воскресенье, 13 мая 2018 г.

Նիկոլը Սերժին հեռացրեց, մենք էլ «պադավատն» ենք պարտավոր վերացնել


Հետևելով պրոցեսների ծավալմանը, գալիս եմ այն համոզման, որ մարդիկ գտել են իրենց նոր հերոսին և համբերատար սպասում են նրա հաջորդ քայլերին։
Քաղաքագիտական ավանդույթն ասում է՝ սպասիր 100 օր, նոր սկսիր իշխանավորի քննադատությունը։ Սույն թեզը ճիշտ կլիներ, եթե մենք դասական ավանդույթների երկիր եղած լինեինք։ Եթե մեր «պադավատն» ու ախպերականը 27 տարի դրության տեր եղած չլինեին, երկիրն ու մարդկանց իրենց արժեքայինով պլիտուսների իջեցրած չլինեին։

Դրա համար մասնակիորեն է պետք հետևել 100 օրվա պահանջին՝ վարչապետին բան չենք ասում, բայց երկրում եղած հիմնարար այլանդակությունների վրա նրա ուշադրությունը հրավիրում ենք։

Ակնհայտ է, որ կյանքում եղած դրվածքներն ունեն բազիսային սկզբնապատճառներ և դրանցով պայմանավորված՝ վերնաշենքային հետևանքներ։
Օրինակ, կոռուպցիան նրանից չէ, որ ոստիկանն իր քմահաճույքով փող է պահանջում ու ես էլ պետք է տամ, կամ չտամ։ Ոչ, համակարգն է ոստիկանին պարտադրում կաշառքը պահանջել, և համակարգն էլ ստիպում է, որ ես կաշառքը տամ։ Որովհետև, բացառությունները հանած, եթե ոստիկանը չպահանջի՝ ոստիկան չի աշխատի այլևս։ Եթե ես կաշառքը չտամ՝ չեմ քշի այլևս։

Նիկոլի վարչապետության գալու հետ կապված, հենց այսպիսի բազիսային խնդիրների ահռելի կծիկ է դիմացներս, որոնց մի մասը Նիկոլի հրամանագրերով  հաղթահարվող են։ Որոշներն էլ միայն ու միայն մեր բոլորի հետևողականության ու ջանքերի շնորհիվ կարող են կարգի գցվել։

Գիտական կյանքում որպես մեթոդաբան պրպտելով, հիմա էլ մեր իրականությունն եմ փորձում նույն գործիքակազմով ուսումնասիրել և հասկանալ, թե որն է մեր ներկա կյանքի այն բազիսային շեղումը, որն առաջինը պետք է շտկվի։ Եվ միարժեքորեն գալիս եմ համոզման, որ դա «պադավատն» է։

Այն «պադավատ համակարգը», որը և վարորդն է, և մեքենան, և քարտուղար- քարտուղարուհին, և օգնականը, և շքախումբը, և անթիվ-անհամար արտոնությունները,  հանգստյան տները, կառավարական պալատներն ու ճոխությունները։

Բայց և, այս ամենից զատ, «պադավատային» ամենակարևոր դրվածքը ժողովրդից իշխանավորի մեկուսացման ահռելի մեխանիզմն է, որն ապահովվում է պարիսպներով, ճաղերով, ոստիկաններով, զրահամեքենաներով, թիկնապահներով, ժամեր առաջ փակված փողոցներով, ամենուր վխտացող մեքենաների՝ մինչև ոսկրերը  թափանցող ահարկու հաչոց- շչակներով ու իշխանական ահ ու սարսափի տարածման գարշելի այլ ձևերով։

Հենց «պադավատն» է, որով իշխանությունը վերահաստատվում է ամենքիս վրա որպես ճնշող մեքենա, որի դեմ «խաղ չկա»։
Հենց «պադավատն» է, որը դնում-հաստատում է ենթարկվելու սկզբունքներն ու իր շոշափուկներով տարածում այն երկրով մեկ։
Հենց «պադավատն» է, որ մարդուն նսեմացնում է, ստորացնում ու սարքում մժեղ իշխանավորի դիմաց։

Եվ հենց «պադավատն» է, որն իշխանավորին հիմք է տալիս մտածելու, որ ինքն է որ կա, որ թքած ունի ցանկացածի վրա։
«Պադավատով» է, որ հարցերն են լուծվում, կաշառքը վարից վեր հոսում, անօրինությունն ամենուր հաստատվում ու տնօրինում։

Այսինքն, եթե մանրամասնելու լինեմ, կարող եմ ասել, որ Սերժ մերժելով դեռ համակարգ չենք մերժել։ Որովհետև, եթե Նիկոլի հետ եկող նոր իշխանավորը պադավատ է նստելու, վարորդ է ունենալու, պարիսպների ետևից է մարդկանց նայելու, կառավարական կաբինետներում ու տներում է առանձնանալու, ոստիկանական մեքենաների շչակներով է քաղաքով ահ ու սարսափ տարածելու, ապա գնանք տներով և Նիկոլին էլ մենակ թողնենք դեմ հանդիման թե համակարգին և թե իր անելիքին։
Քիչ ժամանակ է անցել, բայց ես որևէ խոսք-խոստում չեմ լսել որևէ  հեղափոխականից, որ ինքը ոտքով, հեծանվով, ավտոբուսով, մետրոյով, իր մեքենայով է գործի հասնելու։ Կամ էլ գոնե իրեն հատկացված պետական մեքենան ինքն է քշելու։

Սերժին հեռացրել ենք, նախարարներին հրաժարականների դրդել, իսկ թե փոխարենը նորերը ոնց ու ինչ սկզբունքներով են գալու՝ այ դա չենք պարզել։ Այսինքն անտեսել ենք այն, որը հենց հիմնական անելիքն է՝ երկիրն էս աղետալի անդունդից հանելու։
Շատերը կասեն, թե շտապել պետք չէ, սրանք երկրորդական են, կամաց-կամաց, դրան էլ կհասնենք։

Ոչ, հենց սա է առաջնայինը, հիմնականը։ Կամաց-կամացը տնտեսությունը վերականգնելն է, արժեքային նոր կյանքի անցնելը։ Բայց  առաջին անելիքը հենց այս սկիզբն է, որ հիմա էլ չդառնանք նորերի գերին։
Ավելին, եթե այս հարցի գիտակցումը չկա ասպարեզում, ապա ինչ հույսերով ես ապավինեմ նոր վարչակազմին, որը պադավատի հարցը չի ընկալում որպես գերսկզբունքային։

Ես կարծում եմ, որ անհապաղ և բոլորով պետք է գանք այն գիտակցության, որ հին աշխատաոճը, հին հարաբերությունները, հին դրվածքները Փաշինյանի կառավարության հենց առաջին օրվանից օրենքից դուրս պետք է հայտարարվեն։
Միակ պաշտոնյան, որի անվտանգությունն ու պաշտպանությունը պետք է անվերապահ իրացվի, վարչապետն է։ Եվ դա էլ, զուտ այն պատճառով, որ երկրի առաջին դեմքը արտաքին թիրախ կարող է լինել։ Վարչապետի համակողմանի պաշտպանությունը քննարկումից դուրս է։

Բայց ցանկացած նախարար երկրորդական, փոխարինելի ֆիգուր է, արտաքին «հետաքրքրություն» չունի և չպետք է պաշտպանություն ունենա։ Ավելին, նա հենց փողոցում պետք է հասու լինի շարքայինին, որպեսզի «երջանկությունն» ունենա լսելու իր գործունեության մասին մարդկանց կարծիքները, հենց  հեղինակներից։
Եթե նոր նախարարները ևս անսացին այս հորդորները և օգտվեցին «պադավատից», ուրեմն մենք ոչ մի հեղափոխություն էլ չենք արել, ոչ մի քայլ անգամ, առաջ չենք շարժվել։
Ետ դառնանք տներով և Երևանից էլ Գյումրի՝ ետարշավով ու նոր նշանաբանով՝ Երկիրն առանց պադավատի:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 
Մեկնաբան

Комментариев нет:

Отправить комментарий