пятница, 22 ноября 2013 г.

ԱՄՆ ակնարկը Հայաստանում ստուգայցի եկող Պուտինին


Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Հայաստանին ՆԱՏՕ-ի շաբաթի կապակցությամբ, որն անցկացվել է նոյեմբերի 18-ից 22-ը: Եթե Հայաստանում մեկ շաբաթ ՆԱՏՕ-ի շաբաթ է, ապա տարվա մնացյալ շաբաթներն ու օրերը ռուսական են: Բառացիորեն նախօրեին՝ ՆԱՏՕ-ի շաբաթի ժամանակահատվածում, Հայաստանը հերթական հանձնումը կատարեց ռուսական ռազմակայանին, տալով նոր տարածքներ: Դրա դիմաց ռուսներն էլ ինչ որ տարածք վերադարձրին Հայաստանին, նաեւ 18 ուղղաթիռ են կարծես թե տրամադրելու: Մինչդեռ, ՆԱՏՕ-ի հետ ենթակառուցվածքային որեւէ ծրագրի հեռանկարը արգելափակվել է ՀԱՊԿ որոշումով, որը ստորագրել ու վավերացրել է նաեւ Հայաստանը՝ ոչինչ չանել առանց ՀԱՊԿ ադամների միաձայն հավանության:

Այդ պայմաններում, Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա կապակցությամբ շնորհավորանքը ստանում է առավելապես խորհրդանշական բնույթ: Գուցե քաղաքական նրբերանգներ կան այդ շնորհավորանքի մեջ, հատկապես, որ դրա զգալի մասը վերաբերում է Հայաստանի մասնակցությանը ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելությանը: Թե ինչ ակնարկ կա այդ հիշատակումներում, դժվար է ասել: Գուցե դժվար է դրանից բացի այլ բովանդակային բան ընդգծել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության մեջ, իսկ գուցե նաեւ ԱՄՆ-ն խաղաղապահների մասով ինչ որ բան է ակնարկում Հայաստանին, որը կարծես թե ընկել է Արցախ ռուս կամ ՀԱՊԿ խաղաղարարների մուտք ապահովելու ռուսական «գծի» վրա:

ԱՄՆ միգուցե ակնարկում է Հայաստանին, որ եթե բանը հասնի խաղաղապահներին, ապա թույլ չի տա, որ Արցախում ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելությունից բացի հայտնվի որեւէ այլ առաքելություն: Եվ այդ հիշեցում-ակնարկը խորհրդանշական եւ ուշագրավ է այն տեղեկության ֆոնին, թե Պուտինը Հայաստան ժամանելուց նախ Գյումրիում է վայրէջք կատարելու եւ այցելելու է ռուսական ռազմակայան, հետո նոր մի քանի ժամով անցնի Երեւան: Ըստ երեւույթին, Պուտինը ստուգելու է, թե ինչքան արագ կարող է ռուսական ռազմակայանը Գյումրիից հասնել Արցախ խաղաղապահ առաքելության ներքո տեղակայվելու: Դրա համար էլ ԱՄՆ շնորհավորում է Հայաստանին ու հիշեցնում, որ կա ՆԱՏՕ:

Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ շնորհավորելու առիթ պետք է լինի Հայաստանում «Հայաստանի շաբաթի» անցկացումը, երբ Հայաստանը գոնե մի շաբաթ կապրի իր շահով: Այդ դեպքում, Հայաստանին հարկ չի լինի հիշեցնել ՆԱՏՕ-ի գոյության մասին: Այդ ժամանակ Հայաստանը դրա մասին չի մոռանա, քանի որ ՆԱՏՕ-ից կարող է քաղել ժամանակակից անվտանգության դասեր, զինուժի արդիականացման, արդյունավետության բարձրացման, ինչպես ԱՄՆ շնորհավորանքի մեջ է նշվում՝ «բանակում արդարացիության եւ կոռուպցիայի դեմ պայքարի» դասեր, մեխանիզմներ:

Հայկական զինուժում պակասում է հենց այդ առանցքային խնդիրը: Այն, ինչ բացակայում է օրինակ ռուսական զինվորական համակարգում:

Ռուսաստանն ամեն ինչ անում է Հայաստանը հենց այդ համակարգում պահելու համար, դրա համար էլ արգելել է առանց իրեն որեւէ հիմնարար հարաբերություն հաստատել ՆԱՏՕ-ի հետ, դրա համար էլ Հայաստանը շանտաժի եւ սպառնալիքի գնով հետ պահվեց եվրաասոցացումից, ինչը անխուսափելիորեն բերելու էր նաեւ անվտանգության հարցում համակարգային մեխանիզմների եւ արժեքների վերանայման, որոնք շոշափելիորեն բարձրացնելու էին Հայաստանի անվտանգության ունակությունը եւ այն դարձնելու էին առավելագույնս ինքնաբավ:
Ու քանի որ Հայաստանի իշխանությունը տարվա մեջ թեկուզ մեկ շաբաթ իսկ չի ապրում Հայաստանի շահով՝ թեկուզ մեկ օր կամ նույնիսկ մեկ ժամ, Հայաստանին շնորհավորելու փոխարեն մնում է կարեկցել:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

среда, 13 ноября 2013 г.

Սերժ Սարգսյանը հանձնո՞ւմ է Արցախը


Պարզվում է, Զորի Գայկովիչ Բալայանը դեռ ողջ է, եւ ավելին, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հետ մեկնել է Արցախ եւ մասնակցել հայկական բանակի զորավարժությանը: Այս իրադարձությունը մի շարք հարցերի տեղիք է տալիս:

Նախ, ի՞նչ կարգավիճակով է Զորի Գայկովիչն ուղեկցում գլխավոր հրամանատարին, եւ այն էլ պետական կարեւորագույն միջոցառումներից մեկում՝ զորավարժությանը: Ո՞վ է Զորի Բալայանը, կարո՞ղ է ցանկացած քաղաքացի ներկա լինել զորավարժությանը:

Ինչպես երեւում է լուսանկարից, Զորի Գայկովիչը ոչ միայն ներկա է եղել զորավարժությանը, այլեւ այցելել է առաջին գիծ: Այսինքն, նա եղել է այնպիսի վայրերում, որոնք կարծես թե պետական գաղտնիքի տարրեր են պարունակում: Ցանկացած քաղաքացի կարո՞ղ է առնչվել պետական գաղտնիքներին:

Այս հարցը խիստ ակտուալ է, մանավանդ Զորի Գայկովիչի՝ Պուտինին հղած նամակից հետո, որին Պուտինի աշխատակազմն արձագանքեց խորին արհամարհանքով, արտաքնապես: Նամակում Զորի Գայկովիչը Պուտինին աղերսում էր հիշել Գյուլիստանի պայմանագիրը եւ վերցնել Ղարաբաղը:

Բազմիցս է գրվել այն մասին, որ Ղարաբաղը ոսկոր է Ռուսաստանի կոկորդին, որին Մոսկվան երբեք չի ներելու 1990-ականներին Ադրբեջանի դեմ տարած հաղթանակը, որին աջակցում էր Ռուսաստանը: Վերջին տարիներին Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում ուղղված է Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելուն, որի համար Մոսկվան «լեգիտիմ» միջազգային հիմքեր չուներ: 2008-ից հետո Մոսկվան փորձեց իր ձեռքը վերցնել այս հարցի «կարգավորումը», այսինքն՝ Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին, ինչը սակայն տապալվեց Արեւմուտքի միջամտությունից հետո, իսկ Հայաստանն էլ հասկացավ, որ անհրաժեշտ է «դիվերսիֆիկացնել» արտաքին քաղաքականությունը:

Թե ինչ եղավ հետո, հայտնի է բոլորին: Մոսկվայի եւ Հայաստանում նրա ագենտուրայի եւ կրեատուրայի ջանքերով Հայաստանը սեպտեմբերի 3-ին հրաժարվեց իր ինքնիշխանությունից, որը պարարտ հող ստեղծեց մասնավորապես Ղարաբաղում ռուսական ծրագրերի իրականացման համար: Եւ այդ ֆոնին էլ գրվեց Զորի Գայկովիչի տխրահռչակ նամակը Պուտինին:

Ինչպես Հայաստանի բնակչության «80 տոկոսը կողմ է Մաքսային միությանը», այնպես էլ՝ «Գյուլիստանի պայմանագրին», ըստ ամենայնի սա էր նպատակը: Հիշեցնենք, որ Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը (ներկայիս սահմաններից մի քանի անգամ մեծ) անցավ ռուսներին, որոնք վերացրեցին հայկական իշխանությունն այդ տարածքում եւ կարգեցին մահմեդական կառավարիչներ:

Այս ամենից հետո, Սերժ Սարգսյանը Զորի Գայկովիչին իր հետ տանում է զորավարժության: Երեւում է, Զորի Գայկովիչը, որը նամակից հետո դռնեդուռ է ընկել աջակցության համար (նրան աջակցություն հայտնեցին միայն հանրության մեջ մեղմ ասած խիստ կասկածելի վարկ ունեցողները՝ կրեատուրան, տարբեր մաստի ու բնույթի հանցագործները եւ այլն), պետք է բարձրացնի իր վարկը՝ լինելով առաջին գծում: Եւ հայկական բանակի վերջին «գաղտնիքները» հայտնի Մոսկվա՝ իրեն արժեւորելու համար:

Իսկ արժանավոր մարդիկ կարծում էին, թե Զորի Գայկովիչն իր խայտառակ նամակից հետո ինքը կլուծեր իր հարցը, կամ էլ նրան այդ հարցում կօգներ Սեյրան Օհանյանը՝ նրան մարտական զենք նվիրելով:

Հայկ Արամյան
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/90806