воскресенье, 15 января 2017 г.

Աշխարհքաղաքական ու ներքաղաքական-քրեական խաղերը Հայաստանի շուրջ


2016-ը Հայաստանի համար կրիտիկական տարի էր՝ ապրիլյան պատերազմ, Սասնա ծռեր, նոր վարչապետ: Այս տարին էլ պակաս «հագեցած» չի լինելու՝ ընտրություններ, ներհայաստանյան իշխանական նոր կոհորտայի ձևավորում, և այս ամենի արանքում մնացած, շվարած, բազմաթիվ առումներով ավերված  հայ մարդ:

Նկարագրելու բան էլ չկա, քանի որ բոլորն ամեն ինչը գիտեն: Ուղղակի անցնենք պրոբլեմների վրայով և տեսնենք, թե որտեղ ենք, ով ենք և ուր ենք գնում:

Աշխարհքաղաքական շրջապատն ու մարտահրավերները

1. Ռուսաստանը փորձում է համաձայն ռազմական պոտենցիալների իր տեղը գրավել համաշխարհային բեմում և կանգնեցնել իր կերպարի ու նյութական կորուստները: Այս առումով դժվար հասկանալի են Պուտինի դիրքորշումներն ամենատարբեր հարցերում: Արտաքուստ նա իբր ռուսական շահերի պաշտպանն է, բայց երբ նայում ես իր քայլերը, հակառակ արդյունքներն են աչքի զարնում:

Օրինակ, դժվար բացատրելի է թեկուզ Ռոսնեֆտի 19,5 տոկոս բաժնետոմսերի վաճառքը քատարյան մի ֆոնդի և անգլո-շվեցարական մի ընկերության: Ռոսնեֆտը իր արտահանմամբ  ռուսական տնտեսությունը վալյուտայով սնող եզակի աղբյուրներից է: Հետևաբար այս քայլն առնվազն տարօրինակ է:

Դժվար հասկանալի են նաև Թուրքիայի հետ ռուսական  քստմնելի խաղերը սիրիական կոնֆլիկտում: Թվում էր, թե սիրիական թատերաբեմում ռուսները թե իրենց են ցուցադրում աշխարհին, թե փորձում են իրենց ռազմաբազան պահել այնտեղ: Բայց այդ դեպքում ինչպես հասկանալ ռուսների դաշնակցությունը թե Ասադի և թե Էրդողանի հետ, այն դեպքում, երբ Թուրքիան անթաքույց հարձակվել է Սիրիայի վրա: Էլ չասած ինքնաթիռի ու դեսպանի սպանության հետ կապված ստորացումները: Տպավորություն է, որ Թուրքիան ազատ է ռուսների դեմ ցանկացած ագրեսիայի ու պատժի փոխարեն Պուտինից միայն գուրգուրանք կստանա:

Ռուսների այս ռազմա-աշխարհա-քաղաքական վարքային աբսուրդին պետք է գումարենք նրանց քամահրանքը՝  հանդեպ ֆորմալ առումով իբր իրենց դաշնակից Հայաստանը,  Ադրբեջանի զինումը և Նազարբաեվի ու Լուկաշենկոյի ծայրահեղ հակահայ դիրքերը: Այս ամենը պատահականություն չեն, այլ տարօրինակ թվացող պուտինյան գեոքաղաքական «աբսուրդների» մի կարևոր մասն են:

Ֆորմալ քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ իբր.

Ա. ռուսները չեն ուզում փչացնել հարաբերությունները թուրքերի հետ, որպեսզի չկորցնեն Սև ծովից նեղուցներով դուրս գալու հնարավորությունը (անկախ նեղուցների մասին Մոնտրեի ֆորմալ պայմանագրից), նաև չփչացնեն հարաբերությունները ներռուսական էթնիկ թուրքական ինքնավարությունների հետ:

Բ. իրենք զինում են Ադրբեջանին փողի, Կասպից ծովում «բարիդրացիության» ու նորից՝ ներթուրքական ազգերին չզայրացնելու համար ու վստահությամբ, որ  այդ զենքը երբևէ իրենց դեմ չի ուղղվելու:
Իր ամբողջ ծավալով ռուսական նման թուրքամետությունն իրականում անլուրջ է: Սա մենք պետք է ոչ թե հասկանանք, այլ ընդունենք ի գիտություն, որովհետև հասկանալիք չկա:
Պուտինյան վարքը որևէ երկրի հանդեպ վերլուծելի չէ նորմալի ելակետերից ու դիտակետերից: Դրա համար սա հաշվի առնենք ու անցնենք մյուս գործոնների դիտարկմանը:

2. Նայելով  1994 թ. ղարաբաղյան ճակատում հաստատված «զինադադարից» հետո հայ –թուրք-ադրբեջանական հարաբերություններին, կարելի է միարժեքորեն նկատել, որ  Թուրքիան ու Ադրբեջանը վարում են Հայաստանը կործանելու քաղաքականություն: Նրանց համատեղ քայլերն ուղղված են ոչ թե Ղարաբաղը ետ գրավելուն, այլ Հայաստանը հյուծելուն, մարդկանցից դատարկելուն, տետանուսի մեջ պահելուն: Եվ Ղարաբաղյան հարց,  որպես այդպիսին, նրանց համար գոյություն չունի՝ իրենց ախորժակը ամբողջ Հայաստանն է:

Սրա ապացույցները բազմաթիվ են՝ վկա  բանակցություններում (օրինակ կազանյան) թեկուզ բոլոր տարածքների ու Ղարաբաղի վերադարձի դիմաց խաղաղություն կնքելուց խուսափումը: Վկա՝ Ալիեւի նկրտումներն ու հոխորտանքները ողջ Հայաստանի տարածքի հանդեպ: Վկա՝ ագրեսիաներն արդեն բուն Հայաստանի տարածքի հանդեպ՝ նշված նպատակներով ու  զուգահեռաբար, ռուսներին  որպես Հայաստանի կեղծ դաշնակցի բացահայտելու, կամ էլ պարզապես փալասի տեղ դնելու միտումով:

3. Իրանն իհարկե կուզենար հզոր ու սուվերեն Հայաստանի հետ գործ ունենալ, որը ինքնուրույն կհակակշռեր թուրանական նկրտումները: Բայց քանի որ Հայաստանը բացարձակ ապասուբյեկտային է, իրանցիները շվարած են և փորձում են առանց  մեծ ռիսկերի քարշ տալ մեր հետ կապված հարբերությունների ողորմելի փաթեթը, մինչև առավել տրամաբանական ժամանակներ:

4. Եվրոպան, արևմուտքն ընդհանրապես ու ԱՄՆ-ն մասնավորապես, Հայաստանին դիտում են նույն իրանական դետակետից: Ինչպե՞ս հարաբերվես մեկի հետ, որն ինքը չէ:

Այսքանով սպառվում է Հայաստանի հետ կապված արտաքին աշխարհքաղաքականը: Իմի բերելով վերը նկարագրվածը մենք պետք է հաշիվ տանք մեզ, որ.

Ա. դրսերում ոչ մեկը Հայաստանը լուրջ չի ընդունում, որը հետևանք է մեր դրսևորած քաղաքական, մեղմ ասած, ապասուբյեկտայնության:

Բ. դրսերում բոլորը տեսնում ու հասկանում են թե ռուսական աբսուրդային վարքը թուրքերի ու ադրբեջանցիների հանդեպ, և թե հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշնակցության կեղծությունը:

Գ. Դրսերում շատ լավ հասկանում են, որ ղարաբաղյան հարցում «Անկախ Ղարաբաղ» մոդելը, տարածքների վերադարձի առաջարկն ու ադրբեջանական ագրեսիաները հայկական դիվանագիտական ու իշխանական կատաստրոֆիկ «թուլության» հետևանք են:

Դ. Դրսերում հասկանում են, որ եթե Ադրբեջանը հարձակվի բուն Հայաստանի վրա, ասենք, իբր Ղարաբաղը ետ վերադարձնելու պատրվակով, ապա ոչ ռուսական ու ոչ էլ արտաքին այլ միջամտություն չի լինելու Հայաստանի օգտին, որովհետև դա ռուսական, մեղմ ասած, «ազդեցության» տարածք է, և որոշողը ռուսներն են:

Իսկ ի՞նչ ենք մենք հասկանում

Մենք ոչ մի բան էլ չենք հասկանում: Մենք շարունակում ենք «Անկախ Ղարաբաղ» խաղալը, երբ հակառակորդների ու միջնորդների համար այդպիսի հարց վաղուց գոյություն չունի, և դրված է Հայաստանի լինել -չլինելու հարցը:
Մենք շարունակում ենք ԵԱՀԿ խաղացնել ու դրանց հետ հույսեր կապել, երբ այդ կառույցն ընդամենը մի քանի եվրոչինովնիկիարդեն բացարձակ անիմաստ դարձած  ուրվական է:

Մենք շարունակում ենք այս սառնամանիքին մարդկանց թալանել ոչ միայն թանկ հոսանքով, այլև հոսանքը հավելագրելով, ու որոշ դեպքերում շարքային ընտանիքին ամսական նույնիսկ 3-400000 դրամի հաշիվ ներկայացնելով:

Մենք շարունակում ենք նոր իշխանություն ձևավորելու ներիշխանական, ներընդդիմական, ներգողական, ներօլիգարխական ու ներհանրային ինտրիգները, երբ արդեն ոչ մի ինտրիգ էլ չկա՝ պարզ-թափանցիկ ու ավանդական դարձած հակապետական ու հակազգային բանդիտիզմ է բոլոր մասնակիցների մոտ: Եվ սա էլ մանրամասնելու կարիքը չկա, որովհետև շրիշակից բարձր տրամաբանող ցանկացած մեկը սա գիտի:

Փաստացի ստացվում է, որ մենք հայտնվել ենք պետականության կործանման տանող այս փակուղում, որովհետև ատոմացված ու ապասուբյեկտային ենք: Ատոմացված ենք, որովհետև մեզ պարտադրել են հալածել իրար: Եվ ապասուբյեկտային ենք, որովհետև ատոմացված լինելով մենք բոլորս հանդուրժել ենք ընտրական կեղծիքն ու դրա արդյունքում ձևավորվող իշխանությունը: Հանդուրժել ենք, որովհետև մեր երևելի քաղաքական այրերը քարոզել են մեզ, որ որևէ բան պետք չէ անել, այլ սահմանադրականին է պետք հետևել ու դրանով գնալ:

Մենք էլ գնացել ենք սահմանադրականով ու ընկել այս փոսը:
Խնդիրը գոնե փոսը հասկանալն է, որ տեսնենք, թե որն է ելքը: Բայց դրա շանսն էլ չկա, որովհետև մարդիկ այլևս իրար ոչ միայն չեն հավատում, այլև ատում են:
Իրավիճակի ոչ մի գնահատական չի կարող ազդել իրականության վրա, որովհետև հասարակ մարդը որևէ պոտենցիալ չունի ազդելու, օլիգարխները քրեականության պատճառով հեռու են նման մտքերից, մտավորականությունը օրվա հացի խնդիր է լուծում, շարքայիններն էլ, անիծելով իրենց ճակատագիրը, օր են մթնեցնում:

Փաստացի ներկա հայը որևէ շանս չունի վիճակը շտկելու, որովհետև մեր մեջ կամքն ու սուբյեկտը չկա: (Մտովի անց կացրեք ձեր իմացած բոլոր աչքի ընկած երևելիներին և կհամոզվեք, որ իրոք չկա այդպիսին): Մենք ազգովի մեր մեջ սպանել ենք պետականամետ, հավակնոտ, նորմալ մարդուն:

Իրավիճակի վրա շուտափույթ կարող է ազդել միայն մեկ մարդ՝ նախագահ Սարգսյանը, որի ձեռքում են կենտրոնացած այս ֆեոդալական, քրեական, ոստիկանապետական, օլիգարխական, խամաճիկային, ապասուբյեկտային բդեշխության կենսաթելերը: Բայց փորձն էլ ցույց է տվել, որ այդ մարդը դասական առումով մարդ  չէ, այլ կոմպրոմատի հաշվին պաշտոնին կառչած մի յուրահատուկ, մանիպուլյատիվ ու աններվ մեքենա, որի միակ նպատակը պուտինյան տանիքի տակ մնալով էս դժբախտ երկրի վրա իշխելն է:

Ծանր, պատային, անելանելի վիճակ է: Բայց կուզենայի վերջացնել գոնե մեկ կարևորագույն ամփոփմամբ: Փորձենք հասկանալ ու մեր ուղեղում ֆիքսել, որ ներկա պահին թե ներսում և թե դրսում, որևէ ֆորմատով, գոյություն չունի «Ղարաբաղյան հարց» ասածը: Եղածը միացյալ Հայաստանի՝ հայության Հայրենիքի գոյության  հարցն է:
Վերջակետ:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий