среда, 16 сентября 2015 г.

Այո՛, մենք հայ ենք, իսկ դուք ո՞վ եք. թուրք սյունակագրի սենսացիոն հոդվածը


Օրեր առաջ ներկայիս Թուրքիայի քրդաբնակ Ջիզրե (հայկական՝  Գզիրա) քաղաքում սկանդալային միջադեպ էր տեղի ունեցել: IMC հեռուստաընկերության հրապարակած տեսանյութում ականատես եղանք, թե ինչպես է զայրացած թուրք ոստիկանը քրդերին անպատվելու համար նրանց հայ անվանում:  «Հայերը ձեզանով հպարտանում են: Բոլորդ հայ եք: Հայ եք»,- ասում էր նա:

Ոստիկանի հայտարարությունը շարունակում է մեծ արձագանք ունենալ: T24-ի սյունակագիր Նուրջան Բայսալն ուշագրավ հոդված է հրապարակել թուրք ոստիկանների սկանդալային հայտարարություններից հետո, որը ներկայացնում ենք ստորև:

«Ջիզրեում պետության ոստիկանությունը պաշտոնական մեքենաներից հայտարարում է բնակչությանը, թե «հայերը ձեզնով հպարտանում են, բոլորդ հայ եք, հայ...»:

Այդ խղճուկ ոստիկանները, որոնք կարծում են` այդպիսով վիրավորել են քրդերին, ակնհայտ է՝ նրանց բացարձակապես չեն ճանաչում: Մինչդեռ քրդերը վերջին տասը տարում Հայոց ցեղասպանության և այդ ժամանակ կատարվածի վերաբերյալ լուրջ հարցադրումներ են արել, ընդունել, որ Ցեղասպանություն է տեղի ունեցել, ամաչել այդ Ցեղասպանության մեջ մաս ունենալու համար և հայերից հազարավոր անգամներ ներողություն խնդրել: Մի կողմ թողնենք ուսյալին, քաղաքաբնակին, այսօրվա դրությամբ քրդական որ գյուղն էլ մտնեք, կպատմեն հայերի դեմ իրագործված գազանության և կատարվածի կապակցությամբ իրենց զգացած տխրության մասին: Տատվան գյուղում, ուր տարիներ շարունակ աշխատել եմ, այնքան էին ամաչում իրենց պապերի՝ հայերի դեմ իրագործած Ցեղասպանությունից, որ ամեն անգամ այդ մասին խոսելիս ասում էին. «Նրանք այնքան գեղեցիկ էին, որ բոլորը նրանցով զմայլվում էին... Նրանք այնքան բարի էին, որ բոլոր որբերին կերակրում էին: Նրանք այնքան տաղանդավոր էին, որ ամենադժվար քարն անգամ շատ նուրբ տաշում էին: Այստեղ ինչ գեղեցիկ բան կա, մնացել է հայերից»:

Սակայն քրդերի մոտ կատարված այս վերափոխումը, դժբախտաբար, չենք կարող ասել, որ տեղի ունի նաև թուրքերի շրջանում և Թուրքիայի արևմուտքում: Իրենց ջենթլմեն համարողներն անգամ չկարողացան այս հարցը խելամտորեն քննարկել: Հրանտի հուղարկավորության ժամանակ ծնված հույսը շատ արագ մարեց. հայերը երկչոտ աղավնիների պես դեռ շարունակում են ապրել այս երկրում:

Վերոհիշյալ հայտարարությունն արած տգետներին երկու խոսք ունեմ:

Մենք հայ ենք, հույն, ալևի, սիրիացի փախստական, եզդի, քուրդ... Կարճ ասած՝ այն ամենը, ինչը դու ատում ես: Եվ մենք հպարտանում ենք մեր ինքնությամբ: Եթե դադարեցնեք ճնշումն ու ձեր իշխանությունը պարտադրելը, թուրք էլ կլինենք: Այս ինքնություններից ոչ մեկը մեզ համար խնդիր չէ, սակայն ձեզ նման ռասիստ-ֆաշիստները խնդիր են ամբողջ աշխարի համար:

Հայերը մեր եղբայրներն էին, ձեզ նման թուրքերն ու քրդերը ոչնչացրեցին նրանց: Երանի մի օր մեզ ներեն և, ինչպես դուք եք ասում, մեզնով հպարտանան...Վստահ եղեք՝ կարոտով սպասում եմ այդ օրվան, երբ հայերը մեզ դարձյալ որպես եղբայր կընդունեն:

Այո՛, մենք հայ ենք:

Իսկ արած դաժանությունների պատճառով, վախից երեսը մինչև աչքերը ծածկելով, հասարակության մեջ դուրս չեկողներդ, ջրցաններից մարդկանց վրա ջուր ցանողներդ, թաքստոցներից մարդկանց վրա կրակողներդ, հացը ձեռքին՝ 75-ամյա ծերունուն սպանողներդ, տների վրա ռումբ նետողներդ, քնած մարդկանց սպանողներդ, փոքրիկների դիակները պղծողներդ..., դուք, դուք ովքե՞ր եք»:

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի

четверг, 10 сентября 2015 г.

Ինչպե՞ս Արևմտյան Հայաստանը վերածվեց Հյուսիսային Քրդստանի


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի համար առաջնային սպառնալիք «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից ավելի շատ համարում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK):
CNN International հեռուստաալիքի հետ զրույցում Էրդողանը դժգոհել է, որ Արևմուտքը Թուրքիային «մենակ է թողել ահաբեկչության դեմ պայքարում»:

«Թուրքիայի համար թիվ մեկ սպառնալիքը PKK-ն է: ԻՊ-ը Թուրքիայի համար որպես սպառնալիք երկրորդ շարքում է», -ասել է նա և ԻՊ-ին զուգահեռ «ահաբեկչական սպառանալիք» անվանել նաև Սիրիայի քրդական «Դեմոկրատական միասնություն կուսակցությանը (PYD), որը Սիրիայում պայքարում է ԻՊ-ի դեմ:

«Մենք հարկադրված ենք PKK-ի դեմ պայքարը շարունակել մինչև վերջ», - հավելել նա:
Թուրք-քրդական հակամարտությունը, որը վերջին մի քանի տարիներրին հանդարտվել էր, կրկին սուր դիմակայության փուլ է մտել, և այդ ամենը կատարվում է Հայաստանի անմիջական հարևանությամբ: Մինչ Հայաստանում փորձում են գնահատել իրավիճակը և ապագա հարևանի նկատմամբ քաղաքական դիրքորոշում գտնել, Քրդստանի տեսլականը օրեցօր իրական է դառնում: ՀՀ-ի դիվանագետներին իսկապես շատ բան կա խորհելու, քանի որ սա այն դեպքը չէ, երբ պետք է առաջնորդվել «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով:

ՀՀ անկախության հռչակումից ի վեր Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումը և հատուցման պահանջն այդպես էլ տեղ չգտավ ՀՀ-ի արտաքին քաղաքականության օրակարգում: Հայաստանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, նախընտրեց խուսափել Թուրքիային պահանջներ ներկայացնելուց` գերադասելով նորմալ հարաբերություններ հաստատել ցեղասպան հարևանի հետ: Սակայն աշխարհասփյուռ հայության բոլոր ներկայացուցիչների ներսում հայրենատիրության պահանջը տակավին կենդանի է: Քաղաքական ռոմանտիզմի ոլորտից է խոսել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման, Արևմտյան Հայաստանի տարածքների վերադարձի մասին, առավել ևս, որ Արևմտյան Հայաստանն այսօր վերածվել է Հյուսիսային Քրդստանի:
Այսօր քրդերը թուրքերից պահանջում են մեկ դար առաջ իրենց խոստացված հայրենիքը: Հայրենիք, որոնք նրանք վաստակեցին Հայոց ցեղասպանության տարիներին թուրքերին ցուցաբերած իրենց աջակցության և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թափաց արյան դիմաց:

Այսօր քրդերը 77 միլիոնանոց Թուրքիայի ամենախոշոր ազգային փոքրամասնությունն են կազմում: Պաշտոնապես նշվում է, որ Թուրքիայի բնակչության 80 տոկոսը ազգությամբ թուրքեր են, 18տոկոսը` քրդեր, իսկ մնացածը տարբեր ազգությունների ներկայացուցիչներ:
Թուրքիայում քրդերի քանակի վերաբերյալ տվյալները հակասական են, սակայն նշվում է, որ մոտ քսան միլիոն քուրդ կոմպակտ բնակվում է Հայաստանին սահմանակից վայրերում, որն ընգրկում է նաև Արևմտյան Հայաստանը:

Իսլամի հանրագիտարանը Թուրքական Քրդստանը ներկայցնում է մոտ 190 հազար քառակուսի կմ տարածք ընգրկող և տասնյոթ շրջաններից բաղկացած միավոր, որի մեջ մտնում է Երզնկան,Կարսը, Մալաթիան, Բինգյոլը, Մուշը, Աղրին` Արարատի մերձակայքը, Դիարբեքիրը, Բիթլիսը, Վանը, Դերիսմը, Եդեսիան, Խարբերդը, Սղերդը, Մարդին, Հաքարը:
Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնում էր Արևմտյան Հայաստանը` իր վեց` Վանի, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սվազի, Բիթլիսի վիլայեթներով, որտեղ գերազանցապես հայ բնակչություն էր: Եվ ընդամենը մեկ դար անց այս տարածքներում հայի հետք էլ չկա, ավելին` գրեթե զրոյացված են այստեղ երբևէ հայ բնակչության վերադարձի հույսերը: Քրդերի` Արևմտյան Հայաստանում հայտնվելը կապված է մի շարք քաղաքական որոշումների հետ, որոնք կայացվել են դեռևս մեկ դար առաջ:

20-րդ դարի սկզբին քրդերը տարածաշրջանի այն խոշոր ժողովուրդներից էին, որոնք չունեին պետականություն կամ ինքնավարություն: Ընդհանրապես այդ ժողովուրդի ինքնագիտակցությունը դեռևս ցեղային մակարդակի վրա էր, և ինչպես փաստում է անգլիացի Առնոլդ Թոյնբին, քրդական ազգային զգացումը իրեն կարող է դրսևորել թուրքերին, արաբներին, անգլիացիներին կամ որևէ այլ օտար տարրի դեմ հակադրվելու ձևով, սակայն այն կատարելապես բացակայում է, երբ խոսքը գնում է մեկ ընդհանուր քրդական համադաշնության մասին:

Արևմտյան Հայաստանի տարածքում Քրդստանի ստեղծման գաղափարը դիվանագիտական շրջանակներ մտվեց անգլիացի պաշտոնյանների կողմից: 1917 թ. դեկտեմբերի 18-ին անգլիացի դիվանագետ Ֆ. Քերրը առաջարկեց հայկական վեց վիլայեթներից մեկում ստեղծել Անկախ Քրդստանը: Այդ ամենն առաջին հերթին բխում էր Անգլիայի ազգային շահերից, քանի որ Սայքս-Պիկոյի գաղտնի պայմանագրով Միջագետքը (այդ թվում նաև նրա հյուսիսային մասը կազմող, այսպես կոչված, Իրաքյան Քրդստանը) անցնում էր Անգլիային, ուստի վերջինս ամեն կերպ փորձում էր ազդեցության գոտուց դուրս հանել անկախ Քրդստան ձևավորելու մասին գաղափարը: Անգլիական պաշտոնյանները հավաստիացնում էին քրդերին, որ այդ տարածքները զերծ են լինելու հայերի հավակնություններից և դառնալու է Քրդստանի ձևավորման ամենահավանական օջախը: Չնայած ենթադրվելիք Քրդստանի ձևավորման համար բազմաթիվ տարբերակներ էին առաջարկվում, սակայն այդ բազմազան ծրագրերը գծագրվում էին Արևմտյան Հայաստանի տարածքում: Քրդական խնդրին լուծում փորձեց տրվել Սևրի պայմանագրով, որի 62-64-րդ հոդվածներով նախատեսվում էր Թուրքիայի տարածքում ստեղծել ինքնավար Քրդստան, նրան տրամադրելով իրավունք, որ մեկ տարուց հետո այն անջատվի Թուրքիայից և վերածվի անկախ պետության:

Սևրի պայմանագրով էր նաև, որ հայկական վեց վիլայեթներից երեքը դուրս բերվեցին նրա տարածքից: Դրանց մի մասը մնալու էր Թուրքիային, մյուս մասը՝ Եփրատից արևելք, ամրակցվում էր Քրդստանին: Անգլիան լավ էր հասկանում, որ Դիարբեքիրն ու Մալաթիան հնարավոր չէր վերցնել իր հովանավորության ներքո, ուստի փորձում էր Իրաքի տարածքում գտնվող Մոսուլը միավորել Քրդստանի հետ` մեծացնելով իր ազդեցության գոտին:Սակայն այդ պայմանագիրը այդպես էլ ուժի մեջ չմտավ ու չեղյալ համարվեց 1923 թվականի Լոզանի պայմանագրի ստորագրումից հետո:

Քրդստանի ստեղծումը ժամանակի խնդիր է, ուստի ՀՀ-ի դիվանագիտական շրջանակները պետք է պատրաստ լինեն առերսվելու նոր հարևանի հետ: Չնայած 2007թ-ին ընդունված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշվում է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, սակայն Քրդստանի ստեղծմամբ տապանաքար է դրվում Հայոց պահանջատիրության վրա: Եթե Քրդստանի չստեղծման դեպքում Հայաստանը կարող էր պահանջներ ներկայացնել թուրքական կառավարության` ակնկալելով ստանալ հատուցում և նույնիսկ հողերի վերադարձ, ապա ստեղծվելիք Քրդստանը Օսմանյան կայսրության իրավահաջորդը չէ, որին հնարավոր կլինի պահանջներ ներկայացնել: Եվ խելամտության սահմաներից էլ դուրս է հավակնություններ ունենալ մի տարածքի նկատմամբ, որտեղ քսան միլիոն մարդ պայքարում է հայրենիք ունենալու համար: Թերևս ՀՀ-ի համար միակ հնարավոր տարբերակը Քրդստանի հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ և հասնել նրան, որ Արևմտյան Հայաստանում առկա հայկական մշակութային ժառանգության օրինական ժառանգորդը համարվի ՀՀ-ն:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ