пятница, 19 июля 2013 г.

Նրանք ի ծնե ավելի մեծ են, քան ես` իմ մահվան ժամին. Պոզները՝ հայերի մասին

Նրանք ի ծնե ավելի մեծ են, քան ես` իմ մահվան ժամին. Պոզները՝ հայերի մասին
Վերջերս գրախանութներում և համացանցում հայտնվել է ռուս հանրահայտ հեռուստալրագրող, հաղորդավար, Ռուսաստանի հեռուստատեսային ակադեմիայի առաջին նախագահ Վլադիմիր Պոզների` «Հրաժեշտ պատրանքներին» խորագիրը կրող ինքնակենսագրական գիրքը:

Գիրքը նա գրել է ավելի քան 20 տարի առաջ, անգլերենով: ԱՄՆ-ում այն 12 շաբաթ գտնվել է «The New York Times» թերթի՝ ամենաշատ վաճառվող գրքերի ցուցակում:

Գրքի ռուսերեն թարգմանությունն ավարտվել է միայն 18 տարի անց՝ 2008 թվականին:

Գրքում հեղինակը պատմում է իր կյանքի և ստեղծագործական ուղղու մասին, վերլուծում անցյալի և ներկայի դասերը, մտորում ապագայի մասին: Գրքի գլուխներից մեկը նվիրված է Հայաստանի վերաբերյալ հեղինակի հիշողություններին:

«Մի անգամ մութ գիշերով հայտնվեցի Սևանից ոչ հեռու գտնվող սարերում, որոնց գոյությանը սպառնում էր թունելի կառուցման ծրագիրը։ Հենց այս թեմայով էի Երևանում նյութեր հավաքում։ Երկար ու շոգ օր էր. օդորակիչների մասին լսած էլ չկային։ Օրվա վերջին ինձ` տանջվածիս, նստեցրին «Վոլգա» և տարան չգիտեմ ուր։ Քնեցի մեռած քնով։ Բացելով աչքերս` մեքենայի պատուհանից սև թավշյա երկինք տեսա` ողողված աներևակայելի չափերի աստղերով, որոնք այնքան ցածր էին կախված, որ թվում էր` ձեռքով դիպչել կլինի։

Հանկարծ նկատեցի լուսինը, ավելի շուտ` դրա կեսը. Այն, կարծես, հեքիաթային մակույկ, կողքի ընկած լող էր տալիս երկնքում: Մանուկ ժամանակ «Հազար ու մի գիշերվա» հեքիաթներն ընթերցելիս` սիրում էի ուսումնասիրել պատկերազարդ նկարները, որոնցում մինարեթների աշտարակների վրա լողում էր կողքի պառկած կիսալուսինը։ Այդ ժամանակ կարծում էի, որ դա երևակայության թռիչք է` սյուժեների մտացածինությանը համապատասխան։ Ես հասկանում էի, որ կիսալուսինը չի կարող կողքի պառկած լինել։ Եվ ահա այստեղ` Սևանի ափին, ես բացահայտեցի, որ նկարները կարող են իրական լինել, որ «Հազար ու մի գիշերվա» հեքիաթներն իմ գլխավերևում են` մնում է ձեռք մեկնել…Բայց հայկական այդ գիշերով ինձ նոր բացահայտումներ էին սպասում:

Գնում-գնում էինք, հանկարծ հասանք լեռներում թաքնված մի գյուղի։ Վարորդը մեքենան կանգնեցրեց տնակներից մեկի առաջ։ Ես հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ կանգ առանք, և նա պատասխանեց, որ այստեղ ապրում են իր ընկերները, և որ ինքը սոված է, իսկ տան տերերը մեծ ուրախությամբ կկերակրեն մեզ։ Շուրջբոլորը լիակատար մթություն էր, որևէ լույս չէր վառվում, գիշերվա մեկն էր, կամ` երկուսը. բնականաբար բոլորը քնած էին արդար քնով։ Ես պատկերացրի մարդկանց վիճակը, որոնց գիշերվա չգիտեմ քանիսին արթնացնում են` Մոսկվայից ժամանած անցորդին կերակրելու համար։ Բայց նաև հասկանում էի, որ վիճելն անիմաստ է։ Վարորդը դուրս եկավ մեքենայից, նեղլիկ արահետով մոտեցավ տնակին ու թակեց դուռը։ Լույսը վառվեց, դուռը կիսով չափ բացվեց, և ես լսեցի ինձ բացարձակ անհայտ լեզվով ոչ բարձր խոսակցության հատվածներ։ Հետո վարորդը վերադարձավ ու ծխելով մանրամասնեց. «Նրանք մեզ մի քիչ ավելի շուտ էին սպասում»։ «Չէ հա,- մտածեցի ես,- ես էլ հավատացի քեզ»։ Այնպիսի լռություն էր, որ մեր շնչառությունը մեզ բարձր էր թվում։ Հանկարծ տան բոլոր լույսերը միացան, դուռը բացվեց և ինչ-որ տղամարդ բարձրաձայն ռուսերեն ասաց` համեցեք (Заходите!)։

Տունը փոքր էր, փայտե պատերով ու հատակով, համարյա առանց կահույքի. ամեն ինչ վկայում էր ծանր ու աղքատ կյանքի մասին։ Չգիտես ինչու, հիշեցի Մեծ Ընկճախտի տարիներին Օկլահոմայի ֆերմերական տների լուսանկարները։ Բայց այդ պահի տեսածս Ամերիկայում չէր, և 30-ական թվականները չէին։ Աչքովս ընկավ տարբեր ճաշատեսակներով լեցուն սեղանը. ուտելիքը կբավարարեր տասը հոգու։ Տանտերը պինդ սեղմեց ձեռքս ու ներողություն խնդրեց, որ պետք է շտապ դուրս գա գործերով:

Շուտով պարզ դարձավ, որ տանտերը դուրս էր եկել «սպասված» հյուրի համար խորովածի գառնուկ մորթելու։ Սպասելիս՝ ուսումնասիրում էի սենյակը։ Մի անկյունում մահճակալ էր դրված, վրան պառկած էր մի ծեր կին։ Ոչ, ծեր չէ, հինավուրց։ Նա ինձ էր նայում մեծ անթարթ աչքերով, որոնք չլսված տխրություն էին արտահայտում։ Թվում էր` այդ աչքերը տեսել են ամեն բան` և՛ Հայաստանի ծաղկունքն ու փառքը, և՛ տառապանքները, և՛ հռոմեական անհաղթ լեգիոնների, բյուզանդացի բռնակալների, պարթև աղեղնավորների ու ձիավորների, անգութ թաթարների, Թեմուր քարե բռունցքի, Օսմանյան կայսրության կռացած յաթաղանների դեմ հերոսական պայքարը…նա տեսել էր այդ ամենը, այդ կնոջ աչքերում դարերի իմաստությունն էր ննջում, և նայելով այդ աչքերին՝ ինձ փոքր ու մերկ էի զգում։

Շրջվեցի ու տեսա հետևս կանգնած յոթ տղաներին։ Ուս ուսի տված, բացարձակ միանման` նրանք հագել էին իրենց տոնական կոստյումները` մեծից փոքր՝ շարք կանգնած։ Ամենաբարձրահասակը, կարծես, այդքան էլ մեծ չէր` մի տասնմեկ տարեկան կլիներ, բայց դեմքը շատ մեծական էր, այդ պատճառով 16-ամյա տղան միաժամանակ և՛ մեծ, և՛ փոքր էր երևում իր տարիքից։ Այդ ամենի մասին ես հետո հիշեցի…

Իսկ այդ պահին ինձ ցնցեցին երեխայի աչքերը. դրանք չէին տարբերվում պառավի աչքերից։ Ու տարօրինակ, անհարմար զգացում ունեցա. ինձ էին նայում երեխաներ, որոնք ի ծնե ավելի մեծ էին, քան ես` իմ մահվան ժամին։ Այդ պահին հասկացա, որ իմ կրած մշակույթը, իմ քաղաքակրթությունը ոչինչ է` նրանց պահպանածի համեմատ։ Այդ մարդկանց հաջողվել է գոյություն պահպանել որպես ազգ, պահպանել լեզուն, մշակույթը, հողը (թեպետ ոչ լիովին): Այս մարդիկ ուղիղ ժառանգներն են նրանց, ովքեր ապրել են մինչև Հռոմը, ավելի վաղ, քան Հին Հունաստանը. նրանք դեռևս առաջին փարավոնների ժամանակների եգիպտացիների ժամանակակիցն են։

Երբ նստեցինք սեղանի շուրջը, տանտիրոջ կինը չմիացավ մեզ։ Պառավը շարունակում էր պառկած մնալ` հայացքը հառած դեպի մեզ, իսկ ընտանիքի մայրը նստեց նրա մոտ և սկսեց հետևել, թե ինչպես ենք հյուրասիրվում։ Հենց դա ինձ վհատեցրեց ու զայրացրեց, և խոսեցի այդ մասին վարորդի հետ մեկ-երկու ժամից` այն բանից հետո, երբ հրաժեշտ տվեցինք ամբողջ ընտանիքին (ինչին ի պատասխան պառավը թեթևակի գլխով արեց, տանտիկինը տեղից չշարժվելով ժպտաց, իսկ երեխաները հերթով մոտեցան, ձեռքս սեղմելով հրաժեշտ տվեցին, ընտանիքի հայրն էլ արջի պես ողջագուրվեց)։

- Սա ինչ բան էր,- փրփրեցի ես,- ինչո՞ւ այդ դժբախտ կնոջը թույլ չտվին մեր սեղանին նստել։ Վերջապես մենք քսաներորդ դարի վերջին քառորդում ենք ապրում ու իբր՝ առաջադեմ երկրում։

Վարորդը գլուխը տարուբերեց և ասաց.

- Չես հասկանում, դու բան չես տեսնում։ Չնկատեցի՞ր։ Ամեն անգամ, երբ տերը ելնում էր տեղից, որ կենաց ասի, կանանց էր նայում, որ թույլտվություն ստանա։ Գլխի չընկա՞ր որ կի՛նը նրան թույլ տվեց գառը խորովածի համար մորթել։ Եթե երկու կանայք թույլ չտային, նա մեզ չէր թողնի տուն մտնել։ Այդ ձեր կանայք են նույն սեղանին նստում ձեզ հետ, բայց ոչինչ չեն որոշում, իսկ մերն այդպես չէ։ Մենք կնոջը լսում ենք, քանի որ նա է կյանքը, նա է սկիզբն ամենի։ Իսկ դու սեղան, հա սեղան…

Հերթական անգամ կուրացած սեփական մշակույթից, սեփական ավանդույթներից, ես մեծամտորեն վերաբերեցի այլ մշակույթին ու հետևության եկա, թե այս ժողովուրդը կանանց երկրորդ կարգի մարդ է համարում։ Մասնակիորեն, կարծում եմ, որ ես, այդուամենայնիվ ճիշտ էի, բայց ճիշտ էր և վարորդը, որ քմծիծաղում էր արտաքին «հավասարության» վրա, որից գոռոզանում ենք մենք` արևմուտքի քաղաքակրթության ներկայացուցիչներս։ Մի խոսքով, ես էլի մի դաս ստացա. «Մի դատիր, եթե նյութին անծանոթ ես…»։

aysor.am

ԵՎ ԴԱՐՁՅԱԼ՝ ԻՍԿ ԵԹԵ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ՞...

Մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք վաճառելու որոշման շուրջ հայկական մամուլում և սոցիալական ցանցերում աշխույժ քննարկումներ են գնում. մի մասը հարցին մոտենում են ռուսների դիրքերից, հնարավոր ու անհնարին բոլոր ձևերով փորձելով արդարացնել մեր հյուսիսային հարևանին, մյուս մասը փորձում է ցույց տալ, որ ռուսները հայերի նոր ցեղասպանություն են նախապատրաստում։ Այս երկու տարակարծիք ճամբարների ներսում կարծիքները նույնպես բաժանվում են։ Օրինակ, ռուսների խայտառակ գործարքի դեմ գրողների մի որոշ մասը գտնում է, որ ռուսները միշտ էլ բացասական դերակատարություն են ունեցել վերջին 200-ամյա մեր ողբերգություններում, և այս անգամ նրանց «սմերչները» ավելացնելու են մեր պատմության սև էջերի թիվը, մի այլ մասը գտնում է, որ ռուսները, ճիշտ է, հերթական սրիկայությունն են անում մեր դեմ, բայց «սմերչն» այնքան էլ մեծ վտանգ չի ներկայացնում... և այլն։

Այսօրինակ հրապարակումներ էլ կան՝ «Սմերչով» Ստեփանակերտը ռմբակոծելու դեպքում ադրբեջանցիները ստիպված կլինեն մտածել միլիոնանոց Գանձակի ու հարակից բնակավայրերի ֆիզիկական գոյության մասին...
Ինձ մտահոգում են ոչ միայն այն հրապարակումները, որտեղ ստրկահաճորեն արդարացնում են հյուսիսային հարևանի ցանկացած ձեռնարկում, ներառյալ այնպիսիք, որ միանշանակ ուղղված են մեր լինելության դեմ, այլև վերջին կարգի կարծիքները՝ եթե դուք ռմբահարեք Ստեփանակերտը, մենք էլ «միլիոնանոց Գանձակի» ու հարակից բնակավայրերի բմբուլները քամուն կտանք։ Երևի շատ հեշտ է այս կարգի «վերլուծություններ» նկարել, հատկապես երբ աշխարհին նայում ես 9-րդ հարկի լուսամուտից, դիմացդ նոութբուք է, կողքիդ՝ հաճելի բույրով սուրճի բաժակ։

Ասենք թե նրանք հարվածեցին 40-50 հազար բնակչությամբ Ստեփանակերտին, մենք էլ նրանց «միլիոնանոց Գանձակին»։ Արդյունքում՝ զոհվեցին 2-3 տասնյակ հազար ստեփանակերտցի երեխաներ, կանայք, ծերեր, մենք էլ ոչնչացրինք, ասենք, հակառակորդի հնգապատիկ ավելի շատ խաղաղ բնակչություն (100-150 հազար ազերիների)։ Հետո՞։ Ու սա մխիթարի՞չ է։ Որ դրանից հետո եռակի, քառակի անգամ մեծ թափ է ստանալու արտագաղթը՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում,- դա չի՞ մտահոգում մեր ուռա-վերլուծաբաններին...

Հնարավոր պատերազմի դեպքում Արցախի քաղաքացիական բնակչության անվտանգության խնդրի մասին «Եթե վաղը պատերազմ լինի» վերնագրով «Նոր էջ»-ում և հայաստանյան մամուլում ես հոդվածներ եմ տպագրել 2011, ապա 2012 թվականներին։ Եվ՝ ոչ մի արձագանք իրավասու մարմինների, հատկապես նրանց կողմից (քաղաքացիական պաշտպանություն և այլն), ովքեր թեկուզ իրենց «մունդիրի պատիվը» պաշտպանելու համար պարտավոր էին ձայն հանել, փորձել ինչ-որ կերպ արդարացնել իրենց անգործունեությունը, որի պատճառով վաղը կարող ենք անդառնալի խոշոր կուրուստներ ունենալ խաղաղ բնակչության շրջանում։

Այսօր, ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից շուրջ երկու տասնամյակ հետո արդյո՞ք իրեն հնարավորինս պաշտպանված է զգում Արցախի շարքային քաղաքացին։ Արդյո՞ք իրենց պաշտպանված են զգում Արցախի ամենախոշոր բնակավայրում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում ապրող կանայք, երեխաներն ու ծերերը։ Հատկապես երբ քաղաքագետները, ռազմագետներն ու այլ մասնագետներ ակնարկում են, որ նոր պատերազմն ամենևին նման չի լինելու նախորդին, այն ավելի կործանարար է լինելու ու բազմիցս մեծ զոհեր հենց խաղաղ բնակչության շրջանում են լինելու։

Մենք ունենք քաղաքացիական պաշտպանություն, որտեղ մարդիկ են աշխատում, պարբերաբար աշխատավարձ են ստանում։ Հետո «վաստակած հանգստի» են անցնում և բարձր թոշակ ստանում։ Բայց նրանք գոնե մի անգամ տեսե՞լ են, թե ինչ վիճակում են Արցախի ամենախոշոր քաղաքի՝ Ստեփանակերտի շենքերի նկուղները, որտեղ երկու տասնամյակ առաջ ազերիների օդային ու հրետանային գրոհներից պաշտպանվում էին քաղաքացիները։ Եթե վաղը հակառակորդը հանկարծ սկսի հեռահար հրանոթներից ու այլ նորագույն զինատեսակներից և օդից հրթիռակոծել ու ռմբահարել մայրաքաղաքը, որտե՞ղ են պատսպարվելու խաղաղ բնակիչները։ Իրենց շենքերի նկուղներո՞ւմ, որտեղ հակասանիտարական վիճակ է, և որոնք աղբանոց են հիշեցնում ու առնետներն են տերուտնօրինություն անում այնտեղ։ Որոշ նկուղներ ամիսներով «ողողված» են լինում ջրով, անգամ՝ կոյուղու խարխուլ խողովակներից թափված։ Լրիվ զուրկ են էլեկտրական գծերից...

Խորհրդային տարիներին մայրաքաղաքի որոշ հատվածներում ապաստարաններ կային, անգամ հակագազերի որոշ քանակություն էր պահվում այնտեղ։ Ո՞վ գիտե, թե հիմա այդ հատուկենտ ապաստարաններն ինչ վիճակում են։ Ստեփանակերտում բազմաթիվ, այսպես կոչված, «խրուշչովկաներ» կան, որոնք նկուղներ չունեն։ Դրան հավելենք նաև, որ շուկայական հարաբերությունների հաստատման և օրինական անօրինության վերջին մեկևկես տասնամյակում շենքերի գետնահարկերն ու նկուղային հատվածները սեփականվել են բազմաթիվ նոր տերերի կողմից, ովքեր դրանք դարձրել են բար ու ռեստորան, սրճարան ու խանութ կամ, այսպես ասած, գիշերային զվարճավայրեր...

Հետաքրքիր է, անսպասելի օդային հարձակման ենթարկված Ստեփանակերտի բնակիչներին պետք է խնդրել՝ մի քանի ժամ սպասե՞լ, որպեսզի գետնահարկ օբյեկտի տերը «կարգավորի» այն ու տրամադրի քաղաքացիներին։ Իսկ եթե այդ պահին նա այլ թաղամասում գտնվող իրենց շենքում է և զբաղված է իր հարազատների տեղավորման խնդրո՞վ։ Այդ դեպքում ինչպե՞ս պիտի վարվել։ Թշնամուն խնդրել սպասե՞լ... այն դեպքում, երբ պատերազմի ժամանակ յուրաքանչյուր վայրկյանը կարող է տասնյակ, հարյուրավոր մարդու կյանք արժենալ...

Իսկ մնացած հազարավոր քաղաքացիները, ովքեր նկուղ չունեն, որոնց նկուղներն աղբանոց են հիշեցնում, ի՞նչ պիտի անեն։ Ստեփանակերտում այսօր քանի՞ ստորգետնյա ապաստարան կա և որքա՞ն մարդ կարող են պատսպարել դրանք։ Այս մասին պատասխանատու որևէ չինովնիկ մտածե՞լ է։ Այս մեկևկես «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ժամանակահատվածում քաղաքացիական պաշտպանության կողմից գոնե մի անգամ անցկացվե՞լ է փորձնական «օդային տագնապ»։ Գոնե մի անգամ քաղաքացիներին բացատրե՞լ են, թե հակառակորդի հնարավոր օդային հարձակման կամ հրթիռակոծության ժամանակ ինչ պիտի անեն քաղաքացիները՝ կանայք, երեխաները, ծերերը... Դպրոցներում երբեմն «օդային տագնապ» են հայտարարում։ Աշակերտները շտապ լքում են դպրոցի շենքն ու վազում դուրս... Հնարավոր պատերազմի և օդային հարձակման դեպքում էլ պիտի՞ նրանք իրենց «անվտանգությունը» գտնեն բաց երկնքի տակ...

Հակառակորդը վաղը կարող է պայթեցնել քաղաքին խմելու ջուր մատակարարող ջրատարը։ Ստեփանակերտում քանի՞ գործող աղբյուր կա, որպեսզի բնակչությունը կարողանա հոգալ իր ջրի խնդիրը։
Ստեփանակերտում գրեթե շենք չի մնացել, որին վերջին 10-15 տարում կցված չլինի մի նոր մասնավոր շինություն։ Խնդիրն այն չէ, որ աղճատվում է քաղաքի ճարտարապետական դեմքը։ Միջին ուժգնության ցանկացած ստորգետնյա ցնցում կարող է «ռեզոնանսի օրենքի» համաձայն հողին հավասարեցնել ծանրության կենտրոնը փոխած այդ շինությունները՝ իրենց բնակիչներով։ Նման ավերածության տեղիք կարող է տալ նաև շրջակայքում պայթած ոչ շատ հզոր ռումբը, հրթիռը...
Նոր կառուցած մի շենք չկա, որ բոլոր չորս կողմերից մարմարով սալիկապատված չլինի... Արդյո՞ք դա այսօր կենսական անհրաժեշտություն է ռազմական դրության մեջ գտնվող մեր երկրի համար, որի սոցիալական խնդիրների ծայրը չի երևում։

Այս ամենո՞վ ենք վաղը դիմագրավելու նենգ հակառակորդի արկածախնդիր ձեռնարկումը։ Բանակն ուժեղ և մարտունակ է, եթե ամուր է թիկունքը, եթե զինվորը համոզված է, որ լիովին պաշտպանված է իր ընտանիքը։
Ի պատասխան «եթե վաղը պատերազմ լինի...» հարցի, շարունակ հակադարձում ենք՝ «Չէ, չպիտի՛ լինի և չի՛ լինելու, որովհետև մենք խաղաղասե՛ր ազգ ենք ու խաղաղությո՛ւն ենք ուզում...», կարծես պատերազմի լինել-չլինելու հավանականությունը պայմանավորված է միայն մեր պատերազմ չուզելու և խաղաղություն ուզելու ցանկությամբ։ Եվ ոչ թե հնարավոր պատերազմը կանխելու մեր նպատակաուղղված գործողություններով և արդեն անխուսափելի պատերազմը հնարավորինս քիչ կորուստներով դիմագրավելուն միտված կոնկրետ քայլերով։ Եթե հակառակորդն, ասենք, միջուկային զենք ունի, ապա մյուս կողմը պետք է մտածի պաշտպանական այնպիսի մեխանիզմի մասին, որ հնարավորինս նվազեցնում է սպասվելիք կորուստները։ Եթե այսօր թշնամին «Սմերչ» ունի, ապա մենք պետք է անհապաղ մտածենք համարժեք պաշտպանության մասին...

Վերջում կրկին հիշեցնենք Նժդեհի գաղափարակից Հայկ Ասատրյանի խոսքերը. «Հայը խաղաղության համար աշխարհի ամենաանփույթ ժողովուրդն է: Հայը չի հավատում պատերազմին, և դրա համար պատմական ամեն դեպք ընդունում է իբրև անակնկալ, իբրև «անամպ երկինքից ժայթքող կայծակ»: Նա տակավին չի հասկանում կենսաբանաբարոյական այս երկու ճշմարտությունների իմաստը՝  խաղաղության ժամանակ պետք է նախապատրաստվել միայն մեկ բանի համար՝ պատերազմի, իսկ պատերազմի ընթացքին կամենալ միայն մեկ բան՝ հաղթանակ»։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
http://vardgesovyan.blogspot.com/2013/07/blog-post.html

четверг, 11 июля 2013 г.

Բրյուսելը բացել է խաղաքարտերը Երեւանում

Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայաստանյան այցը բավական հետաքրքիր ստացվեց, ի տարբերություն նախորդների, ինչի պատճառը այն է, որ հանձնակատարը այս այցի ընթացքում եղել է աննախադեպ բաց եւ շիտակ, հատկապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Ըստ ամենայնի, հենց դա էր նկատի ունեցել Ֆյուլեն, երբ այցից առաջ նրա խոսնակը հայտարարել էր, որ շատ կարեւոր այց է Վիլնյուսում տեղի ունենալիք Արեւելյան գործընկերության Վեհաժողովից առաջ, որտեղ սպասվում է Հայաստանի ու Եվրամիության Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում:

Շտեֆան Ֆյուլեն երեւանյան այցի ընթացքում արել է մի քանի հայտարարություններ, որոնք բավական հստակություն են մտցնում Եվրամիություն-Հայաստան հարաբերության մեջ եւ այդ հարաբերության «ռուսական մեկնաբանություններում»:
Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին որեւէ կերպ չի սահմանափակելու Ռուսաստանի հետ հարաբերության հարցում: Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիությունն ինքն է փորձում իր հարաբերությունը խորացնել Ռուսաստանի հետ: Եվրահանձնակատարը փաստացի հայտարարում է, որ ի տարբերություն Ռուսաստանի, Եվրամիությունը Հայաստանի առաջ լինել-չլինելու «մահ կամ ազատության» խնդիր չի դնում եւ հարաբերություններն ու կյանք  ընդհանրապես պատկերացնում է ավելի լայն ու բազմաշերտ:

Միեւնույն ժամանակ, Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիությունը ոչ թե սահմանափակելու է Հայաստանի հնարավորությունները հարեւանների հետ հարաբերության հարցում, այլ հակառակը՝ ուժեղացնելու է այդ հարցում Հայաստանի հնարավորությունները, ուժեղացնելու է Հայաստանի դիրքերը հարեւանների հետ հարաբերություններում:

Այդպիսով, ուղղվում է մի քանի պարզ մեսիջ: «Մենք ինքներս ենք երաշխավորելու, որ դուք կարողանաք դա անել և վայելեք այդ կատարյալ հարաբերությունները՝ առանց հարցականի տակ դնելու ձեր պարտավորությունները, որոնք կարող եք ստանձնել Եվրամիության առաջ», Ռուսաստանի հետ հարաբերության մասին ասել է Ֆյուլեն: Փաստացի, Եվրամիության հանձնակատարը մատնանշում է, որ Եվրամիության հետ հարաբերության խորացումը Հայաստանին կօգնի կարգի բերել, կատարելության հասցնել Ռուսաստանի հետ հարաբերությունը եւ այն վերածել արդեն «վայելքի», ոչ թե «վասալային տագնապի»:
Հաջորդ մեսիջը. Ֆյուլեն փաստացի հայտարարում է, որ Ասոցացման համաձայնագրի շնորհիվ Հայաստանն ավելի կամրացնի իր դիրքերը հարեւանների հետ հարաբերություններում, ինչը նշանակում է, որ Հայաստանը կամրանա նաեւ Ադրբեջանի հանդեպ ունեցած դիրքերի առումով: Այդ համատեքստում, Ֆյուլեն հետաքրքրական ակնարկ է անում նաեւ արցախյան խնդրի առումով: «Մենք օգտագործում ենք ընդհանուր գործիքակազմ, բայց մենք գործընկերների հետ աշխատում ենք ՝ յուրաքանչյուրի համար փնտրելով հատուկ լուծումներ», հայտարարել է Ֆյուլեն: Հայաստանի պարագայում, հայտնի է, որ առկա է Արցախի թնջուկը, կապված սահմանային կարգավիճակների հետ: Եվ անհատական մոտեցման հանգամանքին անդրադառնալիս, Ֆյուլեն հավանաբար նկատի ունի հենց դա, ակնարկելով, որ Արցախի հարցը չի դիտարկվի ընդհանուր գործիքակազմի համատեքստում:

Մյուս մեսիջը, որ փոխանցել է հանձնակատարը դիվանագիտականից ավելի պարզ լեզվով, այն է, որ իշխանությունը հասարակությանը չի բացատրում Ասոցացման համաձայնագրի էֆեկտը քաղաքացիների համար: Ֆյուլեի այս դիտողությունն ամենայն հավանականությամբ հիմնված է այն հանգամանքի վրա, որ Եվրասիական գաղափարն օրինակ Հայաստանում լայնորեն քարոզվում է տարբեր նախաձեռնությունների, ֆորումների եւ ճամբարների միջոցով: Մինչդեռ հասարակական կարծիքն այս հարցում շատ կարեւոր գործոն է, որի հետ եվրաինտեգրացիայի առումով ոչ ոք չի աշխատում: Փոխարենը բավական ակտիվ են նրանք, ովքեր Եվրոպան ներկայացնում են միայն որպես միասեռականության եւ այլ արատների կենտրոն: Ֆյուլեն իշխանությանը դիտողություն է անում այդ իմաստով, հորդորելով ավելի շատ ներկայացնել, թե ինչ կոնկրետ շահ է սպասվում ժողովրդին Ասոցացման համաձայնագրից:

Եվ վերջում, Ֆյուլեն եւս մեկ անգամ կրկինել է այն, ինչ այլ առիթներով ասել է Եվրոպան, որ եվրաինտեգրացիայի հաջող գործընթացի պարագայում Եվրոպան զգալի կավելացնի հաջողություն արձանագրած երկրների ֆինանսավորումը 2014-20 ցիկլի համար:
Այս հայտարարությունն ինչ որ առումով արդեն կարող էնույնիսկ վիրավորական լինել, երբ խոստանում են կոնֆետն ավելացնել, եթե երեխան իրեն լավ պահի: Սակայն ամեն ինչ այդպես պարզունակ չէ իհարկե, որովհետեւ գործ ունենք լուրջ գործընթացի հետ, որն ունի նաեւ ներքին ու արտաքին լուրջ դիմադրություն, իսկ այդտեղ արդեն կապիտալի հարցը դառնում է կարեւոր: Այսինքն, ինչ որ իմաստով այն կոնֆետ է, իսկ ինչ որ իմաստով էլ սնունդ, որը կարող է ուժ տալ: Իհարկե Եվրոպան կարող է Հայաստանին այդ սնունդը առաջարկել առավել արժանապատիվ սկզբունքով, բայց այստեղ խնդիրը երկկողմանի է, որովհետեւ Եվրոպային արդեն երկար ժամանակ գցում են Հայաստանի քաղաքացիների մի զգալի մաս եվրոպական խանութներում, եւ իշխանությունը գրեթե ամբողջությամբ՝ Երեւանում:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Lragir.am
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/85329

Առանց ներքին պատերազմի արտաքինն անխուսափելի է

Պայմանավորված Ադրբեջան հասած ռուսական սմերչով ու մեր շուրջն օրեցօր նեղացող հնարավորությունների դաշտով, վերջերս աշխուժացել է Հայաստանի աշխարհքաղաքական նոր այլընտրանքների տեսական փնտրտուքը՝ ընդհուպ մինչև անդրկովկասյան ֆեդերացիայի սին գաղափարի վերաքննարկումը:

Ցավոք, Հայաստանն այսօր իրոք ցուգցվանգային վիճակում է և լավ ելքեր այլևս չկան, բացի ներքին մեծ վերադասավորումներն ու պատերազմին նախապատրաստվելը:

Ինչ վիճակ է ներսում

Սկսած 1994-ից, պատերազմի ֆորմալ ավարտից, հայկական իշխանություններ-հանրություն ճեղքը մեծանում է և այսօր անդունդի է վերածվել:
Իշխանականի ամեն ինչն իր տամաբանությունն ունի և այն բազմիցս է երևակվել:
Խնդիրը հանրայինի ու ընդդիմության ճամբարներում է:
Մասնավորապես նրանում, թե ինչու 19 տարվա մեջ ընդդիմությունը չի կարողացել գտնել ադեկվատ մարտավարություն և վիճակը հասցրել է օրհասականի:

Իշխանությունն օլիգարխիկ է և օրինաչափորեն հետապնդում է իր նեղ շահերը՝ հնարավոր բոլոր մեթոդներով: Ընդդիմությունն է, որը սկզբնապես իր հսկողության տակ ունենալով գրեթե ամբողջ հանրությունը, մեթոդապես ձև չգտավ հաղթահարելու օր-օրի լկտիացող և ինքնուրույն վերարտադրվող իշխանություններին:

Ժամանակն է, որ մենք լիդեր-հետևող, կամակատար ժողովուրդ մոդելից անցնենք ինքնագիտակցականի եկած՝ անհատ-նոր ներհանրային հարաբերություններ մոդելին, առանց առաջնորդների, ինչպես որ կա մնացած աշխարհում:
Մեր ներհանրային ողբերգության արմատները հին են՝ գալիս են դարերի պարտությունների խորքից, վերջին ու ներկա գենոցիդներից ու դրանից բխող՝ իրար հանդեպ սերմանված անվստահությունից:

Վերջին 25 տարում, երբ մենք կարող էինք վերակառուցել մեր արժեքայինն ու ընդհանրանալ որպես միակամ հանրություն, տեղի ունեցավ անսպասելին՝ մենք գնացինք իրար ատելու, իրար վնասելու, իրար քցելու ուղիով՝ թե քաղաքականում, թե անձնականում, և թե ընկերականում:

Արդյունքում հանրությունը պառակտվեց, սկսեց չվստահել կողքինին, ապավինել միայն ու միայն կաշառքին, հպատակվելուն, թալանին մասնակցելուն՝ իր պատառը փախցնելուն,  կամ էլ արտագաղթելուն:

Երբ իշխանական բարիքների հետ մեկտեղ մեջտեղ եկավ փողատեր «ախպերականն» ու շահը մտավ խաղի մեջ՝ որպես հիմնարար գործոն, իսկույն առաջ եկավ կենտրոնական «տերը», ռուսական գողական տերմինոլոգիայով ասած՝ «պախանը», որն էլ սկսեց ղեկավարել ու քվոտավորել-բաժանել կենտրոնացված թալանը:

Տարիների ընթացքում պախանի ինստիտուտն ամենավերից իջավ վար, ճյուղավորվեց և որպես ֆեոդալական մեխանիզմ արմատավորվեց ամենաներքևներում էլ: Տիրության տակ առնվեցին թաղերը, փողոցներն ու մուտքերը, ամեն ընտանիքն ու անհատը:
Այսպիսով, իշխանությունն իր ներսում կլանային՝ իրար «քցող» լինելով հանդերձ, դիրքավորված է հանրության դեմ, և ընդհանուր ճակատով է գործում,   քանի որ նրա ունեցվածքն է գողանում:

Այն արմատացած է ամեն մարդու մեջ, և բարեկամի և հարևանի, և ծանոթի տեսքով՝ մանր պախաններով ու պախանների շուրջը վխտացող տականքով:
Ներքին այս ինքնաբավ թվացող վիճակը հանգեցրել է նրան, որ իշխանություններին պետք չէ արտաքին սուբյեկտայնություն: ԵՎ այդ պատճառով էլ  նրանք հույսը կապել են արտաքին պախանների հետ՝ լինի դա ռուսը, արևմուտքը, կամ եվրոպան:

ԵՎ հիմա էլ, քանի որ դրանք այլևս չկան, խոսք է գնում որևէ ցանկացած մեկին՝ Վրաստանին, Ադրբեջանին ու նույնիսկ Թուրքիային որպես պախան ունենալու խելահեղության մասին:
Իրականում համակարգը սնվում է մեզանով՝ մեր արժեքայինով, որը հանդուրժող է սրիկայի ու սրիկայականի հանդեպ:

Իմ կարծիքով, թշնամու դեմ պատերազմը կանխելու միակ ձևը ներհանրային մեծ  տեղաշարժն է՝ փաստացի նոր արժեքայինի համար մղվող ներքին պատերազմը: ԵՎ դրան հասնելու համար էլ պետք է հրապարակ մտնի ճշմարտությունը:
Ճշմարտությունը ամեն մի քաղաքական դեմքի մասին, երկրի վիճակի մասին, մեր իրական անելիքների մասին, մեր թաքնված հնարավորությունների մասին, մեր վերաբերմունքի մնասին՝ հանդեպ ստորն ու կործանարարը:

Մենք բազմաթիվ շահեկան՝ համամարդկայինը որպես թիկունք օգտագործելու ճակատներ ունենք, որոնք բարձիթողի, ոտնահարված, ողբալի վիճակում են եղել մինչև հիմա: Դրանք են՝
- Գենոցիդի հարցը՝ իր բոլոր մանրամասներով, սկսած 19 դարից մինչև մեր օրերը:
- Ռուսաստանի քաղաքականությունը մեր հանդեպ՝ մինչև մեր օրերը:
- Հայաստանի՝ անդրկովկասյան կարևորագույն տրանսպորտային և աշխարհքաղաքական խաչմերուկ լինելու հարցը, որի մասին անվերջ խոսվեց, բայց ոչ մի գործնական քայլ չարվեց, այն կյանք մտցնելու:

Առկա են նաև դիվանագիտական մեծ տեղաշարժերի պոտենցիալներ՝
- ռուսական սմերչի ֆոնին մենք ազատ ենք բանակցելու Իրանի հետ՝ գազի և ճանապարհների հարցով, երկկողմ բազմաթիվ հեռանկարային գործարքների մասով:
- ազատ ենք ռուսներին վռնդելու Հայաստանից՝ իրենց ամբողջ ունեցվածքի ազգայնացմամբ:
- Հայաստանն իր փոքր տարածքով հանդերձ ռեգիոնալ աշխարքաղաքականի մեջ սկզբունքային դերակատարություն ունի՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք և Թուրքիա -Թուրան  առանցքներում՝ և որպես կապող և որպես մեկուսացնող օղակ և որոնք մինչև հիմա անտեսված են եղել հայկական իշխանությունների և դիվանագիտության կողմից:
- Մեծ անելիքներ կան Ղարաբաղյան հարցով, կարելի է անհապաղ շրջադարձ անել  դեպի Ղարաբաղ-Հայաստան մեկ պետություն կոնցեպտը, այն պատմականորեն և փաստացի հիմնավորել և լայնորեն մատուցել աշխարհին:

Բայց անհնարին թվացող այս ամենն իրագործելու համար՝ և նոր մեթոդաբանություն ու գործելաոճ է պետք, և պատասխանատվությունների նոր մեխանիզմ՝ ամեն մի շեղման ու  խեղաթյուրման ու պետական հանցանքի համար՝ սկսած «Անկախ Ղարաբաղ»  պարտվողական կոնցեպցիան մեջտեղ բերած լիդերներից, վերջացրած երկիրը քրեականի մեջ թաթախած օլիգարխիայի ամեն մի ներկայացուցիչով:

Քրեական -իշխանական այս խմբի հետ հեռանկարն այլևս մահացու է: ԵՎ այս մասին պետք է ասվի ամեն ժամ ու ամեն րոպե, ամեն քայլափոխի, ով ինչ ձևով կարող է՝ թեկուզ և անեկդոտի, նզովքի ու հայհոյանքի տեսքով:
Հենց սա պետք  է լինի նոր մեթոդաբանությունը՝ հանրությունը համախմբելու, և գործի կոչելու:

Սովետական միությունը խարխլվեց և կործանվեց խոհանոցներում ծնված անեկդոտներից ու մարդկանց վերաբերմունքից՝ դեպի անլուրջ իշխանությունը: Մենք չափազանց լուրջ ենք ընկալել մեր այս հանցագործ անորակներին և արհեստականորեն  լրջացրել վիճակը:
Բացախոսությունը, անթաքույց անարգանքն  ու տեղին հայհոյանքը հանդեպ թաղային տականքը, սրիկա պաշտոնյան, քրեական օլիգարխն ու օրինազանցը պետք է մտնի կյանք՝ որպես  քաղաքական-հանրային լծակ, որպես կենսաձև: Մենք այլևս կորցնելու ոչինչ չունենք:

Անգլիական ժողովրդավարության սկիզբը ներհանրային անհանդուրժողականությունն է եղել հանդեպ օրինազանց հարևանն ու բարեկամը: Բողոքական աշխարհում, ուր վերացած էր Աստծո և մարդու միջև եղած կղերական մեջնորդը, անհատն ինքն իր վրա վերցրեց իրեն վերաբերվող ներհանրային հարցերում դատավորի ֆունկցիան և դրանով կարգ ու կանոն մտցրեց շրջապատում:

Ներկա անգլիական պառլամենտը հենց դրանով է առանձնանում աշխարհի մնացած պառլամենտներից, ուր առավելագույնի է հասցված հրապարակայնությունը, և նվազագույնի է հասցված մուղամը, խմբակայնությունը, կեղծիքն ու ներքին հարցերով՝ խաբեությունը:

Մեր 25-ամյա միտինգը, որը հրապարակի պաշտպանությամբ բացախոս էր սարքում համարակալած առաջնորդների՝ հանրությանը թողնելով կամակատար-կառավարելիի դերում, պետք է իր տեղը զիջի ամենօրյա կենցաղային-քաղաքացիական բոյկոտին, անհատների մակարդակով տարվող հայհոյանքին ու նզովքին՝ հանդեպ օրինազանց իշխանավորը, փոքր պաշտոնյան, որը թալանել ու ամայացրել է երկիրը:
Մեր հանրային փչացածությունը հասել է ամենաներքևները, և ապաքինումն էլ պետք է սկսվի ամենաներքևներից:

Պատկերավոր ասած ամեն մեկի մեջ պետք է հասունանա և գործի մի փոքր «Գասպարի», որը սրիկայի պիտակը կփակցնի իր շրջապատում հասանելի բոլոր փոքր գողերին, հանցագործներին ու մեզ կործանման տանողներին:
Փոքր գողերի հասցեին սանձազերծված ներհանրային պատերազմն իսկույն կընկալվեի ու կգնահատվի մեծ գողերի կողմից և նրանք ստիպված են լինելու իրենց լուծումները գտնել:
Մինչև հիմա «պայքարը» տարվել է մեծ գողերին ծնկի բերելու ուղղությամբ և արդյուքները ողբալի են, եթե ոչ ազգակործան:

Եթե հանրությունը հաստատակամ լինի իր նպատակների մեջ, և իր վերաբերմունքը տեղ հասցնի գողական ողջ համակարգին՝ իր բոլոր մանկլավիկների առանցքներով, ապա ներկա ողբերգականը մի քանի շաբաթում տեղը կզիջի հույսին ու նոր ներհանրային մթնոլորտին:
Քաղաքացիական անհնազանդությունը մեր պայմաններում պետք է իրականանա որպես հանրային, ազգային անհնազանդություն՝ ամեն իրեն մարդ համարող մեկի մակարդակով:
Պատերազմը հնարավոր է կանխել, բայց ոչ այս  իշխանությամբ և այս ներհանրային պոտենցիալով:

Մեր միակ անելիքը դա շարքային մարդուն իր իրավունքներին տեր կանգնելու անհրաժեշտությունը, իր մեթոդական անելիքը բացատրելն է, իսկ  հետո նա ինքնուրույն հանդես կգա որպես քաղաքացի ու պահանջատեր:

Մեզ առաջնորդներ պետք չեն, որովհետև մարդիկ ատելությամբ են լցված դեպի բազմաթիվ անգամ դավաճանած այդպիսիք: Մեզ նոր մեթոդաբանություն ու նոր գործելաոճի համոզիչ օրինակներ տարածող նվիրյալների խմբեր են պետք, և արդյունքն իրեն չի ուշացնի:
Այդ նոր, քաղաքացիական ակտիվ մթնոլորտում  իշխանության հարցը կվերածվի մանր խնդիրների շարքի, որոնք ինքըստինքյան ու արագորեն կլուծվեն:
Մենք պետք է իշխանություն կերտենք մեզ համար, այլ ոչ թե աշխարհին ցուցադրելու համար:

Այս ներհանրային պայքարի արդյունքում ձևավորված, հանրայնորեն վստահելի իշխանության դեմ արդեն, պատերազմ չի սանձազերծվի, իսկ եթե սանձազերծվի էլ, այդքան սարսափելի չի կարող լինել:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Lragir.am
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/85326