воскресенье, 13 мая 2018 г.

Նիկոլը Սերժին հեռացրեց, մենք էլ «պադավատն» ենք պարտավոր վերացնել


Հետևելով պրոցեսների ծավալմանը, գալիս եմ այն համոզման, որ մարդիկ գտել են իրենց նոր հերոսին և համբերատար սպասում են նրա հաջորդ քայլերին։
Քաղաքագիտական ավանդույթն ասում է՝ սպասիր 100 օր, նոր սկսիր իշխանավորի քննադատությունը։ Սույն թեզը ճիշտ կլիներ, եթե մենք դասական ավանդույթների երկիր եղած լինեինք։ Եթե մեր «պադավատն» ու ախպերականը 27 տարի դրության տեր եղած չլինեին, երկիրն ու մարդկանց իրենց արժեքայինով պլիտուսների իջեցրած չլինեին։

Դրա համար մասնակիորեն է պետք հետևել 100 օրվա պահանջին՝ վարչապետին բան չենք ասում, բայց երկրում եղած հիմնարար այլանդակությունների վրա նրա ուշադրությունը հրավիրում ենք։

Ակնհայտ է, որ կյանքում եղած դրվածքներն ունեն բազիսային սկզբնապատճառներ և դրանցով պայմանավորված՝ վերնաշենքային հետևանքներ։
Օրինակ, կոռուպցիան նրանից չէ, որ ոստիկանն իր քմահաճույքով փող է պահանջում ու ես էլ պետք է տամ, կամ չտամ։ Ոչ, համակարգն է ոստիկանին պարտադրում կաշառքը պահանջել, և համակարգն էլ ստիպում է, որ ես կաշառքը տամ։ Որովհետև, բացառությունները հանած, եթե ոստիկանը չպահանջի՝ ոստիկան չի աշխատի այլևս։ Եթե ես կաշառքը չտամ՝ չեմ քշի այլևս։

Նիկոլի վարչապետության գալու հետ կապված, հենց այսպիսի բազիսային խնդիրների ահռելի կծիկ է դիմացներս, որոնց մի մասը Նիկոլի հրամանագրերով  հաղթահարվող են։ Որոշներն էլ միայն ու միայն մեր բոլորի հետևողականության ու ջանքերի շնորհիվ կարող են կարգի գցվել։

Գիտական կյանքում որպես մեթոդաբան պրպտելով, հիմա էլ մեր իրականությունն եմ փորձում նույն գործիքակազմով ուսումնասիրել և հասկանալ, թե որն է մեր ներկա կյանքի այն բազիսային շեղումը, որն առաջինը պետք է շտկվի։ Եվ միարժեքորեն գալիս եմ համոզման, որ դա «պադավատն» է։

Այն «պադավատ համակարգը», որը և վարորդն է, և մեքենան, և քարտուղար- քարտուղարուհին, և օգնականը, և շքախումբը, և անթիվ-անհամար արտոնությունները,  հանգստյան տները, կառավարական պալատներն ու ճոխությունները։

Բայց և, այս ամենից զատ, «պադավատային» ամենակարևոր դրվածքը ժողովրդից իշխանավորի մեկուսացման ահռելի մեխանիզմն է, որն ապահովվում է պարիսպներով, ճաղերով, ոստիկաններով, զրահամեքենաներով, թիկնապահներով, ժամեր առաջ փակված փողոցներով, ամենուր վխտացող մեքենաների՝ մինչև ոսկրերը  թափանցող ահարկու հաչոց- շչակներով ու իշխանական ահ ու սարսափի տարածման գարշելի այլ ձևերով։

Հենց «պադավատն» է, որով իշխանությունը վերահաստատվում է ամենքիս վրա որպես ճնշող մեքենա, որի դեմ «խաղ չկա»։
Հենց «պադավատն» է, որը դնում-հաստատում է ենթարկվելու սկզբունքներն ու իր շոշափուկներով տարածում այն երկրով մեկ։
Հենց «պադավատն» է, որ մարդուն նսեմացնում է, ստորացնում ու սարքում մժեղ իշխանավորի դիմաց։

Եվ հենց «պադավատն» է, որն իշխանավորին հիմք է տալիս մտածելու, որ ինքն է որ կա, որ թքած ունի ցանկացածի վրա։
«Պադավատով» է, որ հարցերն են լուծվում, կաշառքը վարից վեր հոսում, անօրինությունն ամենուր հաստատվում ու տնօրինում։

Այսինքն, եթե մանրամասնելու լինեմ, կարող եմ ասել, որ Սերժ մերժելով դեռ համակարգ չենք մերժել։ Որովհետև, եթե Նիկոլի հետ եկող նոր իշխանավորը պադավատ է նստելու, վարորդ է ունենալու, պարիսպների ետևից է մարդկանց նայելու, կառավարական կաբինետներում ու տներում է առանձնանալու, ոստիկանական մեքենաների շչակներով է քաղաքով ահ ու սարսափ տարածելու, ապա գնանք տներով և Նիկոլին էլ մենակ թողնենք դեմ հանդիման թե համակարգին և թե իր անելիքին։
Քիչ ժամանակ է անցել, բայց ես որևէ խոսք-խոստում չեմ լսել որևէ  հեղափոխականից, որ ինքը ոտքով, հեծանվով, ավտոբուսով, մետրոյով, իր մեքենայով է գործի հասնելու։ Կամ էլ գոնե իրեն հատկացված պետական մեքենան ինքն է քշելու։

Սերժին հեռացրել ենք, նախարարներին հրաժարականների դրդել, իսկ թե փոխարենը նորերը ոնց ու ինչ սկզբունքներով են գալու՝ այ դա չենք պարզել։ Այսինքն անտեսել ենք այն, որը հենց հիմնական անելիքն է՝ երկիրն էս աղետալի անդունդից հանելու։
Շատերը կասեն, թե շտապել պետք չէ, սրանք երկրորդական են, կամաց-կամաց, դրան էլ կհասնենք։

Ոչ, հենց սա է առաջնայինը, հիմնականը։ Կամաց-կամացը տնտեսությունը վերականգնելն է, արժեքային նոր կյանքի անցնելը։ Բայց  առաջին անելիքը հենց այս սկիզբն է, որ հիմա էլ չդառնանք նորերի գերին։
Ավելին, եթե այս հարցի գիտակցումը չկա ասպարեզում, ապա ինչ հույսերով ես ապավինեմ նոր վարչակազմին, որը պադավատի հարցը չի ընկալում որպես գերսկզբունքային։

Ես կարծում եմ, որ անհապաղ և բոլորով պետք է գանք այն գիտակցության, որ հին աշխատաոճը, հին հարաբերությունները, հին դրվածքները Փաշինյանի կառավարության հենց առաջին օրվանից օրենքից դուրս պետք է հայտարարվեն։
Միակ պաշտոնյան, որի անվտանգությունն ու պաշտպանությունը պետք է անվերապահ իրացվի, վարչապետն է։ Եվ դա էլ, զուտ այն պատճառով, որ երկրի առաջին դեմքը արտաքին թիրախ կարող է լինել։ Վարչապետի համակողմանի պաշտպանությունը քննարկումից դուրս է։

Բայց ցանկացած նախարար երկրորդական, փոխարինելի ֆիգուր է, արտաքին «հետաքրքրություն» չունի և չպետք է պաշտպանություն ունենա։ Ավելին, նա հենց փողոցում պետք է հասու լինի շարքայինին, որպեսզի «երջանկությունն» ունենա լսելու իր գործունեության մասին մարդկանց կարծիքները, հենց  հեղինակներից։
Եթե նոր նախարարները ևս անսացին այս հորդորները և օգտվեցին «պադավատից», ուրեմն մենք ոչ մի հեղափոխություն էլ չենք արել, ոչ մի քայլ անգամ, առաջ չենք շարժվել։
Ետ դառնանք տներով և Երևանից էլ Գյումրի՝ ետարշավով ու նոր նշանաբանով՝ Երկիրն առանց պադավատի:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 
Մեկնաբան

четверг, 3 мая 2018 г.

Բաց նամակ Նարեին. 70 տարեկան, հաշմանդամ, տարագիր, բայց դեռ զգոնությունը չկորցրած պրոֆեսորից


Գենոցիդ տարած ազգին առավել մեծ գենոցիդի ենթարկած, կես ազգ երկրից արտաքսած, մյուս կեսին էլ սեփական երկրում սովի, ստրկության, անարգանքի մատնած, իշխանությունն ուզուրպացրած, իր կեցվածքով մեր արժանապտվությունն ամեն օր ոտնահարած, քրեականին թիկունք եղած ու դեմագոգիան տիեզերական սարքած հրեշ հոր՝ փափկասուն աղջիկ։

Թույլ ազգ ենք, խոսք չկա՝ նամակդ ցնցեց մեզ, ոնց երկրաշարժը։ Մեծ մասս հալվեցինք, թե էն այլանդակ հորից ո՞նց է էսպես նուրբ էակ դաստիարակվել։ Մի ահագինս իրար ատեցինք, թե ոնց ենք էս հրաշամանուկին ցավեր պատճառել։ Մի քանիսս քո արածն այնքան էլ չգնահատեցինք, և ով Կառլ, հանդգնեցինք հակաճառել էլ, թե աղջնակս՝ սխալ ես։ Կյանքի հարվածներից կռացածներն իրենց գլխով անցածը ոչ թե քեզ, այլ մեզ ներկայացրին, թե բա մենք ո՞նց։

Ես էլ մի քիչ, հայերեն ասած՝ մանրից «բռթբռթացի»։ Բայց հայ միլիցու կողմից հաշմված, իմ պես, ստիպված տարագիր դարձած Գրիշա Վիրաբյանի նամակը կարդալուց հետո որոշեցի, որ ես էլ պարտավոր եմ իմ սրտին եղածը քո նամակից հալվածներին հասցնելու։ Քեզ եմ իբր գրում, բայց թիրախն իհարկե դու չես։ Եվ դու չես էլ կարդալու, բայց գուցե պապադ ու պապայիդ ոհմակի անդամներն ու ոչ անդամները կարդան։

Նախ ասեմ, որ դու երեխա չես, մտավոր բավարար հասուն պատանի ես ու երեխայի դիմակի տակ թաքնվելը հորդ աստծո ասած՝ «սիրուն չի»։ Իհարկե, երեխաները ծնողների համար պատասխանատու չեն, բայց որպես գիտակից էականեր, նրանք պարտավոր են իրենց ծնողներին որպես մարդ ու հանրության անդամ ճիշտ գնահատելու։

Սիրիր հորդ, ինչքան ուզում ես, բայց և դու պետք է իմանայիր, որ հայրդ հրեշ է, աղբ է՝ մեղմ ասած, որովհետև հանցակից է ու ազգի գենոցիդ իրականացրած կարկառուններից է։

Գրիր նամակներ ում ուզում ես, բայց առաջին հերթին ինքդ քեզ նամակ հղիր ու մտահոգվիր, որ գեներով կես հրեշ ունես մեջդ, ո՞նց ես որպես մարդ, կյանք ապրելու։

Ոնց հայրդ, դու էլ լավ տեղյակ ես, որ լացելու ու հալվելու պատրաստ ժողովուրդ ենք, որ լացացնելու թելերին եթե կպար, օրերով դրանք կերգեցնես ու հենց դա էլ, ու իբր դու՝ արել ես։ Բայց և չափդ իմացիր, որովհետև ոչ բոլորն են լացկան, մեջներս դեռ սթափները կան, որ թքած ունեն քո հոր, նրա գեների վրա, ինչպես նաև լացը ազգային արժեք սարքած ողորմելիների վրա։
Ու կարևորը՝ ասա հորդ, որ եկել է ժամը իրեն էլ աղբարկղ նետելու։ Եվ ինքնդ էլ պատաստվիր, որ հորդ թալանածը ոչ թե մարսելու ես, այլ ամեն օր որպես անտեսանելի դև, այն քեզ է հետապնդելու ու սարսափեցնելու։ Այն քեզ ամեն ժամ է հիշեցնելու, որ հորդ խելք հասկացնելու համար ազգովի էինք մտել դժոխք, հիվանդ ու ծեր էինք մահվան դուռ տանում փողոցները փակելով, ոտքով երկիր էինք չափչփում, լացում, պատեպատ ընկնում ու հույս կապում, թե հայրդ մի «այո» կասի։

Հրեշուհիս, դու որևէ կերպ արժանի չես, որ իմ անփառունակ կյանքի մնացորդից վայրկյան անգամ քեզ նվիրեմ, բայց դե հայ եմ, ողբալի անցյալի, ողբալի ներկայի ու հորդ շնորհով՝ ոչ հեշտ ապագայի տեր, ու հենց դրանով ստիպված եմ։ Եվ ստիպված եմ, որովեհտև նորմալ, ուղիղ ու պարզ խոսքով քո գրածին հալվող ժողովուրդն ունակ չէ իրականություն տեսնելու ու, առավել ևս, հասկանալու։ Դրա համար քեզ ինտեֆեյս սարքած եմ փորձում խոսքս տեղ հասցնել։ Ու համոզված էլ չեմ, թե ասելիքս տեղ է հասնելու, որովհետև մեր մեջի տականքն իմ խոսքերից միայն սույն նամակի տոնի իբր լկտիությունից է վրդովվելու ու երեսով տալու։ Էլիտար աղբը, ոնց միշտ է եղել, մեծամիտ է անտեսելու։ Իրենց մի կլոնձի տեղ դրածները պնդելու են, թե հլա էս տարիքն առած խելագարին նայեք, թե անմեղ երեխուն ինչեր է գրել։

Այդ ամենն ինձ ծանոթ է, և ես դրա վրա էլ վաղուց թքած ունեմ։
Իրականում, ես բարձրաձայն ինքս ինձ հետ եմ խոսում, ու զարմանում, թե անցյալ 100 ու 1000 տարվա մեջ անվերջ ու անսահման, հրեշավոր դժբախտություններից հետո էլ, մարդիկ ո՞նց են մնացել անտեղյակ, անատամ, անվրեժ ու անհաղորդ տարրական մարդկայինին։ Թե այսքանից հետո, ուղեղներս անջատած՝ «Մենք հայ ենք, հայ ենք մենք» անիմաստը մշտապես վանկարկելով, ոնց ենք մարդկայինից մեզ դուրս դրել ու շարունակում ենք այդ անոմալիան չտեսնել։

Դու քո սրիկա հոր՝ սրիկա աղջիկն ես, ես էլ իմ լուսավոր հոր՝ համառ որդին։
Մարդիկ ասում են կաթիլը քար է ծակում։ Մշեցիք աոավել հզորն ունեն՝ ասում են՝ Աքլորին կնստեցնի ձվերի վրա և կածեցնի էլ։
Դա եմ անում ու կանեմ, քանի ողջ եմ։

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
............................................................................

Հեղինակի կողմից - Իմ լավ ընկերներից մեկը անձնական նամակով ինձ հանդիմանեց, թե երեխային սրիկա որակելը սխալ է, նա դեռ հասուն չէ, և չի կարեի նման որակում տալ։ Սա սկզբունքային հարցադրում է, պատասխանեմ հնարավորինս համակողմանի։

1. Այո, երեխան դեռ կայացած սուբյեկտ չէ, ինքնուրույն չէ, և նա դեռ կյանք ունի անցնելու՝ վերջնականապես ձևավորվելու, և մարդ կամ սրիկա կամ այլ մեկը դառնալու։ Բայց այդ երեխան արդեն իսկ քաղաքական հարց է քննարկել, և անձնական-հոգեբանականն օգտագործելով, միջամտել է ամենակարևորին՝ մեր ազգային ու պետական լինել-չլինելու հարցին։

2. Այդ «երեխան» խոսել է կարկառուն հոգեբանի լեզվով, և խիստ նպատակային է խոսել, և ամենակրիտիկական պահին է խոսել։ Նրա նպատակը իր հոգեկանն ընկերներին հայտնելը չի եղել, այլ ազգին լացացնելն է եղել, ու հասել է իր նպատակին։

3. Ինքը շատ լավ իմացել է, որ իր ընկերների մեջ հացի խնդիրներ ունեցողներ կան, դրանց ինչո՞ւ մի բառ չի հատկացրել իր ճոռոմ նամակի մեջ։

4. Վունդերկինդներ կան, որ 12 տարեկանում համալսարան են ավարտում։ Կան՝ որ 12-ում միլիոններ են արդեն վաստակած լինում։ Մեծ քաղաքականում, հանրային կարևոր հարթություններում, տարիքը ետին պլան է մղված, և եթե երեխան հայտնվում է այդ հարթություններում, նա այլևս չպետք է դիտարկվի որպես երեխա, այլ պետք է դիտվի որպես հավասար, ու իր արածներն էլ ոչ երեխայականի մեջ քննարկվեն։

5. Մանկական գաղութ կա, եթե նույն սկզբունքով շարժվենք՝ մարդասպան երեխային դատել էլ չի կարելի։

6. Նամակը չի գրել պատահական երեխա։ Գրել է շարմազանով հոր երեխան։ Շարմազանովն այս պահին ամենակարկառուն սրիկան է իշխանականում։ Թող մի երրորդական տականքի երեխա գրած լիներ, ես չէի արձագանքի, կմտածեի որ 55-ի մեջ մեկի երեխան էլ պատահական դա է գրել, նորմալ է։ Բայց սա այն Շարմազանովի դուստրն է, որի ծառայություններից մի փոքր հատվածը նոթում էի ներկայացրել։ Նա այն սրիկան է, որը մինչև հիմա Նիկոլի վարչապետ լինելու մասին բառ չի ասել, ու ժայռի պես դեռ կրկնում է՝ թքած ունեմ բոլորիդ վրա, ես դեմ եմ քվեարկելու։ Սկզբունքային է, հայրենասեր է, հայ հոշոտելով, աղջկա անունից նամակներ գրելո՞վ է հայրենասեր։ Ո՞ւմ է էշի տեղ դրել։ Ու դեռ էսքանից հետո ես պետք է անկյուն քշվեմ, թե խեղճ երեխուն եմ սրիկա ասել։ Այո, սա սրիկայություն է, ու շարմազանովի արած սրիկայությունն առաջին հերթին հենց աղջկա հանդեպ սրիկայություն է։ Եվ սրիկա ասվածի հասցեատերը ոչ թե երեխա Նարեն է, այլ իրական, հասուն, հեղինակ սրիկա Նարեն։

7. Մենք այսօր ազգովի կանգնած ենք լինել- լինելու խնդրի առջև։ Եվ հարցերն ակադեմիական չեն, այլ արյունալի ու թարախային։ Նարեին սրիկա որակելը իմ մեղքը, կամ իրավունքն է, բայց նաև պարտականությունն է, որ վերջապես գենոցիդային թմբիրից դուրս գանք։ Այո սրիկա է այդ աղջիկը, որ մինչև հիմա հոր տեղը մեզանից ներողություն չի խնդրել։ Սրիկա է, որ էս նամակն է հեղինակել։ Սրիկա է, որ հրապարակում չէ, ու հոր դեմ չէ։