четверг, 21 мая 2015 г.

Անմեղսունակությունը որպես կենսաձև


Հունիսի 12-28-ը Բաքվում առաջին եվրոխաղերն են: Ադրբեջանցիք են նախաձեռնել և «խաղացնելու» են այդ խաղերն՝ ի շահ իրենց ազգային ու պետական ամբիցիաների:
Ադրբեջանցիք միշտ էլ սուբյեկտային ու նախաձնող են եղել, սկսած իրենց ստեղծման պահից՝ 1918 թվականից ու մինչ հիմա:
Երբ մենք միտինգվում էինք պերեստրոյկայի հովերով, իրենք ազգովի Սումգայիթի սպանդն էին սարքում մեր գլխին:
Երբ մենք բողոքում էինք Գորբաչովին, իրենք 400 հազար հայի՝ անարգանքով, ծեծ ու ջարդով, թալանով ու սպանություններով արտաքսում էին տներից ու իրենց ֆորմալ տարածքից:
Երբ մենք կովկասյան «միակ» ժողովրդավարությունն էինք խաղում, իրենք պատերազմն էին սանձազերծում:
Երբ մենք «եվրոժողովրդավարություն» էինք խաղում, իրենք հենց Եվրոպայում քնած հային էին կացնահարում ու հերոս կարգվում:

Այսօր էլ իրենք իրենց խաղերն են խաղում:
Իսկ մենք ի՞նչ ենք անում:
Կասկած չունեմ, որ մենք էլ ենք խաղում: Ուղղակի «անմեղսունակ» ենք խաղում: Որովհետև այսքանից հետո միայն անմեղսունակությունը կարող է դրդել հազար անգամ ադրբեջանցուց տմարդի խաբված ու անարգված ազգին պետական ներկայացուցչությամբ գնալ Բաքու, մասնակցել իրենց խաղերին, ճաշակել նոր ստորացումներ ու մի գուցե, նաև հերթական սպանդի ենթարկվել:
Այդ կապակցությամբ միակ ու հիմնարար հարցը կա- գնում եք որ ինչ անեք, ինչի հասնեք, ում ի՞նչ ցույց տաք, կամ ապացուցեք:
Այլ հարց ուղղակի գոյություն չունի:

Իրականում այդ հարցն էլ գոյություն չունի: Ես, որպես մասնավոր անձ եմ այն ինքս ինձ տալիս: Իսկ որպես պետական-իշխանական, ազգային, կամ հանրային- հրապարակային, այն իրոք, պատշաճ հնչեղությամբ գոյություն չունի:
Մի մարդ «որոշել է» գնալ, պառլամենտը դակել է, մնացածն էլ ջուր են առել բերանները:
Իրականում այդ մարդն էլ չի որոշել: Ինչ որ մեկը, ինչ որ մի հեռախոս, օդից վերցրած մի վերին խորհուրդ, այդ մարդուն ասել է- գնալն է ճիշտը: Ու ազգովի, պետականորեն, գնում ենք Բաքու՝ խաղալու և առնվազն որպես օգտագործված, անպետք առարկա՝ ավելորդ անգամ դեն շպրտվելու:

Անկախության առաջին իսկ օրվանից, իշխանություն կոչված գյադաների կույտը երկրի ու ժողովրդի ձեռը «կրակն» էր ընկած: Այդ կոհորտան երկիրը պետություն սարքելու ձևը չգտավ, բայց և հայ մարդուց շահույթով ազատվելու ձևը գտավ՝ սկսեց արտաքսել-արտահանել նրան ու միլիոնատեր դարձավ:
Հիմա էլ պետականության ձեռն է կրակն ընկած՝ չգիտի որ պատովն այն տա, որ ջնջխվի, պրծնի- վերանա:
Սեպտեմբերի 3-ին հենց նույն մարդը միայնակ որոշեց բիրիքով ազատվել երկրի ու պետության բեռից- կապելով այն եվրասիականության սայլին: Ստորագրման պահին իսկ պարզ էր, որ այդ սայլը բլեֆ է՝ չկա այն ու չի կարող լինել: Բայց մեկ է, մենք համառորեն մեզ կապված ենք համարում այդ չեղած սայլին:

Ենթադրենք ինքնախաբեություն էր, տրված էինք ինքնախաբեության: Բայց ինչո՞ւ հենց մենք: Գենոցիդ է՝ ուրեմն մեր գլխին: Պատերազմ է՝ մեր գլխին, ամենաշատ զոհ տալ է պետք՝ մենք ենք: Արտագաղթելու ռեկորդներ են պետք՝ մենք ենք:
Մարդկությանը բազմաթիվ մահացու հիվանդություններ են հայտնի ու դրա դեմ բժշկություն կա: Իսկ մեր դեպքում ոչ մի դարման չկա՝ մենք ենք ու դեմ հանդիման, մեր վրա մակաբուծող ներքին տգետին ու անինքնասեր պաշտոնյային:
Հաղթանակած պատերազմով հանդերձ, ողբալի վիճակում ենք:

Մարդ չգիտի ինչ լեզվով ու ոճով խոսի, որ ընկալելի լինի որոշում կայացնողի հեռակա ականջներին, պառլամենտ կոչված «լավ տղերքին» և կյանքից կուչ եկած ու մարդկային «լսողությունը» կորցրած հայրենակիցներին:
Լավ, փողն ու իշխանությունը մթագնել են իշխանավորների ուղեղը, բայց մեր բոլորիս աչքերն էլ հո բաց են՝ մենք ինչո՞ւ ենք կույր ձևանում:
 Ենթադրենք թե «քաղաքացին» ու ուղեղակիր մարդը չկան, պետական շահն ու արժանապատվությունը չկան, բայց կյանքի վտանգով Բաքու մեկնող սպորտսմենները, իրենց ծնողները, ընկերներն ու շրջապատն էլ չկա՞ն:

Բա ձայն հանեք, ասեք որ թքած ունենք այդ մեկ մարդու տեսլականների վրա, պառլամենտ կոչված համազգային թյուրիմածության որոշման վրա: Ասեք, որ շախմատի «պեշկա» չեք, որին կարելի է տեղի- անտեղի է զոհել:
Բայց այդ ձայնն էլ չկա: Համատարած խաբեության, հուռա-հայրենասիրության, լպիրշ կեղծիքի, իշխանական ու ընդդիմադիր տհասության պայմաններում մի գուցե իրոք, դժվար է կողմնորոշվելը, բայց 24 տարի շարունա՞կ:

Պետական քարոզչամեքենան խրոնիկ մարդակերին որպես չարաճճի է ներկայացնում, դժոխային կյանքը՝ որպես աստվածատուր երջանկություն, միջազգային նորմերից 10 անգամ շատ ոստիկանությունը որպես կարգ ու կանոնի աղբյուր, սահմանից ներս եռակի թանկացած գազն ու դրա հետագա շղթայական ալան- թալանը՝ որպես հեռատես ռազմավարություն, մասսայական արտագաղթը- որպես անխուսափելի ժամանակագրություն, մտքի ու արժանապատվության բռնաբարումը՝ որպես հայրենասիրություն, երկրի կործանումն էլ որպես օրինաչափ վախճան:
Հետո՞...

Ամեն սուբյեկտ գոյության իր ձևն ունի: Մերոնք արդեն սկսել են հատել գոյության ամենստորին ձևերի սահմաններն էլ:
Օլիգարխիան տնտեսությունը, կյանքն ու ապագայի հարցերն է մոնոպոլացրել, ընդդիմություն էլ հայրենասիրությունը, ժողովրդավարությունն ու քաղաքացիականությունը: Բայց, բացի երկիր ավիրող մի բուռ դրանցից, երկու միլիոն հասարակ մահկանացու կա, անմեղ երեխա ու պատանեկություն կա, հայրենիք կոչվածով տառապող աշխարհասփյուռ հայություն կա:
Ժամանակին մի հիմար էր քար գցում ջրհորը ու մտահոգում հարյուրավորների: Իսկ հիմա երկիրը ջրհորի տեղ դրած հազարավոր հիմարներ են իրենց աղբն այնտեղ թափում:

Համազգային փրկիչը չկա, հանրային հերոսը չկա, ջրհորից քար հանող գիտունները չկան, բայց կան հարց լուծող հայտնի մարզպետները, «լավ տղերքը», նրանց «փառապանծ» սերունդն ու մանկլավիկները՝ անպարտ օլիգարխիան ու աճպարար քրեաոստիկանությունը:
Իգական, հոխորտացող տղամարդու տարօրինակ սեռատեսակ է կերտված երկրում: Կենսաբանորեն այն իբր տղամարդ է, բայց քաղաքական ու հանրային դրսևորումներով՝ կոնչիտայակերպ ինչ որ հիբրիդ:

24 տարի է, օր ու գիշեր ժողովրդավարություն բարբաջելով բռնապետություն էինք կերտում, բայց արարվածն անշուք ու անիմաստ, թքած- կպցրած բալագան է ընդամենը: Գոնե բռնապետություն լիներ, տղամարդու, բռնապետի մեղադրելու տեղ կունենայինք:
Էն օրը ամերիկացի ընկերս ասում է- ես իմ տուն մտնողին կգյուլլեմ: Ես էլ ասում եմ- թե իհարկե կգյուլլես, որովհետև օրենքը քո կողմն է, չես վախենա: Ինքն էլ զարմացած ինձ է նայում, թե ի՞նչ կապ ունի օրենքը: Մտել է տունս, ինձ է սպառնում, կգյուլլեմ: Դա իմ արժանապատվության հարցն է: Հետո կդատեն, չեն դատի, դա ինձ չի հետաքրքրում:

Զուգահեռ չեմ անցկացնում մեր հետ, որովհետև անիմաստ է: Նայենք կողքներս ու կտեսնենք, որ իրականում ոչ մեկս էլ իր տունն արդեն չունի: Դրանք բոլորը նվաճված են իգական տղամարդակերպի կողմից:
Անկազմակերպ ու անհոգ էինք՝ գենոցիդ ունեցանք:
Քաղաքականապես տգետ էինք՝ քրեականի բաժին դառանք:
Անինքնասեր ու զիջող ենք՝ Բաքու կգնանք:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

воскресенье, 3 мая 2015 г.

Գիտնակա՞ն, թե՞…

Բաց նամակ-պատգամ մատաղ սերնդին


Չունի՛ և պարսից արքան 
Որքան պոետն անտուն,
Այնքան գա՛նձ ու խնդում 
Չունի՛ և պարսից արքան...

Կասկածո՞ւմ եք. գիտնակա՞ն, թե՞… այսինքն՝ խորհրդի կարի՞քն ունեք, մատաղ սերնդի սիրելի ներկայացուցիչնե՛ր, ուրեմն ասեմ՝ միանշանակ՝ գիտնակա՛ն, մատա՛ղ, գիտնակա՛ն։ «Մատաղը» իհարկե «մատաղ սերնդի» հետ սազացրած կատակ է՝ բառախաղ, որով ուզեցի ձեզ գրավել, որ խոսքս կարդաք մինչև վերջ։ Ես գիտնական չեմ, այլ, այսօր՝ պոետ, բայց այն բանակին եմ պատկանում, որտեղ գիտության հարգը լավ գիտեն։

Գիտեմ, որ այն երեխաները, որոնք գիտության պոչը բռնելու մտադրություն ու հնարավորություն ունեն, եթե անգամ լրջորեն չեն էլ հետաքրքրվել, միևնույն է՝ ականջի պոչով լսել են, որ վերջին շրջանում ինչքան ասես, բարձրաձայնվեց գիտության զարգացման համար ստեղծված անբարենպաստ վիճակի, ֆինանսավորման աններելի ցածրության, գիտության վարկանիշի բարձրացման անհրաժեշտության, ընդհանրապես, գիտնականի վիճակի մասին մեր երկրում։ Տարուց ավել  է, որ ֆեյսբուքում բացվել է երիտասարդ գիտնականների ՊԳՖԱ (Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում)  նախաձեռնությունն ու որն անվերջ զբաղված է վերը թվարկածս հարցերով։
Հիմա կասեք՝ ինչո՞ւ եք էդ մեծական բաները պատմում մեզ։ Կպատասխանեմ՝ ես ձեզ հետ զրուցում եմ ինչպես հավասարը՝ հավասարի, մեծը՝ մեծի հետ։ Մանավանդ, որ ուզում եմ անկեղծանալ ու ասել, որ մեծերն էլ են սխալվում… Ու մենք սխալվել ենք՝ անտեսելով ձեզ որոշ հարցերում, ես մեղքի զգացում ունեմ, պիտի փորձեմ ուղղել ակամա կատարած սխալները՝ քանի դեռ դրանց հետևանքները չեն երևում։

Երեխաներ ջան, այդ ո՞նց եղավ, որ ես ու ինձ նման շատերը մի պահ աչքներս թեքեցինք ու միգուցե դուք այդ ընթացքում բռնեցիք դաստիարակության ո՛չ այն ուղին, որը մենք նախատեսել էինք ու որը մեր նպատակը չէր։ Մի աֆորիզմ կա. «Խորը գլուխ տալով մեկին՝ մենք մեջքով շրջվում ենք դեպի մյուսը»։ Մեր պարագայում, իհարկե, վիճակը մի քիչ այլ է, քանի որ մենք ոչ թե գլուխ էինք տալիս, այլ անվերջ զբաղված էինք տարբեր ձևերով ու մեթոդներով, դիմում–նամակներով, լրջորեն ու ֆելիետոնային լեզվով՝ գիտության վիճակը բարելավելու կոչով դիմել իշխանավորներին, այսինքն՝ մենք անընդհատ դեմքով կանգնած լինելով դեպի «վերևները», ակամա մեջքով շրջվել էինք դեպի ձեզ։

Մենք մոռացել էինք, որ գիտության վիճակի մասին ասված այդքան վատ բաները դուք էլ եք լսում ու երբ ես ասում եմ՝ գիտնակա՛ն դարձեք, դուք հիմա մտածում եք՝ բայց ինչո՞ւ գիտնական դառնանք, Արամ քեռի, դառնանք, որ 30–60 հազար ստանա՞նք, ավելի լավ չի՞ դառնանք դատավոր ու, եթե ազնիվ աշխատենք, ստանանք 1–1.5 մլն դրամ, իսկ եթե՝ կաշառակեր՝ կրկնակի ու եռակի։ Ես պատասխանում եմ՝ չէ՜, մատա՛ղ՝ գիտնակա՛ն. սկսենք նրանից, որ ամեն մեկը չի կարող գիտնական դառնալ, բայց նա, ով կարող է, ում գիտելիքներն ու իմացությունները թույլ են տալիս, նա չպիտի անգամ երերա կասկածների մեջ։

Այսքան որ բարձրաձայնում ու ասում ենք, բայց չէ՞ որ մենք ուզում ենք այդ ոլորտը կարգավորել հատկապես ձե՛զ համար, դուք էլ հիմա ասում եք՝ որ էդքան վատ է, չենք դառնա՞։ Ոնց թե, սրա համար էի՞նք էսքան պայքարում: Օ’Հենրին մի հայտնի պատմվածք ունի, որը կոչվում է «Մոգերի ընծաները», սրան շատ նման մի իրավիճակ կա. կինը կտրում ու վաճառում է իր շքեղ վարսերն ու ամուսնու ժամացույցի համար շղթա գնում, իսկ ամուսինը վաճառում է ժամացույցն ու կնոջ վարսերի համար գնում վարսակալ։ Սա նման է այն բանին, որ մենք, բան ու գործ թողած, կարգավորում ենք գիտության ոլորտը, որ դուք այնտեղ մտնեք առանց պրոբլեմների. սա մեր նվերը պիտի լիներ ձեզ, իսկ դուք ուզում եք թողնել այն՝ նվիրելով մեզ ձեր (ներեցեք Արամ քեռուն) սխալ որոշո՞ւմը։

Ես համաձայն չե՛մ։ Ասեմ նաև, որ այս պատմվածքը երկու կարևոր խորհուրդ ունի. մեկն այն, որ վերն ասացի, մյուսը՝ որ երջանկությունը հարստության ու մեծ գումարների մեջ չի. երբ  հարուստ ամուսինը տալիս է կնոջը մի քանի հազար դոլար ու ասում՝ գնա քեզ համար նվեր առ իմ կողմից, դա երբեք չի կարող այն արժեքն ունենալ, ինչ ունի ժամացույցի գումարով գնած հասարակ վարսակալը, քանի որ դրանում կան սեր, նվիրում, հույզեր, թրթիռներ...

Շատ շեղվեցինք, երեխե՛ք ջան, վերադառնանք գիտությանը։ Ուրեմն՝ ավելի լավ է ստանալ մի քանի հազար դրամ, քան միլիոն, քանի որ միլիոնի դեպքում դուք փողի գինը չեք իմանա, իսկ մի քանի հազարի դեպքում հայրենական դրամի ամեն լումայի գինը լա՜վ կիմանք։J

Երկրորդ, եթե շատ գումար ունենաք, կարող եք շրջել աշխարհի շատ հետաքրքիր ու զարմանահրաշ վայրեր, բայց կան վայրեր, որ միայն գիտության մարդկանց են հասանելի. դրանք գիտության լաբիրինթոսներն են, որոնք, ասում են, որ շա՜տ ավելի հետաքրքիր, գրավիչ ու զարմանահրաշ են։ Ի վերջո, գիտությունը սահմաններ չունի, ու եթե ինչ–ինչ պատճառներով դու չես կարող լցնել սեփական երկրի գիտական մտքի գանձարանը, դու կարող ես լցնել աշխարհինը. Չէ՞ որ քո երկրին էլ մի կաթիլ կհասնի, իսկ օվկիանոսը կաթիլներից է գոյանում։ Բալզակն ասում է, որ այն մարդիկ, որոնք չափազանց շատ են վայելքներ ճաշակում, անխուսափելիորեն բթանում են: Գիտության մարդուն այդ վտանգը չի սպառնում։ Լավ գիտնականի համար բաց են աշխարհի բոլոր դռները, նա ամենուր ցանկալի ու հարգված է։ Նա կարևոր հյուրի իրավունքով մուտք ունի այնպիսի տեղեր, որտեղ մեկ ուրիշը մե՜ծ գումարներ ծախսելով հազիվ դռան մոտ կհայտնվի։

Այնպես որ, մասնագիտություն ընտրելիս առաջնորդվեք առողջ բանականությամբ և ոչ թե մեծ գումարներ վաստակելու հեռանկարով և շատ էլ մի տարվեք ՊԳՖԱ–ի մեծ քեռիների՝ գիտնականների աղքատության մասին  խոսակցություններով։ Սոկրատեսն ասել է՝ «Հարստությունը կիրթ լինելու մեջ է, իմաստության մեջ, առաքինության մեջ»։ Ի վերջո, գիտնականը աղքատ լինել չի կարող, քանի որ ամենամեծ հարստությունը գիտելիքն է։

Այնպես որ, դուք գիտնական դարձեք։ Դե իսկ ես… ինձ համար արդեն ուշ է. ես կմնամ պոետ, քանի որ...
Հարո՛ւստն է պոետն այնքան
Երկրի մթին բանտում...
Չունի՛ և պարսից արքան
Որքան պոե՛տն անտուն...

ԱՐԱՄ ՊԱՊԱՅԱՆ