вторник, 4 июня 2013 г.

Վաշինգտոնը հովացրեց Բաքվի գլուխը

Վաշինգտոնում ընդունելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հետաքրքիր մեսիջ է փոխանցել այդ երկրին: «Ադրբեջանը հանդիսանում է տարբեր կրոններ դավանող մարդկանց համակեցության եւ նրանց համատեղ ապագայի կառուցման հիանալի օրինակ», Քերրիի խոսքերը մեջբերում է Azertag-ը:

Ադրբեջանի հասցեին դիվանագիտական այդ հաճոյախոսության համատեքստում թերեւս բավական տեսանելի է զգուշացումը, որ պաշտոնական Բաքվին հղում է պաշտոնական Վաշինգտոնը: Բաքվին փաստացի հիշեցնում են Ադրբեջանում բնակվող տարբեր ժողովուրդների գոյության մասին: Իսկ այն, որ այդ ժողովուրդներն ունեն բազում խնդիրներ, որոնք այսօր «քնած» են, իսկ վաղը կարող են «արթնանալ», վաղուց արդեն հայտնի փաստ է եւ անգամ միջազգային քաղաքագիտական շրջանակների օրակարգերում բավականաչափ դիտարկվող խնդիր: Ի վերջո, բոլորովին վերջերս էր, որ Ադրբեջանում մեղմ ասած անհանգիստ էին թալիշները, որոնք բողոքի զանգվածային ցույցեր էին կազմակերպել իրենց բնակավայրերում եւ որի առիթ էր հանդիսացել կենցաղային մի միջադեպ:

Բաքվին Վաշինգտոնից ուղղված զգուշացումը ուշագրավ է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: Թուրքական իրադարձությունների էությունն առայժմ այդքան էլ հստակ չէ, բայց երեւի թե կասկած չկա, որ այստեղ ոչ միայն ներթուրքական հասարակական խնդիրներ են, այլ երեւի թե ներթափանցել են բավական լուրջ աշխարհաքաղաքական շահեր:

Թուրքիայի իշխանությունն առայժմ փորձում է առերեւույթ հանգստություն ցուցաբերել: Բայց, դա կարծես թե չի օգնում իրավիճակը հանդարտեցնելու հարցում: Մինչդեռ հնարավոր է, որ պաշտոնական Անկարան որպես ինքնապաշտպանության տարբերակ դիտարկի տարածաշրջանային ապակայունացումը, անկախ այն բանից, թե արդյոք տեղի ունեցող ցույցերն ունեն արտաքին հետք կամ միջամտություն, թե ոչ: Եթե ունեն, ապա այդ դեպքում Անկարան կարող է փորձել տարածաշրջանային անկայունության շանտաժով արտաքին ազդեցության այդ սուբյեկտներին ստիպել գնալ զիջումների: Եթե արտաքին հետք չկա, ապա միեւնույն է, Անկարան կարող է տարածաշրջանի ապակայունացման շանտաժով ստիպել, որ միձազգային քաղաքականության կենտրոններն օժանդակեն ներքին իրավիճակն արագ կայունացնելու հարցում:

Տարածաշրջանային ապակայունացման շանտաժի համար Անկարան բնականաբար կդիմի «կրտսեր եղբոր»՝ Բաքվի օգնությանը, որը կարող է ապակայունացնող, սադրող քայլեր անել Արցախի ուղղությամբ: Այդ առումով ուշագրավ էր, որ ադրբեջանցիները հերթական դիվերսիոն գործողությունն էին կատարել Քարվաճառի շրջանի ուղղությամբ:

Ժամանակագրական առումով դրան հետեւել էր ԱՄՆ հիշեցումն ու զգուշացումը Բաքվին, որ պետք չէ շատ ոգեւորվել, ունենալով տարբեր կրոններ դավանող ժողովուրդների բազում խնդիրներ:
Բաքուն ըստ ամենայնի հասկացել է Վաշինգտոնին, ինչի մասին վկայում է Մամեդյարովի խոսքը. «Ադրբեջանը մտադիր է եւ շահագրգռված է ապրել խաղաղության պայմաններում, եւ չնայած հակամարտության անցյալի բացասական հետեւանքներին, մենք նայում ենք համատեղ լուսավոր ապագային, որտեղ լինելու է հաջող գործակցություն եւ բարիդրացիություն»:

Ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնում սառը ջուր է լցվել Բաքվի այն ոգեւորության վրա, որի լիցքերը ստացել էր օրեր առաջ Մոսկվայում, երբ Մամեդյարովին ընդունած Սերգեյ Լավրովը խոսել էր ստատուս-քվոյի անընդունելիության եւ «ադրբեջանական տարածքների» ճակատագրի մասին:
Վաշինգտոնում Բաքվին ըստ երեւույթին ակնարկեցին, որ չեղած տարածքների փոխարեն ավելի լավ է մտածի եղած ժողովուրդների մասին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Lragir.am

Комментариев нет:

Отправить комментарий