Մակար Բարխուդարյան. ԱՐՑԱԽ.3


ԴԱԴԻ ՎԱՆՔ 1)

Վանքս գտնուում է Թարթառ գետի ձախ կողմում Խաթրայ վանքի ուղղութիւնից բաւական վերև, և ունի վաղեմի շրջապարիսպ։ Առաջին անգամ վանքս հիմնարկուած է, ինչպէս վկայում է աւանդութիւնն, Թադէոս առաքեալի Դադի անուն աշակերտի անուամբ։ Բայց անյայտ է այս շինութեան թուականն, զի հետզհետէ նորոգուած է հնութիւնս այլ և այլ ժամանակներում. վասն որոյ և գլխովին անյայտացած է հնութիւնն, միայն մնացած են նորոգութիւններն։ Ահա այս վանքիս վանահայրն էր Վախտանգ թագաւորազնի որդի Գրիգոր եպիսկոպոսն, որի մօտ գալով կրօնաւորեցան իւր եղբայր Հասան և իւր եղբայրկին Մամայ.
«Կամաւն Աստուծոյ ես Հասան որդի Վախտանգայ, տէր Հաթերքու և Հանդաբերդու, Խաչենաբերդու և Հաւքախաղացին կացի յաւագութեանս ամս. Խ. շատ պատերազմաւ յաղթեցի թշնամեաց իմոց աւգնութեամբն Աստուծոյ և եղեն ինձ Զ. (վեց) որդի, զբերդերս և գաւառս ետու նոցա և ես եկի ՛ի վանս մօտ իմ եղբայր պարոն տէր Գրիգորէս և եղէ կրաւնաւոր և բերի զխաչքարս ի յԱղուայ, շատ աշխատութեամբ և բազում հնարիւք կանգնեցի սուրբ նշան հոգւոյ իմոյ։ Արդ՝ վասն ձեր հոգւոցդ, որք ընթեռնուք՝ զիս յաղաւթս յիշեցէք ՈԼԱ. թուիս»։
–––––––––––––––––––––
1) Կոչուում է Խութայ կամ Գոթալ վանք, քանզի շինուած է մի խութի վերայ։ Խոթ գիւղն ունեցած է մօտ 300 տուն բնակիչ, որք նախ գաղթում են Երևանի կողմերն և հիմնում Ենիջա գիւղը և յետոյ տեղափոխուում են Շուլաւերի կողմերն։

«Ես Մամա թագուհի ամուսին Հասնայ՝ դուստր Կուրիկայ թագաւորին, կացաք յաւագութեան ամս Խ. ես և այր իմ, և թողեալ զհայրենիքս որդւոց մերոց եկաք ՛ի վանքս մօտ տէր Գրիգորիս և որդի մեր հոմանուն նորին և զգեցաք զձև միանձանց և կանգնեցի զխաչս յիշատակ հոգւոյ իմոյ, որք երկիրպագէք, յաղաւթս յիշեցէք ՈԼԱ. թուիս (1182)»։
Ապա 1214 (ՈԿԳ.) թուին թագաւորազն Վախտանգի բարեպաշտ տիկինն չորս սիւների վերայ կառուցանել է տալիս սրբատաշ քարով առաջնոյն––նոյն վանքի կից հրաշալի շինութիւնը որի հարաւային որմի վերայ արտաքուստ գըրուած է.
«Շնորհիւ ամենակարողին Աստուծոյ և Միածին որդոյ Յիսուսի Քրիստոսի և պարգևօք ամենասուրբ Հոգւոյն ես Արզու խաթուն նուաստ աղախին Քրիստոսի՝ դուստր մեծի իշխանաց իշխանի Քրդին և ամուսին Վախթանկայ թագաւորազնոյ տեառն Հաթերքոյ և ամենայն Վերին-Խաչենոյ, յուսով մեծաւ շինեցի զսուրբ կաթուղիկէս ի տեղւոջ հանգստարանի առն իմոյ և զաւակաց իմոց Հասանայ անդրանկին իմոյ և Գրիգորի՝ որ ի Տէր կէսաւրեայ վաղճանելոյ. զի վասն մեղաց իմոց խրատեաց զիս Աստուած և եբարձ ի գլխոյ իմոյ զերկոսեան պսակսն վայելուչս, զի անդրանիկն իմ Հասան սպանաւ ի թուրքաց պատերազմին վասն քրիստոնէական հաւատոյս և զկնի երից ամաց զկրտսեր որդին իմ զԳրիգորն ի Տէր կոչեցեալ զպարտ բնութեանս հատուցանելով վճարեաց ՛ի կենցաղոյս և փոխեցաւ առ Քրիստոս՝ առ ՛ի անմխիթար թողլոյ թշուառացելոյ մաւրս իւրեանց։ Այլ զի ի կենդանութեան իւրեանց յոյս ՛ի մտի եդեալ նոցա շինել եկեղեցի յայսմ տեղւոջ և ո՛չ ժամանեցին վասն արագահաս լինելոյ ՛ի վերայ նոցա մահուն. և ինձ աւանդեցին անդարձիւ կատարել զփափագ սրտից նոցա. և իմ յանձն առեալ մեծ յուսով և շատ աշխատութեամբ շինեցի զքաւարանս ի փրկութիւն հոգւոց նոցա և իմ դստերաց և ամենայն զարմից։ Արդ աղերսիւ հայցեմ, որք երկրպագէք սրբոյ խորանիս, յիշել յաղաւթս ձեր զվերոյգրեալս ՛ի սմա։ Կատարեցաւ ի թուականութեանս Հայոց ՈԿԳ. ՛ի փառս Աստուծոյ»։
Տաճարիս խորանումն սեղանի ետեւ.
«Աւգնականութեամբն Աստուծոյ ես Մամա ամուսին արիականին Հասանայ և որդիս մեր Գրիգոր տեարք գոլով տեղոյս հայրենեաւք որ և մեր պարոնէքն հաստատեալ էին և մեք տուաք ի սուրբ ուխտս զԾովատեղն, զՃաճոռանց, զՉաւլբէկանց։ Ես Գրիգոր տվի զԾադունանց հողերն զմեր բաժինն իւր չորեցովն 1) որդին իմ Տէր Սարգիսն և միաբանք սահմանեցին սուրբ Ստեփաննոսի տաւնի ժամն, որ լինի իմ մաւրն և ամուսնոյ իմոյ Ասփային, թէ ոք զժամն խափանէ կամ զընծայն յետ ունէ, դատի յԱստուծոյ. Մոխրաբակս մեր բաժին ևս տվաք ՛ի սուրբ ուխտս թվ. ՉԿԱ.»։
–––––––––––––––––––––
1) Արցախում արօրով հերկած ժամանակ լծում են երկու գոմէշ և երկու եզնը, որ կոչուում է չորեց, չորուց, չորկով։ ծագած չորս բառից։ Այժմ ևս գործածական են բառերս։ Այստեղ նշանակում է «հողերն» չորս անասուններով միասին։

Աւագ խորանի ճակատին.
«Շնորհիւն Աստուծոյ ես Աշոտ որդի Ամիր Հասանայ….. ած իշխանէն Պռաւշա և մայրն իմ Աճիբնի միաբանեցաք սուրբ ուխտիս և տվաք… հողն ի Խաչենագետի զլ… սուրբ կաթուղիկէս տէր Աթանաս… տվին ինձ պատարագ զամեն եկեղեցիս…. թվ. ՉԻ.»։
«Կամաւն Աստուծոյ ես Սմպատ իշխան որդի մեծի Լիպարտի միաբանեցայ սուրբ ուխտիս Դատու վանաց առաջնորդութեամբ տէր Աթանասի և գնեցի զԽռանտաշանց այգին և յԵղեգիս իմ գնած Ձիթահանքն և այլ արդիւնք ըստ կարի և զկանանչաւոր գեղն և այլ որ հաստատեցի ամեն խարճովն անչար և ետու ՛ի սուրբ Կաթուղիկէս։ Տէր Աթանաս և այլ միաբանքս սահմանեցին մեզ զատկի կիրակի յարութեան աւրն զամեն եկեղեցիքս մեզ ժամ։ Արդ ով խլէ զմեր տուածն կամ զժամն խափանէ, ՅԺԸ. հայրապետացն նզոված եղիցի, թուին ՉԺԴ.»։
Որովհետև տաճարս և գաւիթն շինել տուած էր բարեպաշտուհի Արզու խաթունն իբր հանգստարան Վախթանկեան ցեղին, վասն որոյ ամփոփուած են գաւթումս.
Վախթանկ թագաւորազնի, իւր կնոջ
Արզու խաթունի և սոցա որդւոց
Հասնայ անդրակի և կտրսերոյն
Գրիգորի , որ վաղաթառամ վախճանեցաւ.
Մամքանայ 1), որ քոյր էր Արզու խաթունիս, կին միւս
քաջ Հասանին և մայր Գրիգոր իշխանին.
Զաքարիա կաթուղիկոսին.
Աթանաս ,,
Յովհաննէս 2) ,,
Սարգիս 3) եպիսկոպոսին.
Գրիգոր Կաթուղիկոսին մարմիններն։

ԴՈՓԻ ՈՐԴԻՔՆ ԵՒ ԹՈՌՆԵՐՆ 4).

Դոփ բարեպաշտուհի դուստր Սարգսի իշխանաց իշխանին. սա (Դոփ) ունէր ամուսին իւր զբարեպաշտ իշխանն զղարա Գրիգորն և որդի սոցա քաջ և յաղթող զաւրավարն և մեծ իշխանն Հասան տէր Ականոյ, Հանդաբերդոյ, Սոթից, Շաղվաքու և այլ բազում գաւառաց, որ և քան զամենայն առաւել սիրէր զգեաւղն Ծար, հայրենիք և պարգևք քաջութեան, որ են գինք արեան տուեալ յաշխարհակալացն Հայոց։
–––––––––––––––––––––
1) «Այս է հանգիստ Մամքանայ ամուսնոյ Հասանայ դստեր Քրտին և Խորիշահի մայր Գրիգորոյ, աղաչեմ, յիշէք ՛ի բարի թվ. ՉԽԷ.»։ Տես և արձան. Ծարայ։
2) «.. ի հայր … և ՛ի երանեալն Հաղբատայ և Դատէի և Խաթրայի աթոռակալն զտէր Յովհաննէս, եղբայր քաջ զամրականին Հասանա, և արքայաշնորհ իշխանին հաւրն զինուորին Գրիգորոյ, աղաչեմ, յիշէք ՛ի բարին թվ. ՉՁԴ.»։ Միևնոյն ցեղից է։
3) «Զտէր Սարգիս… յիշեցէք ի բարի թվ. ՉՁԲ.»։
4) հատուածս ընդօրինակեցինք իշխանական շղթայի շարունակութիւնը պարզելու համար։

Սա ունէր զկին Մամքան դուստր Քրտին, և որդի սոցա զբարի Գրիգորն և ամուսինն իւր Ասփայ դուստր Կոմսի Տարսայիճին իշխողի կողմանն Սիւնեաց. և սա բազում ընչիւք և ծախիւք փարթամացոյց զսուրբ ուխտն Դատի վանս և զԽաթրի վանս, զի շինեաց զտաճարսն, որ է Դարպասներն և այլ բազում արդիւնս արար, և միւս որդին տէր Յովհաննէսն՝ որ շինեաց զսուրբ ուխտն գէտամէջ, և որդի Գրիգորի Վահրամն, որդի սորա Սարգիսն, որ զբազում արդիւնս արարեալ՝ և մի ի բազմացն այս է զգեղեցիկ զանգականին ի Դատի վանս, ի Խաթրի վանս, ի Գետամէջ, ի գեաւղաքաղաքն Ծար, և է մինչև ցայսօր։ Որդի սորա (Սարգսի) Հասան և այս Հասանէս բաժանին Դոփայ ցեղն որք են այսոքիկ.
Շահանշէն Ուլուբէկանց պապ.
Աղբուղէն Այտինցւոց պապ.
Ջհանշէն Ջհանշեցւոց պապ։ Եւ որդի Հասանայ Աղբուղէն և որդի սորա Տուրսունն, և որդի սորա Այտինն և ի ժամանակի սորա ՛ի զաւրանալ Իսմայէլացւոցն և ի նուազիլ տանս Հայոց, ցիր և ցան լինելն իշխանացն Հայոց, յարեան այլազգիքն և զմուլքն մեծ իշխանին Հասանայ պէթալմալ արարին. գնաց պարոն Այտինն ՛ի դիւան և երեք ամ աշխատեաց, և բազում ինչ տուեալ՝ ազատեաց և ձեռաց այլազգեացն զվանորայքս և զշինարէքն, զոր Տէրն ամենայնի տացէ զվարձս վաստակոց իւրոց»։
Վանքիս հարաւային որմի վերայ
«Եւ ՛ի նորոգութիւն սուրբ ուխտիս գեաւղս և ագարակս իւրեանց սահմանաւքն զԱպահէն, զԵզնարածանց, զԲչանց, զԿանաչաւորն, որ ՛ի Վայոց ձոր, Բ. տունս յԱրփա հաստատեցաք կամակցութեամբ եղբարցս զաւագ խորանի պատարագն յանուն վերագրելոցս կատարի անխափան։ Եթէ ոք այսմ վճռի հաստատնոյ խափանումն առնէ յիշխանաց կամ յարաջնորդաց տեղւոյս կամ ով ոք իցէ, խափանեսցի յոյս նորա՝ որ առ Քրիստոս և դատեսցի յԱստուծոյ»։

Զանգակատուն 1)
Ինչպէս տեսաւ ընթերցողս, զանգակատունս շինուած է Դոփեանց Վահրամ իշխանի որդի Սարգիս եպիսկոպոսի ձեռնով այն խիստ հնաձև, նեղ և երկար վանքի վերայ, որ հիմնարկուած էր յանուն Դատի առաքեալին և յետոյ նորոգուած քանիցս։
–––––––––––––––––––––
1) Զանգակատանս մօտ, արևելեան կողմում կան երկու մատուռ, որոց մէջ կայ մի մի քարեայ, սխրագործ և հիանալի քանդուած խաչեր. մէկի վերայ. «Զաւրութեամբ Աստուծոյ ես տէր Աթանաս որդի Հասանայ կանգնեցի զսուրբ Նշանս ի յիշատակ հոգւոյ իմոյ». Իսկ միւսին վերայ «զՏէր Գրիգոր սնուցանող Աթանասայ յիշեցէք ի Քրիստոս»։

«Կամաւ ամենակալին Աստուծոյ և տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի այս մեր գիր է իշխանական հրամանի։ Ես Տուրսունս, Սէյտիս, Պռաւշս, Գրիգորս, Հասանս և եղբարքս և որդիքս մեր զայս հաստատ Սիկիլս տուաք տէր Աւագ եպիսկոպոսին և իւր եղբայր Մանուէլ աբեղային, որ մեր հայրենի աթոռն զԴատի վանս, զԽաթրի վանս, զԳետամէջն, որ մեր գերեզմանատուն է ՛ի մեր պապանցն մեզ մնացած, վասն սոցա լաւ միամտութեան համար, զի ՛ի վանօրայքս մարդ չ՛կար, որ յառաջն կար և շէն պահէր և եկեղեցիքս լուսաւորէր. յայս պատճառէս երես դրաք և զայս սուրբ աթոռնին ՛ի նոքա ապըսպարեցաք, և զերկու իշխանութիւնն էլ հէնց ի (նոսա) յանձնեցաք, որպէս առաջին մեծ կաթուղիկոսն մեծ տէր Զաքարիային, տէր Աթանասին և տէր Սարգսին էր տուեալ զԴատի վանս, զԽաթրի վանս, զՀաղբատ իւր վիճակաւն, նոյնպէս և այս տէր Գրիգոր կաթուղիկոսն զայս երեք աթոռս հաստատեաց վիճակաւ և շրջաբերական թղթիւ»։
«Կամաւ ամենակալին Աստուծոյ ես Սէյիտս, որդի պարոն Շանշին, թոռն պարոն Հասանայ, ես Գրիգորս, Հասանս, Պէկիս, Ալթունս որդիք պարոն Վահրամայ, թոռունք պարոն Հասանայ, ես Այտինս որդի պարոն Տուրսունին, թոռն պարոն Աղբուղին. ես Շահանշէս որդի Հասանայ, թոռն պարոն Ճհանշին. մեք չորս եղբարք տուաք մեր վանորէիցս զԱպահէն, զԽութ, զԽոզենակս իւր չորս սահմանովն, ի Չափարին հանդէն Ձագունանց ագարակ տեղովն, Բռնչի աղբիւրովն, Թաղանանց գետովն. Պետրոսաբակ, որ մեր պապերն տուեալ են զՍոխանանց, զԾովատեղն, Ջաջոռանց, Չաւլբէկանց, զՑրտնոտն, զՇիռմանանց, զԳրիգորաթաղս, զԴատի վանս 1) իւր քաւլատակերովն (մացառուտներով) զՀերանանց Հակառակաբերդովն, Նաւի աղբիւրովն, Բերդաքարովն, Կռապաշտուցովն, Ողնովն, Խուզենակուց մեծ այգին, Մանանածովն, Ծաղիկանց, Եզնարածանց տուաք Աւագ եպիսկոպոսին, որ մեր ճոճաւոր էր, քանի որ իւր պէտքն է՝ վարէ 2) Աստուծով ազատ է։ Իսկ եթէ այլ մարդ վարէ, տասանորդն առնու և տայ վանքին անպատճառ։ Այս եղև մեր ուխտ առաջի Աստուծոյ և սուրբ Դատի առաքելոյս։ Արդ՛ ով ոք զկնի այս վախմիաթներս այլայլէ կամ խլէ թէ՛ յորդոց և թոռանց մերոց և յազգայնոց իցէ, առաջի Աստուծոյ պարտական և սևերես լինի. ՅԺԸ. հայրապետաց նզոված է……..»։
Վասակ նահատակի որդի Գրիգոր եպիսկոպոսն շինած է մի ուրիշ գաւիթ անտաշ քարերով։
Հասանի որդի Գրիգոր եպիսկոպոսն 3) շինած է մի եկեղեցի չորս սիւների վերայ, որ շատ հեռի չէ վանքերիցս, որ գտնուում է խղճալի անմաքուր դրութեան մէջ։ Վանքիս վանահայրն է այժմ տաթևացի ոմն քահանայ, որ մեր եկած ժամանակ նա գնացած էր իւր հայրենիք։ Ափսո՜ս, ափսո՜ս, հազար ափսո՜ս, քայքայուում և աւերուում են պատուական վանքերս, խլուեցան, ինչպէս տեսանք զանազան ժամանակներում, զանազան իշխաններից վանքերիս նուիրուած ահագին կալուածներն, անտառներն և հողերն։
–––––––––––––––––––––
1) Խոթայ վանքի գիւղն։
2) Նշանակում է՝ հերկել։
3) Այլ Գրիգոր եպիսկոպոս ոմն ԺԶ. դարում ասում է. «Յանուն Աստուծոյ ես տէր Գրիգորէս տղայութեամբ եկի ի դուռն եկեղեցոյս շատ աշխատանք արարի. իշխանութիւն Շահ Թահմազին էր զվանքս տուին տըհուլ, ես ղաբուլ չարարի, գնացի Նոր շէնն, շինեցի երեք Ջաղաց, երեք բաղճայ և եկի ՛ի դուռն սուրբ Առաքելոյն, շինեցի զԽութ (Խոթայ վանք), որ եկեղեցոյս մալն քաշէ. զբաղուբաղճէս և զջրաղացներս և այլ ամենայն աշխատանս եկեղեցւոյս վախմ տուի։ Արդ՝ ով որ այս գեղարանքերս և զիմ վախմերս հանել ջանայ ՛ի սուրբ Առաքելոյս (Դատի վանուցս) ՅԺԸ. հայրապետացն նզոված է …….. թուին ՌԷ. (1558)»։

Վիմափոր քարայր.
Դատի կամ Խոթայ վանքից վար Թարթառի ձախ կողմում կայ մի վիմափոր քարայր, որի մուտքն գետնի երեսիցն է։ Լուսահոգի Բաղդասար մետրապօլտի կենդանութեան ժամանակ Քեօլանի մահմետական ոմն որսորդ կրակում է մի քօշ, որ անյայտանում է թաւագլոր։ Հասնում է ետևից որսորդն և տեսնում որ քօշն ընկած միջոցին ջարդուած են այրի բերանի փտած փայտերն, այրի մէջ ընկած է որսն, ուր և դարսուած են շատ գրքեր։ Որսորդն վեր է առնում գրքերից մին, աճապարում Շուշի, յայտնում Բաղդասար մետրապօլտին, որ պարգևատրում է որսորդը և Շուշի փոխադրել տալիս ձեռագրերը։ Գրչագիրներումս եղած է մի ձեռագիր ընտիր մաշտոց՝ գրուած սուրբ Մեսրոպի աշակերտ Ստեփաննոս վարդապետի ձեռնով, որ այժմ գտնուում է Ս. Էջմիածնի հնադարանում 1)։
–––––––––––––––––––––
1) Շուշու առաջնորդարանում եղած ձեռագրերի ամենամեծ և ընտիր մասը, որը փոյթ խնամքով ժողոված էր Բաղդասար մետրապօլիտն, վաճառած է Շուշու առաջնորդներից ոմն եպիսկոպոս՝ մի Թիփլիզեցու վերայ մի քանի հազար րուբլու։


ՎԻՄԱՓՈՐ ԴԻՏԱՐԱՆ.

Մի քերծի մէջ, որ կայ Խաթրայ բերդի հիւսիսային հանդէպ Թարթառի ձախ ափի բարձրութեան վերայ, կայ մի բնակարան, որի առաջն պատած և լուսամուտ թողուած է։ Բայց՝ այս բնակարանն մուտ գործելու համար՝ քերծի դրսից չունի վերելակ սանտուղ. իսկ ներսից անյայտ է բոլորովին մուտքի տեղն։ Արտաքուստ ակներև երևում են քարուկիր պատն և լուսամուտն, որի ստորոտով––գետահովտով ճանապարհ է։ Այս դիատարանն, մեր կարծիքով հաղորդակցական կապ ունեցած է Խաթրայ և Հաւքախաղաց բերդերի հետ և թշնամու արշաւանքը արգելելու քաղաքական նշանակութիւն։ Դիտարանիցս ներքև կայ մի քարուկիր մատուռ։

Մշահանի վանք.
Հիմնուած է յանուն սուրբ Աստուածածնի մի բլրի վերայ, որ գտնուում է նոյն գետաձորում և որի գլուխն մեծ հարթ է։ Փոքր է վանքս և պատկից ունի մի փոքր եկեղեցի որ ունի մի գաւիթ, որք ամբողջապէս շինուած են անտաշ քարով։ Գաւթի որմի մէջ կայ մի ամենափոքր մատուռ։ Բոլոր շինութիւններս քայքայման վիճակի մէջ են։
Եկեղեցու պատի վերայ.
«Աստուծով ես Մլեհ տուի զիմ գնած հողն ՛ի Չափարին ՛ի սուրբ ուխտս. միաբանք տուին Սուրբ Յակովբի երկու ժամն Ա. ինձ. Ա. Փ…..»։
Վանքի վերայ.
«Ես Մամա խաթուն միաբանեցայ սուրբ ուխտիս, առաջնորդ Յովհաննէս և եղբարքս տուին Բ. ժամ»։



ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ

Ա. ՀԱՒՔԱԽԱՂԱՑ (ԼԱՉԻՆ ՂԱՅԱ) (29)

Մի անտառապատ, վիմահերձ, խոր ձորերով անջատուած, բարձր սար է, որ սեպաձև արձանացած է Թարթառի աջ կողմի բարձրութեան վերայ։ Սարիս արևելահայեաց վիմահերձի մէջ կայ մի ահագին քարայր, որի առաջն պատուած է ժամանակաւ քարուկիր պատով, որով ձևացած է քարայրս անառիկ բերդ։ Արդէն աւերուած է քարայրս տանող կածանն, հետևապէս այժմ անկարելի է մուտ գործել ամրոցս։ Սարիս գագաթն գեղեցիկ և սքանչելի սարահարթ է, և բնական ամրոց ձևացած, որ նոյնպէս ունի դժուարատար մուտք, բայց չունի ջուր իւր մէջ։ Մի քանի տասնեակ տարիներ առաջ՝ բարեհամբաւ Ասլան-բէկ Աթաբէկեանցն շարժուած հետաքրքրութենից՝ չուանով վերևից կախել է տալիս քարայրս Հաթերքեցի Գալուստ անուն սրտոդ տղամարդը։ Վերև քաշելուց յետոյ վերջինս յայտնում է թէ քարայրում կան հնուց մնացած շատ հին, ահագին և խեցեղէն ու դատարկ կարասներ։ Պատերազմի պաշարի համար պահուած են կարասներն։
Բ. ՀԱԿԱՌԱԿԱԲԵՐԴ 1) Գտնուուն է Դատի վանքից վերև մի թրաձև և անտառապատ սարի վերայ։ Բերդս ունի ամուր դիրք, հիանալի տեսարան և նշանաւոր ջուր։ Մի քարուկիր և մեծ ջրամբար է լի կենդանի ջրով, որ ո՛չ աւելանում է և ո՛չ պակասում, ո՛չ ջուր է ընդունում և ոչ արտահանում։ Բոլորովին անջրպետուած է բերդասարս իւր չորս կողմերից խորանդունդ և լայնգոգ ձորերով. միայն ունի մի թելուղի, որ մի սեռի գլխով բարձրանում է դէպի բերդն։ Ամրոցիս մէջ տեղ տեղ երևում են հին շինութեանց հետքեր։
Գ. ԲԵՐԴԱՔԱՐ 2), որ կայ Հաթերք գիւղին կից՝ իւր արևմտեան կողմից, որի արևելեան, հարաւային և արևմտեան կողմերն բարձր քերծեր են. իսկ հիւսիսային կողմն պարըսպուած է եղել, բայց այժմ իսպառ անհետացած է պարիսպն և հազիւ հազ է նշմարուում ուրեք ուրեք։ Բերդս, որի մակերևոյթն հերկուում է այժմ, չունի ամրութիւն, բայց ունի մօտակայ տեղից բերուած ջուր, և ուշագրաւ տեսարան։
Դ» ԱԿԱՆԱՅ ԲԵՐԴ. Հիմնուած է անառիկ ամրոցս Հաթերքի հիւսիս արևելեան կողմում, Բալի սարի ստորոտում։ Խոր խոր ձորեր են բերդիս հիւսիս-արևմտեան և հարաւարևելեան կողմերն. պարսպուած է եղել բերդիս մնացեալ ––վերի և վարի կողմերն։ Ամրոցիս մակերևոյթն թեքուած է ձորերի դիրքով դէպի արևելեան հարաւ. բայց սորա մեծութեան ծաւալն, համեմատելով միւս բերդերի հետ, անհամեմատ մեծ է։ Բերդիս մակերևոյթն լի է շինութեանց աւերակներով 3), հանգիստներով, կայ և եկեղեցու աւերակ և ականակիտ աղբիւրի պատուական ջուր։ Այժմ տեղ տեղ աւերուած են պարսպի պատերիցն։ Բալ։ի սարի հիւսիսահայեաց լանջի վերայ կայ մի աւերակ մատուռ։
–––––––––––––––––––––
1) Անունս կայ և Դատի վանուց արձանագրութեանց մէջ. այժմ կոչում են Չափարի բերդ։
2) Հաթերք––Դղեակ է անուանում այս Գօշ-Մխիթարն (եր. 72–73)։
3) Կայ իշխանական բնակարանների աւերակ ապարաններ, սենեակներ և գոմեր։

Բերդիս հիւսիսային կողմում, ձորի միւս ափում կայ երեք տարօրինակ շինուածք, որ հեռի են փոքր ինչ իրարից և ունին իւրեանց վարի և վերի կողմերին մօտ կարակնաձև կլորակ լուսամուտներ։ Թէ ի՞նչ եղած են շինութիւններս, չգիտենք, զի անծանօթ է մեզ շինութեանցս անցեալն։


ԺԵ. ՋՐԱԲԵՐԴ ԳԱՒԱՌ. (30)

Առ հասարակ հարուստ է գաւառս խոր խոր ձորերով, դալարագեղ, անտառապատ, ամենաբարձր, միջակ և փոքր լեռներով, վանքերով և ամրութիւններով և բաւարար հացով և արծաթահանքով։
Ա. ՂԱԶԱՆՉԻ ՇԷՆ, որ կայ Կիչանի արևելեան հիւսիսային կողմում Խաչեն և Ջրոբերդ գաւառների սահմանագլուխ սարի հիւսիային կողմում։ Շինիս հարաւային, արևմտեան և հիւսիսային կողմերն՝ սկսեալ շինի ստորոտներից, բարձրապատ սարեր են, միայն բաց է արևելեան կողմն. վերջապէս խոր փոսի մէջ ընկած է շէնս։ Բնակիչք բնիկ, հողն բէկական, բարելի, տեղական բերքերն՝ ցորեն, գարի, գարնանի, կորեկ, կտաւհատ, սորեկ, որիզ, ընկուզ, տանձ, խնձոր, տաւար, գոմէշ, խոզ, օդն և կլիման ճնշիչ ամրան եղանակներում, ջուրն պատուական, երկար կեանք 75––80 տարի, եկեղեցին Սուրբ Գէորգ, քարուկիր, թաղակապ, երկարութիւնն 16 մետր 15 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 30 սանթիմ. քահանան գալիս է Ջանեաթաղից (Ճանկաթաղ)։
Դրան ճակատակալ քարի վերայ. «Սուրբ Գէորգ այ (է) եկեղեցիս թվ. ՌՃԻ.»։ Ծուխ 35. ար. 175. իգ. 150։
Տաճարիս արևմտեան որմին մօտ մի տապանաքարի վերայ քանդակուած է մի քաջ ձիավոր, որ հանած է իւր թուրը, և բարձրացրած մի այլ ձիաւորի վերայ, որ իջած է իւր ձիուց, բռնած նորա կապը, հանած իւր թուրը, կարծես յանձնում է զայն յաղթողին։ Յաղթուածն ֆէս ունի իւր գըլխին վերայ և կանգնած է խղճալի դիրքով։ Քարիս վերայ.
«Այս է տապան Ղապատ որդի Յովան…չբէ եղբարսն զայն ստայօն, թվ. ՌԶ. եկաւ երկրիս, շադ դեղ.. ցայք, վերջին Ղալա մէ տեսար ասգար եկաւ մեզ վերայ։ ԷՃ. (700) Թօպկոլայ եկաւ, իմ քարէն չի կարաց օնել (յինքն ունել, գրաւել), յեդոյ մասիհադարն դան սպանեցին»։
Յաղթող ձիավորի գլխից վերև գրուած է.
«Քարս բերաւ որ է Եղբարասաց պարոն»։
Գիւլ-Մալիք 1) և Կարմիր Եղցուն խութ տեղերում, որք գտնուում են շինիս արևմտեան կողմում, կան գիւղատեղեր, հանգստարաններ և եկեղեցու աւերակներ։
Բ. ՃԱՆԿԱԹԱՂ կամ ըստ օտարահնչիւն ձայնին Ջանեաթաղ գիւղ. հիմնուած է մի ձորի աջ ու ձախ լանջերի վերայ (նոյն լեռնաշղթայի արևելեան կողմում) Ղազանչու հիւսիսային կողմում. բնակիչք գաղթած են Պարսկաստանի Ղարադաղ նահանգից 2) Պասգևչի ժամանակ. հողն արքունի, սակաւ և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն (ունին և մասնաւոր այգի), անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 75––85. եկեղեցին Սուրբ Գէորգ, հնաշէն, կառուցեալ երեք կամարների վերայ, երկարութիւն 17 մետր 17 սանթիմ, լայնութիւն 8 մետր 82 սանթիմ. Դրան ճակատակալ քարի վերայ.
«Թ. ՌԾԸ. յիշատակ Ղուկասի որդի Գրիգորի»։
Քահանայ մի։ Տաճարիս դրան ամփոփուած են տասնևմի քահանաներ, որք են նախկին բնակչաց հոգևոր հովիւներն։ Ծուխ 85. ար. 390. իգ. 338։
Մեղրակեր (Ղաբարթու) կոչուած տեղում կայ հանգստարան, գիւղատեղի և եկեղեցու աւերակ։
–––––––––––––––––––––
1) Նշանակում է Գայլ-Մէլիք։
2) Ամրաղիւլ և Քիւնի գիւղերից։

Գ. ԳԻՒԼԵԱԹԱՂ, որ մի սեռով միայն բաժանուած է Ճանկաթաղից, հիմնուած է վերջին գիւղիս հիւսիսային կողմում մի ձորի ձախ լանջին վերայ, որի երեք կողմերն լեռնապատ են, բաց է միայն արևելեան կողմն. բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի, բայց հացաւէտ, տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր կառուցեալ երեք կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 5 սանթիմ, լայնութիւն 8 մետր 40 սանթիմ. քահանայ մի։
Գիւղիս վերի կողմումն է ճըռ-մէլիք-Ալլահվերտու բնակարանն, որ բաղկացած է հինգ սենեկից, որից կանգուն է երկուսն և կիսաւեր երեքն։ Շինութեանս երկարութիւնն ձգուած է հիւսիսից հարաւ, որ ունի իւր չորս անկիւններում չորս աշտարակներ։ Դրան հիւսիսային սեմի վերայ.
«Այս է Մէլիք Առուշան թվ. ՌՄԽԸ.»։
Ծուխ 74. ար. 327. իգ. 284։
Պղնձահանք. Գիւղիցս կէս մղոնաչափ հեռի դէպի արևմուտք կայ պղնձահանք, որ անգործածելի է այժմ։
Յովսէփ եղցի. փոքր ինչ վերև պղնձահանքիցն, ուր կայ այս անուն եկեղեցի ջրաձորի աջ կողմում, իսկ ձախ ափին՝ գիւղատեղին և հանգստարան։
Մեհմանանց գիւղատեղի, ուր կայ աւերակ եկեղեցի, գիւղատեղի և հանգստարան։
Արծաթահանք գտնուում է Մեհմանանց գիւղատեղիցն կէս մղոնաչափ վերև նոյն սահմանագլուխ լեռնաշղթայի հիւսիսային կողմում։ Որպէս երևում է փորուածներից, գործածութեան մէջ եղած է հանքս շատ վաղուց։ 1870 թուին գալիս են Յոյներ, կապալաւ վեր առնում հանքս, բնակութիւն հաստատում հանքիս մօտ և սկսում հալել նիւթը։ Որպէս թէ կապարախառն է արծաթն և դժուարաւ է ծածկում ծախքը, վասն որոյ անգործածելի է այժմ հանքն…..։
Դ. ԿՈՒՍԱՊԱՏ ԳԻՒՂ. հիմնուած է Գիւլեաթաղի հիւսիսային կողմում մի բարակ ջրաձորի ձախ լանջին վերայ, բնակիչք բնիկ, հողն արքունի 1) անջրդի և միջակ արդիւնաբեր և միանգամայն սակաւաջուր, բայց այգևէտ. տեղական բերքերն նոյն (նաև ոչխար, ձի, այգի, բամբակ, սումաղ, սեխ, վարունկ, ձմերուկ), պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ չորս սիւների վերայ, վնասուած է գագաթնագծից, քահանայ երեք։
–––––––––––––––––––––
1) Նախ եղած է մէլիքապատկան. չգիտենք ինչ պատճառաւ յետոյ փոխուած է արքունի։

Եկեղեցուս դռնատակին մի քարի վերայ.
«Թի. ՉԺԸ. այս է հանգիստ…..»։
Դռնագլխին.
«Թիւն ՈՂ. ես Ապրել որդի Ուղտիկակա գնեցի զխաչս ինձ ու ամուսին իմոյ, աղաւթեցէք 1)»։
Եկեղեցուս թէ՛ ներսում և թէ՛ դրսում ամփոփուած են շատ քահանաների մարմիններ։
Ե. ՀՈՌԱԹԱՂ, որ կից է Կուսապատի այգիներին, թէպէտ կազմում է առանձին գիւղ, սակայն ծխաթիւն անբաժան է. այսպէս և
Զ. ՄԱՐԴԱԿԵՐՏՆ, որ ունի առանձին եկեղեցի և մօտ կէս մղոն հեռի է Հոռաթաղից, հիմնուած միևնոյն Կուսապատի ձորի շարունակութեան վերայ, Ուտի առանձնակ գաւառի դաշտաբերանի մօտ, բնակիչք անջատուած Կուսապատից 2), հողն արքունի, բազմարդիւն, օդն և կլիման ջերմագին ամրան, ջուրն ոչ այնքան լաւ, երկար կեանք ո՛չ աւելի 70-ից. եկեղեցին Սուրբ Կարապետ, ծածքն փայտաշէն, քահանայ մի։ Երեք գիւղերումն միասին ծուխ 355, ար. 1850, իգ. 1199, քահանայ 4։
–––––––––––––––––––––
1) Անկասկած քարերս բերուած են Հանգստարանիցն։
2) Արքունի երկդասեան ուսումնարան կայ Կուսապատումն։

Նահատակ անուն ուխտատեղի, որ գտնուում է Հոռաթաղի արևմտեան հանդէպ մի բլրի գագաթին վերայ. իսկ Կոտրած եղցին՝ սոյն գիւղի արևելեան հանդէպ սարին վերայ.
Երի-Գիւլեաթաղում (Վերի-Գայլաթաղ), որ գտնուում է միևնոյն ջրաձորի մէջ Կուսապատից վերև, կայ հանգստարան, գիւղատեղի և քարուկիր փոքր եկեղեցի։
Ինն-մաս անապատ––Հին-Մոխրաթաղ. Հիմնուած է Կուսապատի հիւսիսային կողմում մի սեռի վերայ, որի երկու կողմերն ձորեր են։ Կառուցեալ է սրբատաշ քարով մի կամարի վերայ, որ ունի եկեղեցու և ո՛չ վանքի ձև, երկարութիւն 14 մետր 37 սանթիմ, լայնութիւն 8 մետր 20 սանթիմ։ Ունի միայն աւագ խորան. որի միջից հիւսիսային և հարաւային կողմերից բացուած է դռնաչափ մուտքեր իբր փոքր խորաններ.
Հիւսիսային որմի վերայ.
«Ի 1881 ամի շինեցաւ սուրբ ուխտս Ինն Մասանց տրօք ժողովրդոց ՛ի ժամանակս Յովսէփ վարդապետի Փինաչեանց»։
Խորանի հիւսիսային կողմում.
«Շինեցաւ Սուրբ Ինն Մասանց սեղանն դստուիս (?) Սհար խանումին վասն հանգուցեալ Յարութիւն բէկ Աթաբէկեանի Կուսապատ գեղջ 1884 ամի»։
Տաճարիս հարաւ-արևելեան կողմում կայ և մի հին եկեղեցու աւերակ։ Հարկ է յայտնել թէ այստեղ եղած է Մոխրաթաղ գիւղն, որի բնակիչք մի քանի տասնեակ տարիներ տեղափոխուած են Նոր-Մոխրաթաղ և մնացած է այստեղ հին եկեղեցին, գիւղատեղին և հանգստարանն։
Նոր-տաճարիս հիւսիային որմի մօտով ամփոփուած են Մէլիք Իսրայէլեանների ննջեցեալները––Սայիբէկի, Սհարխանումի, Մէլիք-Ադամի կին Թումար-խանումի, և այլ մէլիքազուն գերդաստանների մարմիններն։
Անապատս ունի երեք սենեակ և մի աշխարհական վանահայր։

ՄԷԼԻՔ-ԻՍՐԱՅԷԼԵԱՆՆԵՐԻ Ա. ԱՊԱՐԱՆՆ.

Շինուած է Անապատիս արևմտեան կողմում մի քանի տասնեակ քայլ հեռի։ Շինութիւնն ունի արտաքուստ բերդի ձև––քարուկիր բարձր պարիսպ և մի դարբաս արևելեան կողմից։ Արտաքուստ չափելով ունի 49 մետր երկարութիւն 29 մետր 25 սանթիմ լայնութիւն։ Ամբողջ ապարանն բաղկացած է տասներկու սենեկից, որք ունին զանազան ձև և տարբեր մեծութիւն, Սենեակներն եղած են ընտանեկան սենեակ, ննջարան, ընդունարան, դատարան, թոնրատուն, խոհանոց, սպասաւորանոց, գոմանոց։ Այս ամենի լուսամուտներն բացուած են բերդի ներսի կողմից։ Արևելեան կողմից հաշուելով չորրորդ սենեակն ունի քառակուսի ձև և երդիկ, ամբողջապէս քարուկիր շինուած և սոյն արձանագրութիւնը.
«Որ ղորմութեամբն ամենազօրին Աստուծոյ բազում ժամանակ է յոյժ տաքնապի շինեալ զտունս, իսկ բարերարին Աստուծոյ տուաւ ինձ կարողութիւն և զօրութիւն Սուրբ Հոգոյն՝ հանգուցեալ Մէլիք Իսրայէլի որդի ես Մէլիք Յադամս շինեցի զգեղեցիկ կամարօք և գեղեցկանկար տունս և սարայիս բազմահանճար զորդեակն իմ Մէժլումին…ծ. Աստուծոյ, աստուածայնով բարեաւ վայելեսցէ հանդերձ մեօք ՌՄԻ.» 1)։
–––––––––––––––––––––
1) Անձեռնմխելի թողինք սխալները։

Հինգերորդ սենեկի վերայ.
«Տեսէ՛ք մեր հաւատոյ հայրն Աբրահամ, կեանք նորա է .. ամ, նայ ոչ շինեաց տուն և տեղի և բակ.. վրանօք շրջէր յերկրին ի Խառան .. այլ սոյն կեանք մեր կարճացեալ թիւ Ծ. (50) ամ, համայն բոլոր երթալոց եմք մեք միւս անգամ, տեսէք ՛ի մեր յիմարութիւնս, որ այժմուս գայ, չենք.. ազմա նման ամօք Աբրահամայ թվ. Ռ…»։
Խաչ-Խոռհատ անուն տեղում, որ կայ Հին և Նոր-Մոխրաթաղի միջև, կայ աւերակ գիւղատեղի, հանգստարան և մի քարուկիր և միջակ եկեղեցի, որ կանգուն է բոլորովին, որի երկարութիւնն է 12 մետր 23 սանթիմ, լայնութիւնն 7 մետր։
Է. ՆՈՐ-ՄՈԽՐԱԹԱՂ. Հիմնուած է Կուսապատի հիւսիսային կողմում, տեսարանն զմայլելի (դաշտահայեաց) սեռի վերայ, հողն արքունի, անջրդի, բայց բազմարդիւն. տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90––100. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 95 սանթիմ, լայնութիւնն 11 մետր։ Քահանայ մի։ Դրան ճակատակալ քարի վերայ. «Ես Շուշուայ քաղաքի բնակիչ Մեսրոպ Թառումեանս կառուցի ծախիւք իմօք 2) յանուն Աստուածամօր վասն անյիշատակ հանգուցեալ եղբարցն իմոց Աբրահամայ, Գրիգորի և որդւոյն իմոց Աստուածատրի Մ. Թառումեանց ի 1883 ամի»։ Ծուխ 85. ար. 394. իգ. 349։
–––––––––––––––––––––
2) Հաստատապէս տեղեկացայ որ գիւղի հասարակութիւնն շինած է եկեղեցուս պատերը մինչև թաղն։

Ը. ՄԵԾ-ՇԷՆ. Շինուած է համարեա՛ թէ Նոր-Մոխրաթաղի արևմտեան կողմում, մի արևելահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ (ամենամեծ մասն տեղափոխուած են Գանձակի գետաշէնի կողմերն), հողն կիսով չափ արքունի, անջրդի, բայց հացաւէտ, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90. եկեղեցին Սուրբ Գէորգ, քարուկիր, կառուցեալ չորս սիւների վերայ, երկարութիւնն 18 մետր 25 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 67 սանթիմ։ Աւազանին վերայ «Թվ. ՌԿԹ.––Բնաս.. յիշեցէք ՛ի Քրիստոս»։
Խորանի հիւսիսային կողմում. Սուրբ խաչս բարեխաւս Կարապետ եպիսկոպոսին, սայ է լեալ պատճառ սուրբ եկեղեցոյս (շինութեան) թվ. ՌՂԹ.»։ «Սուրբ խաչս բարեխաւս Հայրապետին եղբայր պարոն տէր (իշխանազն քահանայ)»։ Քահանայ երկու։ Ծուխ 70. ար. 309. իգ. 268։
Կարմիր աւետարան.
Եկեղեցումս կայ մի գրչագիր մեծադիր աւետարան, մագաղաթեայ, ամբողջապէս գրուած գլխատառերով՛ Բոլորովին անճաշակ են նախշերն և չունի պատկերներ։ Գրուած է Մատթէոսի սկզբում խաչի տակ. «Սուրբ նշանաւ գնեաց (Յիսուս) մեղաւորիս Իգնատոսի»։ Տեղ տեղ գրուած է նաև «ԶԽաւշեն և զիւր ծնողսն յիշեցէք ի Քրիստոս»։ Գրուած է նաևս Մարկոսի վերջում. «Յամի չորրորդի առաջնորդի (՞) ի հայրապետութեան տեառն Բարսղի 1) Հայոց կաթուղիկոսի, ես Հայրապետ աբեղայս գնեցի զսուրբ աւետարանս ի Յոստան քաղաքի յայլազգեաց ՛ի ԻԵ. դեկ. կարմիր և ետու ի սուրբ Խաչի վանքն յիւր սեպհական տեղն, որ առնեն յամէն յամի.. Բ. պատարագ, զտեառնընդառաջին և զԿիւրղին անխափան և որ հեռացուցանել ջանայ ՛ի սուրբ Խաչէն զինչ և իցէ պատճառաւ, ինքն հեռացեալ լիցի ՛ի փառաց Որդոյն Աստուծոյ. ամէն»։ Իսկ ցանկից յետոյ.
«Արդ՝ ես յամենայնի նուաստ տէր Սարգիս ստացայ սուրբ աւետարանս անջինջ յիշատակ ինձ և իմ ծնողացն, որք ընթեռնոյք, յիշեցէք ՛ի Քրիստոս»։
–––––––––––––––––––––
1) Նայելով գլխագրերի ձևերին՝ կարծում ենք որ Բարսեղ Ա. հայրապետի օրով (1086 թուերում մօտաւորապէս) եղած է գնելն և ոչ թէ Բարսեղ Բի, որ գահակալած է 1557––1562։

Յիշատակարանը գողացած է մի սարկաւագ ինչպէս վկայեցին։ Երանի թէ այս միայն լինէր գողացած….։ Ասում են որ 900 ծուխ եղած է Մեծ-շէնս, որպէս ապացուցանում է և մեծ անունն, քանզի այս եղած է մեծ Մէլիք-Ադամի մէլիքանիստն։ Երեք եկեղեցի եղած է գիւղումս, մէկն բոլորովին անհետացած է, միւսին աւերակն արդէն մնում է, երրորդն կանգուն է։
Գիւղումս ծնուած է Դալի-Մահրասա––Աւագ վարդապետն, որ ազգական էր այժմեան Մկրտիչ քահանայի և Անդրէաս-բէկի։
Եղցաթումբ. մի թումբ է գիւղիցս վերև, որի վերայ կայ ընդարձակ գիւղատեղի, մեծ հանգստարան և կանգուն եկեղեցի։
Հարթապտուկ. Մեծ-շէնիս հիւսիսային հանդէպ շրջապատից առանձնացած և ձուաձև բարձրացած մի սար է, որի գագաթն պատուական հարթակ է։ Հարթակի եզերքներով պարսպուած է եղել հնուց, ինչպէս ակներև է հետքերից։ Այժմ կայ կատարիս վերայ մի ջրաւազան, հանգստարան և ուխտատեղի։ Ի նկատի առնելով շատ բերադասարեր, թուի թէ բերդ եղած է և սարիս գագաթն––Հարթապտուկն։
Թ. ՄԱՂԱՎՈՒԶ կամ Չարտախլու. Հիմնուած է Թարթառ գետի աջ կողմի բարձրութեան վերայ. Մեծ-շէնի հիւսիսային կողմում, մի լեռնահովտում. բնակիչք շատ վաղ՝ նախ տեղափոխուած են Մեծ-Սիւնեաց Մաղավուզ գիւղիցն այստեղ, ապա այս տեղից Շուլաւէրի կողմերն, ապա վերադարձած Գետաշէն, հուսկ յետոյ վերստին այստեղ։ Հողն արքունի, անջրդի, բայց բեղմնաւոր, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90. եկեղեցին Սուրբ Գէորգ, փայտաշէն, քահանայ մի։ Ծուխ 66. ար. 254. իգ. 299։
Գիւղիս բարեկրօն Յովհաննէս քահանայի մօտ կայ մի գրչագիր մաշտոց, գրուած թղթի վերայ, դիրոն փոքր. յիշատակարանից. «Արդ գրեցաւ գիրքս այս ի թուականութեան հայկազեան տումարիս ՌԻԴ.»։ Ստացողն է Գրիգոր անուն ոմն կրօնաւոր, իսկ գրողն է ոմն Յովհաննէս Աբեղայ։ Վերջին ստացողն է. «Արդ զվերջին ստացաւղ սուրբ տառիս, որ կոչի մաշտոց.. Ովանէս էրէց… ՌՃԺԱ.»։ «Յիշատակ է բարեմիտ Յուրին, որ կողակից էի Ավազակին ի երկրէն Ծարայ ի գեղջէն Եանշաղէն. յիշատակ է այս սուրբ.. մաշտոցս հոգոյ իմոյ, տվի իմ ձեռովս Դաւիթ քահանային, օվ որ կարդայ, Աստուած ողորմի ասէ, ամէն»։ «Ես Մրչմանցի տէր Մէլիքսեթի որդի Մարկոսըս… թվն ՌՃՀԸ. էր» (Այժմ աւերակ են Եանշաղ և Մրջման գիւղերն, ինչպէս գիտէ ընթերցողն)։
Աւետարան փոքրադիր, գրուած թղթի վերայ առանց պատկերի։ Անյայտ է գրողն, տեղն և ժամանակն, միայն յայտնի է երկրորդ ստացողն, որ է Շաղուպատ անուն ոմն։
Նոյն բարեկրօն քահանայ Տէր-Գրիգորեանի մօտ կայ և Ա. Մէլիք-Ադամից մի թուղթ, որով յայտնում է. «Մէլիք Հաթամէս մալում լինի ձեզ Մաղավուզեցուց, մեծ և փոքր որ իմանաք Մէլքումն ձեզ քօվխայ (տանուտէր) շինեցի. պիտի որ յեսապի (իրաւացի) խօսկան դուս չի կեաք։ Դարձեալ ջամիյեաթ թէ եդ 1) նորայ եկիք թէ Մէլքումը մեզ հաջաթ (հարկաւոր կամ պէտք)-չի, ղապուլ չի, դուք էք հաւանել, շինել թվին ՌՄԻԸ. փետրվարի ամսուն ԺԷ.» (տեղի կնքոյ որի մէջ գրուած է. «Քրիստոսի ծառայ Մէլիք Ադամ»։
–––––––––––––––––––––
1) Իմաստն է, (եդ նորայ) եթէ այնուհետև եկիք իմ մօտ և ասացիք թէ Մէլքումն պէտք չէ մեզ, ևն.։

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԱՆԳՍՏԱՐԱՆ.

Այսպէս է անուանում ժողովուրդն այն հանգստարանը, որ կայ Մաղավուզի արևմտեան կողմում, Թարթառ գետի աջ լանջի բարձրութեան վերայ, Երից մանկանց վանքի դէմուդէմ։ Ընդարձակ ծաւալ ունի հանգստարանս, բայց ծածկուած է դժնիկ փուշերով և մացառուտներով։ Հանգստարանումս կայ մի հնաշէն մատուռ. որ ուխտատեղի է և փոքր և շինուած անտաշ քարերով, որի գլուխն արդէն խոնարհուած է. դրան ճակատակալ քարի վերայ քանդակուած է.
«Թիւ ՉԹ. էր Կամաւն Աստուծոյ ես Խուռում (Հռիփսիմէ) շինեցի զեկեղեցիս, եղբայր իմ Վահրամ Շահ ի յիշատակ մեզ և ծնողաց մերոց ՛ի յիշխանութեան Ուքանին և յամիրութեան Փախրայդինին և ՛ի յառաջնորդութեան Տէր Սուքիասին. յաղաւթս..»։
Մատրանս մէջ մի խաչքարի վերայ. «Թիւ ՈՂԹ.»։
Սորա մօտ. «Ես Գր..րս սնուցած տէր Նարսի 1) կանգնեցի զ (խ) աչերս ծնողաց իմոց և ննջեցելոց»։
Հանգստարանիս տապանաքարերի մէջ գտանք միայն հետևեալը.
Ա. «Այս տապան Քաչալ… է որդի Ապրէսին մեծի.. պապին եխպօրորդի… իմոյ պարոն Անին թվ. Ռ.»։
Բ. «Թվ. Ռ….. որ փոխեցաւ առ Աստուած. Այս է տապան Շահփարին…. Նոյեմզարին….»։
–––––––––––––––––––––
1) Գուցէ «Ես Գրիգոր սնուցած տէր Ներսիսի»։


ՄԱՅՐԱՔԱՂԱՔ կամ ՔՂԸՔԱՏԵՂ. (31)

Սևկևլասեռ կոչուած սարի ստորոտով ընկած է մի խոր ձոր գրեթէ արևելքից արևմուտք։ Մատրան կամ հանգստարանին ստորոտիցն սկսեալ դէպի նոյն խոր ձորն կախուած են չորս ձորակներ, որոց վերայ վաղուց շինուած է քաղաքի նման մի շինութիւն։ Բերդավայրն ունի միայն երկու մուտք, արևմտեանն՝ խոր ձորին ստորոտովն, որ համարեա՛ թէ հպած է Թարթառ գետի աջ եզերքին, իսկ արևելեան կողմի մուտքն նոյն ձորի վերի ծայրովն։ Երկու մուտքերն ամրապնդուած է եղել քարուկիր պատով, որք քանդուած են այժմ։ Իսկ մնացեալ կողմերն բնութենաստեղծ և անմատչելի ամրութիւններ են, այս է բարձր վիմահերձ և քարաժայռ քերծեր են և ահարկու ձորեր։ Վաղուց շինուած են երկու երկյարկ քարուկիր և բոլորշի դիտարան, որոց մին քաղաքի հարաւային կողմի բարձրութեան վերայ բերդից դուրս իսկ միւսն՝ արևմտեան մողմում քաղաքի ծայրում, բայց ամրոցի ներսումն։ Թափուած են միայն վերշնոյս որմի արտաքին մասերն տեղ տեղ։
Այժմ աւերակ և անմարդաբնակ քաղաքատեղումս մնացած են տակաւին հնութեան շատ նշաններ, ինչպէս են քարուկիր բնակարանների և այլ շինութեանց աւերակներ։ Հիւսիսային դիտարանի մօտ կայ մի մեծ շինութիւն, որ իւր արտաքին կողմում ունի երեք բուրգ, մէջ տեղում տասն մետրաչափ բարձր քարուկիր սիւն և երկու մեծ սենեակներից բաղկացած շինութիւն։ Այս է ամենից աւելի հնութիւնն, որ կարծես թէ իւր ամրագին կազմուածքովն ներկայացնում է տեղիս հին իշխողի բնակարանը, որ ունի և բնութեան հրաշալի տեսարան։
Բնակարանիս հարաւային կողմերում կան կիսաւեր քարուկիր շատ բնակարաններ, բաղանիսներ, ձիթահանք, որի բոլորաձև մեծ քարերն մնում են անվնաս և կանգուն, կամուրջներ, երեք կաղամախի ծերունազարդ և հաստ ծառեր, պառաւ ընկուզենիք, ևն։ Նշանաւոր է Շռշռան աղբիւրի ազնիւ ջուրն, որ քաղաքի կետրոնում շռշռալով թափուում է ժայռից։
Բ. Ապարան. Մէլիք-Ադամ մեծի. երկրորդ ապարանս շինուած է արևելեան մուտքի կողմում, որի երկարութիւնն հիւսիս-արևմուտքից ձգուած է արևելեան հարաւ։ Շինութեանս գետնայարկն ծառայած է միայն տեղի զառիվայր դիրքը հարթելու. վերնայարկում կայ տասնևհինգ սենեակ, ընդարձակ դահլիճ, խոհանոց 1), երկու պատշգամ։ Գեղեցկաձև տաշուած և նախշած ճակատակալ քարեր ունին վառարաններն (բուխարի)։ Ամբողջ շէնքն ունի 37 մետր երկարութիւն, 34 մետր 40 սանթիմ լայնութիւն, որի ծածքն ողջ փլած է, իսկ պատերն բովանդակ մնում են կանգուն։ Հարկ է յայտնել թէ ապարանիս կողքին է եկեղեցու աւերակն։ Բացի տասնևհինգ սենեկից, որք շինուած են մի միջնապատով, բայց երկու շարքով, կայ այլ ևս չորս պատուական, բայց կիսաւեր սենեակ և մի երկար գոմ, որի մէջ կայ տասնևվեց ձիու ախոռ, և որի երկար ախոռափայտն մնում է դեծ անփուտ։ Շատ սենեակներում արդէն բուսած են ծառեր։
–––––––––––––––––––––
1) Գետնայարկով դուրս հանուած է արտաքնոցի և խոհանոցի միացեալ ոտքը։

Հարկ է յայտնել նաև որ Մէլիք-Ադամն 1) նորոգած է ապարանս, որ եղած է կանխաւ, ինչպէս երևում է հին և նոր որմերի տարբերութիւնիցն։
Ապարանիցս փոքր ինչ վերև, արևելեան մուտքի մօտ կան վիմափոր քարայրներ, որք եղած են դռնապանների բնակարաններ։
Քաղաքատեղիս հարաւային կողմումն է Հին––Մեծ-շէնի աւերակն, որի մէջ է մի աւերակ եկեղեցի և մօտերքում հանգստարան։ Մէլիք-Ադամ Բ-ի ժամանակ աւերակիս բնակիչներն տեղափոխուում են Գանձակի և Թիփլիսի կողմերն։ Յետոյ տեղափոխուածների փոքր մասն վերադառնում է, բայց փոխանակ այստեղ բնակելու, հիմնում Մեծ-շէնը և բնակում այնտեղ. քանզի երկիւղալի է լինում այստեղ բնակելն։
Ժ. ՔՄՔԱՁՈՐ ՇԷՆ. հիմնուած է Մաղավուզի արևելեան սարի ստորոտի հարթում։ Բնակիչներն մօտ քսան տարի առաջ բաժանուելով Մաղավուզից բնակութիւն հաստատած են այստեղ. միևնոյն են հողն, բերքերն, միայն աւելի լաւ է տեղիս օդն և կլիման. քահանան և եկեղեցին Մաղավուզինն է, և ծուխն հաշուած նորա վերայ։
ԺԱ. ՕՌԱԾ 2) ԹԱՓԷ ՇԷՆ. Հիմնուած է փոքր ինչ վար Քմքաձորից, բնակիչք անջատուած են Մաղաւուզից. ամենայն ինչ նոյն. Ծուխ Քմքաձորում, Օռած-Թափում և Վառնկաթաղում 30 114. իգ. 103։
–––––––––––––––––––––
1) Աւանդաբար ասում են թէ այս եղած է Մէլիք Իսրայէլեանների ձմերանոց ապարանն. իսկ Ինն-Մաս անապատի մօտինն՝ ամարանոց։
2) Արցախեան բարբառի գլխաւոր յատկութիւններից մին ևս այն է որ ինչ պարագայում ու տառերով սկսուած անունների առաջի 2 գիրը հընջում է իբր Օ. օրինակ ուռած––օռած, ուղտ––օղտ, ուրախ––օրախ, ևն. Ուռած բլուր––Օռած թափէ։

ԺԲ. ՎԱՐՆԿԱԹԱՂ կամ ԼԻՒԼԱՍԱԶ. Շինուած Թարթառի աջ ափի բարձրութեան վերայ. բնակիչք բնիկ, միևնոյն հողն և բերքերն. օդն և կլիման ծանր և անախորժ ամրան. երկար կեանք 60. եկեղեցին սուրբ Մինաս. քահանայ մի։ Ծուխ 20, ար. 70, իգ. 60։
Ջոխտակ շինատեղ. աւերակ գիւղեր են, որք գտնուում են Մաղավուզի հիւսիսային կողմում, Թարթառ գետի աջ կողմի լանջի վերայ, ուր կայ և հանգստարան։
Կթղուկոսարան (32) (Կաթուղիկոսարան), որ գտնուում է Թարթառ գետի աջ կողմի նոյն լանջի վերայ, Դոնի շէնի դիմացն։ Քարայրի նման մի բան է, որի առաջն պատելով ձևացրած են բնակարան, որի մէջ մի ժամանակ մնացած է Աղուանից Վիրոյ և այլ կաթուղիկոսներ։ Այժմ ուխտատեղի է հին աւերակս։

ՊԱՌԱՒԻ ԿԱՄՈՒՐՋ (Ղառը քեօրփի).

Արդէն գիտենք Թարթառ գետի վերայ շինուած կամուրջներից առաջինն էր Պարտաւի մօտ եղած բազմաչեայ կամուրջն։ Բ-ն է Պառաւի կամուրջս, որ ունի միայն մի աչք և որ շինուած է Վարնկաթաղի առաջ։ Կամրջիս երկու կողմերի հիմքերն ևս հաստատուած են վիմահերձ ապառաժների վերայ։ Շինողն եղած է հայ բարեպաշտուհի ոմն տիկին։ Գ. կամուրջն (փայտեայ) Դոնի շինի մօտ է։ Դ. կամուրջն (փայտեայ) Ջրաբերդի մօտով է։ Թարթառիս Ե. կամուրջն է Սարսանքի (քարուկիր) կամուրջն։ Զ-ն, որը շինել տուած էր տիկին Ասփան Խաթրայ վանքից վար Թարթառիս վերայ։
ԺԳ. ՆԵՐՔԻՆ-ՉԱՅԼՈՒ. Հիմնուած է Թարթառ գետի ձախ ափի վերայ դաշտաբերանի մօտ. բնակիչք 1828-ին գաղթած են Պարսկաստանի Բադրբեօվ գիւղից. հողն արքունի, բարեբեր, ջրարբի, տեղական բերքերն ցորեն, գարի, կորեկ, խաղող, դեղձ, թութ, կեռաս, բամբակ, բոժոժ և որիզ, օդն և կլիման տենդաբեր ամրան, երկար կեանք 70. եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն. քահանան գալիս է Վերին Չայլուից։ Ծուխ 45. ար. 142, իգ. 115։
ԺԴ. ՎԵՐԻՆ-ՉԱՅԼՈՒ. Հիմնուած նոյն գետի ձախ ափում փոքր ինչ վերև Ներքին-Չայլուից, բնակիչք գաղթած 1828-ին Ուրմիոյ Ըռհաւա գիւղից, հող, տեղ. բերքեր, օդ և կլիմայ երկար կեանք նոյն են. եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի։ (Գիւղիս մօտ կայ ընտիր գաճ)։ Ծուխ 55, ար. 255, իգ. 234։
ԺԵ. ԹԱԼԻՇ ԳԻՒՂ. Հիմնուած է Վերին-Չայուի հիւսիսային կողմում լեռների մէջ մի սարալանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական (մէլիքական), անջրդի (մասամբ ջրարբի) հացաւէտ. ջուրն սակաւ, տեղական բերքերն միայն ցորեն և գարի, բարեխառն օդն և կլիման, քաղցրահամ ջուրն. երկար կեանք 85––90. եկեղեցին նորաշէն, կառուցեալ հասարակութան ծախքով չորս միապաղաղ սիւների վերայ, որ ունի 21 մետր 85 սանթիմ երկարութիւն, 13 մետր լայնութիւն. երկու դուռն հարաւային և հիւսիսային կողմից. քահանայ մի։ Ծուխ 130. ար. 568. իգ. 455։
Մագաղաթեայ մեծադիր աւետարան 1) գրուած ամբողջապէս գլխագրերով. գողացած են յիշատակարանը, վասն որոյ գրում ենք յետոյ գրուածները. «Յանուն Աստուծոյ մեք Ներքի տանուտէրքս… յիշէ Զաւելի դի Մոսին 2). ես Դաւիթ իմ վանական եղբարքս (եղբարբքս) վկայ եմ այս գրոյս ՛ի թուականութեանս ՇԺԶ. հաստատուն, եթէ Աստուած կամի»։ Ապա գրուած է վերջին երեսի վերայ. «զՄաթէոս զՅակոբ երիցու քեռին, որ յարդեանց իւրոց ծախք արար յեկեղեցիս և յեղբարքս, որք զգիրս կարդայք, զնա յաղաւթս յիշեցէք և մեղաց թողութիւն խնդրեցէք… հաւր Պետրոսի հրամանաւ Գրեցի»։ Յետոյ գրուած է.
–––––––––––––––––––––
1) Մեզ անյայտ պատճառաւ գտնուում է մի աշխարհականի տան։
2) Ոճ լատինական, որ նշանակում է՝ Զաւելի Մովսէսեան։

«Զաստուածափառ և զաշխարհալոյս սուրբ աւետարանս որ ձեռաւք Հասանայ Ուղին որդոյ բերաւ ի Կեսարիոյ և նոյն Հասնայն և ամուսին Ելթի և պարծանաց. որդիք իւր Հասըմբեր և Սասնայ ետուն զսա յիւրեանց տապանատունս որ էին տեղւոյս իշխանք զտուն Շիրանշահանց Դաւթի ձեռաւք ՛ի վանս Եղիշէի և հաստատի սմա բանիւն Աստուծոյ և յանուն Հասնային և Ելթոյն յետ մահու պատարագ ի Քրիստոս յամեն եկեղեցիս ՛ի զատկին յարութեան աւրն, որ յարոյց ընդ իւր բազում մեռեալք և յարուսցէ Քրիստոս փառաւք զՀասնայն և զԵլթի հանդերձ իւր ծնելաւք միւսանգամ գալստեանն։ Արդ որք խափանեն զպատարագն և կամ հանէ զաւետարանս և զՇիրանշահանց տունն ի Տապանատնէս 1), հանեսցի նա յարքայութենէն Աստուծոյ։ Առանց աշխարհաւերի թիւն Հայոց էր ՉԺԵ.։ ՉԻԱ շինեցաւ ժամատունս (Եղիշէի)»։
–––––––––––––––––––––
1) Եղիշ-առաքեալի վանքից (ջրվշտիկ)։

Նորոգութեան մասին. «Ի թուաբերութեան Հայկական տումարի հազարերորդի հարիւրերորդի ինուսուներորդի մէկումն (ՌՃՂԱ.) թուին գրեցաւ ամսեանն  դեկտեմբերի Գ. հանուրց դիտապետի տեառն Ներսիսի Աղուանից Կաթուղիկոսին և իշխանութեանս երկրիս Մէլիք Թամրազին»։ Ապա գրուած է։
«Ես Մէլիքս և եղբայր իմ Նուկզար որդիք Մուրատայ ստացաք զսուրբ աւետարանս ՛ի հալալ արդեանց մերոց ի յիշատակ մեզ և մեր նախնեաց հաւր Մուրատայ և մաւր Մարգարտին և որդոց մերոց Եղիշէին և այլ ամենայն արեան մերձաւորաց և ետուք զսայ ի ձեռն Ստեփաննոս աիհեպիսկոպոսին առաջնորդ սուրբ ուխտին Գանձասարայ, որ կենայ ի դրան սուրբ Յովհաննիսին յիշատակ մեզ և մերոց ամենայնի կենդանեաց և մեռելոց»։ Հուսկ յետոյ գրուած է. «Ով մանկունք Սիովնի… ի թուականիս Հայոց ՌՂԹ. Գանձասարայ կաթուղիկոսն Գանջայո խանն տութսաղ էր արել (բանտարկեալ էր), մինչև հատոյց զպարտսն դահճացն, ազատեցաւ, ելեալ գնաց թէ շրջեսցէ վասն պարտուցն. մինչև Խաչեն գնացի ես ընդ նմա… Գանձասարայ կաթուղիկոսն անուն Գրիգոր կոչի»։
Գիւղումս Ասրի-բէկ Մէլիք-Թամրազեանցի մօտ կան հետևեալ հին թղթերն. «ՌՃԾ. թվին Սեպտեմբերի ԻԹ ես Թիւրաչեցի Ատին տղայ Հա՛խնազարս, Հաճի Փահրատս» ծախում են սոքա իւրեանց բաղը Մէլիք-Իսախանի 1) տղայ Յոհանին և սորա եղբօր Բէկլարին: Առուծախի թուղթս նախ վաւերացրած է Յովհաննէս, ապա Եսայի կաթուղիկոսն,
«Եսայի կաթուղիկոս այս գրեալ մարդկանց իղրարովն, ղապուլութիւնովն վկայեմ» կնքած է և իւր կնքով;
Երկրորդ. «ՌՃԿԵ. յունվարի ԺԸ. ն. ես Ներքին շէնացի (Կիւլստանի գաւառումն է) Ետկարին տղայ Ուհանս իմ կամով ծախեցի իմ բաժին բաղն Գրիգոր վարդապետին ախբօր Սարգսին վերայ ԺԸ. ռ. 2): Մէլիք Թամրազ վկայ.. Եղիա վկայ… Յարութիւն քոխա վկա.»: Իւրաքանչիւր ստորագրող կնքած է և իւր կնիքը:
–––––––––––––––––––––
1) Երևի թէ Մէլիք-Բէկլարեանների ցեղիցն է Մէլիք-Իսախանն։
2) Հազարն արժէ մի րուբլի, ուրեմն տասնևութ րուբլի ամենն։

Երրորդ թուղթն մխիթարական կոնդակ է գրուած Աղուանից վերջին Ներսէս կաթուղիկոսից առ Մէլիք-Թամրազ, որ սգաւոր եղած է իւր որդու մահուան պատճառաւ, բայց չ'ունի թուական:
Ռախտարխանա
Այս անուամբ ճանաչուում է միայն աւերակն, որ կայ Խանակեահ դաշտակի վերի բերանում, Թալիշ գիւղն տանող ճանապարհի աջ եզերքի վերայ: Հին շինութիւնս, որ ունի դղեկի ձև, ասում են, եղած է մաքսատուն Կիւլստանի Մէլիքներին. որք մաքս առած են գաւառս բերուած ապրանքներից: Ռուսաց տիրապետութիւնից յետոյ մի ժամանակ եղած է փոշտի կայարան շինութիւնս, որ այժմ բոլորովին աւերակ է:

ՀՈՌԵԿԱՅ ԿԱՄ ՀԻՒՐԵԿԱՅ ՎԱՆՔ (33).

Հիմնարկուած է Թալիշ գիւղի արևմտեան կողմում լեռների մէջ մի հիւսիսահայեաց լանջի վերայ: Վանուցս շինութիւնն ունի շատ հին ձև, քանզի խորանն, ըստ սովորութեան, կլոր չէ ներքուստ, այլ քառակուսի, և շինուած է անտաշ քարով: Բաց յայսցանէ բոլորովին մութն է, նեղ, փոքր և բարձրաշէն, որ ունի 7 մետր 60 սանթիմ երկարութիւն և 4 մետր 32 սանթիմ լայնութիւն: Դրան վերայ.
«Ի քահանայապետութեան Ստեփաննոսի զշինող եկեղեցւոյս զտէր Յովհաննէս յիշեցէք 'ի Քրիստոս նաև զծնողս և զեղբարսն իւր թիւ ՉԻԸ.»: Վանքս ունի և գաւիթ, որ նոյնպէս շինուած է անտաշ քարով, որի երկարութիւնն է 7 մետր 75 սանթիմ, լայնութիւնն 7 մետր: Գաւթիս վերայ.
«Յաշխարհակալ տէրութեան Ապաղա խանին և 'ի հայրապետութեան տէր Ստեփաննոսին և ի պարոնութեան Նորադինին և Սրաադինին և Գուրզադինին ես տէր Յովհաննէս շինեցի զգաւիթս յիշատակ ինձ և ծնողաց իմոց ՉԼԳ.»:
Գաւթումս ամփոփուած են շատ եպիսկոպոսաց, վարդապետաց և սարկաւագաց մարմիններ, այնպէս որ ամբողջ յատակն սալարկուած է տապանաքարերով:
Վանուցս արևմտեան կողմում դեռ կանգուն են միաբանից սենեակներն, որ շինուած են բոլորովին քարուկիր և թաղակապ: Բայց այժմ վանքումս չկայ ո'չ վանահայր, ո'չ միաբան և ո'չ իսկ պահապան, վասն որոյ հետզհետէ քայքայուում է ամենայն ինչ:
Գեղեցկաքանդակ տապանաքարերով և խաչարձաններով զարդարուած են վանուցս շրջապատն: Այստեղ ամփոփուած են ո'չ միայն միաբանից, այլ և Մէլիք-Բէկլարեանց տոհմի և նոյն իսկ Թալիշ գիւղի ննջեցեալներն. այժմ ևս թաղում են Թալիշեցիք: Հետևապէս խիստ ընդարձակ է հանգստարանս. որի մէջ փայլուն տեղ գրաւած են Մէլիք-Բէկլարեանց բարեհամբաւ տոհմի շիրիմներն իւրեանց գեղեցիկ արձաններով և երկար արձանագրութիւններով, և նախշած տապանաքարերով:

ՄԷԼԻՔ-ԲԷԿԼԱՐԵԱՆՆԵՐԻ ԱՊԱՐԱՆՆ.

Վանքասարիս լանջի ստորոտում կառուցեալ է Կիւլստանի իշխող մէլիքների ապարանն, որ արտաքուստ չափելով ունի 42 մետր երկարութիւն, 36½  լայնութիւն: Ըստ երկարութեան ներսի կողմում արևելքից արևմուտք երկու շար սենեակներ շինուած են, որոց մէջն բաց է իբրև հրապարակ: Հարաւային շարքում կայ վեց սենեակ, որք ունին ութաչեայ կամարակապ սրահ: Միջի երկու սենեակներն ընդարձակ են և գմբէթաւոր: Հիւսիսային կողմն բաղկացած է երեք մեծ սենեակներից, որոց թաղակապ կամարներն թափուած են: Ապարանս ունեցած է երկու դուռն––արևելեան և արևմտեան կողմերից. առաջինն արդէն քանդուած է իւր կողմի ամբողջ պատով և երկու բուրգով միասին. իսկ արևմտեան դուռն իւր սեմերով քանդած և տարած են Թալիշեցիք եկեղեցուն համար: Ցաւալի է տեսնել որ Թալիշի հայերն չգիտեն սրբութեամբ պահպանել իւրեանց նախնեաց թանգագին հնութիւնները:
Քառաբուրգ բերդակ.
Ապարանիս հիւսիսային կողմում, մի քանի քայլ հեռի ձորակի ձախ լանջին վերայ շինուած է քարուկիր մի դղեակ չորս ամրաշէն բուրգերով, որք արձանացած են չորս անկիւններում: Կանգուն են հարաւային, հիւսիսային և արևմտեան պարիսպներն իւրեանց երկու բուրգերով. իսկ կործանուած է արևելեան կողմի պատն իւր երկու աշտարակներով: Դղեկիս մէջ տեղումն կայ մի նուիրական ուխտատեղի, բայց յայտնի չէ իւր անունն: Հիւսիսային պարսպի ներսի կողմում կան մի քանի թաղակապ սենեակներ:
Դիւտական գիւղատեղի (34)
Այժմ ևս Դիւտական է կոչուում աւերակ գիւղատեղիս, որ կայ Թալիշ և Մատաղիս գիւղերի գրեթէ միջև: Աւերակիս մօտ կայ մի կիսաւեր եկեղեցի, որ ունի 13 մետր երկարութիւն և 7 լայնութիւն. և որ շինուած է բաւական ճաշակով: Եկեղեցուս արևմտեան և հիւսիսային կողմերն լի են գերեզմաններով, սակայն ամենամեծ մասամբ ծածկուած` անտառի ծառերով: Հիանալի՜ աղբիւր, ուշագրա՜ւ դիրք, դուրալի՜ տեսարան ունի աւերակս:
Հարկ է յայտնել բարեմիտ ընթերցողաց թէ Թալիշ գիւղըն, Հոռեկայ վանքն, Ներքին և Վերին––Չայլուներն և Դիւտական աւերակս կանխաւ պատկանում է եղել Ջրաբերդի գաւառիս` ըստ որոշման սարերի բնական սահմանին: Ահա այս է պատճառն որ Ջրաբերդ գաւառի շարքում գրեցինք շէն և աւերակ տեղերս: Բայց մէլիքութիւնն ծնունդ առնելուց յետոյ` այս մասը յատկացրած են Կիւլստանի մէլիքութեան:
ԺԶ. ՄԱՏԱՂԻՍ 1) ՇԷՆ. Հիմնարկուած է Թարթառ գետի ձախ ափի վերայ Պառաւի կամրջից փոքր ինչ վերև. խոր ձոր է գիւղիս տեղն և բարձր լեռներ շրջապատած են գրեթէ չորս կողմերն. իսկ Թարթառն վշվշալով և մռմռալով հոսում է շինիս ստորին կողմով: Բնակիչք բնիկ, հողն արքունի, սակաւ և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, եկեղեցին նորաշէն, կիսատ և դեռ անկնունք, 15 մետր 50ս. երկարութիւն 8 մետր 50 սանթիմ լայնութիւն. քահանան գալիս  է Վարնկաթաղից: Ծուխ 35, ար. 90, իգ. 75:
–––––––––––––––––––––
1) Բնաւ շփոթելու չէ այս Մատաղիսը Խաչեն գաւառի Մատաղիս աւերակ գիւղի հետ։

ԺԷ. ԴՈՆԻ-ՇԷՆ (Դանիէլի շէն) Հիմնուած է նոյն գետի ձախ կողմում Մատաղիսից բաւական վերև. բնակիչք տեղափոխուած են Մաղավուզից. հողն արքունի, լեռնային. գերազանց օդն, կլիման և ջուրն, եկեղեցին խիստ հին, փոքրիկ, Սուրբ Գէորգ, քահանայ մի: Հարկ է յայտնել որ գիւղս և եկեղեցիս և հանգստարանս հին են, իսկ այժմեան բնակիչք շատ յետոյ եկած են: Եկեղեցիս շինուած է անտաշ քարով, որի երկարութիւնն է 6 մետր, լայնութիւնն 4 մետր 40 սանթ. դռնագլխի քարին վերայ. «Ծառայ Աստուծոյ ես Մելքիսեթս նորոգեցի ժամատունս յիշատակ»: Վաղեմի գերեզմաններով լի են եկեղեցուս չորս կողմերն: Ծուխ 35. ար. 134. իգ. 113:
Հին գիւղատեղի. այսպէս է կոչուում այն աւերակ գիւղատեղին, որ կայ Դոնի շինից վերև և որ ունի պատուական և առատ ջուր, ընկուզի զառամեալ ծառեր, և որ պատուած է անտառով:
Ջոխտակ մատուռ, Զոյգ շինուած քարուկիր մատուռներ են, որք կան Ուղտը-կերանք կոչուած տեղում, նմանապէս գիւղիցս վերև: Այստեղ ևս կան գիւղի աւերակ, քարուկիր շինութեանց հետքեր և կաղամախի ծառեր:

ԵՐԻՑ ՄԱՆԿԱՆՑ ՎԱՆՔ.

Վանքս շինուած է Մռաւ սարից դէպի արևելք խոնարհուած մի լեռնաբազկի հարաւահայեաց լանջի հարթակին վերայ, որի ստորոտով սրընթաց խոխոջում է Թրղին 1) գետակն, որ ե օժանդակ Թարթառի: Կառուցեալ է չորս սիւների վերայ փոքր դիրքով, անճաշակ ոճով, բայց հպարտ արձանագրութեամբ: Դրան ճակատակալ քարի վերայ. «Ի թուին ՌՃԽ. ին ի ժամանակս Շահ Սուլէյմանին մեծի արքային Պարսից ես Սիմէօն շնորհիւն Աստուծոյ կաթուղիկոս 2) Աղուանից շինեցի զեկեղեցիս ընդ հարազատ եղբաւր իմոյ Իգնատիոս վարդապետին, որ եմք որդիք Սարգիս քահանային Մեծ շինացւոյ, յաղաւթս յիշեցէք որդիք Նոր Սիաւնի…»:
–––––––––––––––––––––
1) Թրղին կամ Թորաղա գետակս առած է իւր սկիզբը Մռաւի ամենաբարձր գագաթի Գոմէշ (Կեամուշ)։Սարի (որի բարձ. 12269) հարաւահայեաց լանջերից:
2) Այս է ըստ Գաղտնիքի Ա. ճըռ  և ինքնակոչ կաթուղիկոսն, որ շինած է տաճարս ոչ 'ի փառս Աստուծոյ, այլ ի յագուրդ իւր անարգ փառասիրութեան, 'ի դաւաճանութիւն Աղուանից հարազատ կաթուղիկոսութեան, հակաթոռ Գանձասարի… :

Խորանի ճակատին. «Կերտեցաւ այս յարկ նուիրանաց տանն Աստուծոյ և տաճար փառաց նորոյ ուխտի պատարագաց, զոր Տէր Յիսուս մեզ աւանդեաց, շինեցաւ յերկուց հարազատաց Սիմէօնի կաթուղիկոսի և Իգնատիոսի րաբունոյ և այլ յոգունց աշխատողաց գրելոց 'ի դպրութեան կենաց, ի թուականիս ՌՃԺԳ ին աւարտեցաւ սոյն եկեղեցի 'ի փառս անճառ Տեառն Յիսուսի……»:
Վանքս ունի երկու քարուկիր և թաղակապ խուցեր մին մեծ և միւսն փոքր:

ԺԸ. ԴԱՍՏԱԿԻՒԼ (Դաստակերտ) (35)

Աւերակ գիւղատեղի, հանգստարան և կիսաւեր եկեղեցի, որք գտնուում են Դոնի շէնի հիւսիսային կողմում մի բարձր, տեսարանաւոր, անտառապատ, բայց ուշագրաւ սարահարթի վերայ: Բաւական փառաւոր շինուած  է եղել քարուկիր եկեղեցիս, որի գլուխն այժմ խոնարհած է, բայց տակաւին մնում են կանգուն աւագ և երկու փոքր խորանների թաղերն: Թէև աւերակ, սակայն վսե՜մ տպաւորութիւն է թողում այցելուաց վերայ եկեղեցիս, որի երկարութիւնն է 13 մետր, լայնութիւնն 10: Աջակողմեան փոքր խորանի ճակատին.
«Թւ ՉԻԵ. 'ի փաթշահութեան Ապաղէին, յամի տէրութեան Իւանէի, 'ի հայրապետութեան տէր Ստեփաննոսի ես, տէր Սուքիասանց ցեղէն տէր Ներսէս հիմնադրի, տկար ոգով շինեցի զեկեղեցիս յիշատակ մեզ և մերոց, յիշեցէ'ք 'ի Քրիստոս, աղաչեմ»:
Աջակողմեան խորհրդարանում. «Ես Մուսէս (կանգնեցի) զխաչս Խաթունա և Մամխաչունայ»:
Եկեղեցուս դրան ճակատակալ քարի վերայ.
«Կամաւն Աստուծոյ, ի դատաւորութեան Արղոււին, ի հայրապետութեան տէր Ստեփաննոսի, ի տէրութեան Իւանէին և Սադրադինին որդոյ Փախրադինին, ես տէր Սարգիս շինեցի զժամատունս, զուգեցի զգաւազանս, զաւետարանս զըստ ողոգին…» (Անընթեռնելի): Այժմ չկայ ժամատունն, այլ աւերակ է: Եկեղեցուս չորս կեղմերն լի են խիտառխիտ ամփոփեալներով:
Այժմ մի փոքրիկ շէն կայ այստեղ, որի բնակիչք տեղափոխուած են Շուշուց երեք գերդաստան, Մեծ-Սիւնեաց մի գիւղիցն երեք գերդաստան, Զէյուայից չորս գերդաստան, որք զբաղուում են անասնապահութեամբ, գերազանց է օդն, կլիման և ջուրն, քահանան գալիս է Դոնի շէնից: Ծուխ 10. ար. 50. իգ. 40:
Միայնակ խաչարձան. Դաստակերտիցս Եղիշ առաքեալի վանքն տանող ուղու աջ կողմում, ոչ այնքան հեռի ուղուց, անտառում կայ մի հին խաչարձան, բայց անարձանագիր:

ԵՂԻՇ-ԱՌԱՔԵԱԼ ԿԱՄ ՋՐՎՇՏԻԿ ՎԱՆՔ. (36)

Մռաւ սարի քղանցքներից մի լեռնաբազուկ յանկարծ խոնարհուած է բարձրից երկու ձորերի մէջ, ուր և կազմած է իւր ծայրից մի բլրակ, որի վերայ հիմնարկուած է վանքս: Սրբավայրս շրջապատուած է աքխաղխեալ և բարձրագոյն լեռներով և անդնդախոր ձորերով և սոսկալի կիրճերով, վասն որոյ նեղ է և սեղմուած իւր հորիզոնն: Վանքաբլրիս հիւսիսային ծայրում բարձրացած և ցցուած է լեռնաբազուկն, արևմտեան և հարաւային կողմերում Դաստակերտի սարի շարունակութիւնն և արևելեան կողմում երկու սարերիս գրկախառնուած դիրքն: Մի վտակ արևմտեան կողմից շըռշռալով վիժում է շատ բարձրից 1), պտտում վանքիս հարաւային ստորոտի խորագոյն ձորով, դառնում դէպի արևելք և սրընթաց վազում դէպի Թարթառ: Վանքաբլրի հարաւային կողմն սոսկալի վիմահերձ է. իսկ միւս երեք կողմերն` պարսպուած քարուկիր պատով, որ ունի երեք դուռն արևմտեան, հիւսիսային և արևելեան կողմերից:
–––––––––––––––––––––
1) Ջրվշտիկ անունը` հաւանական է` որ վանքս ստացած լինի ջրիս այս զմայլելի ջրվէժիցն: Վանքս կոչուած է և Ներս-Միհրի վանք:

Բլրիս գագաթում հիմնարկուած է վանքն անտաշ քարերով, որի շինութիւնն շատ հին է, ճարտարապետութիւնն` հասարակ, բարձրութիւնն` չափազանց, և ոճն անճաշակ: Այսու ամենայնիւ ազդում է այցելուաց պատկառանք և սրբութիւն: Ունի երկու դուռն հարաւային և արևմտեան կողմերից, 10 մետր երկարութիւն, 5 մետր 80 սանթիմ լայնութիւն: Որմերի վերայ տեղ տեղ գործ դրուած է և աղիւս, որի երկայնութիւնն և լայնութիւնն 30 սանթիմ է և հաստութիւնն 11 ս.: Այժմ խոնարհուած է վանքիս ամբողջ ձեղունն և խորանի արևելեան պատն:
Մենաստանս ունի և գաւիթ շինուած միևնոյն ճաշակով և ոճով չորս սիւների վերայ, նոյնպէս անտաշ քարով, գաւիթս ունի մի դուռն արևմտեան կողմից, 9 մետր 5 սանթիմ երկարութեամբ, 8 մետր 45 սանթիմ լայնութեամբ, և սոյն արձանագրութիւնը.
«Թւ. ՉԺԳ. կամաւն Աստուծոյ ես Խաչատուր շինեցի ժամատունս յառաջնորդութիւն տէր Սիմէօնի, աղաչեմ զձեզ, յիշեցէք 'ի Քրիստոս»: Ինչպէս տաճարիս շուրջն, նմանապէս գաւթիս յատակն ծածկուած է հանգուցեալ եպիսկոպոսաց, վարդապետաց և միաբանից տապանաքարերով: Ահա շատերից մի քանիսի արձանագրութիւններն
«Այս է հանգիստ տէր Սիմէոնի ՉԽԷ.»:
«  ,,   ,,       ,,      տէր Ովանէսի 'ի թվ. ՊՁ.»:
«  ,,   ,,       ,,      տէր Վարդանի Շ. Քս. ՋԽ.»:
«  ,,   ,,       ,,      Մատէոս եպիսկոպոսին թվ. ՋՁ.»:
«  ,,   ,,       ,,      Մելքիսէթ եպիսկոպոսին, որ է առաջնորդ սուրբ ուխտիս, որ անմեղ սպանեցին Օսմանցիք ՌՃ.»:
Մենաստանիս երկու կողմերում կան մատուռներ:
Հիւսիսային կողմում. (սկսեալ այս կողմից դէպի հարաւ):
Ա. մատուռն ունի երկու խորան և երկու սեղան, որ շինուած է անտաշ քարով:
Բ. մատուռն, որ նոյնպէս շինուած է անտաշ քարով, ունի միայն մի խորան և մի սեղան:
Գ. մատրան մէջ, որ շինուած է միևնոյն ձևով, կայ Աղուանից Գ. Վաչական թագաւորի գերեզմանն, որի վերայ ձգուած է մի եռանկիւնի տապանաքար, որ պատրաստուած է առանձին խնամքով և յղկուած մաքուր տեսքով, որի երկարութիւնն է 1 մետր և 60 սանթիմ. բայց չունի արձանագրութիւն: Տապանաքարիս մօտ կայ մի քարեայ խաչարձան, որ նշանաւոր է ոչ միայն իւր խիստ հեռաւոր հնութեամբ, այլ և իւր վաղեմի քանդակագործութեան գեղարուեստի ճարտարապետութեան ձևով, այսպէս է և խորանի աջ կողմում եղածն: Մատրանս, որ ունի մի խորան, դրան ճակատակալ քարին վերայ քանդակուած է.
«Այս է հանգիստ Վաչական թագաւորին (37). Աստուած ողորմի Հայրապետայ և ոյր (իւր) ծնողացն, որ շինեց զեկեղեցիս առաջնորդութիւն տէր Սիմիոնի թիւ ՉԼԵ. էր»: Մատրանս դրան դիմացն է Ջրաբերդի գաւառի իշխող բարձրահռչակ Մէլիք Ադամ մեծի գերեզմանն: Ցաւալի է տեսնել որ անկիրթ մահմետականներն ջարդած են արձանագրութիւն կրող մարմարիոնը, որ զետեղուած է եղել մէլիքիս տապանաքարի մէջ: Այսու ամենայնիւ գաւառիս մեծ և փոքր ամենքն աւանդութեամբ գիտեն իւրեանց սիրելի իշխան մէլիքիս գերեզմանը:
Դ. մատուռն, որ կանգնած է վանքին հարաւային կողմում, երկխորան է և ունի հեռաւոր հնութիւն, որի մէջ է մի գերեզման, որի վերայ փորագրուած է. «Այս է հանգիստ տէր Մեսրոպին որդի (արդւոյն) որ է աւագ եղբայր Մելքիսէթ եպիսկոպոսին թվ. ՌՃԿԲ.»:
Ե. մատուռն, որ Դ-ից հարաւ կայ, ունի մի խորան:
Զ. մատուռս աւելի հնաշէն է, որ ունի մի սեղան և գրութիւնս. «Յանուն Աստուծոյ ես Առաքել վարդապետ, տէր Մատթէոս շինեցինք զեկեղեցիս, հաջ բերինք…..»:
Է. մատուռն ունի միայն մի սեղան:
Վանքումս կայ մի հնուց մնացած և կոտրած զանգակ, որի վերայ փորագրուած է. «Յիշատակ է զանկակս Ղազարին, որ է որդի Քիրիգորին, է թոռն Եաւրին. Յուսեփի որդի Պապէն, որ է Պողոս թուլգեր (հիւսն). ես Շահնա կարմրեցի (ձուլեցի). գինն է Գ. թուման»: Բացի զանգակիցս կայ և մի այլ կոպիտ և երկարաձև զանգակ, որ աւելի հին է:
Վանքս ցարդ սրբութեամբ պահած է Գաղտնիք Ղարաբաղի հերոսներից երկու քաջերի յիշատակը, որք են Դալի-Մահրասան և Տեօնմազ: Վանքիս արևելեան պարսպի մօտ է Աւագ-վարդապետ––Դալի-Մահրասայի բնակած սենեակն, որ ունի նեղ և փոքր լուսամուտներ և ամուր դիրք: Սենեկիս մէջ տիրում է խորհրդաւոր մթութիւն 1):
–––––––––––––––––––––
1) Ժամանակի հանգամանքներից ստիպեալ ամրոցի ձև ստացած է Դալի-Մահրասայի սենեակս. լուսամուտներն ոչ եթէ իսկապէս լուսամուտներ են, այլ հրացան արձակելու տեղեր––նեղ ծակեր:

Վանքիս հիւսիսային պարսպի փակուած դրան մօտ ներքուստ փորագրուած է գլխագրերով. «ՐՇՅՃ ես Տոնմազս բեկեցի թվ. ՌՃՀԷ.»: Գրերիս մօտ շինուած է մի փակագիր մեծ ձևով, որը կարդացի միևնոյն Տոնմազ անունը:
Մենաստանս ունի և մի քանի հին սենեակներ և գոմ պարսպի ներսում: Վանքիս դրութիւնն խիստ խղճալի է: Անդիմադրելի ժամանակն քանդում և աւերում է ամենայն ինչ: Վիճի տակ ընկած են վանքիս սեփական և անբռնաբարելի իրաւունք կալուածներն և բոլոր հողերն, սպառուել են արդեանց աղբիւրներն, վանքս կարօտ է նորոգութեան, բայց փո'ղ չկայ փո'ղ, զի խցուած են արդիւնք հոսող ակունքներն: Այժմ վանքումս մնում է իբրև պահապան մի տիրացու, որ շինած է վանքի ճանապարհը և նորոգած Զ. մատուռը:
Ողտի մատուռ. այսպէս է կոչուում կիսաւեր մատուռն, որ կայ վանքի մօտակայ սարի ուսին վերայ: Այստեղ կայ և գիւղատեղի և հանգստարան:
Մատուռ. այս անուամբ է ճանաչուում այն կիսաւեր, փոքրիկ և հին շինութիւնն, որ գտնուում է Եղիշ-առաքեալ վանքի և Եղակեր շինի միջև մի տեսարանաւոր բլրի վերայ: Մատրան դռնագլուխ քարի վերայ. «.. Ես Գրիգոր կանգնեցի եկեղեցիս բարեխաւս ինձ և ծնողաց իմոց»: Եկեղեցուս մօտ կայ և հանգստարան, որք ծածկուած են մացառուտներով և չունին արձանագրութիւն: Այսպիսի կիսաւեր եկեղեցի, հանգստարան և գիւղատեղի կայ նաև Թթոտ կոչուած տեղում, որ գտնուում է աւերակիս հարաւային հանդէպ վարի լայնագոգ լեռնահովտի մէջ:
ԺԹ. ԵՂԱԿԵՐ ՇԷՆ. Հիմնուած է այն սարի հարաւային լանջի խոր ձորում, որ իբրև սահմանագլուխ ձգուած է Մռաւից մինչև դաշտաբերան: Բնակիչք քսան տարի առաջ փոխադրուած են Մեծ-Սիւնեաց Տեղ աւանից այստեղ: Հողն արքունի, լեռնոտ և յարմար անասնապահութեան, տեղական բերքերն նոյն, (առատ է ոչխար, տաւար, չ'կայ այգի, պարտէզ և մետաքս), գերազանց օդն, կլիման և ջուրն, եկեղեցին Սուրբ Աստուածածին քարուկիր, կառուցեալ մի կամարի վերայ և հին, երկարութիւն 12 մետր 5 սանթիմ, լայնութիւն 7 մետր 50 սանթիմ. քահանան գալիս է Կիւլստանից: Տաճարիս մօտ կայ հնուց մնացեալ մեծ հանգստարան, որի մէջ գիր ունեցող գտանք միայն. «Այս է տապան Մխիթարի որդի Մեժլում քոխային թվ. ՌՃՂԹ»: Ինչպէս երևում է հին աւերակներից, աւելի շատ եղած է Եղակերիս նախկին բնակչաց ծխաթիւն: Այժմ ծուխ 35. ար. 100. իգ. 85:
Մռաւի սուրբ.
Արցախեան նահանգի ամենաբարձր լեռներից մին է Մռաւ սարն, որ ընկած է Ծար, Ըռստակ, Ջրաբերդ, Կիւլստան և Գարդման գաւառների մէջ: Արդէն գիտենք որ սարիս հարաւային կողմն ընկած են Ծար և Ըռստակ գաւառն, արևելեան կողմն` Ջրաբերդ. իսկ հիւսիսային կողմն ընկած են Կիւլստան և Գարդման գաւառներն: Մռաւիս այս ամենաբարձր գագաթն, որ սահմանագլուխ է Ջրաբերդ և Կիւլստան գաւառների, բազմած է սարիս վերայ իբրև քարաժայռ և ցից բլուր: Երկու դժուարատար, երկիւղալի և վտանգաւոր կածան կայ քարաբլրիս կատարն բարձրանալու համար, մին արևելքից` որ է Կիւլստանի մուտքն և միւսն արևմտեան կողմից` որ է Ջրաբերդի մուտքն: Քարաբլրիս գագաթի մակերևոյթն մի մեծ կալաչափ հարթակ է, որի եզերքներովն շարուած են ահագին վէմ քարեր 1) ինչպէս պարիսպ, որպէս զի մարդ չընկնի գագթիցն, նոյնպէս և տեղ տեղ մուտքերի երկու կողմերում: Ահա գագաթիս վերայ կայ մի սպիտակ, փոքր խաչքար, որի տակ աւանդաբար ասում են, թէ կայ նահատակի գերեզման, որ է ուխտատեղի: Արևելեան մուտքի մօտ կայ մի թոնրաչափ սառցատուն, որի միջից անպակաս է ամրան եղանակներում ջուր և սառն: Սրբավայր գագաթիս բարձ. է 11219 ոտք:
–––––––––––––––––––––
1) Զարմանում է մարդ թէ ինչպէ՜ս բարձրացրած են այս լեռնանման մեծ մեծ քարերը այստեղ:

Քանի՜ սքանչելի է տեղիս տեսարանն, քանի՜ ուշագրաւ է բնութեան գեղեցկութիւնն, մանաւանդ երբ բոլորովին պարզ է երկինքն: Հարաւային կողմերում երևում են ի բացուստ Արցախեան բարձր լեռնաշղթան, որոց վերայ արձանացած են Ծար, Խաչեն, Վարանդայ և Դիզակ գաւառների բարձր գագաթներն. Պարսկաստանի Սաւալան սարն և Երասխըն: Արևելեան կողմերում երևում են ամբողջ Արցախի և Աղուանից դաշտերն, Կասպից ծովի հարաւային մասն, հիւսիսային կողմում Կովկասեան լեռնաշղթան, Շահ-դաղն իւր ընկերներով և Կազբէկն. իւր. արևմտեան կողմում Կայենի լեռներն: Բայց մօտուստ պատկերացած են բոլոր դաշտային և լեռնային գաւառներն, տեղ տեղ բազմաճղի աղխաղխեալ լեռնագօտիներ, միայնակ կամ ճիւղաւորուած լեռնաբազուկներ, սարաւանդներ, օձաձև գալարուած, նաւաձև, նաւակաձև ձգձգուած ձորեր և ձորակներ, վիմահերձ լեռնաճակատներ, խոտադէզերի նման լեռնագլուխներ, բլուրներ և բլրակներ և միանգամայն լերկ,  դալարագեղ, անտառապատ և մացառուտ սարալանջեր, սեռեր և սրածայր բլուրներ:

ՋՐԱԲԵՐԴ ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ.

Երկու են գաւառիս գլխաւոր բերդերն––Քաղաքատեղի կամ մայրաքաղաք և Ջրաբերդ: Արդէն խօսած ենք ինչպէս առաջնոյն մասին, նոյնպէս և Ինն-Մասի բերդանման ապարանի մասին, ուրեմն խօսինք վերջնոյս Ջրաբերդիս 1) մասին»։
–––––––––––––––––––––
1) Կոչուած է նաև Չարաբերդ, Չրաբերդ, Ջերմուկի բերդ, ղալա: Բերդս խիստ հին է. տես. Մով. Կաղ. եր 124 «հանդիպեցան յամրոցին Չարաբերդոյ»:

Ամրոցս գտնուում է Մայրաքաղաքի ուղղութեամբ Թարթառի խոր ձորումն գետի ձախ ափի վերայ: Համարեա' թէ ջրով շրջապատուած է բերդավայրս. որի արևմտեան ստորոտով սրընթաց խոխոջում է Թրղին կամ Թորաղա գետակն և միանում Թարթառին. ապա միացեալ ջրերս պատելով բերդին հարաւից և արևելքից` դառնում են դէպի հիւսիս և ապա հեռանում վշվշալով: Ահա այսպէս թերակղզի ձևացած է բերդատեղիս: Սակայն Թրղին և Թարթառն բազմադարեան ժամանակամիջոցում քանդած, տարած և խոր խոր ձորեր ձևացրած են իւրեանց յատակը, այնպէս որ այժմ անմատչելի, ահարկու և բարձր վիմահերձ ժայռեր են բերդիս երեք կողմերն, իսկ լեռնակողմն վիմահերձիցն վիմահերձ պարսպուած է ամուր պատով: Ունի միայն մի մուտք պարսպի պատով: Բաւական տարածութիւն ունի բերդիս մակերևույթն, որի վերայ կան բաւական քարուկիր շինութիւններ, կան որ բոլորովին անվնաս մնացած են: Սակայն բուսած են բերդումս ծառեր, որոց հաստաբուն արմատներն հետզհետէ փորձ են փորձում քանդել շինութեանց հիմքերը: Բայց որովհետև բերդումս չկայ ջուր, վասն որոյ բերդիս միջից դէպի Թարթառ գետն կտրած են վիմափոր ականներ, որոց միջի սանդղաձև աստիճաններով երթևեկելով ջուր մատակարարած են բերդիս պաշարման ժամանակ: Թարթառն գործ դնելով իւր մշտագործ գործիները վերստին փորած և իջեցրած է բաւականին իւր հատակը. այս պատճառաւ ականների արտաքին բերաններն բարձր մնացած են գետի երեսիցն 1):
–––––––––––––––––––––
1) Բերդիս հանդէպ Թարթառ և Թրղի գետախառնուրդի մէջ է Անապատն, որ ունի և մի քանի խուցեր:

Ինչպէս տեսանք գաւառների սահմանների բաժանմանց շարքում, հնուց մի և անբաժան եղած են Ջրաբերդ և Կիւլըստան գաւառներս: Բայց որովհետև մէլիքութեան ժամանակ բաժանուած են իրարից գաւառս, որպէս գծուեցաւ սահմանն, վասն որոյ առանձին ենք դասաւորում գաւառիս գիւղերը, ծխաթուերը և հնութիւնները: Նշանաւոր են Կիւլստանիս տանձն, խնձորն և ցորենն:
Ա. ԿԻՒԼՍՏԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Մռաւ սարի հիւսիսային կողմում Ինջա գետակի ձախ ափի վերայ: Լեռներով շրջապատուած է գիւղս, վասն որոյ գտնուում է այն մի փոսանման ձորի մէջ: Բնակիչք բնիկ, հողն բէկական, բարեբեր, մեծ մասամբ անջրդի, անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80––85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, հոյակապ չորս սիւների վերայ (երկու փոքր խորանների վերայ կան երկու խորաններ ևս), երկարութիւն 22 մետր 80 սանթիմ լայնութիւն 15 մետր 67 սանթիմ, քահանայ մի։ Ծուխ 56, ար. 200, իգ. 175։
Ծեր-աւետարան. երկէջ, մեծադիր, թղթեայ, որ կայ եկեղեցումս և ունի չորս աւետարանչաց անճաշակ պատկերները։ Աւետարանիս գրողն է. «ԶԳրիգոր մեղապարտ գրիչ յիշեա ի Քրիստոս»։ Գողացած են յիշատակարանը մի քանի թերթերով միասին, վասն որոյ անյայտ է աւետարանիս գրութեան թուականն և գրուած տեղն։ Տաճարիս դուրսն, արևմտեան որմի մօտ մի քարի վերայ. «Այս է տապան Օհանէսին, որ էր որդի Օսէփ բէկին և թոռն Մելիք Ստեփանին 1) ՌՄՁԴ.»։
Գիւղիս հիւսիսային ծայրում կայ մի հնաշէն եկեղեցու աւերակ, որ շինուած է եղել ամբողջ սրբատաշ քարով և կոչուում է այժմ սուրբ Մինաս, որի հիւսիսային որմի վերայ. «Կամաւն Աստուծոյ շինեցինք խորանս տանուտէրն Ուլուխան, աշխատողք երկու տէր Դաւիթն, Սպարապետն, պտղն (պտղաբերողքն) առ հասարակ ժողովուրդքն թվ. ՌՃԸ.»։
Գիւղումս կայ մի քարուկիր և կամարակապ ապարան, որ ունի սոյն արձանագրութիւնը. «Շնորհիւն Աստուծոյ շինեցաւ ապարանս ի թվ. ՌՄԱ. ես Յակոբոս ծառայ Աստուծոյ իշխող գեղոյս որդի Աբրահամ Ըսպարապետին 2)»։ Բանակարանիս տէրն, որ այն սոյն սպարապետիս յետագայ ժառանգն է, ունի մի ապահովագիր, որով «Տանուտէրանց Ջանի որդի Յարութիւնն» վաճառում է Ամենափրկիչ վանքի մօտ եղած իւր գետինը Աբրահամ––իւզբաշու որդի Յակովբջան իւզբաշուն 10,000 թումանի։ Առուծախիս վկայ գրուած են «Հիւրեկայ առաջնորդ տէր Պետրոս. Ներսէս ճգնազգեաց վարդապետ, Քաջամարդիկ Մէլիք-Յոսէփ, Քաչալ Հրապետ, Կոսունց Եաւրի. Չովղուն 1) Յարութիւն, Ուստա Բալաս» ևն. հուսկ ուրեմն գրած է գրագիրն. «ՌՄԻԳ. մայիսի Զ. գրեցաւ Գիւլըստանին գլխին կալին Քարագլխին»։
–––––––––––––––––––––
1) Մէլիք-Բէկլարեանների ցեղիցն չէ մէլիքս։ որպէս հաստատում են, մէլիքութիւնն սկսուած է իւրով Մէլիք-Ստեփանով և մեռած իւր հետ։ Բայց ինչպէս կարծում եմ, ամփոփեալս լինելու է Մեծ-Սիւնեաց Մէլիք-Ստեփանեանների ցեղիցն:
2) Երևի թէ Սպարապետս եղած է Մէլիք-Բէկլարեանների զօրապետն, բայց չկայ գրաւոր ոչինչ:
3) Փոխաբերական մականուն, որ նշանմակում է՝ բանականները և անասունները կոտորող կարկտաբեր կամ բքաբեր ամենասաստիկ քամի. իսկ իմաստն է քաջամարտիկ, այսպիսի մականուններ շատ կայ Գաղտնիք Ղարաբաղի մէջ:


ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔ ԿԻՒԼՍՏԱՆԻ

Վանքս գտնուում է Սռնւորայ (սառնագին) վտակի ձախ ափի մօտ։ Ինջա գետակի օժանդակն է Սռնաւոր վտակն որ իւր սկիզբը առած է Մռաւի սրբասարի արևելեան կողմից։ Մենաստանս, որ գիւղիցն մօտ կէս մղոն հեռի է դէպի հարաւ, կառուցեալ է անտաշ քարով չորս միապաղաղ սիւների վերայ, ունի մի դուռն հարաւային կողմից, մի մեծ, երկու փոքր խորաններ, երկու խորհրդարան և երկու նեղ լուսամուտ։ Վանքս, որ ունի 23 մետր 50 սանթիմ երկարութիւն, 10 մետր 10 սանթիմ լայնութիւն, տակաւին կանգուն է, միայն ճաքուած է արևելեան պատն գագաթից մինչև գետինն և ծակուած է աւազանի ետևից, որի մօտ քանդակուած է. ՌՂ. թվ.»։ Չունի ուրիշ արձանագրութիւն։ Հարաւային կողմում կան ամփոփեալներ։
Մենաստանս իւր արևմտեան կողմում (խիստ մօտ) ունի երկու թաղակապ սենեակ, մէկի մուտքի սեմին վերայ. «թիւ ՌՃԿԴ. յիշատակ է այս օթաղս Եղիա վարդապետին»։ Միաբանութեան սենեակներն, որ գտնուում են հիւսիս արևելեան կողմում (մի քանի քայլ հեռի) արդէն կիսաւեր են։
Ամենափրկիչ մատուռ. որ մօտ է վանքիս և շինուած քարուկիր, աւազանի արևելեան խաչի վերայ. «Խաչս Հիւրիա ապաշխարողին»։ Սորա դրան առաջ. «Այս է հանգիստ Հիւրեղ տատին, աղաչեցէք. թվ. ՌԿԲ.»։
Կարմիր եղցի գտնուում է գիւղից վերև, Ինջայի ձախ կողմի լանջի վերայ աւերակ եկեղեցի, որ շինուած է եղել երկյարկ, այժմ մնում է միայն գետնայարկն, որ ծառայած է լանջը հարթելու։ Աւերակիս մօտ կայ գիւղատեղի և հանգստարան, որի մէջ մի մամռապատ քարի վերայ. «Այս է տապան Առուսի որդի ՌԱ. (թուին)»։

ԴԱՏԻ-ԲԷԿԱՆՑ ՎԱՆՔ.

Կիսաւեր վանքս գտնուում է Կիւլստան գիւղից ներքև Ինջա գետի աջ կողմում։ Մենաստանիս մօտ կայ միաբանից սենեակներ և հանգստարան։
Զաքին նհատակ. Աւերակ վանքիս հիւսիսային կողմում, Պարանապատ անուն անտառում, Ինջայի ձախ կողմում կայ գիւղատեղի, հանգստարան և կիսակործան մի փոքր եկեղեցի Զաքին նհատակ անուն։
Հին-Խրխափոր գիւղ. Հիմնուած է Կիւլստան և ՆորԽրխափոր գիւղերի միջև մի հովտում. ուր այժմ երևում են գիւղի աւերակն, թթենի, ծիրանի, տանձի և խնձորի ծառերն և պարտէզներն. իսկ ձորի արևելեան կողմում փոքր եկեղեցին և հանգստարանն։
Բ. ՆՈՐ-ԽՐԽԱՓՈՐ. Հիմնուած է Սև-գետ––գետակի (ղարաչայ) աջ կողմում, Գեօրգին սարի ստորոտում, մի գեղեցիկ դաշտակի հարաւային ծայրում. բնակիչք մի քանի տարի առաջ տեղափոխուած են Հին-Խորխափորից. հողն բէկական, (մէլիքապատկան) ջրարբի և բազմարդիւն, բացի սովորական բերքերից ընտիր տանձ, խնձոր, մետաքս և բամբակ. օդն և կլիման փոքր ինչ տաք ամրան, ջուրն պատուական. եկեղեցին նորաշէն, կիսատ, կառուցեալ չորս սիւների վերայ. որ ունի երկու դուռն հարաւային և արևմտեան, վեց լուսամուտ, 16 մետր 56 սանթիմ երկարութիւն և 11 մետր լայնութիւն։ Շինուում է Մէլիք-Բէկլարեանց Թալիշ-բէկի ծախքով և բնակչաց աշխատութեամբ. քահանայ մի։
Եկեղեցիս ունի մի պատկերազարդ գրչագիր, փոքրադիր աւետարան, գրուած թղթի վերայ, գողացած են յիշատակարանը, վասնորոյ անյայտ է գրողն, թուականն և տեղն. միայն գրուած է Մատթէոսի վերջումն. «Ստացող սուրբ աւետարանիս Շիրվանայ Հինղարցի Մելքումն և եղբարք Ապրիսն, Փիրպուտաղն»։ Իսկ Մարկոսի վերջում յիշուած են նոյն Մելքումի բոլոր ազգակիցների անուններն յականէ յանուանէ։ Ծուխ 21, ար. 88, իգ. 88։
Աղբիւր. Որովհետև եղած չէ գիւղումս աղբիւր կամ պատուական ջուր, այս պատճառաւ աւագ––սարկաւագուհին համեստափայլ Փեփրոնէ կոյս Խուբեանց Մէլիք-Բէկլարեանցն՝ իւր սեփական ծախքով վերի սարիցն խեցեղէն խողովակներով շէնս բերել տուած է պատուական ջուր, որը և երկու բաժին անելով՝ մի մասը հանած է եկեղեցուս մօտ հասարակութեան համար և միւս մասը՝ մեծ. Թալիշ-բէկ ՄէլիքԲէկլարեանցի բակն։ Եկեղեցու մասին աղբիւրի շինութեան վերայ փորագրուած է. «Ես կոյս աւագ սարկաւագուհի Փեփրոնեայ Խուբեանցս Մէլիք-Բէկլարեանց Խարխափութ (Խրխափոր) գեղջ աղբիւրն կառուցի իմով արդեամբ ի յիշատակ իմ և հանգուցեալ ծնողացս և քերց և եղբարց իմոց 1-ն մարտի 1893 թ.»։
Երկու արձաններ. Կիւլստանից մինչև Նոր-Խրխափոր բարեպաշտ ոմն հարթելով պատրաստած է կառքի ճանապարհ։ Մի արձան կանգնած է Խաչ-կեադուկի 1) մօտ և միւսն Հին և Նոր-Խրխափորի միջև։ Վերջին արձանագրութիւնը. «1890 ամի ի 1-ն մայիսի ճանապարհս շինեց Գրիգոր ՄէլիքԲէկլարեան իւր հօր Բէկլար Ֆրիդօնեան Մէլիք-Բէկլարեանցի յիշատակին։ Այս յիշատակի յարգողը թող ապագայում նորոգի գիրս»։
–––––––––––––––––––––
1) Խաչ-կեադուկումս, կայ երկու քարեայ հին խաչարձան ճանապարհի աջ ու ձախ եզերքներում, բայց գիր չունին:

Աւերակ վանք.
Կողեր անուանեալ տեղում կայ մի աւերակ վանք, որից մնացած է միայն արևմտեան պատն և հիմքերն, այստեղ կայ հին հանգստարան։
Գ. ՂԱՐԱՉԻՆԱՐ կամ Աղջա-Ղալա. Հիմնուած է Սև գետակի աջ կողմում. բնակիչք բնիկ, հողն բէկական, ամենայն ինչ նոյն, երկար կեանք 65––70. եկեղեցին Սուրբ Յովհաննէս, նորաշէն, կառուցեալ չորս սիւների վերայ. քահանայ մի, կայ արքունի ուսումնարան։ Ծուխ 120, ար. 405, իգ. 400։
Դ. ՆՈՐԱՇԷՆ ԳԻՒՂ. Հիմնեալ նոյն գետակի աջ կողմում, բնակիչք բնիկ, հողն բէկական, ամենայն ինչ նոյն, եկեղեցին Սուրբ Մինաս, ձեղունն փայտաշէն, քահանայ մի։ Ծուխ 38, ար. 223, իգ. 200։
Ե. ՂԱՀՏՈՒԹ կամ ԶԷՅՈՒԱ ԳԻՒՂ. Հիմնուած նոյն գետակի ձախ կողմում, բնակիչք բնիկ, հողն բէկական, ամենայն ինչ նոյն, չունին եկեղեցի, զի խիստ մօտ է ՂարաՉինարին. քահանան գալիս է Նորաշէնից։ Ծուխ 11, ար. 45, իգ. 42։
Զ. ՆԵՐՔԻՆ-ՇԷՆ. Հիմնուած է նոյն դաշտակի վերի ծայրումն և նոյն գետակի ձախ ափի վերայ մի սարի ստորոտում. բնակիչք բնիկ, հողն բէկական 1), կիսով չափ ջրարբի, ամենայն ինչ նոյն, օդն, կլիման և ջուրն անվնաս, երկար կեանք 80, եկեղեցին Սուրբ Աստուածածին, հոյակապ, կառուցեալ վեց սիւների վերայ, բայց սագաշէն և ցած, խորանի հիւսիսային կամարի վերայ. «Եկեղեցիս անուանեցաւ Սուրբ Աստուածածին թվ. ՌՃԽԶ.»։ Երկարութիւնն 20 մետր, լայնութիւն 9 մետր 5 սանթիմ, ճաքած է արևելեան պատն։
–––––––––––––––––––––
1) Թալիշից սկսեալ մինչև այստեղ բոլոր հողերն պատկանում է Մէլիք-Բէկլարեանց ժառանգներին. իսկ գիւղինս թուրք բէկի՜:

Եկեղեցուս դրան ճակատակալ քարի վերայ.
«Աստուած ողորմի Գօրեցի Գօրգինի որդի Տաւթին, որ պատճառ եղեւ»։ «Կամաւն Աստուծոյ շինեցաւ սուրբ եկեղեցիս ձեռամբ տէր Եղիային յիշատակ իւր և ծնողացն հօրն Աթին և մօրն Հոռոմին և կողակցին և որդոցն տէր Դաւթին, Կոսդանտին, Ետկարին… տացութեամբ Շիրմազանի որդի Մելքումին…»։ Քահանայ երեք։
Եկեղեցումս կայ երկու գրչագիր աւետարան.
Ա. աւետարան փոքրադիր, անճաշակ նախշերով, գրուած թղթի վերայ. գողացած են յիշատակարանը, վասն որոյ անյայտ է գրողն, թուականն և տեղն։ Մարկոսի վերջում միայն յայտնի է նախ՝ որ Յովհաննէս անուն միայնակեաց ստացած է աւետարանս իւր Յովասափ հարազատ եղբօր հետ։ Երկրորդ անգամ ստացած են նոյն աւետարանը այլ հարազատ եղբարք Յունան և Դաւիթ թվ. ՌՁԷ.––ին։
Բ. աւետարան. «Գրեցաւ սուրբ աւետարանս ի յերկիրս Որոտան, ի գիւղն՝ որ կոչի Լոր ձեռամբ անիմաստ և անարժան Աբրահամ գրչի ՌՃԻԷ. ամի.». Աւետարանս չունի ո՛չ պատկեր և ոչ յիշատակարան։ Ծուխ 105, ար. 481, իգ. 372։
Իրեք մանկունք. Աւերակ վանքս, որի միայն կանգուն են արևմտեան և հիսւսիային պատերն, գտնուում է գիւղիս հարաւային կողմում, նոյն գետակի աջ կողմում շինուած մի սեռի վերայ, որի երկու կողմերն ձորեր են։ Չունի արձանագրութիւն, միայն աւանդութեամբ են ասում Իրեք (երեք) մանկունք։ Վանքիցս վար, ձորի մօտ կայ Լիտր անուն հին գիւղատեղի, հանգստարան և երեք քարեայ խաչեր։
Անջուր կամուրջ.
Ներքի և Վերի շէներքի միջև կայ մի հնաշէն և քարուկիր կամուրջ Սև գետակի վերայ։ Գետակն փոխած է իւր ընթացքը դէպի հիւսիս և անջուր մնացած է կամուրջն։
Է. ՎԵՐԻ-ՇԷՆ. Հիմնուած է նոյն հովտի վերայ միևնոյն գետակի ձախ ափումն. բնակիչք բնիկ, հողն բէկական, լեռնային, անջրդի, հացաբեր. տեղական բերքերն նոյն, գիւղն շրջապատուած լեռներով, անվնաս օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 80, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ երեք կամարների վերայ. երկարութիւնն 19 մետր 50 սանթիմ, լայնութիւն 10 մետր 80 սանթիմ։ Հիւսիսային խորանի գլխին կայ գաղտնի պահարան։ Քահանան գալիս է Ներքին-շէնից։
Եկեղեցումս կայ գրչագիր, մագաղաթեայ աւետարան, որ ունի միայն չորս աւետարանչաց պատկերներ և փոքր դիրք։ Գեղեցիկ են փոքր գրերն, բայց անճաշակ և անոճ բոլոր գլխագրերն, նախշերն, ծաղիկներն և նոյն իսկ պատկերներն. գրողն է Սարգիս անուն ոմն։ Յիշատակարանից. «Ի ժամանակիս յայսմիկ, որ վասն ծովացեալ մեղաց մերոց ի վտանգի կայր ազգն քրիստոնէից ի ազգէն անորինաց և էր թուականն Հայոց ՋԽԲ. և ողիմբիաթն, որ է նահանջ՝ ՄԼ. և ղանութիւն Հասան բէկին, որ գնաց յաշխարհն Հոռոմոց և ազգի ազգի չարութիւն հասոյց ի հետ ազգին տաճկաց և ի կաթուղիկոսութեան Հայոց տէր Ռաստակեսի (Գ-ի) և հայրապետութեան սուրբ ուխտին գետամիջոյ տէր Սարգսի և փակակալութեան տեղւոյն Յովհաննէս կոյսակրաւն աբեղայի։ Բայց արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի գաւառիս Խաչենաձորոյ, ընդ հովանեաւ սուրբ Ստեփաննոսի, սուրբ սքանչելագործ Նշանիս 1) Սուրբ Սարգսի և ի տէրութեան տեղւոյս պարոն Վէլիջանին, զոր Տէր Աստուած ընդ երկայն աւուրս արասցէ։ Արդ գրեցաւ սուրբ աւետարանս յաւրինակէ տեառն Եփրեմի Խուրին Ասորոյ համարաւ և կիտիւ և բանիւ և նշանագրով… ի խնդըրոյ արքեպիսկոպոսի, որ վառեալ ջահ է եկեղեցւոյ… Պարոն Տէր։ Թողութիւն արարէք եղանակիս, որ գրուեցաւ. անձրև խիստ և տեղիքս գէճ և հողս ջրքաշ և ես մենակ»։ Շարայարուած է յետոյ.
«Կազմեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ Քարթմանկեցի (Գարդմանցի) Արիստակէս երիցու որդի Վադան քահանային ՌՃՂԸ.»։ Ապա գրուած է ի միջի այլոց. «Ես Վերին շէնի տանուտէր Յարութիւնս առի (գնեցի) զայս Քրիստոսի սուրբ աւետարանս ի անօրինաց ձեռքէն, իբր թէ գերի անկեալ թափեցի»։ Ծուխ 91, ար. 524, իգ. 454։
–––––––––––––––––––––
1) Խաչենաձորիս վանքերն են Կոշիկ անապատն, որի մէջ գրուած է աւետարանս:


ՄԷԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ.

Գիւղումս բնակում է Բէկլար-բէկ Մէլիք-Շահնազարեանց Շահփուրեանցն, որի նախնիքն ևս Մեծ-Մազրա գիւղից փոխադրուած են Արցախ, նախ բնակութիւն հաստատած Աւետարանոց աւնում, ապա Շուշում, ապա Թիփլիզում և հուսկ յետոյ գիւղումս։ Մէլիք-Շահնազարեանների այս ճիւղի պատմութիւնն անյայտ մնացած է գրականութեան. վասն որոյ զետեղում եմ այստեղ հետևեալ վաւերաթղթերը իբրև նիւթ ապագայ պատմութեան։
Ա. «Վկայական. 1860 ամի մայիսի 3-ին Առուստամ բէկ Բապայբէկեան Մէլիք Շահնազարեանց Շահփուրեանց, որոյ նախնիքն եղեալ են բնակիչք Գեղարքունւոյ (այլ ազգ. Գեօգչայու) բնակելով ի Ղարաբաղ ի ժամանակի նախկին տիրապետող կողմանս խանաց 1) շահեալ է ամենայն արտօնութեամբք և իրաւամբ յարգելի և մեծապատիւ բէկանց Ղարաբաղու՝ լինելով ՛ի շարս մեծարգոյ Հայոց իշխանաց, ունեցեալ է ընդ տիրապետութեամբ իւրով զստրուկս բնակեալս ի գեղջն Մազրայ Գեօգչայ գաւառի Զարզբիլ 2) մերձ Նախիջևանայ, ընծայեալ ծնողաց նորա ՛ի Պարսից Շահացն, առ որ յիշեալ Առըստամ բէկն ունի զհրովարտակս ՛ի Շահ Ապասէն յանուն հաւու հօրն իւրոյ Մէլիք Եաւրուն Մէլիք Շահնազար Շահփուրեանին Գեղարքունւոյ (Գեօգչայու)։ Ազգն Առուստամբէկին և ի ներկայ ժամանակիս նոյն շահի յարգելի բէկական իրաւամբք և արտօնութեամբք. Առուստամ բէկն այժմ ևս գտանի ընդ որդւոց իւրոց ի շարս Ղարաբաղու բէկաց և ունի հրովարտակս ի Շահ Ապասէն շնորհեալ նախնեաց նորա և զվկայականս ի տիրապետող խանացն Ղարաբաղու և յարգելի աղալարաց վասն մեծապատիւ բէկական իրաւանց իւրոց և վասն ծագման նորա յազգէն Մէլիք Շահնազարայ Շափուրեանց Գեղարքունւոյ (Գեօգչայու)։ Ի ճշմարտութիւն վերագրելոցն տուեալ եղեև այժմ ևս մեօք այս վկայութիւն որդւոց նորա մեծապատիւ Ասլան բէկին և Բէկլար բէկին Մէլիք Շահնազար Շահփուրեանց ի հետևումն պահանջման նոցա»։
Ստորագրուած են Մուսայէլ Դօլուխանեանց, Սարգիսբէկ Մուսայէլբէկեան Մելիք-Շահնազարեանց,
Սարգիս Բաղրբէկեան ,, ,, ,
Օվանէս-բէկ Իսրայէլբէկեան ,, ,
–––––––––––––––––––––
1) Ճըռ խաներն:
1) Գտնուում է Սոթի հարաւ արևելեան կողմում, որ և տարբեր է Ծար գաւառի Զարից և Զբիլից:

Բ. «Վկայական. Ըստ հրամանի Նորին Կայսերական մեծութեան ինքնակալին ամենայն Ռուսաց տուաւ այս ի Լուսաւորչական Հայոց կանսիստորիէս Ղարաբաղու համաձայն օրագրական սահմանադրութեան Նորին կայացելոյ յ3-դ աւուր փետրվարի 1861 ամի հիմնեցելոյ ի վերայ խնդրագործութեան բնակչի Շուշուայ գաւառի Ջրաբերդ գաւառակի Վերին շէն գեղջ Ասլան բէկի Ռուստամբէկեան Մէլիք-Շահնազար-Շահֆուրեանց վասն այն թէ արդէն երևի ՛ի հաւաքեալ օրինաւոր եղանակաւ հաւաստութեանց՝ ազգապետ սերնդոց նորա է Մէլիք Շահնազար Շահֆուրն, յորմէ ծնեալ են Մէլիք Եավրին և Եաւրի աղայն, ի Մէլիք Եավրիէն ծնեալ է Մէլիք Աստուածատուր, յորմէ ծնեալ են Միր-Դաւիթ-խան և Բապայ բէկն, ի Եավրի աղայէն ծնեալ է Նաղտի բէկն, յորմէ և ծնեալ է Միանսար բէկն, ի Բապայ բէկէն ծնեալ են Ռուստամ բէկն և Առուշան բէկն, ի Ռուստամ բէկէն ծնեալ են Ասլան-բէկն և Բէկլար բէկն, յԱսլան բէկէն ծնեալ են Միրզաջան բէկը և Բալայ բէկե և ի Բէկլար 1) բէկէն ծնեալ են Բալասան բէկն և Սերկէյ բէկն։ Ստուգութեան որոյ վկայէ Լուսաւորչական Հայոց վիճակային Կոնսիստորիայն Ղարաբաղու ստորագրութեամբ և դրոշմամբ արքունի կնքոյ, ի 19 Ապրիլի 1861 ամի ՛ի Ք. Շուշի։
Անդամ Կոնսիստորիայի Տէր Իսրայէլով.
№ 871 Քարտուղար Մէլիք Շահնազարեանց»։
–––––––––––––––––––––
1) Բէկլար-բէկիցս ծնուած են (բացի Բալասան և Սերկէյ բէկերից) Ջաւատ-բէկ, Նազար-բէկ և Առուստամ-բէկ։ Իսկ Ասլան-բէկից ծնուած են Պաւլի-բէկ և Ջիւմշիւտ-բէկ:

Մի հաստ և հին թղթի վերայ վիմագրուած է ՄիրԴաւիթ-խանի պատկերն՝ Պարսից Շահիցն շնորհուած տիտղոսի ժապաւէնով և պարսկական աստղանիշ շքանշանով. Պատկերի տակ վիմագրուած է. «Միր Դաւիթ խան Ծատուրեան ի տանէ Մէլիք Շահնազարեանց Մազրայի. ասպէտ առաջին աստիճանի կարգացն Արեգական առիւծոյ Պարսից Արքային, ևն. երբեմն դեսպան ՛ի կողմանէ նոյն արքայէ առ թագաւոր Փռանցիու 1816 թուին»։ Տպուած է նաև նոյնի Գաղղիերէն թարգմանածն։
Քարահունջ աւերակ կամ Բալլու ղայա կոչուած տեղում, որ գիւղիցս վերև է, կայ գիւղատեղի, հանգստարան և մի փոքր եկեղեցու աւերակ, որից մնում են տակաւին չորս պատերն և խորանի թաղն։
Հին-Պարիս աւերակ գիւղատեղի, հանգստարան և եկեղեցի, որ գտնուում են այն սարի գլխին, որ արձանացած է Ներքին և Վերին շէներքի և Նոր-Պարիս գիւղի մէջ և կոչուում է Շամփրապտուկ. Այժմ աւերակ գիւղումս բնակում են մալականներ։
Գիւղիս մօտ կայ մի ուխտատեղի, որը անուանում են Նահատակ։
Ը. ՆՈՐ-ՊԱՐԻՍ գիւղն շատ հեռի չէ մալականներիցն, բնակիչք տեղափոխուած են Հին-Պարիսից, հողն բէկական, ջրարբի և արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն. գերազանց օդն, կլիման և ջուրն, տակաւին չունին եկեղեցի. քահանայ մի։ Ծուխ 38, ար. 191, իգ. 165։
Թ. ԷՐՔԱՋ ԳԻՒՂ. Հիմնուած է մի խոր և հօրիզոնն նեղ ձորի մէջ, որի արևելեան, հարաւային և հիւսիսային կողմերն բարձր լեռներ են, բնակիչք բնիկ, որք մէլիքների հետ գնացած են բնակելու Բօլնիս և յետոյ վերադարձած այս տեղ. հողն բէկական, կիսով չափ ջրարբի, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն գերազանց, երկար կեանք 115 տարի. եկեղեցին Սուրբ Սարգիս, հոյակապ, բարձրաշէն, կառուցեալ վեց սիւների վերայ (երկուսն միապաղաղ) երկարութիւնն 21 մետր 70 սանթիմ, լայնութիւն 14 մետր 60 սանթիմ. դրան ճակատակալ քարի վերայ. «…մէ յիշատակ թվն ՌՃԿԵ.»։ Աւազանին կողմին մօտ փոքր խորանի ճակատին մի նրբագործ խաչքարի վերայ. «Թվ. ՉԹ. ես Ակոբ կանգնեցի զխաչս Սարգիսա և կամ ամեն ծնողաց մերոց, Աստուած ողորմի»։ Եկեղեցուս արևմտեան պատին մօտ արտաքուստ. մի տապանաքարի վերայ «Թվ. ՌՄԿԶ. որ է Պօլնուսու գալն (վերադարձն) մայիսի Ի. (20) Քրիստոսի ծառայ տէր Դանիէլ»։ Քահանայ երկու։
Գիւղիս արևմտեան ստորոտի խոր ձորով հոսում է Փոքր-Կուրակ անուն վտակն, որ է օժանդակ 1) Կուրակ գետակին։ Գիւղիս բարեկ. Սարգիս քահանայ Տէր-Սարգսեանցի մօտ կայ.
–––––––––––––––––––––
1) Իւր սկիզբը առած է Գոմէշ (նոյն Մռաւ) սարի հիւսիսային կողմից:

Ա. Մի օրինակ գրչագիր, փոքրադիր, ընդհանրական գրուած թղթի վերայ, որի մէջ է Յակոբոսի, Յովհաննու և Յուդայի առաքելոց թղթերն. (անյայտացած է յիշատակարանն)։
Բ. Բացատրութիւն Հայոց ամիսների, որպէս են նաւասարդ, հոռի, ևն.։
Գ. Մարմնախաղութիւն և երազահան։
Դ. Բացատրութիւն յատուկ և հասարակ անուանց։
Ե. «Թարգմանութիւն ի Պարսիկ բառից» և ընդօրինակութիւն «ի գրոցն Վարդանայ աշխարհագրի»։
Զ. Խրատ Պլուտարքոսի, անյայտ է գրողների անուններն։
Հարկ է յայտնել որ «Պաղդասար» անուն ոմն հեղինակից գովասանական ոտանաւորներ են պարունակում Ս. Լուսաւորչի, Հռիփսիմեանց և Տրդատ թագաւորի մասին Բ. ձեռագրումն։ Ծուխ 78, ար. 384, իգ. 364։
Ժ. ԲՕԶԼՈԽ ՇԷՆ. Հիմնուած է Էրքաջից վերև Կուրակի նոյն օժանդակի ձախ ափի բարձրութեան վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական և անջրդի, բայց հացատու. տեղական բերքերն նոյն (չունին պարտէզ և այգի), եկեղեցին Սուրբ Մինաս, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Նոր-Պարիսից։ Ծուխ 15, ար. 80, իգ. 70։
Սուրբ Մինաս. ուխտատեղի. գիւղիցս վերև նոյն, օժանդակի աջ կողմում, մի հին քարուկիր փոքր եկեղեցի է սուրբ Մինաս անուն, որի մօտ կան աւերակ գիւղ և հանգստարան։
ԺԱ. ՄԱՆԱՇԻԹ կամ Մանուշ շէն. Հիմնուած է Բօզլուխից ներքև նոյն օժանդակի ձախ կողմի բարձրութեան վերայ, բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, սակայն արդիւնաւէտ, տեսարանն գովելի, օդն,. կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 110. եկեղեցին նոր են սկսաում շինել. քահանան նոյն։ Ծուխ 35, ար. 218, իգ. 141։
Նահատակ. Գիւղիս արևելեան կողմում ընկուզի ծառերի տակ մի մատուռ է Նահատակ անուն, որի մէջ կայ մի գերեզման, բայց տապանաքարի վերայ չ՛կայ արձանագրութիւն։
Թեօդան աւերակ, գիւղատեղի է որ գտնուում է Ղարա-Բուլաղ գիւղն տանող ճանապարհի վերայ, մի ձորակի հիւսիահայեաց լանջի վերայ։ Քարուկիր և սրբատաշ քարով շինուած է եկեղեցին, որի գլուխն խոնարհուած է։ Հարաւային կողմի փոքր խորանի վերայ. «Ժամանակս Շահ Սեփին, խանութիւն Մուրթուզա Ղուլի խանին Թահուլդ, կաթուղիկոս Գանձասարայ տէր Գրիգորին թվ. Ռ.»։
Այլ քարի վերայ. «Կամաւն Աստուծոյ ես տէր Եղիշէս շինեցի սուրբ եկեղեցիս յիշատակ հոգւոյ իմոյ, կողակցին, Եկաղին, որդիքն Ատի բէկին, Նկեղ»։
Թեօդանի մատուր, աւերակիցս փոքր ինչ վերև մի քարուկիր հին մատուռ, որ ունի 5 մետր 18 սանթիմ երկարութիւն և 4 մետր 5 սանթիմ լայնութիւն, սակայն չունի արձանագրութիւն։ Արտաքուստ դրան հիւսիսային կողմում պատին յենած է քարեայ մի հին խաչ, որի երկարութիւնն է 2 մետր 35 սանթիմ, և լայնութիւնն 1 մետր 5 սանթիմ. և որի ստորոտում քանդակուած է. «Ի թուին ՉԾԷ. (1308) ես Գրիգոր ու Պապաք կանգնեցաք զխաչս ի բարեխաւսութիւն ծնողաց մերոց ԷՂոր…»։ Մատուռս նորոգած են Մանաւշեցիք. «Սուրբ եկեղեցիս Մանուշեցի շինողք են Ղևոնդ, Աւետիս, Սահակ, Գրիգոր, Դանիէլ, Սարգիս Ալիքսանեանց 1890 ամի»։ Ուխտատեղի է մատուռս, որի շրջապատն մեծ հանգստարան է, սակայն անարձանագիր են քարերն։
ԺԲ. ՀԻՆ-ՂԱՐԱ-ԲՈՒԼԱՂ ԳԻՒՂ. Հիմնուած է մի հիւսիսահայեաց լանջի վերայ, որի ստորոտով հոսում է Կուրակ գետակի աջ կողմի երկրորդ օժանդակն և փոքր ինչ յետոյ միանում նոյն գետակի հետ։ Բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100, եկեղեցին Սուբ Աստուածածին, հոյակապ, կառուցեալ վեց սիւների վերայ, երկարութիւն 22 մետր 25 սանթիմ, լայնութիւն 12 մետր 36 սանթիմ. քահանայ մի։
Արեւմտեան դրան ճակատակալ քարի վերայ.
«Շնորհօք ամենակալին մեք Ղարաբուլաղի ժողովուրդս մեծ և փոքր շինեցինք սուրբ եկեղեցիս յիշատակ հոգոց մերոց և ամենայն ննջեցելոց ի հայրապետութեան տեառն Պետրոսի (Աղուանից), ի թագաւորութեան Պարսից Շահ Սիւլէմանի խանութեան երկրիս Ուղուրլու խանին և պարոնութեան գեղիս Ֆարզալի բէկին, տարուղէն (հարկահան) Մուրթուզա Ղուլին, տանուտէր տէր Սիմէօն, տէր Յակովբ, տէր Ազարիէն, տէր Դաւիթ, Գրիգոր, Ազարիա, Շահնազար, Սարուի Աւան, որ ջերմեռանդ սիրով աշխատեցին. Մեղիդիւթ էրեցս 1) գրե։ ցի թուին ՌՃԻԵ. որ կարդաք, մէկ բերան ողորմի ասէ՛ք ամէն»։
–––––––––––––––––––––
1) Եկեղեցուս մեծութիւնն, ութ քահանայից քանակութիւնն և գիւղիս շատ աւերակ տնաբակերն ապացուցանում են թէ գիւղս մօտաւորապէս 700 ծուխ եղած լինելու է, մինչդեռ այժմ 36 ծուխ և մի քահանայ մնացած է:

Արաձանագրութեանս աջ ու ձախ կողմերում.
«Սուրբ խաչս բարեխօս Շահնազարին»։ «Ես Խօճա Անտոնս սակաւ օգնական եղէ սուրբ եկեղեցուս վարձուն յիշատակ ինձ և կողակցին Մարիանին և որդոցն Գասպարին, Մելքումին»։ «Ես Սիմէօն անարժան էրեցս կանգնեցի զսուրբ խաչս և սակաւ աշխատեցի ի վերայ սուրբ եկեղեցոյս…»։ Ծուխ 36, ար. 149, իգ. 147։
Կրակի դիմացող քարահանք––огнеупорная глина գտնուում է գիւղիս արևելեան կողմում խիստ մօտիկ։ Հանքիցս հանուած և Բագու տարուած քարերն գործադրուում են կրակով գործող մեքենաների վառարանների համար։
Հին եկեղեցի քարուկիր, միջակ մեծութեամբ, որ գըտնուում է գիւղիս վերի ծայրում ընկուզենի ծառոց հարթակի վերայ, ունի միայն մի փոքր խորան հիւսիային կողմում և մի աւագ խորան։
Անապատ. այսպէս է անուանում ժողովուրդն այն քարուկիր մատուռը, որ կայ հին եկեղեցու հիսւիսային կողմում խիստ մօտ։ Մատրանս մէջ կայ մի հանգիստ որի տապանաքարն չունի արձանագրութիւն. հետևապէս անյայտ է մեզ ամփոփեալս։ Մատրանս և հին եկեղեցու միջավայրն ամբողջապէս հին ամփոփեալներ են։
Բրտի շինի եղցին. Գիւղիս արևմտեան հանդէպ վտակի ձախ ափի բարձրութեան վերայ կայ աւերակ գիւղատեղի և մի միջակ եկեղեցի։ Այժմ ոչ ոք չէ բնակուում այստեղ. բայց կանգուն մնացած է եկեղեցին։
Միջի վանք.
Այսպէս է կոչուում այն եկեղեցին, որ շինուած է հինՂարաբուլաղից վերև նոյն օժանդակի աջ կողմում։ Եկեղեցիս շինուած է միայն մի կամարի վերայ, որի վերնամասն քանդուած և եկեղեցին ճաքած է արևելքից արևմուտք ուղղութեամբ. խախտուած է և բեմն։ Շատ ջանացինք գտնել արձանագրութիւն, սակայն չ՛գտանք, միայն գտանք  մի խաչքարի վերայ. «Այս խաչս է Կոսին» և այլ կիսատ խաչքարի վերայ. «Այս սուրբ խաչս է տէր Առաքելին Աստուծոյ»։ Եկեղեցուս մօտ կայ ընդարձակ գիւղատեղի և սրբատաշ տապանաքարերով և նրբագործ խաչարձաններով նշանաւոր հանգստարան, որի մէջ ամփոփուած են եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ և ժողովուրդ։ Զմայլում է մարդ գեղեցկաքանդակ շիրմաքարերը տեսնելով։
Երի վանք (վերին վանք)
Միջի վանքից բաւական վերև վտակի ձախ ափում կառուցեալ է երկու կամարների վերայ մի քարուկիր տաճար, որ ունի մեծ և փոքր խորաններ, աւազան, լուսամուտներ և մի դուռն հարաւային կողմից։ Երկարութիւն 17 մետր 35 սանթիմ լայնութիւն 8 մետր։ Հիւսիսային որմի վերջին կամարի տակ. «թվ. ՉԻ. Ես Տաւտար Որդի Ջանասի կանգնեցի զխաչս ինձ և եղբաւր իմոյ»։ Տաճարիս մէջ տեղում ամփոփուած է մի պատուաւոր ննջեցեալ, որի տապանաքարի վերայ փորագրուած է. «Այս է հանգիստ Սուրբ Գրիգորոյ Գանձակայ եպիսկոպոսին»։ Անվնաս մնում է տաճարս, միայն թէ գլխին բուսած են ծառեր, որք կարող են վնասել հետզհետէ մեծանալով։ Այստեղ կայ ևս գիւղատեղի վտակի ձախ հովտի վերայ և փոքր ինչ վերև հանգստարան։

ԱԼՀԱՐԱԿ ԼՃԱԿ (38)

Մղոնաչափ է Երի-վանքից մինչև լճակս, որ տաճկերէն կոչուում է Գեօգ-գեօլ և որ շրջապատուած է անտառախիտ լեռներով։ Լեռանց մէջ ամենաբարձրն է Կեփաս 1) (ըստ Տաճկ. Քեափազ) անուանած ապառաժ սարն, որ հպարտօրէն արձանացած է լճակի արևելեան հարաւային կողմում։ Սարիս լանջերի դժուարատար տեղերում հօրաններով ճարակում են քօշեր։ Լճակս բաժանուած է երկու մասի, վերնամասն կոչուում է «Ըստծու ծով» (Աստուծոյ ծով)։ Լճակիս մակերևոյթի խորանարդ տարածութիւնն է 54 օրավարաչափ (դեսեատին)։
–––––––––––––––––––––
1) Սարիս գլխին կայ մի գերեզման, որի տապանաքարի վերայ գրուած է թէ Կեփաս ճգնաւորի գերեզմանն է։ Հաւանական է թուում մեզ, որ Ալհարակ լեռ անուն տեղի տուած է Կեփաս անուան, որը մահմետականներն չկարողանալով ուղիղ հնչել Քեափազ են հնչում։

Լճակիցս, որի շրջապատում տեղ տեղ դիզուած են ահագին քարեր, ելնում են ընդհանրապէս երեք տեսակ ձկներ.
Ա. տեսակն, որ ազնիւ է միւսերից, որոշուում է իւր սպիտակութեամբ և կարմիր ու սև բծերով։
Բ. տեսակն ևս ունի սպիտակ գոյն, բայց ունի միայն սև բծեր։
Գ. տեսակն ունի սև գոյն և միայն սև ու մեծ մեծ բծեր։ Բացի հիւսիսային կողմից ելած ձկներից ազնիւ և համեղ են միւս բոլոր կողմերից հանուած ձկներն։
Կոսի կալ
Միջի վանքի արևմտեան հանդէպ վտակի ձախ  կողմի բարձրութեան վերայ մի գեղեցիկ սարահարթում կայ գիւղատեղի, հանգստարան և փոքր եկեղեցի: Խորանի հարաւային կողմի կամարի վերայ մի խաչքարի ստորոտում. «Թվն. ՈՀԹ. է …. 1) Աստուած ողորմի Սարգսին»: Եկեղեցուս հարաւային կողմում հանգստարանի մէջ. «Ամփերին Մելիցքու Բուրխտ թվին Ռ.»: Բոլոր հին եկեղեցիներս խոզանոց արած են Գետաշէնի խոզարածներն: Պատիւ է բերում Գետաշէնցւոց…:
–––––––––––––––––––––
1) Անընթեռնելի են կէտադրեալ բառերն։

ԺԳ. ՆՈՐ-ՂԱՐԱ-ԲՈՒԼԱՂ ՇԷՆ. հիմնուած է շէնս ՀինՂարա-Բուլաղից փոքր ինչ ներքև նոյն օժանդակի աջ կողմում. բնակիչք տեղափոխուած են Խաչակապ, Բանանց և Փիր գիւղերից. որք նախ գնած են Պաւլի-խան հայ բէկիցն շինատեղի և անդի հողերը, շինած բնակարաններ և ապա բնակած այստեղ: Տակաւին չունին եկեղեցի: Ծուխ 25, ար. 60, իգ. 55:
Նորաշէն կամ Ենիջայ աւերակ գիւղատեղի, եկեղեցի և հանգստարան, որ գտնուում է շինիցս ներքև:

ԲԵՐԴ ՄԷԼԻՔ-ԲԷԿԼԱՐԵԱՆՆԵՐԻ.

Չորս կողմերից առանձնացած, վիմահերձ սեպաձև բարձրացած և դէպի արևելք երկարած մի բարձրագոյն սար է, որ գտնուում է Կիւլստան գիւղից վերև: Ինջա գետակն նախ հոսում է բերդիս արևմտեան կողմով, ապա հիւսիսային ստորոտով և ապա դառնում դէպի արևելք, վասնորոյ գրեթէ թերակղզի ձևացած է բերդասարս, որի գլուխն բարձրանալու համար կայ մի դժուարատար և ոլոր մոլոր կածան, որ խիստ զառիվեր է: Բերդս ունի կրկնապարիսպ, արտաքինն՝ սարի կիսով՝ արևելքից արևմուտք. իսկ երկրորդն՝ սարի գագաթի եզերքներով, որ աւելի բրգաշատ է և անմատչելի, կարող ենք ասել, և անառիկ: Բերդիս երկարութիւնն է 230 մետր, լայնութիւնն 20 մ., պարսպի հաստութիւնն 80 սանթիմետրից մինչև 1½ մետր: Բերդիս հիւսիսային կողմում կայ աւերակ եկեղեցի և շատ աւերակ տնատեղեր: Բայց տակաւին կանգուն են մնում Մէլիք-Յովսէփի ապարանն, որ հիմնուած է բերդի հարաւային կողմում մուտքի աջ ու ձախ անկիւններում։ Բերդս ունի երկու դուռն, որից մեծն հարաւային կողմից, իսկ փոքրն հիւսիսային կողմից որ անգործածելի է: Ապարանն բաղկացած է երկու մասից, արևելեան և արևմտեան, խոնարհուած են երկոցունց ծածքերն ևս, բայց տակաւին մնում են պաշտելի հնութիւններն:
Բայց որովհետև խմելու ջուր չկայ բերդումս, վասն որոյ բերդի վերին կողմին մօտ արևմտեան հիւսիսային կողմից մինչև գետակն շինուած է մի նշանաւոր, թաղակապ, քարուկիր և ստորերկրեայ ական իբրև ջրի ճանապարհ, որով ջուր փոխադրած են բերդիս ջրամբարներն, որք գտնուում են ամրոցի վերի կողմին մօտ, հիւսիսային պարսպի մէջ: Այժմ գետակն քանդելով խորացրած է իւր յատակը և բարձր մնացած է ականի բերանն:
Ղալաչա
Բերդիս հարաւային հանդէպ հարթակի վերայ կայ մի դղեակ, որը տեղական անուամբ կոչուում է Ղալաչա: Դղեակս ամուր է և քառակուսի. չորս անկիւններում ունի չորս հաստատուն աշտարակ. իսկ հիւսիսային կողմից մի դուռն և ամեն կողմերից հրացան արձակելու ծակեր, 7½ մետր երկարութիւն, 7 մետր լայնութիւն, 4½ մ. բարձրութիւն և 1 մ. 28 ս. պարսպի հաստութիւն: Այս ևս պատկանում է Մէլիք-Բէկլարեաններին.
Դղեկիս շուրջն ընդարձակ, բայց աւերակ գիւղատեղի է, որն կարծես թէ, քաղաք եղած լինի, տակաւին պարզ երեւում են քարուկիր և խիտ առ խիտ շինուած շատ տնաբակեր, փոքր ինչ հեռուն ընդարձակ հանգստարան, բայց անարձանագիր: Դղեկիս հարթակի ստորոտում շինուած են եղել նշանաւոր բաղանիսներ. որք կիսաւեր դրութեան մէջ են:

ՉԱՓԱՐԻ ՂԱԼԱ.

Մռաւ սարից դէպի արևելք կախուած մի դալարագեղ լանջի վերայ կայ հողաբերդ, որի արևելեան կողմից հոսում է Ինջա գետակի աջ օժանդակն, որ և միանում է Ամենափրկիչ վանքից ներքև՝ Ինջային: Բերդիս, որի շրջապատն պատած է թանձրախիտ անտառներով, ասում են, բազմիցս ապաւինած է 'ի հնումն Կիւլստանի հայ ժողովուրդն, մանաւանդ պատերազմների ժամանակ և ազատ մնացած թշնամուց:
ԺԶ. ԳԱՐԴՄԱՆ ԳԱՒԱՌ, որ ընկած է Կուրակ և Շամքոր Գետակների, դաշտաբերանի և Մռաւեան լեռնաշղթայի գագաթնագծի մէջ: Ամենամեծ մասամբ անհարթ է գաւառիս մակերևոյթն: Սարսափելի խոր ձորեր, մութ մութ կիրճեր, օձապտոյտ խոխոմներ, բարձրագագաթ սարեր և բլուրներ և թանձրախիտ անտառներ գրաւած են գաւառիս մակերևոյթը: Իսկ վերնամասն խիստ զուարճալի է լեռնահարթեր, ծաղկալի հովիտներ, մարգալի արօտներ, դալարագեղ լեռնալանջեր են գաւառիս Մռաւ և Արութիւն սարի կողմերն:
Ա. ԳԵՏԱՇԷՆ ԱՒԱՆ. Հիմնուած է Կուրակ 1) գետակի ձախ ափի վերայ, խոր է գիւղատեղի ձորն և նեղ հորիզոնն. բնակիչք ամենամեծ մասամբ տեղափոխուած են Ըռստակ և Ջրաբերդ գաւառից. բնիկ է միայն ամենափոքր մասն, հողն արքունի, մեծ մասամբ անջրեի և միջակ արդիւնաբեր, տեղական բերքերն ցորեն, գարի, կորեկ, կտաւհատ, գետնախնձոր, տանձ, խնձոր, դամոն, դեղձ, խաղող, ընկուզ, կեռաս, թութ, օդն, կլիման և ջուրն գովելի, երկար կեանք 100. եկեղեցին Սուրբ Աստուածածին, հոյակապ կառուցեալ վեց սիւների վերայ համակ սրբատաշ տորոնագոյն քարով, երկու փոքր խորանների վերայ կայ այլ ևս երկու խորան. երկարութիւն 23 մետր 40 սանթիմ, լայնութիւն 14 մետր 30 սանթիմ: Եկեղեցիս, որի միջից բղխում է բարեհամ ջուր, չունի արձանագրութիւն, բայց երևում է որ նորոգուած է. քահանայ 2: Աւանումս ծաղկած է հիւսնութեան, դարբնութեան, ոսկերչութեան, դերձակութեան, թամբագործութեան, սայլագործութեան, քարտաշութեան, ոստայնագործութեան և ատաղձագործութեան, և այլն արուեստներն:
Ծուխ 434, արական 920, իգական 782. արական ծընունդ 51, իգական ծնունդ 32, պսակ 31. ար. ննջեցեալ 18, իգ. 11:
–––––––––––––––––––––
1) Գետակս է սահմանագլուխ Արցախի և Թիփլիսի հոգևոր կառավարութեանց թեմերին կամ Ղարաբաղի և Գանձակի: Գետաշէնցիքս տեղափոխուած են Ըռստակի գաւառի Խոտորաշէն գիւղիցն, որ այժմ աւերակ է: Գետակս իւր սկիզբը առած է Մռաւի միջնագագաթի––Բազրկեանի––հիւսիսային լանջերից։


ԱՒԱԳ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ.

Աւանիս վարի ծայրին մօտ շինուած է մի քարուկիր մատուռ, որ ունի միջակ մեծութիւն, ցած դուռն, 7 մետր 90 սանթիմ երկարութիւն, 5 մետր 45 սանթիմ լայնութիւն՝ Նահատակ անուն: Դասամիջի ուղղութեամբ խորանի տակ կայ մի փոս, որի մուտքն բացուած է բեմի ժողովրդահայեաց երեսից, որի մասին ասում են նահատակի գերեզման. բայց անծանօթ է անունն:
     Ներքուստ հիւսիսային որմում մի քարեայ խաչի վերայ.
«Սուրբ խաչս բարեխաւս Թանգրղուլին»:
Իսկ մատրանս դռնագլուխ քարի վերայ.
«Թվ. ՌՃԻԶ. կամաւ ամենակալին Աստուծոյ շինեցաւ սուրբ Նահատակս ձեռամբ Սի.է.նի (գուցէ Սիմէօնի) և որդուն Քամալ բէկին, օգնականութեան (թեամբ) գիւղիս, թագաւորութեան Պարսից Շահ Սուլէման….»: Մատրանս մէջ, որ և ուխտատեղի է, կան հետևեալ գրչագրերն և մասունքներն.
Ա. Աւետարան մագաղաթեայ, միջակ մեծութեամբ, արծաթապատ, ոսկեզօծեալ կողակալներով, որի մէջ կայ չորս աւետարանչաց և Յիսուսի Քրիստոսի բոլոր հրաշագործութեանց և բժշկութեանց պատկերներն: Ընտիր է մագաղաթն, գեղեցիկ թռչնագրերն, սքանչելի ծաղիկներն, հիանալի նախշերն, ուշագրաւ նկարներն, թանկագին ներկերն, ազնիւ ոսկեզօծն և զմայլելի գեղարուեստի նրբագործութիւնն: Մարկոսի և Ղուկասի վերջում գրուած է.
«Յիշատակ է աւետարանս Մահտեսի Ջանղուլուն 1) և ծնողացն Վէլիջանին, Համանին և կողակցուն իւրոյ Փարուն և եղբարց Պապին և Ետկարին և հանգուցեալ եղբարցն Միրաքին, Շահիջանին և ամենայն ազգականաց ամէն: Ծրեցաւ սակաւ յիշատակարանս ձեռամբ Ալեքսան գրչի թվին ՌՃԺ, և եօթի և ըստ իմում չափու, ասէք ողորմի»:
–––––––––––––––––––––
1) Յետոյ աւելացրած է ուրիշ գրող. «որ եղև քահանայ և եղին զանուն նորա տէր Գրիգոր»։

Յիշատակարանից. «Գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ նուաստ և յետին գրչի Նկղս (Նիկողայոսի) մեղապարտի, ունայնագործ մելանաւորի ի թուաբերութեանս Ասքանազեան և Աբեթական տումարի ՌՃԺԶ. և ըստ նորում շրջանի՝ ՂԴ. և գալստենէն Կենարարին ՌՈՀԲ. 1) ի յստոյգ և ընտիր աւրինակէ ևս առաւել համաբայիցն, զի գաղափար սորին էր ի դրանէ Սուրբ Սարգիս եկեղեցւոյ ի աշխարս Հոնաց.. աստուածապահ քաղաքն ի Կաֆայ առ ոտս Սրբոյն Սարգսի զաւրավարին ի հայրապետութեան Հայոց տեառն Յակովբայ և առաջնորդութեան ամենայն հիւսիսական կողմանց տէր Մարտիրոս քաջ րաբունապետի և ի տեղապահութեան Յակովբ վարդապետի… ի թագաւորութեան Պարսից Շահ Սափին, և Նախիջևանայ խանին Ալուղուլի….. Արդ այժմ աստուածապատում և քրիստոսաւանդ տառիս ցանկացող եղեալ աստուածարեալ և պատուական այրս մահտեսի Ճանղուին ետ գրել զսուրբ աւետարանս յիշատակ հոգւոյ իւրոյ…. զՄէլիք Նարնպէկն… դարձեալ յիշեսջիք զՄահտեսի տէր Վարդանն, որ զաւետարանիս զմագաղաթն շնորհեաց… Դարձեալ յիշեսջիք զՂրիմեցի զլուսպարոնն և զորդեակն իւր զԴաւիթն, որ մեզ տեղ շնորհեցին, որ աւարտեցաք զսուրբ գիրքս, զի դառն մահտարաժամ եղև ի քաղաքն Կափայ և մեր տեսեալ զդառնութիւն և զաղէտ մարցն, կամաւորութեամբն Աստուծոյ և հրամանաւ Նորին բնակեցաք ի Ղրիմ ժամանակ ինչ և աւարտն հասուցաք ըստ մեր տկար բնութեան և ծաղկազարդեցաք ոսկով և բազում գունզգուն որակօք…. Յիշատակ է սա ի յեկեղեցին Ամենափրկչին ի յերկիրն Նախիջևան ի գաւառն Երնջակ ի դէմս Սուրբ Կարապետին ի գեաւղն Շահկերտ, որ այժմ կոչեն Ղազանչիլար ի յառաջնորդութեան յայսմ նահանգիս յԵսայեայ և Առաքել քաջ րաբունապետաց…»:
–––––––––––––––––––––
1) Կա'մ ՌՃԺԶ.-ն սխալ է և կամ ՌՈՀԲ.-ն վասն զի Կենարարին ՌՈՀԲ. թիւն հաւասար է Հայոց ՌՃԻԱ.-ի.իսկ ՌՃԺԶ.-ն հաւասար է Քրկչ. ՌՈԿԷ. թուին։

Մեղաց գրութիւնից ազատարար Յիսուսի Քրիստոսի սոյն աւետարանն գերի է ընկնում այլազգեաց ձեռքն, որը գնում է Ջրաբերդի Մէլիք-Ադամ Ա. «որ գնեաց զսա ի հալալ ընչիւք իւրովք 'ի ձեռաց այլազգեաց… նաև մաքուր արծաթօք պատեալ զարդարեաց և ընդելուզեաց ոսկով պատուականօք և յետ (եդ) զսա յիշատակ 'ի սուրբ աթոռն Եղիշէի առաքելոյն (Ջրվըշտիկ) և սուրբ լուսաւորչին Աղուանից ձեռամբ գերիմաստ և յոգնահանճար Աւագ քաջաջան վարդապետին 1)… Յիշեցէք ի մաքրափայլ աղօթս ձեր զՄէլիք Հաթամն և հայր իւր Մէլիք Իսրայէլն և զպապն իւր Մէլիք Եսային և սորա որդոցն Ովսէփին, Մէժլումին, Իսրայէլին ևս առաւել որդւոց սոցին Սէյրարին, Ալլահղուլին, Ալլահվերտին և մօրն Հերիքնազին և որդոցն ծաղկելոց նորափթթիցն Իսրայէլին և Մէժլումին և ամենայն արեանառու ննջեցելոց… գրեցաւ թվին ՌՄ. երկուսին, որ ըստ փրկչականին 1753»:
–––––––––––––––––––––
1) Սա ինքն է Դայի մահրասան։

Բ. Աւետարան մեծադիր, հաստ, գրուած թղթի վերայ, որի սկզբում կայ ոտնալուայի, Յուդայի մատնութեան, Ղազարոսի յարութեան, Ծաղկազարդի, Քրիստոսի խաչելութեան, պատանքուելուն, քառասնօրեայ գալստեան, մկրտութեան, աւետման, ծննդեան և չորս աւետարանչաց պատկերներն, բայց բոլորովին անճաշակ և զուրկ գեղարուեստի շնորհքից և ընտիր ներկերից: Գողացած են և սորա յիշատակարանը, վասն որոյ մնում է անյայտ գրողի անունն, տեղն և թուականն: Միայն գրուած է Մատթէոսի վորջում. «Յանուն Աստուծոյ ես Յովհաննէս երէց Պետանց աբեղայս ու Բրտանց Սարգիս մեր սրտի հաւժարութեամբ աւետարանս ծախեցաք Վարդանայ և առաք ի նրանէ ա. կով, բ. կապիճ հաց, աւտարանին… Ծարեցի Չարմանին որդին Խատապայ վկայ… Նաճպատինայ որդին Վահրավայ վկայութեամբ, իմ Յոյսիկ Իրիցոյ վկայութեամբ, որ զգիրս գրեցի թվ. ՊԵ. քաղոց Գ. գրեցաւ»: Իսկ միւս թերթի առաջին երեսում գրող Կարապետ աբեղան յայտնում է թէ կազմել տուած է աւետարանս թուին «ՊԻԱ.»: «Զաւետարանս թագւորնայ բերուց (բերաւ) գինն առաւ, ու տարաւ»:
Գ. Աւետարան մեծադիր, մագաղաթեայ ամբողջապէս գրուած գլխագրերով, որ ունի միայն ծաղկազարդի և չորս աւետարանչաց պատկերներ, Քրիստոսի պատկերը որ ձախ ձեռնով բռնած է աւետարանը և աջ ձեռնով օրհնում է մի վեղարաւոր և մի գլխաբաց մարդ: Վեղարաւորի գլխից վերև գրուած է. «Քրիստոս որդի Աստուծոյ, ընկալ զբանաւոր զաւետարանս մեղապարտիս Սահակայ իբրև զՏէր և ողորմեա'»: Իսկ գլխաբաց մարդից վերև, «Առաքել ծառայ Աստուծոյ»: Աւետարանիս սկզբի նախշերի գլուխներին և տակերին գրուած են սպիտակ ներկով. «Տէր Աստուած, ողորմեա Առաքելին… Տէր Աստուած գթայ ի հոգի Ռեմանոսի ծառային քո. ամէն. Աստուած իմ Յիսուս ողորմեա մեղուցեալ ոգոյս, ամէն 1)»:
–––––––––––––––––––––
1) Գրուած է Մատթէոսի վերջում նոյն իսկ աւետարանս գրողի գրչով. «Տէր Աստուած ողորմեա' Սարգսի կուսակրաւն քահանայի….»։

Հարկ է յայտնել թէ միջակ գեղեցկութիւն ունին պատկերներն, նկարներն, ծաղիկներն և ոսկեզօծն: Համարեա թէ երեք յիշատակարան ունի աւետարանս, առաջին յիշատակարանի վերջում գրուած է. «Տէր Աստուած ամենակալ, նորոգեա' 'ի կեանս անծերանալիս զՍահակ ստացող սուրբ աւետարանիս лисн ամէն»: Նոյն իսկ աւետարանս գրողի գրչով գրուած է և յիշատակարանս և յունարէն տառերս: Երկրորդ Յիշատակարանովս յայտնում է գրողն թէ աւետարանս ստացած է Սահակ կրօնաւորն, որ եղած էր Անեցի և աշակերտ Հաղբատալ. յիշում է նաև, թէ Սարգիս կրօնաւորն միաբան Հաղբատի, «իբրև զիմաստուն վաճառական խնդրող եղեալ պատուական մարգարտին և «գտեալ զսա (զաւետարանս) ի գաւառի անդ Անւոյ, մեծածախ, ոսկեգիր և ոսկեճաճանչ ծաղկաւք զարդարեալ, ստացաւ զսա 'ի հալալ ընչից իւրոց… և ընծայեաց զսա մեծ կողմանց եպիսկոպոսարանիս, որ է իւր տեղի սննդեան և 'ի տարւոջն Բ. աւր ժամ…. ընծայեցաւ կենաց աւետարանս Սուրբ Գրիգորիս 'ի թուականութեանս ՈՀԲ. (1223) 'ի յիշխանութիւնս հզաւրին Հասանայ որդւոյ Վախթանգայ և ի հայրապետութեանս (Աղուանից) տեառն Յովհաննիսի: Եւ արդ գրեցաւ սա և ծաղկեալ կազմեցաւ յամի, յորում էր թիւ համարոյ թուականութեանս Հայոց հարիւրոց վեցից և նոյնքանեաց տասանց, իսկ նորոյս շրջանի միոյ հարիւրոյ քսան և ութեակ 1) թուոյ ի սուրբ ուխտս Հաղբատայ գծագրեցաւ ձեռամբ Յակոբայ, յառաջնորդութեան տեառն Յովհաննիսի սրբասիրի, ի թագաւորութեանն Հայոց արևմտայինն կողման Լևոնի քրիստոսասէր և յաղթող թագաւորի և մերոյ կողմանցս և Վրաց Գէորգեայ թագաւորի և 'ի սպարապետութեան Զաքարիա Շահանշահի…. զբովանդակ գոյք ծնողաց մերոց և եղբարց ծախեցաք և շինեցաք զաստուածաբնակ սուրբ եկեղեցիքս և անդ եդաք զսուրբ աւետարանս Աստուծոյ, որ շինեցաւ 'ի մէնջ ի  Վանս Արջուառճի՞….»:
Յետոյ կազմուած է աւետարանս նախ Հոռոմոսի վանքում (Օձուն գիւղի կողմերում) «հրամանաւ հաւրն Մխիթարայ»: Սորանից ներքև գրուած է. «Ի թվ. ՉՀԴ. կամաւ ամենակալին Աստուծոյ ես տէր Վանական գտի հնացեալ և աւերեալ զսուրբ աւետարանս և ետու վերստին նորոգել…»: Շարայարած է երրորդ անգամ կազմողն. «ՊԼԲ. էր, մեհեկի ամսի ԻԶ. էր, որ կազմեցաւ, որ է սուրբ աւետարանս Մեծ Կողմանց Խաչենոյ Եպիսկոպոսարանէն Մայրաքաղաքէնս 2), իշխանութեան պարոն Ջալալին, եպիսկոպոսութեան տէր Գրիգորին Գեռաքարեցին (ւոյն) …»: Կցած է չորրոդ անգամ կազմել տուողն գրելով Մարկոսի վերջում ՛ի միջի այլոց. «Ուլախաթուն… զի յոյժ հնացեալ էր սուրբ աւետարանս, ետ նորոգել զսա ի ժամանակիս, որ է Մատխան (՞) եկն Թաւրէզ թվ. ՋԽԶ…»:
–––––––––––––––––––––
1) Կոչուում է այս փոքր թուական Հայոց որ շինուած է Փառիսոսցի Սարկաւագ Յով. վարդապետն փրկչական 1116։
2) Հաւանական է որ այդ ժամանակներում եպիսկոպոսանիստ աթոռն եղած լինի մեզ ծանօթ Մայրաքաղաքին մէջ։

Դ. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ, որ ունի միայն չորս աւետարանչաց պատկերներ, բայց անճաշակ են նոյն պատկերներն, ծաղիկներն և թռչնագրերն, միայն գեղեցիկ են փոքր տառերն: Յիշատակարանից. «Արդ գրեցաւ աւետարանս այս 'ի  գիւղս որ կոչի Դաստիգիւր (Դաստակիւլ) ձեռամբ Սարգիս երիցու ի թուականիս ՌՃԻԲ.»: Երեք աւետարանների (բացի Յովհաննիսից) վերջերում գրուած է. «Յիշատակ է Սուրբ աւետարանս Եարամիշին և իւր որդի Ամիրխոճին, Թումանին… թվ. ՌՃԻԶ.»:
Մասունքներ
Ա. Մասն կենաց փայտէն զետեղուած մի արծաթեայ փոքր խաչում.
Բ. Մասն բազկին Եղիշ առաքեալի, որ կայ մի արծաթեայ ոսկեզօծեալ աջում, որի վերայ գրուած է. «Այս է աջ սրբոյն Եղիշէի առաքելոյն, աշխատողքս՝ որ այ (է) Իգնատիոս եպիսկոպոս, որ եբեր սուրբ նշխարս ի Կաֆայու (է) յիշատակ սորա, տէր Ոսկան եպիսկոպոս»: «Կամաւն Աստուծոյ Կարապետ եպիսկոպոս ետոյ նորոգեցի, Աստուած ողորմի ասացէք»: Աջիս բազկի տակի կողմի վերայ. «Կամաւն Աստուծոյ Մուրատս որդի Նիազի շինեցի սուրբ աջս, Աստուած ողորմի ասացէք. առաջնորդութեան Ոսկան եպիսկոպոսին, թվն. ՌԿԸ. էր»:
Գ. Մասն անյայտ սրբի, զետեղուած մի ականազարդ խաչում:
Աւելորդ է յայտնել թէ աւետարաններս և մասունքներս բերած են իւրեանց հետ Ջրաբերդից՝ ժողովրդեան հետ տեղափոխուող քահանայք:
Անապատ
Մի փոքր եկեղեցի է շինուած աւանիս վերի ծայրում գետակի ձախ ափում, քարուկիր կառուցեալ մի կամարի վերայ. որ ունի միայն մի դուռն արևմտեան կողմից, երկու նեղ լուսամուտ, մի մեծ և մի փոքր խորան հիւսիսային կողմում. 12 մետր 14 սանթիմ երկարութիւն 7 մետր 15 սանթիմ լայնութիւն: Դռնագլխի քարի վերայ. «Այս է Մէլիք Թամրազին (Կիւլ. Մէլիք) որդի Սարուխանին եխպար Եաւրին. Քապաճին Ապովի որդի, որ 1-ի Մէլիք Օսեփին Վէլուխոյ Պէհէզ Սարգսին, Պէհէզ»։ Անհասկանալի է արձանագրութեանս վերջին բառի իմաստն: Գուցէ «Որ 1-ի»––Ա. Մէլիք-Յովսէփին:
Ներսում միջնակամարի հարաւային կողմի կիսապատուանդանի քարին վերա. «Ես Աքոլլեցի Գրիգորի որդի Պօղոսին մար (մայր), Եփրեմին քոր (քոյր) Թագուհին 1)»։
Շինութեան թուականն է սորանից վերև խոյակի վերայ. «Թվ. ՌՃՂԸ.»։
–––––––––––––––––––––
1) Իմաստն է. Ես եմ Աքուլեցի Գրիգորի որդի Պօղոսին մայրն և Եփրեմի քոյր Թագուհին։

Անապատիս արևելեան և արևմտեան կողմերում եղած են խուցեր, դեռ մի քանիսն կանգուն են այժմ: Հաստատում են թէ Կուսանոց եղած է այս, երկար ժամանակ նըստած են այստեղ կուսանք, որոց մէջ եղած է և մի կոյս Մէլիք-Բէկլարեանների տոհմից, որի պատճառաւ Մէլիք-Թամրազին որդին նորոգել տուած է անապատս:
Անապատիս արևմտեան կողմին խիստ մօտ է Հայոց Ուսումնարանի շէնքն, որ դեռ կիսատ է և ունի 34 մետր 45 սանթիմ երկարութիւն և (պատշգամով միասին) 11 մետր լայնութիւն:

ԵՂՆԱՍԱՐ ՎԱՆՔ.

Հիմնուած է գետաշէնիս հարաւային հանդէպ եղած լեռնաբազկի սարահարթի վերայ՝ յանուն Եղիշէի առաքելոյն: Վանքս կառուցեալ է երկու սիւների վերայ համակ սրբատաշ քարով, որի երկարութիւնն է 12 մետր 43 սանթիմ, լայնութիւն 10 մետր 33 սանթիմ: Դրան հարաւային սեմի վերայ. «Թ. ՌՃԼԵ. ես Նա..ո..ա Մովսէս էրից»։
Հիւսիսային սեմի վերայ.
«Ի հոպելիանէ Ազատարարէ Գ. թուահամարէ մետասան տարեկ վեր տար (1311). ես անարժան տէր Ղազարս գրեցի»։ Երևում է որ վանքս նորոգուած է երբեմն երբեմն: Վանքս ունեցած է շրջապարիսպ և թաղակապ, գեղեցիկ սենեակներ, յորոց այժմ եօթն կանգուն և եօթն կիսակործան են: Նմանապէս կործանուած են շրջապարսպի արևելեան և արևմտեան պատերն և վանքիս հիւսիսային որմի արտաքին երեսն:
Հին հանգստարան. Գետաշէն աւանիս հանգստարանի հին մասումն կան շատ հին գերեզմաններ, որոց գլխակալ խաչարձաններն զարդարուած են հիանալի նախշերով և քանդակներով: Այնքա՜ն գեղեցիկ են փորուածքներն, մինչև անգամ այցելուն զմայլում է ժամանակին քանդակագործութեան գեղարուեստի նուրբ ճաշակին և ընտիր ոճին վերայ: Խաչարձաններիցս մէկի վերայ փորագրուած է. «Խաչս յիշատակ հաւրն իմոյ Խունին և մաւրն իմոյ Գուլին թվ. ՃՂԱ.»։ Կից սրան. «Ես Ետկար աղէս կանգնեցուցի. ես մեղաւորս Ազարիա»։
Այլ խաչարձանի վերայ քանդակագործուած է մի ձիաւոր մարդ, որ վահանը կապած իւր ձախ բազկի վերայ գեղարդը  խրած է մի այլ փախչող ձիավորի սնակուշտն, որ ուժասպառ եղած է: Առաջնոյն թիկնապահն, վեր առած վահան և նետեր, վազում է իւր տիրոջ ետևից: Փորագրուած է քաջի ստորոտում. «Թվ. ՋՂԹ. Տտէն Ազաբի էչ (էջ) իւր Բ. թաւրովն (թորով, թրով), ողորմի ասացէք»։ Հանգստարանումս կան և մելիքազունների գերեզման, որք են ՄէլիքՄնացականեանների ցեղից:
Մրցունիս
Գիւղատեղի, հանգստարան և եկեղեցի, որք կան աւանիս արևմտեան կողմում գետակին ձախ կողմի բարձր լանջի վերայ: Արդէն գոմանոց փոխած են գիւղիս աւերակը Գետաշէնցիք, բայց քարուկիր եկեղեցին կանգուն մնում է փոքր ինչ վերև աղբիւրի մօտ, որ շինուած է մի կամարի վերայ, ունի միայն աւագ խորան, մի դուռն արևմտեան կողմից, երկու նեղ լուսամուտ,, 12 մետր երկարութիւն, 6 մետր 95 սանթիմ լայնութիւն։ Խորանի վէմ քարն ունի հիանալի նախշուն քանդակներ, բայց չունի գիր: Դրան մօտ մի խաչքարի վերայ:
«Յովհանէսի մորն Նուրացիանին»։ Նոյն արևմտեան արտաքին ճակատում. «Թիւ ՉԷ. Ես Եղահ անշահ կանգնեցի զսուրբ Սարգիսս ինձ և եղբաւր իմոյ Վարդանայ»։ Մի կարակնաձև տաշուած քարի վերայ, որ դռնագլուխ եղած է, այժմ ընկած է դրան հիւսիսային կողմում արտաքուստ. «Թվ. ՉԼԴ. կամաւն Աստուծոյ և հրամանաւ սուրբ հայրապետին Ըստեփանոսի, եպիսկոպոսութեան տէր Գրիգորի. Սոմաճին, ես Յովակիմս… ի բարեխաւսութիւն հոգոյ իմոյ»։ Այս տեղ, դրանս առաջ մի գեղեցկաքանդակ խաչարձանի վերայ փորագրուած է. «Վասն Մկրտիչ եպիսկոպոսի հոգւոյն փրկութեան»։
Բ. ԱԲԼԱՀ ԳԻՒՂ. հիմնուած է Գետաշէնի հիւսիսային կողմում մի ձորի մէջ. բնակչաց մեծ մասն բնիկ, փոքր մասն տեղափոխուած Հաթերքից և այլ տեղերից, հողն արքունի, մեծ մասամբ ջրարբի և արդիւնաւէտ. տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն, կլիման և քաղցրահամ ջուրն, երկար կեանք 80. եկեղեցին Սուրբ Մինաս, հոյակապ, կառուցեալ վեց սիւների վերայ. երկարութիւն 18 մետր 85 սանթիմ, լայնութիւն 10 մետր 30 սանթիմ: Արձանագրութիւն. «Թվ. ՌՃՁԱ. յիշատակ է Պետրոսին, Յակոբին, Մրզին տրոպ (տրոպ) տէր Պօղոսին, որ էինք որդիք Աւետիսի՝ ազգէն Հասանայ, որ էր ժամանակն Վալի Նամատին (Նատր Շահին), որ կոչի Թահմազ, որ թագաւորեցաւ, ի երկրին Բարսից բազում գաւառս աւերեաց»։ Քահանան գալիս է Սուլուկ գիւղից: Ծուխ 34, ար. 91, իգ. 66, ար. ծնունդ 8, իգ. 5, պսակ 3, ար. ննջ. 3, իգ. 2:
Տաճարումս կայ Գ. գրչագիր.
Ա. Աւետարան պատկերազարդ, գրուած թղթի վերայ, միջակ դիրքով, միջակ գեղեցկութիւն ունին պատկերներն, նախշերն, թռչնագրերն և ծաղիկներն: Յիշատակարանից. «Եւ արդ ես մեղապարտ գծողս Նիկոլայոս.. գրեցի զաւետարանս ի քաղաքս, որ կոչի Վան ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնին և սուրբ Վարդան զաւրավարիս ի թուականութեանս Հայոց ՋԺԲ. ի հայրապետութեան տեառն Զաքարիայի Հայոց կաթուղիկոսի և մերոյ աթոռակալի սուրբ ուխտիս Վարակայ տէր Յովհանիսի և 'ի թագաւորութեան Ջհան Շահի Միրզին»։ Յետոյ գրուած է. «Ես Փիլիպպոս կաթուղիկոս զայս աւետա րանս ետու Սոթեցի Յակոբին, որ իւրն յիշատակ դնէ»։ Մարկոսի վերջում և յիշատակարանի ետև «Ես Մարտիրոս եպիսկոպոս Էջմիածնայ Պազուխէն գնեցի զաւետարանս ու Գ. շա-րականոց և դրի ի դուռն սուրբ Էջմիածնայ»։ Դժուրին է իմանալ թէ ինչ առթիւ ընկած է այստեղ աւետարանս:
Բ. Աւետարան մեծադիր, գրուած հաստ թղթի վերայ, առանց պատկերի, անյայտ է գրողի անունն և տեղն, գրուած է միայն յիշատակարանի տեղ. «թկվս. ԲՃՁԳ. ին». իսկ Մարկոսի վերջում. «Ի թվականիս ԲՃՂԱ. ին ես Ամիր Վահապ և Սուդի Վասիլ իշխանս շինեցի եկեղեցիս, և գաւառանս, առուն հանեցի Կինեվանուց ձորերէն ու սարերէն. բնակիչք գիւղիս խոստացան տարէնը Գ. ժամ կատարողն Աստուծոյ աւրհնի: Դարձեալ կամուրջն շինեցի, ու կապն կապեցի. ԹՃ. (900) անծեն յերինջ (չծնուած երինջ) մորդեցի, աչխարաց, ղոչից, գառնից սաւա 1). այս եղաւ դարձեալ Բուսխանի (սառնատան) մուլքն իմն էր, ջուր չունէր, շապտէնն ա. աւր ծակ քարով ջուր տվի իմ մլքի խաթրին համար»։
–––––––––––––––––––––
1) Բացի ոչխարից-խոյից և գառներից։
2) Թերևս մտահան արած չէ ընթերցողն Հաթերքեցի Տէր-Հովհաննէս Ղալաբէկը: Երևում է որ աւետարանս բերուած է Հաթերքից։

Աւետարանիս սկզբումն. «Շահ Ապազն վար (որ) երեկ, Ղարապաղս կալաւ, պարոն տէր Ոհանն Գանճոյ քաղաքէն շատ գերի ազատեց, շատ գիրանք ա. շարականոց նրետ Սուրբ Եղիշեայ առաքեալին վանքն. դ. մաշտոց, ա. աւետարան, ա. սաղմոսարան, ա. աղթարք, ա. խրատագիրք տուի տէր Մելքիսեթն…: Տէր Ոհանէսս Ղալապեկ 2) ես այս գիրանքս ազատեցինք անաւրինաց ձեռքէն, տվինք մեր հոգիս ա. աւետարան տվի Ոսկեան, ա. շարականաց տվի Աւանէս էրէցն Շաշվացի. թիւն ՌԾԶ. էր»։
Գ. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ, առանց յիշատակարանի, միայն Ղուկասի վերջում գրուած  է. «Յանուն Աստուծոյ ես Մուրադչէս ծախեցի զիմ հայրենի աւետարանս քեզ Խաչատուր Իրիցիդ.. ի գօառէն (գաւառէ՛ն) Եղիշէի առաքելոյն 'ի յաթոռոյն Ջրվշտկայ 1)… և սպասաւորին սուրբ ուխտին Հախբատայ.. 'ի թվ. ՊՂԷ. 'ի տրէ ամսոյ 'ի ԻԵ. Աստուած շնորհաւոր անէ. ամէն»։
Ս. Յովհաննէս ուխտատեղի. Գիւղիս հջւսիսային կողմում բարձր սարի գլխին մի փոքր խաչարձան է, որի մօտ կան մեծ մեծ հացի և կաղնի ծառեր: Խաչիս վերայ եղած է մատուռ, որ վաղուց արդէն փլած է:
Գ. ԲԱԽՇԻ կամ ՀԱՃԻ ԳԻՒՂ. Շինուած է Աբլահի հարաւ արևմտեան կողմում, մի ձորակի ձախ լանջի վերայ. բնակիչք 1870 թուին տեղափոխուած են այստեղ Հաճի-քեանդ ամարանոցից մարմնաւոր կառավարութեան հրամանաւ, հողն արքունի, լեռնային, անջրդի, մջջակ արդիւնաւէտ, պատուական օդն, կլիման և ջուրն, եկեղեցին Ամենափրկիչ, քարուկիր կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւն 17 մետր 29 սանթիմ, լայնութիւն 8 մետր 29 սանթիմ: Եկեղեցուս դրան մէջ, ներքուստ արևմտեան որմի վերայ. «Սուրբ խաչս էտգար (յիշատակ) Էղիսաբէթ թվ. ՌՀԹ.»։ Յայտնի է որ եկեղեցիս հնաշէն է, գիւղս արդէն աւերակ եղած է, նոր բնակչաց եկած ժամանակ. խջստ մեծ է հին հանգստարանի ծաւալն: Ծուխ 36, ար. 127, իգ. 93, ար. ծն. 5, իգ. 3, պսակ 2, ար. ննջ. 1, իգ. 1:
Դ. ՍՈՒԼՈՒԿ ԳԻՒՂ. Շատ հեռի չէ Բախշի գիւղից Սուլուկ կամ Ազատ գիւղն, որ հիմնուած է Պանդ անուն սարի արևելահայեաց լանջին վերայ. բնակիչներից բնիկ 15 գերդաստան, Խոյից գաղթած 20, Բօզլուխից եկած 7, իսկ Բախշի գիւղից տեղափոխուած 8 ծուխ: Հողն արքունի, լեռնային անջրդի և սակաւ արդիւնաւէտ, գերազանց օդն, կլիման և ջուրն և տեսարանն երկար կեանք 100 տարի եկեղեցին Ս. Յովհաննէս Մտրտիչ 2) քարուկիր, կառուցեալ չորս սիւների վերայ, երկարութիւն 16 մետր 80 սանթիմ լայնութիւն 10 մետր 40 սանթիմ:
–––––––––––––––––––––
1) Կարծում ենք որ Ողտի-Մատուռ աւերակ գիւղացի է (գտնուում է Ջրվշտիկ վանքի մօտ) աւետարանիս ծախողն։
2) Տաճարիս հիւսիսային կողմում, դրան վերայ բարեպաշտ ոմն շինած է երկյարկ զանգատուն. «Սուրբ Աստուածածին (սխալմամբ գրուած է) եկեղեցւոյ զանկագատունս շինեցի արդեամբ Մակի Պետրոսեան Աւալեանցի ի յիշատակ հանգուցեալ որդոյ իւրոյ Խաչատուրի 1890 յամի մայիսի 10 օրն»։

Արձանագրութիւն.
«Շնորհօք Ամենակալին ես Մէլքէմ գամաւս շինեցի եկեղեցիս յիշատակ ինձ և նախնեացս պարոն Աղային, Մէլիք Ետկեարին, Մէլիք Աղապէկին, Ղամար-Սուլթանին և իւր ծնողին Մէլիք Պաղուն, Աւար խաթունին, կողակցին Սավոյինային և եղբօրն. Պատօ պէկին, Աղասի պէկին. թվ. Ռ…»։ Քահանայ մի: Ծուխ 50, ար. 192, իգ. 181, ար. ծն. 7, իգ. 6, պսակ 2, ար. ննջ. 1, իգ. 1:
Վանք (աւանդութեամբ Երմողեայ քահանային)
Գտնուում է Սուլուկից քառորդ մղոնաչափ վերև մի սեռի բլրակի վերայ, որ կախուած է երկու առուակների մէջ: Մատրանս, որ շինուած է հնուց անտաշ քարերով, խոնարհուած է գլուխն, մնում են այժմ միայն չորս պատերն: Դռնագլուխ քարի վերայ.
«Թիւն ՉԻԸ. ես Մխիթար ու Տիրածէր շինեցաք զեկեղեցիս ի հայրապետութեան տէր Ըստեփաննոսի Աղուանից կաթուղիկոսի»։ Փոքր ինչ վերեւ դռնագլխից. «Ապաղայ Ելչ խանին ու Խարայնախին Աւառս լեղով շինեցի զեկեղեցիս»։ Մատրսնա մէջ կայ մի հանգիստ, որի շիրմաքարն կոտրուած է միջից, կտորները միմեանց մօտ բերելով՝ կարդացինք հետևեալը. «Այս է հանգիստ Սայի որդի Հասանայ փեսայիս»։ Դարձեալ ներսում մի կոտրած խաչարձանի վերայ. «Թվ. ՈԻԳ. է….»։ Այլ տապանաքարի վերայ դրսում. «այս է հանգիստ Միսայէլայ Սասնի որդի, որք կարդէք, յաղաւթս յիշեցէ'ք թվ. Չ.»։ Մեծ հանգստարան տարածուած է մատրանս շուրջն, յորոց շատերն ունին նշանաւոր տապանաքարեր և գեղեցկաքանդակ խաչարձաններ: Մի մեծ խաչարձանի վերայ. «Կամաւն Աստուծոյ կանգնեցաւ սուրբ նշանս ի բարեխաւսութիւն Մալսուկին և ծնողաց իւրոց և եղբարց իւրոց Արթուշին, Խաւջին, Շահմէլիք խաթունին թվ. ՊՂԶ.»։ Մատրանս հիւսիսային կողմում. «Այս է հանգիստ Ջեանայ որդի Հասանայ 'ի թվ. ՉԿԴ:»։
Մատրանս արևմտեան կողմում կայ գիւղատեղի։ Հետքերից երևում է, որ նշանաւոր գիւղ եղած է այս։

ՊԱՆԴԱԼԻՈՆ ՎԱՆՔ (39)

Վանքս հիմնուած է նոյնանուն սարի բարձր գագաթին վերայ։ Մատուռիցն մինչև սարիս գլուխն շարունակ զառիվեր է, բարձրանում է մարդ երկու ժամում և իջնում երեք քառորդ ժամում։ Ձուաձև բարձրացած է վանքաբարձ սարն 1) և բոլորովին առանձնացած իւր շրջապատի բոլոր լեռներից։ Երկու մեծ կալատեղի չափ տափարակ է վանքասարիս կատարն, որի վերայ վաղուց եղած է մեծ վանք, շատ սենեակներն և միաբանութիւն։ Բայց այժմ մի մատուռ է շինուած հին վանքի տեղում, որն վաղուց փլած է արդէն։ Բարեպաշտ ոմն Գանձակեցի բարեկ. Սարգիս քահանայ Ազարեանց ի հիմանէ նորոգած է մատուռս ի յիշատակ վախճանեալ իւր Յովհաննէս որդուն։ Իսկ մատրանս երկաթեայ դուռն յիշատակ է նոյնպէս Գանձակեցի Պ. Մկրտիչ Յովհաննիսեանին։ Մեծ ուխտատեղի է մատուռս, որի ուխտի օրն է Ս. Աստուածածնայ տօնն։
–––––––––––––––––––––
1) Վանքիս անուամբ ամբողջ սարս կոչուում է Պանդալիոնի սար, որը, կրճատելով ըստ տեղական սովորութեան, Պանդայ վանք, Պանդայ սար են անուանում։ «Աղուան. եր. և Դր.» գրքի 208 երեսում գրուած է. «Գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ… Աբեթէի ՛ի գեող Անուն Հաւատուն Հինդուզակ ՛ի դուռն.. Պանդալիոնի բժշկի, ևն.»։ Կարծում ենք, որ վերևի մատրան գիւղատեղին է Անուղ––Հաւատուն––Հինդուզակ գիւղն:


ՀԱՃԻ ՔԵԱՆԴ.

Գտնուում է Սուլուկի հիւսիսային կողմում մի անտառապատ և բարձր սարահարթի վերայ։ Ինչպէս կանխաւ իմացանք բնակում էին այստեղ Բախշի կամ Հաճի-քեանդի բնակիչներն։ Բայց 1870 թուին կառավարութեան հրամանաւ այս տեղն փոխուեցաւ ամարանոց Գանձակ քաղաքի՝ միևնոյն Հաճի-քեանդ անուամբ։ Այժմ շինած են գեղեցիկ բնակարաններ, որք ներկայացնում են իբր մի կատարեալ փոքրիկ քաղաք, որի մէջ ամրան ամիսներում լինում են՝ հեռագրատուն, փոշտ և դատարան։ Հայոց եկեղեցին այժմ փոխուած է Ռուսաց եկեղեցու։
Գիւղատեղիներ և հանգստարաններ.
Հայոց գիւղատեղի և հանգստարան կայ
Ա. Հաճի-քեանդումս։
Բ. Սորանից ներքև արևելեան ձորի մօտ։
Գ. Նշանաւոր խաչարձան Հաճի քեանդից վերև անտառի մէջ։
Դ. Դեղին Սար կամ Սարու եալ կոչուած լանջի վերայ։
Ե. Հաճի քեանդի և Մռութ գիւղի միջև անտառախիտ ճանապարհի վերայ ծմակի մէջ կայ մի աւերակ մատուռ Քեօշք անուն, որի արձանագրութեան քարն կոտորուած է. կէս մասին վերայ. «՛Ի թիւ Հայոց ՋԶ. կամաւն Աստուծոյ և ողորմութեամբ Քրիստոսի Ամենակալին շինեցի զեկեղեցիս……»։ Մատուռիցս փոքր ինչ հեռի կայ և գիւղի աւերակ։
Ե. ՄՌՈՒԹ ԳԻՒՂ. Հիմնուած է Պանդալիոն սարի հիւսիսահայեաց լանջի վերայ անտառի մէջ. բնակիչք բնիկ, հողն արքունի, լեռնային և սակաւ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն (չունին պարտէզ և այգի) պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90––95 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, փոքր և նորոգեալ ի հիմանէ, որ ունի մի քահանայ. և սոյն արձանագրութիւնը.
«Ես Գանձակ քաղաքացի Մահտեսի Քերովբէ Տէր-Մարտիրոսեան կառուցի իմով արդեամբք եկեղեցիս Մռուտ գեղջ ի յիշատակ պապին իմոյ Տէր-Մարտիրոս աւագ քահանայի և ծնողաց իմոց Մկրտումի և Հռիփսիմի և կանանց իմոց Խանումի (վախճանեալ) և Սեհարի ամի Տեառն 1881»։ Փորագրուած է արձանագրութեանս տակ. «Եկայք առ իս ամենայն աշխատեալք և ծանրաբեռնեալք և ես հանգուցից զձեզ». Ծուխ 30, ար. 135, իգ. 131, ար. ծն. 15, իգ. 14, պսակ 6, ար. ննջ. 2, իգ. 2։
Զ. ՈՍԿԱՆԱՊԱՏ (40) ԳԻՒՂ. Հիմնուած է Մհակ սարի ստորոտում, Գանձակ գետակի 1) ձախ ափի բարձրութեան վերայ, խոր ձորի մէջ, բնակիչք բնիկ, հողն արքունի, լեռնային անջրդի և սակաւ արդիւնաբեր.. տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն և կլիման, գովելի ջուրն, 90 տարի երկար կեանքն. Սուրբ Յակովբ եկեղեցին, հոյակապ կառուցեալ չորս սիւների վերայ, երկարութիւն 25 մետր 55 սանթիմ, լայնութիւն 11 մետր։ Տաճարս ունի նաև հարաւային և հիւսիսային պատերում առանձնապէս կամարներ և ոտներ, ինն լուսամուտ, երկու փոքր և մի աւագ խորան և մի դուռն։ Աւազանի մօտ հիւսիսային խոյակի վերայ. «Ես Ովանէ՛ս, Գրիքոր կամարս բերի Գուդկան, դվիմ իմ մեր (մօր) Ուռումի (Հռիփսիմէի) հոգին համար»։ Արտաքուստ արեւմտեան ճակատին. «Սուրբ խաչս աւգնական Տէր Ովանէսին թվ. ՈԴ.»։ Քահանայ մի։ Ծուխ 89, ար. 321, իգ. 275, ար. ծն. 7, իգ։ 6, պսակ 4. ար. ննջ. 2, իգ. 2։
–––––––––––––––––––––
1) Կոչուում է և Ոսկանապատի (Զուռնաբադի) գետ:

Տաճարումս կայ երկու գրչագիր.
Ա. Աւետարան մագաղաթեայ, միջակ դիրքով, որ ունի միայն չորս աւետարանչաց պատկերներ։ Ընտիր են պատկերներն, նախշերն ծաղիկներն, թռչնագրերն, ոսկեզօծն և գոյներն։
Յիշատակարանից. «Ի ձեռն ուրումն եբեր յաշխարհէն Հայոց գրեալ ոսկեզաւծ որակաւք ի Դրազարկն ձեռամբ Թորոսի փիլիսոփային, զոր տեսեալ տեառն Ստեփանոսի Տարսայիճ հզաւր և իմաստուն գիտնականի վարժեալ ի վարժարանի վարժապետին Եսայոյ տիեզերաքարող լուսաւորչին, որդի իշխանաց իշխանին քաջ սպառազէն մենամարտիկ զինաւորի Ջալալին, թոռն մեծ Աթաբակին Հայոց և Վրաց Վեհ Տարսայիճին, Տէր և Վերատեսուչ գահերէց և գլուխ արհի երից աթոռոցս Սիւնեաց Տաթևոյ և Նորավանից և Ցախաց քարոյ, պետ երկոտասան գաւառաց, ուրախ եղև իբրև ընծայ ի վերուստ առաքեալ։ Եւ յաղագս եղբաւր իւրոյ պարոն Շահնշահի, որ կիսաւրեայ մահուամբ, տղա տիաւք, ցանկալի տեսողաց, գեղեցիկ հասակաւ, և քաղցր բարուք, աներկևան հաւատով և հաստատուն յուսով՝ ի բազմավրդով կենցաղոյս խրախոյս տուեալ առաջնոր դեաց խաղաղական և բարի հրեշտակաւք առ յոյսն ամենայնի և յԱստուած բոլորից, որ հանգուցանողն է ամենայն հոգւոց բարեաց, հանգուսցէ ի գոգն Աբրահամեան նովին հաւատով լցեալ։ Ստացաւ հանդերձ հոգևոր հարբ իւրով Կիրակոս վարդապետովն ի հալալ արդեանց իւրոց և ընդելուզել ոսկւով և արծաթով և ակամբք պատուականաւք յիշատակ վերասացեալ եղբաւր իւրոյ։ Եւ արդ ես նուաստ, եղկելի, թշուառացեալս Ստեփաննոս խոց լերթոց և թախիծ կսկծալի սրտիւ, հողամած դիմաւք զդասդ սրբազանից զպատահեալսդ տիեզերաքարոզ աւետարանիս սրտի մտաւք յիշել զգեղաղէշ և զարեգակնափայլ եղբայրն իմ զպարոն Շահանշահ առաջի զենման Քրիստոսի… յիշել զծնողսն իմ զհայր իմ զՋալալն և զմայր իմ զամենաւրհնեալ Գոնցա և յերկար կենդանութիւն խնդրել երկուց եղբարց իմոց պարոն Էլիկիւմի և Աղբուղային։ Եղև մեզ այս բաւթ տրտմագին ՛ի տաւնի զատկին ՛ի ՉՁ. թուականի Հայոց ՛ի տրէ Գ.»։ Մատթէոսի սկզբում գրուած է ի միջի այլոց. «Ես Յովհաննէսս Ոսկանապատոյ ձեռնաւորս գնեցի զաւետարանս իմ հալալ արդեամբս յիշատակ ինձ և իմ ծնողաց»։
Բ. Աւետարան, թղթեայ, միջակ դիրքով, պատկերազարդ, բայց ո՛չ այնքան ճաշակով գծուած, Յիշատակարանից. «Շնորհիւ Տեառն սկսայ և ողորմութեամբ նորին կատարեցի, զմեղուցեալ գրիչս Իսրայէլ յիշեցէ՛ք…. Արդ գրեցաւ սա յարքունական երկիրն Մոկաց ի տեղիս Անապատ, որ Փասավանք կոչի, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնիս.. ձեռամբ յոգնամեղ և անարուեստ գրչի Իսրայէլ… ՛ի թուականիս Հայոց ՋԺԲ. ամեն. ՛ի խնդրոյ.. Մահդասոյն Պաւղոսի յիշատակ հոգւոյն իւրոյ»։ Յետոյ գրուած է. «Նորոգեցաւ սուրբ աւետարանս ընդ հովանեաւ աստուածընկալ սուրբ Նշանիս Վարագայ ձեռամբ Սահակ անարժան աբեղայի ի յառաջնորդութիւն սուրբ ուխտիս Կիրակոս վարդապետի, որ բազում ջանիւ զվանքս կրկին անգամ նորոգեաց զեկեղեցիք, զդարպաս, զտներ, զոր ի շարժմանէ ապականեալ էր, ի թուականիս ՌՂԸ. ի խնդրոյ Յոհան անուն անկեալ երիցին, որ ստացաւ զսա ՛ի հալալ ընչից իւրոց և ետ նորոգել»։ Դժուարին է իմանալ թէ ի՞նչ դիպուածով ընկած է Ոսկանապատ գիւղիս մէջ։
Սուրբ Աստուածածնայ վանք.
Հիմնուած է գիւղիս վերի ծայրում գետակին ձախ ափի վերայ, կառուցեալ երկու կամարների վերայ, որ ունի մի դուռն հարաւային կողմից և երկու նեղ լուսամուտ արևելեան և արևմտեան կողմերից և միւս ևս հարաւից։ Երկարութիւն 12 մետր 75 սանթիմ, լայնութիւն 6 մետր 75 սանթիմ։ Ունի եկեղեցու ձև և ոչ վանքի, սակայն ունեցած է միաբանից խուցեր տաճարս իւր արևմտեան կողմում, որպէս վկայում են տեսողք. բայց յորդ անձրևի հեղեղներն քանդած և տարած են սոյն սենեակները և կոյտ կոյտ խիճեր դիզած խուցերի տեղերում։ Տաճարիս հարաւային որմի մօտ արտաքուստ. «Այս է տապան Յարութիւն պապին, որ վերստին նորոգեաց սուրբ եկեղեցիս թվ. ՌՄՀ.»։
Սուրբ Սարգսի վանք.
Ս. Աստուածածնայ վանքիս հանդէպ գետակի աջ ափի վերայ, շինուած երկու կամարների վերայ, վնասուած գագաթնագծի ուղղութեամբ մինչև գետինն։ Վէմ խաչքարի ստորոտում. «Սուրբ խաչս աւգնական….»։ Աւերակ դրութեան մէջ են միաբանից խուցերն և շրջապարիսպն։
Գիւղիցս բաւական վերև, գետակիս ձախ կողմում կան հետևեալ հնութիւններն, որք շինուած են իրարից զանազան հեռաւորութեան վերայ։
Ա. Դաստրափոր աւերակ գիւղ Հայոց, այժմ թրքաբնակ, բայց մնում են հանգստարանն և վեց սիւների վերայ շինուած հոյակապ եկեղեցին։
Բ. Ցնծահալ, որ նոյնպէս թրքաբնակ է, որ ունի ընդարձակ հանգստարան և մեծ քարուկիր եկեղեցի, որի գլուխն խոնարհուած է։
Գ. Գեատամիշ (Գետամէջ) գիւղ. որ ունի հանգստարան և մի անսիւն միջակ մեծութեամբ եկեղեցի։ Թրքաբնակ է և աւերակս։
Դ. Պալլուջա աւերակ գիւղ։
Է. ՄԻՐԶԻԿ ԳԻՒՂ. Հիմնուած է Ոսկանապատի հիւսիսարևմտեան՝ կողմում մի տեսարանաւոր և արևելահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ. հողն արքունի, անջրդի և լեռնային, տեղական բերքերն նոյն (առատ է տանձ, խնձոր, ոչխար) գովելի օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90, եկեղեցին Սուրբ Գաբրիէլ, քարուկիր, կառուցեալ չորս սիւների վերայ և խաչազարդեալ վաղեմի խաչքարերով. երկարութիւն 16 մետր 95 սանթիմ, լայնութիւն 12 մետր 10 սանթիմ։ Դռնագլուխ քարի վերայ. «Արդեամբ Միրզիկայ սուրբ Գաբրիէլ եկեղեցիս շինեցաւ 1674 ամի»։ Հարաւային փոքր խորանի սեմին վերայ. «Կանգնեցի Սարուխանս սուրբ խաչս (բերուած է հանգստարանից) բարեխաւս Ոսկի հոգուն թվ. ՌՀԶ.»։ Եկեղեցիս ունի և փոքր զանգակատուն և մի քահանյ։ Ծուխ 60, ար. 320, իգ. 277, ար. ծն. 17, իգ. 12, պսակ 7, ար. ննջ. 2, իգ. 2։
Ովասափ մատուռ. գտնուում է գիւղիս հարաւային կողմում, մի բարձր սեռի վերայ ուղու տակին։ Այժմ կիսաւեր է, շինուած է եղել անտաշ քարով, բուսած է խորանում մի մեծ կաղնի ծառ։

ՔԵԱՐԽԱՆԱՅ ՎԱՆՔ.

Հիմնուած է մատուռիցն վերև մի գեղեցիկ լեռնահովտի հարաւային ծայրում։ Բարձր սարեր պատած են վանքիս հիւսիսային, արևմտեան և հարաւային կողմերը (վանքիս այս կողմն ձոր է, խորանդունդ ձոր, որից հոսում է մի առուակ և միանում ստորև Գանձ. գետակին)։ Վանքս շինուած է մի կամարի վերայ տորոնագոյն տաշուած քարով, և ունի երկու փոքր և մի աւագ խորան, վեց նեղ լուսամուտ և մի դուռն արևմտեան կողմից, 12 մետր երկարութիւն, 7 մետր 70 սանթիմ լայնութիւն։ Բեմի ճակատին մի խաչքարի վերայ. «թվ. ՌԿԴ.»։
Վանքս ունի և գաւիթ, որ շինուած է հասարակ քարով 7 մետր 30 սանթիմ երկարութեամբ և 7 մետր լայնութեամբ, որի մէջ ամփոփուած են.
«Հանգիստ հողապատեան տեառն Եղիազարու յաւէտ հանգիստ է անվշտակիր նշխար սորին, որ աստ կան, հոգին գոլով միջնորդ առ Տէր ժտական վասն իւր որդեկացս, որ եմք տատանման փորձանաց գաղտնի, որ օցտել փութան զմիաբանութիւն հոգևորական, փրկել ի փորձանաց այժմ և յապագայն, հանգեաւ սուրբ հայրն մեր թուին Հայկազնւոյ ՌՃԿԲ.»։
«Այս է հանգիստ Չարեքու անապատի Մկրտիչ վարդապետին թվ. ՌՂԵ.»։
«Այս է՛ տապան տանս սպասաւոր Մահտեսի վերաձայնի, Նաւասարդ աղա անուանի, եղբայր Թամրազ Քալանթարու Զակամ Մեծ Սահակ ՛ի Ղարամուրատ գեղջէ, կոչի Արամի, մահն դիպէ վաթսուն Բ. ամի ՌՃՂ. թուի և շամդրեա 1) մարմին է ՂԳ. ամի»։
–––––––––––––––––––––
1) Գուցէ շատամեայ:

Վանքս ունի և կիսաւեր շրջապարիսպ և մի քանի խուցեր միաբանից համար, որք արդէն քայքայուում են հետզհետէ և մի քանի օրավար պատուական հողեր։ Վանքիս արևելեան կողմում է Քեանդակիրմազ մականուանեալ Սարգիս վարդապետի գերեզմանն։
«Այս է տապան Սարգիս վարդապետի Ազարեանց Տփխիսեցւոյ Քեանդակիրմազ մականուանեալ, որ յայտնապէս անբաստութեամբ (անբասիր) վարեաց զկարգ կրօնաւորութեան ի զանազան վանորայս Գանձակայ գաւառի աւելի քան 70 տարի և վախճանեցաւ ի հասակի 96 ամաց ի Միրզիկ գեղջ 1877 ամի»։
Վանքիս մօտ կայ վանքապատկան պարտէզ, թթենի և տանձի ծառեր, և հանգստարան և գիւղատեղի։
Աստուածածին աւերակ մատուռ, որ գտնուում է Միրզիկ գիւղիցս վերև այն սեռի վերայ, որ կախուած է գիւղիս վերայ, իսկ երեք քարեայ խաչարձաններ մատուռիցս վերև։
Ը. ԲՐԱՋՈՒՐ (Աղբրաջուր) ԳԻՒՂ. Հիմնուած է Միրզիկի հիւսիսային կողմում, բնակիչք բնիկ, հողն արքունի, տեղական բերքերն և ամենայն ինչ նոյն, եկեղեցին Գաբրիէլ, քարուկիր. քահանան գալիս է Միրզիկից։ Ծուխ 33, ար. 191, իգ. 171, ար. ծն. 8, իգ. 6, պսակ 2, ար. ննջ. 2, իգ. 1։
Գիւղիս հարաւային կողմում կայ կայծաքարի և սպիտակ քարի հանք։ Վերջինս նման է Հին-Ղարաբուլաղի քարահանքի քարերին, որը տանում են ծախում Բագու քաղաքում։
Թ. ՄԵԾ-ԲԱՆԱՆՑ ԳԻՒՂ. Հիմնուած է Արութիւն (ՂոչՂարա) վտակի ձախ կողմի վերայ, մի խոր և հորիզոնն նեղ ձորում (Բրաջրի արևմտեան կողմում) բնակիչք բնիկ, ամենամեծ մասամբ արուեստաւոր––արծաթագործ, ոսկերիչ, դերձակ, քարտաշ, որմահիւս, սայլագործ, վաճառական, ևն. հողն արքունի, չափազանց սակաւ, ապառաժ և անպէտք երկրագործութեան. տեղական բերքերն ցորեն, գարի, ոչխար, տաւար. անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85, եկեղեցին Սուրբ Լուսաւորիչ, ընդարձակ, կառուցեալ վեց սիւների վերայ և ապառաժ սալ քարի վերայ 1863 թուին, երկարութիւն 28 մետր, լայնութիւն 13 մետր 35 սանթիմ։ Քահանայ երկու։ Ծուխ 263, ար. 1144, իգ. 1116. ար. ծն. 50, իգ. 44. պսակ 14, ար. ննջ. 10, իգ. 9։
Տաճարումս կան հետևեալ գրչագրերն.
Ա. Աւետարան մագաղաթեայ, մեծադիր, ամբողջապէս գրուած գլխագրերով և առանց պատկերի, որի սկզբից և վերջից թափուած են թերթեր, կամ գողացած են, վասնորոյ չունի յիշատակարան. միայն գրուած է բուն ընդօրինակողի գրով. «Շնորհիւն Աստուծոյ և ողորմութեամբ ամենասուրբ Հոգւոյն, պահպանութեամբ սրբոյ Խաչին և աղաւթիւք ամենայն սրբոց…. ժառանգեսցէ (ջնջուած)»։ Աւետարանս նախ նորոգած է Թադէոս անուն ոմն միայնակեաց, ապա Ալեգսանոս աբեղան ՋԲ. թվ.»։ ապա նորոգուած է ՋԿ. թուին. ուր և գրուած է. «Կամաւ Ամենակալին Աստուծոյ ես Կոշ որդի Սեթիկին, թոռն Թադէոսին, աւետարանս իմ պապեց գնուած էր. եկի, դաւի արարի, էլ բարիշեցաք և սազեցաք. Բ. եզն ինձ ծառայութիւն, ես էլ գիր տուի և զաւետարանիս դաւէն (կռուելէն) անցայ։ Էլ ո՛չ ես և ո՛չ իմ որդին էլ դաւի չանէ. ՅԺԸ. հայրապետաց անիծած է…. Մուրատ փաշէն վկայ, Ջանդարն վկայ, Մուրատ բէկն վկայ»։ Հուսկ յետոյ գրուած է. «Զվերջին նորոգիլ տուող սուրբ զաստուածաշունչ Ծեր աւետարանիս Պանանցայ…. ճամահաթն թվին ՌՀԴ. էր. նորոգեցաւ ձեռամբ Շատախեցի Յովհաննէս երիցու… Ո՛չ հանդիպողք, խիստ դառն, նեղ ժամանակ այսմ տարոյս, Շահ Ապազն բազում խան ու իշխանք ուղարկեց Վրացտուն ի քաղաքն Տպղիս՝ ընդ ձեռամբ իշխանին անուն Մովրով, սպանեց հնարաւք Ղարչղա խանն, որ իշխանութեամբ ստրատելատ էր և այլ սիրելի խանն Յուսուբ ապանաւ ընդ նմա. մեծ դառնութիւն ելաւ ի մէջ Պարսիկ ազգին. վերջն Աստուած գիտի թէ ինչ կուլի»։
Բ. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, որ ունի իւր սկզբում աւետման և չորս աւետարանչաց պատկերները, որք այնքան գեղեցիկ չեն։ Մատթէոսի վերջում. «Զստացող սուրբ աւետարանիս զՆերսէս սրբասէր քահանայ զծնողսն… և զամուսին իւր Մսրմէլիք»։
Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ մեղապարտ և փծուն գրչի Խաչատուր անպիտան քահանայի ի թուականութեանս Հայկազեան տումարի Ջ. և Ժ. ի հայրապետութեան տեառն Գրիգորի և յաշխարհակալութեանն Ջահան Շահի, որ տիրեաց բազում աշխարհի և գաւառի բռնութեամբ… (գրեցաւ) ի գիւղաքաղաքն, որ կոչի Ուրծ. ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնին և սուրբ Ստեփաննոս Նախավկային»։ Վերստին կազմուած է Հայոց ՌԻԹ. թուին։
Գ. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, որ ունի միայն չորս աւետարանչաց պատկերներ։ Հասարակ են պատկերներն, թռչնագրերն, ծաղիկներն և նախշերն. սակայն գեղեցիկ են փոքր գրերն։ Անյայտ է գրողի անունն, միայն յայտնի է ստացողն, որ է Պապճան անուն ոմն, որ գրած է. «Արդ.. նախ և առաջ եկն ի վերայ մեզ խաշանց մահ, որ անասունքն կոտորեց վասն մեր ծովացեալ մեղացէս… եկաւ ի վերայ մեզ նեղութիւն, մուրեախն և թրթուռն Դիզակ և Վարանդ, Խաչեն, Չորաբերդ, որ շատ ժամանակ շրջեց ի վերայ երկրիս… վա՜յ մեզ, եկեալ ի վերայ աշխարհիս սով սաստիկ ի վերայ երկրիս վասն մեր մեղացէս, վա՜յ մեզ, չիմացանք զի՛նչ գործենք կամ զի՛նչ աշխատեմք, մարմնով չարչարեցանք, հոգով հիւանտացանք, մտօք հեռացանք. վա՜յ մեզ. մենք ասէինք թէ պրծանք. այլ զի՜նչ կը տեսնունք. եկեալ ի վերայ մեզ մահտարաժամ, մեծ և սաստիկ և անո՜ւն, որ պովանդակ աշխարհն պատեալ էր, օր մի վաթսուն և եօթանասուն մեռանէին։ վա՜յ մեղաւորաց, որ չմնաց քահանայ պատարագին, կամ աշխարհական իւր պսակին, հայր լաց իլաւ (լացաւ) իւր ա՜յ իմ որդին, մայր լալով կոծէր դստան (դուստր) ի վերայ գերեզմանին։ Վա՜յ ինձ, զի՞նչ էինք և զի՞նչ տեսաք. Տէր Աստուած Յիսուս Քրիստոս ի գեօղն, որ կոչի Պալլուջա 1) ի հայրապետութիւն տեառն Եսայի.. կաթուղիկոսի ամենայն աղուանից, գրեցաւ ՌՃԿԶ. թվ.»։ Յետոյ շարայարած է այլ գրիչ. «Արդ ի ժամանակս պռնակալութեան Գանճայու քաղաքիս Ուղուրլու խան, որ է որդի Քալպալի խանին և իշխանութեան ի Ոսկանապատու Ծորոյս Տէր Մէլիք Յովսէփին, որ է որդի Մէլիք Եաւրին ի Ոսկանապատ գեղջէն….»։ Աւետարանս յետոյ ստացած է Բանանցեցի Եսայի քահանան ՌՄԾԲ. թվին։
–––––––––––––––––––––
1) Ոսկանապատից վերև Դաստափոր գիւղի մօտ, գետակի ձախ կողմում, այժմ թրքաբնակ գիւղ:

Դ. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, առանց պատկերի, անճաշակ նախշերով, ծաղիկներով և գլխագրերով՝ որի գրողն է. «Փծուն գրիչ սուտանուն Յովսէփ ի թվին Ջ.»։
Ե. Աւետարան թղթեայ, փոքրադիր, որ ունի միայն չորս աւետարանչաց պատկերներ, բոլորովին անճաշակ, գըրուած է Մեծ-Սիւնեաց Տաթևի վանքում ՌԼԴ. թուին Յովհաննէս եպիսկոպոսի ձեռնով։
Զ. Աւետարան թղթեայ, նմանապէս ամենայն ինչ անճաշակ։ Յիշատակարանից. «Գրեցաւ թվ. ՌՄԺԱ. ՛ի բառնալ թագաւորութեան արևելեան երկրիս Ելիմացւոցն այլազգեաց…. զի բազում քաղաքս և գեօղս քայքայեցին և աւար արարին յԱղուանս հայս, զի զօրք ելեալ յԱլանաց և յԵլիմաց ի Շօշ քաղաքէ մինչ ի քաղաքն Գանձակ, որ է շահաստան, և ընդ այնմ մնացեալ հեծելազօրօքն, զի իշխանքն Պարսից անօրինաց ո՛չ ուրեք հնազանդեալ և ո՛չ միաբանեալ կամաց իրարաց՝ սուր հասեալ ընդ ամենայն տեղիս ի տեառնէ»։
Է. Աւետարան թղթեայ, փոքրադիր, ամենայն իյնչ հասարակ։ Յիշատակարանից. «Գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ.. անարուեստ գրչի Գրիգորի աբեղայի ի սորւբ և ի հռչակաւոր ուխտս ի Հաղբատ ի թուականութեան Հայոց ՋԴ. ի կաթուղիկոսութեան տեառն Գրիգորի և յառաջնորդութեան տեղւոյս տէր Աստուածատրոյ արքեպիսկոպոսի ի Ղանութեան Տաճկաց (Պարսից) Ջիհան Շահի, ՛ի դառն և ՛ի նեղ ժամանակիս, որ ի խստութենէ այլադաւան սեռի որ յահէ և յերկիւղէ նոցա մաշեալք և հալածական լինէաք, փախստեայք և մոլորեալք, գերեալք և տատանեալք։ ՛Ի յառաւել խստութենէ հարկապահանջութեան և ՛ի հոլովութենէ գերելոցն և ի չքաւորութենէ ընչից ո՛չ կարէր օգնել եղբայր եղբօր և ոչ ողորմէր ազգս ազգիս… Եւ ես անարժան և տառապեալ ծերունիս Գրիգոր՝ երերուն տատանեալ շրջեցայ… ուխտիս Հաղբատայ և տէր Աստուածատուր եպիսկոպոս սիրով ընկալաւ զմեզ»։ Բայց թէ ի՞նչ դիպուածով ընկած է աւետարանս եկեղեցուս մէջ, անյայտ է մնում։
Ը. Աւետարան թղթեայ, փոքրադիր, ըստ ամենայնի հասարակ։ Յիշատակարանից. «Արդ գրեցաւ Սուրբ աւետարանս ի թուականիս Հայոց ՋՀԳ. ձեռամբ.. Ալեգսանոս աբեղայի ի սուրբ ուխտս Մաքենացւոց 1) ի դուռն սուրբ տաճարիս Աստուածածնիս»։
–––––––––––––––––––––
1) Գտնուում է Սևանայ լճակի հարաւային ափից մղոնաչափ հեռի–– Բասար––Կեչարից ոչ այնքան հեռի:

Թ. Աւետարան թղթեայ, փոքրադիր և առանց պատկերի։ Յիշատակարանից «Շնորհօք և օժանդակութեամբ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի աւարտեցաւ նոր կտակարանս.. ձեռամբ.. Մխիթարի ի թուականութեան հայկական տումարի ամի հազարերորդի, հարիւրերորդի, քսաներորդի… ի յայս ամի սաստիկ մահ յերկիրս Վերին Զակամայ, որ օր մի ՛ի տան միում եօթն հոգի վախճանեցաւ… ի հայրապետութեան տեառն Պետրոսի Սրբազան Կաթուղիկոսին Սրբոյ Գանձասարայ, ի առաջնորդութեան նահանգիս Մինաս վարդապետի և ի տէրութեան Պարսից Շահ Սուլէիմանին ի  յերկիրս Վերին Զակամայ ՛ի գեօղս որ կոչի Սուլտանեցիք ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնիս ի խնդրոյ բարեմիտ Եւային և այրն (առն) իւրոյ Ոսկանին…։ Արդ ես Եւայս ստացայ զայս աւետարանս և ետու վախմ ի դուռն Ղարամուրատ Կուսանաց անապատի Սուրբ Աստուածածնի»։ Հուսկ յետոյ գրուած է այլ գրչից. «Զվերջին ստացող զսուրբ աւետարանս… Մէլիք Սարգիս և ծնողացն հայրն իմոյ Ովանէսն… թվին ՌՃՀԸ»։
Ժ. Աւետարան թղթեայ, միջակ դիրքով, առանց պատկերի, ամենայն ինչ հասարակ։ Յիշատակարանից. «՛Ի ՌՃԱ. թուականիս Հայոց և ի յամսեանն մարտի ԻԱ. աղուհացից պահոց առաջին շաբաթին երկուշաբաթ օրն եղև սկիզբն գրութեան սուրբ աւետարանիս և կատարեցաւ ապրիլ ամսոյ ԺԵ. յաւուր մեծի հինգշաբթին 1)... արդ գրեցաւ սա ի յերկիրս Զակամ ի գիւղս Մէլիքզատայ, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնիս և Սուրբ Թովմայ և այլ սուրբ նահատակի, որ աստ է, ձեռամբ անարուեստ և փծուն գրչի Յակովբայ յետնեալ քահանայի»։ Աւետարանս ստացած է Կիրակոս երէցն, ապա Մէլիք Ովանէս, «Արդ ես Մէլիք Ովանէսս ստացայ զսուրբ աւետարանս ի հալալ արդեանց իմոց յիշատակ ինձ և ծնողացն.. հայրն Միրզախան, և որդիքն իմ Մէլիք Մատթէոսն»։
–––––––––––––––––––––
1) Սխալ է երևում «մարտի ԻԱ.» ամսաթիւս, քանզի երբ աւագ հինգշաբթի օրն լինի ապրիլ. 15, Բշ. (Մեծ պահոց) Ա. օրն եղած կը լինի մարտի (Ա.) վասնորոյ գրած է գուցէ՛ Մարտի ՛ի Ա.:

Եւ ապա գրած են Մէլիք-Մատթէոսի թոռներն. «Արդ ես Մէլիք Մատթէոսի թոռն Աղաջանս և Սարգիսն ի թուին Հայոց ՌՄԽԴ. ն էր, որ Չէզոք (Ներքինի Աղա-Մամատ) Շահն Պարսից եկն ի քաղաքն Թիփլիզ Սուրբ Խաչի պահոց երեքշաբաթի օրն, առաւ, աւերեց և ցիրուցան արար զամենայն, կոտորեաց ավելի քան ԺԲՌ. (12000) մարդ և զայր ու զկին ամեն կերի արարին և բազում նշխարս սրբոց և զսպաս եկեղեցեաց աւար առին, դարձան յետս նոյն ամի։ Երկրորդ թուին (ՌՄԽԵ.–1796) մեծի պահոց միջոցն Թիփլիզու Էրէկլայ (Հերակլ) արքայն վրաց եկն ՛ի վերայ Կանձակու հանդերձ Շամշադինու զօրօք և Շուշու Իբրահիմ խանն հանդերձ Լազկիւն. տեղոյս իշխող Ջաւատ խանն էր. մազապուրծ եղեալ ի Ղալայն բազում պատերազմ արարին, ոչ կարացին յաղթել նմա. հրաման արարեալ եկն ՛ի սար գիւղօրայս Սուլթան Շամշադին զօրօք իւրովք և սուտ երդմամբ հանեալ զմեզ կերի վարեցին և սրախողխող արարին և մնացելոցն այսր և անդր ընթանալով ոշ ոչ գտաք հանգիստ ոտից մերոց։ Յետոյ զօրքն Վրաց հանդերձ յազկիւն եկն և զմնացեալսն կերի արարին և Բանանց գիւղս ամեն այրեցին հրով։ ԽԶ. (ՌՄԽԶ.––1796) թվին սով և մահն եկն ի վերայ մեր. Կորեկ ալիւրի լիտրն (18 ֆունտ) Թ. ապասի դժուար գտանելով, վասն որոյ ուրացեալ այր զկին և կին զայր իւր, հայր ՛ի որդոյ և որդի ՛ի հօրէ, մայր ՛ի դստերէ և դուստր ի մօրէ իւրմէ բաժանեալ, ոչ գտանէինք հանգիստ ոտից մերոց. զի կերակուր մեր էր կաղինն և կաղնի քլէպ (կեղևն) և մեր առեալ զայս սուրբ աւետարանս մեծաւ զգուշութեամբ և բազում տառապանօք, շնորհօք սուրբ Հոգոյն հասուցաք մինչև ցայսօր։ Իսկ ի թվին մերոյ ՌՄԿ. էր, եկն ի վերայ մեր ժանտամահն. առաջ Ըռուսի մէջն անկաւ, շատ կոտորեց, յետոյ թուրք ազգի մէջն անկաւ, յետոյ Քիլիսա-Քեանդըն 1) և Նորաշէնն 2) անկաւ, յետոյ սար կեղօրայք և Բանանց կիւղս անողորմ կոտորեց. շատ մարդ առանց կին մնաց, և շատ կին առանց այր, շատն առանց որդի և շատն առանց դուստր։ բազումք առանց քահանայի թաղեցին, բազում տունք աւեր մնացին։ Այս ամենայն եկն ի վերայ մեր վասն մեղաց մերոց։ Սոյն ժամանակ Դաւիթ վարդապետն սաղն (կենդանի մնացածները) վեր առաւ գնաց Քիճիք-Բանանց 3) որ է Դամպըլաձոր, որ կնաց կումերն, որն կնաց պաղերն, փոքր ինչ հանդարտեաց ցաւն. վա՜յ մեզ, իմացանք, թէ պրծանք ցաւէն. աստուածասաստ բարկութիւնն հասեալ, գազան մի աւերեալ և բազում վնաս արար և քանի մի անձինք չարաչար մեռան… սոյն ժամանակիս նորոգել տուինք սուրբ աւետարանս յիշատակ մեզ և ծնողաց մերոց, մեր պապ Մէլիք-Մատթէոսին.։.. գրեալ ՛ի մատեանս ՌՄԿԳ. ՛ի տիրապահ գիւղս Բանանց ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնի եկեղեցոյն։ ՌՄԾԲ. ին Ռուսըն եկաւ Կանջու վերայ, մէկ ամիս նստաւ, մէկ սհաթումն առաւ. սհաթուկէս ԳՌ. (3000) մարդ կոտորեց»։
–––––––––––––––––––––
1) Մինչև ցայսօր Քիլիսա-Քեանդ է կոչուում Գանձակի Հայոց . Յովհաննէս եկեղեցու թաղն:
2) Նոյն քաղաքի Հայոց հիւսիսային թաղն:
3) Փոքր-Բանանց այժմ աւերակ գիւղն կայ՝ Բանանց գիւղից վերև Արութիւնի վտակի և Քարհատի առուի խառնուրդի հարաւային լանջի վերայ:

ԺԱ. Աւետարան թղթեայ, փոքրադիր, անյիշատակարան, անյայտ գրողի անունն և ամենաստոր չորս աւետարանչաց պատկերներն և ամենայն ինչ։
ԺԲ. Աւետարան թղթեայ, փոքրադիր, ամենայն մասամբ ստոր։ Յիշատակարանից. «Գրեցաւ սուրբ աւետարանս ի դառն ժամանակիս ՛ի լաւ ընտիր օրինակէ ՛ի յերկիր Վերին Զակամ ՛ի Ղարամուրատի Հարանց անապատիս ձեռամբ մեղօք զառածեալ Աւետիս աբեղայի, որ իմ յերկրէն Տաւուշու ՛ի գեղջէն Քամալու. հ. ի թուականիս Հայոց ՌՃԻԸ։»։
ԺԳ. Աւետարան փոքրադիր, գրուած գեղեցիկ թղթի վերայ, որ ունի չորս աւետարանչաց պատկերներ։ Յիշատակարանից. Աւրհնեալ է Աստուած, թվին ՌՃԺԹ. յուլիսի Ե. աւարտ եղաւ»։ «Արդ ես Կարմիր Ծատուրենց Ջուղայեցի մեղապարտ Աւետիքս եկի ի քաղաքն Տփխիս … զուրբ աւետարանս ետու յիշատակ ի դուռն Բեդղահեմու Սուրբ Աստուածածնին թվին ՌՃԻԶ.»։ Ապա գրուած է այլ գրչից. «Գրեցաւ թուականիս ՌՄԽԹ. յունվարի Ե. որ ես Սարգիսս Կանջայու ի գիւղն որ կոչի Գետաշէն, ի ժամանակին Ջաւատ խանն էր»։ Աւետարանիս սկզբում յայտնուած է, որ նոյն Գետաշէնցին յիշատակ տուած է աւետարանս Բանանց եկեղեցուն։
Գիւղումս կայ տղայոց միդասեան ուսումնարան, ուր ուսանում են 55 աշակերտ, թոշակատու 48, ձրիավարժ 7, միամեայ ռոճիկ ուսուցչի 350 րուբլի։

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԱՆԱՊԱՏ.

Շինուած է Բանանց գիւղին հարաւային հանդէպ, Արութիւն վտակի աջ կողմում և կոլորած առուակի աջ ափի բարձրութեան վերայ։ Անապատս, որի տեղն գեղեցիկ հարթակ է, կառուցեալ է մի կամարի վերայ անտաշ քարով, որ ունի միայն մի փոքր խորան հիւսիսային կողմում և մի աւագ, չորս նեղ լուսամուտ, երկու դուռն––հարաւից և արևմուտքից, 15 մետր 55 սանթիմ երկարութիւն 9 մետր 25 սանթիմ լայնութիւն բացի գաւթից։ Հարկ է յայտնել, որ ճաքած է գագաթնագծի ուղղութեամբ երկար։
Արեւմտեան դրան վերայ. «Շինեց սուրբ եկեղցիս Միլխաւճայ Ազիզն թվ. ՌՀԹ.»։ «Սուրբ խաչս Ովանէսին»։ Նոյն դրան հիւսիսային սեմի վերայ. «Սուրբ խաչս Փարին, Շահումին»։ «Սուրբ խաչս բարեխաւս Հռումսիմին ՌՀԸ.»։
Ունի և մի փոքր գաւիթ և զանգատուն հարաւային դրան վերայ, որի մօտ մի տապանաքարի վերայ. «Այս է տապան Տէրունց Յարութիւնի որդի Գաբրիէլ եպիսկոպոսին, 60 ամ վանահայր էր սա անապատիս, 96 ամեայ էր որ փոխեցաւ առ Քրիստոս 182/1331 ՌՄՁ.»։ Զանգատան գետնայարկի հիւսիսային ոտքի հարաւահայեաց ճակատին. «Ես Պաղտասարի որդի Մահտեսի Ներսէսս և Օսէփս տվինք սուրբ անապատիս ա. թուման վախմ. սոքա տվին մեզ տարեն դ. ժամ. եթէ ոք խափանի, պարտական լինի առաջի ատենին Քրիստոսի. թվ. ՌՃԽԴ.»։ Զանգակին վերայ. «Յիշատակ է Ապովի որդի Խոճայ Ղազարին ի դուռն Բանանցայ սուրբ Անապատին թվ. ՌՃԺԶ.»։ Անապատիս գլխին, արևելեան կողմի գագաթնագծի վերայ դրուած է մի քառակուսի քար, որի չորս երեսն քանդակուած է չորս խաչ և մէն մի խաչի տակ մի մի անուն, որք երևի թէ չորս անձինք կամ չորս եղբարք եղած են նուիրաբերներն. ահա «Սուրբ խաչս բարեխօս տէր Եղիշէին, Անտունին, Գրիգորին և Եղիսէին»։ Իսկ արևմտեան գագաթնագծի վերայ եղածին գրուած է միայն «Տէր Եղիա»։
Անապատիս արևելեան կողմում, շրջապարսպի ներսում կան ինն թաղակապ խուցեր, որք ցարդ մնում են անվնաս և անաատիս կալն; Իսկ արևմտեան հանդէպ ջրաձորի ձախ ափի բարձրութեան վերայ կայ մի աւերակ մատուռ, որի մէջ դրուած են ութ հնաձև քարեայ խաչեր: Անապատս ունի ընկուզի շատ ծառ իւր հարաւային ձորում: ամայի անապատս և անմարդաբնակ:
Երկու կամուրջ, յորոց մին շինուած է քարուկիր և գեղեցիկ Արութիւն վտակի վերայ և միւսն նորա օժանդակին, որ հոսում է Անապատին արևմտեան ձորով:
Փոքր Բանանց Դամբլաձոր. Գտնուում է Մեծ-Բանանց գիւղից մղոնաչափ վերև նոյն վտակի աջ կողմի բարձրութեան վերայ, ուր կայ աւերակ գիւղատեղի և կիսաւեր եկեղեցի, որի աւազանին վերայ. «Մեհրի ճա'ն, տարան ա՜….»։ Մի կիսատ խաչարձանի վերայ. «Ես Դաւիթս կանգնեցի….»։
Նահատակ
Աւերակներիցս ներքև ձորի մէջ կայ մի մեծ քար, որի տակից բղխում է յորդ աղբիւր: Քարիս արևմտահայեաց երեսին շինուած է հնուց մի խաչ, որ է ուխտատեղի: Ամեն տարի շրջակայ գիւղերից խռնուում է այստեղ մեծ բազմութիւն աւագ չորեքշաբթի օրում, մանաւանդ բորոտութեամբ վարակուածներ, որք լողանալով աղբիւրումս բժշկուում են:
Ճգնաւորի տեղ. Նահատակիս հանդէպ ձորի ձախ ափումն է մի քարայր, որի մէջ––ասում են երկար ժամանակ ճգնած է ոմն ճգնազգեաց ճգնաւոր:
Թագաւորաշէն կամուրջ. Ջրաձորիս ստորոտում, Արութիւն վտակի վերայ կայ մի քարուկիր և հնաշէն կամուրջ, որի մասին, ասում են թէ շինած է Կիւրիկէ թագաւորն: Մի քանի քայլ վերև Խաչակապ գիւղացիք շինած են այլ նոր և գեղեցիկ կամուրջ, որի երկարութիւնն է 12 մետր, լայնութիւնն 4 մետր 50 սանթիմ:
Ժ. ՔԱՐՀԱՏ ԳԻՒՂ (Դաշքեասան). Հիմնուած է մի խոր ձորում, որի արևելեան, հարաւային և արևմտեան կողմերն պատած են բարձրագոյն սարեր. բնակիչք բնիկ, հողն արքունի, ապառաժուտ և խիստ սակաւ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն ըստ Մեծ-Բանանց, անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, փայտաշէն, քահանայ մի: Ծուխ 76, ար. 486, իգ. 393, ար. ծն. 20, իգ. 14, պսակ 9, ար. ննջ. 7, իգ. 5:
Երկաթահանք, պղնձահանք և քարահանք (41)
Արդէն խօսած եմք հանքերիս մասին իւր տեղումն. իսկ այստեղ միայն ասում ենք ջրաձորիս աջ ու ձախ կողմերն լի են երկաթի, պողպատի, պղնձի և զանազան պատուական քարի հանքեր: Մեծ-Բանանց բնակիչներն շարունակ գործ ածած են երկաթահանքերս մինչև անտառների վերայ տուրք կապելն, քանզի անմաքս եղած են անտառների փայտերն: Հալած և շինած են գութանի խոփ, ձևիչ, ճամբարակ, արօրի խոփ, եռոտանի և առատ երկաթ: Բայց անտառների վերայ տուրք դնելուց յետոյ այլ ևս խափանած են գործածութիւնը սակայն մեծ վնասներով:
Խաչ-աղբիւր (Խաչ-Բուլաղ), աւերակ գիւղ Հայոց, որ գտնուում է Քարհատի հարաւային կողմում: Աւերակիս մէջ կայ մի նշանաւոր եկեղեցի 1), շինուած սրբատաշ քարով 4 սիւների վերայ, որ ունի «ՌՃԾԹ.» թուականը: Իսկ փոքր ինչ հեռի է հանգստարան: Այժմ մահմետականք են բնակում գիւղումս, ուր կայ շուկայ և առուծախ է լինում՝ մահմետականներն ձմերանոցից ամարանոց չուելուց յետոյ: Խաչաղբիւրիցս շատ հեռի չեն պատուական ամարանոցներն:
–––––––––––––––––––––
1) Եկեղեցուցս փոքր ինչ ներքևից բղխում է մի յորդառատ աղբիւր, որ ունի մի խաչաձև աւազան, որից առած է Խաչաղբիւր անունը։

ԺԱ. ԿԻՐԱՆՑ ԳԻՒՂ. Հիմնուած է Քարհատի հիւսիս արևմտեան կողմում, Արութիւն վտակի հիւսիսային կողմի վերայ. բնակիչք բնիկ, հողն սեփական, ամենայն ին նոյն, եկեղեցին Սուրբ Աստուածածին, փայտաշէն, քահանան գալիս է Խաչակապ գիւղից: Ծուխ 44, ար. 224, իգ. 223, ար. ծն. 11, պսակ 4, ար. ննջ. 3, իգ. 3:
Կանգնեալ խաչ
Գիւղիս մօտ կայ այս անուամբ մի փոքր մատուռ, որի խորանի տակ ամփոփուած է ոմն պատուական անձի սուրբ մարմինն, որի մասին աւանդաբար ասում են թէ «Գարդման գաւառիս իշխող Խուրս իշխանի գերեզմանն է, որին պատկանում էին ամբողջ հանքերս»։ Մեծ ուխտատեղի է այս: Մատրանս մօտ կայ և մի փոքրիկ վանք, մնացեալ խիստ հնուց, բայց այժմ վերնամասն փայտաշէն:
ԺԲ. ԽԱՉԱԿԱՊ ԳԻՒՂ. Հիմնուած է Կիրանցի հիւսիսային կողմում, մի առուակի ձախ կողմի վերայ: Գիւղս ևս շըրջապատուած է լեռներով. բնակիչք բնիկ. հողն արքունի, ապառաժուտ և նուազ արդիւնաբեր, ամենայն ինչ նոյն, եկեղեցին Սուրբ Աստուածածին, կամարակապ չորս սիւների վերայ, որ ունի մի փոքր զանգատուն, 18 մետր, 90 սանթիմ երկարութիւն, 12 մետր 28 սանթիմ լայնութիւն:
Արձանագրութիւնն. «Արդեամբ Խաչակապայ ժողովրդոց շինեցաւ 1650 ամի. նորոգեցաւ 1864 ամի»։ Դրան շուրջն. «Եկայք առ իս ամենայն….»։
Արձանագրութիւն Զանգատան. «Արդեամբ շինեցաւ զանգակատունս 1864 ամի Վերտի Յարութիւնեան Տռուզեանց»։ Քահանայ մի:
. Գիւղիս ստորոտում կայ մի անտաշ քարով շինուած մա-տուռ, որի մէջ ամփոփուած է ոմն սուրբ անձի մարմինն: Մատուռս կոչուում է Խաչ-Քցի. գերեզմանիս վերայ վիճակ են ձգում երիտասարդներն և օրիորդներն: Ահա վիճակարկութիւնս է Խաչ-Քցի կոչուելու պատճառն:
Համանման մատուռ, միջումն ճգնաւորի գերեզման, Ծիրանաւոր անուանեալ, կայ գիւղիս միջում: Երկու մատուռներս ևս ուխտատեղի են, երկոցունց ծածքն փայտեայ և երկու ամփոփեալների անուններն և անձնաւորութիւններն անյայտ: Ծուխ 104, ար. 699, իգ. 631, ար. ծն. 30, իգ. 27, պսակ 20, ար.ննջ. 7, իգ. 5:

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՆՔ (1)

Հիմնուած է գիւղիս հիւսիսային կողմում, ոչ այնքան հեռի, մի գեղեցիկ, տեսարանաւոր և հարաւահայեաց սարահարթի վերայ: Ունի խաչաձև շինութիւն, երկու փոքր և մի աւագ խորան, մի կաթուղիկէ, տասն լուսամուտ, երկու խորհրդարան, մի դուռն, չափաւոր բարձրութիւն, 11 մետր երկարութիւն, 10 մետր 25 սանթիմ լայնութիւն և հիմնարկութեան սոյն թուականը ՆԼԸ. (989)։ Վանքս ունի և գաւիթ կառուցեալ երկու խաչաձև կամարների վերայ, երկարութեամբ 7 մետր 75 սանթիմ, լայնութեամբ 6 մետր 60 սանթիմ: «Գաւիթս այս կառուցաւ ի վանահայրութեան Սամուէլ եպիսկոպոսի 1800 ամի»։ Ունի և զանգատուն «Զանգակատունս կառոյց Գանձակեցի Պօղոս Ամիրխանեանց ի 1856 ամի»։ Գաւթումս ամփոփուած են սուրբ տաճարիս ծառայող եպիսկոպոսների և վարդապետների մարմիններն. ինչպէս են Սամուէլ եպիս. Դատեանց, միւս Սամուէլ եպիս. Եփրեմ և Խաչատուր վարդապետների ևն.:
Վանքումս կայ մեծադիր, մագաղաթեայ և ընտիր ձեռագիր մի աւետարան, ամբողջապէս գրուած գլխագրերով: Ունի Յիսուս Քրիստոսի ծննդեան, մկրտութեան, յարութեան, ընթրեաց, աւետեաց, դժողքի աւերման, Աստուածածնայ ննջման և չորս աւետարանչաց ընտիր պատկերներն: Ընտրելագոյն են պատկերներն, նկարներն, նախշերն, ծաղիկներն և թռչնագրերն. հիանալի են առհասարակ բոլոր գծագրութիւններն, անկեղծ ներկեր, վայելուչ գոյներն և ամենաընտիր ոսկեզօծն: Վերջապէս մի մագնիսական զօրութիւն, որ իրեն է քաշում այցելուաց ուշադրութիւնը, գեղարուեստի այն նրբագործութիւնն է, որի նմանն հազուագիւտ է հին ձեռագրաց մէջ: Սակայն հարկ է յայտնել որ պահպանուած չէ խնամքով: Սկզբում մանր գրերով բացատրուած է համեմատութեանց գործածութեան կերպի եղանակն և տուած գեղեցիկ տեղեկութիւններ չորս աւետարանչաց մասին:
Գրուած է Մատթէոսի վերջում.
«Յանուն առատապարգևին Աստուծոյ, որ միշտ ներգործէ յարարածս բարիս քաղցրութեան կամաց իւրոց: Արդ որպէս յամենայն դարու, նոյնպէս և ի մերս նուազեալ ժամանակիս յարոյց զքրիստոսասէր և զփառաւոր պարոնն զաւրհնեալն ի կանայս Ասփայ դուստր Տարսայիճին տեառն Սիւնեաց յազգէ Ուրպէլեանց, որ էր ամուսին Մեծ և փառաւոր իշխանաց իշխանին պարոն Գրիգորին: Սա ամենայն բարեպաշտութեամբ զարդարեալ, զարդարեաց զանազան սպասուք և շինուածիւք զեկեղեցիս Հայաստանեայց, ստացաւ և սուրբ աւետարանս յարդար ընչից իւրոց և ընծայեաց ի սուրբ ուխտն Խադարի (Խաթրայ) վանս, որ է գերեզմանատուն մեծ իշխանացն ազգին Դոփեանց և ինքն կարճաւրեայ կենաւք փոխի մահուամբ յաշխարէս առ Քրիստոս և դնի ի Դամբանի 'ի նոյն 'ի վերասացեալ սուրբ ուխտն. իսկ ըստ մարմնոյ գլուխ նորին և այր մեծ իշխան Գրիգոր զարդարեալ պճնէ զսա ոսկւով և արծաթով ի յիշատակ հոգւոյ սուրբ ամուսնոյն իւրոյ Ասփային և յերկարութիւն կենաց իւր և քրիստոսընծայ զաւակաց իւրոց, որոց յիշատակն նոցա եղիցի աւրհնութեամբ«:
Մարկոսի վերջում. «Զմեղապարտ գծիչս զՏիրացու յիշեցէք ի Տէր»։ Ղուկասի վերջում. «Զմեծ և զամենաւրհնեալ պարոնաց Պարոն զԳրիգոր որդի Դոփին և զամենագովելի զբարեպաշտ ամուսին իւր զՊարոն Ասփայն զստացողք և զարդարիչք սուրբ աւետարանիս յիշեցէք ի Քրիստոս»։
Յիշատակարանից. «Ի ժամանակս և 'ի դարս աւուրց տիեզերակալութեան և արքայութեան բոլոր աշխարհաց ազգին Նետողաց, որ տիրէ 'ի ծովէն Պոնտոսի մինչև ցծովն Կազբից և յԵփրատ գետոյ մինչև յանկոյս լերանցն Կովկասու, որոց գըլուխ և ինքնակալ կանն աշխարհակալ Խարպանդայ կոչեցեալ 'ի թվ. Հայոց ՉԿԱ։: Յայսմ ժամանակի ծագեցաւ ոմն մեծ և երևելի տոհմային պայազատութեամբ ի ցեղէ վեհից, ի զարմէ դիւցազնաց, 'ի դասակարգէ քաջաց, 'ի գնդէ գովելեաց Գրիգոր մեծ իշխան Հայոց, տէր և պարոն Փոքր Սիւնեաց, Հանդաբերդոյ և Ականայ և Բարձր (Մռաւ և Գեղամեան մեծ լեռնաշղթան) ծովակին Գեղամայ, Սոթից մինչև ի Շաղուագայ, ամուսնացեալ ընդ դստեր Տարսայիճ իշխանին ընդ ամենաւրհնեալ պարկեշտ տիկնոջն Ասփայի: Ծնանի 'ի նմանէ ուստերս և դստերս. իսկ զմինն, որում անուն էր Սարգիս, Նուիրէ Քրիստոսի 'ի ստնդեայ հասակին, որ արժանաւորութեամբ 'ի կոչմանէ Հոգւոյն էանց ընդ ամենայն աստիճանս քահանայութեան՝ հասեալ  ի պատիւ եպիսկոպոսութեան Խաչենոյ, ընդ մարմնական տէրութեան. զոր ունէր ի հարանց ստացեալ, ընգալաւ և զհոգևոր պետութիւն: Արդ յայսմ ամի, որ էր թիւս ՉԿ. փոխեցաւ յաշխարհէս Ասփայն առ Քրիստոս և եդաւ ի շիրմի ի սուրբ ուխտն Խադարի վանս, վասնորոյ և մեծ Պարոն Գրիգոր նուիրէ գերեզմանի նորա ընծայս յոլով, գեղորայս, այգիս, և անդաստանս և զարդարէ զսուրբ ուխտն զանազան սպասուք և հանդերձիւք, ընդ որս պճնեալ շքեղացոյց և զսուրբ աւետարանս 1) ոսկենկար կազմածով և շնորհեաց գերեզմանի նորա և իւր նախնեացն յիշատակ, որում բարձաւղք և ընթերցողք սուրբ աւետարանիս յիշեցէք զԱսփայն 'ի Քրիստոս և դուք յիշեալ լիջիք ի Տեառնէ»։ Ապա յականէ յանուանէ յիշուած են այն գաւառների և բերդերի անուններն, որք սեփական ժառանգութիւն են Գրիգոր իշխանիս Դոփեանց:
«Եւ գաւառք մեր յանուանէ այս է Սոթ, Գլուխ, և Բերդաձոր և Ճոխանց, Հոսաբակս, Ատրենիս, Կալեր, Ուռեաց Փոր և Խորուագետ, Դվալանոց, Էրքն Մափռելանց և այլ իւրեանց միջոց Մազրովն ի մեր նախնեաց մնացեալ հայրենիքս է իւրեանց չորս սահմաններովն ստոյգ և ճշմարիտ գրեալ 'ի յաւետարանիս»։
Վանքս ունի ամուր շրջապարիսպ, ութ խուց, պարտէզ, մեղուանոց, կամուրջներ և պատուական աղբիւր: Իմ շրջած և տեսած բոլոր վանքերից պայծառ է վանքս: Նորոգուած է վանքս, գաւիթն շրջապարիսպն, խուցերն, և նորինորոյ շինուած կամուրջներ: Այս բոլոր նորոգութիւնները, պայծառութիւնը և վերակենդանութիւնը պարտական ենք Գանձակեցի մեծ. Ներսէս-բէկ Աբրահամեան տէր-Ներսիսեանցին 2):
–––––––––––––––––––––
1) Այժմ զարդարանք չկայ աւետարանիս վերայ:
2) Չկարողացանք իմանալ քանի՞ օրավար է վանքիս հողն:

ԺԳ. ՀԱՐՑՀԱՆԳԻՍՏ ԳԻՒՂ. (Չովդառ) Հիմնուած Մլըզնաբերդ կոչուած սարի հիւսիս արևմտեան կողմում, որ թարգմանչաց անապատի հիւսիսային կողմումն է, մի բարձր և տեսարանաւոր սարահարթի վերայ, որի ետև կայ մի լեռ 1), բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի լեռնային, բայց հացաւէտ. տեղական բերքերն նոյն, գերազանց օդն, կլիման և ջուրն, սքանչելի՜ տեսարանն, եկեղեցին Սուրբ Յովհաննէս, կառուցեալ չորս սիւների վերայ, որ ունի իւր հարաւային կողմում գաւիթ և զանգատուն. քահանան գալիս է Խաչակապ գիւղից: Ծուխ 94, ար. 246, իգ. 226, ար. ծն. 22, իգ. 27, պսակ 15, ար. ննջ. 15, իգ. 12:
–––––––––––––––––––––
1) Սարիս վերայ կայ կռապաշտ և քրիստոնեայ տարերից մնացած շատ հանգիստներ. գուցէ այս պատճառաւ կոչուած է Հարց-հանգիստ:

Եկեղեցումս կայ մի սպիտակ փոքր և հին խաչարձան, որ բերուած է Մլզնաբերդից, որ զարմացնում է այցելուները իւր գեղարուեստի նրբագործ քանդակներով, որ ունի. «Թվ. ՈԴ. Անուամբ Աստուծոյ ես Մարգարիտ դուստր Ուխտիկայ կանգնեցի զսուրբ նշանս 'ի փրկութիւն հոգւոյն Զարդմբերին և Զարդագունին, Մխիթարայ և Կանանին. որք յաղաւթըս յիշէք և զԱտոմ, որ գործող էր խաչիս»։
Կայ և մի ձեռագիր աւետարան, մագաղաթեայ, միջակ դիրքով, որ ունի չորս աւետարանչաց պատկերներ: Ընտիր է մագաղաթն, գեղեցիկ պատկերներն, ծաղիկներն, նախշերն և թռչնագրերն: Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի թուականութեանս Հայոց 'ի ՈՀ. 'ի մայրաքաղաքս Տարսոն, յորում ամենայն ոք տատանէր,.. յետ մահուն աստուածասէր թագաւորին մերոյ Լևոնի. վշտատես ազգս Հայոց վշտանայր. չարն տեղի տայր, որոշեցան ոմանք 'ի սուրբ ուխտէն և ի միմեանց միաբանութենէ, և որպէս է սովորութիւն ազգիս՝ ամենայն ոք զինքն յառաջ կոչէր և չհաւանեալ միմեանց՝ լինէր արեան ճապաղիս 'ի բազում տեղիս. և գաւառք և գեողք քանդէին և եկեղեցիք աւերէին: Ի յայսմ դառն և ի շփոթման ժամանակիս աւարտեցի զգիրս սուրբ: Աղաչեմ զամենեսեան, որք կարդայք և լուսաւորիք յաստուածային բանիցս, յիշեսջիք… զնախասացեալ տիկին Առիւծ և զբարի ծնողն իւր զՇուշան Թագուհի (Լևոն թագաւորին)…. և զմեղապարտ գրիչս զԳրիգոր սարկաւագ»։ Ունի նաև այլ յիշատակարաններ, որք գըրուած են հետզհետէ:
Ա. Վերջին երեսում ՉԽԹ. թուին:
Բ. ,, ,, երկրորդ անգամ ստացած է Շաքեցի Չալապի խոջէն ՊՁԴ. թվին:
Գ. Սկզբում ՌԽԸ. թվին:
Դ. ,, ՌԾԵ. ,,

ՄԼԶՆԱԲԵՐԴ ՎԱՆՔ (Մածնաբերդ վանք)

Հարցհանգիստ գիւղիս հարաւ արևելեան հանդէպ, ոչ այնքան հեռի, արձանացած է մի սար, որ բոլորովին առանձնացած է իւր չորս կողմերից և բարձրացած ձուաձև: Սարիս կատարն 12 կալաչափ հարթակ է, որի գրեթէ մէջ տեղում, նախկին վանքի տեղում, շինուած է երկու երկաթակապ կամարների վերայ մի փոքր եկեղեցի, որ ունի մի դուռն, երկու լուսամուտ, մի զանգատուն, 12 մետր 12 սանթիմ երկարութիւն, 6 մետր 72 սանթիմ լայնութիւն: Դռնագլխին. «Հնադարեան ուխտատեղիս յանուն Սուրբ Սարգսի որ է Մլըզնաբերդ, հիմնովին նորոգեց Գանձակեցի Սողոմօն Յար. Նալչագաիեանցն ծախիւք իւրովք ի յիշատակ իւր կնոջն Բալախանումի, որդւոյն Լեօնի և համայն ննջեցելոց իւրոց 'ի 1891 ՌՅԽ. ամի»։ Վանքաբարձ սարիս գագաթի եզերքներով պարսպուած է եղել վաղուց ամրագին պատերով իբրև անմերձենալի ամրոց, որ այժմ կիսաւեր է: Պարսպիս ներսում կան շատ գերեզմաններ և միաբանութեան խուցերի մեծ աւերակներ, (միայն կանգուն է երկու սենեակ): Հանգստարանս ծածկուած է կաղնի, տխկի, ճըռ տանձի և այլ ծառերով:
Վսկաթել (Ոսկեթել) մատուռ. Գտնուում է գիւղիս հիւսիսային անդնդախոր ձորում, որի միջով հոսում է Հարցհանգիստ առուակն: Փոքրիկ մատուռ է, ձեղունն փայտաշէն, որի մասին ոչ ինչ չկայ գրաւոր. միայն աւանդութեամբ ասում են թէ «Մի Վսկաթել կոյս աղջիկ նահատակուած է այստեղ»։ Մատրանս ստորոտից բղխում է մի նշանաւոր աղբիւր:
Բախշիկ աւերակ. Ընդարձակ աւերակ գիւղ, մեծ և հին հանգստարան և եկեղեցի, որ շինուած է վեց սիւների վերայ, որի երկարութիւնն է 20 մետր 2 սանթ. և որի գլուխն խոնարհուած է այժմ: Աւերակս գտնուում է Հարցհանգիստի հիւսիսային հանդէպ, խորանդունդ ձորի ձախ կողմի բարձրութեան վերայ:
Պտկեսբերք (Պտկի Սուրբ Գէորգ) կայ աւերակիս արևելեան հանդէպ կանգնած մի սրածայր սարի գլխին մի խաչարձան, որ ուխտատեղի է: Վաղուց եղած է այստեղ անապատի նման մի մատուռ, որ աւերուած է յետոյ: Ահա այս է Պտկի Սուրբ Դէորգն:
ԺԴ. ՆԻՒԿԶԱՐ ԳԻՒՂ. Հիմնուած է Սուրբ Գէորգ սարիս հիւսիսային և Շամքոր գետակի հարաւային կողմի սարահարթի արևելահայեաց լանջի վերայ. բնակիչք Ցիցիանովի ժամանակ գաղթած են Երևանեան նահանգի Ճաթղռան, Ճռըվիզ և Քանաքեռ գիւղերից. հողն արքունի, անջրդի սակայն հացաւէտ, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90––100. եկեղեցին Սուրբ Գէորգ, հիմնուած մի կամարի վերայ, որ ունի միայն մի փոքր խորան հիւսիսային կողմում և մի աւագ, 18 մետր 20 սանթիմ երկարութիւն 9 մետր 5 սանթիմ լայնութիւն: Շինուած է գիւղիս նախկին բնակիչներից: Քահանայ մի: Ծուխ 70, ար. 360, իգ. 323, ար. ծն. 17, իգ. 13, պսակ 9, ար. ննջ. 2, իգ. 2:
Գիւղիս հին հանգստարանում, որ մի քանի քայլ հեռի է եկեղեցուց, կայ մի հին մատուռ, շինուած անտաշ քարով, ծածքն փայտաշէն, քարեայ հին խաչերով զարդարեալ բեմի ժողովրդահայեաց երեսն: մատրանս մօտ մի շիրմաքարի վերայ. «Այս է հանգիստ Գրիգորոյ թվիս ՉԽԷ.»։

ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔ ՆԻՒԿԶԱՐԻ ՄՕՏ

Հիմնուած է գիւղիս հարաւ-արևմտեան կողմում մի լանջի վերայ, որ նայում է Շամքոր գետակի ձորին, այժմ աւերակ է և մնում է միայն խորանի կամարն, վէմ և սեղան քարերն: Ունի միայն մի փոքր խորան աւագ խորանի աջ կողմում, մի փոքր գաւիթ, որի ծեփի վերայ գրուած է. «Ես Դաւիթ եպիսկոպոս նորոգեցի զեկեղեցիս այս թվ. ՌՃԻԸ.»։ Եպիսկոպոսիս մարմինն ամփոփուած է խորանի տակ:
Աւերակ դրութեան մէջ են վանուցս շրջապարիսպն և միաբանից խուցերն, բայց մնում է հանգստարանն, վանուցս հիւսիսային կողմում մի բլրակի վերայ:

ԾԾԵՐ

Ամենափրկչիցս փոքր ինչ ներքև ձորի մէջ կայ մի ապառաժ քերծ, որի ստորոտով վազում է մի առուակ: Քերծիս ստորին մասն ձևացած է ինչպէս քարայր, որի առաստաղից կախուած են (բնական գոյացած են) ամենատեսակ ծծեր––մարդոյ, ոչխարի, խոզի ևն,: Ծծերի ծայրերից կաթկաթում են ջրեր և թափուում աւազանին մէջ, որ տակին է: Ջրիցս խմում են կաթն պակաս մայրեր և աւելանում է կաթն. հաւատքով լողանում են աւազանիս մէջ և բժշկուում տեսակ տեսակ ախտաժէտներ:
Կարմիր եկեղեցի (կամ Հոռոմաշէն) (42)
Շամքոր գետակի աջ ափի մօտ ճանապարհի վերայ հիմնուած է տաճարս, որ փոքր, խաչաձև, բարձրաշէն և ամբողջապէս սրաբատաշ կարմիր քարով շինուած է, վասնորոյ կոչուում է Կարմիր եկեղեցի: Տաճարս 1) ունի գեղեցիկ և սրածայր կաթուղիկէ, միայն աւագ խորան, որի հարաւային անկիւնում մի փոքր և մութ խորան: Աւելի վանքի ձև ունի տաճարս, քան թէ եկեղեցու, ունի և գաւիթ, որի մէջ ամփոփուած են շատ ննջեցեալներ, որոց քարերն չունին արձանագրութիւն. ունի և բաւական խուցեր միաբանից համար և հանգստարան և քարուկիր շրջապարիսպ, որք կիսաւեր են և ենթարկուած քայքայման վիճակի: Վանքս իւր հիւսիային արտաքին կողմում, սալկախից ներքև ունեցած է հայերէն երկար արձանարութիւն, որի մէջ յականէ յանուանէ նշանակուած է եղել վանուցս անշարժ կալուածներն: Մի քանի տարիներ առաջ Գանձակեցի ոմն անազնիւ հայ ջարդում է արձանագրութիւն կրող քարերը և նենգութեամբ իւրացնում կալուածները:
–––––––––––––––––––––
1) Կոչուում է Դասան:

ԺԵ. ԿԻՒԼԱՄԲԻՒՐ ՇԷՆ. Մի քանի գերդաստան հատուածեալ Նիւկզար գիւղից եկած և բնակութիւն հաստատած են շինումս, որ կայ Կարմիր եկեղեցուց վերև, Շամքոր գետակի աջ ափի մօտ: Ծուխերն և ամեն ինչ հաշուած է Նիւկզարի վերայ. ունին գեղեցիկ այգիներ:
Գետակիս աջ ու ձախ հովտում կան աւերակ գիւղեր և հանգստարաններ:
ԺԶ. ՆՈՐ-ՓԻՓ ԱՒԱՆ. Հիմնուած է Շամքոր գետակի աջ կողմում, մի լայնագոգ սարի արևմտահայեաց լանջի վերայ: Գիւղն շինուած է երկու սեռի և երկու ձորակի վերայ Կիւլամբիւրից շատ վերև, բնակիչք բնիկ, հողն արքունի, լեռնային, անջրդի և միջակ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն––աւելի ոչխար, տաւար, գոմէշ, խոզ, հիանալի տեսարանն, օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, քարուկիր, կամարակապ վեց սիւների վերայ, ունի մի կաթուղիկէ դասի վերայ և մի փոքր զանգատուն եկեղեցուս արևմտեան ծայրում տանեաց վերայ. 22 մետր երկարութիւն 12 լայնութիւն, քարեայ խաչկալ և սոյն արձանագրութիւնը. «1849 ՌՄՂԸ. թվին»։ Քահանայ 2: Ծուխ 301, ար. 1641, իգ. 1407, ար. ծն. 72, իգ. 58, պսակ 35, ար. ննջ. 15, իգ. 13:
Եկեղեցումս կան հետևեալ ձեռագիրներն.
Ա. Աւետարան մագաղաթեայ, միջակ դիրքով, առանց պատկերի, նկարի, նախշի և ծաղկի:
Յիշատակարանից. «Եւ արդ ես անարժան գրիչս Աթանաս զծոյլս 'ի բարեաց, որ անարժան ձեռաւքս գրեցի զսուրբ աւետարանս ի թուականիս Հայոց ՋԼԷ. 'ի սուրբ ուխտս Աւծոպոյ 1) 'ի դուռն Սուրբ Աստուածածնին. յիշատակ Գասպարին և ծնողաց իւրոց»։
Բ. Աւետարան թղթեայ, պատկերազարդ, բայց բոլորովին անճաշակ, անարուեստ և անախորժ գոյներով: Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս 'ի գեաւղս, որ կոչի Արտամէտ ձեռամբ… Կարապետ երիցու ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնին և Սուրբ Ստեփաննոս Նախավկային և Ամենափրկչին 'ի դառն և 'ի նեղ ժամանակիս, որ կամք գերի 'ի ձեռս այլազգեաց, որ պիղծ, ժանդ և արեանարբուն Կարապետ Նեռին և որդին կորստեան Սարտար Ջղալ աւղլին 'ի Ըստամբուլայ երեգ 'ի Վան և արար ժողով իւր հեծելին և երկու դարբայ (անգամ) հարիւր հազար մարդ ժողովեաց և գնաց 'ի վերայ Շահ Աբասին և Աստուած զնորա բանն ո'չ յաջողեաց, այլ փախեաւ և եկաւ աւերելով 'ի Վան և աւերեաց զՎանայ աշխարհն զամեն, որ սովն կալաւ զարարածս, որ եղ(և) քիլայ ցորեն 'ի ութ ափասի, ապա գնող կեր և ծախող չկեր: Որ ՛ի սովու կերան զշուն և կատու, էշ և ձի և կաշի և աղքատն ժողովէին զերեք և չորս տարու չոր ոսկրներն և սղկէին 2) և ուտէին և կուտուց կուտուց 3) մեռանէին: Որ կերաւ մայրն զորդին և հայրն ծախեց զորդին բ. կորեք հացի, որ մեռան 'ի սովու հազարք հազարաց և բիւրք բիւրոց: Եւ այն որ մնաց, փախեան 'ի Ջզիրեն, 'ի Բաղդատ և յԱրաբսատան, 'ի Թաւրէզ, 'ի Ղազուին և 'ի Խորասան և Գուրջստան և ամենեքեան մեռան 'ի ղարիպութիւն, որ 'ի խազարէն մէկ չի դարձ (աւ) 'ի յետ: Որ 'ի Ջազիրէն 'ի քաղաքն միայն երիցներն (երիցունք) խսապ (հաշիւ) արարին ամենքն զիւրեանց թաղածն, խռ: (40000) մարդ էր մեռէր, թող զայն որ ի բուքն խեղդեցան և կամ ի գետն անգան և թող զայլ քաղքունէքն, որ ՛ի Սալամաստայ մինչև Գուռջստան և մինչև յԸստամբուլ և հիւսիսակողմով մինչև յԱմիրթ, յԱլապ եղև անմարդաբնակ, որ առջք և խոզք և մարդակեր գայլքն և շունք ի շուռ գային և այն անաւրէն և պիղծ գազանաբարոյ ազգն Հոռոմեցիքն բռնէին զմարդիկն և չարչարէին, զնոցա ամաւթն ծամէին և ասէին թէ մեզ հաց ու զահրայ տուէք և նոքա ոչ ունէին զատ (իր ինչ), որ տային նոցա և չարաչար մահուամբ սպանանէին…… յառաջն եբեր (Աստուած) զխաշանց մահ, որ երեկ յարևելից և գնաց մինչև 'ի մուտս արևու, 'ի հիւսիսոյ 'ի հարաւ….: Եւ յետոյ եբեր զմարդկային պատուհասն, որ 'ի սովու կերան զմիմեանս, որ եթող հայրն զորդին և մայրն զդուստրն, եղբայրն զեղբայրն և ուտէին կենդանի (ք) զմեռեալն և ամենեքեան յայլ աշխարհ գնային, և որն որ մեռան և որն որ թուրքացան և այլ ոչ դարձան 'ի յիւրեանց տեղն վասն ծովացեալ մեղա՜ց մերոց: Եւ մին 'ի բազմաց եղկելի գործողս էր, որ առի զընտանիքն իմ և գնացի 'ի Ջզիրէն և մեռան անդ զընտանիքն իմ, կին իմ և դստերքն իմ և մէկ որդին իմ Մկրտիչն և հարսներն իմ և եղբայրն 'ի Տէր Ատումն, որ զայս աւետարանս ծաղկեց և ամենեքեան մեռան ի ղարիպութիւն…. գրեցաւ սուրբ աւետարանս ի թուականիս Հայոց ՌԾԴ. ամի յիշատակ Գուլիարին և Սաղդաթեարին և Սպադիարին….»։
–––––––––––––––––––––
1) Ծոպ էր կոչուում 'ի հնումն այժմեան Դիլիջանի ձորն, իսկ Աստուածածնայ վանքն այժմ անմարդաբնակ է, որ կոչուում է Ջոխտակ վանք:
2) Մանրել, ջարդել, փոշիացնել:
3) Կերակուր ի բերան մեռնիլ:

Գ. Աւետարան թղթեայ, անթուական և անյայտ գրողի անունն և տեղն:
Դ. Աւետարան թղթեայ, որի մէւ կան Քրիստոսի բոլոր բժշկութեանց և չորս աւետարանչաց պատկերներն, վերջից ընկած են յիշատակարանն և շատ թերթեր:
Գիւղիս հին եկեղեցու, որի ծածքն փայտաշէն է, փայտեայ սիւնի վերալ. «Իշխանութեան Մէլիք Հախնազարի, պապեր 'ի Քրիստոս յիշեցէք, Հրապետն, որդիք Պալին Սարգիս, հանգուցեալ որդին Տէր Ղազար, մայրն իւր Նարկիզն թվ, ՌՃԼԶ.»։ Արձանագրութիւն «Սուրբ Աստուածածին բարեխօս տէր Ըստեփաննոսին թվ. ՌՃԺԹ.»։
Սուրբ Գէորգեան միդասեան ուսումնարան, աշակերտք 40, թոշակատու 36. տարեկան ռոճիկ վարժապետին 350 րուբլի:
Շիպի հանք––Ամբողջապէս շիպահանք է գիւղիս հարաւային կողմի ահագին լեռն, որից ելած շիպաքարերը փոխադրում էին գործարաններն, որ գիւղիս հարաւ արևմտեան ծայրումն են: Ապա քարերը վառարաններում այրում էին կրաքարի պէս, յետոյ ջարդում այրուած քարերը և լցնում էին աւազանների մէջ, ջրով լցնում աւազանները, թողնում ամսաչափ, յետոյ հանում աւազաններից, մեծ կաթսաներում եփում զանգուածը. թափում հորերի մէջ, որոց մէջ մնալով լինում էր շիպ: Բայց մի քանի տարի է որ այլ ևս չեն շինում Փիփեցիք շիպ. այլ դադարեցրած են կառավարութեան հրամանաւ:
Քարահատի խաչ. Նոյն Շիպասարի վերայ մի մատուռ է, որի ծածքն փայտաշէն է և որի մէջ ամփոփուած է ոմն յարգելի անձի մարմինն, բայց անլայտ է սուրբ ամփոփեալի անունն: Ուխտատեղի է:
Սվրեցիք. աւերակ գիւղատեղի Փիփիս արևելեան հիւսիսային կողմում, որ գտնուում է մի դալարագեղ և բարձր սարահարթի վերայ: Շամքոր գետակի աջ կողմի բարձրութեան վերայ: Տակաւին կայ ընդարձակ եկեղեցու աւերակն, որից մնում է կանգուն միայն խորանի թաղն և երկու փոքր խորաններն: Խորանի լուսամտի հարաւային կողմում. «Թվ. ՋԻԲ. ես Համզա կանգնեցի զխաչս որդոյ իմոյ Պապի»։ «Ես Համզա կանգ. զխաչս որդոյ իմոյ Էվատին»։
Աւերակիցս ներքև, ձորի ձախ կողմում կայ հանգստարան, ուր մի գեղեցկաքանդակ խաչարձանի վերայ. «Սուրբ խաչս Թումանին Պէկաջին թվ. Պ.»։ Աւելի ուշագրաւ է սորա մօտ եղած մի խաչարձան. որ ունի գեղեցկաքանդակ պատուանդան 1), որի վերայ քանդակուած է մի գութան իւր մաճկալով, մաճկալեղբայրով և հօտաղներով, եզներով և գոմէշներով, և մի ճաշաբեր հարսն, որ կերակրով լի կաթսան իւր գլխին դրած, գութանաւորների համար կէսօրուան ճաշ է բերում: Սորա խաչարձանի վերայ.
«Սուրբ խաչս բարեխաւս Գիչնին. կանկնե….» (43) Ափսո՞ս որ եղծուած են կէտադրեալ բառերն: Այլ քարի վերայ. «Սուրբ խաչս Հուռիփսիմի Մարտիրոսին»։
–––––––––––––––––––––
1) Երկարութիւնն 1 մետր 10 սանթիմ, լայն. 95 ս.:

Մաղթում զատէ. Հանգստարանից ներքև նոյն ձորի աջ կողմում, գետակահայեաց լանջի վերայ , մի տեսարանաւոր սարահարթում հանգստարան և աւերակ մատուռ: Մատրանս մէջ, որ բուսած է մի տխկի ծառ, կայ երկու խաչարձան. մէկի վերայ. «Սուրբ խաչս բարեխաւս Խամբկի ՆՀԳ.»։
Խորհրդաւոր մահարձան. Հանգստարանումս մի գերեզմանաքարի վերայ շինուած է գութան իւր պարագայիւք, սազ ածող, թմբուկ զարկող. սեղան պատրաստող կին, պարող մարդիկ. գինու կուլան ձեռնին, իսկ իշխան ոմն իւր աջ ձեռնով բռնած բազէն և ձախովն գինու թասը: Սորա մօտ կոնգ, գինաման և կենդանի խոյ։ Քարիս արևելեան երեսին կայ մի ահագին արծիւ, որ բարձրացնում է մի գառն: Ափսո'ս միայն որ չունի արձանագրութիւն: Սորա մօտ այլ քարի վերայ. «Ես Եղոմ կամգնեցի խաչս Նատարին»։
Րուսկան (գուցէ Որսկան) նահատակ. Փայտաշէն մատուռ Փիփի հիւսիսային կողմում, գետակահայեաց լանջի վերայ: Մատրանս մէջ կայ տապան, որի վերայ կանգնած է մի մեծ քարեայ խաչարձան, որ ուխտատեղի է:
Հին-Փիփ գիւղ.
Շամքոր գետակի աջ կողմում, աւերակ է այժմ: Այս տեղից խոխադրուած են Փիփի բնակիչներն Նոր-Փիփ. բայց անարատ մնում է եկեղեցին, որ շինուած է երկու կամարների վերայ: Աւագ խորանի աջ ու ձախ կողմերում կան երկու ծակեր, որք գաղտնի պահարաններ են: Հոյակապ տաճարիս 1) երկորութիւնն է 26 մետր 35 սանթիմ, լայնութիւնն 12 մետր 70 սանթիմ, պատի հաստութիւնն 2 մետր 40 սանթիմ: Աւազանի վերայ. «Յիշեցէք ի Քրիստոս Ծատուրն և կողակից իւր Մարեան թվ. ՌՃԺԹ.»։ Հիւսիսային փոքր խորանի դռնագլխին. «Յիշեցէք ի Քրիստոս Գաւրկին և Ծատուրն… Առաքեալն և որդին իւր Յովհան»։
–––––––––––––––––––––
1) Սուրբ տանս հիւսիային կողմումն է հանգստարանն:

Դրան վերայ. «Կամաւն Աստուծոյ մեք Փիփեցոց ժողովուրդս միաբան շինեցաք զեկեղեցիս 'ի հայրապետութեան տեառն Պետրոսի (Աղուանից) ձեռամբ Սարգիս վարդապետին, յիշխանութեան Մուրթուզա-Ղուլի խանին. յիշեցէք 'ի Քրիստոս տանուտէր Վարդանէսն և կողակից Մարեան»։
Բարսամ ճգնաւոր. Այսպէս են անուանում մատուռը, որ կայ եկեղեցուն հարաւային կողմում: Մատրանս մէջ կայ երեք գերեզման, երկու տապանաքարերի վերայ չկայ արձանագրութիւն. միայն երրորդի վերայ. «Ես Մաղագայ եպիսկոպոս կանգնեցի զխաչս հաւր.. եղբաւրն իմոյ տէր Պար.. մարհ եպիսկոպոսին թվ. ՋԶ.»։
Օխտը եղցի կամ Քարահերձ (44)
Շիպասարիցն դէպի Շամքոր գետակն երկարած է մի լեռնաբազուկ, որի հիւսիսահայեաց ծայրի քերծի ճակատում փորուած են եօթը քարայրներ և քարուկիր պատով պատուած բաց տեղերն: Քերծս և քարայրներս շրջապատուած են թանձր անտառներով: Քարայրներս բոլորն ևս եկեղեցի չեն, այլ միայն երկուսն, որոց մէջ մնում են վէմ և սեղան քարերն ցարդ: Վիմահերձի ճակատով շինուած է ուղի, որ տանում է այրերն: Ուղիղ Չարեք բերդի հարաւային հանդէպ են քարայրներս, որոց արևելեան կողմում կայ պատուական աղբիւր, որից խմած և գործածած են այրերումս նստող կաթուղիկոսներն:
Աղիւսաշէն. Մի գիւղատեղի, հանգստարան և կիսաւեր եկեղեցի է այս անուամբ, որ գտնուում է Քարահերձից վերև նոյն լեռնաբազկի վերայ:

ԳԱՐԴՄԱՆ ԱՒԱՆ (45)

Գտնուում է Աղիւսաշէն աւերակի արևմտեան հանդէպ Գարդման վտակի 1) ձախ կողմում: Այս էր ահա Գարդման գաւառիս գաւառագլուխն, որի անուամբ ամբողջ գաւառս կոչուած է Գարդման, և գաւառիս իշխանաց աթոռանիստ աւանն: Այժմ աւերակ է աւանս և թրքաբնակ և կոչուում է Գրթմանիկ: Կիսաւեր եկեղեցու արևելեան որմի արտաքին երեսին վերայ քանդակուած է մի խաչքար: Իսկ հարաւային կողմում` մի քանի քայլ հեռաւորութեամբ` գտնուում են 7 հատ ցից, ահագին և նշանաւոր մահարձաններ, որք միատեսակ են և մօտ առ մօտ. յորոց միոյն վերայ փորագրուած է. «Կանգնեցաւ խաչս Քրիստոսի թ. ՌՄՂԱ.»։ Եղծուած են գրեթէ և անընթեռնելի միւս 6 մահարձանների գրութիւններն:
–––––––––––––––––––––
1) Այս է Շամքոր գետակի արևելեան մեծ օժանդակն, որ խառնուում է Չորէք բերդի ստորին կողմում:

Սրբլթոն. Գարդման աւանիս հարաւային կողմում փոքր ինչ հեռի կայ մի ուխտատեղի Սրբլթոն անուն, որ մի փոքրիկ մատուռ է և որն բնաւ չունի արձանագրութիւն: Բայց մատրանս մօտ կայ մի մահարձան, 3½ մետր բարձր, որի վերայ փորագրուած է «Այս է տապան սուրբ Սրապիոնի թոռն մեծին Սամորին մեծին Սատին 1) թ. ՉՁ.»։ Լայնածաւալ հանգստարան կայ մատրանս մօտ, որի մէջ են գեղեցիկ մահարձաններով զարդարուած շատ գերեզմաններ:
–––––––––––––––––––––
1) Գուցէ Սադունին:

Դդում-բլուր. (Ղաբաղ թափէ) ընդարձակ գիւղաեղի, հանգստարան և եկեղեցի, որք կան Գարդման աւանից բաւական վերև: Դեռ կանգուն է ընդարձակ եկեղեցին, որ կառուցեալ է 4 սիւների վերայ: Տաճարիս, որի դուռն հարաւային կողմից է, մի սիւնի վերայ գրուած է. «Ես Խոսրովս թվ. ՌՃԽԱ.»։ Միւս սիւնի վերայ գրուած է. «'Ի թ. ՌՃԾԵ.»։ Տաճարս հոյակապ է, որ ունի 21 մետ. երկ. 13 լայն.: Այժմ մահմետականներ են բնակում գիւղումս:

ԱՐՈՒԹԻՒՆԱՅ (46) ՍԱՐ (տճկ. Ղոչ-ղարա) 11085 ոտք

Մի հսկայ, բոլորակաձև և գեղեցիկ սար, որ գրեթէ Մռաւեան և Գեղամեան բարձր լեռնաշղթայի խառնուրդի շարքից դէպի հիւսիս դուրս ելած, առանձնացած է, բայց մի հսկայ լեռնասեռով կցուած է նոյն լեռնագօտու խառնուրդին և վեհանձնաբար արձանացած Գարդման գաւառիս լեռնամասում: Համարեա' թէ իւր շրջապատի բոլոր բարձր լեռներից ամենասիրունն է: Հինգ ժամ է տևում մինչև սարիս գագաթն բարձրանալն և երեք ժամ` իջնելն: Չորս կալաչափ տեղի մեծութեամբ տափարակ է սարիս կատարն, որի վերայ կայ մի գերեզման, որի շուրջն շարուած են շատ քարեր: Այս երևոյթն ենթադրել է տալիս թէ մատուռ եղած լինելու է վաղուց այստեղ: Գերեզմանիս մօտ կայ մի լճացեալ ջուր, որ անկասկած գոյացած է ձիւնից և անձրևից. սակայն անպակաս է ամառ. ձմեռ ջուրն լճակիցն: Քանի՜ ուշագրաւ է գագաթիս տեսարանն, քանի՜ գեղեցիկ և անբացատրելի է դիրքն. անթերի՜ զուարճութիւնն և բարձրաթռի՜չ այցելուի սլացող միտքն….:
Սարիս լանջերից և ստորոտներից բղխում են հետևեալ գետակների բուն սկզբնական ակունքներն:
Ա. Գանձակ գետակի մի մասն:
Բ. Արութիւնայ վտակն, որ հոսում է Բանանց գիւղի մօտով:
Գ. Գարդման վտակն:
Դ. Փառիս վտակն, որ հոսում է փառիսոսի վանքի արևելեան կողմով, բաժանում Գարդման և Փառիսոս գաւառներն իբր սահմանագլուխ և ապա միանում Շամքոր գետակին Ջոխտակ կամրջի (Ղօշա քեօրփի) մօտ:
Ադի շէն. այժմ աւերակ է, բայց եկեղեցին կանգուն է: աւերակ գիւղս, եկեղեցիս և հանգստարանս գտնուում է Փառիսոսի վանքի արևելեան հանդէպ, Փառիսոսի վտակի աջ կողմի բարձրութեան վերայ:

ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ

Ա. Ղալա անուն բերդակ, որ կայ Ոսկանապատից մօտ մի մղոն վերև նոյն գետակի ձախ ափին: Քարուկիր և գրեթէ քառակուսի է բերդակս, որ ունի չորս աշտարակ և մի դուռն: Փոքր է, բայց ունի գեղեցիկ դիրք, հաստատուն պարիսպ և յարմար տեղ: Երևի թէ գետակի կողմում ունեցած է կրկնապարիսպ, որ փոքր ինչ ցած է բուն պարսպից և ունի քարուկիր շինութիւն և բնակարան իբր տուն:
Բ. Մլզնաբերդ կամ Մածնաբերդ (47)
Գտնուում է համանուն վանքի հիւսիային հանդէպ, ձորի միւս կողմում: Իւր շրջապատից առանձնացած է նաև բերդասարս, որի հարաւային և արևելեան կողմերն վիմահերձ և բարձրագոյն ապառաժներ են, հիւսիսային կողմն անմերձենալի սարալանջ, իսկ արևմտեան կողմն ունի հաստատուն պարիսպ երեք ամուր աշտարակներով: Ունի միայն մի դուռն արևմտեան կողմից և բաւական մեծութիւն, որի մակերևոյթն թեքուած է հարաւից հիւսիս: բերդիս վերնամասում 1) կայ հանգստարան և բնակարանների շատ աւերակ: Ստորին մասում կայ յատկապէս միջնաբերդ, որը տեղացիք անուանում են Նարին-Ղալա, որ ունի առանձին պարիսպ և մուտք: Մեծ ուշադրութեամբ ամրափակուած են քարուկիր պատերով կասկածաւոր տեղի կիրճերն. վերջապէս նշանաւոր ամրոցներից մին է բերդս և շատ հին: Բերդիս հիւսիսային մասում կայ մի բարակ ջուր, սակայն երևի թէ բնակիչք չեն բաւականացած ջրովս, այլ խեցեղէն խողովակներով ջուր բերած են արևմտեան կողմից: Կարծես թէ եղած է և քաղաք: այժմ հերկում են Հարցհանգիստ գիւղի բնակիչներն բերդիս մէջը հետզհետէ քայքայւուում է են պատերն:
Գ. Ղըզ-Ղալա բերդակ, որ կայ Նիւկզար գիւղի արևելեան կողմում, մի սարի վերայ, որ բաւական հնաշէն է:
–––––––––––––––––––––
1) Բարձր են վերնամասիս հարաւային և հիւսիսային ծայրերն, իսկ փոս միջավայրն:

                Դ. Կեռստավանք բերդ.
Հիմնուած է Շամքոր գետակի աջ կողմի բարձրութեան վերայ Րուսական նահատակից փոքր ինչ ներքև: Բերդիս տեղն թեքուած է դէպի գետակն, իսկ երկու կողմերն` ձորեր են: Ունի շրջապարիսպ, որից այժմ տեղ տեղ քանդուած է կամ լաւ ևս է ասել մնում է պարսպի ստորին մասն և քարուկիր շինութեանց բեկորներ: Ոմանք կարծում են թէ վանք եղած է այս, իսկ այլ ոմանք թէ` բերդ է: Մենք հաւանական ենք համարուն վերջին կարծիքս. քանզի ժամանակաւ մեծ ճանապարհ եղած է գետակիս ձորովն Գեղամայ լճի արևելեան ափի վերայ, վասն որոյ Չարէք բերդն շինուած է գետակիս ձախ և բերդս աջ ափերի վերայ` թշնամեաց մուտքը արգիլելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий