четверг, 24 июля 2014 г.

1988Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 20. ՄԻՖ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

(ՊԱՏԱՍԽԱՆ ՄԻ ՊԱՏՎԵՐԱԳՐԻ)

Ժամանակները պատմության ու ժողովուրդների կենսագրության մեջ մտնում են իրենց անհատականություն-
ներով եւ նրանց կատարած գործերով: Տեղին է նշել Խրիմյան Հայրիկի իմաստուն խոսքերը. «Աշխարհիս վերայ մարդոցն կոչումն`  պատիվ, փառք արժանապատվութիւն` ետ գործերու կռիվն է. նա ինչ վիճակի մեջ կլինի, թող լինի, նորա նուիրական պարտքն է ճանչնալ նաեւ թե ինքն այս աշխարհիս վերայ դիպվածով եւ ունայնաբար չէ եկել, այլ մեծամեծ պարտիքներ կատարելու կատարելու համար ծնող է»:

Այս խոսքերը կարելի է անվարան հասցեագրել Վլադիկ Հակոբյանին: Նա ծնվել էր գիտնական-մանկավարժ լինելու, իր ժողովրդի կենսագիրը դառնալու, հոգու ջերմությունը մատաղ սերնդին տալու համար:
Բայց եկավ 88-ը:

Հաղթանակը կերտելու համար ժողովուրդը ծնեց իր զինվորներին: Եվ այդ անպարտ բանակի առաջին շարքերում էր Վլադիկ Հակոբյան պատմաբանն ու քաղաքական գործիչը: Նա իր ողջ կյանքը ապրեց անանձնական կյանքով` գիտակցելով, որ ազատությունը եւ առավել շատ պետականությունը ձեռք է բերվում նվիրումի ու զոհողության միջոցով: Հայրենիքի հանդեպ մեծ պատասխանատվությամբ, գործելու նախանձախնդիր կամքով ու վճռականությամբ Վլադիկ Հակոբյանը ստանձնեց ԼՂՀ Գերագույն խորհրդի քարտուղարի պարտականությունը իր ներդրումը բերելով նորանկախ երկրի հիմքերի ամրակայմանը: 

Ավաղ կարճ եղավ նրա երկրային կյանքը: Ցավալիորեն այսօր` մեր հակասական օրերում, գտնվում են մարդիկ, ովքեր արատավորում են նման գործիչների անունը: Դա բարոյական չէ: Այդպես երկիր չեն կառուցում: 
«ԱՊԱՌԱԺ»


ԼՂՀ Գրողների միության «Եղիցի լույս» թերթի 2014 թվականի մայիսյան համարում «Մի դիպվածի շուրջ» վերնագրով հոդված է տպագրվել, որի յուրաքանչյուր տողից երեւում է, որ գործ ունենք պատվերով գրված ապատեղեկատվության հետ: Պատվիրատուն ակնհայտ է: Եվ գուցե պատահական չէ, որ այն տպագրվել է հենց Գրողների միության պաշտոնաթերթում, որտեղ նյութի հենց սկզբում հեղինակն իր դետեկտիվ հեքիաթը գրելու շարժառիթը կապում է Վարդան Հակոբյանի հարցազրույցի հետ:

Երկար ժամանակ մտածում էի՝ պատասխանե՞լ այս զավեշտին, թե՞ ոչ: Եթե ինձ անվանարկած լինեին, միանշանակ չէի պատասխանի. ես կարողանում եմ արհամարհել: Բայց այդ հրապարակմամբ փորձել են ստվեր նետել լուսահոգի հորս՝ Արցախի պետականաշինության ակունքներում կանգած, նախկին ԳԽ քարտուղար Վլադիկ Հակոբյանի անվան ու արժանապատվության վրա, հետեւաբար` անարդարության հանդեպ լռությանս համար հետագայում ինքս ինձ էի մեղադրելու: Վլադիկ Հակոբյանին «բարոյական կանոնի» մեջ մեղադրելն ու զրպարտելը, կեղծիքը որպես իրականություն ներկայացնելը, իրոք, անբարոյականություն է:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի որոշմամբ եւ Արցախյան գոյապայքարի նվիրյալներից մեկի՝ ԱրՊՀ ռեկտոր Համլետ Գրիգորյանի նախաձեռնությամբ 2008թ. հրատարակվեց «Պատմական նստաշրջան. փաստաթղթերի եւ նյութերի ժողովածու» գիրքը (հեղինակներ` պատմական գիտությունների թեկնածու, այժմ՝ դոկտոր Վահրամ Բալայան ու պատմական գիտությունների թեկնածու, ԱրՊՀ դասախոս Տարոն Հակոբյան): «Երկու խոսք»-ում գրել էինք, որ գրքի տպագրության համար հիմք հանդիսացող ԼՂԻՄ մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի նիստի արձանագրության կապոցը փրկվել է գիտնական ու քաղաքական գործիչ Վլադիկ Հակոբյանի շնորհիվ: Փաստաթղթերի վերոհիշյալ կապոցը ԼՂՀ Գերագույն խորհրդի բազմաթիվ այլ փաստաթղթերի հետ Վլադիկ Հակոբյանի մահից հետո ես էի հայտնաբերել նրա արխիվում, որոնք գրքի տպագրությունից անմիջապես հետո հանձնել ենք ԼՂՀ արխիվ (կարծում եմ` արածս փնովանքի արժանի չէ): Ի դեպ, փաստաթղթերի մի մասի վրա կային հրետակոծության, բեկորների հետքեր:

Անցյալում արխիվ հանձնված որոշ փաստաթղթերի անհետանալուց հետո ես եկա այն համոզման, որ այդ փաստաթղթերն իր մոտ տեւական ժամանակ պահելու համար (որպես պատմաբան այն հետագայում ուսումնասիրելուց եւ հրատարակության պատրաստելուց բացի) հայրս լուրջ պատճառներ է ունեցել. որոշ քաղաքական ուժերի եւ անձանց ձեռնտու չէր շատ փաստաթղթերի գոյությունը. արխիվ հանձնված որոշ նյութերի անհետացումը պատահական չէ:

Հարց է ծագում. ո՞րն է պատճառը, որ 2008թ. «Պատմական նստաշրջան» գիրքը տպագրվելուց 6 տարի հետո միայն ոմն պատմաբան «կմտահոգվի»` «…անհետացել են ԼՂԻՄ մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի «20-րդ գումարման չորրորդ արտահերթ նստաշրջանի ձայնահոլովակները, ինչպես նաեւ պաշտոնական բոլոր փաստաթղթերը», որոնք «մի քանի տարի հետո գտնվել են ԼՂՀ կառավարությունում ժամանակին քարտուղար աշխատած Վլադիկ Հակոբյանի բնակարանում` արդեն աղճատված, կիսատ-պռատ վիճակում»:

Կրկին նկատենք, որ այս հոդվածը տպագրվում է գիրքը հրատարակելուց 6 տարի անց եւ վերոհիշյալ նստաշրջանում նախագահող Վիգեն Հայրապետյանի մահից հետո (վերջինս կարող էր հաստատել փաստաթղթերի վավերականությունը), եւ այդ ամենը այն դեպքում, երբ գրքում էջ առ էջ ներկայացված են 1988թ. պատմական նստաշրջանի բոլոր նյութերը՝ ելույթներ (հեղինակների ձեռագրով ու ստորագրությամբ) եւ այլ փաստաթղթեր: Ստացվում է, որ ոմանք լուրջ վտանգ են տեսնում վկաների, փաստաթղթերի մեջ, եւ նախընտրում են ձերբազատվել վերջիններից, որպեսզի հանկարծ բռնող չլինի իրենց ստի եղջյուրներից:

Ինչ վերաբերում է Հ. Աբրահամյանի ակնարկած «մի քանի թերթերի» պակասին, նշեմ, որ գրքի ներածությանը կցված ծանոթագրության մեջ Վահրամ Բալայանը գրել էր, որ ցավոք սրտի 3 պատգամավորների ելույթների բնօրինակները չեն պահպանվել: Այսինքն՝  «մի քանի թերթերի» պակասի մասին արդեն ակնարկվել էր գրքում, եւ զարմանալ կարելի է, որ պատմաբանի «սուր աչքն» այն 6 տարի հետո է միայն նկատել, եւ նա «համեստորեն» մի քանի պակաս թերթերի «հայտնագործությունը» վերագրում է իրեն:

Սեփական հայեցողությամբ Արցախի պատմաբանի պաշտոնը ստանձնած երեւանաբնակ «գիտնականը» պատվերով գրած իր նյութին արժանահավատ տեսք տալու համար դետեկտիվ գույներով երրորդական մանրամասներ ու անանուն հերոսների մասին հեքիաթներ է պատմում: Ահա մի հատված. «Իմ որոնումների մասին գիտեին նաեւ Արցախի պետական համալսարանում, որտեղ դասախոս մի լրագրող ինձ միշտ «հուսադրում» էր, թե ինքը հետքը գտել է. մեկը կա Ռուսաստանում, շուտով կգա, եւ նա տեղը ցույց կտա…», ՙԽիստ ցուրտ էր, սառնամանիք: Փեսայիս՝ Աշոտի հետ… Նա մենակ էր ապրում: Նստած էր բազմոցին՝ էլեկտրասալիկը ոտների արանքում: Սիրալիր դիմավորեց մեզ… «եւ այլն:

Նման կարգի տողերը միայն մանկապարտեզի երեխաներին կարող են հուզել: Ուշադրություն դարձրեք՝  «դասախոս մի լրագրող», «մեկը կա Ռուսաստանում, շուտով կգա…» Գոնե նյութը չստորագրեր` որպես պատմական գիտությունների դոկտոր, քանի որ` ոչ թե պատմաբանի հոդված, այլ կարծես հեքիաթ լինի՝ համեմված Նոստրադամուսի կամ Վանգայի գուշակություններով…

Միաժամանակ, այս փոքրիկ հոդվածում այնքան սխալներ ու թյուրիմացություններ կան, որ թվում է, թե այն ծնկներին դրած, շտապ գրել են դպրոցական նստարանին: Այսպես՝ «ԼՂՀ կառավարությունում ժամանակին քարտուղար աշխատած Վլադիկ Հակոբյանի…» (Վլադիկ Հակոբյանը երբեք քարտուղար չի աշխատել ԼՂՀ կառավարությունում, այլ եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի քարտուղար: Իրեն պատմաբան հորջորջողը կառավարությունը չի տարբերում Գերագույն խորհրդից), «20-րդ գումարման չորրորդ արտահերթ նստաշրջանի ձայնահոլովակները» (մի պահ պատկերացրեք 1988թ. փոթորկահույզ փետրվարին ինչ-որ մարդիկ նստաշրջանի ձայնահոլովակ են պատրաստում: Գուցե արդեն DVD էլ կար նիստերի դահլիճում՝ ձայնահոլովակները դիտելու համար կամ գուցե պրոյեկտոր…):

Ծերունախտով տառապող վայ-գիտնականը 1988 թիվը շփոթել է 1998 կամ 2008 թվականների հետ՝ 1988-ից մեկ-երկու տասնամյակ առաջ ցատկելով ու մոռանալով, ավելի ճիշտ չիմանալով, որ Ադրբեջանից ժամանած պաշտոնյաներն ու Կեւորկովը ամեն կերպ փորձում էին խափանել նստաշրջանի աշխատանքները եւ նույնիսկ մարզխորհրդի կնիքն էին փախցնել տվել ոմն Օսիպովի միջոցով:

Եթե հարգարժան «պատմաբանը «իսկապես ցանկանում է ինչ-ինչ ճշմարտություններ բացահայտել, թող խոստովանի, որ վերոհիշյալ նստաշրջանի փաստաթղթերի գոյությունը ձեռնտու չէ ոմանց, ու նրանք շահագրգռված են այն ներկայացնել որպես «կիսատ-պռատ» եւ դետեկտիվ մեկնաբանություններով, որովհետեւ վերջիններս կարծել են, թե արդեն ընդմիշտ կորսված են նստաշրջանի նյութերը, եւ իրենք իրականությունից դուրս հեքիաթներ ու ֆանտաստիկ պատմություններ են ստեղծել, պատվերով գրել տվել եւ տպագրել իրենց մասին:

Հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ երեւանյան իր փափուկ բազկաթոռի մեջ փռված՝ Արցախի «նորագույն պատմություն» ծեփող Հրանտ Աբրահամյանի հրապարակումները բացասական ռեզոնանս եւ դժգոհություն են առաջ բերում Արցախում: Մարդ, որ արցախյան շարժման տարիներին երեւանյան իր պատուհանից էր հետեւում իրադարձություններին, տարիներ հետո էլ՝ ոտնակոխ անելով բարոյականության բոլոր նորմերը, իրեն իրավունք է վերապահում սեփականաշնորհել ազգային-ազատագրական պայքարը, պատերազմից տասնամյակներ հետո իրեն հաճո հերոսներ կերտել` ձեռքի հետ էլ՝ քար շպրտելով ազնիվ ու հայրենանվեր մարդկանց անվան ու վաստակի վրա: Մինչդեռ Վլադիկ Հակոբյանը Արցախյան շարժման առաջին օրերից, Երեւանում թողնելով իր տունը, ընտանիքով տեղափոխվել էր Արցախ` իր մտավոր ներուժն ի սպաս դնելով Գոյապայքարին:

Ի դեպ, Հրանտ Աբրահամյան-«պատմաբանը» ավելի շատ հայտնի է գիտական շրջանակներին` որպես արցախցի երիտասարդ կադրերի գիտական թեզերի պաշտպանությանը արդյունավետ խոչընդոտող: Ճիշտ է, այս տխրահռչակ իմաստակը միակը չէ մեր օրերում, որ փորձում է իրականության հետ աղերս չունեցող հեքիաթներ տպագրելով միֆ ստեղծել՝ արհեստական հերոսներ կերտելու նկրտումով, սակայն նման փորձերը, բարեբախտաբար, դատապարտված են. պատմությունը ինքն է սրբագրումներ անում եւ վերականգնում արդարությունը:

2008 թ. տպագրված «Պատմական նստաշրջան» փաստաթղթերի ժողովածուն իրական տարեգրությունն է ներկայացնում: ԻՐԱԿԱՆԸ, ԻՍԿԱԿԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է: Ահա, թե ինչու ոմանց ձեռնտու է, որ այդ փաստաթղթերը կամ ընդհանրապես չլինեն, կամ ներկայացվեն որպես անարժանահավատ, պակասող էջերով:

Տարոն ՀԱԿՈԲՅԱՆ
Պատմական գիտությունների 
թեկնածու

Հ. Գ. – Հարկ եղած դեպքում` կարող եմ կեղծարարությունը հերքող այլ փաստեր ներկայացնել՝ դրանք հաստատող վկաներով:

«Ապառաժ». aparaj.am

понедельник, 7 июля 2014 г.

«Ղարաբաղի հարցը կողմերի համար միշտ էլ եղել է խաղալիք». Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ «մեզ օգտագործում են որպես գործիք Ադրբեջանի դեմ»






«Մեդիալաբի» զրուցակին է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Նախախորհրդարանի նախագահության անդամ Ժիրայր Սեֆիլյանը

-Պարոն Սեֆիլյան, հետաձգվում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը: Ինչո՞վ եք սա պայմանավորում:

-Եվրասիական տնտեսական միության ստեղծման վերաբերյալ իմ կարծիքն առաջին օրվանից եղել է այն, որ դա այդպես էլ կյանքի չի կոչվելու: Դա մեռելածին ծրագիր է, մինչև ծնվելը մեռնելու է: Սա իմ համոզմունքն էր մեկ տարի առաջ: Ինչ վերաբերում է առկա հետաձգումներին, ես կարծում եմ, որ պատճառն Ադրբեջանի գործոնն է: Մենք նկատում ենք, որ մանավանդ վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանը դարձել է առևտրի օբյեկտ: Ռուսաստանի համար այսօր Հայաստան գոյություն չունի, Հայաստանի խնդիրը լուծված է: Կա Ադրբեջանի խնդիը, թե ինչպես պետք է այդ երկրին համոզեն, պարտադրեն և բերեն դեպի իրենց դաշտ: Ես ենթադրում եմ, որ ռուսական կողմն ունի որոշում, որ Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն պետք է լինի Ադրբեջանի հետ միասին: Եթե դա լիարժեք չլինի, ապա գոնե Ադրբեջանի ղեկավարությունից բանավոր դրական պատասխան ստանալուց հետո միայն Հայաստանը պետք է մուտք գործի այդ միություն: Ես կարծում եմ, որ հետաձգումները շարունակվելու են, և մի օր էլ լսելու ենք, որ այդ ծրագիրը հօդս է ցնդել, և այդպիսի գործընթաց այլև տեղի չի ունենալու:

-Իսկ ինչպե՞ս կարող է Ռուսաստանն Ադրբեջանին ներքաշել այդ միություն, ի՞նչ տարբերակ եք տեսնում:

-Հայկական կողմն օգտագործելի վիճակում է: Մեզ օգտագործում են որպես գործիք և Ղարաբաղի հարցում, և առհասարակ որպես գործիք են օգտագործում Ադրբեջանի դեմ՝ ասելով՝ ցանկացած ժամանակ մենք կարող ենք հայերին «քսի տալ» ձեզ վրա: Ռուսները Ադրբեջանին հիշեցնում են՝ հիշեք, 20 տարի առաջ դուք ի վերջո պարտություն եք կրել հայերի կողմից: Նախիջևանում տեղի ունեցող գործընթացները ես այս համատեքստում եմ տեսնում: Այս հատվածում հայկական կողմի դիրքերի առաջխաղացումը պատահական չէ, քաղաքական նշանակություն ունի: Ես համոզված եմ, որ այդ որոշումը ոչ թե Բաղրամյան 26-ում է կայացել, այլ Կրեմլում: Կոնկրետ Նախիջևանի դեպքով Ադրբեջանին հասկացնում են, որ պետք է ենթարկվել: Ճնշումն Ադրբեջանի վրա միայն այս ձևով չէ: Ռուսաստանն այսօր ունի այլ լծակներ ևս, որոնք գործի է դրել՝ ընդհուպ հիշեցնելով Ադրբեջան պետության էթնիկ հանգամանքի մասին: Մենք գիտենք, որ այդ երկրում կա լեզգիների, թալիշների հանգամանքը: Այսինքն՝ Ադրբեջանը ներսից մասնատելը խաղ ու պար է: Այս իմաստով մեզ համար վատ չէ, սակայն խնդիրն այն է, որ մենք այսօր պետություն չունենք, կա անուն, սակայն բովանդակություն չկա: Աշխարհաքաղաքական զարգացումներն այսօր ի վնաս մեզ չեն, սակայն  եթե այս կարճ ժամանակահատվածում մեզ չհաջողվի պետություն  ստեղծել, արդեն մենք մեր պետականությունն իսպառ վերացնելու վտանգի առաջ ենք կանգնում:

-Իսկ հնարավոր տարբերակ համարո՞ւմ եք, որ Ռուսաստանը կարող է Ղարաբաղի հարցում Ադրբեջանի խոստումներ տալով՝ այդ երկրին ներքաշել Եվրասիական տնտեսական միություն: Այսինքն՝ Ղարաբաղի հարցում ոչ հայանպաստ լուծում այստեղ տեսնո՞ւմ եք:

-Ղարաբաղի հարցը աշխարհաքաղաքական կողմերի համար միշտ էլ եղել է խաղալիք՝ հանձինս Մինսկի խմբի համանախագահ երկրների: Նրանք 20 տարի հիմնախնդրի լուծմամբ չէ, որ փորձել են զբաղվել, այլ խնդրի օգտագործմամբ՝ ճնշելով այս կամ այն կողմին: Եվ դա շարունակվում է: Մենք նկատում ենք, որ Ռուսաստանից բացի, Արևմուտքի կողմից էլ կան քայլեր, մասնավորապես Արցախի մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, պրոադրբեջանական կեցվածքը: Այս ամբողջը մրցակցություն է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև, թե ով ավելի պետք է հաջոյանա Ադրբեջանին: Դժբախտաբար այստեղ մենք ընդամենը կաշառքի առարկայի դիրքում ենք: Բայց վիճակը մեզ չպետք է հիասթափեցնի, մենք կանք, կան լուրջ մարդիկ Հայաստանում և ոչ միայն Հայաստանում, ովքեր խնդիր են դրել օր առաջ զբաղվել գլխավոր օրակարգով: Իսկ օրակարգը մեկն է՝ օր առաջ Հայաստանում հաստատել պետություն:

-Պարոն Սեֆիլյան, այս փուլում Հայաստանում սոցիալական վիճակը լարվում է՝ էլեյտրաէներգիայի սակագնի թանկացմանը նոր թանկացումներ են հաջորդելու: Ի՞նչ պետք է անել:

-Պարզ է, որ ի վնաս ժողովրդի ընդունվող այս որոշումները մեծ հաշվով պետք է օգնեն մեզ, այն մարդկանց, որոնք երկրում  արմատական փոփոխություն են իրականացնելու: Դրա անունը կդնեն հեղափոխություն, թե ոչ, կարևոր չէ, կարևորը այսօր հանձինս մեզ առկա  է մի ուժ, որը չի սպասելու 2017-2018 թվական՝ հերթական ընտրություններին: Մենք մեր առաջ դրել ենք ժամկետ՝ Ցեղասպանության 100-ամյակն առանց այս ռեժիմի: Դրանից այն կողմ մենք չենք անցնելու, փոփոխությունն անպայման պետք է լինի: Հետևաբար, նման որոշումները միայն ու միայն օգնելու են մեզ:

Մարի Ներսեսյան
Medialab.am

Ինչից է վախենում Ռուսաստանը Հայաստանում


Հասարակական կարծիքի ուսումնասիրման Համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման տվյալով, ռուսաստանցիների 70 տոկոսը կողմ է Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը: Հայաստանի իշխանությունը մշտապես հավաստիացրել է, որ այդ միությանը Հայաստանի անդամակցությանը կողմ է Հայաստանի հասարակության մեծամասնությունը:

Բայց, մեծամասնության այդ կարծիքի վստահելի ապացույց չկա: Հայաստանում վարկաբեկված է սոցհարցման ինստիտուտը, իսկ ընտրական կամ հանրաքվեի մեխանիզմն էլ կեղծված է, եւ եթե հնարավոր լինի անցկացնել այդպիսի քվեարկություն, ապա մեղմ ասած դժվար է պատկերացնել, որ այն կարտացոլի իրական պատկերը:

Մյուս կողմից, այստեղ ամեն ինչ հարաբերական է, քանի որ Հայաստանի հասարակության մեծամասնությունը գտնվում է միակողմանի քարոզչական մամլիչի տակ: Այդ հասարակությանը երկշերտ մամլիչով համոզում են, որ Հայաստանն այլընտրանք չունի, քան ինտեգրվել այդ ռուսական կայսերական նախագծերին: Ինչպես ածելիի հայտնի գովազդում՝ մի շերտը սափրում է մաքուր, երկրորդը սափրում է ավելի մաքուր:

Հայաստանի հասարակության գիտակցությունը քարոզչական երկշերտ մամլիչի մի շերտը «սափրում» է մաքուր, երկրորդը՝ ավելի «մաքուր»: Երկու շերտերը հայկական եւ ռուսական հեռարձակող մեդիաներն են: Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը սպառում է դրանք՝ լսում է ռուսական «կիսլի» հեռուստաարտադրանքը, հետո դրա բառի բուն եւ պատկերավոր իմաստով թարգմանված տարբերակը հայկականով:

Այդ պատճառով, պետք չէ բացառել, որ Հայաստանի քաղաքացիների ոչ թե 70, այլ նույնիսկ 90 տոկոսը կողմ լինի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը: Քանի որ, նաեւ, սա այն բացառիկ դեպքերից է, երբ հանրությունը ոչ միայն իշխանության քարոզչության, այլ նաեւ ոչիշխանական ուժերի երբեմն ուղղակի, իսկ երբեմն էլ ակադեմիական քողարկման ենթարկվող քարոզչության տակ է: Այսինքն, ի տարբերություն ածելիի հայտնի գովազդի՝ Հայաստանի հասարակության գիտակցությունը սափրվում է դեռ երրորդ շերտով էլ:

Բայց, հասարակության գիտակցությունն «աճում» է բավական արագ եւ դժվար է դառնում ածելին փոխել (այլը պարզապես չունեն), այն «բթանում» է: Բանն այն է, որ հանրությանը խոստացված մանանաները չեն թափվում, կամ թափվում է ոչ թե մանանա, այլ կծու տաքդեղ:

Հասարակությանը խոստացել են էժան էներգակիրներ, մինչդեռ պարզվում է, որ էլեկտրաէներգիան թանկանում է, հերթի մեջ է գազը՝ քանի որ Գազպրոմը ծրագրում է բարձրացնել Ռուսաստանի ներքին գները, ու այդ ամենից զատ էլ պարզ է դառնում, որ ռուսական մենեջմենտը ուղղակի քայքայման եւ ճգնաժամի է հասցրել Հայաստանի էներգետիկան:

Հասարակությանը խոստացել են անվտանգություն, բայց Հայաստանի Եվրասիական միությանը անդամակցելու մտադրության մասին հայտարարությունից հետո Հայաստանի սահմաններում Ադրբեջանը սկսել է ավելի ինտենսիվ կրակել՝ Հայաստանի սահմաններից ավելի հաճախակի են դարձել Ադրբեջանի կրակոցներից զոհերի մասին տեղեկությունները: Դա էլ այն անվտանգությունն է, որն իբր ավելի բարձր էր դարձել սեպտեմբերի 3-ից հետո: Ավելին, ռուսաստանցի քաղաքագետները սկսել են Հայաստանի հասարակությանը հասցնել Կրեմլի մեսիջները, որ ձեզ կպաշտպանեն, եթե համաձայնեք Արցախի հաղթանակը ռուսաստանցի խաղաղարարներին զիջել:

Հայաստանի հասարակությունն արդեն մեկ տարի է չի տեսնում Ռուսաստանից խոստացված ներդրումները, փոխարենը տեսնում է Ռուսաստանի միջազգային մեկուսացման հետեւանքը, տեսնում է, թե ինչպես է Ռուսաստանը շարունակում Հայաստանից աշխատուժի ներգրավման քաղաքականությունը: Ռուսաստանին Հայաստանի մնացյալ աշխատուժը պետք է իր տարածքում:

Հասարակությունը չի կարող չտեսնել այդ ամենը, չզգալ, չհասկանալ, չգիտակցել: Ընդ որում, այն, ինչ արդեն երեւացել է կամ շոշափվել, դեռեւս Եվրասիական միության ձնծաղիկներ են, քանի որ Հայաստանի բուն անդամակցությունից հետո հասարակությունն էլ ավելի ուժգին ու լայն շրջանակով է զգալու տնտեսական այդ միության հետեւանքը, երբ կսկսի իրական պայքար կարկանդակի համար, որից Հայաստանին բաժին կհասնեն միայն փշրանքները:

Գուցե դրա համար է Ռուսաստանը ձգում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը; Եթե այժմ, դեռ չանդամակցած, միայն ձնծաղիկներով Հայաստանի հասարակությանն ավելի ու ավելի պարզ է դառնում անվտանգության եւ տնտեսական բարեկեցության բլեֆը, ապա բուն անդամությունից շատ քիչ ժամանակ անց Հայաստանում 70, 80 կամ 90 տոկոսն արդեն ոչ թե այդ միության, այլ դրանից Հայաստանի դուրս գալու կողմնակիցներ են լինելու:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ