суббота, 20 февраля 2016 г.

Պետականություն


Մեր պետականության ներկա ողբալի վիճակը շատերս բացատրում ենք պետականության ավանդույթների բացակայությամբ: Փորձենք պարզել, թե իրոք դա է մեր հիմնական խնդիրը:

Նախ պարզենք, թե որոնք են եղել պետականության մեր ավանդույթները, որոնք իբր կորցրել ենք: Այս հարցի համար լավագույն ելակետն ու երևի նաև վերջակետը, Խորենացին է՝ իր «Ողբով» (ստորև որոշ կրճատ հատվածներ են).

-«Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»։

« Զարթի՛ր, Երեմիա, և ողբա որ տգետ հովիվներ պետք է երևան գան:

-Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։

-Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։

-Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։

-Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։

-Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։

-Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։

-Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։

-Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։
-Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած»։

Չեմ կարծում, թե որևէ ժամանակակից ազգ 15 դարյա վաղեմության նման գրառում ունենա, որը ստորակետի ճշգրտությամբ համապատասխանի ներկային:

Խորենացու նկարագրությունից հետևում է, որ թվարկած խմբերի այլասերումը հետևանք է պետականության անկման: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ պետականությունն ինքնին համակարգող, զսպող, սթափեցնող, զգաստացնող գերակա մի ուժ է, որը ավտոմատ է հանգեցնում կարգ ու կանոնի և ներհանրային սկզբունքայնության:

Այո, դա այդպես է, բայց պայմանով, որ պետականությունը սուվերեն է և կայուն: Իսկ ներկա հայկականում նշված երկու պայմանն էլ բացակայում են` ոչ պետականությունն է ինքնիշխան (ինքնակամ, Ռուսաստանին ստորադասված ապասուբյեկտային տարածք  է Հայաստանը), և ոչ էլ այն կայուն է (ըստ բոլոր օբյեկտիվ տվյալների, գնում է անկման):

Անկախությունը որպես ժառանգություն ստացած հետսովետական երկրներից ամեն մեկը գնաց իր ճանապարհով՝ համաձայն պետականության մասին իր ժողովրդի պատմական ավանդույթների:
Միջինասիցիք գնացին ընդգծված ավտորիտարիզմի, մերձբալթները գնացին դեպի Եվրոպա, վրացիք վերականգնեցին միջնադարյան հզոր Վրաստանի պետականության ավանդույթները՝ հիմնված արժանապատվության վրա, ադրբեջանցիք գնացին Ալիեվի գերդաստանին որպես սուլթան ունենալու ուղիով:

Մենք էլ մեր ուղին անցանք՝ իշխանությունը զիջեցինք քրեական թաղային հեղինակություններին ու ղարաբաղյան պատերազմի վրա մակաբուծող «գեներալիտետին»:
Իմ կարծիքով, մեր ավանդույթային-արժեքային անկումն ամենամասշտաբայինն էր հետսովետականների ցանկում: Մեզանում հենց առաջին տարիներին պետությունն այլասերվեց ֆեոդալական - օլիգարխիկ մասնատված բզկտված սեփականության –քչերի ունեցվածքի:

Ինչ ուղիով կարող էինք գնալ, բայց չգնացինք:

Ա. Կարող էինք արդյոք գնալ ասիական վագրերի ճանապարհով, ուր հզոր ամբիցիոզ, խիստ գրագետ լիդերները գործելով որպես կառավարիչ - մենեջերներ՝ կամային կերտեցին հզոր պետությունն ու հետո ամրացրին դրվածքները որպես ներհանրային ավանդույթ:
Ոչ, չէինք կարող, որովհետև մեզանում արժեքայինի մակարդակում է մերժված տեխնոկրատ, ինտելեկտուալ մարդը, որը կգործի ներքին կամային մղումներով, այլ ոչ փողի համար, կամ էլ որպես «հայրենասեր» կամ «ազգայնական»:

Բ, Կարո՞ղ էինք արդյոք գնալ արևմտյան երկրների ուղիով, ուր պետականակերտող հիմնական գործոնը իրենց շահերին տեր կանգնած սկզբունքային շարքային մարդիկ են, որոնք ժողովրդավարական մեխանիզմներով մշտապես վերահսկողություն ունեն իշխանությունների հանդեպ՝ որը և հենց պետականության ավանդույթն է:
Մի գուցե կարող էինք այս ճանապարհով գնալ, եթե ղարաբաղյան հիմնահարցը չլիներ և պատերազմով հրապարակ եկած ասֆալտի գեներալիտետն ու թաղային տականքն այդ պատրվակով մեջտեղ չգար:

Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, և խնդիրն արդեն ոչ թե պետականության ավանդույթներն են, այլ պետությունն ինքը, որը կործանվում է:
Հնարավո՞ր է արդյոք մեր պետությունը հանել վայրընթացի վեկտորից, և եթե այո, ապա ինչպե՞ս:
Եթե մանրամասն վերծանենք արևմտյան պետականության մոդելը, ապա կարելի է պնդել, որ այնտեղ պետությունը նախ մարդու արժեքայինում է, հետո գիտակցված է մտքում, հետո վարքի մեջ է, հետո կամքով  և մահակով ապահովվող պահանջների մեջ է, և ամենավերջում նոր այն իրավունք է, բոլորի համար տանիք ու քարտեզի վրայի սուբյեկտ:

Այսինքն՝ արևմտյան պետությունը  սկսվում է ներքևներում՝ մարդկանց մեջ և դեպի վեր՝ կազմակերպվում է որպես վերահսկելի իշխանություն և բարեկեցիկ միջավայր:
Արևմտյան մոդելում ոստիկանը, դատավորը, քննիչը, փողատերը,  պառլամենտականը, ցանկացած հարց լուծող սուբյեկտ հետևանք է շարքայինների կամքի հետ կոմպրոմիսի:

Ոստիկանն արևմուտքում  աշխատավարձ է ստանում, որովհետև քաղաքացին  ինքնակամ, բայց վերահսկելի, հարկերի ձևով նրան փող է հատկացնում իր գործն անելու համար: Եթե ոստիկանը համը հանի, նախ կպատժվի օրենքով, իսկ եթե օրենքը չաշխատեց, ապա զինյալ անհատ շարքայինը նրա հարցերը կլուծի:

Սա է արևմտյան քաղաքացիական, ներպետական ու հանրային գործի ու պատժի մեխանիզմի տրամաբանությունը՝ հիմքում քաղաքացին է, որի հարկերով, օրենքի շրջանակներում կառավարվում է երկիրը, գործում է դատաիրավական համակարգը: Եվ այս բոլորից վեր նորից կանգնած է նույն քաղաքացին՝ անհատ, բայց արդեն զինված, պատժող, տեր-տիրական քաղաքացին:

Առանց ամենավերում դիրքավորված, զինված, վրիժառու, իր արժանապատվությանն ու իրավուքներին տեր կանգնած  անհատ քաղաքացու չի կարող գոյություն ունենալ արևմտյան քաղաքակրթությունը, պետությունն ու հանրությունը:

Ես մի քանի անգամ շեշտել եմ «անհատ» բնորոշիչը, որպեսզի շեշտեմ աչքի զարնող տարբերությունը՝ հայկական միլիոնանոց միտինգի հույսի և արևմտյան անհատ  մարդու հզորությունների ահռելի տարբերությունը՝ հօգուտ անհատի:

Իսկ հիմա արևմտյան քաղաքական կյանքի ելակետային դրվածքների տրամաբանության բարձունքից  նայենք հայկական քաղաքական-քաղաքացիական ու ընդդիմադիր միջավայրին: Մտքում թարմացնենք  ամենաերևելի ընդդիմադիրների մոտեցումները ու հիշենք նրանց ողորմելի խրոխտությունը՝ առ հույսը հանդեպ օրինավոր հայ ոստիկանը: Ադեկվա՞տ են արդյոք նրանք անկախ պետականությանն ու պահանջվող անձնական սուբյետությանը:

Հիշենք, որ ցանկացած պետություն սեփականություն լինելով հանդերձ, նաև մարդկային հարաբերությունների դաշտ է, որը կարգավորվում է առաջին հերթին պատժով: Վերացրու պատիժը՝ և կվերանա պետությունը: Հայաստանում վերացված է արդարացի պատիժը: Եվ այդ փաստի վրա արդեն 20 տարի շարունակ թքած ունի ընդդիմությունը՝ մշտապես կեղծվող ընտրությունների է մասնակցում:

Հիշենք, որ ցանկացած պետություն «չալաղաջ» է պատեհապաշտների ու սրիկաների համար և դառը «կռճոն»՝ այդ չալաղաջը կերտողների համար:
Եթե պետությունը չի կարող «չալաղաջը» հոշոտող սրիկաների դեմն առնել, ապա  շարքային մարդկանց խնդիրն է սրիկաներին սաստելն ու պատժելը՝  հնարավոր բոլոր միջոցներով:

Հարցնենք ընդդիմադիրներին, թե որն է նրանցից այս տեսակետի կողմնակիցը: Կամ հետաքրքրվենք, թե որն է անձնապես մի սրիկայի խաթրին գոնե թեթևակի՝ ֆիզիկապես կպել:
Հիշենք, որ սահմանադրությամբ չի սկսվում պետությունը, սահմանադրությամբ այն ապրում է հետագայում, երբ արդեն պայմանավորվել են իրար “չքցելու” մասին: Կա՞ արդյոք ժողովրդին «չքցելու» որևէ համաձայնեցված կետ ներկա կեղծված սահմանադրության մեջ:

Բոլորը գիտեն, որ չկա: Հետևաբար, մարդկանց շահերն անտեսող սահմանադրության որ դրույթներով է ընդդիմությունը գնում նոր ընտրությունների: Հարցնենք  ընտրության գնացողներին և բացատրություն  պահանջենք,  թե ինչով են նրանք տարբերվում ինքնակոչ իշխանություններից:
Հիշենք, որ ժողովրդավարությունը, ազատությունը, արդարությունը, արժանապատվությունը, իրավունքը, բարեկեցիկ կյանքը, իրավական պետությունը, օրենքը, կարգ ու կանոնը, օրինականությունը չեն մուրում՝ նվաճում են:

Հարցնենք ընդդիմադիրներին, թե ինչո՞ւ են նրանք շարունակաբար մուրում այս ամենը ոստիկանից, օլիգարխից ու թաղային տականքից:
Մեր ներկա խնդիրն այլևս իշխանությունը չէ, այլ տգետ ընդդիմությունն է, որը զուրկ է քաղաքագիտական տարրականի մասին պատկերացումներից ու համարժեք մեթոդականից, բայց  մշտապես հարթակում է, ամբիոնի մոտ ու ազգափրկիչի դերում:
Ցավոք և դժբախտաբար:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեկնաբան

понедельник, 8 февраля 2016 г.

Մանվել Սարգսյան. «Իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է»


Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտություն-
ների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հետազոտական տնօրեն Մանվել Սարգսյանը

– Պարոն Սարգսյան, Թուրքիան շարունակում է Կրեմլին տհաճ անակնկալներ մատուցել, այժմ էլ խախտել են «Բաց երկնքի» համաձայնագիրը և թույլ չեն տվել ՌԴ ՊՆ-ին տեսչական թռիչք իրականացնել։ Ռուս-թուրքական շարունակվող լարվածությունն ինչի՞ կարող է հանգեցնել։ 

– Դժվար է ընդհանրապես պատկերացնել՝ ովքեր են լարվածություն ստեղծել՝ թուրքակա՞ն կողմն է, թե՞ ռուսականը: Փաստ է, որ ավելի ու ավելի է խոսվում, որ գնալով իրավիճակն ավելի կշիկանա և, ընդհանրապես, ՌԴ պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց, որ հիմք ունեն պնդելու, որ Թուրքիան ցանկություն ունի մտնելու Սիրիայի տարածք: Ո՞րն է խնդիրը: Խնդիրը, իհարկե, հասկանալի է, որովհետև Թուրքիան տարվա սկզբից հայտարարում է, որ շահագրգռված է Սիրիայի հյուսիսում՝ հիմնականում այնտեղ ապրող թուրքմենական ժողովրդի անվտանգությունը պաշտպանել, և մյուս կողմից էլ պարզ երևում է, որ Սիրիայի և ՌԴ-ի ռազմական ծրագրերում ցանկություն կա հենց այդ տարածքում Սիրիայի պետության կողմից լիակատար վերահսկողություն հաստատել:

Փաստորեն, դա հիմնական խնդիրն է, որն այդ պետությունների՝ Ռուսաստանի և Թուրքիայի, իսկապես լրիվ տարբեր մոտեցումների է բերում: Խնդիրը կապված է քրդերի հետ: Թուրքիայի համար քրդական խնդիրը լուրջ է, և, եթե Սիրիան այդ տարածքում կարողանա ՌԴ-ի հետ միասին հաստատել իր վերահսկողությունը, մեծ խնդիր կստեղծի թուրքերի համար, որովհետև թուրքերը վախենում են, որ այս տարածքով քրդերը կարող են Լաթաքիայով դուրս գալ դեպի ծով: Դա իսկապես լրջագույն խնդիր է, որի մասին խոսվում է պարզ ու հստակ, և Թուրքիան հայտարարում է, որ թույլ չի տա, որ քրդերը Եփրատ գետն անցնեն: Իրավիճակն իսկապես շատ պայթյունավտանգ է, և հենց դրա շուրջ են դիրքորոշումները կարծրանում, և կարող է իսկապես մի պահ գա, որ Թուրքիան ներխուժի այդ տարածք, և այդ ժամանակ ահավոր բարդ իրավիճակ կստեղծվի Ռուսաստանի համար:

Ինչ որոշում պետք է ունենա ՌԴ-ն այդ դեպքում, պետք է հակառակվի՞ դրան: Ռուսաստանը, լինելով բավականին ուժեղ զինված, կոնկրետ Սիրիայի տարածքում շատ մեկուսացված վիճակում է, և, եթե այնտեղ բախումներ սկսվեն Թուրքիայի հետ, իհարկե, Թուրքիայի առավելությունը միանշանակ է: Էլ չեմ ասում, որ Թուրքիան անընդհատ փորձում է իր խնդիրը ներկայացնել՝ որպես ՆԱՏՕ-ի պրոբլեմ, որովհետև դիմում է ՆԱՏՕ-ին, խոսում է ՆԱՏՕ-ի անունից և փորձում է Ռուսաստանին հակադրել հենց ՆԱՏՕ-ին, ինչով մեծ խնդիր է ստեղծում նաև ՆԱՏՕ-ի համար: Մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ում էլ անորոշություն է՝ ի՞նչ անել:

Միակողմանի պաշտպանել Թուրքիային նման վիճակում շատ դժվար է, հրաժարվել պաշտպանել նույնպես շատ դժվար է, չնայած ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի շատ ու շատ գոնե նախկին պաշտոնյաներ ասում են, որ պետք է հրաժարվել Թուրքիային պաշտպանելուց, որովհետև Թուրքիան ավելի շատ խնդիրներ կստեղծի ՆԱՏՕ-ի համար: Ընդհանրապես պարզ չի՝ ՆԱՏՕ-ի ապագան ինչպե՞ս կլինի, եթե Թուրքիան նույն պահվածքը դրսևորի և շարունակի: ՆԱՏՕ-ում, բնականաբար, ոչ ոք չի ցանկանա Թուրքիայի պատճառով Ռուսաստանի հետ ընդհարվել: Բայց լուծում չկա, և Թուրքիան դա վարպետորեն օգտագործում է՝ իմանալով, որ ՆԱՏՕ-ին էլ դժվար է հրաժարվել իրեն պաշտպանելուց: Թե ինչ զարգացումներ կլինեն, պարզ չէ, չի երևում, որ լեզու գտնելու ցանկություն կա թե՛ Ռուսաստանում, թե՛ Թուրքիայում:

– Ձեր վերլուծություններից մեկում նշել եք, որ Հայաստանն ակամայից դառնում է «ահաբեկչության դեմ պայքարի» ռուսական քաղաքականության մասնակիցը: Հիմա, եթե, այնուամենայնիվ ռազմական առճակատում սկսվի Ռուսաստանի և Թուրքիայի միջև, Հայաստանը որտե՞ղ կհայտնվի:

– Հայաստանն այսօրվանից պետք է մտածի, թե ինչ կարող է լինել, որովհետև, եթե ռուսական ռազմաբազան այստեղ է, ուրեմն մասնակից ենք: Ուղղակի հիմա շատ չեն մտածում նման բաների մասին, բայց փաստ է: Շատ խոսվեց, որ այդ ռազմաբազան պետք է հանել այստեղից, բայց դրա մեջ մարդիկ միայն ինչ-որ պաշտպանական հարց էին տեսնում, սակայն, որպես վտանգ, որ ակամա հայտնվում ես ուրիշի պատերազմի մեջ, իհարկե, գոյություն ունի և գնալով մեծանում է: Կարո՞ղ են հանել բազան:

– Օրինակ՝ Ղազախստանից Ռուսաստանն ինքն է որոշել իր ռազմաբազան հանել: Հնարավո՞ր է՝ Հայաստանի համար էլ նման որոշում կայացվի:

– Ռուսաստանի նոր քաղաքականության մեջ տարբեր մոտեցումներ կան, այդ երկրում էլ մարդիկ հարցեր են դնում՝ ինչն է նպատակահարմար, ինչը՝ ոչ: Շատ էր խոսվում, թե Ռուսաստանն ուզում է զորք բերի Ղարաբաղ, և այլն: Կարող է նման պլաններ եղել են, բայց արդեն իսկ սեպտեմբերի 30-ից հետո ՌԴ-ն կարող է ամեն ինչ վերանայել: Օրինակ՝ ահռելի քանակի զորքեր են հանում Չինաստանի սահմանից, տեղափոխում են եվրոպական մաս: Ինչի՞ համար են անում, որովհետև նոր վիճակն է պարտադրում ռադիկալ որոշումներ ընդունել քաղաքականության մեջ: Բայց կարծել, թե Ռուսաստանն ինքը մինչև վերջ լավ գիտի, թե այս քաղաքականությունն ուր է տանում, դա էլ միամտություն է: Սա աննախադեպ վիճակ է, և դա էլ վտանգ է, որ թե՛ ՌԴ-ն, թե՛ այլ երկրներ այս նոր իրավիճակում մշակված քաղաքականություն չունեն:

Օրինակ՝ Իրանը, մի քանի օր է, նոր քաղաքականություն է մշակում, մտնում է համաշխարհային պրոցեսների մեջ, բայց ունի՞ Իրանը քաղաքականություն, թեկուզ՝ տարածաշրջանային, թե՞ չունի: Ես շատ եմ կասկածում, որ ունի: Կամ՝ Թուրքիայի մտքով երբեք չէր անցնի, որ ընդամենը մի ինքնաթիռ խփելով՝ կարող է նման խնդիրներ ստեղծել իր համար:

– Դուք հնարավոր չե՞ք համարում, որ Թուրքիան ուղղորդվում է այլ բևեռից:

– Բոլորին կարելի է ուղղորդել սառը պատերազմի տրամաբանության մեջ: Ինքնաթիռը խոցելուց հետո Թուրքիան միանգամից վազեց ՆԱՏՕ-ի մոտ կանգնեց, և դա ցույց տվեց, թե ինչ խարխուլ վիճակում է Թուրքիայի քաղաքականությունը: Իրենց թվացել է, թե ՆԱՏՕ-ն իրենց կպահի, իրենք էլ ինչ կուզենան՝ կանեն: Իսկ կյանքը ցույց տվեց, որ այդպես չէ, լրիվ ուրիշ է, բայց արդեն ուշ էր: Նույնն էլ վերաբերում է Ռուսաստանին, մի ավելորդ քայլ անեն՝ ամեն ինչ կկորցնեն: Շատ դինամիկ է այս աշխարհը և լրիվ այլ տրամաբանությամբ է զարգանում:

– Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումների ֆոնին Ադրբեջանը շարունակում է լարված պահել հակամարտության շփման գիծը: Այս ուղղությամբ ի՞նչ զարգացումներ են սպասելի:

– Ադրբեջանն ի՞նչ կարող է անել, նա շատ ավելի բարդ վիճակում է հայտնվել, որովհետև կարճ ժամանակ առաջ շատ կոմֆորտային վիճակում էր՝ ռուս-թուրքական բարեկամության շնորհիվ: Բնական է, Ադրբեջանի դերը շատ մեծ էր, բայց հիմա Ադրբեջանն այնպիսի ընտրության առաջ է կանգնել, որ ընդհանրապես չգիտի՝ ինչ անի: Արևմուտքի հետ ունի փչացած հարաբերություններ, որոնք խորանում են, և մի անհնարին ընտրության առաջ է կանգնել, որովհետև ինքը չի կարող ընտրություն անել՝ պաշտպանել Թուրքիայի՞ն, թե՞ Ռուսաստանին: Էլ չեմ ասում նավթի գների հետ կապված երկրի ներքին վիճակի մասին: Բոլոր երկրներում խորքային ճգնաժամ է:

Ադրբեջանում առավել ևս չի երևում որևէ հեռանկար, թե ինչպես կարող է իրեն դրսևորել, հատկապես նոր թափ է հավաքում Իրանը, որի հետ Ադրբեջանը նույնպես լավ հարաբերություններ չունի: Նոր խնդիրներ կարող են ծագել, այսօր արդեն խոսում են, որ Թուրքիայի դաշնակից Սաուդյան Արաբիան է ցանկանում զորքեր մտցնել Սիրիա, ինչը Ռուսաստանի համար հերթական գլխացավանք կարող է լինել: Այն էլ՝ դա ինքնագլուխ գործողություն չէ, այլ՝ Բրյուսելում քննարկումների արդյունքն է: Ամեն օր մի էլեմենտ ավելանում է, բնական է, որ կարող է մեկի նյարդերը չդիմանան, և առաջին հերթին՝ Թուրքիայի:

– Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին դժգոհում է ԵԱՀԿ Մինսկ խմբի գործունեությունից: Սա ի՞նչ վտանգներով է հղի:

– Մինսկի խումբը, փաստորեն, դրսևորեց այնպիսի դիրքորոշում ԵԽ ԽՎ բանաձևերի հետ կապված, որ բացահայտ Ադրբեջանի դեմ կանգնեց և տապալեց մի բան, որ Ադրբեջանի համար ահավոր հարված էր՝ Եվրոպան չպաշտպանեց զեկույցը, որում պահանջ կար Ադրբեջանի սուվերենությունը վերականգնելու: Սա լուրջ քաղաքական նշանակություն ունեցող խնդիր էր, և տապալման պատճառը ՄԽ-ն էր: Բայց Ադրբեջանը չի կարող ՄԽ-ի դեմ դուրս գալ: Դա նրան առավել կմեկուսացնի, բայց փորձում է ՄԽ-ին պարտադրել այլ քաղաքականություն տանել, շանտաժ է անում:

– Ինչքա՞ն հեռու կգնա Ադրբեջանը:

– Ոչ մի տեղ էլ չի գնա, Ադրբեջանը որևէ հարց լուծող չի այս վիճակում, բացարձակ: Պարզ երևում է ամեն քայլից: Ինչքան են խնդիրները մեծացել, որ Ադրբեջանը որևէ լուծում չունի, բայց ուզում է ցանկացած վիճակում Ղարաբաղի հարցում իր 20 տարվա քաղաքականությունը պահպանել, և որևէ ցանկություն չունի՝ փոխել իր մոտեցումները: Բայց փոխվում են մյուս գործոնները, և այդ դիրքորոշման մեջ մնալն ավելի է մեկուսացնում Ադրբեջանին:

– Աշխարհաքաղաքական այս զարգացումների ֆոնին ՀՀ քաղաքական էլիտան զբաղված է պաշտոնների առևտրով, և արդեն նախընտրական գործընթացներ են սկսվել: Ի՞նչ եք կարծում՝ ադեկվա՞տ են ՀՀ իշխանությունները:

– Նրանք ունեն քրեաօլիգարխիկ մտածողություն, մարդիկ կարող է ասեն՝ մեզնից ինչ է կախված, ամեն ինչ սուտ է, ուրիշներն են անում, թող անեն: Իրենք իրենց գործերով են զբաղված: Հիմնականում այդ մտածողությունն է: Նայեք ամբողջ քաղաքական ասված վերնախավը, որևէ կուսակցությունից որևէ տեղից մի գնահատական տեսե՞լ եք այն խնդիրների շուրջ, որի մասին մենք հիմա խոսում ենք: Բացարձակ, ձեռքերը լվացել, հեռացել են այս ամբողջ խնդիրներից, չի հետաքրքրում իրենց:

Այդ մարդկանց իսկապես չեն հետաքրքրում արտաքին խնդիրները, ինչպես ներսում չեն հետաքրքրում հանրության խնդիրները, իրենք ճամբարների հարցերն են լուծում, առավել ևս չեն հետաքրքրում երկրի անվտանգության խնդիրները: Իսկ սա շատ մեծ վտանգ է, մարդիկ իրենք իրենց բախտը հանձնել են ուրիշներին, Ռուսաստանը մի բան կառաջարկի, կանեն: Շատ վառ օրինակ էր անցած տարի Գյումրիում այդ ահավոր սպանդի հետ կապված այս քաղաքական վերնախավի դիրքորոշումը՝ բոլորը փախել էին՝ սկսած նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդուց՝ մինչև ամենափոքր կուսակցության անդամները: Անհետացել էին, թողել էին ժողովրդին մենակ այդ վիճակում, և բոլորը տեսան, որ այստեղ չկան մարդիկ, որոնց վրա կարելի է հույս դնել:

суббота, 6 февраля 2016 г.

Սամվել Կարապետյան. «Ես աղոթելուն դեմ եմ, եկեղեցու կարիք էլ չունենք»


«Ես տեսնում եմ, եւ պատմությունն է սա փաստել, որ եկեղեցու կարիք մենք չունենք, որովհետեւ եթե եկեղեցին այդքան օգտակար լիներ ազգին, ազգը Դեր Զոր գնացած չէր լինի հոգեւորականների գլխավորությամբ, նրանք զենքի, մարտի կկոչեին... ոչ թե դրախտի սին գաղափարներով ուղեղները արդուկել եւ հանուն ոչնչի նահատակվել»:

Հայտնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այս դատողություններով տեսանյութին պարբերաբար կարելի է հանդիպել համացանցում ու սոցիալական ցանցերում: Շարունակությունն այս է. «Ես փաստերին եմ հավատում, իսկ փաստերը հետեւյալն են. 1915 թվականի Մեծ եղեռնի նախօրեին Արեւմտյան Հայաստանի նույնիսկ ամենահետին գյուղում գոնե մեկ մատուռ կար, որոշ գյուղերում՝ մեկից ավելի եկեղեցիներ, եւ ունեինք ծով հոգեւորականություն, բայց հնարավոր եղավ, չէ՞, մեզ հետ եղեռն անել: Եվ լուսանկարներում տեսնում ենք՝ քահանան առջեւից է քայլում՝ գլուխը կախ, հանգիստ, ընդամենը մեկ-երկու զինվորի ուղեկցությամբ իր ամբողջ հոտը հետեւից գցած՝ ուղիղ դեպի Դեր Զոր»:

Տեսանյութը շարունակում է տարածվել՝  չնայած որ տեսագրվել է դեռ 2012-ին: Հուշարձանագետից երեկ հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով ի՞նչն է նման հետաքրքրության պատճառը: Նրա այդ եւ այլ պատասխանները՝ ստորեւ.

- Այդ կարծիքը շատերն են կիսում մեր հասարակության մեջ, եւ դրանից է գալիս, հավանաբար, որ անարձագանք չի մնացել ու պարբերաբար տարածվում է: Բնականաբար, եկեղեցիների խնդիրը մեր հասարակությանը պիտի հուզի, որովհետեւ դրանք շատ մեծածախս են: Բայց հարցն այն չէ, որ գումար չունենք եւ ես ափսոսում եմ, քանի որ պաշտպանությանն է պետք առաջին հերթին ուշադրություն դարձնել: Ճիշտն ասած՝ եթե նույնիսկ մի օր Հայաստանը շատ հարուստ երկիր լինի (չգիտեմ` դա երբ կլինի) եկեղեցի կառուցելը նորից չի արդարացվում: Ես ուղղակի պատմությունից ինչ-որ չափով տեղյակ եմ:  Ձեզ միայն մեկ օրինակ բերեմ. մեր եկեղեցաշինության ամենաբուռն, աննախադեպ շրջանը երկու-երկուսուկես տասնամյակ տեւած այն խաղաղ ժամանակաշրջանն էր, որ մենք ունեցանք 12-րդ դարի վերջերից մինչեւ 13-րդ դարի 20-ականները: Այսօր գոյություն ունեցող կամ թեկուզ ավեր մեր վանքերի ու եկեղեցիների  80 տոկոսը հենց այդ շրջանից է: Եվ երբ որ մոնղոլները մուտք գործեցին մեր երկիր, մենք ոչ միայն հիմնական զորքերի, այլեւ նախապես ուղարկված նրանց հետախուզական ջոկատների դեմ արգելք չենք հանդիսացել: Այսինքն` երբ որ տեղի է ունեցել բուռն եկեղեցաշինություն, դրան հաջորդել է անատամ վիճակ:

 ...Հարեւան Վրաստանն էլ է եկեղեցիներ կառուցում եւ ոչ պակաս բուռն եկեղեցաշինության մեջ է, բայց բոլոր դարերում եւ այսօր էլ եկեղեցին գործիք է պետության ձեռքին, պետության շատ կարեւոր գործիքներից մեկը: Հայաբնակ գյուղերում, որտեղ մեկ վրացի ընտանիք չկա,  վրացական եկեղեցիներ են բացվում, վրացի հոգեւորականներ են մեջը: Կամ 40-ի չափ այն բնակավայրերում, որտեղից հույները հեռացան, իսկ վրացի չկա, եկեղեցի են բացել, որպեսզի հայաբնակ գյուղերից հայերը չհոսեն այնտեղ: Եկեղեցին ռազմական բազա է, ըստ էության եւ ռազմավարական առաքելություններ է իրականացնում: Մեր եկեղեցին մեր պաշտպանությանը չի նպաստել: Ճիշտ հակառակը. մինչեւ վերջ քայքայել է մեզ այն աստիճան, ոչ մի իշխան սուր չի բարձրացրել մոնղոլի դեմ: Մոնղոլները եկել են եւ ուղղակի տիրապետել են այնքան, ինչքան ի վիճակի են եղել, որովհետեւ տեղացի ազգը բացակայի հաշիվ էր դարձել  իր հոգեւոր կառույցի պատճառով, որն իր ցանած սերմերով ազգին ուղղակի տղամարդկությունից զրկել էր: Ազգս լրիվ անատամ էր: Մենք տեսնում ենք՝ վրաց եկեղեցին ոչ թե ատամներ ունի, գործում է ժանիքներով:

- Այսինքն` դուք մեկ ա՞յլ եկեղեցի կուզենայիք տեսնել, ոչ թե այն մերժում եք ընդհանրապես:

- Այնպես չէ, որ ես ընդհանրապես եկեղեցին մերժում եմ... Ուղղակի մեր կառույցը իր վարքագծով, իր անցած պատմությամբ, իր էությամբ ինձ չի գոհացնում: Ես հայ առաքելական եկեղեցու ազգասպառող դարավոր կեցվածքին եմ դեմ, ինձ համար դա հանդուրժելի չէ: Ոչ միայն եկեղեցին, ազգությամբ հայ անդամներից կազմված որեւէ կառույց, եթե չի գործում ի շահ իր ազգի, ապազգային է, ուրեմն ինձ համար ընդունելի չէ: Նման կառույց ես չեմ կարող ողջունել, ու պարզ է՝ պիտի քննադատեմ եւ այնքան քննադատեմ, մինչեւ որ կա՛մ ուղղակի իրենք հասկանան իրենց սխալները եւ շտկեն, ազգային դաշտի մեջ վերակառուցվեն, կա՛մ լուծարվեն, վերջանա, գնա: Եկեղեցին դարերի ընթացքում ցույց է տվել, որ ինքը կրավորական, չեղածի հաշիվ է իբրեւ ազգային կառույց: Ինքը իր վարքագծով այնպես է անում, որ իր հոտը նույնիսկ երես թեքի իրենից: Պատմիչների վկայություններ ունենք, 15-րդ դարում, օրինակ, հայերը զանգվածաբար մահմեդականություն էին ընդունում հայ առաքելական եկեղեցու անհասկանալի, անմարդկային հարկերից խուսափելու համար:

- Պարոն Կարապետյան, այսօր եկեղեցին մուտք է գործել բանակ, ուսումնական հաստատություններ, նույնիսկ ամբողջ դպրոցներ են հանձնվում եկեղեցու ենթակայությանը: Սրա պատճառն ու նպատակը, ըստ ձեզ, ո՞րն է:

- Պատճառը, որ եկեղեցին մուտք է գործել տարբեր ոլորտներ, լայն հաշվով մեր հասարակության ընդհանուր տգիտությունն է: Ուրիշ պատճառ չի կարող լինել: Այսինքն` եթե որեւէ երկրում կրոնական կառույցներին պետության աջակցությամբ մեծ տեղ է տրվում, դա խոսում է նախ եւ առաջ այդ հասարակության հետամնացության մասին, որովհետեւ երրորդ հազարամյակ է, եւ հիմա գիտությունն այնպիսի մակարդակների է հասել, որ այդ միջնադարյան, կաղապարված այդ խնդալիք պատկերացումներով առաջնորդվող եւ այդ գաղափարները կրողներին տեղ տվող երկրները ծիծաղի առարկա են: Նրանց կարող են տեղ տալ՝ միայն օգտագործելով պետության շահերի համար: Եթե հոգեւորականը մտել է բանակ եւ զինվորին ասենք թե աղոթել է սովորեցնում, որ անփորձանք մնա եւ այլն... Ամենաարդիական զենքին տիրապետելն է, որ կարող է մեր զինվորի կյանքն ապահովագրել եւ թշնամու նկատմամբ մենք առավելություններ ունենանք: Ես ընդհանրապես աղոթելուն դեմ եմ, որովհետեւ երրորդ հազարամյակում ենք: Հիմա միայն կարող ես գիտության նվաճումներին աղոթել, եթե պիտի աղոթես, ձգտես դեպի լույսը: Անցել են այն ժամանակները, երբ խավարը կարող է երկրպագության հասցեատերը լինել: Ես շատ անգամ եմ ասել, որ եկեղեցին չէ միայն, որ կարող ես հիշատակ թողնել: Կարող ես ռազմական ինստիտուտներ կառուցել, ռազմական արդյունաբերության գործարաններ կառուցել եւ նորից քո անունը լինի:

- Վերջին օրերին  դարձյալ բուռն քննարկումներ են ծավալվել դպրոցում դասավանդվող «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հարցով՝ մարդու իրավունքների տեսանկյունից: Այդ առարկային ե՞ւս բացասական եք վերաբերվում:

- Միանշանակ: «Հայ եկեղեցու պատմության» դասագիրքը նախ ամբողջը հրեից պատմություն է: Հայկական բարձրավանդակի, մեր հավատքների հետ ոչ մի կապ չունի, սա ներմուծված գաղափարախոսություն է եւ այն էլ արյունով: Դասագիրքն աղճատված եւ կողմնակալ ձեւով է շարադրված:

- Եթե պատկերացնենք, որ վաղը ոչ եկեղեցի ունենք, ոչ էլ քրիստոնեությունն ենք ընդունում, ի՞նչ կլինի, պետությունը ավելի ուժե՞ղ կդառնա:

- Շատ ավելի ուժեղ: Ես միշտ ասում եմ, այսօր մեր ամբողջ ազգը մի հավատքի հետեւորդ չէ, Արեւմտյան Հայաստանում ունեք բավական թվով մահմեդական հայեր, բայց որ խոսում են, երգում են, պարում են հայերեն, օրինակ, ի դեմս համշենահայերի, կամ ասենք քրիստոնեությունը տրոհված է, չէ, ունենք կաթոլիկ հայեր, ունենք բողոքական հայեր եւ վերջապես ունենք հայեր, որ որեւէ կրոնական ուղղության հետեւորդ չեն: Վերջերս էլ շատացել են իրենց հեթանոս համարողները: Եվ բնականաբար այդ իրավիճակից ելնելով պիտի տեսնենք, թե որ ճանապարհն է, որ ազգին ոչ թե դեպի ավելի պառակտում կտանի, այլ դեպի համախմբում: Ես միշտ ասում եմ` կրոնական ուղղություններից որեւէ մեկին ավելի մեծ ուժ հաղորդելով՝ համայն հայության միավորմանը չենք հասնելու: Երբ հնչեցվում է` ով առաքելական չէ, հայ չէ, մի՞թե սա ազգի հզորացմանն է նպաստում: Ճիշտ հակառակը: «Մեկ ազգ մեկ եկեղեցի». նման ապուշությունները ազգակործան են ուղղակի:


пятница, 5 февраля 2016 г.

Լևոն Տեր-Պետրոսյանի «հրաշագործությունների» թոփ-տասնյակը


Հետևելով ԱԺ ՀԱԿ խամբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի օրինակին՝ ես էլ որոշեցի կազմել և ներկայացնել մեր հիթ շքերթը, որում ներառված է Փաշինյանի սիրելի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի «հրաշագործությունների» թոփ-տասնյակը: Ուրեմն սկսենք.

10. Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամությունը: 1997թ. հրապարակված՝ ԼՏՊ-ի «Պատերազմ թե խաղաղություն, լրջանալու պահը» հոդվածը, որտեղ առաջարկվել է Արցախը Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետություն դարձնելու տարբերակը: Փաստորեն, ԼՏՊ-ն այսօրվա իշխանություններին մեղադրում է նաև Արցախի հարցում սխալ քաղաքականություն վարելու մեջ, սակայն իր վարած քաղաքականությունն այդ հարցում շատ ավելի պարտվողական է եղել և ինքը բառացիորեն պատրաստ էր Արցախը հանձնել Ադրբեջանին:

9. «Նաիրիտի», Մեծամորի ատոմակայանի և մի շարք այլ արդյունաբերական ձեռնարկությունների փակումը, վաճառքը և թալանը, որի արդյունքը եղան բազմաթիվ չաշխատող գործարանները, հոսանքազուրկ բնակավայրերը, փայտի վառարանները, կտրոնով հացի ու նավթի հերթերը, ծառահատումները, կաթվածահար եղած տրանսպորտային համակարգը, գործազրկությունը, աղքատությունը, սովը, արտագաղթը; Այս ամենի հետ կապ ունի նաև իրական ավազակապետության կողմից իրականացված՝ սեփականաշնորհման գործընթացը, որի արդյունքում խաբվեցին և սնանկացան տասնյակ հազարավոր քաղաքացիներ, իսկ պետական ունեցվածքը հայտնվեց օրվա իշխանավորների ու նրանց հարազատների ձեռքում:

8. «Լևոնի վկաները» հաճախ են սիրում խոսել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եղբորից՝ մոռանալով, թե ովքեր են եղել իրենց պաշտելի կուռքի եղբայրներն ու հարազատները: Օրինակ, Թելման Տեր-Պետրոսյանը դեռ 1987-88թթ. «Դյուպոն» ընկերությունից վերցրել էր 400 միլիոն ԱՄՆ դոլար, որպեսզի Հայաստանում բողոքի ցույցեր կազմակերպի ընդդեմ «Նաիրիտ» գործարանի և արդյունքում գործարանը փակվի, քանի որ «Նաիրիտը» «Դյուպոնի» միակ մրցակիցն էր աշխարհում: Նույն Թելման Տեր-Պետրոսյանը իր եղբոր օրոք պետական բոլոր պաշտոնների նշանակումներից ունեցել է իր «փայը», իսկ ԼՏՊ-ի մյուս եղբայրը՝ Պետրոս Տեր-Պետրոսյանը սեփականաշնորհել է բազմաթիվ օբյեկտներ և այսօր այդ գումարներով նրա որդուն` Տիգրան Տեր-Պետրոսյանը կառուցել է «Մուսալեռ» ռեստորանային համալիրը:

7. «Ժողովրդի մեծն առաջնորդ և փրկիչ» ԼՏՊ-ն Իսրայելի դրոշով և «ժամանակակից» պարերով փետրվարյան հանրահավաքներից հետո ամենապատասխանատու պահին՝ մարտի 1-ին նույն այդ հանարահավաքների մասնակիցների կողքին լինելու փոխարեն գնաց և փակվեց իր տանը, ինչի արդյունքում ունեցանք 10 զոհ: Եթե 1996-ին Վազգեն Մանուկյանն էլ իր համակիրների կողքին մինչև վերջ կանգնելու փոխարեն գնար և փակվեր իր տանը, ապա զոհերը կարող էին հարյուրավոր լինեին, բայց Վազգեն Մանուկյանն, ի տարբերություն ԼՏՊ-ի, արդարության համար էր պայքարում, այլ ոչ թե լոկ անձնական հարցեր լուծելու, կորցրած աթոռը վերականգնելու և իշխանություններից վրեժխնդիր լինելու համար:

6. Արցախյան պատերազմի ընթացքում պարտվողականության քարոզչությունը: Իր հեռուստաելույթներից մեկի ժամանակ ԼՏՊ-ն հայտարարել է, թե անմտություն է Ադրբեջանի դեմ պատերազմելը, քանի որ Ադրբեջանը միանշանակ մեզ կհաղթի: Տարօրինակ է, որ ԼՏՊ-ի հետևորդները, որոնք ուղղակի առաջնորդվում են «մածունը սև է» սկզբունքով, առ այսօր համառորեն պնդում են, թե պատերազմում մենք հաղթել ենք Տեր-Պետրոսյանի շնորհիվ: Այդ մարդկանց՝ թմբիրից զարթնելու համար օգտակար կլինի լսել իրենց առաջնորդի նախկին ելույթները և կարդալ նրա որոշ հոդվածներ:

5. 1996թ. նախագահական ընտրությունների ընթացքում իրականացված ընտրակեղծիքներն ու բռնությունները, որոնց արդյունքում իրականում ձայների մեծամասնությունը ստացած Վազգեն Մանուկյանից ԼՏՊ-ն խլեց նրա քվեները, իսկ իրենց ձայներին տեր կանգնելու համար փողոց դուրս եկած մարդկանց դեմ տանկեր դուրս բերեց: Եվ միայն Վազգեն Մանուկյանի խոհեմության շնորհիվ էր, որ 1996-ին զոհեր չեղան, հակառակ դեպքում, ինչպես Վանո Սիրդեղյանն այդ օրերին արտահայտվեց, նման դեպքերում «մի 800 մարդ պիտի մեռներ»:

4. Ռոմեն Ղազարյանին («Գեներալ Բուդո»), ով մեղադրվում է տարբեր հանցագործությունների մեջ, որպես իր ամենավստահելի մարդ՝ իր անվտանգության ծառայության պետ նշանակելը և նրա կողմից իրականացվող սանձարձակությունները պարտակելը: Ի դեպ, նույն «լևոնականներն» այսօր հաճախ են աղաղակում որոշ մարդկանց թիկնազորերի, դրանց պետերի և այլ հաստավիզների սանձարձակությունների մասին՝ մոռանալով իրենց սիրելի ԼՏՊ-ի թիկնազորը, դրա պետին, ինչպես նաև ԼՏՊ-ին հարող այլ օլիգարխների ու նրանց հաստավիզների սանձարձակությունների մասին:

3. ՀՅԴ-ն և «Երկիր» թերթը փակելը, որը ամենամեծ հարվածն էր ժողովրդավարությանը և խոսքի ազատությանը: Ի դեպ, այդ ժամանակվա ոստիկանության կարկառուն ղեկավարության հրամանով խուզարկության անվան տակ թալանվեց ՀՅԴ-ի ունեցվածքը: Սա նույնպես ավազակապետությանը բնորոշ գործելաոճ էր՝ այսօրվա իշխանություններին «ավազակներ» անվանողների կողմից:

2. Վանո Սիրադեղյանի միջոցով Արմեն Տեր-Սահակյանի բանդայի ստեղծումը, որը նրա հրամանով իրականացրեց մի շարք քաղաքական սպանություններ և մահափորձեր, որոնցից էին Հովհաննես Սուքիասյանի և Համբարձում Ղանդիլյանի սպանությունները, Վլադիմիր Գրիգորյանի, Կիմ Բալայանի, Սերժ Ջիլավյանի մահափորձերը: Ընդհանրապես, ԼՏՊ-ի իշխանության տարիներին սպանություններն ու մահափորձերը սովորական երևույթ էին, երևի հենց այդ պատճառով է ԼՏՊ-ն ներկայիս Հայաստանն անվանում «ավազակապետություն»՝ սխալմամբ կարծելով, թե դեռ գործում են իր ստեղծած ավազակապետական ավանդույթները:

1. Մոռանալով նույն Նիկոլ Փաշինյանի կողմից 2007թ. հնչած և իրենց կողմից որդեգրած՝ «ոչ դոդացմանը» սկզբունքը, ԼՏՊ-ն ու ՀՀՇ-ՀԱԿ-ը չդիմանալով Գագիկ Ծառուկյանի փողերի գայթակղությանը գնացին հենց «դոդացման» ճանապարհով: Նրանք խիստ մերձեցան ԲՀԿ-ի հետ`դառնալով ԲՀԿ-ի փաստաբանները, իսկ Ծառուկյանի անձը սկսեց փառաբանվել անձամբ ԼՏՊ-ի կողմից: Եվ ահա, ՀՀՇ-ՀԱԿ-ը հայտնվեց «հրաշալի քառյակում», այսինքն՝ «սկզբունքային» գործիչները դարձան ԲՀԿ-ի արբանյակ-կցորդ՝ իհարկե մոռանալով, որ նույն 2008-ի մարտի 1-ին ԲՀԿ-ն, իրենց իսկ նախկին պնդումներ համաձայն, բարիկադների հակառակ կողմում էր:

Ահա և իրական հիթ-շքերքը, որի համեմատությամբ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թոփ-տասնյակը շատ անմեղ մի բան է թվում: Համենայն դեպս, վնասակարության աստիճանով ԼՏՊ-ի արարքները դուրս են բոլոր տեսակի մրցակցությունից, իսկ դրանց արդյունքները շատերն իրենց կաշվի վրա են զգացել նրա իշխանության չարաբաստիկ տարիներին և մինչ օրս շարունակում են զգալ հետևանքները:

 Սարգիս Բալայան

понедельник, 1 февраля 2016 г.

Շուշիում հայերի կոտորածի չպարզաբանված երեք հանգամանք


Որպես նախաբան

Սրանից ուղիղ 95 տարի առաջ` 1920 թվականի մարտին տեղի ունեցավ Շուշիի հայության կոտորածը: Արցախյան և ընդհանրապես` հայկական մամուլում այս ողբերգությանը շատ են անդրադարձել, գրվել են գրքեր, հրապարակվել են ուսումնասիրություններ: Աննշան բացառություններով` դրանց հիմնական լեյտմոտիվը հետևյալն է. ադրբեջանցիներն ու թուրքերը  մեթոդաբար ոչնչացրել են Շուշիի ու շրջակայքի հայերին, անգլիացիների թողտվությամբ և աջակցությամբ փորձելով Ղարաբաղը ենթարկեցնել Ադրբեջանին:


Սույն հոդվածի նպատակը նշյալ պնդումները ժխտելը չէ: Իրոք` ադրբեջանցիներն ու թուրքերը ծրագրված ձևով իրականացրել են հայերի կոտորածները և իրոք` տարածաշրջանում անգլիական միսիան աջակցում էր Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ մտցնելու ջանքերին: Պարզապես քանի որ պատմությունը երբեք էլ չի տրվում միայն սև-սպիտակ գույներով ներկայացվելուն` կփորձենք ներառել այլ գույներ ևս: Մասնավորապես, Շուշիի կոտորածին առնչվող հայկական դիսկուրսում չկա երեք կարևոր հանգամանք: Առաջին` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հարաբերություններն այդ ժամանակահատվածում, իսկ ավելի ստույգ` Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ԼՂ-ի պատկանելության հարցում:  Երկրորդ` ինչու՞ են անգլիացիները Ղարաբաղի պատկանելության հարցում սատարել մուսավաթականներին, նրանք հայերի թշնամիներն ու ադրբեջանցիների բարեկամնե՞րն էին, թե՞ այդ վերաբերմունքը աշխարհաքաղաքական զարգացումների ու պլանների մի մասն էր սոսկ: Երրորդ` ո՞վ է տվել Շուշիի կոտորածի առիթը (առիթը` ոչ պատճառը), այլ կերպ` ի՞նչ էին անում հայերն այդ չարագուժակ օրը: Այս երեք հանգամանքներն ընդունված չէ մեզ մոտ քննարկել, մինչդեռ ուշագրավ շատ դրվագներ կան, որոնք կարող են լույս սփռել այս և այլ հանգամանքների վրա` հայերիս ներկա սերնդին մղելով անաչառ դիտարկելու մոտ մեկ դար առաջ կատարված անցքերը և ճշմարիտ դասեր քա ղելու դրանցից:

Արցախ-Հայաստան 

Առաջին տպավորությամբ` ի՞նչ մի նոր կամ արտառոց բան կարող է լինել այստեղ: Պարզ չէ՞, որ հայերը, Հայաստանի կառավարությունն իրենցից կախված ամեն ինչ արել են, որպեսզի Շուշիում և ողջ Լեռնային Ղարաբաղում խուսափեն կոտորածից և ապահովեն հայկական այս երկրամասի միացումը մայր հայրենիքին` Հայաստանին: Պարզվում է, սակայն, որ ամեն ինչ միանշանակ չէ այս հարցում:

Այն ժամանակներում Արցախից հնչած հայտարարություններում, ուղարկված նամակներում բավականին կոշտ քննադատություն կա Հայաստանի կառավարության հասցեին, ավելին` կա ահավոր մեղադրանք` դավաճանություն արցախցիների շահերին: Սոսկ մեկ օրինակ: 1919թ. մարտի 19-ին` Շուշիի կոտորածից ուղիղ մեկ տարի առաջ, Ղարաբաղի հայկական Ազգային խորհուրդը նամակ է հղում Զանգեզուրի և Ղարաբաղի հարցերով գեներալ-կոմիսարին, որում պատմում է արցախահայության վիճակի, Ադրբեջանի զավթողական նպատակների և Հայաստանի Հանրապետության դիրքորոշման մասին: Այն լույս է սփռում մի շարք կարևորագույն հարցերի վրա: Նամակում ասվում է, որ փետրվարի կեսերին ադրբեջանական կառավարությունը` Բաքվում անգլիական զորքերի հրամանատար գեներալ Թոմսոնի համաձայնությամբ, Ղարաբաղի և Զանգեզուրի գեներալ-նահանգապետի պաշտոնում նշանակել է դոկտոր Խոսրովբեկ Սուլթանովին: Նույն օրերին Շուշիում կայացել է Ղարաբաղի հայերի 4-րդ ազգային համագումարը, որը ադրբեջանական ոտնձգությունների դեմ հաստատակամորեն բողոքել է տեղի անգլիական միսիային, հեռագրել գեներալ Թոմսոնին, Բաքվի հայ ազգային խորհրդին և Արարատյան հանրապետությանը: Համագումարը պարզ ու հստակ հայտարարել է, որ Ղարաբաղի հայերը երբեք չեն ենթարկվել ադրբեջանական կառավարությանը և որ նույնիսկ թուրքական կանոնավոր բանակին չի հաջողվել կոտրել իրենց կամքը: Նամակում նաև ասվում է, որ բոլոր բողոքները մնացել են ձայն բարբառո հանապատի: Ոչ նախորդ տարվա դեկտեմբերից մինչև փետրվար գործած Ժամանակավոր ազգային խորհուրդը և ոչ էլ 4-րդ համագումարի կողմից ընտրված խորհուրդը հնարավորություն չեն ունեցել ներկայացուցիչներ ուղարկել Երևան` Արարատյան հանրապետությանը տեղյակ պահելու համար կատարվող դեպքերի մասին: Նամակում ասվում է, որ Արարատյան հանրապետությունը մինչ այժմ հանցավոր ու դատապարտելի անտարբերություն է ցուցաբերել Ղարաբաղի նկատմամբ, որը հայկական մարզերից մեկն է և որի բնակչության 90 տոկոսը հայեր են: Ղարաբաղի հայերը, ըստ նամակագիրների, վերջին երեք ամիսների ընթացքում իրենց հայացքն ուղղում են Արարատյան Հանրապետությանը, ակնակալելով, որ վերջինս լուրջ քայլեր կձեռնարկի իր ազդեցությունն Արցախում տարածելու համար, սակայն նրանց հույսերն ի չիք են դարձել, քանի որ Արարատյան հանրապետությունը բացարձակապես մոռացության է մատնել Ղարաբաղը, շատ է ուշացել Ղարաբաղի և Զանգեզուրի հարցերով գեներալ-կոմիարիատ ստեղծելու հարցում, և այդ ուշացած քայլը շատ է վնասել գործին: Նամակագիրները հայտնում են, որ ադրբեջանական կառավարությունն օրեցոր նորանոր ուժեր և մեծ քանակությամբ զինամթերք է զետեղում Խանքենդիում և այս ամենն իրականացնում է որոշակի ծրագրով ու նպատակաուղղված, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում: Թոմսոնի հրամանին հակառակ` Ադրբեջանը զորքերի տեղաշարժ է կատարում, ագրեսիվ քայլեր է անում, իսկ Հայաստանի Հանրապետությունը կատարյալ լռություն է պահպանում: Անգլիական հրամանատարությունը կապել է մեր ոտնուձեռը, ասվում է նամակում, և մենք չենք կարող ազդել Ադրբեջանի վրա, քանի որ օրինականության գերին ենք դարձել: Նամակն ավարտվում է հետևյալ կերպ. քանի դեռ ուշ չէ` Հայաստանի Հանրապետությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի առաջխաղացումը կանգնեցնելու համար: Եթե ՀՀ-ն այսուհետ ևս լռություն պահպանի, ապա Ղարաբաղի հայերը դա որակելու են որպես դավաճանական քայլ` ուղղված Ղարաբաղ հայության դեմ: Նամակը ստորագրել են. նախագահ` Ե. Իշխանյան, քարտուղար` Մ. Եսայան (“Нагорный Карабах в 1918-1923 г.г.”, издательство АН Армении, Ереван, 1992. Отв. ред. – доктор исторических наук, профессор В.А. Микаелян”:

Ասել, որ Հայաստանը ոչինչ չէր անում` ճիշտ չէր լինի: 1919-ի ապրիլին Հայաստանի կառավարությունը փոխգնդապետ Արզումանյանին նշանակում է Ղարաբաղի գործերի ու կառավարման գծով բրիտանական հրամանատարության լիազորին առընթեր ներկայացուցիչ: Միաժամանակ, կառավարությունը դիմում է ամերիկյան հյուպատոսին եւ անգլիացիներին՝ պահանջելով, որ Լեռնային Ղարաբաղը չմտցվի Ադրբեջանի կազմի մեջ, եւ մարզի կառավարումը շարունակի իրականացնել Ազգային խորհուրդը: Հայաստանի կառավարությունը, մասնավորապես արտգործնախարարը պարբերաբար նոտաներ էր հղում` Ադրբեջանի արտգործնախարարին, Վրաստանի արտգործնախարարին, Մեծ Բրիտանիայի գլխավոր կոմիսարին և այլոց: Այնուամենայնիվ, չէր անում ամենակարևորը` զենք ու զինամթերք չէր ուղարկում Ղարաբաղի հայությանը և չէր կազմակերպում Ղարաբաղի հայերի զինված ինքնապաշտպանությունը, թեև ուներ դրա հնարավորությունները:

Իսկ ինչու՞ չէր անում: Տվյալ պարագայում ամենահեշտը Հայաստանի ղեկավարությանը անլրջության, անտեղյակության, անվճռականության, խնդրի կարևորությունը հասկանալու անզորության կամ պարզապես դավաճանության մեջ մեղադրելն է: Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Այն, որ Հայաստանի ղեկավարությունը գիտակցաբար զոհել էր արցախահայության շահերը` գոնե ինձ համար միանշանակ է ու կասկած չի հարուցում: Բայց կարևոր է հասկանալ, թե հանուն ինչի՞ է զոհել և ի՞նչն է գերադասել այդ շահերից: Իսկ այստեղ ուշագրավ, ուղղակի ցնցող դրվագներ կան:

Ահա թե ինչ է գրում մեր հայրենակից պատմաբան Լեոն իր «Անցյալից» գրքում. «Մենք պահանջեցինք Ահարոնյանի Ազգային Խորհրդից, որ նա Ղարաբաղի կամ Զանգեզուրի հարցը դրված ժամանակ խորհրդակցության հրավիրի մեր հայրենակցական միության ներկայացուցիչներին` իբրեւ իրազեկ մարդկանց: Մեր այս պահանջը հայոց ազգի բախտի տնօրինողը դարձած Ահարոնյանը չբարեհաճեց կատարել: Իշխանավոր էր նրա Ազգային Խորհուրդը, իսկ իշխանավորը ժողովրդի կամք չի հարցնում, այլ իր կամքն է նրան ուտեցնում: Եվ ահա Քաջազնունին, Խատիսյանը եւ Պապաջանյանը, մարդիկ, որոնք ոչինչ հասկացողություն չունեին ո’չ Ղարաբաղի, ո’չ էլ Զանգեզուրի մասին, Բաթումի չարաղետ բանակցությունների միջոցին համաձայնություն են տալիս թուրքերին, որ Ղարաբաղը պատկանի Ադրբեջանին, իսկ Զանգեզուրը` Հայաստանին…Այս մի վերին աստիճանի թեթեւսոլիկ վարմունք էր: Ես հետո ճշտորեն տեղեկացա, թե ինչ նկատառումներով էին երեք իշխանավորներն այդպիսի վճիռ տվել: Գոնե մեկի` Քաջազնունու, վերաբերմամբ գիտեմ, որ նա ունեցել է այսպիսի մի մտադրություն` լեռները տալ ադրբեջանցիներին, իսկ ժողովրդին, ինչպես առողջ եւ քաջ մի տարր, գաղթեցնել Հայաստանի տափարակ տեղերը, այնտեղի թույլ եւ ջլատված ժողովրդի հետ խառնելու եւ այսպիսով նրա արյունը վերակենդանացնելու համար: Այս մասին ինձ հետ երկար խոսակցություն է ունեցել Քաջազնունու վարչապետության ժամանակ գյուղատնտես Կամսարականը, որ այն ժամանակ մի ինչ-որ խոշոր պաշտոն էր վարում հայոց կառավարության մեջ: Ղարաբաղի հայ ժողովրդին նա նայում էր անասնաբուծական տեսակետից` գտնելով, որ նա շատ լավ արտադրող (производитель) կհանդիսանա Հայաստանի համար: Ահա ինչ տեսակ պետական մարդիկ ունեինք մենք: Քանդել մի ամբողջ երկիր, տեղահան անել մի ամբողջ ժողովուրդ` մի ինչ-որ հրաշքով Հայաստանի` ջերմախտից հյուծվող եւ այլասերվող ժողովրդին առողջացնելու եւ ուժեղացնելու համար… Չէին հասկանում այս մարդիկ միջավայրի եւ աշխարհագրական պայմանների նշանակությունը»:

Սակայն սա մեդալի մի երեսն է միայն: Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի դաշնակցական ղեկավարության, մեղմ ասած, անտարբերությունը այլ երեսներ էլ ուներ: Նույն Լեոն գրում է, որ Ղարաբաղի կոտորածի մասին իրենք հեռագիր են ուղարկել նաեւ Փարիզ, «բայց ոչ թե Ահարոնյանի պատվիրակությանը, քանի որ գիտեինք նրա աշկարա անբայրացակամությունը Ղարաբաղի հարցի վերաբերմամբ, այլ Պողոս Նուբարի պատվիրակությանը»:

Սակայն, հանուն արդարության պիտի ասել, որ Հայաստանի ղեկավարությունն, այնուամենայնիվ, փորձում էր մանրևել և իր սեփական խաղը խաղալ:

Ահա թե ինչ է պատմում 1917-19թթ.Ղարաբաղի ժողովրդական կառավարության նախագահ Եղիշե Իշխանյանն իր «Ղարաբաղի ապստամբությունը» գրքում. «Անցեալ տարի… Յովհաննէս Քաջազնունին Ղարաբաղի Ազգային Խորհրդի անդամ Հրանդ Բահաթրեանին շատ պարզ կերպով ասել էր, որ Հայաստանի կառավարութիւնը ի վիճակի չէ, չի կարող Ադրբէջանի ոտնձգութիւնների առաջն առնել, ուստի յոյս չդնէք Հայաստանի կառավարութեան վրայ, բանակցութեան մէջ մտնենք Ադրբէջանի կառավարութեան հետ, ընդունենք նրա իշխանութիւնը, համաձայնութիւն կնքենք որոշ պայմաններով, սպասենք մինչև Վերսայլի վեհաԺողովի վերջնական որոշումը: Պայծառատես մարդ է Քաջազնունին, իր կառավարութեան վիճակը քաջ գիտէր, որ նման խորհուրդ էր տւել, և այսօր տխուր և վրդովեցուցիչ իրական փաստերը եկան հաստատելու Քաջազնունու ասածները և ապացուցին, թէ որքան ճիշտ ձև էր առաջարկել Ղարաբաղի վէճը վերացնելու համար»:

Ինչպես տեսնում եք` Արցախում ևս տարբեր կարծիքներ կային մարտավարական հարցերում: Ռազմավարական` Արցախը Հայաստանին պատկանելության հարցում տարաձայնություններ չկային, բայց կային տվյալ կոնկրետ պատմական պահին մանրևելու առաջարկներ:

Միայն Հայաստանի կառավարությունը չէ, որ այդպիսի դիրքորոշում ուներ Ղարաբաղի նկատմամբ: Այսօր էլ շատերին հետաքրքրում է այն հարցը, թե ինչու էր Ղարաբաղին օգնության շտապող Անդրանիկն իր գնդով անսպասելիորեն հետ դարձել: Ինչպես հայտնի է,  Անդրանիկը Ղարաբաղի հայերի խնդրանքով Զանգեզուրից սկսեց շարժվել դեպի Շուշի: Գեներալ Թոմսոնի կողմից մի քանի անգլիական սպաներ ավտոմոբիլներով գնացին արդեն Շուշի հասնող Անդրանիկի մոտ եւ անգլիական հրամանատարության անունից առաջարկեցին նրան վերադառնալ Զանգեզուր: Լեոն կոշտ գնահատական է տալիս բրիտանացիների այս քայլին և հեգնում Անդրանիկին, ով, ըստ նրա, Անգլիայի վրա կույր վստահություն ուներ, ուստի և կատարեց այդ առաջարկը:

Այնուամենայնիվ, ինչու՞ էր Հայաստանի կառավարությունը խորհուրդ տալիս մանրևել, եթե ի զորու էր, հաստատ ի զորու էր կազմակերպելու Ղարաբաղի հայերի զինված ինքնապաշտպանությունը: Եվ ինչու՞ էր բազմափորձ Անդրանիկը, որ ինքն էր Հայաստանի ղեկավարությանը այս կամ այն առիթով մեղադրում դավաճանության մեջ, ենթարկվում անգլիական հորդորին և իր հերթին մենակ թողնում Ղարաբաղի հայերին: Մի՞թե նրանք վերջին միամիտներն էին, կամ դավաճաններ:

Սա արդեն առնչվում է մեր երկրորդ ենթաթեմային, Շուշիի դեպքերին առնչվող մեր երկրորդ հանգամանքին, այն է` անգլիացիների դերին: Փորձենք մեր ընթերցողների համար բացել փակագծերը:

Անգլիացիների դերը 

Հայաստանի դաշնակցական ղեկավարությունը անգլիացիների ջանքերով երկու կրակի կամ նույնիսկ կարելի է ասել` երկու գայթակղությունների արանքում էր հայտնվել: Նա պիտի ընտրեր կամ Ղարաբաղն ու Զանգեզուրը, կամ էլ…Դարձյալ դիմենք պատմաբան Լեոյին. «Դաշնակցական կառավարության հոգեբանությունը հասկանալու համար պետք է նկատի առնել այն հանգամանքը, որ նա այդ միջոցին տարված էր անգլիական քաղաքականության մի խարդախ խաղով: Կտրելով Հայաստանից Ղարաբաղի եւ Զանգեզուրի նման հայաշատ գավառները` խորամանկ Ալբիոնը կցում էր Հայաստանին երկու գավառ, ուր հայությունը շատ աննշան փոքրամասնություն էր կազմում, այն է` Նախիջեւան եւ Արդահան, [ինչպես նաեւ] մի գավառ` Կարսի շրջանը, որի արեւելյան մասը հայաբնակ էր, իսկ արեւմտյանը` թուրքաբնակ»:

Այսօր էլ հայ քաղաքագիտական միտքը միանշանակ կարծիք չունի այս հարցում: Այսպես, 2009 թվականին Լեոյի նշյալ գիրքը վերահրատարակման պատրաստած Հայաստանի Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանն այս առիթով նկատում է. «Աշխարհառազմավարական և աշխարհաքաղաքական իրողություններից և նպատակներից ելնելով, անգլիական այս ջանքն առաջին հերթին միտված էր Թուրքիան և Ադրբեջանը աշխարհագրորեն միմյանցից կտրելուն, երկրորդ հերթին` տարածաշրջանը կառավարելիության ծիրում պահելու համար հարավկովկասյան երեք պետությունների միջև կենսատարածքային համակշռելիություն ստեղծելուն: Այս ամենով հանդերձ, հակված ենք կարծելու, որ անգլիական քարտեզագրումը բավական օգտակար կլիներ Հայաստանի պետության համար, թեև ավանդական պատկերացումներով` «կորսվում» էր Զանգեզուրի և Արցախի հայությունը: Այսինքն` հարցը հետևյալն է` ի՞նչն ենք ընդունում որպես ելակետ` պետության դինամիկությու՞նն ենք համարում շահավետ, թե՞ միատարրությունը»:

Հայաստանի ղեկավարությունը, ինչպես հասկանում ենք, ընտրել էր երկրորդ` Նախիջևան-Արդահան-Կարս տարբերակը` Ղարաբաղ-Զանգեզուրի գնով: Լեոն դառը հեգնանքով է գրում այս մասին. «Ստանալով անգլիացիների ձեռքից Կարսի նման հռչակավոր բերդն իր 500 թնդանոթներով` կարելի՞ էր սակարկություններ անել մի ինչ-որ Ղարաբաղի համար»:

Այսպես թե այնպես, այս ամենը օգնում է լույս սփռելու անգլիացիների դերի վրա, կասկածի տակ դնելով այդ դերի մասին մեր ունեցած ավանդական ու պարզունակ պատկերացումները, ըստ որի անգլիացիները մեր թշնամիներն ու ադրբեջանցիների բարեկամներն են: Իրականում ամեն ինչ պետք է դիտարկել աշխարհաքաղաքական զարգացումների ու պետությունների շահերի տիրույթում: Իսկ մեր ու անգլիացիները շահերը քանիցս համընկել են աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներում: Այն, որ այդ ծրագրերում ու շահերում մեր հաշվարկներն ու պլանները ձախողվել են` մեղավոր ենք միայնումիայն մենք:

Հայտնի լրագրող Թաթուլ Հակոբյանը նորերս այսպիսի դիտարկում է  արել. «Հեշտ է մեղադրել մարդկանց, պետության ղեկավարներին: Բայց, այնուամենայնիվ, 1920-ին մեր պապերը պետք է պահեին մեր Կարսը: Ի դեպ, Կարսը 1919-ին միացվեց Հայաստանին բրիտանական ռազմական ուժի անմիջական օժանդակությամբ: Այս մասին մեր պատմաբանները չեն սիրում խոսել, քանի որ դա չի տեղավորվում «բրիտանական նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները» և «ռուսները հայերի հավերժ բարեկամն են» ընկալման մեջ»: Ի դեպ, Թաթուլ Հակոբյանի հիմնած

«Անի» հիմնադրամի կայքում (www.aniarc.am) ուշագրավ շատ նյութեր կան թե մեր խնդրո առարկայի և թե հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական այլ հարցերի մասին: Թ.Հակոբյանը մի շարք կարևոր մանրամասներ է բացահայտում նաև իր «Կանաչ ու սև» գրքում:

Հայաստանի առաջին հանրապետության արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանն իր «Անգլիացիների խորհուրդները Հայաստանին. 1920թ.» հոդվածում գրում է. «Փետրուարի (1920թ.) առաջին օրերէն մէկն էր: Երեկոյեան  տեղի պիտի ունենար պարլամենտի հանդիսաւոր նիստը, նուիրված Հայաստանի անկախութեան ճանաչման…Երեւան ժամանեց Ուորդրոպը` Անգլիոյ գերագոյն կոմիսարը Անդրկովկասի մէջ… Երբ իրեն տրուեցաւ այդ պատեհութիւնը, ան ըսաւ. 

– …Իսկ գալով ձեր սահմանային վէճերուն` ես կը խորհիմ թէ այդ ալ դժուար չէ հարթել, եթէ միայն դուք ընդհանուր շահերուն ստորադասէք ձեր մասնաւոր շահերը եւ հրապարակ բերէք փոխադարձ զիջողականութեան տրամադրութիւն: Պէտք չէ մոռնաք, որ պետական սահմաններու գծման մէջ կարելի չէ ղեկավարուիլ միայն ազգագրական նկատումներով: Դուք պէտք է հասկնաք,որ առանց լեռնային, թէկուզև հայկական Ղարաբաղի` անկախ Ատրպէյճան չի կրնար գոյութիւն ունենալ: Այլապէս ի՞նչպէս կ’ուզէք, որ թրքական Նախիջեւանը կցուի Հայաստանին: Ինչպէս որ դուք չէք կարող անկախ գոյութիւն ունենալ առանց Նախիջեւանի, այնպէս ալ Ատրպէյճանը անկարող է գոյութիւն ունենալ` առանց լեռնային Ղարաբաղի: Յետոյ, ես կը կարծեմ, որ ձեր սահմանային վէճերը ձեր հարեւաններուն հետ երկրորդական նշանակութիւն ունին: Գլխաւորը ձեր միութիւնն է ընդհանուր թշնամիի` Հիւսիսի դէմ»:

Մեկ այլ դրվագ նույն աղբյուրից:

Մուդրոսի զինադադարով Թուրքիան 1918թ. հոկտեմբերի 30-ին անձնատուր եղավ և Անգլիայի ճնշման տակ պարտավորվեց իր զորքերը դուրս բերել նաև Անդրկովկասից ու Հայաստանից: Հայկական զորքերին հաջողվում է Նախիջևան  քաղաքը վերցնել 1919թ. մայիսին` անգլիական զորքերի աջակցությամբ: Հայաստանի իշխանությունը Նախիջևանի վրա տարածելու համաձայնագիրը հրապարակվեց 1919թ. մայիսի 3-ի հռչակագրով, որը ստորագրել էին Դրոն եւ որպես վկա` գեներալ Դեյվին: Սակայն Նախիջևանը ընդամենը երկու ամիս, այն էլ ոչ լիովին, մնաց Հայաստանի վերահսկողության տակ: «1919թ. հուլիսին հայկական իշխանությունը ծանր անհաջողություն էր ունեցել Նախիջևանում, որտեղ հաստատված էր հայ նահանգապետություն, կային փոքրաթիվ հայ զորքեր, բայց ազգաբնակչությունը, որ գրեթե ամբողջությամբ կազմված էր մահմեդականներից, գտնվում էր տաճիկների և ազրբեջանցիների ազդեցության տակ»,- գրում է Առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը (Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետությունը», պատմական ակնարկ, «Հայրենիք», Ա տարի, թիվ 1, 1922):

Հայաստանի նախարարներից Արտաշես Բաբալյանը հավելում է. «1919թ. գարնանը անգլիական զորքերը գրավեցին Շարուրն ու Նախիջևանը և այդ երկու գավառների իշխանությունը ևս հանձնեցին մեզ: Հազիվ երկու ամիս կարողացանք պահել. տեղական թաթար ազգաբնակչությունը, ղեկավար ունենալով տաճիկ սպաներին, հուլիսի 23-ին ապստամբեց մեր իշխանության դեմ, և մեր զորքերը ստիպված եղան մեծ կորուստներ տալով նահանջել դեպի Երևան» (Արտաշես Բաբալյան, «Էջեր Հայաստանի անկախության պատմությունից», «Հայրենիք», Ա տարի, թիվ 9, հուլիս, 1923):

Ահա այսպիսին էին անգլիացիների ծրագրերը մեր տարածաշրջանում մոտ մեկ դար առաջ: Լավն էին դրանք, թե վատը, նրանք մեր բարեկամներն էին, թե թշնամիները` կարելի է դատել հարցը համակողմանի ուսումնասիրելու և քննարկելու պարագայում: Այստեղ հեշտ ու միանշանակ եզրակացություններ չեն լինելու:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա գոնե ինձ համար միանշանակ է, որ նրանք, ամոթ է ասել, պարտավոր էին իմանալ Ղարաբաղի դերը հայության կյանքում և պարտավոր էին իրատեսորեն գնահատել նշյալ ծրագրերի հավանականությունը:

Ֆիդայական արկածախնդրություն 

Այսպես թե այնպեսփ` Շուշիում տեղի ունեցավ հայերի ահավոր կոտորած: Մինչ այդ հայերի վիճակը ահագնորեն ծանրացել էր, նրանց գլխին դամոկլյան թրի պես կախվել էր կոտորվելու վտանգը: Ինչպես հայտնի է, Բաքուն վերցնելուց հետո Նուրի-փաշան օսմանյան զորքերն ուղղեց Ղարաբաղի դեմ եւ գրավեց Շուշին, նպատակադրվելով անցնել Զանգեզուր, ապա և Երեւան: Սակայն առաջին աշխարհամարտի տարբեր ռազմաճակատներում Թուքիան ջախջախիչ պարտություններ կրեց, սուլթանիզմը զինադադար եւ հաշտություն խնդրեց, որի պայմաններից մեկն էր Անդրկովկասը թուրքական զորքերից մաքրելը: Արեւելքի տերն Անտանտը դարձավ: Էնզելիի անգլիական զորքը տեղափոխվեց Բաքու, եւ հրամանատար գեներալ Թոմսոնը փաստացի դարձավ Անդրկովկասի հանրապետությունների դիկտատոր:

Քանի որ Հայաստանի առաջին հանրապետությունը գործուն միջոցներ չէր ձեռնարկում Ղարաբաղի ու Զանգեզուրի հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար, այդ գործն իր վրա վերցրեց Ղարաբաղի եւ Զանգեզուրի հայերի հայրենակցական միությունը, որ կազմակերպվել էր 1918-ի սկզբին: Միության անդամ Լեոյի վկայությամբ` կազմակերպությունն աշխատում էր կապ հաստատել այդ երկու լեռնային գավառների հետ, որոնք բոլորովին կտրված էին աշխարհից եւ իրենց ճակատագրին թողնված: Ադրբեջանցիներն ու թուրքերն առանց այդ էլ անհամեմատ լավ էին զինված, ինչին ավելացավ ևս մի տարաբախտ հանգամանք: Շուշիի տեղային ռուս զորաբաժինը երբ մեկնում էր Եվլախ կայարանը` Ռուսաստան վերադարձող ռուս զորքերին միանալու համար, թուրքերը ճանապարհին շրջապատում են եւ զինաթափ անում: Այսպիսով թուրքերը զենքի կողմից գերազանցող դիրք էին բռնել հայերի վերաբերմամբ, որոնց ինքնապաշտպանական միջոցները շատ թույլ էին: Միությունը ձեռնամուխ եղավ զինվորական ծառայության մեջ եղած հայերից Ղարաբաղում կազմել մի գունդ եւ նրան հանձնել երկրամասի պաշտպանությունը: Պետք էր միայն Թիֆլիսի պահեստներից զենք ու ռազմամթերք ուղարկել Շուշի: Սակայն հազիվ չորս ամսվա ընթացքում քարավանը դուրս է գալիս Գորիս: Այդտեղ էլ մնում են բոլոր զենքերն ու մթերքները եւ տեղական պետքերի վրա գործածվում: Անդրանիկն այդ նյութերով է կազմակերպում Զանգեզուրի զինվորությունը: Եվ այսպիսով ստեղծվում է անհավասար կացություն երկու լեռնային երկրամասերի համար: Զանգեզուրի հայությունը լավ զինվում է եւ ուժեղանում, իսկ Ղարաբաղի հայությունը, ընդհակառակը, մնում է շատ թույլ պաշտպանված, եւ այս թուլությունը հետագայում նրան շատ է վնասում:

Անգլիացիների գնալուց հետո լիովին թուլացած ու բզկտված Ղարաբաղի հայության վիճակն անտանելի ծանր էր դարձել: Շուշիի, ապա և ողջ երկրամասի հայերը ստիպված են լինում հնազանդվել Սուլթանովին: Լեոյի վկայությամբ` ժողովուրդը հոգնել էր մենակ պայքարելուց եւ, եթե շարունակեր իր դիմադրությունը, պիտի պատերազմեր Սուլթանովի դեմ մի այնպիսի ժամանակ, երբ իր արտերը հասել էին եւ կարող էին միանգամայն փչանալ կռիվներից: Ուստի նրանք ճարահատ իրենց հնազանդությունն են հայտնում, բայց որոշ պայմաններով, որոնք ամրագրվեցին համաձայնագրում եւ ստորագրվեցին երկու կողմերից: Այս պայմանագրությունը, սակայն, խաբեության մի միջոց էր մուսավաթականների ձեռքում, եւ սկսեցին խախտել հենց առաջին քայլից: Հարաբերությունները երկու ազգերի միջեւ էլ ավելի էին լարվում: Այդ լարումը սաստկացավ մանավանդ այն ժամանակ, երբ Ադրբեջանը Ղարաբաղի վրայով մեծ արշավանք սկսեց Զանգեզուրը նվաճելու համար, բայց պարտություն կրեց զանգեզուրցիներից եւ կատաղած վերադարձավ Ղարաբաղ:

Այնուամենայնիվ, հնարավո՞ր էր խուսափել մեծաթիվ զոհերից, թե՞ ոչ: Ըստ երևույթին, ազգամիջյան ընդհարումից խուսափել այլևս հնարավոր չէր, բայց հնարավո՞ր էր, արդյոք, առկա սուղ միջոցներով կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը և նվազագույն զոհերի գնով փրկել Շուշիի հայությունը: Փաստերը վկայում են` ԱՅՈ: Շուշիում, ըստ 1917-19թթ. Ղարաբաղի ժողովրդական կառավարության նախագահ Եղիշե Իշխանյանի, կար 500 հրացան, ինչն անհամեմատ քիչ էր ադրբեջանցիների ու թուրքերի ունեցածից, բայց բավարար էր զանգվածաին կոտորածից խուսափելու համար: Առավել ևս, որ ողբերգության նախօրեին այդ թիվն ավելացավ (չավելանար` ավելի լավ կլիներ):

Ահա թե ինչ է պատմում Եղիշե Իշխանյանն իր «Ղարաբաղի ապստամբությունը» գրքում:

«Ապրիլի 15-ին հասնում է մեզ Շուշում տեղի ունեցած հայկական կոտորածի լուրը…Կոտորածի լուրն առնելուց Աշոտն ու ես շշմած վիճակում էինք: Մի՞թէ քաղաքի հինգ հարիւրի չափ զինւած մարտական ուժերը ոչ մի կերպ դիմադրութիւն ցոյց չեն տւել և թուրքերը խուժել են հայկական թաղը, կոտորել խաղաղ բնակիչներին և ով կարողացել Է, փախել, ազատւել Է: Անզօր բարկութեամբ համակւած, մեղադրում, խստիւ դատապարտում ենք թէ Բիւրոյին և թէ կառավարութեանը, որ յօնքը շտկելու փոխարէն աչքը դուրս հանեցին: Աւելի քան դատապարտելի է Բիւրոյի և կառավարութեան կատարած գործը, որ իսկական արկածախնդրութիւն եղաւ: Ապրիլ 20-ին կայարանում հանդիպեցի Զաւէն Եպիսկոպոս Մահտեսի Բաբայեանին և Գերասիմ Բալայեանին: Երկուսն էլ անչափ տխուր և ընկճւած դէմք ունէին: Մօտեցայ, բարևեցի և հարցրի՝ ինչ տեղեկութիւն ունեն Շուշուց և շրջաններից: 

– Շատ վատ լուրեր են հասել Թիֆլիս,- ասաց Զաւէն Եպիսկոպոսը,- ըստ հասած լուրերի՝ Շուշու հայկական թաղը ամբողջովին այրւած է, հայերի մի մասը կոտորվել, մի մասը փախել է Քարինտակ գիւղը և այնտեղից ցրւել Վարանդայի գիւղերը, իսկ մի մասն էլ գերւած է թուրքերի կողմից: 

– Անպիտան անգլիացիները այնպիսի քաղաքականութիւն վարեցին, ասաց Գերասիմը, որ ադրբէջանցիները թև առան, աւելի համարձակ դարձան իրենց ոտնձգութիւններով այնքան, որ օր-ցերեկով մեր քաղաքը կրակի են մատնում, խաղաղ ժողովրդին կոտորում: 

– Գերասիմ, չափազանց սխալւում ես, ասացի. ոչ անգլիացիներն են մեղաւոր և ոչ էլ ադրբէջանցիները: Մեղաւոր են Բիւրօն և կառավարութիւնը, որ յանպատրաստից ապստամբութիւն են սարքել, որի հետևանքով աւերւել է քաղաքի հայկական թաղը, և ժողովրդի մի մասը կոտորւել: Իսկական աւանտիւրա է կատարւել, ուրիշ ոչինչ… Անմտութիւն չէ՞ առանց լուրջ պատրաստութեան, առանց բաւարար քանակութեան ռազմամթերք ունենալու, ապստամբութիւն բարձրացնել, ինչպէս ժողովուրդը կասէ` «եա բախտինա» կամ, ինչսպէս ռուսը կասէ՝ «վՈ ՈՉՏրՖ» փորձ անել: Օտարներին չմեղադրենք, մանաւանդ այսօր, մեղաւորը մենք ենք, նախ Բիւրօն ու կառավարութիւնը, որ ինչպէս կասեն, առանց եօթն անգամ չափելու և յետոյ կտրելու, գործի են ձեռնարկել յանպատրաստից: Երկրորդ, մեղաւոր ենք Զանգեզուր- Ղարաբաղցիներս թերևս աւելի, որ, ըստ հայկական սովորութեան, միակամ ու միակարծիք չեղանք»:

Ի՞նչ է կատարվել իրականում: Անգլիացիների հեռանալուց հետո, տեսնելով, որ բոլոր պլանները ձախողվել են, ՀՀ դաշնակցական ղեկավարությունը փորձում է շտկել կատարված սխալները և հետ բերել փաստորեն արդեն անդառնալի կորուստները: Եվ դա անում է ոչ թե ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ, անհրաժեշտ նախապատրաստությամբ, այլ իրեն հատուկ ֆիդայական արկածախնդրությամբ: Խատիսյանի դաշնակցական կառավարությունը, խրախուսվելով զանգեզուրցիների տարած հաղթությամբ, որոշել էր հետ բերել նաեւ Ղարաբաղը զուտ ֆիդայական եղանակով, այսինքն` տեղական ապստամբության միջոցով, առանց պատերազմ հայտարարելու: Շուշիում տեղի դաշնակցականներն էլ հավատացնում էին, թե Դրոն Գորիսում է եւ պատրաստ է իր զորքով Շուշին ազատելու:

Այժմ լսենք Լեոյին:

«Սուլթանովն էլ, իհարկե, իր պատրաստություններն էր տեսնում: Շուշիի հայությունը զգում էր, որ իրեն պիտի կոտորեն, եւ ամեն կերպ աշխատում էր շահել քուրդ բժշկի սիրտը: Բայց հենց այդ միջոցին ֆիդայականությունը դուրս էր սողում իր բնից` մի անգամ էլ հայ ժողովրդի գլխին երկնքի պատուհաս դառնալու իր հիմար ու զզվելի տղայամտությամբ: Կազմվում է դաշնակցական ֆիդայիների մի խումբ, կարծեմ 100 հոգուց, եւ գնում է միանգամից վերցնելու Շուշին էլ, Ասկերանն էլ: Ասկերանի վրա գնացողների գլուխը լինում է հայտնի Դալի-Ղազարը, որ այնտեղ էլ սպանվում է կռվի մեջ: Իսկ Շուշիի դահիճ հանդիսանում է դաշնակցական սեւանուն Արսեն Միքայելյանը: Ոճրագործի հանդգնությամբ լցված այս մարդը 60 հոգով մտնում է Շուշի` նովրուզի (պարսկական նոր տարվա) օրը, երբ թուրքերն իրենց տոնով էին զբաղված: Գիշերը մի ինչ-որ տան արբեցությամբ անցկացնելով` առավոտյան գնում են զորանոցը վերցնելու եւ կրակ են բաց անում նրա դեմ: Թուրք զինվորները դուրս են վազում, կռիվ է սկսվում եւ մեր քաջերը կծիկս են դնում, իրենց անպետք գլուխներն ազատում` թողնելով ժողովրդին մուսավաթական ասկյարների, թուրք խուժանի եւ նրանց առաջնորդող երկու բժիշկների` Սուլթանովի եւ Մեհմանդարովի ձեռքին: Այդ երկու բժիշկները, տանջվող մարդկության ծառայելու ակադեմիական ուխտ արած, հրամայում են խուժանին. «Կոտորեցե՛ք, այրեցե՛ք, կողոպտեցե°ք, ձե°րն են հայերի կանայք ու աղջիկները»: Եվ դժբախտ քաղաքը լցվում է սարսափներով: Առնվազն 7 հազար անմեղ մարդ է մորթվում: Ոչ մի հատիկ տուն չի ազատվում բոցերից: Հայ կանանց եւ աղջիկների լլկումն ու տանջանքներն անցնում են ամեն չափ ու սահման: Մոտ 5 հազար հոգի կարողանում են փախչելով ազատվել: Մոտ 2-3 հազար հոգի գերի են մնում Սուլթանով եւ Մեհմանդարով բժիշկների ձեռքը: Գանձակի կողմից ադրբեջանական մեծ արշավանք է սկսվում, որ ճանապարհին ոչնչացնում է տասնյակներով հայ գյուղեր, եւ գալիս վերցնում է Դալի-Ղազարի ու նրա ընկերների գրաված Ասկերանը, իսկ Շուշի մտնելով` նոր կոտորած է սկսում գերիների մեջ»:

Վերջաբանի փոխարեն

Ըստ 1916 թվականի «Կովկասի տարեցույցի» տվյալների՝ Շուշի քաղաքի 43869 բնակիչներից 23400-ը հայեր էին: Տարբեր տվյալներով` 1920թ. մարտի 22-ի լույս 23-ի գիշերը Շուշիի հայության կոտորածին զոհ գնաց 8-12 հազար մարդ, որոնցից 2200 հոգի՝ հիմնականում կանայք եւ աղջիկներ, մոտ 5-6 հազար հոգի Քարին տակ գյուղ տանող ճանապարհով անցան Վարանդա ու Դիզակ: Շուշին լիովին հայաթափվեց:

Բացի մարդկային ու նյութական հսկայական կորուստներից` ոչնչացավ մշակութային մի հսկայական ժառանգություն: Այդ ժառանգության և Շուշիի մշակութային կյանքի մասին պատկերացում կազմելու համար բերեմ սոսկ մի փաստ: 1874-ից մինչև 1920 թվականը Շուշիում տարբեր տարիների և տարբեր տևողությամբ լույս է տեսել 29 անուն պարբերական (1874-ի «Հայկական աշխարհ» ամսագրից մինչև 1919-ի «Նոր կյանք» շաբաթաթերթը), որոնցից 26-ը հայերեն և 3-ը ռուսերեն, որ նույնպես հայերն են հրատարակել` 1911-ից հրատարակված «Шушинский листок» օրաթերթը, 1913-ից  շաբաթական 3 անգամ լույս տեսած «Шушинска жизнь» թերթը և 1919-ից լույս տեսած  «Голос Народа» պարբերականը): Ադրբեջաներեն առաջին թերթն այստեղ հրատարակվել է Շուշիի կոտորածից և երկրամասի խորհրդայնացումից հետո` 1923-ին («Ղարաբաղ աքինչիսի»):

Ահա մի իրականություն, որի մասին մեզ մոտ ընդունված չէ խոսել: Պատմությունը շատ ավելի բազմագույն ու հակասական է, քան մեր պատկերացումները նրա մասին: Ու այն չի տեղավորվում պարզունակ մոդելների ու շրջանակների մեջ: Այն իր ողջ բազմաշերտությամբ հասկանալու և դասեր քաղելու համար առաջին հերթին պետք է խորամուխ լինել անցյալի մեջ և այդ անցյալն իր բոլոր հակասական կողմերով (այլ ոչ թե ընտրովի) երևան հանել ու մատչելի դարձնել սերունդների համար:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ