четверг, 30 июня 2011 г.

Սուպեր Սաքոն և նրա սուպեր նկարը

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը հայտնում է, որ համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում պատկերված ռեփեր Սուպեր Սաքոյի մի ձեռքում ինքնաձիգ է, իսկ մյուս ձեռքով նա քաշում է մերկ աղջկա մազերից։ «Տեղյակ լինելով հայկական «աստղերի» արժեհամակարգին՝ նման սադիստական մոտիվներով լուսանկարները որևէ զայրույթ չէին առաջացնի, եթե միայն դրանց ֆոնին պատկերված չլիներ Լոռվա մարզում գտնվող Հաղպատի հանրահայտ վանական համալիրը (X դար)»,- ասվում է հաղորդագրությունում։

«Իրենք իրենց մտավորական համարող հայկական «պոպսայի» ներկայացուցիչները, երկրի առջև ծառացած խնդիրները բարձրաձայնելու փոխարեն, զբաղված են առանց այդ էլ պետության և Մայր աթոռի կողմից մոռացության մատնած հնադարյա վանքերի պատերի տակ սատանիզմի մոտիվներով լի ֆոտոսեսիաներ կազմակերպելով և դրանց արդյունքում ստացված սադիստական լուսանկարները համացանցում տարածելով։

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը դիտարկում է այս խայտառակությունը որպես հայ ժողովրդի պատմության, կրոնի և մշակույթի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, ինչպես նաև երիտասարդության շրջանում ազգային արժեքների դեմ ուղղված չգիտակցված քարոզչություն»,- նշում են երիտասարդական նախաձեռնության անդամները՝ ավելացնելով, որ Հաղպատավանքում է մի քանի տարի ապրել Սայաթ-Նովան։

Չէ, այս անգամ խոսքը լոռեցի Սաքոյի մասին չէ, այլ ԱՄՆ-ում հայտնված հայ ռեփեր-աստղ Սուպեր Սաքոյի... Բայց գուցե սա Թումանյանի հայտնի հենց նույն լոռեցի Սաքոն է, որ չարքերի մասին տատի հեքիթները հիշել, վախից փախել է ծմակները... Գուցե նա այնտեղից էլ ուղևորվել է Ամերիկա ու երգիչ դարձել...

Հայ էստրադայում դա ընդունված է։ Մարդը, ասենք, կարող է քարտաշ, հովիվ, դռնապան դառնալ, կամ, ասենք, շուկայում զկեռ ծախել կամ մսագործ աշխատել, բայց հանկարծ գլխին փչում է էստրադային երգիչ դառնալ...

Դիտեք հայկական հեռուստաալիքները՝ հեռուստաեթերը ողողված է մեկը մյուսից ապաշնորհ, վոկալի ոչ մի նշույլ չունեցող արական ու իգական սեռի հայ «գերաստղերով»։ Սուպեր Սաքոյի այս լուսանկարներից մեկում նրա ձեռքին մսագործի կացին է։ Միս է կտրում։ Հապա մի տեսեք որքան է դա սազում նրան։ Մարդը տարերքի մեջ է, դա նրա կոչումն է, բայց...
Բայց կացինը մի կողմ դրել, երգեր է կլկլացնում ու մերկ աղջիկների մազերից քաշքշում...

Իսկ Սուպեր Սաքոն այդ ամենի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում։ «Ես ռեփ երգիչ եմ, ոչ թե էստրադային, մոտեցումներն այլ են,- ասում է կարկառուն երգիչը։- Դրա մեջ վատ բան չկա, որ մարմնավաճառներին զաստավիտով տանում եմ եկեղեցի։ Երգերս դավաճան աղջկա մասին էին, ում չգիտեի՝ արտիստորեն ինչպես պատժել։ Փախած բաներ էի ուզում անել՝ սարսափ ֆիլմերի նման։ Չգիտեմ՝ ինչու են բոլորն իրար խառնվել... Ես քրիստոնյա հայ եմ։ ԱՄՆ-ում ապրելով, միևնույն է, շատ եմ սիրում իմ Հայաստանն ու իմ ժողովրդին... Ուղղակի վիրավորվում եմ, որ հատկապես երիտասարդությունն է նման բաներ մտածում։ Այս ամենը նրանից է, որ ես մասոն եմ։ Տղամարդկանց գաղտնի կազմակերպություն է, որի անդամ եմ։ Դա նույնն է, եթե լինես, օրինակ, Հանրապետական կուսակցության անդամ...» (տես՝ Լիլիթ Բաբայան.Bravo.am)։

Ինչպես ասում են՝ մեկնաբանության կարիք չկա։

«Նոր ԷՋ»
27.06.11

среда, 29 июня 2011 г.

Ճանաչե՞լ, թե՞ չճանաչել ՀՂՀ-ն

Տեր-Պետրոսյանն ինքն էլ դժվար է կողմնորոշվում

Օրերս ՀՀ առաջին նախագահ եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանն ու թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղը՝ հայտարարել է. «Այդ հարցը դուրս է սուբյեկտիվ ցանկությունների շրջանակից: Հայաստանի բոլոր երեք նախագահները չեն ճանաչել Ղարաբաղը: Նշանակում է` կա օբյեկտիվ պատճառ:

Նրանք ասում են, չէ՞, որ իրենք հայրենասերներ են, որ Ղարաբաղի կողմից են: Այդ ինձ կարող էին մեղադրել, թե ես չեմ ճանաչում, որովհետեւ դավաճան եմ: Ես ուրախ եմ, որ նրանց ուղեղն էլ է հերիքում նման անզգույշ քայլ չանել: Առաջին՝ դա ոչ մի օգուտ չի բերի: Հայաստանը կլինի միակ երկիրը, որը կճանաչեր Ղարաբաղը, այնպես, ինչպես միայն Թուրքիան է ճանաչել Հյուսիսային Կիպրոսը: Թուրքիան դրանից չտուժեց, իսկ Հայաստանն այդ ֆորմալ ցուցադրական քայլից կարող է եւ տուժել: Դա կհաստատի, որ Հայաստանը մաքսիմալիստ է, որեւէ փոխզիջման չի գնում:

Ղարաբաղյան ողջ քաղաքականությունը, գոնե խոսքերի մակարդակով, մինչ օրս հիմնված է այն բանի վրա, որ մենք փոխզիջում ենք որոնում: Ճանաչելով Լեռնային Ղարաբաղը՝ մենք հրաժարված կլինեինք այդ սկզբունքից, նույն պահին կդադարեին բանակցությունները: Նույն պահին Ադրբեջանի համար կստեղծվեր այլընտրանք չունեցող իրավիճակ, քան ուժի գործադրումն է: Եվ այդ դեպքում, հավաստիացնում եմ, համաշխարհային հանրության համակրանքը կլիներ Ադրբեջանի կողմը»:

Լ. Տեր-Պետրոսյանի այս դիրքորոշումը կիսում են նաեւ ՀԱԿ-ում: Թերեւս դա նորմալ ու բնական է, բայց անհասկանալի ու առնվազն տարօրինակ է, երբ այս դիրքորոշմանը տրամագծորեն հակառակ մոտեցումն էլ է արժանանում կոնգրեսականների նույնքան ջերմ հավանությանը, բայց բացառապես այն դեպքում, երբ դա հնչում է հենց նույն Տեր-Պետրոսյանի խոսքում, իսկ նման բան, հավատացեք` եղել է ու ոչ շատ վաղ անցյալում:

Այսպես, 2008թ. հոկտեմբերի 17-ի ՀԱԿ հանրահավաքում իր ծավալուն ելույթում (http://www.levonpresident.am/?catID=20&contID=377) անդրադառնալով նույն հարցին՝ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարում էր. «Նկատի ունենալով այն մտահոգիչ հանգամանքը, որ Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո Ղարաբաղի հարցը, որոշակի առումով, դուրս է մնում սառեցված հակամարտությունների լուծման ընդհանուր գործընթացից, թերեւս ժամանակն է մտածել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովը հանդես գա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնությամբ։

Սերժ Սարգսյանը պարտավորված չպետք է լինի արձագանքելու այդ նախաձեռնությանը, բայց մի կողմից՝ ունենալով խորհրդարանի որոշումը, իսկ մյուս կողմից՝ առկախ թողնելով նրա վավերացումը, նա արտաքին ճնշումները դիմակայելու եւ խուսանավելու մեծ հնարավորություններ կստանա առաջիկա բանակցություններում։ Իրադրությունը, ոչ սովորական լինելով, ոչ սովորական քայլեր, դիվանագիտական հրաշագործություններ ու երեւակայության թռիչքներ է պահանջում»։ Իհարկե, հասկանալի է, որ հնչեցված մոտեցումը, Տեր-Պետրոսյանի դիտարկմամբ, ընդամենը դիվանագիտական հնարք էր լինելու, բայց սա խնդրի լուծում չէր կարող լինել, որովհետեւ Հայաստանի օրենսդրությունը ՀՀ նախագահին պարզապես հնարավորություն չի ընձեռում ԱԺ-ում ընդունված օրինագծերն ամիսներով ու տարիներով պահել` դրանք պետք եկած դեպքում «տաք-տաք» մատուցելու համար. ԱԺ ընդունած օրենքը ՀՀ նախագահը պարտավոր է վավերացնել կամ առարկություններով խորհրդարանին վերադարձնել 21-օրյա ժամկետում:

Այսուամենայնիվ, նույնիսկ այս դեպքում բաց է մնում հարցադրումը, թե ինչո՞ւ նույն այդ հնարքը չէր կարելի կիրառել հենց իր` Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, երբ բանը հասել էր «լրջանալու պահին», կամ` 2008-ի այս ելույթից հետո ընկած ժամանակահատվածում, երբ «Ժառանգություն» կուսակցությունն էր նման նախաձեռնությամբ հանդես գալիս: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն ի պատասխան այս նախաձեռնության վերաբերյալ հարցադրումներին՝ անվերապահորեն հայտարարում էր, թե դա միայն կարող է խոչընդոտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններին եւ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման սպառնալիք ստեղծել, մինչդեռ Տեր-Պետրոսյանն ինքն էր ժամանակին նման հնարավոր լուծում առաջարկել:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
aravot.am
28.06.2011

Ի՞նչ փաստաթուղթ էր Կազանում

«Եթե իսկապես Հայաստանն այդ ազատ, թափանցիկ, ժողովրդավարության գնացող երկիրն է, որի մասին Ստրասբուրգում խոսեց գործող նախագահը, ապա անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդն իմանա, թե ինչ է պարունակում այն փաստաթուղթը, որն առանց առարկության ընդունվեց Հայաստանի կողմից՝ ըստ Հայաստանի արտգործնախարարի, եւ որը մերժվեց Ադրբեջանի կողմից: Որո՞նք էին այդ փաստաթղթի այն դրույթները, որոնք ընդունելի են Հայաստանի իշխանության համար»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունիսի 25-ին Ազատության հրապարակում հերթական քաղաքացիական հավաքի ընթացքում:

Վկայակոչեց նաեւ «Ազգ» օրաթերթին տված հարցազրույցում Մեվլութ Չավուշօղլուի հետեւյալ պնդումը. « Թուրքիան պահանջում է Հայաստանից դուրս բերել զինուժը օկուպացված հատվածից: Սա է Թուրքայի վարչապետի խոսքը: Եվ եղել է համաձայնություն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունները ստորագրելիս: Եվ սա հաստատում են այլ նախարարներ, թեեւ սա չկա արձանագրություններում, քանի որ պայմանը վերաբերում է երրորդ կողմին` Ադրբեջանին: Հայաստանի ԱԳ նախարարը փորձում է ինձ մեղադրել, բայց ես հարցրել եմ ինձ հանդիպած արտգործնախարարներին, եւ բոլորը հաստատել են, որ Հայաստանն ընդունել է իր ուժերը դուրս բերել 5 շրջաններից, ոչ թե 7»:

Հիշեցնելով, որ Հայաստանի ԱԳՆ-ն հերքել է այս պնդումը՝ պրն Հովհաննիսյանն ասաց. «Այդ փաստաթղթի հրապարակումից կիմանանք, թե իսկապես հերքվա՞ծ է այդ պնդումը, թե՞ ինչ որ ճշմարտության հատիկ կա այնտեղ»: Նաեւ հավելեց. «Երբ Ստրասբուրգում ասվում է, որ Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ-ն՝ ոչ որովհետեւ կան ընթացիկ բանակցություններ, այլ որովհետեւ հարգում է Ադրբեջանի, ոչ թե Խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սա իրենից ի՞նչ է ներկայացնում:

Ժամանակն է, որ նախագահն այժմվանից հետո հաշվետու լինի սեփական ժողովրդին: Սա սովորական պահանջ է, ինչպես սովորական հարցադրում էր Զարուհի Փոստանջյանի հարցը, որը հնչեցվեց Ստրասբուրգում: Ամեն մեկը կարող է իր մեկնաբանությունը տալ, բայց այս ի՞նչ աժիոտաժ է, այս ի՞նչ սահմանափակ մտածող ժողովուրդ ենք: Մեր կուսակցության անդամները բարձացնում են ինչպես Ցեղասպանության, ԼՂՀ, այնպես էլ Հայաստանի ժողովրդավարության խնդիրները, եւ դա այդպես պետք է լինի»:

aravot.am
28.06.2011

Ողբամ զքեզ, Հայաստանի մշակույթ

Մամուլից իմացա, որ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, գրող, ճշմարիտ մտավորական Դավիթ Սարգսյանն ազատվել է աշխատանքից: Դեռ չէի հասցրել մարսել այդ նորությունը, ուզում էի հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ է առաջնորդվել այդ տիկինը` Հասմիկ Պողոսյանը, որ գրատպության 500-ամյակի նախաշեմին աշխատանքից ազատում է նման մտավորականի, հիմա էլ կարդացի, որ Ազգային գրադարանի տնօրեն է նշանակվել համակարգչային մի գործիչ: Լսեցի եւ… չզարմացա: Չզարմացա, քանզի այս տարիներին Հասմիկ Պողոսյանը զբաղված է եղել հայ մշակույթն ավերելով:

Լինելով Ազգային գրադարանի երկարամյա ընթերցող, ծանոթ լինելով Դավիթ Սարգսյանի ազգանվեր գործունեությանը, որոշեցի ինձ համար պարզել, թե որն է այս ամենի պատճառը: Վերջապես գրադարանն այն վայրը չէ, որտեղից կարելի էր օգտվել որպես «կերակրատաշտից», այդ դեպքում ինչո՞ւ է Հասմիկ Պողոսյանն աշխատանքից ազատել մշակույթի նվիրյալին: Եվ ահա իմ ուսումնասիրությունների արդյունքը:

Դեռ նոր էր Հասմիկ Պողոսյանը նշանակվել նախարար, երբ, համոզված եմ, իր իսկ «կնքահայրությամբ» նախարարությունից ինքնակամ հեռացավ դրամատուրգ, փոխնախարար Կարինե Խոդիկյանը: Իրար հետեւից տարբեր պատճառաբանություններով հեռացան փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, ապա կարճ ժամանակ պաշտոնավարած Դավիթ Մուրադյանը, հետո գրականագետ Կարո Վարդանյանը, ով վարչության պետ էր: Որոշ ժամանակ անց «մշակութասեր մեր նախարարը» նորամուծություն արեց թատերարվեստի բնագավառում՝ որոշեց, որ մայր թատրոնին գեղարվեստական ղեկավար պետք չէ: Հիմա էլ նորամուծությունները կիրառելու վայր է ընտրել գրադարանները: Նախ երաժշտագիտականում, ապա` մայր գրադարանում:

Ազգային գրադարանի ինչի՞ն է պետք գրագետ, մշակութային, գրական գործիչը, կարելի է այստեղ մի ավտոմատ համակարգ տեղադրել, որի վրա սեղմում ես համապատասխան հրամանը եւ «Enter» կոճակը, ու այն կկատարի Հասմիկ Պողոսյանի բոլոր ցանկությունները: Իսկ Դավիթ Սարգսյանն այն մարդը չէր, որ իրագործեր այդ տիկնոջ «գլուխգործոց» մտքերը: Բարձրաստիճան պաշտոնյա հայուհուն, այն էլ մշակութային ոլորտի, հարիր չէ տուրք տալ էժանագին բամբասանքների:

Ես չեմ հիշում որեւէ դեպք, որ մշակույթի նախարարն այցելի Ազգային գրադարան, մինչդեռ ամեն օր հեռուստաալիքները հեղեղված են ՀՀ նախագահի եւ վարչապետի այցերը լուսաբանող ռեպորտաժներով, որոնց ստվերում երեւում է նաեւ նրա սիլուետը: Կարող է, չէ՞, մի օր ասել՝ ներեցեք, պարոն վարչապետ, այսօր առանց ինձ յոլա գնացեք, ես պետք է այցելեմ Ազգային գրադարան:

Մի քանի տարի առաջ մամուլում կարդացի, որ Վերահսկիչ պալատը միլիոնների խախտում է արձանագրել Հասմիկ Պողոսյանի մոտ: Գրում էին, որ նա կերել է պետության փողերը: Զարմացա, գոնե իր կին լինելուց պիտի ամաչեր: Միամտորեն կարծում էի, որ այդ ամոթալի արարքից հետո կամաչի երեւալ հանրության աչքին, սակայն… անօրինություն անօրինության հետեւից: Նրա հակամշակութային գործողություններին արդեն սովորել էինք, երբ հանկարծ աչք դրեց Մինասի որմնանկարներին… Տեսնենք հաջորդը որն է:

Մշակույթի նախարարը չպատասխանեց բազում մտավորականների, Ազգային գրադարանի աշխատակիցների, ընթերցողների, Գյումրիի արվեստագետների նամակ-խնդրանքներին, դրանով իսկ կրկին կնքահայր դառնալով ստին, կեղծիքին: Նրա այդ քայլը շատ էր զայրացրել մշակութասեր մեր հանրությանը, եւ նրանք դարձան նամակ գրող` մշակույթի նախարարին, ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, որոնցով հեղեղված են հայաստանյան կայք-էջերը: Լռություն: «Մնաց մի նամակ»՝ Վերինին, թե Հայաստանում իրենք իսկ թքած ունեն իրենց մշակույթի վրա:

ՀԳ – Բնավ չեմ զարմանա, եթե Դուք նույնպես լռեք, որովհետեւ, ինչպես ասում է Պոզները՝ «Такие у нас времена»: Միայն թե այնքան չուշանանք, որ հնատիպ գրքերից, մեր «Ուրբաթագրքից» ու «Ազդարարից» բան չմնա: Առանց այն էլ հայ գրականությունը, գիրքը առավոտից գիշեր բռնաբարվում են «մեծն համակարգչի» կողմից:

Տիգրանուհի Քերոբյան
hraparak.am
29.06.2011

Տղերքն իրենց «տղամարդու խոսքը» հետո են ասելու

ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի հանրահայտ արտահայտությունն առ այն, որ Հայաստանն իր ժողովրդին խաղաղության է պատրաստում, իսկ Ադրբեջանը պատրաստում է պատերազմի, ապա հայտարարությունը, թե՝ «Աստված մի արասցե, եթե ռազմական գործողություններ սկսվեն, Ադրբեջանն առավելություն կստանա», որովհետեւ նրանք իրենց ժողովրդին պատրաստել են պատերազմի, լայն քննարկման թեմա է դարձել Արցախում։

Վաղուց համոզված լինելով, որ ղարաբաղյան պաշտոնական շրջանակներում, հատուկենտ բացառությունները չհաշված, այնքան էլ չեն սիրում կարծիքներ հայտնել քաղաքական հարցերի, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի շուրջ, փորձեցի կարծիքներ «կորզել» միջին տրամաչափի չինովնիկներից։ Զրուցակիցներս ավելի շատ իրենց շուրջն էին նայում, քան փորձում հոդաբաշխ խոսք արտաբերել, իսկ երբ ձեռքիս ձայնագրիչը նկատում էին, «հարցազրույցն» ավարտվում էր՝ դեռ չսկսված։

Ուժերս փորձեցի խրոխտ անունով հասարակական երիտկազմակերպություններից մեկում։ Գրասեղանների շուրջ նստած բարեկազմ տղաները, լսելով, թե ինչի մասին պիտի կարծիք հայտնեն, ասացին, որ իրենց կազմակերպության կանոնադրությունը թույլ չի տալիս քաղաքական հարցերի վերաբերյալ տեսակետներ հայտնել։ Ապա հրաժարվեցին նաեւ իրենց հայրենիքի, ժողովրդի ճակատագրին վերաբերող կարծիք հայտնել նաեւ որպես մասնավոր անձ։ «Չէ, չենք կարող։ Այդ ամենը վերագրելու են մեր կազմակերպությանը եւ մեզ գլխացավանքի մեջ գցեն,- ասաց երիտասարդներից մեկը։- Այ, եթե հանկարծ ի վնաս Արցախի մի փաստաթուղթ ստորագրեն, այդ ժամանակ մեր տղամարդու խոսքը կասենք…»։

Նրանց հրաժեշտ տվեցի, մտածելով, որ Ս. Սարգսյանը երեւի սրանց եւ սրանց նմաններին է նկատի ունեցել՝ «խաղաղության պատրաստել» եւ «Ադրբեջանն առավելություն կունենա» խոսքերն արտաբերելիս։ Պետական համակարգում աթոռներ չզբաղեցնող քաղաքացիների հետ զրույցը հիմնականում շատ ավելի հետաքրքիր ու անկեղծ է լինում, եւ ես կրկին դիմեցի նրանց։ Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի մասնակից, նախկին հրամանատար Արմեն Հարությունյանը գտնում է, որ ՀՀ ղեկավարը չի կարող Ղարաբաղի շահերին վնասող որեւէ փաստաթուղթ ստորագրել, որովհետեւ ամենից առաջ նա դրա իրավունքը չունի։

«Իսկ եթե հանկարծ նման բան ստորագրի, ապա համազգային բունտ է լինելու»,- ասաց նա։ Նախկին հրամանատարի ասելով, ինքը չէր սպասում, որ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանը կարող էր նման խայտառակ հայտարարություններ անել։ «Խոսքն առաջին հերթին էն մասին է, որ 20 տարի մեր ժողովրդին խաղաղության են պատրաստել։ Էդ ինչպե՞ս է ինձ, քեզ, նրան, մյուսին խաղաղության պատրաստել,- ասաց Արմենը։- Վաղը թուրքը որ կրկին հարձակվի իմ երկրի վրա, ես նորից զենք եմ վերցնելու եւ թուրքի տիրումերն անիծեմ։ Իմ նախկին զինվորները նույնպես այդպես են վարվելու… Ճիշտ է, նախկին կռվողների մի զգալի մասը, այդ թվում՝ ես, այսօր դժգոհ ենք, այսպես ասած, «աբիժեննիկի» վիճակում ենք… Բայց մենք հո մեր հայրենիքից, մեր երկրից ու ժողովրդից չենք դժգոհ, այլ տիրող անարդարություններից, իշխանություններից…»։

Նախկին զինվորականը գտնում է, որ վերջին զարգացումները, արած հայտարարությունները ցույց են տալիս, որ ՀՀ նախագահը թույլ մարդ է, իր ուժերից վեր գործ է վերցրել։ «Բայց նրան ո՞վ է խնդրել երկրի ղեկավարի, պրեզիդենտի ծանր բեռը վերցնել։ Թող մնար ու աշխատեր իր նախկին պաշտոնում՝ վարչապետի կամ մի այլ պաշտոնում»,- շարունակեց Ա. Հարությունյանը։

Արցախյան պատերազմի վետերան Գագիկ Աբրահամյանի կարծիքով՝ Կազանում ոչ մի լուրջ փաստաթուղթ էլ չի ստորագրվելու։ «Ցավն այն է, որ դրա պատճառը ոչ թե մենք, այլ Ադրբեջանն է, որ ամեն ինչ ուզում է ստանալ ու փոխարենը ոչինչ չտալ,- ասաց Գագիկը։- «Եվրոնյուս»-ով լսեցի՞ք Ալիեւին։ Երբ ժուռնալիստը հարցրել է, թե Ադրբեջանն ինչ կարող է զիջել իր կողմից, ասել է՝ ի՞նչ պիտի զիջենք, էդ բոլորը մերն է… Իսկ մեր էս պրեզիդենտն էլ ամեն օր փոխզիջումներից է խոսում, վերջերս մի նոր բառ էլ է սկսել օգտագործել՝ հանդուրժողականությո՜ւն… Եվրոպայում արտասանած իր ճառում մի քսան-երեսուն անգամ էդ բառն օգտագործել է… Թուրքի գլխին, գայլի գլխին ավետարան է կարդում…»։

Թոշակառու ուսուցիչ Ս. Հայրապետյանը կարծում է, որ մենք ինքներս ենք «ղարաբաղյան խնդիր» ստեղծել։ Պատերազմում համախմբված կռվել-հաղթել ենք, հակառակորդին մեր երկրից քշել, հայկական գերված հողեր ազատագրել, հետո մեր «ղեկը» դրել դիլետանտների ձեռքին, նրանց կոստյում հագցրել, փողկապ կապել սովորեցրել, թե՝ դե գնացեք մեր երկրի, ժողովրդի հաղթանակն ամրագրեք։ Վերջիններս եկել ու իրենց անձնական խնդիրներն են լուծում՝ թքած ունենալով երկրի ու ժողովրդի վրա։

«Այ մարդ, ի՜նչ «խաղաղության պատրաստվել», ի՜նչ բան… Խոսքեր են՝ ասում է, էլի։ Դուք էլ հավատում եք, որ մեզ խաղաղության են պատրաստել, թուրքերին՝ պատերազմի, դրա համար իբր առավելություն կունենա՞ն,- հայտնեց նախկին ուսուցիչը։- Խաղաղության պատրաստե՜լ… Մեր հայ ղեկավարներին մի հարցնող լինի՝ ձեր ասած 20 տարում սեփական աթոռից, սեփական բիզնեսից բացի մի ուրիշ բանի համար մտածելու ժամանակ ունեցե՞լ եք։ Ժողովրդի, սեփական երկրի անվտանգության, հզորության, երկիրը շենացնելու մասին մտածելու ժամանակ ունեցե՞լ եք… «Աստված մի արասցե՝ պատերազմ լինի…»։ Աստծո վրա չեն հույսը դնում, առաջին հերթին սեփական ուժերի վրա են հույս դնում, ուժեղ երկիր, հզոր բանակ ստեղծում, հետո ասում՝ շան տղերք, դե եկեք տեսնենք ի՞նչ եք ուզում…»։

Ընդհանուր առմամբ, Արցախի շարքային քաղաքացիների կարծիքները շատ չեն տարբերվում իրարից։ Նրանք հաստատակամ ու ամուր կանգնած են իրենց հողում։ Դրա վկայություններից մեկը թեկուզ այն է, որ Ստեփանակերտում շուրջբոլորը շինարարական եռուզեռ է ու աղմուկ։ Սարքում են, վերանորոգում, ոչ վաղ սարքածը քանդում, նորից կառուցում, քաղաքով մեկ ջրի համար նոր խողովակաշար անցկացնում… Մտահոգիչը ՀԿ-ի հաղթանդամ այն տղաներն են եւ աթոռներից կառչած այն մանր ու մեծ պաշտոնյաները, ովքեր վախենում են խոսել սեփական երկրի ճակատագրի մասին կամ, լավագույն դեպքում, իրենց «տղամարդու խոսքը» հետո են ասելու։

Արեգ Վարդանյան
hraparak.am
26.06.2011

Նվաստացուցիչ «ինքնախոստովանություն» ԵԽԽՎ վեհաժողովում

ԵԽԽՎ ամբիոնից ելույթ ունենալուց հետո Սերժ Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ այնպիսի արտառոց մտքեր հայտնել, որոնք թերեւս տրամաբանական շարունակությունն են տարիներ առաջ հայտնած ու արդեն թեւավոր խոսքի ուժ ստացած «Աղդամը մեր հայրենիքը չէ» պատմական հայտարարության։

Ըստ երեւույթին, Ս. Սարգսյանն աստվածային ճշմարտության տեղ է ընդունել ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահների կողմից Դովիլում ընդունած հայտարարությունը, որտեղ վերջիններս ասել են, թե ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։ Չափազանց պատրաստակամ աշակերտի հպարտությամբ նա հայտարարել է, որ Հայաստանն «այս քսան տարիների ընթացքում» ժողովրդին խաղաղության է պատրաստում, իսկ Ադրբեջանն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի: Ապա ուշագրավ եզրակացություն արել առ այն, որ «Ադրբեջանն առավելություն կստանա, եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն, որովհետեւ նրանք իրոք իրենց ժողովրդին պատրաստել են եւ պատրաստում են պատերազմի»։

ՀՀ նախագահի սենսացիոն այս հայտարարությունը միանշանակ վատ է ընդունվել Արցախում։ Իմ զրուցակից պետական պաշտոնյաները հիմնականում փորձում էին ձեռնպահ մնալ Հայաստանի նախագահի խոսքերը մեկնաբանելուց կամ, իրենք էլ դրան չհավատալով, ասում էին, թե նա երեւի այլ բան է ցանկացել ասել։ Իսկ թե ինչ՝ ոչ ոք չկարողացավ հստակ ասել։

Շարքային արցախցիները չէին փորձում թաքցնել իրենց դժգոհությունը։ «Ինչպե՞ս թե 20 տարի մենք մեր ժողովրդին խաղաղության ենք պատրաստել,- ասաց 28-ամյա Արմեն Հակոբյանը։- Խաղաղության բաց դա՞ս է անցկացրել, ինչ է։ Կամ դա ի՞նչ հպարտանալու բան է՝ թշնամիներն ազգովի պատրաստվում են մեզ ոչնչացնել, իսկ սա էլ հայտարարում է, թե մենք խաղաղության ենք պատրաստվում…»։ Զրուցակցիս շարունակեց Վահան անունով մի այլ երիտասարդ. «Հայաստանի նախագահը Նժդեհի ձեռքին «չոփ դրեց»,- հեգնանքով ասաց նա։- Նժդեհն ասում էր՝ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի», հայոց մեր պրեզիդենտն էլ հայտարարում է՝ «խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր խաղաղության»: Երեւի 1915 թվականին էլ են մեր ժողովրդին այդպես խաղաղության պատրաստել… Թուրքերն էլ 10-20 ձիավորով 400-500 մարդկանց քշել են անապատներն ու կոտորել…»։

Սերգեյ Ավանեսյանի կարծիքով՝ Հայաստանի նախագահին թվում է, որ եթե այդ եվրոպաներից, ամերիկաներից խաղաղություն մուրա, նրանք «խաղաղության հրեշտակների պես թռնելու-գալու են՝ Ադրբեջանի ձեռքերը կապեն»։ «Այ մարդ, նորմալ մարդը, նորմալ ղեկավարը հույսն ուրիշների վրա կդնի՞,- ասաց նա։- Դրանք ե՞րբ են մեզ օգնել, մեզ փրկել, որ նորից նրանց ոտքերն ենք ուզում ընկնել։ Էն, որ «սումգայիթ», «կիրովաբադ», «բաքու» եղավ, դրանք՝ էդ եվրոպա-ամերիկաները որտե՞ղ էին…»։

Ուսանող Մհերը գտնում է, որ վերջին մի քանի տարում ոչ ոք երեւի այնպես չի հուսալքել, հիասթափեցրել սեփական ժողովրդին, ինչպես Ս. Սարգսյանը։ «Ո՞նց կարելի է աշխարհով մեկ հայտարարել, թե պատերազմի դեպքում Ադրբեջանն առավելություն կստանա,- ասաց նա։- Այս խոսքերը լսող հայ զինվորն ի՞նչ հավատով պիտի հայրենիք պաշտպանի, երբ իր պրեզիդենտն արդեն հայտարարել է, որ պատերազմի դեպքում թշնամին առավելություն կստանա, որովհետեւ 20 տարի կռվի է պատրաստվել»։

Պետական պաշտոնյա Ա. Գրիգորյանը կարծում է, որ «Հայաստանի նախագահն այդպես չի մտածում», որ նա այդ խոսքերը հատուկ ԵԽԽՎ-ի համար է ասել՝ ցույց տալու համար «հայերի քաղաքակրթվածությունը, խաղաղասիրությունը եւ հակառակորդի ագրեսիվ, ռազմատենչ պահվածքը»։

Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի վետերան Աշոտ Հովսեփյանի խոսքով՝ «էն լավ տղերքը, էն քաջ տղերքը, հերոսները կռվել-զոհվել են, տակին մնացել են խառախուռաները։ Կռվի ժամանակ էն, որ մենք կարգին զենք էլ չունեինք, տեխնիկա չունեինք, հարյուրավոր անգամ զիջում էինք թուրքերին… Եթե մեր գոնե մի հրամանատար իր զինվորներին ասեր, թե թշնամին ուժեղ է, առավելություն ունի, մենք երբեք պատերազմում չէինք հաղթի։ Մի էդպիսի հայտնի խոսք կա, չէ՞, ասում են՝ առյուծի գլխավորությամբ ոչխարների բանակն ավելի ուժեղ է, քան էն մյուսը… հակառակ բանակը…»։

Իմ զրուցակիցներից մեկը միամտորեն կարծում է, որ, ճիշտ է, Սերժ Սարգսյանը շատ սխալ բաներ է ասել, ինչպես մի ժամանակ ասել էր, թե Աղդամը մեր հայրենիքը չէ… «Բայց լավ է, որ Եվրոպայում պատերազմի եւ խաղաղության մասին այս խոսքերը հայերեն է ասել, թուրքերը չեն կարող հասկանալ, թե նա ինչ է ասել», թե չէ՝ «ուրախությունից ավելի են կատաղելու»։

Երանի մենք ոչ միայն հասկացած, այլեւ ընդհանրապես լսած չլինեինք անպատվաբեր, նվաստացուցիչ, ամոթալի ու խայտառակ այդ «ինքնախոստովանությունը»։

Արեգ Վարդանյան
hraparak.am
24.06.2011

четверг, 23 июня 2011 г.

Իր ժողովրդին պատերազմի պատրաստած Ադրբեջանը պատերազմի դեպքում առավելություն կստանա. Սերժ Սարգսյան

ԵԽԽՎ–ում իր ելույթից հետո պատասխանելով իրեն ուղղված հարցերին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե հայկական կողմն իրոք ցանկանում է, որպեսզի «անհանդուրժողականությանը անհանդուրժողականությամբ չպատասխանեն։» Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին խոսելով՝ նախագահը շեշտեց, որ ինքը, նախկինում լինելով պաշտպանության նախարար և շուրջ 15 տարի աշխատելով այդպիսի կառույցներում, սկսած 93–ից խոսում է խնդիրը փոխզիջումների հիման վրա լուծելու մասին ։

«Բայց Դուք լսե՞լ եք երբևէ որևէ ադրբեջանական պաշտոնյայի հայտարարություն խնդիրը փոխզիջումային տարբերակով լուծելու մասին։ Սա արդյո՞ք չի խոսում հանդուրժողականության մասին, արդյոք չի խոսում մեր պատասխանատվության մեծ զգացումի մասին ապագա սերունդների առջև»,– հայտարարեց նախագահը։

Սերժ Սարգսյանը նշեց, որ Արցախյան ազատամարտից հետո, ծնվել են մարդիկ, որոնք այսօր թե Հայաստանի, թե Ադրբեջանի զինված ուժերի հիմնական կորիզն են կազմում։

«Եվ հայկական, և ադրբեջանական բանակներում ծառայում են երիտասարդներ, որոնք ծնվել են 93թ ,և այս մարդիկ և առաջին հերթին Ադրբեջանում ծնվածները մեծացել են այդ թշնամության մթնոլորտում։ Եվ ինչպե՞ս կարելի է այսօր լրջորեն խոսել այն մասին, որ առաջին գծում կարելի է ստեղծել վստահության մթնոլորտ։ Վստահության մթնոլորտ կարելի է ստեղծել, եթե մարդիկ իրապես դրանում համոզված են»,– հայտարարեց նախագահը։

Նա բարձր գնահատեց ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և ՌԴ–ի նախագահների կողմից Դովիլում ընդունված հայտարարությունը, որտեղ նախագահները, ի թիվս այլ մտքերի ասացին, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։ «Ես համարում եմ, որ մենք այստեղ բավականաչափ առավելություն ունենք, որովհետև մենք այս քսան տարիների ընթացքում իրոք մեր ժողովրդին չենք պատրաստել պատերազմի և իրոք համարում եմ, որ Ադրբեջանը առավելություն կստանա, եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն, որովհետև նրանք իրոք իրենց ժողովրդին պատրաստել են և պատրաստում են պատերազմի»,– հայտարարեց նախագահն՝ ավելացնելով, որ պատերազմի վերսկսման դեպքում մեծ կորուստներ կունենա և հայկական, և ադրբեջանական կողմը։

Tert.am
22.06.11

Նժդեհն ու Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում ելույթ ունենալուց հետո պատասխանելով պատգամավորների հարցերին, ըստ էության սենսացիոն հայտարարություն է արել։ Նա ասել է, որ Հայաստանն իր ժողովրդին խաղաղության է պատրաստում, իսկ Ադրբեջանն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի։ Սակայն սենսացիան իհարկե շարունակությունն է։ Ըստ Սերժ Սարգսյանի, խաղաղության հարցում առավելությունը Հայաստանինն է, բայց “Աստված մի արասցե, եթե հանկարծ պատերազմ լինի, ապա առավելություն կունենա Ադրբեջանը, որովհետեւ իր ժողովրդին քսան տարի շարունակ պատրաստում է պատերազմի”։

Սա իսկապես ցնցող հայտարարություն է, առավել եւս եթե նկատի առնենք, որ այն հնչում է Գերագույն գլխավոր հրամանատարի շութերից։ Նա փաստացի հայտարարում է, որ պատերազմի դեպքում թշնամին կամ հակառակորդը առավելություն կարող է ունենալ։ Սերժ Սարգսյանը միգուցե ուզել է մի բան ասել, ստացվել է բոլորովին այլ բան։ Սակայն գուցե հարկ է նման պատասխանատու ամբիոններից ելույթ ունենալուց առաջ լավ պատրաստվել եւ կանխատեսել հնարավոր հարցերն ու նախապես մշակել ասելիքը։ Հնարավոր է, որ գործ ունենք նաեւ ենթագիտակցական ինչ որ շերտի ազդեցության հետ, որում Սերժ Սարգսյանը անկեղծորեն համոզված է, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանն առավելություն է ունենալու։ Այդ դեպքում իհարկե առավել եւս խայտառակ է վիճակը, եթե Գերագույն գլխավոր հրամանատարը ենթագիտակցորեն այդպես է կարծում։

Ինչ վերաբերում է խաղաղության եւ պատերազմի պատրաստելուն։ Ինչ է նշանակում մարդկանց պատրաստել խաղաղության։ Ի վերջո, ինչ-ինչ, բայց գոնե այդ հարցում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է որ մի փոքր ուսումնասիրած լիներ կուսակցության գաղափարական հոր` Գարեգին Նժդեհի հավատամքը` “խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի”։

Միայն պատերազմի պատրաստ հասարակությունը կարող է հասնել հնարավորինս ամուր խաղաղության, որովհետեւ միայն այդ հասարակության հետ է, որ թշնամիները կամ հակառակորդները կգերադասեն գործ չունենալ։ Հետեւաբար, “խաղաղության պատրաստելու” այդ հիպոթետիկ թեզի հանդեպ պետք է մի քիչ ավելի պակաս լրջությամբ մոտենալ, քանի որ դա ընդամենը գերտերությունների դիվանագիտական գրագրության ժանր է, ու պետք չէ այն դարձնել սեփական երկրի քաղաքականության եզր։

lragir.am

Սերժ Սարգսյանը կարծում է, որ Ադրբեջանն առավելություն ունի

“Արդեն տարիներ ի վեր ունենք Լեռնային Ղարաբաղի պրոբլեմ։ Եվ ես լինելով պաշտպանության նախարար, եւ շուրջ 15 տարի աշխատելով այդպիսի կառույցներում, ես սկսած 93 թվականից, խոսում եմ խնդիրը փոխզիջումների հիման վրա լուծելու մասին։ Դուք լսել եք որեւէ, երբեւէ ադրբեջանական պաշտոնյայի հայտարարություն, խնդիրը փոխզիջումներով լուծելու մասին։ Սա արդյոք չի՞ խոսում հանդուրժողության մասին”, հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Նա նշել է, որ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի հիմնական կորիզը 1988-ից հետո են ծնվել։ “Եվ այս մարդիկ, եւ առաջին հերթին Ադրբեջանում ծնվածները, մեծացել են այդ թշնամության մթնոլորտում։ Եվ ինչպես կարող ենք այսօր խոսել այն մասին, որ առաջին գծում կարելի է ստեղծել վստահության մթնոլոտ։ Վստահության մթնոլորտ կարելի է ստեղծել, երբ մարդիկ իրապես համոզված են դրանում”, աում է Սերժ Սարգսյանը։

Նա մեջբերել է Դովիլի հայտարարության այն միտքը, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի։ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե այստեղ Հայաստանն առավելություն ունի, քանի որ Հայաստանը իր ժողովրդին պատրաստել է խաղաղության։ Նա սակայն հայտարարել է, որ եթե Աստված մի արասցե պատերազմ լինի, ապա առավելություն կստանա Ադրբեջանը, քանի որ այն իր ժողովրդին քսան տարի պատրաստել է պատերազմի։ Սերժ Սարգսյանն այդուհանդերձ հույս է հայտնել, որ պատերազմ չի լինի, քանի որ այդ դեպքում թե Հայաստանը, թե Ադրբեջանը մեծ կորուստներ կկրեն։

lragir.am

Կազանում քննարկվող փաստաթուղթը հայկական կողմի երազած փաստաթուղթը չէ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում երեկ առաջին անգամ ելույթ ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որից հետո, Վեհաժողովի պատվիրակների՝ հատկապես ԼՂ խնդրին եւ Կազանում վաղը սպասվող հանդիպմանը վերաբերող հարցերին պատասխանելիս, նա բավական ուշագրավ հայտարարություններ արեց։ Նախ մինչ ելույթ ունենալը Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում ԼՂ խնդրին անդրադառնալիս նշել էր.

«Բավական երկար բանակցային պրոցես ենք անցել, շատ հարցեր ենք քննարկել, կողմերի դիրքորոշումները հստակ են։ Եվ կարծում եմ՝ եկել է ժամանակը, որպեսզի կողմերն իրենց վերջնական, այսպես, կարծիքն ասեն Հիմնարար սկզբունքների մասին։ Թե ինչպես կավարտվեն բանակցությունները` կտեսնենք»։

Ավելի ուշ, ԵԽԽՎ-ում պատասխանելով պատվիրակների հարցերին, Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ես Կազան եմ մեկնելու լավատեսությամբ լցված եւ ցանկանալու եմ իրոք, որ մենք գանք ընդհանուր հայտարարի, որովհետեւ եւ Հայաստանը, եւ Լեռնային Ղարաբաղը խորապես շահագրգռված են խնդրի հնարավորինս արագ լուծմամբ։ Արդար եւ տեւական խաղաղություն հաստատելու կարիք ունենք մենք»։

Կազանում քննարկվելիք փաստաթուղթը, նրա խոսքով, «իհարկե, հայկական կողմի երազած փաստաթուղթը չէ, բայց հնարավորություն է տալիս ձեռնամուխ լինել մեծ հիմնական պայմանագրի ստորագրմանը, պայմանագրի նախապատրաստման աշխատանքներին»։ «Այնպես որ, եթե մենք հանդիպենք կառուցողական մոտեցման, եթե ադրբեջանական կողմը լրացուցիչ նոր առաջարկներով հանդես չգա, ես կարծում եմ, որ կարող ենք ակնկալել դրական արդյունքներ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Ուշագրավ էր թերեւս Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ինքը դեռ 1993-ից է հայտարարել, որ խնդիրը փոխզիջումային տարբերակով պետք է լուծվի.

«Արդեն տարիներ ի վեր ունենք Լեռնային Ղարաբաղի պրոբլեմ։ Եվ ես, լինելով պաշտպանության նախարար եւ շուրջ 15 տարի աշխատելով այդպիսի կառույցներում, սկսած 93 թվականից, խոսում եմ խնդիրը փոխզիջումների հիման վրա լուծելու մասին։ Դուք լսե՞լ եք որեւէ, ադրբեջանական պաշտոնյայի հայտարարություն խնդիրները փոխզիջումներով լուծելու մասին։ Սա արդյոք չի՞ խոսում անհանդուրժողության մասին»։

Գուցե սա դիվանագիտական քայլ է՝ միջազգային կառույցներին հավաստիացնելու, որ հայկական կողմը պատրաստ է այդքան սպասված կազանյան հանդիպմանը ստորագրել ոչ «մեր երազած» մադրիդյան սկզբունքների տակ, սակայն հարց է առաջանում՝ 93-ին, երբ դեռ պատերազմը չէր ավարտվել, եւ հայտնի էլ չէր, թե ինչ ելքով է ավարտվելու, ի՞նչ հիմքով է այն ժամանակվա պաշտպանության նախարարն այդ կարծիքն ունեցել։ Սարգսյանը նշել է նաեւ, որ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի հիմնական կորիզը 1988-ից հետո ծնվածներն են։

«Եվ այս մարդիկ, եւ առաջին հերթին Ադրբեջանում ծնվածները մեծացել են այդ թշնամության մթնոլորտում։ Եվ ինչպե՞ս կարող ենք այսօր խոսել այն մասին, որ առաջին գծում կարելի է ստեղծել վստահության մթնոլորտ։ Վստահության մթնոլորտ կարելի է ստեղծել, երբ մարդիկ իրապես համոզված են դրանում»։ Մեջբերելով Դովիլի հայտարարության այն միտքը, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի, Սարգսյանը հայտարարել է՝ այստեղ Հայաստանն առավելություն ունի, քանի որ Հայաստանն իր ժողովրդին պատրաստել է խաղաղության, սակայն միեւնույն ժամանակ կրկին անսպասելի հայտարարություն է արել.

«Եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, ապա առավելություն կստանա Ադրբեջանը, քանի որ այն իր ժողովրդին քսան տարի պատրաստել է պատերազմի»,-միջազգային ամբիոնից հայտարարել է մեր երկրի զինված ուժերի գերագույն հրամանատարը։ Սերժ Սարգսյանն այդուհանդերձ հույս է հայտնել, որ պատերազմ չի լինի, քանի որ այդ դեպքում թե Հայաստանը, թե Ադրբեջանը մեծ կորուստներ կկրեն։

Ի՞նչ է սա՝ կրկին դիվանագիտական քա՞յլ, թե՞ զիջումների գնալու հող է նախապատրաստում… Դա պարզ կդառնա մեկ օրից, երբ Կազանում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Ի դեպ, Հայաստանի նախագահին հարցեր տալու համար նախապես հերթագրվել էին ադրբեջանցի 5 պատվիրակներ, սակայն հարցերն այդպես էլ չեն հնչեցրել։

Լուսինե Շահվերդյան
hraparak.am
23.06.11

пятница, 17 июня 2011 г.

Սնափառության շքահանդես

Գրողների միության շենքի երկրորդ հարկում էինք, երբ ինչ-որ մեկը ծիծաղելով ասաց՝ ներքեւ մի իջեք, շենքը ոստիկաններով օղակված է: Զարմացած ու հետաքրքրված անհաջող կատակից՝ իջանք, պարզվեց, որ կատակասերն ավելի քան լուրջ է: Ոչ միայն շենքն էր շրջապատված, այլեւ առաջին հարկում քայլարշավում էին փողկապավոր սափրագլուխները, մեզ դեսուդեն էին հրում՝ ճանապարհ բացելով:

Ու հանկարծ միջանցքում դեմառդեմ հանդիպեցի ՀՀ ոստիկանապետին՝ հեռախոսով խոսելիս: Տեր Աստված, ի՞նչ է պատահել, այդ ո՞ւմ է կանչում: Շփոթված դուրս եկա եւ շենքի բակում հանրապետության դատախազին հանդիպեցի, որ մուտքին էր մոտենում:

Շփոթմունքս վերածվեց խուճապի: Իսկ Բաղրամյան փողոցը փակ էր, ազդանշանային լուսարձակներով տագնապ առաջացնող ոստիկանական մեքենաներով լցված: Զարմացա, եթե ԱՄՆ կամ ՌԴ նախագահն է գալիս, նախապես որեւէ հաղորդագրություն չի եղել, իսկ թե անգամ այդպես է, Գրողների միությո՞ւնն ինչ կապ ունի:

Ուզում էի փախչել, բայց նաեւ ցանկությունս մեծ էր՝ պարզելու իրողությունը, եւ շուրջս շենքից փախչող ծանոթ-ընկեր գրողներին հարցնում եմ՝ ի՞նչ է պատահել: Պատասխանեցին՝ բանաստեղծ Հովիկ Հովեյանի «Ուրարտական անձրեւներ» գրքի շնորհանդեսն է:

Իսկ այդ մարդիկ ի՞նչ կապ ունեն բանաստեղծի գրքի հետ: Ոստիկանության տո՞նն է, դատախազության օ՞րը, թե՞ գրական միջոցառում: Եվ այդ միջոցառմանը, որ պետք է գրողներն իրենց ներկայությամբ արժեւորեին, խուճապահար փախչում էին Գրողների միության շենքից:

Սա այն Հովեյան Հովիկն է, ով մի ժամանակ մշակույթի նախարար էր, իսկ նշանակվելու նախօրեին անցավ ՕԵԿ շարքերը, ումից էլ հետո ՕԵԿ-ը խիստ հիասթափվեց ու ազատեց՝ սկանդալային պահվածքի համար (կարծեմ ատրճանակով ինչ-որ մեկի գլխին էր հարվածել):

Հետաքրքիր է՝ եթե Թումանյանի կամ Չարենցի գրքի շնորհանդեսը լիներ, հանրապետության ոստիկանապետն ու դատախազը, մյուս բարձրաստիճան հյուրերը կգայի՞ն: Դե, ես էլ հետաքրքիր մարդ եմ, բերել եմ Հովեյանի պես տիեզերական քերթողին ինչ-որ Թումանյանի ու Չարենցի հետ եմ համեմատում, իհարկե, նրանց համար չէին գա՝ չափելով ըստ մեծության:

Իսկ հետաքրքիր է՝ Թումանյանը նման մարդկանցով գրքի շնորհանդես կանե՞ր: Հովեյան ջան, ուզեցար ասել՝ հայ-հայ, տեսեք, թե ինչ վիթխարի գրող եմ, որ այդպիսի մարդիկ են գրքիս շնորհանդեսին մասնակցում: Վիթխարի կլինեիր, եթե քեզ գրողները մեծարեին, ոչ թե դատախազն ու ոստիկանապետը:

Պատկերացնում եմ, թե ինչքան ես չարչարվել դրանց Գրողների միություն բերելու համար, փոխարենը մի քիչ չարչարվեիր բանաստեղծի կերպար ունենալու ուղղությամբ: Եվ գիտե՞ս, թե շենքից փախչող մեր նշանավոր գրականագետներից մեկն ինչ ասաց.

«Այս սնափառության շքահանդեսն ի՞նչ կապ ունի գրողի եւ գրականության հետ»: Հովեյան ջան, տեսա՞ր վերջում ինչ եղավ, ուզում էիր, որ հասարակությունն իմանար, թե ինչ նշանավոր մարդիկ են եկել գրքիդ շնորհանդեսին, ես էլ տեղեկացրի՝ քեզ հասցնելով մուրազիդ: Կարիք չկա շնորհակալություն հայտնելու, բա էլ ո՞ր օրվա համար ենք:

Պատահականության բերումով՝ քո գրչընկերը,
ով ավելի շուտ կհրաժարվի գրելուց,
քան նման շնորհանդես կկազմակերպի

hraparak.am
17.06.2011

вторник, 14 июня 2011 г.

Թուրքական հերթական նկրտումների մասին

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Նախիջևանի Մեջլիսի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Թուրքիան միշտ հետաքրքրվել է Նախիջևանով: Նա ասել է, թե Կարսի պայմանագիրը մնում է ուժի մեջ, որով Թուրքիան համարվում է Նախիջևանի անվտանգության երաշխավորը: Նախիջևանի անվտանգությունը Թուրքիայի անվտանգությունն է, հայտարարել է Դավութօղլուն:
Lragir.am 28.04.2010


Սա առաջին դեպքը չէ, երբ մեր հարևան երկրի արտգործնախարարն աչքի է ընկնում բացառիկ երևակայությամբ: Նա հաճախ բաներ է տեսնում, որոնք իրականության մեջ չկան: Պնդումը, որ «Կարսի պայմանագիրը մնում է ուժի մեջ, որով Թուրքիան համարվում է Նախիջևանի երաշխավորը» դրանց թվից է: Քանի որ Կարսի պայմանագրի (չ)վավերականության և (ան)օրինականության հարցին առիթներ ունեցել եմ անդրադառնալու, այսու անդրադառնամ միայն պնդման երկրորդ մասին. «...Թուրքիան համարվում է Նախիջևանի երաշխավորը»:

Կարսի, այսպես կոչված, պայմանագրի նման մեկնությունը միանգամայն հիմնազուրկ է: Նախ տեսնենք ի՞նչ է ասված Կարսի, այսպես կոչված, պայմանագրի մեջ: Գրում եմ «այսպես կոչված», քանզի այն ընդհանրապես պայմանագիր չէ, որովհետև չի կնքվել միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, այլ գործարք է 2 հրացանավոր-հանցավոր քաղաքական ուժերի` բոլշևիզմի և քեմալիզմի, միջև: Իշխանությունն ապօրինաբար բռնազավթած և իշխանության բռանազավթմանը ձգտող ուժերի Կարսի գործարքն ամրագրող փաստաթղթի 5-րդ հոդվածում գրված է.

«Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի III հավելվածում նշված սահմաններում Նախիջևանի մարզը կազմի ինքնավար տերիտորիա` Ադրբեջանի խնամակալության ներքո»:

[Article 5. The Turkish Government and the Soviet Governments of Armenia and Azerbaijan are agreed that the region of Nakhichevan, within the limits specified by Annex III to the present Treaty, constitutes an autonomous territory under the protection of Azerbaijan.] [Статья 5. Турецкое Правительство и Советские Правительства Азербайджана и Армении соглашаются, что Нахичеванская область в границах, указанных в приложении 3 настоящего договора, образует автономную территорию под покровительством Азербайджана.]

Մինչև բուն հարցին անցնելն ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հույժ կարևոր հանգամանքի վրա, որ անգամ Կարսի գործարքով Նախիջևանի շրջանը չի հանդիսանում կամ համարվում Ադրբեջանի մաս, այլ միայն գտնվում է Ադրբեջանի «խնամակալության ներքո» (under the protection; под покровительством): Ընդհանրապես, ըստ միջազգային իրավունքի, «պրոտեկտորատը իրավական հարաբերություն է երկու պետությունների միջև» (Under International Law protectorate is the legal relation between two states): Այսինքն, դրանք երկու առանձին միավորներ են և միևնույն երկրի երկու մասերը չեն: Ինչպես, օրինակ, Թունիսը և Մարոկոն Ֆրանսիայի պրոտեկտորատներն էին, սակայն նրա մասը չէին կամ Եգիպտոսը բրիտանական պրոտեկտորատ էր, սակայն Մեծ Բրիտանիայի մասը չէր:

Նախիջևանի ԻՍՍՀ դրոշը, որի վրայի հայերեն մակագրությունը վկայում է այդ վարչական միավորի հայկական էության մասին

Ակնհայտ է, որ Կարսի, այսպես կոչված, պայմանագրի 5-րդ հոդվածը կողմերից որևէ մեկին չի տվել երաշխավորի (guarantor) կարգավիճակ: Այդ հոդվածին մաս հանդիսացող 3 կողմերից երկուսը («Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի... կառավարությունը») ունեն իրավահավասար կարգավիճակ: Հիշյալ հոդվածի մեջ ընդհանրապես չկա որևէ հանձնառություն, այլ միայն առկա է 3 կողմերի միջև համաձայնություն Նախիջևանի մարզի կարգավիճակի մասին: Այսինքն, սույն հոդվածն ամրագրում է կայացած, ավարտված պայմանավորվածություն, այլ ոչ թե ապառնի պարտավորություն: Երաշխավորող պայմանագրի էությունը` երաշխավորվող հանձնառությունն է (The substance of a guarantee treaty is the guarantee commitment):

Երաշխավորվող հանձնառության բացակայությունը զրկում է, անգամ մեծ ցանկության դեպքում, Կարսի, այսպես կոչված, պայմանագիրը դիտարկել որպես երաշխավորող պայմանագիր: Ընդսմին, երաշխավորող պայմանագրի մեջ պետք է հստակ լինի, թե ով ինչ է երաշխավորում: Օրինակ, Ազգերի լիգայի Կանոնակարգի (The Covenant of the League of Nations) 10-րդ հոդվածով կազմակերպությունը երաշխավորում էր իր անդամների ՙտարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող քաղաքական անկախությունը» (the territorial integrity and existing political independence):

Մեր քննարկման հերոս Թուրքիան, Հունաստանի և Մեծ Բրիտանիայի հետ միասին, եռակողմ պայմանագրով (1959թ.) [հոդված 2-րդ]. «...երաշխավորում է[ր] Կիպրոսի Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը» (...guarantee the independence, territorial integrity and security of the Republic of Cyprus):

Բերենք օրինակներ նաև մեր ժողովրդի պատմությունից: Հիշո՞ւմ եք Պարույր Սևակի անմահ տողերը Անլռելի զանգակատուն-ից.

Մեր արցունքի դեմ մի կում ջուր տվին,
16-ն այսպես մի կերպ շուռ տվին:
Աչքդ լույս լինի, դու օգտվեցիր թվաբանություն.
Աճեց քո 16-ը` դարձավ 61:

Այստեղ հիշատակված են 2 հայտնի պայմանագրերի` Սան-Ստեֆանոյի նախնական հաշտության պայմանագրի (3 մարտի, 1878թ.) և Բեռլինի պայմանագրի (13 հուլիսի, 1878թ.) հայերին վերաբերող հայտնի #16 և #61 հոդվածները, որոնք, ըստ էության, երաշխիքային պարտավորություններ էին` հանձնառություններ բարեփոխումների համար: Սան-Ստեֆանոյի պայմանագիրը երաշխավորում էր Թուրքիայի ստանձնած պարտավորությունների կատարումը, այն է. «անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից բխող բարելավումներ և բարեփոխումներ»:

Ի դեպ, ուշադրություն դարձրեք «անհապաղ» բառին, արդյո՞ք դա Ձեզ չի հիշեցնում «ողջամիտ ժամանակահատվածում» բառակապակցությունը: Բեռլինի պայմանագիրը գրեթե նույնպիսի երաշխիքներ է տալիս, սակայն այս անգամ երաշխավոր (guarantor) էին հանդես գալիս արդեն պայմանագիրը կնքած բոլոր պետությունները. ՙառանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից բխող բարելավումներ և բարեփոխումներ … իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառումը»: Այսինքն, վերոհիշյալ պայմանագրերում առկա էր ցանկացած երաշխավորող պայմանագրի (guarantee treaty) առանցքային հարցը` երաշխավորման առարկան:

Ամփոփելով, կարելի է անել հետևյալ եզրակացությունները.

1. Թուրքիան չի կարող հանդես գալ որպես Նախիջևանի վարչական միավորի երաշխավոր, քանի որ բացակայում է դրա իրավական հիմքը: Կարսի, այսպես կոչված, պայմանագիրը նման իրավասությամբ չի օժտում Թուրքիային: Այնտեղ, ընդհանրապես, որևէ ամրագրված պարտավորություն չկա:

2. Կարսի, այսպես կոչված, պայմանագրով Հայաստանն ու Թուրքիան Նախիջևանի նկատմամբ ունեն նույնական իրավունքներ և պարտավորություններ:

3. Կարսի, այսպես կոչված, պայմանագիրը խոսում է Նախիջևանի պրոտեկտորատի մասին, որը 1923թ. ի վեր գոյություն չունի: Ըստ այդմ, եթե մինչևիսկ Թուրքիան իրեն Կարսի բոլշևիկա-քեմալական գործարքով համարում է Նախիջևանի պրոտեկտորատի երաշխավորը, կրկնում ենք` առանց հիմքի, ապա Նախիջևանի պրոտեկտորատի լուծարումով, այսինքն Նախիջևանի Ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետության ստեղծումով և ՍՍՀՄ կազմում պարզ ինքնավարություն դառնալով, ի չիք է դարձել նաև այդ հիմքը:

----------------------------------------

Արա Պապյան. Կարսի պայմանագիրն ու ՀՍՍՀ իրավական կարգավիճակն ըստ միջազգային իրավունքի: «Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները» հոդվածների ժողովածու: Երևան, 2007, էջ 23:
Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), խմբ. Ջ. Կիրակոսյան, Երևան, 1972, էջ 520:
Soviet Treaty Series, vol. I (1917-1928), ed. by. Leonard Shapiro, Washington, 1928, p. 136.
Документы внешней политики СССР, т. 4, Москва, 1966, с. 423.
Branimir M. Jankovic, Public International Law, New York, 1984, p. 90.
Ավելի հանգամանալից տե՜ս` Kamanda A. A Study of the Legal Status of Protectorates in Public International Law, Geneva, 1961.


ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար
29 ապրիլի, 2010թ.

Ալլահի գործակա՞լ

Լեոնիդ Շադունց ստորագրությամբ Արցախից ստացված այս էլեկտրոնային նամակի հեղինակը գրում է, որ ԼՂՀ վերահսկիչ պալատը վերջերս ստուգումներ է իրականացրել ԼՂՀ տուրիզմի վարչությունում եւ ըստ էության ինչ-որ մեկի ցուցումով չտեսնելու տվել պետական միջոցների փոշիացման մի շարք արտառոց փաստեր: Նամակագիրը սույնով թվարկում է դրանք:

«Երբ ԼՂՀ մշակույթի նախարարության կազմում գտնվող հուշարձանների պահպանության վարչությունը հանվեց նախարարության կազմից եւ մտցվեց ԼՂՀ կառավարությանն առընթեր տուրիզմի վարչության կազմ, պետական բյուջեով մեծ գումարներ նախատեսվեցին հուշարձանների վերականգնման եւ պահպանության համար (300 մլն-ից ավելի, որը ԼՂՀ պարագայում աննախադեպ է): Տուրիզմի վարչության պետ նշանակվեց Սերգեյ Շահվերդովը, որը չնայած տվյալ բնագավառում աշխատելու համար համապատասխան կրթություն չունի, բայց ըստ ժողովրդի մեջ տարածված խոսակցությունների եւ իր ասելով` նախագահ Բ. Սահակյանի բարեկամն է:

Չենք կարծում, որ դա այդպես է: Իրականում, ըստ ստույգ տվյալների, Շահվերդովը դեռեւս խորհրդային ժամանակներում «ԿԳԲ»-ի գործակալ էր, հետագայում վերափոխվեց համապատասխան ծառայությունների գործակալի, իսկ հետո մտավ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության շարքերը, ըստ էության ազգային կառույցը արատավորելու համար... Շահվերդովը հուշարձանների համար նախատեսված գումարների մեծ մասը ծախսում է իր հայեցողությամբ եւ որպես կանոն ոչ նպատակային` առավել ուշադրություն դարձնելով հատկապես Արցախում գտնվող թուրքական հուշարձաններին:

Զավեշտականը նաեւ այն է, որ այդ ամենը կատարվում է «քաղաքականություն» խաղալով եւ իրանական մշակույթի անվան տակ, այն դեպքում, երբ դեռեւս 1822թ.-ից պարսից խանությունը Ղարաբաղում վերացված էր, իսկ այդ հուշարձանները ի հայտ են եկել ռուսական տիրապետության ժամանակներում` դարավերջին: Այսպես, ոչ հայկական դիտվող հուշարձանների վրա շուրջ 1 տարվա ընթացքում ծախսվել է 190 մլն-ից ավելի դրամ, որը կազմում է պետբյուջեով հատկացված գումարի գրեթե 60 %-ը, այն դեպքում, երբ բազմաթիվ հայկական հուշարձաններ գտնվում են խիստ վթարային եւ անելանելի վիճակում, երբ անմխիթար վիճակում են նաեւ թանգարանները, ներառյալ մայր թանգարան համարվող Արցախի պատմության թանգարանը` Ստեփանակերտում, որը վթարային է:

Շուշիի թուրքական հուշարձանների վրա ծախսվել է շուրջ 17 մլն դրամ, ներառյալ մահմեդական հոգեւոր առաջնորդի (մոլլայի) տան վերականգնման ու օգտագործման նախագիծը: Աղդամում ծախսվել է 1.5 մլն-ից ավելի դրամ, իսկ Շահբուլաղում, առանց Տիգրանակերտի պեղումների, 170 մլն դրամից ավելի:

«Հուշարձանների վերականգնում եւ պահպանություն» ծրագրով կառավարության կողմից հատկացվող գումարներով կատարվում են հուշարձանների հետ բացարձակապես կապ չունեցող աշխատանքներ, մասնավորապես Շուշիում եւ Շահբուլաղում, ծախսելով տասնյակ միլիոններ: Իրականացվում են նաեւ հուշարձանների մաքրման աշխատանքներ, դարձյալ որպես կանոն` մեծ ուշադրություն դարձնելով հատկապես մահմեդական-թուրքական հուշարձաններին:

Օրինակ, Շուշիի, Աղդամի եւ Շահբուլաղի հուշարձանների մաքրման աշխատանքների համար նախատեսվել են բուն աշխատանքները գերազանցող գումարներ, որոնց մի զգալի մասը չի հասել աշխատանք կատարողին:

Օրինակ, Շուշիի մզկիթներից մեկի մաքրման աշխատանքների համար հատկացված 1 մլն-ից ավելի դրամից կատարողին վճարվել է գումարի մոտ 30 %-ը, իսկ նույն վայրում գտնվող մահմեդական հոգեւորականի տան մաքրման եւ աղբի տեղափոխման համար, որոնք 1 տարուց ավելի է դեռեւս ավարտին չեն էլ հասցվել, 500 000-ից ավելի դրամ, երբ դրանք կարելի էր ավարտին հասցնել 50-60 հազար դրամով:

Տուրիզմի վարչության 2-3 մեքենաները` ներառյալ 2 «Ջիպերը», որոնցից 1-ը գնվել է հուշարձանների համար նախատեսված փողերով եւ այդ ապօրինությունը օրինականացվել վարչապետի կամ կառավարության կողմից, ծառայում են միայն 1 մարդու` վարչության պետ Շահվերդովին, որը տեղի-անտեղի դեսուդեն քշելով ծախսում է տոննաներով վառելանյութ:

Միայն 1 ամսում (2009թ. դեկտեմբեր) «Ջիպերից» մեկի վառելանյութի ծախսը կազմել է 0.5 տոննայից ավելի եւ լրացվել են իրականության հետ կապ չունեցող շինծու փաստաթղթեր: ...Այսքանից հետո միանգամայն տրամաբանական հարց է ծագում` ԼՂՀ կառավարության անդամ համարվող այս նորաթուխ պարոնը իրականում մեր ազգային արժեքների պահապա՞նն է, թե Ալլահի գործակալը»:


Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում քաղաքացիների նամակներում տեղ գտած փաստերի ճշգրտության համար: Մենք պատրաստ ենք տպագրել նյութում բերված փաստերի հետ անհամաձայնություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տեսակետները:
Հայկական ժամանակ
Սեպտեմբեր 11, 2010

понедельник, 13 июня 2011 г.

Բանակցային սեղանին պետք է դրվի նաեւ Հյուսիսային Արցախի խնդիրը

19 տարի առաջ հունիսի 13-ին Շահումյանի շրջանի եւ 20 տարի առաջ Գետաշենի ենթաշրջանի 21 հազար բնակչությունը Ադրբեջանի հրոսակների կողմից բռնի ուժով տեղահանվել է: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շահումյան-Գետաշեն հայրենակցական միության նախագահ Էդիկ Բալայանը: Նրա խոսքով` Հյուսիսային Արցախի 18 հայկական գյուղերը բռնազավթվեցին ադրբեջանցիների կողմից եւ այժմ էլ օկուպացված են ադրբեջանական զինված ուժերի կողմից: «Գետաշենը եւ Շահումյանը նույն ծրագրի երկու տարբեր փուլերն են, որոնց նպատակը հայկական բնակավայրերից բնակչությանը բռնի ուժով վտարելն էր: Նրանց նպատակն էր թուլացնել Լեռնային Ղարաբաղաի ակտիվությունը, էթնիկ զտում կատարել»,- ասաց նա:

Էդիկ Բալայանը նշեց, որ ադրբեջանցիներին մեծապես աջակցում էին Խորհրդային Միության Անդրկովկասյան ռազմական օկրուգի 4-րդ բանակի ստորաբաժանումներն ու վարձկանները, այլապես եթե չլիներ այս զորեղ ռազմական աջակցությունը, Շուշիի գրավումից հետո բարոյալքված ադրբեջանական ուժերը հազիվ թե կարողանային գրավել Շահումյանը: «Բռնագաղթից անցել է 19 տարի, սակայն բռնագաղթածների մի զգալի մասը գտնվում է սոցիալական ծանր պայմաններում, նրանցից շատերը դեռեւս բնակվում են ժամանակավոր կացարաններում, աշխատանքի շուկայում անհնար է աշխատանք գտնելը, գրեթե մոռացության է տրվել անհետ կորածների հարցը»,- ասաց Էդիկ Բալայանը` շեշտելով, որ Մինսկի խմբի բանակցություններում տեսանելի չէ Հյուսիսային Արցախի խնդիրը եւ փախստականների վերադարձի հարցը:

Շահումյան-Գետաշեն հայրենակցական միությունը պահանջում է, որ բանակցային սեղանին դրվի նաեւ Հյուսիսային Արցախի խնդիրը: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության նախագահ Էդիկ Բալայանը. «Առանց Հյուսիսային Արցախի խնդրի լուծման, հայ փախստականների վերադարձի հարցը դառնալու է անհնարին, քանի որ կես միլիոն հայ փախստականները Ադրբեջանի տարածքում իրական անվտանգության երաշխիքներ չունենալու պատճառով զրկված կլինեն իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու հնարավորությունից»,- ասաց նա:

Նրանք պահանջում են, որպեսզի Ադրբեջանը կատարի քաղաքական, բարոյական եւ նյութական հատուցումներ, եւ կանխվի Հյուսիսային Արցախի եւ այլ հարակից տարածքներում Ադրբեջանի կողմից ինտենսիվորեն վերաբնակեցումն ու հայկական բնակավայրերի հիմնահատակ ոչնչացումը:

«Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միությունը Արցախի եւ նրա հարակից ազատագրված տարածքներում Ադրբեջանի պահանջով Մինսկի խմբի կողմից երկու անգամ մոնիտորինգ կազմակերպելը, ինչպես նաեւ ադրբեջանցիների վայրագությունները անտեսելը համարում է կողմնակալ վերաբերմունք: «Այս եւ նմանօրինակ շատ փաստեր նորից ապացուցում են, որ Ադրբեջանի ենթակայությամբ հայ մարդը ապրելու ոչ մի հնարավորություն չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ, ինչը պետք է գիտակցեն նաեւ Արցախի խնդրի հետ առնչվողները»,- ասաց Էդիկ Բալայանը:

NEWS.am
Հունիս 13, 2011

Մոնթե Մելքոնյան. «Միշտ զարգացման պէտք կայ, միշտ անցեալի սխալներէն սորվելու պէտք կայ...»

Արդէն տասնութ տարի անցած է Մոնթէին մեկնումէն: Յաճախ ինծի կը հարցնեն «Մոնթեն եթէ հիմա ողջ ըլլար, ո՞ւր կ'ըլլար»: Անվարան կը պատասխանեմ՝ «մահացած կ'ըլլար»: Մեր ընտանիքին մէջ ես միակը չեմ, որ այս պատասխանը կու տամ: Մոնթէին մտերիմ՝ իր եղբայրն ալ ճիշդ նոյնը պատասխանած է այս հարցումին:

Մոնթեն ինք կը գրէր 6 յունիս 1988-ին, թէ լաւ մարդիկ են, որ պատրաստ են անկաշառ ծառայել իրենց սկզբունքներուն ի գին բանտարկութեան, ես կ'աւելցնէի` նաև մահուան.

«Հոստեղի (այսինքն բանտի, Ս.Մ.) կեանքը լաւ չէ բայց հետաքրքրական է որոշ ձևերով: Պիտի շատ-շատ-շատ նախընտրէի հոս չըլլալ (անշուշտ) բայց և այնպէս հոս եղած ատենս լաւ ընկերներու ծանօթացած եմ: Ամէնքս օր մը հոսկէ պիտի ելլենք և յոյսով եմ որ կը ծանօթանաս: Զարմանալի է ինչպէս յաճախ ամէնալաւ մարդիկ այսպիսի տեղերու մէջ տարինե՜ր կ'անցնեն իսկ ամէն տեսակ աղտոտ մարդիկ դուրս կը մնան:

Իրականութեան մէջ այս ալ իր պատճառները ունի և յետոյ կը բացատրեմ: Լաւ մարդիկ այն տեսակ են, որ հանգիստ չեն կենար այնքան ատեն, որ իրենց սկզբունքները չեն իրականացած, նոյնիսկ երբ իրենց թշնամիները շատ աւելի մեծ և զօրաւոր են: Եւ երբ գործնական քայլեր կ'առնեն ինքնաբերաբար վտանգի մեջ կը նետուին և հաւանականութիւնները կը շատնան, որ այսպիսի տեղ մը վերջանան: Իրար հետ կը խօսինք և իրարմէ կը սորվինք»:

Բոլորը գիտեն, որ Մոնթեն ինքն ալ հանգիստ կեցողներէն չէր: Հակառակ տարածուած՝ ծանօթի հանդէպ ներողամիտ ըլլալու հիւանդագին սովորութեան, Մոնթէն առաւել խստապահանջ էր իր մտերիմներուն նկատմամբ: Անոր ծայրայեղ անկաշառ էութիւնը միշտ ալ թշնամիներ պիտի հաւաքէր: Ժողովուրդին համար և ազգին անունով գործելու հանգամանքը հսկայական պատասխանատուութիւն կ'ենթադրէ և Մոնթէն ամէն րոպէ կը գիտակցէր այդ անկշռելի բեռի գոյութիւնը: 25 Օգոստոս, 1983-ին ան կը գրէր.

«…Հաւանաբար արդէն յստակ է քեզի համար, որ իմ սկզբունքներս, աշխատանքս և համոզումներս կը սիրեմ գործադրել և գործնական ձևով արտադրել։ Նաև հաւանաբար յստակ է քեզի համար, որ կը փորձեմ այս ամէն ինչը գործադրել հայկական ազատագրագրական պայքարի սահմաններուն մէջ կամ ալ գոնէ հայութեան ի նպաստ ըստ իմ հասկացողութեանս (նաև ըսեմ, որ լրջօրէն միշտ փորձած եմ գիտական ձևով մօտենալ այս հարցին և համոզուած եմ որ եթէ մօտեցումս հարիւրէն հարիւր ճիշդ չէ գոնէ շատ անկեղծ և իրապաշտ մօտեցում մըն է։ Այս չափ պէտք է յստակ ըլլայ)։

Բայց այս տեսակ գործերը տեղքայլի մէջ չեն մնար. տեղքայլի մէջ չեն մնար քանի որ պատմութիւնը տեղքայլի մէջ չի մնար։ Միշտ զարգացման պէտք կայ, միշտ անցեալի սխալներէն սորվելու պէտք կայ, և ներկայ իրավիճակի հաշիւներու հիման վրայ ապագայ շինելու համար քայլեր առնելու պէտք կայ։ Երբ որ այս գործերը ժողովուրդի մը կամ ազգի մը անունով կը կատարուին, և երբ որ այս գործերը կը պահանջեն որ մեր ժողովուրդին ամէնէն հայրենասէր և նուիրուած տարրերը օրական մահի դիմացը գան, կը նշանակէ որ այս գործերուն մէջ դեր ունեցողները- մանաւանդ այս կամ այն ձևով հիմնական դեր ունեցողները- հսկայ պատասխանատուութիւններ ունին։

Ոչ մէկ իրաւունք ունին անխելք արարքներ ընելու, ոչ մէկ իրաւունք ունին իրենց զգացումներուն ենթարկուելով կուրանալու և սխալ (բայց «անկեղծ») հաշիւներ ընելու, ոչ մէկ իրաւունք ունին անզգոյշ կամ անհոգ ըլլալու։ Հակառակ այս իրականութեան, մեր ժողովուրդին և պայքարին անունով և մեր ամէնէն անձնազոհ ընկերներուն արեան գնով չափազանց ֆաշական, անմարդկային, վնասակար և իրապէս ապուշ արարքներ եղած են այս վերջին տարիներուն։ Չեմ կարծեր որ պէտք ունիմ քեզի օրինակներ տալու»։

«Շա՜տ դժբախտաբար», ինչպէս Մոնթէն պիտի ըսէր, այս նամակին գրուելէն քսանութ տարի անց, վերոյիշեալ տողերը տակաւին կը մնան այժմէական:

Սեդա Գպրանյան-Մելքոնյան
hetq.am
13 հունիսի, 2011

Երիտասարդները պահանջում են՝ ազգային երգը պետք է հնչի նաև հեռուստատեսությամբ

«Գետաշեն» երգով այսօր «Հայֆոն շարժման» ակտիվիստները սկեսցին իրենց քայլերթ-քայլերգը` Ազատության հրապարակից մինչև մետրոյի «Երիտասարադական» կայարան: Ճանպարհին նրանք երգեցի շուրջ 20 ազգային երգեր` օգտվելով նախօրոք բաժանված երգերի բառերից:

«Մեր նպատակն է տարածել, քարոզել ազգային երգն ու երաժշտությունը, հատկապես` երիտասարդների մոտ: Ուզում ենք նաև հասնել այն բանին, որ հեռուսատեսությամբ ու ռադիոյով օրվա ընթացքում 2 ժամ հնչի ազգային երգ, լինի այլընտրանք», - ասաց կազմակերպիչներից Լուսինե Սաֆարյանը:

«Հայֆոն շարժման» նախաձեռնողները նախքան քայլերգը 3 անգամ երիտասարդների հետ անցկացրել են ազգային երգի դասեր` երգելով ազգային-ազատագրական, կատակ երգեր և Կոմիտասի ստեղծագործությունները: Ազգային երգեր երգելու համար նրանք հավաքվում են շաբաթը երկու անգամ, սակայն նման բացօթյա միջոցառում անում են առաջին անգամ:

«Մենք չունենք ոչ մի հովանավոր. ամեն ինչ անում ենք ինքներս: Շատ ծրագրեր ունենք, առաջիկայում պատրաստվում ենք անել ստորագրահավաք և նամակ ուղարկել մշակույթի նախարարությանը, որպեսզի ազգային երգը լսելի լինի նաև հեռուստատեսությամբ», - ավելացրեց Նունե Հայրապետյանը, ով նույնպես շարժման կազմակերպիչներից է:

«Մոսկվա» կինթատրոնին հարող տարածքում քայլերգի մասնակիցները երգին զուգահեռ սկսեցին պարել նաև ազգային պարեր: Մասնակիցներից Գայանե Նազարյանի կարծիքով՝ նման միջոցառումներ պետք է լինեն ավելի հաճախ, որովհետև երիտասարդները նման երգերի կարիք ունեն եւ հենց այդ կարիքն է, որ ստիպել է նրանց հավաքվել:

«Ես մեծացել եմ այս երգերի տակ, սրանք երգեր են, որ միշտ պետք է հնչեն»,- ասաց Գայանեն, ով երթին մասնակցում էր իր մի քանի ամսական փոքրիկի հետ. « Իմ բալիկն անգամ հղիության ընթացքում և հիմա էլ այս երգերն է լսում»:

«Հայֆոն շարժումը» ստեղծվել է «Միտք» վերլուծական կենտրոնի լրագրողական դասընթացների արդյունքում` մոտ 2 ամիս առաջ: Խմբում ներգրավված են մոտ 15 հիմնադիր-ամդամներ, որոնց նպատակն է պահպանել հայկական ազգային մշակույթը:

Մերի Մամյան
hetq.am
11 հունիսի, 2011

Արցախ. ամառային աշուն

Վերջին 2-3 շաբաթում Արցախում արեւոտ պայծառ օր եղավ միայն հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը։ Ըստ երեւույթին, այդ օրը Աստված որոշել էր բացառության կարգով բարյացակամ լինել մատաղ սերնդի հանդեպ։ Հաջորդ իսկ օրվանից երկնքից կրկին թեթեւակի ընդմիջումներով անձրեւ էր թափվում չճանաչված երկրի վրա։ Օրացուցային ամռան տասներորդ օրն է արդեն, սակայն ասես աշնանային եղանակ լինի՝ անձրեւոտ, ձանձրալի, սառն ու միապաղաղ…

Քաղաքական, ավելի ճիշտ՝ ներքաղաքական կյանքի ակտիվության սլաքը շարունակում է տատանվել զրոյի միջակայքում։ Եվ ի՞նչ ներքաղաքական կյանքի մասին կարող է խոսք լինել, երբ բոլորը յուրային են։ Ճրագով անգամ այստեղ ընդդիմություն չես գտնի, բոլորը համերաշխորեն խմբված են երկրի ղեկավարի շուրջ։ Հեռուստատեսություն թե մամուլ՝ նույն կիսած խնձորի երկու մասն են։ Ամենաանմեղ քննադատությունն անմիջապես մկրատվում ու դուրս է շպրտվում։

Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ թե թեմաների «դեֆիցիտի» պատճառով Արցախի հեռուստատեսությունը, ինչպես հայաստանյան հեռուստաալիքների գերակշիռ մասը, նույնպես լայնորեն անդրադարձել էր ապրիլի 12-ի Տիեզերագնացության օրվան՝ Ստեփանակերտի փողոցներում բլից-հարցումներ անցկացնելով Արցախի ճակատագրի համար սկզբունքային դեր խաղացած Գագարինի դարակազմիկ թռիչքի վերաբերյալ…

Բայց վերադառնանք Երկիր, այսինքն՝ Արցախ։ Ամեն դեպքում, երեւի թե ճիշտ չի լինի ասել, թե քաղաքական կյանքը լրիվ մեռած է։ Երկրի ղեկավարը երբեմն ճամփորդություններ է կազմակերպում դեպի շրջաններ, կարեւորում այս կամ այն միջոցառումը, հավաքվածներին խորհուրդներ տալիս, կարմիր ժապավեններ կտրում եւ, արտասահմանյան թանկարժեք ավտոների շարասյունը հետեւից գցած, վերադառնում հարազատ նստավայր…

Մինչ երկնքում կրկին անձրեւաբեր ամպեր են հայտնվում, եւ թեթեւ քամին քշում-բերում է ոչ շատ հեռվում արդեն անձրեւաթակ եղած խոտ ու ծաղկի ծանոթ բույրը, Ստեփանակերտի կենտրոնական պուրակներից մեկում զրույցի եմ բռնվել տարեց մի արցախցու՝ Եղիշե պապի հետ։ Հասկանալի պատճառով զրույցի հիմնական թեման «այս զզվելի եղանակն է», անձրեւները։

«Քե մատաղ, աշխարհ տեսած մարդ եմ, գլխովս էնքա՜ն բաներ են անցել, բայց էլի շատ բան չեմ կարողանում հասկանալ,- ասում է Եղիշե պապը։- Մի մատ երեխա եմ եղել, աշխարհից բան չէի հասկանում, հիմա պառավել եմ, բայց էլի բան չեմ հասկանում»։ Ծերունին անցած-գնացած օրերից է պատմում, իր ջահելությունից, Երկրորդ աշխարհամարտից, երբ «մի մատ երեխա» էր, բայց տանը փոխարինում էր պատերազմ մեկնած հորը։ Հետո հասնում է մեր օրերը եւ անսպասելի կտրուկ ասում՝ բոլորը մեր դեմ են. Աստված, մեր հարեւանները, մեր թշնամիները, մենք ինքներս մեր դեմ ենք…

«Թուրքից պրծանք, հիմա էլ, արդեն քսան տարի է, հայ ղեկավարներն են ոսկորի պես բկներիս մնացել։ Ոչ դուրս են գալիս, ոչ էլ կուլ տալու բան է, որ կուլ տանք։ Ձեռներին կրակն ենք ընկել,- միտքը շարունակում է տարեց արցախցին։- Իրենց համար կառուցում են, իրենց համար քեֆ են անում, իրենց համար ապրում են, թե՝ ժողովրդավարական երկիր ենք կառուցում… Քե մատաղ, բա սրանցից ո՞նց պրծնենք… Մարդու մեջ հավատ չեն թողել, ոտնակոխ արել՝ սպանել են, հետո էլ մեկ-մեկ զարմանում են, թե գյուղացին չի ուզում հող մշակել կամ գյուղացին հողի պարարտացման աշխատանքները ճիշտ չի անում… Սրանք եկել են թե չէ՝ բնությունը, Աստված էլ է մեր դեմ ելել։ Հողի հետ կռիվ ես տալիս, քրտնում, չարչարվում… անիծյալ կարկուտը, տերը մեռած անձրեւը գալիս՝ չարչարմունքդ, արածդ սաղ հավասարեցնում է հողին…»։

Ամպերի խուլ ղռղռոցը հասկացնում է, որ Երկնայինն այսօր բացառություն անելու մտադրություն չունի։ Զրուցակիցս նայում է վեր ու նետում՝ քո հերն էլ անիծած… Գլխներիս չոռուցավն ասես քիչ էր, դու էլ էդտեղից ես հոգի կրծում…
Ծերունին ձեռքը դժգոհ թափ է տալիս եւ հեռանում։ Նրա այդ ձեռքի շարժումը եւ հրաժեշտ է՝ ուղղված ինձ, եւ դժգոհություն՝ դեպ աշխարհն ու մենք…

Արեգ Վարդանյան
«Հրապարակ»
10.06.11

Իլհամ Ալիևը Ղարաբաղը նմանեցնում է Կոսովոյին

Ինչպես ավելի վաղ նշել է «Ազգը», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որոշել է նախքան Կազան` Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման մեկնելը, «շրջագայել» Բալկաններում: Այս օրերին Ալիեւը Սլովենիայում է, իսկ ավելի վաղ պետական այցով Սերբիայում էր: Գաղտնիք չէ, որ այս երկիրը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, սակայն միեւնույն ժամանակ, երբեք չի հայտարարում, որ «սերբական բանակը ամեն գնով հետ կբերի իր օկուպացված հողերը»:

Նշենք նաեւ, որ Կոսովոյի անկախությունը ճանաչած երկրները` հիմնականում արեւմտյան, բազմիցս շեշտել են, որ «սա չի կարող նախապայման լինել այլ չճանաչված միավորումների անկախությունը ճանաչելու համար, քանի որ ամեն մի նման հակամարտություն տարբեր է»: Թվում է, թե այս վերջին հայտարարությունից ամենաշատը «ուրախ» պետք է լիներ Իլհամ Ալիեւը, սակայն նա Սերբիայում հանդես է եկել ահա թե ինչ հայտարարությամբ. «Սերբիան էլ, Ադրբեջանի նման տուժում է անջատողականությունից: Մենք հույս ունենք, որ ձեր տարածքային ամբողջականությունն էլ կվերականգնվի»:

Ադրբեջանական «Ազադլիգը» այս հայտարարությունը նախ որակում է «իդեալիստական», ապա եւ` «վտանգավոր եւ չհաշվարկված». «Այս հայտարարությունը նշանակում է, որ Բաքուն նույնականացնում է Կոսովոյի եւ Ղարաբաղի հակամարտությունները: Ավելին` Կոսովոյից ադրբեջանցի խաղաղապահներին հետ կանչելով, Բաքուն ցուցադրեց, որ Կոսովոյի եւ Ղարաբաղի միջեւ նույնություն է տեսնում, եւ իր այդ քայլով բողոքում է Կոսովոյի հակամարտության նման լուծման դեմ:

Այս անգամ արդեն այդ երկու հակամարտությունների մեջ զուգահեռներ անցկացնում է Ադրբեջանի նախագահը»: «Ազադլիգը» եզրակացնում է զգուշացումով` «Ալիեւի այս հայտարարությունից հետո միջազգային հանրությունը կարող է մտածել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծել Կոսովոյի օրինակով»:

Ճիշտ է, «Ազադլիգը» «մոռացել» է նշել, որ միջազգային հանրությունը, հաշվի առնելով, որ Բաքուն պաշտոնական ներկայացուցչություն ունի «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում» կամ լուրջ ապրանքաշրջանառություն է ծավալում չճանաչված Տայվանի հետ, կամ էլ դիվանագիտական փաստաթղթերում ճանաչում է Պաղեստինի հանրապետությունը, կարող է որոշել Ղարաբաղի հարցը լուծել ոչ Կոսովոյի օրինակով, ուրիշ օրինակներն էլ բազմաթիվ են:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
«Ազգ»
11.06.11

Մշակույթի նախարարը տարա՞ծք է վաճառել

Հայաստանի միակ երաժշտական գրադարանը երեկվանից լարված վիճակում է: Ըստ տեղեկությունների, գրադարանի տարածքը վաճառվել է, եւ մոտ ապագայում գրադարանի աշխատողները եւ հարուստ գրական ֆոնդը հայտնվելու են փողոցում: Երեկ մենք այցելեցինք գրադարան՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Գրադարանի աշխատակիցները, ծնողներ, գրադարանից օգտվող աշակերտներ եւ երաժիշտներ անհանգիստ էին: Տեղեկությունները, թե մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վաճառել է գրադարանի տարածքը, այստեղ արագ էին հասել, եւ մարդիկ անորոշության մեջ էին եւ խիստ վրդովված:

Այս ամենին գումարվել էր նաեւ այն, որ գրադարանի երկարամյա տնօրեն Գուլո Նահատակյանը հունիսի 7-ին (նամակը նախարարի կողմից ստորագրված էր հունիսի 3-ին) նամակ էր ստացել մշակույթի նախարարից այն մասին, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 111 հոդվածի 2-րդ կետով հունիսի 15-ից այլեւս նոր պայմանագիր չի կնքվելու տնօրենի հետ:

Գրադարանի տարածքը վաճառելու մասին տեղեկությունները երեկ մեր աղբյուրները եւս հաստատեցին եւ պնդեցին, որ ոչ միայն այս, այլեւ մի քանի այլ մշակութային տարածքներ նախարարը մոտ ապագայում կվաճառի կամ արդեն վաճառել է: Թե ուր են «քշելու» միակ երաժշտական գրադարանին, դեռ ոչ ոք չգիտի: Գրադարանի տնօրենի փորձերը՝ կապվել նախարարի հետ եւ փորձել հասկանալ իրավիճակը, ապարդյուն են անցել:

Ի դեպ, մեր հեռախոսազանգերին եւս երեկ չէին պատասխանում ինչպես նախարարության աշխատանքային, այնպես էլ մամուլի խոսնակի բջջային հեռախոսները: Գրադարանի աշխատակազմը խիստ վրդովված էր կատարվածով եւ այն հանգամանքով, որ նախարարը կամ փոխնախարարը նախքան որոշում կայացնելը հարկ չեն համարել խոսել կոլեկտիվի եւ տնօրենի հետ, պարզաբանումներ տալ: Մարդիկ շեշտում էին, որ իր աշխատանքային գործունեության ամբողջ ընթացքում տիկին Նահատակյանն աշխատել եւ աշխատում է որպես նախաձեռնող, բարեխիղճ, նվիրված եւ գործիմաց մասնագետ:

Նրա ղեկավարության տարիներին գրադարանի ֆոնդերը հարստացել են, եւ այսօր միակ երաժշտական գրադարանում պահվում է այնպիսի երաժշտագիտական հարստություն, որն անգամ օտարներին է զարմացնում եւ հիացնում:
Գրադարանի կոլեկտիվը պատրաստ է մինչեւ վերջ պայքարել իր եւ գրադարանի իրավունքների համար: Մարդիկ համոզված են, որ նախարարը ինքնագլուխ է նման անհիմն որոշում կայացրել:
Արդեն նամակներ են պատրաստվում, եւ եկող շաբաթ դրանք կուղարկվեն երկրի նախագահին, ՀՀ վարչապետին, Ազգային ժողովի նախագահին:

Հ. Գ. Ի դեպ, աշխատանքային պայմանագրի ժամկետները չերկարաձգելու մասին նամակ է ստացել նաեւ Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Առավոտ»
11.06.2011

воскресенье, 12 июня 2011 г.

Մրցանակն էլ է արժեզրկվում, մրցանակակիրն էլ

Մինչ պաշտոնապես կհայտարարվի, թե ովքեր են այս տարի արժանացել ՀՀ նախագահի պետական մրցանակին, ոչ պաշտոնական մակարդակով շշուկներն ու խոսակցություններն արդեն կան։

Այդպիսով, շաբաթ օրը տեղի ունեցած քվեարկության արդյունքում նախագահի գրական մրցանակին արժանացել է Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը։ Նշենք, որ մրցանակը շնորհվում է ամեն տարի՝ արժեքավոր գործեր եւ հայտնագործություններ կատարած ու, որպես կանոն, ՀՀ քաղաքացի հանդիսացող հեղինակներին՝ 7 բնագավառներում։ 2001-ից տրվող մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Ֆրանսիա)։

Որպես մրցանակ՝ շնորհվում են վկայագիր, մեդալ եւ դրամական պարգեւ՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք չափով։ Հանձնաժողովի նախագահ՝ գրող, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանը նշեց, որ, ի տարբերություն անցած տարիներին տրվող 5 հազարի, այս տարի 10 հազար դոլար մրցանակի գումարային չափն ավելի է սրել մրցույթի շուրջ քննարկումները, դա մի կողմից վատ է, մյուս կողմից՝ լավ, որովհետեւ ավելացնում է մրցակցությունը։ Թեկնածուների ընտրությունն ու առաջադրումը կատարվում են «Պողոսյան» հիմնադրամի եւ «Հայաստան համահայկական հիմնադրամի» կողմից։ Գրական մրցանակին ներկայացված 13 հայտերից հանձնաժողովն ընտրել է 7 հեղինակի, 2-րդ փուլում՝ այդ 7-ից 3-ին. Վարդան Հակոբյանի «Պոեմ իմ մասին կամ՝ 24-ն անց 81 րոպե» գործը, Հրաչյա Թամրազյանի «Բանաստեղծություններ, էսսեներ, գրական դիմանկարներ, հոդվածներ» գիրքը եւ Արեւշատ Ավագյանի «Աստղալույսերի ձայնը» բանաստեղծությունների ժողովածուն, որի արդյունքում փակ քվեարկության ժամանակ 3 կողմ եւ 2 դեմ ձայներով անցել է Վարդան Հակոբյանի գիրքը, 2 կողմ, 3 դեմ ձայների է արժանացել Հրաչյա Թամրազյանի գիրքը, 5 դեմ ձայների՝ Արեւշատ Ավագյանի ժողովածուն։

Ռուբեն Հովսեփյանը մրցանակի շուրջ առաջացած դժգոհություններին այսպես արձագանքեց. «Ես 3-րդ անգամ եմ հանձնաժողովը ղեկավարում եւ դեռ չեմ հիշում, որ մի անգամ գոնե բոլորը համաձայն լինեն ու հետո դժգոհություններ եղած չլինեն։ Նրանք, ովքեր հավակնում էին ստանալ ու չեն ստանում, միշտ էլ աղմուկ են բարձրացնում, անկախ նրանից՝ իդեալական ընտրություն է եղել, թե ոչ։ Ո՞վ չի դժգոհի, եթե ուրիշին մրցանակը տան»։ Իսկ ի՞նչ չափանիշներով են ընտրություն կատարում, նա նշեց, որ այնտեղ քանոնով կարկին դրված չէ, որ կարողանան չափել, եւ որ կոնկրետ նշաձող չկա, յուրաքանչյուրն ընտրում է իր գրական ճաշակին համապատասխան. «5 հոգի են, 5-ն էլ գրականության մարդիկ (հանձնաժողովի կազմում եղել են Լիլիթ Արզումանյանը, Աելիտա Դոլուխանյանը, Գուրգեն Գասպարյանը, Ավիկ Իսահակյանը եւ Ռուբեն Հովսեփյանը), ամեն մեկն իր կարծիքն ունի, ոչ մի ճնշում չի եղել։

Ինձ ոչ ոք ոչ մի բան չի ասել եւ չէին էլ համարձակվի ասել։ Ես գիտեի, որ դժգոհություններ կլինեն, ես իմ խղճի առաջ մաքուր եմ։ Թող հանձնաժողովի ամեն մի անդամ այնքան վստահ ասի այդ բանը, որքան ես»։ Նկատենք, որ ոմանք կարծում են, որ եթե ճնշում չլիներ, մրցանակ կստանար Թամրազյանի գործը։ Սակայն պրն Հովսեփյանն ասում է, որ հանձնաժողովի արդար եւ անաչառ աշխատանքի համար հակափաստարկներ բերելու խնդիր չունի. «Եթե ամեն տեղ խոսում ենք ժողովրդավարությունից, այստեղ էլ է ժողովրդավարություն՝ 5 հոգի նստում են ու քվեարկում»։ Իսկ թե քվեարկությունից առաջ ինչ է կատարվում, ոչ ոք չգիտի։

Ըստ Արեւշատ Ավագյանի՝ ժողովրդավարության մասին խոսք անգամ լինել չի կարող. «Դժբախտաբար, այդ ընտրությունները մեր մոտ երբեք արդար չեն անցնում։ Տարբեր շահեր կան, իսկ որտեղ փող կա, այնտեղ պետք է կասկածել, որովհետեւ կատարվում են ոչ գրական, ոչ մշակութային հարաբերություններ։ Ուղղակի արդեն ծիծաղս է գալիս։ Պետական մրցանակի ներկայացված իմ նախորդ գիրքն էլ, որի շուրջ մամուլը շատ գրեց, բայց վերջում մրցանակը տվեցին հայհոյախոսություններով լցված Դավիթ Հովհաննեսի գրքին, որը որ նախապես որոշված էր. դեռ ընտրությունը չեղած էլ ասում էին՝ նրան են որոշել վերեւից։ Հիմա էլ ի՞նչ ասեմ»։

Արեւշատ Ավագյանը նշեց, որ 2007-ին իր «Խոսք եւ գույն» գիրքը նույնպես չարժանացավ պետական մրցանակի, չնայած հանձնաժողովի բոլոր 5 անդամներն էլ ասել էին, որ տվել են առավելագույն 10 միավորը. «Հիմա մարդկանց ուզում եմ եւ հավատալ, եւ չհավատալ, այն ժամանակ էլ մրցանակը տվեցին Զորի Բալայանին։ Ես հայ գրականություն եմ ստեղծել եւ կարծում եմ, որ այդ գիրքը պիտի արժանանար եւ նախագահի, եւ պետական մրցանակի»։ Նշեց, որ եթե այս անգամ էլ միաձայն 5-ն են դեմ քվեարկել, դա արդեն մտածելու տեղիք է տալիս, ու ստացվում է, որ կարելի է էլ չգրե՞լ. «Սա հումորով եմ ասում։ Բայց չեմ ուզում, որ ժողովուրդն ինձ սխալ հասկանա, որովհետեւ մեր ժողովրդի մոտ մի սուտ բարոյականություն կա, որ եթե դու ես քեզ պաշտպանում, դա վատ բան է, բայց եթե մի անտաղանդի մի կաշառված մեկը գովի, փառաբանի, ոչ մեկը չի ասի՝ այդ ի՞նչ ես անում»։

Պրն Ավագյանի կարծիքով, ինքն ուղղակի այս իշխանությունների կողմից չսիրված անձնավորություն է, որովհետեւ պարզ, անկեղծորեն խոսում-ասում է իր կարծիքը, եւ դրա համար իրեն որոշել են այդկերպ «պատժել»՝ ոչ մի մրցանակի չարժանացնելով իր գրքերը։ Այնուամենայնիվ, նա նշեց, որ այդ մրցանակները շատ կարեւոր են, բայց յուրաքանչյուր մրցանակ պիտի պատիվ բերի այն մարդկանց, ովքեր այդ մրցանակը տալիս են ու վերցնում։

Այն, որ յուրաքանչյուր գրական մրցանակից առաջ եւ հետո խոսակցություններ են գնում արժանիի ու անարժանի, արդարի, ոչ արդարի շուրջ, խոսում է այն մասին, որ ցանկացած դեպքում օբյեկտիվ գնահատական չի կարող լինել, որովհետեւ ամեն մեկն իր շահից բխող ճշմարտություն ունի։ Գրական կյանքում կարող է լինել հեղինակություն եւ հեղինակություն վայելող կարծիք, ասենք՝ ինչպես իր ժամանակին Հրանտ Մաթեւոսյանն էր, ում գովասանքը հազար մրցանակ արժեր գրողի համար։ Իսկ երբ այսօր կասկածի տակ է դրվում ոչ միայն մրցանակ տվողի, այլ նաեւ այն ընտրողների գրական կշիռն ու կարծիքը, մրցանակն էլ է արժեզրկվում, մրցանակակիրն էլ։

ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
hraparak.am
15.03.2011

Տաղանդը մախաթի պես պարկում չես թաքցնի

Բաց նամակ գրչի վարպետ Լեւոն Անանյանին

Մեծարգո պարոն, «Ազգ»-ի հունվարի 25-ի համարում գերագույն հաճույքով կարդացի եւ մի քանի անգամ վերընթերցեցի ձեր «Հպանցիկ պատասխանը մերօրյա Դրամբյանին»։ Ինչպիսի՜ լեզու, ինչպիսի՜ ոճ։ Անբացատրելի գեղագիտական վայելք ստացա։

Այնուհետեւ ձեր «պատասխանը» խնամքով կտրեցի-առանձնացրի վերոհիշյալ թերթի մնացյալ նյութերից, ոսկեզօծ շրջանակի մեջ դրի ու կախեցի առանձնասենյակիս պատից՝ ամենատեսանելի տեղում, որպեսզի Աստծո ամեն օր աչքի առաջ ունենամ յուր ձեւ ու բովանդակությամբ անգերազանցելի արվեստի այդ գործը։

Այն ցույց տվեցի մի քանի տասնյակ ծանոթ-բարեկամների ու ընկերների, բայց նրանք, ցավոք, հասու չեղան տեսնելու եւ զգալու ձեր ստեղծագործության ոգին, մտքի թռիչքն ու ծիծաղեցին։ Մեկը միայն անկեղծորեն խոստովանեց, որ իր ողորմած հոգի կոշկակար պապը երբեք չէր կարող նման բան գրել...

Իհա՛րկե, չէր կարող։ Այդ էր պակաս։ Ձեր մեջբերած միայն այն մարգարեությունը, թե «Շունը կհաչի, քամին կփչի, քարավանը կանցնի իր ճանապարհը», ամեն ինչ արժե։ Կարդալով այդ տողերը, ես տասնամյակներով հետ գնացի եւ հիշեցի, թե ինչպես մեր բակում ջահել ինչ-որ կին արեւածաղիկ վաճառող մի պառավի ասաց՝ բաբո, հարմար չես նստել, ոտքերդ մի քիչ սեղմի, երեխեքը նայում են ու ծիծաղում, իսկ սա ներքեւից արհամարհանքով նայեց նրան ու նետեց. «Շունը կհաչի, քարավանը կգնա...»։

Սրտանց ցավում եմ, որ մինչ այդ ձեզնից ոչ մի տող չեմ կարդացել։ Անգամ չգիտեմ, թե մինչ այդ ո՞ր ժանրով եք ստեղծագործել։ Բայց նույնիսկ եթե ոչինչ գրած էլ չլինեք, ձեր այս «պատասխանն» իր լեզվամտածողական կոլորիտով ու մտքի ճախրանքով հաստատ կմնա մեր գրականության պատմության ոսկե պահուստում։ Ի դեպ, խորապես խնդրում եմ ներեք, որ դուք-ով եմ խոսում ձեզ հետ։ Կարծում եմ՝ ներողամիտ կլինեք եւ դրանից չեք վիրավորվի...

Հապա ձեր բառապաշա՜րը։ Ցանկացած դասականի «ձեռքում չոփ կդնեք»։ Այն փաստը, որ ինչպես դուք եք խոստովանում, «կուլ չեք գնացել» ձեր «մեղմ ու բարի բնավորությանը» եւ, աչքի առաջ ունենալով «հասարակական բարքերի խաթարվող միջուկը», ձեր «զզվանքը ուղղված հերթական վայրահաչությանը»՝ «ճշմարտության կոպալը անգթորեն իջեցրել եք ոչ գրական ոչնչությունների գլխին», շատ խոսուն է։ Դեմիրճյանի հայտնի պիեսի գահին բազմած հերոսն անգամ կնախանձեր հայոց բառապաշարի գանձարանից խնամքով ընտրած այդ մարգարտաշարին...

Ու լավ էլ անում եք, որ զինված «Կեղանքի» մրցանակով, ձեր պատկերավոր անուշ լեզվով ասած՝ այդ «գրչակների», «բամբառակների», «բազմագլուխ հիդրաների», «վայրահաչողների», «բանսարկուների» եւ «ծախու աճպարարների» բմբուլները քամուն եք տալիս... «Ձախորդ կրիտիկոսներ», ովքեր հասու չլինելով հասկանալ ձեր արվեստը, չիմանալով, որ դուք ժամանակին թարգմանել եք Ռիչի Դոստյանի «Ռուսլանը եւ Կուտյան» եւ միջազգային երեք ակադեմիաների անդամ եք (ցավոք, դա պատահմամբ իմացա ճապոնացի մի ծանոթից), հանդգնում են իրենց նախանձի թույնով խաթարել ձեր «25-ժամյա աշխատանքային օրը»։

Ձեր «պատասխան»-ում միանգամայն իրավացիորեն նկատել եք, որ «Վ. Օվյանը երբեք չի եղել ՀԳՄ անդամ (ով-ով՝ նա չէր էլ կարող լինել...)»։ Իսկապես ես ՀԳՄ անդամ չեմ եղել։ Այդ մասին անգամ չեմ էլ մտածել։ Ընդամենը ԽՍՀՄ գրողների միության անդամ եմ եղել, բայց ոչ այդ միությունն է երբեւէ ինձ պետք եկել, ոչ էլ միությունն է առանձնապես զգացել իմ կարիքը։ Դրան հավելած, այդ միության անդամ դառնալուց մի քանի տարի հետո ԽՍՀՄ-ը վերցրել ու փլուզվել է... Եվ իրոք, ով ով՝ ես երբեք չեմ կարող ՀԳՄ անդամ լինել։ Անգամ կարգին հայհոյել չգիտեմ։ Նույնիսկ երբեւէ չեմ կարող ստորագրությունս դնել որեւէ զրպարտագրի տակ, որ արդեն այլ անվամբ տպվել է չճանաչված մի հանրապետությունում...

Իսկ ես, պարոն, մշտապես սխալմամբ կարծել եմ, թե մեծ կամ նշանավոր գրողները հազվադեպ են երկար ժամանակ մնում գրողների միության կամ գրական որեւէ կազմակերպության ղեկավարի պաշտոնում, եւ այդ պաշտոնում հիմնականում աշխատում են ապաշնորհ մարդիկ, ովքեր այլապես չէին կարող տպագրել իրենց գրական խոտանը: Դժբախտաբար իմ այդ կարծիքը տարիներ առաջ տպագրվել էր նաեւ իմ գրքում...

Հիմա եմ հասկանում իմ մեծ մոլորությունը։ Ձեզնից որքա՜ն բան ունեմ սովորելու։
Նաեւ ճիշտ եք վարվել, որ ձեր «պատասխան»-ում համեստորեն զուգահեռ եք անցկացրել Ձերդ մեծության եւ Թումանյանի միջեւ, որի վրա եւս դրամբյանները ժամանակին քարեր էին նետում։ Լոռեցու անվան հիշատակումը պատիվ է բերում նրան...

Ես, որ «թագավորների մերկությունը» նկատելու վատ սովորություն ունեմ, ձեր դեպքում միանգամայն տրամագծորեն հակառակ խնդրի առաջ եմ հայտնվել։ Միայն ձեր սույն ստեղծագործությունը բավական է, որ ես հստակ տեսնեմ ձեր կոստյումը, փողկապը, անգամ դրանց գույնը, խնամքով մաքրած ու կոկ կոշիկները... Բայց ինչ-որ մի բան կարծես պակասում է։ Չեմ կարողանում տեսնել (Սարոյանի հերոսը կբացականչեր՝ «Էհե՜յ, ո՞վ կա այդտեղ...»)։

Հա, ամենակարեւորը. ձեզ մաղթում եմ ամենայն բարիք եւ ստեղծագործական նորանոր թռիչքներ։ Ձեր գրչով փայլուն ապացուցեցիք, որ իրոք հնարավոր չէ տաղանդը մախաթի պես պարկում թաքցնել... Գլուխ եմ խոնարհում Ձեր մեծության առաջ։

Հարգանքներով՝ ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Արցախյան «Նոր էջ» թերթի խմբագիր,
գրող, հրապարակախոս

«Հայոց Աշխարհ»
02.02.11

Հայրենասիրությունը ստահակների վերջին ապաստանն է

Լեւոն Անանյանի «բանադրանքին» թռուցիկ կամ «հպանցիկ» պատասխանելու ցանկություն չունեմ: Իմ փոխարեն դա արել է «Ազգ»-ը` հետգրությամբ, ինչպես նաեւ` «Հայոց Աշխարհ»-ը` հունվարի 26-ի համարում տպագրելով «Գրական ոչնչությունից ուրիշ ի՞նչ սպասես» անդրադարձը: Կարծում եմ, հասկացողի համար ամեն ինչ պարզ է:

Լեւոն Անանյանը մի ակնարկ ունի` ԽՍՀՄ հերոս իր համագյուղացի Ջահան Կարախանյանի մասին, որտեղ նոստալգիկ երանգներով նկարագրում է Կողբի ամառային ուրթերը: Երեւի`անձնական տպավորությամբ: Ըստ երեւույթին, նա իր հայհոյախոսությունների պաշարը կուտակել է մանկության գառնարածության կամ հորթապահության տարիներին: Եւ դեռ գտնվում է այն «հին, երանելի» ժամանակներում: Մնացածը` համալսարանական կրթությունը, շուրջ կեսդարյա մայրաքաղաքային կյանքը, կոստյում-փողկապը զուտ բուտաֆոր է:

Կողբն, ուրեմն, ուրթերում կռիվ տվող մի կարգին հովիվ կամ նախրապան է կորցրել, իսկ հայ գրականությունն ու մշակույթը ոչինչ չեն շահել: Ընդհակառակը, հայոց գրավոր խոսքի անդաստան է ներխուժել մի «փողկապավոր չոբան» եւ ազատորեն շրխկացնում է «գլուխը մեխած ծանր» հովվամահակը բոլոր նրանց գլխին, ովքեր համարձակվում են ասել, որ գրական առաջնորդությունը «չոբանություն» չէ:
Սարսափելին այն է, որ նա եւ իր արցախցի պաշտոնակիցը գրական ղեկավարի դիրքը շփոթում են պետական պաշտոնի հետ: Իրենց համառորեն տեսնում են հիերարխիայի մի ինչ-որ սանդղակի վրա: Մինչդեռ ավելի շատ պիտի մտածեին իրենց հանրային պահանջվածության խնդրի շուրջ:

Մեր ազգային ինքնագիտակցության մեջ գրողն ավելին է, քան սոսկ ստեղծագործողը: Նա գաղափարախոս է, «մտքերի տիրակալ»: Ահա այս չափանիշով է, որ մենք ուզում ենք տեսնել Լեւոն Անանյանին` որպես ոչ թե պաշտոնյայի, որ օրը «25 ժամ» լինում է ԳՄ-ում կամ ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնում, այլ պիտի իր հեղինակավոր ներկայությամբ հանրությանն ինչ-որ բան ասի:

Ինչ-որ չեմ հիշում նման բան: Անանյանը կամ դատական կամ «ներգմ»-ական վեճերով է հայտնի, իր արցախցի գործընկերը` ինքնամեծարման «հրավառություններով»: Երկուսն էլ իրենց շրջապատում «թշնամիներ» են որոնում: Իսկ ով փնտրի` անպայման կգտնի: Խնդիրն այն է, որ չփնտրեն, այլ իրենց հիմնական գործով զբաղվեն` կազմակերպեն գրական կյանքը, նոր անուններ ի հայտ բերեն, նրանց սատար կանգնեն, հնարավորինս հոգան ԳՄ անդամների թեկուզ պարզ մարդկային կարիքները:

Փոխարենն ի՞նչ ենք տեսնում: Անվերջ «վհուկորս», անվերջ տրտունջներ, «ոչ գրական ոչնչություններն» իրենց շուրջ հավաքելու, «բանակ կազմելու» կիրք: Այդպես, մանավանդ Արցախում, մեռցվում է գրական կյանքը:

Իր «բանադրանքում» Լ. Անանյանը թվարկում է «գրական» անուններ, որոնք, իբր, «բանսարկուիս արժանի պատասխան են տվել»: Ցավոք, նրանք են այսօր ներկայացնում Արցախի «գրական ջոկատը»` 80-ն անց այդ գյուղական ուսուցիչներն ու Արցախի ԳՄ նախագահի «կոնտորա»-ում տեղ գտած «խոստումնալի երիտասարդները», որոնք հայ գրականության համար եղած կամ չեղած`նույն հաշիվն է:

Ինչ վառ հույսեր եւ ծրագրեր կային Արցախյան շարժման արշալույսին: Ո՞ւր մնացին: Դե արի ու մի ասա, որ կեւորկովյան բռնապետության տարիներին այստեղ կարգին գրականություն է ստեղծվել: Գուրգեն Գաբիրելյան ենք ունեցել, Մաքսիմ Հովհաննիսյան, Վազգեն Օվյան, Հրաչյա Բեգլարյան, այդ տարիներին են առաջին քայլերն արել Հրանտ Ալեքսանյանը, Նորեկ Գասպարյանը, Կիմ Գաբրիելյանը, Ռոբերտ Եսայանը, Համլետ Մարտիրոսյանը:

Բոլորը հատել են 50-ի սահմանը: Ո՞վ է նրանց փոխարինելու եկել, ո՞վ է գալիս, ո՞վ է գալու: Այս հարցերը Լեւոն Անանյանին չե՞ն մտահոգում: Վահան Տերյանն ասում էր` անցյալ դարասկզբին, որ ազգերը պարտվում են նախ մշակութային ճակատում: Ասում էր այն ժամանակ, երբ Թումանյան եւ Իսահակյան ունեինք, Շանթ, Զոհրապ, ինքը` Տերյանը կար, գրականության դժվար ասպարեզ ահա-ահա ոտք էր դնում Չարենցը...

Հիմա ումո՞վ եւ ում ի՞նչ «գրական արտադրանքով» ենք մղում «մշակութային մեր պատերազմը»: Ես որոնեցի համացանցում եւ պարզեցի, որ Լ. Անանյանի «գեղարվեստական թռիչքը» ՀԽՍՀ «սոցիալիստական ինդուստրալիզացիայից այն կողմ չի անցել»: Սրանո՞վ ենք փակելու աշխարհին գրականության բնագավառի Նոբելյան մրցանակակիր տված` «բարբարոս» թուրքերի գրական-մշակութային հավակնությունների ճանապարհը: Սրանո՞վ ենք ներկայանալու եթե ոչ այսօրվա, ապա առնվազն վաղվա` գրական «Կապկազ-թամաշային»:

Լ. Անանյանի ու իր արցախցի պաշտոնակցի «գրական քաղաքականությունը» հասցրել է նրան, որ արցախցի գրողը «ոռնոցով» ԼՂՀ միջազգային ճանաչում է աղերսում, որպեսզի... ճանաչված լինի նաեւ իր շփերթ բանաստեղծությունը: Մինչդեռ ԵՍ պիտի իրենից Արցախի անկախության միջազգային ճանաչման գոնե գրական-մշակութային հիմնավորվածություն ակնկալեի: Սա է խնդիրը` որպեսզի քաղաքականության առաջամարտիկը գրողը լինի, ոչ թե ԵՍ տքնեմ, որպեսզի ԻՆՔԸ ճանաչվի: Սրա մասին է խոսքը:

Ես դարձյալ համացանցում որոնեցի եւ «Дружба народов»-ում հայտնաբերեցի Լ.Անանյանի մի հատիկ հոդվածը` գլոբալիզացիայի եւ ազգային ավանդույթների «հակադրամիասնության» մասին` 2005թ. «հեղինակության»: Եվ ցավով ու ափսոսանքով հիշեցի Վահան Տերյանի 100-ամյա մորմոքը` «Մեզ չի հասկանա օտարերկրացին // Մեզ չի հասկանա սառն օտարուհին»: Ուրիշ ի՞նչ է հեղինակել օրվա 25 ժամերին անդուլ «աշխատող» սույն «լրագրող-թարգմանիչը»` ինչպես ասված է իր պաշտոնական կենսագրականում: Նաեւ` սա է խնդիրը: «Ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվում է»: Հատկապես` առաջնորդներից: Լինի նա քաղաքական թե գրական-մշակութային դեմք:

Մի քանի խոսք «հայրենասիրության» եւ «Արցախի հարցը չարչրկելու» մասին:
1989 թվականից ես քաղաքականության մեջ եմ: Այդ թվին ընտրվել եմ Արցախի ազգային խորհրդի անդամ եւ մասնակցել ԼՂԻՄ եւ ՀԽՍՀ վերամիավորման հարցով հայտնի նստաշրջանին: 1990-95 թթ. եղել եմ Հայաստանի ԳԽ պատգամավոր, լրատվության եւ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի անդամ: 1995-96 թթ. խմբագրել եմ ԼՂՀ ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթը եւ, ի դեպ, առիթ եմ ունեցել մերժել Արցախի «գրական ընտանիքի» որոշ ներկայացուցիչների` առ ՊԲ հրամանատար ունեցած «սրտալի զեղումները»:

1996 թ. դեկտեմբերի 26-ից առ 1997 թ. մարտ ծառայել եմ ԼՂՀ ՊԲ N Պաշտպանական շրջանում: 1997 թ. ապրիլից առ հաջորդ տարվա սեպտեմբեր եղել եմ «ԼՂ Հանրապետություն» թերթի թղթակից: 1998-2000 թթ. աշխատել եմ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից` Ստեփանակերտում: Նույն տարուց առ այսօր ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր եմ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ:

Եթե չեմ սխալվում, միայն մեկ անգամ է, որ Լ. Անանյանը դիմել է հարազատ տեղաշրջանի ընտրողների օգնությանը եւ հավակնել ՀՀ ԱԺ պատգամավորի լիազորությունների, բայց մերժվել է, իսկ նրա արցախցի պաշտոնակիցն առհասարակ անկախ պետականաշինության բոլոր տարիներին իրեն «մղել է դեպի ստվեր»: Կարծում եմ, որ այս դեպքում նա ավելի խելամիտ է վարվել, քան Լ. Անանյանը: Քանի որ «թաքնված ականջների» մասին, հնարավոր է, մեկը գիտի եւ լռում է, բայց երբ դրանք «ցուցվում են որպես կյանքի ուղիղ ճանապարհ», ապա լոռեցիներն իրենց նման են գնահատում «մեծ»-ի հասկացությունը:

Ի վերջո, անցած տարիներին ես բազմիցս հանդես եմ եկել հայաստանյան մամուլում, Երեւանում անցկացրել մամուլի ասուլիսներ: Եվ եթե այդ ամբողջ նյութը «հաշվապահի համառությամբ» հավաքեմ ու հրապարակեմ, ապա, կարծում եմ, դա ավելի ծանր կկշռի, քան Լեւոն Անանյանի ողջ լրագրողական եւ «թարգմանական» ժառանգությունը: Մեր տարբերությունն այն է, որ ես ուզում եմ ասպարեզ բերել գրքույկ, որն ավելի արժեքավոր կլինի, քան ոմանց «բազմահատորյակները», իսկ Լ. Անանյանը, օգտագործելով պաշտոնն ու դրանից բխող հնարավորությունները, Վախթանգ Անանյանի ասած` «ինչ որ գրչի ռեխն է ընկնում», իսկույն «պետպատվերով» լույս աշխարհ է հանում: Եվ դեռ Գիքորի նման էլ կանչում` «Էստի համեցեք»:

Իսկ «հայրենասիրության» մասին նրա մտավարժանքներն այլ բան չեն հուշում, քան հայտնի ճշմարտությունը. «Ստահակների վերջին ապաստանը հայրենասիրությունն է»:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»
Հունվար 28, 2011

Հպանցիկ պատասխան մերօրյա Դրամբյանին

Մեծարգո խմբագիր

Օրերս ձեր թերթում զարմանքով ու զզվանքով կարդացի ոմն Վահրամ Աթանեսյանի «Գեղանքի» եւ «Կեղանքի» միջակայքում» բարբաջանքը: Զարմանքս ուղղված է իմ նախընտրած լրագրերից մեկին` «Ազգին», որին տարբեր առիթներով հրապարակավ եւ արժանիորեն միշտ էլ բնութագրել եմ իբրեւ հավասարակշիռ ու անկողմնակալ պարբերական: Զզվանքս ուղղված է հերթական վայրահաչությանը, որը, ցավոք, արդի հայ մամուլի որոշ օրգանների հիմնական ժանրն է դառնում` յուրովի արտացոլելով հասարակական բարքերի խաթարվող միջուկը: Ինչեւէ:

Սովորաբար նման հրապարակումներին չեմ պատասխանում` խնայելով բազմազբաղ ժամանակս եւ նյարդերս, ապավինելով «Շունը կհաչի, քամին կփչի, քարավանը կանցնի իր ճանապարհը» բանաձեւին: Արդեն 10 տարի է, ինչ ղեկավարում եմ Գրողների միությունը եւ անխոցելիորեն վարժվել եմ տարասեռ գրչակների խծբծանքներին, ովքեր խիղճ, բարոյականություն, պատասխանատվություն կորցրած` ալենդալեսյան խայտառակ սկզբունքը որդեգրած` ցեխ են շպրտում ազնիվ ու ճշմարիտ մտավորականների վրա: (Հիմա եմ հասկանում նշանավոր դրամատուրգ Կարինե Խոդիկյանի անզուսպ վրդովմունքի պատճառը, երբ «Գրական թերթի» նույն էջում տպագրված էր տեսել միջազգային մրցանակի շնորհավորանքի առիթով իր լուսանկարը եւ ներքեւում` կեղանքակիր Կիմա Եղիազարյանի արտապատկերը: Տեսնես եթե Ափինյան-Եղիազարյան տանդեմի չեղած շնորհքը քամես` Կարինեի տաղանդի գեթ մի կաթիլը կմզվի՞...):

Բայց առավոտյան բացելով Էլ. փոստս, պարզապես կարկամեցի նամակների առատությունից, որոնք համախումբ դաշնությամբ վրդովմունք, զայրույթ ու արգահատանք էին արտահայտում հիշյալ հրապարակման ու նրա հեղինակի դեմ: Նաեւ համառ հորդոր-պահանջ` հերթական անգամ կուլ չգնալ իմ «մեղմ ու բարի բնավորությանը», «ճշմարտության կոպալը անգթորեն իջեցնել ոչ գրական ոչնչությունների գլխին»: Ինչպես` «Կեղանքի» դեպքում:

Ո՞վ է սույն բամբառակը, որ հանձն է առել աբգարափինյանների եւ կիմաեղիազարյանների դատի պաշտպանությունը, որոնք դատական վճիռներից եւ սեփական հորինվածքների ինքնահերքումներից հետո էլ շարունակում են բազմագլուխ հիդրայի նման վերարտադրվել սեփական թույնի եւ չարության ընկերքից:

Եվ, արդյոք, հոդվածագրի մարմնի կամ հոգու (հոգու մասին` նամակիս վերջում) ո՞ր հատվածը եւ ինչո՞ւ է մրմռում «Կեղանքի» մրցանակակիրների առիթով: Իսկ գուցե, սա այն բնորոշ դրվագներից է, որոնց ընդհանրացմամբ անվանի իրավագետներից մեկը մեր երկրի ամենակոռումպացված չորս ոլորտներից մեկը համարում է արդի հայ մամուլը...

Համենայնդեպս Աթանեսյանի մասին այնքան գիտեմ (կրկին հղելով նամակներին), որ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր է, արտաքին հարաբերությունների պատասխանատու, որն իր անպտուղ գործունեությամբ չարչրկում է Արցախի հիմնախնդիրը: Եվ որ նրա մասին մի ծավալուն տրակտատ է գրել հայտնի պատմաբան Շահեն Մկրտչյանը, ժամանակին նրա զրպարտչական վարքագիծը տարբեր հրապարակումներով դատապարտել են արցախցի գրողներ եւ մանկավարժներ Նորայր Ավետիսյանը, Խորեն Բաղդասարյանը, Համլետ Մարտիրոսյանը, Դավիթ Միքայելյանը, Բոգդան Ջանյանը, Հրաչյա Բեգլարյանը, Քանաքարա Քոչարյանը եւ շատ ուրիշներ.

Ուրեմն, է՞լ ինչ է ուզում այս զրպարտիչը: Չնչին մի բան. անվանարկել ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին եւ Արցախի Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանին: Դրա համար շատ բան պետք չէ. ընդամենը խեղաթյուրել փաստերը, իրականությունը ներկայացնել ծուռ հայելու մեջ: Այդպես էլ անում է փորձված բանսարկուն. հասարակական անտարբերության ներկա պղտոր հորձանքում ո՞վ է ջոկելու թարսն ու շիտակը:

Փույթ չէ, որ Ա. Ափինյանը ու Կ. Եղիազարյանը անխոնջ ու անդադրում զրպարտում ու վիրավորում են, նրանց պետք է լուսապսակով զարդարել...

Փույթ չէ, որ ստեղծագործական միությունների նախագահների խորհրդի որոշմամբ է սահմանվել «Գեղանքը» եւ «Կեղանքը», մեղսագործը անպայման Լեւոն Անանյանն է:

Փույթ չէ, որ Վ. Օվյանը երբեք չի եղել ՀԳՄ անդամ (ով-ով` նա չէր էլ կարող լինել, իբր, նրան աբով-ժդանովյան դժնի մեթոդներով միությունից վտարել է Լեւոն Անանյանը, եւ այլն, եւ այլն):

Փույթ չէ, որ Վարդան Հակոբյանը գրչով ու զենքով եղել եւ մնում է Արցախյան հերոսամարտի առաջին խրամատում, տաղանդավոր բանաստեղծ է, գրական-հասարակական նշանավոր գործիչ, ինչպես՞ կարելի է նրան աշխատավարձ տալ (թիվն էլ` խոշորացույցով ուռճացվա՜ծ), նրան երեւի մուրացկանի կարգավիճակն է վայել... Հետն էլ, հասկանալի է, թե ինչու, պարկեշտորեն խնայել է ինձ` մոռանալով նշել իմ 25-ժամյա աշխատանքային օրվա աշխատավարձը... 75.000 դրամ: Ահա այսպիսի զառանցանքներ:

Եվս մի զավեշտական դրվագ` Վարդգես Պետրոսյան-Հրանտ Մաթեւոսյան բանավեճի մասին, որը ոչ մի կապ չունի հոդվածի բուն նյութի հետ: Բայց քանի որ պատեհ առիթ է` հիշեցնեմ մերօրյա Դրամբյանին: Երեւի՛ Լեւոն Անանյանի համեստ շնորհքը գնահատելով` Վարդգես Պետրոսյանն է դեռ 1975-ին նրան հրավիրել «Գարուն» աշխատանքի, հետանկախության 10 տարիներին պատվով խմբագրել ամսագիրը, հետն էլ հիմնել «Ապոլոն» թարգմանական հրատարակչությունը: Իսկ երբ 2001 թ. Լեւոն Անանյանը ընտրվեց ՀԳՄ նախագահ, Հրանտ Մաթեւոսյանը առաջինը շնորհավորեց եւ (վկաների ներկայությամբ) ասաց.

- Լեւոն ջան, գիտեմ, որ լավ էլ գլուխ կհանես գործից, միայն թե ցավակցում եմ, որ Աբգարի հետ նույն հարկի տակ ես աշխատելու...

Գործից գլուխ հանելու մասին թող դատեն մեր գրողները, իսկ Աբգարն իր ապիկար պահվածքի պատճառով վաղուց հեռացվել է ոչ միայն Գրողների տնից, այլեւ Գրողների միությունից...

Այնպես որ` ոչ լաց, ոչ հեծեծանք, ոչ էլ պղտոր ջրում ճիճու որսալու հուսահատ մոլուցք: «Գեղանքն» եւ «Կեղանքը» անդառնալի են: «Գեղեցկությունը կրնա պարտվիլ: Բայց չըլլա, չըլլա, որ հաղթանակը տգիտությանը ըլլա»,- ասում է փարիզաբնակ հրաշալի գրող, իմ լավ բարեկամ Մովսես Փչաքճյանը,- եւ մենք թույլ չենք տա, որ մեր երկիրն ապականվի զանազան ծախու աճպարարների ձեռքով»:

Վերջում, ձախորդ կրիտիկոս Վահրամ Աթանեսյան, փոքր-ինչ ձեւափոխելով Հովհաննես Թումանյանի խոսքը, ուզում եմ քեզ հորդորել. «Ո՛չ, կանգնեցեք, (ճշմարտությունը նենգափոխող)» անսանձ փոքրություններ: Էստեղ տվեք ձեր ականջներն ու կանգնեցեք մեր առջեւ: Էսպես: Ես ճանաչում եմ ձեզ: Դուք մի որեւէ Ռ. Դրամբյան չեք: Դուք մինը չեք: Դուք շատ եք: Դուք տիպ եք: Դուք էն պստիկ, մաղձոտ ու մութ հոգին եք, էն հավիտենական անկոչ պրոկուրորը, որ ամեն տեղ... դատում ու դատապարտում է ամեն գործ ու գործիչ, առանց ճանաչելու, առանց ամաչելու»: Ասվել է 100 տարի առաջ ճիշտ եւ ճիշտ քո եւ քո հովանավորյալների մասին:

ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ
«ԱԶԳ»
25.01.2011

«Գեղանքի» և «կեղանքի» միջակայքում

«Գրական թերթը» տեղեկատվություն էր տպագրել «Գեղանք» եւ «Կեղանք», այս վերջինի մասին` թող թույլ տրվի ասել, «մրցանակներ» բաշխելու մասին: Շատ ցավալի է, որ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի «մտքի թռիչքը «Կեղանք»-ից այն կողմ չի անցել»: Ինչն, ի դեպ, վկայում է, որ «գրական կյանքի ոչ օբյեկտիվ լուսաբանման մասին» նրա «մտահանգումը» ոչ այլ ինչ է, քան` ՀԳՄ նախագահի աթոռի հանդեպ հիվանդագին սիրո դրսեւորում:

Այլ իրավիճակներում Աբգար Ափինյանը եւ Կիմա Եղիազարյանը կհայտարարվեին «ժողովրդի թշնամի» եւ «ոչ այնքան հեռավոր տեղեր մեկնելու ուղեգիր» կստանային: Կամ նրանց պարզապես «կթրխկացնեին»: Ինչպես 1937-ին` «ոչ ժողովրդի բարեկամ» հռչակվածներին:

Ուղղակի Լեւոն Անանյանն ընտրել է «կատակի ժանրը», քանի որ ժամանակներն այլ են: Բայց ո՞րն է Գեւորգ Աբովի եւ Լեւոն Անանյանի տարբերությունը: Նմանություններն ավելի շատ են: Եւ դրանով, կարծես, ամեն ինչ ասվում է:

Անանյանից առաջ էլ ՀԳՄ նախագահ ունեցել ենք` Հրանտ Մաթեւոսյանին: Հայտնի է, որ նա եւ Վարդգես Պետրոսյանը տարիներ շարունակ եղել են «հակառակ ճամբարներում»: Քաղաքան չէ` գրական: «Գյուղագիրների» եւ «քաղաքագիրների» բանավեճը` ցայտուն օրինակ: Բայց Վարդգես Պետրոսյանի մասին ո՞վ է այդքան սիրով եւ բնութագրական գրել, քան Հրանտ Մաթեւոսյանը: Երեւի` ոչ ոք: Որովհետեւ Հրանտ Մաթեւոսյանը մեծություն էր:

Պատկերացնել կարելի՞ է, որ Հրանտ Մաթեւոսյանը «Կեղանք» հնարեր եւ այդ անունով մրցանակ շնորհեր Լեւոն Անանյանին: Հրանտ Մաթեւոսյանը նման «կատակ» չէր անի եւ չարեց:

«Պաստեռնակին ես չեմ կարդացել, բայց նա հակախորհրդային գրող է»,- այսպես ասում էին «հին, բարի» խորհրդային ժամանակներում: Հիմա Լեւոն Անանյանն է ասում, որ վաղուց Աբգար Ափինյանի հոդվածները չի կարդում, բայց գիտի, որ նա «ոչ օբյեկտիվորեն է լուսաբանում Հայաստանի գրական կյանքը»:

Բայց ի՞նչ է նշանակում լինել օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ:

Եթե մարդ թթու խոսք է ասում ՀԳՄ նախագահի հասցեին, դրանից ինքնաբերաբար հետեւում է, որ նա «ոչ օբյեկտի՞վ» է դատում: Ըստ Լեւոն Անանյանի` այո: Բայց չէ՞ որ ԽՄԿԿ ԿԿ քարտուղար Ժդանովը նույնպես «շատ արդարացիորեն» գտնում էր, որ «Զվեզդա» ամսագիրը «ոչ օբյեկտիվորեն է պատկերում խորհրդային իրականությունը»: Դրա համար էլ գրող Զոշչենկոն պետք է համարվեր «արգելված»: Ախմատովան` նույնպես:

Ժամանակ առաջ Արցախի ԳՄ նախագահությունը մի «որոշում» էր կայացրել եւ «ոչ հայրենասիրական» որակել... Վազգեն Օվյանի ողջ գրական ժառանգությունը: Հավելումն` կազմակերպվել էր «մտավորականության ներկայացուցիչների» նամակների հոսք, որով պահանջվում էր... «գրադարաններից հավաքել եւ ոչնչացնել» գրողի գրքերը, չեղյալ հայտարարել Ստեփանակերտի փողոցներից մեկը նրա անվամբ կոչելու մասին քաղաքապետարանի որոշումը:

Ի՞նչ կապ ունի դա Լեւոն Անանյանի հետ:

Ուղղակի, քանի որ Վազգեն Օվյանի «ապազգայնության» մասին հոդվածը նախ տպագրվել էր Արցախի ԳՄ «Եղիցի լույս» պաշտոնաթերթում, ապա արտատպվել «Գրական թերթում»: Եւ երբ արցախցի մի խումբ մտավորականներ իրենց բողոքն էին հայտնել «ժդանովականության» այդ դրսեւորման դեմ, «Գրական թերթը» դրան արձագանքել էր Արցախի ԳՄ նախագահության որոշումն ըստ էության դրվատող մի հրապարակմամբ, որն ստորագրել էին ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը եւ արդեն հանգուցյալ` բանաստեղծ Բոգդան Ջանյանը:

Պատճառն այն է, որ Վազգեն Օվյանի որդու` ՀԳՄ անդամ Վարդգես Օվյանի եւ Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանի «ջրերը նույն առվով չեն հոսում»: Մարդը «հանդգնում է» Վարդան Հակոբյանին ասել, որ մի քիչ տգեղ է, երբ ԳՄ նախագահն Արցախում «նախարարական աշխատավարձ» է ստանում եւ պետության միջոցներով «Ընտիր երկեր» տպագրում: Այն էլ` 6-7 հատորով: Ասում եւ կրակն է ընկնում. Արցախի ԳՄ-ն որոշում է ... Վարդգես Օվյանին հեռացնել իր «շարքերից». եւ Լեւոն Անանյանն իր «Գրական թերթ»-ով կանգնում է ոչ թե տուժածի, այլ` որոշում ընդունողի «օբյեկտիվ դիրքերում»:

Այսքանից հետո զարմանալի է միայն, որ հայ գրողը եւ լրագրողը «ձեռամբ Լեւոն Անանյանի» ստանում է որեւէ մրցանակ: Լինի դա «Գեղանք», թե` «լավագույն մանկական բանաստեղծության համար»: Մի՞թե չեն տեսնում «գեղանքի» եւ «կեղանքի» պղտոր միջակայքը. երբ նույն ԳՄ-ն սահմանում է երկու` «Գեղանք» եւ «Կեղանք», երկրորդի մասին` դարձյալ թող թույլ տրվի ասել` «մրցանակ», ապա ի՞նչ տարբերություն, թե որն ով է ստանում: Չէ՞ որ երկուսն էլ տրվում է նույն ձեռքով: Եվ, վերջապես` չէ՞որ վաղը «Գեղանք»-ը կարող է «Կեղանք» դառնալ: Եվ` ընդհակառակը: Երբ ջրերը պարզված լինեն:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ
«ԱԶԳ»
01.14.2011

«Հայրենասերը» կամ՝ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը՝ փակագծերից դուրս

Մերազգի որոշ գործիչներ չբավարարվելով իրենց ու իրենց ազգականների համար հերոսի «կոստյումներ» հաջողացնելով, չբավարարվելով իրենց կենսագրությունը Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ խցկելով, այժմ էլ փորձում են Արցախյան շարժումը մտցնել սեփական կենսագրության մեջ, նմանվելով Յարոսլավ Հաշեկի այն հերոսին, որ փորձում էր ապացուցել, թե Երկրագնդի ներսում գոյություն ունի մի գունդ, որ զգալիորեն մեծ է դրսի գնդից։

Բացում ես ինչ-որ թերթ կամ գիրք և ապշում. պարզվում է՝ այսինչը, ոչ ավել, ոչ պակաս, հերոս է, այնինչը ոչ միայն հերոս է, այլև, իր ասելով, հենց ինքն է սկսել Արցախյան շարժումը... Երրորդը՝ ռադիո-հեռուստաեթերներից հայտարարում է, որ ինքն ազգի փրկիչ է: Մեկն աղմուկ-աղաղակով է իրեն հերոս հռչակում, մյուսը աջ ու ձախ ինտրիգներ սարքելով կամ նախորդների վրա ցեխ շպրտելով, մի ուրիշը՝ կաշառելով, մի վեցերորդը՝ քծնելով ու շողոքորթելով կամ իշխանական նստավայրերում ծանոթ-բարեկամներ գտնելով... Եվ այսօր հերոսանում են մարդիկ, որոնց այն տարիներին ճրագով, խոշորացույցով ու հեռադիտակով անգամ չէիր գտնի: Հետպատերազմյան այս հերոսների ստվարությունը առաջին հերթին վիրավորում է մեր հերոս նահատակների հիշատակը, նսեմացնում ու արժեզրկում նրանց թափած արյան գինը:

Շքանշաններ ու մեդալներ են ստանում գրողներ, մտավորականներ, որոնց վաղը ոչ ոք չի հիշելու: Մրցանակներ են ստանում մարդիկ, որոնց գրքերը ոչ ոք չի կարդում, ովքեր գրականության ու գիտության բնագավառում ոչ մի ներդրում չունեն:

Ոմանց երևի ձեռնտու է արժեքների արժեզրկումը, համահարթեցումը, այսպես ասած՝ գազոնականացումը: Մեր վաստակաշատ մտավորականներից մեկը կատակով ասում է. «Ծառերը կտրում, գազոն են դարձնում, որպեսզի թուփն իրեն ծառ երևակայի»: Երևույթը նոր չէ։ Ժամանակին մեծ մտածողներից մեկը նկատել է, որ «տափակ հարթության վրա յուրաքանչյուր հողակոշտ բլուր է թվում»։

ԼՂՀ գրողների միության տպագրած գրական տեղեկատուներից մեկում Վարդան Հակոբյանի կենսագրության մեջ գրված է, որ նա «Արցախյան շարժման առաջին ղեկավարներից մեկն է» (հետաքրքիր է, իսկ ովքե՞ր են երկրորդ, երրորդ, չորրորդ կամ հինգերորդ ղեկավարները - հեղ.)։ Իսկ Երևանից հարգարժան Ազատ Եղիազարյանը մի քանի տարի առաջ «Ահա այսպիսի վաստակավոր գործիչ» վերնագրով («Հայկական ժամանակ», 17 նոյեմբերի 2005 թ.) Հակոբյանին ձեռ առնող հոդվածի հեղինակին հայտնել է, թե Վ. Հակոբյանը «մասնակցել է Ղարաբաղյան ազատագրական պատերազմին»:

Չեմ ուզում նույն անձի մասին նույնատիպ մեջբերումներ անել նույն ԳՄ-ի և նրա մերձակա խոհանոցներում սարքված այլ աղբյուրներից։ Պարզապես ինքս ինձ մտածում եմ. այսպես օրը ցերեկով երբ մենք անգթորեն, անխղճորեն խեղաթյուրում, կեղծում ենք երեկվա դեռ պատմություն չդառած Ազգային-ազատագրական շարժումը, հակառակորդից, մեր թշնամուց ինչո՞ւ ենք նեղանում ու նրանց մեղադրում պատմությունը խեղաթյուրելու և կեղծարարության մեջ։

Քանի որ, Իգոր Մուրադյանի ասած, բոլորը դեռ չեն մեռել, փորձենք վերհիշել, թե Վարդան (Սլավիկ) Հակոբյանն ինչպես էր «ղեկավարում» Արցախյան շարժումը։ Սկսենք ստորագրահավաքի ժամանակներից։ Մոսկվային ուղղված Արցախի մտավորականների հանրահայտ նամակը, որը կազմվել է «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությունում, և որի կազմման և ստորագրահավաքի մասնակիցներից եմ, Վարդան Հակոբյանին չեմ տեսել, նրա անունը հաստատ առաջին 20-30 հոգու մեջ չկար։ Անգամ հիշում եմ, որ առաջին երկու ստորագրողները Գուրգեն Գաբրիելյանն ու Գուրգեն Այվազյանն են եղել։ Սկզբում նրանց ենք ստորագրել տվել, որպեսզի մյուսները համարձակություն ձեռք բերեն...

Ինչ վերաբերում է ավելի ուշ՝ 1988-ի փետրվարի 20-ի նստաշրջանում Վ. Հակոբյանի և ոմանց «բոցաշունչ» ելույթներին, ապա այդ օրը մարզգործկոմի շենքը շրջափակած 70-80 հազար մարդ, 70-ամյա ստորացման համար վրեժով լցված, «Միացո՛ւմ», «Հայաստա՛ն» վանկարկելով, սպասում էր, որ պատգամավորները թղթի վրա վավերացնեն այն որոշումը, որ արդեն կայացրել էր ինքը՝ ժողովուրդը։ Թող որևէ պատգամավոր փորձեր այլկերպ պահել իրեն, մեղմ ասած՝ բմբուլները քամուն կտային։

Այնուհետև Վ. Հակոբյանը Արցախի պատվիրակության կազմում մեկնել է Մոսկվա։ Ճիշտն ասած, պարզ չէ, թե արփագյադուկցի միջակագույն կարողությունների տեր գյուղական վարժապետ Սարգիսի ռուսերենի «գիտակ» Սլավիկ որդին ինչո՞ւ է մեկնել և ի՞նչ լեզվով պիտի խոսեր ԽՍՀՄ կարևոր դեմքերի հետ։ Լսել եմ, որ այդ օրերին ժողովրդից հավաքած փողերով իր տիկնոջ հետ ղարաբաղյան պատվիրակության կազմում Մոսկվա մեկնած Վ. Հակոբյանը երևի կարծում էր, թե հարսանեկան կամ տուրիստական ճամփորդության է դուրս եկել, այդ թվում՝ մոսկովյան խանութներ... Առայժմ չակերտներն ավելի չբացեմ։

Եղել է հանրահայտ «Կռունկի» անդամ։ Բայց քանի որ Հակոբյանն այն մարդկանցից է, որոնց ողջ կյանքի և գործունեության միջով կարմիր թելի պես անցնում է անձնական շահի սկզբունքը, ձեռքերը ծալած չի նստել, հավատարիմ է մնացել իր դավանանքին. այն ծանր օրերին, երբ մարդիկ փող էին հանգանակում, իրենց վերջին գումարներն էին տալիս՝ Ղարաբաղի պաշտպանության համար զենք ու զինամթերք գնելու համար, նա երեք անգամ մոտ 1700 ռուբլի է (այն տարիների բարձր պաշտոնյայի 11-12 ամսվա աշխատավարձը) անվերադարձ վերցրել ինքնապաշտպանության ուժերի կոմիտեից՝ անձնական «հայրենասիրական» կարիքների համար...

Այնուհետև՝ միտինգային ելույթներ «մոսկովյան վարդագույն» խոստումների մասին... Հետո՝ պատերազմ։ Բանակում չծառայած Վարդան Հակոբյանը գտավ, որ «լավագույն ավանդույթները» պետք է շարունակել, և տեղի բարձրագույնի հումանիտար բաժիններից իր զավակներին հանեց և պետական լիմիտով տեղավորեց Երևանի իրավաբանականում։ «Շարժման առաջին ղեկավարի» զորակոչի ենթակա զավակները 1992-ի փետրվարին Մարտակերտի շրջանից վիրավորներ տեղափոխող ուղղաթիռով մեկնեցին Երևան։

Ողջ պատերազմի ընթացքում Վ. Հակոբյանի «հայրենասիրական» ձայնը չէր լսվում։ Ավելի ճիշտ՝ լսվում էր, բայց այլ կողմերից. Երևանում պատսպարված, այսուայնտեղ հայտարարում էր, թե արդեն Ղարաբաղ չկա, ամեն ինչ վերջացած է։ Իսկ ահա, պատերազմից հետո պարզվեց, որ մարդը «Արցախյան շարժման առաջին ղեկավարներից մեկն է»։ Պարզապես հասկանալի չէ, թե «Շարժման առաջին ղեկավարն» ինչո՞ւ թե՛ սաֆոնովյան ռեակցիայի տարիներին, թե՛ պատերազմի դաժան տարիներին և թե՛ հետո, այս 15 տարում, երբ դարձյալ շարունակվում են սև ամպեր կուտակվել մեր Հայրենիքի գլխին, երբ անընդհատ խոսում են ազատագրված տարածքները թշնամուն վերադարձնելու, ազերի փախստականների վերադարձի, ինչ-որ հանրաքվեի և անորոշ կարգավիճակի մասին, ծպտուն չի հանում։ Թե՞ դա ԼՂՀ ԳՄ նախագահի «կոմպետենտության» (իր բառն է - հեղ.) մեջ չի մտնում։

Գոնե մի փոքրիկ հոդված կամ պարզապես ելույթ չհրապարակեց՝ իր ժողովրդին «ուղղորդելու» (իր բառն է - հեղ.) և ցույց տալու, որ «Շարժման առաջին ղեկավարը» դեռ կենդանի է, և նրա հիմնական զբաղմունքը Արցախի գրական-մշակութային-կրթական-գիտական դաշտը ամայացնելը, անձնական հաշիվներ մաքրելու համար ինտրիգներ սարքելը, գրողներին իրար դեմ լարելը, պետության սուղ միջոցներով շքեղ հատորներ հրատարակելը, տպագրած թերթերից փողոցային հայհոյանքներ շաղ տալն ու փող դիզելը չէ միայն։ Բայց դա այլ թեմա է։

Ինչ մնում է «Ղարաբաղյան ազատագրական պատերազմին մասնակցելուն», զավեշտն այն է, որ Վարդան Հակոբյանը դա այդպես էլ հրապարակավ չհերքեց, երևի հույս փայփայելով, որ հանրությունն այդ «կուտը» կուլ կտա: Ստի ու կեղծիքի վրա կենսագրություն ու «փառք» հյուսող, հակառակորդների դեմ զրպարտություններ գրող-պատվիրող «գրական ջոկատի հրամանատարի» համար ի՞նչ մեծ բան է ստի բուրգի վրա մի սուտ ևս «դամկա» ուղարկելը։ Երևի թե կարելի է քսան կամ մի քանի հարյուր մարդու խաբել, բայց Ժամանակն ամեն ինչ և ամենքին իրենց տեղն է դնելու։

Օրերս իր մամլո ասուլիսում Հակոբյանը վերջապես հիշեց ղարաբաղյան հարցի մասին և, իրեն հատուկ կեղծ ոգևորությամբ, գյուտ արածի պես հայտարարեց, որ այն պիտի լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքով։ «Շարժման առաջին ղեկավարը» (ինքն իրեն անվանում է նաև «ոգու սյուն», բայց շնորհակալ լինենք, որ իրեն չի անվանում, ասենք, «Երկրագունդ» կամ «Արեգակ») նույնիսկ չգիտե, որ 1988-ի հանրահավաքների ժամանակները վաղուց անցել են, որ գնացքն այդ «կայարանը» արդեն թողել է հետևում, և այսօր միանգամայն այլ հարցեր են քննարկվում։
Առայժմ այսքանը։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
«Տարեգիր», Երեւան, 2009 թ.
«Նոր էջ», 23 մարտի, 2009 թ.

«Մեդալի» հակառակ կողմը կամ՝ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը՝ փակագծերից դուրս

Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...
Պ. ՍԵՎԱԿ


Իմ խորին համոզմամբ՝ եթե արվեստագետը, գրողը, հատկապես բանաստեղծը չի տեղավորվում մարդու և բարոյականության մասին համընդհանուր պատկերացումների շրջանակներում, անհնար է, որ նա լինի Արվեստագետ կամ Բանաստեղծ։ Որպես գրող սիրում ու հարգում եմ բոլոր նրանց, ովքեր նախ Մարդ ու Քաղաքացի են, ապա՝ Գրող ու Արվեստագետ։ Ուստի խոսելու եմ ոչ թե Վարդան Հակոբյան-բանաստեղծի մասին, այլ մի քանի դրվագով ներկայացնելու եմ Վարդան (Սլավիկ) Հակոբյան-մարդուն։

Սկսած կևորկովյան տարիներից նա իր համար «գրական» ճանապարհ է հարթում ոչ թե սեփական ստեղծագործություններով, այլ օրվա իշխանություններին իր հավատարմությունը հավաստելով և դրա դիմաց մի բան ստանալով։ Արդյունքում՝ բոլոր ղեկավարներից կորզել է առավելագույնը, ինչ հնարավոր է։ Նրա աշխատավայրում, գլխավերևում Գրիգոր Նարեկացու նկարի հարևանությամբ կախված էր Սամվել Բաբայանի մեծադիր լուսանկարը։ Կշեռքի նժարների փոփոխությունից հետո անմիջապես դարձավ Արկադի Ղուկասյանի «կողմնակիցը»։ Այսօր, երբ փոխվել է Արցախի նախագահը, անմիջապես «աստվածափոխ» է եղել նաև Վ.Հ.-ն։ Եթե վաղը իշխանափոխություն լինի, նա առաջիններից մեկն է հայտնելու իր հպատակությունը նոր իշխանությանը...

Բայց այդ մասին ավելի պատկերավոր է արտահայտվել նրա հայրենակից, հայտնի արցախագետ Շահեն Մկրտչյանը, որի նամակը պատճենահանված ու բազմացված կարելի է գտնել շատերի մոտ։ «...Դու ասպարեզ ես ելել մի հզոր բարերարի՝ Կևորկովի հովանավորությամբ: Մի հանգամանք, որը չէր կարող չազդել քո եսակենտրոն մտածողության վրա: Վաղուց նկատվել էր, որ դու քո գործունեության ընթացքում դրսևորում ես ընդգծված սուբյեկտիվ մոտեցումներ: Հավանաբար դու չես զգում, որ արդեն կտրվել ես լայն շրջապատից և պարզապես անհնար է դարձել թոթափելու գավառականության քեզ համար շատ նեղվածք գիրկը: Նաև դա է պատճառը, որ Վարդան բանաստեղծը չի գրավում իր հաստատուն տեղը ազգային գրականության մեջ, թեև շատ հեշտությամբ մեկը մյուսի հետևից գրքեր է ասպարեզ հանում:

Էլ չենք խոսում տեղի-անտեղի փառաբանող մենագրության, գրախոսականների մասին,- գրում է Շ. Մկրտչյանը։- Իբրև համագյուղացի, մի քիչ էլ բարեկամ, խորհուրդ կտայի, որ մանր-մունր քինախնդիր բաները մի կողմ թողնես և զբաղվես ավելի լուրջ գործերով: Վերջակետ դնես «քողարկված» ստորացուցիչ մուրացկանությանը, կարևոր հարցերը սեփական ստամոքսի պրիզմայով լուծելու գեշ սովորությանը և քեզ վստահված բնագավառում միշտ առաջնորդվես ազգային պետականության շահերով: Երեկ քեզ դիտողություն անողներին լռեցնում էիր Կևորկովի հետ ունեցած քո ջերմ հարաբերություններով, իսկ այսօր, դրության տեր պաշտոնյաների անունները շահարկելով, փորձում ես նույնը կատարելու»:

Ավելացնենք, որ Վ. Հակոբյանը, չնայած պատկառելի տարիքին ու ազդեցիկ չափերին, այդպես էլ չսովորեց կանգնել սեփական ոտքերի վրա։ Մշտապես բռնում է երկրի ղեկավարության փեշերից կամ սեփականաշնորհված գրականագետների մեջքին նստած՝ փորձում գրականություն մտնել։ Իսկ իր հեղինակած զրպարտագրերն էլ տպագրում է ուրիշների ստորագրությամբ։

Ընդհանրապես, Վ.Հ.-ն անչափ շատ ունի թույլ ու խոցելի տեղեր, նույնիսկ ավելի շատ, որ կարող է բավարարել մի քանի հոգու։ Բայց նրա աքիլեսյան գարշապարը ՓՈՂՆ է, և դա հայտնի է բոլոր նրան ճանաչողներին։ Այդ մասին մեկ անգամ չէ, որ գրել են մամուլում։ Օրինակ՝ Արցախի գրողների միությունում ԼՂՀ ԱԺ վերահսկիչ պալատի կողմից անցկացված ստուգումների արդյունիքների մասին, որը երևակել է Վ.Հ.-ի կողմից իրականացված կոպիտ օրինախախտումներ, հրապարակվել է ոչ միայն «Ազատ Արցախ» հանրային թերթում ու տեղական այլ լրատվամիջոցներում, այլև հայաստանյան մամուլում, այդ թվում՝ «Իրավունք» թերթում՝ «Արցախի «գլխավոր գրողը» նաև գո՞ղ է» վերնագրով: Պարզ է, որ դրան հետևել է իշխանությունների «դոբրոն» ստացած, ԳՄ խոհանոցում վհակոբյանական նախաձեռնությամբ կազմված «հերքումը»։

Ստուգումների արդյունքում կազմված արձանագրության հիման վրա տարածված տեղեկատվության համաձայն՝ միայն 2002 թվականին Վ.Հ.-ն 130 օր եղել է Երևանում՝ գործուղման մեջ և «գործուղման ծախսերի համար» ստացել է 400 հազար դրամ։ ԳՄ ղեկավարը պարբերաբար «Գրական ուրբաթ» անունը կրող միջոցառումներ է անցկացրել, որի դիմաց դուրս գրած գումարներն այնքան էլ չեն հարաբերվում համեստ այդ միջոցառման նեղ շրջանակներին: ԳՄ հասարակական կազմակերպության ղեկավարը սեփական հրամանով իր աշխատավարձը 50-ից դարձրել է 80 հազար, մինչդեռ մյուս աշխատողների աշխատավարձը մնացել էր նույնը (խոսքը 2002-ի մասին է)։

2005 թվականին երկու գրողի ստորագրությամբ (համահեղինակներից մեկը ես եմ) նամակ է հղվել ԼՂՀ գրական ջոկատի ղեկավար Վարդան Հակոբյանին, խնդրելով օրենքով սահմանված ժամանակում գրավոր պատասխանել վերոհիշյալ հարցերին.

ա) 1994-2004 թթ. ժամանակահատվածում ԼՂՀ ԳՄ-ն պետական բյուջեից որքա՞ն գումար է ստացել և ինչպե՞ս է տնօրինել այդ գումարը (յուրաքանչյուր տարվա կտրվածքով՝ առանձին-առանձին)։

բ) 1988-2004 թթ. ժամանակահատվածում ԼՂՀ ԳՄ-ն որքա՞ն ֆինանսական և նյութական օգնություն է ստացել Հայաստանի և Սփյուռքի մեր բարեկամներից (նվիրատուների անունները և յուրաքանչյուրի օգնության չափը), ինչպե՞ս է տնօրինվել այդ օգնությունը (տես՝ «Դեմո», 15 հունվարի 2005 թ.)։ Սակայն ոչ օրենքով սահմանված ժամանակում, ոչ դրանից հետո նամակին պատասխան չի տրվել...

Զավեշտն այն է, որ վերջերս, Օվյանների դեմ ձեռնարկած զրպարտչական արշավի ժամանակ ԳՄ պաշտոնաթերթում Վ.Հ.-ն հանկարծ «հիշել է», որ «ոչ մի գրող ԳՄ-ի ու նրա ղեկավարության կողմից այնքան հովանավորության չի արժանացել երևի, որքան ինքը՝ գրողի որդին (այսինքն՝ ես - հեղ.), թե ստեղծագործական, թե կենցաղային-սոցիալական բնույթի ամենատարբեր խնդիրներում»։ Պարզ չէ, թե ինչու այդ մասին Վ.Հ.-ն հրապարակավ չի պատասխանել մեր դիմումին՝ 3 տարի առաջ, ի ցույց դնելով նաև «կենցաղային-սոցիալական բնույթի հովանավորության» դիմաց դրած իմ ստորագրությունները։ Թե՞ ԳՄ-ում նման «հովանավորությունները» վավերացնում են առանց ստորագրության՝ գեղական-գողական կարգով...

Արփագյադուկցի շատ համեստ կարողությունների տեր գյուղական վարժապետ Սարգիս Հակոբյանի մեծ ամբիցիաների տեր Սլավիկ որդին Ղարաբաղի գրական բաժանմունքի քարտուղար է նշանակվել հետաքրքիր հանգամանքներում։ Նախկին քարտուղարի պաշտոնանկությունից հետո մինչ գրողները քննարկում էին, թե ում թեկնածությունն առաջադրեն, Վ.Հ.-ն, որ այդ տարիներին աշխատում էր «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրի տեղակալի պաշտոնում, անմիջապես շտապել է ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Բ. Կևորկովի մոտ և այնտեղից վերադարձել որպես գրողների միության մարզային բաժանմունքի քարտուղար (ԳՄ բաժանմունքի քարտուղարի աշխատավարձն ավելի բարձր էր, քան խմբագրի տեղակալինը)։

Մի քանի տարի հետո, երբ բարձրացվել է վերոհիշյալ թերթի խմբագրի տեղակալների աշխատավարձը, ինչպես նաև՝ խմբագրի տեղակալի լրացուցիչ նոր հաստիք են ավելացրել, Վ.Հ.-ն որոշել է վերադառնալ նախկին աշխատանքին։ Ու դարձյալ շտապել է Կևորկովի մոտ՝ խմբագրի տեղակալ նշանակվելու «դոբրո» ստանալու։ Լավ ճանաչելով Վ.Հ.-ն, կոլեկտիվը, սակայն, չի ցանկացել ընդունել նրան։ Մարզկոմի քարտուղարը հանդիպելով խմբագրակազմի անսպասելի դիմադրությանը, հանձնարարել է խմբագրի տեղակալին ընտրել կոլեկտիվի անդամների քվեարկությամբ։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում գրեթե միաձայն ընտրվել է տեղակալի մյուս թեկնածու Ռաֆայել Մայիլյանը։ ԼՂՀ նախկին նախագահ Ա. Ղուկասյանը, որ այդ տարիներին հիշյալ թերթի ռուսական տարբերակի խմբագրի տեղակալն էր, Մայիլյանի օգտին քվեարկողների մեջ էր...

Մի հետաքրքիր փաստ ևս. 90-ական թվականներին ՀՀ և ԼՂՀ գրողների միության հասցեով կարիքավոր գրողների համար սփյուռքից նյութական օգնություն է ստացվել։ Ղարաբաղում 100-ական դոլար ստացող հինգ «չքավոր գրողներից» մեկը, «Արցախ» թերթի հավաստմամբ, եղել է Վարդան Հակոբյանը։ Ավելացնենք, որ մի քանի տարի հետո նա մասնավոր համալսարան է բացել, այնուհետև Ստեփանակերտի ավտոկայարանի մոտ դղյակ սարքել (լուսանկարը՝ 8-րդ էջում), արտասահմանյան թանկարժեք ավտմեքենա գնել, և այժմ նա Ղարաբաղի ու Հայաստանի ամենահարուստ գրողներից մեկն է, եթե ոչ՝ ամենահարուստը։

Այսօր առնվազն 4-5 պետական հանձնաժողովի ղեկավարն է. նա է որոշում, թե գրականության և արվեստի ո՞ր գործիչը պիտի պետական շքանշան ստանա, ո՞ր ստեղծագործությունները պիտի արժանանան պետական մրցանակի, ո՞ր գրողների հոբելյանները պիտի նշվեն, ո՞ր գրողի գրքերը պիտի տպագրվեն և այլն։ Մի հոգու համար շատ չէ՞ արդյոք... Երևի շատ չէ, որովհետև, վերջերս էլ ստանձնել է դատապարտյալների ներման հանձնաժողովի ղեկը։

Միաժամանակ՝ «Գրիգոր Նարեկացի» իր մասնավոր համալսարանի ռեկտորն է։ Ասենք նաև, որ Վ.Հ.-ն հաջողությամբ և մեծ սիրով ղեկավարում է Ղարաբաղի գրողների միությունը։ Այդ սերն այնքան փոխադարձ է, որ «Գրիգոր Նարեկացի» համալսարանը «հիմնադրվել է» հենց այն նույն հարկի տակ, որտեղ գրողների միությունն էր։ Անձնականն ու ոչ անձնականն այնքան միահյուս են, որ հնարավոր չէ իրարից զանազանել... Այդ համալսարանին կից գործում է նաև Վ.Հ.-ի մասնավոր ատամնաբուժարանը. ասում են՝ բժշկության այդ ճյուղը բավականին եկամտաբեր է։

Ես չեմ բաժանում նրանց կարծիքը, ովքեր ասում են՝ եթե Վ.Հ.-ն չլիներ ԳՄ նախագահ, ապա նրա անունը հազիվ թե անցներ իրենց թաղամասից այնկողմ, բայցև չեմ կարող ժխտել, որ ԳՄ-ն ծառայում է միայնումիայն մի նպատակի և մի մարդու՝ Վ.Հ.-ին։ Ես չգիտեմ, թե նա որքան է պետք այդ կազմակերպությանը, բայց, որ այն խիստ անհրաժեշտ է Վ.Հ.-ին, դրա մասին երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այլապես նա 25 տարի պինդ չէր բռնի ԳՄ-ի ղեկը, և նրա անդամների թիվը չէր հասցնի մոտ 5 տասնյակի, որպեսզի ԳՄ նախագահի ընտրությունների ժամանակ մշտապես ունենա ձայների անհրաժեշտ «խմբաքանակ»։ Ի դեպ, Արցախում յուրաքանչյուր 2700 բնակչից մեկը ԼՂՀ ԳՄ անդամ է (Հայաստանում ԳՄ անդամ է մոտավորապես 10 000 բնակչից մեկը)։

Արցախյան մամուլում նշանավոր մտավորականների ստորագրությամբ վերջերս տպագրված նամակ-հոդվածում գրված է. «ԳՄ ղեկավարն այսօր ստանում է նախարարական, վարչության քարտուղարը՝ փոխնախարարական աշխատավարձ, բյուջեն ֆինանսավորում է «Եղիցի լույս» և «Պըլը Պուղի» պարբերականները, որոնք իրականում, բացի նոմենկլատուրային հեղինակների «ներքին գրաքննություն անցած» ստեղծագործություններից ու «հրապարակախոսական հոդվածներից», ուրիշ ոչինչ չեն տպագրում», և հոդվածի հեղինակները առաջարկում են «դադարեցնել ԼՂՀ գրողների միություն՝ անվանապես հասարակական, իրականում՝ նեղ կորպորատիվ կազմակերպությանը պետբյուջեից տրվող հատկացումները» («Ազգ», 06.12.08)։

Այս առթիվ ԳՄ խոհանոցում թխված հոդվածում ցինիզմով հայտարարել են. «...Իսկ ինչո՞ւ նրանց թվում է, թե ԳՄ վարչության նախագահը արժանի չէ, որպեսզի նախարարի չափ աշխատավարձ ստանա»։ Այստեղ են ասել՝ արջը երեք երգ գիտե, երեքն էլ՝ տանձի մասին (թե՞ փողի մասին)։ Իմիջիայլոց, ինչպես իր հեղինակած մյուս բոլոր հոդվածներում, այստեղ էլ ԳՄ-ն փայլել է յուր «գրագիտությամբ»՝ «նախարարի չափ աշխատավարձ» չի լինում, նախարարը փողի չափման միավոր չէ... Բայց, իրոք, ինչո՞ւ սովորական մի ՀԿ-ի ղեկավարը չպիտի նախարարի կամ նույնիսկ Նախագահի աշխատավարձ ստանա։ Հատկապես, երբ Վ. Հակոբյանն ամենուր հայտարարում է, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր բարեկամն է, ուստի իր «թուրը և՛ աջ է կտրում, և՛ ձախ»։ Անշուշտ, չմոռանալով ավելացնել, որ դատավոր իր որդուն դարձրել է ԼՂՀ ներկայացուցիչ Ֆրանսիայում, իսկ մյուս որդին դատախազ է...

ԼՂՀ սուղ միջոցներից Վ.Հ.-ն լիաբուռն օգտվում է նաև գրահրատարակչության միջոցով՝ հաստափոր ու շքեղակազմ գրքեր տպագրելով, դրան գումարած՝ «համեստ» հոնորար ստանալով։ Վերջին 5 տարում պետպատվերով նա տպագրել է 8 հաստափոր գիրք, որոնց համար ԼՂՀ պետական բյուջեն ծախսել է ավելի քան 7 մլն դրամ։ «Հոբելյանական» 5 հատորների ծավալը 200 մամուլից ավելի է (ի դեպ, Թումանյանի 100-ամյակի առթիվ տպագրված քառահատորն ընդամենը 80 մամուլ ծավալ ունի)։ Այնպես որ՝ համեստ հնարավորություններով նորանկախ մեր երկրի համար Վ.Հ.-ն չափազանց «թանկ հաճույք» է, միայն թե՝ առայժմ պարզ չէ, թե որն է նրա տվածը մեր երկրին ու ժողովրդին։

Վարդան Հակոբյանը նաև մե՜ծ հայրենասեր է։ Արցախյան շարժման ամենածանր օրերին, երբ մարդիկ փող էին հանգանակում, իրենց վերջին գումարներն էին տալիս՝ Ղարաբաղի պաշտպանության համար զենք ու զինամթերք գնելու համար, «հայրենասեր» գրողը երեք անգամ հսկայական գումար է (մոտ 1700 ռուբլի, այսինքն՝ այն տարիների պաշտոնյայի 11-12 ամսվա աշխատավարձը) անվերադարձ վերցրել ինքնապաշտպանության ուժերի կոմիտեից՝ անձնական «հայրենասիրական» կարիքների համար... Արցախյան շարժման և պատերազմի տարիներին Վ. Հակոբյանի «հայրենասիրության» մասին՝ մի այլ առիթով։ Դա այլ թեմա է։

Նա կարծում է, թե երկրագունդը պտտվում է միայն իր համար, Արեգակի լույսն ուղղված է միայն իրեն։ Այս ցուցանմուշը հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով հասել է իր ուզածին։ Խաբելով, մատնելով, քծնելով, զրպարտությամբ, ստորաքարշությամբ, սողալով նա մեծ կարողություն է դիզել։ Ամեն ինչ ունի՝ փող, արտասահմանյան շքեղ ավտոմեքենա, կոչումներ, շքանշաններ և այլն։ Միայն մի բան չունի նա՝ հարգանք ու պատիվ։

Յուրաքանչյուր մահկանացու ունի մեծ ու փոքր թերություններ։ Դժվար է միանգամայն անթերի գրող ու արվեստագետ գտնել։ Սակայն աշխարհում ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ այսպիսի «պոտենցիալով» հնարավոր է Բանաստեղծ լինել։ Մտավորականների վերոհիշյալ հոդվածում մի շատ կարևոր միտք կա. «գրական արժեքը ոչ թե պարտադրվում, այլ նվաճվում է»։
Առայժմ չակերտներն ավելի չբացենք։ Իր հեղինակած զրպարտագրերի և կեղծագրությունների տակ ուրիշների ստորագրությունը դնող Վարդան (Սլավիկ) Հակոբյանին հիշեցնեմ, որ հոդվածներս ես տպագրում եմ ի՛մ ստորագրությամբ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
«Տարեգիր», Երեւան, 2009 թ.
«Նոր էջ», 2009 Փետրվար N2