вторник, 26 марта 2013 г.

Վարդան Հակոբյանը «Վիքիպեդիա»-ում

Գրական միջակությունները սողոսկել են «Վիքիպեդիա»

Արդեն չենք էլ զարմանում, երբ քնում-արթնանում ենք ու հանկարծ հայտնաբերում, որ սերիալի այս կամ այն «դերասանը», որին երեւի ֆայլաբազարից են գտել, դարձել է վաստակավոր արտիստ: Մեկ ուրիշը, ասենք մի անհայտ գրող՝ մշակույթի վաստակավոր գործիչ: Երրորդին՝ ձեռաց սարքել են «նշանավոր արձակագիր» եւ դոշից կախել «Մեսրոպ Մաշտոց շքանշան» եւ այլն: Չենք զարմանում այլեւս, քանզի մեր երկրում ոչ մի չափանիշ չի գործում:

Վերջին օրերին, սակայն, այս զավեշտալի պատմությունը հիշելով՝ ուղղակի լիաթոք ծիծաղում եմ: Ո՞վ է ճանաչում կամ ո՞վ է լսել Վարդան Հակոբյան «պոետի» անունը: Պարզվում է՝ այս մարդը, որ լավագույն դեպքում կարող էր լինել քելեխների ու հարսանիքների թամադա, փորձ է արել իր անունը անմահացնել «wikipedia» (Վիքիպեդիա) հանրահայտ հանրագիտարանում։

Սույն «պոետը» կողոպտել է Վարդան Հակոբյան կամ Հեսու վարդապետի էջը (1862, գյուղ Ահարոնք (Սասուն գավառում), 1915, Մեծ Եղեռնի զոհ) եւ դրա վրա կառուցել իր էջը:
Ուշադրություն. ստացվել է, որ «պոետ» Վարդան Հակոբյանը ծնվել է 1948-ին եւ վախճանվել …1915-ին...

Ահավասիկ.

Վարդան Հակոբյան (բանաստեղծ)
«Վիքիպեդիայից»՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ գործածումների համար տես՝ Հակոբյան

Վարդան Հակոբյան (բանաստեղծ)
ԱԱՀ՝   Վարդան (Սլավիկ) Սարգսի Հակոբյան
Ծննդյան օր՝   մայիսի 21, 1948 (64 տարեկան)
Ծննդավայր՝   Արփագյադուկ, ԽՍՀՄ
Վախճանի օր՝   1915 թ.
Վախճանի վայր՝   Մուշից ոչ հեռու
Ազգություն՝   հայ
Կրոն՝   Հայ Առաքելական եկեղեցի

Վարդան (Սլավիկ) Սարգսի Հակոբյան (ծնված 21. 5. 1948, գյուղ Արփագյադուկ (ԼՂՀ Հադրութի շրջանում)), բանաստեղծ, դրամատուրգ, բանասիրական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1969)։ 1969-83-ին աշխատել է Ստեփանակերտի «Սովետական Ղարաբաղ» օրաթերթում, 1976-83-ին՝ գլխավոր խմբագրի տեղակալ։ 1983-91-ին՝ գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, 1991-ին՝ ԼՂՀ գրողների միության նախագահ, միաժամանակ՝ միության պաշտոնաթերթ «Եղիցի լույսի» գլխավոր խմբագիր։ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը բեմադրել է Հակոբյանի «Հայելիներ» (1979) և «Քո սերը քո տունն է» (1981) պիեսները։ Հակոբյանը հիմնադրել և խմբագրել է «Արցախ» (1989) երկամսյա և «Պըլը-Պուղի» (1991) երգիծական հանդեսները։ Հակոբյանի քնարական բանաստեղծությունների («Մեղեդիներ», 1969, «Շանթահար կաղնին», 1974, «Մայրանում է լույսը», 1975, «Անմարելի-անմեկնելի», 1981, «Վաղվա աչքերով», 1987, «Արցախա ծուխ», 1989, «Ամարասի զանգերը», 1989 ևն ժողովածուներ) հիմնական թեման ժամանակակից մարդու խոհերն են, կարոտի, սիրո ապրումները։

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից
25.03.13

http://zham.am/am/news/1673.html

среда, 20 марта 2013 г.

Ռուբեն Հախվերդյան. «Պաշտպանեք ձեր բաժին ոսկորը»


Սերժ Սարգսյանն ընդամենը հաստատել է Ռուբեն Հախվերդյանի խոսքը.

Ըստ էության, Սերժ Սարգսյանն իմ ասածները չի հերքել: Միայն մեկ ճշտում՝ Սերժ Սարգսյանը Կեւորկովի օրոք աշխատել է որպես Կոմկուսի քարտուղար: Եթե հիշում եք՝ մենք հանրահավաքներ էինք անում եւ ուզում էինք ազատվել ԽՍՀՄ-ից եւ այդ կուսակցությունից: Սակայն պատմությունը կրկնվեց՝ սկզբում ՀՀՇ-ն, հետո՝ ՀՀԿ-ն ստանձնեցին Կոմունիստական կուսակցության դերակատարումը: Ըստ էության, ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն ու Կոմունիզմը նույնն են բովանդակությամբ, էությամբ: Եվ անունները փոխելով՝ բովանդակությունը չես փոխի:  Որովհետեւ ստրուկը ստրկությունից ազատվելուց հետո ուզում է ստրկատեր դառնալ:

Ստրուկի եւ ստրկատիրոջ հոգեբանությունը.

Սերժ Սարգսյանն իրեն շրջապատել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի, Արմեն Մազմանյանի, Շուշան Պետրոսյանի,  Հանրայինի ղեկավար Ռուբեն Ջաղինյանի նման ստրկամիտ պնակալեզներով: Ռուբեն Ջաղինյանն իր տեսակով, իր կրթությամբ ոչ մի ընդհանրություն չունի հայկական մշակույթի հետ: Նշվածներն ամենասովորական պնակալեզներ են, որ ստացել են իրենց բաժին ոսկորն ու հիմա իրենց պիտի պատեպատ խփեն, որպեսզի պաշտպանեն իրենց բաժինը:

Սերժ Սարգսյանն անտաղանդ քաղաքական գործիչ է.

Ի դեպ, Սերժ Սարգսյանը այդ ասուլիսի ժամանակ ասել էր, որ ես գուցե տաղանդավոր երգիչ եմ, բայց քաղաքականության մեջ եւ մարդկային հարաբերություններում հեռու եմ տաղանդավոր լինելուց: Ասեմ, որ ես բնավ էլ քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ես իմ քաղաքացիական դիրքորոշումն են բարձրաձայնում: Քաղաքականությամբ զբաղվում է Սերժ Սարգսյանը, եւ կարող եմ վստահաբար ասել, որ նա անտաղանդ է այդ գործում: Եվ Սերժ Սարգսյանը ավելի լավ կանի ընդհանրապես չխոսի կաշառակերության, ստախոսության, գողության եւ այն կանխելու մասին: Պատճառը՝ պարզ է: Բոլորդ գիտեք:

Մարինա Բաղդագյուլյան
hayeli.am
20.03.13

четверг, 7 марта 2013 г.

«Ինչպե՞ս կարող է արտագաղթելու տրամադրությամբ մարդը ընտրել իշխանության թեկնածուին»


Հարցազրույց Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ
Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ

- Սրբազան, ինչպե՞ս կգնահատեք անցնող նախագահական ընտրությունները:

- Ընտրություններն անցան, ինչպես միշտ ու չեմ կարծում, որ ընտրությունների ընթացակարգում ինչ-որ փոփոխություններ կային, բայց արդյունքները ոմանց համար եղան անակնկալ, ինչպես նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ինձ համար, խորքի մեջ, անկանկալ չէր, ես ենթադրում էի, որ այդպես կլինի, բայց ի սկզբանե ասեմ, որ որեւիցե մի թեկնածուի կողմ կամ դեմ չեմ: Եթե ես ընդդիմության որեւէ մի տեսակետ եմ պաշտպանում, դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանին դեմ եմ, եւ եթե ես Սերժ Սարգսյանի կամ Հանրապետական կուսակցության ինչ-որ մի տեսակետ եմ պաշտպանում, չի նշանակում, որ իշխանամետ եմ: Ես որեւիցե մեկին ոչ կողմ եմ, ոչ դեմ: Այն ներքին համոզումը, որ ունեմ, արտահայտում եմ քվեարկությամբ, բայց քվեարկությունից դուրս ես երբեւիցե որեւէ մեկին ոչ հօգուտ, ոչ ի վնաս չեմ խոսում:

Ասեմ, որ ընտրության արդյունքն ինձ համար գոհացուցիչ էր, որովհետեւ պարզ դարձավ, որ Գյումրիում ու Շիրակի մարզում ձեւավորվել է ազատ մտածողների շրջանակ, որոնք կշիռ են կազմում, եւ ուրեմն՝ այդ ազատ մտածողները ազատ ընտրություն կատարեցին, հակառակ այն բանի, որ ընտրություններն անցան նույն ձեւով, ինչ նախկինում: Գոհ եմ այդ իմաստով, այլ ոչ թե նրա համար, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է, Սերժ Սարգսյանը պարտվել: Գոհ եմ, որ ժողովուրդը քվեարկեց ըստ իր հայեցողության եւ ցույց տվեց, որ ինքն ազատ մտածող ազատ քաղաքացի է: Ուրախ ու հպարտ եմ այն առումով, որովհետեւ այդ ամենի մեջ տեսնում եմ իմ լուման: Ես էլ 14 տարի շարունակ իմ քարոզների, հորդորների, գործունեության մեջ ընդհանրապես միշտ աշխատել եմ, որ ձեւավորվի ազատ մտածող քաղաքացի: Ահավասիկ, ազատ մտածող քաղաքացին Գյումրիում ձեւավորվել է:

- Հետընտրական այս զարգացումները, ժողովրդի ընդվզումը, բողոքի ցույցերն, ի՞նչ եք կարծում, ի վերջո ինչպե՞ս կավարտվեն: Ունե՞ք որեւէ կանխատեսում:

- Ժողովրդի ընդվզում ասելն այնքան էլ ճիշտ չէ: Ընդվզած է ժողովրդի մի հատվածը, ու այդ ընդվզումը բացատրվում է նրանով, որ հասարակության մի զգալի մաս չի հավատում ընտրության արդյունքներին, եւ դրա հիմքերն ունի, որովհետեւ արդեն 5-րդ անգամ է՝ ընտրության արդյունքներով հաղթում է իշխանության թեկնածուն, որը, բնականաբար, հավատ չի ընծայում: Սոցիալ-տնտեսական այսպիսի ծանր պայմաններում գտնվող երկրում շատ քիչ հավանական է, որ, իբրեւ ազատ կամքի արտահայտում, ժողովուրդը իշխանությանը ձայն տա, որովհետեւ հասարակությունը դժգոհ էր 1996 թվականին, դժգոհ էր՝ 1998-ին, 2003-ին, 2008-ին, դժգոհ է նաեւ 2013-ին, բայց բոլոր դժգոհություններով հանդերձ, 5-րդ անգամ շարունակ հաղթում է իշխանության թեկնածուն: Բնականաբար, սա ցանկացած մեկի մոտ կասկած է առաջացնում, առավել եւս նրանց մոտ, ովքեր բոլոր նախորդ 5 ընտրություններին իշխանության թեկնածուին չէ, որ ձայն են տվել: Ուրեմն՝ մարդկանց մոտ իրավացի հարց է առաջանում՝ ինչպե՞ս է, որ մենք միշտ ձայն ենք տալիս ընդդիմության թեկնածուին, բայց ընդդիմության թեկնածուն երբեք չի անցնում: Եւ սրա պատասխանը պիտի տա իշխանությունը: Թե ինչպես կտա, դա իր խնդիրն է: Ինքը պիտի հասարակության դժգոհ հատվածին, ով չի հավատում ընտրության արդյունքներին, փորձի ապացուցել, որ ընտրության արդյունքներն, իրոք այդպիսին են: Բայց այդ փորձը չի արվում, չի արվել նախկինում, չի արվում նաեւ հիմա: Եւ այս վիճակում, բնականաբար հեշտ չէ տեւական դժգոհության մեջ գտնվող հասարակության այդ խավին հանդարտության կոչ անելը:

Այս ամենը վերաբերում է նաեւ շիրակցուն ու գյումրեցուն: Բայց նրանք, առավել եւս գյումրեցին, իր խառնվածքով հեղափոխական չէ: Ինքն իր դժգոհությունն արտահայտեց, ու չեմ կարծում, որ հետո ինչ-որ հեղափոխականության մեջ կմտնի: Մի մասը դարձյալ հուսախաբություն ու հիասթափություն կապրի եւ կքվեարկի «ոտքով», այսինքն՝ կհեռանա երկրից, իսկ մի մասն էլ ինչ-ինչ նկատառումներով, գուցե հայրենասիրական բաձր ձգտումներով կփորձի դիմանալ եւս մի քանի տարի: Բայց ես չեմ կարծում, որ Շիրակում ինչ-որ հեղափոխական վիճակ է, եւ լավ է, որ չէ, որովհետեւ մենք՝ հոգեւորականներս, հեղափոխականության կողմնակիցներ չենք, բայց մենք երբ հանդուրժողականության եւ հանդարտության կոչ ենք անում, միայն ընդդիմությանն ուղղված չէ, դա ուղղված է նաեւ իշխանությանը: Իշխանությունը պարտավոր է միջոցներ ձեռք առնել, որ այս դժգոհությունը վերացվի, իսկ այն կվերացվի, եթե իշխանությունը գենե մեկ անգամ տրամադիր լինի պարտվելու:

- Կարծում եք իշխանությունը տրամադրվա՞ծ է պարտվելու, կհամաձայնի՞ պարտվել:

- Այդ պարտվելու տրամադրությունն անգամ չկա: Ոչ մի իշխանամետ թեկնածու կամ կուսակցություն 91թ. հետո երբեւիցե տրամադրություն չի ունեցել պարտվելու, իսկ եթե որեւիցե մեկը բացառում է իր պարտվելու հնարավորությունը, ուրեմն՝ նշանակում է, որ իշխանությունը պահելու համար նրանք երբեմն պիտի ոչ իրավական քայլեր անեն: Բացի այդ, իշխանության մեջ զգալի շրջանակներ իրենց պարտությունը համարում են պետության պարտությունը, որն այդպես չէ: Հիմա, եթե 96թ. Վազգեն Մանուկյանը դառնար ՀՀ նախագահ, պիտի քանդե՞ր Հայաստանի Հանրապետությունը, եթե 98թ. Կարեն Դեմիրճյանը, 2003-ին՝ Ստեփան Դեմիրճյանը դառնային նախագահ, պիտի քանդվեր Հայաստանի Հանրապետությունը, 2008-ին վերստին Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադառնար իշխանության, պիտի քանդվե՞ր ՀՀ-ն, կամ հիմա, եթե Ր.Հովհաննիսյանը լինի, պիտի քանդվի հանրապետությու՞ը: Ոչ: Բայց խոսեք իշխանության ցանկացած ներկայացուցչի հետ, իրենք համոզված են, որ այո, կքանդվեր եւ կքանդվի: Այդ դեպքում հրաժարվեք ժողովրդավարություն կոչվածից: Դրա ճանապարհը մեկն է: Եթե իշխանության թեկնածուից բացի մնացած բոլորը կորստյան են տանում երկիրը, ուրեմն՝ պետք է ժողովրդավարությունից հրաժարվել: Ժողովրդավարությունը նրա համար է, որ ծառայի մեր ժողովրդին, հայ ժողովրդին, բայց մենք դարձրել ենք այլոց ցուցադրության առարկա: Մեզ պետք է ժողովրդավարությունն այն չափով, որ Արեւմուտքին համոզենք, թե մենք ժողովրդավար ենք: Ուրեմն՝ այդ փրկչական առաքելությունը, որը ստանձնում են ոմանք, որ իրենցից բացի բոլորը դավաճաններ են, հայրենադավներ են, օտար գործակալներ են, անթույլատրելի է: Իշխանության անցած կուսակցությունները՝ ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն, բոլորը տառապում են այս անսխալականության ու փրկչարարության բարդույթով: Եթե մտածում ենք, որ ձեզանից հետո երկիրը պիտի տապալվի, ուրեմն՝ լավ չեք կառուցել, ու ձեզանից հետո եկող իշխանությունը պիտի այն տապալի:

- Սրբազան,փաստորեն ժողովուրդը մերժեց ներկայիս իշխանություններին, նրան չընտրեց, ու հիմա ընդվզում է, դժգոհ է ընտրությունների արդյունքից: 

- Ես չեմ կարող ասել, որ ընտրությունները կեղծված են, իրավունք չունեմ նման բան ասելու, փաստեր չունեմ, հիմքեր չունեմ, բայց ես ասում եմ, որ եթե այս ծանր, բարոյական հոգեբանական, տնտեսական, սոցիալական իրավիճակում գտնվող երկրում եթե շարունակաբար հաղթում է իշխանության թեկնածուն, դա կասկածելու տեղիք է տալիս: Երկրի վիճակն օրհասական է, մարդիկ այս երկրի հետ այլեւս ապագա չեն կապում, ում հետ խոսում ես՝ արտագաղթելու տրամադրությամբ է: Ինչպե՞ս կարող է արտագաղթելու տրամադրությամբ մարդը գնալ եւ ընտրել իշխանության թեկնածուին:

Իշխանությունից բացի, ոչ ոք ավելի լավ չգիտի՝ ընտրությունները կեղծված են թե ոչ: Ընդդիմությունը ենթադրում է, որ կեղծված է: Նրանց ներկայացրած փաստերն այդքան լուրջ չեն, որովհետեւ մարդը քվեարել է, այլ հարց է, թե ինչ հոգեվիճակով է քվեարկել՝ իրեն ստիպե՞լ են, կաշառե՞լ են, ահաբեկե՞լ են: Եւ եթե քվերակությունն այն է, ինչ այսօր հրապարակում է ԿՀԸ-ը, դա վավերական ընտրություն է: Ուրեմն՝ ընդդիմությունը կարող է ընդամենը ապացուցել, որ հարկադրաբար ընտրածները զգալի խավ են կազմում, իսկ դա շատ դժվար է:

- Շիրակի մարզպետը ընտրություններից հետո հրաժարական տվեց, ու հայտարարեց, որ ինքը պարտվել է: Ինչքանո՞վ է համահունչ իշխանությունների պարտությունը մարզային իշխանությունների հրաժարականին:

- Այստեղ իմաստ կա, եւ ես հարգում եմ նրա որոշումը: Ես հարգել եմ մարզպետին իր ծառայության ժամանակ, հարգել եմ մինչեւ իր ծառայությունը եւ կհարգեմ ծառայությունից հետո: Ինքը նախ պրոֆեսիոնալ ոստիկան է, պրոֆեսիոնալ սպա ու գեներալ, եւ ինքը վարվեց ինչպես վայել է սպային: Դրանում լավ բան տեսեք, վատ բան մի տեսեք: Ուրեմն՝ եթե ինքը իշխող կուսակցության ներկայացուցիչն է այստեղ եւ այս մարզում իշխող կուսակցությունը պարտվում է, սպայի պատիվը պահանջում էր, որ ինքը հրաժարական տար, եւ ինքը հրաժարական տվեց: Դա պետք է գնահատել եւ ընդունել, որ մարզպետն իրոք արժանի մարդ էր՝ նկարագարի տեր մարդ: Դուք ուրախ եղեք, որ վերջին 2 տարում լավ մարզպետ եք ունեցել: Ես շատ գնահատում եմ իր այդ որոշումը եւ կամքը: Ամենայն հարգանք իր անձին եւ հաջողություն իր հետագա գործունեության մեջ:

Մարինե Պետրոսյան
asparez.am
25 Փետրվար, 2013