четверг, 22 декабря 2016 г.

Սարո Սարոյան. «Շարժիչն այն հայ մարդն է, ով կարող է իր տականքին ուղարկել մկան ծակը»


Մեր զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը

- Պուտինը տարեվերջյան իր ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը իր սահմաններից դուրս ունի ընդամենը երկու ռազմակայան՝ Ղրղզստանում և Տաջիկստանում: Ո՞ւր մնաց Գյումրիի 102-րդ բազան: Սա արդյոք նրա կողմից կարող է վրիպակ լինել:

- Պուտինի այդ խոսքը ընկալելու համար պետք է այն չկտրել իր պատասխանի ընդհանուր կոնտեքստից։ Պուտինը խնդիր ուներ ցույց տալ ԱՄՆ ռազմաբազաների սփռվածությունը ողջ աշխարհով մեկ ու դրանց ագրեսիվ բնույթը։ Եվ ի հակադրություն այդ ամենի՝ Ռուսաստանի խաղաղասիրական նպատակադրվածությունը։ Վկայակոչելով Ղրղզստանում և Տաջիկստանում ռուսական ռազմաբազաների առկայությունը՝ նա հենց մատնանշեց Աֆղանստանից եկող սպառնալիքները կանխելու այդ ռազմաբազաների նպատակաուղղվածությունը, որը, ըստ Պուտինի, թե այդ երկրների և թե Ռուսաստանի ընդհանուր շահերի տիրույթում է գտնվում։ Ի՞նչ եք կարծում, Պուտինը կարո՞ղ էր ասել, որ Հայաստանում գտնվող 102-րդ ռազմաբազան նրա համար է, որ կանխի Հայաստանի շահերի տեսանկյունից թուրքական ագրեսիան, իսկ Ռուսաստանի շահերի տեսանկյունից՝ Թուրքիայի՝ մի կողմից որպես գերտերություն, իսկ մյուս կողմից որպես Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի առանցքային հիմնասյուն՝ դեպի Կովկաս ծավալումը։ Դա կնշանակեր ռուս-թուրքական ներկա սերտ գործակցության և առավել ջերմացմանը միտված քաղաքականության մեջ սեպ խրել։ Թուրքիան Ռուսաստանի ներկա արտաքին քաղաքականության մեջ այն բացառիկ երկրներից է, որը հույս է ներշնչում Պուտինին, թե նրա միջոցով ինքը կկարողանա ճեղքել արտաքին աշխարհի կողմից Ռուսաստանին պարտադրված մեկուսացումը։ Ուստի Թուրքիային դնել Աֆղանստանի կողքին և խոսել նրանից եկող սպառնալիքների մասին՝ ներկա իրավիճակում ուղղակի հնարավոր չէր։ Այդ իսկ պատճառով, Պուտինին մնում էր կեղծել իրականությունը՝ չխոսել Հայաստանում իր երկրի ռազմաբազայի մասին, որքան էլ որ այն ևս պաշտպանական նպատակաուղղվածություն ունի և ըստ էության միայն քաղաքական (ոչ ռազմական) գործառույթ է իրականացնում։

- Բելառուսի ԱԳՆ-ն, Ղազախստանի օրինակին հետևելով, հայտարարել է, որ ԼՂՀ-ն մաս չի կազմելու ԵՏՄ-ին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է նման բան հայտարարելու անհրաժեշտություն առաջացել և ի՞նչն է ստիպել Բելառուսի ԱԳՆ-ին նման բան հայտարարել:

- Արձանագրում են այն, ինչը դուրս է սովորական իրավապայմանագրային պրակտիկայից։ Ուստի ոչ սովորական լուծում են տալիս՝ հղում անում նոտային և բանավոր պայմանավորվածությանը։ Այդ լուծումից զատ մեզ համար կարևոր է այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանի ու ԵՏՄ-ի շուրջ աշխարհում։ Այ այստեղ է, որ պետք է քննարկումներ ծավալվեն։

- Առհասարակ, այդ կառույցի ճակատագիրն այս պահին էլ անորոշ է՝ հաշվի առնելով Բելառուսի քննադատությունները և սպառնալիքները Ռուսաստանին: Գուցե այդ միություն դեռ չմտած այն գոյություն չունենա՞:

- Եվրասիական տնտեսական միությունն անապագա կառույց է լինելու։ Այն հունվարի 1-ից գործելու է շատ մեծ խաթարումներով, անորոշություններով, անհստակություններով և ի վերջո փլուզվելու է։ Ցանկացած օրգանիզմ պետք է բնական նյութափոխանակության վրա հիմնվի։ Պետական օրգանիզմի դեպքում նրա տարրերը գոնե մինիմալ նպատակներ պետք է կարողանան կենսագործել։ ԵՏՄ-ում գրեթե ամեն ինչ արհեստական է և ուղղված Կրեմլի քաղաքական ախորժակը բավարարելուն։ Բելառուսն ու Ղազախստանը դրա դիմաց ծրագրել էին ինչ-ինչ տնտեսական շահաբաժիններ ունենալ։ Սակայն Ռուսաստանի՝ աշխարհից մեկուսանալու և մեկուսացվելու պայմաններում արդեն իսկ ակնհայտ է, որ այդ երկու պետությունների համար խնդիր է դարձել առայժմ հնարավոր սողանցքերով քամել ամեն հնարավորը, մինչև որ արհեստական այդ օրգանիզմը կոչնչանա։

- Իսկ Հայաստանն ի՞նչ է անելու այս կառույցում, երբ անգամ արտադրանք չունի արտահանելու:

- Նախ հասկանանք Հայաստանի դերը առկա իրավիճակում, որից էլ պարզ կդառնա նրա անելիքը։ Արդեն տասնհինգ տարի է Հայաստանը Ռուսաստանի համար հանդես է գալիս իբրև ֆորպոստ։ Վերջինս բնութագրվում է երեք կոմպոնենտներով՝ քաղաքական, ռազմական և տնտեսական։ Հայաստանի քաղաքական նշանակությունը Կովկասի շուրջ իրականացվող աշխարհքաղաքական մրցակցությունում ռուսական շահերի սպասարկմանը ճկունություն հաղորդելու մեջ է։ Դրա մեջ մտնում են մասնավորապես հետևյալ մեխանիզմները՝

ա. որպեսզի Հայաստանը հարկ եղած դեպքում օգտագործվի ռուս-թուրքական հարաբերություններում որպես մանրադրամ (հիշենք հայ-թուրքական արձանագրությունների ոդիսականը՝ սկսված և ավարտված Մոսկվայում, այսօր արդեն Ցեղասպանության 100-ամյակի խնդիրը),

բ. ՄԱԿ-ում առանցքային հարցերում Հայաստանը քվեարկի իբրև Ռուսաստանի երկրորդ ձայն,

գ. Հայաստանը ծառայի որպես փորձադաշտ Ռուսաստանում ներդրվող քաղաքական նախագծերի համար (համեմատելի են, օրինակ, Դումայում և ընդհանրապես քաղաքական դաշտում քաղաքական ուժերի հարաբերակցության մի քանի օրինակներ),

դ. Հայաստանը ծառայի որպես վախեցնող մահակ Կովկասում (օրինակ՝ Հայաստանի այս կամ այն քայլի միջոցով Ադրբեջանին հարկադրվի չգնալ Արևմուտքի հետ հարաբերությունների սերտացման և մնալ պաշտոնական Մոսկվայի «տեսադաշտում») և այլն։

Ռազմական կոմպոնենտը իրենից ենթադրում է դեպի Կովկաս ՆԱՏՕ-ի և այլ տերությունների ծավալման դեպքում նախնական օպերատիվ արձագանքման ու հակադարձման ռազմական-ռազմավարական պլացդարմի ստեղծումը։ Իսկ տնտեսական կոմպոնենտը՝ էներգակիրների տարանցման համար հարմար միջանցք ունենալու, Կովկասում այլոց էներգետիկ նախագծերը վիժեցնելու, աշխարհի հետ ֆինանսական տարբեր ստվերային գործարքներ կնքելու, սեփական երկրի համար մարդկային կապիտալի (աշխատուժ, մասնագիտական կադրեր) լրացուցիչ բազա ապահովելու մեխանիզմները և նմանատիպ այլ քայլեր։

Ներկայացված մեխանիզմներից յուրաքանչյուրը Հայաստանի ինքնիշխանությունը ապահովող մեխերն են եղել, որոնք Կրեմլի կողմից հանվել են տարբեր տարիներին։ Այսօր Հայաստանի հետ կապված իր մշակումներում Ռուսաստանն արդեն խնդիր էր դրել ֆորպոստի տնտեսական ինքնուրույնության հերթական մեխը հանել՝ ԵՏՄ-ի միջոցով ապահովել ապրանքների շրջանառության ու մաքսային եկամտի շրջապտույտի վերահսկողությունը։ Ապագայում այս հիմքի վրա կստեղծվի Ռուսաստանին կրկնօրինակող հարկային համակարգը և ընդհանուր դրամային միջոցը։

Հարկ եմ համարում այստեղ նշել, որ ներկայացվածը բոլորովին կապ չունի Հայաստանի անկախության սպառնալիքների հետ։ Ռուսաստանի կողմից Հայաստանի անկախությանը ոչինչ չի սպառնում։ Ընդհակառակը, Հայաստանի անկախության կորուստը շատ թանկ կնստի Ռուսաստանի վրա թե աշխարհքաղաքական առումով և թե ստանձնելիք ներքին պարտավորությունների։ Եվ ընդհանրապես, ներկա աշխարհակարգի ողջ յուրօրինակությունն այն է, որ տերությունները և միջազգային ֆինանսական կապիտալի հսկաները ոտնձգություն են կատարում պետությունների ինքնիշխանության նկատմամբ, բայց ոչ երբեք անկախության։ Սա հատկապես ուզում եմ շեշտել, ցույց տալու համար այն փաստարկների սնանկությունը, որոնք շրջանառվում էին, իբրև թե ապացուցելու համար, թե ոչ մի աղերս չկա Հայաստանի այլ ժամանակաշրջանների պետականության կորուստների և ներկայիս իրավիճակի հետ։ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուն լոյալ վերաբերվող մարդիկ կարիք չկա, որ զինվեն մեր անկախության կորստի պատմական օրինակներով և կեղծեն իրականությունը՝  սքողելով մեր ինքնիշխանության տարրերից մեկի կորստի հերթական այս դրվագը։ Պետականության կորուստը 21-րդ դարում կատարվում է հենց ինքնիշխանությունը հանձնելու/ոչնչացնելու միջոցով, ուստի ֆորմալ առումով հիմնի, զինանշանի, ՄԱԿ-ում ձայնի իրավունքի, կամ սպորտում սեփական դրոշը տեսնելու համար չէ, որ պետք է պայքարել պետականության համար։ Կան կենսական պահանջմունքներ, որոնք յուրաքանչյուր պետության ծնունդն են ազդարարել։ Ով սա չի գիտակցում, ուրեմն նրա համար պետությունը գավառական հայրենասիրության պատկերացումներից այն կողմ չի անցնում:

- Դուք խոսեցիք Հայաստանի ինքնիշխանության կորստից, դրա վտանգներից: Այդ դեպքում ի՞նչ կլինի Ղարաբաղի հետ, որի անվտանգության երաշխավորը Հայաստանն է:

- Նախ պետք է նկատեմ, որ որքան էլ պարադոքսալ թվա, բայց մենք աշխարհին այսօր ներկայանում ենք երկու տարբեր դեմքերով։ Մի դեպքում Հայաստանն է, որը ունի անկախություն, բայց չունի ինքնիշխանություն, իսկ մյուս դեպքում Արցախը, որը ունի ինքնիշխանություն, բայց չունի անկախություն։ ԼՂՀ-ի բանակը կարող է Կովկասում գրեթե յուրաքանչյուր ռազմաքաղաքական հարց լուծել ինքնուրույն, և դա տեսնում են օտարները։ Նրա կարիքը կա տարածաշրջանում, և առաջիկայում նրա դերը ավելի է մեծանալու։ Ի տարբերություն Հայաստանի, ԼՂՀ-ում օտար զինուժեր չկան, իսկ իր սահմաններն էլ նա ինքնուրույն է վերահսկում։ Այն, որ ԵՏՄ անդամակցության գործում Արցախին տեղ վերապահված չէ, դա ոչ թե նրանից է, որ նրան թողնում են բախտի քմահաճույքին, այլ որովհետև ոչ մի կերպ չկարողացան այնտեղ «խաղաղապահ» ուժեր տեղակայել։ Լրացուցիչ բարդություններ ստեղծելով ՀՀ-ԼՂՀ վարչական տարածքների բաժանարար հատվածում՝ խնդիր կա դա ևս ծառայեցնել որպես լծակ՝ ԼՂՀ հանրությանը, բանակին հետագայում պարտադրելու համար ընդունել ռուսական «խաղաղապահությունը»։ Ուստի պետք չէ ավելորդ վայնասուն բարձրացնել առ այն, թե տեսեք ԼՂՀ-ին մոռացան։ Լավ կլիներ ԵՏՄ-ի հարցում Հայաստանին էլ մոռանային։ ԼՂՀ-ն իր չճանաչված կարգավիճակով առավել մեծ խնդիրներ կարող է լուծել այսօր, քան Հայաստանը իր մոտ երեք միլիոն բնակչությամբ։ Առկա դասավորությունում, երբ շատ հարցերում Հայաստանի ձեռքերը կապված են, իսկ բնակչությունն էլ ինչ-որ առումով անորոշության մեջ, ԼՂՀ-ի ներկա քաղաքական արժեքը մենք պետք է կարողանանք վերածել համահայաստանյան խնդիրների լուծման լոկոմոտիվի։

- Այդ դեպքում ի՞նչ խնդիրներ կարող ենք լուծել հիմա և որո՞նք են մեր սայթաքումների պատճառները։

- Հետևելով ներկա քաղաքական միտումներին՝ կարելի է երկու հանգամանքի վրա կանգ առնել՝ մեր ներքին գործունակության և արտաքին աշխարհի մարտահրավերների ու ընձեռած հնարավորությունների։ Յուրաքանչյուրս մի բան պետք է մեր մեջ լիարժեք յուրացնենք։ Այն վիճակը, որ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին ճակատներում, դա գալիս է ոչ թե արտաքին աշխարհից, այլ հենց մեզանից։ Եվ այն, որ Արցախը հիմա ինքնիշխան պետություն է, դա նույնպես մեզանից է գալիս՝ մեր արցախյան ժողովրդի պայքարի արգասիքն է։ Արցախցիները արյուն են հեղել իրենց ինքնիշխանության համար և գիտեն դրա արժեքը։ Հայաստանում ժողովուրդը չի ցանկանում ոչինչ ձեռնարկել, բացի կոլեկտիվ անատամ բողոքից։ Բոլորի հույսը իրենցից դուրս է գտնվում։ Կամ կուսակցական ինչ-որ լիդերների հետ են հույսները կապում, կամ էլ՝ արտաքին ուժերի։ Մարդիկ անգամ մրցույթի են բռնվել, թե ում կուռքը կամ արտաքին կողմնորոշումը «ճիշտ» դուրս կգա այս կամ այն իրավիճակում։ Ես արդեն նշեցի, որ ԵՏՄ-ն ըստ էության փլուզվելու է, քանզի թե նրա ներսում չկա ամրության պաշար, թե արտաքին աշխարհն է լիարժեք ճնշում։ Սակայն մեր ուշադրության կենտրոնում ԵՏՄ-ն չպետք է լինի, քանզի այն ընդամենը Ռուսաստանի քաղաքական գործիքներից մեկն է։

Պետք է հասկանանք, որ աշխարհը գտնվում է անցումային մի փուլում։ Փլուզվել է նախկին աշխարհակարգը, որոնք գծել էին Ստալինը, Ռուզվելտը և Չերչիլը 1945 թ.։ Մինչ նոր աշխարհակարգի ձևավորումը մեր աչքի առաջ տեղի են ունենալու պատերազմներ, կոտորածներ, սովամահություններ, համաճարակներ, ֆինանսական վայրիվերումներ, տնտեսական անկումներ և այլն։ Դրանք անխուսափելի են աշխարհի համար։ Մեր խնդիրն այս ամենը հասկանալն է, իրավիճակը ճիշտ գնահատելը և արդյունավետ լուծումներ գտնելը։

Իմ գնահատականով, Ռուսաստանը չունի ոչ մի պաշար՝ դիմադրելու համար արտաքին ճնշմանը։ Նա հայտնվելու է կամ 1990-ականների սկզբի իր դիրքերում, կամ ավելի է խրվելու աշխարհքաղաքական ճահճում։ Դա որքան մարտահրավեր է մեր երկու պետությունների համար, նույնքան էլ հնարավորություն է ճեղքում իրականացնելու համար։ Ու այս իրավիճակում է, որ ԼՂՀ նշանակությունը կրկնապատկվելու է։ Սակայն որքան էլ խոսենք արտաքին դաշտում հնարավորությունների մասին, միևնույն է՝ ներքին ու արտաքին շարժիչը այն հայ մարդն է, ով կարող է իր տականքին ուղարկել մկան ծակը։ Չկա որևէ լուծում, եթե հանրությունը խեղդվում է անզորության մեջ։ Հասել ենք այն օրվան, որ պետք է թշնամի համարենք բոլոր նրանց, ովքեր ավելացնում, կրկնապատկում են անզորությունը։ Ես գտնում եմ, որ այլևս չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մեկը խոսի արտաքին օգնության, արտաքին հույսի, Աստծո օգնության և նման հիմարությունների մասին։ Պետք է լռեցնել այդ ամենը, իսկ եթե բան չկա ասելու՝ ուրեմն լռել է պետք։ Հայաստանում պետք է խոսեն միայն նրանք, ովքեր անձամբ կարող են գործ անել։

Հարցազրուցավար՝
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

среда, 21 декабря 2016 г.

Վահան Բադասյան. Ինչ որ տեղ պետք է շնորհակալ լինել Տեր-Պետրոսյանին, որ բացահայտեց բոլոր հանցագործությունները


Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է երեկ ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած ԼՂՀ խնդրի լուծման հետ կապված դիտարկումներին:

Վահան Բադասյանի խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտեց ամբողջ հանրության համար, որ այս վարչախումբը, դինաստիան, որ իշխումէ 1991-ից ի վեր, տերպետրոսյանական դինաստիան է, որին հաջորդեցին Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը:

«Ոչինչ չի փոխվել, իշխանության գաղափարախոսության մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, մասնավորապես, երկրի ունեցած-չունեցածը թալանելու, երկրի ներսում կոռուպցիան զարգացնելու, ժողովրդին ու երկրին հասցնելու ծայրաստիճան աղքատության: Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք գործարանները փակվեցին, երկրի հարստությունը թալանվեց, բանակի վրա ոչ մի ուշադրություն չդարձվեց, սակայն այնքան ուժեղ էր ժողովրդական, ազգային-ազատագրական շարժման թափը Արցախում, այնքան մեծ էր, որ նրանք երբեմն ստիպված էին ականջալուր լինել ժողովրդի պահանջին:

Մենք ունեցանք հաղթանակ, բայց այդ հաղթանակը սեփականաշնորհեցին Լևոն Տեր-Պետրոսյանը, անորակ գերենալիտետը, երկիրը հասցրին աղքատության: Ստորագրվեցին ոչ հայանպաստ պայմանագրեր: Մինսկի խմբի համանախագահները մեր առջև դրեցին ստորացուցիչ պարտավորություններ, և 1998 թ-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց ոչ թե նրա համար, որ ուզում էր ծախել Ղարաբաղը. կար տնտեսական խորը ճգնաժամ, որ արդեն հասցրեց այն աստիճանի, որ պետք էր իշխանափոխություն ներսում, կազմակերպված, համաձայնեցված իշխանափոխություն: Երկրի պետական վերնախավում, փաստորեն, հակասություն կար տնտեսական, ազդեցությունների ոլորտի հարցում, Քոչարյան Ռոբերտ և Լևոն Տեր-Պետրոսյան խաղն էր գնում, ոչ թե Արցախի հարցում ունեին հակասություն Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր- Պետրոսյանև և Սերժ Սարգսյանը», ասել է Վահան Բադասյանը:

 2000-ից հետո, նրա խոսքով, Արցախյան հարցում Ռոբերտ Քոչարյանը նույնպես բռնեց Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհը, ավելի վատ ձևով, և նրանից էլ ավելի վատ երրորդ նախագահը: Ըստ նրա՝ եթե այս երեքի միջև հիմա կա հակասություն, ապա այն խիստ անձնական է, և ազդեցությունների ոլորտների բաշխման շուրջ է, երրի ներսում ալան-թալանի և այլ ազդեցության ոլորտների, բայց Արցախի հիմնահարցում նրանք երեքն էլ նույն դիրքորոշումն ունեն:

«Եթե ժողովուրդը դեմ է հողերը հանձնելուն, ապա երկիրը պետք է հասցնել այնպիսի աղքատության աստիճանի, բանակը հասցնել այնպիսի վիճակի, որ ոչ ոք դիմադրություն ցույց չտա, և միայն անվտանգության երաշխիք հանդիսացող բանակը նույնպես այնքան թուլակազմ լինի, որ նույնպես դիմադրություն ցույց չտա: Մինչև 94 թվականը մենք ստեղծել էինք ազգ-բանակ մոդելը, և Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չէ, որ մեր ստեղծած բանակը, որ հաղթեց թշնամուն, եղել է ազգ-բանակ մոդելով, բայց ոչ թե նման հրեաներին, շվեյցարիացիներին, այլ յուրահատուկ էր, և մենք դա ստեղծել էինք՝ ելնելով մեր պաշտպանության անհրաժեշտությունից: Եվ մեր ազգ-բանակը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ վերածվեց ղարաբաղյան մեկ ուրիշ բանակի՝ մեկ ուրիշ մոդելով, և Սեյրան Օհանյանն էլ ավելի քանդեց մեր բանակը՝ հասցնելով մեկ ուրիշ տեսակի: Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը հատկանշական քայլ է առաջարկում, բացահայտում է իր մտադրությունները, և ոչ միայն իր, այլ նաև Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ նախկինում ունեցած հանցավոր համաձայնության վերաբերյալ, որը վերաբերում է արցախյան հարցին: Դա հետեւյալն է՝ երկիրն ընկղմել ծանր ճահճի մեջ, կրթական, մշակութային թալան և ջարդ իրականացնել, հետո ասել, որ չունենք ոչինչ՝ օգտակար հանածոները թալանված են, աղքատ ենք, բանակը թուլացած է, սպառազինություն չկա: Միայն մի ելք կա՝ հանձնվել: Հանձնել տարածքները՝ նշանակում է հանձնվել», ասել է Վ. Բադասյանը:

Ըստ նրա՝ մենք այսօր ավելի մեծ հնարավորություն ունենք ունենալու ավելի ուժեղ բանակ, հնարավորություն ունենք կանխել արտագաղթը, պետության քայքայումը, կանխել օգտակար հանածոների, երկրի ընդերքի շահագործումը և յուրացումը, մենք բոլոր հնարավորություններն ունենք նորմալ պետություն դառնալու: Որևէ միջազգային հանրություն մեր անպաշտպանության ժամանակ մեր իրավունքներին տեր չի կանգնելու, ինչպես կոչ է անում մեզ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ինչ-որ տեղ պետք է շնորհակալություն հայտնենք Լևոն Տեր-Պետրոսյանին, որ բացահայտեց բոլոր հանցագործությունները, բոլոր հանցավոր համաձայնությունները հանցագործների հետ և երկրորդ, և երրորդ նախագահներին՝ իր ամբողջ դինաստիայի հետ:

«Պատերազմով ուզում են վախեցնել ժողովրդին, սա ստոր դավաճանություն է: Ես պատմական անցյալից ուզում եմ հիշեցնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն է Լիսկայի հետ կազմակերպել, որպեսզի հանձնեն Հորադիսը, նա ուզում էր ամբողջը հանձնել, բայց այդքանը նրան հաջողվեց», հավելել է նա:

Ըստ նրա՝ գոյություն ունի մեկ ճշմարտություն՝ եթե ուզում ենք խաղաղություն լինի, ուզում ենք մեր մայրերը չլացեն, մենք պետք է պատերազմի պատրաստվենք, մենք պետք է հզոր բանակ և հզոր տնտեսություն ունենանք, այդ ժամանակ մեր զավակները սահմանին չեն զոհվի: Իսկ քանի թույլ ենք, միշտ զոհ ենք ունենալու, և մեր կորուստները կարող են լինել անդառնալի:

Հարցազրուցավար՝
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

Ֆեյսբուքյան էջերից՝ ԼՏՊ-ի ելույթի մասին


ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մեկնաբան, վերլուծաբան). Հայերովս մի բուռ ենք։ Ընդ որում միլիոնով խեղճացած շարքային մարդ կա մեր մեջ, հազարներով ԲԾ, հարյուրներով արտակարգ ճիվաղ, ու մատների վրա էլ հաշվելի՝ իրոք խելոք, միտք ասող ու քննարկող մարդիկ։

Ես հասկանում եմ, որ այդ հատ ու կենտերը ատելի են մի քիչ ավելի պակաս մտավոր ունեցողների կողմից։ Բայց շարքայիններով կարևոր մտքերն ու դրանք հրապարակ բերողներին պետք է տեր կանգնել, բեջարել, որ մեզ մարդ զգանք, այլ ոչ սաշիկ։

Ասածս էն է, որ քաղաքական քաք-ին զուգահեռ մարդկային լույսն է պետք տարածել ու գովերգել։
Ես փորձում եմ դա անել։ Նկատած կլինեք, որ ես այլոց փայլուն մտքերը փորձում եմ մասսայականացնել, որովհետև դա է ճանապարհը կյանք մտնելու։

Դուք էլ նույնն արեք՝ միայն կօգտվեք, Հրեաները հենց դա են արել ու աշխարհակալ են դարձել։



ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (դերասան, ռեժիսոր, Մհեր Մկրտչյանի կինը). Եվ ոչ մեկի մտքով չի անցնում հարցնել՝ այ առաջին, ոչ բարով նախագահ, ի՞նչ իրավունքով ես որոշում և ինքնավստահ ու ամբիցիոզ տոնով հայտարարում մի այլ պետության, որի ոչ անկախությունն ես ճանաչել, ոչ քո պետությանն ես միավորել, շրջանները «փուլային» տարբերակով հանձնել մի այլ պետության:

Եվ եթե նման բան պատահի հողագնդի վրա մի այլ տեղ, արդյո՞ք այդ մարդուն քրեական պատասխանատվության չեն ենթարի կամ քաղաքավարի չեն առաջնորդի հոգեբուժարան: Մի ազգ՝ երկու պետության օրինակները, որոնք լավ արդյունքի չեն հասել ամեն դեպքում, ունեցել են և ունեն ինքնուրույն բանակ, ինքնուրույն դրամական միավոր, ինքնուրույն պետական բյուդջե, ինքնուրույն տնտեսություն:

Մեր երկու «պետությունների» չեղած պետբյուդջեն երկու ուռճացած վարչակազմ է պահում ու արտաքին պարտք կուտակում: Որքան կարող ենք ձեր այս անգրագետ ու վտանգավոր կամայականությունը հանդուրժել...
Այ, այ, այ առաջին, երկրորդ ու երրորդ լարախաղացներ:



ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ (գրող, հրապարակախոս). Ավազակապետության հիմնադիր-նախագահի ելույթի հիմնական նպատակը՝ իր հոգեզավակի ձեռքով վերջապես ազատվել այդ Արցախից։ Դե, այդ Ղարաբաղն արդեն ո՞ւմ է պետք՝ դրա անունով «Ղարաբաղ» կոմիտե ստեղծեցին, իշխանության եկան, երկիրը հնարավորինս մաքրազարդեցին, բանկերում-մանկերում իրենց մի 30-40 սերունդի բարեկեցիկ կյանք ապահովեցին։ Հիմա ի՞նչ է մնում. երջանիկ ծերություն՝ ռուս-թուրքական բարձր հովանու ներքո։ Մեջտեղ սկզբունքի հարց էլ կա՝ էն գլխից թքած ուներ Ղարաբաղի վրա, հնարավոր ամեն ինչ անում էր այն հանձնելու համար, բայց չթողեցին։ Հիմա իսկը ժամանակն է այդ ամենն անել ուրիշի ձեռքով։ Հատկապես երբ մեր ժողովուրդը կարճ հիշողություն ունի և երբեք դասեր չի քաղում իր սխալներից...
Մնացյալը լոլոներ են՝ միամիտների ականջից կախելու համար։

Մտածում եմ՝ ի՞նչ կլիներ, եթե լտպ-ն ծնված-մեծացած լիներ ոչ թե Սիրիայից Հայաստան տեղափոխվածի ընտանիքում, այլ, ասենք, ծնված ու ապրելիս լիներ Մոզամբիկում, Ֆիլիպիններում, Իսրայելում, Ալբանիայում, Մեքսիկայում կամ ընդհանրապես ծնված չլիներ։ Վերոհիշյալ երկրներում հազիվ թե դրանից որևէ բան փոխվեր, բայց, ըստ իս, Հայաստանում շատ բան կփոխվեր։

Նախ՝ մենք այսօր չէինք ունենա քրեաօլիգարխիկ Հայաստան։ Ամենայն հավանականությամբ, Արցախն՝ ազատագրված տարածքներով, արդեն Հայաստանի անբաժանելի մաս կլիներ, պատերազմում մեր հաղթանակն ամրապնդված կլիներ թշնամուն թելադրված-պարտադրված բազմաթիվ պայմաններով և այլն։

Պատերազմում անկասկած ավելի քիչ կորուստներ կունենայինք, միաժամանակ թշնամուն ավելի մեծ կորուստներ կլինեինք պատճառած, քանզի ստիպված չէինք լինի կռվել երկու ճակատում՝ ներքին ապազգայինի և արտաքին ոսոխի դեմ, և հարկ չէր լինի, որ պաշտպանության նախարարի աթոռին նստածը հեռուստատեսությամբ ելույթ ունենար ու խնդրեր 500 մահապարտներ միանան իրեն՝ Արցախը փրկելու, քանզի պաշտպանության նախարարի աթոռին նստած անձը այդ ընթացքում արդեն կազմակերպված ու կանոնավոր բանակ ստեղծած կլիներ։

Շահումյանն անշուշտ այսօր հայկական կլիներ, իսկ Մարտակերտը չէինք տա և հետո բազմաթիվ հայորդիների արյան գնով կրկին ազատագրելու։ Այսօր մենք չէինք ուրախանա, որ մեկը վերջապես խոսում է ոսկեղենիկ հայերենով և իր «անուշ լեզվով» բացատրում, թե մենք ինչպես պետք է փուլ առ փուլ զիջենք Հայաստանը։

Հաստատ ամեն արկածախնդիր չէր կարող դառնալ Հայաստանի գերագույն ղեկավար՝ առանց քաջածանոթ լինելու մայրենի լեզվին ու սեփական ազգի պատմությանը։ Դե, պարզ է, որ կբացառվեր նաև գաղջ մթնոլորտն, ու այդ գաղջությունից գլխապատառ փախչող տասնյակ հազարավոր ընտանիքներ չէին լինի։ Փոխարենը թերևս ներգաղթի ծավալից առաջացած խնդիրները մեզ հուզեին...

Եվ այս ամենը թերևս այսպես լիներ, մի քիչ լավ կամ մի քիչ ավելի մեղմ գույներով լիներ, եթե ընդամենը մի հոգի 71 տարի առաջ չբարեհաճեր լույս աշխարհ գալ։ Պատմությունը երբեմն չար կատակներ է անում։ Բայց հատկապես միշտ մեզ հետ։

Հ.Գ. - Մարդկության պատմությունից ինձ հայտնի երեք տիպ կա, որոնցից սարսափելի զզվում եմ, որոնց համարում եմ մարդկության ամենավերջին տականքը։ Առաջինը միխայիլ գորբաչովն է, երկրորդը՝ լտպ-ն, երրորդը, կարծում եմ, բոլորդ գիտեք, թե ով է... Սրանք ավելի ստոր, ավելի եղկելի են, քան Ներոնը, Լենկթեմուրը, Թալեաթը, Հիտլերը և այլ հրեշները։ Սրանք ատում են սեփական երկիրն ու ժողովրդին։



ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ (քաղաքագետ). Եկեք սառը դատենք Տեր-Պետրոսյանին: Նա չունի որևէ լծակ արտաքին և ներքին քաղաքականության վրա ազդելու համար: Չունի նաև բազմամարդ և ազդեցիկ կուսակցություն, որպեսզի ազդի քաղաքական գործընթացների վրա: Նրա մտքերը չեն կարող ընտրություններից առաջ նրան լրացուցիչ ձայներ բերել:

Այդ դեպքում առաջանում է հարց. Ինչին է իրեն պետք Արցախը հանձնելու (իրականում խոսքը հենց Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին է, այլ ոչ թե գրաված տարածքները) մասին հայտարարություններ անել:

Եթե հավատանք այն կարծիքին, որ նա լուրջ գործիչ է և ունի արտակարգ մտավոր ունակություններ, ապա վերը նշված փաստարկներից ելնելով պետք է հետևություն անել, որ նրա խոսքերը հանրությանը չեն ուղղված, այլ Սերժ Սարգսյանին և այն դրսի խաղացողներին, որոնք տարածքներ հանձնելու տարբերակն են առաջ մղում:

Նույն բանն Արցախում ակնարկեց Սերժ Սարգսյանը` սպասվող դժվարին ժամանակների մասին խոսելով:
Տեր-Պետրոսյանն իր վրա դեր է վերցնում, որը լրացնում է Բաքու գնացած «տղաների և աղջիկների» գործը, ինչը կարևոր է համարել նաև ձեր սիրելի Կիսիլյովը:

Այդ ամենն ակնհայտ է, սակայն պետք է հասկանալ, թե այդ ծառայության դիմաց նա Սերժ Սարգսյանից ինչ է ակնկալում:

Էդիկ Բաղդասարյան. «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանին թվում է, թե յոթ շրջանները, նույնիսկ Ղարաբաղը հանձնի, Հայաստանում կյանքը փոխվելու է, առնվազն ծիծաղելի է»...


Եթե Լևոն Տեր-Պետրոսյանին թվում է, թե յոթ շրջանները, նույնիսկ Ղարաբաղը հանձնի, Հայաստանում կյանքը փոխվելու է, առնվազն ծիծաղելի է։ Տասնամյակներ շարունակ ընտրությունները կեղծվել են, նաև նրա նախագահության օրոք, Հայաստանի հարստությունները հանձնվել է մի խումբ մարդկանց, նաև նրա նախագահ եղած ժամանակ։ Եւ հիմա մեր դժբախտությունների պատճառը, կարճ ասած, համարում է Ղարաբաղը։ Իսկ Հայաստանի այսօրվա վիճակի համար հավասարաչափ մեղավոր է և Լևոն Տեր-Պետրոսյանը, և Ռոբերտ Քոչարյանը, և Սերժ Սարգսյանը։

Միմյանց փոխանցելով իշխանությունը՝ ձևավորվել է այսպիսի անգաղափար «էլիտա», որն էլ ստեղծել է մի այնպիսի համակարգ, որտեղ միակ արժեքը փողն է։ Իսկ ժողովուրդը 25 տարի զբաղված է սահմանը պաշտպանելով և իր ապրուստի միջոցները մի կերպ հոգալով։

«Էլիտան» թալանել է ու հիմա էլ շարունակում է թալանել երկրի վերջին փշուրները։ Հինգ հազար դրամանոց ընտրող չի եղել Հայաստանում, Հայաստանում փողով ընտրություն չի եղել՝ այդ ամենն ստեղծեց Հայաստանի իշխանությունը, այսպես կոչված, «հայկական էլիտան»։

Ալիևի հետ բանակցելն ընդհանրապես անիմաստ է. նա ցանկացած պայմանավորվածություն կխախտի։ Միջազգային կառույցները կամ խաղաղապահ ուժերն այսօր ոչ մի տեղ երաշխիք չեն կարող դառնալ՝ Սիրիան դրա լավագույն օրինակն է, աշխարհն առաջվանը չէ, ժամանակները փոխվել են և դժվար է ասել, թե եռացող տարածաշրջանում վաղը ինչեր կարող են տեղի ունենալ։

Ու մեկ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է անկեղծ լինի ու ասի, որ 7 շրջանները տալուց հետո, ստիպված ենք լինելու Ղարաբաղն էլ տալ, որովհետև հնարավոր չի լինելու օղակի մեջ գտնվող Ղարաբաղը պահպանել, իսկ հետո էլ Սյունիքը պիտի տանք, որովհետև Թուրքիան ասելու է, որ պիտի սահման ունենա Ադրբեջանի հետ հենց ա՛յդ հատվածով...

Քաղաքական դոգման և Լեւոն Տեր-Պետրոսյանի վախը


Ապրիլյան պատերազմը տրանսֆորմացիայի ենթարկեց ոչ միայն հանրային ընկալումները, այլեւ ղարաբաղյան հիմնախնդիրն ամբողջությամբ: Ակնհայտ էր, որ ետպատերազմական իրողություններում հիմնախնդրի կարգավորման մինչպատերազմական մոտեցումները չէին կարող գործնական լինել: Ըստ այդմ՝ տրանսֆորմացիայի ենթարկվեցին կարգավորման նախկին սկզբունքները՝ կողմերի դիրքորոշումները, միջազգային կարգավորողների վարքագիծը, բացահայտվեց ռուսական դավադրությունը, Ադրբեջանի սպառազինության բարձր աստիճանը:

Անփոփոխ մնացին միայն հիմնախնդրի կարգավորման՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները՝ «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» եւ «Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է»: Եվ այժմ Տեր-Պետրոսյանը հայտնվել է սեփական քաղաքական դոգմատիզմի ցանցում: Տեր-Պետրոսյանի որդեգրած քաղաքական դոգման նույնքան կարծր է, որքան նրա վախը Ղարաբաղից:

Դեկտեմբերի 17-ին ՀԱԿԿ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, ավելի որոշակի՝ ելույթի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հատվածը, դարձյալ ալեկոծել է ներհայաստանյան կյանքը: Անշուշտ, ոչ այն ուժգնությամբ, ինչպես հեռավոր 1997թ. նոյեմբերին հրապարակած նրա «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածի կանխադրույթները: Տեր-Պետրոսյանն այսօր իշխանություն չէ, նա անգամ ընդդիմություն չէ, թերեւս նաեւ այդ պատճառով նրա մոտեցումներն այժմ ալեկոծում են հանրային կյանքը, սակայն փոթորիկ այլեւս չեն առաջացնում: Եվ ինչպես 97-ին, այնպես էլ այսօր, նա ասպարեզ է նետում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր մերժելի սկզբունքները՝ պատերազմի եւ խաղաղության երկընտրանքը, ազատագրված տարածքների վերադարձի պարտադրանքը, Հայաստանի բոլոր ձախողումները Ղարաբաղով պայմանավորելու խաբկանքը: Տեր-Պետրոսյանն առաջարկել է, որ իր գլխավորած կուսակցությունը՝ ՀԱԿ-ը, 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցի «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» կարգախոսի ներքո, որն իրականում ոչ թե ներքաղաքական ընտրապայքարի կարգախոս է, այլ Ադրբեջանին եւ Թուրքիային պարզած սպիտակ դրոշ:

Խաղաղության ձգտումը բնական է, օրինաչափ, մարդկային, սակայն եթե քո՝ ոչ այնքան բարի դրացին, սպառազինված մինչեւ ատամները, անսպասելի պատերազմ է սանձազերծում, սպանում զինվորներիդ, անդադար հրետակոծում երկրիդ սահմանները, խաղաղ բնակիչներին, հանդես գալիս ռազմաշունչ պահանջներով, այս դեպքում սպիտակ դրոշը ոչ թե հաշտության խորհրդանիշ է դառնում, այլ վախի: Տեր-Պետրոսյանն այնքան հեռուն է գնում, որ առաջարկում է համախմբվել… վախի շուրջ:

Ինչի՞ց է վախենում Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Պատերազմի՞ց: Պատերազմից վախենում են բոլորը: Թեպետ այն չարիք է, որը մահ է սփռում եւ ավերներ գործում, այնուամենայնիվ պատերազմներն ուղեկցել են մարդկությանը բոլոր ժամանակներում: Մարդկությունը դեռ չի սրբագործվել, որ հրաժարվի պատերազմից: Պատերազմները սահմաններ են սրբագրել, ազգեր կործանել եւ ազգեր ստեղծել: Կա նվաճողի պատերազմ, կա նաեւ սրբազան պատերազմ: Պատերազմի վախից ժողովուրդը կարող է նաեւ թշնամուն հանձնել հայրենիքը եւ ապրել անհայրենիք: Ժողովրդին չի կարելի այնքան թուլացնել, որ վախենա պատերազմից: Ավելի լավ է մի անգամ պատերազմել, քան անվերջ ապրել պատերազմի վախով: Մանավանդ, միշտ չէ, որ հնարավոր է խուսափել պատերազմից: Եվ պատերազմի այլընտրանքը միշտ չէ, որ խաղաղությունն է: Տեր-Պետրոսյանը պետք է կոչնակ հնչեցներ ապրիլյան պատերազմի բացահայտած ամոթալի իրողությունների դեմ: Պատերազմի մշտական սպառնալիքով հանրությանը վախ ներշնչելն իրականում վկայում է, որ նա, ով ներշնչում է այդ վախը, ինքն է վարակված վախով:

Ռուսաստանի՞ց: Շարունակաբար անտեսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինելու քաղաքականությունը՝ Տեր-Պետրոսյանն անվերջ Մոսկվային է փորձում հանձնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանալիները, գիտակցելով, որ կարգավորման ռուսական ծրագիրը բացահայտվեց հենց Մոսկվայի սադրած ապրիլյան պատերազմի ժամանակ՝ պատերազմի միջոցով ստիպելով հայկական կողմին վերադարձնել տարածքները: Ռուսաստանի վրա դնելով հիմնախնդրի կարգավորման պատասխանատվությունը՝ Տեր-Պետրոսյանն այդ պետությանը հռչակում է որպես միջնորդ հայկական տարածքների հանձնման-ընդունման գործընթացում:

Ղարաբաղի՞ց: Ով-ով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը լավ գիտե, որ Ղարաբաղը Հայաստանում իշխանափոխության լուրջ վտանգ է ներկայացնում: Նրա համար ղարաբաղյան հաղթանակները վաղուց են վերածվել ծանր բեռի: Անգամ ապրիլյան պատերազմը չստիպեց Տեր-Պետրոսյանին վերանայել ազատագրված տարածքները վերադարձնելու իր տխրահռչակ թեզը, որը վաղուց վերածվել է քաղաքական դոգմայի, որը նա փորձում է ներկայացնել որպես աշխարհաքաղաքական նոր անխուսափելիություն: Մինչդեռ Հայաստանում եւ նրա շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողություններն ստիպում են ազատագրված յոթ տարածքները մեկընդմիշտ ընդունել եւ հռչակել որպես Ղարաբաղի անբաժանելի մաս: Տեր-Պետրոսյանի քաղաքական դոգմատիզմը բախվում է Ղարաբաղի ազատագրման պատմական փաստին, իսկ պատմությունը ետին թվով անհնար է սրբագրել. նա դա լավ գիտե: Ազատագրված յոթ տարածքներն այժմ Ղարաբաղի սահմաններում են, եւ դրանք պատկանում են հայկական կողմին:

Տեր-Պետրոսյանի ծայրահեղ պացիֆիզմը գուցե եւ գոյության իրավունք ունենար, եթե դրա հեղինակը լիներ պարզապես շարքային քաղաքացի, այլ ոչ թե ՀՀ հիմնադիր նախագահը: Տեր-Պետրոսյանը շարունակ ապրում է պատերազմի, Ռուսաստանի, Ղարաբաղի վախով եւ փորձում է դրան ոչ միայն հաղորդակից դարձնել Հայաստանի հանրությանը, այլեւ վախի բացիլով վարակել նրան: Վախով վարակված հասարակությունը դիմադրության ունակ չէ: Այդպես էր նաեւ 1915թ., երբ հայ ժողովրդի քաղաքական առաջնորդները արեւմտահայությանը վարակեցին դատապարտվածության վախով եւ Ռուսաստանի հանդեպ չպատճառաբանված հույսերով:

Եվ այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական պահոցներից դարձյալ դուրս է բերել Ղարաբաղը հանձնելու իր քաղաքական մռայլ դոգման եւ փորձում է այն մատուցել որպես վերին ճշմարտություն: Տեր-Պետրոսյանն այդ ճշմարտությանը հավատում է այնպես, ինչպես հավատում էր 1996թ. ՀՀ նախագահի ընտրություններում իր հաղթանակին: Այն ժամանակ նրա կողքին դեռ ուժեր կային, որ պատրաստ էին 100 տոկոս պարտության դեպքում անգամ ապահովել նրա հաղթանակը: Այսօր Տեր-Պետրոսյանի եւ նրա ճշմարտության կողքին կարող են կանգնել իր գլխավորած ՀԱԿԿ-ը եւ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ը: Այդ երկու ուժերը վաղուց անցել են Ռուսաստանի կողմը եւ պայքարում են Հայաստանի եւ ազատագրված տարածքների դեմ: Նրանք միասին կարող են պատսպարվել Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դոգմայի ետեւում՝ սնուցելով սեփական վախը եւ Ադրբեջանից խաղաղություն մուրալով:

Խաղաղություն կարելի է ստանալ կապիտուլյացիայի հետեւանքով կամ այն ձեռք բերել հաղթանակի արդյունքում: Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դոգմատիզմը կապիտուլյացիան է նախընտրում։

Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Հայկ Ա. Մարտիրոսյան. «ԼՏՊ-ի՝ վերջին հարյուրամյակում՝ շատերի գնահատմամբ ազգային ամենամեծ դավաճանի եւ ներկայիս համակարգի հիմնադրի ելույթը բխում է նախեւառաջ իշխանության շահերից...»


Կարծում եմ, որ ԼՏՊ-ի՝ վերջին հարյուրամյակում՝ շատերի գնահատմամբ ազգային ամենամեծ դավաճանի եւ ներկայիս համակարգի հիմնադրի ելույթը բխում է նախեւառաջ իշխանության շահերից եւ արտահայտում է հենց իշխանության մոտեցումները: Մեկ անգամ չէ, որ ԼՏՊ-ն գնացել է կոնսենսուսի՝ իրեն փոխարինած ուժերի հետ՝ հանուն ինչ-որ լծակներ ետ ստանալու կամ որոշակի քաղաքական ազդեցության: Հիմա շահերի երկրորդ համընկնումն է առաջ եկել. գաղափարական: Կիսելյովի հարցազրույցում արտահայտված բոլոր դրույթները համընկնում էին ԼՏՊ-ի հիմնադրած գծին եւ դրա անխախտ շարունակությունն էին: Հիմա Մատենադարանի նախկին գիտքարտուղարը իր դավաճանական գաղափարները վերակենդանացնում է, որովհետեւ կա ոչ թե հասարակական, այլ իշխանական պահանջարկ:

Եւ այն, որ լայն հասարակությունն այնուամենայնիվ հանդուրժում է դա՝ անչափ մտահոգիչ է: Պետք չէ խաբվել ԼՏՊ-ի մի քանի փոքրիկ ճշմարտախոսություններով: Դրանք չեն կարող եւ չպետք է դրականության շղարշ հաղորդեն ելույթի բուն մասին, որ բացահայտ դավաճանական, հանցավորության աստիճան հակազգային մոտեցումներ են:

Եւ այն, որ նման մարդը, որ հիմա, եթե ամեն բան տրամաբանորեն լիներ՝ պետք է ցմահ դատապարտյալների բանտում լիներ, կամ պետական բարձրագույն հանցագործությունների եւ պետական դավաճանության համար դատարանով մահապատժի դատապարտվածների անանուն մի գերեզմանում՝ Հայաստանում հին-նոր դիսկուրս է վերսկսում եւ անգամ գովեստի խոսքերի արժանանում որոշ անձանց կողմից՝ ներկայիս բանականությունը կորցրած հասարակության մեղքն է եւ մեղավորությունը:

Նման պահերին հիասթափությունը հայկական հասարակությունից գագաթնակետին է հասնում: Ու սկսում ես մտածել, որ ամեն բան հենց այդ հասարակության մեղքն է եւ այն արժանի է նրան՝ ինչը հանդուրժում է ու հաճախ անգամ քաջալերում:

Վերջապես պետք է վերաիմաստավորենք ինքներս մեզ: Երկիրն անդունդի եզրից արդեն այն կողմ է անցել: Պետք է գոնե անկումը կառավարելի դարձնել։

*  *  *
Հրեաները, ճապոնացիները, նորզելանդացիները, մասոնները, երևակայական իլումինատիները, վուդույի կախարդները, շամաններն ու համաշխարհային գերգաղտնի կառավարության մութ ուժերը որևէ կապ չունեն ո՛չ ԼՏՊ-ի և ոչ էլ Հայաստանի իշխանությունների հետ ու նրանց թելադրանքով չէ, որ դավաճանությունը դառնում է ընդունելի հոգեբանություն: Խնդիրը մենթալիտետի, անձնական զարգացածության, հանցավոր մոտիվների և հանուն իշխանության՝ դավաճանության հակման մեջ է:

Մի դրեք մի քանի անձերի անձնական հանցանքի և հանցավոր մտածողության պատասխանատվությունը երևակայական ուժերի վրա: Հարգեք ինքներդ ձեր ինտելեկտը և հասկացեք, որ շատ ավելի պարզ հանցագործություն է կատարվում. մարդիկ սեփական մաշկի հարմարավետության համար վաճառում են սեփական հայրենիքը: Եվ ընդերքի ջրերի անվերադարձ շահագործումը՝ հանուն ձկնաբուծության, հանքավայրերի խայտառակ շահագործումը՝ հանուն չհարկվող գումարների, հին Երևանի ավերումն ու բանակի թալանը, տնտեսության մոնոպոլիզացիան, որ ոչնչացնում է երկրի տնտեսությունը վերոնշյալ տարրերի հետ կապ չունեն: Դրանք նույնպես հանուն սեփական մաշկի և հանուն գրպանի կատարվող հանցագործություններ են: Հայրենիք վաճառելն ընդամենը այդ բոլորի առավել բարդ և առավել եկամտաբեր աստիճանն է: Հիմարություն է կարծելը թե ԼՏՊ-ին և իր գաղափարակիցներին վճարում կամ թելադրում են մասոնական տաճարներից կամ Թել Ավիվի գրասենյակներից: Երևանին Անկարան ավելի մոտ է՝ քան Թել Ավիվը, առավել ևս՝ ֆրանսիական մեծ օթյակը:

Եթե պատվիրատուներ եք փնտրում՝ ավելի լավ է փնտրեք դրանց Անկարայում, Բաքվում և Երևանում, իսկ ավելի լավ է՝ առաջին նախագահի ուղեղում, ոչ թե երևակայական հասցեներում:

Հայկ Մարտիրոսյանի
Ֆեյսբուքյան էջից

воскресенье, 18 декабря 2016 г.

«Առաջին անգամը չէ, որ այս մարդը «ազգին» հեգնելու, ծաղրելու առիթներ է օգտագործում». Հրանուշ Խառատյան


«Ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է»,- «ազգին» հեգնել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Է, ինչպես չասել՝ Հենրիկ Մխիթարյանը պատվով է կատարում իր առաքելությունը, «ազգն» էլ նրանով ազնվորեն ուրախանում է, իսկ Լևոն Տեր Պետրոսյանն ուներ բոլոր հնարավորությունները ազգի ուրախության և հպարտության առարկան լինելու, եթե պատվով կատարեր ա՛յն առաքելությունը, որն ի՛ր հետ կապել էր «ազգը»:
Ուժի՞ց էր վեր, թե՞ բոլորովին այլ, «ազգին» անհայտ առաքելություն ուներ, և դրանք հակդրվեցին միմյանց: Ո՞րն է փորձել պատվով կատարել՝ «ազգի» կողմից իրեն վերապահվա՞ծը, թե՞ «ազգին» անհայտը: Առաջին անգամը չէ, որ այս մարդը «ազգին» հեգնելու, ծաղրելու առիթներ է օգտագործում: «Ա՞զգը» իր քիմքին հարմար չի գալիս, թե՞ «խաղողը խակ է»: Որքան մտածում եմ՝ ավելի ու ավելի եմ համոզվում՝ հայ ժողովուրդը և Հայաստանի հասարակությունը Լևոն Տեր Պետրոսյանին դուր չեն գալիս: Իր «հասարակական ճարտարապետությունն» էլ թույլ է՝ հեգնանքից այն կողմ չի անցնում: Կարող են, իհարկե, դուր չգալ, բայց այդ դեպքում ինչու՞ և ինչպե՞ս է ուզում նրանց ղեկավարել, հեգնանքո՞վ, թե՞ չօգտագործված նոր ռեսուրսներ է հայտնաբերել իր իմացաբանական խոհանոցում։

Հրանուշ Խառատյանի գրառումը
Hayeli.am

понедельник, 12 декабря 2016 г.

Հին մեռելները վերակենդանացան, դուրս եկան դաշտ


Մեր զրուցակիցն է երգիչ–երգահան Արմեն Մովսիսյանը, ով վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում

- Պարոն Մովսիսյան, «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամներից շատերն ապրիլին կլինեն Հայաստանում և կվերահսկեն խորհրդարանական ընտրությունները։ Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը, Հայաստանի խնդիրն ընտրություների թափանցիկությունն ապահովելու մե՞ջ է։

- Մենք ընկել ենք մի բանի հետևից, որը տարիներ շարունակ իր չգոյությունը ցույց է տվել, այսինքն՝ իրականության մեջ մենք երևի շատ կարճ հիշողություն ունենք, մոռանում ենք՝ անցյալ տարի դեկտեմբերին սահմանադրական հանրաքվեն ինչպես անցկացվեց, դրանից առաջ՝ 1996-ից սկսած ինչպես են ընտրություններն անցկացվում։ Ինչո՞ւ է մեզ թվում, թե հրաշք պետք է կատարվի, ընտրություններ կազմակերպողները նույն մարդի՞կ չեն, նույն Մուկուչյա՞նը չէ, որ հաշվելու է ձայները։ Այսինքն՝ այս ամենը մի փոքր իրականությունից կտրված է։ Վերջին հաշվով, պետք է նայել ընդհանուր դեպքերի ընթացքը։ Նույնիսկ այն դեպքում, որ իբր կառավարությունը փոխվեց, նոր կառավարություն ձևավորվեց, շատուշատ հարցեր, միևնույն է, կիսատ մնացին, որոնց պատասխանը չտվեցին, այսինքն՝ ներքին ուժային կառույցները, որոնք երկիրը դարձրել են ոստիկանական կառույց, էլի մնացել են նույն մարդկանց իշխանության տակ։ Իշխանությունն իր համար ոստիկանական ուժերից հենարան է սարքել, որին չի կարող անգամ նոր վարչապետը կպնել, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե մինչ այդ հույս ունեինք, որ նոր վարչապետը կգա և ինչ-որ բաներ կշարժվեն դեպի դրականը, շուտով կլրանա վարչապետի պաշտոնավարման 100-րդ օրը, որևէ քայլ նկատե՞լ ենք, որ իրականության մեջ ինչ-որ բան փոխվել է։

- Ներդրումների վրա մեծ շեշտադրում է կատարվում, սակայն ներդրողներ չեն ավելանում, ինչո՞ւ։ Վարչապետն էլ պնդում է՝ Հայաստանում մենաշնորհ չկա։

- Այսինքն՝ ի՞նչ... բանանային երկիր էինք սարքում, մի անգամ  բանան բերեցինք, սկսեցին գրել, որ մեկը առանց արգելքի բանան է բերել Հայաստան... լավ էլի, ծիծաղելի է, աճպարարությանը թող վերջ տան, համատարած դեմագոգիա է։ Մանավանդ դրսի մտավորականների մեծ մասը, որոնց համար հայրենիքի հետ կապը մի փոքր ավելի ռոմանտիկ սիրողական կապ է, երևի լավ չեն պատկերացնում Հայաստանի անցքերը, դեպքերը,  որ սա Եվրոպան չէ, որ կանգնեն որպես դիտորդ, ամեն ինչ վերահսկեն և ամեն ինչ լավ լինի։ Մեզ մոտ հսկայական մետաստազներով մեխանիզմ է մտածված՝ ինչպես աճպարարություն անել, և ես կարծում եմ իրատեսական չէ ընտրությունները հսկելով՝ իրականություն փոխելը։ Ես կասեի այս մեխանիզմը կաշխատի, եթե իրականության մեջ տեսնեի, որ վարչապետի գալուց հետո 100 օրվա ընթացքում ինչ-որ փոփոխություններ են տեղի ունեցել։ Բայց քանի որ դա չկա, պատճառահետևանքային կապը ինձ հուշում է, որ ոչինչ էլ չի փոխվի։

- Ձևավորվող դաշինքները կարո՞ղ են արդյոք այլընտրանք լինել իշխանությանը։ ՀԱԿ ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀԿ ցուցակը՝ Սերժ Սարգսյանն է  գլխավորելու, ԲՀԿ երբեմնի առաջնորդն է վերադառնում քաղաքականություն։

- Ձեր թված բոլոր անունները մղջավանջի միջից դուրս եկած սարսափ ֆիլմի հերոսներ են, ինչպես ասում են՝ հին մեռելները վերակենդանացան, դուրս եկան դաշտ։ Նրանք իրենց ամլությունը ցույց են տվել քաղաքական դաշտում երկրի կառավարման, երկրին տեր կանգնելու առումով։ Իրականության մեջ հիմա քաղաքական դաշտը մեռած է, Ազգային ժողովը իր բոլոր կոալիցիաներով, կոմունիստական հավաքով, 7000 ՀՀԿ անդամագրություններով, այս բոլորը մեռելածին գործողություններ են, և ժողովուրդը  հիասթափված է այդ ամենից և զզվանքով է նայում։ Այսինքն՝ աճպարարությունը չի աշխատելու, թեև այս պարագայում ևս կտան մի քանի օրվա հացի փող, ժողովուրդը էլի կվերցնի և կընտրի նրան, ով իրեն վճարի։ Սա տխուր փաստ է, և ես շատ մեծ ցավով եմ դա ասում, բայց կարծում եմ՝ իրականությունն այսպիսին կլինի։ Կա առողջ մաս, որը փաստորեն չի կարողանա էական դեր կատարել երկրի այս տխուր քաղաքական ընթացքը փոխելու համար։ Սա վատ ճանապարհ է, շատ վատ։

- Հայաստանում ո՞ր դեպքում է հնարավոր հասնել փոփոխությունների, ՀՀԿ-ն իմիջն է փոխում, երիտասարդ կադրեր բերում ԳՄ, ի՞նչ տպավորություն եք ստանում այս գործընթացներից։

- Միանշանակ թատրոն է այս ամենը։ Հայաստանում մի դեպքում կարող է փոփոխություն լինել, եթե հրաշք տեղի ունենա, և բոլոր հին, վարկաբեկված դեմքերը հանկարծ որոշեն դառնալ ազնիվ քաղաքացիներ, բայց դա հնարավոր չէ։ Կամ եթե Սերժ Սարգսյանը տղերքին մատաղ անելուց, հողեր կորցնելուց հետո հրաժարական տա, ասի՝ տղերք, չստացվեց ինձ մոտ, եկեք հայավարի մի քայլ անեմ, հեռանամ, բայց նա աթոռին շատ է կպած։ Իհարկե, պայմանականություններով են կպած էդ աթոռին, ու հիմա կթում են երկիրը, կթում են շատ դաժանորեն, այսինքն այն, ինչ կարելի է կթել, ուղղակի քամում են։ Սրանք երկրի մասին չեն մտածում։

- Բայց նոր կառավարությունն ու վարչապետը խոսում են  մնաշնորհների, ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարից։ Ձեր կարծիքով, եթե վարչապետը նույնիսկ շատ ցանկանա, կկարողանա՞ որևէ փոփոխություն անել այս առումով։

- Եթե իր ձեռքերը լրիվ բաց թողնեն, գուցե, բայց նա շատ պայմանականություններով կապված է այս իշխանությունների հետ։ Առաջին քայլն էլ արեց՝ գնաց դարձավ ՀՀԿ-ի անդամ։ Այստեղ արդեն շատ հարցեր պարզվեցին, թե խաղն ինչ կանոններով է գնալու։ Եթե նույնիսկ կար էդ հույսը, ՀՀԿ-ի «սովետասոցիալիստական» համագումարից հետո ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ, որ չէ, այս անգամ էլ փուստ տվեցինք։ Տխուր բան եմ ասում, բայց իսկապես ծանր իրավիճակ է երկրում։ Ես հոռետես չեմ, շատ կուզեմ լավ լինի, ես մտածում եմ երկրի մասին, բայց շատ վատ մարդիկ են այսօր մեր երկիրը ղեկավարում։ Նրանք երկրի համար չեն ցավում։

- Քանի որ բանակի հետ  սերտ կապեր եք ունեցել, հետաքրքիր է, ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծումը, սա մտահոգվելու առիթ տալի՞ս է, թե՞ ոչ։ Շատերը նշում են, որ սրանով ինքնիշխանության կորստի առջև ենք կանգնում։

- Այո, մենք մեր անկախությունը կաթիլ-կաթիլ հանձնում ենք։ Ես չգիտեմ, էլ ինչ պետք է լինի, որ հասկանանք, որ մենք անկախություն ենք կրվում։ Ինչ պետք է անեն, որ մենք դա հասկանանք։ Մնում է մեզ պարտադրեն ռուսական հիմնը երգել։

Հարցազրուցավար`
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

суббота, 3 декабря 2016 г.

Երևի արդեն բացարձակ անհնար անելիքը


 Որոշ տրամաբանական պարզեցումներ անեմ, որ հասկանանք թե ինչ է կատարվում։

1. Պետք է գիտակցվի, որ հայկական իշխանություններն առաջին հերթին քրեական հանցագործներ են,  դրանից հետո նոր տականք, սրիկա, մարդակեր և այլն։
Հանցագործության առաջին հայտանիշն այն է, որ  իրենք արդեն 21 տարի է ուզուրպացրել են իշխանությունը շարունակաբար կեղծվող ընտրություններով։
 Թող ամեն մեկն իրեն պատկերացնի ընտրական կեղծիքում։ Մեզանից քանիսը կհամարձակվի ուրիշ մեկի ձայնն իրենով անել։ Լուրջ եմ հարցնում, նման հանցագործության գնալու համար քրեական հոգեբանության տեր է պետք լինել։

2. Հետևաբար, իշխանության մեջ եղածներն ու նրա վերարտադրմանը սատարողները բոլորն առնվազն հանցակիցներ են։ Այսինքն՝ Հայաստանի մոտ 10-15 տոկոսը քրեական հանցագործներ են։

3. Արդյո՞ք քաղաքականության մեջ եղած ընդդիմադիրներն իրենց հաշիվ տալիս են, որ քաղաքական մեթոդներով պայքարի են մտնում ահռելի քրեական բանդայի դեմ, որն աբսուրդ է։
Ըստ 21 տարվա փորձի կարելի է հաստատապես պնդել, որ ընդդիմությունն այդ ոչ ադեկվատությունը չի հասկանում, կամ էլ ուղղակի իրեն անհասկացողի տեղ է դնում։

4. Արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ քրեականը մարդկայինից դուրս է, քանի որ նրա առաջին հատկանիշը հակամարդկայնությունն է,  մարդու ու մարդկայինի  դեմ ի շահ իրեն գործելը։

5. Արդյո՞ք մենք  հասկանում ենք, որ քրեականի դեմ պայքարի միակ միջոցը նրան պատժելն է,  մեկուսացնելը, կամ էլ ոչնչացնելը։ Որովհետև մարդկային պատմության մեջ քրեականի վերջնական ուղղման դեպքեր նկարագրված չեն (բացառությամբ որոշների կրոնամոլ դառնալու և դրա հետևանքով վերափոխվելու)։

6. Արդյո՞ք ժամանակը չէ, որ ամբողջ հայությունը հասկանա վիճակի տրագիզմը և հարցին մոտենա հենց այս բանաձևով՝ ինչպես հաղթահարել հայությանը հոշոտող իր իսկ 10-15 տոկոս քրեականին։

7. Անհնար է քաղաքական կամ ճակատային որևէ ընդհարումով պայքարել ներքին մետաստազներ տված այս հրեշի դեմ։ Ու սա փորձով է ապացուցվել  հազարավոր անգամներ։

8. Ես որպես միակ լուծում տեսնում  եմ ամեն մեկի խնդրի գիտակցումը և մեկուսացումը իշխանություններից ու նրա հենարանից։ Պետք է կարողանանք կերտել պատկերավոր ասած,  ստվերային նոր հայություն, որը կապրի ուրիշ օրենքներով, կմեկուսանա  իր իսկ սրիկա բարեկամից ու կհոգա իր հոգսերը որպես այլ հայ։

Քաղաքականները հաճախ պնդում են լյուստրացիայի մասին։ Բայց ի՞նչ լյուստրացիայի մասին կարող է խոսք լինել ։ Ով չգիտի իր ծանոթ, բարեկամ, հարևան ու նույնիսկ հրապարակային հրեշներին։ Ո՞վ է կասկածում, որ քրեականն իր գաղտնիքները չի բացի առանց մեծ արյան։

9. Մոտավորապես նման բան ես ասում եմ արդեն տարիներ շարունակ, բայց արդյունքը զերո է։ Հասկանում եմ, որ երևի սա էլ ուժերից վեր խնդիր է, բայց մյուս կողմից էլ հենց էնպես վերանալն էլ սիրուն չէ։

Սաղ-ուրախ, գյոզերով,  մուղամով, եղունգներով, փալաններով ու նամանավանդ իրար էշի տեղ դնելով։

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ