понедельник, 7 июля 2014 г.

«Ղարաբաղի հարցը կողմերի համար միշտ էլ եղել է խաղալիք». Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ «մեզ օգտագործում են որպես գործիք Ադրբեջանի դեմ»






«Մեդիալաբի» զրուցակին է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Նախախորհրդարանի նախագահության անդամ Ժիրայր Սեֆիլյանը

-Պարոն Սեֆիլյան, հետաձգվում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը: Ինչո՞վ եք սա պայմանավորում:

-Եվրասիական տնտեսական միության ստեղծման վերաբերյալ իմ կարծիքն առաջին օրվանից եղել է այն, որ դա այդպես էլ կյանքի չի կոչվելու: Դա մեռելածին ծրագիր է, մինչև ծնվելը մեռնելու է: Սա իմ համոզմունքն էր մեկ տարի առաջ: Ինչ վերաբերում է առկա հետաձգումներին, ես կարծում եմ, որ պատճառն Ադրբեջանի գործոնն է: Մենք նկատում ենք, որ մանավանդ վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանը դարձել է առևտրի օբյեկտ: Ռուսաստանի համար այսօր Հայաստան գոյություն չունի, Հայաստանի խնդիրը լուծված է: Կա Ադրբեջանի խնդիը, թե ինչպես պետք է այդ երկրին համոզեն, պարտադրեն և բերեն դեպի իրենց դաշտ: Ես ենթադրում եմ, որ ռուսական կողմն ունի որոշում, որ Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն պետք է լինի Ադրբեջանի հետ միասին: Եթե դա լիարժեք չլինի, ապա գոնե Ադրբեջանի ղեկավարությունից բանավոր դրական պատասխան ստանալուց հետո միայն Հայաստանը պետք է մուտք գործի այդ միություն: Ես կարծում եմ, որ հետաձգումները շարունակվելու են, և մի օր էլ լսելու ենք, որ այդ ծրագիրը հօդս է ցնդել, և այդպիսի գործընթաց այլև տեղի չի ունենալու:

-Իսկ ինչպե՞ս կարող է Ռուսաստանն Ադրբեջանին ներքաշել այդ միություն, ի՞նչ տարբերակ եք տեսնում:

-Հայկական կողմն օգտագործելի վիճակում է: Մեզ օգտագործում են որպես գործիք և Ղարաբաղի հարցում, և առհասարակ որպես գործիք են օգտագործում Ադրբեջանի դեմ՝ ասելով՝ ցանկացած ժամանակ մենք կարող ենք հայերին «քսի տալ» ձեզ վրա: Ռուսները Ադրբեջանին հիշեցնում են՝ հիշեք, 20 տարի առաջ դուք ի վերջո պարտություն եք կրել հայերի կողմից: Նախիջևանում տեղի ունեցող գործընթացները ես այս համատեքստում եմ տեսնում: Այս հատվածում հայկական կողմի դիրքերի առաջխաղացումը պատահական չէ, քաղաքական նշանակություն ունի: Ես համոզված եմ, որ այդ որոշումը ոչ թե Բաղրամյան 26-ում է կայացել, այլ Կրեմլում: Կոնկրետ Նախիջևանի դեպքով Ադրբեջանին հասկացնում են, որ պետք է ենթարկվել: Ճնշումն Ադրբեջանի վրա միայն այս ձևով չէ: Ռուսաստանն այսօր ունի այլ լծակներ ևս, որոնք գործի է դրել՝ ընդհուպ հիշեցնելով Ադրբեջան պետության էթնիկ հանգամանքի մասին: Մենք գիտենք, որ այդ երկրում կա լեզգիների, թալիշների հանգամանքը: Այսինքն՝ Ադրբեջանը ներսից մասնատելը խաղ ու պար է: Այս իմաստով մեզ համար վատ չէ, սակայն խնդիրն այն է, որ մենք այսօր պետություն չունենք, կա անուն, սակայն բովանդակություն չկա: Աշխարհաքաղաքական զարգացումներն այսօր ի վնաս մեզ չեն, սակայն  եթե այս կարճ ժամանակահատվածում մեզ չհաջողվի պետություն  ստեղծել, արդեն մենք մեր պետականությունն իսպառ վերացնելու վտանգի առաջ ենք կանգնում:

-Իսկ հնարավոր տարբերակ համարո՞ւմ եք, որ Ռուսաստանը կարող է Ղարաբաղի հարցում Ադրբեջանի խոստումներ տալով՝ այդ երկրին ներքաշել Եվրասիական տնտեսական միություն: Այսինքն՝ Ղարաբաղի հարցում ոչ հայանպաստ լուծում այստեղ տեսնո՞ւմ եք:

-Ղարաբաղի հարցը աշխարհաքաղաքական կողմերի համար միշտ էլ եղել է խաղալիք՝ հանձինս Մինսկի խմբի համանախագահ երկրների: Նրանք 20 տարի հիմնախնդրի լուծմամբ չէ, որ փորձել են զբաղվել, այլ խնդրի օգտագործմամբ՝ ճնշելով այս կամ այն կողմին: Եվ դա շարունակվում է: Մենք նկատում ենք, որ Ռուսաստանից բացի, Արևմուտքի կողմից էլ կան քայլեր, մասնավորապես Արցախի մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, պրոադրբեջանական կեցվածքը: Այս ամբողջը մրցակցություն է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև, թե ով ավելի պետք է հաջոյանա Ադրբեջանին: Դժբախտաբար այստեղ մենք ընդամենը կաշառքի առարկայի դիրքում ենք: Բայց վիճակը մեզ չպետք է հիասթափեցնի, մենք կանք, կան լուրջ մարդիկ Հայաստանում և ոչ միայն Հայաստանում, ովքեր խնդիր են դրել օր առաջ զբաղվել գլխավոր օրակարգով: Իսկ օրակարգը մեկն է՝ օր առաջ Հայաստանում հաստատել պետություն:

-Պարոն Սեֆիլյան, այս փուլում Հայաստանում սոցիալական վիճակը լարվում է՝ էլեյտրաէներգիայի սակագնի թանկացմանը նոր թանկացումներ են հաջորդելու: Ի՞նչ պետք է անել:

-Պարզ է, որ ի վնաս ժողովրդի ընդունվող այս որոշումները մեծ հաշվով պետք է օգնեն մեզ, այն մարդկանց, որոնք երկրում  արմատական փոփոխություն են իրականացնելու: Դրա անունը կդնեն հեղափոխություն, թե ոչ, կարևոր չէ, կարևորը այսօր հանձինս մեզ առկա  է մի ուժ, որը չի սպասելու 2017-2018 թվական՝ հերթական ընտրություններին: Մենք մեր առաջ դրել ենք ժամկետ՝ Ցեղասպանության 100-ամյակն առանց այս ռեժիմի: Դրանից այն կողմ մենք չենք անցնելու, փոփոխությունն անպայման պետք է լինի: Հետևաբար, նման որոշումները միայն ու միայն օգնելու են մեզ:

Մարի Ներսեսյան
Medialab.am

Комментариев нет:

Отправить комментарий