вторник, 26 апреля 2016 г.

Հողերը՝ մեզ, կարգավիճակը՝ ձեզ


Չորսօրյա պատերազմից հետո Կրեմլի միջնորդական նախաձեռնությունների կապակցությամբ մեր ժողովրդի ուշադրության կենտրոնում է հայտնվել Ղարաբաղյան խնդրում փոխզիջումների գնալու թեման։ Ընդ որում, առկա քննարկումների ու կարծիքների կիզակետում միմիայն հայկական կողմի փոխզիջումների ու հատկապես ազատագրված շրջանները հանձնելու հարցն է։ Մարդկային մեծ զոհերի գնով կենսական տարածքների ազատագրության, ռազմաճակատի գծում անվտանգության գոտու հաստատման, ազգային արժանապատվության վերականգնման համատեքստում հողեր վերադարձնելու թեման, ըստ էության, դարձել է ամենից դյուրագրգիռ հարցը հանրային քննարկումներում։ Ահա այդ հուզական հոգեվիճակն էլ մեզ թույլ չի տալիս հարցը դիտարկել բոլորովին այլ հարթության մեջ։ Այն է՝ ո՞րն է ադրբեջանական կողմի փոխզիջման առարկան կամ փոխզիջման սահմանը։

Անցյալում պատկան մարմինների, վերլուծաբանների, բանակցային գործընթացի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող պաշտոնյանների բերանից երբեմն կարելի էր լսել ադրբեջանական կողմի փոխզիջման գնալու առարկայի մասին։ Հազվադեպ դա վերաբերել է Շահումյանի շրջանը հայկական կողմին վերադարձնելուն, իսկ առավել հաճախ խոսք է հնչել Մարտակերտի ու Մարտունու շրջանների՝ հակառակորդի մոտ մնացած տարածքները վերադարձնելու, առանձին դեպքերում հարյուր հազարավոր ադրբեջանահայության սեփականության փոխհատուցման եւ հատկապես Արցախի անկախ կարգավիճակի պաշտոնական ճանաչման հետ։ Փորձենք հասկանալ այդ փոխզիջումների էությունը։

Առաջին երեք հարցերը հայկական կողմի համար երբեք էլ չեն դիտարկվել որպես քաղաքական լուրջ առաջնահերթություններ։ Մինչ օրս Շահումյանի հարցը բանակցային գործընթացում կամ ետին պլանում է գտնվում, կամ ընդհանրապես բանակցությունների առարկա չէ։ Այս հարցում նման անմխիթար վիճակի պատճառը մեր քաղաքական մտքի տհասությունն է։ Հայ քաղաքագետներն ու դիվանագետները ելակետ ընդունում են այն փաստը, որ Շահումյանի շրջանը ԽՍՀՄ տարիներին չի գտնվել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմում։ Այստեղից կատարվում է այն թյուր հետեւությունը, որ Շահումյանի հարցը բանակցությունների առարկա դարձնելու իրավաքաղաքական ճանապարհը շատ խրթին է։ Այդ մարդկանց մոտ ընդհանուր տրամադրվածություն կա Մարտակերտի ու Մարտունու՝ Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքների հետ միասին, ի վերջո, վերջնական փաստաթղթի մեջ հասնել ասենք Լաչինի շրջանի հետ տարածքային փոխանակությունների ամրագրմանը եւ որպես համարժեք փոխանակություն ինչ-որ կերպ դիտարկել նաեւ Շահումյանի շրջանը։

Ադրբեջանահայության խնդիրը նույնպես քննվում է ադրբեջանցի փախստականների դեպի Լեռնային Ղարաբաղ եւ ինչ-որ առումով նաեւ ազատագրված տարածքներ թույլ չտալու համատեքստում։ Այստեղ «հայի հետին խելքը» փորձում է ինքն իրեն համոզել, որ փախստականների քվոտաների քիչ թե շատ համարժեք փոխանակման ճանապարհով հայկական կողմը կկարողանա ձերբազատվել Ադրբեջանի՝ ադրբեջանցի փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու կամ հայկական կողմին գույքային պահանջներ ներկայացնելու խնդիրներից։

Ինչպես տեսնում ենք, մեր մատնանշած չորս հարցերից երեքը հայ քաղաքական միտքը տեսնում է առերեւույթ քիչ թե շատ համազոր տարածքային փոխանակությունների տեսքով։ Այն է՝ բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմը ստանում է Ադրբեջանի համաձայնությունը առ այն, որ Լաչինի շրջանը ընդգրկվում է ԼՂՀ կազմում, իսկ ադրբեջանցի փախստականներն էլ չեն վերադառնում Արցախի տարածք։ Դրա դիմաց հայկական կողմը չի պնդում իրեն վերադարձնել Շահումյանի շրջանը, Մարտակերտի ու Մարտունու Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքները, ինչպես նաեւ չի բարձրաձայնում ադրբեջանահայության խնդիրները։

Չորրորդ հարցը՝ ԼՂՀ կարգավիճակի խնդիրը, ըստ հայկական կողմի, ամենից բարդն է։ Եւ, հետեւաբար, հայ քաղաքագետների ու դիվանագետների մտքում դրա լուծումն առարկայանում է Ղարաբաղյան պատերազմի արդյունքում ազատագրված Քարվաճառի, Զանգելանի, Կուբաթլիի, Ջեբրայիլի, Ֆիզուլու եւ Աղդամի շրջանները Ադրբեջանին հանձնելու ու դրա դիմաց Ադրբեջանից ԼՂՀ պաշտոնական ճանաչում ստանալու ճանապարհով։ Կարելի է ասել, որ այդ հարցը, ի վերջո, հայկական կողմի մտքում հանգուցալուծվում է «կարգավիճակ՝ հողերի դիմաց» բանաձեւի միջոցով։ Այն է՝ Ադրբեջանը զիջում է եւ համաձայնում է Արցախի անկախ կարգավիճակի հարցում, իսկ հայկական կողմը զիջում է եւ Ադրբեջանին հետ է վերադարձնում ազատագրված նախկինում ադրբեջանաբնակ շրջանների մեծ մասը՝ եթե հնարավոր է ԼՂՀ-ի իրավազորության տակ պահելով Քարվաճառի շրջանը։ Սա է դիտարկվում որպես փոխզիջում։

Նախ նկատենք, որ բանակցային գործընթացի այս քսաներկու տարվա ընթացքում մեզանում երբեք լրջագույն կասկածի տակ չի դրվել այն հարցը, թե արդյոք Ադրբեջանի կողմից Արցախի անկախ կարգավիճակի ճանաչումը եւ հողերի հետ հանձնումը հավասարազոր արժեքներ են։ Մինչ օրս հայկական կողմի պաշտոնական ու նաեւ օտար միջնորդական առաքելությունների՝ հայ հանրությանը ներկայացվող փաստարկը եղել է այն, որ բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է, եւ որպեսզի թույլ չտրվի այդ աշխարհակործան իրավիճակը, մենք պետք է համաձայնենք «փոխզիջում» ասվածին եւ հետեւաբար՝ հողերը Ադրբեջանին վերադարձնելուն։ Սակայն, Չորսօրյա պատերազմի արդյունքում նույն այդ բանակցային գործընթացի տապալումը մեր հանրության մոտ մեծամասամբ չեզոքացրել է նախկինում պատերազմից ունեցած վախերը, եւ այսօր բոլորս կարող ենք հարց տալ մեզ, թե արդյոք հավասարազոր արժեքներ են ԼՂՀ անկախ կարգավիճակը ու դրա դիմաց ազատագրված հողերի մեծ մասի հանձնումը։

Խնդիրն այն է, որ Արցախն այժմ էլ ունի անկախ կարգավիճակ, պարզապես նա չունի միջազգային ճանաչում։ Եւ ամբողջ քաղաքական աֆյորան այն է, որ թե՛ մեր եւ թե՛ օտար քաղաքական շրջանակները փորձում են Ադրբեջանի կողմից Արցախի ճանաչման ինչ-որ գործընթաց մեջտեղ բերելով՝ դա մեզ համար դարձնել կոնկրետ առարկայական զիջումների գնալու շարժառիթ ու հիմնավորում։ Խնդիրը փորձենք ավելի մանրամասնել։

«Միջազգային ճանաչում» ասվածը բոլորովին կապ չունի Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչման հետ։ Սակայն Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումը միանշանակ կապ ունի «միջազգային ճանաչման» հետ, քանի որ Արցախի ճանաչման դեպքում Ադրբեջանին միանգամից կհետեւեն նաեւ այլ երկրներ։ Երբ խոսում ենք բացի Ադրբեջանից այլ երկրների կողմից Արցախի «միջազգային ճանաչման» մասին, ապա բոլորովին կարիք չկա այդ խնդրին միաձուլել Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը, քանի որ ոչ մի դեպքում Ադրբեջանը չի ճանաչի Արցախը՝ թեկուզեւ աշխարհի մյուս բոլոր երկրները ճանաչեն այն։ Սակայն, եթե մեր դիվանագիտությունը շարժվում է Ադրբեջանին ԼՂՀ անկախ կարգավիճակը ճանաչել տալու ուղով, ապա բոլորովին անտեղի է դրա հետ մեկտեղ «միջազգային ճանաչման» գործընթաց ձեռնարկելը, քանի որ Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումը միանգամից կհանգեցնի Արցախի Հանրապետության ճանաչմանը նաեւ այլ երկրների կողմից։ Ընդ որում՝ Ղարաբաղյան հարցով բանակցությունների ներկայիս գործընթացը հենց այս ուղով ընթանալու վկայությունն է։ Բանակցություններում Ադրբեջանի զիջման գլխավոր առարկան, այսպիսով, ԼՂՀ ճանաչումն է, կամ այլ կերպ ասած՝ վերջինիս կարգավիճակի հարցը։

Բանակցային գործընթացին հետեւած շատ ու շատ մարդիկ կարող են վստահությամբ պնդել, որ Ադրբեջանը երբեք նման քայլի չի գնա։ Սակայն, մի կողմ թողնենք այդ հիմնավոր պնդումը։ Բոլորիս պետք է հետաքրքի այն հարցը, թե արդյոք Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումը նույն կշիռն ունի, ինչ ազատագրված հողերը հայկական պետության մաս դարձնելը։ Ահա այստեղ է, որ ի հայտ է գալիս հայության հոգեբանական այն խնդիրը, երբ թշնամու հետ հարաբերություններում նա այդ նույն թշնամուն շատ ավելի մեծ նշանակություն է տալիս՝ փորձելով նրանից կորզել ինչ-որ ճանաչում։ Սա մազոխիստական մոտեցում է։ Ադրբեջանը երբեք ԼՂՀ ճանաչման հարցում զիջման չի գնա, քանի դեռ գիտի, որ հայկական կողմի համար էական արժեք է Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումը։ Ընդ որում՝ այնպիսի ճանաչումը, որի դիմաց հայությունը պատրաստ է անգամ իր վերահսկողության տակ եղած շրջանները վերադարձնել Ադրբեջանին։ Մենք մեր թշնամուց, ում հաղթել ենք պատերազմում, բանակցություններում «մուրում ենք», որ նա ճանաչի մեր անկախ գոյությունը, այն դեպքում, որ փաստացիորեն հենց անկախ էլ ապրում ենք եւ ոչ մի թելով նրանից կախված չենք։ Ավելի մեծ աբսուրդ երեւի թե հնարավոր չէր պատկերացնել։

Ներկայացված վերլուծությունից պարզ է դառնում, որ մեզ հրամցվող փոխզիջում ասվածը միակողմանի զիջումներ է ենթադրում հայկական կողմի համար։ Ժամանակն է, որ ձերբազատվենք Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումը կարեւոր ինչ-որ արժեք համարելուց։ Ժամանակն է, որ հասկանանք, որ Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումը Ադրբեջանի կողմից ինչ-որ էական զիջում չէ, որի դիմաց մենք եւս պետք է գնանք զիջումների՝ թշնամուն հենց այնպես՝ ինչ-որ ճանաչման հայտարարություն պարունակող թղթի կտորի դիմաց նրան հանձնելով մեզ համար կենսական տարածքներ։

Վերադառնալով «անկախ կարգավիճակ» եւ «միջազգային ճանաչում» եզրերին՝ պետք է կրկին նկատենք, որ Արցախը արդեն քսաներկու տարի անկախ պետություն է։ Նրա «դե-ֆակտո» անկախ գոյությունը ընդունում են բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանը։ «Դե-յուրե» գոյության համար բոլորովին հարկ չկա թշնամուց ճանաչում «մուրալ»։ Այդ գործընթացը բոլորովին այլ տրամաբանություն է ենթադրում։ Հայությունը պետք է ձերբազատվի թույլի, տկարի հոգեբանությունից եւ Արցախի միջազգային ճանաչման համար հարաբերվի ոչ թե Ադրբեջանի հետ, այլ՝ աշխարհի։

Այդ գործում առաջին քայլը Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ ճանաչումն է։ Եթե «աշխարհը» չի ցանկանա հետեւել Հայաստանի օրինակին եւ չի ճանաչի Արցախի Հանրապետությունը, ապա առաջ կգա շատ ավելի մեծ խաղաքարտ Հայաստանի ձեռքին՝ այս անգամ արդեն երկու երկրների հանրությունների կամարտահայտության միջոցով սկսելով ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միավորման գործընթացը։ Սա լրջագույն խաղաքարտ է, որի արժեքը հայ քաղաքական միտքը մինչ օրս չի կարողանում ճիշտ գնահատել։ Ցանկացած պետության կողմից մեկ այլ պետական կազմավորման անկախությունը ճանաչելու իրավունքը միջազգային իրավունքի անքակտելի մասն է։ Երկու՝ միմյանց կողմից ճանաչված պետությունների միավորման գործընթացը, երբ կա երկու հանրությունների կամարտահայտությունը, իրավական տեսանկյունից նմանապես անխոցելի է։ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման եւ վերամիավորման դեպքում միանգամից չքանում է ազատագրված հողերն Ադրբեջանին հանձնելու խնդիրը, քանի որ աշխարհում առանձին պետությունների անկախության ճանաչումը սահմանների ճանաչում չի ենթադրում։ Պետությունների սահմանները ճանաչվում են երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերով, բայց ոչ երբեք այս կամ այն պետության կողմից մեկ այլ պետության ճանաչման փաստով։

Որպես վերջաբան կցանկանայի նշել, որ միջազգային տարբեր հարթակներում բանավիճելիս, այդ թվում՝ Ադրբեջանի հետ բանակցելիս, երբ հայկական կողմի ներկայացուցիչներն առանց ադրբեջանական կողմի փոխզիջումների առարկան ճշտելու խոսում են մեր իսկ փոխզիջումների մասին, նրանք արդեն իսկ մեր պարտվողական հոգեբանությունն են ցուցանում։ Փոխզիջումների մասին խոսելիս մի չափանիշ պետք է գործի, որը հանգում է հետեւյալ հարցին՝ ո՞րն է Ադրբեջանի փոխզիջումը։ Եթե ԼՂՀ ճանաչումը, ապա իր ճանաչման փաստը արձանագրող թղթի կտորը Ադրբեջանը կարող է ղարաբաղյան խնդրով միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչների համար որպես զուգարանի թուղթ օգտագործել։ Իսկ եթե Շահումյանի շրջանի, Մարտակերտի ու Մարտունու՝ իր վերահսկողության տակ մնացած տարածքների վերադարձը հայկական կողմին, ապա դա շատ փոքր զիջում է, որպեսզի Ադրբեջանը պահանջի ու ստանա ամբողջական վեց-յոթ այնպիսի շրջաններ, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի ու Արցախի համար։ Բանակցություններում միակողմանի զիջումներ չեն լինում, հետեւաբար Ադրբեջանը նախ պետք է կողմնորոշվի, թե ԼՂՀ խնդրում փոխզիջման հասնելու համար իր ակնկալած մի քանի շրջանների դիմաց ի՞նչ է պատրաստվում ինքը զիջել՝ միգուցե Նախիջեւա՞նը։

Սարո Սարոյան
քաղաքական մեկնաբան

Комментариев нет:

Отправить комментарий