суббота, 26 марта 2016 г.

Ոտնաթաթերի վրա, բայց` հաստատ


Ոտնաթաթերի վրա բողոքը մտնում է քաղաք: Ոտնաթաթերի վրա, բայց` ծանր քայլով: Ուղղակի առաջին մուտքն է, դրա համար էլ ոտնաթաթերի վրա է: Հետո, երբ թաթը լիրաժեք դնի գետնին`մերթընդմերթ վերանորոգվող ասֆալտը ճկվելու է:

Մի քանի օր առաջ բանակում զոհված տղայի հայրը գնաց աննախադեպ, բայց արդեն իր հաջորդն ունենալու լուրջ նախանշանով, իր ուժով ու որոշմամաբ զարհուրելի քայլի: Հուսահատության այս տեսակը հայերիս համար ծանր է: Քաղաքն ու երկիրը համասեռ մարմին չեն` յուրաքանչյուրն ունի բողոքի իր եռման ստիճանը: Մեկինը վաղուց հասել է, մյուսներինը` հասնում է:

Զոհված տղայի դիակը կառավարության շենքի առաջ դնելու որոշումը նախանշեց ծանր բողոքի մուտքը քաղաք ու պետության ղեկավարներն իրար անցան:

Եթե դա տեղի ունենար, սկսվելու էր մի ուրիշ բան… Որովհետև սպանված զինվորը, արդեն որերոդ զինվորը այն է, ինչը չի կարող անտարբեր թողնել որևէ մեկին քաղաքում, գյուղում, երկրում, ապահովին, անապահովին, տղամարդուն, կնոջը: Դեռ չենք բարոյազրկվել մինչև վերջ, ու մահը դեռ փոխում է բոլորի դեմքի արտահայտությունը: Ոչ ոք թույլ չէր տա, որ հնչի «արա դե լավ էլի, ապրում ենք էլի,  էս միտինգներով ինչի՞ն եք հասնելու» կողմնակի ու անհաղորդ տեսակետը: Քաղաքը թնդալու էր: Ողբացող ու բանականությունը կորցրած հայրը իր պատանի դիակի ուղեկցությամբ սպանելու էր թմբիրը, թմբիրը,  որ սպանել էր զինվորին…

Դա էր պատճառը պետական իրարանցման: Վլադմիր Գասպարյանի կարեկից -ախպերական ժեստերն ու լեզուն, որին նա տիրապետում է` անվրեպ դեռ ազդում են պաշտոնյայի սիրո հանդեպ չտես մարդկանց վրա: Բայց դրա ժամանակն էլ կանցնի:

Ամեն ինչ արվեց, որ այդ զարհուրելի քայլը չպատահի: Մարդ չգիտի ինչ ասի` «փառք աստծո՞»: Զոհված տղան խաղաղվեց հողում ու չմնաց կառավարության շենքի դիմաց`դառնալով մեր բոլորիս ամոթը՞` հատկապես նրանց, որոնք, ապահով լուծելով իրենց լավ սնված տղաների բանակի հարցը, գովերգում են` ով ինչպես ու ինչով կարողանում է: Մի՛ քշեք ձեզնից վատ միտքը, մի պահ էդ կոկիկ դագաղում պակերացրե՛ք ձեր լավ սնված տղաներին ու մարդ դառե՛ք. անասուն լինելուց հեշտ բան չկա …

Բողոքը մտավ քաղաք առաջին անգամ ոչ թե անորոշ նախադասության տեսքով, այլ անուն ազգանունով, ծնողով, ստույգ, իրական մահվան տեսքով: Բանակում զոհված զինվորների մասին մենք միայն լսում ենք, ասում ենք «վայ», փոխում ենք ալիքը ու ցրվելու համար մի հատ լավ ֆիլմ ենք փնտրում, իսկ էդ պահին զոհվածի մայրը խելագար է, հայրը` բանականությունը կորցրած, կյանքը կանգ առած, անարդարությունը ռադիոակտիվ ճառագայթի նման անտես թափանցող ու հրկիզող: Այս անգամ մահը բերելու էին բոլորիս դեմ տային, ասեին բանակում պատահած դեպքերը անուն ազգանուն ունեն ու դեմք ունեն` այ էս պատանու մանուկ դեմքի պես անփորձ, անպաշտպան դեմք: Մենք առաջին անգամ տեսնելու էինք հեռուստացույցով հաղորդվող մահը: Ու քանի որ աստված գիտի՝ հետո ինչ էր լինելու` հարկ էր, որ խառնվեր նախարարը, ոստիկանապետը, որի լեզուն օձը բնից կհանի…
Սևանի մայրուղու վրա կանխվեց սպառնացող բողոքի մուտքը քաղաք:

Զինվորը հանձնվեց հողին: Ոչ ոք չի կասկածում, որ բոլորն առանց բացառության ցնցված էին:
Բայց բողոքը ընդհուպ մոտեցել էր քաղաքին: Ուրեմն էլի կմոտենա` միգուցե ուրիշ տեսքով, ուրիշ կոնտեքստում, միգուցե էդ օրն էլ ոստիկանապետի մաստեր կլասը օգնի, բայց մի օր կդադարի օգնել… Բողոքը եթե կորցրեց բանականությունը, հոգեմետը ժամանկավոր էֆեկտ է ունենալու:

Սա զգացմունքային մասը: Իսկ պատճառները բանակում սպանվող զինվորների հիմնականում երեքն են. հակառակորդի դիպուկահարը, ենթակային նվաստացնելու կեղտոտ մղումը և մեկը, որ, ըստ իս, ամենատարածվածն է` մեր տղաների մտահորիզոնը նեղացել է մինչև նախամարդու մակարդակ: Նրանք ապրում են վախկոտ ստահակների գաղափարախոսությամբ: Այն, ինչ կատարվում է մեր բակերում, դպրոցների մերձակա խորշերում, սահուն տեղափոխվում է բանակ: Ու եթե բակերում ու ետնախորշերում նրանց ձեռքին քար ու դանակ է, իսկ ուղեղում բացարձակ ոչինչ, բացի իբր գողական սկզբունքներից` բանակում նրանց ձեռքին հայտնվում է ավտոմատը… Իսկ ավտոմատ բռնելու համար այդ ուղեղը բացարձակ անպատրաստ է մի շատ պարզ, շատ հստակ պատճառով` դպրոցը քանդվել է, դպրոցում արդեն վաղուց մարդ չի ձևավորվում: Հակառակը պատահում է` ձևավորված մարդը հաճախ կազմաքանդվում է` բոլորի պարտադրանքի տակ: Դպրոցում սկսվում է անկիրթ, անազնիվ, անպատասխանատու, վախկոտ ու քծնող մարդու ձևավորումը: Դպրոցում վաղուց ոչինչ ամոթ չէ` չսովորելը, չիմանալը, քծնելը, պաշտոնյա ծնողի հետևում թաքնվելը, ուսուցիչների սոսկալի քծնանքն ընդունելը: Բայց այս վերջին երկու տարբերակի տակ մտնողները բանակ չեն գնում, նրանք իրենց գոյությամբ գազազեցնում են մնացածներին: Դպրոցում տձևացած ուղեղով հավերժ անչափահաս տղաները գնում են բանակ: Ի՞նչ ունեն իրենք: Համարյա ոչինչ: Նրանց սուպերէգոյի մասին խոսելը ծիծաղելի է. նրանք մի սուպերէգո ունեն, և դա նույնիսկ իրենց հայրն ու հորեղբայրը չեն, այլ իբր գողականը, ուժեղը, ստահակը, տգետը, հզորը… Սա է բանակում սպանությունների մեծ մասի պատճառը…

Երբ բոլորը ստում են, ստում են, թե ընտրվել են, ստում են, թե տնտեսկան աճ կա, ստում են, թե կթություն ունենք, ստում են, թե այսքան գերազանց սովորող ունի դպրոցը, այն դեպքում, երբ իրական խելացի տղան կամ աղջիկը կարող է աննկատ մնալ տասը տարի կամ ավելի, խաբում են իրար, մեկը մյուսին, անընդհատ, անվերջ ու ինչպես պորտալարը վզին փաթաթված պտուղը` հաճախ խեղդվեւմ են սեփական ստից: Տհաս, անողնաշար, անկամ, անգրագետ տղաների ձեռքին հայտնվում է ավտոմատը: Այն անպայման մարդ է սպանելու: Հայհոյանքի համար միանշանակ պետք է սպանել` սա է հայ տղայի ամենաառաջին գաղափարը, իսկ թե ինչ կարող է և չի կարող անել «լավ տղան»` հատուկ մասնագիտական միջամտության կարիք ունի: Այս ամենը ամրապնդվում է դպրոցական տարիքում, որովհետև դպրոցը իրական զբաղվածության փոխարեն առաջարկում է նվերով թվանշան ու լավ ատեստատ, որովհետև դպրոցը անհնար չի դարձնում չկրթվելը, հակառակը՝ առաջարկում և հուշում է մեթոդներ կեղծ թվանշան ստանալու: Եվ դանդաղ կամ սրընթաց ձևավորվում են կիսատ մնացած հասունությամբ տղաները, ամեն օր, մեծերի, ուսուցիչների, չինովնիկների, նախարարների, վարչապետերի, նախագահների անտեսանելի աջակցությամբ, ու մի օր ստացվում է սպանություն: Տգիտությունն է բերել սպանությունների` դպրոցում, իսկ հետո բուհ- ում հովանավորված տգիտությունը: Երբ սահմնափակվում են ուղեղները, անդառնալի հիմարության հնարավորությունները անսահման են դառնում:
Այս քաղաքը պայթելու է տգիտության հետևանքով…

Լուսինե Հովհաննիսյան

четверг, 3 марта 2016 г.

Տաբուների զոհն ենք


Գնալով համոզվում եմ, որ թույլ մարդու հիմնական արատը այլոց դիկտատին ենթարկվելն է, զահլա չդնելը, ձեռ քաշելը:

Ամենատարբեր ձևերով կարող է լինել դիկտատը՝ սկսած փողոցում դեմդ կտրելուց ու ամեն քայլափոխի հետապնդելուց, վերջացրած ինտելելտուալ դիկտատը:

Ինտելեկտուալ դիկտատների մեջ էլ ամենահրեշայինն այն է, երբ  սակավամիտի մեկը օգտագործելով  ընդհանուր լոզունգային դրվածքներից ինչ-որ մի դետալ, սկսում է քեզ հետապնդել, հալածել՝ Աստվածային դատավորի  բարձունքներից մեղադրել, թե դու հայրենասեր չես, պետականությունն անկախ սաշիկնոցից հարգող չես, ազգասեր չես, սովետիկուս ես, սոցիալիստ ես, կոմունիստ ես, շուկայականին դեմ ես, ստալինիստ ես, հին մարդ ես, հերոս չես, զոհված չես, գլուխդ պատով տված չես, կենդանի ես:

Ասածս էն է, որ քո վրա տաբու դնողն ինքն իրենից ընդամենը փոքր սրիկա է ներկայացնում, բայց օգտագործում է մեծ սրիկաների ներդրած տաբուները, որոնց օգնությամբ համ ցենտռ է կանգնում, համ քո ձայնի իրավունքը հոշոտում:

Ու հենց տաբուի օգնությամբ է, որ մարդակեր իշխանությունները ջրի երեսին են՝ մանևրում են կեղծիքի և կես ճշմարտության արանքում ու շղարշում ցանկացած լուրջ հարց: Եվ տաբուադիրների  շնորհիվ է, որ երբևէ չի պարզվում, թե ով-ով է, ու ինչն ինչոց է:

Քաջ  գիտակցելով սա,  իմ վրա տաբու բանացնողին ունեմ ասելու հետևյալը.
1. Ես հետպատերազմյան ծնունդ եմ,  կրթվել եմ սովետական դպրոցում ու համալսարանում, աշխատել եմ սովետական հիմնարկներոււմ: Կոմունիստ չեմ եղել:
Մի հորեղբորս Ստալինը գնդակահարել է, մյուսին Սիբիր քշել: Հորս՝ գենոցիդից 2 տարեկանում որպես քրդի երեխա փրկվածին, որպես կուլակի տղայի հեռացրել են համալսարանից: Այսինքն՝ պատմականորեն ես գոնե միջին տուժած եմ:

2. Սովետի օրոք ոնց կարողացել, դիմադրել եմ սովետական աբսուրդներին:

3. Ստացած կրթությամբ կարողացել եմ որպես պրոֆեսսոր աշխատել ամերիկյան  համալսարաններում ու հիմա էլ թոշակից հետո, adjunct պորֆեսսոր եմ:

Այ էսքանից հետո ասեմ խոսքս:
- Հայաստանը վերջին 1600 տարվա ընթացքում կառուցվել է ու զարգացման է հասել միայն սովետի օրոք:
- Քիչ թե շատ մակարդակով մասնագետներ ու էլիտա ենք ունեցել սովետի շնորհիվ:
- Քիչ թե շատ տնտեսություն ենք ունեցել ռուսների գիտական ու ինժեներական աջակցության շնորհիվ:
- Սովետից հետո մեր մեջի տականքի ջանքերով հայտնվեցինք այն մակարդակին,  որում  իրապես էինք:

Եվ դրանում սաշիկների հետ միասին ահռելի դեր ունեցավ էլի հենց տաբու դնող մեծամիտ, դատարկ, ոչնչություն, ցռուին հաճոյանալու մարմաջով տարված կամ տգիտության պատճառով այլ բան չհասկացող, ֆիզիոլոգիապես  հակառուս դարձած մեր մռավոռականը:

Եվ այսօր էլ հենց դրանք են կառավարում հայության արժեքայինն ու ճակատագիրը՝ տաբուադրելով, որ հայի պրոբլեմը ոչ թե սաշիկն է,  թաղ նայողը, մեր քռչոտ քաղաքացիականությունը, այլ ռուսը:

Այսօր, էն հայտնի անասուն նախարարին բոմժ ասող անվախ լրագրողուհին հազար անգամ ավելի մեծ գործ է անում, քան իր շուրջը անուղեղների կոդլեր կուտակած ու տաբու դնող ստահակը:

Կոնսպիրացիայի մի տարատեսակ է տաբուն: Մուղամով, փսփսոցով կողքիններին հայտարարում է, որ էս մեկը «հին բոբո» է, և ուզում ես քեզ պատռի, չես կարող տաբուի պիտակի տակից դուրս գալ:

Տաբուականությունը  և ազատամտությունը, ժողովրդավարությունը, արժանապատվությունն ու ցանկացած մարդկային դրական, անհամատեղելի են:
Տաբուն  տգիտության առաջին արմատն է ու միջավայրը:

Երևանն ու Հայաստանը, հային ու երևանցուն անխնա քանդեցին, ավիրեցին, որովհետև սովետամերժ տաբուն էր դրության տերը դառել երկրում:

Հիմա էլ ավիրումը շարունակվում է մի այլ լոզունգով՝ թե մինչև սովետական սերունդը չգնա գերեզման, հարցերը չեն լուծվի: Ինչ մեծակտավ ու դառմաեդ լոզունգ է: Ասում է դու  ոչ մի բան մի արա, այլ սպասիր ու ինքն իրեն կգան լուսավոր ժամանակները:

Տաբուադիրներին հնարավորինս մաղել եմ ու շարունակելու եմ: Ընկերներիս էլ խորհուրդ կտամ՝ լոզունգներով տաբու դնողներին ուղարկեք գրողի ծոցը:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/notes/արա-հարությունյան/տաբուների-զոհն-ենք/1102547919798098