս և հանգստարանիս ծաւալից այցելուն եզրակացնում է թէ Մեծ-Ղարա-Մուրատ գիւղաքաղաք եղած է: Այժմ թրքաբնակ է և այս: Խոնարհուած է փոքր եկեղեցու առաստաղն: Դռան վերայ. «Շնորհիւ Աստուծոյ ես Ովանէս վարդապետս, որդի ապաշխարողի շինեցի զեկեղեցիս (անապատ կուսանաց) արդեամբ գուիք (գոյիւք) ամենայն քրիստոնէից` յիշատակ ինձ և ծնողաց իմոց և ամենայն աշխատողաց 'ի մայրապետութեան անապատիս Թագուհւոյն և Կայինային 'ի ՌՃԾ. թվ.»։
Կիսաւէր Անապատ Մեծ Ղ.-Մուրատիս արևելեան հանդէպ վտակի աջ կողմի հարթի վերայ, որի մօտ կայ հանգստարան և խուցերի աւերակ և մի երկար քարեայ սիւն, որ ընկած է գետնի վերայ, բայց կրում է խաչ նշան և հակիրճ արձանագրութիւնս «Սուրբ Սարգիս»։

ԽԱՄՇԻ ՎԱՆՔ (49)

Հիմնարկուած է աւերակիս կամ սիւնիս արևելահիւսիս կողմում մի ձորահովտում: Կառուցեալ է սրբատաշ քարով երկու սիւների վերայ սագաշէն, որ կանգուն է բոլորովին և որի երկարութիւնն է 15 մետր 5 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 60 սանթիմ է: Դրան վերայ արտաքուստ. «Սուրբ խաչս Մար….. (եղծուած է)»։ Սորա հիւսիային կողմում. «սուրբ խաչս Ամիրխանին»։ Վանքս իւր հիւսիս-արևելեան անկիւնում ունի երկյարկ զանգատուն շինուած համակ սրբատաշ քարով: Թափուած են ինչպէս վանքիս տանեաց նոյնպէս և զանգատանս սալկախներն: Վերջնոյս գետնայարկում աստիճանաւոր պատուանդանի վերայ հաստատուած է մարդաչափ բարձրութեամբ մի քարեայ խաչ` յար և նման Յիսուս Քրիստոսի խաչափայտին, որի հարաւային և հիւսիսային թևերի վերայ. «Յիսուս Քրիստոս» և գագաթնահայեաց ստորոտում. «Թվ. ՌՁԸ.»։ Անյագ նայում է այցելուն, զմայլում և միանգամայն զարմանում խաչիս նուրբ քանդակագործութեան գեղարուեստի ճարտարութեան վերայ: Խաչիս մօտ մի այլ քարի վերայ կայ երկար արձանագրութիւն, բայց մահմետականք ջարդած են քարս և արած միջից երկու բաժին: Անկարող եղանք գտնել կէսը, որ միմեանց մօտ բերէինք և ընդօրինակէինք»։
Վանքս ունեցած է և շրջապարիսպ, միաբանից սենեակներ, որք աւերուած են այժմ, միայն մնում հանգստարանի տապանաքարերն:
Փնտխլու կամ Նոր-Սարաթովկա, գիւղս մինչդեռ կանխաւ եղած է հայաբնակ, այժմ մալականաբնակ է և հիմնուած Զակամ գետակի արևմտեան օժանդակի ձախ ափին: Սակայն մնում է հանգստարանն, որ ունի խիստ երկար (մի քար 3 մ. երկար է) տապանաքարեր և կիսաւեր եկեղեցին, որի երկրութիւնն 18 մետր, լայնութիւնն 11 մետր է:
Գիւղիցս Բաշ-գեղ տանող ճանապարհի վերայ կան հետևեալ հնութիւններն.
Ա. Մի փոքր եկեղեցի, հանգստարան և գիւղատեղի կայ ճանապարհի արևելեան եզրի մօտ: (Գուցէ այս է Սուլթանէ գիւղն, որի մասին տես Բանանց գիւղի Թ. աւետարնի յիշատակարանը):
Բ. Սորանից գրեթէ նոյնչափ վերև ճանապարհի արևմտեան եզրում է Մէլիք-զատա գիւղի աւերակն, մի մեծ և մի փոքր կիսաւեր եկեղեցի և խիստ լայնածաւալ հանգստարան (50):
Գ. այլ անանուն գիւղատեղի, հանգստարան և աւերակ եկեղեցի, որ կայ Բաշ-գիւղից ներքև:
Ա. Բաշ-գեղ. Հիմնուած է մի սարի 1)  հարաւահայեաց լանչի վերայ. բնակիչք տեղափոխուած են այստեղ Չորաթան գիւղից. հողն արքունի, սակաւ, լեռնային, անջրդի, բայց հացատու և յարմար անասնապահութեան, տեղական բերքերն` ցորեն, գարի, գարնանի, հաճար, ոչխար առատ, կով, եզն, գոմէշ, գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 112 տարի. եկեղեցին նորաշէն, Սուրբ Մինաս, ծածքն փայտաշէն, «Անուն Սրբոյն Մինասայ շինեցաւ եկեղեցիս արդեամբ ժողովրդոց Բաշքեանդի 1872 ամի մայիս 5-ին»։ Քահանայ 2 ծուխ 115, ար. 804, իգ. 639:
–––––––––––––––––––––
1) Սարս գրեթէ գտնուում է Զակամ գետակի և Տաւուշ գետակի արևելեան օժանդակի (Ախնջի) միջև:

Գիւղիս նախկին բնակչաց եկեղեցին Սուրբ Յովհաննէս անունն, ծածքն փայտաշէն, որի մէջ փոքր խորանում. «թվ. ՌԾԶ.». Այս է եկեղեցուս շինութեան թուականն: Մի կիսատ խաչքարի վերայ. Սիմոն, Տէր Մխիթար, Զանէ հանգուցեալ ի Տէր»։ «Սուրբ խաչս բարեխաւս Սահակի կին Եղիսաբէթին»։ Նախկին բնակչաց հանգստարանում կայ մինչև 700 տարուան, այս է Հայոց ՈԽԳ. թուականից արձանագրութիւն:
Գիւղիս շրջականերում կան հետևեալ աւերակներն.
Ա. Փարա-գիւղ, որի մէջ կայ և եկեղեցի և մօտն հանգստարան` Բաշ–գիւղիս արևելեան կողմում:
Բ. Աղքիլիսա (սպիտակ եկեղեցի), ուր կայ գիւղատեղի, հանգստարան և մեծ եկեղեցի: Աւերակներումս, որ գտնուում են գիւղիս հարաւային կողմում. բնակում են մալականներ:
Գ. Փոքր և աւերակ եկեղեցի, որ գտնուում է Աղ-քիլիսայից փոքր ինչ հեռի:
Դ. Կարմիր վանք (Ղզըլ-քիլիսա), որ շինուած է կարմիր քարով Աղ-քիլիսի հարաւային կողմում. Բաբաջան անուն վտակի ձախ ափում. մի բարձրագոյն ժայռի վերայ:
Ե. Այլ գիւղատեղի, հանգստարան և եկեղեցի Կարմիր վանքի արևմտեան կողմում:
Զ. Բաբաջան գիւղատեղի, եկեղեցի և հանգստարան, Կարմիր վանքից ներքև նոյն վտակի ձախ կողմում:
Է. Շմեղ գիւղատեղի, հանգստարան և եկեղեցի, Բաշ-գեղի արևմտեան կողմում Շմղ կոչուած տեղում:

ՀԻՆ-ԳԵՏԱԲԱԿ

Հիմնուած է Շամքոր գետակի ձախ կողմում մի ձորի հարաւահայեաց լանջի վերայ, որի նախկին բնակիչներն առհասարակ եղած են հայ: Այժմ ևս այստեղ է Հայոց սուրբ Գէորգ եկեղեցին, մեծ հանգստարանն, շուկան, խանութներն և շատ կանգուն տուներ: Այստեղ եղած է և ուրիշ մի եկեղեցի Հայոց, որը քանդել տուած է պղնձահանքի կապալառու պ. Քելլ գերմանացին և քարերը գործ դրած այլ շինութեանց համար: Նոյն պ. Գերմանացին շինել տուած է ինչպէս այստեղ, նոյնպէս և Փառիսոս քաղաքի ստորոտում շատ գործարաններ, բնակարաններ և զանազան շինութիւններ (բոլոր գործարանների և երկաթուղու գործիքներ շինելու համար) այս տեղից մինչև Ջոխտակ կամուրջ երկաթուղի և հեռագիր: Վերջապէս այստեղ են պղնձահանքերն: (որոց արտադրած պղինձներն աւելի ընտիր են) տեսակ տեսակ շոգեշարժ մեքենաներ, վառարաններ, պղնձաբովեր, ձուլարաններ, զտարաններ, ևն. ևն.: Մօտ 800 մարդ է բանում օրական թէ՛ այստեղ և թէ՛ Փառիսոսի գործարանում: Պղնձաքարերը հանում են հանքերից––լեռների տակերից, նախ զատում վատերը լաւերից, վատերը դիզում լեռնաձև, այրում ածխով կամ փայտով, ապա ջարդում և լցնում բովերի մէջ, վերստին հալում, զտում և հուսկ յետոյ կոտոր կոտոր ձուլում կաղապարներում: Ընտիր պղնձի հետ ելնում է և ոսկի: Բայց անտանելի է սաստիկ մուխն և ծծմբահոտն, որք գիշեր և ցերեկ Եգիպտոսի խաւարի նման թանձրակոյտ և մառախլապատ տարածուած են ոչ միայն գետաբակիս վերայ, այլ և ծածկում են մերձաւոր շրջակաները: Այժմ այստեղ բնակում են վաճառականներ, արուեստաւորներ, ծառայողներ, հայ, ռուս, գերմանացի գործավարներ և մշակներ, որոց մէջ կան և մահմետականներ: Երևի թէ շրջապարիսպ ունեցած է Հին-Գետաբակս իբր ամրոց, բայց անհետացած է այժմ:
Բ. ՆՈՐ-ԳԵՏԱԲԱԿ գիւղ. Հիմնուած է Հին-Գետաբակի արևելեան կողմում––սեռի ետևի արևելահայեաց լանջի վերայ. բնակիչք 1863 թուին տեղափոխուած են Ղազախի Կոթ, Ղալաչա և Ոսկեպար գիւղերից այստեղ, նախ բնակութիւն հաստատած Հին-գետաբակում, ապա տէրութեան հրամանաւ փոխադրուած Նոր-Գետաբակս: Տեղական բերքերն նոյն, հողն արքունի, բայց խիստ սակաւ և միանգամայն ապարդիւն. անվնաս օդն, կլիման և ջուրն, եկեղեցին նոյն––է սուրբ Գէորգ, քահանայ մի: Ծուխ 33, ար. 215, իգ. 202, ար։ ծն. 25, իգ. 22, պսակ 6, ար. ննջ. 7, իգ. 5:
Սուրբ Սարգիս. Ուխտատեղի է և փոքրիկ մատուռ ՀինԳետաբակի արևելեան հանդէպ ջրաձորի աջ կողմի բարձր և գեղեցիկ սարայարթում. ունի և փայտաշէն սրահ և անտառապատ շուրջ: (Այս տեղ բնակած է Յովհան––Մայրագոմեցի գիտնական վարդապետն):
Չարէքայ անապատ
Հիմնուած է Շամքոր գետակի ձախ ափի վերայ: Գրեթէ սագաշէն և փոքր եկեղեցի է կառուցեալ չորս սիւների վերայ, ունի և գաւիթ, որ շինուած է տաշուած քարով: Արտաքուստ հարաւային դրան վերայ.
«Ի թվին ՌՃԼԳ. շնորհաւք ամենակալին Աստուծոյ կառուցաւ յանուն փրկչին վերնատուն տեղի Հոգւոյն ճշմարտի եկեղեցիս սուրբ և գաւիթ գովելի. շինեցաւ ձեռամբ տեառն Ներսիսի հանդերձ եօթանասուն եղբարց ամենի փրկութեան.»..»։
Արտաքուստ արևմտեան դրան սեմի վերայ.
«Սուրբ խաչս բարեխաւս տէր Մովսէսին Ներսէսեանց վասն փրկութեան հոգւոյ Բարխուտարին, որք բազում սիրով ետուն շինել զգաւիթ սուրբ եկեղեցւոյն»։
Անապատս ունի և փոքր զանգատուն, որի վերայ.
«Ի թուին ՌՃԸ. կամաւք Աստուծոյ շինեցաւ զանգակատունս յանուն Հրեշտակապետացն Միքայէլի և Գաբրիէլի ի հայրապետութեան Պետրոսի սրբազան կաթուղիկոսին տանն Աղուանից և յառաջնորդութեան սուրբ ուխտիս և անապատիս Չարէքայ Սարգիս վարդապետի ձեռնտուութեամբ և աղաւթիւք եօթանասուն միաբանից կատարումն եղև խորանիս ի փառս Աստուծոյ, արդ ես Քրիստոսի ծառայ Սարգիս վարդապետ և աղաւթաւոր եղբարքս շինեցաք զսուրբ կաթուղիկէս ի փրկութիւն հոգւոց մերոց և ամենայն հետևողաց, որք ընթեռնուք, յիշեցէք զմեզ ի Քրիստոս»։
Փոքր ինչ դէպի  արևելք Հարանց մատուռ, որի վերայ. «Ի թուին Հայոց ՌՃԺԶ. ի հայրապետութեան տեառն Պետրոսի կաթուղիկոսին, ես Քրիստոսի ծառայ Սարգիս վարդապետս կանգնեցի զխաչս ի լուսաւորութիւն հոգւոյ իմոյ և ծնողաց իմոց տէր Յաւանէսին, Եղիսաբէթին և միաբանիցս, որք աստ կան հանգուցեալ և ամենայն ողորմածաց մերոց…..»։ Անապատս ունի և միաբանից խուցեր և ամուր շրջապարիսպ, որի դրան ճակատին. «Ի թուին ՌՃԿԳ. ես Մկրտիչ վարդապետս շինեցի պարիսպս, որ եղև խարջ ԻԸ, թուման. Ովանէս վարդապետն տուաւ Ժ. թուման. շինեցաւ…»։ Մատրանս մէջ ամփոփուած են Դաւիթ եպիսկոպոսի և Կիրակոս, Սահակ և Սարգիս վարդապետների մարմիններն: Վանքս ունի վանահայր և մի քանի ծառաներ.
Խունիսայ վանք.
Հիմնուած է Նոր-Գետաբակի արևելեան հանդէպ, Գետաբակ անուն վտակի ձախ կողմում, մի հարթակի վերայ, որին մօտ է Մօլլալու թրքաբնակ գիւղն: Փոքր վանքս ունի կաթուղիկէ և գեղեցիկ շինութիւն. բայց այժմ անմարդաբնակ:
Ջոխտակ եկեղեցի. մօտ առ մօտ կանգնած են երկու եկեղեցիքս Նոր-Գետաբակի արևելեան հիւսիսային հանդէպ մի դալարագեղ լանջի վերայ, որոց մօտ կայ գիւղատեղի և հանգստարան: Բայց անարձանագիր են տաճարներն և հանգստաքարերն:
Սուրբ Ստեփաննոս. Ջոխտակ եկեղեցու արևելեան կողմում, նոյն սարի արևելահայեաց լանջի վերայ, Տանձուտ կոչուած տեղում (այլ է Տանձուտս նախորդիցն) կայ մի աւերակ եկեղեցի, որի քարերը քանդած և տարած են մերձաբնակ Սաւեանկա գիւղի բնակիչներն 1): Այժմ մնացած է միայն աւագ խորանի կլորակ մասն: Հարաւային փոքր և աւագ խորանի մէջ եղած պատում մի խաչքարի վերայ.
«Եկեղեցիս Սուրբ Ստեփան, ես Մովսէս….»։ Այստեղ կայ մեծ գիւղատեղի և հանգստարան:
–––––––––––––––––––––
1) Աղանդաւորներիս բնակութեան տեղին ևս աւերակ գիւղ եղած է այոց, որի մէջ եղած է եկեղեցի և հանգստարան:

Գ. ԳԱՌՆԱԿԵՐ ԳԻՒՂ. Հիմնուած է Շամքոր գետակի ձախ ափին. խորագոյն ձոր է գիւղիս տեղն, վասն որոյ և խեղդուած տեսարանն. բնակիչք բնիկ, հողն արքունի և նուազ արդիւնաբեր և սակաւ, տեղական բերքերն նոյն և այգի––գինի, օղի, սևկևիլ, դեղձ, տանձ, խնձոր, ոչխար, փոփոխական օդն, տենդաբեր կլիման, 65––70 տարի երկար կեանքն. եկեղեցին Սուրբ Աստուածածին, կառուցեալ երեք կամարների վերայ 1838-ին. ունի մի աւագ և մի փոքր խո-րան (հիւս. կողմում). երկարութիւն 12 մետր 35 սանթիմ, լայնութիւն 8 մետր 20 սանթիմ. քահանայ մի: Ծուխ 80, ար. 618, իգ. 533, ար. ծն. 29, իգ. 23, պսակ 12, ար. ննջ. 4, իգ. 3:
Քարոզ գրքեր. Ա.-ն գտնուում է Փիփեցի պ. Յովհաննէսի մօտ, որ նօտրագիր է և պարունակում է առաքինութեանց և մոլութեանց ճառեր: Բայց թափուած են ձեռագրիս սկզբից և վերջից թերթեր: Բ.-ն բարեկրօն Յովսէփ քահանայ Բալեանցի մօտ, որ պարունակում է զանազան խրատական բաներ, որը գրած է «ամենախոնարհ ծառայ Աստուծոյ Եսայեայ դպիր տէր Խաչատրեանց 1848»:
Ծաղկոց վանք. Հիմնարկուած է Շամքոր գետակի ձախ ափի վերայ մի ժայռի գլխին, որ փոքր ինչ վերև է գիւղիցս: Մենաստանս ոչ սիւներ ունի և ոչ կաթուղիկէ, այլ ունի սովորականից շատ մեծ դուռն, բարձրագոյն շինուած և նեղ նեղ լուսամուտներ, 9 մետր 25 սանթիմ երկարութիւն և 6 մետր 40 սանթիմ լայնութիւն: Անյայտ է վանուցս շինութեան թուականն:
Դրան ներսում հիւսիսային կողմում. «Սուրբ խաչ տէր Ուհան պարոն Գաբրիէլին քաւարան թվ. ՌՃԼԸ.»: Մենաստանս ունեցած է և փայտաշէն գաւիթ, որը, հնութեան պատճառաւ քանդած են Գառնակերցիք յորդորմամբ նոյն Յովսէփ քահանային, այժմ շինում են նորը, որի պատերն քարուկիր են, իսկ ծածքն փայտաշէն (գի փայտով): Գաւթումս կայ երկու գերեզման, տեղացիք աւանդաբար Ճգնաւորների գերեզման են անուանում. տապանաքարերն անտաշ են և անարձանագիր:
Հրեշտակապետաց վանք.
Մենաստանիցս փոքր ինչ վերև է Գաբրիէլ և Միքայէլ Հրեշտակապետաց անուամբ շինուած վանքն, որ նոյնպէս գետակին ձախ ափին է և սագաձև կառուցեալ ինչպէս պարզ եկեղեցի: Ունի երկու փոքր և մի աւագ խորան (աւագ խորանի միջից բացուած է հարաւային փոքր խորանի դուռն և շինութեան կարգից բոլորովին դուրս հանուած է հիւսիսային փոքր խորանն) 10 մետր 65 սանթիմ երկարութիւն, 8 մետր լայնութիւն, և այս արձանագրութիւնը. «Շնորհիւն Աստուծոյ շինեցաւ Սուրբ Միքայէլ և Գաբրիէլս ձեռամբ Յովհաննէս վարդապետի և Մահտեսի Յովհաննէսի հանդերձ միաբան եղբարբք թվ. ՌՄԿԵ.»: Վանքս ունի նաև քարուկիր գաւիթ, որի մէջ ամփոփուած են ննջեցեալներ: Մի շիրմաքարի վերայ. «Այս է հանգիստ ճգնաւոր Յոհաննէս վարդապետի շինող վանիս Մաղաքի որդի. թվ. ՌՄՀԷ.»:
Վանքումս կայ մի ձեռագիր աւետարան, որ գրուած է հասարակ թղթի վերայ. չունի յիշատակարան, անճաշակ է ամեն ինչ:
Մի տպ. ձայնքաղ շարականի սկզբի թերթի վերայ.
«Տենդի աղօթք. Սուրբքն Սուքիր ինքն և Սուքիասանք. իժ մի ժանի և էր իբրև վարազին. կամին սպանանել զնա և ասէ. «Մի՛ք սպանանել զիս, երդնում զնոյն Կենդանին, որ տարածեցաւ ի վերայ խաչին, որ տեղ որ յիշէին, այլ ոչ մերձենան ի տեդին, ջերմին և սարսափելոյն, զի հեռասցէ ծառայս Աստուծոյ այս ինչ անուն»:
Մենաստանս ունի ինն հին խուցեր, որք ունին նեղ լուսամուտներ և ցած դռներ և մի այգի, որի մէջ կան բաւականին պատուաստեալ թթենիք, որթ, կեռասի, ընկուզի և բանջարանոց:
Հարանց. վանուցս արևմտեան հանդէպ մի քանի քայլ հեռի կայ մի հին հանգստարան, որի մէջ կան ճգնաւորաց, վարդապետաց և միաբանից շատ հանգիստներ:
Ճգնարան. Ահա այս է Հարանցն: Վանքիս արևելեան հանդէպ գետակի աջ ափի քերծում մի քարայր է, որի մէջ կայ երեք պատուական խաչքար և որի մէջ, աւանդաբար ասում են, ճգնած են ճգնազգեաց անձինք:
Կաղնի խաչ. Գիւղիս արևմտեան հիւսիսային կողմում, ձուաձև բարձրացած երկու սարերի մէջ ընկած մի սեռի վերայ կայ երեք հնադարեան խաչարձան, որ իբր ուխտատեղի յարգուած է հասարակութիւնից:
Ծիրանաւոր. Կաղնի խաչից բաւական վերև, նոյն ճանապարհի աջ կողմում կայ աւերակ եկեղեցի, գիւղատեղի և հանգստարան:
Նահատակ. Գառնակերի հիւսիս արևելեան կողմում, նոյն Շամքոր գետակի աջ ափի վերայ կայ մատուռ, ձեղունն փայտաշէն, որի մէջ կայ մի գերեզման, որ է անունն անյայտ նահատակի գերեզմանն:
Դ. ԲԱՐՍՈՒՄ ԳԻՒՂ. Հիմնուած է Շամքոր գետակի ձախ ափի վերայ Գառնակերից մօտ մի մղոն վար. բնակիչք գաղթած են Անի քաղաքից, հողն արքունի, անջրդի, շիկահող, և նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն, խոր ձոր է գիւղի տեղն, նեղ հորիզօնն, խեղդուած տեսարանն, երկար կեանք 80 տարի, եկեղեցին նորաշէն, կիսատ, չորս սիւների վերայ. երկարութիւնն 22 մետր, լայնութիւնն 11 մետր 40 սանթիմ. քահանայ մի: Ծուխ 154, ար. 614, իգ. 472, ար. ծ. 28, իգ. 21, պս. 10, ար. նն. 10, իգ. 8:
Գրչագիր աւետարան, թղթեայ, անարուեստ են չորս աւետարանչաց պատկերներն, նկարներն, և կեղծ գոյներն: Յիշատակարանից. «Եւ արդ գրեցաւ սա ի թուականութեանս Հայոց ՌԻԸ. ձեռամբ մեղուցեալ և անարժան Յովհաննէս եպիս-կոպոսի ՛ի գերահռչակ ուխտիս Եւստաթէոսի սուրբ առաքելոյն ԹՌԸՃ. (9800) սուրբ նշխարացս որ աստ կան հաւաքեալ ի մէջ տաճարիս ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնին ՛ի հայրապետութեան տեառն Յովհաննիսի Աղուանից կաթուղիկոսի….»: Ստացողն է «Յակովբ էրեց»:
Գիւղիս մօտերքում կայ երեք եկեղեցի և երկու վանք:
Ա. քարուկիր և փոքր եկեղեցի, որ կայ գիւղիս հարաւային հանգստարանի տակ՝ փայտաշէն ծածքով. դռնագլուխ փայտի վերայ. «Թիվ. ՌՃԵ. էր»:
Բ. Գիւղիս հին եկեղեցին, որ կայ հիւսիային հանգստարանի մօտ, նոյնպէս փայտաշէն ծածքով:
Գ. Թռան (բարձր տեղ թառած) եղցի վերջին հանգստարանիս մէջ մի սեռի վերայ: Կանգուն մնում են միայն չորս պատերն, միջումն բուսած է մի բռշնի ծառ:
Ա. Վանքն կայ գիւղիս արևելեան կողմում այգիների մէջ, որի չորս պատերն քարուկիր, ծածքն փայտաշէն, անունն անյայտ, մեծութիւնն միջակ:
Բ. Վանքն Սռւրբ Հռիփսիմէ, որ կայ այգիներում Ակուբանց բաղում: Ամբողջապէս քարուկիր եղած է վանքս, խոնարհած է առաստաղն, որ փայտաշէն է այժմ: Այս է Գօշ-Մխիթարի ակնարկած Հռիփսիմէի մենաստանն: Համարեա՛ թէ ընդարձակ հանգստարաններով շրջապատուած է գիւղս: Տեղացի ծերունիք այս երևոյթը բացատրում են հետևեալ կերպով. «Լազկին (Լեկզի) քանի հետ (անգամ) եկած, սարսափելի պատերազմներ արած, թալանած, կոտորած և գերիներ տարած է, մանաւանդ այստեղ մեր Ձորն հաւաքուած հայոց հետ: Քանի հետ ղալապատլղ արած են Շամքօռ զետիս աջի ձորում 1): Չորս կողմի հայերն հաւաքուած են ձորս պատերազմների ժամանակ. կռիւներում նահատակուած բոլոր հայերն թաղուած են այս հանգստարաններումս, սրան համար էլ շտացալ ա մեր գերեզմանուտը»:
Ներքին-Ղօթիւլ. Գիւղատեղի հանգստարան և եկեղեցի, որք են Շամքոր գետակի աջ ափի վերայ, ուր կայ և հնուց մնացեալ այգիներ:
–––––––––––––––––––––
1) Ձորս, ծածկուած է մշտադալար գի ծառերով, բաւական խոր ահարկու, դժուարամատչելի և ապահով է պատսպարուելու համար: Այս տեղ կայ հարկ եղած անհրաժեշտ պիտոյք––պատուական ջուր, վառելափայտ, ջրաղաց: Մուտքն գետակի աջ կողմիցն է:

Մէլիք-Առստամի ծագումն.
(Պատմական աւանդութիւն) «Բարսում գիւղացի ՄէլիքԱռստամի նախնիքն ծագած են Բագրատունի թագաւորազն սերնդից, այս է Կիւրիկեան թագաւորների յետագաներից»: Կիւրիկեան Բագրատ Բագրատունի իշխանն զինուորական ծառայութեան է մտնում Վրաց մի թագաւորին մօտ, բայց անբաւականութեան պատճառաւ մի ժամանակից յետոյ ելնում է նոյն ծառայութիւնից և դիմում Պարսից Շահ-Աբաս առաջնոյն: Նախ ներկայանում է Պարսից նախարարական ժողովին, ծանօթացնում իւր Բագրատունի լինելը և փափագ յայտնում զինուորական ծառայութեան մէջ մտնելու: ՇահԱբաս իւր նախարարներից իմանալով Բագրատի նպատակը՝ ընդունում է զինքը զինուորական ծառայութեան մէջ, այնուհետև հետզհետէ փորձով տեսնելով Բագրատի հաւատարմութիւնը և կամենալով վարձատրել նորա ծառայութիւնը՝ Շահ-Աբաս խանութիւն է տալիս նրան: Բագրատ խանից ծնուում է Առստամ-բէկն: Առստամ-բէկից՝ Այտինբէկն, Այտին-բէկից՝ Առստամ-բէկ բ. որ ստանալով մէլիքութեան հրովարտակ գալիս է նախ Կուսապատ աւանն, ամուսնանում Ապրէս-աղայի Վարդխաթուն դստեր հետ, ապա գալիս Գանձակ Շահվերտի խանին մօտ ներկայացնում շահական հրովարտակը և այնուհետև բնակութիւն հաստատում, իւր նախնիքներից ժառանգութիւն մնացած, Բարսում գիւղումս և տիրում Մլզնաբերդից մինչև Եօթն-աղբիւր (Ետտիբուլաղ):
Կիւլստանի Մէլիք-Աբով Գ. ամուսնանում է ՄէլիքԱռստամիս դստեր հետ և հաստատում սերտ բարեկամութիւն: Մէլիք Առստամիցս ծնուում է Ստեփան-աղան. իսկ սորանից ծնուում են Գրիգոր, Աւագ, Աւետիս, Յարութիւն, Ստեփան, Առստամ, Յովսէփ և Մկրտիչ աղաներն: ՄէլիքԱռստամն մինչև իւր մահն ապրում է քաջութեամբ, տիրում իւր սեփական ժողովրդեան, որ գաղթած է Անի քաղաքից և բնակութիւն հաստատած Բարսում գիւղումս և իշխում Մլզնաբերդին և ի թիվս այլ գիւղօրէից Քարատակ 1) Համշափոր 2), Վերին-Ղօթիւլ 3) և Ներքին-Ղօթիւլ 4) գիւղերին: (Աւերակներս ընկած են Գարդման գաւառի արևմտահայեաց ծայրում:
Մէլիք-Առստամիս գերեզմանն գտնուում է Գանձակի Ս. Յովհաննէս եկեղեցու գաւթի հարաւային կողմում, որի տապանաքարի վերայ քանդակուած է.
«Անմոռաց յայս տապան քաջ անուանի
Հանգչի մարմին Մէլիք-Առստամի 5),
Յազգէն Բագրատունի Հայկազանց տոհմի,
Տիրող Բարսում, Գանձակ նահանգի,
Ծնեալ 1722, վախճանեալ 1794 ամի»:
–––––––––––––––––––––
1) Այժմ աւերակ գիւղ, եկեղեցի և հանգստարան, որ կան Նիւկզարից Նոր-Փիփ տանող ճանապարհի վերայ:
2) Նոյն այժմ աւերակ, որի մէջ կայ և եկեղեցի և հանգստարան, որ կան նոյն ճանապարհի արևելեան կողմում, Քարատակից մղոնաչափ վերև:
3) Նոյն ճանապարհի արևմտեան կողմում եկեղեցի և հանգստարան:
4) Բարսում գիւղիս հարաւային հանդէպ, գետակի աջ ափի վերայ, մնում է եկեղեցին, որի շուրջն հանգստարան է:
5) Մելիքիս ծագման և իրաւանց և գործնէութեան մասին գրած է Գերազնիւ պօլկովնիկ Յ. Դաւթեան Լազարեանց տպ. ի Թիփլիս 1877 Կովկաս. գլխաւոր Կառ. տպարանում ռուսերէն լեզուաւ:

Ե. ՋԱԿԻՐ ԳԻՒՂ. Հիմնուած է Բարսումի հիւսիսային կողմում, մի տեսարանաւոր տեղում. բնակիչք բնիկ, հողն արքունի, տեղական բերքերն նոյն, սննդարար օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80––90. եկեղեցին Սուրբ Աստուածածին. քահանայ մի: Ծուխ 110, ար. 459, իգ. 349, ար. ծն, 22, իգ. 18, պսակ 10, ար. ննջ. 9, իգ. 5:
Զ. ՉԱՐՏԱԽԼՈՒ ԳԻՒՂ. Հիմնուած է Ջակիրի արևմտեան կողմում մի հարթավայր տեղում. որի բարձ. 5181, բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի, հացաւէտ. տեղական բերքերն նոյն, սննդարար օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80–– 90 տ. եկեղեցին Սուրբ Աստուածածին, հոյակապ, քահանայ մի: Ծուխ 200, ար. 770, իգ. 550, ար. ծն. 40, իգ. 31, պսակ 20, ար. ննջ. 15, իգ. 10:
Տղայոց միդասեան ուսումնարան. աշակերտք 35, միամեայ ռոճիկ վարժապետին 300 րուբլի:
Գիւղիս մօտ է Ոսկան նահատակ անուամբ ուխտատեղին, որ Բուլանլուղ ևս է կոչուում:
Է. ՊԱՏԻ ԳԵՂ. Հիմնուած է մի բարձրահայեաց (4973 ոտք) տեղում. բնակիչք եկած են Ջրաբերդից, Փամբակից և Ղարա-Մուրատ գիւղերից. հողն արքունի, անջրդի, բայց բարեբեր. տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100 տ. եկեղեցին սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի: Ծուխ 245, ար. 735, իգ. 713, արակ. ծն. 50, իգ. 48, պս. 28, ար. ննջ. 15, իգ. 14.
Ը. ՂՈՒԼԱԼԻ ԳԻՒՂ. Հիմնուած է մի խոր ձորում Տաւուշ գետակի օժանդակի (Ախնջի) վտակի աջ ափի վերայ, որ սահմանագլուխ է Փառիսոս և Քաւս գաւառների. (նախկին բնակիչք գերի տարուած են Պարսկաստան). այժմեան բնակիչք նախ՝ Փառիսոս քաղաքից տեղափոխուած են Մեծ-Ղարա-Մուրատ գիւղն, ապա այստեղ. հողն արքունի, սակաւ, միջակ արդիւնաբեր. օդն, կլիման և ջուրն անվնաս, երկար կեանքն 80––90 տ. եկեղեցին Սուրբ Յովհաննէս, ծածքն փայտաշէն, քահանայ մի, որ եկած է Բաշ գեղից: Ծուխ 114, ար. 742, իգ. 601, ար. ծն. 31, իգ. ծ. 26, պս. 15, ար. նն. 8, իգ. 6:
Եկեղեցումս կայ չորս գրչագիր.
Ա. Աւետարան թղթեայ, փոքրադիր. անճաշակ են չորս աւետարանչաց պատկերներն և նկարներն, բայց գեղեցիկ են փոքր տառերն: Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սայ ՛ի թուաբերութեանս Հայոց ՉԾԴ. յԱրարատեան գաւառիս ի տեղիս որ կոչի Նորագեղ»: Անյայտ է գրողի անունն, նախկին ստացողն է Սիմէօն անուն ոմն քահանայ, երկրորդ ստացողն է Թանում Հայոց ՋՂԹ.-ին:
Բ. Աւետարան թղթեայ, փոքրադիր, բազմապատկեր, սակայն անարուեստ, անճաշակ և առանց յիշատակարանի:
Գ. Աւետարան թղթեայ, փոքրադիր, գրուած Հերմինի վանքում, չունի թուական, անյայտ է գրողն:
Դ. Աւետարան փոքրադիր, թղթեայ. Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի թուականիս Հայոց ՌՃԺԸ. ի հայրապետութեան երիցս երանելոյ հովուապետին տանս Աղուանից տեառն Պետրոսի կաթուղիկոսին, թագաւորութիւն Պարսից Շահ Սիլէմանին գրեցաւ ձեռամբ .. Յովհաննիսի ՛ի յերկիրս Գանձակու ՛ի գեաւղս, որ կոչի Հարցհակիս(տ) ՛ի դրան Սուրբ Մլոնաբերդին. ի դառն ժամանակիս աւարտեցաք որ հարկապահանջութիւն բազմացեալ էր և անօրէնքն յամենայն ժամ խրոխտային ՛ի վերայ քրիստոնէից ազգին»:
Խորանաշատ վանք (51)
Հիմնուած է նոյն օժանդակ վտակի աջ կողմում, Ղուլալի գիւղի արևելեան կողմում, մի գեղեցիկ հովտի մէջ: Արևմտահայեաց ձորակիս աջ կողմում կառուցեալ է վանքս համակ տորոնագոյն սրբատաշ, պատուական քարով չորս կամարների վերայ, որոց գլխին կանգնած է մի գեղեցկաձև կաթուղիկէ: Տաճարս հրաշալի է Գանձասարից յետոյ. ունի մի աւագ և չորս փոքր խորան (իրարու վերայ) երկու խորհըրդանոց, երկու դուռն, 13 մետր երկարութիւն, 10 մետր 55 սանթիմ լայնութիւն: Աւագ խորանի ստորոտով, դասահայեաց կլոր երեսին վերայ շինուած ին տասն փոքրիկ, գեղեցիկ և խորանաձև կերտուածներ: Փորագրուած է խորանի մօտ.
«ՈԿԹ. ես Աւելդատ Սրտժեցի միաբանեցայ Խորանաշատ Սուրբ Աստուածածնին (ս) և ետու զծախս այսմ խորանիս յիշատակ ծնողաց և եղբաւրց իմոց Շաւուրին և Ապիրատին և վարդապետն հաստատեաց Բ. ժամ յայսմ խորանիս. Ա. ի տաւնի Վարդավառին և Ա. Վարագայ խաչին անխափան. հաստատ է կամաւն Աստուծոյ»: Աւագ սեղանի ետև փոքրիկ խորանների գլխին. «Անդրէաս ՈԿԷ.» «Յովսէփ քահանայ ՈՀԱ»:
Հիւսիսային փոքր խորանի վերայ.
«ՈԿԵ. ես Աբրահամ Կանաչհողեցի 1) և ամուսին իմ միաբանեցաք Խորանաշատու Աստուածածին (նին), ետու զծախս խորանիս և վարդապետն հաստատեաց ինձ Բ. ժամ ի տաւնի Սուրբ Գրիգորի անխափան»:
Վանքս իւր արևմտեան կողմին կից ունի հրաշազան գաւիթ կառուցեալ չորս միապաղաղ և կլոր սիւների վերայ՝ նոյնպէս շինուած սրբատաշ քարով: Գաւիթս ունի 16 մետր 6 սանթիմ երկարութիւն, 15 մետր 90 սանթիմ լայնութիւն և չորս փոքր խորան, որոց երկուսն իրարու վերայ դրան հարաւային կողմում և միւս երկուսն հիւսիսային: Տաճարիս արևելան որմի վերայ արտաքուստ. «Յանուն Աստուծոյ ես Գրիգոր որդի Վասակայ Միջկա շինեցի զԿաւշկակերանց 2) և տուի ի Սուրբ Աստուածածինս Խորանաշատու. վարդապետն հաստատեաց մեզ Բ. պատարակ ի տաւնի Հոգեգալստեան Ա. ինձ և Ա. ամուսնո իմո, կատարիչքն…»:
–––––––––––––––––––––
1) Կանաչ-հողեցի: 2) Կօշկակերանց:

Գաւթի հարաւային որմի վերայ կայ արևի ժամացոյց: Այժմ տեղ տեղ քայքայուած են վանքիս և գաւթիս սալկախներն և շրջապարսպի պատերն. մի վանք, որ զարմացնո՛ւմ է այցելուները իւր երկնանման շինութեամբ և լացացնո՛ւմ իւր անցեալի փառքով և ներկայիս աւեր և ամայի դրութեամբ:
Մենաստանս ունի և շրջապարիսպ, որի ներսում, տաճարի հարաւային կողմում կայ մի փոքր մատուռ՝ շինուած սրբատաշ քարով, որը տեղացիք անուանում են Սուրբ Կիրակի: Այստեղ կայ մի կիսաւեր մատուռ ևս՝ շինուած հասարակ քարով, որի մէջ կան ամփոփեալներ:
Երրորդ մատուռն, որ շինուած է սրբատաշ քարով, պարսպից դուրս արևելեան կողմումն է, միաբանից հանգստարանում: Խոնարհուած է մատրանս գլուխն, որի մէջ, ասում են, է Վանական վարդապետի գերեզմանն. որպէս վկայում է և Կիրակոս, բայց տապանաքարն չունի արձանագրութիւն:
Վաքս ունեցած է մեծ կալուածներ և հողեր, որովք ապահոված է եղել վանիս ապագան. այժմ միայն մնացած է 15 օրավար անվիճելի հող, մի աւերակ ձիթահանք, ծերունազարդ ծիրանի և ընկուզի ծառերով լի խոպանացեալ պարտէզ և պատուական քարահանք:
Աւերակ գիւղեր, եկեղեցիներ և հանգստարաններ կան վանքիս հեռաւոր և մերձաւոր շրջապատում Բլովիկ, Չիլքինլու, Ղօշաջի, Աղ-Բուլաղ, Իրիցի շէն, Սղնախ եւ Չինարի 1) կոչուած տեղերում:
Ղուլալի գիւղից վերև, գետակի աջ կողմի լանջի վերայ կայ մի քարուկիր մատուռ, որի մէջ––ասում են Վանական վարդապետն բնակած է մի ժամանակ ստիպեալ Թաթարների երկիւղից: Մատրիցս փոքր ինչ վերև կայ գիւղատեղի, աւերակ եկեղեցի և հանգստարան:

ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ.

Ա. ՓԱՌԻՍՈՍ ԲԵՐԴ 1). Համանուն աւերակ քաղաքին հիւսիսային լանջին կից՝ բարձրացած է մի քարաժայռ սար, որ բաղկացած է կրաքարից և բոլորովին առանձնացած իւր երեք կողմերից։ Սարիս, որ համարեա՛ թէ ձգուած է արևելքից արևմուտ դիրքով, արևելեան և հարաւային կողմերն վիմահերձ ապառաժներ են և լայնագոգ ու խոր խոր ձորեր, հիւսիսային կողմն ամենասաստիկ զառիվայր լանջ և լայնագոգ ձոր. իսկ արևմտեան կողմից բերդասարս հաղորդակցութիւն ունի մի երկարաձիգ և թրաձև սեռով Ղանղալ սարի հետ: Քարուկիր, բրգաշատ և ամուր պարսպով պարսպուած է ոչ միայն հիւսիսային և արևմտեան կողմերն, այլ և բարձր քերծերի գլուխներն: Ամրոցիս երկարութիւնն է 100 մետր, լայնութիւնն մօտ 80 մետր. ունի մի դուռն արևելեան կողմից, տասներկու աշտարակ, 3 մետր 75 սանթիմ պատի հաստութիւն: Բերդիս մէջ լի է աւերակների հոծ բեկորներով, որոց մէջ կայ երկու քարուկիր մատուռ, որոց գլուխներն խոնարհած են և չունին արձանագրութիւն: Բերդս ունեցած է անառիկ բառի բուն նշանակութիւնը, սակայն այժմ տեղ տեղ քայքայուած են պարսպի պատերն:
–––––––––––––––––––––
1) Մի քանի գերդաստուն հատուածելով Ղուլալի գիւղից բնակութիւն հաստատած են գիւղումն, որ կայ Խորան. վանքից ներքև: Իւրեանց մայր գիւղի հաշուի մէջ է և սոցա ծխաթիւն և ամեն ինչ:

Նշանաւոր է ամրոցիս ամենապատուական և յորդառատ ջուրն որ զարմացնում է այցելուները իւր ազնուութեամբ և սառնութեամբ և հնարագէտ շինուածով:
Հիւսիսային պարսպին կից՝ ներքուստ շինուած են երկու պատկից քարուկիր և թաղակապ ստորերկրեայ սենեակներ, որք իրարու հետ հաղորդակցութիւն ունին մի մեծ դռնով, որ բացուած է միջնապատից: Ա. սենեակն գրեթէ կիսով չափ լցուած է հողով. իսկ Բ-ն լի է ջրով: Ասում են որ ջուրը ստորերկրեայ ականով բերած են Ղանղալ սարց՝ հաղորդակից սեռովն: Պատմում են թէ հետաքրքիր անձինք ջրաւազանիս մէջ լցրած են յարդ, որ ելած է Ղարա-Բուլաղ անուն մեծ աղբիւրից՝ որ բերդիս հիւսիսային ստորոտի ձորումն է և դարձնում է երկու ջրաղաց: Փորձով, որպէս թէ իմացած են, որ մեծ աղբիւրն կապ ունի ջրաւազանիս հետ:
Բերդիս հարաւային քերծում կան վիմափոր այրեր, որոց մէջ կայ վիմափոր ննջարան: Մուտքն ոչ եթէ բերդիս միջովն է, այլ արտաքուստ քերծի տակովն (52):
–––––––––––––––––––––
1) Արութիւնայ սարի հարաւային կողմում է Դինալ սարն 11057 ոտք. ապա Գեղամայ լճի և գաւառիս մէջ ընկած են իբր սահման Օկրուջա 11986, Սև խաչ (Ղարա խաչ) 10081 սարերն:

Բ. ՄԱՄՌՈՒՏ ԲԵՐԴ (53). Հիմնուած է Չարէք անապատից վար Շամքոր գետակի և Գետաբակ վտակի ջրախառնուրդում: Բերդավայրն թեքուած է դէպի Շամքոր գետակի ձախ ափն: Բերդս ունի ամուր բուրգերով շրջապարիսպ, իսկ արևելեան կողմից կրկնապարիսպ, ունի չափաւոր մեծութիւն, ամուր դիրք, իւր միջում մի կոնաձև բլուր, զանազան մեծութեամբ քարայրներ և քարուկիր շինութեանց շատ փլատակներ: Այժմ համարեա՛ թէ անտառապատ և մացառուտ է ամրոցս և որջ եղած աւազակների. ահարկու են քարայրներն և սոսկալի անտառիս մէջ մտնելն:
Ջուր չկայ բերդումս, վասն որոյ ունի ստորերկրեայ ական, որով ջուր փոխադրած են բերդս Շամքոր գետակից: Հետզհետէ քայքայուելու վերայ են տեղ տեղ ամրոցիս պարիսպներն:
Գ. Վահրամ իշխանի բերդաքաղաք ամրոցն (այժմ կոչուում է Ղալա-Բոյուն), որ հիմնուած է մի ձկնաձև սարի վերայ: Սարս գտնուում է Զակամ գետակի ձախ կողմում, որի դիրքն ձգուած է հիւսիսային արևմուտքից հարաւային արևելք: Ահա սարիս վերայ է բերդն, որ միևնոյն ժամանակ եղած է և քաղաք ինչպէս ակներև երևում է խանութների, տների և եկեղեցիների աւերակներից: Արդէն յայտնի է երեք եկեղեցու աւերակն, իսկ եթէ եղած է և այլ եկեղեցի, ոչինչ յայտնի չէ: Շրջապարիսպն, որ տեղ տեղ կիսաւեր է, տեղ տեղ քայքայուելու վերայ, ձգուած է սարի դիրքի ձևով: Բերդիս մօտ կայ և հանգստարան (54):
Դ. Դղեակ, որ կոչուում է (Ղըզ-ղալա) որ գտնուում է Ղուլալի գիւղից բաւական վերև նոյն օժանդակի (Ախնջի) աջ ափի վերայ: Ջրեզերքումս ցցուած է մի բարձր և սրածայր ժայռ, որ իւր արևելեան կողմից ունի մի դժուարատար և ոլոր մոլոր կածան: Հազիւ թէ կալաչափ մեծութիւն ունի ժայռիս գագաթն, որի շուրջն տեղ տեղ նշմարուում են տակաւին քարուկիր պատերին հետքերն և ջրաւազանի վիմափոր փոսեր: Դղեկաբարձ ժայռիս արևելեան ստորոտի հարթակում կայ մի եկեղեցի և հանգստարան (55):

ԺԸ. ՔՈՒՍՏԻ կամ ՔԱՒՍ ԳԱՒԱՌ.

Ա. Ղրղի (ղարա-ղայա) գիւղ. Հիմնուած է նոյն (Ախնջի) օժանդակի ձախ կողմի բարձր սարի արևելահայեաց լանջին վերայ. բնակչաց մի մասն բնիկ և միւս մասն տեղափոխուած Ղարա-ղայա գիւղից (գտնուում է Թարսայ գետակի վերայ)։ հողն արքունի, լեռնային և միջակ արդիւնաբեր. տեղական բերքերն՝ ցորեն, գարի, կորեկ, գարնանի, ոչխար, տաւար, գոմէշ, խոզ, տանձ. խնձոր, պատուական օդն, կլիման և ջուրն, ուշագրաւ տեսարանն, 90 տարի երկար կեանքն, սուրբ Յովհաննէս եկեղեցին, որ նոր կառուցեալ է վեց սիւների վերա, քահանան գալիս է Նորաշէնից:
Ծուխ 84, ար. 541, իգ. 449.
Կիսատ-խաչարձան. Ղըզ-ղալա-դղեկի հիւսիսային հանդէպ, նոյն օժանդակի ձախ ափում ճանապարհի վերայ ընկած մի կիսատ խաչարձան, որի արձանագրութիւնը, թէև եղծուած է տեղ տեղ, այնու ամենայնիւ արժան համարեցինք նոյնութեամբ ընդօրինակել. «……. ութեամբ ողորմեալ ես … Կիւրիկէի, զԱբասայ աւազան է … որդեկիր և զտէր Յովհանէս ե …. սի արձան շին .. իյո տափին աւետարան … ի ձորի բերաք աշխատութեամբ խաչս կանգնեցաք հանդիսիւ բարեխաւս առ Քրիստոս Յիսուս յահեղ աւուրն դատաստանի»:
Զօրաւոր. Ղրղի գիւղիս արևմտահարաւ կողմում հարաւահայեաց մի խոր ձորի հարաւահայեաց լանջի վերայ կայ գիւղատեղի, հանգստարան և փոքր եկեղեցի, որի մօտ մի կոտորուած խաչքարի վերայ. «Ես Յոհան հայր և եղբայր իմ Տիրածէր կանգնեցաք զխաչերս, Քրիստոս Աստուած ող…»: Հանգստարանում մի խաչքար տապանաքարի վերայ. «խաչս ոե. թիւ տէր Աթանասի….»:
Եկեղեցուցս փոքր ինչ հեռի կայ մի հանքային թթու ջուր, որ յար և նման է Շուշուց վեր եղած թթու ջրին:
Վանական վարդապետի քարայր (56)
Զօրաւորի հիւսիս-արևմտեան կողմում մի բարձր քերձի գլխին կայ մի քարայր, որի մէջ է մի վիմափոր փոքրիկ եկեղեցի և որի մէջ կայ մի գերեզման: Քարայրիցս հեռի չէ աւերակն, որի մէջ կայ եկեղեցի և հանգստարան: Աւերակս այժմ կոչուում է Շլորուտ (սալոր-սալորուտ): Ահա այս է Կիրակոսի «Ոլորուտ» անուած գիւղի աւերակն:
Բ. ՉՈՐԱԹԱՆ ՇԷՆ. Հիմնուած է Ղրղի գիւղի հիւսիսային կողմում, մի տեսարանաւոր տեղում. բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, բայց հացաւէտ. տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 90––100 տարի. եկեղեցին սուրբ Յովհաննէս, ծածքն փայտաշէն և առանց փոքր խորանի, երկարութիւնն 18 մետր, լայնութիւնն 9 մետր 65 սանթիմ: Արտաքուստ դրան արևմտեան կողմում. «Թվ. ՌՃԼԲ. յանուն Աստուծոյ շինեցաւ սուրբ եկեղեցիս ձեռամբ մեղապարտ Ովանէս եպիսկոպոսին Խորանաշատու»: Խորանի հիւսիսային կողմում. «Սուրբ խաչս բարեխօս Ովանէս եպիսկոպոսի աշակերտ տէր Դաւթի»: Քահանան գալիս է Մովսէս գիւղից:
Գրչագիր աւետարան թղթեայ, անճաշակ պատկերներով և անազնիւ գոյներով, գրուած է ոմն Սարգիս անուն անձի ձեռնով. «Արդ գրեցաւ սայ ի յերկիրս Աղուանից և գաւառս Մաղաւուզայ ի գիւղս, որ կոչի Վաղազուն ի դուռն սուրբ ուխտիս թվիս ռղա.»: Ստացողն է Մանկասար անուն ոմն: Իսկ գիւղիս հանգստարանում, որ արևմտեան կողմումն է, կայ մի մատուռ Բարձրեալ անուն, որ ուխտատեղի է:
Ծուխ 28, ար. 198, իգ. 170.
Գ, ՄՈՎՍԷՍ ԳԻՒՂ. Հիմնուած է Տաւուշ գետակի աջ կողմում մի ձորի մէջ. բնակիչք բնիկ, հողն արքունի և բազմարդիւն. տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն անվնաս, տեսարանն խեղդուած, երկար կեանք 80 տ. եկեղեցին սուրբ Գէորգ, քարուկիր, կիսատ. քահանայ երկու:
Ծուխ 74, ար. 507, իգ. 488.
Դ. ՆՈՐԱՇԷՆ ԳԻՒՂ. Հիմնուած Չորաթանի արևմտեան կողմում մի փոքր ձորակի ձախ լանջին վերայ. բնակիչք բնիկ. հողն արքունի, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն. անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին, հոյակապ, կառուցեալ չորս սիւների վերայ, երկարութիւնն 19 մետր 75 սանթիմ, լայնութիւնն 10 մետր 45 սանթիմ. քահանայ մի:
Ծուխ 38. ար. 351, իգ. 262.
Միդասեան ծխական ուսումնարան, աշակերտք 40, թոշակատու 35, տարեկան ռոճիկ վարժապետի 300 րուբլի:
Ե. ԿԱՐՄԻՐ-ԱՂԲԻՒՐ. (ղզըլ-բուլաղ) գիւղ. շինուած է մի սարահարթի վերայ Նորաշէնի արևմտեան կողմում. բնակիչք բնիկ. հողն արքունի և միջակ բարեբեր. տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 88––95 տարի, եկեղեցին սուրբ Յովհաննէս ծածքն փայտաշէն. «Ես տէր Վարդանս շինեցի զեկեղեցիս ձեռամբ Մուրադխանի թվ. ռճծ.»: «Սուրբ խաչս Խանաղին»: «Ովանէս եպիսկոպոս շինեցի զեկեղեցիս ձեռամբ տէր Գրիգորին»: Քահանայ մի: Ծուխ 105, ար. 602, իգ. 494.
Զ. ԲԵՐԴ-ԳԻՒՂ. (թովուզ-ղալա). Շինուած է Տաւուշ գետակի ձախ ափի վերայ. բնակիչք բնիկ. (մասամբ եկամուտ), հողն արքունի, անջրդի և միջակ բարեբեր, տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն, կլիման և ազնիւ ջուրն, երկար կեանք 85 տարի. եկեղեցին սուրբ Գրիգոր (կանխաւ շինուած է եղել չորս սիւների վերայ, բայց խոնարհած է գլուխն), ծածքն փայտաշէն. երկարութիւնն 21 մետր 70 սանթիմ, լայնութիւնն 10 մետր 62 սանթիմ: Ներքուստ արևմտեան որմի վերայ:
«Անուն Աստուծոյ ես թիփլիզեցի Չիթախէնց մղտեսի խոճա Սոռլիս շինեցի եկեղեցիս, խորանս Շացոռոյոին (՞) սրբազան եպիսկոպոսին Թաւուզա երկրիս Մէլիք-Ղորխմազին1) կամակցութեամբ յիշատակ հոգւոյ իմոյ և ծնողաց իմոյ Թաղի և Բէկիսուլթանի և կողակցին իմոյ Դարիճանին և ոդոյ իմոյ Ստեփանին և կողակցին Ասլիզատին, Յարութիւնին և կողակցին Բէկիխաթունին և Պօղոս Սարկաւագին և դստերացն իմոյ Ապաշխարող Աննային և Հռիսիմէին, Շահրուպանին և իւր դուստր Քևոժվանին, փեսայ Մելքոնին և իւր դուստր Բէկիսուլթանին»: Քահանայ մի:
Ծուխ 101, ար. 598, իգ. 458.
Գիւղիս արևմտեան կողմում կայ Սուրբ Սարգիս ուխտատեղի քարուկիր մատուռ, որի մօտ կայ ընդարձակ հանգստարան:
Սուրբ Սարգսից վերև Աւագ-Սուրբ-Նշան քարուլիր մատուռ, որի մօտ կայ մանր խուցեր և որ ուխտատեղի է:
Գիւղիս հարաւային կողմում, գետակի աջ ափի վերայ մի ծառի տակ կայ մի վարդապետի գերեզման:
Է. ՆԱՒՈՒՐ ԳԻՒՂ. Հիմնուած է Բերդի արևմտեան կողմում. բնակիչք հաւաքածոյ, հողն արքունի, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին. քահանայ մի: Գիւղիս մօտերքում կան մանր լճակներ և գեղեցիկ խաչարձաններ.
Ծուխ 34, ար. 253, իգ. 205.
Ը. ՏԱՒՈՒՇ ԳԻՒՂ (57) Թովուզ. Հիմնուած է Բերդ գիւղի հիւսիսային կողմում, մի ձորի հարաւահայեաց լանջի վերայ. բնակիչք հաւաքուած2) զանազան տեղերից. հողն արքունի և սակաւ արդիւնաւէտ. տեղական բերքերն նոյն (կայ և այգի). անվնաս օդն, կլիման, պատուական ջուրն, նեղ հորեզօնն, խեղդուած տեսարանն. 80 տարի երկար կեանք, սուրբ Աստուածածին եկեղեցին, ծածքն փայտաշէն, բեմն և ժողովրդահայեաց երեսներն խաչազարդ, որք բերուած են հին հանգատարանից, մի քանիսին վերայ կայ արձանագրութիւն.
–––––––––––––––––––––
1) Անկարելի եղաւ իմանալ թէ սա ինքն միայն իշխա՞ծ է Տաւուշի ձորիս, թէ եղած են և այլ իշխողներ. մէլիքութիւնը իւր նախնիքներից ժառանգած է թէ իրանից սկսուած է, յետագայ իշխող մէլիք ժառանգ ունեցա՞ծ է թէ ոչ: Միայն յայտնի է, որ հայ եղած է և մականուն է ՂՈՐԽՄԱԶՆ և ոչ մկրտութեան:
2) Աւանդաբար ասում են «ՊԱՐՍԿԱՍՏԱՆ ԳԵՐԻ ՏԱՐԱԾ ԵՆ ԳԻՒՂԻՍ ՆԱԽԿԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ»:

«Սուրբ խաչս է Վանէսին և Հռիասմոնոյ և Գոհարին և ՛ի վեր Քրիստոս Աստուած, վաշ վաշ… Վարդան կազմող (խաչիս) ՌԿԷ.»:
«Սուրբ խաչս բարեխաւս Փարուն»:
«    ,,         ,, ,, Մխիթար… Քիրամ կազմող թվ. ՌՀԹ.»:
Եկեղեցուս հիւսիսային կողմում կայ մի առանձին փոքր խորան (բացի փոքր խորանից) որ ուխտատեղի է. ոչ ոք չգիտէ գիւղացիներից թէ ի՞նչ ուխտատեղի է: Քահանան գալիս է Բերդից:
Ծուխ 95, ար. 663, իգ. 502.
Գիւղիս անդերում կան հետևեալ աւերակներն.
1) ԽԱՉԱՂԲԻՒՐ գիւղիս հիւսիսային կողմում, որի մօտ կան խաչարձաններ:
2) ՔԱՐՈՒԿԻՐ ՄԱՏՈՒՌ Դռընկեանայ բերդի հարաւային ստորոտում, որ ուխտատեղի եղած է կանխաւ (գիւղիս արևելեան կողմում):
3) ՍՈՒՐԲ ԿԻՒՐԱԿԻ մատուռ (գիւղիս հարաւային հանդէպ Կածարէթի լանջի վերայ) որի մէջ կայ քարեայ խաչարձան՝ մնացեալ ի հնուց՝ և որ ուխտատեղի է:
4) ՍՈՒՐԲ ԳԷՈՐԳ ՄԱՏՈՒՌ (Կածարէթի մօտ հարթակի վերայ հին հանգստարանում, գիւղիս հարաւային հանդէպ), որի ծածքն փայտաշէն է և ունի խորանումն մի խաչարձան:
5) ՉԻՆՉԻՆ. Գեղեցիկ ցանքսերով զարդարուած բարձր սարահարթ (գիւղիս արևմտեան կողմում), ուր կայ գիւղատեղի, հանգստարան և եկեղեցի, որի ծածքն փայտաշէն է:
6) ՂՈԶԱՆԱՅ ՇԻՆԱՏԵՂ. Չինչինի արևմտահիւսիս կողմում, ուր կայ հանգստարան և մի աւերակ եկեղեցի, որից մնացած է միայն սեղանի կլորակ թաղն:
7) ԿԱՊՏԱՎԱՆՔ. որ գտնուում է Ղոզանայ շինատեղի արևմտեան կողմում մի անտառապատ սարահարթի վերայ, որի հիւսիսային խորանդունդ ձորով հոսում է Հախում վտակն: Վանքս շինուած է կապտագոյն1) մեծ մեծ և անտաշ քարերով: Վանքս կառուցեալ է չորս կամարների վերայ, որոց ոտքերն զետեղուած են պատերում: Մենաստանս ունի խաչաձև շինուածք, մի աւագ խորան, չորս փոքր խորաններ, երկու դուռն հարաւային և արևմտեան կողմերից, մի գեղեցկաձև կաթուղիկէ, 11 մետր 50 սանթիմ երկարութիւն, 9 մետր լայնութիւն և երկու խորհրդանոց: Արեւմտեան դրան վերայ.
–––––––––––––––––––––
1) Դուցէ այս յատկութիւնից ստացած լինի ԿԱՊՏԱՎԱՆՔ անունը կամ ԿԱՊՏԵԼ բայից կապտուած:
 
«Ա. աւր պասխային նոր կիւրակին ես Հանէս արդեամբ կառուցի եկեղեցիս հոգոյ իմոյ…. թվ. Ո.»: Հարաւային դրան վերայ.
«Անուամբ Աստուծոյ ես Աջիշէր որդի Գորգորոյ ըմբերիս միաբանեցայ այս եկեղեցիս. բնակիչք եկեղեցուս գրեցին Բ. պատարագ յայտնութեան ճրագալուցին ինձ, միւսն ամուսնոյն իմոյ, կատարողք աւրհնեալ եղիցին»: Սորա մօտ. «ՈՁԳ. ես Աբլհասնն միաբանեցայ այս եկեղեցիս և հայրս և միաբանքս գրեցին մին աւր պատարագ սուրբ խաչին….»:
Մենաստանս ունեցած է մի քանի խուցեր և շրջապարիսպ. բայց այժմ տեղ տեղ թափուած են կաթուղիկէի և տանեաց սալկախներն, միջից ջարդուած է սեղան քարն, քայքայուած են Խաչաձևի հարաւային և արևմտեան վերնամասերն, շրջապարսպի և խուցերի ամենամեծ բաժիններն: Բայց կան ամփոփեալ միաբաններ վանքիս մօտերքում:
Մենաստանս իւր հարաւային կողմում ունի մի նշանաւոր աղբիւր, որի ջուրն՝ իւր հազուագիւտ ազնուութեամբ, ասես՝ թէ անմահական է:
Թ. ԹԱԹԼՈՒ ԳԻՒՂ. Հիմնուած է Տաւուշ գիւղի հիւսիսային կողմում Հասան վտակի աջ ափում. բնակիչք բնիկ (նախ բնակած են եղել Պառաքար կոչուած տեղում, որ գտնուում է միևնոյն անդում, ապա փոխուած են այստեղ) հողն արքունի, սակաւ և նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն, օդն և կլիման ծանր ամրան և տենդաբեր. երկար կեանք 70 տարի, եկեղեցին սուրբ Յովհաննէս, ծածքն փայտաշէն. քահանայ մի:
Ծուխ 96, ար. 519, իգ. 415.
Ժ. ՀԱԽՈՒՄ ԳԻՒՂ. Հիմնուած է Թաթլուից վերև նոյն վտակի աջ կողմի բարձրութեան վերայ. բնակիչք հաւաքուած են զանազան տեղերից. հողն արքունի և միջակ արդիւնաբեր. ջրարբի են վտակահովիտներն. տեղական բերքերն նոյն. համարեա թէ նոյն են օդն և կլիման, ջուրն պատուական, երկար կեանք 75 տ. եկեղեցին Սուրբ Նշան. ծածքն փայտաշէն, քահանայ մի:
Ծուխ 82, ար. 448, իգ. 379.

Տաճարումն կան հետեւեալ աւետարաններն.

Ա. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, անյայտ գրողի անունն, ժամանակն և տեղն:
Բ. Աւետարան թղթեայ, մեծադիր. Յիշատակարանից. «Գրեցաւ սուրբ աւետարանս և ի դառն և ի նեղ ժամանակիս ի լաւ, ընտիր աւրինակէ ի յերկիրս վերին Զական ՛ի գիւղս՝ որ կոչի Շաքար բէկ ձեռամբ մեղաւք զառածեալ Յովհաննէս իրիցու, որ եմ ի յերկրէն Գանջայոյ ՛ի գեղէն Շատախոյ, որդի մահտեսի Դաւիթ քահանայի ՛իհայրապետութեան սուրբ Աթոռոյն Էջմիածնայ տեառն տէր Մովսէսին, որ կրկին լուսաւորեաց զՀայաստան աշխարհս և յայսմ ամի փոխեցաւ առ Քրիստոս, հայրապետութիւն Աղուանից տէր Յովհաննիսին, որ մատնեցաւ ի ձեռն պարսիկ ազգին, տարան ի դուռն Շահին, վերջն Աստուած գիտէ և եպիսկոպոսութեան պարոն տէր Բարսեղին ի թուականիս հայոց ՌՁԲ. ի ժամանակս Շահ Աբասին….»: Յետոյ գրուած է կարմիր թանաքով. «Աոտուածաշունչ աւետարանս վախմ ՛ի արէ ՛ի դուռն սուրբ Աստուածածնի տաճարիս, որ է հարանց անապատ Ղարամուրատու… առաջնորդ սուրբ ուխտիս Յովհաննէս եպիսկոպոս հարանց անապատիս Ղարամուրադու թիւին ռճիգ.-ին գրեցաւ ձեռամբ անարժան Եղիա աբեղային…»: Հուսկ յետոյ շարայարուած է. «Ողորմութեամբն Աստուծոյ նորոգեցաւ սուրբ աւետարանս ՛ի դուռն Եղնասարա անապատն… Պետրոս սարկաւագին ՌՋՂ. ապրիլ ա. »:
Գ. Աւետարան թղթեայ, միջակ դիրքով, որ ունի չորս աւետարանչաց պատկերներ, բայց չունի ո՛չ յիշատակարան և ո՛չ թուական:
Դ. Աւետարան թղթեայ, փոքրադիր. Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սայ յամի թուաբերութեանս Հայոց ՋԾԴ։ ի վանս Գլակայ ի դուռն սուրբ Կարապետի ծեռամբ.. Մարտիրոսի, որ մականուն աբեղայի, ի հայրապետութեան տէր Սարգսի Հայոց Կաթուղիկոսի …»:
Ե. Աւետարան թղթեայ, պատկերազատ. (խիստ անճաշակ և անարուեստ). «Արդ գրեցաւ աւետարանս յընտիր աւրինակէ ի թուիս Հայոց ՌԼԵ. ի գեաւղն՝ որ կոչի Դվնիկ ի դուռն սուրբ Սարգսին ծեռամբ Ներսէս գրչի» (գրուած է Ղուկասի վերջում): Տաճարումս ամփոփուած է Գրիգոր եպիսկոպոս Մանուչարեանի մարմինն:
Պառաւաքար. Այս անուն ուխտատեղի կայ Հախումի հիւսիսային հանդէպ համանուն վտակի ձախ կողմում, մի բերդաձև սարի գլխին: Չորս քարով պատուած է ուխտատեղուս շուրջն, որի մէջ կայ չորս խաչաքար տապանաքարով գերեզման. և այլ համանման գերեզմաններ:


ՇԽՄՈՒՐԱՏԱՅ ՎԱՆՔ

Հիմնուած է Հախում գիւղից բաւական վերև, Հասան վտակի ձախ ափին, մի բարձր և ցից ժայռի ներքև, ճանապարհի տակ: Վանքս կառուցեալ է խաչաձև, տաշուած մոխրագոյն չիչ քարով. ունի մի աւագ և չորս միմիանց վերայ շինուած փոքր խորան, երկու դուռն արևմտեան և հարաւային կողմերից, երկու խորհրդարան, մի գեղեցիկ կաթուղիկէ. 9 միտր երկարութիւն, 7 միտր 40 սանթիմ լայնութիւն: Հարաւային դրան վերայ եղած է գաւիթ, որ փլած է այժմ: Գաւթիս արևելեան կողմում կայ խորան, որի ճակատակալ քարին վերայ.
«Յամի Կ երորդի, ե, երորդի նորո շրջակայիս1) ես տէր Գրիգոր շինեցի խորանիկս Աստուածաբնակ հրամանաւ Սադորնո մեծի իշխանի վասն յիշատակի ննջեցելոց իւրոց և յաւետենականութիւն անձին իւրոյ, որք սպասաւորէք ի սմա, զիս զտէր Գրիգոր և զծնողս իմ յաղաւթս յիշեսջիք ընդ նմին և այլ զազգատոհմն».
–––––––––––––––––––––
1) Փառիսոսցի Յովհաննէս-սարկաւագ վարդապետն շինած էր մի նոր տումար փրկչական 1116 թուին, որ կոչում է նոր թուական: Երբ սարկաւագադիր 1 թուականս հաւասար է փրկչ. 1116-ին և Հայոց ՇԿԵ.-ին: Ուրեմն 65 (կե.) «ՆՈՐՈՅ ՇՐՋԱԿԱՅԻՍ» հաւասար է փրկչ. 1181-ին, որ է վանքիս հիմնարկութեան թուականն:

Տաճարիս հիւսիսային փոքր խորանի ճակատին.
«Յանուն Աստուծոյ ես Դանիէլ և Այլարայ միաբանեցաք վանքս և տուաք յայտնութեամբ Ժամհերայ տղին……»: Ուշագրաւ է այն երևելի խաչարձանն, որ կանգուն է տաճարիս հարաւ-արևմտեան կամարակալ ոտի ճակատին. այո՝, ասում եմ որ իւր գեղարուեստի նրբաքանդակ ճարտարութեամբ զարմացնում է այցելուները: Վանքիս բուն արձանագրութիւնն կայ արևմտեան դռնագլուխ քարի ճակատին, որը անկարելի եղաւ կարդալ:
Վանքս ունի և երկրորդ գաւիթ իւր արևմտեան կողմում, որի վերնամասն-թաղն-շինուած է սրբատաշ չիչ քարով՝ երկու սիւների վերայ և որի երկարութիւնն հիւսիսից հարաւ 10 մետր, արևմտից արևելք 9 մետր 40 սանթիմ է: Այժմ խոնարհուած է գաւթիս գլուխն, որ իւր մէջ ամփոփուած ունի շատ ննջեցեալներ, բայց անարձանագիր են տապանաքարերն: Տաճարս ունեցած է շրջապարիսպ և միաբանից խուցեր, սակայն քանդուած են այժմ: Վանքիս տանեաց վերայ բուսած են ծառեր: Վանքիս արևելեան կողմում, ոչ այնքան հեռի, կայ գիւղատեղի և հանգստարան Շխմուրատ անուն:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆ ԱՒԵՐԱԿՆԵՐ. վանքիցս բաւական վերև վտակաձորիս ձախ կողմում կայ Քարագեղ, Աղ-սու եւ Խաչբուլաղ անուն գիւղատեղի, հանգստարան և կիսաւեր ու աւերակ եկեղեցիներ:
ՉԻՆԱՐԻ կոչւած տեղում, որ կայ Հախումեցւոց գոմերի մօտ, կայ գիւղատեղի և սուրբ Գէորգ անուն մի մատուռ, որի մէջ կան խաչարձաններ և որի ծածքն փայտաշէն է:

ՎԱՐԱԳԱՅ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ՎԱՆՔ (58)

Հասան վտակի ձախ կողմում մի տեսարանաւոր սարահարթի վերայ հիմնարկուած է հրաշալի վանքս, որ շրջապատուած է թանձր անտառով: Շինուած է յար և նման Գանձասարի ձևով, բայց երկնագոյն սրբատաշ քարով, որ ունի մի աւագ և ութ փոքր խորան (չորսն արևմտեան կողմում) մի գեղեցկաձև կաթուղիկէ, երկու դուռն հարաւային և արևմտեան կողմերից. 15 մետր 60 սանթիմ երկարութիւն 10 մետր 70 սանթիմ լայնութիւն: Հարաւային դրան ճակատակալ քարի վերայ. «Շինեցաւ եկեղեցիս ձեռամբ Յովհաննէս վարդապետի հրամանաւ և իշխանութեամբ իշխանաց իշխանի Վասակայ որդւոյ… պոռնկի բարսաւ (?) և սահնակեցար չարաչար» (թերիմաստ է բանս):
Տաճարիս հիւսիսային որմի վերայ ներքուստ.
«՛ի թվ. ՈՁ. (1231) ընդ այլ աշխարհս հոլովս հարաւ գաւազան և ցասումն Աստուծոյ գաւառն Խլաթա ի ձեռն Խորազմին և Թամթարին, ընդո րս և մեծահռչակ սուրբ ուխտս Վարագային շինեցեալ վասն մեղաց մերոց յայսմ ամի. ես Ղուկաս հայր Վարագայ առեալ զտիեզերահամբաւ սուրբ նշանն զշնորհեալն յԱստուծոյ ՛ի փառս մարդկան ՛ի ձեռն Պատրոնիկեայ և սուրբ Հռիփսիմեանց և Թոդկաւս վեց ամ շրջեցայ թափառեալ ի տեղւոյ ի տեղ. ապա ի կամսն Աստուծոյ ամենատես խնամոց տեառն հասի ՛ի նոր բերդն առ Քրիստոսասէր իշխանն Վասակ յաստուածաբնակ անապատ կոչեցեալ վանքս և ազդումն հնչեալ առիս հաճոյանալ սուրբ Նշանիս ՛ի տեղւոջս. նկարեցի և զգեղաղէշ եկեղեցիս արժանի հանգստեան սորա և մեծարեալ ՛ի քրիստոնէիցս՝ առի զվանքս և ետու զխաչս եկեղեցիս այս միջնորդութեամբ և վկայութեամբ տեառն Յովհաննու շինողի եկեղեցոյս՝ առաջի հրեշտակաց և մարդկան և հաստատեցաւ ինձ ՛ի տաւնի սրբոց առաքելոցն Պետրոսի և Պողոսի, Յակովբայ և Յովհաննու յամենայն եկեղեցիս պատարագ: Արդ եթէ ոք հանել ջանայ աստի, կապանս և անէծս ժառանգեսցէ ՛ի հոգի և ՛ի մարմին անբժշկելի ՛ի սուրբ Նշանէս և յամենայն սրբոց Աստուծոյ: Որչափ այս եկեղեցիս շէն է, մի՝ ոք իշխեսցէ ի զխաչս 1) հանել և զիմ յիշատակս խափանել, ապա թէ ոչ, նախ զինքն ջնջեսցէ ի կենաց գրոցն և ՛ի յիշմանէ Աստուծոյ. ասասցեն հրեշտակք և մարդիկ, եղեցի՝ եղեցի՝»: Արեւմտեան դրան ճակատակալն վերայ.
–––––––––––––––––––––
1) Վանքումս չէ կենաց փայտի մասն, զի այժմ անմարդաբնակ է մենաստանս:

«՛Ի թվին ՈՁԶ. (1237) ես վասակ որդի Դաւթի, որդւոյ Վասակայ, ՛ի տանէ Բագրատունի ի տոհմէ Դաւթայ մարգարէին ՛ի փառս Աստուծոյ կառուցի զեկեղեցիս, զոր շինեցի ի ձեռն Յովհաննու և ընծայեցի զԾաղկագուզի իւր կոպարովն ՛ի վանս ի Քրիստոս և հաւանութեամբ եղբարցս հաստատեցաւ ինձ պատարագ յայտնութիւն և զատիկն յիմ շինեալ մեծ եկեղեցիս, որպէս իմ հաւրն յիւր շինեալ փոքր եկեղեցին գրեցաւ և կնքեցաւ, անուամբ Աստուծոյ յաւուր՝ յորում Վարազայ հայրն Ղուկաս զսուրբ Նշանն եդ յեկեղեցիս: Արդ թէ ոք զմեր տուեալ գիւղերս ՛ի մեր եկեղեցոյս հանել ջանայ և զմեր յիշատակն խափանել, թէ քրիստոնեայ է՝ ի Քրիատոսէ և յիւր ընտրելոցն է նզոված, և թէ յայլազգեաց՝ յԱստուծոյ և ՛ի դենէ և յառաջնորդաց իրեանց և մեր մեղացն պարտական է յաւուրն դատաստանի և ասասցէն ամէն, եղիցի, եղիցի»:
Վանքս ունեցած է և հրաշալի գաւիթ, որի գլուխն փլած է այժմ և որի երկարութիւնն է 14 մետր 50 սանթիմ և լայնութիւնն 13 մետր 20 սանթիմ. և ունի սոյն արձանագրութիւնը. «Թվ. ՉԺ. կամաւ Աստուծոյ ես Հայրուտս վայելեալ զձիավարժ իշխանութեան և հասեալ յայս տեղի՝ զարհուրեցայ ՛ի սպառնալեաց և դիմեցի յեղբարանոց անապատիս առ ոտս տեր Յովհաննէս շինողի սուրբ ուխտիս և ստացայ զտնակս սակս յիշատակ ինձ և իմոցն….»:
Մենաստանիս հարաւային կողմին կից է մի այլ վանք իւր գաւթով միասին: Այս է Վասակի հայր Բագրատունի Դաւիթ իշխանի շինել տուածն, ինչպէս իւր արձանագրութեանց մէջ յիշեց արդէն Վասակ իշխանն: Այժմ խոնարհած է և գաւթիս գլուխն:
Իսկ իւր հիւսիսային կողմին կից՝ մեծ վանքս ունի մի առանձին խորան, որ քայքայուելու վերայ է: Ունեցած են վանքերս և շրջապարիսպ, և միաբանից խուցեր, որք բոլորովին քանդուած են այժմ: Վանքերիս վերայ գործ դրուած են տորոնագոյն, երկնագոյն եւ կանաչագոյն քարեր, որոց հանքերն գտնուում են վանքիս հարաւ արևմտեան կողմում ոչ այքան հեռի:
Երևում է թէ վանքս բերուած է խողովակներով այն ջուրն, որ հոսում է հարաւային ձորով. այժմ յայտնի է ջրաւազանն և ուրեք ուրեք աւերուած խողովակներն. ջուրն ընդհատուած է և վանքս անմարդաբնակ:
Կայ այլ ևս երկու մատուռ մին վանքի հարաւային և միւսն հիւսիսային կողմում: Այս կողմումն է և միաբանից հանգստարանն:
ԺԱ. ԱՇՈՒՂԻ կամ ԼԱԼԻ գեղ. Հիմնուած է Աղստև գետակի աջ կողմում. Վարագեան լեռնաբազկի հիւսիսահայեաց լանջի մի սեռի վերայ. բնակիչք տեղափոխուած են Խաչեն և Ջրաբերդ գաւառներից. հողն արքունի և կիսով չափ ջրարբի, տեղական բերքերն նոյն, պատուական տեսարանն, բարեխառն օդն և կլիման, և բարեհամ ջուրն, երկար կեանք 85 տարի. եկեղեցին նոր սկսեալ. քահանան գալիս է Ուզուն-Թալայից:
Ծուխ 30, ար. 140, իգ. 113:
Ա. ԴԻՏԱՐԱՆ կամ ԴԻՏԻՒԱՆ. Հիմնոած է Ղազախ քաղաքից վերև, նոյն գետակի և արքունի ճանապարհի աջ կողմում մի բլրակի վերայ, որ ունի բոլորշի ձև, և քարուկիր շինութիւն, որի գոյութիւնն շատ հին չէ:
Բ. ԴԻՏԱՐԱՆ շինուած է թրծեալ աղիւսով և կրացեխով եռայարկ, նոյնպէս բոլորշի, որ կայ Ուզուն-Թալա կայարանի հանդէպ գետակի աջ կողմի ափի վերայ: Շատ հին չէ և այս, որ ունի վերնայարկում հրացան արձակելու ծակեր և որն ճեղքուած է վերից վար:
ԺԲ. ՈՒԶՈՒՆ-ԹԱԼԱ գիւղ. Հիմնուած է Վարագեան լեռնաբազկի հիւսիսահայեաց լանջերի և սեռերի վերայ. բնակիչք կիսով չափ բնիկ և կիսով չափ տեղափոխուած Խաչեն և Ջրաբերդ գաւառներից, հողն արքունի, արդիւնաւոր և կիսով չափ ջրարբի, տեղական բերքերն նոյն (ունի այգի և պարտէզ). օդն, կլիման և ջուրն սննդարար, երկար կեանք 90 տարի. եկեղեցի երկու, արևելեանն՝ Ամենափրկիչ. քարուկիր, կառուցեալ չորս բոլորշի սիւների վերայ, որ ունի 17 մետր երկարութիւն 11 մետր լայնութիւն. մի քա. հանայ: Իսկ արևմտեանն՝ Ս. Աստուածածին, նոյնպէս կամարակապ չորս սիւների վերայ, որ ունի 15 մետր 15 սանթիմ երկարութիւն, 9 մետր 15 սանթիմ լայնութիւն և մի քահանայ: Երկու թաղերում միասին քահանայ 2.
Ծուխ 133, ար. 650, իգ. 500.
Միդասեան ծխական ուսումնարան. աշակերտք 50, տարեկան ռոճիկ վարժապետին 300 րուբլի:

ՍՐՎԵՂ ՎԱՆՔ (1)

Հիմնուած է Համզա սարից դէպի Ուզուն-Թալա խոնարհուած լեռնաբազկին հարթակին վերայ, որ անտառապատ է և ուշագրաւ: Մենաստանս շինուած է թրծեալ աղիւսով և կրացեխով բացի հիմունքներից, որք քարաշէն են: Վանքս ունի չորս փոքր և մի աւագ խորան, երկու լուսամուտով մի վեղարաձև կաթուղիկէ, երկու դուռն հիւսիսային և արևմտեան կողմերից, բարձրագոյն շինուածք, 15 մետր 60 սանթիմ երկարոթիւն, 10 մետր 22 սանթիմ լայնութիւն: Վէմ քարի վերայ.
«Կանգնեցաւ սուրբ Նշանս ՛ի բարեխաւսութիւն Ո. ամի»: Հիւսիսային որմի վերայ աւազանից արևմուտք. «Թիւ ՈԱ. ես Արտաւազ և Սարգիս շինեցաք զեկեղեցիս ձեռամբ Յովհաննիսի..»: Վանուցս արևելեան-հիւսիային կողմում արտաքուստ. «ՈԾ. թուին ես Անանիաս որդի սուրբ ուխտիս բարեխաւսութեամբ աւրն աղաւթ… երկրպագէք»:
–––––––––––––––––––––
1) Բացատրում են երկու տեսակ իմաստով. Ա. վեղարի նման սրածայր կաթուղիկէ ունեցող վանք: Բ. Սարու հող–շիկահող–վանքատեղ:

Վանքս նորոգուած է զանազան ժամանակներում. զորօրինակ երևում է շինութեան նշաններից և ծեփի հետքերից: Արեւմտեան դրան վերայ.
«Ես Ասդոհի տղայ Մխիթարս սուրբ Սրվեղի Բ. դուռս շինեցի (նորոգեցի), ով կարտայ, ողորմի ասի թվ. ՌՃԽԱ.»:
Բոլորովին աւերակ են մենաստանիս խուցերն և շրջապարիսպն և Ձիթահանքն և բուսած են վանքի տանեաց վերայ մի քանի հացի և բռշնի ծառեր և վնասուած են հիւսիային կողմի ձեղունն և արևմտեան հիւսիային անկիւնն:
Մենաստանիս հիւսիային կողմում, պարսպի ներսում կայ սուրբ Աստուածածին անուն մի եկեղեցի, որի ծածքն փայտաշէն է և ուխատեղի:
Խեցեղէն խողովակներով վանքս բերուած է վաղուց ԿԵՈՒՌ (Յորդ) աղբիւրն, այժմ չէ հոսում ջուրն, բայց կայ ջրաւազանն և խողովակների հետքերն:
Վանքիս շրջապատում կան երեք Գիւղատեղիներ և հանգստարաներ, որք ծածկուած են թանձրախիտ անտառներով:
Վանքիս հիւսիային կողմում, ճանապարհի վերայ կան կարմիր, կանաչ և դեղին գոյնով հեղեր, որովք գիւղացիք ներկում են կարմիր, կանաչ և դեղին գունով թելեր:
Սուրբ Նշան մատուռ, որ գտնուում է Ուզուն-թալա և աշուղի գիւղերի միջև: Քարուկիր է, հնաշէն և անարձանագիր, որի մօտ կայ գիւղատեղի, հանգստարան և գեղեցիկ ծառեր:
ԺԳ.Ռեւազլուշէն. հիմնուած է Ուզուն-թալայի արևմտեան կողմում նոյն սարի (Համզայի) հիւսիային ստորոտում, նոյն գետակի աջ ափի բարձրութեան վերայ. բնակչաց կէս մասն բնիկ, միւս կէսն փոխադրուած Սռի գիւղից. հողն արքունի և միջակ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն. եկեղեցին սուրբ Գրիգոր, ծածքն փայտաշէն, քահանայ մի:
Ծուխ 22, ար.107, իգ. 98.
Ռևազլու և Խաչթառակ գիւղերի միջև կայ մի ընդարձակ Գիւղատեղի, երկու հանգստարան զարդարուած խաչարձաններով, ձիթահանքի քարեր և խաղողի որթեր:
ԺԴ. խաչթառակ գիւղ (Սարհատլու). շինուած է նոյն սարի ստորոտում, բնակչաց մի մասն բնիկ և միւսն տեղափոխուած Ջրաբերդի և Կիւլստանի գիւղերից, հողն արքունի և սակաւ արդիւնաբեր, տեղական բերքերն, օդն և կլիման նոյն, երկար կեանք 85––90 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն. քահանան գալիս է Հաչա-ջուր գիւղից:
Ծուխ 60, ար. 410, իգ. 342.
Ղամիշ-կեօլում, որ կայ գիւղիս արևմտեան կողմում, կան գիւղատեղի և հանգստարան և եկեղեցի, որից մնացած է այժմ խորանի գլխի թաղն:

ՄՈՐՈՅ ՁՈՐՈՅ կամ ԾՌՎԶԻ ՎԱՆՔ

Հիմնուած է գիւղիս, գրեթէ հարաւային կողմում, Ծռվիզ կոչումած գոմերի մօտ, ձորի աջ կողմում: Կառուցեալ է խաչաձև սրբատաշ չիչ քարով: Վանքիս երկարութիւնն է 7 մետր 20 սանթիմ, լայնութիւնն նոյնչափ: Այժմ քանդուած են արևմտեան կողմի կամարն, արևելեան կամարի կէսն և կաթուղիկէի սալկախն: Խորանի հիւսիային կողմում:
«Թ. ՈԿԶ. ես Մխիթար և ամուսին եմ միաբանեցաք եկեղեցւոյս և ետուն մեզ ժամ Աստուածածնին բ. մին ինձ, Ա. (միւսն) Հարկևորին, ով խափանէ, մեր մեղաց պարտական է, դրած աղին արծաթագին»:
«Յանուն Աստուծոյ ես Սասնայս միաբանեցայ իմ որդաւքս Մորոյ-ձորոյ Աստուածածնիս և հայրս Գրիգոր և այլ միաբանքս ետուն ինձ տարին Բ. ժամ զՎարդավառին շաբաթ աւրն և զկիւրակէն Ա. աւրն ինձ, Ա. Շուշանկան…»:
Հիւսիային կողմում. «Անուամբ ամենակալին Աստուծայ ես Գեաւրկի (Գեօրկի) Թագաւորաց1) թագաւոր ետու զՄորոյ Ձորոյ վասն հայր Յովհաննէս և արարի ազատ յամենայն հարկէ. ամիր Քրտին հոգացողութիւն (թեամբ) որ ինձ աղաւթս անեն. որ մեր հրամանացս հակառակ լինի, Աստուծոյ հրամանին է հակառակ, հաստատ է գիրս անուամբ Աստուծոյ»:
–––––––––––––––––––––
1) Վրաց Գէորգի թագաւորն և Թամար թագուհու հայրն, որ թագաւորեց 1156––1184 թուականն փրկչին:

Կաթուղիկէի արևմտեան կողմի վերայ արտաքուստ. «Ես հայր Գրիգոր… վանքս շինեցի Աստուածածին…. (անընթեռնելի)»: Արդէն հերկուած են միաբանից խուցերի և շրջապարսպի տեղերն, որոց արևելեան կողմում կայ Գիւղատեղի և հանգստարան:
ԺԵ. Կարվանսարա գիւղ. (կարաւանի իջևանելու տեղ). շինուած է Աղստև գետակի աջ ափի վերայ, Աղտան վտակի աջ ու ձախ կողմերի վերայ. գիւղիս նախկին բնակիչներն գերի տարուած են Պարսկաստան և ցրուած են մնացեալներն: Այժմեան բնակիչք տեղափոխուած են Երևանի ՂըրխԲուլաղ, Արզն և Կեամրիս գիւղերիցն (անյայտ է տեղափոխուելու ստոյգ թուականն), հողն արքունի, մեծ մասամբ անջրդի, նուազ արդիւնաւէտ, բայց այգևէտ. տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 90––100 տարի. եկեղեցին Ամենափրկիչ, ծածքն փայտաշէն, քահանայ երեք:
Ծուխ 115, ար. 751, իգ. 613.
Տղայոց միդասեան ուսումնարան, ուր ուսանում են 77 տղայք, թոշակատու 68, ձրիավարժ 9, տարեկան ռոճիկ վարժապետին 310 րուբլի:

Եկեղեցումն կան հետեւեալ գրչագրերն.

Ա. Աւետարան մեծադիր, թղթեայ, պատկերազարդ. միջակ գեղեցկութիւն ունին պատկերներն, ծաղիկներն, թռչնագրերն և նկարներն: Փտած և թափուած են յիշատակարանի կէսն, միայն մնացած է. «…….. Գրեցաւ Հայկական թուականիս չհա. յանապատս Աղուանաձոր (Վանայ կողմերում) ընդ հովանեաւ սրբուհւոյ մաւրս լուսոյ Աստուածածնիս և Վասիլ թագաւորի սուրբ Նշանիս և այլ և այլ հաւաքեալ սրբութեանցս ՛ի ղանութեան Բյուստիտին (?) և ի քահանայապետութեան տեառն Զաքարիայի ձեռամբ ամենամեղ և անարհեստ գրչի Յակոբայ մեղապարտ… հանդէպ սրբարար ծովուն, ուր մանր ձկունք ելանեն….. ստացող սորա Մոսէս կրաւնաւոր հանդերձ ծնողիւք և եղբայրք կենդանեաւք….»:
Վերջին յիշատակարանից. «Գրեցաւ ի թուին հայոց ՊԵ. են ՛ի դուռն սուրբ Նախավկային ձեռամբ սրբոյ Էջմիածնի նուիրակ Սիմէոն վարդապետի յառաջնորդութեան սուրբ սքանչելագործայ տեառն Ներսիսի եպիսկոպոսի, վկայութեամբ բազմաց ժողովրդոց…»:
Բ. Աւետարան փոքրադիր, թղթեայ, ամբողջապէս գլխագրով գրուած, որի սկզբից պակաս են թերթեր, վասն որոյ չունի յիշատակարան: Սակայն նայելով գլխագրերի ձևերին՝ 800 տարուայ գրուած լինելու է աւետարանս:
Գ. Աւետարան միջակ դիրքով, թղթեայ, որ ունի միայն չորս աւետարանչաց անճաշակ պատկերներ. Յիշատակարանից. «Եւ ես յետինս ՛ի կրաւնաւորաց… Գրիգոր եպիսկոպոս…. գծեցի զսա մեղսամած մատամբ իմով ՛ի Բջնի ընդ հովանեաւ երկնանման աթոռոյ սուրբ Աստուածածնիս ՛ի հայրապետութեան տեառն Սարգսի (Բ-ի) Հայոց վերադիտողի ՛ի թուաբերութեանս Հայոց ՋԻԷ…. Եւ արդ ես պատրոնս և ամուսին իմ Մէլիքխաթուն ստացաք զսուրբ աւետարանս ՛ի յարդար վաստակոց մերոց և տուաք ընծայ ՛ի դուռն սուրբ Ամենափրկիչ Աշտարակու և սուրբ Մարիամին և սուրբ Կամբրաւորին ի վայելումն մանկանց սոցա»:
«… և ես տէր Գրիգոր եպիսկոպոս աշտարակեցի նստելով եպիսկոպոս իմ ի սուրբ աթոռս ԺԷ. ամ և Զ. ամիս գրեցի զսուրբ աւետարանս…..»:
Դ. Աւետարան փոքրադիր, թղթեայ, պատկերազարդ, որք նկարուած են ճաշակով, արուեստով և ընտիր գոյներով, ընկած է յիշատակարանի կէսն, վասն որոյ մնում է անյայտ գրողի անունն, տեղն և թուականն: Միայն գրուած է Մատթէոսի վերջում. «Զստացող սուրբ աւետարանիս զբարեմիտ և հաւատարիմ տանուտէր Յովհաննէսն և զեղբայրն իւր զՄարտիրոսն, որ ստացաւ զսուրբ աւետարանս….. թվ. ՌՃԻԱ.»:
Ե. Աւետարան միջակ դիրքով, թղթեայ, պատկերազարդ (անճաշակ են). Յիշատակարանից. «Արդ գրեցաւ և աւարտեցաւ սուրբ աւետարանս ի գաւառս Միջագետաց յԱմիթ մայրաքաղաքի ընդ հովանեաւ Թէոդորոսի զինւորին և ամենասրբուհի կուսին Մարիամու Աստուածածնի և սուրբ Կարապետին Յովհաննու և Գէորգայ զաւրավարին ի հայրապետութեան տեառն Կոստանդնի Վահկեցոյ և ՛ի վերադիտողութեան Ամիթ Շահաստանի տեառն Մկրտչի աստուածաբան վարդապետի և արքեպիսկոպոսի ամենայն միջագետաց և երիցփոխանի Կաթուղիկոսի ամենայն Հայաստանեայց և մինչ ի ծայրս արևելեան իշխեցողի, և ի թագաւորութեան ամենայն Միջագետացս պարունայց պարոնի, որ կոչի Շահ Աւթման պահաթուր ի թվ. Հայկականս տումարի ՊՅ. երորդի, յորում ամի մերկացաւ սուրն վաղակաւոր յազգերէ իւրմէ և վասն ծովացեալ մեղաց սուր պատուհասի Աստուծոյ տարածեցաւ տարաժամ մահ ընդ ամենայն երկիր և առաւել ևս բարկութիւնն Աստուծոյ տեղեաց յԱմիթ մայրաքաղաքի և իսպառ կոտորեաց զամենայն առհասարակ առաւել քան զանդրանկածախն Եգիպտոսի, որպէս յանապատի զԻսրայէլ և յաւուրս Դաւթի ՀԷ. հազարացն. զի անկաւ ՛ի ժողովրդենէն ԶՌ. (6000) արանց միայն, զորս ՛ի թիւ արկին, թող զանհամարսն և զայն որ արտաքոյ քաղաքին ի Գաւառսն և ՛ի գեաւղսն որ և բազում աւանս անմարդաբնակ արար, մինչ զի չորքոտանիքն յամայի շրջէին և ամենայն հայրենիք կողոպուտ եղեն յարքունեան: Եւ արդ ոչ ոք կարէ ընդ գրով արկանել կամ լեզուաւ ճառել զաղէտս կսկծանաց և զողբս տարակուսանաց և զհառաչանս սրտից և զգործս տարակուսանաց, որ գործեցան ՛ի միջի մերում. զի բարկութիւն Աստուածային էր և սաստիկ էր հրաման…… յամենայն ուրեք ողբ հառաչանաց և յամենայն տուն գործս տարակուսանաց լալումն որբոց և աղաղակ այրեաց, կսկիծ ծերոց և մաղկատումն մանկամեռ մարց, յամենայն լեզուէ վա՜յ և յամենայն բերանոց ապաշաւանք….. Մայտեսի Ազիզն… որ ստացաւ զսուրբ աւետարանս… և ընծայեաց սուրբ աւետարանս նուիրէք սուրբ Թորոս զաւրավարին… և կայցէ սուրբ աւետարանս յիշատակ անջնջելի….. յիշեցէք ՛ի Քրիստոս.. զԳրիգոր գրագիիր, որ գրեաց զսա յընտիր աւրինակէ այլև զԱբրահամ վարդապետ, որ զարդարեաց զսա ծաղկով»:
«Նորոգեցաւ սուրբ աւետարանս ՛ի թվ. ՌԽԴ. ի քաղաքն յԱմիթ ՛ի դուռն սուրբ Կիրակոսի, ՛ի յառաջնորդութիւն Ամթայ Ղուկաս քաջ րաբունապետին…. ի դառն և ՛ի նեղ ժամանակիս, որ քրիստոնեայքն խիստ նեղութեան կային. հարկապահանջութիւն շատացեր էր ՛ի վերայ քրիստոնէիցն. մէկ խարաջ մի Գ. Դ. ղուրիշ կառնին, հա՜նց (այնպէ՜ս) թանգութիւն, որ չարէք ցորեն ԺԳ. շահի կու առնեն. այս տարի մեռաւ Խոնթքար Մուրատն և թագաւորեց որդի Մահմուտ փաշան….»:
Սուրբ Գրիգոր մատուռ, շինուած անտաշ քարով, խոնարհուած է ծածքն, որ գիւղիս արևելեան կողմումն է: Գեղեցկաքանդակ խաչարձաններով քանդակուած է մատրանս ներսն և ուխտի օրն է Աստուածածնայ վերափոխումն:
Խոզ-մարագ կոչուած տեղում կայ Գիւղատեղի և հան։ գստարան:
ԺԶ. Վերին-Աղդան. Շինուած է Կարվանսարայի հարաւային կողմում Աղդան վտակի աջ ու ձախ ափերի վերայ: Գիւղս բաժանուած է երեք թաղի Ներքին, Միջին եւ Վերին. բնակիչք տեղափոխուած են Ներքին-Աղդանից, հողն արքունի, լեռնային և միջակ արդիւնաբեր, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին երկու, ներքին թաղենն՝ Աստուածածին1) Վերի թաղինն՝ Նորաշէն (դեռ չունի անուն). քահանայ մի: Ծուխ 90, ար. 686, իգ. 638:
–––––––––––––––––––––
1) Եկեղեցումս կայ մի մասունք արծաթեայ աջի մէջ, որը՝ հերկելու ժամանակ՝ գութանն հանած է հողի տակից, յայտնի չէ՝ թէ որ սրբի մասունքիցն է:

Գիւղիս արևելեան կողմում, սարի ստորոտում կայ ընդարձակ հանգստարան, որի մէջ կան խիստ հին ամփոփեալներ: Տապանաքարերից շատերն ունի խաչարձաններ: Մի անտաշ քարի վերայ, որի խաչարձանն չկայ. «Խաչս բարեխաւս Սուլթանի Նաւին»: Այլ քարի վերայ. «Խաչս բարեխաւս Ասպըտէրին ամենայն ննջեցելոց» (բազմախաչ է տապանաքարս):
«Սուրբ խաչս Ավաքին ամուսին»: սորանից փոքր ինչ վերև է գիւղատեղին և եկեղեցու աւերակն, որ շինուած է եղել մի սեռահարթի վերայ, որի շուրջն պարսպուած է եղել ահագին քարերով: Այժմ մնացած են միայն եկեղեցու և պարսպի աւերակներ:

ՍՈՒՐԲ ԿԻՐԱԿԻ ՄԱՏՈՒՌ

Մի միապաղաղ քարի վերայ շինուած է մատուռս, որ կայ եկեղեցու աւերակի հարաւային հանդէպ, ձորի ձախ կողմի սեռի վերայ: Մատուռս, որի չորս պատերն շինուած է անտաշ և թաղն տաշուած քարով, ունի մի խորան, երկու խորհրդարան, չորս լուսամուտ, մի դուռն արևմտեան կողմից և մի կաթուղիկէ և 14 մետր շրջապատ, արտաքուստ չափելով:
Դրան ճակատակալ քարին վերայ.
«Կամաւն Աստուծոյ, ղանութիւն Արղունին, թագաւորութիւն Դեմետրի ես Մկրտիչս շինեցի զեկեղեցիս ծնողաց իմոց և վասն թողութեան մեղաց իմոց. ամեն. թիվ. ՉԼԵ.»: Հիւսիսային սեմ խաչարձանի ստորոտում. «Աստուծով ես Ալափես ետու զմարանս Մարկոս. ՄԽ. (իթար) քահանա ետ ա. պատարագ զգաւիթս ՛ի սուրբ խաչին» (տօնին): Մատրանս շուրջն հանգստարան է, իսկ հիւսիսային կողմում խիստ մօտ կան խուցերի աւերակներ:
Անանուն մատուռ շինուած միևնոյն սեռի վերայ, փոքր ինչ վերև մացառուտների մէջ, որ աւերակ դրութեան մէջ է այժմ.
Քոսի աղբիւր. երկու պատուական ջրով աղբիւրներ են, որք բղխում են աւերակ մատրան ստորոտի ձորից և հոսում սուրբ կիրակի մատրան հարաւային ձորով: Աղբիւրներիս ակների մօտ կայ մի տորոնագոյն խաչարձան, որի մօտ լուացուելով սրբուում են բորոտութիւնից։

ԼԱՉԻՆ-ՂԱՅԱԻ-ՁՈՐ.

Գտնուում է Վերին-Աղդանի հարաւային սարի մէջ մի ջրաձորի վերի մասումն: Այս մի խորագոյն, հորիզօնն նեղ, անտառապատ, ահարկու և մթնագին ձոր է, որ ունի միայն մի մուտք ջրաձորով-հիւսիսից հարաւ: Վերնամասն գոգաւոր է և ամեն կողմերից անմատչելի: Սոյն մասում կան քարայրներ, բայց մին անմատչելի է այժմ քանզի աւերուած է վերելակ կածանն և ոտից կռուաններն: Ահա այս ձորում և այրերում պատսպարուած են շրջաբնակ հայերն և ազատ մնացած Լեկզիների աւերիչ արշաւանքներից և գերեվարութիւնից: Երեք տարի առաջ ձորիցս գտած են տասներկու պղնձեայ ափսէ և երկու արոյրէ աշտանակ:
Անապատ. Մրղուզ սարի արևմտեան ստորոտում, Սալա գիւղի մօտ (այժմ թրքաբնակ է որ կանխաւ եղած է հայաբնակ) կայ մի փոքր վանք անապատ անուն, շինուած սրբատաշ քարով: Բացի անապատից՝ գիւղումս կայ քարուկիր մեծ եկեղեցի և ընդարձակ հանգստարան:
Գետաշէնում (Չայքեանդ), Թարսա-չայի աջ կողմում, կայ մեծ եկեղեցի և հանգստարան: Մինչդեռ կանխաւ հայաբնակ եղած է, այժմ թրքաբնակ է:
Հանքային ջուր, որ գտնուում է մօտ կէս մղոնից աւելի վերև նոյն ջրի ձախ ափումն և կոչուում է տաճկ. Ղոթուր-բուլաղ: յար և նման է ըստ ամենայնի ջուրս Շուշուց վերև եղած թթու ջրին:
ԺԷ. Ներքին-Ճամբարակ. շինուած է նոյն վտակի (Թարսայ-չայի) աջ ափում, հանքային ջրից վերև, բնակիչք բնիկ, հողն արքունի և խիստ սակաւ արդիւնաբեր, քանզի մօտ 8000 ոտք բարձր է սոցա բնակութեան և ցանքսերի տեղերն. տեղական բերքերն ցորեն, գարի, ոչխար, տաւար և գոմէշ. գերազանց օդն, կլիման և ջուրն ամրան. եկեղեցին սուրբ Աստուածածին, քահանան գալիս է Վերին-Ճամբարակից:
ԺԸ. Վերին-Ճամբարակ. շինուած նոյն վտակի աջ կողմում մի առուակի աջ ափի վերայ. ամենայն ինչ նոյն. եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր և հին, քահանայ մի:
Ծուխ (երկու գիւղերում միասին) 67, ար. 550, իգ. 440.
Գիւղիս արևմտեան հանդէպ վտակի ձախ կողմի բարձրութեան վերայ կայ գիւղատեղի, հանգստարան և եկեղեցու աւերակ:
Վիմափոր խաչարձաններ, Գօշ առուի ձախ ափում, Թարսա-չային խառնուրդին մօտ, ճանապարհի գլխին, ապառաժ քերծի ճակատին փորուած է երեք խաչ, երկուսն մեծ և մին փոքր: Մեծերի գլխին. «Գրիգորոյ է». իսկ տակին. «ՈՁԳ. թուին հայոց»:
ԺԹ. Ղօշայ-վանք-շէն. շինուած է Թարսա-չայի ձախ կողմում հովուի սարի (Չոբան-դաղի 8435 ոտք) ստորոտում, մի արևելահայեաց լանջի վերայ. բնակիչք 1855-ին տեղափոխուած են այստեղ Զաւէ գաւառի Կոթ, Դոստլու, Գվեղ և Սռի գիւղերից. հողն վանքապատկան, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն պատուական, քահանայ մի, հոգևոր պէտքերն կատարուում են վանքումն.
Ծուխ 25, ար. 140, իգ. 130.

ԳՕՇ-ՄԽԻԹԱՐԱՅ ՎԱՆՔ (59)

Հիմնարկուած է շինիս մէջ մի գեղեցիկ հարթակի վերայ. բարձր և անտառապատ լեռներ պատած են վանքիս և շինիս հարաւային, արևմտեան և հիւսիսային կողմերը, բաց է միայն արևելեան կողմն և գոգաւոր խոր փոս վանքիս և շինիս տեղն: Մենաստանս շինուած է յանուն սուրբ Աստուածածնայ ամբողջապէս տորոնագոյն տաշուած քարով և հոյակապ կառուցեալ չորս բարձրաշէն կամարների վերայ Գանձասար վանքի իսկական ձևով: Վանքս ունի չորս փոքր և մի աւագ խորան, երկու խորհրդարան, տասներեք լուսամուտ, մի վեղարաձև կաթուղիկէ, երկու դուռն արևմտեան և հիւսիային կողմերից. 15 մետր 75 սանթիմ երկարութիւն, 11 մետր 50 սանթիմ լայնութիւն։ Շարժից վնասուած են արտաքուստ արևելեան որմն, կաթուղիկէն և տեղ տեղ սալկախն. իսկ ներքուստ արևմտեան և հարաւային կողմերն:

Աջակողմեան դասի Բ. խորանի ճակատին.

«՛ի ՈԽ. թուին զկնի չորս ամաց առնլոյ զԵրուսաղէմ Սալահադինին՝ սկսեալ եկեղեցիս սուրբ ի նորս Գետիկ և կատարի ամս է, ՛ի խանգար զատկին յունաց ձեռամբ վարդապետին Մխիթարայ ՛ի հայրութեան Վարդանայ, ձենտուութեամբ բարեպաշտ իշխանին Վախտանկայ և նորին զուգակցին Արզու խաթունին, և նորին եղբարցն Սմբատայ, Վասակայ և խորթն1) Գրիգորոյ և նոցին զաւակացն: Լիցի նոցա պատարագ յեկեղեցիս ՛ի տաւնի սուրբ Աստուածածնին Գ. աւուրն. բայց զԱ. Հասանայ հաւրն Վախտանկայ. Ա. մաւրն նոցին Մամին և Ա. հաւրն Արզու խաթունին Քրդին բարեպաշտի անխափան»:
–––––––––––––––––––––
1) «Վախթանկայ Խաչենւոյ տեառն Հաթերքոյ, և եղբարց իւրոց՝ Գրիգորոյ և Գրիգորիսի և Խոյդանայ և Վասակայ» (Կիր. եր. 125 տպ.՛ի Մոսկ. 1858):

Աւագ խորանի վերայ

«Յուսով ողորմութեան Աստուծոյ ես Ճարս որդի պարոն Ումիկին, թոռն Ճարին, աշխարհաւ Մանածկերտացի յաշխարհակալութեան Ղարա նուին ՛ի թագաւորութեան վրաց Դեմետրի Բագրատունոյ իմ հայրն Ումիկ գնեալ էր զԳետիկ ի ԽՌ. կարմիր տուգատի. ես Ճարս գրեցի զՀովս (գեղս) իւր ամեն սահմանաւք ի դառն ժամանակի, որ հայրենիքն աժան էր և ոսկին թանկ. ԴՌ. կարմիր դուգատ տուի Գետկայ Աստուածածնին իմ հոգոյ տանս յիշատակ անջնջելի իմ ծնողացն Ումիկին և Թագուհւոյ, ինձ և իմ որդեացն Արղութիւն և իւր եղբարցն, առաջնորդութեամբ Ղասապ վարդապետին. և միաբանքս սահմանեցին զաւագ Ե. շաբաթ աւրն, և զատկի աւրն զամէն եկեղեցիքս պատատագ որչափ մեք կենդանի եմք՝ մեր ծնողացն լինի, և յետ ելից մերոց յաշխարհէս՝ մեզ լինի: Արդ՝ ով այս գեղս հանել ջանայ յայս եկեղեցւոյս, կամ զիմ յիշատակն խափանէ ով ոք և իցէ, որ լինիցի ի ծննդոցն Ադամայ, եղիցի նզովեալ չլբ.»:
Վանքս ունի և գաւիթ, որ կառուցեալ է չորս միապաղաղ և բոլորակ սիւների և ութ կիսասիւների վերայ տաճարի արևմտեան կողմին կից նոյնպէս սրբատաշ քարով: Գաւթի կեդրոնի ուղղութեամբ շինուած է մի ութանկիւնի գմբէթ իբր երդիկ: Գաւիթս ունի չորս [չ-ն և ո-ն բնագրում շրջված են Ա. Դ.] խորան. տասնևմի լուսամուտ, մի երդիկ, երկու դուռն, 15 մետր 79 սանթիմ երկարութիւն (հիւսիսից հարաւ) 13 մետր 40 սանթիմ լայնութիւն: Արեւմտեան դրան վերայ. «….. Եցի ես որդի Գայլաձագին միաբանեցայ սուրբ Աստուածածնիս. հաստատեցին մեզ Դ. պատարագ ի տաւնի Յովհաննու Կարապետին զկնի յայտնութեան զԱ. իմ հաւրն Գայլաձագին, զԱ. իմ մաւրն Մամաքին. զԲ. իմ եղբարցն Բուսլանին և Աղբերկանն. կատարիչքն աւրհնին յԱստուծոյ ի թվ. ՉԽԲ.»:
Երկրորդ վանք. որ կոչուում է սուրբ Գրիգոր Լուսաւորիչ , պատկից է գրեթէ սուրբ Աստուածածին վանքին հարաւային կողմին: Շինուած է յար և նման մեծ տաճարի ձևով, բայց առանց գաւթի: Սուրբ Գրիգորս ունի 11 մետր 90 սանթիմ երկարութիւն, 9 մետր 12 սանթիմ լայնութիւն, բայց քանդուած է ամբողջ կաթուղիկէն, խորանի կամարի վերի քարերից մի քանիսն, հարաւային կողմի երկրորդ կամարի քարերից մի քանիսն և սալկախներ: Աւագ խորանի վերայ.
«Շնորհիւն Աստուծոյ և կամակցութեամբ եղբարցս և միջնորդութեամբ տէր Գրիգորիսի գրեցաւ յիշատակ եղբաւրս մերոյ Պետրոն Արտաւազայ. միաբանք սուրբ ուխտիս սահմանեցաք ՛ի տաւնի Դաւթի և Յակոբայ մատուցանել պատարագ ամենայն եկեղեցիքս զկէսն Արդաւազայ և զկէսն ամուսնոյն իւրոյ Աւթային, որ խափանէ դատի ՛ի տեառնէ»:
Հիւսիսային փոքր խորանի դրան վերայ.
«Ի տաւնի սուրբ խաչին Ա. աւրն պատարագ Խաչատուր վարդապետին և եղբարց իւրոց և ծնողացն, զի նոցա ընչիւք շինեցաւ խորանս»:

Հարաւային փոքր խորանի դրան վերայ

«Ծառայն Աստուծոյ Գերգ (Գէո՞րգ) և ամուսին իւր Կատայ և զաւակունք նոցին շինեցին իւրեանց ընչիւք զխորանս. Բ. աւր պատարագն նոցա է ՛ի տաւնի սրբոցն Գէորգայ. խափանողքն դատին ի Տեառնէ»:

Տաճարիս դրան ճակատակալ քարին վերայ

«Յուսովն Աստուծոյ Բ. եղբարքս Մարտիրոս և Գրիգոր, և ամուսին Թամար միաբանեալ Եփրեմաւ շինեցաք զեկեղեցիս, վասն որոյ տնկեցաք և զայգիսն. տէր Յովհաննէս և միաբանքս ետուն նոցա պատարագ զեկեղեցիս Բ. տաւնն սրբոյն Գրիգորի զԵ. խորանս Մարտիրոսի, Գրիգորի, Փիրաժի, Թամարին, Նազխաթունին և Մատթէոսի անխափան. կատարիչքն աւրհնին յԱստուծոյ ՈՁ»: (Արևի ժամացոյց տաճարիս հարաւային արտաքուստ որմի վերայ):
Երրորդ տաճար Սուրբ Կարապետ, որ համարեա թէ կից է մեծ տաճարի գաւթին հարաւային որմին: Այս ևս շինուած է համակ սրբատաշ քարով մի կամարի վերայ։ Քանդակազարդ են բեմն և խորհրդարաններն և զոյգ լուսամուտներ ունի մեծ խորանն: Տաճարս ունի երկու փոքր և մի մեծ խորան, հինգ լուսամուտ, մի դուռն, 6 մետր 90 սանթիմ երկարութիւն, 5 մետր 38 սանթիմ լայնութիւն:

Տաճարիս հարաւային որմի վերայ արտաքուստ

«Ի ՈՁԶ. ես Գրիգոր որդի Ս…. միաբանքս ետուն զաւագ խորան եկեղեցւոյս ինձ պատարագ….»: Խախտուած են սուրբ Կարապետիս հարաւային որմի արտաքին երեսի քարերն և թափուած մի քանիսն սալկախի հետ:
Սուրբ Կարապետիս դրան աջ ու ձախ կողմերում արտաքուստ դրուած են երկու քարեայ ականաւոր խաչարձաններ, որք գրաւուոմ են այցելուների ուշադրութիւնը իւրեանց սխրալի քանդակագործութեամբ: Հարաւային կողմինն կոտորուած է ստորոտի մօտից. անվնաս է հիւսիսայինն, որի ստորոտում քանդակուած է. «Պաւղոս» որ է շինող վարպետի անունն:

ԶԱՆԳԱՏՈՒՆ

Եռայարկ և բարձր շինութիւն է, որ գրեթէ պատկից մեծ տաճարի գաւթի հիւսիսային կողմին: Մարանատուն է գետնայարկն, որ պատերի արտաքին երեսներն շինուած են ահագին անտաշ քարերով: Միմեանց միջով անցած են չորս կամարներ, որոց ոտքերն հաստատուած են չորս պատերի մէջ զետեղուած ութ կիսասիւների վերայ հիանալի ճարտարապետութեամբ: Գետնայարկս, որի յատակն լի է ահագին քարուկիր հորերով-տաքարներով, ունի վեց լուսամուտ և մի դուռն: Միջնայարկն գաղտնի պահարան է: Խաչաձև շինուած է վերնայարկն, որ ունի մի դուռն հարաւային կողմից, երկու փոքր սեղաններ Գաբրիէլ և Միքայէլ հրեշտակապետաց անուամբ արևելեան կողմում մի լուսամուտ (միջնասիւնով զոյգ լուսամուտ) հիւսիսային և մի արևմտեան կողմից: Մուտքի առաջ կայ մի ծակ, որից ներս մտնելով մարդ գտնում է զինքը թանձրամած խաւարի մէջ: Ահա այս է միջնայարկ գաղտնի պահարանի դուռն: Այժմ խոնարհուած է զանգատանս կաթուղիկէն:
Արձանագրութիւն. «Կամաւն Ամենակալին Աստուծոյ ի թվիս ՉԽ. մենք երկու եղբարքս Դասապետ վարդապետ և Կարապետ եդաք հիմն և ՛ի վերայ եդաք զանգակատուն և եկեղեցի յանուն հրեշտակապետացն Գաբրիէլի և Միքայէլի սակաւ ընչիւք մերովք և քեռոյն մերոյ Իգնատիոսի. արդեամբք բազմաւք եդաք և պարիսպ շուրջ եկեղեցեաւքս և այլ աշխատութիւնս ըստ մերում կարի: Սարգիս վարսապետն հայր վանիցս և միաբանքս հաստատեցին զատկին և ճրագալուցին պատարագ, յոր եկեղեցին Դասապետ վարդապետին և Կարապետին սահմանեսցին: Արդ աղաչեմ զամենայն ժառանգաւորսդ յիշման արժանի արարէք զամենայն աշխատեալսն ՛ի սմա, ևս առաւել Զաքէոսն և Գրիգորն»:
Սեղանատունն. որ ընդարձակ շէնք է և որի գլուխն ամբողջապէս խոնարհուած է այժմ. պատկից է զանգատան գետնայարկի արևմտեան և գաւթին [գ-ն և ա-ն բնագրում շրջված են Ա. Դ.] հիւսիսային կողմերին: Ջորս պատերն շինուած են անտաշ մեծ մեծ քարերով. երկարութիւնն է 17 մետր և լայնութիւնն 12: Ուսանողաց և միաբանից թիւն թէ որքա՜ն մեծ եղած է, դիւրաւ կարելի է մակաբերել սեղանատանս մեծութիւնիցն: Այժմ քայքայուած են միաբանից բոլոր սենեակներն և շրջապարիսպն թողլով միայն իւրեանց տխուր հետքերն և աւեր հիմքերն:
Շատ տապանաքարեր կան բոլոր տաճարների արևմտեան կողմերում և սակաւ արևելեան: Իսկ մեծ տաճարի արևելեան կողմում կայ մի փոքր մատուռ շինուած սրբատաշ քարով, որի մասին ոմանք կարծում են թէ գրադարան եղած է:

Սուրբ Հռիփսիմէ մատուռ

Այսպէս են անուանում մատուռը, որ շինուած է համակ սրբատաշ քարով նախորդ տաճարների ձևով, որ գտնուում է շինամիջում և որ ունի 5 մետր 70 սանթիմ երկարութիւն և նոյնչափ լայնութիւն:

Ներքուստ հարաւային որմի վերայ

«՛Ի տաւնի սուրբ Գէորգայ Ա. պատարագ Շերանշահին է անխափան»:
Կաթուղիկէի վերայ. «Չ. Տէր Աստուած ողորմեա՛ Խաչատուր վարդապետին և Բարսղին շինողաց եիեղեցւոյս և ամենայն աշխատողացն ի սմա»: Մատրանս մօտ ևս կան ամփոփեալներ:

Հոգին սուրբ մատուռ

Սուրբ Հռիփսիմէ մատուռից վերև է շինի գլխին, որ ունի և գաւիթ: Մատուռը և գաւիթը նորոգած է Պ. Սմբատ Փարսատանեանն: Գաւթումս կայ երկու տապանաքար. հիւսիսային շիրմաքարի վերայ փորագրուած է. «Մխիթար»: Ահա այս է Գօշ-Մխիթարի գերեզմանն, որի գլխատակի հողը բժշկութեան համար՝ հաւատով այնքան տարած են որ մեծ փոս ձևացած է: Իսկ հարաւային տապանաքարին վերայ. (Գրիգոր քահանայ): Մատրանս և գաւթիս շուրջն լի է խիտաևխիտ գերեզմաններով։ Մատրանս հարաւային կողմում կայ պատուական խաչարձանով մի տապանաքար, որի վերայ քանդակուած է. «Ոգոյն հարազատ եղբարք Պաւղոս և Յովհաննէս երկորեակ նշանքս աւծելոյն Յիսուսի, ծնողաց մերոց, որք երկրպագէք… մի թուի….» (եղծուած է և անընթեռնլի):
Հազար ափսո՛ս, հետզհետէ բոլորովին ոչնչանում են այս պատուական տաճարներն. կարօ՜տ են նորոգութեան, բայց նորոգող չկայ. խղճալի դրութեան մէջ են, բայց նայող չկայ. բոլոր տաճարներս յանձնուած է մի անհասկացող քահանայի, որ իսպառ անհոգէ:
Յափշտակուած են1) վանուցս բոլոր կալուածները, որովք 700 տարի շէն, պայծառ կեանք և կենդանութիւն ունեցած են վանքերս, այժմ զոհ են գնում անհոգութեան:
–––––––––––––––––––––
1) Ինչպէս երևում է արձանագրութիւններից, վանքերս ունեցած են սեպհական շատ անշարժ կալուածներ-այգիներ, ջրաղացներ, գիւղեր, վարելահողեր, անտառներ և ամարանոցներ: Սակայն այժմ յափշտակուած են անտիրութեան պատճառաւ:

Վանքիցս փոքր ինչ ներքև է Ուռելանջ գիւղն, որ այժմ աւերակ է, բայց կայ իւր հանգստարանն և կիսաւեր եկեղեցին: Իսկ վանքիս հարաւային կողմումն է Տզրկածով անուն գիւղն, որ այժմ թրքաբնակ է: Բաց յայսցանէ լճակի հարաւային կողմում է Աղ-քիլիսա անուն գիւղն, որի մէջ կայ և փոքր եկեղեցի և հանգստարան. այլ այժմ թրքաբնակ:

Հին-Շար-Խաչ

Վանուցս հիւսիս-արևմտեան կողմում, սարի հիւսիսահայեաց լանջի վերայ կայ մի աւերակ գիւղ և հանգստարան: Երկոցունցս մէջ տեղում, այս է աւերակի և հանգստարանի միջև, կայ մի բարձր ժայռ, որի հարաւային և արևմտեան երեսների վերայ շարքով շինուած են քսանևվեց հատ մեծ և փոքր խաչեր: Հաստատում են թէ սոյն հանգամանքից ստացած է Շար-խաչ անունը հին գիւղս. որ անցած է և նորի վերայ:
Աշուղի գիւղատեղ. գտնուում է նոյն սարի ստորոտում, մի առուակի ձախ կողմին ուր կայ և հանգստարան: Սորանից փոքր ինչ վերև է Եղցու-Թալա կոչուած տեղն, ուր է գիւղատեղի, հանգստարան և եկեղեցի: Այս տեղից շատ հեռի չէ Գէորգ ճգնաւորի քարայրն և գերեզմանն: Իսկ սոցանից փոքր ինչ ներքև Աղստև գետակի աջ ափի վերայ կայ մի կիսաւեր եկեղեցի, որ է Հին-գետակի վանքի աւերակն. մեր համեստ կարծիքով:
Ի. ԴԻԼԻՋԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն սարի (Եղջերուասար1) Մարալ-դաղի) արևմտահայեաց լանջի վերայ, նոյնպէս Աղստև գետակի աջ կողմի բարձրութեան վերայ. բնակիչք տեղափոխուած են Սև-քար, Հաչա-ջուր գիւղերից և Ջրաբերդի գիւղերից. հողն արքունի, անջրդի, սակաւ և նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն. գերազանց օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին, հնաշէն (պատրաստուում են շինել նորը). քահանայ մի:
Ծուխ 100, ար. 537, իգ. 474.
Միդասեան երկսեռ ուսումնարան, (գեղեցիկ է մանաւանդ օրիորդաց ուսումնարանի շէնքն) ուր ուսանում են 60 աշակերտ և 25 օրիորդ. թոշակատու 70 (երկսեռ միասին). տարեկան ուսուցչաց 1015 րուբլի:
–––––––––––––––––––––
1) Կոչուում է և Մայմեխ սար, որ ունի 8435 բարձր.:

ԱՒԵՐԱԿՆԵՐ

Գիւղիս արևելեան կողմում, ճանապարհի վերայ է Դի. լի անուանեալ աւերակ գիւղն, եկեղեցին և հանգստարանն: Դիլիջան գիւղիս մէջ է մի հին եկեղեցի (բանանց գիւղացի Ջղեթանց Ալեքսանի խանութի դիմացն), որի երկարութիւնն է 14 մետր. լայնութիւնն 6 մետր 80 սանթիմ, և ընդարձակ հին հանգստարան:
Բախտիարի գիւղատեղի և հանգստարան Աղստևի աջ ափի հովտում. Կիսաւեր եկեղեցի, որ գտնուում է Աղստև գետակի և Դիլիջան վտակի խառնուրդի մէջ, որի մօտ բնակում են այժմ Մալականներ.

Գաւառիս Բերդերն

Ա. ԵՐԳԵՎԱՆՔ ԲԵՐԴ (60)

Գտնուում է Ղուլալի գիւղի արևմտեան հանդէպ Տա. ւուշի օժանդակ (Ախնջի) վտակի ձախ կողմի բարձր սարի վերայ: Տակաւին երևում են պարսպի պատերն և տեղ տեղ աւերուածների հետքերն: Թէև ցից ցից ժայռեր, նեղ նեղ կիրճի և մացառուտ ձորեր են բերդիս շուրջն, այսու ամենայնիւ այնքան ապահով չէ: Ջուրը ամաններով բերած են իւր արևմտեան ձորում եղած աղբիւրից, որի մօտ կայ ընկուզի մեծ մեծ ծառեր, գիւղատեղի և հանգստարան:
Բ. ՏԱՒՈՒՇ կամ ԹՈՎՈՒԶ բերդ, որ կայ նոյնանուն գետակի աջ ափը բարձր սարի վերայ, Բերդ գիւղի արևելեան հանդէպ: Բերդավայր սարս բոլորովին առանձնացած է իւր շրջապատից-արևելեան և հիւսիսային կողմերից և անջրպետուած է լայնագոգ ձորերով. հարաւային և արևմտեան կողմերն ահագին վիմահերձ և բարձր ապառաժներն են, որոց ստորոտը քերելով խոխոջում է Տաւուշ գետակն, Բերդս ունի կրկնապարիսպ, որոնց մին սարիս ստորոտով, որ սկսուած է սաստիկ զառիվայր հարաւային կողմից և հասած մինչև արևմտեան վիմահերձն. իսկ միւսն բրգաշատ, որ ձգուած է վերնաբերդի արևելեան և հիւսիսային կողմերով: Ստորին բերդում երևում են տնաբակեր և քարուկիր կիսաւեր եկեղեցի. իսկ վերնաբերդում, որ գրեթէ անառիկ է, երևում են քարուկիր շինութեանց հիմունքներն միայն և ջրաւազաններ: Բերդումս չկայ ջուր, վասն որոյ խորագոյն ականով և խեցեղէն խողովակներով ջուր են բերած ի հնումն Կիլիլուան կոչուած առուակից մինչև ստորին բերդն, որից ամաններով փոխադրուած են վերնաբերդիս ջրաւազաններն:
Գ. ԿԱԾԱՐԵԹ ԴՂԵԱԿ. որ կայ Տաւուշ գիւղի հարաւային հանդէպ եղած սարի վերայ: Սարիս բերդաբարձ մասն միապաղաղ և ապառաժ քար է, որի հարաւային և արևմտեան կողմերն վիմահերձ են. իսկ արևելեան և հիւսիսային կողմերն խիստ զառիվայր լանջեր: Միապաղաղ քարաժայռիս գագաթի շուրջն պարսպուած է քարուկիր պատով և ձևացրած փոքրիկ դղեակ, որի երկարութիւնն է 50 մետր և լայնութիւնն 20: Դղեկիս արևելեան մասում պատի ներսում կայ վիմափոր մի ջրաւազան, որի ջուրն բերուած է՝ ի պահանջել հարկին արևմտեան կողմից-Ճգնաւորի աղբիւրից-խեցեղէն խողովակներով մինչև դղեկիս ստորոտն, որից և ջրաւազանս: Երբեմն երբեմն ելնում են խողովակներիցն գերեզման փորելու ժամանակ, քանզի մօտ է սուրբ Գէորգ մատուռն և հանգստարանն. (տե՛ս Տաւուշ գիւղի շարքում): Վիմափոր քարայր է դղեկիս տակն, որ մի մուտք միայն ունի հիւսիս-արևելեան կողմից: Այցելուն ներս մտնելով՝ նախ տեսնում է մի փոքր քարայր, որից մի այլ մուտք տանում է վիմափոր քարայրն: Այժմ հող լցուած է թէ առաջին և թէ երկրորդ մուտքն, վասն որոյ դժուարութեամբ է մուտ գործուում ներս:
Դ. ԴՌԸԿԵԱՆԱՅ ԲԵՐԴ. գտնուում է Տաւուշ գիւղից վար համանուն գետակի ձախ կողմում. Օքսուզլու թրքաբնակ գիւղի մօտ մի բարձր բլրի գլխին: Պարսպուած է սարիս վտանգաւոր կարծուած տեղերն և կիրճերն: Ունի նշանաւոր ամրութիւն, բարձր դիրք, զուարճալի տեսարան և ջրամբարներ: Ջուրն բերուած է ամաններով մօտակայ ջրիցն:
Ե. ՑԻՑ ՔԱՐ կամ ՆՈՐ-ԲԵՐԴ (61) Ձուաձև բարձրացած և միապաղաղ արձանացած ժայռ է, որի կատարը դղեակ ձևացրած են հնուց՝ պատելով հարկ եղած տեղերը: Ջուր չկայ դղեկիս մէջ, երևի թէ բերած են մերձակայ աղբիւրիցն: Դղեակս գտնուում է Վարագայ վանքի և Աշուղի գիւղի միջև եղած սեռի վերայ. ըստ նոր բաժանման սեռիս գագաթնագիծն է սահման Շամշադին և Ղազախ գաւառների:
Զ. ՃՇԱՔԱՐ. Ռևազլու շինի արևելահարաւ կողմի բարձր քերձի մէջ կայ մի քարայրանման տեղ, որի մակերևութի տարածութիւնն մօտ երեք կալաչափ է: Քարայրիս առաջքն պատուած է քարուկիր պատով և ձևացած անմատչելի բերդ, որ ունի մի դժուարատար, սանդղաձև և երկիւղալի կածան: Այստեղ ևս չկայ ջուր, բայց երևի թէ սափորներով ջուր բերած և կարասների մէջ լցրած են: Դղեակս կոչուում է և Ճգնաւորի քար. զի այստեղ կայ և երկու գերեզման (62):
Է. ՂԸԶ-ՂԱԼԱ. գտնուում է մղոնից փոքր աւելի վերև Կարվանսարայից Աղստև գետի աջ կողմի բարձրութեան վերայ մի ժայռի գլխին, որ առանձնացած է իւր շրջապատից: Կամենալով յարգել հանգուցեալ Մարտիրոս Սիմոնեանցի յիշատակը, զետեղում ենք այս տեղ նորա իսկ հետազօտութիւնը, որ տպուած է Ղըզ-ղալայիս մասին «Մեղու Հայ..» մէջ 1874 ամի 31 թուահամարում: «Մենք հասանք բերդի պատերին և նորա միակ մուտքով, որ քարից ու կրից շինած կիսաւեր կամար էր և երկու կողմից մարտկոցներ և բուրջեր, ներս մտանք բերդը, բարձրացանք նորա ամենաբարձր կէտը………., ժայռի գագաթին գտանւում է մի քառակուսի հրապարակ, որի երկարութիւնը.. և լայնութիւնն է մօտ 15 սաժէն…. մի ընդհանուր պարապով շրջապատուած է այդ հրապարակը… Պարսպի անկիւններում գտանվում են բոլորակ բուրջեր…. ներսը գտանվում են մեծ և փոքր սենեակների աւերակներ, ոմանք երկյարկ: Դէպի հիւսիս գտանւող բուրջը չունէ ոչինչ արհեստական մուտք…. մի աւերակ.. ընդարձակ սենեակ, որի չորս պատերը կանգնած էին առանց առաստաղի և.. երկյարկ էր եղած… ամենից մեծ սենեակի (մէջ) ներսը դուրս էին եկած մեծամեծ ծառեր: Հարաւային կողմում գտանվում էին… երկու.. նեղ և ձիգ սենեակների աւերակ… երդիկի տակ գտանվում էր… մեծ ծառ, որ գլուխը դուրս էր հանել երդից… Այդ սենեակից մի դուռը տանում էր դէպի ներսի կամարակապ սենեակը, որ բացի այդ դռնից ոչինչ մուտք և երդիկ չունէր…. ժայռի մէջ փորած գտանվում էր.. մի երկայն սենեակ, որ ունէր մի մուտք… ժայռից կտրած սանդուխտ..: դա պահպանվում էր ամբողջութեամբ, կային և մի քանի այլ շինութիւններ… կան և բաց դեղնագոյն սրբատաշ քարեր, որոնք գործ են դրուած դռների, երդիկների և կամարների համար:…. Ամբողջ մնացած շինութիւնների ոմանց ներսը գտանվում էր կամիր ներկ քսած. իսկ մէկի պատի վերայ մի տող գրուածքի տեղ էր, որ աւերվել էր, և միայն կարողացանք պարզ որոշել տողի սկզբի հայերէն տառերը «ԱԾ» (Աստուած)»:
Ը. ՇՆՔԱՐ կամ ՍՂՆԱԽԻ ՁՈՐ. Գտնուում է Թարսա չայի արևելեան և Աղստև գետակի աջ կողմում: Ձորիս դիրքըն ընկած է դէպի արևելք, որի միջով հոսում է մի առուակ և թափուում Աղստևի մէջ: Ձորիս աջ կողմում շինուած են վաղուց չոր քարով մեծ մեծ սենեակներ. կան և քարայրեր, որոց առաջի կողմերը ամրացրած են հնուց պատերով և ձևացրած մի մի ամրագին դղեակ: Այս տեղերքումս ևս ամրանալով բազմաթիւ հայեր ազատ մնացած են Լեկզիների գերեվարութիւններից: Աւելորդ է գովել ձորիս յարմարութիւնները––ամուր դիրք, ապահով պատսպարան, առատ փայտ, պատուական ջուր, ահարկու մուտք և սոսկալի նեղուց:

ԺԹ. ԶԱՒԷ ԳԱՒԱՌ (Ղազախ)

Ա. ՊՕՂՈՍ-ՔԻԼԻՍԱ ԳԻՒՂ. Հիմնուած է Դիլիջանի հիւսիս արևմտեան կողմում, Աղստև գետակի ձախ կողմում մի լեռնալանջի վերայ. բնակիչք գաղթած են Երևանի Արզնի և Կամրիս գիւղերից Հասան խանի ժամանակ. հողն արքունի, լեռնային և միջակ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն––ցորեն, գարի, գարնանի, ոչխար. տաւար––պատուական օդն, ջուրն և կլիման, երկար կեանք 115 տարի. եկեղեցին սուրբ Աստուածածին, հնաշէն, կամարակապ. քահանայ մի:
Ծուխ 74, ար. 501, իգ. 408:
Գիւղումս կայ միդասեան ուսումնարան, աշակերտ 25, վարժապետին տարեկան 300 րուբլի:
ՂՈՒՇ-ԴՈՂԱՆ կոչուած տեղում, գիւղիս հիւսիսային կողմում կայ աւերակ եկեղեցի գիւղ և հանգստարան:

ՋՈԽՏԱԿ-ՎԱՆՔ

Գտնուում է Պօղոս-քիլիսայի արևմտեան կողմում երկու առուակների մէջ ընկած մի անտառապատ հովտում: Երկու վանքեր են մօտ առ մօտ շինուած:
Արևելեան վանքն1) կառուցեալ չորս կամարների վերայ, որոց գլխին բազմած է կաթուղիկէն, ունի չորս փոքր և մի աւագ խորան. ութ լուսամուտ, երկու խորհրդարան, մի դուռն արևմտեան կողմից և երկու ճգնարան. 9 մետր 78 սանթիմ երկարութիւն, 7 մետր 57 սանթիմ լայնութիւն: Գեղեցկաքանդակ խաչերով զարդարուած են երկու վերին և փոքր խորաններ և սոցա ժողովրդահայեաց երեսներն: Այժմ խոնարհուած է ամբողջ կաթուղիկէն, հարաւային լուսամտի շրջանակ անկիւնաքարերն, դրան սեմերն և գլխի քարն և բուսած են տանեաց վերայ ծառեր: Վանքիս հարաւային կողմում արտաքուստ:
«Կամաւն Աստուծոյ ես Տալիթայս միաբանեցայ սուրբ Գրիորիս. միաբանքս ետուն Ա. պատարագ ՛ի տաւնի ծառազարդին. կատարիչքն աւրհնին յԱստուծոյ»:
–––––––––––––––––––––
1) Արձանագրութիւնից երևում է որ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ է անուոն:

Աւագ խորանի հիւսիսային կողմում ներքուստ.

«Այս իմ գիր է Բէկիս և Բարինիս, որ գնեցաք զաջոյ խորանս հանապազ մեզ պատարագ. կատարիչք գրոյս աւրհնին յԱստուծոյ»:
Արեւմտեան վանք. շինուած է այս եկեղեցու ձևով մի կամարի վերայ, որ ունի երկու փոքր և մի աւագ խորան չորս լուսամուտ և մի դուռն արևմտեան կողմից, 8 մետր 62 սանթիմ երկարութիւն, 6 մետր 40 սանթիմ լայնութիւն: Ամբողջապէս կանգուն է վանքս և անվնաս. միայն բուսած են տանեաց վերայ ծառեր:

Դրան ճակատակալ քարի վերայ.

«ՈԾ. Հայոց .. ամիրութեան Լաշայի, ՛ի տէրութեան .. խանին ես Հայրապետ առաջնորդ ուխտիս որ կոչի Պետրոսի վանս, շինեցի զսուրբ Աստուածածինս և յուսով կարգեցի զճրագալոյցն Բ. խորանն ինձ պատարագ առնել և Ա. իմ եղբաւրն Շմաւոնին և .. զամեն եկեղեցիս իմ ծնողացն… մակաց. կատարիչք գրոյս աւրհնեալ… խափանիչք դատապարտին.. մեղացս տէր է առաջի Աստուծոյ» (կէտադրեալ բառերն եղծուած են):

Հիւսիսային փոքր խորանի դրան վերայ.

«Ի թվ. ՈԾԶ. ես Մայրացեալս շինեցի զխորանս ՛ի հալալ արդեանց իմոց և առաջնորդք սորա ի տուն ՛ի տարումն.. ժամ տեառնընդառաջին. խափանողքն դատին ի Տեառնէ»:

Հարաւային փոքր խորանի դրնագլխին.

«Յայսմ խորանի Ա. ժամ ի տաւնի սուրբ Սարգսին՝ Սարգսին արասցեն, զի նորա արդեամբք շինեցաւ խորանս, ով զժամս խափանէ, դատի ի Տեառնէ»: Կային արձանագրութիւններ և վանքիս արևելեան արտաքին կողմում. բայց մեծ մասամբ եղծուած, վասն որոյ թողինք:
Վանքերիս շուրջն լի է գերեզմաններով: Միաբանից սենեակներն շինուած են եղել գետնափոր, վիմափոր և փայտեայ: Իսկ շրջապարսպի հետքերն անգամ անկարելի եղաւ գտնել:

ՄԱԹՈՍԻ ԳԻՒՂԱՏԵՂ.

Ջոխտակ վանքին հարաւային հանդէպ, մի առուի աջ կողմի բարձրութեան վերայ, մի կանաչազարդ սարահարթում, որի հարաւ-արևելեան ծայրումն է հանգստարանն և եկեղեցին, որ փոքր է և կառուցեալ մի կամարի վերայ: Վերից մինչև վար քանդուած է խորանի լուսամուտն իւր կողերի պատերով միասին. և բուսած տանեաց վերայ ծառեր: Եկեղեցիս ունի և գաւիթ, որի երկարութիւնն ձգուած է հիւսիսից հարաւ մի միջնակամարով: Գաւթումս ամփոփուած են շատ ննջեցեալներ:

Եկեղեցւոյ դրնագլխին վերայ,

«Կամաւն Աստուծոյ (ես) տէր Յորդանան շինեցի զեկեղեցիս ՛ի թվին ՈՂԶ. իշխանութեան Աւագին ողորմութեամբ և տրաւք Պղնձահանացն Աստուածածնի և առաջնորդութեամբ Պետրէի և Համազասպա, որք երկրպագէք, յիշեցէք ի Քրիստոս զԾնողք մեր զԵնոք և զՄարթա իւր և զՄխիթար, զՄենաւոս, զոր (դին) Նաթանաէլն Յորդանանա Հոռիմսիմի….»: «Աստուած ողորմի Խաչատուրին» «Տէր Աստուած ողորմի Աղբադին և Անդաւին»: Հարաւային սեմի վերայ. «Ես Պետրէ և Համազասպ համարեցաք զԾովքն. եդաք սահման ժողովուրդ Աստուածածնիս, ով որ խափանէ, դատի ի տեառնէ, ամէն»:
Եկեղեցուս հիւսիսային որմի մօտ արտաքուստ կայ խաչարձան, որի երկարութիւնն առանց պատուանդանի է 2 աետր 50 սանթիմ և լայնութիւնն 1 մետր 20 սանթիմ. որի վերայ քանդակուած է:
«Շնորհիւ Աստուծոյ ես Մխիթար և Արուեր (կանգնեցաք) սուրբ խաչս բարեխաւս մեզ թվ. Չ.»:
Սուրբ Սարգիս մատուռ. Պօղոս Քելիսայի արևմտեան կողմում մի տեսարանաւոր բլրի վերայ:

ՀԱՂԱՐԾԻՆ ՎԱՆՔ (63),

Հիմնարկուած է Պօղոս-Քիլիսայի հիւսիսային կողմում, մի խոր ձորի ձախ լանջի հարթակի վերայ: Վանքիս հարավային ձորով հոսում է Հաղարծին վտակն, և արևելեան ձորով մեծ աղբիւրի ջուրն, որ դարձնում երկու ջրաղաց: Երկու ջրերս միանալով վանքից փոքր ինչ վար խառնուում են Աղստևին:
Ա. ՎԱՆՔՍ, որ անուանուած է սուրբ Աստուածածին, շինուած է խաչաձև չորս կամարների վերայ սրբատաշ մոխրագոյն քարով. որոց վերայ բազմած է գեղեցկաձև կաթուղիկէն. ունի մի աւագ, երկու փոքր խորաններ, երկու դուռն հարաւային և արևմտեան կողմերից, հինգ լուսամուտ, (և մի զոյգ լուսամուտ մեծ խորանի ետև), երկու խորհրդարան, 14 մետր 50 սանթիմ երկարութիւն, 11 մետր լայնութիւն. (երկու փոքր խորանների դռներն բացուած են աւագ խորանի միջով):
Վանքիս հարաւային դրնագլխի վերայ՝  խոշոր գրերով.
«Թվ. ՇԻ.»: Միւս կողմում «ՉԼ.»: Դրանս արևելեան կողմում կայ մի գեղեցկաքանդակ խաչարձան պատուանդանով հանդերձ, որի մօտ մի քարի վերայ քանդակուած է երկու վեղարաւոր վերդապետների պատկերներ, որք փիլոն ծածկած և բարձրացրած են Հաղարծին վանքիս կաղապարը: Խաչարձանիս կից է մի մեծ և լայն տապանաքար, որն բաժանուած է միջից մի գծով. այս քարիս տակ ամփոփուած են երկու հոգևոր եղբարք, որք միացած են եղել հոգւով, սրտով, համամիտ և համակամ գործով: Զոր օրինակ մի հոգւով բնակած են երկու մարմնոց մէջ կենդանութեամբ. նոյնպէս մի քարի տակ բնակած են մահուամբ երկու մարմնով:

Ներքուստ տաճարիս հարաւային որմի վերայ.

«Շնորհիւն Աստուծոյ ես Բէկս որդի Աշոտոյ յազգէ Հարբանց և ամուսին իմ Բոբոնա և եղբայր իմ Սմբատ միաբանեցաք ի սուրբ ուխտս, որպէս և հայրս իմ և տվաք գինս շինութեան»:
Վանքս նորոգած են Թիփլիսեցի Չիթախեաններն. «ես Թիֆլիզեցի Չիթաղի որդի Թաղայ, որդի մահտեսի Սուլխանս և եղբայրն իմ Զալն և մեր որդիքն Ստեփաննոսն և Թաղին և Փահրապատցի Խոճա Գուլին և իւր որդի Յարութիւն մեծաւ յուսով՝ որ առ Քրիստոս վերստին նորոգեցաք զՀաղարծինոյ զեկեղեցիսն զսուրբ Աստուածածինն և սրբոյն Գրիգորին՝ յիշատակ մեզ և համօրէն ննջեցելոց մերոց ՛ի թվ. ՌՃԼ. Հայոց»:
Վանքիս ունի և մեծ գաւիթ, որ շինուած է կաթնագոյն չիչ քարով և ունի 15 մետր 30 սանթիմ երկարութիւն, 13 մետր 82 սանթիմ լայնութիւն: Ամբողջապէս խոնարհուած է գաւթիս գլուխն:
Բ. ՎԱՆՔ Սուրբ Գրիգոր, որ շինուած է մեծ վանքի հարաւային կողմում միևնոյն ձևով, բայց կաթնագոյն չիչ քարով և որ ունի չորս փոքր և մի աւագ խորան1), մի դուռն, ինն լուսամուտ, երկու խորհրդարան, մի կաթուղիկէ, 9 մետր երկարութիւն, 7 մետր 90 սանթիմ լայնութիւն: Վանքս ունի հրաշալի գաւիթ, որ կառուցեալ է չորս միապաղաղ սիւների և տասներկու կիսասիւների վերայ: Առաստաղի մէջ տեղում բազմած է կամարների վերայ մի ութանկիւնի գմբէթ, որ ունի նոյն ձևով երդիկ: Երկարութիւն հիւսիսից հարաւ 14 մետր 30 սանթիմ, լայնութիւն արևելից արևմուտք 11 մետր 50 սանթիմ:
–––––––––––––––––––––
1) Բեմի մէջ տեղից է խորանս բարձրանալու սանդուղն:

Դրան վերայ.

«Կամաւ ամենակալին Աստուծոյ այս մեր գիր յիշատակի է և արձան մշտնջենաւոր որդոց մերին Սարգսին յազգէ Բագրատունեան Իւանէի և Զաքարէի. յորժամ նախախնամութիւնն Աստուծոյ եհաս յարարածս և ետ տիրել սեփհական ժառանգութեան նախնեաց մերոց, ետ ՛ի ձեռս մեր յառաջ զանառիկ դղեակն զԱնբերդ և զթագաւորանիստ քաղաքն Անի և ապա զամուրն Բջնի. զՄարանդմինչև Գաւազան2) ՛ի Թավրէզ, ՛ի Կարնոյ քաղաքէն մինչև ՛ի Խլաթ, զՇաքի և զՇրուան, զԲարտա մինչև ՛ի Պէլուկան և այլ բազումս իւրեանց սահմանաւքն, զոր աւելորդ համարեցաք յիշատակել: Այլ և անբարկանալին Աստուած սիրեաց զթագ պարծանաց գլխոյ իմոյ Զաքարիային և կոչեաց առ ինքն, որոյ ձեռն եղև արիութիւն: Եւ ես շինեցի ՛ի մեր վանքս Հաղարծին ժամատուն վիմարդեան, կամարակապ ՛ի դրան սուրբ Գրիգորիս և այգի յԵրևան ետու վասն յիշատակի եղբաւրն իմոյ. և պարտին սպասաւորք սորա զաւագ խորանի պատարագն Զաքարէի մատուցանել անխափան: Կատարիչք գրոյս աւրհնեալ լինին յԱստուծոյ, ամէն»:
–––––––––––––––––––––
2) Գովզան գետ Պարսից, որ այժմ կոչուում է Կզլ-Օզան և որ հոսում է Պարսկաստանի հիւսիսային կողմից և թափուում Կասպից ծովի մէջ. (Դ. Թագ. ԺԷ. 6. և Ա. Մնաց. Ե. 26):

Գաւթումս.

«՛Ի թուին ՈԾԵ. յաշխարհակալ տէրութեան Զաքարէի և Իւանէի, յառաջնորդութեան Ստեփաննոսի ես Խալաթ որդի Սմբատա իմ գեղն Քանաքեռ Սկանդարեանց զհողն գնեցի և ՛ի Հաղարծինս ետու վասն իմ հոգոյս և վասն յերկարութեան Շահանշի և Աւագին: Եւ միաբանքս զծառզարդարին զերկրորդ գալստեան ժամն ինձ ետուն զամենայն եկեղեցեացս, ով զայգին աստից հանցէ կամ զիմ ժամն խափանէ, իմ մեղաց տէր է և Յուդայի մասնակից եղիցի»:
Գաւթիս հիւսիս-արևելեան կողմում երկու քարերի վերայ քանդակուած է մի թագաւորի և մի վարդապետի պատկերներ, որոց շրջապատում կայ գրութիւն, բայց գրեթէ անվերծանելի:

Տաճարիս նորոգութեան մասին.

«Ի թուին ՈԴ. ՛ի Թագաւորութեան Ափխազաց Գաւր գեայ, ՛ի հայրապետութեան Հայոց տեառն Գրիգորիսի ես Խաչատուր վարդապետ և Սուքեաս նորոգեցաք զսուրբ Գրիգորիս հրամանաւ թագաւորին և իւր մեծ իշխանին Սարգսի ամիր սպասալարին՝ զհին և զնոր կազմութիւնս գրով ետ ՛ի սուրբ Գրիգորս զայգին Միջնաշինին ջրին, զՏեառն խաչ Կոպավանից ՛ի միջին զՔուրդ գեղանն, զԱբասաձորն, զՏանձուտն. և հրամայեաց թագաւորն զսուրբ Խաչն տաւնն իւր յիշատակ կատարել: Արդ՝ որք հակառակ կան և հանել ջանան, քակեսցին տամբք և որդւովք և ազգայնովք. նզովեսցին ՛ի վարձէ Աստուածածնէն և ՅԺԸ. հայրապետաց և ջնջեսցին յայսմ կենաց. ամէն»:

Գաւթիս մէջ կան շատ ամփոփեալներ:

Սուրբ Գրիգոր վանքիս հարաւային կողմին կից շինուած է համակ սրբատաշ քարով թագաւորաց Դամբարան մատուռն, որ ունի երկու խորան: Հիւսիսային խորանի առաջ եղած տապանաքարի վերայ քանդակուած է:

«ՍՄԲԱՏ ԹԱԳԱՒՈՐ»: Իսկ հարաւային.

«Հանգիստ.. ա. թագաւորին Գագկայ»: Խոնարհած է մատուռներիս գլուխներն և սոցա գաւթի թաղն:
Գ. ՎԱՆՔ սուրբ Ստեփաննոս. շինուած է սուրբ Գրիգոր վանքի արևելեան կողմում, խիստ մօտ. միևնոյն ձևով, ոճով և ճաշակով: Փոքրիկ, գեղեցկագոյն և ուշագրաւ վանքս ունի չորս փոքր և մի աւագ խորան, երկու խարհրդարան, ինն լուսամուտ, մի կաթուղիկէ, մի դուռն արևմտեան կողմից, 6 մետր 38 սանթիմ երկարութիւն, 5 մետր 80 սանթիմ լայնութիւն: Կաթուղիկէին վերայ. «՛ի թվ. ՈՂԳ. իշխանութեան Իւանէի և առաջնորդութեան Խաչատուր վարդապետի ես Խալթ որդի Հարբայ շինեցի զեկեղեցիս վասն իմ հոգւոյս փրկութեան. և ամենայն միաբանքս զյայտնութեան ճրագալուցին ժամն ինձ հրամայեցին և զզատիկն որ անխափան առնեն. կատարիչք գրոյս աւրհնին յԱստուծոյ»:
Հարաւային որմի վերայ արտաքուստ. «Ի թուին Հայոց ՌՃ….. աց Շահ Սուլէմանին որդոյ փոքր Շահ Ապասին և տէ… Ս. իշխանին և մէլիքութեան պարոն Շահնազարին և ՛ի հայրապետ.. Ջուղայեցւոյ և առաջնորդութեամբ սուրբ ուխտիս Յակովբայ եպիսկոպ.. տէր Պետրոս աշակերտի նորին. ողորմութեամբ Աստուծոյ մեք յետինքս ՛ի կրօնից Թիփլիզեցի հոգեջան որդիքս Պարոս, Մխիթարս, Սափարս և Զալիս և որդիքն տէր Գասպարն, Հոգեջանն, Բաղդասարն և Մելքոնն զմեր հոգոյ արդեամբքն նորոգեցաք զսուրբ Ստեփաննոս, որ յոյժ խախտեալ էր՝ վասն փրկութեան հոգւոց մերոց և երկարութեան կենաց որդոց մերոց. և միաբանք սորա հաստատեցին յայտնութեան և յարութեան պատարագն զմեզ յիշատակել և մեք խոստացաք որ զկանթեղ սորին միշտ ՛ի վառ պահել որդէց որդի, կատարողքն օրհնին յԱստուծոյ ամէն»:

Սեղանատուն

Շինուած է Մեծ Վանքի փլած գաւթի հիւսիսարևմտեան կողմում տաշուած չիչ քարով երկու սիւների և տասներկու կիսասիւների վերայ, այնպէս որ առաստաղն ունի չորս չորս խաչաձև կապուած կամարներ, երկու երդիկ, երկու լուսամուտ, մի դուռն, 23 մետր երկարութիւն, 10 մետր լայնութիւն.

Հարաւային դրան վերայ

«՛Ի թվ. ՈՂԷ. յառաջնորդութեան Յովհաննէսի վարդապետի շինեալ……1)»:
–––––––––––––––––––––
1) Եղծուած են բոլոր կէտադրեալ բառերն:

Հարկ է յայտնել որ քանդուած խախտուած են վանքերիս սալկախներն և տեղ տեղ որմերից քարեր: Բոլոր վանքերի շրջապատում կան գերեզմաններ: Վանքս ունեցած է և շրջապարիսպ, որ այժմ իսպառ աւերուած է, և միաբանից սենեակներ, որք հասած են եղել քայքայեալ դրութեան: Մօտ տասն տարի է որ արժանապատիւ Պօղոս վարդապետ Մարգարեանցն արիւն քրտինք թափելով ճգնում է պայծառացնել վանքերս: Նորոգել տուած է մի քանի խուցեր, որոց առջև տեսլեամբ գտած է մի պղնձեայ ահագին կաթսայ, ապա փորելով գիտինը հանած է նոյն կաթսայն և ղրկած Մայր աթոռի սուրբ Էջմիածնի տաճարի պահարան, որ ունի ձուլածոյ շինուածք 21 փութ և 26 ֆունտ ծանրութիւն, երեք հնաձև ոտք, չորս ամուր կանթեր և այս արձանագրութիւնը. «՛Ի թ. ՈՁԱ. ես Զոսիմա քահանայ մեղապարտ անձամբ ստացա զքոբս յարդեանց իմոց. միաբանքս էտուն ինձ ՛ի տարին Ա, ժամ Գորգա (Գէորգայ) զաւրավարի տաւնին»: Կաթսայի հետ գտած է նաև մի զանգակ, որ ունի 2 փութ 2 ֆունտ ծանրութիւն: Արժանապատիւ Հայրսուրբն մաքառելով ամեն տեսակ նեղութեանց, աղքատութեանց և թշուառութեանց հետ պահպանում է վանքերս և ցարդ հազիւ կարողացած է վանքապատկան անել 5000 օրավար հողերից միայն 1105 օրավար (դեսեատին) հող, և այս ևս տակաւին վճռուած չէ վերջնականապէս:
Վանքերս, իւրեանց արևմտեան կողմում, ունին կալ, քարուկիր մարագ, կալապան և ահագին ցորենահոր. ունին նաև վարելահող, անտառ, խոտահարք, թոնրատուն, ջրաղաց, գոմ և անասուն: Այս ամենի վերակենդանութիւնը պարտական ենք Պօղոս հայր-սրբին:
Վանքիս արևելան կողմում կայ երեք քարուկիր մատուռ:––Կիսաւեր է Ա. մատուռն, որ շինուած է մի միապաղաղ քարի վերայ:
Բ. Մատուռն փոքրիկ է և ունի գաւիթ:
Գ. Մատրան, որ նոյնպէս ունի գաւիթ, փլած է թաղըն: Երևի թէ յատուկ դամբարաններ եղած են մատուռներս, որոց գաւիթներում և շրջապատում կան գերեզմաններ:––շատ հեռի չեն վանքերիս քարահանքերն:

Վանքերիս շրջապատներում

Խազինա-քար. վիմահերձ ապառաժ քարայր, որ գտնուում է վանուցս հիւսիս արևմտեան կողմում: Վիմահերձս իւր հիւսիսային կողմով ունեցած է միայն մի դժուարատար մուտք, որ աւերուելով ժամանակի մաշիչ բռնութիւնից, այժմ եղած է անմատչելի: Աւանդաբար ասում են թէ վանքիս գանձն պահուած է քարայրումն: Մի քանի տարի առաջ Լօռիցի ոմն երիտասարդ Դալլաք––Յովսէփ անուն կտրում է երկար և բազմաճղի ծառեր, շարում քերձի ճակատին, բարձրանալով վերելակ ճղներով մտնում ներս և տեսնում որ Խազինաքար ասուածն ոչ այլ ինչ է, եթէ ոչ մի քարայր, որի առաջի բաց կողմը քարուկիր պատով պատած են ժամանակաւ և ձևացրած մի փոքրիկ բերդակ: Նոյն դալլաքն (սափրիչ) հանած է այրիս միջից գորգի, կարպետի և այլ բրդեղէն կարասեաց փտած մանրուքներ: Քարայրիս վերևում քերձի գլխին կայ մի խորագոյն հոր, որի բերանի լայնութիւնն մօտ մի մետր է: Շատերն կարծում են թէ հորս հաղորդակցութիւն ունի քարայրին հետ և գուցէ մի ժամանակ հորովս ել և էջ արած լինին մարդիկ:
Մեծ––աղբիւր. Քարայրիս ստորոտից բղխում է յորդառատ ակն, որ բանեցնում է երկու ջրաղաց:
Անյայտացած ջերմուկ. Պատմում են թէ տաք ջուր եղած է վանուցս արևմտեան կողմում. բայց վանքերս անմարդաբնակ մնալուց յետոյ՝ բնակում են սրբավայրերումս մահմետականներ, որք անյայտացնում են տաք ջուրը՝ կասկածելով թէ ջրին պատճառաւ քրիստոնեայք շինութիւններ կը շինեն ջրին մօտ և իւրեանց ձեռքերից կը խլուին շատ բարիքներ: Մի քանի տարի առաջ մի խոզարած տեսնում է որ իւր խոզերից մին ընկաւ մի փոքրիկ լճակի մէջ, իսկոյն աղիողորմ խանչեց խոզն և առժամայն թափուեցան խոզին մազերն: Խոզարածն փորձելու համար ձեռնը մտցնում է ջրին և իսկոյն զգում որ սարսափելի տաք է այն: Խոզարածս խոստանում է ցոյց տալ լճակը արժ. Պօղոս վարդապետին, բայց անսպասելի մահուամբ վախճանուում է և վերստին անյայտ է մնում ջերմկի տեղն:
Աւերակ Հաղարծին գիւղ. Վանքերիցս քառորդ մղոնաչափ վար, ճանապարհի վերայ, Հաղարծին վտակի ձախ ափին է գիւղի աւերակն, ուր կայ և հանգստարան և կործանեալ եկեղեցի:
Բ. ՆՈՐ-ՇԱՐ-ԽԱՉ ԳԻՒՂ. Հիմնուած է Հաղարծին աւերակից մղոնաչափ վար Աղստև գետակի ձախ ափի լանջի վերայ. բնակիչք նախ Ջրաբերդի գիւղերից տեղափոխուած են Հաչա-ջուր, ապա Նոր-Շար-Խաչ գիւղս. հողն արքունի և սակաւ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն. բարեխառն օդն, կլիման, և անվնաս ջուրն. երկար կեանք 80––90 տարի. եկեղեցին սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի:
Ծուխ 55, ար. 504, իգ. 483.
Հախկախլու կոչուած տեղում, որ բաւական վար է Նոր-Շար-Խաչից, կայ աւերակ գիւղատեղի, կանգուն մատուռ և հանգստարան. այժմ մահմետականաբնակ է:
Գ. ՔՐԴԵՒԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Կայենի1) լեռնաբազուկների մէկի հարաւահայեաց լանջի վերայ, բնակիչք նախ Արցախի գաւառներից տեղափոխուած են Սև––քար գիւղն, ապա այստեղ. հող, արքունի, հացատու, բայց բազմիցս կարկտահար. տեղական բերքերն նոյն. գերազանց օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 110 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին:
Ծուխ 32, ար. 255, իգ. 233.
–––––––––––––––––––––
1) Հայերէն Կայենի սար (տաճ. Դալի դաղ) է կոչուում լեռս, որ կայ Նոր-Շար-Խաչի հիւսիսային կողմում և ունի 8741 ոտք բարձրութիւն: Տէրն մի՝ արասցէ, եթէ շրջակայ գաւառներումս կարկուտ իջնելու լինի, փորձով հատատուած է, որ կարկուտն նախ գոյանում է սարիս վերայ դիզուած ամպերի բովի մէջ, թերևս այս վատ յատկութեանց համար անուանած են ԿԱՅԵՆԻ ՍԱՐ:

Դ. ԹԱԼԱ ԳԻՒՂ. Շինուած է Աղստև գետակի ձախ կողմում, մի սարի ստորոտում. բնակիչք տեղափոխուած են Խաչեն և Ջրաբերդ գաւառներից. հողն արքունի. տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն անվնաս, երկար կեանք 80 տարի, եկեղեցին սուրբ Նշան. ծածքն փայտաշէն, քահանայ մի:
Ծուխ 40, ար. 268, իգ. 230.
Ե. ԽԱՒԱՐԱՁՈՐ շէն (Ղարանլուղ դերէ). Հիմնուած է նոյն սարի հիւսիսային կողմի խոր ձորի բերանի հովտում, բնակիչք տեղափոխուած Արցախի նոյն գաւառներից. հողն արքունի, տեղական բերքերն՝ խաղող. թութ, ոչխար, տաւար, խոզ. վատառողջ օդն և կլիման, երկար կեանք 55––60 տարի, եկեղեցին սուր Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Հաչա-ջրից:
Ծուխ 15, ար. 82, իգ. 67.
Զ. ՆԵՐՔԻՆ-ԱՂԴԱՆ ՇԷՆ. Հիմնուած է Աղստև գետի ձախ կողմում. խճուղու գլխին. բնակիչք փոքր մասամբ բնիկ. հողն արքունի և նուազ բարեբեր, տեղական բերքերըն նոյն, վնասակար ամրան օդն և կլիման, երկար կեանք 54 տարի. եկեղեցին սուրբ Աստուածածին. քահանան գալիս է Թալայից:
Ծուխ 20, ար. 127, իգ. 100.
Է. ՆՈՐ-ՀԱՉԱ-ՋՈՒՐ ԳԻՒՂ (Աչա-սու) Հիմնարկուած է նոյն գետակի ձախ կողմում, երկու առուակներ մէջ. բնակչաց մեծ մասն բնիկ, իսկ փոքր մասն տեղափոխուած Արցախի յիշեալ գաւառներից. հողն արքունի և բարեբեր, գինևէտ և ուրեք ուրեք ջրարբի. տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն և կլիման, պատուական ջուրն, երկար կեանք 80––85 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին. նորաշէն, կառուցեալ չորս սիւների վերայ. երկարութիւնն 21 մետր 40 սանթիմ, լայնութիւնն 13 մետր 25 սանթիմ. քահանայ երկու: Եկեղեցումս կայ մի ձեռագիր յայսմաւուրք, բայց թափուած են թերթեր, պակասաւոր է, և անյայտ գրողի անունն ևն.
Ծուխ 151, ար. 1007, իգ. 890.
Նահատակ. անունն անյայտ ուխտատեղիս գտնուում է գիւղիս հիւսիսային կողմում մի բարձրակատար սարի վերայ. անտաշ քարով շինուած քարուկիր մատուռ է, որ ունի սքանչելի տեսարան:
Սուրբ Յովհաննէս. Քարուկիր մատուռ, ուխտատեղի գիւղիս արևմտեան կողմում, որի մօտ կայ հանգստարան:
Հին-Հաչա ջուր. Գիւղիցս վերև, ջրաձորի ձախ կողմում, Մակարայ վանքի հիւսիսային հանդէպ, ուր կայ գիւղատեղին և հանգստարանն:

ՄԱԿԱՐԱՅ ՎԱՆՔ (64)

Հիմնուած է Հին-Հաչա-ջրի հարաւային հանդէպ, մի գեղեցիկ և բարձրահայեաց սարահարթի վերայ:
Ա. Հին-Վանք սուրբ Աստուածածին ամենից առաջ շինուած կիսատաշ քարերով, խաչաձև, որ ունի չորս փոքր, մի աւագ խորան, վեց լուսամուտ, մի դուռն, 11 մետր երկարութիւն 8 մետր 10 սանթիմ լայնութիւն և մի գաւիթ իւր արևմտեան կողմին կից, որ կառուցեալ է չորս սիւների և տասն կիսասիւների վերայ: Մէջ տեղում չորս կամարների վերայ եղած է մի հրաշալի գաւիթ, որ խոնարհած է այժմ: Միապաղաղ են և բոլորշի տաշուած սիւներն1) և կիսասիւներն, որք ունին և գեղեցիկ պատուանդաններ և խոյակներ: Գաւիթս իւր հարաւային կողմում ունի երկու փոքր խորան իրարու վերայ. հիանալի է քանդակագործ սանդուղն, որ տանում է վերի խորանն. իսկ իւր հիւսիսային կողմում ունի մի մեծ սենեակ, որ եղած է մասնատուն (նշխար գործելու տեղ). որի մէջ կայ վառարան (բուխարի): Գաւիթս ունի նաև երկու դուռն հարաւային և արևմտեան կողմերից, վեց լուսամուտ. 14 մետր 10 սանթիմ երկարութիւն և նոյնչափ լայնութիւն:
–––––––––––––––––––––
1) 2 մետր 71 սանթիմ է սիւների հաստութիւնն:

Գաւթիս դրան սեմի վերայ

«ՈՂ. թիւս. Թամելս մեծ յուսով միաբանեցայ Աստուածածնիս և ետու (զարդիւնս) յուսովն Աստուծոյ»:
Սորանից ներքեւ. «Ես Սերոբ և Թոմա քահանայք և եղբարք զմեր հոգոյ արդիւնս տուաք ի սուրբ Աստււածածինս. հայրս Յովհաննէս և միաբանքս ետուն մեզ Բ. պատարագ Թոմային ՛ի տաւնի Անտոնի. որ խափանէ, մեր մեղացն պարտական է և դատի յԱստուծոյ թվ. ՉԲ.»:
Բ. ՆՈՐ-ՎԱՆՔ. Շինուած է ամբողջապէս սրբատաշ պղնձագոյն քարով կից հին վանքին և գաւթին խաչաձև, չորս բարձրակառոյց կամարների վերայ. բայց խոնարհուած է այժմ սորա կաթուղիկէն: Վանքս որ շինուած է Գանձասարի ճաշակով, ոճով և ճարտարապետութեամբ, ունի եօթն քոքր և մի աւագ խորան, տասն և մի լուսամուտ (երեքն կլորակ է), երկու խորհրդարան, երկու դուռն հիւսիսից և արևմտքից.15 մետր 30 սանթիմ երկարութիւն և 11 մետր 10 սանթիմ լայնութիւն: Աւագ խորանի կլորակի վերայ շինուած է տասներեք հատ ամենափոքր, բայց ամենագեղեցիկ խորաններ, որպիսին տեսանք միայն Խորանաշատ վանքի աւագ խորանում: Վերին փոքր խորանների մուտքն բացուած է աւագ խորանի միջով; Հրաշալի և ուշագրաւ է բեմի ժողովրդահայեաց ճակատն, որ շինուած է գոյնզգոյն քարերով և զարմանազան նրբաքանդակ նախշերով:

Հարաւային փոքր խորանի դրան վերայ.

«Կամաւն Աստուծոյ ես Դաւիթ առաջնորդ սուրբ ուխտիս կամակցութեամբ եղբարցս գրեցաք զՏեառն ընդառաջ աւրն զամեն եկեղեցիքս, որ Վահրամա լինի պատարագ, որչափ ի շինութեան է սուրբ ուխտս, ով խափանէ…»:

Հարաւային որմի վերայ, ներքուստ, նոյն խորանի մօտ.

«Անուամբն Աստուծոյ այս մեր գիր է Դաւթի և այլ միաբանացս որ գրեցաք վասն Յովսէփայ, որ ետ ոսկի ՛ի գին եկեղեցւոյս և մեք տուաք Ա. պատարագ ի տաւնի քառասնիցն»:

Արեւմտեան լուամտից վերեւ, արտաքուստ.

«Տէր Յիսուս Քրիստոս ողորմեա՛ Իւան Շահին և ամուսնոյն ՈՂԲ.»:

Արտաքուստ հարաւ. որմի վերայ արեւի ժամացուցի տակ.

«Յուսով Աստուծոյ ես Յովանէս քահանայ էտու զիմ հոգոյ արդիւնս և գնեցի յԱրտաւազայ իւր ամեն որդեանցն զայգին և ընծայեցի Աստուածածնիս. Յովանէս առաջնորդ և միաբանքս էտուն Բ. ժամ ՛ի տաւնի աշխարհամատրան. Ա. ժամ ինձ և Ա. ժամ իմ մաւրն Զուղին. ով զայգին խափանէ, ՅԺԸ. հարապետացն անիծած է թվ. ՉԹ.»:
Գ. ՓՈՔՐ ՄԱՏՈՒՌ. շինուած է վանքերիս արևելեան կողմում և ունի սոյն արձանագրութիւնը «Ի թուին ՈԽԷ. Հայ (ոց) ես յամենայնի մեղապարտս Յովհանէս՝ ամեն միաբան եղբարցս կամակցութեամբ և ձեռնտուութեամբ՝ զեկեղեցիս՝ յիմ ծնողացն և եղբարցն, որ այժմ ննջեցեալ են, յանուն շինեցի Վասակայ, Շուշկանն, Հասանա և Վաչէի, և խնդրեմ մեծ յուսով և հաւատով և զԱստուածածին և զՔրիստոսի չարչարանսն բարեխաւս ունիմ, որ յետ իմ սպասաւորին տեղոյս, զի զատկի աւրն նոցա արասցեն ժամ, որ խափանէ, նզով առցէ. կատարիչքն աւրհնին յԱստուծոյ»:
Այժմ աւերուած են վանուցս շրջապարիսպն և միաբանից սենեակներն և խուցերն և տեղ տեղ թափուած վանքերի սալկախներիցն և որմերից քարեր: Գերեզմաններ կան գաւիթներում, վանքերիս արևմտեան կողմերում և դռների առաջ:
Հարկ է յայտնել որ Բ. վանքի արևելեան արտաքին որմի վերայ կայ մի երկար արձանագրութիւն, որի մէջ յիշուած է միայն Մակարայ վանք անունն: Անմարդաբնակ են վանքերս:
Հին-Պիպիս գիւղ. Այժմ աւերակ գիւղ, սուրբ Աստուածածին անուամբ կանգուն մատուռ և հանգստարան վանքերիս հարաւային կողմում:
Քոլամիջի խաչ. Մակարայ վանքից վար, ճանապարհի հարաւային կողմում (և Հաչա-ջրից վերև) գիւղատեղի, հանգստարան և փոքր եկեղեցի սուրբ Աստուածածին անուն:
Ը. ՍԵՒ ՔԱՐ ԳԻՒՂ. Հիմնուած է Հաչա-ջրի հիւսիսարևմտեան կողմում, մի հովտի մէջ. բնակիչք տեղափոխուած են Կիւլստան և Ջրաբերդ գաւառներից, հողն արքունի, ջուրն սակաւ, տեղական բերքերն նոյն, պատուական օդն. կլիման և ջուրն, երկար կեանք 90––95 տարի, եկեղեցին սուրբ Պետրոս, ծածքն փայտաշէն, քահանայ երկու: Եկեղեցումս կայ երկու ձեռագիր աւետարան, որք պակասաւորք են, և չունին յիշատակարան.
Ծուխ 175, ար. 1306, իգ. 1116.
Թ. ՆՈՐԱԳԵՂ. Սռի գեղ կամ Ղլիջ-քեանդ. Հիմնուած է մի սեռի վերայ Սև-քարի հիւսիսային կողմում, բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի և միջակ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն և կլիման, պակաս ջուրն, երկար կեանք 80––85 տարի, եկեղեցին սուրբ Յովհաննէս, ծածքն փայտաշէն. քահանայ մի:
Ծուխ 77, ար. 411, իգ. 342.
Ժ. ՄԷԼԻՔ ԳԻՒՂ. Հիմնուած է մի տեսարանաւոր հարթի վերայ. Սռի գիւղի արևմտա-հիւսիս կողմում. բնակիչք բնիկ. հողն արքունի, անջրդի. միջակ արդիւնաւէտ. տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրըն, երկար կեանք 90––100 տարի. եկեղեցին սուրբ Յովհաննէս. ծածքն փայտաշէն, քահանայ մի:
Ծուխ 38, ար. 262, իգ. 175.
ԺԱ. ՆՈՐ-ՊԻՊԻՍ կամ Ջողազ. Հիմնուած է Ոսկեպար1) (ըստ տաճկ. Ասկի փարա) վտակի աջ կողմի բարձրութեան վերայ. բնակիչք բնիկ, հողն կիսով չափ արքունի, տեղական բերքերն նոյն. անախորժ ամրան օդն, կլիման և ջուրն, և տենդաբեր, երկար կեանք 50 տարի, եկեղեցին սուրբ Գէորգ. ծածքն փայտաշէն. քահանան գալիս է Մէլիք գիւղից:
Ծուխ 35, ար. 177, իգ. 174.
ԺԲ. ՆՈՐ-ԿՈՒՆԷՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Նոր-Պիպիսի արևմտեան կողմում այն սեռի վերայ, որ ընկած է Ոսկեպար վտակի և Կունէն առուակի մէջ. բնակիչք գաղթած Երևանի Նորք և Կողթ կամ Շամշատին գաւառի Կռզեն գիւղերից. հողն կիսով չափ արքունի. տեղական բերքերն նոյն, օդն կլման և ջուրն ոչ այնքան գովելի՛, երկար կեանք 60––70 տարի, եկեղեցին սուրբ Երրորդութիւն, քահանան գալիս է Ոսկեպար գիւղից:
Ծուխ 34, ար. 185, իգ. 156.
Սուրբ Աստուածածին մատուռ. Գիւղիցս վերև Կունէն2) առուակի աջ ափի բարձրութեան վերայ. շինուած անտաշ քարով մի կամարի վերայ: Դրան գլխի քարին վերայ. «Թվին ՌՃԽԴ. ես Մէլիք-Շահնազարս… ամուսին Խանզատէն շինեցինք սուրբ Աստուածածին ձեռամբ Յակոբին»: Մեծ հանգստարան շրջապատած է մատրանս շուրջն:
Հին Կունէն աւերակ, որ կայ մատրանս հիւսիս-արևմտեան հանդէպ առուի ձախ ափին:
–––––––––––––––––––––
1) Վտակիս ջուրն միանում է Աղստևին Ղազախ քաղաքի հանդէպ: Գիւղիս մօտ կայ մի ուխտատեղի Պիպիս կամ Ջողազ անուն. ուխտի օրն է զատիկ օրերն:
2) Խառնուում է Ոսկեպարին:


ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔ 1)

Հին-Կունէնից փոքր ինչ վերև, նոյն առուակի ձախ կողմում մի լեռնաբազկի վերայ: Հիմնուած է չորս կամարների վերայ, որ ունի մի աւագ խորան (առանց փոքր խորանի), չորս լուսամուտ, երկու խորհրդարան, մի կաթուղիկէ, մի դուռն արևմտեան կողմից, 10 մետր 25 սանթիմ երկարութիւն, 7 մետր 45 սանթիմ լայնութիւն: Որմերի ներսի երեսներն շինուած են անտաշ, իսկ դրսի երեսներն՝ սրբատաշ քարով: Մենաստանս ունի և գաւիթ, որ կից է իւր արևմտեան կողմին, կառուցեալ ութ կիսասիւների վերայ, երկարութիւն (հիւսիսից հարաւ) 10 մետր 40 սանթիմ, լայնութիւն 9 մետր 50 սանթիմ: Գաւթիս դրնագլուխ քարի վերայ. «Ի թվին ՈՂԴ. կամաւ բարերարին Աստուծոյ և ողորմութեամբ՝ Աթաբագ ամիր ապսալար Խութլու փուղին (Խութէ ու Բուղին) ես Գրիգոր թոռն Խաչենիսենց ապաւինեցայ սուրբ առաքելոյս իմ հալալ արդեամբ և բնակիչք սուրբ ուխտիս ետուն Բ. պատարագ ՛ի տաւնի սուրբ Գրիգորի գիւտի նշխարացն-. կատարիչքն աւրհնին Աստուծոյ և խափանողքն դատին ՛ի Տէր»:
Արտաքուստ տաճարիս հարաւային որմի տակ կայ մի նշանաւոր խաչարձան, որի երկարութիւնն 2 մետր 50 սանթիմ է (առանց պատուանդանում զետեղուած մասին) լայնութիւնն 1 մետր 10 սանթիմ: Խաչարձանիս վերին մասումն քանդակուած է Յիսուսի Քրիստոսի պատկերն2), որը բռնուած են երկու հրեշտակներ: Իսկ Յիսուս Քրիստոս բռնած է իւր ձեռքում մի թուղթ, որի վերայ քանդակուած է.
«Ես եմ լոյս աշխարհի….»: Իսկ ստորին մասում.
«Ով քառաթև սուրբ պանծալի,
Փրկագործող մարդկան ազգի,
Տեսիլ փառաց անճառելի,
Գերապայծառ և սխրալի,
Յորժամ փայլես ընդ ամպս երկնի,
Լե՛ր բարեխաւս Տեառն Յիսուսի,
Կարապետին քո աւգնողի,
Ալմկանին իւր կենակցի,
Եւ զաւակացն գովելի,
Համայն ազգացն, որ ՛ի կամս Հաւր ննջեցին»:
–––––––––––––––––––––
1) Հիւսիսային պատում կայ մի գազտնի պահարան, որի ճանապարհն գաւթի տանեաց վերայովն է:
2) Փորագրուած է պատկերիս կողքերով. «Բանն Հաւր
Բարձրեալ անսկզբնական
Կարապետին լե՜ր աւգնական»:

Խաչարձանիս վերայ փորագրուած են նաև ուրիշ խօսքեր աւելի խոշոր գրերով, սակայն անընթեռնելի են, քանզի եղծուած են:
Մենաստանս ունի ամրոցի նման ամուր պարիսպ՝ շինուած լեռնաբազկի դիրքով, որ ձգուած է գրեթէ հիւսիսից հարաւ և ունի հաստատուն և բարձր բուրգեր: Պարսպի ներսում կան միաբանից խուցեր, պալատանման բնակարաններ, սենեակներ և գոմեր: Վանքիս արևելեան կողմում, հովտի մէջ կայ, գիւղատեղի, ձիթահանքեր և հին շինութիւններ: Իսկ հարաւ արևմտեան կողմում, ձորի միւս լանջի վերայ, հանգստարան և մի քառաթև և բարձր խաչ, որպիսին տեսանք Խամշի վերքի մօտ:

Կերանց վանք.

Հիմնուած է Առաքելոց վանքից բաւական վերև նոյն վտակի ձախ ափի մօտ: Տաշուած մոխրագոյն քարով շինուած են դռներն և հիմքից բարձր երկու շար քարերով շրջապատն. իսկ մնացեալ բոլոր մասերն շինուած են թրծեալ աղիւսով: Մենաստանս կառուցեալ է երկու սիւների և երկու կիսասիւների վերայ, խաչաձև է ներքուստ, բայց եկեղեցու ձև ունի արտաքուստ: Ունի երկու փոքր և մի աւագ խորան, երկու խորհրդարան, երկու դուռն (հարաւից, արևմուտքից) ութ նեղ և երկար լուսամուտ, մի բարձրագոյն և գեղեցիկ կաթուղիկէ1). 17 մետր 60 սանթիմ երկարութիւն, 12 մետր 15 սանթիմ լայնութիւն: Բարձրում նկարուած են սրբոց պատկերներ, բայց ոչ հայկական ճաշակով և ոճով, այլ յունական. սակայն պատկերների ստորոտում կան հայերէն գրեր, զորս անհնարին եղաւ մեզ կարդալ խիստ հեռաւորութեան պատճառաւ: Հիւսիսային փոքր խորանի միջից կայ մի վերելակ, նեղ և մութ սանդուղ, որ տանում է մի գաղտնի պահարան: Բեմի դասահայեաց ճակատն չէ շինուած աղիւսով, այլ քարերով, որոց վերայ կան նրբագործ քանդակներ, ծաղիկներ և նախշեր. գեղեցկաքանդակ են և դռների սեմերն:
–––––––––––––––––––––
1) Կաթուղիկէիս արտաքին երեսն շինուած է մանր և գոյնզգոյն եփած աղիւսներով:

Մենաստանս ունի երկու գաւիթ. արևմտեան դրան վերայ եղած գաւիթն շինուած է տաճարիս լայնութեան չափով. իսկ հարաւային դրան վերայ եղածն՝ ըստ երկարութեան: Տաճարիս հիւսիային կողման կից կայ մի մատուռ, որի ստորին մասն շինուած է քարով, իսկ վերնամասն՝ աղիւսով: Տաճարիս արևմտեան գաւթից մի քանի քայլ դէպի արևմուտք, երեք կամարի վերայ շինուած է մի ընդարձակ շինութիւն, որ ունի երկու դուռն արևելքից և արևմուտքից: Կարծում ենք թէ սեղանատուն է այս կամ ուսումնարան:
Տաճարս ունեցած է քառակուսի ձևով շրջապարիսպ, որ սկսուած է սեղանատուն կարծուած շինութեան հիւսիսային ժայռից, պատած հարաւային և արևելքից հասցրած նոյն ապառաժ ժայռի ծայրին, որ քանդուած է արդէն: Ունեցած է և սենեակներ և խուցեր, որք աւերուած են այժմ: Տաճարիս հարաւային և արևելեան արտաքին որմերի տակերն լի են գերեզմաններով:
Պարսպի շուրջն լի է տնատեղի բակերով. իսկ գիւղիս հանգստարանն գտնուում է հիւսիսային հանդէպ եղած մօտ բլրակի վերայ:

Դեղձնուտի վանք

Հիմնուած է Կերանց վանքի հարաւ-արևելեան կողմի անտառապատ լեռների մէջ: Հարաւային կողմից միանում է Կունէն վտակի մի այլ առուակ, որի ջրաձորի արևմտեան կողմում բաւական վերև շինուած է Դեղձնուտ անուն վանքն Դեղձնուտ կոչուած տեղում: Վանքս ամբողջապէս շինուած է սրբատաշ քարով, որ գրեթէ ունի Մակարայ վանքի մեծութիւնը և մի գաւիթ, որ շինուած է շատ յետոյ: Տաճարս ունի երկու փոքր և մի աւագ խորան, երկու խորհրդարան, մի դուռն արևմտեան կողմից: Գաւթումս ամփոփուած են մի քանի ննջեցեալներ, սակայն աւելի ուշագրաւ են երկու գեղեցկաքանդակ խաչարձաններն, որոց գեղարուեստի նրբագործութիւնն ներկայացնում է ժամանակին ճարտարապետութեան արտափայլումը: Հարկ է յայտնել թէ խախտուած է վանքիս գաւիթն, որի մօտերքում կան գերեզմաններ:
Սամսոնի վանք. Կառուցեալ է Խնձորկուտի ջրաձորում, մի տափարակ տեղում, անտաշ քարով: Փոքր վանքս, որ ներսից խաչաձև է, ունի կաթուղիկէ, աւերակ խուցեր և հանգստարան:
ԺԳ. ՆՈՐ-ՈՍԿԵՊԱՐ (Աքսիպար). Հիմնուած է Կունէն գիւղի հիւսիի-արևմտեան կողմում Ոսկէպար վտակի աջ կողմի բարձրութեան վերայ, բնակիչք բնիկ, հողն արքունի, տեղական բերքերն նոյն, ոչ այքան գովելի օդն և կլիման ամրան, երկար կեանք 75 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի:
Ծուխ 35, ար. 172, իգ. 121.
Հին-Ոսկեպար. Ընդարձակ աւերակ, Նոր-ին հանդէպ, վտակի ձախ կողմումն, որի մէջ կայ կիսաւեր մեծ եկեղեցի և հանգստարան, բաղանիս և փլատակների տակ ծածկուած շէնքեր: Փորուածքներից գտնում են սսկեղէն, արծաթեղէն և պղնձեղէն զարդեր և անօթներ և երկաթեայ խոփ, ձևիչ, ճամբարակ: Այս տեղից փոխադրուած են Նոր-Ոսկեպարի բնակիչներն. բայց այժմ թրքաբնակ է աւերակս:
Աշտարակ. Աւերակ Ոսկեպարիցս վերև կայ մի քարուկիր բարձր աշտարակ նոյն վտակի ձախ կողմում, որը անուանում են Ղըզ-Ղալա: Մի դիտարան է այս:
Ջոխտակ եկեղեցի. Մօտ մղոնաչափ վերև կայ աւերակ հայկական գիւղ, հանգստարան և երկու մօտ առ մօտ կիսաւեր եկեղեցիներ: Ահա այս է նոյն անունը կրող աւերակն, որ այժմ թրքաբնակ է:
Աւերակ Գիւղատեղի, հանգստարան և եկեղեցի կայ Նոր-Ոսկեպարի հիւսիսային հանդէպ վտակի ձախ կողմում:
ԺԴ. ԲԱՂԱՆԻՍ ԳԻՒՂ. Հիմնուած է այն լեռնաշղթայի հարաւահայեաց լանջի վերայ, որ սկսուած է արևմտեան լեռներից, անցած Ճչեվանք, Բաղանիս և Ղոշղոթան գիւղերի հիւսիսային կողմով դէպի Գաւարզին: Բնակիչք բնիկ, հողն արքունի, տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն և կլիման, երկար կեանք 85 տարի, եկեղեցին փայտաշէն և վնասուած, քահանան գալիս է Ղոշղոթան գիւղից, որ խիստ մօտ է:
Ծուխ 47, ար. 239, իգ. 183.
ԺԵ. ՂՈՇՂՈԹԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Բաղանիսի հիւսիս-արևելեան կողմում. բնակիչք բնիկ, հողն արքունի, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Յովհաննէս, ծածքն փայտաշէն. քահանայ երկու:
Ծուխ 89, ար. 575, իգ. 450.
ԺԶ. ՃՉԵՎԱՆՔ ՇԷՆ. Բաղանիսից վերև մի անտառապատ ձորի ձախ լանջի վերայ. բնակիչք տեղափոխուած են այստեղ Ջալու և Հաղբատ գիւղերից. հողն արքունի, տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն, եկեղեցին նորաշէն սուրբ Աստուածածին, քահանան գալիս է Պարանայ գիւղից. Ծուխ 17, (արականք և իգականք հաշուած են Ղոշղոթանի վերայ):

Դվեղայ սուրբ Սարգիս վանք.

Հիմնարկուած է մի անտառապատ ևե խոր ձորի աջ լանջի հարթակի վերայ, որի հիւսիսային կողմն վիմահերձ ապառաժ է: Մենաստանս շինուած է ամբողջապէս սրբատաշ քարով, բայց եկեղեցու ձևով և ունի երկու փոքր, մի աւագ խորան, մի առանձին խորան ևս հիւսիսային որմի մէջ, մի դուռն հարաւային կողմից, մի քանի լուսամուտ, մի զանգատուն, որ բազմած է աւագ խորանի գլխին, 11 մետր 80 սանթիմ երկարութիւն, 7 մետր 80 սանթիմ լայնութիւն: Հնաշէն են աւագ խորանն և հիւսիսային երկու խորաններն, իսկ նորոգուած են մնացեալ բոլոր մասերն:
Հարաւային կամարի վերայ «Շինեցաւ յատակս սուրբ սեղանոյս արդեամբ Խաչատուր և Դարչօ Հախվերտեանցի»: Դրան ճակատին:
«Ողորմութեամբն Աստուծոյ շինեցաւ եկեղեցիս յանուն սրբոյն Սարգսի տրովք բարեպաշտից, ջանիւք և վերակացութեամբ տփխիսեցի Եսայեան Նուրենց, զոր յիշատակէ Տէր յաւուրն վերջին: Հիմնարկեցաւ ՛ի 1845 և աւարտեցաւ 1849 ամի Տեառն»:
Վանքիս հիւսիսային կողմում կայ մի մատուռ սուրբ Կիւրակէ անուն: Մատրանս հիւսիսային խոր ձորում ժայռից բղխում է մի պատուական ջուր, որը անուանում են Օրհնած աղբիւր:
Ոմանք թիփլիզեցիք շինած են վանքիս մօտ մի քանի սենեակներ, ուխտի օրերն են ամեն զատկին. մեծ բազմութիւն է լինում այստեղ ուխտաւորաց:
ԺԷ. ՆՈՐ-ՊԱՐԱՆ կամ ԱՊԱՐԱՆ գիւղ. Շինուած է սուրբ Սարգսի արևմտեան հիւսիսային կողմում մի ջրաձորի արևելահայեաց լանջի վերայ. ամբողջ ձորն զարդարուած է այգիներով, բնակիչք տեղափոխուած են այստեղ Ապարանից, վասնորոյ և պահած իւրեանց նախկին բնակավայրի անունըԱպարան––, որը կրճատելով կոչած են Պարան: Հողն արքունի, լեռնային, սակաւ, բայց արդիւնաւէտ, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն գովելի, երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Սարգիս, ծախքն փայտաշէն, քահանայ երեք:
Ծուխ 95, ար. 573, իգ. 441.
Աւերակ գիւղ, հանգստարան և եկեղեցի կայ Հին-Պարանում, որ գիւղիցս վերև է և Մկնաձորում: Իսկ Պղնձահանք, որ կայ Միսխանա կոչուած տեղում, աւելի վերև է Հին-Պարանայ աւերակից:
ԺԸ. ՆՈՐ-ԿՈՂԲ ԳԻՒՂ. Շինուած է Պարանայի արևմտեան կողմում (խիստ մօտ) մի ջրաձորի արևմտահայեաց լանջի վերայ, բնակիչք տեղափոխուած են Արարատեան նահանգի Կողբ գիւղիցն, վասն որոյ պահած են միևնոյն գիւղանունը, բարբառը և սովորութիւնները. հողն արքունի, տեղական բերքերն նոյն, գովելի օդն և կլիման, բայց ոչ ջուրն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին, հոյակապ, կառուցեալ վեց միապաղաղ սիւների վերայ, երկարութիւն 22 մետր 35 սանթիմ, լայնութիւն 13 մետր 5 սանթիմ, քահանայ երկու: Եկեղեցումս կայ մի գրչագիր աւետարան, որ պակասաւոր, անպատկեր և թղթեայ է, որը գրած է Սարկաւագ Նասիպն Դիզակ գաւառին Տագ գիւղումն Հայոց ՌԺԲ. թուին:
Ծուխ 160, ար. 979, իգ. 814.
Միդասեան ուսումնարան, որ ունի գեղեցիկ շինութիւն, յարմար դասարաններ և սոյն արձանագրութիւնը. «Կանգնեցաւ ուսումնարանական շինութիւնս ՛ի սեպհական տեղոջն սեպհական արդեամբ կամ ծախիւք Կողպա բնակիչք պ. Բէկլարի և որդոց նորա Սարգսի և Մարտիրոսի Տէր-Բարսեղեանց ի յիշատակ նոցա և որդոց նոցա ի թուականին Փրկչին 1892-ին և Հայոց ՌՅԽԱ.»:
Աշակերտք 30. համարեայ թէ ամենքն ևս ձրիավարժ են. տարեկան վարժապետին 250 րուբլի:
Սուրբ Աստուածածին մատուռ. Գիւղիս հին հանգստարանում սրբատաշ մոխրագոյն քարով շինուած է կիսաւեր մատուռս, որի վերայ. «Ես Ասլան և Սար… զերկն խաչին զ… յեկեղեցիս և տվաք Ե.. սուրբ Աստուածածին Բ. աւր ժամ.. տարումն կարգեցաք լոյս.. Ադիղին և Արևտեղին. ով այլ հակառակեսցէ, Կայենին և Յուդային մասն ժառանգեսցէ»:
Մատրանս մօտ (արևելեան կողմում) մի խաչարձանի վերայ.
«Ի թւիս ՈՂԳ. ես Սարգիս քահանայ կանգնեցի զխաչս ի յիշատակ ինձ և որդոց իմոց Եպիփանայ, Եփրեմի և եղբաղց Ունծ Ալէքսիոսի, Իգնատիոսի և հաւրեղբաւր իմոյ Ոհանին, արդ որք երկրպագէք, յիշեսջիք զմեզ առ Քրիստոս»: Շարայարուած է. «ԶԱբէլ և տէր Աւագ կազմոզ խաչիս յիշեցէք ի Տէր»:
Սուրբ Նշան ուխտատեղի. Գտնուում է գիւղիս հարաւային կողմի բարձրագոյն սարի արևմտահայեաց սեռի վերայ, փայտաշէն է, որի մէջ մի կիսատ խաչքարի վերայ. «Ես Բենիամին վարդապետ Հայոց արարի յիշատակ ինձ սուրբ զբեմս, որ է հիմն հաւատոյ և պատուանդան սուրբ Նշանիս տեղի աղաւթից երթևեկաց և յոյս, որ գնան արդարութեամբ յերկրի»: Այլ քարի վերայ. «Յանուն սրբոյն Գիսայ (գուցէ Սարգիսայ) ես հայր Գրիգոր կանգնեցի նշանս Քրիստոսի աւգնական մեր ի Տէր և որք Տեառն են»:

ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԱՅ ՎԱՆՔ (65)

Սուրբ Նշանից փոքր ինչ վերև մի զմայլելի սարահարթի վերայ կառուցեալ է վանքս համակ սրբատաշ, սպիտակ, տորոնագոյն և երկնագոյն քարերով մի կամարի վերայ, որ ունի չորս փոքր և մի աւագ խորան, երկու խորհրդարան, չորս լուսամուտ, մի դուռն, 12 մետր երկարութիւն և 8 մետր լայնութիւն: Հիանալի քանդակներով զարդարուած են բեմի և խորհրդարանների քարերն:

Դրան գլխի քարի վերայ.

«Ես Ռըստակէս և այլ միաբանքս հաստատեցաք ՛ի տարին Բ. ժամ. Ա. Աբեսալայ, Ա. Ազըզին ՛ի տաւնի քառասնից, որ խափանէ, մեր մեղացս տէր է առաջի Աստուծոյ»:
Տաճարիս արևմտեան կողմին կից է քառակամար և գեղեցիկ գաւիթ, որ կանգնած է երկու միապաղաղ սիւների և վեց կիսասիւների վերայ: Գաւիթս ունի երկու փոքր խորան, երկու գեղեցկաքանդակ խաչարձան, երեք լուսամուտ, մի դուռն, 14 մետր 85 սանթիմ երկարութիւն 13 մետր լայնութիւն: Հարաւային խորանի վերայ «Տէր Աստուած ողորմեա՛յ յԱզատին և իւր ծնողացն ամեն ՈՂԶ.»: Հար. խաչարձանի վերայ. «Տէր Աստուած ողորմի Աւմ Տողմիշին, Դաւփին, Խոյտանին»:
Հիւսիային խաչարձանի վերայ. «Տէր ողորմեայ Թաշտին և իւր ծնողաց, որ զխաչս կանգնեաց ՛ի թվիս Հայոց ՉԽ.»: Գաւթիս յատակն լի է տապանաքարերով, որք են գերեզման եպիսկոպոսաց և վարդապեաաց:
Տաճարիս հարաւային որմի վերայ արտաքուստ, արևի Ժամացոյց. «՛Ի թուակ ԷՃԲ. (ՉԲ.) ես Վասակ, Սիսխաթունս էգի ետու Աստուածածնիս. Ռըստակէս և միաբանքս տվաք Գ. ժամ աւետեացն տաւնին. ով զիրուր տայ (խառնէ), յԱստուծոյ անիծած եղիցի»:
Վանքիս արևելեան կողմում (արտաքուստ) ընկած է մի կոտրած տափակ քար, որի վերայ գծուած է տասն և ինն կարակնաձև գծեր, որոց մէջ գրուած են հայոց թուեր-աբ. գ. դ. ե. զ. ևն. թուերն նման են տարեգրի, վերադրի, եօթներեակի. երևի թէ դաս տալու համար շինուած է: Քարիս ստորոտում քանդակուած է.
«Շարադրութիւն Գրիգորոյ»: Շատ ջանացի ընդօրինակել նոյնութեամբ, բայց որովհետև եղծուած են շատ գրեր, վասնորոյ թողի ակամայից և հեռացայ: Վանքիս շուրջն լի է գերեզմաններով, այս տեղ կայ և գիւղատեղի, որ կոչուում է Վանք: Անյայտ են միաբանից խուցերի տեղերն:
Վանքիս արևմտահիւսիս կողմում, քարընկէց հեռի կայ մի մատուռ, որ շինուած է սրբատաշ քարով, իսկ հարաւ արևելեան կողմում, փայտաշէն ծածքով Բարձրեալ անուն այլ մատուռ:
Անշարժ խաչարձան. Վանքիս աղբիւրից վերև, քարահանքում վանքաշէն վարպետներն տաշած են քարահանքի ճակատը, նախ շինած մի մեծ խոնչայ և ապա խոնչայիս մէջ մի հիանալի խաչարձան:
Հին-Կողբ. աւերակ գիւղատեղի, կիսաւեր եկեղեցի և հին հանգստարան, որք կան Նոր-կողբից վերև համանուն վտակի աջ կողմում:
Տւարայ եղցի. աւերակ գիւղատեղի, հանգստարան և կիսաւեր ընդարձակ եկեղեցի, Հին-կողբից մօտ քառորդ մղոն վերև նոյն ջրաձորի ձախ ափի վերայ:
Մխիթար վարդապետի մատուռ. Նոր.Կողբի այգիների գլխին, ջրի ձախ ափին, ծածքն փայտաշէն մատուռ, որի մէջ ամփոփուած են երկու վարդապետի և երկու քահանայի մարմիններ:
Սուրբ Առաքել. Գիւղիս արևմտա-հիւսիս հանդէպ սարի վերայ քարուկիր մատուռ, որից մնում են միայն չորս պատերն. որի մօտ կայ գիւղատեղի և հանգստարան:
Ամուրիներ (Ազափլար). մատրանս հարաւային կողմի բարձրութեան վերայ՝ խաչարձաններով գերեզմաններ, որոց մասին աւանդաբար ասում են. թէ երեսուն հայ ամուրի երիտասարդներ քաջութեամբ պատերազմում են Լեկզիների հետ և յաղթում նոցա հրոսակներին, բայց յետոյ նահատակուում են օժանդակ եկան Լեկզիներից և ամփոփվում են իւրեանց ընկած տեղերում և խաչեր կանգնում գերեզմանների վերայ և անուանում Ամուրիներ:
Վարդի գիւղ. Գիւղիս արևմտեան կողմում աւերակ գիւղատեղի, հանգստարան և եկեղեցի, որից մնում են չորս պատերն և վէմ քարն: Հանգստարանումս կայ սուրբ Գէորգ անուն մի մատուռ.
Բարսում գիւղատեղի, հանգստարան և մի մատուռ, որի միջի գերեզմանը անուանում են Բարսում Ճգնաւոր:
ԺԹ. ՇԷՆ կամ ՇԻՆՈՂ գիւղ. Հիմնուած է Ձորագետի աջ կողմի բարձրութեան վերայ և բաժանուած երկու թաղի: Հիւսիսային թաղն արդէն եղած է բերդաթաղում, որի շրջապատն անմատչելի վիմահերձներ են. այս բերդիս հիւսիսային կողմով հոսում է Ձորագետն, արևմտեան՝ Շինող գետակն, հարաւային աղբիւրաջրեր, արևելեան կողմն պարսպուած է վաղուց, որ ունի և ամուր բուրգեր, այնպէս որ բերդավայրն բարձրացած է իւր չորս կողմի ձորերից: Ամրոցս ունի երկու մուտք արևելեան և հարաւային, առաջի մուտքով ել և մուտք են անում սայլեր և անասուններ. իսկ երկրորդով ընդանիք ջուր են բերում աղբիւրներից, քան զի նեղ, զառիվայր և դժուարատար է: Բոլորովին հարթ է բերդիս մակերևոյթն, որ ունի բաւական մեծութիւն և գեղեցիկ տեսարան: Եկեղեցին սուրբ Գէորգ1) նորաշէն. հոյակապ, որ ունի 16 մետր 30 սանթիմ երկարութիւն, 9 մետր 82 սանթիմ լայնութիւն, քահանայ մի: Բարեկրօն Ալեքսան քահանայի մօտ կայ մի ձեռագիր շարական, գրուած թղթի վերայ փոքրատիր: Յիշատակարանից:
–––––––––––––––––––––
1) Բերդիս մէջ արևմտեան կողմում կայ մի հին եկեղեցի, որ կանգուն է ամբողջութեամբ: Արևելեան կողմում, արտաքոյ բերդին մի քարուկիր մատուռ սուրբ Աստուածածին անուն, որի մօտ կայ և հանգստարան և քարայրներ, որք փոխուած են գոմերի: Իսկ բերդիս հիւսիսային քերծի քարայրներից ելնում է բորակ:

«Արդ եղև աւարտ գրչութեան.. ի շրջակայութեան Հայկազեան տումարի հազար հարիւր և չորս ամի ՛ի դառն և ամբարի, վշտաշատ ժամանակի, որ երերուր և տատանեալ ազգս Հայոց ՛ի ձեռն այլազգեաց և անօրինաց և յանիրաւ պահանջողաց, ի հայրապետութեան տեառն Պետրոսի նորընծայ և սրբազան կաթուղիկոսի և առաքելական աթոռ սորին Գանձասար կոչի և ՛ի խանութեան երկրիս մերում Մուրթուզա խանին ՛ի սուրբ և ՛ի գերահռչակ ուխտիս որ կոչի.. Չարեքայ անապատ… բայց եղև սկսանել շարականոցիս ՛ի երկրին մերում վերին Զակամ ՛ի հայրենական գեօղն իմ անուն Պապաջան և այժմ օտարացեալ և փախուցեալ կամ ՛ի երկիրս, զոր ՛ի վերոյ գրեցաք, ՛ի գիւղս որ կոչի Խաւունիս, որ եղև աւարտ շարականոցիս, զի ՛ի շէնս այս կայ պատուական Ջուխտակ եկեղեցիս1) … Գերեցաւ ձեռամբ ամենամեղ., գրչի Աւետիս անպիտանի քահանայ կոչի»:
–––––––––––––––––––––
1) Թերևս ընթերցողն մտահան արած չէ Նոր-Գետաբակի արևելեան հանդէպ եղած ՋՈՒԽՏԱԿ ԵԿԵՂԵՑԻՆ, որի մօտ եղած աւերակն է ԽԱՒՈՒՆԻՍ գիւղն:

Հարաւային թաղն կոչուում է Նորաշէն, որի բնակիչներն մօտ քառասուն տարի առաջ հատուածելով Շնողից հիմնարկուած են բերդի հարաւային հանդէպ: Թաղս ևս ունի իւր յատուկ եկեղեցին սուրբ Սարգիս, հոյակապ կանգնեալ չորս սիւների վերայ, քահանայ երկու: Երկու թաղերիս բնակիչներն ևս գաղթած են Արցախի մէլիքների գաւառներից, հողն արքունի և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն և կլիման, պատուական ջուրն. 85––90 տարի երկար կեանք: երկու թաղերում միասին:
Ծուխ 197, ար. 961, իգ. 826.
Ղարախանի հանգստարան (Նորաշէնի արևմտեան կողմում) որի մէջ կայ մինչև 900 տարուայ խաչարձան և իւր մօտ գիւղատեղի և աւերակ եկեղեցի:
Բուրայ եղծի. որ կայ Ղարախանի հանգստարանի հարաւային կողմում, որի մէջ տարին մի անգամ պատարագ են մատուցանում Բուրայ քահանայի տօնին, որի մարմինն ըստ աւանդութեան ամփոփուած է եկեղեցումս, որ նորոգուած է:
Շինու Սարկաւագ. մի աւերակ մատուռ, որ կայ Բուրայ եկեղեցու արևմտեան կողմում: Աւանդաբար ասում են, «Մատրանս մէջ ամփոփուած է Շինու սարկաւագի մարմինն»: Ուխտատեղի են երկոցունցս գերեզմաններն ևս––քահանային և սարկաւագիս––.
Ակեղցու ղաշ. Ղարաքեօթիւկ, Թեղուտ և Ձորագեղ կոչուած տեղերում ևս կան աւերակ գիւղեր, եկեղեցիներ և հանգստարաններ:
Մանստեւի վանք. Ձորագեղից հարաւ, Շինող վտակի վերայ սրբատաշ քարով շինուած վանք, որի տանեաց վերայ դրուած է մի խոյ (քարեայ արձան) որի գլուխն երևում է արևելեան կողմում. իսկ դմակն՝ արևմտեան կողմում, Մենաստանս ունի միաբանից խուցեր և հանգստարան:
Ի. Արճէշ գիւղ. Հիմնուած է Շինողի կամ Շինու արևելեան կողմում, մի գեղեցիկ տեսարան ունեցող լանջի վերայ, բնակիչք տեղափոխուած են Շինող գիւղից. հողն արքունի. տեղական բերքերն նոյն, գովելի օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100 տարի. եկեղեցին սուրբ Յակովբ. ծածքն փայտաշէն, քահանայ մի, որի մօտ կայ մի ձեռագիր նարեկ, բայց սկզբից և վերջից թափուած են թերթեր:
Ծուխ 61, ար. 234, իգ. 202.
Սուրբ Յակովբ մատուռ. այս է նախկին բնակչաց փոքր եկեղեցին, գիւղիս վերի կողմին մօտ:
Ուղտըքամակ կոչուած ձորում, որ կայ գիւղիս արևելեան կողմում, կայ գիւղատեղի, հանգստարան և աւերակ մատուռ:
Ճգնաւորի գերեզման. գիւղիս հարաւային կողմում կայ մի հին եկեղեցի, որի շուրջն լի է հին ամփոփեալներով, որոց մէջ կայ ճգնաւորի գերեզման անուն մի հանգիստ, որը այնքան յարգում է ժողովուրդն, մինչև անգամ զգուշանում է երդուել նոյն գերեզմանով:
ԻԱ. Լճկաձոր շէն. Հիմնուած է Արճէշի արևելեան և Ձորագետի աջ կողմում մի հիւսիսահայեաց խոր ձորի մէջ. բնակիչք նախ Խոյից գաղթած են Ուլաշլու, որ մօտ է Բօրչալու կոչուած բերդին, ապա տեղափոխուած թարգևին1) ապա ճալու և հուսկ յետոյ Լճկաձոր, հողն արքունի, անվնաս օդն, կլիման և ջուրն. եկեղեցին նորաշէն և կիսատ, քահանան գալիս է Արճէշից:
Շինումս կայ 12 ծուխ, որք արականով և իգականով հաշուած են Արճէշի ծխաթւոյն հետ:
–––––––––––––––––––––
1) Ձորագետի աջ կողմում են ՈՒԼԱՇԼՈՒ կամ ՂՈՒՇՉԻՇԱՐ, ԹԱՐԳԵՒԻՆ, ՃԱԼՈՒ աւերակ գիւղերն և հանգստարաններն: Թարգևին գիւղում մնում է կանգուն ՍՈՒՐԲ ՆՇԱՆ եկեղեցին:

ԻԲ. ԲԵՐԴԱ-ԳԻՒՂ (Ղալաչայ) Շինուած է Կողբ գիւղից փոքր ինչ վար նայնանուն վտակի աջ ափում: Բաժանուած է երկու թաղի––Արևելեան և Արևմտեան թաղ. բնակիչք բնիկ, հողն արքունի և բարեբեր (առատ են այգիներն) տեղական բերքերն նոյն, ամրան ճնշիչ ձորի օդն և կլիման, երկար կեանք 60 տարի. Արևելեան թաղի եկեղեցին սուրբ Գէորգ, քարուկիր. Արևմտեան Աստուածածին, ծածքն փայտաշէն. քահանայ մի:
Ծուխ 160, ար. 614, իգ. 461.
Օդարկու (Քեաքլիկ) գիւղիս հիւսիսային կողմում մի ձուաձև, բարձր և գեղեցիկ բլուր, որի գագաթի վերայ կայ մի աւերակ մատուռ Սուրբ Աստուածածին անուն, որի մօտ կայ մի մոխրատանձի:
Զուլոյի գերեզման (Խազնադաշ). Օդարկուի արևմտեան կողմում, մի ձորի արևելեան լանջին վերայ է աւերակ գիւղն, իսկ նոյն ձորի արևմտեան կողմում, ճանապարհի տակին է խաչարձաններով զարդարուած հանգստարան, որի մէջ և Զլոյի գերեզմանն: Մերձաբնակ մահմետականներն ջարդած են գեղեցկաքանդակ խաչարձաններից շատերն:
Ղեասի գիւղատեղի. Զլոյի գերեզմանի արևմտեան կողմում, խոր ձորի ձախ լանջի վերայ է այս գիւղատեղին, հանգստարանն, աւերակ եկեղեցին և նշանաւոր ջուր ունեցող աղբիւրն:
ԻԳ. ԴՎԵՂ կամ ԴՈՎԵՂ գիւղ. Շինուած է Դվեղայ սուրբ Սարգիս վանքից վար, նոյն ձորի ձախ լանջի վերայ. բնակիչք տեղափոխուած են Բերդագիւղից, հողնար քունի, տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն, կլիման, երկար կեանք 85 տարի եկեղեցին սուրբ Սարգիս, նորաշէն, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Պարանից:
Ծուխ 30 Բերդագեղի վերայ հաշիւ արուածէ ծխաթիւ և գլխաթեւերն:
ԻԴ. ԴՈՍՏԼՈՒ ԳԵՂ. Շինուած է Դվեղի արևելեան կողմում, նոյն սարի հիւսիսահայեաց լանջի վերայ. բնակիչք բնիկ. հողն արքունի, լեռնային անվնաս օդն և կլիման. երկար ձեանք 75––80 տարի, եկեղեցին սուրբ Գէորգ. ծածքն փայտաշէն, քահանայ մի:
Ծուխ 72, ար. 322, իգ. 301.
Ամենափրկիչ կամ Բարձրեալ. Մի հին, խարխուլ, քարուկիր մատուռ, որ կայ գիւղիս արևմտեան կողմում:
ԻԵ. ԿՈԹԻ ԳԻՒՂ. Շինուած է մի խոր ու լայնագոգ ձորում Գագայ սուրբ Սարգսի արևմտեան կողմում. բնակիչք բնիկ. հողն արքունի, տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն. քահանայ երկու. «Այս Աստուածածին եկեղեցին յիշատակ է Կոթի Գիւղայ հասարակութեան 1850 ամի»:
Ծուխ 200, ար. 961, իգ. 826.
Գիւղումս պ. Տէր-Սահակեանցի տան կայ երկու կոնդակ ուղարկուած Եփրեմ կաթուղիկոսից1) որ արտայայտում է իւր շնորհակալութիւնը սուրբ Էջմիածնի համար ղրկուած գորգերի մասին և օրհնում է ղրկողները:
–––––––––––––––––––––
1) Սոյն երջանկայիշատակ կաթուղիկոսիս օծման հանդիսի առթիւ Կարբեցի Յովսէփ վարդապետ Մարուքեանցն 1824 Նեմբ. 9-ին խօսած է մի ՃԱՌ, որով յայտնում է Հայաստանեայց եկեղեցու ուրախութիւնը: Բնագիր ճառը յանձնեցի Մայր Աթոռոյս Ս. Էջմիածնիս Մատենադարանին:

Գիւղիս արևմտեան կողմում, գիւղիցս սուրբ Սարգիս վանքն տանող ճանապարհի վերայ կայ մարդաչափ բարձրութեամբ իմ արձան, որ խիստ հին է: Մարդարձանս, որ ներկայացնում է մի երիտասարդի հայկական տիպը, կերպարանքը, զգեստը, գուցէ դարերով ծածկուած է լինում բարձրակոյտ հողերի տակ: Ոմն երիտասարդ քանիցս երազում տեսնելով, որ ոմն անձանօթ անձն հրամայում է քանդել և հորելով երևան հանել մարդարձանը: Ահա այսպէս գտնուած է: Չեմ կարող վճռաբար ասել թէ որ դարու գործ է այս. բայց կարող եմ վստահութեամբ ասել թէ խիստ հին է ըստ երևութին:

Գաւառիս բերդերն

Ա. Շար-խաչ Գիւղի հիւսիս արևմտեան կողմում, մեծ քերծից վար կայ մի հին և փոքր բերդ, որի արևելեան և հարաւային կողմերն վիմահերձ ժայռեր են, իսկ մնացեալ կողմերն պարսպուած են քարուկիր պատով: Այժմ շատ տեղեր քայքայուած են պարսպիցն:
Բ. ՄԱՆԹԱՇ ՂԱԼԱ. «Ղըզղալայի հանդէպ ճանապարհի Աղստև գետի միւս (ձախ) կողմի լերանց շղթայումը գտանվում է Մանթաշղալան, մի սուր սուր ժայռի գագաթին: Թէպէտ նրան շատ մօտենալը հեշտ է և չէ ներկայացնում առանձին դժուարութիւն, բայց նոյնիսկ գագաթին մօտ նոյնպէս դժուար է բարձրանալ: Մանթաշ ղալայի շինութիւնների թիւն աւելի փոքր է և աւելի աւերակ, այնպէս որ այն տեղ ոչինչ շինութիւն չկայ ամբողջ մնացած, ինչպէս Ղըզղալայում: Աւերակների միւս մանրամասնութիւնները ներկայացնում են միևնոյն դրութիւնը՝ ինչ որ Ղըզղալայինը:
Այդ երկու ղալաների Աղստափայ գետի ափին.. գտնվում է մի փոքրիկ աւերակ քարուկրից շինած, որ, ինչպէս պատմում են տեղացիք, բաղնիք է եղել: Այն կղզին… այժմ և կոչվում «Համամի ճալա» այսինքն բաղնիքի կղզի1):
–––––––––––––––––––––
1) ՃԱԼԱ նշանակում է հովիտ և ոչ թէ կղզի:

Ղզղալայի, Մանթաշղալայի և աւերակ բաղնիքի մասին ժողովրդեան մէջ մնացել է նոցա մէջ ընդհանրացած աւանդութիւն: Ասում են.. Եղել է մի հերոսուհի գեղեցիկ աղջիկ, որ ունեցել է իր զօրքը: Շատ իշխաններ գրաւվելով նորա գեղեցկութիւնից՝ ցանկացել են ամուսնանալ նորա վերայ՝ բայց նա մերժել է բոլորի առաջարկութիւնը, կամենալով կոյս մնալ: Երբ ոչինչ միջոցով հնար չէ եղել մամոզել նորան, այն ժամանակ այդ բախտախնդիր իշխանները կամեցել են ուժով տիրանալ նորան: Իշխանուհի հերոսը իւր կուսութիւնը պահպանելու համար ժողովում է իւր ձեռքի տակ եղած մարդկանց և զօրք կազմելով.. շինելով Ղզղալա ամրոցը, ապահովութիւն գտնում այդ տեղ: Նորա վերայ սիրահարուած իշխաններից աւելի զօրեղը և համարձակը.. չէ կամենում ձեռնաթող անել իւր սիրոյ առարկան: Աղջկայ քաջագործութիւններն աւելի և աւելի վառում են Մանթաշի սրտումը սիրոյ կայծը և նա Ղզղալի հանդէպ շինում է Մանթաշ ղալէն և այնտեղից երբեմն երբեմն յարձակմունքներ է անում Ղզղալի վերայ, ՛ի զուր է անցնում նորա ջանքը, միշտ յաղթող է հանդիսանում աղջիկը:
Վերջապէս միանգամ աղջիկը իւր զօրքը տալիս է իւր զօրավարի ձեռքը և ուղարկում է Մանթաշ ղալի վերայ: Այդ կռւում, ու ինքն աղջիկը անձամբ չէ զօրավարում, յաղթւում է նորա զօրքը և Մանթաշը դորանից յետոյ հեշտութեամբ կարողանում է ձեռք ձգել աղջկան: Դորանից յետոյ կայանում է նոցա մէջ հետևեալ դաշը-որ նոցանից ամեն մինը կենայ առանձին իւր ղալայում, միայն ՛ի նշան բարե-կամութեան շինում են գետի ափին վերոյիշեալ բաղանիքը, որ այդ լինի նոցա միմեանց այցելութեան տեղը: Դոցանից յետոյ, ասում են, նոքա երկու ժայռերի գագաթից նշաններով խօսում էին միմեանց հետ և արտայայտում իրանց մտքերը և սէրը1):
–––––––––––––––––––––
1) Ղըզղալա և Մանթաշ ամրոցներիս մասին հանգուցեալ Մարտիրոսի գրածները ստացած եմ շնորհիւ իմ ազնիւ բարեկամ գիւտ քահանայ Աղանեանցի նեղսակիր ջանից:

Գ. ՄԹՆԱՁՈՐ (ղարանլուի դէրէ): խորագոյն անտառապատ, հորիզօնն նեղ, սոսկալի ձոր, որի մէջ կան քարայրներ և պատսպարուելու տեղեր և պատուական ջուր: Այստեղ պատսպարուած են Լեկզիների արշաւանաց ժամանակ շրջակայ գիւղերի բնակիչներն, ինչպէս պատմում են ծերունիք:
Դ. ԿԱՅԵՆԻ ԲԵՐԴ. Գտնվում է Մակարայ վանքից բաւական վերև Պայտաթափ (Նալթեօքան) սարի հարաւային կողմում: Առանձնացած է իւր չորս կողմերից բերդակիր սարս և անջրպետուաց ձորերով: Ահագին քարերով. պարսպուած է սարիս գլուխն գագաթի դիրքով, բայց անպարիսպ են տեղ տեղ վեմահերձերի գլուխներն: Բերդիս մակերևոյթն թեքուած է դէպի արևելահարաւ, որի մէջ երևում են բնակարանների աւերակներն և կուտակ կուտակ քարեր և տեղ տեղ ջրաւազաններ, որն բերուած է արտաքուստ մօտակայ աղբիւրից: Աւերակ մատուռ. բերդիս հիւսիսային կողմում արտաքուստ, որի մէջ կայ չորս կտոր եղած խաչարձան:
Ե. ԲԵՐԴԱՔԱՐ. Գտնուում է Դեղձնուտի և Սամսոնի վանքերի մօտերքում, Խնձորկուտ անուանեալ ջրի աջ կողմում: Իւր շրջապատից առանձնացած և բարձրացած է Բերդաքարս, որի կատարի մեծութեան ծաւալն հազիւ լինի հինգ կալաչափ տեղի տարածութեան: Քարուկիր պատով պարսպուած է քարագլխի եզերքին: Ունի միայն մի դժուարատար, խիստ սառիվեր և միանգամայն վտանգաւոր կածան, որ առաջնորդում է տղեակն: Կայ յատուկ շինուած ջրաւազան, բայց ջուրն բերուած է ի պահանջել հարկին դղեկիս հարաւայի և հիւսիսային ստորոտներում եղած աղբիւրներից:
Զ. ԳԱՒԱՐԶԻՆ ԱՄՐՈՑ. Ոսկեպար կա Ջողազ վտակի ձախ կողմում արձանացած է մի բարձր. միապաղաղ, գորշագոյն, զարմանալի և միանգամայն ահարկու ժայռ, որի արևելեան ստորոտով շինած են հնուց պարիսպ, որի ներսի կողմում կան սենեակներ և խուցեր, որոնցից միոյն մէջ կայ ջրհոր և ջուր: Ժայռիս գագաթն բարձրանալու համար կայ միայն մի դժուարատար, սոսկալի, նեղ, չափազանց զառիվեր, և միանգամայն վտանգաւոր կածան հիւսիսալին կողմից: Գագաթն համարեա՛ թէ հարթակ է մօտ երկու կալաչափ, որի վերայ բուսած են թբլղի, հռմառկի թուփեր, և բռշնի, ջաղանի և վայրի դեղձի ծառեր: Ահա այս է Գաւարզինբերդ հռչակուածն, որի վերայ երկու տեղ շինուած է վիմափոր ջրաւազան, ջուրն բերուած է յիշեալ ջրհորիցն:
Ժայռիս արևմտեան կողմում, բաւական բարձր երևում է մի մեծ ծակ, որի ետև, ասում են կայ մի մեծագոյն քարայր, որի ճանապարհն անյայտացած է այժմ: Երբեմն երբեմն արծիւներն այրիցս հանում են գորգի և կարպետի փտած կտորներ և ձգում վար:
Գաւարզնի հարաւ-արևելեան կողմում, Ոսկեպար վտակի ափի վերայ Դամիրչիլար գիւղն, որի մօտ է մեծ հանգստարան և եկեղեցու աւերակն. բայց այժմ մահմետականաբնակ է գիւղս և այլ մի քանի գիւղեր, որի կանխաւ եղած են հայաբնակ և որք կան Դամերչիլարիս շրջակայքում:
Է. ԳԱԳԱՅ ԲԵՐԴ (66) Կոթի գիւղի արևելեան և Գաւարզնի հիւսիս-արևելեան կողմում արձանացած է Գագ անուն մի սար, որի հարաւային, արևելեան և հիւսիսային կողմերն դաշտալեզուներ են1): Գագ սարիս գագաթի եզերներով պարիսպ ձգուած է վաղուց և ձևացրած մի անմատչելի բերդ, զի առանձնացած է սարս: Բաւական ամուր է բերդս, ափսո՛ս,, որ ջուր չունի իւր մէջ, վասն որոյ փորուած են մի քանի վիմափոր աւազաններ, որք բազմիցս լի են լինում անձրևաջրով: Համարեա՛ թէ 20-ից աւելի վիմափոր այրեր կան յատկապէս պատրաստուած, որք ի հնումն գուցէ ծառայած են իբրև զօրանոց, յորոց մի քանիսն ունին երդիկներ:
Գագայ վանք––Սուրբ Սարգիս. Բերդիս մէջ, սարիս ամենաբարձր գագաթին վերայ, շատ վաղուց շինուած է սրբատաշ կաթնագոյն քարով մի փոքր վանք: Ժամանակի երկարութիւնն մաշած լինելով վանքիս շինութիւնը՝ վասն որոյ քանիցս նորոգուած է: Սակայն վերջին անգամ վերանորոգած է վանքս Կոթի գիւղացի պ. Արզուման Խաչատրեան Տէր-Սարգսեանցն միևնոյն գունով տաշուած քարով: Վանքիս ուխտագնացութեան ժամանակներնեն սուրբ Սարգսի և զատկի օրերն:
–––––––––––––––––––––
1) Գարգարացւոց մեծ դաշտի շարունակութիւնիցն երկու դաշտալեզուներն ևս, յորոց մեծն ընկած է Գագ լեռնաշղթայիս և Կուր գետի աջ ափերի մէջ և հետզհետէ նեղանալով վերջացած Կոտրած-Կամրջի մօտ. իսկ փոքրն ընկած է նոյն Գագ սարի արևմտաձիգ լեռնաշղթայի և Ոսկեպար վտակի մէջ և գամ քան զգամ սեղմուելով վերջանում Նոր-Պիպիս գիւղի մօտ:

Վանքիս մօտ՝ նոյնպէս շինուած սրվատած քարով՝ կայ մի մատուռ սուրբ Կիւրակէ անուն:
Ը. ԲԵՐԴԱՏԵՂ.Պարանայ և Կողբ գիւղերի միջև կայ այս անուն մի սար, որի կատարի վերայ նշմարուում է բերդի նշաններ: Վաշուց պարսպուած է եղել սարիս գլխի հարթակի շրջապատն, այժմ թէև աւերուած է պարիսպն, բայց ոչ հիմունքներն, որք դեռ մնում են հողի աակ: Փոքր է դշեկիս ծաւալն, այսու ամենայնիւ պարսպին ներսից փորած, գտած և հանած են մեծ մեծ կարասներ, որք պահուած են եղել այստեղ իբրև պաշար ջրի, քանզի ջուր չկայ այստեղ: Բացի կարասներիցս դղեկիս արևելեան կողմում կայ մի հոր, որ բաւական խոր է. կարծում ենք, որ այս ևս ջրի համար է:
Թ. Բերդագիւղի մօտ եղած Դղեակն, որ շինուած է գիւղիս արևելեան թաղի հիւսիսային ծայրում մի բլրի վերայ: Դղեակս ունի քառակուսի ձև, աշտարակներով պարիսպ և մի փոքր դուռն, որ այժմ ևս կանգուն է և անվնաս:
Ժ. ՂԵԱՍԻ ԲԵՐԴ, որ Ղըզ-ղալա ևս է կոչուում. Ղեաս աւերակ գիւղի արևմտեան եզրից բարձրացած է մի սար, որի երկարութիւնն ձգուած է արևելքից արևմուտք և բոլորովին առանձնացած: Ամրոցիս մուտքն արևմտեան կողմից է, որ բարձրանում է սարի գլուխն, ուր կայ մի խաչարձան: Սարիս գլխի վերայ կայ երկու սարաբլուր, որք բարձրացած են ուղտի մէջքից բարձրացած աւելամասերի նման, բայց փոս մնացած է երկու սարաբլուրների մէջ տեղն: Ահա երկու բարձրութեանցս վերայ հիմնուած են երկու ամրագին դղեակներ: Առանց աշտարակների են պարիսպներն, որ տեղ տեղ բոլորովին կանգուն են և տեղ տեղ կիսաւեր: Արևմտեան դղեակն մեծ է քան արևելեան: Երկոցունց մէջ ևս չկայ ջուր, որը բերած են Ղեաս աւերակին մօտի պատուական աղբիւրիցն և ամբարած կարասներում:
Արևելեան դղեկիս տակի արևելեան բարձր քերծի մէջ կայ մի մեծագոյն քարայր, որ ունի նեղ, բայց երկար և բարձրագոյն դիրք: Քարայրիս առաջքը պատած են ժամանակաւ և ձևացրած բերդակ. որի մուտքն բարձրանում է սանդղաձև աստիճաններով և մտնում քարայրս յատուկ շինուած դռնով: Քանի՜ ահարկու է այրիս արձագանքն, մանաւանդ խորքերում: Այստեղ ևս չկայ ջուր, բայց կան հացի տաշտերի նման աւազաններ: Այս ևս պատկանում է Ղեասին (Ղուկասին):
ԺԱ. Բերդն է Շինողն, որի մասին խօսած ենք:
ԺԱ. ԲՈՐՉԱԼՈՒ ԲԵՐԴ. Գտնում է Խրամ և Ձորագետ ջրերի միախառնուած տեղից վերև, Ձորագետի աջ կողմում մի բլրի վերայ։ Բերդիս հիմունքներն շինուած են քարուկիր, իսկ գետնից վերև թրծեալ աղիւսով և կրաշաղախ ցեխով։ Բերդս փոքր է, իւր ներսում ունի թաղակապ սենեակներ, բայց չունի ջուր։ Սակայն բերդիս մօտ կայ մի փոքր լճակ, որից արտահոսում են երկու ջրաղաց դարձնելու չափ (վնասակար Ղարասու) ջուր։ Երևի թէ ջրիցս գործ ածած են բերդումս, որ կիսաւեր է այժմ։
Հնարակետ ամրոց Կուր և Խրամ գետերի մէջ ընկած է մի շատ հին ամրոց, որի երկարութիւնն ձգուած է գրեթէ արևմուտքից արևելք։ Բերդավայրի մեծ մասի մակերևոյթն թեքուած է Կուր գետի կողմից դէպի Խրամն. իսկ ստորին մասինն՝ խոնարհուած է դէպի գետախառնուրդն։ Բերդավայրիս երկու ջրերի մէջ մտած մասն ստացած է սուրանկիւն ձև, միջի մասն՝ լայն ձև և վերի մասն նեղ ձև. քանզի Խրամն արմունկ տալով նեղացրաց է այս մասը։ Մակերևութի երկարութիւնն այժմ քառորդ մղոնաչափ է և լայնութիւնն՝ մի տասն և չորսերորդ մղոնաչափ։ Հարկ է յայտնել որ թէ՝ երկարութիւնից և թէ՝ լայնութիւնից շատ պակասեցրած են գետերն, մանաւանդ Խրամն, ինչպէս ակներև է։ Գետից գետ փորուած լայն և խոր խրամով բաժանուած է երեք մասի, Ստորին, միջին և վերին ամրոց։ Միջավայրի բարձրութեան վերայ կրացեխով և թրծեալ աղիւսով շինուած է մի ամրոց, որ ունի չորս աշտարակ իւր չորս անկիւներում և 120 մետր շրջապատ (արտաքուստ չափերով)։ Կործանուած է այժմ ամրոցս՝ բայց դեռ մնում են աշտարակների մնացորդներն և պարսպի հետքերն։ Ամրոցիս Կուրի գետահայեաց կողմերն յատուկ պատրաստուած անպիսի լանջեր են, որից անհնար է թշնամւոյն բարձրանալ. երևի թէ այսպէս պատրաստուած է եղել և Խրամահայեաց լանջերն, սակայն յորդած ժամանակ գետն երկար դարերի ընթացքում քանդած և տարած է։
Բոլոր բերդամասերի երեսներն լի է վաղեմի աղիւսների, յախճապակեայ անօթների, խեցեղէն կոպիտ և հաստ կարասների, սափորների և ամանների բեկորներով և շինութեանց հետքերով։ Թուի թէ ներկայ դարուս առաջին և երկրորդ քառորդում հերկած են ամրոցներիս մակերևոյթը, մանաւանդ վերնամասերն։
Երկու տեղ երևում են հանգստարաններ, մին ամրոցիս արևմտեան կողմում. փոշտի հին ճանապարհի տակին և միւսն՝ Խրամի ձախ ափերի վերայ։ Մեր կարծիքով երկու հանգստարաններս միացած են եղել, այս է Կոտրած կամրջի մօտից մինչև Կուրի հանդէպն ամփոփեալ են ննջեցեալներ, բայց տապանաքարերը տարած են և գործ դրած ուրիշ շինութեանց համար։ Ի նկատի ունենալով այդ բոլոր յատկութիւնները, կարծում ենք որ այս է Հնարակերտ ամրոցն (67)։
Կոտրած-կամուրջ. Շինուած է Խրամի վերայ Նոր-Կամրջից փոքր ինչ վար։ Տակաւին երևում են Խրամի աջ ու ձախ ափերի վերայ ոտքերի անքակ մնացեալ մասերն։
Նոր-Կամուրջ. Հիմնուած է Կոտրածից փոքր ինչ վերև, որ կառուցեալ է կրացեխով և թրծեալ աղիւսով և ունի չորս աչք, ամենամեծն է հիւսիսային աչքն։ Երկու եզերքների ոտքերի մէջ շինուած են երկու մեծ սենեակներ, իսկ մէջ տեղի մօտ, կամրջի երեսի արևելեան կողմից կայ մի մուտք, որ սանդղներով իջնում է մի այլ սենեակ, որ շինուած է մի ոտքի մէջ։ Երևի թէ պահապանի տեղեր են սենեակներս։ Կամրջիս երկարութիւնն է 160 մետր և լայնութիւնն՝ 7. որի երկու եզերքներով հաստատուած են երկաթեայ վանդակներ։ Կամրջիս շինութիւնն թերևս հին է. բայց նորոգութիւններ եղած են Ռուսաց երկրիս տիրելուց յետոյ։

Հարաւային կամ վերին գաւառներ

Ի. Բերձոր կամ Բերդաձոր գաւառ, որի բնակչաց ամենամեծ մասն այժմ մահմետականներ են Հետևեալ գիւղերն, որ կանխաւ հայաբնակ եղած են, այժմ մահմետականաբնակ են, որոց մէջ կան եկեղեցիներ և հանգստարաններ։ Սկսեալ Երասխի ձախ ափից մինչև Ղալաղշլաղ գիւղն.
1) Դիրի՝ Երասխի ձախ ափում կամրջի մօտ Դիրի սարի տակ.
2) Թոմաս գիւղում                եկեղեցին         աւերակ.
3) Բայաթ այժմ Բաշարաթ ,, ,,
4) Հին-փոքր թաղլարում ,, ,,
5) Հորնաւոտում ,, ,,
6) Հատք գիւղում ,,      կիսաւեր
7) Դաշտահատ գիւղում ,,        աւերակ.
8) Չէք ,, ,, ,,
9) Փարաջան ,, ,, ,,
10) Հին-Մեծ թաղլարում1) ,, ,,
11) Եաւրին-խութ (մերձ կոզառ) ,,
12) Երկաթաւոր (Դամիրլու) ,,
13) Սափիան գիւղում ,,
14) Թումասլու ,,      կիսաւեր.
15) Ամուտուկա ,, ,,
16) Խոջիկ ,, ,,
17) Պատար ,, ,,
18) Սարգիս ,, ,,
19) Ջղջիկ այժմ Ջաղջիկ.
20) Սպիտակ շէն.
21) Ջամին-գիւմ (գոմ).
22) Գառնակաշ.
23) Ծակարի.
Հայաբնակ են այժմ միայն հետևեալ գիւղերն.
Ա. ԴՈԼԱՆԼԱՐ. Շինուած է Հին-Մեծ-թաղլարրի հարաւային կողմում մի սարի վերայ. բնակիչք գաղթած են Ղարադաղից. հողն արքունի, լեռնային և նուազ հացատու. տեղական բերքերն ցորեն, գարի, գարնանի, հաճար, սորեկ, ոչխար, տաւար, այծ, խոզ, գոմէշ. կերազանց օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100 տարի. եկեղեցին սուրբ Աստուածածին. ծածքն փայտաշէն քահանայ մի։
Ծուխ 29, ար. 123, իգ. 117.
–––––––––––––––––––––
1) Նոր-Թաղլարեցիք նախ Պարսկաստանից գաղթած են այստեղ և մի ժամանակից յետոյ տեղափոխուած են Նոր-Թաղլար աւանն:

Բ. ԽԱՆՁԱՁՈՐ գիւղ. Հիմնուած է Ծամձոր գիւղին արևմտեան կողմում. բնակիչք գաղթած են Ղարադաղից, հողն բէկական. տեղական բերքերն միևնոյն. գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Յովհաննէս։
Ծուխ 57, ար. 287, իգ. 222.
Գ. ՅԱՐԱՐ ԳԻՒՂ. Շինուած է Խցաբերդի արևմտեան կողմում բնակիչք գաղթած են Ղարադաղից, հողն բեկական, տեղական բերքերն միևնոյն, գերազանց օդն, կլիման և ջուրն երկար կեանք 100 տ. եկեղեցի չունին, քահանայ մի։
Ծուխ 134, ար. 532, իգ. 482.
Դ. ԽՑԱԲԵՐԴ ԳԻՒՂ. Շինուած է Դիզափայտի արևմտահայեաց լանջին վերայ. բնանկիչք գաղթած են Ղարադաղցից. հողն արքունի, լեռնային (6000 ոտքից աւելի բարձր է) գերազանց օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100 տ. եկեղեցին սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի. Ծուխ 50, ար. 166, իգ. 158։
Ե. ՂԱԼԱ-ՂՇԼԱՂ. Հիմնուած է (Սաղսաղան 7083 ոտք) բարձր սարի հարաւային լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն արքունի, տեղական բերքերն նոյն. գերազանց օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 110 տ. եկեղեցին սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն. քահանայ երկու։
Ծուխ 337, ար. 1436, իգ. 1175.

ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ

Ա. ԱՄՏՈՒ ՏԵՂ ԱՄՐՈՑ. Շինուած է Հակարի գետի ձախ կողմում համանուն սարի վերայ (որի բարձր. 4131 ոտք)։ Քարուկիր պատով պարսպուած է վաղ ժամանակից սարիս գլուխն, որ ունի բաւական մեծութիւն, ամուր դիրք, պատուական տեսարան, և բարեխառն կլիմայ։ Ամրոցիս մակերևոյթն լի է շինութեանց բեկորներով, որոց մէջ տակաւին կանգուն է մի քարուկիր մատուռ, որ ուխտատեղի է և որի շուրջն ամփոփուած է հնուց ննջեցեալներ։ Մատրանս հիւսիսային կողմում կայ երկու այլ գերեզման, իսկ արևմտեան կողմում կայ մի վիմափոր աւազան, որ միշտ լի է ջրով. գալիս են կաշուի հիւանդութիւն ունեցողներ (ինչպէս է բորոտութիւն ևն.) լողանում ջրումս և աղօթում մատրանս մէջ և վերադառնում առողջացած։
Բ. ԹՈՄԱՍ ԲԵՐԴ. Հիմնուած է համանուն սարի վերայ ( որի բարձր. 5230 ոտք) որ կայ Ամու տեղի հարաւ արևելեան կողմում։ Թոմաս սարս առանձնացած է իւր ամեն կողմերից և բարձրացած ձուաձև, որի վերայ է ամրոցն։ Այս ևս ունի քարուկիր պարիսպ, նշանաւոր ամրութիւն, սքանչելի տեսարան և մի աւերակ փոքր եկեղեցի։
Գ. ՂԱԼԱԼՈՒ ԲԵՐԴ. որի սարն արձանացած է Բաշարաթ սարի արևմտեան հանդէպ և Բազմին (Բեզմին) սարի հարաւային հանդէպ։ Առանձնացած է իւր շրջապատից և բերդասարս, որ ունի մօտ 3600 ոտք բարձրութիւն և որի շուրջն ահագին քերծեր են։ Հնուց պարսպուած են մուտքի կողմերն և հարկ եղած տեղերն։ Ամրոցիս մէջ ևս կան հին շինութեանց շատ բեկորներ և աւերակ մատուռ։
Դ. ԽՑԱԲԵՐԴ. որի մէջ արդէն բնակում են հայեր, ուր կայ և եկեղեցի, ինչպէս գիտենք։ Ամրոցս, որի բարձրութիւնն պակաս չէ 6000-ից, ունի ամուր պարիսպ, բերդակալ սար. ազնիւ ջուր, զմայլելի տեսարան և ամեն ընտիր յատկութիւն։ Հարկ է յայտնել որ հետզհետէ քայքայուում են բոլոր բերգերիս պարիսպներն։
ԻԱ. և ԻԲ. Գաւառներն են Հարճլանք և Վակունիք։ Առհասարակ լեռնուտ են երկու գաւառներս ևս, որոց մէջ են Արտաշաւի սարն 4456 ոտք, Տղիկ կամ Տղայ՝ 5180, Լաչին՝ 6328, Սարի պապ (սարի պապա) 7574, Կարմիր քար (Ղզըլ-դաշ) 6552, Բաբադէմ՝ 6006, Փինկան՝ 7903, Յուշարձան (Վանքասար) 1861, Տէրտէրի սար (Քէշիշ-դաղի) 7560, Ներքին-Բևեռաթափ (Մխթեօքան) 6944, Աղջկայ բերդ (Ղըզ-ղալա) 9324, Դիւրին (Դիւրու դաղ) 6914, Սպիտակ քերծ (Ալա կայա) 7672, Չիլ-կեազ (Չիլկեազ) 7777, Սահմանասար՝ 8687, Վանքա սար (Քիլիսա-դաղի) 7553, Երկաթաղբիւր (Դամիւր-բուլաղ) 7639, Կովսար (Ինաք-դաղի) 8583, Հին-գայլ (Ղոջա-ղուրդ) 7675, Սարի աղբիւր (Սարի բուլաղ) 9898, Պել-սար (Դալի-դաղ) 11907, Վերին-Բևեռաթափ (Մխթեօքան) 11851, Աղխասար (Ախիա-դաղ) 8364։ Սքանչելի ամարանոցներ են լեռներս։
Երկու գաւառներումս կան մօտ վաթսուն գիւղ, որ կանխաւ եղած է հայաբնակ, բայց այժմ մահմետականաբնակ են, որոց մէջ սակայն անպակաս են հայկական հնութեանց հետքեր––կա՛մ կիսակործան, կա՛մ հիմնայատակ կործանուած և կա՛մ կանգուն տաճարներ, եկեղեցիներ, մատուռներ և հանգստարաններ։ Ահա՛ այն գիւղերից մի քանիսն։
Զերդի (Զարդ) Տիկ, Բաբադէմ, Նիլջան, Ենկիջա, Ղարաչամ, Արտաշաւի, Վաղազին, Հաճի, Հոչազ, Հաճի Սամլու, Խալիփալլու (Առաջնորդապատկան), Սուաթ, Մարջանլու, (Մունջուխլու), Հաթամլար, Հաճիլար, (Հարճլանք), Չուրման, Շամքեանդի, Կարաբայնի (Կարաբաց), Կարաչանի, Լիլօ-Բաղր (Լիլաբակ), Ալակչի (Մաղագործ), Թուրքիշվան (Թրքաշվանթուր քաշող և հալածող գիւղ), Շուքարան, Աղան, Ասրիկ (Իսրայէլի գիւղ), Աղջաքանդ (Ըղջկաքանդ––Աղջկայ քանդած), Ալուխան, Սևանդ (Սև հանդ), ևն.։
Միայն մի հայաբնակ գիւղ մնացած է այժմ Հարճլանք գաւառում, որ է։
Ալղուլի, Հիմնուած է Արտաշի սարի հարաւային կողմում. բնակիչք բնիկ, հողն արքունի, օդն, կլիման և ջուրն պատուական, կրկար կեանք 95––105 տ. եկեղեցին սուրբ Աստուածածին. քահանայ մի։
Ծուխ 74, ար. 372, իգ. 286.
Մի բերդ կայ միայն երկու գաւառներումս Աղջկայ––բերդ (Ղըզ-ղալա) անուն, որ գտնուում է Ղըրխ-ղըզ (40 օրիորդ) սարի հիւսիսային կողմում և ունի 9324 ոտք բարձրութիւն։ Հարկ է յայտնել թէ այնքան ամուր տեղեր կան գաւառներումս, մինչև անգամ կարօտութիւն չկայ բերդերի։
ԻԳ. Սիսական––Ոստան, Սիսական, Ծար, Վերին-Խաչին, այժմ Զառ կամ Զար գաւառ։
Գաւառս ևս, որ կանխաւ եղած է հայաբնակ, այժմ թրքաբնակ է ամբողջապէս, այսուամենայնիւ կան կանգում, կիսաւեր կամ հիմնայատակ կործանեալ եկեղեցիներ, վանքեր և հանգստարաններ հետևեալ գիւղերում։
Լև (Լևոնի գիւղ) Ջամիլ, Եղջերուագոմ (Մարալ դամի), Դամիրչիլար (Դարբնոց), Աղալար, Քիլիսաքեանդ (եկեղեցաձոր), Ղամիշլու (Եղեգնուտ), Չիլքին, Ալլահվերտի (Աստուածատրի գիւղ), Շահքեանդ (Շահնշէի գիւղ), Լև ղալա, Չափնի, Քիլիսալու, Ալխասլու, Չայքեանդ (Գետաշէն) Քալուաջար, Բաշքեանդ (Գլխաւոր գիւղ), Միլլի, Ջոմարդ, Շահդամ, Հաճի-Բաբա, Շռոթկան, Խաչպարալի (Խաչ-պարան), Ուլուխան, Փիրխանայի (Սրբադուն) Թարխանլու, Խայիւտցոկ (Հայոց ձոր), Զակլիկ. Չախմախ, Զբիլ, Ղարախաչ, Չիրախ, Մամատ-Սափի, Իստի սու (Ջերմուկ), Բաղասաղ, ևն.։
Գաւառիս իշխանանիստ գիւղաքաղաքն եղած է Ծարն, որ կայ մի լեռնահովտում։ Գիւղաքաղաքիս չորս կողմերն ի բացուստ շրջապատած են, բարձրագոյն, ձիւնապատ, կարակնաձև և շղթայաշար լեռներ սկսեալ արևելքից մինչև հիւսիս, որք են. սարի աղբիւր (սարի-բուլաղ)  9900 ոտք, Տաք ջրին սար՝ 7240, Սև խաչ 9000, Քիթ (Քեթի) 11284. Կութ, սար՝ 9000 ոտք. Վիմահերձ և բարձր քերծեր են գիւղաքաղաքիս հիւսիսային, արևելեան և հարաւային կող մերն, որոց միջից հոսում են սրընթաց Թարթառ գետի վտակներն և միանում գիւղաքաղաքիս ստորոտում. իսկ արևմտեան կողմով՝ վիմահերձից վիմահերձ ձգուած է պարիսպ. այնպէս որ միանգամայն նշանաւոր ամրոց դարձած է Ծարս։ Գիւղաքաղաքիս մակերևոյթն հարթ է (ստորին կողմն փոքր ինչ թեքուած է դէպի արևելք) և ունի մեծ տարածութիւն, որ լի է աւերակ շինութեանց կոյտ կոյտ բեկորներով, մատուռներով և խաչարձաններով։
Ա. ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ մատուռ, քարուկիր, կանգուն և շինուած Ծարիս հարաւային եզրում, որ ունի 7 մետր 15 սանթիմ երկարութիւն, 4 մետր 75 սանթիմ լայնութիւն։

Արտաքուստ դրան գլխին խաչքարի վերայ.

«Սուրբ Սարգիս»։ Ապա «Քրիստոս որդի Դաւթի աւդնէ վանս Հասանայ անարժան ծառայիս յաւուրն ատենի ամէն թվ. ՉԻԳ.»։ Մատրանս դրան հարաւային կողմում արտաքուստ կայ երկու նշանաւոր և գեղեցկաքնդակ խաչարձան՝ զետեղուած աստիճանաւոր պատուանդանների վերայ։ Հիւսիսային խաչարձանի վերայ, (որի երկար. 2 մ. 60 ս. լայն. 1 մ. 10 ս.) «Թվիս Հայոց ՉԼԸ. Աստուծով ես Գրիգոր որդի Հասանայ քաջ և յաղթող զաւրավարին և մեծի իշխանին Ականոյ, Հանդաբերդոյ, Սոթից, Շողգահո և այլ բազում գաւառաց, կանգնեցի զխաչս ի գեղս որ կոչի Ծար սիրեցելոյն հաւրն իմոյ հայրենիք և պարգև քաջութեան»։
Հարաւային խաչարձանի ճակատի վերի կողմում քանդակուած է սուրբ Աստուածածնայ պատկերն, որ գրկած է մանկացեալ Յիսուս Քրիստոսը։ Տէրունական պատկերիս շուրջն պատած են քառակերպեան կենդանիք, սուրբ Հոգին, արեգակն և մի թռչուն։ Խաչարձանիս ստորոտում. «Սուրբ Աստուածածին Քրիստոս Աստուած... ես Մամքան դուստր Քրդին ու Խորիշահի, ամուսին Հասանայ կանգնեցի զխաչս»։ Կան ուրիշ շատ տապանաքարեր և պատուական մահարձաններ, բայց անիրաւ քրդերն որը կոտրած են և որի գրերը ջնջած։ Մամքան տիկնոջ կանգնած արձանի համանմանն ամենայն մասամբ կայ փոքր ինչ հեռի դէպի արևմուտ (5 քայլաչափ), որի վերայ փորագրուած է։

Комментариев нет:

Отправить комментарий